Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Next Last

1887

ՄԻ ԱՎԱՆԴՈՒԹՅՈԻՆ

Շատ անգամ պատմության մութ կետերը մեզ պարզաբանում և լրացնում են ավանդություններն ու արձանագրությունները: Բայց տարաբախտաբար մեր ժողովուրդը դեռևս միայն ինքն ասում ու ինքն է լսում իրեն «պապական խոսքը»՝ ավանդությունը: Գյուղացու պատմախոսի՝ ավանդապահ ծերուկի ձայնը դուրս չեկավ իրեն օդայի չորս մրոտ պատերից: Ճշմարիտ է, թեև եղան անձեր, որ վարձեր արին այդ գործով զբաղվելու, բայց նրանք էլ դեռևս մի որոշ քայլ չարին և դեռ շատ հեռու են իրենց նպատակին հասնելուց, հետևաբար, դեռ մեր գրականության մեջ համարյա բոլորովին անմշակ և նույնիսկ պարապ է նրա տեղը: Մեր պարբերական թերթերը, մանավանդ «Նոր-Դար»-ը, հորդոր են կարդում և հաճախակի հիշեցնում այդ թերին լրացնելու մեծ անհրաժեշտությունը, հավաքելով ժողովրդի հոգու և մտավոր ստեղծագործության արդյունքները: Անկասկած, սա ուրախալի երևույթ է և, ինչպես երևում է, այդ ձայնը սկսում է արձագանք տալ: Անշուշտ, սա պետք է համարել ուրախալի երեվույթ, ցանկանում ենք սրտագին, որ «ասողին ճշմարիտ լսող |ինի»: Ժողովուրդը շատ նյութ ունի տալու ամեն մեկին:

Դեռ շատ պատմական տեղեր մեր հայրենիքում մնացել են անհայտ ոչ միայն գիտնական աշխարհին, այլև մեր գրագետներին: Այդ դասին է պատկանում և Լոռին՝ շնորհիվ յուր անմատչելի, ամուր դիրքի, որ մինչև այսօր պահել է ժողովրդի դյուցազնական ոգին և ստեպ-ստեպ ավազակներ, «իգիթներ», «աժդահաներ» է հարուցել և հարուցանում, իսկ վերջիններս «շլապկավորի» հետ չունին, և նրանց դուր գալու համար պետք է իրենց տարազով երևալ նրանց ձորերում: Շատ անգամ հարցասերին չեն պատասխանում և թե պատասխանում են՝ ծուռ ու սխալ, որովհետև վախենում են մի «խաթաբալա» չի դուրս գա մեջիցը:

Դսեղ գյուղը գտնվում է Լոռում, Ձորագետ (Բերգուջ կամ Դեբեդ) գետի աջ ափի վերա, այնտեղ՝ ուր նրա երկու մեծ ճյուղերը միանում են: Նա կղզիացած է Լոռու անդնդախոր ձորերի մեջ գտնվող մի փոքրիկ հարթավայրի վերա, երեք կողմից ձորերով, ժայռերով և չորրորդ կողմից՝ հարավից մի փոքրիկ լեռնաշղթայով պատած:

Դսեղ բառը կարծելի է, որ «դուրս տեղ» բառերից լինի կրճատված յուր զատված դիրքին հարմար: Բնակիչները զուտ հայեր են՝ հարյուր տնից ավելի: Դսեղը հայտնի է յուր «իգիթներով», բնակիչների կյանքի սահմանը իրենց երկրագործական մաճն է, հովվական մահակը և որսորդական հրացանը: Խոսելով փոքրիշատե Դսեղի մասին, իմ նպատակս է պատմել մի ավանդություն, որ իբրև տեղացի լսել եմ ծերերից:

Ավանդությունը սուրբ ու անշփոթ պահելու համար անհրաժեշտ են երկրի ամուր դիրք և ժողովրդին խաղաղ կյանք, բազմահալած մի ժողովուրդ չէ կարող սուրբ ու անշփոթ պահել յուր «պապական խոսքը»՝ ավանդությունը:

Դսեղի դիրքը իսկապես շատ ամուր է, սակայն բազմաթիվ ավերակները ապացույց են, որ աշխարհավեր փոթորիկներ են անցել այս տեղով և ինչ ասել կուզե, որ միայն շինությունները չեն ենթարկվել նրանց կործանիչ ազդեցության: Այդ ամուր անկյունում ևս անպակաս է եղել խռովություն, սուր և հալածանք: Նրա բնակիչները ցրվել են զանազան կողմեր և այժմ ամբողջ գյուղեր են կազմում: Եղել է ժամանակ, որ գյուղն ամայի անմարդաբնակ է մնացել և բնակիչները գաղթել են ժամանակավորապես, օրինակ՝ Վրաստան: Դսեղ գյուղի հին նշանները ցույց են տալիս, որ նա եղել է երբեմն մեծ և հարուստ: Գյուղից շատ ու քիչ հեռավորության վերա գյուղացիները շինության համար քար հանելու ժամանակ գետնի տակից գտնում են տան պատեր, զանազան տեսակ ամանի կտորներ և այլ իրեր: Գյուղացիներից մեկը, օրինակ, տան տեղ փորելու ժամանակ գտավ գետնի տակ երկու մեծ սենյակի տեղ՝ սալած բավական մեծ-մեծ կարմիր ներկած աղյուսներով. մի կողմը կար մի փոքրիկ տաշտաձև ավազան քարյա՝ իսկ մեջտեղը մի աղյուս չորս մաս բաժանած գծերով և ամեն մասում մի կնիք և մի տառ (ոչ հայերեն), որոնց նշանակությունը դեռ չէ բացատրված: Դժբախտաբար, չկարողացա ընդօրինակել այդ, որովհետև վերան ցորենի շտեմարան էր շինած: Գյուղացիները այդ տան տեղին «Թագավորի աղջկա բաղնիս» են անվանում: Գյուղի շրջակայքում կան շատ հանգստարաններ, որոնցից մի քանիսն արդեն անհետացել են, և տեղերը երկրագործի խոփն է վարում:

Գյուղի մեջ գտնվում են երկու հանգստարաններ՝ հին և նոր: Հինը, որ բավականին մեծ է, լիքն է խաչարձաններով: Այդ խաչարձաններից նշանավոր են երկուսը՝ բարձրությամբ մոտ երկու սաժեն: Նրանցից մեկը խաչարձանն է՝ կանգնած երեք մեծ քարերից կազմած պատվանդանի վերա, նրա գլուխն ևս, որպես առհասարակ խաչարձաններինը, խոնարհեցրած է, գուցե անձրևից պահպանելու համար, և կոչվում է «ծածկան» (ջոկ քար է): Նրա քանդակները շատ նուրբ են:

Խաչարձանի ճակատին (ծածկանի վերա) քանդակած է Փրկիչը՝ նստած դիրքով, աջ ձեռքով բարձրացրած, իսկ ձախ ձեռքին բռնած մագաղաթ՝ վերան գրած «Ես եմ լոյս աշխարհի» շուրջը այլ պատկերներ և ներքև կա խաչած Հիսուսը. խաչի գլխին գրած է «Սա է թագաւոր հրէից», աջ կողմից մի աջ և մի աղավնի, շուրջը «Աջ Տեառն և հոգի Աստուծոյ». ապա խաչյալ Հիսուսի բևեռած մի ձեռքից մինչև մյուսը խաչի վերա «Ձեռք որ զերկինս արարին տարածեցան ի խաչիս». խաչի մի կողմը կանգնած են «Հովհաննես» և «Նիկոդիմոս», մյուս կողմն «Աստվածածին» և «Հովսեփ», ձեռքին «կտավ». խաչի ներքև գլուխն է «Ադամ»-ի:

Պատվանդանի վերա կա հետևյալ արձանագրությունը, որ իսկապես մեր ուշադրության ամենից ավելի արժանի մասն է:

Ի թվ. ՉԼ.

Ողորմութեամբն Աստուծոյ ես Տէրունս որդի Խալըլին իմ աղբէրացովս կանգնեցի զխէչս յանուն Գրիգորոյ որ զուր և դառն մահուամբ ի Քրիստոս փոխեցաւ որ է պարծանաց և զմարդոյ եղբայր մեր որք երկրպագէք յաղաւթս յիշեցէք», պատվանդանի ձախ երեսին՝ «Վահրամ յիշեցէք»:

Նույն հանգստարանում հիշյալ արձանից դեպի արևմտա-հյուսիս գտնվում է մի այլ արձան՝ չորսանկյունի և չորս երեսն ևս քանդակած: Այդ քանդակների նշանակությունը զանազան կերպով են բացատրում գյուղացիները:

Նրա պատվանդանի վերա կա հետևյալ բավական անմիտ արձանագրությունը. «Ես Վահրամ զաւտար շինաբ քաննկ թողի վկայ ապնայն Գագկայ Խորիշահ ով խափանէ յժը հայրապետաց նզովեսցի Տէր Աստուած ողորմի մխիթարչին»:

Գյուղացիները մեր հիշած երկու հուշարձանները համարում են քույր և եղբոր խաչարձաններ: Առաջինին եղբայրԼուսավորիչ, երկրորդին քույրԱստվածածին անվանելով: Այժմ մենք կաշխատենք գտնել, արդյոք այդ ավանդությունը հիմք ստանո՞ւմ է մեր պատմագրերից ևս:

Առաջինի արձանագրությունից իմացանք, որ զուր ու դառն մահվամբ ի Քրիստոս փոխված մի անձնավորություն է Գրիգոր անունով. իսկ երկրորդից չիմացանք, թե Գագիկի՞նն է թե՞ Խորիշահինը: Եթե ենթադրենք, ժողովրդի ավանդությունը ճշմարիտ է, և քույր ու եղբայր են դրանք, ուրեմն այս մահարձանն էլ քրոջ համարելով՝ կարող է Խորիշահինը լինել և ոչ Գագիկինը, որովհետև Խորիշահ կնոջ անուն է և ոչ Գագիկ: Սակայն ո՞վքեր են դրանք:

Մեր կարծիքով, առաջինը պետք է լինի Գրիգոր Մամիկոնյան Մարզպանը՝ որ ապրում էր ԺԲ դարում և Խորիշահը՝ նրա քույրը: Դսեղ գյուղին մոտերքը գտնվող սուրբ Գրիգոր կոչված մի վանքի արձանագրության մեջ հիշված է «ԹՎ. ՈՎ. Գրիգոր որդի Մարծպանայ...» — «ԹՎ. Ոկզ-Ես Կոստանդ որդի Գրիգոր թոռն Համազասպայ...»: Իսկ մեր պատմիչներից էլ Կիրակոս պատմագիրը, որ ժամանակակից էր Գրիգոր Մամիկոնյանին և Սանահին էր ուսանում վանական վարդապետի մոտ, որ նույնպես մոտ է Դսեղին, Նետողաց ազգի1 սովորությունները պատմելուց հետո գրում է. «Զայս ամենայն պատմեաց մեզ Գրիգոր Մամիկոնեան...»: Մի ուրիշ տեղ ևս. «Յետ Համազասպայ եղև Մարզպան Հայոց Գրիգոր Մամիկոնեան ամս տասն զոր սպանեն խազերք...»: Նույն դարու պատմաբաններից շատերն են հիշում այդ Գրիգորին:

Իսկ երկրորդըԱստվածածինը, պետք է լինի սրա քույրըԽորիշահը որպես հիշած է սուրբ Գրիգորի արձանագրության մեջ «Ամքլեա դայեակ Խսորիշահի դստեր Մարզպանայ...». իսկ մենք գիտենք, որ վերոհիշյալ Գրիգորն ևս Մարզպանի որդին էր: Կիրակոս պատմագիրը գրում է... «զոր Քուրդ անուանէին հայ ազգաւ կրօնիւք քրիստոնեայ և որդիք իւր Վաչե և Հասան և կին նորա Խորիշահ յազգէ Մամիկոնէից դուստր Մարզպանայ քոյր Ասլան-Պէկին և Գրիգորոյ...»:

Մենք կարծում ենք, որ հուշարձանների և ս. Գրիգորի անունով վանքի արձանագիրները և Կիրակոս պատմիչի խոսքերը բավական հաստատություններ են, որ այդ գերեզմանները Մամիկոնյան Գրիգորինն և նրա քույր Խորիշահինն են: Սակայն լսենք, թե ժողովուրդը ինչ ձևով է պատմում այդ ավանդությունը: Մամիկոնյանները ԺԱ և ԺԲ դարերում գոյություն ունեին Դսեղ գյուղում և այնտեղ իրենց համար կալվածներ ունեին, որպես հիշված է արձանագրությունների մեջ, որոնցից հայտնի են Ասլանբէկ և Գրիգոր՝ որդիք Մարծպանայ. Համլիկ՝ որդի Սմբատայ, Մարծպան՝ որդի Սարգսի, Սարգիս՝ որդի Սմբատայ, որդւոյ Համազասպայ-Մարծպանայ, Կոստանդ՝ որդի Գրիգորի թոռն Համազասպայ, Համազասպ Մամիկոնեան. Վասակ՝ որդի Սմբատայ:

Բայց ահա և ավանդությունը:

Մի ժամանակ, երբ Հայոց թագավորությունը արդեն վերջացել էր, ամեն մարդ ինքն յուր գլխի տեր և թագավոր էր համարում: Ահա այս Լուսավորիչն էլ այն ժամանակ յուր համար զորք ու տերություն «սարքած» ժողովուրդը խաղաղ կառավարում էր ու «թշնամու աչքը հանում»: «Անօրենները», որպես իրենց սովորությունն էր, հավաքվել էին իրանց երկրիցը, «չու քաշել», ուրիշ աշխարհներ էին քանդում ավարարության ու սպանության համար:

Այս Լուսավորիչը (Գրիգորը), որ մի խելոք, արթուն ու քաջ մարդ է եղել, պահապաններ է կարգել սահմաններումն ու Դդի* գլխին մարդիկ է դրել, որ եթե մի անսովոր շարժում տեսնեն՝ զանգահարեն, իմաց անեն իշխանին: «Անօրենները» եկան մոտեցան մեր երկրի սահմանին և իմացան Լուսավորիչ իշխանի զորության, քաջության մասին: Նրանց գլխավորը, որ մի խորամանկ և խելոք մարդ է եղել, կանգնեցրել է յուր զորքին ու ասել. «քաջությունը երկու տեսակ է, նրանցից մեկը բազկի է, որի զորությամբ հասել ենք մինչև այստեղ, իսկ մյուսը՝ խելքի, որ գերազանց է բազկի քաջությունից. շատ բաներ պատմում են այս երկրի իշխանի ու ժողովրդի քաջության մասին, և դուք տեսնում եք, թե որքան անմատչելի է երկիրը: Ասում են, որ այդ իշխանը պահակներ, դիտողներ ունի կարգած, և մենք մինչև առաջ դրանց չձեռք բերենք՝ չենք կարող մոտենալ իշխանական շենին»: Այսպես խոսեց և յուր զորքերից կորովիները մի խումբ կանացի շորով՝ ներքուստ զինվոր, ճանապարհ ընկան իրենց տիրոջ հրամանը կատարելու: Մնացած զորքը նույն տեղում պետք է սպասեր մինչև գիշերվա հասնելը: Ուղարկված զինվորները հասան և կանացի շորով իբրև ուխտավոր ամեն բան վերջացրին իրենց տիրոջ հրամանի համեմատ՝ — «պահակներին ու դիտողներին սպանեցին»: Յուր ապարանքում քնած միջոցին բարբարոսները հարձակվում են վայրենաբար շենի վերա: Գրիգոր իշխանը աղմուկ լսելով, վեր թռավ, առավ յուր սուրը և վազեց թշնամու աոաջ, բայց արդեն ուշ էր զորքը կարգի բերել. սարսահար ժողովրդի մի մասը փախան ձորերը, մի մասը կռվեց և մեռավ այնտեղ, սպանվեցավ և Գրիգոր իշխանը: Նրա քույրը (Խորիշահ) լսելով այս, սուր առավ և վազեց եղբորն օգնություն, կռվեց և նա ևս սպանվեցավ այնտեղ և քույր ու եղբայր թաղվեցան, ուր որ ընկան: Անօրենները ավերեցին, քանդեցին շենը, որը կրակեցին, որը ավար առան ժողովրդի ստացվածքից: Ժողովուրդը արձան կանգնեց յուր քաջ նահատակների վերա և հարգեց ու որդոց-որդի ավանդեց նրանց արարքն ու վախճանը մեզ:

Ինչպես ընթերցողը տեսնում է, այս ավանդությունը ամենևին չէ հակառակում Կիրակոս պատմագրի պատմածին՝ Գրիգոր Մամիկոնյանի մահվան մասին:

Այս բոլորը ի նկատի առնելով, մեզ համար անկասկածելի է, որ հիշյալ խաչարձանները պատմական հիշատակներ են Գրիգոր Մամիկոնյանի և նրա Խորիշահ քրոջ վերա:

1892

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Մոճոռյանց Պետրոս: — «Բանաստեղծություններ»:

Աղեքսանդրապոլ. տպարան Աբրահամ Մալխասյանցի, 1892 թ.,

68 երես, գինն է 25 կ.

