Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Արդ՝ գանք գործին: Աղայանցն այժմ այդտեղ է և ինձ ասում էր, որ այդտեղ մի ձգտում կա գրողներին օժանդակելու: Եթե անկեղծ այդպիսի բան կա, դու էլ այդտեղ ես, խոսիր ու մի հաստատ բան գրիր: Պարզ է, որ Բաքուն կարող է մի քանի գրողի վիճակ ապահովել: Թող ենթադրենթե մի քանի քահանա էլ ավելի ունենեթե միայն գրողին քահանայի չափ կարևորություն կտան, թող փորձեն նրա կեսը, ինչ որ դրին թատրոնի վրա2դնեն գրականության վրա ու տեսնենթե բան չի դուրս գալ՝ կտրեն: Վերջապես գրականություն ուզող ու հասկացող ժողովուրդը մի ձևով պետք է խրախուսի այդ գործը, թե չէ այդ կլինի ավելի, շատ ավելի, քան վաշխառությունը, բռնաբարությունը, ավազակությունը: Այդ կլինի մի զարհուրելի դրամա, այդ հասարակությունը կնմանի մի մոլոխի, որ ինքը սառն ու անհոգի մի ոչնչություն, անզգա մի տարր՝ և մարդազոհեր է պահանջում, անմեղ կյանքեր է կլանում:

Ուրիշ բաների մասին այժմ չեմ գրում. առայժմ պատասխանիր իմ նամակին, որ ես կարողանամ մի վճռական կարգադրություն անել, իմ լինել չլինելու խնդիրը վճռել: Ինձ թվում է, որ ես մոլորված եմ եղել. աշխատիր լուրջ լինել, հիմնական, հաստատուն բան գրել, և ոչ թե զանազան ենթադրություններով ու հույսերով դարձյալ խճճել այս դրության մեջ: Ինձ օգնիր այս խնդիրը լուծելու գործում: Եթե գրականությունն այժմ շատ էլ կարևոր չի մեր հասարակության համար և մասնավորապես էլ ես ոչինչ եմ գրականության համար, թող հասարակական վարձ ու նպաստը ավելի լավ նպատակների ծառայի, ինչպես եղել է մինչև օրս, իսկ եթե գրականությունը ձեզ է պետք և գրողն էլ գրականությանըհամեցեք հաշիվ տանք մեր պարտականությունների մասինոչ թե ողորմության խնդիր դնենք, ինչպես սովոր են ասել առանց ամաչելու, թե խոսքն ընչի և ում մասին է: Հասցես՝ Бебутовск. 50:

Քո Հովհաննես

11. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

ՇուլավերԹիֆլիս

[1900 թ.]

Սիրելի Ֆիլիպ.

Քո վերջին նյութերդ այն տեսակ են, որ մարդ դժվարանում է կարծիք հայտնելվախենալով, թեչլինի սխալվեմ: Առաջինի մեջ ինձ դուր եկավ այն դեկադենտական կասկածը, թե ուրիշները, թե քո սիրելիին որևէ նմանություն ունենայդ գողացել են նրանից, և դու զայրանում ես դրա համար և ավելի խիստ զգում քո մենակությունն ու տխրումասում եմ դուր եկավ, բայց չեմ հասկանում: Երկրորդը մի փշուր է, ճանկռած այն մեծ նյութիցթե որքան չնչին են մարդկային ուժերը բնության և նախախնամության անհունության առաջ: Եվ չեմ հասկանում, թե ինչու սրա մեջ գործ ես ածել «շունչ» բառը. թերևս «հոգու» տեղ է: «Խուցը», ոչինչ, լավ է ասված: Իսկ «Իմ կտակից» իսկի բան չհասկացա:

Մի խոսքով այս անգամվա նյութերդ անհաջող են: Ինչպես երևում է՝ տաղանդդ սպառվում է:

Նամակիդ մեջ իզուր ես ինձ հակաճառում, թե բանաստեղծները նոր մտքեր պետք է հայտնենոր հայտնած չլինեն ուրիշները: Հենց այս նյութերը գոռում ենթե նոր միտք չկա: Ամենամեծ ու ամենախոր միտքը միշտ կարող ես լսել մի ապուշի բերանից, ամենացած ամբոխը հազար մի բարձր մտքեր է շուռ ու մուռ տալիս ամեն օր: Բանաստեղծության տեսակետից միտքը ի՞նչ է որմիայն նյութ, հում նյութ, մատերիալ: Բանաստեղծ չի նա, ով որ հայտնում է, թե մարդը ոչինչ է բնության առաջբանաստեղծը նա է, ով որ թեկուզ դրան լսելուց հետոայնպես ներկայացնի ու պատկերացնի այդ հարաբերությունը, որընթերցողն զգա ու տեսնի... Շեքսպիրից առաջ են հայտնած բոլոր այն մտքերը, որ նա իր հանճարի ֆոկուսի միջով ցույց է տալիս աշխարհին: Այս է մրցության դաշտըմտքերը, որ արդեն կան (և անկարելի էր, որ չլինեին առաջուց) առնել, կենդանագործել ու (ավելի պարզ, բայց շքեղ) պատկերացնել, ներկայացնել հասարակությանը: Եթե այսպես չլիներ, վայն եկել էր տարել բանաստեղծներին: Ես այսպես եմ հասկանում բանաստեղծությունը: Ոչ միայն մտքերըայլ նույնիսկ երգած նյութերը դեռ արգելք չեն բանաստեղծինև դարձյալ նյութ են նրա համար, միայն մի պայմանով, որ կամ մի նոր կողմից լուսավորեիր այն, կամ ավելի ազդու երգեիր, ավելի վեր հանեիր, քան կար արդեն:

Ես իսկի չվախեցա, երբ այս տարի (Հրատարակչական Ընկերության հրատարակած) Լաֆոնտենի առակների մեջ կարդացի «Ճայ ու չղջիկի» առակըչգիտեմ ինչ վերնագրով1: Սրանց ժողովուրդն, ասի, այսպես է պատմում, բանաստեղծն էլ այսպես է երգումմենք էլ այսպես2: Երկուսն էլ ինքնուրույն:

Դու գիտես, որ ես մի (իսկապես երկու հեքիաթ միացրած) հեքիաթ «Հազարան բյուլբյուլը» և «Սինամ թագավորի գաղտնիքը» — նյութ առած ուզում եմ հորինել մի արևելյան պոեմա: Դրանով հետաքրքրվելով գտաոր շատ անգամ տպված է, բոլոր ազգերն ունեն, պատմված է հազար ու մի ձևով, մինչև անգամ գիտնականները մեկնություն են տվել, թե գարնան գալն է հեքիաթի առարկան, բայց այդ բոլորից հետո ես ոչ միայն թողի իմ հեքիաթը, այլ ավելի պինդ բռնեցի, ավելի ոգևորվեցի այդ նյութովով ինչպես ուզում է գրած լինի, ես էլ ինձպես եմ ասելու, և մինչև անգամ հանդգնություն ունեցա գիտնականների հակառակ իմ ունեցած մեկնությունը, միտքը նկատել հեքիաթի մեջ և այն զարգացնել ու երգել: Ինչպես դու գիտեսիմ կարծիքով բանաստեղծության ու մուզիկայի ծնունդն է հեքիաթի առարկան:

Նախորդ նյութերդ չեմ ուղարկելու, որ նույնը կրկնես և լավ իմանաս խեղճ բանաստեղծների ղադրըդու որ չես կարողանում միտքդ պահել մի քանի օր առաջ քո սեփական գրածները և կրկնում եսհապա ինչպես անեն նրանք, որ այնպիսի [բան գրեն] միտք հայտնեն, որ հայտնած չլինի ոչ մի բանաստեղծ ամբողջ աշխարհքում:

Մոսկվայի ուսանողները մի նամակ են գրել ինձ (Գ. Խատիսյան և Լ. Նազարյան), թե ուսանողները մի գրական ժողովածու3 են ուզում հրատարակել, խնդրում են իմ աջակցությունը: Փափազյանը, որ այնտեղ է այժմ և պաշտոն ունիինչպես գրում է, ֆրանսիական Credit Lyonnais բանկում, մասնակցում է ժողովածվին, հանձն է առել խմբագրել և այլնգրում է, թե շնորհակալ կլինենք, եթե ուղարկես երգիծական պոեմդ «Բանաստեղծը և սատիրը» — այսինքն Մուսան: Արդ, ինձ մոտ չկան ոչ բանաստեղծ և ոչ Մուսա: Կարծեմ մեկը դու ունես: Մի նայիր ու քո նկատողություններով հանդերձ ղրկիր ինձ, որ ուղղեմ ու ղրկեմ ուսանողներին: Քեզ գրել էի, թե Կայլցովի «Сяду я за стол да подумаю» — ոտանավորը թարգմանեցիղրկեցի «Տարազին»: Այժմ խմբագրությունից գրում ենթե ցենզորը բռնել է: Եկ ու բան հասկացիր: Ախար ի՞նչ ցենզորի բռնելու բան է դա: Ուրեմն էլ ի՞նչ անենք, ի՞նչ մտածեք: Ահա թարգմանությունը: Առաջուց գրել եմ, որ за стол-ը շինել եմ պատի տակ, — պատի տակը համարելով հայ գեղջուկի մտածմունքի տեղըփոխադրել եմ:

ԳԵՂՋՈԻԿԻ ՄՏՈՐՄՈԻՆՔԸ

Նըստել պատի տակ
Ու միտք եմ անում,
Թե ինչպես մենակ
Ապրեմ աշխարհում:
Ոչ ջահել կընիկ
Ունեմ իմ կողքին,
Ոչ թև ու թիկունք
Մըտերիմ ընկեր,
Ոչ մի տաք անկյուն,
Ոչ արծաթոսկի,
Ոչ տափան ու չութ,
Ոչ քյահլան մի ձի...
Պակաս օրի հետ
Միմիայն մի գանձ
Քարի նըման ուժ
Տըվավ ինձ հերըս,
Բայց, ավա՛ղ, էն էլ
Օտար դռներում
Կերան, մաշեցին
Դարդ ու ցավերըս...
Նըստել պատի տակ
Ու միտք եմ անում,
Թե ինչպես մենակ
Ապրեմ աշխարհում:

Ինձ հաջող է թվում: Գրիրհավանո՞ւմ ես, թե՞ չէ: Դու մի ժամանակ ինձ ասում էիր, որ Կայլցովից բան թարգմանեմ: Հանգերն ինչպես զանց են առնված բնագրում, այնպես էլ ես եմ արել:

Նյութերիցդ մեկը ոտնավորել եմմյուս անգամ կղրկեմ: Լավ կանես, որ նյութ առնես երբեմն մեր կյանքըայստեղ էլ շատ բան կա: Լայաղ արա, միքիչ ներքև արի — «Խոնարհվիրմտիր քո խուցը»:

Այժմ գանք իմ խաչելությանը: Պուշկինը իր նամակներից մեկում ասում է. «Чорт надоумил меня родиться в России с душою и талантом».

