Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Այս բոլորը տեսնելուց հետո, կրկնում եմ, թեկուզ Շիրվանզադեն չլներ, մի հետին մարդ լիներ և այն էլ հայտնի մեղավոր, ես դարձյալ կզզվեի ձեզանից և նույն խոսքերը կասեի. որովհետև ասեն մի հանցավորի հանցանքից ավելի գարշելի ու քստմնելի գործ է այդ ձևով դատաստան կտրելը, ամեն մի հանցավորից ավելի դատապարտելի է այդպիսի նենգամիտ, նախապաշարումներով կաշառված և տմարդի դատավորը, և նրա համար էլ ես ձեր վարմունքը անվանեցի խուժանական: Եվ չեմ դադարիլ այդպես անվանելուց, թեկուզ և դրա համար ինձ թաղեն, ինչպես արին գերեզմանատուն դարձած Մշակի40-ում:

1898

ՏԱՂԱՆԴ ԵՎ ԲԹԱՄՏՈԻԹՅՈԻՆ

Կարապետ Գալֆայան անունով մի 19-20 տարեկան աղքատ, թերուս երիտասարդ Տաճկաստանից ընկնում է Թիֆլիս: Այդ երիտասարդը սրտում բեմական արվեստի բուռն սեր ունենալով և իր մեջ զգալով դերասանական կոչումն՝ մերկ ու մենակ այնքան դես ու դեն է ընկնում, այնքան բախում սրա-նրա դուռը, որ մի կերպ հաջողեցնում է, գնում Պարիզ բեմական արվեստն ուսանելու:

Այստեղ ի՞նչ կա պախարակելի:

Ոչինչ:

Մարդիկ կան, որոնք հավանում են նրան, մինչև անգամ շատ են հավանում և թանկագին հույսեր են դնում վրան:

Այստեղ ի՞նչ հայհոյանք կա հայոց ազգին կամ ի՞նչ նախատինք հայոց դերասաններին:

— ?

Սակայն հայոց մամուլըՄշակ») շարժում է իր հոչակավոր մտրակը, հայ դերասանը բողոքում, հայհոյում է հանուն բեմի, թե ինչո՞ւ են ուղարկել, ի՛նչ բան է նա, ամո՜թ, խայտառակությո՛ւն և այլն1:

Անցնում են ամիսներ: Ֆրանսիական ժամանակակից մեծ դերասանը և արվեստագետըՄունե Սյուլլի2 հայ ժողովրդի մի ընկերությանը ուղարկում է իր վկայությունը, թե Գալֆայան երիտասարդն ունի այն չնաշխարհիկ ձիրքերը, որոնք մարդուն դարձնում են ողբերգու դերասան: Վկայության հետ անապահով երիտասարդի համար նպաստի առաջարկություն է լինում:

Նպաստը մերժվում է, իսկ վկայությունը, որ տպվեց հայոց մամուլի էջերում, ենթարկվում է հայկական ծաղրին ու կասկածին:

Ժամանակ է անցնում: Երիտասարդին Պարիզում մի ընտիր հասարակության և զանազան երկրների թղթակիցների ներկայությամբ բեմ են հանում ֆրանսիացիք: Երիտասարդը փայլուն հաջողություն է ունենում, և ֆրանսիական, անգլիական, գերմանական, իտալական, իսպանական, բելգիական թերթերի Պարիզի թղթակիցները այդ թերթերում հայտնում են իրանց կարծիքը, միաբերան գովում են երիտասարդին, համեմատում են նշանավոր տաղանդների հետ, թատրոնի նոր աստղ են նախատեսնում...

Բոթը հասնում է հայոց աշխարհքի իմաստուններին: Եվ, նրանք դարձյալ հերքում ու ծաղրում են մասնավոր շրջաններում և մամուլի մեջ, այս անգամ արդեն եվրոպացիներին ու նրանց հասկացողությունն էլ հետը... (Մուրճ, № 10-11, Սևյան, էջ 1578)3:

Այս ի՞նչ բան է, ի՞նչ են ուզում այս մարդիկ, ինչո՞ւ են այսպես երդված հակառակ կանգնել:

Ահա այս բանը շատ հետաքրքրական է և միաժամանակ շատ բնական:

Մի գաղտնի խորհրդով տաղանդի երևույթից միշտ վրդովվում է բթամտությունը. նրա պղտոր գիտակցությունը ավելի խառնվում ու մթնում է և կորցնում է բանականության ու բարոյականության բոլոր լուսավոր նշանները: Աչքերն արյուն կոխած, հանդուգն ու համառ, հաստ ճակատը դեմ արած հարձակվում է նա անհաշտ ու անդադար: Մի անգամ վրդովվել, վեր է կացել, այլևս դժվար է նրան զսպել: Զղջում, ամոթ, խղճահարություն... էլ ոչ մի բան ետ չի պահել նրան, մինչև զոհի շունչը չկտրի, չխեղդի, որ հանգստանա: Եվ նա միշտ խեղդում է ու աշխատում է խեղդել... Բայց եթե այդ պայքարում, հանգամանքների բերմունքով, տաղանդը պատռում է իր շրջապատը, հաղթող է հանդիսանամ ու փայլատակում իր աստվածային ուժի չքնաղ վեհությամբ, այն ժամանակ նա, այդ բթամտությունը՝ զարհուրած, ապուշ կտրած իրան է քաշում ոճրագործ ձեռքը, շշկլված, հիացած աղաղակում է այդ իրանից մեծ հրեշի առաջ, երկրպագում է, կեցցեներով ու պսակներով գալիս անամոթ ճակատով կանգնում, թե դու իմ կառքն ես, և ճգնում է հավատացնել, որ ինքը վաղուց հիացած էր և փայփայում էր նրան...

