Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Այս էլ կյանքի ամենախախուտ կողմերից մինն է. մարդիկ առհասարակ դժգոհ են. կնշանակի այսպես չպիտի լինի: Ուրիշ տեսակ պետք է կարգադրվի, — թե չէ բոլորս անբախտ ենք, և՜ ամուսնացածներ, և՜ ամուրիներ:

Երևի բոլոր անասուններն այդ կողմից մեզնից ավելի են բախտավոր: Նրանք և ազատ են, և... ժուժկալ: Մենք կարծում ենք ազատությունը կվնասի: Մենք միշտ վախենում ենք ազատությունից, այնինչ բոլորս կուզենայինք, որ ազատ լինեինք, նույնիսկ... պ. Հակոբը:

Ասում ես ոտանավորս3 շատ է հուսահատական, ընթերցողը կասիինձ ի՞նչ...

Բայցինձ ի՞նչ: Տեսնում ես, հենց նույն օրերում դու իշխանուհուն գրում ես, թե՝ ես ապրում եմ առանց հավատի, չգիտեմ ընչի հավատամ և այլն:

Այսպես, չգիտենք ընչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանքտարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները:

Վարանք ես ուզումահա քեզ: Այժմ ես տառապում եմ մի մեծ տարակուսանքովարդյոք ես բանաստե՞ղծ եմ, թե՞ չէ: Մտածում եմ ու գնում, գնում հասնում մինչև կասկածի ամենամութ անդունդները, այնտեղ կորցնում հավատս, հանգցնում հույսս... խղճահարվում եմ մինչև անգամ, որ օգնում են ինձ իբրև բանաստեղծի, ինձ թվում է, որ ես խաբված եմ, ուրիշներին էլ խաբում եմ, թե ես բանաստեղծ եմ... Ու նորից վերադառնում եմ, թե բան եմ գրում...

Ա՛յ քեզ սերունդ:

Չէ, սիրելիս, չեն ասիլ ինձ ինչ. բոլորն այս տեսակ մարդիկ ենկամ գոնե շատերը: Տխուր, սաստիկ տխուր մարդիկ ենք, թեև քիչ են խոր զգացողները:

Աղայանցն եկավ, երևի կպատմի ինձանից, մի քիչ քեֆս լավ չի, ինչպես դու էլ նկատում ես: Դրա համար էլ Շուշանին էլ նամակ չգրեցի, տեսա ուրախ նամակ չի դուրս գալիս: Չես գրում, թե ինչպես էին տանըցիք, երբ են գալիս: Ես էլ այս երկու օրը կգամ:

Այժմ գնում եմ մի հեքիաթ ասողի մոտ: Մենակ եմ մնացել: Այստեղ ամեն գիշեր տուն են կտրում:

Մարիա Մարկովնան4 երևի եկած կլինի, Դիլիջանից մարդ եկավ, ասում են այնտեղ ցուրտ է: Գրում է, որ նոր ծրագիրներ է կազմել: Տեր աստված: Ես կարծում եմ այս ձմեռ նոր բաներ ենք տեսնելու. նա կանի, ես հավատում եմ: Զարմանալի կին է: Ափսոս նրան լավ չեն ճանաչում առհասարակ: Է՛հ, վերջումը կճանաչեն. միշտ վերջումը...

Քո Օհաննես

16. ՎԱՐՅԱ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆԻՆ1

Աբաս-թումանԹիֆլիս

1902 թ. սեպտեմբերի 25

Թանկագին օր. Վարյա

Իհարկե, Դուք գիտեք, որ ես Ձեզ չեմ մոռանում: Այդ հաստատ գիտեք:

Դեռ գալու ժամանակ վագոնում պառկած (ներեցեք անքաղաքավարի դիրքիս) կարդում էի Զուդերմանի նոր դրամանДа здравствует жизнь2!

Աղջիկն ասում է.

Мама! Жизнь так хороша, что того и гляди разорвется сердце от восторга.

Մայրը պատասխանում է.

Да, жизнь хороша, даже тогда, когда она полна скорби, страха и лишений, и тогда все же хорошо жить.

Հիշեցի Ձեր խոսքերը, թե կյանքում այնքան գեղեցիկ բաներ կա՛ն...

Ճիշտ որ կյանքում շատ գեղեցիկ բաներ կան, բայց նրանք բոլորն էլ տանջանքի համար են գեղեցիկ. և սակայն քաղցր է կյանքը:

Բորժոմից գնացի տեսնելու Բակուրյանը: Հրաշալի է երկաթուղով վերելքը դեպի Բակուրյան: Այնտեղ խոսք ընկավ, թե Ցխրա-Ծղարոյի գագաթից արևածագին սքանչելի տեսարան է բացվում, բայց այժմ սաստիկ ցուրտ է: Ну! Գնանք Ցխրա-Ծղարո: Перм-ից մի ռուս տուրիստ, председатель չգիտեմ ընչի, հետս ընկերացավ... ու դեպի Ցխրա-Ծղարո: Այդ Ցխրա-Ծղարոն, որ հայերեն կնշանակի իննակնյան (ինն աղբյուր), մի բարձր գագաթ է Ахалк <алакский> перевал-ի մոտ, Բակուրյանից 20 վերստ: Այնտեղից երևում է Կովկասի շղթան և Սև ու Կասպից ծովերը միաժամանակ: Կարճն ասեմ, перевал-ի ночлег-ից առաջնորդ առանք ու առավոտյան ժ. 6-ից առաջ արդեն տեղ էինք հասել: Ձյուն էր գալիս: Մեր առջև բացվեց մշուշային մի անեզր ծով, Կովկասը թաղված այդ ծովի մեջ ու մենք վերևը: Վոլիմպիական աստվածների անկարգությամբ նստեցինք3 ու սպասում էինք արևի ծագելուն: Հանկարծ մշուշն իջավ, այստեղ այնտեղ այդ մշուշի ծովից դուրս տնկվեցին բարձր սարերի կոնտուրները, վիշապի նման ձգվեց Կովկասի շղթան, արևելքում պատռվեցին մութ ամպերը, փայլատակեց մի հրաշք ու... իսկույն կրկին ամեն բան ծածկվեց մի հսկայական վարագույրովմշուշով:

Բայց այն ի՛նչ հրաշք էր:

Այն արևելքի ոսկի դռներն էին...

Այնուհետև էլ չբացվեց: Ամպերը հանդարտ ու հոյակապ, կարծես ճեմում էին սարերի վրայով, մերթ ծածկելով ամեն բան, այնպես, որ իրար մենք հազիվ էինք նկատում, մերթ այստեղ, այնտեղ բաց անելով սարերի դեռ կանաչ լանջերը: Եվ ամեն անգամ ինձ թվում էր, թե այդ ամպերի տակից, այդ դալար լանջերի վրա, ուր որ է, այժմ կհայտնվեն թեթև, գեղեցիկ աստվածուհիներըխմբով կամ նրանցից մինն ու մինը իրենց թափանցիկ շղարշների մեջ: Իհարկե, մի քիչ անգութ եմ երևակայելայն քնքուշներին այն ցրտում այնքան բարակ զգեստով, բայց ինչ անենք, աստվածանալու համար կարելի է և մի քիչ մրսել: Չէ՞ որ ամեն փառք ունի իր ծանրությունը:

Ահա այստեղից էլ ես ղրկել եմ Ձեզ այն պոստ կարտըԿովկասի Վոլիմպիոսից...

Այնտեղից ուղիղ դեպի Աբաս-թուման, ու ընկա ինձ սպասող բաց գրկերի մեջ: Բայց նրանք շուտով գնացին, այժմ մենակ եմ:

Շրջապատված եմ ամեն հարմարություններով: Մի լավ բժիշկ կա այստեղ և շատ լավ մարդ է (ռուս), միշտ հետևում է: Սրա հանձնարարությամբ ու խորհրդով էլ ապրում եմ մի ռուս ընտանիքում, ուր, ինչպես ինքն ասում էր, ես կլինեմ под пазухой самого Исуса Христа. Եվ ճիշտ որ՝ շատ բարի, մաքուր ընտանիք էն: Տանտիկինը մի ժիր, աչքաբաց կին է, և ես ու մարդն ապրում ենք նրա пазуха-ի տակ: Եվ ինձ համար միշտ գերադասելի է լինել մի կնոջ пазуха-ի տակ, քան թե նույնիսկ Հիսուս Քրիստոսի: Թեև, տարաբախտաբար, բանաստեղծական ոչինչ չկա մեջը և հենց դրանով էլ застрахована.

Սքանչելի, սքանչելի օրեր են: Չգիտեմ Դուք երբևէ աշնանը եղե՞լ եք բնության մեջ, անտառներում, սար ու ձորերում: Աբսա-թումանի հովիտը լիքն է արևի շողերով, սոճի անտառների բուրմունքով, թռչունների աշնան-հրաժեշտի երգերով ու մի անուշ-թախծալի խաղաղությամբ: Ամբողջ օրը զբոսանքներ եմ կատարում, թաղվում եմ անտառների խորքում, բարձրանում եմ սարերի գլուխները, նստում եմ ժայռերի գագաթներին ու մտորում, ցնորում, չնայելով Ձեր խրատին: Հաճախ, հենց այդ անտառներում, այդ ժայռերի վրա ոտանավորներ եմ գրում, մեծ մասամբ այսպիսի հիշատակարանի ոտանավորներ.

Նըստած եմ տըխուր, մենակ մի ժայռի,
Կանչում եմ հուշերն անցած օրերի,
Փընտրում եմ նորա պատկերը կարոտ
Իմ մըտքում... ինձ մո՛տ...

Եվ ահա զըվարթ ծիծաղը հընչում...
Ցոլում են աչքերն... ըզգեստը շըրշում...
Լըսվում են արագ քայլերը ծանոթ...
Իմ շո՛ւրջը... ինձ մո՛տ...

Բայց, ա՛խ, միմիայն չի գալիս կըրկին
Իմ էն լիասիրտ հըրճվանքը նախկին...
Ու նըստած եմ ես ժայռին նորից նոր
Տըխո՛ւր, գըլխակո՛ր:

Բայց Դուք բանաստեղծություն չեք սիրում, գոնե ոտանավորներ, որքան գիտեմ, և, ափսո՛ս, որ գիտեմ:

ՀասցեսАбас Туман-яну

Կգրե՞ք արդյոք:

17. ԼԵՈԻՆ (ԱՌԱՔԵԼ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ)1

[Սևագիր]

Աբաս-թումանԹիֆլիս

[1902 թ] հոկտեմբերի 27 27 հոկտ. Աբաս-թուման

Սիրելի Առաքել.