Եվ հեշտ բան չի чорт-ի գործը դրստելը: Чорт-ն այնպիսի բան չի անիլ, որ Ֆիլիպը մի անգամ Մանթաշովի4 մոտ գնա ու... դրստի: Այժմ չեմ իմանում ի՜նչ ես մտածել. ճշմարիտ, որ դժվար է մի ելք մտածել, բայց բանից դուրս է գալիս, որ դու ջուխտ-ջուխտ ես մտածում ու գտնում: Ես համոզված եմ, որ քո մտածմունքների ամենաառաջինը իմ բարոյական ապահովությունն էոր ես ինձ զգամ հանգիստ ու անկախ. չես տանիլ փեշս գցիլ մի որևէ անասունի պոզ, այդ ավելի վատթար կլինի, քան ամեն նեղություն: Հանկարծ մի հայվանաղա քեզ վրա նայի ու հետդ վարվի, իբրև իրան պահած պրիկաշչիկի կամ, նույնիսկ իր լռությամբ, միշտ երեսովդ տա իր լավությունը: Արևելքի ասպետըՔյորօղլին ասել էԱթըմ եյան, ղանըմ իչան, նամարդի մոհտաջ օլմասըն5:

Իհարկե, շատ մարդ կտանի այս «աղեն ձեթ տա՝ փեշդ դեմ արա»-ի աշխարհքում, բայց աստծուն է հայտնի, որ ես հազիվ եմ տանում նույնիսկ լավերի ու մերձավորների լավությունը: Այս տարի եղբորիցս մի 100150 ռ. փող մսխեցի. բանն այնպես էր, որ հարկադրված էի: Այդ նրա պստլիկ խանութին ու առուտուրին մեծ հարված է տվել: Առանց էն էլ իսկիիսկի առուտուր ասած բանը չի հասկանում, հաշիվ չի հասկանումայս էլ հետըգործին, ճիշտ որ շատ վնասեց: Մի քանի անգամ այս ամառ հետը կռվեցիթե լավ չես տանում գործդ և ամեն անգամ այդ գումարը տվեց երեսովս... Ես ինքս մեծ փափագ ու հակումն ունեմ ուրիշներին հովանավորելու, կամ ավելի լավն ասեմ, իմ ունեցածը ուրիշների հետ բաժանելուով կարիք կունենար: Այժմ երբ բանը հակառակն է դուրս եկելպետք է գործին այնպես չնայել, ինչպես, օրինակ, մեր լրագիրներն են հասկանում ու նայումայսինչ չքավոր գրողին... բարերար... ողորմություն և այլն և այլն: Փողն ստացա:

Քո Հովհաննես

12. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

ՈւրավելՎիձիսի

[1901 թ.] հուլիսի 19 19 հուլիսի. Ուրավել

Թանկագին Մարիա Մարկովնա!

Իմ կողմից միանգամայն ապահով եղեք, ես կատարյալ առողջ եմ, սառը ջուրն ինձ չի վնասում, ընդհակառակը շատ է օգնում: Ճշմարիտ է, մի ժամանակ դժվար է եղել այստեղի սառը ջրում լողանալը, բայց այժմ շատ է փոխվել ջուրը և գազն այնքան է պակասել, որ գրեթե չի նկատվում, միայն երկաթի համն է մնում: Խորհուրդ եք տալիս ձու, կաթն ու մածուն ուտելու: Ես էլ հենց այդ եմ ուտում, թեև ձուն ու մածունը դժվար են ճարվում: Սի խոսքով շատ լավ եմ. ջուրն էլ է օգնում, օդն էլ, բայց մանավանդ ազատ լինելը: Գիտեք, 13 տարի է, ինչ որ ամուսնացել եմ, ես ազատ լինելու հաճույքը դեռ չեմ զգացած: Այժմ էլ թեև ինձ ազատ չեմ զգում ընտանիքիս հոգսից, բայց գիտեմ, որ նրանք էլ լավ են, և միայն կարոտ է, որ զգում եմ, ոչ թե ծանրություն, որ զգացել եմ միշտ: Իսկ կարոտը ինձ համար ամենաթանկագին զգացումն է: Առհասարկ հագուրդը, կուշտ լինելըավելի ճիշտհղփանալը իջեցնում է մարդուն ներքև: Կարոտից է առաջ գալիս ամեն բարձր բան: Իդեալներն ի՞նչ են որ, — հոգու կարոտներ: Եվ հենց սրա համար է լավ մենակությունը. մենակության մեջ ամենավսեմ հաճույքներ կան և դրանք այն րոպեներն են, երբ մարդու հոգին լա՛յն, խաղա՛ղ, անվրդո՛վ ծփում է և սիրտը քաղցր-քաղցր ճմլում՝ երբեմն որոշ, երբեմն անորոշ կարոտներով: Եվ այդ րոպեների մեջն է, որ հայտնագործություններ են անում մարդիկ, ստեղծագործում են, իհարկե, ևս առավել բանաստեղծ մարդիկ: Նիցշեն ասում է. «Բոլոր բանաստեղծները հավատում են, թե ով որ կանաչի մեջ լեռան մենավոր լանջում պառկած հսկի, երկնքի ու երկրի մեջ գոյություն ունեցող շատ բաներ կիմանա: Եվ երբ բանաստեղծներին տիրում է քնքուշ տրամադրությունը, նրանք միշտ հավատում են, թե բնությունն ինքը սիրահարված է իրանց վրա ու իրանց ականջին շշնջում է խորհրդավոր, սիրայինշողոմարար ճառերև դրանով թռչում են նրանք մահկանացուների առաջ»:

Բայց պետք է ասեմ, որ ես չկարողացա մենակ լինել: Շատ մարդիկ ծանոթացան և այժմ արդեն ծանոթների մի մեծ շրջան ունեմ այս փոքրիկ ամառանոցում, որ չեն թողնում... տխրեմ:

Լավ է, որ Դուք խաղաղություն եք վայելում, բայց ափսոս, որ մոծակները նեղացնում են, կամ ինչպես Դուք գրում եք՝ «այդքան փոքրիկ արարածները թունավորում են մարդու կյանքը»: Այդպես է. փոքրիկ արարածներն են կյանք թունավորումմեծ արարածները թույն չունեն, նրանք միայն կյանք կարող են տալ: Բայց շատ միք հուսահատվիլ. տեսնո՞ւմ եք, մի թեթև քամի է հարկավոր, որ ցրվի այդ կյանք թունավորողներին: Ափսոս, որ չեմ կարող Ձեզ համար քամի ցանկանալ:

Ինձ հետաքրքրեցիք Ձեր գրելիք նյութով, ու չէք գրում թե ինչ բան է: Ուրեմն հայ կնոջը թողեցիք. խե՛ղճ կին. իսկ եթե մենք ենք մի կին թողնում, կանայք աշխարհք են թնդացնում տղամարդիկ անգութ են, անխիղճ են...

Կին ասացի միտս եկավ: Իմ կնոջ մասին եք հարցնում. նա լավ է, ինչպես գրում է, իր երեխաներով հանդերձ: Հասցեն եք ուզումայս է՝ Белый Ключ, дача Лухава, Ольге Туманян. Շանթից նամակ ունեմ. Բուդապեշտից է գրել: Երբ գրեմ կհարցնեմ, թե ինչու դեռ նամակ չի գրել Ձեզ. երևի շուտով կգրի:

Իմ այստեղի ծանոթուհու մասին ի՞նչ կետեր էիք շարել: Մենք միայն բանաստեղծություն ենք անում... վերջապես այդ էլ շատ քիչ:

Ղըրխքիսալովի մասին էիք գրել: Ձեր գրելուց առաջ նա ինձ մանրամասն պատմեց իր գործը1իր պատմելով ինքն արդար է և հերքել է, գործն էլ դատաստանով տարել: Է՛հ ինձ ինչ, ով է անպայման լավ մարդը. ավելի լավ է մարդը իրանից լավություն պահանջի, ուրիշի վատությունը շատ էլ վտանգավոր բան չի լավ մարդու համարեթե միայն ինքը ճիշտ որ լավ է:

Ասում եք ծրագիրներ եք կազմում, ես էլ եմ ծրագիրներ կազմում: Երևակայում եմ, որքան խոսելու նյութ կունենանք: Որքան շատ կանանց եմ հանդիպում, հետները խոսում, ճանաչում, այնքան ավելի եմ կարոտում մեր հոգեբանական-փիլիսոփայական-բանաստեղծական զրույցները:

Ուղարկում եմ ամառանոցիս լուսանկարը, առաջի նստածն էլ ես եմ: Ֆիլիպին դեռ նամակ չեմ գրելոչ էլ ստացել եմ: Այսօր կամ վաղը կգրեմ: Դուք երևի գրագրություն ունիքչեք գրում նրա մասին: Ռուստեմն էլ երևի այնտեղ է:

Այստեղ ընդհատեցինմեկը հիվանդացել է (տիկնոջ տագրը) կանչում է ինձ: Ցտեսություն: Սպասում եմ Ձեզանից նորտեղեկությունների և լավ լուրերի:

Միշտ Ձեր Հ. Թումանյան

Հասցես ուղղակի՝ АхалцыхОв. Туманян

13. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

[1902 թ.] հուլիսի 29. 29/VII Б. Ключ

Սիրելի Ֆիլիպ.