Բայց չպետք է հավատալ, թե արդեն նա փոխեց իր խավար բնությունը: Ո՛չ, անհաշտ ու անվերջ է այդ մաքառումն, քանի որ կան տաղանդն և բթամտությունը: Նա հաղթվեց, տեղի տվեց, ինչպես իրանից ավելի զորեղ ուժի հանդիպած մի տարր, բայց իր սպանիչ ուժով այժմ էլ մի ուրիշ «նորածին» տաղանդի վրա է ծանրացել խեղդելու, ճիշտ առասպելական այն հին դևի նման, որ, ըստ ավանդության, աշխատում էր դեռ օրորոցում խեղդել այն երեխաներին, որոնք ճակատներին շնորհքի նշան կունենային: Եվ ահա ծաղրում է, հռհռում, զարմանում, զայրանում, եռում, փրփրում և ուզում է խորտակել անճոռնի ոտների տակ:

Տաղանդը՝ կյանքի արահետը թողած՝ ձգտում է դեպի վեր:

Խե՛նթը, խե՛նթը... աղաղակում է նա. այծե՛ր ունի դա, այծե՛ր... հե՛յ, հո՛ւյ, հա՛, հա՛, հա՛, հա՛...

Տաղանդը իր ոգևորության մեջ բարձր հայտնում է իր կոչումը:

Ա՛յ դու հանդուգն, լիրբ, անպատկառ, խելառ. վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ...

Ահա, վերջապես մի որևէ ուժ, ձեռք, դուրս կորզեց, հանեց տաղանդին այս վանդալական վտանգալի մեյդանից:

Հե՛յ, ո՞ւր եք տանում, թողեք դրան, մենք ծիծաղում ենք... այստեղ տվեք, ո՞ւր եք տանում... Օ՛, խայտառակությո՛ւն, վա՛յ, հարա՛յ, դա խե՛նթ է, դա խե՛նթ է...

Սա տաղանդ է, հրճվանքով վկայում է հովանավոր ոգին:

Օ՛, դու էլ ես խենթ, դու էլ ես հիմար, դու էլ չես հասկանում...

Սակայն ոմանք արդեն շշնջում են — «Մե՛նք... մենք նրան չենք տեսել... մենք այծեր չէինք ասում... մենք... կայծեր էինք ասում...»:

Գալֆայանը իր մեծախորհուրդ ճանապարհի այս կետին է հասել:

1899

ՄԵՐ ԳՐԱԿԱՆ ՎԱՐՔ ՈԻ ԲԱՐՔԻՑ

Մեր լրագիրները փեշակ են շինել հալածել ու հայհոյել գրականությունն ու գրողներին, իհարկե, միշտ քննադատության անունով, գրականության վրա սրտացավ հսկողի հավակնությամբ, միշտ անաչառություն աղաղակելով: Շատ հետաքրքրանան բան դուրս կգար, եթե մի ձեռնհաս մարդ քններ այս տխուր երևույթը, ցույց տար, թե ինչ շարժառիթներից է առաջ եկել, ինչպես է արտահայտվել կամ ինչ միտք է ունեցել այս թշնամական վերաբերմունքը, որ միշտ անցել է հասարակ մարդավարության և տանելի դատողության սահմաններից:

Այդ կողմից միշտ է աչքի ընկել Մշակ լրագիրը. բայց վերջերս Նոր-Դարը ճգնում է անպատճառ նրանից էլ խիստ ու խելոք երևալ: Գրականության մասին խորհրդածություններ է անում, հարցեր է տալիս ու իրան իրան պատասխանում: Իհարկե, շատ անմխիթար պատասխաններ, հուսահատական եզրակացություններ, նախատինքներ ու խրատներ, մեկը մյուսից ավելի անհեթեթ ու անճոռնի: Վերցնենք հենց վերջին առաջնորդողները, որոնց մեջ լրագիրը խոսում է գրողների ու գրականության մասիս:

39-ի առաջնորդողում, որ կրում է Կանոնավոր կրթությունն է պակասում վերնագիրը, լրագիրն ասում է. «Մեր մեծ համարված, բայց իսկապես շատ փոքրիկ տաղանդի տեր բանաստեղծները, դրամատուրգները (դրամատուրգնե՛րը), վիպասանները իրենց փառքը որոնել են հայի մեջ միմիայն պակասություններ տեսնելով, նրա հոռի ու տգեղ կողմերը մեծացնելով ու աշխարհքի առաջ ծաղրի առարկա շինելով հային և հայի անունը»: «Իրանց այս ընթացքով նրանք վնասել են ժողովրդի զարգացման գործին և հուսահատեցրել են»: «Եվ ի՞նչու»... հարց է տալիս լրագիրն ու պատասխանում. «Որովհետև զուրկ են եղել կանոնավոր և հիմնավոր կրթությունից, որովհետև բոլորն էլ մեծ տիրացուներ են եղել, սկսած հենց Ստեփաննոս Նազարյանցից, որոնց հորդորել են, նոր ժամանակի պահանջին համեմատ, միջազգային տիրացուները»:

Խոստովանք լինի, այս վերջին տողերը ես լավ չեմ հասկանում: Մենք գիտենք, որ Նոր-Դարը միջազգային տիրացուներ հակառակ կուսակցության մարդկանց է անվանում, բայց այստեղ ի՞նչ բան ունի Ստեփաննոս Նազարյանցը, ո՞վ է նրան հորդորել: Այս անախրոնիզմն էլ, երևի, արել է այդ կուսակցության հիմքին զարկելու համար, և սրանից պետք է հասկանալ այն խոսքերի արժեքը, որոնցով մի ուրիշ առաջնորդողում աղաղակում է, թե ինչ որ ունեցել ենք՝ առաջ է եղել1: Այս մի շատ խավար ու տմարդի ձև է, որ ընդունակ է ամեն բան խառնաշփոթ անելու, նույնիսկ պարզ հասկացողություններն ու տրամաբանությունը և այսպիսի աբսուրդներ ասելու, թե ով որ հարձակվում է իր ազգի պակասավոր կողմերի վրա, նա տիրացու է: — Ի՞նչու, որ հայ գրողներին ասի տիրացուներ: Բայց այս մարդիկ եթե երկու խոսք են ասում, մեջը երեք հանցանք կա անպատճառ: Նույնպես և այդ նախադասությունը, բացի այն, որ մի մութ մտքով արած անախրոնիզմ և մի այլանդակ աբսուրդ է, միաժամանակ իր մեջ պարունակում է անխիղճ զրպարտություն. Իբրև թե գրողները հայի մեջ միմիայն պակասություններ են տեսել, հոռի ու տգեղ կողմերն են մեծացրել ու ծաղրել աշխարհքի առաջ և վնասել են ժողովրդի զարգացման գործին: Բայց բանն ասելը չէ, բանը ապացուցանելն է. ցույց տվեք տեսնենք մեր ո՞ր բանաստեղծը միմիայն հայի հոռի կողմերը երգեց, որ արժանացավ ձեր այսօրվա նախատինքին: Ի՞նչպես չեք պատկառում Ալիշանի Նվագներից2, ի՞նչպես չեք քաշվում Գամառ Քաթիպայի ազատ երգերից, ի՞նչպես չեք ամաչում Պեշիկթաշլյանի աղու մրմունջներից, Շահազիզի ու Դուրյանի գործերից: Գուցե նոր բանաստեղծներն են այդպիսի հրեշավոր երգեր երգել, ցույց տվեք տեսնենք ով է նա: Մի՞թե մեր միակ դրամատուրգ Սունդուկյանցը միմիայն նրա համար է Պեպո գրել, և միմիայն Զիմզիմովի վատ տիպն է դուրս բերել, որ հային խայտառակի աշխարհքի առաջ. թե՞ Պեպոն ու մյուս լավ տիպերը հայ չեն: Իսկ մեր վիպասաններից արդյոք Րաֆֆի՞ն է այդպես վարվել իր Խենթի, Ջալալեդդինի, Խամսայի Մելիքությունների, Սամվելի, Կայծերի, մինչև անգամ Խաչագողի հիշատակարանի մեջ. Ծերե՞նցը՝ իր Թորոս Լևոնի, Երկունքի, Թեոդորոս Ռշտունու, Պռոշյա՞նցը՝ իր Սոս ու Վարդիթերի, Կռվածաղկի, և մյուս գործերի մեջ, Աղայա՞նցը՝ իր վեպերի ու բանաստեղծությունների մեջ, կամ նորերից Շիրվանզադե՞ն, Մուրացա՞նը, Փափազյա՞նը: Միթե սրանք հիրավի իրանց գրվածքներով վնասել են ժողովրդի զարգացման գործին ու հուսահատեցրել են:

Դուք գրողներին զրպարտելուց ու նախատելուց հետո հարցնում եք. Ո՞րտեղ, ո՞ր ժողովրդի մեջ կգտնեք, որ տգետ մարդը, իը մանկությունը զրկանքով, օրերը նեղությամբ և ծայրահեղ խնայողությամբ անցակցնելուց հետո, խնայած կարողությունը զոհե, նվիրաբերե ուսման գործին, ուրիշների զավակների կրթության գործին: Գտնում եք, որ այդ «գեղեցիկ և բարձր հատկություն է», որ «կարելի է որոնել և գտնել միմիայն մեծ և բարձր դրության հասած ազգերի մեջ»3: Գրողներին առաջարկում եք փառաբանել այդ առաքինությունները, նախատում եք, որ նրանք անտես են առնում հայի այդ բարձր կողմը, և հենց դրանով էլ ապացուցանում եք, որ ոչ մի նմանություն չկա և ոչ մի հաշտություն չի կարող լինել ձեր և գրողների մեջ, որոնք, հիրավի, մեծ մասամբ զուրկ են դիպլոմներից, բայց ի ծնե կոչված են գործերի ներքին իմաստը թափանցելու, սրտերի գաղտնիքը կարդալու և այնտեղից խոսելու ժողովրդի հետ:

ՄԵՐ ՆԱԽՈՐԴ ՇՐՋԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

(Խ. Աբովյանի հիշատակին)

Այս դարի կեսերից մեր կյանքում ամենուրեք, ուր հայ է ապրում, սկսվում է մի եռանդուն մտավոր շարժում, եղած ուսումնարանների վրա տասնյակներով նոր ուսումնարաններ են բացվում, հին ուսումն ու ուսուցման խալիֆայական եղանակը դատապարտելով, մանկավարժական նոր ձևերով, կյանքի պահանջներին ավելի հարմար նոր գիտելիքներ են ավանդվում. իրար հետևից պարբերական թերթեր են հրատարակվում և հայոց հրապարակախոսը յուր թերթի ճակատին նշանաբան է դնում` «Այսուհետե ոչինչ եգիպտական քուրմեր, որ կամեին լինել գիտության միակ պահապանքը, այսուհետե ոչինչ Չինեական պարիսպ, որ պիտո է փակեր լուսավոր գաղափարների մուտքը ազգերի մեջ: Այսուհետև լույս և ճշմարտություն և ազատություն խավարի բաբելոնյան գերությունից» («Հյուսիսափայլ»)1:

Այդ ժամանակներից տպագրությունը լայն ծավալ է առնում, և հայոց գրողը, որ գրաբար էր գրում, և որքան կարող էր ավելի խրթին, որ զարմացնի ու ցույց տա, թե «որքան խորը տեղյակ է հայերենին», կանգ է առնում՝ միտք անում. «... ո՞ւմ համար գրեմ, որ ազգը լեզուս չի՛ հասկանալ: Թեկուզ ռսերեն, նեմեցերեն, յա ֆռանցուզերեն գրած, թեկուզ գրաբար՝ տասը կըլի, որ հասկանային, բայց հարիր հազարի համար՝ թեկուզ իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջաղաց: Ախըր որ ազգը էն լեզվովը չի՛ խոսում, էն լեզուն չի՛ հասկանում, սաքի հենց բերնիցդ էլ ոսկի վեր ածի՜ր. ում պետք է ասես...» («Վերք Հայաստանի»)2: Եվ այսպես միտք անելով յուր քերականությունը, ճարտասանությունը, տրամաբանությունը ծալում, «ղրաղ» է դնում ու սկսում է յուր հայրենիքի վերքըյուր սրտի ցավը ժողովրդի լեզվով հայտնել ու պատմել՝ գրականության մեջ անասասան դնելով աշխարհաբարի հիմքը:

Այդ ժամանակները գյուղերից ուսումնատենչ պատանիներն փախչում են քաղաք ուսում առնելու, մարդ դառնալու համար:

Այդ Ժամանակները քաղաքներից երիտասարդները հազար ու մի նեղություններով իրանց գցում են եվրոպական համալսարանները, և միշտ հիշելով հայրենի երկրի խեղճությունըօր ու գիշեր ճգնում ու տքնում են նրա համար լույս ու մխիթարանք բերելու լուսավորության արևելքից: Եվ իրար հետևից վերադառնում, գալիս են բարոյական ու կենցաղավարական նոր հայացքներով ու հասկացողություններով. ժողովրդի լուսավորությանը ծառայելու, նրան բարձրացնելու տենչանքներով վառված ու ոգևորված սկսում են մի մոլեռանդ գործունեությունմի չտեսնված իրարանցում ձգելով ընդարմացած ժողովրդի խավերի մեջ: Այդ՝ կենդանության թարմ ու առողջ մի շունչ էր, որ փչեց մեր քնաթաթախ թմրած կյանքում սթափեցնելով ու ցնցելով՝ մինչև ուր հասավ: Այդ մեր նոր կյանքի արշալույսն էր, որի նշույլները հենց որ սլացան մեր խավար կյանքումազատարար կոչնակի նման Ռուսաստանի հյուսիսային ծայրից լսվեց ազգային վերածնությանը հառաջընթաց բանաստեղծի ձայնը

Հառա՛ջ հայություն, հառա՛ջ ազգություն,
Լուսավոր դարուս գաղափարներով:

(Ս. Շահազիզ)3

Այդ բոլորովին նոր երգ էր, նոր խոսքերով ու եղանակով: Նա պարզ ու հասկանալի լեզվով հառաջ է կանչում ժողովրդին, գիտության, կրթության, լույսի ու ճշմարտության անունով էր հուզում ու խրախուսում, յուր ոգևորության հետ հասարակաց պիտույքն էր բարձրացնում Պառնաս, և ձգտում էր լինել հասարակաց զգացմունքի թարգմանն ու բարձր արտահայտությունը:

Հիրավի մի այլ երկնքի տակից Պեշիկթաշլյանը կանչում է.

Տո՜ւր ինձ քո ձեռքդ, եղբայր եմք մեք,
Որ մրրկավ էինք զատված.
Բաղդին ամեն ոխ չարանենգ
Ի մի համբոյր ցրուինի բաց4:

Եվ այս ուղու, հաշտարար ձայնը դատապարտելով նեղ կրոնական պառակտումները, հեռու նախանձը, դավանական ատելության ոգին, բախտի չարանենգ ոխերը մի համբույրով ցրվելով ու հերքելով հայտարարում է, որ եղբայրությունը վեր է կրոնական դավանություններից, և աստղերի տակ նրանից սիրուն ոչ մի բան չկա:

Այնինչ արդեն հնչում էր Ռ. Պատկանյանի (Գ. Քաթիպայի) քաղաքացիական քնարի ձայնը. իսկ նրանից առաջ թափառական Մ. Թաղիադյանը վաղուց արդեն մրմնջում էր.

Տէ՛ր, կեցո՛ զհայս
Եվ արա զնոսա պայծառս5...

Եվ Հնդկաստան, Տաճկաստան, Պարսկաստաներկրեերկիր տարուբերելով ու դեգերելով աղաղակում էր լուսավորություն, կրթություն...

Ահա այս մարդկանց և նրանց գործերի վրա ես կփորձեմ մի թեթև հայացք ձգել:

1900

ՇԵՔՍԲԻՐ. ՀԱՄԼԵՏ

Թարգմ. Գարեգին Հ. Բաբազյան. Վիեննա.