Այս գրքի մասին ստիպում է խոսել ոչ թե արժանիքը, այլ այն հանգամանքը, որ լռությունը կխաբե հեղինակիս, և նա, իրան շարունակ բանաստեղծ համարելով, իզուր, և նույնիսկ վնասակար աշխատանք կանի գրականության համար: Մանավանդ բանաստեղծի հռչակ ունենալու ցանկությամբ հիվանդացած է մեր երիտասարդների մի նշանավոր մասը, որոնք, չնչին բացառությամբ, նույնքան զուրկ են բանաստեղծական բնատուր շնորհքից, որքան և պ. Մոճոռյանը:

Սրանց սրտումը բանաստեղծական կրակի տեղ մի ճճի կա, որ անհանգիստ է անում, ստիպում է մի գործ կատարել, մի փառք վաստակել. բայց որովհետև չեն կարողանում կամ չի հաջողվում այդ, գողանում են, մուրում են թեմաներ, մտքեր, այլանդակում են, հանգեր են թխում և անճոռնի հուսահատ աղաղակներով բարձրանում Ոլիմպոսի գագաթը՝ անհայտ չկորչելու և ավելի բարձր երևալու համար: Սակայն նոքա չեն խաբիլ ընթերցող հասարակությանը և հայոց Մուսայի համար ընդհանուր արհամարհանք են վաստակել, բանաստեղծի նշանակությունը ծիծաղելի են դարձրել. այն տեղն են հասցրել, որ «Բանաստեղծություններ» վերնագիրը կրող գիրքը շատ անգամ առանց կարդացվելու է պախարակվում:

Այդ դժբախտ հերոսներից մեկն է պ. Մոճոռյանը: Մեր վը՝ կան նորա գիրքն է:

Վերցնենք առաջին ոտանավորը — «Մուսա», որ իբրև գոհար դրած է գրքի ճակատին: —

«Ոլիմպոսի սուրբ գագաթից Արամազդը զայրացավ, երբմի հողեղեն տեսավ: Պերսեփոնին հրամայեց նրան Տարտարոս տանել... Դյուցազները սարսափեցին, բայց Մուսայի ահեղ դեմքը չսարսափեց (ղոչաղ դեմք): Այն ժամանակ Արամազդը հարցրեց. «Ասեք, Հերմես, Ապոլլոն... գուցե ձեր է սա (Մուսան) ժառանգ մի երկրային կնոջից: Եվ Ապոլլոնը չոքեց, ներում աղաչեց.

«Ներում եմ, ասաց Արամազդ,
Բայց դու շտապիր ողջունել,
Ոլիմպոսի բարձունքից
Անմահ հոգվով պսակել»:

Ապոլլոնը չգիտեմ ինչպես հասկացավ այս հրամանը, միայն «խոստացավ Մուսային իր քնար... երգեց տխուր հրաժեշտով (հրաժեշտը), պատվերներ տվեց, «և երկնածին (չէ՞ որ երկրային կնոջից էր ծնվել) վեհ Մուսան հեշտագին սլացավ Ոլիմպոսի բարձունքից»:

Մուսայի աշխարհ գալու պատմությունն է երգի առարկան: Բայց ինչու համար Արամազդը զայրացավ և Տարտարոս ուղարկեց հողեղենին. խեղճը խոմ «ահավոր բարձունքը չպղծեց»: Ե՞րբ է Արամազդն արգելել հողեղեններին ներքև շրջելերևալ: Չէ՞ր կարելի ուրիշ բանով զայրացնել հայր Արամազդին (օրինակ, մի ճանճ քթին նստեր, կամ մի օրինակ բանաստեղծություններ ստանար Աղեքսանդրապոլից) Մուսայի քաջությունը ցույց տալու համար: Բայց մի՞թե Մուսան յուր ահեղ դեմքից չսարսափելու համար աքսորված է Ոլիմպոսի գագաթից. և մի՞թե երկնայիններից ավելի քաջասիրտ է երկրային կնոջ ծնունդը...

Վերցնենք երկրորդ ոտանավորը՝ «Իմ րեզետային».

Բանաստեղծը յուր պարտիզի ծաղիկներից բաժանում է սիրուն հափրուկին (եթե րեզետան հափրուկ է, էլ ինչու չգրել հափրուկ) և զարդ ընտրում յուր սրտին անշուք (!): Հափրուկը զրկված յուր վիճակից «վարդափթիթ ծաղկի ստվերով անուշ հոտ էլ չի տարածում» (?). երգիչը զղջում է, թե ինչի (ինչու) քաղեց (վերևն էլ ասում է բաժանեցիուրեմն պոկել է) յուր քնքույշ ծաղկին և սպասում է (մենք էլ հետը) չորանալուն: Բայց, հանկարծ, ո՛վ հրաշք, ծաղիկը սենյակի մի լուռ անկյունում ուրախ. անհոգ սրտով դարձյալ ծաղկում է և բուրում՝ «անցածը իսպառ մոռնալով»: Եվ սրան բանաստեղծը անվանում է «անգութ բախտին հնազանդվել»: Ստիպված ենք հայտնելու պ. Մոճոռյանին, որ քաղած հափրուկը եթե յուր անգութ բախտին հնազանդվեր՝ պիտի չորանար, ոչ թե չորանալուց հետո դարձյալ ծաղկեր և բուրեր...