Երբեմն, երբ պառկում եմ անկողնիս վրա կամ մի որևէ ծառի տակ ու մտածում, ասում եմ երբեմն այն էլ եմ մտածում, թե արդյոք այժմ ի՞նչ է մտածում Ֆիլիպը սեղանի վրա պառկած: Խոստովանեմես շատ եմ սիրում քո փիլիսոփայություններըավելի բանաստեղծական են լինում և բովանդակալի, իսկ բանաստեղծություններդ ընդհակառակը ավելի պրոզա և ջրալի: Այս վերջինը կարող էի թողնել, չասել, բայցասեցի էլի: Գիտես, ես էլ հետզհետե փիլիսոփայությունն եմ սիրում և բանաստեղծության մեջ էլ այն, որ ոչ արտասուք ունի, ոչ հուզմունք, այլ մի վեհափառ խաղաղություն, մի վոլիմպիական, վսեմ, արհամարհոտ թռիչք դեպի լավագույն աշխարհները և ավելի ջինջ ու մաքուր մթնոլորտները:

Զարմանք. Հայնեն ասում է՝ բանաստեղծի սիրտը աշխարհի կենտրոնն է: Վա՛յ մեր աշխարհի բանաստեղծին ու նրա սրտին, և, հիրավի, իմ սրտի վրա չափազանց սաստիկ ծանրանում են մեր աշխարքի ամեն ցավերը, գուցե այդ արդեն ապացույց է, որ ես էլ եմ բանաստեղծբայց, ասում եմ, զարմանալու բան է, ես առանց երգելու հոգնած եմ այդ ցավերից ու սիրում եմ բոլորովին ուրիշ ցավեր, ավելի անուշ, ավելի աստվածային, երջանիկ ցավեր:

Չգիտեմ այսպես է, թե ինձ այդպես է թվում, թե կարող ես ջոկիրայս ինչ կենտրոնախույս տրամադրություն է, որ իմ մուսային դարձնում է դավաճան ազգի առջև:

Սակայն քեզ ասեմ, որ միևնույն ժամանակ մի մեծ ազգային պոեմա եմ ձևում1, մի բան, որ վաղուց ներսս փոթորկում էր քաոսային դրության մեջև հոգի աստծոյ շրջեր ի վերա նորաև անշուշտ մի օր ասելու էեղիցի լոյս: Ա՛խ, ինչ սքանչելի խոսք է. եղիցի լո՛յս... ստեղծագործության աստվածային խորհուրդը կամ ստեղծագործական հանճարի ուժը հայտնում է այս երկու խոսքովեղիցի լո՛յս...

Այստեղ ինձ եկան խանգարեցին. հիմի ուրիշ բանից խոսանք: Անշուշտ, եթե աստված էլ կին ու ընտանիք ունենար, նա էլ չէր կարող աշխարքն ստեղծել կամ ով գիտի ինչի նման բան ստեղծեր:

Մենակությունը աստվածային դրություն է: Եվ մենակ մարդիկ են լավ բաներ տվել աշխարքին: Մենք էլ, որ գրեթե ոչինչ չունենքինչ լավ բան ունենք միայնակյացների գործ է, երբ որ մարդիկ ճգնվում էին մի որևէ քարանձավում կամ մենաստանի խցում ու երկա՛ր երկա՛ր տարիներ անձնատուր լինում մի զգացմունքի, մի մտքի, թաղվում, սուզվում նրա մեջ, ձուլվում նրա հետ, խաղա՛ղ, անվրդով, ու եթե ունեին վրդովմունքայդ իրենց գործի վրդովմունքն ու ալեկոծությունն էր, որի մեջ տարուբերվում էին, ծփում, մինչև հասնում էին մի նավահանգստի, հանգում էին մի եզրակացության, մի դրության: Իսկի հացի դարդ էլ չէին քաշում: Այդ ժամանակների ժառանգություն են Նարեկն ու Խորենացին, մեր հոգեբուխ շարականներն ու մեղեդիները:

Իսկ այժմ մի նամակ գրելու հանգստություն չկա: Աշխարքը, կյանքը, հանգամանքները փոխվել են: Ամեն բան իր վրա կրում է տենդոտ անհամբերության և շտապողության անզոր կնիքը, որ չի դիմանում ժամանակին: Այս գործերը նման են մեր ժամանակի քաղաքների գաջերից ու կավերից շինած, զարդարած տներին, որոնց գեղեցկությունը չի դիմանում արևին ու անձրևին և մերկանում է տարիների առաջ, ու կանգնում ողորմելի, իր ներքին տգեղությամբ, խեղճությամբ (եթե միայն պաչինկա չանես, այն, որ ես եմ անում իմ «Անուշի» հետ), իսկ առաջին գործերը նման են այն հին սրբատաշ որձաքարերից կառուցած շենքերին, որոնց ավերակներն էլ հիացնում են ու հաստատ կանգնած անխռով նայում արևին ու ժամանակներին:

Բայց հերիք էր:

Եթե բան գիտես, գրիր նորագույն «Մուրճի» մասին2: Արդյոք հնարավոր է լինելու դրանց աշխատակցելուկամ մի որևէ գործով կարելի է աշխատել ամսագրի մեջօրինակտանել բանաստեղծության բաժինը: Իմ ամբողջ Վերնատնով կմտնեմ մեջը, եթե մի քիչ կարգին պայման եղավ: Դու երևի արդեն մտածել ես այդ մասին: Գրիր:

Քեզ մի բան էլ գրեմ, որ ինձ շատ է վշտացնում: Ինչ որ դու Ավետիսին3 նամակ ես գրել, որ իր նպաստն իմ հասցեին ղրկինրանից հետո ես էլ երկու նամակ եմ գրել: Չի ղրկում, թե չի ստանում նամակներս, թե ինքը Բաքու չիչգիտեմ այս ինչ հանելուկ է, բայց գոնէ ոչ մի նամակիս չպատասխանեց, այդ ինձ շատ անհանգիստ է անում ու ցավեցնում: Ես, որքան հիշում եմ, իմ նամակներում այնպիսի բան չեմ գրել, որ նեղանար: Շատ բարևներ պ. Հակոբին, տ. Մարգարիտին, Արշակին, Աքելին (այսինքն կանտորին) և ապա Ավետիսին, Արութին և այլոց:

Համբուրում եմ քեզ.

քո Հովհաննես

14. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Բելի-ԿլյուչԹիֆլիս

[1902 թ.] օգոստոսի 6. 6/ VIII Б. Ключ.

Սիրէլի Ֆիլիպ.

Մառախլապատ, տխուր ու ցուրտ օր է, և ես պատշգամբում վերարկվի մեջ փաթաթված գրում եմ քեզ, պատասխանում եմ քո ստվերում 25 աստիճան շոգում գրած նամակին:

Ես էլ եմ ուզում քեզ նման կետ առ կետ, հոդվածներով գրեմ. թող մի սիստեմ լինի, հերիք էր ինչ որ անսիստեմ ապրեցինք:

Քո ֆանտազիայի վրա, ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ մի քիչ ծիծաղեցի: Բայց չէ որ դու հիմնական, ընդհանուր միտքն ես առաջարկում քննության, և, ծիծաղելուց հետո, պետք է ասեմ, որ ինձ դուր եկավ այդ բանաստեղծական ագահ, համատարած տենչանքը, որ ուզում է անսահման, անեզր տարածվել (տարածուել), լինել մի գիրկորի միջից չկարողանար դուրս գնալ իր սիրուհին:

Ես հավանում եմ այդ տենչանքը, գուցե իր մեծության համար միայն, որովհետև իմ հոգին այժմ հակառակ տրամադրությունն ունիանհագուրդ կարոտի, պապակող ծարավի, անսփոփ տառապանքի ցանկություն: Այս պատճառով էր թերևս, որ ֆրանսերենից արած թարգմանությունդ էլ ինձ չհրապուրեց1. — մեղկություն է շնչում, թուլամորթի մեղկություն: Տռփանք է ուզում, որ աշխարքի չարությունը մոռանա: Չարն ու չարչարանքը մոռանալու այս միջոցը դժբախտաբար ես լավ գիտեմ, շատ եմ փորձել: Հիվանդական երևույթ է և այժմյան գեղարվեստը բնորոշող: Ինձ էլ դուր չեն գալիս դրանք: Ննջարանի հոտ է գալիս: Չգիտեմ ում խոսքերն են, այստեղ միտս եկան, ասում էջարդեցե՛ք պատուհանները, այդ ծանր օդից դուրս եկեք մաքուր օդը, պարզ երկնքի տակ...

Այսպիսով է, որ мышлениестрадание-ն դառնում է мышлениенаслаждение ու բարձրանում է մարդու հոգին, դառնում է տղամարդ: Այսքանը քո երկու բանաստեղծության մասին: Իսկ իմ ուզած կարոտը ուրիշ բան էնա իդեալացնում, աստվածացնում է սիրո առարկան ու քնքշացնում, ազնվացնում մարդուն, թռիչք ու ձգտում է տալիս հոգուն:

Սրանից հետո, չգիտեմ ինչու ես դու կարծում, որ ես Անուշի վրա սիրահարված եմ (այն էլ չափից ավելի): Այո՛, ես սիրահարված եմ մի աղջկա վրա, բայց նրա անունն էլ Անուշ չի, ոչ էլ սերս չափից ավելի:

Այժմ, այս շրջանում, և բավական ժամանակ է առհասարակ, ես չեմ կարողանում գրվածքներիս կամ գրելիքներիս վրա սիրահարվել: Սա իհարկե դժբախտություն է, և ես ամենակողմանի կերպով հասկանում եմ ընչիցն է, բայց այսպես է: Մի ծանր, մռայլ անտարբերություն, մի դաժան սառնություն ծիծաղում է, շնչում է իմ բոլոր ձգտումների ու հուզմունքների վրա և պաղեցնում, սառցնում: Ես զգում եմ, որ մեռած չեմ իբրև բանաստեղծ, բայց կաշկանդված եմ: Քեզ հետ արդյոք մղձավանջ չի՞ պատահել (кошмар). զգում ես, որ ապրում ես, բայց չես կարողանում շարժվել, շունչդ լսում ես, բայց չես կարողանում գոռալ:

Ասում ես մի՛ տխրիլ, որ դավաճանում ես քեզ իբրև ազգային բանաստեղծի: Ես չեմ տխրում, որովհետև խոր ու լայն զգում եմ, որ վշտոտ ազգը, տառապած ազգը շարժվում է իմ մեջ, ուզում է խոսել: Հենց այս էր, որ ասում էի մի ազգային, մեծ պոեմա եմ ձևել, բայց ծալում հետաձգում եմ: Գիտես, իմ մեջ մի զարհուրելի լույս է ծագելմեծ գործ շինելու ցանկությունը: Բայց մեր աշխարքում մենք ունենք գրողի տառապանքը, առանց ունենալու գրողի կյանքը: Այս խմորը շատ ջուր կվերցնի, նրա դամար կարճ եմ կտրում: Չեմ համոզվում, թեև դու շատ հեշտ ես վճռում խնդիրը, թե կարելի է ժամանակն այսպես կարգադրել, և կամ այնպես ապրել: Էհ, սիրելիս, մենք առանց այն էլ կուչ եկած ենք, եթե միշտ նրա մասին մտածես, որ քեզ ավելի կուչ ածես, պրծանք: Այնուհետև էլ դու չեսայլ մի ուրիշ մարդ, որ թերևս ավելի լավ ապրի, ավելի քիչ լինի ենթակա ձախորդությունների ու տագնապներիբայց այդ բոլորի հետ միասին էլ չի կարող նա այնպես շփերթ ու խելագար թևերը տարածել, այնպես հանդուգն ու անզուսպ մտածել: Ասում է կաթնի էրածը մածնին փչում է, օձի կծածը չաթուից (թոկից) վախենում է: Հերիք է որ մին ու մին մարդու սիրտը ահ մտավ, աչքը վախեց, կոտրվեց:

Էն էլ մեր աշխարքում...

Ես քեզ անկեղծ եմ ասում, ես կյանքից էլ եմ զզվել, և եթե մի բան կա, որ ինձ կապում էայդ երեխաներն են:

Երեխաներըայն էլ ինձ համար, մի տեսակ, գերության մեջ են: Ուզում ես պահել ու կրթել, ինչպես դու ես հասկանում, և չես կարող: Ստիպված ես լինում կապված մնալու այնպիսի մարդկանց հետ, որոնց ամեն մի խոսքը փուշ է քեզ համար, ամեն մի արարքը սրբապղծություն, որոնք կարծես քո ջգրու են ստեղծված, որ քեզ տանջեն ու վրդովեն, քանի որ դու կաս, ու քո աչքի առջև այլանդակեն քո երեխաներին: Այսպես է. չես հավանում, ուրիշ կերպ արա:

Ուրիշ կերպն էլ ես այն կարող եմ անել, ինչ որ կարող եմ, իսկ այդ դուրս չի գնում: Մնում է պատահականը: Բայց թե ինչ կնշանակի այդ գայլի վիճակըպատահական ապրուստը մի ընտանիք պահելու գործում, այդ միայն ես գիտեմ: Մի՞թե սրան բանաստեղծ կդիմանա: Բանաստեղծությունը խաղաղություն է սիրում, այնտեղ է ծաղկում, իսկ եթե չես համաձալնիլ, կասեմթող հուզմունք լինի, ալեկոծություն, տանջանք, բայց ավելի լայն, ավելի մեծ, բարձր, ոչ թե սրտմաշուկ վրդովմունքներ, գրոշանոց հոգսեր, ուտելիքի ու հագնելիքի անվերջ դարդ:

Այս բոլորի միջից թե կարողանամ մի բան հանելէլի մաշալլա՛հ. իսկ դրա համար թող հայոց ազգը շնորհակալ լինի քեզանից: Հայոց ազգը ոչ բանաստեղծ է տեսել, ոչ բանաստեղծ է պահել, ոչ էլ սիրել է, որ ունենա: Ի՞նչ են հասկանում բանաստեղծի հոգին ու լեզուն, չոր, էգոիստ մարդիկ են: Նրանք, թեկուզ իրենց նպաստներով, որ մոտենան բանաստեղծին, բանաստեղծի բանաստեղծությունը կվերանա:

Մի՞թե դու չես փորձել. էնպես մարդ կա, որ տեսնելիս ուրախանում ես, էնպեսը կա՝ սիրտդ նեղանում է, էնպեսը կա՝ ոգևորվում ես, էնպեսը կա՝ հիմարանում ես:

Բանից երևում է Մխիթարին2 դու էլ գրեթե այն ես գրել, ինչ որ ես: Ես էլ եմ գրել, թե՝ եթե ուզում ես Պողոսյանին օգնել, նա կարոտ չի քո օգնությանը, իսկ եթե ինձ ես լավություն անումէլ ի՞նչ պայման...

