Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Սրտի խորին կսկիծով հաստատ աղբյուրից տեղեկանում ենք, որ Երևանի «հեղաշրջում»1 կոչված ավանտյուրան կատարողները կույր գործիք են հանդիսացել մի սոսկալի դավադրության, նույնիսկ հայ ժողովրդի և նրա դատի դեմ, և որ հեղաշրջումը կատարվել է արյունալի ոճիրներով: Էսպիսով մի նոր աղետ է գալիս դժբախտ հայ ժողովրդի գլխին հենց էն ժամանակ, երբ նա պետք է ազատվեր ամեն աղետներից:

Խորասիրտ բողոքելով էս թշվառ դեպքի և կատարված խժդժությունների դեմ, իբրև հայ ժողովրդի բանաստեղծը, որ էնքան հավատ է տածել դեպի նոր Ռուսաստանը, խնդրում եմ Խորհրդային Ռուսաստանին հեռացնել էդ վերջին տանջանքի բաժակը արյունաքամ հայ ժողովրդից, նոր վերքեր չհասցնել նրա անհամար թարմ վերքերին, Խորհրդային Ռուսաստանի մեծահոգությամբ և բանվորա-գյուղացիական Կարմիր Բանակին հատուկ եղբայրական զգացմունքով ու ներողամտությունով մոտենալ Երևանին ու աշխատավոր հայ ժողովրդին, որ անշուշտ անմեղ է ու անպարտ գրեթե իր ամբողջությամբ, և բարկությունը չթափել անմեղների վրա, որովհետև մեղավորներին նա չի էլ գտնելու իրենց տեղը:

<ՀՕԿ-Ի ԿՈՉԸ>

Աշխարհի ամեն կողմը ցրված հայոց ժողովուրդ.

ԼՍԻ՛Ր:

Քեզ է կանչում Հայաստանի Օգնության Կոմիտեն:

Քեզ է կանչում Հայաստանի մայրաքաղաքում գումարված ամեն հոսանքի հայ գործիչների ու գրականագետների ժողովը:

Եվ գուցե երբեք դու չես լսել նրանց ձայները էսպես միացած ու միահամուռ:

Եվ էսքան մեծախորհուրդ մի վայրկյանի:

ԼՍԻ՛Ր:

Դարավոր մաքառումներից հետո, համաշխարհային թոհուբոհից, լայնածավալ ալեկոծությունների և աղետների ծովից գերագույն ճիգերով բարձրանում է ազատ ու անկախ Հայաստանը:

Պատմական էս մեծ օրերին տենդային իրարանցումով նրա շուրջն են խռնված հայության կենսունակ տարրերը, և Այրարատի նվիրական հողի վրա մի իշխանություն տեղի է տալիս մյուսին:

Սակայն՝ Հայաստանի Օգնության Կոմիտեն այսօր գալիս է հայտարարելու ի լուր համայն հայության, թե խաղաղությունը արդեն հաստատված է մեր հայրենիքում և հաշտ ու համերաշխ հարաբերության մեջ է նա իր հին հարևան ժողովուրդների հետ:

Եվ արդեն անցնում է նա իր վերքերը դարմանելու և կազդուրելու աշխատանքին:

Կառավարությունը առոտք է հանել իր բոլոր ուժերը ժողովրդին ազատելու տիրող և մանավանդ առաջիկայում սպառնացող սովից և վերաշինելու քանդված երկիրը:

Խաղաղություն գտնելով գործի է անցել և ինքը, մեծ տառապյալը, Հայաստանի իսկական տերը, հայ գյուղացին:

Սովը, սուրն ու ավերածությունը չեն ընկճել նրա հանրահռչակ տոկունությունն ու շինարար ոգին:

Նա բազմաթիվ զոհեր է տվել և տալիս է տակավին, բայց չի լքում պապենական օջախը, և իր գութանի մաճին ապավինած՝ կանգնած է հայրենի դաշտի վրա ու կանգուն էլ պիտի մնա, ինչքան իշխանություններ էլ գան ու գնան:

Եվ երբ հարևան աշխատավոր ժողովուրդները երեկվան արյունահեղության փոխարեն այսօր եղբայրական օգնության ձեռք են մեկնում հայ աշխատավոր ժողովրդին, մի՞թե կարող է պատահել, որ նրա տառապանքների ու շինարար ճիգերի հանդեպ անտարբեր մնաս միայն դու, նրա տարագիր եղբայրը, պանդուխտ հայություն: Դու՝ որ հեռու ես հայրենիքից, բայց ուշք ու միտքդ միշտ դեպի ետ, դեպի հայրենիք:

Այո՛, Հայաստանի Օգնության Կոմիտեն քաջ գիտե, որ դու էլ ես բաժանված զանազան կուսակցությունների, ինչպես քաղաքական ու քաղաքացիական կյանքով ապրող ամեն մի ժողովուրդ:

Ահա՛, Կոմիտեն ինքն էլ կազմված է տարբեր քաղաքական հայացքի մարդկանցից:

Բայց նա լավ գիտե և էն, որ հայ ժողովրդին սովից ազատելու և քանդված Հայաստանը վերաշինելու գործը վեր է ամեն կուսակցական նկատառումներից և քաղաքական տարաձայնություններից:

Էսպես էլ մտածելով՝ ամենքը եկել միացել են այս վսեմ գործի շուրջը, կազմել են ազատ ու անկուսակցական մարմին և գործունեության են հրավիրում ամենքին, ամեն կողմից:

Էսպես է մտածում և ինքը՝ Հայաստանի Խորհրդային Հանրապետական կառավարությունը, որ ո՛չ միայն գործելու լիակատար արտոնություն է տալիս, այլև աջակցում է ամեն մեկի և ամեն մի մարմնին, որ կցանկանա օգնել, անձամբ գա, աչքով տեսնի և տնօրինի իր օգնությունը:

Արդ, լսիր հայություն, ուր էլ որ լինես, Եվրոպայից մինչև Հնդկաստան, և ամենուրեք:

Լսի՛ր քեզ կանչող հայրենիքի ձայնը և շտապիր օգնության ամեն բանով, ինչով կարող ես, որ ունենաս էն՝ ինչ որ երազել ես դարերովազատ ու շեն հայրենիք:

Նախագահ՝ Թումանյան Հովհաննես

<ՀՕԿ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԹԻՎ>

Մեծ պատերազմից առաջ մենքհայերս մեր եկեղեցու բակով սահմանափակած մի կրոնական համայնք էինք (միլլեթ):

Մեզ հասած հալածանքների ու հարվածների ժամանակ ստիպված էինք խնդրելու մեր եկեղեցու պետին, որ մեզ համար զուր բողոքներ, աղերսներ ունի աշխարհի մեծերին:

Մենք ստիպված էինք մեր խղճուկ դպրոցները զետեղել եկեղեցիների բակերում: Եվ եկեղեցիների բակերում էլ նրանք ազատ չէին հալածանքներից:

Մենք ազատ չէինք նույնիսկ աղետների ժամանակ օգնելու մեր դժբախտ եղբայրներին:

Եվ էսպես անվերջ:

Վերջացավ մեծ պատերազմը:

Թե ինչպեսէդ ուրիշ խնդիր է, բայց մեր հայրենի հողի վրա, թեկուզ և մի մասի վրա, մենք արդեն ունենք Ազատ Հայաստանի Հանրապետություն:

Այժմ արդեն մեզ վրա եկող հարվածների դեմ՝ աղերսարկու եկեղեցականի փոխարեն՝ կարող ենք մեր հանրապետական բանակը հանել:

Կարող ենք կառուցանել՝ ինչ դպրոցներ էլ ցանկանանք և ուր ցանկանանք:

Էդպես էլ ամեն մի քայլափոխի զգալու ենք, որ մենք այժմ ազատ քաղաքացիներ ենք և ոչ թե երեկվան անազատ կրոնական համայնքի ծխականները:

Եվ ահա մեծ պատերազմի ու նրա հետ կապված աղետների հետևանքով հայ աշխատավոր ժողովուրդը, հայ գյուղացին ընկել է ծանր կացության մեջ:

Իր բերանի հացից սկսած՝ նա շատ բան է կորցրել էս մի քանի տարվա ընթացքում:

Շատ բան է կորցրել, բայց ձեռք է բերել մեր դարերով երազած ազատությունը:

Եվ որովհետև ունի ազատություն ու իր շինարար բազուկըշուտով կունենա ամեն բան:

Սակայն նրա էս ծանր օրերին օգնության գալու և նրա շինարար աշխատանքի մասնակիցը լինելու պարտավոր է ամեն մի հայմոտիկից սկսած մինչև հեռավոր գաղութները:

Էս օգնությունը երեկվան բարեգործությունը չէ, երբ դեռ կրոնական համայնք էինք միայն:

Էստեղ ամեն մի հայի պետք է առաջնորդի ոչ թե խղճահարությունը, այլ քաղաքացիական պարտքի խոր գիտակցությունը:

Ամեն մի հայ պետք է զգա, որ ինքն ազատ Հայաստանի քաղաքացին է և գալիս է գործակցելու իր երկրի կառավարությանը:

Ահա էդ գործակցության համար է, որ Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպվեց Հայաստանի Օգնության Կոմիտեն, անկուսակցական հասարակական մի մարմին:

Եվ դարերից ի վեր առաջին անգամն է մեր կյանքում, որ էս տեսակ մի մարմին հաստատվում է իր սեփական պետության դեկրետով և իրավունք ունի ազատ շարժվելու իր երկրում, ինչպես իրավունք ունի նաև ամեն մի հայ, որ գալու է իր ժողովրդին ու իր երկրին օգնության:

Նշանակալից երևույթ է, որ՝ իրարից անկախ ու անտեղյակ՝ նման մարմիններ են առաջ գալիս և մեր գաղութներում: Էս նշանակում է, թե կենդանի է հայությունը:

Կենդանի է և ուժեղ: Երևանից սկսած մինչև հեռավոր գաղութները շարժվում է նադեպի հայրենիք:

Ինչքան էլ խոչ ու խութեր, ինչքան էլ դժվարություններ ու թշվառություններ հանդիպեն ճանապարհիննա հասնելու է իր նպատակին:

Հայաստանի ազատ հողի վրա նա շինելու է իր ազատ ու առատ տունը, Հայկական բարձրավանդակի վրա զարգացնելու է իր ազգային հանճարը և իր խոսքն ասելու է աշխարհքին:

Նա կարող է և իր կարողությունով նա իրավունք ունի:

Եվ Հայաստանի Օգնության Կոմիտեները, որ առաջ են գնալու ամենուրեք, մեծ դեր ունեն կատարելու էս մեծ շինարարության մեջ:

ՍՈՎԻՑ ՎԱՏԹԱՐԸ

Աշխարհքում դժար է երևակայել մի ավելի անարդար երևույթ, քան երբ հողագործ մարդը տարեն տասներկու ամիս քարի ու հողի հետ քաշ է գալիս մի կտոր հացի համար ու վերջն էլ մնում է կարոտ հենց էդ մի կտոր չոր հացին:

Եվ դժար է երևակայել էն աղետը, որ հետևում է սրան...