1899. Մխիթարյան տպարան

Թարգմանությունը ապակու տակ դրած մի վարդ է. գրեթե անկարելի է, որ թարգմանիչը տա բնագրի հարազատ բույրն ու հրապույրը: Սակայն միշտ պահանջելի է, որ նա հավատարիմ մնա գործի մտքին և հասկանալի տա ընթերցողին: Այս պահանջը մեծանում է մանավանդ, երբ թարգմանվում է այնպիսի մի երկ, որի ամեն մի խոսքն ու նախադասությունը, չափած ու կշռած, ունեն իրանց խոր նշանակությունն ու հաստատ տեղը: Այսօրինակ գործերից է Շեքսպիրի Համլետը, որ անգլիերենից թարգմանել է պ. Բաբազյան: Այս Համլետի երրորդ հայերեն թարգմանությունն է: 1889 թվին Թիֆլիսում հրատարակվեց պ. Ս. Արծրունու թարգմանությունը: 1894 թվին Թիֆլիսում հրատարակվեց Համլետի երկրորդՀովհաննես Խան-Մասեհյանի արած թարգմանությունը անգլիերենից:

Վերջապես ահա երրորդըպ. Բաբազյանի թարգմանությունը, նույնպես բնագրից, տպված Վիեննայում: Պ. Բաբազյան, որ՝ հավակնություն չունի խորհելու, թե իր թարգմանությունը թերություններե զերծ եղած լինի, հրատարակում է այն, քանզի պ. Ս. Արծրունու թարգմանությունը անչափ տարբեր է բնագրից, իսկ պ. Մասեհյանի թարգմանությանը, որի վրա քննադատություններ եղան ազգային թերթերի մեջ, չի ներկայեր այն հանգամանքները, «զոր այսպիսի կարևոր գործի մը թարգմանությունը կպահանջե»:

Չգիտեմ, բացի թերությունները, որ թարգմանիչը խոստովանում է, թե իր գործն էլ կունենա, ուրիշ ինչ հանգամանքներ են, որ այսքան նվաստացնում են պ. Մասեհյանի թարգմանությանը, բայց ազգային թերթերի մեջՏարազ», 1896, № № 40, 41, 43, 44 և 45) այդ գործի մասին խոսողներից մեկն էլ ես եմ եղած և չեմ հավանում պ. Բաբազյանի այդ խոսքերը:

Ահա մենք սրտագին ողջունելով նրա աշխատությունը, համառոտ ցույց կտանք նույն տեսակ թերություններ, ինչ որ ժամանակին նկատել ենք պ. Մասեհյանի թարգմանության մեջ: Եվ թող նա չկարծի, թե այս տեսակ նկատողություններով դիտավորություն ունենք հերքելու իր, ինչպես և իր նախորդի, գործի լրջությունն ու կարևորությունը:

Օրինակներ բերենք:

Համլետը Պոլոնիուսին ասում է.

Այո՛, պարոն, պարկեշտ լինել ինչպես աշխարհս կքալե, կնշանակե տասն հազարեն մին ընտրել: 54:

Քերականորեն սխալ այս նախադասության միտքը միանգամայն հակասում է Համլետի հայացքներին և իսկույն մատնում է իրան:

Պ. Մասեհյան այսպես է թարգմանել.

Ա՛յ, — լինել ազնիվ այսպիսի աշխարհում:

Այդ է՝ լինել ընտրյալ տասն հազար մարդից:

Հանգուցյալ Ադամյանի դերի մեջ այսպես է եղել, — Այո՛, լինել ազնիվ մարդ, — նշանակում է լինել ընտրյալ տասն հազարներից:

Բայց ջնջել է և իր ձեռքով գրել այսպես.

Այո՛, աշխարհիս այս ընթացքին մեջ հազիվ կարելի է տասն հազար մարդոց մեջ մի ազնիվ մարդ գտնել:

Օֆելիան Համլետի հիշատակները վերադարձնելով ասում է.

«...Անոնք իրենց անույշ բույրը կորուսին, ետ առե՛ք զանոնք. քանզի ազնիվ հոգվո մը համար ճոխ նվերներն իրենց արժեքը կկորսնցնեն, երբ նվիրատուք անբարեսեր կդառնան»: 79:

Օֆելիայի բողոքն այն մասին չէ, թե Համլետ անբարեսեր է դարձել, այլ անտարբեր, ինչպես որ գործ է ածել և պ. Մասեհյանը: Այսպես են տրամադրում և Օֆելիայի խոսքերը, թե՝ մի ժամանակ, երբ ընծայեցիք, «անոնց կընկերանային այնպիսի քաղցրաբույր խոսքեր, որ ավելի ևս ճոխ կընծայեին զանոնք»: Այդ քաղցրաբույր խոսքերը հիշեցնելով ու անտարբեր անվանելով, Օֆելիան ուզում է սիրո խոստովանություն, նորից քաղցրաբույր խոսքեր դուրս կորզել Համլետի բերանից, որ լսեն թաքնված թագավորն ու Պոլոնիուսը և ստուգեն թե Համլետ անտարբեր է դեպի Օֆելիան թե չէ, սիրո կսկի՞ծն է պատճառ, որով նա կտառապի, թե ուրիշ վտանգավոր մի պատճառ կա, որի կասկածն անհանգիստ է անում հանցավոր արքային:

Համլետը դերասանին ասում է.

Ըսե՛ք, կխնդրեմ, այն հատվածը արագությամբ, ինչպես ես արտասանեցի», և այլն: 83:

Արագությամբը թարգմանիչը սահուն բառի տեղն է գործածել: Համլետ իր խոսքի շարունակության մեջ խրատ է կարդում դերասանական արվեստի մասին և ասում է. նույնիսկ կրքի հեղեղի ու փոթորկի ժամանակ պետք է չափավորություն պահել, գործողությունը խոսքին հարմարեցնել, խոսքը գործողության: Նա չէր կարող այդպես հորդորել դերասանին:

Պ. Մասեհյան ասում է՝ թեթև և ազատ:

Кетчер ասում է плавно. Соколовскийлегко и развязно. Հանգ. Ադամյանի դերի մեջ ասված էհեշտությամբ և ազատ:

Այս խոսակցության մեջ Համլետ հիշում է Թերկամանդ և Հերոդ (Հերովդես) անունները: Պ. Բաբազյանը ծանոթության մեջ ասում էհին ժամանակվան դերասաններ:

Այնինչ Թերկամանդ սառակինոսների մի կուռք էր, որին վերագրում էին չար ու դաժան բնավորություն, իսկ Հերովդեսը, Հրեաստանի հայտնի Հերովդեսն է, որ Շեքսպիրի ժամանակները սովորաբար ներկայացնում էին միստերիաների մեջ:

Գոնզագոյի սպանությունը ներկայացնելիս դուրս է գալիս Լուչիանոս: Համլետ բացատրում է.

