Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Բայց, այսուամենայնիվ, չեմ կարող ասել՝ հպարտությո՞ւնս ավելի մեծ եղավ, թե՞ վիշտս...

Նա մեզանում չգնահատվեց, և անպաշտպան, անժամանակ գերեզման իջավ:

ՄԻ ԵՐԿՈԻ ԽՈՍՔ ՍԵՐԲ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԷՊՈՍԻ ՄԱՍԻՆ

Եվրոպայում սլավոն ժողովուրդների մեջ ավելի ուշ է զարգացել գրականությունը, էդ պատճաոով էլ ավելի երկար ժամանակ նրանց մեջ է կենդանի մնացել ժողովրդական բանահյուսությունը: Սլավոնների մեջ էլ ամենից լավ պահել ու զարգացրել է իր էպոսը սերբ ժողովուրդը, որ, սլավոնագետների կարծիքով, թեև ենթարկվել է թուրքերի քաղաքական ծանր լծին, բայց ազատ է մնացել էն երկարատև հասարակական ստրկությունից, որին ենթակա են եղել ռուսն ու լեհը* ճորտատիրական կարգի պատճառով և ազնվականության ճնշումի հետևանքով, որ հազար անգամ ավելի սպանիչ ազդեցություն է արել, քան ամեն քաղաքական լուծ ու ճնշում: Եվ սրանից է, որ ռուսական ազգային էպոսի (былина) մասերն էլ կենդանի են մնացել ավելի երկրի հյուսիսային ծայրերում, ուր ճորտատիրության օրենքը չի հասել:

Սերբ ժողովրդի էպոսը չորս շրջան ունի.

1. Հնագույն կամ դիցաբանական երգերը, 2. Կոսովյան դաշտի երգերը, 3. Արքայազուն Մարկոյի երգերը և 4. Նոր ժամանակի երգերը:

Սերբիական էպոսի մեջ վառ ապրում են նախաթուրքական շրջանի և թուրքական տիրապետության շրջանի հիշողությունները, պատմական դեպքերն ու հերոսները:

Էդ հերոսներից մինն է Վուկաշին թագավորը, որ ընկավ թուրքերի ձեռքից: Ընկավ և նոր կազմակերպվող, ջահել Սերբիան, սակայն ընկավ վերստին կանգնելու կյանքով ու տենչանքով լիքը:

Ահա էս Վուկաշինի որդին է սերբիական էպոսի մեծագույն հերոսըՄարկոն, որ հանդիսանում է սերբ ժողովրդի ազգային նվիրական զգացմունքների ու առաքինությունների մարմնացումը, նրանց Սասունցի Դավիթը:

Սերբերը սկզբներում թուրքերին հաշտ աչքով էին նայում, նրանցից չէին սպասում էն չարիքները, ինչ որ տեսան հետագայում, դրա համար նրանց ազգային հերոսն էլ, էպոսի մեջ, իբրև էդ մոմենտի ու վերաբերմունքի արտահայտություն՝ համարվում է սուլթանի հոգևորդին, սուլթանն էլ նրա հոգեհայրը:

Բայց կարճ ժամանակից հետո թուրքերը սկսում են իրենց անտանելի ճնշումները... գեղեցիկ կանանց ու տղերանցը հավաքել, սերբերին արգելել զենք կրելը, ձի նստելը, կանաչ զգեստ հագնելը, ծանրաբեռնում են ամեն տեսակ հարկերով ու տուրքերով, զզվեցնում ու զայրացնում են ժողովրդին, և ահա հոգևորդին դուրս է գալիս հոգեհոր դեմ:

Էպոսի մեջ դա արքայազուն Մարկոն է, իսկ հետագայում էն սերբ հայդուկներն էին, որոնք՝ իրենց սեփական ուժերի վրա դրած իրենց փրկության հույսը՝ դուրս եկան իրենց լեռներն ու հայտարարեցին՝ միանգամայն ընդմիշտ թուրքի դեմ: Եվ որովհետև միանգամ ընդմիշտ թուրքի դեմ վեր էր կացել և Ռուսաստանը ու ծանր հարվածներ էր տալիս թշնամուն, դրա համար Ռուսաստանն էլ է մտել սերբիական ազգային էպոսի մեջ*:

XVII դարում մի անգամ Սերբիան կարողացավ թուրքերից ազատվել, բայց եվրոպական պետությունները նրան նորից ետ տվին սուլթանին, և էսպես տևեց մինչև վերջին ու վերջնական ազատագրումը՝ 1878 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո, մի պատերազմ, որը, ինչպես և այժմյան մեծ պատերազմը՝ Սերբիայից սկսվեց:

Ազգերի էպոսների հերոսները սովորաբար ընդհարվում են իրենց ծնողների հետ ու ընկնում են նրանց անեծքի ծանրության տակ: Էդ ընդհանուրի ճակատագրից չի խուսափում և սերբիական Մարկոն:

Մարկոյին առաջարկված է լինում դատ տեսնել՝ մի կողմից իր հոր ու հորեղբայրների, մյուս կողմից արքայազուն Ուռոշի միջև: Մարկոն կողմնապահություն չի անում, դատը տեսնում է աստուծով ու վճռում է Ուռոշի օգտին: Զայրացած հերն անիծում է նրան, գուժելով՝ թե քանի կենդանի է՝ թուրքի սուլթանին ծառայի, մեռնի անժառանգ, մեռնելուց հետո էլ ոչ դագաղ ունենա, ոչ գերեզման: Իսկ շնորհապարտ Ուռոշն օրհնում է, թե՝ քանի արևն ու լուսինը կան՝ Մարկոն առաջին կտրիճը մնա աշխարհքի երեսին: Եվ ոչ մեկի խոսքն էլ գետնին չի մնում. կատարվում են թե՛ Ուռոշի օրհնանքը, թե՛ հոր անեծքը: Մարկոս միշտ մնում է առաջին կտրիճը, սակայն միշտ էլ անտուն ու անտեղ, անհող ու անհայրենիք, մի օր Պրիլեպում իր Եփրոսիմե մոր հետ է ապրում, մյուս օրը Ստամբոլ է հայտնվում, երրորդ օրը, Արաբիայի սահմաններում, թափառական ու շարունակ ծառա թուրքի սուլթանին:

Վերջն էլ մեռնում է անժառանգ և մնում է մի սարի ծերի՝ երկար ժամանակ անթաղ ու անգերեզման...

ԱՐԵՎԵԼՔԻ ՆՈՐ ԴԱՐԱԳԼՈՒԽԸ

Ասիան ու Եվրոպան կամ, ուրիշ խոսքով, Արևելքն ու Արևմուտքը լոկ աշխարհագրական տերմիններ չեն, այլև տարբեր քաղաքակրթություններ ու աշխարհայացքներ: Հազարավոր տարիների ընթացքում էդ աշխարհներից ամեն մինը հանդես է բերել իր էս կամ էն գերազանց ուժը՝ իբրև իրեն ներկայացուցչությունը մյուսի հանդեպ: Եվրոպա կամ Արևմուտք ասելով մի ժամանակ Հունաստան են հասկացել, նրանից հետո Հռոմ և կամ Բյուզանդիա, ինչպես որ Ասիա, և հատկապես Արևմտյան Ասիա կամ Արևելք՝ երբեմն Բաբելոն կնշանակեր, երբեմն Ասորեստան, երբեմն Պարսկաստան և երբեմն արաբական խալիֆայություն:

Եվ մինչդեռ քրիստոնյա արևմուտքի ժողովուրդները ժամանակի ընթացքում վեր են կենում հեգեմոնիայի դեմ ու ձգտում են հավասարակշռության, մյուս կողմը՝ իսլամական արևելքը արաբական գերիշխանությունից հետո ընկնում է թուրքի գերիշխանության տակ և 14-րդ դարից սկսած Թուրքիան հանդիսանում է արևելքի ներկայացուցչությունը արևմուտքի հանդեպ մինչև էսօր:

Եվ Բաբելոնից, Ասորեստանից, Պարսկաստանից ու արաբական իշխանաթյուններից հետո Արևելքը երբեք չէր ունեցել էսքան վայրենի, էսքան անկուլտուր ու անարժան մի ներկայացուցչություն: Մինչև թուրքական գերիշխանությունը՝ Արևելքը, որ կրոններ էր տվել աշխարհքին փիլիսոփայական սիստեմներ, շատ մեծ բանաստեղծներ ու գիտություններ՝ մեծ էլ հարգ ու հմայք ուներ և միշտ կենդանի ապրում էր ավանդական խոսքը թե՝ Արևելքից է լույսը: Թուրքական գերիշխանությունից հետո Արևելքը և խավարն ու բարբարոսությունը դարձան հոմանիշ հասկացողություններ:

Նա ոչ միայն ինքը չստեղծագործեց ու ոչ մի հանճարեղ բան չտվեց աշխարհքին, այլև դրսից չընդունեց ոչինչ և չմշակեց: Միշտ մնաց սուրը ձեռքին ավերող: Եվ եթե արգելենք նրան իսլամ ընդհանուր անվան տակ զարդարվելու պարսիկ, արաբ կամ հնդիկ հանճարների անուններով՝ կմնա մեջտեղը կանգնած իր նոմադական մերկությամբ1 ձեռքին միշտ արյունոտ սուրը:

Եվ էդ արյունոտ սրով նա մորթեց Արևելքի կուլտուրական ժողովուրդներին, խորտակեց նրանց հին ու փառավոր կուլտուրաները և, վերջին մահացու հարվածը տալով բյուզանդական պալեոլոգներին, էդ սպանիչ սուրը մեկնեց Եվրոպայի սիրտը:

Չորս հարյուր տարի շարունակ գրոհ տվեց Եվրոպայի դարպասների վրա, որ խորտակի ու ներս խուժի՝ սպանելու արևմտյան քաղաքակրթությունը, ավերելու բարեշեն քաղաքները, ավարելու դարերով դիզած բարիքները, իր ձիաների սմբակների տակ տրորելու հումանիզմն ու վերածնությունը, կոտորելու Ռաբլեին ու Տասսոյին, Շեքսպիրին ու Սերվանտեսին, Ռուբենսին ու Ռաֆայելին, Կոպեռնիկին ու Գալիլեյին, Կոլումբոսին ու Գուտտեմբերգին և նմաններին:

Չորս հարյուր տարի Արևելյան Եվրոպան ահով ու սարսափով դիմագրավեց նրա դժոխային արշավին, մինչև որ 17-րդ դարում, Վիեննայի պատերի տակ, վերջնականապես կտրեց նրա առաջ անցնելու հույսը:

Այնուհետև կռիվն իրեն վրա առավ նոր զորացող Ռուսաստանը, որ երեք հարյուր տարի է՝ անհաշտ ու անդադար պատերազմ է վարում էդ դաժան ու խավար ուժի դեմ՝ հետզհետե կտրատելով ու կրճատելով նրա լայնածավալ տերության սահմանները և էսօր էլ, ահա, տալիս է վերջին հարվածը:

Մեծ է Ռուսաստանի էս ծառայությունը քաղաքակիրթ աշխարհքի առաջ, և երբեք նրա կառավարության հոռի կողմերը չպետք է արգելեն տեսնելու էս մեծ գործը, որի հաջող ավարտումը համաշխարհային տոն է քաղաքակրթության համար:

Տոն է մանավանդ էն ազգերի համար, որոնք դարերով կրել են թուրքի անտանելի լուծը և դարերով լալիս են իրենց անվերջ կորուստները նրա ձեռքից:

Եվ ահա էսօր նա՝ ռուսական հզոր բանակի առջև պարտված ու ջարդված, հարյուր հազարավոր անմեղ մանուկների, տղամարդկանց ու կանանց արյունով արյունոտ իր սուրը ձգելով հաղթողին՝ տեղի է տալիս դեպի իր հին բունը, դեպի Անգորայի հովիտները2, որտեղից դարեր առաջ սկսեց իր քստմնելի ասպատակությունը աշխարհքի վրա:

Արդեն անցավ Վերին Եփրատից դենը, և հեռագիրն աշխարքին ավետում է, թե Մեծ Հայաստանը վերջնականապես մաքրված է թուրքական տիրապետությունից: Վերջին զոհն էլ՝ հոշոտված ու ծվատված՝ արդեն ազատված է նրա ճանկերից:

Պատմական ի՛նչ հոյակապ ավետիս: Բացվում են Արևելքի ոսկի դռները ազատ ժողովուրդների, լուսավորության ու քաղաքակրթության համար և սկսվում է մի նոր դարագլուխ Արևելքի պատմության մեջ:

<ՀԵՆՐԻԿ ՍԵՆԿԵՎԻՉԻ ՄԱՍԻՆ>

Անմահ հոգի, որ Հենրիկ Սենկևիչ անունով մարմին առար բազմատանջ լեհ ազգի կյանքում՝ նրա տանջանքները փարատելու համար, ընդունիր աշխարհքի ամենատանջված ժողովուրդներից մեկի՝ հայ ժողովրդի գրական գերդաստանի սերն ու հիացումը:

Դո՛ւ, որ ազատ, լավագույն օրերի արշալույսը վառեցիր քո ցեղի հոգու մեջ, և արդեն նրա առաջին ցոլքերն ընկնում են թարմ շիրիմիդ վրա, փառաբանում է քեզ միշտ արշալույսի ձգտող հայ ժողովրդի գրականությունը:

Դո՛ւ, որ ընդհանուր եղբայրության ազնիվ կապերով շաղկապեցիր ազգերն ու ազգի-ազգի մարդիկ ու եղբայրորեն համախմբեցիր դագաղիդ ու հիշատակիդ շուրջը, օրհնում են քեզ եղբայրության ու սիրո էնքան կարոտ հայ ժողովրդի գրողն ու ընթերցողը:

Եվ դու, որ համաշխարհային գեղեցիկ գրականության հավերժական տաճարում ճշմարտության, բարության ու գեղեցկության մեծ քուրմերից մինը եղար, քո վսեմ հաղթանակի համար դափնի պսակ ենք ձոնում քո հիշատակին աշխարհքի հնագույն գրականություններից մեկի՝ հայ գրականության անունից:

1917

ԽՈՍՔ

ՍԿՍՆԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ

Երիտասարդ ընկերնե՛ր:

Ռուսահայ բանաստեղծությունը երեք շրջան է ունեցել: 1857 թ. ուսանող Ռ. ՊատկանյանըԳամառ Քաթիպան հրատարակել է իր «Ազգային երգարան»1 անունով բանաստեղծությունների տետրակն ու նրանով սկիզբն է դրել առաջին շրջանի բանաստեղծության:

Նրանից երեսուն տարի հետո, 1887 թվականին ուսանող Հ. Հովհաննիսյանը հրատարակեց իր բանաստեղծությունների առաջին գիրքը2, ու սկիզբն առավ երկրորդ շրջանի բանաստեղծությունը:

Հովհաննիսյանից երեսուն տարի հետո էլ, 1908 թվականին դարձյալ ուսանող՝ Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները»3 ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ Գրողների Ընկերության մեջ:

Ինչպես տեսնում եք՝ ես ընկնում եմ երկրորդ շրջանի մեջ և կանգնած եմ հին շրջանի ու նորագույնի մեջտեղը: Մտերիմ ընկերներ եմ ունեցել առաջին շրջանի գրողներից, նորագույն շրջանի մեջ էլ ունեմ մոտիկ և սիրելի մարդիկ: Սա ցույց է տալիս, թե ինչքան նոր է մեր բանաստեղծությունը, որ մի մարդ կարող է ընկերներ ունենալ առաջին գրողներից մինչև նորագույնը:

Անարատ ընկերական սիրո զգացմունքով ու խորին հուզմունքով խոնարհվելով առաջին շրջանի իմ հավերժացած ընկերների հիշատակի առջև՝ ողջունում եմ ձեզ, իմ նոր ընկերներ, որ նոր ոգևորությամբ ու նոր երգերով հայտնվում եք հայոց գրական աշխարհքում:

Հրճվանքով եմ լսում, թե իզուր չեն շրջանները իրար հետևել, և դուք՝ թե արվեստի կողմից, թե հոգեկան ապրումների՝ հանդիսանում եք ձեր նախորդ շրջանների զարգացումը: Բայց նույնքան հրճվանքով եմ նկատում և մեր հասարակական կյանքի զարգացումը, որի պերճ ապացույցը հենց էսօրվան մեր հանդիսական հասարակությունն է:

Մենք էլ ենք եղել սկսնակներ, բայց մեր գրական կյանքի արշալույսին էս տեսակ հասարակություն, էս տեսակ դահլիճ, էս տեսակ ընդհանրական ուշադրություն չենք տեսել:

Սա էլ ձեզ նման նոր է, մի նոր ժողովուրդ, որ առաջ է եկել էս երեսուն տարվա ընթացքում, մեր աչքի առջև, նոր ճաշակով, նոր բովանդակությամբ, նոր պահանջներով ու նոր վերաբերմունքով: Մենք էս տեսակ ժողովուրդ չենք տեսել: Իսկ մեզնից առաջ, մեր նախորդները ավելի ևս անմխիթար մթնոլորտում են աչքները բաց արել: Նրանք էլ ասում էին, թե՝ իրենք պետք է գրեին և կարդալ սովորեցնեին, որ իրենց գրվածքները կարդային: Իրենք պետք է ընթերցողներ պատրաստեին իրենց համար:

Եվ ահա՝ ողջունելով ձեզ, միաժամանակ շնորհավորում եմ, ցույց տալով էս նոր ժողովուրդը, որ էսքան աննախընթաց ոգեվորությամբ խառնվում է մեր գրական երեկոներին և նույնիսկ իր ահավոր աղետի օրերում4 խոսք է անում ու մտածում իր գրականությունը պաշտպանելու մասին:

Նոր են և քննադատները, որ խոսում են ձեզ հետ:

Նորություն է մեր գրականության մեջ նրանց հարգալից վերաբերմունքն ու կիրառած քննադատական մեթոդը: Հարկավ նրանք կարող են սխալվել իրենց գնահատությունների մեջ, բայց նոր ու շիտակ է նրանց ճանապարհը: Դուք էլ ուշադիր ու հարգանքով լսեցեք նրանց, օգտվեցեք նրանց դիտողություններից և մի շփոթվեք բնավ, որովհետև ամենից շատ և ամենից լավ բանաստեղծն ինքն է իրեն հասկանում և իր ներքին բնազդն ու ինտուիցիան է իր ամենաուժեղ առաջնորդողը: Համոզված եղեք, որ քննադատը ոչ բանաստեղծ կարող է ստեղծել և ոչ բանաստեղծ կարող է սպանել: Նա միայն մեկնաբանում, պարզում ու բացատրում է: Եվ վերջ ի վերջո մի քննադատ կա, որ վերջնականապես որոշում է ապրող և մեռնող գործերը, դա ժամանակն է:

Մի՛ շփոթվեք նաև էն ժամանակ, երբ ազդեցությունների խոսք են անում: Համաշխարհային գրականության մեջ ոչ մի բանաստեղծ չկա, որ շատ կամ քիչ ազդված լինի իր նախորդներից:

Ազդեցությունը էն սանդուղքն է, որով սկսնակը, բարձրանում է դեպի ինքնուրույնությունը: Ոչ էլ հուզվեցեք, երբ լավ բանաստեղծություններ շատ չեն գտնում ձեր գրվածքներում: Լավ բանաստեղծություններ քիչ կան նույնիսկ նշանավոր բանաստեղծների մեջ: Հիշեցեք Հայնեի խոսքը, որ ասում է թե՝ մեծ բանաստեղծը նա է, որի յոթ գրվածքից մինը լավն է: Եթե մեծ բանաստեղծը նա է, որի յոթը երգից մինը լավն է, դուք շատ պետք է ուրախ լինեք, եթե ձեր տասնևյոթ կամ քսանևյոթ երգից մինը լավ լինի: Դրանով էլ դարձյալ կենդանի կմնաք ձեր մայրենի գրականության մեջ:

Խոսքս վերջացնելով` կրկին ողջունում եմ ձեզ և ձեզ չեմ ասում՝ բարով եք եկել, ինչպես սովորաբար ասում են ուրիշներին էս հարկի տակ ողջունելիս: Նրանք դրսից են գալիս, իսկ դուք էս տանիցն եք, էս գերդաստանից և էս տեղից եք մեկնում դեպի կյանք: Ձեզ ասում եմ՝ բարով գնաք դեպի մեր ժողովուրդն ու աշխարհը, վշտերի, ցավերի, չարիքների ու կարիքների աշխարհը ձեր թարմ ու անկեղծ երգերով, կյանքի լավագույն ձայներով մարդկանց հրապուրելու դեպի ճշմարիտն ու բարին, ազնիվն ու գեղեցիկը:

ՀՍԿԱՅԻ ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆԸ

Ժողովուրդները ոչ մի բանի մեջ էնքան պարզ ու պայծառ չեն երևում, ինչքան իրենց ազգային էպոսի մեջ:

Ռուս ժողովուրդը տակավին չի ամբողջացրել իր ազգային էպոսը, բայց տեսեք, թե նրա մասերումбылина-ներում ինչ վսեմ պարզությամբ ու ինչքան հոյակապ տալիս է իրեն պատկերը:

Ահա նրանցից մեկից մի փոքրիկ կտոր, որ շատ է պատշաճ մեջտեղ բերելու էս նշանավոր օրը:

Былина-ի վերնագիրն է «Исцеление Ильи Муромца»: Պատմում է, թե ինչպես բժշկվեց երկար ժամանակ անդամալուծ, հաշմանդամ ընկած Մուրոմցի Իլիան: Իսկ Մուրոմցի Իլիան արդեն գիտեք, որ ինքը ռուս ժողովուրդն է:

Ասում է՝ էն ժամանակ, երբ իշխան Վլադիմիրը թագ էր կապում Կիև մայրաքաղաքում4 Մուրոմի Կարաչարովա գյուղի մի գյուղացի էր ապրում, Իվան Տիմոֆեևիչ: Գյուղացի Իվան Տիմոֆեևիչը մի տղա ուներ Իլիա անունով, որին ամենից շատ էր սիրում:

Բայց նստած էր Իլիան իր տեղը անշարժ,
Ընկած էր ուղիղ երեսուն տարի,
Ոտն ու ձեռ չուներ երեսուն տարի,
Ու փեչի վրա էնքան էր պառկել,
Որ փոս էր ընկել տեղը իր պառկած...1

Եվ էսպես անդամալուծ, փեչի վրա պառկած երեսուն տարի (այսինքն շատ երկար ժամանակ) նա շարունակ լսում է, թե ինչ վատություններ են կատարվում իրենց աշխարհքում, ինչ ավազակություններ են լինում իրենց մայրաքաղաքում (Соловей разбойник): Պառկած տեղը սիրտն էրվում է, ու միշտ աստծուն էն է աղոթում, որ իրեն մի ձեռն ու ոտը տա...

Եվ ահա մի անգամ էլ, երբ հերն ու մերը տանը չեն, գնացել են դաշտը իրենց աշխատանքին, օտար մարդիկ են գալիս, խեղճեր են գալիս փակ դռան առջևը կանգնում ու Իլիային ձեն են տալիս, կանչում են, խնդրում են, որ դուռը բաց անի, իրենց ներս թողնի, ջուր տա խմեն, սիրտները հովանա:

Իլիան ներսից պատասխանում է, ասում է՝ «ես էլ եմ շատ ուզում, որ ձեզ ներս թողնեմ, ջուր էլ տամ՝ կուշտ խմեք, բայց ի՞նչ անեմ, էսքան տարի է էսպես անդամալույծ ընկած եմ, ոչ ոտն ունեմ, ոչ ձեռը»...

Տեղիցդ ժաժ արիվեր կկենաս, — կանչում են խորհրդավոր հյուրերը:

Իլիան լռում է:

Աջ ոտն է փորձումշարժվում է. ձախ ոտն է փորձումշարժվում է: Իսկույն ոտի է կանգնում, դարպասները լեն բաց է անում ու ներս է հրավիրում օտարականներին: Ջրի փոխարեն վեդրոներով գարեջուր է տալիս: Խմում են կշտանում, մնացածն էլ, ասում են, դու խմիր: Խմում է, արյունը խաղս է առնում երակներում, աշխուժի է գալիս, կենդանանում, զորանում, դառնում մի հսկա, էնքան ուժեղ, որ հարկ է լինում ուժը մի քիչ պակասացնել, չափավորել:

Ապա թե օրհնում ու խրատ են տալիս անծանոթ հյուրերը:

Էդ ուժը, ասում են, բավական է քեզ, որ դու մեծ հսկա լինես, չպարտվես պատերազմի դաշտում, քրիստոնեության պաշտպան հանդիսանաս ու կռվես մեծ հսկաների հետ: Բայց տես, ասում են, ում հետ ուզում ես կռվիր, միայն թե չկռվես Միկուլա Սելյանինովիչի (շինականի, գյուղացու) հետ, իմացիր, որ նրան մայր հողը շատ է սիրում...

Գնում է Իլիան, ու մինչդեռ իր ծնողները ծանր աշխատանքից հոգնած քնած էին, մի երեք ժամում կատարում, վերջացնում է նրանց գործը, որ նրանք մի քանի օրում չէին կարող կատարել:

Ծնողները զարթնում են, զարմանամ են, թե էս ինչ հրաշք է կատարվել հանկարծ, որ իրենց անդամալուծ որդին միանգամից ոտի է կանգնել ու կանգնել իբրև հսկա: Իլիան պատմում է, թե ինչ է կատարվել, ու հայտնում է, թե արդեն ճամփա է ընկնում իր սրտի հին ցանկությունը կատարելու, իր ճնշված հայրենիքին ծառայելու, նրան ավազակներից մաքրելու և քրիստոնյա աշխարհքը պաշտպանելու: Եվ դրա համար հոր օրհնությունն է խնդրում:

Գնա, իմ աչքի լույս, իմ հսկա զավակ, — օրհնում է ծերունի հերը: — Բայց օրհնում եմ քեզ բարի գործերի համար. չար գործի համար օրհնություն չկա: Գնա, և քո ճամփին ոչ թուրքի ընդդեմ մտածիր չար բան, ոչ քրիստոնեին զարկիր բաց դաշտում...

Ու վեր կացավ հսկան, աղոթեց, իր նժույգը հեծավ: Հեծնելը տեսան, բայց էլ չտեսան, ուր գնաց...

Ի՛նչ հոյակապ գեղեցկություն և ինչքա՛ն հարազատ ու ճշմարիտ, որ աշխարհքում գրեթե ծակ բերան չէր մնացել, որ չասեր, թե Ռուսաստանը մի ընկած անդամալուծ է, նրանից ոչինչ չի դուրս գալ: Վերջին օրերս բուլգարական մինիստրը մինչև անգամ դիակ էր անվանում, և... Եվ հանկարծ... հ՛սկան վեր կացավ տեղից:

Դուրս եկավ, որ ռուսական փեչը, որին նա կպած էր էնքան տարի, նրա համար Պրոմեթեոսի ժայռն է եղել, և էսքան տարի ինքն իր մեջ աճելով ու մխալով ուժ է հավաքել՝ միանգամից վեր կենալու և մի հսկայական զարկով փրկելու իր երկիրը: Մեծ ու ահավոր մի վայրկյան...