Սո՛վ...

Միանգամից կտրատվում են բնական և բարոյական բոլոր կապերը կյանքի մեջ: Եվ սկսվում է սովի ահռելի ողբերգությունը: Սովորական են դառնում դեպքերը, երբ ծնողը սրտի ցավից խեղդում է իր հաց աղերսող երեխաներին...

Ավելի զարհուրելին. — ծնողը վրա է ընկնում խլում սովից մեռնող երեխայի ճանկն ընկած մի կտոր ուտելիքը...

Վերջապես՝ սպանում է իր հարազատին, իր որդուն ու միսն ուտում...

Այո՛, ասում եմ, դժար է էս ամենը երևակայել: Բայց բանից դուրս է գալիս՝ սրանից ավելի հրեշավոր երևույթ էլ կարող է լինել աշխարհքում, և էդ էն է, որ մարդ արարածը կարող է ուրախանալ սրա վրա:

Ռուսաստանի մի շարք նահանգներում սով է:

Սոված գյուղացիությունը ծառերի կեղևը կրծելով ու խոտ արածելով տասնյակ միլիոններով հորձանք է տալիս աջ ու ձախ. իր տունն ու տեղը լքած, իր դուռը փակած՝ գնում է հաց որոնելու:

Էն գյուղացիությունը, որ աշխարհքին հաց էր տալիս:

Եվ հանկարծ կարդում ենք, թե աշխարհքում մարդիկ կան, էն էլ աշխարհքի ամենաքաղաքակիրթ մասում, Եվրոպայում, մարդիկ կան, որ ուրախանամ են էս հսկայական աղետի հանդեպ, թե ինչ է՝ սրանից կխեղճանա Խորհրդային իշխանությունը Ռուսաստանում:

Բավական է էս մի լուրը մարդ կարդա, որ սրտի ցավից հիվանդանա ու ընդմիշտ դառնա մարդատյաց:

Եթե հավատա...

Այո՛, եթե հավատա, որովհետև հեշտ չի հավատալը, հեշտ չի հաշտվելը էն մտքի հետ, թե մարդ կարող է էնքան հրեշ լինել:

Ես շատ դեպքեր գիտեմ մեր ժողովրդի կյանքից (ոչ ինտելիգենցիայի և կառավարությունների), երբ նույնիսկ կռիվների ու ընդհարումների ժամանակ (որ միշտ ինտելիգենցիան ու կառավարություններն են սարքում) կիսավայրենի համարված թուրք գյուղացիները երկու կողմի կառավարող շրջաններից գաղտնի, գիշերով հաց են հասցրել սոված հայ գյուղացիներին կամ հայ գյուղացիները՝ թուրքերին:

Սրանից էլ դենը:

Մենք գիտենք, և շատ փաստեր կան, թե ինչպես է անասունը կեր հասցնում սոված անասունին, թե ինչպես է գելը կերակրում ու խնամում անտեր ու սոված մնացած շան լակոտներին...

Էսքան առաքինություն մենք չենք պահանջիլ էդ քաղաքակիրթ մարդկանցից, բայց գոնե հերքեն, թե ճիշտ չի, թե իրենք չեն ուրախանում էս ահռելի ողբերգության հանդեպ, որ մենք էլ, էն սովից մեռնողն էլ մտածենք, թե էդպես հրեշ մարդ չկա և չի կարող լինել աշխարհքում...

Թող մեզ հավատացնեն, որ իրենք ավելի թշվառ չեն, քան էն սովից մեռնող գյուղացիությունը, որովհետև դա ավելի վատթար երևույթ է, քան ամենասոսկալի սովը:

Սովը վերջ ի վերջո մի բան է ասում մեզ, թե էս ինչ տեղը էս տարի չորացել է երկիրը, հողը, երաշտ է, որից կարող ենք ազատվել մոտ առաջիկայում, բայց տասնյակ-տասնյակ միլիոնավոր աշխատավորների, հողագործների էս ծով աղետի հանդեպ էդքան ցինիկ ուրախանալը՝ ավելի զարհուրելի մի բան է ասում, թե մարդկային սիրտն է չորացել ու չարացել, և դրանից ազատվելը էնպես հեշտ բան չի, ինչպես սովից ազատվելը:

Դա սովից վատթար է հազար անգամ:

ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

ԹիֆլիսԿամենեց-Պոդոլսկ

1892 թ. մարտի 24. 1892 թ. մարտի 24. Թիֆլիս

Սիրելիդ իմ Անուշավան.