Քո այն հարցին, թե ինչ բանաստեղծներ են ինձ վրա ազդեցություն արել և հատկապես իմ որ գործի վրա, ես, որքան հիշում եմ, պատասխանել եմ, որ շատ ուշ եմ ծանոթացել բանաստեղծների հետ և չեմ խոստովանել ոչ մեկի ազդեցությունը:

Հիրավի, ամաչելով, բայց ես առավել ցավելով պետք է ասեմ, որ մինչև այսօր էլ ես ամբողջովին չեմ կարդացած նույնիսկ ռուս նշանավոր բանաստեղծների գործերը: Իմ մոտիկ ծանոթները այս վերագրում են իմ հռչակավոր ծուլությանը, բայց ես վերագրում եմ ավելի ուրիշ հանգամանքների, և որքան էլ սա ծիծաղելի համարվի ինձ ճանաչողների համարես ինձ ծույլ չեմ համարում: Սակայն խոսքը այս մասին չի:

Այսպես հիմնովին ծանոթ չլինելով ոչ մեկի հետ, մանավանդ առաջին շրջանում, և գիտակցաբար նմանած ու հետևած չլինելով ոչ մի բանաստեղծի, հանգիստ խղճով էլ քեզ գրեցի, որ ազդված չեմ ոչ մեկից:

Բայց քո նամակից հետո այդպիսի նամակ ստացա և Յուրի Վեսելովսկուց, սկսեցի լուրջ մտածել այդ մասին և գտա, որ սխալ է քեզ տված պատասխանս, ես անգիտակցաբար ենթարկված եմ եղել ազդեցությունների, որոնց մասին մինչև օրս հաշիվ չեմ տվել ինձ: Մեր բանաստեղծների մասին արդեն գրել եմ. աննշան և կարճատև է եղել նրանց ազդեցությունն ինձ վրա:

Ռուս բանաստեղծներից ամենից շատ ինձ վրա ազդել է Լերմոնտովը, ապա Պուշկինը, և, [այժմ] ես կարծում եմ, նրանց ազդեցությունն է եղել երևի, որ գրել եմ ես այն պոեմաները, ուր երգված են մեր լեռնական ժողովրդի կյանքը, սովորություններն ու բնությունը: Դրանցից հետո ծանոթացել ու սիրել եմ Բայրոն, Գյոթե, Շեքսպիր: Սրանք կարծում եմանպայման ազդել են իմ գրվածքների վրա, բայց այնպիսի գրվածքների, որ տակավին չեն տպված [մինչև անգամ չեն վերջացած], և որոնց մասին հաշիվ չեմ կարող տալ: Սակայն զգում եմ նրանց անմերժելի ազդեցությունը: Շեքսպիրը միշտ մնում է իմ ամենասիրելի բանաստեղծը: Եվ թեև դրամա չեմ գրել դեռ, բայց դրաման բանաստեղծության մեջ իմ ամենասիրած ձևն է, ու ինձ թվում է, թե դրամատուրգի կոչումն ունիմ ես: Այս պատրանք է գուցե: Շեքսպիրն է ինձ այսպես կախարդել:

Մի երկու խոսք ազդեցությունների մասին: Ես որ ասում եմ ազդված եմ (անշուշտ, կարծեմ և այլն, նրա համար եմ այսպես ասում, որ այդ) ազդեցությունները ես ոչ թե իմ գործերի, տողերի մեջ եմ նկատում, այլ որովհետև զգում եմ իմ հոգու, իմ բարոյական ամբողջության վրա, նրա համար է, որ ասում եմ երևի, անշուշտ, կարծեմ, և այլն:

18. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Աբաս-թումանԲաքու

[1902 թ] նոյեմբերի 9. 9/ХI Աբաս-թուման

Սիրելի Ավո.

Առողջությանս մասին ի՞նչ ես հարցնում. մեզ նման մարդիկ ինչպես կարող են առողջ լինել էս ժամանակներումէն էլ փառք աստծու, որ կենդանի ենք, «Մշակի» ջգրու1:

Ես այժմ ավելի լավ եմ: Ուժասպառ եմ եղած ու ջղերս քայքայված, բոլորովին քայքայված: Բժիշկն ասում է, այս ջղերով ոչ կարելի է ապրել, ոչ պարապել, պետք է հանգստանաս, ապրես միանգամայն բույսի նման: Եվ ահա քեզ մի նոր վրդովմունք, հիմարը երևի չգիտի, որ բույսերն էլ են թառամում, և շատ բույսեր մեզ նման նույնիսկ աշունք չհասած: Նրանց տանջանքի մասին տեղեկություն չունիև ինչ պետք է հասկանա նրանցից, քանի որ ականջը դնում է սրտիս լսում էլսում, ու իսկի այնտեղ էլ չի հասկանում, թե ինչ կա:

Ասում է հանգստացիր. բայց մի՞թե հեշտ հանգստություն կա մեզ համար: Մի երկու ամսով եկա հանգստանալու, և եթե գրեմ, թե ինչքան վրդովմունքներ ունեցա, հենց միայն կարդալուց դու կհիվանդանաս:

Ժողովածվիս2 մասին ես հարցնում: Այդ խնդիրն էլ կա մեջտեղը: Իմ մի քանի բարեկամներն ուզում են հրատարակել, շտապեցնում են, պահանջում են, և ահա բույսը պիտի աշխատի: Բայց ժողովածվի հրատարակության հետ միասին բարձրացրել էին մի ուրիշ հարցինձ ապահովելու, գրել էին ցրվելիք գրության ձևն ուղարկել ինձհարցրել իմ համաձայնությունը, ես միանգամայն հրաժարվեցի: Ավելին ասեմ, այդ դեպքը, որ մեզնում ոմանց նախանձն է շարժել, այնքան խիստ ազդեց ինձ վրա, որ ինչքան էլ ինձ զսպեցի, այսուամենայնիվ իմ նամակներն այնպես են դուրս եկել, որ նրանք վշտացել են: Սակայն ես էլ այն օրվանից եմ հանգստացել, ինչ որ համոզվել եմ, թե էլ չի լինելու այդ դիմումը: Ինչ լինելու է թող լինի, բայց թող մեզ վրա չծանրանա զանազան գյադաների բարերար ձեռքն ու մուննաթը: Ամեն մարդուց էլ չի կարելի լավություն ընդունել:

Վեսելովսկուն մի պատասխան եմ գրում3, որ հասնելուն պես Շահազիզը թոշակս կտրելու է գրական ֆոնդից:

Նիկոլից4 երկար նամակ ունիմ, շատ լավ է, պատկերն է ղրկել: Դերենիկից5 քանի ժամանակ է նամակ չունիմ, իսկ Շանթը առևտրական բոլոր կուրսերը վերջացնելուց հետո եկել է մտել Վերնատուն: Դեկտեմբերին պատրաստ կլինի նրա դրաման6:

Սիրուս մասին ինչ ես հարցնում, գրելով բան չի դառնալ: Ասում ես Շխովը նշանվել է

<Նամակն այստեղ ընդհատվում է>

19. ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶԻՆ

Աբաս-թումանՄոսկվա

1902 թ. — դեկտեմբերի 4. 1902 թ4/ХII Աբաս -Թուման

Ազնիվ բարեկամ

պ. Ս. Շահազիզ.

Ստացա Ձեր թանկագին նամակն ԱբովյանՆազարյան նպաստի չեկի հետ:

Լիասիրտ շնորհակալ եմ Ձեր սրտացավ վերաբերմունքի համար: Ինձ համար միշտ քաղցր է Ձեր բարեկամությունը ու միշտ բարձր Ձեր խրախուսանքը:

Ինչպես արդեն գիտեքես հիվանդ եմ, և երրորդ ամիսն է ապրում եմ Աբաս-Թուման: Այնինչ սիրտս քաշում է ուրիշ կողմ: Երկար ժամանակ է չեմ եղած իմ հայրենիքում: Սաստիկ ցանկանում եմ գնալ, միառժամանակ շնչել մանկությանս սիրած վայրերի օդը, ապրել մեր ժողովրդի մեջ:

Եվ առհասարակ ուզում եմ մի անցնել մեր գավառները, բայց հիվանդությունս կամ ընտանեկան հանգամանքները խանգարում են ու միշտ հետաձգում եմ:

Այսպիսով հեռու ենք մնում ու խորթանում մեր երկրին, մեր ժողովրդին, նրա սովորություններին, նրա լեզվին:

Իմ կարծիքով այս հանգամանքը եղել է մեր բանաստեղծների ամենամեծ դժբախտությունը, մանավանդ մեր նախորդներիՁեր ու հանգ[ուցյալ] Գամառ Քաթիպայի:

Մենակ տաղանդն ի՞նչ անի. հարկավոր են բարեհաջող պայմաններ:

Այս օրերս դեպք եղավ այդ մասին խոսելու մի նամակում: Հիրավի, ճակատագրի ինչ տարօրինակ խաղ. հայոց բանաստեղծներն ընկնում են հյուսիս ու Կովկասը կարոտելով երգում են օտար աղջիկն ու օտար վայրերը, իսկ ռուս բանաստեղծներին բախտը հալածում է Կովկաս, և այս հալածականները երգում են Կովկասի սարերն ու ժողովուրդը:

Գալով իմ գրքի տպագրությանը, պետք է ասեմ, որ իշխանուհին և նրա հետ իմ մի երկու մոտիկ բարեկամները իզուր են գործը այդքան մեծացրել: Ես նրանց խնդրել էի, որ այդ խնդիրը առայժմ թողնեն: Մեկ որ ձեռքիս գրվածքներ ունիմ, որ դեռ չեն վերջացած2, երկրորդ՝ ինքնըստինքյան այնքան մեծ բան չի լինելու, որ արժենար դիմումներ անել տպագրության համար. քանզի, նրանց հակառակ, ես չեմ ուզում վերատպել իմ երախայրիքներս. — պատանեկան անփորձ գործեր են, և ավելի շատ պակասություններ ունինքան արժանիքներ:

Մի քանի օրից հետո վերադառնալու եմ Թիֆլիս: Եթե դեպք լինի ինձ նամակ գրելու, խնդրում եմ ղրկեք այս հասցեով. Тифлис Бебутовск. 50. խմբագրատանը շատ անգամ մոռացմամբ նամակը մնում է երկար ժամանակով ընկած:

Ձեզ անձնվեր՝

Հովհաննես Թումանյան

20. ՎԱՐՅԱ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆԻՆ

ԷջմիածինԹիֆլիս

1904 թ. մայիսի 4 1904 թ. մայիսի 4. Ս. Էջմիածին

«Ս.Էջմիածինը» կարդա ոչ թե սմորբ Էջմիածին,

այլ սոսկալի Էջմիածին:

Այսպես. հեռացա Թիֆլիսից, ուր անշուշտ մի լացող կա ինձ համար թե` ափսո՛ս, էլ ով պետք է... իմ տետրակներն ուղղի1:

Է՛հ, այս էյ մխիթարանք է, միայն թե դարդ անող լենի մարդու ետևից:

Շատ ժամանակ էր չէի անցել այս ճանապարհով, իմ հայրենիքի սիրուն ձորերով: Այդ ձորերը ինձ համար լիքն են ուրախ ու տխուր հիշատակներով, և ես չգիտեմ դրանցից որն է ավելի թանկ ու սիրելի իմ սրտին: Բայց երևակայիր. շատ խոշոր դեպքեր ու հիշատակներ թող արած, ես քեզ մի դատարկ, չնչին բանի մասին եմ գրելու, փոքրիկ բան, որ շատ ազդեց իմ սրտին: Այդ ձորերում, մի ժայռի, բարձր ժայռի գլխի կենտ ու մենակ մի ծառ կար կանգնած: Տարիներ առաջ, երբոր ես կարդում էի, մի անգամ, երբ հորս հետ այդ ձորերով Թիֆլիս էինք գալիս, հայրս ասավ, Օհանես, մի նայիր էն ծառին, կարծես թե օքմին2 լինի էն ժայռի գլխին կանգնած: Ես քեզ պետք է ասեմ, որ հորս շատ էի սիրում: Երբ որ հայրս մեռավ, ամեն անգամ այդ ձորով անցնելիս ես տեսնում էի այն մենակ ծառը միշտ ժայռի գլխին կանգնած և կարծես թե հորս ձայնն էլ ապրում էր այն ձորում ու ամեն անգամ կանչումնայիր, Օհանես, էն ծառին նայիր, կարծես թե մենակ օքմին լինի ժայռի գլխին կանգնած: Այժմ անցնելիս նայեցի և.. այլևս չկար էն ծառը ու հետն էլ չկար այն հրաշալի պատրանքըիմ հոր ձայնը:

Երկուսն էլ կորել էին:

Մի անգամ պետք է տեսնես այդ ձորերը, բայց մանավանդ գարնանը:

Վագոնում հետս էր տիկ. Մայսուրյանը, դերասանուհին: Լոռու ձորերի ու Դեբեդի գեղեցիկ, քմահաճո խաղերից սքանչացած անդադար կրկնում էր — «վա՛յ, մերա... ես մերա...» և չգիտեմ ինչպես, տիկինը այդ. գեղեցկությունների բուռն տպավորության տակ ուխտեց սիրել, հավիտյանս սիրել (իհարկե, ոչ թե ինձ) և գտավ, որ չարժե մի րոպե անգամ ապրել առանց սիրելու: Ես լուռ էի:

Դուք բանաստեղծ մարդ եք, ի՞նչու Դուք էլ չեք ուխտում, դիմեց ինձ:

Բանաստեղծներն ավելի լավ են համարում սիրել, քան թե ուխտել, պատասխանեցի ես ու ծիծաղեցինք:

Արշալույսին երևացին Անիի ավերակները, ապա թե ծավալվեց Արարատյան դաշտը` մի կողմում սրբազան Մասիսը վեհափառ համարձակությամբ մտած երկնքի ծոցը, մյուս կողմը չքնաղ Արագածը իր լայն փեշերը փռած ու բազմած լեն ու բոլ:

Բիբլիական, խորհրդավոր ու համարձակ են Արարատյան աշխարհի գեղեցկությունները:

Շատ գեղեցիկ է տեսարանը և Երևանի առաջնորդարանի պատշգամբից: Ես շարունակ այնտեղից հիանում էի ու մտորում:

Հենց հասա Երևան, իջա թե չէ, պատշգամբում նստեցինքաշուղն էլ մեր ետևից մտավ:

Ես չեմ մոռանալ այդ րոպեն: Ոտներիս տակ, ներքև, պղտոր, մռնչալով, ոլորապտույտ անցնում է պատմական Հրազդանը (Աբովյանի սիրած Զանգին), հիշում եմ Աբովյանի՝ Զանգվին նվիրած կրակոտ տողերը, հիշում եմ Ալիշանի

«Հրազդա՛ն, գետակդ իմ հայրենի,
Հրազդա՛ն, ջըրիկդ իմ անուշիկ...»:

Նայում եմ Արարատյան դաշտին, մտքովս անց են կենում մեր պատմության փառավոր շրջանները, կենդանանում են հոյակապ հերոսները, որ ապրել ու թաղվել են այդ դաշտում, սրտիս խոսում են սքանչելի լեգենդները, որ դեռ ապրում են այստեղ: Վերջապես դեմուդեմս ամպերից բարձր փայլատակում է Մասիսը, ծերունու քմահաճույքներով մին մթնում, մռայլում, մին բացվում ու ժպտում, բայց միշտ սիրուն, միշտ խորհրդավոր, — այնինչ աշուղը, հայոց կույր աշուղը, երգում է.