Բայց պատահում է, որ երկար տարիներով պառկած հսկաները վեր կենալիս միանգամից չեն կարողանում ամուր ոտի վրա կանգնեն, մի քանի անգամ չոքում են, մինչև որ վերջնականապես կարողանում են հաստատուն կանգնել: Եվ ամեն մի չոքելով հազար հազարավոր մարդիկ են ընկնում տակն ու զուր կոտորվում:

Այժմ Ռուսաստանի ամեն մի քաղաքացին միայն մի հոգս պիտի ունենա. — ամուր բռնի, իր ուժերի ներածին չափ նեցուկ դառնա ռուսական նոր ոտի կանգնած հսկային, որ նա հաստատուն կանգնի:

Էս է պահանջում ինչպես ընդհանուրի, էնպես էլ ամեն մի անհատի շահն ու փրկությունը:

ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Երբոր, ծերունի, մեռնելու լինեմ,
Ու, հավատա, երկար չըպիտի ապրեմ,
Դու հրամայիր իմ դին տանելու
Մեր կանաչ այգին, էնտեղ, ուր երկու
Ճերմակ հակակի թըփեր են ծաղկում...1

«Մծիրի», Լերմոնտով:

Զարմանալի է մահվան հոգեբանությունը: Կյանքի վերջին վայրկենին մարդիկ շատ անգամ ձեռքները թափ են տալիս ամբողջ աշխարհքի վրա, բայց և ամբողջ ուժով կառչում են մի չնչին բանից: Եվ ընդհանրապես էդ չնչին բանն էլ իրենց հին, մանկության օրերի էս կամ էն հիշատակն է լինում:

Մահից մի քան օր առաջ ինձ մոտ էր Ալ. Ծատուրյանը, ու երկուսով նստած երկար զրույց էինք անում:

Խոսեցինք նոր ազատությունից, առաջիկա Հայաստանից, մեր գրականությունից, հազար ու մի ուրիշ բաներից, սակայն էս բոլոր մեծ հարցերից ավելի ուժգին երկու փոքրիկ բան են մեխվել հիշողությանս մեջ:

Մեկ էն, թե ինքը միշտ հիվանդ է եղած ու շատ վաղուց կլիներ մեռած, եթե իր կինը չլիներ, որ իրեն անքուն հսկող հրեշտակն է եղել կյանքում: Մեկ էլ էն, թե արդեն պարզ տեսնելով, որ կյանքի թելը կտրելու վրա է՝ եկել է հայրենիք, ուզում է գնա Զաքաթալա՝ վերջին անգամ տեսնի իր մոր գերեզմանը և իրենց դռան հին թթենին, որի վրա էնքան եղել է մանուկ ժամանակ...

Ասում էր՝ նրանից հետո հանգիստ կմեռնեմ:

Մի երկու օրից հետո երբ իմացրին՝ թե Ծատուրյանը ուշաթափվել է՝ շտապեցի, տեսա գիտակցությունը կորցրած, աչքերը փակած, գլուխը բարձր՝ պառկեցրած, սառուցը գլխին ու կրծքին, ու փակած աչքերից մեղմ արտասուքի կաթիլներ են հոսում:

Սպասում էինք բժշկին:

Ես մտածում էի, թե արդյոք նրա համար չեն հոսում արտասուքի էն վերջին անզոր կաթիլները, որ նա չկարողացավ տեսնել ոչ իր սիրած մոր գերեզմանը, ոչ էն հին թթենին...

Տիկինը տագնապի մեջ կամ սառույցն էր փոխում, կամ թեյի գդալով ջուր էր տալիս ու խոսում, անդադար խոսում... Մին էլ հանկարծ խոսքը փոխեց, թե.

Ա՜խ, գիտեք նա ինչքան էր ուզում գա Կովկաս՝ տեսնելու իր մոր գերեզմանն ու իրենց դռան հին թթենին... Իսկ ես, ճշմարիտն ասեմ, վախենում էի դրանից: Ամեն անգամ ինձ թվում էր, թե իր հայրենիքի հողն է կանչում, գա թե չէ՝ կմեռնի...

Բժիշկը եկավ: Քննեց: Վերևից ներքև մարմինը քորոցով ծակծկեց: Արդեն կորցրել էր զգայունությունը: Ապա թե աչքերը բաց արավ բժիշկը, վառած մոմը դիմացը բռնեց, մատով բիբերը շոշափեցչէին շարժվում: Էլ հույս չկար: Մարում էին: Մի թույլ ու խոր թախիծ կար նրանց մեջ սառած մնացած...

Մի երկու ժամից հետո երբ նորից վերադարձա՝ կես ժամ առաջ մեռել էր:

Եվ տաք դիակի առջև կանգնած էն էի մտածում, թեչտեսավ... Այժմ էլ, երբ ցավելով խոսում են նրա տառապալից կյանքի մասին, նրա գրական գործի մասին, նրա գործերի հրատարակության և այլ ավելի մեծ խնդիրների մասինմի տարօրինակ համառությունով իմ սիրտն էլ էն փոքրիկ ցավն է բռնել, նրա վերջին կարոտը, որ՝ մեռնելով ձգտեց՝ ու չկարողացավ հասնի, տեսնի ոչ իր բազմատանջ ու շատ սիրած մոր գերեզմանը, էն մոր, որ աղքատության մեջ, անվառարան, ցուրտ խրճիթում ծոցն էր առնում ու տաքացնում իր փոքրիկ Ալեքսանդրին, և ոչ էլ էն հին թթենին, որ ցուրտ ու բուք գիշերները իր պառաված ճյուղերով մթնում անդադար ծեծում էր նրանց աղքատիկ խրճիթի պատերն ու կտուրը, և որի վրա ամռան արևոտ օրերին էնքան թութն է քաղել ու խաղացել, զվարճացել մանկուց որբացած ու ամեն զվարճություններից, ամեն հաճույքներից զրկված Ալեքսանդրը...