Այս Լուչիանոս անուն մեկն է, եղբորորդի թագավորին:

Օֆելիա. — Դուք խմբերգին տեղը շատ լավ կըբռնեք, տեր իմ:

Համլետ. — Պիտի կարենայի բացատրել, ինչ որ ձեր, և ձեր սիրահարին մեջ կդառնա, և այլն: 95:

Խոսքը բացատրության մասին է և իշխանը պարծենում է՝ իբրև լավ բացատրող: Բայց ինչ ունի այստեղ խմբերգը: Պ. Մասեհյանն էլ գործ է ածել երգիչների մի ամբողջ խումբ: Այս хор բառն է, որ ռուս թարգմանիչներն իրանց թարգմանությունների մեջ хор էլ թողել են: ХорՇեքսպիրի ժամանակները կոչվում էր այն մարդը, այն դերասանը, որ խաղամիջոցներին դուրս էր գալիս պիեսի մութ տեղերը բացատրում, մեկնում և զբաղեցնում հասարակությանը: Մեր թարգմանիչները երևի այս хор-ը շփոթել են հունական хор-ի հետ և առաջ է եկել այսպիսի կոպիտ սխալ՝ բացատրողի փոխարեն դուրս է երկել երգիչների խումբ:

Համլետ՝ մոր հետ տեսակցության տեսարանի մեջ՝ վարագույրի ետևից սրով զարկում է Պոլոնիուսին և բացականչում.

Մեռած, տոլարի մը համար մեռա՛ծ. 108:

Համլետ ասում է, — «Մի դուկատ գրավ կգամ, որ սա մեռած է», ինչպես թարգմանել է պ. Մասեհյան: Հանգ. Ադամյանն իր դերի մեջ իր ձեռքով գրել է գրավ կդնեմ, որ մեռավ, այո՛, մեռավ:

Թագավորը Համլետին հայտնում է, որ պատրաստվի Անգլիա երթալու: Համլետ այդ խոսակցության մեջ ասում է.

Մնաս բարյավ, սիրելի մայր իմ:

Թագավոր. — Եվ հայրդ, որ կըսիրե քեզի, Համլետ:

Համլետ. — Իմ մայրս, հայր և մայր՝ այր և կին է. այր և կին մի մարմին է. այսպես ուրեմն, մայր իմ: Օ՛ն յԱնգղիա: 125:

Այս տողերը կարդացողը կարող է կարծել, թե Համլետ մնաս բարյավ է ասում մորը, այնինչ մայրը իսկի չկա այդ տեսարանում: Պ. Մասեհյան պարզ է դուրս բերել.

Համլետն ասում է. ...Մնաս բարյավ, սիրելի մայր իմ:

Թագավոր. — Ես քո սիրող հայրդ եմ, Համլետ:

Համլետ. — Իմ մայրս... Հայր և մայր այր և կին են. այր և կին՝ մի մարմին են: Ուրեմն դուք մայրս եք:

Համլետ հորեղբայրհորն է մայր անվանում, որ «Անչափ խանդաղատելով նրա մասնավոր ապահովության համար... շուտափույթ ղրկում է Անգլիա»:

Խելագարված Օֆելիան երգում է.

«Քանզի Րոպին, սիրուն թռչուն,
Է իմ միակ ուրախություն»:

Րոպին ծանոթության մեջ բացատրում է — «Կարմրալանջ թոչուն մը»: 137:

Այս մի հին սիրային երգի կտոր է: Պ. Մասեհյան այդ տողերն այսպես է թարգմանել.

«Իմ սիրեկան անույշ Ռուբենն
Է իմ միակ ուրախություն»:

Գերեզմանափորը Համլետի հետ սրախոսում ու բառախաղություններ է անում: Համլետ բացականչում է. «Անպիտանն որչափ բացարձակ է իր պատասխաններուն մեջ...»:

Տեղին անհարմար և միանգամայն հակասող մի բառ:

Ընդհակառակը, Համլետ ուզում է ցույց տալ, որ նա իսկի բացարձակ չէ իր պատասխանների մեջ, և խոսքն այսպես է շարունակում.

«Քարտես ի ձեռին խոսելու է հետը, եթե ոչ ամենափոքր երկդիմի բառ մը պիտի մատնե մեզի: Արդարև, Հորեշիո, երեք տարիներե ի վեր կըդիտեմ, թե դարս շատ բծախնդիր եղած է...» 157:

Բացարձակ բառի տեղ Кетчер և Каншин գործ են ածում придирчив. Մասեհյան թարգմանել է.

«Ինչպես նրբամիտ է թշվառականը, պետք է սրա հետ կողմնացույցով խոսել...»