«Գողգոթայից բարձր է Սասունի սարը,
Գողգոթայից դժար է Սասունի սարը,
Իմ խաչն առած ես բարձրանում եմ
Սասունի սարը...»:

Նույն օրն ևեթ ինձ ման ածին ու ցույց տվին Երևանի նշանավոր հիշատակարանները: Տեսա Սարդարի պալատը, մի սքանչելի հնություն, որ արդեն կորչելու, քանդվելու վրա է: Ռուսները չեն պահում: Տեսա հարեմը, այսինքն հարեմի փլատակ, փոքրիկ, կամարակապ սենյակները, ուր այնքան գեղեցկուհիներ հառաչել են ու անիծել, տանջվել են ու թաղվել այդ լայնարձակ դժոխքում, որ իր մութ ու տարտարոսական շինություններով ահագին տարածություն է եղել բռնած: Տեսնո՞ւմ ես, ինչ լավ ժամանակ ես ծնվել դու:

Այդ առաջին օրը: Մնացածը հետո, թե ինչեր եղան: Ամեն անգամ, երբ ընկնում եմ մեր գավառները, խիղճս ինձ տանջում է, որ տեսնում եմ ինչպես են վերաբերվում, ընչեր են սպասում, այն ինչ մենք...

Նոր Հայրիկի3 մոտ էի. հիվանդ է: Վաղը գնում ենք խմբով Արաքսը տեսնելու: Գրիչս մի քիչ լավ չի գրում: Բարևներ մայրիկին ու Վանյային և ձեզ:

Մոռացել եմ նամակիս վերնագիր դնել:

<Նամակն անստորագիր է>:

21. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

ՇուլավերԹիֆլիս

1904 թ. օգոստոսի 7. Շուլավեր. 904. 7 օգոստ.

Սիրելի Ֆիլիպ.

Ստացա իլյուստրացիաներդ ու հարցերդ:

Առաջին հարցդ. Ասում ես` «Դու քո ճամփեն գընա, քույրիկ», ասել ես մեկին, որին գուցե հարգել ես, բայց իսկի չես գրավվել, չես ուզել սիրել:

Վտանգավոր տեղ ես ընկել: Այս այն ոտանավորներից է, որոնց մեկնությունը իրենցից շատ ու շատ է երկար, որոնք կենսագրություն ունին, պատմություն անեն իրենց ետևը: Այսպիսի ոտանավորների տողերում է, որ թաքնված է լինում բանաստեղծի հոգին: Եվ դրա համար էլ պետք է ավելացնելվտանգավորբայց լավ տեղ ես ընկել: Ճշմարիտ՝ որ քննադատի համար թանկագին տներ են.

Ելած կյանքի ամեն ճամփից,1.
Կարոտներով անմեկին,
Ագահ, անվերջ ու անհանգիստ
Թափառում է իմ հոգին:

Մի ձեռք չըկա, մի գիրկ չըկա՝
Պահի նըրան իրեն մեջ,
Խենթ, խելագար գընում է նա
Ձգտումներովն իր անվերջ:

Հավասարակշռությունն ու հույսերը կորցրած մարդու խոստովանության և գազազած հոգու խոսք, որ ասում է իր սիրածին, թե՝ Դու քո ճամփեն գնա՛... և աղոթք արա, որ մյուս անգամ չհանդիպենք իրարու... որովհետև

Մենք ընկերներ չենք:

Դե այս գիտակցությունը որ կա մի հոգու մեջ, այս թույնը որ կա մի սիրո մեջ, նրանից հետո դու էլ իրավունք ունիս այդքան շշկլվելու և ասելու, թե՝ «դու չես ուզել սիրել»: Ո՛չ, «ուզել»-ը ուզել եմ, բայց չեմ կարողացել և, երևի, երբեք էլ չեմ կարողանալու սրտալի սիրել, որովհետև... այստեղ արդեն ամբողջ մի կենսագրություն, մինչև որ, ինչպես հետևյալ երգում (2 հարցի) շատ ճիշտ ասված է.

... Եվ կյանքի հաճույքն, և կընոջ սերը
ընկան իմ սրտից:

Բանը պարզվում է այսպիսով, և այդ տողերին շատ բնական կարգով հետևում են այս տողերը.

«Ես էլ վիրավոր գընում եմ փախած`
Անհայտ օրերի խավարի ընդդեմ...»:

Եվ ահա այսպես: Դուրս եկավ մի հոգի, որ կորցրած կյանքի հաճույքն ու կնոջ սերը և ամեն լավ բան, ելած կյանքի ամեն ճամփից, ագահ, անվերջ ու անհանգիստ թափառումի է, փախչում է անհայտ օրերի խավարի ընդդեմ: Գուցե և դրանից էլ է, որ ես չեմ կարողանում լուրջ ոգևորվել ու պարապել կամ ապրել. ամեն բան աչքիս դատարկ է թվում և ուզում եմ միայն մի կերպ ժամանակն անց կացնել քեֆի մեջ լինի, թե զրույցիորովհետև անցավորը ընկել է իմ սրտից, իսկ անանցի հետ կապված չեմ դեռ, անհայտը, որ պետք է ունենա ոգևորված գրողը, դեռ խավար է, մութն է ինձ համար, ու... թափառում է իմ հոգին:

Այդ անհայտը, կամ ավելի ճիշտ իմ անհայտը գուցե հենց այն «Վեր»-ն է, որ ես մեծատառով հիշատակել եմ «Ընկերիս» ոտանավորի մեջ (3 հարցի): Բայց հենց դա էլ շատ է անորոշ, կամ ինչպես ոտանավորս ինքն է ասում.