Վաղուց երևի սպասում ես իմ նամակին. ես ուշացրի, որ բազմաբովանդակ լինի, և, մանավանդ, ավետիք տամ, թե «ազատված եմ կոնսիստորիայի գրագրի պաշտոնից»2:

Այո՛, իմ չար բախտը և մի քանի գրականական բարեկամներիս բարեսրտությունը ինձ այժմ ձգել են Հրատարակչական Ընկերության գրասենյակը3 և ես այժմ գրասենեկապետ եմ (конторщик), սկսած ամսույս 22-ից:

Խորին տրտմությամբ հետ եմ նայում հինգ հոգեհան տարիների անցյալիս վերա, որպես մի գերեզմանի, մի դժոխքի, որից դուրս եմ եկել (?). բայց արդյոք առո՞ղջ եմ մնացել, կենդանի՞ եմ. — ահա խնդիրը: Մարմնով՝ ո՛չ, բոլորովին ոչ, իսկ հոգուս ընդունակությունների մեծ մասը կորցրել եմ: Այս թողնենք, ներկա պաշտոնիցս շատ գոհ եմ առայժմ. գոնե գործ ունեմ կրթված շրջանի հետ: Կոնսիստորիայում, մանավանդ վերջին օրերս, հաճախակի վիճաբանություններով անտանելի էր դառել իմ մնալս: Այդ վիճաբանությունները այնքան սուր կերպարանք ունեին, որ արժե այս նմուշըառհասարակ անդամների հետ է լինում վեճը և դիվանապահիմի խոսքով քահանաներիմի օր, մոտ օրերս, անգամ տեր-Գևորգն ու տեր-Աշոտը և կոնսիստորի ծառայողները շրջապատել էին ինձ առավել ոգևորված, որովհետև Արծրունին յուր խմբով դուրս էր ելել բողոքելով Մամբրեի4 բռնության դեմ, որի դեմ ես ոտով գլխով բողոք էի դարձել. — Այստեղ աստծո մատն է խառը, շուտ-շուտ կրկնում էին տերտերները, իրականությունից խույս տալովեթե աստծո մատը խառը լիներ, դուք քահանաներ չէիք լինիլ, ասացի ես, այստեղ էլ չխոսացին, այլ մի բան որոճալով լուռ ցրվեցին. դուք ի՞նչ եք կամենում, հարցնում են մյուս օրն ինձ, — այն, որ մի նոր Մակար5 չունենանք և այլն և այլն. նորից կատաղեցան. որ մինն ասեմ: 365 հայրապետների նզովքը6 դրանց ամենալավի գլխին, մի խոսքով:

Որ փողոցովն անց ես կենում, հարցնում են «ընչական ես». զարմանալի է. այս մարդիկը կարծում էն, թե ոչ թե թերթն է պատկանում մարդկանց, այլ մարդիկ թերթին, այնպես, ինչպես անասունները արածացնողին: Բան է, թե որ քեզ ցույց տվիր մի հարցում համակիր մի որևէ թերթի, էգուց այդ թերթի խմբագիրը մի հիմար բան արավքեզ վրա էն ծիծաղում. ի՛նչ լոգիկա. կարծես ես խմբագրի կամքը լինեմ կամ գիտությունը:

Այս նամակս գրում եմ բոլորովին խառնի-խուռն և նամակի արժանի նյութեր թեև շատ կան, բայց տրամադրված չեմ կարգով արձանագրելու, սրանից հետո կաշխատեմ խոսալ դեռ քո և իմ մասին. այսինքն քո նամակներիդ արած տպավորությունների մասին և իմ կատարած մեծագործություններիգրականական աչքի ընկնող երևույթների վերաբերությամբ և նշանավոր հասարակական ընթացիկ անցքերի:

Այս նամակիդ մի քանի կետերը անկեղծ զգացմունքդ էին բերել և Ռուսաստանի քաղաքներից մեկի անունով ամբողջ Ռուսիայի ներքին վարք ու բարքի և ներքին քաղաքական ուղղության արտասվելի գաղափարը:

Ծերության օրերում7 ես էլ հրապուրվել եմ կամ թեկուզ սիրահարվել, բայց սա զուտ ճաշակի զմայլմունք է և... է՛հ, ուրիշ ինչ անենք: Հետո ինչ դուրս կգա չգիտեմ, միայն առայժմ մի քանի ոտանավոր են դուրս եկել:

Այսօր առավոտյան գրասենյակն եկա, և մենակ լինելով մի սորումը8 վեց թերթից մի վեպ գրեցի, առանց ստորակետ դնելու: Այս վեպիկը պատմում է «Գյուղացու ձախորդությունը»9:

Այ տա, հա՛, լավ միտս ընկավ, էն էր մոռանում էի, ահրմ հանգույց ու լուծում էիր ուզել:

Ես որ նամակիդ մեջն էս բաները կարդացի, ասի, ա՜խպեր, սրանք ինչ պետք է լինեն. վերջը միտս եկավ, որ լուծումը անպատճառ ապտեկումը կգտնեմ. ասեցի, հալբաթ հանգույցի համար էլ կհարցնեմ մագազիններումը կամ բաղկալխանումը. ո՞վ գիտի, կարելի է ագուրցի լինի ղազախների համար:

Ապտեք գնալիս ճանապարհին պատահեց մի ծանոթ հուսամնական, թե՝ էդ ո՞ւր ես գնում. պատմեցի:

Սա սկսեց ծիծաղել, ես մնացի կանգնած, երեսին պելացած. վերջն ուշքի եկավ, թե՝ ա՛յ տնաքանդ հանգույցը էն ա, որ մի վեպի կամ պիեսայի մեջ, օրինակի համար, առաջ ծանոթացնում են գործողներին, նրանց նպատակը, ձգտումը, հանգամանքները կապում են կամ իրար դեմ դնում և ապա երբոր բանը բացվում է վերջանալու համար, և մոտենում է վախճանին աստիճանաբար, այդ էլ կոչվում է լուծումն:

Սրանից դենը դու գիտես. բայց այս ձևականությանը, կանոններին աշխատիր չստրկանաս:

Հենց նոր (28-ին նամակս կիսատ էր մնացել4 օր շարունակվում է) ստացա վերջին նամակդքո հիշատակարանից մի կտոր: Բայց չէիր կարողտո՛ ախմախ, մի քիչ բարակ թղթի վրա գրել, որ այստեղ ինձանից 14 կոպեկ չէին առել «Доплатит»-ով:

Էսօր թղթերիս մեջ գտա մի ոտանավորփոքրիկ экспромт, տակին գրած 89 թ. «վեչերում». բանից դուրս է գալիս, որ մի տխուր բն<ավորության> տեր սիրելի Նազելիի ուրախությունը ինձ շատ է դուր եկել և ես գրել եմ. —

Ա՛խ, երանի թե լիներ մի հնար
Այդ ժպիտը միշտ քո դեմքին մնար.
Ես վախենում եմ մի ժամից հետո
Անցնի խնջույքը, և կյանքից դժգոհ
Մտածմունքներով դարձյալ դու տխրես...
Ա՛խ, երանի թե մնայիր այդպես...

Քո Հովհաննես

Ա՛յ տղա, քիչ էր մնում մտահան անեմ. ընկերներիդ բարևի իմ կողմից և մյուս նամակով դրանց անվան և ծառայության ցուցակն ուղարկիր:

2. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ

ԹիֆլիսԷջմիածին`

1893 թ. նոյեմբերի 18. 93 XI/18 Թիֆլիս

Մեծարելի բարեկամ.

Բաց նամակիս չպատասխանեցիք. — չգրեցիք, թե ինչ է գրքի գինը, որերորդ տպագրությունն է կամ ինչ անեմ գրքերը1: Գրաշարն ասում է, որ երես չկա ուրիշ, իսկ գինը չկա, որովհետև բաժանորդների համար է: Կազմարարին արգելել եմ գրքերը կազմելու, մինչև Ձեզանից պատասխան ստանամ:

Հ[այր] Բեկնազարյանին շատ անհաջող փորձերից հետո հազիվ տեսա այսօր. ասաց, որ ինքը չի կարող Տեր-Ղևոնդյանից փող ստանալ, դուք գրեցեք, թողեք Տեր-Ղևոնդյանը փողը բերի տա իրան:

Արասխանյանին կտեսնեմ և «Մուրճ»-ից արտատպելիս Ձեր կյանքի գլխավոր գծերի սրբագրությանը2 նորից կնայեմ:

«Խավարամիտների գլխացավք» հանձնեցի «Մշակ»-ի խմբագրությանը և խմբագրատանը կարդացի այն տողերը, որ իրանց էր վերաբերում3: Առհասարակ Հայրիկի4 և Արիստակեսի5 հաշտության լուրը ուրախացրեց տրտմած կուսակցությանը: Գրել եք, թե կուսակցության կարոտը քաշում եք և տխուր եք: Տխրում ենք Ձեր տխրության համար, իսկ ինչ վերաբերում է կարոտին, կարող եմ հավատացնել, որ կուսակցությունը չի մոռանում յուր սիրելի Քյոռօղլուն. հիշում է ամեն խնջույքում, մանավանդ երբ տողերիս գրողն էլ վեր է անում յուր գազարակերի ձայնը և հանդգնում է Քյոռօղլու երգը երգել

Ֆիլիպը6 շնորհակալ է շնորհակալության համար: Այժմ Ֆիլիպը ուրիշ գործ է սկսել. հրատարակում է տարեկան 24 ժողովածու, գրքեր ու բրոշյուրներ: Առաջին ժողովածուն հունվարին դուրս կգա: Ձեր խոնարհ ծառան էլ, որ խմբագրական ժողովը կազմող երեքից մինն է, խնդրում է ի դիմաց նույն ժողովի՝ Ձեր աշխատակցությանըհրապարակախոսություն, վեպ, ոտանավոր, ինչ որ լինի: Աշխատակիցները վարձ են ստանում:

«Բանաստեղծություններս» շուտով կուղարկեմ Հայրիկիս ընծա, որ կարդա սիրտը ցնծա, որ կներկայացնեք, ասացեք էս հալա ոչինչ, կեսը գդալամանումն ա դեռի դեպ, ասեմ, որ ետ եմ նայում հիմա և հին գրածներս ուղղում. առաջին հատորից արդեն ուղղել եմ «Լոռեցի Սաքոն» և «Արևն ու Լուսինը»: Եթե հիշում եք, «Լոռեցի Սաքոյի» մեջ դուք մի սխալ էիք ցույց տալիս, այդ սխալը ես այժմ եմ գլխի ընկել և ուղղել. այդ պոեման կլվանա:

Այստեղի նորությունների մեջ նշանավոր է մի անպիտան տերտերի արարքը, որ զայրացրել է ժողովրդին: Դորա իսկական անունը հակառակին մոռացել եմ այս րոպեին, բայց նա ավելի հայտնի է «Գագորդի» մականունով: Դանոս է տվել նահանգապետին, թե հայոց վանքում կայսերական տոնի օրը մաղթանք չի կատարվել և թե հայոց կոնսիստորում չեն ընդունում ռուսերեն գրած խնդիրներ: Այս անզգամը դեռ հերիք չէ որ քահանա է, կոնսիստորի անդամ էլ է: Անցյալ օրը կոնսիստորի անդամները այս գործի համար կոչված էին պոլիցիայում:

«ՏարազԱղբյուրԱնոնսի» գործն էլ արդեն կգիտենաք: Ուզում էին Ֆիլիպի վրա ծախենգլուխ չեկավ: Բայց ես մի բան չպարզեցի. դուք կհարցնեք, թե ինչպես թույլ կտան Ֆիլիպին մի տարում վեց կամ ավելի ժողովածու հրատարակել մի անունով: Այո՛, այդ չի կարելի, դորա համար էլ ամեն մեկիս անունով երկուսը կհրատարակվեն: Ժողովածուների մեջ կապ պահելու ճամար գույներով ենք որոշել անուններըերկուսը կապույտ, երկուսը կանաչ, երկուսը կարմիր: Ես կարմիր խմբագիրն եմ:

Նոր-դարականները նոր առաջնորդին7 նոր խանդով օվսաննա են երգում հին գործերի համար: Գրել էին, թե նա շինել է երկսեռ դպրոց Ագուլիսում. Պռոշյանցը աշխարհքն ու ամբողջ Ագուլիսը վկա է կանչում, որ ինքն է շինել այդ ուսումնարանը:

Չեմ ուզում Ձեզանից ծածուկ մնա, որ Ձեր ինքնակենսագրության վրա շատ են խոսում: Երևի մինչև անգամ Ձեր դեմ գրողներ կլինեն: Ոչինչ, դա կփոխարինի հոբելյանին...8

Բարևեցեք տիկնոջը, օրիորդներին և Մուշեղին:

Ձեր Հ. Թումանյան

Հ. Գ. Ձեր և իմ կնքահայր պ. Ս. Պառավյանցը խնդրում է հետևեք և, թե կարելի է շտապեցնեք յուր շինած ուսումնարանի գործը, որ սինոդումն է այդտեղ: Երեկ Ձեր կենացը խմեցինք նրա տանը նոր թեմական տեսուչ отец Лисицов-ի հետ (հ. Մելյան9):

Նույն

3. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ1

ԴսեՂԹհֆլիս

1895 թ. սեպտեմբերի 27 95. սեպ. 27. Դսեղ

Սիրելի Ֆիլիպ!

Ես երբ որ եկա, մտադիր էի քեզ մի շարք նամակներ գրել, որոնք պետք է լինեին իմ նոր տպավորությունները և արածներիս հաշիվը, բայց այդպես չեղավ: Այս ամառ շատ աղմկալի եղավ ինձ համար, թեև ես սաստիկ ցանկանում էի մի քանի լուռ ու միայնակ օրեր անցկացնել մեր անտառներում և թարմանալ, կազդուրվել հոգով ու մարմնով: Շարունակ նոր-նոր մարդիկ, նոր հյուրեր, այս կողմ, այն կողմ, տեսություններ, պատիվներ (պատիժներ), հարայ հրոցմի խոսքով զահլես գնաց: Մի ահագին սնդուկ լիքը գիրք էի բերել հետս, ոչ մինը չկարողացա կարդալ. միայն «Մծիրի»-ի2 շուրջն եմ բոլորել, մի քանի բաների նայել և այլն:

Ինչ վերաբերում է նոր տպավորություններիս ու դիտողություններիսդրանք շատ են և նոր են, թեև առարկան հին է և միևնույնը: Ֆիլիպ, մի շպար ունի մեր կյանքը, նրա ետևը սոսկալի է: Մեր կյանքը շատ նման է իմ անցկացրած մի գիշերին: Մեր գյուղից ոչ շատ հեռու մի գյուղում հյուր ընկա մի տուն: Այդ տունը առատ, լիքն օջախի և անվան հռչակ ունի մեր գավառում: Երեկոյան ինձ նստացրին սրահում, այդ չեմ նկարագրումիրանք ներսը, տան մեջ պատրաստություն էին տեսնում ինձ հյուրասիրելու: Ես կիսաբաց դռան միջով լսում էի նրանց խոսակցությունը: Ինձ համար ձվածեղ էին պատրաստում: Երեխաները թրթռում էին, ըստ երևույթին ուզում էին կրակը թափել ձվածեղի հոտից, մայրը նրանց զսպում էր անիծելով ու ծեծելով, երեխաներից մեկը՝ ավելի չարաճճին ձեռքը կոխել էր թավի մեջնա էլ սկսեց աղիողորմ ճչալ: Այս ժամանակ տան մեծ աղջիկը իմ առաջով անցավ, յուր ցնցոտիների ետև պահած երկու հաց ներս տարավ: Նոր աղմուկ բարձրացավ ներսը. երեխաները լաց լինելով պահանջում էին նոր բերած հացիցդու մի ասիլ իրանք գարեհաց են ուտում (սիպտակ, փափուկ... ըստ Գ. Քաթիպայի)3, ինձ համար գնացել ցորնի հաց են բերել: Այս հացին կարոտ երեխաները ուզում էին խլել քրոջ ձեռքից, ուտել: Վերջապես ձվածեղը դուրս բերին, հետն էլ ցորնի հացերը, որոնց չորս կողմից երեխաները ճանկոտել էին: Եկան երեխաները հեռու կանգնած, ագահ աչքերով կլանում էին ձվածեղն ու հացը, նրանցից մեկի ձեռքն էլ փաթաթել էին. այդ նա էր, որ ձեռքը կոխել էր ձվածեղ հափշտակելու: Ես, իհարկե, չկարողացա ուտել, և այնպես վերադարձրի, պատճառաբանելովթե կուշտ եմ, նոր եմ հաց կերել, եկել: Ներս տարան. երեխաները թմփթմփալով իրար ետևից վազեցին և լացով, ճիչով, աղմուկով իրարից խլեցին, կերան: Մի՞թե այս է այն լիքը տունը, որի մասին այնքան լսել եմ ես...