Կարճ կտրելով այս նկատողությունները, այժմ ցույց տանք բաց թողած կտորները: Այդ կտորները ես կարտագրեմ Մասեհյանի թարգմանությունից:

Օֆելիան Համլետի ընծաները վերադարձնելով ասում է. — «Դուք ինձ հավատացնում էիք, թե սիրում եք ինձ»:

Համլետ. — Իսկ դու չըպիտի հավատայիր ինձ, որովհետև առաքինությունը չէ կարող այսնպես պատվաստվել մեր փտած ծառաբունի վրա, ո ր մի համ մնացած չըլինի մեր քիմքում: Ես քեզ չէի սիրում:

Օֆելիա. — Ուրեմն ես ավելի խաբված եմ եղել:

Խելագարված Օֆելիան պալատում երգում է.

Օֆելիա

Վկա երկինք և սուրբ Կատրին,
Ավա՛ղ, ամոթ բան է.
Ինչ մարդ լիներ, այդպես կաներ.
Իրավ, դա ցած բան է.
Կույսն ասում է. ինձ խոսք տվիր
Ինձի քեզ հարս առնել:

Նա պատասխանում է.

Քեզ կառնեի, թե դու չէիր
Իմ անկողին մտել:

Թագավոր

Ո՞րքան ժամանակ է, որ սա այսպես է:

Հոր մահվան բոթն առած՝ Լաերտ գալիս է Դանիա և մոլեգնած ներս ընկնում պալատ, ապիրատ թագավորից իր հայրն է ուզում: Թագուհին մեջ է ընկնում խնդրելովհանդարտորեն, սիրելի Լաերտս:

Լաերտ

Արյան այն կաթիլը, որ հանդարտ լինի, անունս կկնքի պոռնըկի որդի, դա հորս կանպատվե, և նույնիսկ այստեղ, առաքինի մորս անբիծ ճակատին կդրոշմե երկաթով բոզության սպին:

Այս կտորները չկան պ. Բաբազյանի թարգմանության մեջ: Պակաս տեղեր կան նույնպես և 16, 90 և 95 երեսներում, իսկ 33 երեսում Համլետի խոսքերը հայրն է ասում: Ապա այսպիսի նախադասություններ ունի:

«...Խնդրեցի իրմե, որ մեզի հետ մանրամասն հսկե այս գիշեր. 2. փոխանակ արթուն հսկե: Թե գործն այս կետին հասնե՛ր... 15:

Փոխանակ ասելումիթե գործն այս կետին պիտի հասնե՛ր:

«Տեր իմ, նա իր սիրով՝ բայց պատվաբեր ձևերով կհոգնեցներ զիս. 25:

Փոխանակ ասելունա իր սերը ինձ հայտնում էր պատվաբեր ձևերով:

Շատ խորթ են հնչում այս բացականչությունները.

Հոլա Պերնարտո. 2.

Բո՛ւհ, Դու կանաչ աղջիկ. 25.

Հիլո, հո՛ հո՛, տեր իմ. 35.

Հո՛, Հորեշիո. 86 և այլն:

Գրքի սրբագրությունն այնքան անփույթ է կատարված, որ մարդ չի հավատում, թե Մխիթարյան տպարանից է դուրս եկած, կարծես Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության հրատարակություններից լինի: Այսպիսի տառասխալներ են պատահում:

Ռիտո, փոխանակ՝ Դիդո, 66. Նիրկանյան, փոխանակ՝ Հիրկանյան, կուզե, փոխանակ՝ կուտե. 124. գաք, փոխանակ՝ գնաք, դուրս, փոխանակ՝ դարս, 173: Տառասխալներ, որ փոխում են ամբողջ նախադասության միտքը:

1902

ՔԱՌԱՍՈԻՆ ՏԱՐԻ

1862 թվի գարնանը մի օր «Կռունկի» խմբագիր Մ. Աղաբեգյանի մոտ մտավ իր գրաշարներից մինըմի 20-22 տարեկան գեղեցկադեմ բարձրահասակ տղա, «Մեղու Հայաստանի» լրագրի17 ձեռքին: Այդ №-ում նա տպել էր իր ոտանավորը, ուզում էր խմբագրի կարծիքն իմանալ:

Խմբագիրն առավ թերթը:

Հարկավոր է օգնել չքավորներին

Անուշիկ գարնան զվարթ օրերում գրավում են պատանու սիրտը ծաղկազարդ վայրեր, միտն են ընկնում էնտեղի եղբայրքը և գնում է...

Բարձրանում է մի բարձր բլուր, նայում է չորս կողմըծաղկած դաշտեր, շենք, շինություն, առուք, վտակքցնծությամբ լցված իջնում է ստորոտ:

«Էսքան բարության վայելողների
Տեսությանն է միայն փափագում»:

Եվ ահա հայտնվում է մի ծերունի, գավազանը ձեռքին, գլխակոր, շորերը մաշված, պատանին դիմում է սրան.

«Հայրի՛կ... ասա ինձ խնդրեմ,
Ինչպես եք այստեղ դուք կառավարվում,
Ունի՞ք կայք, կալված և հանգիստ կենցաղ,
Թե միշտ եք այդպես ստոր վիճակում:
Գլուխը շարժեց ծերունին տխուր.
Ցավ է ինձ ասել, ասաց նա լալով.
Ահա անցանեն իմ կյանքի օրեր,
Բոլորն էլ սրտիս ցավ ու վիշտ տալով:
Տեսնում ես դու այդ սիրուն դաշտերը,
Որոնք գրավում են շատերի հոգին,
Չկարծես թե դրանց մենք ենք վայելում,
Այլ մեր ոսոխներն ու մեր թշնամին:
Իսկ մենք այս փոքրիկ տեղումը սխմված
Մնացել ենք անշարժտխուր վիճակում:
Արհեստ, գիր, լեզու, օրենք ասած բանըդ
Չգիտենք թե ինչ են նշանակում:
Թե կամիս բոլոր մեր պակասության
Եվ մեր նեղության դառն պատճառներն
Իմանալ, որդյակ, դժվարին է,
Վասն զի լուռ են մեր լեզուներն»:

Լռեց ծերունին, տխրության ամպը աչքերը պատեց: Այդ «մեծ վիշտ պատճաոեց» պատանուն ու գնաց նա դեպի մյուս գյուղերը.

