Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Առանձնապես խոր տպավորություն են արել Ն. Մորոզովի և Մաքսիմ Գորկու ճառերը:

Ազատությունը դեռ ամեն բան չի, և դեմոկրատիան դեռ ամեն բան չի, ասել է Ն. Մորոզովը, նշանավոր հեղափոխականը, Շլիսելբուրգի 23-ամյա կալանավորը2: Նախնական վայրենին էլ ուներ անսահման ազատության: Նա, անշուշտ, ամենաազատ դեմոկրատն էր: Բայց նրա բնակավայրում կատարած պեղումները երևան են հանում մարդկանց կրծած ոսկորների կույտեր: Էսպես էր տոնում իր տոնը հին ազատ դեմոկրատըիր մերձավորին ուտելով: Մարդակեր էր նա:

Չի կարելի անգույն բազմությունը դարձնել անսխալական աստվածություն: Փառք ու պատիվ բանվորի կոշտացած ձեռքերին, բայց փառք ու պատիվ և ռուսական մեծ ինտելիգենցիային, որի գաղափարներով վերափոխվում է Ռուսաստանը:

Առանց գիտության ու կուլտուրայի մենք՝ էսպես ներքև գլորվելով դեռ երկար ժամանակ վայրենի կմնանք:

Ավելի խորն է ցնցել Մաքսիմ Գորկու ճառը3, որ մի կրակոտ ջատագովություն է գիտությանը: Նա եղած ազատությունը անվանում է արտաքին ազատություն. ասում է հոգեպես դեռ ստրուկ ենք: Հոգեկան ստրկությունից մեզ միայն գիտությունն է ազատելու: Եվ ռուսական երազկոտությունը, տգիտությունն ու ծուլությունը ձաղկելուց հետո, որոտընդոստ ծափերի մեջ իր խոսքը վերջացնելով առաջարկել է հիմնել գիտության ինստիտուտ 1917 թ. փետրվարի 27-ի հիշատակին: Տեղն ու տեղը տվել է իր հասցեն, որ գործին օգնել ուզողները իրենց օգնությունը իրեն հասցնեն: Մարդու ծանր մտածմունքների մեջ են ընկղմում էս գեղեցիկ հավաքույթն ու էս ընտիր մարդկանց անկեղծ խոսքերը:

Ուզենք չուզենք՝ անալոգիայով վերադառնամ ենք դեպի մեզ ու մտածում, եթե սրանք հայտարարում են, թե գերմանական մի գործարանում ավելի շատ քիմիկոսներ կան, քան թե ամբողջ Ռուսաստանում և սարսափում են իրենց ետամնացությունից՝ ինչ պետք է անենք մենք, երբ հաստատ գիտենք, որ ետամնաց Ռուսաստանի էս մի ժողովում, ուր ողբում են իրենց տգիտությունը ավելի շատ գիտնականներ կան, քան թե ամբողջ հայոց ազգի մեջ...

Բայց ի՞նչ եմ ասում, ոչ թե ժողովում, այլ էս ժողովի միայն մի շարքում... իհարկե մեր խոսքը հայ գիտնականի մասին է:

Մի զարմանալի զուգադիպությամբ հենց էս միևնույն օրը, մայիսի 11-ին նշանակված էր Հայ Գրողների Ընկերության փակ երեկույթը, ուր ես մի համառոտ զեկուցումով պետք է ցույց տայի մեր գրականության ու գեղարվեստի խեղճությունը և գիտության կատարյալ բացակայությունը, որ մենք արտաքուստ ազատվելով, հոգեպես մնում ենք ստրուկ և պետք է խորհրդածեինք Հայոց Համալսարանի ու Հայոց Ակադեմիայի մեծ կարևորության մասին: Էնպես պատահեց, որ էդ օրը դահլիճը բռնեց հայ ուսուցչական համագումարը և, զեկուցում կարդալու փոխարեն, նույն խեղճության ու հոգեկան ստրկության մասին ես ստիպված էի շատ ավելի սեղմ շեշտել Հայ ուսուցչական Համագումարի առջև իմ ողջույնի խոսքի մեջ՝ իսկական, ներքին ազատությունը ակնկալելով ազատ դպրոցից ու ճշմարիտ լուսավորությունից:

Այո՛, մենք շատ ու շատ ավելի ենք ետամնաց և ավելի խոր էլ պիտի զգանք մեր հոգևոր ստրկությանը, ավելի ուշադիր էլ ականջ դնենք աշխարհքի առաջավոր ժողովուրդների ու նրանց լավագույն զավակների կոչին, հետևենք նրանց, հիմնենք ու ազգովին պաշտպանենք Հայոց համալսարանը, Հայոց Ակադեմիան, զարգացնենք ու ծավալենք գիտությունը, գրականությունն ու գեղարվեստը մեզանում: Եվ մենք ամեն կողմից ընդունակ ենք էս բարձր նպատակներին հասնելու, լավագույն ազգերի բարձրությանը հասնելու, իսկ էս ամենին հասնելու համար արդեն ճանապարհը բաց է մեր առջև, ուղիղ ու պայծառ:

1918

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿՈԻՆ

Թանկագին Սերգեյ Միտրոֆանովիչ.