Երրորդ ոտանավորում պ. Մոճոռյանը պատմում է, որ «Լայն ու ազատ կամարում հուսո վերջին նշույլով մի փոքրիկ վարդագույն ամպ է տեսել սիպտակ թևերով, չար հողմերի ճանկերում դանդաղ լողալիս, որի սիրտը, սակայն, շտապում է...»: Բնությունը շատ հրաշալի պատկերներ է ստեղծում, բայց բնությանը ծանոթ մարդը լայն ու ազատ կամարում այսպիսի հրաշք չի լինիլ տեսած: Ամպը վարդի գույն է ընդունում արշալույսի կամ վերջալույսի շողերից. և բոլորովին կարմրում է կամ միայն եզերքն են կարմրում, բայց երբեք չի պատահիլ, որ ամպի մեջը կարմրեր, իսկ եզերքը սիպտակ մնային. այն էլ մի փոքրիկ ամպի: Փոքրիկ ամպի «հուսո վերջին նշույլը» և «շտապող սիրտն» էլ բնության գաղտնիքներ են, որ Ոլիմպոսի այս սիրելիին են միայն ըմբռնելի:

Այսպես, կարգով կարելի էր գնալ մինչև այն ցանկալի, խորհրդшվոր բառը, որ կոչվում է «վերջ». բայց բանաստեղծը մեզ կանգնեցնում է յուր գերեզմանի վրա: Երես 39Գերեզմանիս վերա», նվեր օր <իորդ> Հ. Մ.-ին): Այստեղ իմանում ենք, որ բանաստեղծը մեռած է եղել (և այս երազ չէ), օրիորդը նրա վրա վերջին անգամ մի բուռն սև հող է ձգել լալով, բայց նա յուր չորացած հափրուկի նման կրկին հարություն է առել:

Մի անգամ, երկնքում աստղեր չտեսնելով, պ. Մոճոռյանը բացականչում է.

«Գոռոզ աստված մի ձեզ հանգցրեց
Նախանձելով ձեր ազատ փառքին,
Թե՞ անողոք մի բռնակալ ձեզ վանեց
Դեպի մութ վայրեր, լայն Տարտարոսին...» (երես 18):

Մի ուրիշ անգամ տեսնելով, որ մի աստղ թռավ, նա հարցնում է.

«Ասե՛ք, աստղեր... ազատ, շատ փայլեր
Նրա լույսիցը ժայթքեցին...» (երես 51):

Այս բոլորի համար պ. Մոճոռյանը մեզ պատասխանում է.

«Դատարկ է սիրտս և ամայացա՛ծ...
Ա՛խ, ե՞րբ ես տեսել մի չորցած ծաղկի
Բուրել ու բացվել գարնան ցողերով» (երես 44):

Եվ այս խոստովանելով հանդերձ դարձյալ ստիպում է մեզ յուր դատարկ ու ամայի սրտում բանաստեղծի խանդ ու ավյուն որոնել, չորցած ծաղկից բուրմունք ընդունել...

Պր. Մոճոռյանը ոչ թե զուրկ է թեկուզ փոքրիկ բանաստեղծի երևակայությունից և շնորհքից, այլև հասարակ հիշողություն անգամ չունի: Նա առաջին տողում ասածը մոռանում է մյուս տողում և այդպիսով հառաջանում են խայտառակ հակասություններ, որոնք այնքան շատ են և աչքի ընկնող, որ մարդ ամեն մի ոտանավոր կարդալուց հետո, ակամայից հիշում է մի ուրիշ այսպիսի բանաստեղծի նշանավոր դարձած տողերը. —

«Կապույտ երկնքում աստղեր են փայլում,
Կարկուտ ու կայծակ գլխիս են թափվում»:

Ինքնաստեղծ այլանդակ բառեր ու նախադասություններ որքան կամենաք. — մոլեգնային վշտեր, անշուք սիրտ, չար ճակատագրի անողոք բախտ, որոտ հրաման, և այլն և այլն:

Հանգերի ու վանկերի մեծ անհամաձայնության մասին էլ չենք խոսում:

Պր. Մոճոռյանը նմանություններ շատ ունի (Վտակ, Ամպ, Տվեք ինձ մի քաղցր քուն, Եթե սիրտս ոչ մի տեղում, և այլն): Այս անհիշատակ նմանություններն էլ այնքան են հաջող, որ ինձ հիշեցնում են մի ուրիշ բան. — Մեր գյուղացի քարտաշին տվել էին ձիու պատկեր, որ նմանը փորագրի մի քաջ մարդու գերեզմանի վերա. ուստեն փորագրել էր և ձիու տեղ դուրս էր եկել էշ:

Այստեղ արդեն ժամանակ է բարի խորհուրդ տալու պ. Մոճոռյանին, թողնել բանաստեղծությունը և յուր գործը ճանաչել թե չէ, ոչ թե հողեղենների անհայտ մեղքերի, այլ այսպիսի բաների համար միայն Ոլիմպոսի սուրբ գագաթից կզայրանա հայր Արամազդը, և գուցե Տարտարոս էլ ուղարկի:

1896

ԱՐԳԵԼՔՆԵՐ

Մի շատ նշանավոր խնդիր, մի անբուժելի խոց է շոշափում «Մշակի» N 104-ի առաջնորդող հոդվածը — «Արգելքներ կյանքի մեջ»: Այդ՝ գաղափարի և իրական կյանքի անհաշտությունն է, ծրագիրների և նրանց գործադրության տարբերությունն է, որ մենք ամեն օր տեսնում ենք մեր կյանքում: Բացատրում են վարչական անկարգության վնասակարությունը, և սակայն հարատևում է այդ անկարգությունը, տգետ քահանաների դեմ են խոսում, և նրանք ես առավել բազմանում են օրեցօր, դպրոցական կարգ ու կանոն են ցույց տալիս և դարձյալ քմահաճույքն ու կամայականությունն են տիրում նրանց տեղ, և շարունակ համանման երևույթներ:

Հիրավի, ծանր արգելքներ են: Սրանք են, որ եռանդ են մաշում, հոգի են հուսաբեկում, սիրտ են մեռցնում և հասարակության զարգացման գործը դանդաղեցնում են, ձգձգում են երկար տարիներով: Սակայն որքան շատ են ցավեցնում՝ այնքան էլ հեշտ են բացատրվում այս տեսակ երևույթները: Ընդհանրապես նա, որ գաղափարներ է քարոզում ու ծրագիրներ է մշակում, ոչ գործ ունի ձեռքին, ոչ գործելու իրավունք, իսկ նա, որ գործելու պաշտոն և մտքեր իրագործելու կարողություն ունի, չի ըմբռնում այն գաղափարները, որ կյանքի հառաջադիմությունն են պայմանավորում, չի ընդունում այն ծրագիրները, որ բարեկեցություն են պահանջում: Գործերի վրա նա իր առանձին հասկացողությունն ու հայացքն ունի, որ առաջնորդում և արդարացնում են իրան: Եվ դուք տեսնում եք, որ հառաջադիմության այդ խոչ ու խութերը տգիտությունն ու խավարն են հարուցանում, հասկանում եք, որ կյանքի բնական ընթացքն է այդ:

Բայց ի՞նչ կասեք, որ գաղափարների պաշտոնյան և ծրագիրների մշակն է ստեղծում այդ արգելքները կյանքի մեջ. դարձնելով գաղափարի գործն ապարդյուն և իր առաքելությունն աղետաբեր. ի՞նչպես կբացատրեք, որ այն մարդն է դառնում չարության գործիք, որը լավ է հասկանում ու տեսնում չարությունը և նրա ողբալի հետևանքը:

Լուսաբանության համար օրինակներ բերենք:

Մի ինտելիգենտ պարոն տողերիս գրողին հայտնում էր իր սրտի ցավը և վրդովված բողոքում էր, թե տգետ տիրացուներին կաշառքով ձեռնադրում են քահանա: Նրան լսելիս չէր կարելի կասկածել, թե ճշմարիտ է այս մարդու զայրույթը, բայց իսկապես ճշմարիտն այն է, որ հենց այնտեղից նա գնացել էր նույն տեսակ մի գործ հաջողեցրել կաշառքով:

Սրա նման շատերին ենք ճանաչում:

Մի գյուղական ուսուցիչ էլ պատմում էր, թե կաշառքն ապականել ու քանդել է գյուղերը: Նրա ռոճիկը տալու համար տանուտերը 35 ռ. կաշառք պահանջեց, հակառակ դեպքում չէր տալիս գրպանում դրած գումարը: Ուսուցչին ասացին, որ անվայել է իրան՝ կաշառք տալը և կարգադրություն եղավ՝ որ եկեղեցու փողերից տան նրա ռոճիկը, իսկ տանուտերի հետ հասարակությունը հետո հաշիվ կտեսնի: Այսուամենայնիվ ոաուցիչը իր խորհրդատուներից գաղտնի կաշառք էր տվել տանուտերին ու բանը վերջացրել:

Այս էլ հոգնակի երևույթ է:

Բայց ավելի լավը:

«Մշակի» նույն 104 համարում, հենց հիշված առաջնորդող հոդվածի տակ տպված է «Վերջին շունչը» — գյուղական ուսուցչի օրագրից մի պատկեր1: Ոսուցիչը պատմում է, թե ձմռան մի ցուրտ ու բուք օր դատավորն իրան կանչեց Օհանենց Ալեքսանի տունը: Ալեքսանըվաթսուն տարեկան մի ծերունի, իր տան միակ աշխատավորը՝ վերջին շունչի վրա էր: Այդ օրհասական րոպեին նրա գլխի վերևը կտրել են գյուղական դատավորն ու վաշխառու Գրիգորը: Գրիգորը երեք տարի առաջ 60 ռուբլի է տվել, այժմ եկել է այդ պարտքի տեղ Ալեքսանից պահանջում է նրա 200 ռուբլիանոց այգին: Այդ առանց թղթի չի կարող լինել, և վարժապետը նրա համար է կանչված, որ այդ թուղթը գրի, դատավորն էլ վավերացնի իր կնիքով, թե այսուհետև Ալեքսանի այգին անցնում է Գրիգորին 150 ռ. պարտքի տեղ:

— «Մի՞թե 90 ռ. է տոկոսը, զարմանալով հարցրի ես, ասում է ուսուցիչը:

Մեր գյուղերում այդպես են հաշվում... ասաց դատավորը ժպտալով:

Հարցնում են հիվանդին, թե համաձա՞յն է: Հիվանդը չկարողացավ խոսել, ձեռքով նշան արավ. չհասկացան ինչ էր ուզում ասել: Ապա խոսեց հիվանդի՝ անկյունում կուչ եկած կինը, թե «գրի՛ր, վարժապետ, թեև այդ փողից միայն 30 ռ. ենք ստացել...»:

Ես գրեցի:

Հիվանդը վերջին շունչի վրա էր: Նրանից հետո տասնամյա փոքրիկ որդին և մաշված ու հյուծված կինը պետք է մնային առանց մի կտոր հացի:

Թշվառնե՛ր...

Հետո Ալեքսանը մեռավ, թաղվեց և այլն, այդ ոչինչ, դրան ասում են «մեռավմեռոնվեց»: Նշանավորը վարժապետի հետևյալ երեք նախադասություններն են.

Մ ի՞թե 90 ռուբլի է տոկոսը, զարմանալով հարցրի ես:

Ես գրեցի:

Թշվառնե՛ր...

Այս երեք նախադասության մեջ է դրաման, ահա հենց այստեղ է ամենամեծ արգելքը կյանքի մեջ: Մարդն ուսուցիչ է, ինտելիգենտ մարդ է, նրա սովորած բոլոր գաղափարները դատապարտում են վաշխառությունը, նրա կարդացած բոլոր գրքերը բողոքում են վաշխառվի դեմ, գիտե, որ տերությունը մինչև անգամ խիստ օրենքներով մաքառում է այդ անիրավության դեմ, նրա իմացած բոլոր տեղեկությունները պատմում են, որ մի քստմնելի ոճիր է, որ կատարվում է մահամերձ աղքատի օջախում, նրա խիղճը ներսից աղաղակում է այդ անիրավության դեմ, և այսուամենայնիվ Գրիգորի ու դատավորի հետ նա կազմում է մի մռայլ երրորդություն, որ եկել է կեղեքելու ծերունու սիրտը իր վերջին շնչին և կատարյալ դարձնելու անապավեն ընտանիքի թշվառությունը:

Եվ այդպես էլ անում են:

Դրանից հետո նա աղավնու ձևերով անում է իր պատմությունը, հավատացած, որ դատավորն ու Գրիգորն են մեղավոյ այդ եղեռնական գործի մեջ, որ ինքը միայն մի անմեղ բան է արելգրել է: Նրա խիղճը հանգիստ է, որովհետև (ասում է) «գյուղական ուսուցիչը եթե ուզում է մի քանիսի համակրությունը գրավել (!!), պետք է գրագրի պաշտոն էլ կատարի»: Իսկ դատավորն ու Գրիգորը ասում են «մեր գյուղերում այդպես են հաշվում»... Թե վատ բան էր, ինչու վարժապետը գրեց ու ոչինչ էլ չասաց: Նրանց խիղճն էլ է հանգիստ, — բոլորը հանգիստ են: Սակայն մի տուն են քանդել երեքը միասինմեկը վաշխառու, մյուսը դատավոր, երրորդն ուսուցիչ, որ այնքան միամիտ կերպով ընթերցողին ասում է՝ նրանց թշվառության թուղթը «ես գրեցի», և, ետ նայելով դեպի սև տունը, բացականչում է «Թշվառնե՛ր»... Ես համոզված եմ, որ այս բոլորն անցնելուց հետո դատավորն և Գրիգորն էլ մի-մի ցավակցական բացականչություն կանեին — «Խե՛ղճ Ալեքսան», կամ սրա նման մի բան, և դրանից հետո եկեք իրարից զանազանեցեք մի գռեհիկ դատավոր, մի վաշխառու, մի վարժապետ:

Ահա արգելքը, որ հուսահատական մտածմունքներ է հարուցանում, որոնք տխուր ձայնով աղաղակում են ձեր սրտից, թե հասարակության կյանքի ու բախտի վրա դեռ երկար է տևելու չարության ու տգիտության բռնությանը, որովհետև գաղափարի մշակնել է նրանց կողմը:

1897

ԸՆԴԴԻՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Մշակի40-ում նրա Գրողն1 ասում է. «Մի երիտասարդ Հովհաննես Թումանյանց, բայց թողնենք նրան, — «զի ոչ, գիտէ զինչ գործէ». նա ինքն իրան թաղեց հենց իր հոդվածով, որի մեջ, նա, խուժանի այդ հարազատ զավակը, արիստոկրատական ծիրանի հագած, արշավանք է սկսում խուժանի դեմ: Սազ է գալի պոլսական առածը՝ ո՜վ դարք, ո՜վ բարք...»:

Այս տողերը ես արտագրում եմ և պատասխանում, որովհետև այնպիսի խոսքեր կան, որ տեղն եկած ժամանակ չասելը ուղղակի հանցանք է, որ կարող է մնալ ծանրացած մարդու սրտի և խղճի վրա:

Ինչ վերաբերում է թաղելուն՝ ես այդ համարում եմ մի շատ անզոր և միամիտ մասխարություն, որ միմիայն այնպիսի մարդիկ կանեն, որոնց համար Մշակի էջերից դուրս, էլ աշխարհ ու կյանք չկա: Այդպիսի մարդիկ նման են խլուրդի, որ ինչ բանի որ դունչը դիպչում է, միայն այն է ընդունում, և նրանից դենը էլ բան չկա: Թողնելով դրանց՝ այդ խելքից ու բարոյականությունից զուրկ՝ ձգտումները, որ մաքրության վկայական են բաժանում. գործչի ատեստատ են տալիս, կյանքի ու թաղման վճիռներ են կարդում, թողնելով այդ ձգտումները, որոնք որքան զազրելի են, այնքան էլ արժանի են լուրջ ուշադրության, որպես բարոյական անկման ահռելի նշաններ, — ես ուզում եմ խոսել խուժան բառի մասին, որի պատասխանատվությունն ընկնում է ի՜նձ վրա:

Այդ` վերև արտագրած տողերը, վերաբերում են Տարազի12-ում2. տպած իմ նամակին, որի մեջ Հրատարակչական Ընկերության վերջին ընդհանուր ժողովի մասին խոսելիս՝ ի միջի այլոց ասել էի. «Իր խուժանական լոգիկայով նա (ընդհանուր ժողովը) մինչև անգամ հնարավոր գտավ իր սև քվեների բազմության առաջ դնել պ. Շիրվանզադեի պատվի խնդիրը և այլն»: Այստեղից շատ պարզ է, թե ո՛ւմ են վերաբերում իմ բառերը, բայց եկեք տեսեք, որ աչքակապության մի եղանակ կա և հրապարակախոս կոչված արարածների մի ցեղ, որոնց դիպար թե չէ, կսկսեն ոռնալօ՛, ժողովուրդ, օ՛, ժողովրդի իրավունք, օ՛, հասարակություն... որ ժողովուրդն էլ կարծի, թե ճիշտ որ այդ պարոնների և իրան մեջ մի ընդհանուր բան կա, մի կապ կա, և նրանց դիպած հարվածն իրան՝ ժողովրդին է վիրավորում: Այս եզվիտական սկզբունքին հավատարիմ՝ այժմ էլ այդ Մշակի Գրողը իմ գրածը խեղաթյուրում է և ինքը զարմացած, գրաբար բացականչություններով, ո՜վ դարք, ո՜վ բարք աղաղակելով, ուզում է ուրիշներին էլ զարմացնել, թե տեսեք ժամանակն ի՜նչպես է խարաբ եղել, որ Հովհաննես Թումանյանցը, խուժանի հարազատ զավակը՝ արշավանք է սկսում խուժանի դեմ: Իհարկե, հասկանալի է, թե ինչ է սրա հետին միտքը, ինչպես է ուզում ընթերցողին տրամադրել, ինչպես է ուզում մտքեր պղտորել: Բայց ես կպարզեմ, իսկ պարզությունը այդպիսների մահն է:

Նախ և առաջ մի հարց. հառաջադիմական թերթի ազատամիտ Գրող, ի՞նչ զարմանք, եթե խուժանից դուրս եկած մարդը կռվի խուժանի դեմ: Ձեր կարծիքով մի՞թե այդ այնքան դատապարտելի գործ է, որ դրա համար կարելի է մարդու թաղել և գրաբար աղաղակել՝ զի ոչ գիտէ զինչ գործէ... ո՜վ դարք, ո՜վ բարք, և զանազան պառավական բացականչություններ: Եվ դուք դեռ համարձակվում եք հառաջադիմականության մասին խո՞սք ձգել, և դուք ձեզ համարում եք ավելի բարձր, քան խուժանը, ավելի ազատամիտ, քան հավլաբարցի դեդա Մաթո՞ն...