Բայց, ա՛խ, նա այնքան, այնքա՛ն է հեռու...

Այդ հեռու-ին հասնելը կամ այդ խավարը պարզելը հնարավոր է իհարկե, միայն զարգացումով, այնպիսի զարգացումով, որ ես երբեք ունենալու չեմ և միշտ թափառելու է իմ հոգին:

Քննադատությունը լավ բան է. շնորհակալ եմ, որ առիթ տվիր դրսից նայելու իմ այս ոտանավորներին, ինձ համար շատ ախորժելի ու հետաքրքրական եղավ այս:

Սակայն իսկապես հարցերիդ չպատասխանեցի կարգին: Պատասխանեմ.

1 հարցիդ, թե չեմ ուզել սիրել, տեսար, որ ուզել եմ սիրել, քեզ ավելին կասեմ, բայց երկար դուրս կգա, մին էլ որընչիդ է պետք պատմությունը:

2 հարցիդ, եթե նազ էր անում, — եթե ավելի պարզ ասեիր, թե խուսափում էրկարծում եմ ավելի ճիշտ կլիներ: — Ասում է — «Դու բախտավոր ես արդեն...» (չհասկանալուց):

3 հարցիդ, թե «Ընկերիս» ոտանավորով ո՞ւմ եմ դիմում նրան, թե ներանզարմանում եմ: Այդ ոտանավորի համար քեզ նամակ եմ գրել և նամակ առել2. թե կորցրել եսպատիժը քաշիր, թե մոռացել ես՝ նույնպես: Այդ կմնա առանց պատասխանի:

Անցյալ անգամ որ քեզ նամակ գրեցի, հենց նույն օրը Մխիթարից փող ստացա, «Դավթի» շարունակությունն ուզում են: Պատրաստություն եմ տեսնում «Դավթին» հարսանիք անելու: Հարսանիքի ծախքը նրանցն է3:

Բարևներ պ. Հակոբին և ողջ կանտորին:

Համբույրներով՝

քո Օհաննես

22. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

ՇուլավերԹիֆլիս

1904 թ. օգոստոսի 18,

Սիրելի Ֆիլիպ.

Ստացա նամակդ: Պատասխանում եմ, բայց ոչ այնպես, ինչպես դու էիր պահանջելգեներալների օրինակինայո՛ կամ ո՛չ:

Այոն ու ոչը գեներալները կարող ես պահանջել. նրանց զինվորական աշխարքում արգելված է դատելը: Դրա համար էլ նրանք հանդիսանում են բանական մարդու ստորացումը: Նրանք դեմ են դատողությանը, որովհետև դատողությունը դեմ է նրանց. իսկ դու ընչից ես վախենում: Ասում ես՝ մենք կչարչարվենք իրար նամակ գրելով ու կարդալով: Իսկ ես քեզ կասեմ. աստված տա, որ չարչարվելով կարողանանք ճշմարտությունը գտնել: Դու զբաղված ես քննադատի գործով. քննիր, շատ քննիր, որ կարողանաս դատել: Եթե իմ կարծիքն էլ պետք է քեզ, թող ասեմ. այոն ու ոչը քեզ բան չեն ասիլ:

Քննադատը՝ թարգմանիչ է: Նա պետք է թարգմանի բանաստեղծին, և թարգմանի ոչ թե նրա բառերը, այլ նրա սիրտը: Աստծու նման սրտագետ լինի ու խորաթափանց, գտնի ամեն բանի աղբյուրն ու արմատը, որ կարողանա ճշմարիտ գնալ ու արդար դատել: Այն ժամ կպարզվեն մթությունները, հասկանալի ու բնական կերևան ըստ երևույթին հակասությունները և քաոսի մեջ կհայտնվի ներդաշնակությունըեթե կա: Ամենից առաջ հարկավոր է, որ մեկը բանաստեղծ լինի, բառի լուրջ իմաստով: Նրանից հետո պետք է նրան հասկանալ: Եվ այս դժվար բան է: Նա ինքն էլ հաճախ իրեն չի հասկանում, կարող է սխալ մեկնություն տալ իր այս կամ այն երգին ու երկին, ճիշտ այնպես, ինչպես մայրը կարող է գլխի չընկնել, թե ինչ շնորհք ունի այն որդին, որ ինքն է ծնել:

Բայց նա, որ կոչված է քննելու և դատելու ուրիշների ծնունդները, նա գլխի պետք է ընկնի: Խորիմաստ պետք է լինի ու ներսը նայի: Թե չէ հակասություն կգտնի, երբ բանաստեղծն ասում է.