Մեծ պատերազմի ընթացքում բոլոր ժողովուրդներն աշխարհի առաջ, համարյա ամբողջությամբ, արտահայտեցին իրենց էությունը, և ամենից ավելի, թերևս, այս ժողովուրդը, որովհետև նա, պատերազմից բացի, կատարել է և հեղափոխություն: Պարզվեց, որ այդ ժողովուրդը մի կենտավրոս է և նրան իր ամբողջությամբ մենք չէինք տեսել և չգիտեինք:

Մինչև այժմ մենք տեսել էինք միայն նրա գլուխը, ի դեմս նրա գրողների և մտավորականության, իսկ ժողովուրդն ինքըմարմինըմնում էր մթության մեջ և մեզ անծանոթ:

Եվ ես այժմ եմ միայն ըմբռնում ռուս գրականության համար այնքան յուրահատուկ, իսկ ուրիշ ժողովուրդների գրականություններին օտար, ձգտումը՝ «ճանաչել իր ժողովրդին»:

Հիրավի մեզ անծանոթ էր այդ մարմինը, որը սակայն ինքն էր աճեցրել այդ գլուխը, որ ընդունակ է այնքան բարձրանալու և ազատ հայացքով ընդգրկելու լայն ու հեռու տարածություններ: Իսկ լայնն ու հեռուն՝ հենց դա էլ ժողովրդի հայրենիքն է:

Եվ ես կարծում եմ, որ բոլշևիզմի մեծ խիզախումները խորթ չեն ռուս մարդու հոգուն: Իսկ ռուս ժողովուրդը առհասարակ մեծ միսիա ունի կատարելու ժողովուրդների կյանքում:

Այսպես նայելով Ռուսաստանին և այդպես հասկանալով նրան, ես իմ խոսքը սահմանափակում եմ Կովկասով, և ուզում եմ մի հարցում անել, որին Դուք, թերևս, կպատասխանեք որպես ռուս բանաստեղծ և ռուս ժողովրդի հոգու մեկնիչ:

Ձեր աչքերի առաջ այստեղ Կովկասում տեղի է ունենում չափազանաց տարօրինակ երևույթ:

Այն ժամանակ, երբ Կովկասի բոլոր ժողովուրդները մեկը մյուսի ետևից ողջունում են նոր, ազատ Ռուսաստանը և իրենց ազգային համագումարներում որոշում են մնալ ազատ, մեծ ռուսաստանյան հանրապետության կազմում, հենց այդ ժամանակ ռուսական բանակը, որ հաղթանակորեն մտել է թշնամու երկրի խորքը և դարձել դրության տերը, սկսում է նահանջել ո՛չ միայն ռազմադաշտից, այլև լքել նույնիսկ Կովկասը:

Հավատա՞լ արդյոք, որ ռուսներն այդքան հեշտ կարող են թողնել իրենց գրաված վայրերը և Կովկասը:

Հավատա՞լ արդյոք, որ ռուսները միայն ցարերի կամքով էին Կովկաս գալիս, և այժմ, երբ այդ կամքը չկա, վերադառնում են տուն:

Մի՞թե Ռուսաստանը միայն մի ռետինե զանգված է, որին ձգեին այնքան շատ և այժմ ազատ մնալով, կծկվում է ետ, թե՞ ռուս ժողովրդի այդ պատմական առաջընթացն ուներ իր ներքին, ժողովրդի մեծ ոգով պայմանավորված, իմաստը:

Կովկասի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի նվաճման ժամանակ ռուս լավագույն մարդիկ այն միտքն էին հայտնում, որ Ռուսաստանը կոչված է այդ երկրներում ստեղծել քաղաքացիական ազատ կյանք, արդար իրավակարգ և լինել կուլտուրայի և լուսավորության կրողը:

Ի՞նչ եք կարծում, այդ բոլորը միայն դատարկ ֆրազնե՞ր էին, և մենք, որ մինչև այժմ հավատում էինք, սխալվե՞լ ենք:

Ռուսաստանն ավելի քան մի հարյուրամյակի ընթացքում միլիարդներով փող է գործադրել և անհամար հերոսական պատերազմներում միլիոնավոր կյանքեր զոհաբերել և ստեղծել լայնածավալ մի պետություն, որ այժմ դարձել է ռուսական մեծ հանրապետություն:

Ի՞նչ եք կարծում ՝ ոչ մի կապ չկա՞ այն միլիոնավոր ռուս մարդկանց և այժմյան ռուսների միջև: Եվ մեր օրերի ազատ ռուս մարդիկ, որ դեռևս կանգնած են պատմական եղբայրական շիրիմների վրա, մի՞թե այժմ հրաժարվում են իրենց ժառանգությունից, Արևելքում իրենց գրաված դիրքից և իրենց ազգային մեծ միսիան կատարելուց:

Մի՞թե այս նոր երրորդ Հռոմի փլուզումը ցավալի արձագանք չի գտնում նրա որդիների սրտերում, և մի՞թե մեծ հայրենիքը պաշտպանություն չի գտնի իր բազում գնդերից, և չի առաջանա մի նոր հզոր շարժում Ռուսաստանի վեհության, ազատության ու պատվի պաշտպանության համար:

1918 թ. հունվար

ՁՈՆ

Երիտասարդ ընկերնե՜ր:

Վաղուց ի վեր մենք բաժանված ենք եղել երկու մեծ հատվածիՌուսահայ և Տաճկահայ, ու միշտ ձգտել ենք նորից միանալու, իբրև մի պատառված ամբողջության երկու մասեր: Բայց աշխարհքի չար տիրողները ամեն անգամ սրերով են կտրատել մեր՝ եղբայրական գրկախառնության համար իրար տարածած բազուկները:

Էսօր էլ եթե միացել ենք, միացել ենք համաշխարհային թոհուբոհի հետևանքով, կենդանին ու մեռելն իրար խառնված, երբ հույսի ու հուսահատության շափառուկները անդադար հետևում են իրար մեր տակավին սևակնած երկնքում:

Սակայն անխորտակելի է մեր ժողովրդի կուլտուրական հակումն ու ձգտումը և ստեղծագործության տենչն ու կարոտը անդիմադրելի:

Մեր ամեն ինչ կորցրած գաղթականը օտարության մեջ հենց կանաչ խոտի վրա կրակ արավ թե չէ՝ իր առաջին հոգսերից մեկն եղավ գրադարան հիմնել, դպրոց բանալ ու թերթ հրատարակել:

Այժմ էլ, երբ մի կողմի արյունն ու արցունքը չեն ցամաքել, իսկ մյուս կողմը երերում է տագնապի դաժան շնչից, մեր երիտասարդ գրողները երկուստեք իրար են եկել իրենց՝ անցյալի տխրության ու ապագայի խնդության արցունքները միացնելու մի նորհոգևոր Հրազդանի մեջ սասանած հայության ոգին ոռոգելու և կազդուրելու համար: Ես ուզում եմ մեր անմահ ՆահապետիՀրազդանի երգչի անուշ խոսքերով բացականչել. —

Ա՛յ դրախտի ջրեր, իջե՛ք, իջե՜ք,
Զերկիրն Հայոց արբեցուցեք1...

Բարով ես գալիս, ո՛վ նոր Հրազդան, բարով եք գալիս, ո՛վ նորեր, ո՛վ լավեր: Դու՛ք, որ բազմատանջ հայության երկար ժամանակով բաժանված ու իրար կարոտ հոգիները առաջին անգամ միացնում եք ձեր՝ թեկուզ և համեստ, բայց գեղեցիկ գործի մեջ: Օրհնված լինիք և դուք և ձեր ազնիվ գործը: Եվ թող ձեր երիտասարդ կյանքի վրա բացվի էն երջանիկ արշալույսը, որ մերնախորդներիս երիտասարդությունը երազեց իր փոթորկալի ու մութ գիշերին:

1919

<ԽՈՍՔ ԻՐ ՀԻՍՆԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ>

Թանկագին ուսուցիչներ ու սիրելի աշակերտներ, դեռ փոքր, պատանեկական հասակում ես տաղ էի ասում մեր մեծերի մոտ, որոնք ինձ ասացին՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք...». սակայն անցան տարիներ և ես նորից պիտի ասեմ՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Մենք գրքերում էինք կարդում ու հեքիաթներում լսում մարդկանց գազանությունների մասին, սակայն այսօր մենք մեր աչքերով տեսանք, որ դեռ չի վերացել կռիվը, պատերազմը:

Շատ ճակատներ կան պատերազմում, սակայն ամենավսեմը ձերն է, որովհետև դուք եք կռվում այն լուսավոր գաղափարների համար, որոնք պիտի բերեն եղբայրություն ու ազգերի համերաշխություն, հավասարություն, լույս ու արդարություն: Դուք պիտի պայքարեք՝ վերացնելու ժողովուրդների վրայից տանջանքներն ու թշվառությունները: Ես մի համեստ գործիչ եմ, և այսօր ձեր այդ վառ զգացմունքները ապացուցում են, որ դուք պիտի ձեր գործը սրբությամբ կատարեք:

Ծերանալուց հետո՝ ես նորից կրկնում եմ ձեզ, սիրելի աշակերտներ՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Մենք, հին սերունդը դժբախտ եղավ, մաղթում եմ, որ դուք ստեղծեք երջանիկ կյանք: Հայտնում եմ ձեզ բոլորիդ իմ խորին շնորհակալությունը՝ ինձ ցույց տված զգացմունքների համար:

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԼԵՎԱՆ ԿԻՊԻԱՆՈԻՆ

I

Իմ թանկագին ընկեր, իմ հոգու ընկեր, Լևան Դավիդովիչ: Ձեր հրապարակական նամակներում դուք ինձ առաջարկներ եք անում ու հարցեր եք տալիս, և ինձ ինչքան հետաքրքրում ու զբաղեցնում են ձեր արած առաջարկներն ու հարցերը՝ ևս առավել զմայլեցնում է էն պարզ, անկեղծ ու բարի սիրտը, որ երևում է ձեր տողերում, էն ազնիվ, բանաստեղծական հոգին, որով համակված են ձեր հոդվածները: Լավ վրացու, իսկական վրացու սիրտն ու հոգին:

Եվ էդ տեսակ մարդը դեռ հարց է տալիս, թե ի՞նչ պետք է անենք, որ մոտենանք իրար:

Ես ձեզ կասեմ. — էդ տեսակ սիրտ պիտի ունենանք:

Եվ տեսնու՞մ եք, որ ունենք: Եվ դեռ էդպես շատ սրտերի տեղ գիտեմ ես: Բայց, իհարկե, դուք ձեր սիրտը չեք տեսնում և ոչ էլ հաշվի եք առնում, ինչպես և ձեզ նմանները, ճիշտ էնպես, ինչպես երեխաները տեղեկություն չունեն իրենց անմեղության մասին և առանձին նշանակություն էլ չեն տալիս:

Դուք էլ երկյուղով եք նայում էն անդունդին, որ փորել են մեր ժողովուրդների մեջ մեր կառավարող շրջանները: Սակայն չէ՞ որ ժամանակն աշխարհքին նոր լոզունգ է տվել, — էդ տեսակ դեպքերում երես դարձնել կառավարող շրջաններից և նայել հասարակ ժողովրդին, ամեն մի ազգի ընդհանրությանը, և իսկույն ձեր երկյուղը կանցնի:

Դուք հատկապես խոսում եք հայ և վրացի ժողովուրդների մասին: Նայեցեք հասարակ ժողովրդին: Ես ձեզ մի կոնկրետ օրինակ բերեմ նորանցյալ հայ-վրացական դժբախտ ընդհարումից: Ականատեսներն են պատմում:

Լոռու ձորում մի կամուրջ կա: Էդ կամուրջի մի ծերին կանգնեցրել են հայ պահակ զինվորին, մյուս ծերին՝ վրացի: Նրանք երկուսն էլ հրացաններն ուսներին բռնած՝ համառ նայում են իրար: Բանից դուրս է գալիս ընկերներ են, կռվի դաշտում տարիներ շարունակ կռվել են միասին, միասին տառապել, միասին ուրախացել, միասին կերել ու միասին քնել: Այժմ բերել են իրար դեմ ու դեմ կանգնեցրել իբրև երկու թշնամու, և հրացաններն ուսներին բռնած նրանք համառ նայում են իրար: Մեկ էլ դիմում են իրենց կողքին գտնվող գյուղացիներին և խնդրում են տեսնել ու իրենց հայտնել թե արդյոք իրենց մեծավորներից մոտիկ կան, թե չէ, հսկում են իրենց, թե չէ: Երբ իմանում են՝ որ չկան՝ վազում են, գալիս կամուրջի մեջտեղը, գրկվում, համբուրվում, նորից հետ վազում իրենց տեղերը կանգնում ու դարձյալ հրացաններն ուսներին համառ նայում են իրար:

Էսպես է, իմ անգին Լևան Դավիդովիչ. թշնամությունը, որ ստեղծված է մեր ժողովուրդների մեջ՝ արհեստական է, իսկ սերն ու եղբայրության զգացմունքը բնական և շատ ավելի ուժեղ, քան թե կարծում են մեզանում:

Ժողովուրդներին խորթ է կաբինետում նստած պոլիտիկոսի նեղսրտությունը և վայրկյաններով ապրող կառավարիչների հիվանդ նյարդայնությունը: Նրանք բնության մեջ ու բնության հետ ձուլված են ապրում, և դարերով ապրած կյանքն ու փորձն է նրանց առաջնորդում: Էդ է պատճառը, որ նրանք էսքան էլ կարողանում <են> դիմանալ էն բոլոր թույներին, որ ներարկում են նրանց տանջված մարմնի մեջ հազար ու մի տեսակ կառավարիչներ ու ղեկավարներ ամեն տեսակ բարձր գաղափարի անունով և կամ ուղղակի բարբարոսաբար:

Ես ձեզ ավելին կասեմ. ոչ միային մեր երկու ժողովրդի մեջ է ուժեղ ու կենդանի էդ փրկարար շունչն ու զգացմունքը, այլև առհասարակ ժողովուրդների մեջ: Առեք հենց թուրքերին ու հայերին: Ես ձեզ էն տեսակ սրտառուչ դեպքեր կպատմեմ, և շատ ու շատ դեպքեր թուրքերի ու հայերի հարաբերություններից, էն տեսակ սրտալի եղբայրական վերաբերմունք թե՛ թուրքի, թե՛ հայի կողմից, որ կզարմանաք: Եվ էդ էլ էն ժամանակ, երբ վատությունն ու կոտորածը ամեն կողմից քաջալերվում է ու բորբոքվում, իսկ լավություն անելս արգելվում, նույնիսկ մահվան սպառնալիքով արգելվում:

Այո՛, ժամանակն է, թանկագին ընկեր, որ հայտնվեն ու ավելի թափով գործի անցնեն և էդ լավ զգացմունքների պաշտպաններն ու արծարծողները:

Դուք ճիշտ եք նկատում, որ էդ ժողովուրդների բանաստեղծները պետք է լինեն: Ես համաձայն եմ: Եվ նրանք արդեն սկսել են, նրանք արդեն եկել են կամուրջի մեջտեղը, գրկվում ու համբուրվում են ի տես բոլոր ժողովուրդների, և նրանց գրկախառնությունն ու համբույրը պիտի ընդհանրանա:

Դուք առանձնապես ինձ վրա մեծ պարտականություն եք դնում: Ես շատ երջանիկ կլինեի և իմ բանաստեղծություններից ավելի բարձր կդնեի, եթե կարողանայի գործ տեսնել էս ասպարեզում: Եվ ինձ թվում է, որ մեզ կհաջողի: Կհաջողի, որովհետև մի կողմից՝ կատարյալ է մեր բոլոր ժողովուրդների բանաստեղծների ոգևորությունն ու լուսավոր միաբանությունը էս գործի մեջ, մյուս կողմից շատ է մեծ մեր ժողովուրդների մեջ փափագըթողնել սուրն ու թշնամությունը և իրար մոտենալ, կապվել համերաշխության ու եղբայրության կապերով:

Վերջերս, իմ ծննդյան հիսնամյակի առիթով եղած շնորհավորանքների ժամանակ ես համոզվեցի, որ գործն արդեն շատ է հասունացած:

Տեսա, որ մեր հարևան ժողովուրդների ներկայացուցիչները ինչքան իրենց հարևան ժողովրդի գրականությունը հարգելու համար են գալիս, բայց շաւո ավելի նրանց շարժել է էն հանգամանքը, որ ես կողմնակից եմ եղած ժողովուրդների համերշխությանը:

Մեր հայ հասարակությունն էլ երբեք էնքան բուռն չծափահարեց իմ բանաստեղծությունը, որքան իմ էդ զգացմունքը և ազգերի եղբայրության խոսքը: Մեր նոր երիտասարդությունը ոգևորված ծափերով ընդունեց, երբ իմ՝ իրեն ուղղված խոսքի մեջ իբրև կտակ խնդրում էի թողնել հին ճանապարհը, խրատ առնել հին սերնդի փորձերից և փոխադարձ երջանկության համար համերաշխության կապեր հաստատել հարևան ժողովուրդների հետ: Եվ պետք է տեսնել թե ամեն անգամ ինչ ոգեորություն է տիրում մեր հասարակությանը, երբ իր բանաստեղծների հետ միասին

նրա առջև հայտնվում են հարևան ժողովուրդների և առհասարակ օտար ժողովուրդների բանաստեղծները: Սրանով մեր ժողովուրդներն իրենք արդեն ցույց են տալիս ճանապարհը և հրամայում են գնալ էդ ճանապարհով:

Ժամանակ է, որ մեր կառավարող շրջաններն էլ հասկանան ժամանակի ու ժողովուրդների պահանջները, իրենք էլ մի քիչ բանաստեղծ դառնան, իրենք էլ բանաստեղծների ու հասարակ ժողովուրդների հետ միասին գան եղբայրության կամուրջի մեջտեղը եղբայրորեն համբուրվելու: Այլապես նրանց էլ կհասնի էն վատ կառավարիչների ճակատագիրը, որոնք խորտակվում ու անեծքով են կորչում իրենց վատ ճանապարհին՝ եղբայրության, խաղաղության և արդար աշխատանքի դրոշը տանող ժողովուրդների ոտների տակ:

Էս համոզմունքով ու էս զգացմունքով մենք իրար կգանք, և մեզ հետ բոլոր նրանք, որոնք բանաստեղծ են հոգով:

Ավելի թափով ու միաբան կանցնենք գործի, մեր լուսավոր ու փրկարար գործի:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈԻԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ

Ես մեր բանաստեղծների, վիպասանների ու դրամատուրգների գործերը տարիներ առաջ եմ կարդացել:

Սխալ կանեի, եթե մեր գեղեցիկ գրականության վրա կարծիք հայտնեի հին տպավորության տակ:

Էն ժամանակից շատ են փոխված իմ գրական ճաշակն ու հասկացողությունը և իմ աշխարհայացքը: Ինչ որ էն ժամանակ թվում էր գեղեցիկ ու հերոսական, այժմ տգեղ է ու բարբարոսական: Ես վերջին տարիներս, երբ դեպք է լինում՝ վերադառնում եմ իմ հին կարդացածներից մեկին կամ մյուսին՝ հիասթափվում եմ հաճախ: Ընդհանուր տպավորությունս ու կարծիքս էն է, որ մեր գեղեցիկ գրականությունը առողջ ու ամբողջական գործեր շատ չունի:

Մինչև այժմ մեր գրականությունը հարազատ հող չի ունեցել իր ոտի տակ, մեծ մասով գաղութային գրականություն է եղել: Բանաստեղծի ոտը հարազատ ու իրական հողի վրա պիտի լինի, նրանից հետո միայն կարող է բարձրանալ, թեկուզ գլուխը մինչև երկինք հասնի:

Հայոց ապագա գեղեցիկ գրականության զարգացման գրավականը ապագա Հայաստանն է, ազատ, հարազատ հողը, ժողովուրդը:

Էդ ապագա Հայաստանն էլ կտա մեր գրականության ուժեղ ու կենդանի լեզուն, որ լինելու է ժողովրդական բարբառների, գրաբարի ու եղած գրական լեզվի համադրությունը: Հայ ժողովրդական կենդանի բարբառների ազդեցությունն է լինելու տիրական:

Չնչին է հայ ժողովրդական կենդանի բարբառների միջև եղած տարբերությունը և կայանում է գլխավորապես կը-ի և ում-ի մեջ: Էդտեղ էլ՝ գերակշռելու է կովկասահայ բարբառը: Էս չնչին տարբերությունները մի կողմ թողած, հայ ժողովրդական բարբառները մի լեզու են և հայտնաբերում են մի ամբողջական հայություն:

1920

ՊԱՅԾԱՌ ԷՋԵՐ

1904 թվին, անհաջող պատերազմի հետևանքով, Ռուսաստանը ծայրից ծայր սկսել էր ալեկոծվել:

Հեղափոխության ուրվականից վախեցած ռուսական բյուրոկրատիան ժողովուրդների համար մի չար խաղ հնարեց, ցանկանալով բաժանել նրանց և դրանով զբաղեցնել նրանց ուշադրությունը:

Էդ ուղղությամբ նա գործի ձեռնարկեց և Անդրկովկասում:

Անդրկովկասում պետք էր իրար դեմ հանել երեք ժողովուրդհային, վրացուն ու թուրքին:

Անցյալ փորձերը ցույց էին տվել, որ անկարելի էր հայ-վրացական ժողովուրդների ընդհարումը գլուխ բերել:

Այո՛, եղել են տխուր միջադեպեր, բայց դրանք կարողացել են միայն պաղեցնել, պղտորել, թունավորել ժամանակավորապես էդ ժողովուրդների հարաբերությունները, էն էլ միշտ վերին խավերում, և շատ-շատ թույնը հասցնել մինչև գործիչների ու հրապարակախոսների լեզուն, բայց էդ թույնը հասցնել մինչև հայ և վրացի ժողովուրդների հոգու խորքըչի հաջողվել երբեք: Եվ մնացել են անսասան մեծագույն հիշատակներով լեցուն էդ հոգիները:

Եվ էն երկու ժողովուրդը, որոնք իրենց պատմությունը սկսում են նրանով, թե Հայկոսը (Հայկ) և Քարթլոսը եղբայրներ էին, մնացել են ու մնում են անսասան՝ կապված իրենց փոթորկալից պատմական ճակատագրով և մեծագույն հիշատակներով:

Նրանք միաժամանակ են հնարել իրենց գիրը, միաժամանակ են ընդունել քրիստոնեությունը, միասին մշակել թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ գրականությունն ու գիտությունը, միասին կռվել իրենց ազատության և կուլտուրայի համար և միասին նույնիսկ իրենց մեծ տառապանքների մեջ ու միշտ բախտակից:

Նրանք միասին հաղորդակից են եղել հունա-հռոմեական կուլտուրային և շարունակ միասին պաշտպան կանգնել արևմտյան քաղաքակրթությանը:

Եվ էն հայ գործիչը, որ չէր պաշտպանում Վրաստանին, չէր հասկանում իր ժողովրդին ու իր պատմությունը, և էն վրացին, որ չէր պաշտպանում հային ու Հայաստանը, չէր հասկանում վրաց ժողովրդին և Վրաստանի պատմական ճանապարհը: Էնպես որ, հայ թե վրաց պատմության մեջ լավագույն վրացին պաշտպանում է Հայաստանին, հայը՝ Վրաստանին:

Նույն հայը կամ վրացիս, որ լավ գիտեր և հասկանում էր իր ժողովրդի բախտն ու բնավորությունը. և նրա գերագույն շահերը, միշտ պաշտպանում էր իր հարևանին, ինչպես ինքն իրեն: Հենց էդ պատճաոով էլ հայոց պատմության մեջ կարելի է կարդալ, օրինակ, էսպիսի մի վկայության վրաց թագավորի մասին.

«Եւ էր Դաւիթ արքայ այր սուրբ և առաքինի, զարդարեալ ամենայն աստուածպաշտութեամբ և բարի արդարութեամբ. և սա երևեցաւ ընդունող և սիրող ազգին հայոց: Առ սա ժողովեցան մնացեալ զօրքն հայոց, և սա շինեաց քաղաք հայոց ի յաշխարհն վրաց, և հաստատեաց եկեղեցիս և վանորայս բազումս և անսանեաց զանուն քաղաքին Գառայ... և ունէր մեծաւ ուրախութեամբ և ցնծութեամբ զամենայն ազգն Հայոց» («Պատմութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ», 1869, Երուսաղեմ, էջ 447):

Կամ էն պատմությունը, թե վրաց թագավորն ինչպես ազատեց հայոց մայրաքաղաքը թշնամու ձեռից և թե ինչքան նեղություններ են քաշել հայերը վրաց թագավորի մահից հետո (նույն, էջ 451, 459):

Էդ տեսակ վկայություններ է տալիս նաև վրաց պատմությունը հայերի մասին.

«Օգտվելով մահվամբ հայոց Աշոտ թագավորի, որ այդ ժամանակ միակ հետևողն էր Վրաստանի խաղաղության, Պադլան, Դինաուրի Գաբրիել քորեպիսկոպոսի հաջորդը գրավեց Գարդաբանի մի մասը, Քարթալինիային պատկանող շրջանները, իսկ Աբխազական Բագրատ թագավորը մտավ բուն Քարթալինիա»: («Վրաստանի պատմություն» իշխ. Ս. Բարաթովի. Ս. Պ. Բ. 1871. էջ 18):

Սրանք, իհարկե, եզակի դեպքեր չեն, որ կարելի է բերել հայոց կամ վրաց պատմությունից: Եվ էդ դեռ տիրողների՝ թագավորների և իշխանների կյանքից: Իսկ ժողովուրդը... սովորաբար ասում են, թե ժողովուրդը քիչ է երևում անցյալում, պատմության մեջ:

Ո՛չ, ես կարծում եմ, ժողովուրդը կա, երևում է, նա խոսում է հազար ձևերով ու արտահայտություններով. միայն հարկավոր է կարողանալ էդ գտնել, նկատել և տեսնել:

Ահա՛ հայ ժողովուրդը, խտացած իր ազգային էպոսիՍասունցի Դավթի մեջ:

Եվ էսպես էլ, հայկական էպոսի մեջ մշտապես անսասան կանգնած են հայոց հսկայիՍասունցի Դավթի և վրացի հսկայիԳեորգիի (այլ վարիանտով՝ Համդոլ) հսկայի դեմքերը իրար կողքի, ուր Դավիթը Գեորգիին է տալիս իր բարևը, Գեորգին էլ միայն Դավթի բարևն է առնում, նա է Դավթին զգուշացնում վերահաս վտանգի հանդեպ, և նրան է հավատում Դավիթն անվերապահ: Նրանց սրերը երբեք չեն խաչաձևվում, և բացառապես սիրո և բարեկամության համար է Դավիթը Գեորգիի երկիրը գալիս:

Ահա՛ ձեզ ամբողջ ժողովրդի արտահայտած կարծիքը, սերունդներով ամրապնդված կապը, հավերժորեն գծված ճանապարհը: Հայ լինի թե վրացի, եթե շեղվում է էդ ճանապարհից, նա դավաճանում է իր ցեղի ոգուն...

