Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Երևակայեցեք, թե ամբողջ հայ ազգի մեջ մի 4050 կամ 100 սափրիչ կա ընդամենը:

Ի՞նչ եք կարծում, նրանց հաջողությունը ապահովված կլինի՞, թե չէ, նրանց գործը կմեծանա՞, առաջ կգնա՞, թե չէ. նրանք իրենց արհեստը կզարգացնե՞ն, թե չէ:

Պատասխանը դրական է անկասկած:

Ինչո՞ւ:

Շատ պարզ է՝ ինչու:

Որովհետև անպատճառ պետք է ազգի գլուխը խուզել կամ երեսը սափրել: Եվ հարյուր սափրիչը նույնիսկ մի քաղաքի չի հերիք, ո՜ւր մնաց ամբողջ ազգին:

Երևակայեցեք, թե 100 կոշկակար լիներ միայն: Դարձյալ նույնը: Ազգը հո չի կարող բոբիկ ման գա, թեկուզ կոշիկի գինը մեկին տասը բարձրանա, ինչպես էսօր:

Եթե հացթուխ վերցնենք. նույնը: Ազգը հո անհաց չի մնալ, թեկուզ մի օր:

Դերձակ առնենք. դարձյալ: Ազգը հո տկլոր չի կարող ման գա:

Տերտեր առնենք. նույնը: Պետք է տուն օրհնի, մկրտի, պսակի, թաղի...

Իսկ եթե նույնքան գեղարվեստագետ, գրող, գիտնական ու հրապարակախոս առնե՞նք, ի՞նչ կլինի նրանց վիճակն ու նրանց գործի դրությունը:

Էն, ի՛նչ որ է: Անպայման անապահով, անհաստատ, և շատ դժար լուծելի մի խնդիր:

Ինչո՞ւ:

Որովհետև առանց գրքի ու առանց գիտության ազգը կարող է ապրել: Իսկ էնտեղ, որտեղ առանց գրքի ու առանց գիտության կարող են ապրել, էնտեղ գրողն ու գիտնականը չեն կարող ապրել, ավելորդ մարդիկ են, և ուզեն-չուզեն պետք է իրենց ճամփից շեղվեն, իրենց գործը թողնեն, ուրիշ գործով զբաղվեն, որ իրենք էլ ապրեն, իրենց տունն էլ պահեն: Կամ շա՛տ շա՛տ միաժամանակ երկուսն էլ անեն, ծառաեն և՛ աստծուն և՛ մամոնային: Բայց մենք արդեն լավ գիտենք, որ չի կարելի միաժամանակ և՛ աստծուն ծառայել և՛ մամոնային: Դրանից լավ բան չի դուրս գալ: Իհարկե վերջ ի վերջո էսպես էլ մի բան կգրվի, բայց էն չի լինիլ երբեք, ինչ որ պետք է լիներ, և գրողը միշտ փոխանակ առաջ գնալու՝ ետ կգնա, ինչպես մեր գրողներից շատերը, որոնց գովելու ժամանակ սովորաբար առաջին գործերն են հիշատակում. մի հանգամանք, որ ցույց է տալիս, թե գրողը տաղանդ է ունեցել, բայց գրական մթնոլորտ չի ունեցել ապրելու և զարգանալու համար կամ եղածը հերիք չի եղել:

Եվ էսպես է ոչ միայն մեզանում, այլև էն տեսակ երկիրներում, ուր ոչ ուսանողությունն է խորթացած իր մայրենի ժողովրդից ու գրականությունից, ոչ տարրական ուսումն է պակաս:

Դրա համար էլ էս տեսակ երկիրներում զանազան միջոցների են դիմում՝ ապահովելու էն բոլոր բարձր արժեքները, որ ժողովրդի համար առաջին անհրաժեշտ պահանջ չեն հանդիսանում և իրենք իրենց գոյությունն ու զարգացումը ապահովել չեն կարող: Էս տեսակ երկիրներում պետական ազգային ընդհանուր օժանդակությունով օգնության են գալիս պահպանելու գրականություն, գիտություն, թատրոն:

Ազգային-պետական օժանդակաթյունը անհրաժեշտ է դառնում մանավանդ էն երկրներում, ուր ժողովուրդը, թեկուզ և զարգացած, բայց իր քանակով փոքր է. օրինակ մի Շվեդիա, մի Նորվեգիա, մի Դանիա. նրանց գրողը, թեկուզ և Իբսեն լինի, չի կարող հույս դնել իր ընթերցողների քանակի վրա, և ազգային-պետական օգնությունն անհրաժեշտ է եղել, որպեսզի նա ապրեր, զորանար ու դառնար համ [ա] եվրոպական կամ համաշխարհային գրող:

Էսպես է եղել ամեն ժամանակ, բոլոր երկիրներում: Սկսեցեք Պարսկաստանից ու Հնդկաստանից, վերցրեք եվրոպական նոր ազգերը ու գնացեք մինչև լատինական ու հունական գրականությունները: Սակավ բացասությամբ ընդհանուր երևույթ է, որ արվեստները, գրականությունն ու գիտությունը ծաղկել են ազգի ընդհանրության և կամ մեծ մեկենասների ուժեղ պաշտպանության օրերում և կարճ ժամանակում հրաշքներ են կատարել, կենդանության հզոր շունչ են ներշնչել ազգերին, մեծ թափ են տվել կյանքին, մշտական փայլ ու համաշխարհային հռչակ են վաստակել իրենց հայրենիքների համար:

Եթե լսում եք մի Օմար խայամի, մի Վիրգիլիոսի, մի Գյոթեի, մի Շեքսպիրի և կամ սրանց նման մեծ ստեդծագործողներից մեկի կամ մյուսի անունը, պետք է իմանաք, որ նրանք իրենք էլ մի մի մեծ ստեղծագործություններ են, որոնց ստեղծագործությանը մեծ չափով մասնակից են իրենց հայրենիքները և իրենց շրջապատը:

Սակայն ինձ կառարկեն՝ թե էն ազգերը, որոնք պետություն ունեն, կարող են ազգովին էլ կազմակերպել ու հոգալ, մենք ի՞նչպես կազմակերպենք ու ո՞րտեղից հոգանք մեզանում արվեստների, գրականության ու գիտության զարգացման հոգսը:

Հետևյալ անգամ էդ մասին կխոսենք, թե որտեղից կարելի է հոգալ և ինչպես կազմակերպել:

III

Եվ ահա եկանք կանգնեցինք ամենադժար հարցի առաջ, թե՝ որտեղից: Ո՞րտեղից պետք է հոգա հայ ժողովուրդը իր մեջ գեղարվեստը, գրակաասթյունն ու գիտությունը ապահովելու ու զարգացնելու գործը:

Ես կպատասխանեմ. — Որտեղից հոգացել է ու հոգում է, էնտեղից էլ պետք է հոգա: Միայն մի տարբերությամբ, որ իր միջոցները պետք է դասավորի ու ծախսի ոչ էնպես, ինչպես արել է մինչև օրս:

Ահա մեր ընկերություններից ամենահինըԲաքվի Մարդասիրական Ընկերությունը3, որը ոչ թե կարող է, այլև առաջինն է եղել, որ դեռ սրանից քսան տարի առաջ հարց է հարուցել, թե կեճսաթոշակներով պետք է ապահովել հայոց գրականության զարգացումը և նույնիսկ սկսել էր համեստ չափերով իր որոշումը իրագործել՝ հետզհետե մեծացնելու խոստումով. արդեն երեք-չորս հոգի էլ թոշակ էին ստանում, երբ գալիցինյան ռեժիմի առջև փակվեց ու ընդհատվեց:

Նա կարող է նորից վերադառնա իր հին որոշումին և ավելի մեծ չափով, քանի որ պարզ տեսնում է, թե մի ազգ ստեղծելու, բարձրացնելու և պահպանելու գործում ինչ կարող են անել գեղարվեստը, գրականությունն ու գիտությանը:

Ահա Պետրոգրադի Եկեղեցական Խորհուրդը4, որ մեծ միջոցներ ունի իր տրամադրության տակ, ամեն կերպ աշխատել է հայ ազգային կուլտուրայի բարձրացման համար, որը խոշոր գումարներ է տվել և՛ ուսանողության, և՛ ուսումնարանների, երբեք չի խնայիլ էս տեսակ մի ազգային հոգևոր-մտավոր շարժման նպաստելու:

Ահա Նոր Նախիջևանի եկեղեցական հոգաբարձությունը5, որ հենց պ. Չալխուշյանի վկայությամբ, մի հարուստ հաստատության է ու տարեկան հարյուր հազար է ծախսում ազգային կրթության վրա ու հիսաթափվում, որովհետև իր ընտրած ճանապարհով իր սաները միշտ դառնում են իրենց խորթ ու օտար: Նա, Նոր Նախիջևանը՝ Գամառ-Քաթիպայի ու Նալբանդյասի ծննդավայրը, որ էնքան մեծ դեր է խաղացել մեր գրականության և ազգային գործերի մեջ և խաղում է տակավին, նա երբեք չի զլանալ իր միջոցները նրանց, որոնք ոչ թե օտարանում են, այլ օտարացումի դեմը հանդիսանում են հզոր պատնեշ և խորթացածներին էլ վերադարձնում դեպի հայրենի ժողովուրդն ու հարազատացնում:

Ահա Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերությունը6, որ էնքան ուշադիր ու նախանձախնդիր է ազգային լուսավորության գործին, և որը նույնիսկ գումարներ ունի իր տրամադրության տակ՝ հատկապես գրականությունը խրախուսելու համար:

Ահա, վերջապես, Բաքվի Հայոց Կուլտուրական Միությունը7, որի ամենաառաջին նպատակներից մեկը հենց մեր առաջադրած խնդիրն է:

Ո՞վ գիտե, գուցե կան և ուրիշ ազգային համանման հաստատություններ, որ ես այժմ չեմ հիշում, բայց հենց սրանք էլ բավական են մինչև օրս մեր մեջ չտեսնված մի գեղարվեստական-գրական-գիտական շարժում առաջ բերելու համար:

Սրանց շարժվելու դեպքում անկասկած առաջ է գալիս մի բարձր տրամադրություն, գործը՝ լուրջ կազմակերպելուն պես՝ ներշնչելու է հաստատուն հավատ ու վստահություն և հրապարակում հայտնվելու են իրենց ազգի քաղաքակրթությանը նախանձախնդիր շատ ազնիվ անհատներկտակարարներ ու մեկենասներ:

Արդ, ակներև է, որ միջոցն էլ կա, էն էլ, եթե կուզեք՝ առատ-առատ: Հարկավոր է միայն գործի կարևորության գիտակցությունն ու բարի կամքը:

Միջոցը եղել է միշտ և ամեն տեղ: Անգլիայում էլ միջոց կար, բայց ավանդությունն ասում է, թե Շեքսպիրը՝ սկզբներում, Գլոբուս թատրոնի դռանը՝ թամաշա եկողների ձիանքն էր պահում, մինչև որ հազարավոր թամաշավորներից մեկը, հոգու աչք ունեցող մեկը, մի Սոուտհամտոն, նկատեց, որ էս մարդը ձի պահելու համար չի աշխարհ եկած, որ սովորական հացակերի մեկը չի, թևեր ունի, և լիասիրտ միջամտե թևերը լայն տարածելու հնարավորություն տվեց, ու նա էլ խոյացավ դեպի վեր, մինչև երկինք:

Եթե գնահատողի սուր աչքը չլիներ և Անգլիայի օդը, թերևս մի Շեքսպիր մնար, եթե ոչ սոսկ ձիապան, համենայն դեպս մի խանգարված ու անհաջողության մատնված գրական մարդ:

Թող հազար անգամ Կոլումբոսը հեռուները ճանապարհորդելու և նոր աշխարհքներ գտնելու երազներ տեսներ ու տարիներով թափառեր դռնե դուռ, ի՞նչ պիտի աներ, եթե մի Իզաբելլա չհայտնվեր ու իրականություն դարձներ նրա շքեղ երազները:

Թող մի Դարվին ինչքան կուզեր հետաքրքրվեր իրենց համալսարանի շուրջը գտնվող բույսերով, բայց երբեք էնքան մեծանալու, Դարվին չէր դառնալու, եթե չնկատեին ու չուղարկեին աշխարհքի չորս կողմը պտտելու և դիտելու:

Մի Վիկտոր Հյուգոյի՝ դեռ տասնուհինգ տարեկան հասակից՝ մի ոտանավորի համար8 ֆրանսիական ակադեմիան խրախուսում է ու պարգև է տալիս:

Եվ էսպես տեսնում եք մի տեղ մեկենասն է, մյուս տեղ ազգն է, որ կարողանում է տաղանդներ գտնել, պաշտպանել, զորացնել ու դուրս բերել: Այո՛, տաղանդի հայտնվելը ու էս կամ էն ուղղությամբ զարգանալն էլ իր պայմաններն ունի, և իրեն իրեն, պատահաբար չի լինում:

Մի ժամանակ, երբ մեկենասներն էին պահում գրականությունը, և մեկենասներն էլ մեծ մասով թագավորներ ու իշխաններ էին, գրողներն էլ, սրանցից բարերարված, նրանց մթնոլորտում շնչելով նրանց էին փառաբանում, թագավորներին ու իշխաններին էին հերոս առնում, և պալատական կյանքն էին երգում առհասարակ:

Հետզհետե, ժամանակի ընթացքում ժողովուրդները կազմակերպվեցին, տեր հանդիսացան ինչպես շատ բաների, էնպես էլ իրենց միջից դուրս եկած տաղանդներին ու պահեցին, պաշտպանեցին: Գրողներն ու գեղարվեստագետներն էլ մնացին ժողվրդի մեջ, ժողովրդի հետ, նրա ցավերը երգեցին, նրա տենչերով ոգևորվեցին, նրանից առան իրենց հերոսները, և արքայական ծիրանու փոխարեն մեջտեղ եկան սովորական մարդու ամենօրյա զգեստները, պալատական դրապիրովկի ու պուրակների փոխարեն տարածվեց ազատ բնությունը, ու փքուն, ճռճռան ֆրազների փոխարեն սկսեց տիրել ժողովրդական լեզուն իր կենդանի երանգներով, իր կուռ, գեղեցիկ ոճով ու իր վճիտ պարզությունով:

Առեք պալատական գրողներից թեկուզ ամենամեծերը, ամենալավերը. — մի Գյոթե, որ էնքան նոր է ու էնքան համայնապարփակ, բայց որ Վեյմարի պալատում է ապրել ու երգել, մի Ֆիրդուսի, որ Մահմուդ Շահի երգիչն է, մի Ռուսթավելի, որ Թամար թագուհու երգիչն է, էլ չեմ ասում մի Կոռնեյլի, մի Ռասինի և սրանց նման ուրիշներին, որոնք պալատից դուրս կյանք չեն էլ ընդունում. սրանց դիմացը դրեք մի Մոլիերի, մի Բեոռնսի, մի Բերանժեի կամ մի Իբսենի, որոնց թիկունքին իրենց ժողովուրդներն են կանգնած: Խոսքս, իհարկե, տաղանդների մեծության ու փոքրության վրա չի, այլ ոգու, շնչի, ուղղության, աշխարհայացքի, և կտեսնեք ի՛նչ ահագին տարբերություն կա: Մի տեղ տիրողներն են ապրում, մյուս տեղ ժողովուրդները: Մի տեղ ժողովուրդներն են թամաշավոր, մյուս տեղ թագավորները:

Հայ ժողովուրդն էլ պետք է պարզ հասկանա ու տեր հանդիսանա իր ամենանվիրական ստացվածքին, իր ազգային հանճարին, պետք է ապահովի ու կազմակերպի իր ազգային ոգու արտահայտության ու հզորացման գործը, իսկ թե ո՜րտեղից կամ ի՜նչպես, էդ ամենից հեշտն է: Ամենից դժվարը հասկանալն ու կամավորելը, ցանկանալն է:

Միայն վերև հիշած ընկերությունները հերիք են, որ մեջտեղից վերանա «որտեղից»-ի խնդիրը, այժմ կխոսենք էն մասին, թե ինչպես պետք է կազմակերպել:

IV

Մենք տեսանք, որ հայոց գրականական զարգացումն ապահովելու միջոցը ոչ միայն հնարավոր է գտնել, այլև պատրաստ կա արդեն:

Մնում է վերջին հարցը, թե ի՞նչպես պետք է կազմակերպել գործը, ո՞ւր կենտրոնացնել միջոցները և ինչ մարմնի որոշումով ու ձեռքով բաշխել:

Ճիշտ է, էս խնդիրը կարող է վեճ հարուցանել մեզանում զանազան սաստկություններով, բայց էդ վեճերը բնավ չեն կարող արգելք լինել, որովհետև արդեն հրամայողական պահանջ է դարձել մեր ազգային կուլտուրան ազգովին պաշտպանելու գործը:

Մենք ունենք Գրողների Ընկերություն, որը բավական լայն կանոնադրություն ունի և դեռ կարելի է ավելի լայնացնել և որի մեջ մտնում են մեր գեղարվեստագետները, գրողները, գիտնականներն ու հրապարակախոսները, և, էդ նույն կանոնադրությամբ, Ընկերությունը հոգալու է սրանց նյութական ապահովությունն ու մտավոր զարգացումը:

Հայոց Գրողների Ընկերությունը, որ պատերազմի պատճառով՝ շատ բնական կերպով՝ կանգ առավ իր գործունեության ճանապարհին, պատերազմի վերջի հետ անշուշտ կվերսկսի իր գործունեությունը շատ ավելի մեծ թափով ու մեծ ծավալով, և հենց նա էլ կարող է լինել հայոց գեղարվեստի, գրականության ու գիտության մարդկանց ապահովության գործի կենտրոնը: Նրա հետ միասին պետք է ստեղծել մի գրական-գիտական կաճառ, որ մի կողմից կընտրի Ընկերության ընդհանուր ժողովը, մյուս կողմից կմիանան միջոցներ տվող մարմինների և մեր այլ կրթական-կուլտուրական հիմնարկությունների ներկայացուցիչները:

Էս կաճառն է, որ պետք է որոշի՝ ում օժանդակել, ինչ ձևով, ինչքանով, ինչ ժամանակով ու ինչ նպատակով:

Ինչ ձևով եմ ասում, որովհետև միայն թոշակի ձևը չի, որ պետք է կիրառվի: Բացի թոշակը ուրիշ շատ միջոցներ կան: Օրինակ, կարելի է որոշ ժամանակով կամ միանգամ ընդմիշտ գնել էս կամ էն գրողի կամ գեղարվեստագետի երկերը: Էսպեսով և նրա գործերը կդառնան ազգի սեփականություն ու էժան կտարածվեն ժողովրդի մեջ և նա ինքը հնարավորություն կստանա ազատ շարունակելու իր գործունեությունը: Կամ կարելի է էս կամ էն գիտնականին, մասնագետին հանձնարարել ուսումնասիրելու մեր երկիրը մեր, պատմությունը, ժողովուրդը, լեզուն և այլն և այլն, միշտ ապահովելով նրանց գործն ու գործունեությունը:

Էն ժամանակ էլ ականատես չենք լինիլ էն տեսակ ծանր ու ամոթաբեր երևույթների, թե Նորայր Բյուզանդի պես մի գիտնական հայ ազգի լեզուն ուսումնասիրում է հենված մի օտարուհու օժանդակության վրա ու միշտ անտես առնված հայությունից և զայրույթով ցանկանում է իր գրվածքները ոչնչացնել...

Կամ Կոմիտաս վարդապետի պես մի անձնավորություն, նույնիսկ Եվրոպայում հիացմունք առաջ բերելուց հետո էլ, չի կարողանում իր հայրենիքում մի դաշնամուր ձեռք բերի կամ հնարավորություն գավառները ճանապարհորդելու և կատարելու մի գործ, որ միայն ինքը կարող է կատարել և որն էնքան պատիվ է բերում ամբողջ ազգին...

Կամ մի Պ. Ադամյան, որ ազգի պարծանքը դառնալուց հետո, երբ հիվանդանա ու մահվան մահճում դիմի իր ժողովրդին՝ սառը լռություն լինի պատասխանը, և ռուսները օգնեն հեռու Մոսկվայից, ռուսները տանեն պատսպարեն և ռուսաց դեսպանական հիվանդանոցում փչի իր վերջին շունչը...

Կամ Գամառ-Քաթիպայի պես մեկը ամբողջ ազգի կուռքը դառնալուց հետո էլ, երբ մեռնելու վրա էր, կարդում էր իր աչքով, թե ինչպես են հեռագրում ու թերթերում տպում, թե սնունդի ու դեղի փող չկա իրեն համար. և մարդը մեռավ իր վերջին ոտանավորներից մեկի տողերը շրթունքին. «Խղճալի ազգ եք, հայեր, դուք, ավա՛ղ...»9:

Կամ մի Պարոնյան: Էնքան տաղանդավոր գործեր կուտակելուց հետո էլ ստիպված էր կանաչի ծախելով ապրել և մեռնել իբրև մի խեղճ խանութպան...