Բոլոր փորձանքներն աչքիս տակն առած,
Ընկա մեծամեծ սարեր ու ձորեր:
Ինչե՛ր եմ տեսնում, ով կարե պատմել,
Հայ կանայք բոկոտն՝ սուր-սուր քարերում
Ման գալիս տեսա, սիրտս, հոգիս թնդաց.
Տեսնում եմ շատ բան, բայց լուռ անցկենամ:

Այս թշվառ աշխարհից գալիս է պատանին իր խեղճ բնակարանն ու սկսում մտածել.

Թե ի՞նչ միջոցով կարող են արդյոք
Ազգասեր անձինք այն որբոցն օգնել:
Ոչ դրամ, ոչ նյութ, չէ ինչ հարկավոր,
Միայն թե տեսնեն, քննեն, իմանան,
Թե ինչ է պատճառն, որ նրանք աղքատ,
Կարոտ են մնում արհեստի, ուսման:

Ու կանչում է.

Եկե՛ք իմ եղբարք, որդիք արամյան,
Միմյանց անխտիր կերպով մենք օգնենք,
Թե քաղաքացի և թե շինական
Նոր հոգի առած՝ իրարու գգվենք:

Խմբագիրը հավանեց: — Աշխատիր, ասաց չհուսահատվիս, դու ապագա ունիս. միայն այստեղ չմնաս... Խրատեց ու, ի՞նչ պետք է աներ, կրկին ուղարկեց տպարան:

Այդ ոտանավորի տակ ստորագրած էր՝ Ղազար Ս. Աղայան: Դուք արդեն իմացաք, թե ով էր 40 տարի առաջվա այն գեղեցկադեմ, առողջ, բարձրահասակ տղան: Նա, որ 40 տարի առաջ սկսել էր իր գրական գործն այս երգով՝ «Պետք է օգնել չքավորներին», որոնք

«Արհեստ, գիր, լեզու, օրենք ասած բանըդ
Չգիտեն թե ինչ է նշանակում...»:

Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլարները ու իր բարձրությունից ինչե՛ր, ինչեր է տեսել...

Ու այն օրվանից մտել է իր «խեղճ բնակարանը, սկսել է մտածել, թե ինչ միջոցով կարող է օգնել... Ու բոլոր փորձանքներն աչքի տակն առած, ընկել մեծամեծ սարեր ու ձորեր...

«Խավար էր այդ ժամանակ մեր աշխարհը, շատ էր խավարլուսավոր մարդուն պետք էր լապտերով փնտրել», ասում է նա իր ինքնակենսագրության մեջ: Ահա այդ լապտերով գտած սակավաթիվ մարդիկ պետք է ամեն բան անեին, ամեն պակասության հասնեին: Վեպ չկարվեպ գրեին, ոտանավոր չկարոտանավոր հորինեին, դասագիրք չկարդասագիրք կազմեին, վարժապետ չկարվարժապետություն անեին...

Ահա այսպիսի մի ժամանակ երևաց Ղ. Աղայանը: Եվ այդ շրջանում, այս սերունդի մեջ նա բռնում է մի շատ պատվավոր և առանձին տեղ: Նա նման չի մեր գրողներից ոչ մեկին: Նա ամեն մի ճյուղի մեջ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ ու տաղանդ և երբեք չի եղել երկրորդը:

Նրա «Երկու քույրը» մեր վիպական գրականության մեջ մինչև օրս նշանավոր գրվածք է, ինչպես «Տորք Անգեղը» մեր սակավաթիվ պոեմների շարքում, «Մանի՛ր, մանի՛ր» և նմանները մեր ժողովրդական բանաստեղծության մեջ: Բայց ո՞վ է մրցել նրա հետ, երբ նա «Անահիտ» և «Արեգնազան» է պատմել կամ «Գյուլնազ տատի հեքիաթը» և զրույց է արել երեխաների հետ կախարդական աշխարհներից: Ո՞վ է կարող մեր աշխարհքում շոշափել հայոց լեզվի և ուղղագրության խնդիրն առանց առաջ հիշելու Ղ. Աղայանի անունը, և, վերջապես, մեր նոր սերունդից ո՞վ կա ամբողջ ռուսահայքում, որ հայերեն լինի սովորած առանց Աղայանի դասագրքերի... Քառասուն տարի՛... Ասելը հեշտ է:

Հայոց մամուլը երբեք չի զբաղվել նրա գրական գործերովքառասո՛ւն տարի...

Ղ. ԱՂԱՅԱՆՑ

(Քառասունամյակի օրը)

Այսօր գրական հաղթանակի և փառավոր հիշողությունների օրն է: Քառասուն տարվա հիշողություններ, որ զարդարում են Ղ. Աղայանին:

Ես էլ, որպես նրա մոտիկներից մինը, ունեմ շատ ու շատ հիշողություններ նրա կյանքից, և հատկապես նրա կյանքի այն ծանր շրջանից, երբ որ նա Լիր թագավորի նման իր օրերի դեմ կարող էր որոտաը ամոթ ձեզ, որ վեր եք կացել այսքան ծեր ու սպիտակ մի գլխի դեմ1:

Բայց այդ հիշողություններն այժմ թողնելով, այսօր սիրելի է ինձ հրճվանքով շեշտել նրա երկու բարձր հատկությունները:

Следующая страница