Սակայն հենց նույն էպոսը հրաշալի կերպով խնդիրը պարզում է և բաց անում գեղեցիկ ապագայի հեռանկարը: Երբ Սասունցի Դավիթը հարձակվում է և սկսում է կոտորել թշնամու զորքին, մի ծերունի է առաջ գալիս և ասումԴավի՛թ, ինչո՞ւ ես մեզ կոտորում, մենք խեղճ ռանչպար մարդիկ ենք, թագավորն է զոռով հավաքել մեզ կռվի բերել, մենք քո դեմ բան չունենք, թագավորն է քո թշնամին, կռիվ ունես նրա հետ արա: Քո թուրկայծակով ինչո՞ւ ես կոտորում խեղճ ժողովրդին: Եվ հսկայի թուր-կայծակին մնում է օդում կախված:

Լավ ես ասում դու, ծերունի, — պատասխանում է Սասունցի Դավիթը, և թողնելով հասարակ ժողովրդին, դարձնում է իր ձիու գլուխը և ուղղում դեպի թագավորի վրանը:

Էսպես:

Եվ ահաէն գլխից մինչև էս գլուխը: Ինչ կռիվ ու կոտորած ուզում է լինի` հնագույն բռնապետներից մինչև դեմոկրատիկ հասարակապետությունները՝ միշտ սարքված են երկիրները կառավարողների և ղեկավար շրջանների ու ղեկավար մարդկանց ձեռքով: Եվ միշտ էդ արվել է հասարակ ժողովրդի, աշխատավոր մարդու կամքի ու ցանկության հակառակ:

Եվ հենց դրա մեջն է էն մեծ ու հաստատ մխիթարանքը, որ էդ բոլոր աղետների մեջ ոչ թե հասարակ ժողովուրդն է մեղավոր, այլ նրա իշխանավորները, և քանի շատ էդ վերջինները թուլանան, իսկ իրենք՝ ժողովուրդները դառնան ավելի գիտակից ու անմիջականորեն մոտենան իրար, և քանի իրավունքն ու իշխանությունը անցնի ժողովրդին, հասարակին, ընդհանուրին, աշխատողինէնքան էլ մեղմանալու են էդ աղետները և վերջապես վերանալու: Իսկ թե ժողովուրդն անմեղ է ամեն կռվի ու կոտորածի մեջ և հակառակ՝ դրա ամենալավ ապացույցներից մեկը հենց 190506 թվականների հայ-թուրքական ընդհարումներն էին, որոնցից ես մի քանի փաստեր առաջ կբերեմ, էնքան պայծառ ու լուսավոր փաստեր, որ ինձ իրավունք են տալիս իմ հոդվածի վերնագիրը դնելպայծառ էջեր:

Էդ անսասան հավատով ես նպատակ դրի մեր կյանքի ամենասև և մռայլ էջերից բերել պայծառ փաստեր, որոնք վկայում են այն մասին, թե ինչպես ժողովուրդներն ու ժողովրդի մարդիկ կարողանում են պաշտպանել մեկը մյուսին՝ ընդդեմ նրանց ընդհանուր իշխանավորների: Եվ ես իմ այս հոդվածների ընդհանուր վերնագիրն եմ դնում «Պայծառ էջեր», որովհետև պայծառ եմ նայում մեր ժողովուրդների ապագային:

ՎՐԱՑ ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈԻՆԸ

Վրացու անմիջական և սրտաբաց բնավորությունը, նրա սրտի ազնվությունը, բնական մաքրությունն ու անարատությունը, ազատության և գեղեցկության սերը, այս բոլորը ամեն կողմից լուսավորված կյանքի սիրով և նուրբ վշտով, առհավատչյան են այն բանի, որ վրաց բանաստեղծությանն սպասում է մեծ ապագա:

Այս հատկությունները զարմանալիորեն երևան են եկել Շոթա Ռուսթավելու մեջ, և նա իր ամբողջ էությամբ վրացի բանաստեղծ է:

Հին Թիֆլիսը, Սայաթ-Նովայի նման, թեև սինթեզ է արևելյան շատ ժողովուրդների կյանքի և հոգևոր հզորության, այնուամենայնիվ, գերազանցորեն կրում է վրացական ոգի:

Այս ոգին ամբողջ էությամբ երևաց վրաց ժողովրդի սրբի՝ ս. Նունեի խաչի մեջ, որ շրջապատված է խաղողի որթով և աղջկա մազերով: Սրանով նա ներդաշնակորեն միացնում է երկնային վեհությունը և կյանքի ուրախությունը:

Բանաստեղծական բնավորությունն այնքան է հատկանշական վրացուն, որ ամեն վրացի ինձ թվում է բանաստեղծ: Սա վրացուն դարձնում է գրավիչ նույնիսկ իր թշնամիների համար:

Այս աստվածային շնորհքը, որ ավելի կաճի ազատ և անկախ Վրաստանում, աստիճանաբար Վրաստանը կդարձնի բանաստեղծության երկիր:

ԳՆԱՆՔ

Վրացի գրողների համագումարը որոշել է մայիսի 7-ը դարձնել վրաց բանաստեղծության և գրականության ազգային տոնի օր:

Մի վսեմ տոն, երբ մի ժողովուրդ տոնում է իր սիրտն ու հոգին, իր ցեղի հանճարը:

Եվ վրացի ժողովրդին շատ է սազում էդ տեսակ ազգային տոն ունենալը: Նա մի բանաստեղծական ժողովուրդ է, համակված գեղեցկի բնածին զգացումներով:

Ինձ ծանոթ ժողովուրդներից և ոչ մեկի մեջ ես չեմ նկատել էն երևույթը, ինչ որ տեսել եմ վրացիների մեջ: Նրանց գործիչներից շատերը հանկարծ կհանեն իրենց որևէ բանաստեղծի ոտանավորը, որ պահում են իրենց գրպանում և կամ կարտասանեն անգիր: Նրանք մինչև վերջին ժամանակներս իրենց աղջիկների բաժինքում Ռուսթավելու պոեմն էին տալիս:

Էսպես է գեղեցկուհիների ու քեֆ անողների հայրենիքը: Էսքան բանաստեղծական ու կենսուրախ, ինչպես միշտ հայտնի էր, և միաժամանակ էսքան լուրջ ու խիզախ, ինչպես երևաց այժմ, երբ հնար ունեցավ:

Ես ամեն անգամ հրճվանքով եմ վերադառնում հայ և վրացի ժողովուրդների դարևոր անօրինակ լավ հարևանությանը, և խորին վիշտ է պատճառում ինձ մեջտեղի եղած թյուրիմացությունը:

Այո՛, թյուրիմացություն եմ ասում, որովհետև շատ են խորն ու խորհրդավոր էս հին եղբայր ժողովուրդների կապերը, որ չկարողացան կտրել նույնիսկ կառավարությունները իրենց արյունոտ սխալով1:

Եվ ահա, երբ վրացին մայիսի 7-ին տոնում է իր ոգու տոնը, իր ազգային բանաստեղծության օրը, անկարելի է, որ հայը էնտեղ չլինի: Եվ էնտեղ կլինի հայը, ու կլինի ամենից առաջ:

Արդեն որոշել է հայոց գրական, կրթական ու կուլտուրական հիմնարկությունների ներկայացուցիչների ժողովը:

Եվ շատ լավ է արել: Ժողովուրդների որոշումներն ու քայլերն ավելի արժեք ունեն, քան նրանց կառավարությունների2:

Կառավարություններն ժամանակավոր են ու փոփոխելի, ժողովուրդները մշտական ու անփոփոխ:

Գնանք էդ գեղեցիկ օրը մեր եղբայր ժողովրդին այցելելու և նրա պայծառ հանճարը հարգելու:

1921

ՀԻՐԱՎԻ ԱՂԱՅԱՆԸ ՄԵՌԱՎ

Երբ գրական մարդը մեռնում է, սովորաբար ասում են՝ նա չի մեռել, նա ապրում է իր ստեղծագործությունների մեջ:

Այո՛, ճշմարիտ է:

Գրական-գեղարվեստական ստեղծագործությունը կենդանի գործ է, և իբրև կենդանի գործ անմահ է: Նրա հետ և նրա մեջ անմահ է և ինքըստեղծագործողը:

Բայց դժբախտաբար մեծ մասամբ էսպես չի լինում գրական աշխարհում: Գրողների մեծագույն մասը, գրեթե միշտ իրանցից անկախ պատճառներով, չեն կարողանում իրանց դրսևորել կենդանի շնչով, գեղեցիկ պատկերներով ու գեղարվեստական ձևերով օժտված գործերի մեջ, որ նրանց հետ էլ մնան ու ապրեն անմահ:

Ղ. Աղայանի կյանքն էլ էսպես անցկացավ: Չկարողացավ: Ժամանակ ու հնար չունեցավ էն գրական գործերը տալու, ինչ կարող էր տալ, որ եկող սերունդներն էլ ասեին.

Ահա՛, իր մնայուն գործերի մեջ կենդանի Ղ. Աղայանն իր վիթխարի բարոյական հասակով: Ամբողջական ու առողջ, զվարթ ու պարզ:

Գրեթե մինչև իր ծերությունը՝ էնպես անցկացավ նրա կյանքը, որ միշտ մնաց ոտի վրա: Միշտ մնաց մի տեսակ գրականության սիրողի վիճակում և գրեց «ի միջի այլոց», ինչպես մեր գրողներից շատերը:

Էդ պատճառով էլ ինչ որ նրա գրվածքների մեջ կա ու մնում էդա Ղ. Աղայանի մեծության ու շնորհքի մի չնչին մասն է:

Ղ. Աղայանը մի հոյակապ մարդ էր ու խոշոր մտածող, երազող, գրող: Բայց նրա կյանքը անգիր անցկացավ:

Անցկացավ իր բարեկամների, ընկերների ու մտերիմների շրջանում, ու միայն նրանք գիտեն, թե ինչքա՛ն բան ուներ նա ու ինչքա՛ն բան տարավ իր հետ:

Նրա թողածը շատ է քիչ, տարածն ու կորածըահագին:

Էդ է պատճառը, որ ասում եմնա մեռավ:

Ով չի տեսել նրանէլ ճանաչել չի կարող, պատմելով էլ չի կարելի ծանոթացնել:

Այո, պատմելով չի կարելի ծանոթացնել գոնե էն տեսակ մարդկանց հետ, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սիրտ ու հոգի:

Էնպես, ինչպես վաղուց երգված ու լռած մի երգ, որ պատմելով չի կարելի վերականգնել: Էնպես, ինչպես վաղուց ցնդած մի բուրմունք, որ նկարագրելով չի կարելի նորից հավաքել ու տալ:

<ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ ԴԱՇՆԱԿՑՈԻԹՅԱՆ ԱՎԱՆՏՅՈԻՐԱՅԻ ԴԵՄ>

Նամակ խմբագրության.

Следующая страница