Բայց ո՞ր մեկն ասեմ... Չի կարելի հանդիսավոր օրերը գրականությունը մեջտեղ դուրս բերել խաչվառի նման ու հանդեսից հետո, նորից ետ տանել կոխել մի մութ խորան, որտեղից դուրս էին բերել: Եվ եթե ասում եմ մեր ժողովուրդը ազգովին պաշտպանում է կամ պետք է պաշտպանի էս տեսակ մարդկանց, բնավ ես էնպես չեմ մտածում, թե մի բարեգործություն պետք է անի կամ մարդասիրություն կամ սրա նման մի բան: Երբե՛ք: Այլ, ասում եմ, նա պետք է գոնե որոշ չափով պարտավճար լինի, քանի որ արդեն ստանում է ավելի շատ, քան տալիս է, և իր պարտաճանաչությունը արդարացնում է իր ետամնացությունով: Եվ էսպես է պահանջում նրա ազգային շահը ամեն տեսակետից:

Ահա հենց «Հորիզոնի» էն վերջին համարում, ուր տպված էր իմ նախորդ հոդվածը, հենց նույն համարում մի հարգելի հայուհի* հոդված է գրել «Մեր ցավերից խոշորագույնը» վերնագրով. գանգատվում է, թե Իգդիրից մինչև Բաքու անց է կացել և հայերի բերանից հայերեն խոսք չի լսել: Էս գանգատը պարբերաբար, գրեթե ամեն շաբաթ մի քանի անգամ ամեն տեղից հայտնվում է մեր մամուլի մեջ, և խոսվում է ամեն անկյունում:

Արդ, ի՞նչ ունի հայ ժողովուրդը գոնե այժմ, քաղաքական հանգամանքներում, էս երևույթի դեմը հանելու: Դպրոց և գրականություն: Դպրոցը որոշ չափով պաշտպանվում է և դեռ ավելի պետք է ուժեղացնել. բայց գրականությունը թողած է քամու հոսանքին և տակավին չի հասկացված, թե ազգային լեզվի ու ինքնաճանաչության գործի մեջ ինչ արժեք ու նշանակություն ունի էս կամ էն գրողի գոյությունըմի Րաֆֆիի, մի Գամառ-Քաթիպայի, մի Աղայանի և այլն, և այլն: Եվ ոչ ոք չի էլ մտածում, թե նրանք մի՞թե էն կտային, ինչ որ տվել են, եթե նպաստավոր հանգամանքներում լինեին:

Վերջապես, ասում են, թե հայերը վաճառական ժողովուրդ են: Նայենք և էս տեսակետից: Առնենք գրողներից ամենաթանկը, որ ամենից շատ ծախք է նստել իր երկրին. օրինակ մի Գյոթե: Հաշվեցեք, թե ինչ է նստել նա, և մի՞թե այժմ միայն էնքան արժե իր երկրի ու իր ժողովրդի համար:

Ի՞նչ բան է Անգլիայի կամ մի որևէ անգլիացու տվածը մի Շեքսպիր պահելու համար, մի Շեքսպիր, որին էսօր նույն Անգլիան չի փոխում ամբողջ Հնդկաստանի հետ:

Էսպես էլ ամեն մեկը, մեծից մինչև փոքրը:

Բայց նրանք, որոնք Շեքսպիրներ ու Գյոթեներ են ուզում պատրաստի, երբեք չեն ունենալ, ինչպես Շեքսպիրն ու Գյոթեն էլ պատրաստի Համլետ ու Ֆաուստ չեն գտել փողոցում:

Գրականություն ունենալու համար ժողովուրդները պետք է ոչինչ չխնայեն, և նույնիսկ պաշտպանելու դեպքում էլ լավ իմանան, որ իրենց պահածներից ու պաշտպանածներից տասնից մինն է միջակ գրող դուրս գալու, հարյուրից մինը տաղանդավոր և հազարից մինը հանճարեղ:

Այո՛, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել արդեն վաղուց ասված է, կնշանակի՝ ստեղծել:

ԱԴԱՄՅԱՆԻ ՕՐԵՐԻՑ

(Հիշողություն)

Լրացավ Պետրոս Ադամյանի մահվան քսանհինգամյակը1:

Էսօր՝ նրա կյանքը վերապատմելու կամ նրա տաղանդը վեր հանելու ժամանակ՝ ես էլ ուզում եմ էն պատմել, թե երբ ու ինչպես եմ նրան տեսել և ինչ առնչություն եմ ունեցել նրա հետ, թեկուզ և շատ կարճ ու կողմնակի:

Ութսունական թվականներն էին:

Մեր կյանքում ռազմական փողի նման թնդում էին Գամառ-Քաթիպայի ազատ երգերը, վարար գետի նման հոսում էին Րաֆֆու վեպերը անընդհատ ու խորհրդավոր, մամուլի մեջ աջ ու ձախ շառաչալից մտրակում էր Գրիգոր Արծրունին, իսկ Թիֆլիսի թատրոնում զինվորական երաժշտությունը հնչում էր «Զեյթունցիների մարշը», և որոտում էր Ադամյանը: Հասարակությունը խռնվում էր թատրոնի դռների առաջ, ու փողոցային երեխաները Թիֆլիսի փողոցներում ճչում էին.

— «Օֆելիա՛, մտի՛ր կուսանոց...

Դեզդեմոնա՛, ու՞ր է թաշկինակը»...

Հայոց լեզուն տիրաբար հաղթանակում էր գրեթե ամբողջովին վրացախոս Թիֆլիսում և մի նոր շունչ էր փչում:

Թիֆլիսի հայության վրա առանձնապես մեծ տպավորություն էր թողել էն չտեսնված ու չլսված հանգամանքը, որ գլխավորապես ռուս գեներալներն ու բարձր շրջանները իրենց ընտանիքներով լցվում էին հայոց թատրոնի օթյակները...

