Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Ես էլ վիրավոր գընում եմ փախած՝
Անհայտ օրերի խավարի ընդդեմ,
Ամենքից զըզված, ամենքեն թողած,
Քեզ էլ կթողնեմ:
Քե՛զ, որ սիրել եմ, քե՜զ, որ
...հանդիպած իմ դժվար ճամփում...
Ինձ չըհասկացար, ընկեր չեղար, դե,
«Դու քո ճամփեն գնա՛, քույրի՛կ...»:

Պրծանք: Սրանից հետո կարող են պատահել երջանիկ վայրկյաններ, սիրելի դեմքեր, լավ րոպեներ, բայց ընդհանուր ֆոնը չեն փոխում:

Նա, ով որ կյանքի համը լավ է տեսել և նուրբ ճաշակ ունի, նա խորն է զգում դառնությունը և այդ՝ միշտ առաջը դրած զահրումարից կրկին ու կրկին ճաշակելը տանջանք է արդեն, իսկ լավագույն հաճույքների հույսերը հեռանում են, գնում են դեպի ապագան, երազ են դառնում կամ մեռնում:

Այս էլ կարճ կտրենք, որ քեզ չձանձրացնեմ, կամ աչքերիդ չվնասեմ:

Զարգացման մասին խոսելիս դու զուր ես հիշատակում ուսումնարանը: Իմ մտքովն ուսումնարան չի անցել: Իսկ թե ես ինչ եմ ուզում, կամ քո խոսքով ասենք, ինչն է իմ ձեռքը կապում, այդ մասին էլ չեմ ուզում խոսել, որովհետև այդ հարցը ինձ հոգնեցրել է, և ընդմիշտ հոգնեցրել: Իմ լավագույն ուժերն ու տարիներն անցել են արդեն, իսկ ինչ որ առաջս կա, ով գիտի այն էլ ինչ է լինելու:

Լավ ես ասում՝ թե կյանքըկյանք է: Բայց մի՛ մոռանար, որ մարդն էլ մարդ է: Մարդ հոգնում է, փոխվում է, կոտրվում է, և մինչև անգամ մեռնում. այնուհետև դարձյալ կյանքըկյանք է, բայց մարդըէլ որտեղ է...

Չէ, քիչ մխիթարանք կա դրա մեջ:

Քո Օհաննես

23. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

ՇուլավերԹիֆլիս

[1904 թ. օգոստոս]

Սիրելի Ֆիլիպ.

Դու ընդհանուրի մասին ես հարցնում իմ կարծիքը, ես էլ ընդհանուրի մասին կարճ մի կարծիք կհայտնեմ, թողնելով ավելի ընդարձակն ու մանրամասը հետոյին: Դու հետևելով որոշ սիստեմի՝ պարզում ու ծանոթացնում ես ընթերցողին քո առարկայի հետ, մերթ-մերթ, արանքներում հայտնելով քո կարծիքներն ու տպավորությունները:

Ընդհանուր առմամբ դու քո բանաստեղծին նկատել ու ճանաչել ես շատ ճիշտ, որ նա իր ժողովրդի թշվառության երգիչն է, թախիծի, վշտի բանաստեղծ, որ այդ թախիծը, այդ տխրությունը ունի զանազան աղբյուրներ, բայց բոլորը մի տեղից են գալիս ու մի տեղ գնում և այդ է մերհայկական կյանքը, հայկական աշխարքը: Գուցե այդ լինի իմ գլխավոր արժանիքը: Այդ էլ, հարկավ, մեծ բան է, եթե այդպես է: Բելինսկին ասում է` բանաստեղծի մեծությունը ամենից առաջ կայանում է նրա ժողովրդական լինելու մեջ (народность): Ամենից առաջ ամեն բանաստեղծ իր ժողովրդի սիրտը պետք է լինի: Սակայն նրանից հետո կա մի ուրիշ մեծ խնդիր. թե որքան հաջող է նա կարողացել հառաչել այդ մեծ հառաչանքը: Հոգին գտնելուց հետո պետք է մարմինը չմոռանալ: Բանաստեղծը չէ՞ որ վարպետ է: Այդ մասին դու քիչ ես խոսում, թեև դրա փոխարեն գրեթե բոլոր լավ կտորները հանդես ես դնում:

Մի խոսքով, ավելի շուտ դու աշխատում ես ծանոթացնել ինձ հետ ընթերցողին, և այն էլ հենց սկզբից որոշած, թե նա մեծ տաղանդ ունի, քան թե դնում ես ու քննում: Ինձ թվում է, թե քննադատը շատ է բարեկամ կամ բարեհաճ: Սակայն այդ տեսակետ է ու համոզմունք:

Թեև դու չես ասում, բայց այնպես ես փռել ու ներկայացրել, որ բացի լավից, ուրիշ բան չի երևում: Էդ հերիք չի, հալա դեռ ուրիշից էլ ինչ որ թարգմանել եմ նրանց զգացմունքներին և շնորհքին էլ հաղորդակից ես անում:

Նկատողություններս այդտեղ կանեմ. մանավանդ, ինչպես գրում ես, դեռ սրբագրվելու է: Դրանք մանր բաներին են վերաբերում:

Վերջում խոստովանեմ, որ լավ չկարողացա կարդալ: Դավիթը1 քիչ մնաց. այն էլ շարունակ զբաղված էինք կամ մարդիկ էին լինում: Ուշադիր կարդալու ոչ ժամանակ կար, ոչ էլ հարմարություն:

Ահա կառքն էլ եկավ (Դավթի), խոսքս կտրեց: Եթե մոտս մնարլավ կլիներ. բայց Դավիթն ասում է անկարելի է: Կգամ կխոսենք:

Հողի մասին ինչ որ Դավիթը կասիպակասն էլ կիմանամ ու կգրեմ կամ կասեմ2:

Բարևներով ու համբույրներով՝

քո Օհաննես

24. ՖԻԼԻՊ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս-Շվեյցարիա

1906 թ. մայիսի 30

Ֆիլիպ ջան.

Էսպես եղավ:

Բարձրացավ Ռուսաստանի մեծ փոթորիկը1 և ամեն բան տակն ու վրա արավ: Մենք էլ ընկանք իրարից հեռու, մի տարի է, ավել է թե պակաս, այդ էլ չեմ հիշումչենք տեսել իրար ու չենք խոսել իրար հետ: Ես շատ եմ կարոտել: Եվ այդ էլ շատ լավ է: Միշտ լավ է, երբոր մարդ զգում է, որ մի թանկ բան ունիորտեղ ուզում է լինի:

Մի ժամանակ դու նամակներ գրեցիր, ես թափառում էի: Հենց տուն նստեցիմի քանի անգամ գրեցի, այլևս չպատասխանեցիրէլ չհասկացա ինչաես եղավ. այնուհետև լռեցի. և սկսվեց այն, ինչ որ ոչ ոք չէր երևակայել:

Դու անշուշտ հիշում եսհեքիաթների մեջ կա, թե այս-ինչ մարդը քնեց, մին էլ աչքը բաց արավտեսավ շուրջը կանգնած զորքեր սպասում են իր հրամանին և այլն ըստ կարգինմի խոսքով մարդը հանկարծ թագավոր է դառել:

Այդպես էլ ինձ հետ պատահեց:

Երեխեքս հավաքեցի, գնացի Լոռի: Շատ լավ գիտեի, որ խառնակություններ են պատահելու, գիտեի, որ մեր գավառում անիշխանություն և ամեն անկարգություն կարող է լինել և ես շատ պետք կգամբայց պատահածն իմ սպասածից էլ ավելի եղավ:

Մի հեքիաթ, որ դարձավ իրականություն և մենք ապրում էինք մերթ լույս աշխարքում, մերթ մութ:

Ես, ինչպես ասի, հանկարծ այդքան մեծ պաշտոնի մեջ հայտնվելով և ձեռքիս ունենալով ուժամեն ջանք շարունակ գործ եմ դրել մեր գավառներում խաղաղությունը պահելու և կոտորածների առաջն առնելու: Եվ այսօր ես այնքան գոհ չեմ, որ գրականության մեջ մի որևէ բան եմ արել, որքան գոհ եմ, որ ակներև կարողացա իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ և շատ ու շատ անմեղների ազատել այս գազանական կոտորածից:

Հիրավի, այսքան տգեղ, այսքան լիրբ, այսքան անիրավ, հրեշական կռիվ, ինչ որ թուրք հայկականն էդժվար թե եղած լինի: Գուցե նախապատմական շրջաններում, երբոր մարդիկ իրար ուտում էին:

Մենք այս ցած ու տմարդի կռվով միանգամայն դուրս մնացինք Ռուսաստանի ազատագրական մեծ կռվից: Այժմ մեզ մնում է մի առաքինության հնարավորությունըաշխատել վերականգնելու և պահելու խաղաղությունը, շատ չտարվել այդ դժբախտ կռվով, շատ չբարբարոսանալ:

Մենք ուղղակի վայրենիանում ենք: Առանց էն էլ ինչ էինքհիմի էս էլ վրա հասավ:

Ահա շարունակ դրա դեմ եմ ես եղել կանգնած իմ ձիավորների բազմությամբ ու իմ սպիտակ դրոշակով: Եվ շատ եմ գոհ այսօր, որ թեև մեծ դժվարություններովհաջողել եմ այն սահմաններում, ուր պտտվել եմ:

Հաճախ հիշել եմ քեզ և մոտիկ մի քանի մարդկանցթե ինչ կասեիքինչպես պիտի ծիծաղեիքերբ տեսնեիք լեռներում պատրոնդաշները գցած, զինված ոտից գլուխ, հարյուրավոր ձիավորներով ու ճերմակ դրոշակով:

Մի ուրիշ անգամ էլ կգրեմ այդ օրերից: Այժմ մի քանի օրով եկել եմ Թիֆլիս: Այսօր նորից վերադառնում եմ Լոռի: Շիրինկինը գրել է, որ ինձ ձերբակալեն: Տեսնենք ինչպես է վերջանում:

Նորից մթնոլորտը խառնվում է. և ո՞վ գիտի՝ էս կարկուտի տակից էլ կազատվե՞մ, թե՞ չէ:

Ինձանից ու մերոնցից ջերմ համբույրներ ու բարևներ մայրիկին, Շուշանին, Մարուսյային ու Դավթին, Լիլիկին ու Միլիկին: Գրեցեք, տեսնենք ոնց եք:

Ինչպես են այժմ աչքերդ. — հավատում եմ, որ պետք է առողջացած գաս: Մեզ էլ այստեղ տեսնես ազատ քաղաքացիներ:

Այսօր գալիս է Մարիա Մարկովնան: Ռուստեմն էլ այստեղ չի: Երեկ պ. Հակոբի մոտ էի: Միշտ նույն բարի մարդը: Ինքը զարմանում է, թե ինչու են ամենքն էլ կատաղել ու իրարով անցելամենքն էլ զարմանում են, թե էս մարդը ինչպես է հանգիստ նստած:

Կարոտով ու համբույրներով՝

քո Օհաննես

25. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

ԹիֆլիսՇվեյցարիա

1908 թ. հունվարի 22.

Սիրելի Ֆիլիպ.

Վերջին ժամանակներս շատ տեղեր և շարունակ ինձ հարցնում էին քու մասին, թե լսել ենք, որ գալիս է, երբ է գալիս: Էնքան խոսք եղավ էդ մասին, որ վերջը ես էլ էնպես կարծեցի, թե ճշմարիտ գալիս ես և մնում էր մեզ համար միայն ժամանակը գտնել, թե երբ ես լինելու էստեղ: Իհարկե, ամենից հաստատ դու կիմանաս, և լավ կլինի, որ գրես, մենք էլ միամտվենք:

Չգիտեմ ինչ ես կարդացել իմ մասին, որ կարծում ես, թե քու բացակայությանը շատ ավելի մի մեծ բան եմ դառելմիայն մի բանը ճշմարիտ է, որ այժմ ավելի հին ասեմ, թե անվանի եմ համարվում, շատերն էլ հաճախ գովում են, էդ էլ ճշմարիտ է, բայց ավելի ճշմարիտ է էն, որ սիրտս թառամել է դրանց ժպիտների համար և շատ քիչ արժեք ունեն ինձ համար, գրեթե չունեն: Քիչ մարդիկ կան, որ համ ճաշակ ու սիրտ ունեն, համ էլ սրտալի են մոտենում և մարդ զգում է ջերմությունը անկեղծության ու սիրո, մնացածները տափակ, հիմար, կեղծավոր, անբովանդակ կամ հաճախ զզվելի բովանդակության մարդիկ են:

Մի քանի տարի առաջ մի ոտանավորի մեջ ասել եմ.

«Մեռնում են, մարում նրանց հայացքից
Ե՛վ հոգու ձըգտում, և՛ սըրտի ժըպիտ»1:

Ճիշտ էսպես:

Իսկ ազնիվն ու լավը, արդեն փորձով գիտենք, որ հազվագյուտ բան է կյանքում: Բնությունն էլ էդ կողմից բանաստեղծների նման է: Բանաստեղծները գրում են, գրում են, վերջը հարյուրավոր երգերի միջից միմիայն մի քանիսն են դուրս գալի լավը: Էդպես էլ մարդիկծնվում են, ծնվում են, մեծ մասը կամ ապուշ, կամ գող, կամ մարդասպան, վերջապես ամենալավ դեպքում հացի ոջիլ. (սա մի տեսակ բողոճ է, որ հացը փչացնում է): Բայց ախր մենք ուրիշ բան ենք ուզում, ուրիշ արարած:

Սակայն էս թողնենք, անարդար ու անտեղի պահանջ է, համ էլ շատ հեռու կտանի: Խոսքն իմ մասին էր: Այո՛, շատերն են հետաքրքրվում, հարգում, սիրում: Կան և մտերիմ հոգիներ: Բայց ուրիշ էր Ֆիլիպը: Երբ մի բան էի գրում կամ տպում, ավելի շատ Ֆիլիպն էր հուզվում, քան թե ես, երբ հիվանդանում էի, ավելի շատ նա էր տանջվում, քան թե ես, երբ հաջողում էի, ավելի շատ նա էր ուրախանում, քան թե ես: Էս տեսակ ընկերը երկնքի տված բախտն է մի բանաստեղծ մարդու համար, մանավանդ մեր աշխարհքում, մեր մթնոլորտում: Ես հաստատ գիտեմ, որ մեր գրականության մեջ ոչ մի գրող էդպես ընկեր չի ունեցել, և իրենք էլ են խոստովանում: Ամեն փողոցում Ֆիլիպ չի ապրում: Իհարկե կներես, որ էսպես մի քիչ օբյեկտիվ խոսեցի, որպես թե քեզ հետ չէր: Բայց որ կարծում ես, թե քու բացակայությանը մեր մռայլ երկնքում պայծառ ծիածան է բացվել իմ գլխինուզում էի ասել, որ էդպես չի:

Միայն մի բանը լավ է, որ ես հաստատ ու խոր համոզված եմ, որ մենք էլ ճիշտ էն թռչունի, էն անասունի, էն ծաղկի նման բահ ենքև էս համոզմունքը ինձ համ շատ զվարճացնում է, համ շատ հանգստացնում: Էսպես չի լինիլէնպես կլինիինչ կա որ... մեջտեղը եթե մի խնդիր կա, մարդու վայելքի կամ ուրիշ խոսքով երջանկության խնդիրն էէդ էլ ինձ համար հոգու խաղաղությունն ու սրտի մաքրությունն : Բայց էս էլ քիչ բան չի հա՛: Գրեթե ամեն բան է և ամենամեծ ուժը, ինչ որ կարող է ունենալ մարդ արարածը: Էս դրության մեջ է, որ նա մոտենում է և հաղորդակից է լինում աստվածներին:

Հանձնարարում ես կարդամ Սենկևիչի «Երկու հովիտը»: 2 Նախքան կարդալս նույն առարկայի վրա ուղարկում եմ քեզ մի ոտանավորս, որ գրել եմ անցյալ տարի — «Անվե՛րջ ու անվերջ...»3 մի խոսքով երկու անվերջ: «Լուսաբերն»4 ու «Գիքորը», («Գիքորը», թե հիշում ես երկրորդ «Հորիզոն»-ի համար էի գրել) և մի քանի մանր-մունր բաներ մի անգամ ուզեցի ղրկեմ, բայց փոստն էնքան լիքն էին, որ ետ եկա, էն է ինչ մնաց ու մնաց: Նոր մտածեցի տամ կանտորից հեշտ կղրկենմիշտ մարդ են ղրկում փոստը: Հոդվածներ քիչ եմ գրել, և երևի էդտեղ թերթերը կարդում են քեզ համար: Էս տարի կապվել եմ «Հասկեր»-ի հետ5, որ ամեն ամիս բան տամ ու մոտիկ խառնվեմ գործին: Ռոստեմն ու Մարիա Մարկովնան էլ մոտեցել են «Հասկերին»: Բայց ախր մի անգամ մի կարգին չեք գրում թե ինչպես եք, ինչ եք անում. մայրիկն ինչ է անում, Շուշանն ինչ բանի է, Մարուսյան, երեխաներըերեխաները մեծացե՞լ են, կարդում են: Լիզան որտեղ է, Ժենյան ու Կատյան ուսումնարանում են, թե չէ: Ձեր տանըներքի հարկում պրիստավն է ապրում ու միշտ ինձ հսկում, ձեր բակում պոլիցիան է, միշտ լիքը գարադավոյներ ու դվորնիկներշարունակ ինձ վրա ուրիշ տեսակ են նայում էդ բոլոր նոր բնակիչները և ես միշտ խուսափում եմ ու հեռու եմ փախչում էդ տանից: Ահա քեզ ինձ համար մի մեծ փոփոխություն Թիֆլիսում:

Ստացա ուղարկած գրքերդ, մի քանի երգեր կարդացինքթեև մարգարիտներ չկան, այսուամենայնիվ մեզ համար շատ են հետաքրքրական: Շատ-շատ բարևներ ամենքին:

Քո Օհաննես

26 ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

ԹիֆլիսԱբասթուման

[1909 թ.] 1 հուլիսի 18

Սիրելի Մարիա Մարկովնա.

Ո՛րքան կուզեի այժմ Աբասթուման լինեմ: Այդ փոքրիկ գեղեցիկ հովիտում, Ձեզ հետ զբոսնեինք ու խոսեինք գեղարվեստից և ամեեն բանից, ինչ որ գեղեցիկ է ու լավը:

Ո՛րքան հիշողություններ ու անմոռանալի վայրկյաններ են կապված Աբասթումանի այս կամ այն փոքրիկ, խաղաղ չքնաղ անկյունում: Այդտեղ ես շատ եմ երազել ու գրել եմ իմ մի քանի լավ բաները: Այդտեղ եմ մշակել «Անուշ»-ը, այդտեղ եմ գրել «Փարվանան» և այլ բաներհա՛, «Թմկաբերդի առումը»:

Այդտեղ նամակներ եմ ստացել, որոնց վրա արտասուքի կաթիլների հետքերն ամեն խոսքից ու գրչից ավելի պերճ են խոսել իմ սրտին... Այդտեղ ես բանաստեղծություններ եմ գրել ինձ համար ու տվել քամուն...

Եվ ի՛նչ լավ եմ արել:

Մի տուն կա այդտեղի պարկից վերև, փոքրիկ ձորակում. առվի ափին, ծառերի մեջ կորածայնտեղ ֆելդշեր Тячкин-ն էր ապրում այն ժամանակ: Ես նրա մոտ էիայն տանը:

Ճշմարիտ որ «սիրելի Աբասթուման...» այնքան թանկագին ցնորքների, հիշողությունների ու զգացմունքների հետ է կապվածսկսած Աբսաթուման գնալու պատմությունից ու արցունքներից:

Է՛հ, էս մի նամակն էլ էսպես լինի:

Արդյոք ինչպես է Միշայի2 առողջությունը, խնդրում եմ չմոռանաք Ձեր նամակում:

Անվերջ բարևներով` Ձեր Հ. Թումանյան

27. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

ՊետերբուրգԹիֆլիս

[1912 թ.] փետրվարի 25, 25 փետրվարի

Նունիկ ջան.