Բայց խնդիրն այն է, որ ես այդ փողը նրանից փոխառություն եմ խնդրել, որ աշնանը Շահազիզից3 ստանամվճարեմ:

Ինչ վերաբերում է «Մուրճ»-ին աշխատակցելու խնդրին, եթե մարդավարի պայման կլինի, էլ գիրք չենք տպիլ այս ձմեռ, ու հենց սեպտեմբերից նրան կաշխատակցեմ: Սասունցի Դավթից կսկսենք: Վերջից մի բան է մնումբայց այդ ոչինչ բան է:

Անցյալ օրը մի ոտանավոր գրեցի, հետևյալ նամակով կուղարկեմ:

Չմոռանաս, Ավետիսի ղրկած փողն ինձ հասցնես, որքան շուտայնքան լավ:

Շուշանից4 ու իշխանուհուց5 նամակ ունեմ: Բանից երևում է գնացել ես Սևան: Մենք էլ Աղայանցի գյուղը6 գնացինք. մի հիշելի քեֆ արինք անտառում:

Շուշանը գրում է, որ քեզանից ամեն օր հերթով մի բաց նամակ են ստանում: Ասում է «наверное по дешевой цене купил и сбывает дорого», դե գնա՛, դու կարծում ես քո սատանությունները ոչ ոք չի հասկանալ:

Հասկանալ ասի՝ միտս ընկավ: Գիտե՞ս նե ինչ է գրում ինձ: Մի փոքրիկ հոգեբանա-փիլիսոփայա-բանաստեղծական նամակագրություն ունեցանք, և ձեռաց նա էլ ինձ հասկացավ. ասում է. «Դուք ծույլ եք, ոչինչ չեք շինում, նրա համար էլ կյանքը Ձեզ ձանձրալի է թվում»:

Կարճ և խիստ:

Իհարկե, ես կաշվից դուրս կգամ ու կապացուցեմ, որ այդպես չի: Ոչ թե ծույլ եմ նրա համար է ձանձրալի, այլ ձանձրալի է, նրա համար եմ ծույլ:

Հա՛, չմոռանաս «Մուրճ»-ը ղրկես:

Գրել ես, թե ձեռքս «թռթռում է», գրածիցդ էլ էր երևում. այդ ի՞նչ բան է, անցա՞վ, թե՞ դեռ թռթռում է. երևի ցնցվելուն ես թռթռոց ասում:

Ես էլ մի քիչ ջերմ ունեցա, նրանից հետո ատամս շատ ցավեց, այժմ բժշկում է այստեղի զինվորական ատամնաբույժը: Գիշերները չէի կարողանում քնել:

Գրեթե ձանձրացել եմ այստեղից: Թիֆլիսն եմ ուզում, բայց այնպես, որ շոգ չլինի, ես էլ սարքված, տեղավորված լինեի, Վերնատունս կարգն ընկած ու մի գրական եռանդուն կյանք, նոր տենչերով, նոր շնչերով:

Այս ձմեռ Վերնատունը պատվավոր կերևա: Պետք է մի նոր հոսանք առաջ բերել, նոր գրական հասկացողություններ, ճաշակ, լուրջ վերաբերմունք, պատկառանք դեպի գրիչը, գրչի անպայման մաքրություն: Է՛յ, սար ու ձորեր կան հայոց «նշանավոր» գրողների և մեր Վերնատան որբերի մեջ:

Կեցցե՛ Վերնատունը:

Համբուրում եմ քեզ:

Քո Հովհաննես

15. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Բելի-ԿլյուչԹիֆլիս

[1902 թ.] օգոստոսի 26. 23/ VIII Б. Ключ.

Սիրելի Ֆիլիպ.

Ես այժմ գիտե՞ս ինչ եմ ուզում, որ ամառը նոր սկսվեր, հեռու լինեինք ու սկսեինք մի նոր գրագրությունգեղարվեստի մասին, սիրո մասին, կյանքի ու իր վշտերի մասին, անվերջ, անվերջ...

Շատ դուր եկավ ինձ Բինեի1 խոսքը, թե սերըքաղցէ: Բայց որքան դուր եկավ, այնքան էլ ծանոթ թվաց: Չէ որ մենք էլ ենք ասում, թե կշտացանքկարոտը, սիրո, կրքի հագուրդն առնելու մտքովնրանից կշտացա, ասում ենք, կամ թե՝ կլինի՞ մի նրանից կշտանամ:

Ասում ես կարելի էր քաղցը գործածել: Իհարկե, կարելի է, մինչև անգամ շատ լավ է, բայց միայն այն դեպքում, երբ խոսքը կրքի, տռփական սիրո մասին է: Հենց, կարծեմ, այդ հոդվածի միտքն էլ այսպես է, ինչպես երևում է քո նամակից:

Ինչևէ, քո նոր ոճով խոսելով, դու գիտես, որ ես այժմ քաղցած եմ, բայց մի հանգամանք, որ ես այժմ դժվարանում եմ մի բառով ասելու, փչացնում է իմ ախորժակը, և ես շատ կափսոսամ, եթե բոլորովին կապվի:

Այստեղ գոչելու է դժբախտ Համլետի հետո՛վ մարգարե հոգիս2...

Մեր կանանցից մարդ չի դուրս գալ և մենք միշտ չկերած կկշտանանք, ախորժակդ այնպես կփակեն, որ երբեք քաղց չզգաս, գնաս ու որձկալով ման գաս: Բայց ախար մարդ միշտ ունի մի քնքուշ էակի հետ գեղեցիկգեղարվեստական կապերով կապված լինելու կարոտը, երազային կյանքով երբեմն ապրելու տենչը: Եվ անշուշտ դու համաձայն ես, որ այս ավելի օրինավոր և ընդունելի կապ է, քան թեկուզ Վանքի եկեղեցում կատարված և մետրիքական մատյան մուծած ամուսնական կապը:

Следующая страница