Ես աշակերտ էի:

Ոչ մի կերպ չէի հաշտվում էն ամենի հետ, ինչ որ խոսում էին էս մարդկանց դեմ. մանավանղ խոսում էին Գամառ-Քաթիպայի, Րաֆֆու և Ադամյանի դեմ, Արծրունու մասին միայն թե ասում էին բռնակալ է:

Պատանեկան ասեմ թե երեխայական զայրույթով ծառս էի լինում, վիճում իմ միանգամայն չգիտցած բաների մասին, պաշտպանում էի նրանց և շարունակ երազում էի՝ տեսնել:

Գամառ-Քաթիպային երբեք էլ չտեսա: Դեպքը բերեց, հենց էդ օրերը, դեռ աշակերտ, եղա Րաֆֆու մոտ, երբ առաջին փռած «Սամվելն» էր գրում ու սրբագրում: Մի քիչ հետո եղա և Արծրունու խմբագրատանը, մի երկու անեկդոտանման բան էլ տվի թերթի համար2: Բայց ամենից դժարն ու ամենից ծիծաղաշարժը Ադամյանի հետ ծանոթանալս եղավ: Հեշտ բան չէր էն ժամանակ մի աշակերտի համար՝ Ադամյանին տեսնել բեմի վրա: Ներսիսյան դպրոցի աշակերտներին արգելված էր թատրոն գնալը:

Թատրոնի վերաբերությամբ անողոքելի խիստ էր մեր վերակացու պարոն Գրիգորը3: Նա թատրոնը համարում էր անբարոյականության վայր և ամեն կերպ աշխատում էր «էս արդար երեխանցը» հեռու պահի էն նզովյալ շինությունից: Ինքն էլ կյանքում թատրոն չէր գնացել ու չէր գնում: Տարին մի անգամ, բարեկենդանին էլ, երբ դպրոցից հրամայում էին՝ «Վարդանանց պատերազմի» ներկայացմանը որդեգիրների հետ թատրոն գնա, ստիպված գնում էր, բայց ներկայացման ժամանակ նստում էր երեսը ետ շրջած ու մեջքն արած դեպի բեմը:

Ահա էս ժամանակ, Ադամյանի թունդ ժամանակը, Լոռուց Թիֆլիս եկավ իմ հին ուսուցիչը, Տիգրան Տեր-Դավթյան, որին պարտական են իմ հասակակից գրեթե բոլոր գրագետ լոռեցիները, և իր նախկին աշակերտներից մի քանիսին հավաքեց, թե եկեք ձեզ տանեմ «Համլետ»-ի ներկայացմանը, Ադամյանին տեսեք Համլետի դերում: Տարավ: Տեսանք: Էդ գիշերը ինձ համար եղավ մի կախարդական գիշեր և գրեթե վճռական նշանակություն ունեցավ իմ ամբողջ գրական կյանքում: Էդ գիշեր ես էնքան սիրեցի Համլետը և հետո էլ Շեքսպիրը, որ մի քանի դրամա գրեցի4 ու միշտ ոչնչացրի, որովհետև... Շեքսպիրի գրածների նման չէին դուրս եկել: Սակայն էնքան ուժեղ էր կախարդանքը, որ մինչև օրս էլ ես ինձ դրամատուրգ եմ համարում, քան ուրիշ մի բան:

Էն գիշերից հետո ես գաղտնի ճանապարհով դարձյալ ընկա Ադամյանի ներկայացումներին, և մինչև անգամ մի գիշեր էլ խաղացի նրա հետ: Էդ խաղը, որ բոլորովին անակնկալ, մի սկանդալ դուրս եկավ ու խեղճ Ադամյանին գրեթե սպանեց բեմի վրա, հենց էդ խաղն էլ պատճառ եղավ, որ ես ծանոթացա նրա հետ: Էդ էլ էսպես եղավ: Պոլսից Թիֆլիս էր եկել իր ժամանակին հայտնի դերասան Կյուրեղյանը և, եթե չեմ սխալվում, տիկ. Հրաչյայի հետ «Վարդան Մամիկոնյան» էին խաղալու5: Ահա այդ խաղի մեջ Ադամյանն էլ վերցրել էր Եղիշեի դերը: Վարդա՛ն Մամիկոնյա՛ն... Եղիշե՛... Ադամյա՛ն... ես էլ Ներսիսյան դպրոցի աշակերտվճռեցի՝ տեսնել, ինչ ուզում է լինի, թեկուզ դպրոցից դուրս անեն: Մի բարի հոգի ինձ սովորեցրեց, թե էնպես մի կարճ ու ապահով ճանապարհ կա, որ համ Ադամյանին կտեսնես, համ Վարդան Մամիկոնյանին, դեռ նրանց հետ էլ կխաղաս ու քեզ էլ դպրոցից դուրս չեն անիլ:

Ի՞նչպես:

Թե՝ ներկայացումից առաջ կգնաս բեմի ետևը, կհայտնես, որ ուզում ես զինվոր խաղասկընդունեն, շորերդ կփոխեն, բեղեր կշինեն, ու կլինես բեմի վրա. էլ ոչ կճանաչեն, ոչ դուրս կանեն:

Փոխանակ <քիչ> առաջ գնալու, ես դեռ մի քանի ժամ առաջ գնացի, մինչև իրիկնապահ սպասեցի: Իրար ետևից եկան, հարցուփորձ արին, վերջապես ինձ ընդունեցին հայոց զինվոր: Շորերս փոխեցին, տրիկո հագցրին, գույնզգույն լանջապանակ հագցրին, մի ոսկեզօծ կարդոնե սաղավարտ կոխեցին գլուխս, մի փետե սուր կախ արին կողքիցս, սուր ծերը արծաթի գույն թղթով պատած մի նիզակ էլ ձեռս տվին, և արդեն կազմ ու պատրաստ էի մեծ պատերազմի համար:

Էսպես կերպարանափոխված ու զինավառ՝ որ հայելու մեջ ինքս էլ ինձ տեսա՝ լցվեցի գործի լրջության գիտակցությամբ: Ռուս զինվորներ էին բերել, նրանց հետ տարան մի երկու անգամ բեմի վրա պտտեցինք, փորձ արինք, թե որ կողմից պետք է մտնեինք, ինչ անեինք ու ինչ ասեինքև ընդամենը ասելիքներս մի քանի բացականչություններ էինկեցցե՛ Վարդան, կեցցե՛ զորավար, և սրա նման բաներ, նրանից հետո մեռել պիտի խաղայինք, իբրև պատերազմի դաշտումԱվարայրի դաշտում սպանված հայ զինվորներ: Ահա հենց էս սպանված զինվորների դերն էր, որ ես չկարողացա կատարեմ ու դուրս եկավ սկանդալ վերջին գործողությանը, վարագույրը բանալուց առաջ մեզ տարան պառկեցրին զանազան տեղեր՝ թե դաշտում, թե լեռնալանջերին, իբրև սպանված ու թափված զինվորներ: Ես ընկա մի լեռնալանջ: Բանն էն է, որ էդ լեռնալանջ ասածդ կտավի վրա նկարած լեռներ ու ժայռեր են, ետևից տեղ-տեղ արանք-արանք տախտակներով շինած: Էդ տախտակների վրա պառկեցինքիբրև լեռնալանջերին: Ես էլ, ինչքան կարող էի, պատմական մեծ ողբերգությանը վայել մի դիրք ընդունեցի, սաղավարտս ու նիզակս էլ կողքիս ընկած, տախտակի լենքովը մին պառկեցի: Բայց էնպես պառկեցի, որ կարողանամ ներքևդաշտին նայեմ, ուր մի սևացրած արկղի վրա, իբրև ժայռի վրա գալարվելով ու — «Ա՛խ, Հայաստան, Հայաստան» մրմնջալով, մեռնում էր Վարդան ՄամիկոնյանըԿյուրեղյանը: Նրա մոտ պիտի գային և Վասակի կինըտիկին Հրաչյան, և վերջապես ԵղիշենԱդամյանը ծեր Ծառուկի հետ:

Վարագույրը բացվեց: Առաջին անգամ էի բեմից հասարակություն տեսնում. անհամար գլուխներ ու աչքեր, բոլորը հառած դեպի մեզ: Բեմի վրա կես մութ է, լուսնյակ գիշեր և խորհրդավոր լռություն, միայն Վարդանն է, որ ոլոր-մոլոր է գալիս ու ցավալի մրմնջում. — «Ա՛խ, Հայաստան, Հայաստան»...

Ահա եկավ Սաթենիկը, մի բաժակ գինի ձեռքին, որ Վարդանի համար է բերում Հայաստանից:

Ոտներս ինձ քաշեցի, սրան ճանապարհ տվի: Գնաց, ներքև սկսվեցին նրանց փոխադարձ ողջագուրանքները, գուրգուրանքներն ու սրբազան ուխտերը...

Մին էլ հանկարծ թատրոնը թնդաց ծափերից, գլխիս վերև հայտնվեցին ԵղիշենԱդամյանը ծեր Ծառուկին հենված:

Ծո՛, ճանապարհ տուր...

Ոտներս դարձյալ ինձ քաշեցի, սա էլ անցավ:

Վարդա՛ն, իմ Վարդա՛ն, — մրմնջալով Ավարայրի դաշտն իջավ: Հենց դաշտն իջավ թե չէ, որ պիտի խաղասը՛՛սս... հասարակությունը ամեն կողմից սը՛ս արավ ու լռեց, պատրաստվեց: Էդ ժամանակ ես էլ ուզեցի պատրաստվեմ, որ լավ լսեմ ու տեսնեմ. վիզս որ ծռեցի, թեքեցի դեպի ներքև, անկանոն դիրքի պատճառով՝ թուքս կատիկս թռավ թե ինչ՝ հանկարծ մի հազ բռնեց ինձ: Ես ցնցվում եմ ամբողջ մարմնով, ինձ հետ շարժվում ու ճռճռում է ամբողջ դեկորացիան, բոլոր տախտակներն ու կտավներըայսինքն բոլոր սարերն ու ժայռերը, և հակառակի նման էն ամենահանդիսավոր րոպեին, թատրոնի խորին լռության մեջ: Թատրոնում ընդհանուր ծիծաղ բարձրացավ, գալերեան սկսեց աղմկել ու աղաղակելբրավո... բիզ, կեցցեն հայոց քաջերը...և այլն և այլն:

Խեղճ Ադամյանը մնացել է քարացած, մեջտեղը կանգնած: Վերջապես հազս դադարեց, ժողովուրդը հանգստացավ, նորից սը՛սս, նորից լռություն: Ադամյանը մի փոքր էլ սպասեց ու խաղաց: Գործողությունը վերջացավ: Վարագույրն իջավ թե չէ՝ ժողովուրդն սկսեց դղրդալի ծափահարություններով Ադամյանին կանչել, իսկ Ադամյանը տեղից թռավ դեպի մեռելները կատաղած գոռալով.