Այո՛, պ. խավարամիտ (այս գրչի սխալ չի), իմացած եղեք և զարմացած էլ մնացեք, որ տեղը եկած ժամանակ ես հանգիստ խղճով և մաքուր ոգևորությամբ արշավանք կսկսեմ և՛ այն խուժանի դեմ, որի հարազատ զավակն եմ ես և որին սիրում եմ: Ես չեմ ծառայում և չեմ էլ ծառայելու խուժանի հաճույքին ու ձայնին, այլ այն գաղափարներին, որ բարձրացնելու են նրան: Այս թո՜ղ լինի մի հայտարարություն ձեզ զարմացնելու համար և մի երդում ա՜յն խուժանի առաջ, որի կյանքի խորհուրդն ինձ համար այնքան թանկ է և սուրբ:

Բայց բանն այն է, որ դուք սուտ եք ասում, պարոն. ո՛չ առիթ կա և ոչ էլ ես արշավանք եմ սկսել ա՛յն խուժանի դեմ, որին դուք հովանավոր եք հանդիսանում ձեր վանական զայրույթով:

Ո՛չ պ. Գրող, իմ նամակում գործածած խուժանական բառը վերաբերում է ձեզ և ձեր ընկերներին: Ես իսկի չեմ էլ մտածել ձեզ համեմատել այն խուժանի հետ, որի հարազատ զավակն եմ ես, որովհետև ձեր և այն խուժանի մեջ սար ու ձորեր կան: Այն խուժանը՝ որքան էլ որ ընկած լինի, այսուամենայնիվ այնպիսի մաքուր ու բարձր ադաթներ ունի, որ անմատչելի են ձեր զգացմունքներին: Այն խուժանի ադաթով եթե մեկն իր հակառակորդին ասում է՝ ես զենք չունիմ ձեռքիս, ես անպատրաստ եմ, հակառակորդն իրավունք չունի իր զենքը շարժելու, հարված տալու, իսկ եթե այդ արավ, նա համարվում է նամարդ (տմարդի, ոչ մարդ), իսկ արարքը՝ նամարդություն: Եվ այս ամենամեծ նախատինքն է, ամենացած անունն է, որ կարելի է տալ մարդուն ու գործին: Եվ այս արատից զարհուրում ու զզվում է ամեն մի մարդը այն խուժանի, որի հարազատ զավակն եմ ես: Նա այս զգացմունքն ու ոգին իր կաթի հետ ջամբել ու ներշնչել է ինձ, և սրանից էր, որ ես Հրատարակչական Ընկ [երության] վերջին ժողովում լինելով` այնքան զզվեցի և զզվանքս էլ հրապարակավ հայտնեցի ձեր դեմ*: Այդ ժողովում՝ պարապմունքները վերջանալուց հետո, ընտրությունները կատարվելուց հետո, երբ ժողովականների մեծ մասն արդեն ցրվել էին (որոնք եթե իմանային՝ կմնային և գուցե ուրիշ կարծիք հայտնեին), մնացածներն էլ ուզում էին հեռանալ, դուք հանկարծ ձեր պորտֆեյլից հանում ու ժողովի մնացորդի առաջն եք դնում տեղեկագրից և ժողովի պարապմունքներից դուրս՝ պ. Շիրվանզադեի հարցը: Այստեղ ինձ համար Շիրվանզադեն չլինի, ով կուզի լինի: Դուք ուզում եք մարդու պատվի մասին մի վճիռ կայացնել տալ, մի խոսքով, թիկունքներդ ձայների բազմությամբ ամրացրած, ուզում եք հարված տալ նրան: Դոկումենտների անուն եք տալի, վկաներ եք հիշում, արձանագրություններ եք դնում սեղանի վրա: Այդտեղ կանգնած է ձեր հակառակ կողմըպ. Շիրվանզադեն: Նա ասում է. պարոններ, ես էլ ունիմ դոկումենտներ, բայց այժմ մոտս չեն, ես էլ վկաներ ունիմ, որոնք այստեղ չեն, այժմ ես անպատրաստ և անտեղյակ եմ ժողով եկել, ես այժմ զենք չունիմ ձեռքիս, թույլ տվեք մյուս ժողովում քննելու, կա՜մ մի նոր ժողով կազմեցեք, կամ մի մասնաժողով ընտրեցեք, որ ես հնար ունենամ պատրաստված ներկայանալու և պատասխան տալու: Նա կրկնում է իր խոսքը, դուք դարձյալ ձերն եք պնդում: Նա երեքկնում է իր բողոքը, և այսուամենայնիվ դուք ձայների մեծամասնությամբ վճռում եք ձեր ցանկացածն անել, և այն էլ այսպիսի եզվիտական եղանակով, թե մենք միայն զեկուցում ենք ուզում լսել: Իսկ զեկուցումը լսելուց հետո կանգնում եք՝ ու ձայների բազմությամբ վճռում, որ Շիրվանզադեն մեղավոր է, պարտ է, և, մեկը կանգնում է, ասում՝ ես կտամ, մյուսը՝ թե կեսն էլ ես կտամ, և ապա հարա-հրոցով վստահության քվե եք տալիս վարչությանը:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Next Last