«...Սակայն ինչու եմ ես հեռացել անտառն ու անապատը: Ո՞չ ապաքեն նրա համար, որ չափազանց շատ սիրեցի մարդկանց»: (ՆիցշեԶրադաշտը)1:

Ասում է՝ փախել եմ ձեզանից, որովհետև շատ եմ սիրել ձեզ:

Նամակիդ մեջ բերած 9 տողը2ելած կյանքի ամեն ճամփից, և այլն, գտել ես շինծու, բայրոնա-լերմոնտովյան: Ասում ես նրանք հակասում են իմ շատ երգերին ու զգացմունքներին և ուրեմն ճիշտ չեն: Նրանց հակադրել ես ուրիշ տողեր, սիրային երգեր, Լոռին ու ավանդությունները: Առաջին սխալդ այն է, որ կարծում ես տողերն են բայրոնա-լերմոնտովյան, ոչ թե ես: Երկրորդ սխալդ էլ այն է, որ կարծում ես հակասություն կա մեջտեղը:

Ես նոր, քո դրդումով եմ ուշադրություն դարձնում դրանց վրա, բայց համոզված եմ ասում, որովհետև անկեղծ են ասված, այնպես, ինչպես զգացել եմ. իսկ ես գիտեմ, որ եթե այդպես եմ զգացել՝ արդեն ճիշտ է, բնական է, իմաստ ունի, թեկուզ ինքս էլ չկարողանամ բացատրել:

Սակայն հեշտ բացատրելու բաներ են դրանք: Կարծես թե իմ ոտանավորների եզրակացությունները կամ ամփոփումները հավաքված են այդ ոտանավորների տողերի մեջ: Անշուշտ, քննադատը մի օր կանգ կառնի դրանց վրա: Եթե այսօր կանգ չեն առնում, նրանից է, որ քննադատներ չեն: Պատիվ քեզ, որ առաջինը մատդ դրիր դրանց վրա ու շինեցիր ուշադրության առարկա, թեկուզ մեր մեջ:

Ճիշտ՝ որ ելած կյանքի ամեն ճամփից: Ոչ տերտեր եմ, ոչ վաճառական, ոչ վարժապետ, ոչ արհեստավոր, ոչ զինվորական, ոչ երկրագործ, ոչ նույնիսկ ավազակ. չէ որ այն էլ կյանքի ճամփաներից մինն է. մի խոսքով, ինչպես միշտ նկատել են, երբեք չեմ եղել կյանքի մարդ, այլ՝

Կարոտներով անմեկին,
Ագահ, անվերջ ու անհանգիստ
Թափառում է իմ հոգին...
.... մանուկ օրերից
... դեպի մի անհայտ երկիր:

Ելած կյանքի ամեն ճամփից-ը դու շփոթել ես «Աստծու ճամփից ելած» դարձվածքի հետ և ընկել ես սխալանքի մեջ: Այստեղից էլ սխալ առաջ գալով՝ բառի գռեհիկ մտքովն ես հասկացել «Խենթ, խելագար գնում է նա» (հոգիս): Մինչդեռ եթե առաջինը գլխի ընկնեիր, երկրորդն էլ պարզ էր:

«Ես ձեզ գերմարդն եմ քարոզումնա խենթություն է», ասում է Նիցշեն:

Բայց ես չեմ ուզում քո բոլոր հոդվածներին ընդարձակ պատասխանել, որովհետե այդ կլինի արդեն շատ հակառակ քո նամակի պատասխանին:

Զարմանալին այն է, որ դու հասկացել ես այդ ոտանավորները և չես հասկանում, որ հասկացել ես:

Ասում ես` անկարելի է, որ մարդ այսպես լինի, այսպես, և այսպես (9 պնդումները): Այո՛, այո՛, անկարելի է: Եթե կարելի լիներ, արդեն կլիներ մի նորմալ դրություն, սովորական երևույթ: Անկարելի է, և հենց այդ է դրաման: Օրինակով պարզենք: Ասում ես՝ անկարելի էկտրված լինել կյանքի ամեն կապերից: Իհարկե, անկարելի է: Բայց (լավ լսիր) դու ելած ես կյանքի ամեն ճամփաներից, և այն բոլոր մարդիկ, որ այդ ճամփաներով են գնում, չեն կարող քեզ հետ լինել, այլ զարմանում են քեզ վրա, հանդիմանում են քեզ, կռվում են, վշտացնում են, հալածում են, մի խոսքով պոետն ու մուզան, բայց ոչ իմ գրածը, այլ իմ ապրածը, այսինքն ավելի մեծ չափով: Դու էլ զարմանում ու զայրանում ես նրանց վրա: Եվ այսպես ամեն օր, ամեն դեպքում: Կապերն այնքան են թուլանում ու կտրվում, որ մի օր էլ մի Շոպենհաուեր3 գալիս է մեջտեղը կանգնում ու հայտարարումթե՝ մարդը մարդուց ավելի է տարբերվում, քան թե մարդը՝ անասունից:

Իսկ այն, որ դու առարկում ես, թե աշխարքում այս կա, այն կա, կամ սա ու նա կան, որոնց սիրում ես, դրանով էլ հենց ապացուցանում ես եղածի խեղճությունը, դրության թշվառությունը: Բանաստեղծը նրանով է բանաստեղծ, որ ապրում է ընդհանուրով, շատերից է խոսում, ոչ թե մի քանիսից: Մի քանիսն ինչ են որ, թեկուզ և լինեն: Բայց մի քանիսի մեջ էլ որ խոր թափանցես, գուցե այն էլ քչացնես ու փչացնես:

Ուրեմն կտրված կյանքի ամեն կապերից...

Բայց և, ինչպես դու ճշմարիտ բացականչում ես, անկարելի է այդպես: Այո՛, ճշմարիտ է.

Следующая страница