Ա՛ն ո՞վ էր, ծո՛..., բայց ժամանակ չկա, էնտեղ կանչում են, վարագույրը բարձրացնում են: Գնաց: Ես խառնակ դրությունից օգտվելով փախա, զինվորական համազգեստս հանեցի ու փախա դեպի պարտերը: Ճանապարհին, դեպի բեմի ետևը եկողները հարցնում էին, թե էն ո՞վ էր, որ էնպես հազում էր ու աչքերն էլ բաց ներքև նայում: Ես մտածեցի, որ էս աչքերի բացն էլ քանի չեն իմացելշուտով թողնեմ բեմական ասպարեզը, գնամ տուն:

Մյուս օրն էր թե մի երկու օրից հետո, պատմեցին, թե այժմ Ադամյանն էլ բարկացած չի, ծիծաղելով է պատմում էդ դեպքը և հարցնում էր, ուզում էր ինձ տեսնի: Ես գնացի, զարմանալի սիրով ու քաղաքավարությամբ ընդունեց, մանավանդ երբ իմացավ Ներսիսյան դպրոցի աշակերտ եմ և ինչ պատճառով էի գնացել, իրեն գրքերից մինն էլ նվիրեց6 ի հիշատակ Վարդանանց պատերազմի ներկայացմանը և իմ կարճատևբայց աղմկալի բեմական գործունեության: Նրանից հետո մի քանի անգամ եղա մոտը:

Ինձ թվաց մի շատ քաղաքավարի ու քնքույշ, բայց հիվանդ մարդ, և, չգիտեմ ինչու, մենակ մարդ: Գուցե էն էր պատճառը, որ հյուրանոցում էր ապրում, չգիտեմ, բայց մենակ մարդ...

Այնուհետև երբ ավելի ու ավելի ծանոթացա նրա կյանքի հետ, նրա տառապանքների հետ, տեսա, թե մեր կյանքում ինչքան է հալածվել և մամուլից, հատկապես «Մշակից»7, որ նրան ոչ թե տանելի, այլ անտանելի տաղանդ էլ չէր ընդունում և դրա համար կռվի էր մտել ռուսաց «Кавказ» թերթի հետ: Հալածվել է և մասնավոր մարդկանցից, և երբեմն էլ հալածանքների պատճառը եղել են զանազան կանանց պատմություններ: Առանձնապես նեղն է ընկել մի ռուս կնոջ պատճառով և մի շատ անախորժ դրությունից ազատվել է միայն իր բարեկամ գնդապետ Մելիք-Հայկազյանի միջամտությամբ8: Եվ հետագայում, ասում եմ, երբ ավելի շատ ծանոթացա էս մենակ ու միշտ օտար մարդու կյանքի հետ, որին ավելի շատ գնահատել ու սիրել են նրանք, որոնց միանգամայն խորթ է եղել ինքը, որոնց նույնիսկ լեզուն չէր հասկանում ինքը, երբ վերահասու եղա, թե ինչ աշխատանքով ու ինչ բարեխղճությամբ է նա իր դերերն ուսումնասիրելիս եղելև ամսական քանի-քանի դեր խաղալու պայման է կապելիս եղել նրա հետ հայոց թատրոնը պահող մարմինը, և թե նրան ծափահարողները ծափահարել են լոկ արտաքին փայլից շլացած րոպեաբար և լքել են մշտապես, այնուհետև նա դարձավ ինձ համար մի մշտական վիշտ, մի գեղեցիկ վիշտ, մի իսկական Համլետ, որ բարձր ձիրքերով ծնվել էր մի շատ խեղդուկ մթնոլորտում...

Եվ խեղդվեց...

Իննսնական թվականների սկզբներին էր: Աշխարհահռչակ իտալացի դերասան Ռոսսին եկավ Թիֆլիս9: Էն ժամանակ, ինչքան հիշում եմ, Թիֆլիսում բացի հայոց դերասանական խումբը՝ ուրիշ խումբ չկար: Հայոց խումբն էլ մեծ մասամբ կազմված էր սիրողներից հանգ<ուցյալ> Գևորգ Չմշկյանի գլխավորությամբ: Ես էլ էի սիրողների մեջ: Ռուս անտրեպրենյորը մեզ հրավիրեց Ռոսսուն դիմավորելու: Եվ ահա մենք, իբրև դերասանական խումբ գնացինք կայարան, Ռոսսուն ընդունեցինք ծաղկեփնջերով ու երաժշտությունով: Ռոսսին մեզ հրավիրեց իր բոլոր ներկայացումներին: «Համլետի» ներկայացման գիշերն էր: Ամբողջ հասարակությունը անհամբեր սպասում էր վարագույրի բացվելուն, որ Ռոսսու Համլետը համեմատի Ադամյանի Համլետի հետ: Դուրս եկավ Ռոսսին, հսկա դերասանըԴանիայի դժբախտ ու փիլիսոփա արքայազունը: Հասարակությունը հափշտակված, շունչն իրեն պահած հետևում էր մեծ ողբերգուին: Գործողությունը վերջացավ: Վարագույրն իջավ: Թատրոնը դղրդաց միահամուռ ու անընդհատ ծափահարությունից: Ռոսսին ստիպված մի քանի անգամ բեմ դուրս եկավ՝ մինչև որ հասարակությունը հանգստացավ: Եվ հասարակությունը հանգստացավ թե չէ, նույնիսկ Ռոսսու թարմ խաղի ահագին տպավորության տակ գրեթե միաձայն արձակեց իր վճիռը.

Սքանչելի է... Բայց Ադամյանին չի հասնիլ:

Ես իմ կյանքում, թերևս երբեք ինձ էնքան հպարտ չեմ զգացել իբրև հայ, ինչպես էն գիշեր:

Следующая страница