Ես երկար մտածում էի սրա մասին, երբ ներս մտավ տան տղամարդը: Բարևելուց, իմ յուր տունը գնալու համար յուր ուրախությանը հայտնելուց հետոսկսեց հայհոյել աջ ու ձախ, որ բոլորն էլ «աղքատ շներ» են, ձեռով փող է տալիս ու ոտով ետևից ման գալիս չի կարողանում ստանալ: Բանից երևաց, որ այդ «անվանի» մարդը մի տուն է վեր գրել տվել 150 մանեթովտանըցոնց նստացրել չոր քարին: Բայց ինչ է տվել դա յուր պարտապանին8 տարի առաջ 10 մանեթ փող: Ութ տարվա ընթացքում պարտապանից ստացել է մի խալիչա, մի կով, 20 օրվան մշակություն և այլնայժմ էլ տունը վեր է գրել 150 մանեթով: Սա սկսեց մի զարմանալի չարախնդությամբ ու պարծենկոտությամբ նկարագրել, թե ինչպես «ղանջղը»* (պարտապանի կինը) որ տեսավ դառը կտրեցին, ուզում էր ծածուկ շորերից հարևանի տունը փախցնել, բայց ինքը յուր ղարաուլներով իսկույն բռնեց, և նա նստելով յուր ձեռքի շորերի վրա սկսեց ղարաչու** նման ծղրտալ... կամ թե ինչպես էին լակոտները լվլվում տան միջին ու փախչում դես ու դեն... այդ բոլորը յուր ուժիցն էին պատեպատ ընկնում: Իհարկե, ես համաձայն էի նորա հետ, որ բոլորը պատմեր և նա շատ բաներ պատմեց: Եվ պատմեց և տեսաթե ինչպես յուր կինը համաձայն էր (այդ խնդիր է) յուր հարևանի կնոջ հետ մարդու ունեցած հարաբերությանը, որ կատարվում էր յուր, համարյա թե ներկայությամբ, և այդ բանն էլ գիտեր յուր հարևանը (մարդը): Ես սկզբում չէի հավատումբայց շուտով ականատես եղա և հավաստիացա: Նա ինձ հետ ուրիշ շատ բաներ խոսաց, ես էլ շատ բաներ տեսա, որ այժմ չեմ գրում: Բայց այն գիշեր իմ քունը չտարավ: Անկողնից ելա, շատ ման եկա դուրսըմի՞թե սա է այն բարոյական, անվանի տունը, անդադար գլխումս մուրճի նման զարկում էր այս հարցը: Այս ժամանակ դարձյալ մի այլ տեսարան, որ կպատմեմ հետո, լրացրեց ամեն բան: Այս մի դեպք է, թերևս, սովորականներից մեկը, բայց շատ խոր ազդեց ինձ և շատ է բնորոշում մեր ապականված, ստոր կյանքը: Ինչ լավ բան է եղել, հիմար աղմուկը, անմիտ զվարճությունը, անհոգ, անփույթ վայելքը, եթե ոչ, մարդ կարող է խելագարվել: Որ ասում եմ խելագարվել, դու չկարծես այս և սույնանման դեպքերն եմ հիշումուրիշ շատ ու շատ հիշողություններ ու մտածմունքներ կան գլխումս խառնված:

Մի լավ ամենօրյա զվարճություն ունեմայդ որսորդությունն էիսկապես թափառելը անտառներում, սար ու ձորերում: Մտնում եմ մենակ ամենավտանգավոր տեղեր, և այդ ինձ մի առանձին բավականություն է տալիս: Մի տեղ էի գնացել. երբոր իմացան տանըցիք ու գյուղացիք արգելեցին, որ մյուս անգամ մենակ չմտնեմ այնտեղ, որ հայտնի արջանոց է և կասկածավոր տեղ է: Ես մյուս օրը թաքուն դարձյալ գնացի այնտեղթեև մի քիչ էլ մի բանից վախեցի: Այստեղն ինձ համար մի սիրելի զբոսավայր է դարձել:

Լսեցի, որ իմ գրած վաճառականությունը չես ընդունել: Ինձանից ավելի խելոք ես եղել: Բայց եթե դու այստեղ ունենայիր մի այլ հավատարիմ, հմուտ ու փորձված մարդ, դարձյալ խորհուրդ կտայի, որ այստեղ մի գործ բռնեիր: Այսպիսի դեպքեր քիչ կպատահեն:

Արդեն պատրաստվում ենք կամաց-կամաց, այսօրվանից մեր գալը հազիվ երկու շաբաթ տևի: Ավելի շուտով էինք գալու, բայց մեր փոքրիկը (Արտավազդը) հիվանդացավ, սպասեցինք նրա առողջանալուն:

Տանըցիք արդեն վերադարձած կլինեն, ուստի բարևիր մեր կողմից մայրիկին, տիկին Շուշանիկին, օր. Մարիամին, Ստեփան Պսրիստաֆորիչին, Գրիգոր Խրիստաֆորիչին4, Լևոն... իչին և Աքելին5: Բարևում ենք նույնպես տիկին Լիզային6 ու պ. Սանդրոյին7 իրանց գերդաստանով: Իսկ ինչ վերաբերում է քեռունես կգամ կբարևեմ: Առաջնորդը8 մեր տանն էր. մազալու բաներ կպատմեմ, գրելու տեղ չկա: «Հորիզոնն» ուզեց. «Բորչալվում»9 հոդվածը կարդաց ու հիշատակարանում նկատողություններ արավ:

Ի վերջո համբույրս:

Քո Հովհաննես

4.ՍԵԴՐԱԿ ԲԱԼԱՅԱՆԻՆ1 ԵՎ ԱՐԱՄ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ2

ԹիֆլիսԲաքու

1897 թ. մարտի 5 97. մարտի 5, Թիֆլիս

Սիրելի Սեդրակ և Արամ.

Գրականության և գրողներին ապահովելու միտքը թեև վաղուց է, որ կա մեր մեջ, բայց միևնույն ժամանակ այնքան նոր է, որ ապշեցնում, զարմացնում է նույնիսկ մեր խմբագիրներին ու հրապարակախոզերին:

Ահա նրանք չեն կարողանում թաքցնել իրանց փոքրիկ հոգու վրդովմունքն ու զայրույթը և դրա դեմ աղաղակում են այնպես տգետ ու լիրբ ձևով, ինչպես անում է «Մշակ»-ը յուր18-ից սկսած3: Այդպիսի դուքանչիների աչքում մի անհասկանալի հաշիվ է այդ, դրանք չեն կարող իրանց հաշվի չոտկի վրա նկատել, հաշվի առնել նյութապես անապահով գրողի հոգեկան անհանգստությունն և դրա հետևանքները, նրանք չեն կարող տեսնել և հասկանալ այն դրաման, որի մեջ խաղում է յուր ծանր, գրեթե մարդու համար անտանելի դերը գրող մարդը, որ կյանքի բոլոր հոգսերի, ընտանեկան բոլոր պահանջների, անձնական բոլոր կարիքների դեմ միայն մի բան ունիյուր ձիրքը, յուր տաղանդը, իսկ այդ ոչ ոք չի ընդունում, ոչ կինը, ոչ երեխան, ոչ դուքանչին, ոչ հացթուխը, ոչ շոր ծախողը և այլն և այլն: Ահա նույնիսկ այդ ինտելիգենտ կոչված հոգով տգետները հրապարակավ ասում են, թե գրականությունը դեռ գործ չի և գրողը քանի ֆիզիկական ուժ ունի պետք է գործայսինքն կողմնակի պարապմունք ունենա, ահա դրանք հաշտեցնում են գրականությունն ու տերտերությունը, հաշվապահությունը, գործակատարությունը և ուրանում են գրողի տանջանքն ու տառապանքը, այն նյարդային ցնցումները, քայքայումն ու հոգնածությունը, որ իրան հետ բերում է սրբազան կոչված ոգևորությունը: Բայց նրանք, որոնք հոգով ազգակցություն ունեն գրողի հետ, որոնց տրված է աներևույթը տեսնելու և անձամբ չփորձածն զգալու ընդունակություն, նրանք մտածում են և խոսում են ձեզ նման:

Առաջին անգամ հրապարակում ձեր ձայնը բարձրացավ այդ խնդիրը պաշտպանելու համար, դուք հայտարարեցիք, թե գրողն ու կյանքը այսպիսի հարաբերության մեջ են մեզանում, և ես, որպես ձեր ընկերը և մի մարդ, որի բոլոր մտքերն ու զգացմունքները պտտվում են գրականության շուրջը, որ յուր էությունն ու կյանքի խորհուրդը գրականության հետ կապված է զգում, որ վաղաժամ, բայց մեծ փորձով գիտե, թե ինչ բան է առօրյա կյանքի և գրական կոչման այն զարհուրելի երկպառակությունը, որ հոշոտում, քայքայում, պատառ-պատառ է անում մարդու բոլոր ուժերն ու ընդունակությունները, — իմ կողմից հայտնում եմ ձեզ իմ սրտալի շնորհակալությունը այն ձայնի համար, որ դուք բարձրացրիք Մարդ[ասիրական] Ընկ[երության] այս տարվա ժողովում, այս ծածուկ, բայց զարհուրելի դրամային վերջ տալու համար, և թեկուզ երբեք էլ վերջ չլինի, այսուամենայնիվ այն էլ մեծ մխիթարանք է, որ համազգաց սրտեր կան և համակրություն:

Ստացա բոլորիդ այցետոմսերը և երկուսիդ ապսպրանքը, թե դիմում անեմ ընկերությանը: Այդտեղ թերևս ստորացնող բան չկա, բայց ես չեմ կարող: Հենց երեկ խոսում էի Աղայանի հետ, նրան էլ ասացի, և արդեն նրան ապսպրել էին, որ դիմում անի, բայց այն մտքով, որ որդուն ընդունեն որդեգիր. նա էլ էր դժվարանում, բայց ամենալավ ձևը դա է:

Следующая страница