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ է ԽՈՍԻ

Մենք, ռուսահայերս, սովորաբար Հայաստան անվանել ենք Տաճկահայաստանին: Նույնիսկ Այրարատյան կամ Շիրակի դաշտից Տաճկահայաստան գնացողն էլ ասում է՝ Հայաստան եմ գնում: Էլ չեմ քննում, թե ինչ է սրա պատճառ., բայց էսպես է:

Եվ ահա էս պատերազմի ընթացքում, դեպքը բերեց, ես երկու անգամ գնացի Հայաստան: Մի անգամ Ալաշկերտի հովիտը, մյուս անգամ Վան: Ապա թե ծանոթացա Հայաստանի շատ մտավորականների հետ, մոտիկից տեսա Հայաստանի ժողովուրդը, ու մի ահագին ցավ ծանրացավ իմ սրտին, թե ես ի՛նչքան քիչ տեղեկություն եմ ունեցել էսօրվա կենդանի Հայաստանից. ես, որ համարվում եմ նրա ճանաչողներից մինը, ես, որ միշտ կարծիք եմ հայտնել ու շատ թե քիչ գործել նրա համար...

Նրանից հետո Վասպուրականի, Արածանու հովտի և այլ տեղերի գաղթականության հեղեղն եկավ ծովացավ Այրարատյան դաշտում:

Ես էլ նրան դիմավորողներից մինը եղա: Պտտվեցի նրանց մեջ Էջմիածնում, խոսեցի Թիֆլիսի ժողովներում, ու վերջը՝ դարձյալ մի տխուր գիտակցություն համակեց ամբողջ էությանս ու մի խորին վիշտ, թե մենք ի՛նչքան ենք տկար մեզ վրա եկած աղետի հանդեպ. տկար ֆիզիկապես, նյութականապես ու բարոյապես...

Հապա նրաՀայաստանի հա՞րցը, հայկական հա՞րցը...

Ի՛նչեր չեն խոսվել ու կատարվել էդ հարցի շուրջը...

Եվ Հայաստանը գրեթե միշտ լռության է եղել դատապարտված ակամա: Ոչ նրա ցավն ենք կարողացել ճշմարիտ իմանալ, ոչ էլ ցանկությունը:

Բավական էր:

Հայաստանը պետք է խոսի վերջապես:

Եվ պետք է խոսի էնքան լուրջ ու զգաստ, ինչքան լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդների մեջ, այլև էնքան հաստատուն ու բաց ճակատով կարող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել է ու կտա ազատ կյանքի համար:

ՀԱՅԿԱԶՅԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅՈԻՆԸ

Հիմնադրվում է Հայկազյան Ընկերությունը1:

Ինչի՞ համար է հիմնադրվում:

Ահա թե ինչի համար:

Ազգ ենք և մինչև էսօր չունենք մեր ազգային պատմությունը: Մեր ազգային պատմության նյութերը ցրված են վանքերում փակված ձեռագիրներից ու մեր շուրջը փռված հիշատակարաններից սկսած մինչև հեռավոր երկրների արխիվներն ու թանգարանները:

Էս բոլոր նյութերը պետք է հավաքել գիտնականների, պատմագետների ձեռքով, ուսումնասիրություններ կատարել, մենագրություններ գրել (մոնոգրաֆիա), և հետզհետե պատրաստել մեր ազգի գիտական ճշմարիտ պատմությունը:

Սա մի դժար ու մեծ գործ է, վեր ամեն անհատական և նույնիսկ մասնավոր ընկերության ուժերից:

Եվ էս գործը կատարելու համար է հիմնավորվում Հայկազյան Ընկերությունը՝ հենված համայն հայության բարոյական ու նյութական ուժերի վրա:

Գրականություն ունենք, բայց դեռ մի ընդհանուր գրական լեզու չունենք: Եղածն էլ աղքատ ու աղճատ և անկազմակերպ: Պետք է հավաքել հայոց բարբառների, բովանդակ հայության լեզվական գանձերը, բառերն ու ոճերը, ամբարել, ուսումնասիրել ու օգտագործել, կազմել հայոց կենդանի լեզվի բառարանը, ստեղծել հայոց ազգային գրական լեզուն:

Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան Ընկերությունը:

Գիտություն չկա մեր մեջ: Եվ դպրոց, և գրականություն, և հրապարակախոսություն, և հասարակական ու ազգային գործեր մեծ մասամբ հիմնված են տգիտության վրա: Կենտ ու հատիկ հայ գիտնականներն էլ փախչում են մեր մթնոլորտից, զբաղվում են ուրիշ գործերով, կամ հեռանում, օտարանում են ու օտար լեզվով են զբաղվում գիտությամբ: Եթե մի Նորայր Բյուզանդ էլ, թեև դարձյալ օտարության մեջ, գիտությունով պարապում է հայերեն՝ էն էլ վերջը անիծում է իր վիճակն ու կտակ է անում, որ իր աշխատանքը կրակի մատնեն:

Պետք է համախմբել հայ գիտնականներին, ստեղծել գիտություն հայերեն լեզվով և հայ գիտնականների կաճառ, գիտության օջախ, Հայկական Ակադեմիա:

Եվ պետք է ստեղծել Հայոց Համալսարանը, ուր կարելի լինի բարձրագույն գիտությունները ավանդել ու սովորել հայերեն լեզվով: Մեր տարրական ու միջնակարգ դպրոցների մեջտեղը պետք է կառուցանել ու պահել մի գիտության տաճար, մեր մանր ու մեծ ճրագների մեջտեղը պետք է վառել մի մեծ ջահ, — Հայկական Համալսարան:

Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան Ընկերությունը:

Ամեն մի նշանավոր հայ գրողի հոբելյանի կամ թաղման օրը մի էնտեսակ ընդհանուր, համազգային վայնասուն է բարձրանում, որ ամոթով կարող է ծածկել ամեն մի հետամնաց ժողովրդի. թե՛ նա տառապանքներից մեռավ, չկարողացավ ծառայել իր կոչումին, և այլն, և այլն... Եվ, հիրավի, գրեթե առանց բացառության, ոչ մի հայ գրող չի կարողացել գրականությամբ պարապի: Ամենքն էլ գրականությամբ պարապել են ի միջի այլոց, պատահաբար, ոտի վրա: Ամենքն էլ եղել են խանգարված գրողներ, և ամբողջ մեր գրականությունն էլ խանգարված գրողների խանգարված գրականություն է:

Պետք է ազգովին պաշտպանել հայոց գրականությունը, գրողներին կապել իրենց գործի հետ և միանգամ ընդմիշտ վերջ տալ էս անառողջ ու անպատվաբեր դրությանը:

Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան Ընկերությունը:

Գեղարվեստը՝ իր ամեն ճյուղերով՝ թատրոն, երաժշտություն, նկարչություն և այլն՝ մեր մեջ ընկած է երեսի վրա և թողած մասնավոր մարդկանց խնամքին ու հոգացողությանը, այսինքն անտեր: Մինչդեռ բարձր քաղաքակիրթ ժողովուրդ դառնալու և կոչվելու համար առանց գեղարվեստի՝ ճար ու ճանապարհ չկա: Պետք է ուժեղ կերպով հովանավորել ու զարգացնել գեղարվեստի ամեն մի ճյուղը մեր մեջ:

Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան Ընկերությունը:

Հայկազյան Ընկերությունը հիմնադրվում է էնպես, որ ամենքս միասին, միասնական ուժերով կարողանանք պաշտպանել ու առաջ տանել էս ընդհանուր մեծ գործը՝ մասնակցելով ու տալով մեր ունեցածից շատիցշատ, քչիցքիչ: Ունևորը միանվագ վճարում է հինգ հազար ռ. և դառնում է մշտական իսկական անդամ, իսկ նախանձախնդիր անդամները տալիս են տարեկան տասը ռ.: Իհարկե, նախանձախնդիրն էլ միանվագ կարող է վճարել մի քանի հարյուր ռ., փոխանակ ամեն տարի 10 ռ. վճարելու: Եվ մեր ունևորներն ինչքան էլ առատ մոտենան գործին՝ այսուամենայնիվ տասը ռուբլանոց անդամները ահագին ազդեցություն են անելու գործի վրա, հարկավ, եթե ամեն տեղ էլ զգան գործի մեծությունը, ամենքն էլ արձագանք տան ու տարեկան տասը ոուբլուց ձեռք քաշելով՝ մտածեն էս տեսակ մի մեծ ազգային գործ ստեղծելու, ինչի համար որ հիմնվում է Ընկերությունը:

Եվ նա հիմնվում է ընդհանուր հայության ազգային դրոշմովՀայկազյան անունով:

Իսկ եթե հիմնվում է էս տեսակ ծանր օրերին, դա միայն պատիվ է բերում մեզ: Եթե իտալացին կարող է պատերազմի դաշտումխրամատում համալսարան բաց անի և զբաղվի գիտությունով ու գեղարվեստով՝ մենք ինչո՞ւ չենք կարող խրամատներից էսքան հեռու զբաղվել նույն գիտությունով ու գեղարվեստով:

Չմոռանանք, որ հայ ժողովուրդը ինչ բարձր բան կատարել է՝ միշտ կատարել է՝ չնայելով նեղ ու դառն ժամանակին...

Եվ սրա մեջն է մեր ցեղի մեծությունն ու մեր կյանքի մեծ դրաման:

Ինչ որ մենք կլինենք՝ մեր Համալսարանն էլ մեզ հետ:

ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Մայիսի 11-ին Մոսկվայի Մեծ թատրոնում մի նշանավոր ժողով է գումարվել1, ուր հանդես են եկել մի շարք ռուս հռչակավոր ակադեմիկոսներ, պրոֆեսորներ ու գրողներ: Բոլորը միաձայն իրենց ճառերում Ռուսաստանի հիմնական դժբախտությունը որոնում են ու գտնում են ետամնացության մեջ, որի մեջ պահում էր հին բռնապետական կառավարությունը: Ցույց են տվել, որ գերմանական մի մեծ գործարանում ավելի շատ քիմիկոսներ կան, քան բովանդակ Ռուսաստանում: — Գիտություն, տնխնիկա, կուլտուրա, ահա թե ինչի մեջն է Գերմանիայի ահռելի ուժը, որով կռվում է գրեթե ամբողջ աշխարհքի դեմ, և միայն այժմ է խեղճանում, երբ իրեն դեմ էլ Անգլիան, Ֆրանսիան ու Ամերիկան դուրս բերին նույն գիտության, տեխնիկայի ու կուլտուրայի անպարտելի ուժը:

Следующая страница