Մի քիչ առաջ ստացա վերջին նամակդ: Մի քիչ մարդավարի էրտանից, ձեզանից տեղեկություններ կային: Ուզում եք ինձանից իմանաք. առողջությունս լավ է, տրամադրությունս գիտեք, որ հեշտ չի կարող փչանալ և նույնպես լավ է ու խաղաղ, գործս շատ լավ է, արդեն շատ ու շատ բան պարզվել է ամենքի համար և գլխի են ընկել, իսկ եթե էլի պարզվի, վերջապես երբ բոլորովին պարզվի՝ պիտի զարմանան: Երեկ հանկարծ սենատորներից Զվոլյանսկին1 հիվանդացավգործը հետաձգվեց մինչև ուրբաթ: Մյուս կողմից էլ կեղծիքների պատճառով2 փաստաբաններն են բողոքել կամենումև երևի ուրբաթ շաբաթ շատ նորություններ կունենանք: Գործն այժմ հանկարծ սաստիկ արագացրին, այնպես, որ շուտով կվերջանա: Լսեցիր երևի, թե իմ ցուցմունքն ինչ խեղաթյուրումներով է լցված: Էսօր Աշխենն ու Մուշեղն էին մոտս հռհռալով: Երկուսն էլ շատ լավ են: Գիգան3 ամեն օր: Այժմ Գիգայի տրամադրությունը շատ է լավացել: Գիգան այնպես լավ պաշտպանեց Ղարաբաղի Համազասպի և հաշտարխանցիների գործըոր բոլորը զարմացանմիանգամայն հրաշալի. ամենաառաջնակարգների նման: Բոլոր փաստաբանները շատ գովեցին:

Նունիկ ջան. կարդալու համար ես ասում. պատմական ու գիտական գրքեր ես ուզում. դրանից ավել ի՞նչ ունենք: Բայց լավ կանես, երբոր պատմությունը սիրում եսզբաղվես առանձնապես Արևելքով ու Կովկասով. և շատ է կարևոր և շատ կհավանես: Դռան մոտի երկու-երեք պահարանում էլ շատ բան կասկսիր հենց Ռագոզինայի գրքերիցИндия, Мидия, Ассирия4 և այլն: Գիտես ինչ բան է Միջագետքը. ծանոթացիր Միջագետքի հետ և առհասարակ հին աշխարհքիհիմքը արդեն կլինի: Ես էլ անցյալ օրերը կարդում էի Битнер-ի5 գիրքը (թարգմանություն Անդերսոնից կարծեմ) «История погибших цивилизаций Востока», էդ ուղղությամբ բաներ կարդա երեխաներիմեծերի համար ու նրանց բացատրիէս ձևը քեզ սաստիկ շատ կօգնի, քեզ համար կբացատրվի: Դու առհասարակ շատ մեծ նշանակություն ես տալիս մի որևէ տեղ գնալուն. կգնաս, մի վախենար, բայց էդքան էլ նշանակություն մի տալ: Մեր տունը քեզ համալսարան: Կարդա բույսերի, կենդանիների կյանքից ի՛նչքան բան ունենք:

Երևի մայրիկը ժամանակ չունի, որ նամակ չի գրում: Երկու շաբաթ էր ձեզանից նամակ չունեի: Էս րոպեին բերին ցուցակը, որ (չորս օրը միանգամից) ճաշերս պատվիրեմ:

Հա՛, Նունիկ ջան, լեզվիդ մասին ասում ես դարդ է դառել6: Ի՞նչ դարդ. ուզենաս կուղղես էլի. դրանից էլ հեշտ բա՞ն: Իսկ եթե չուղղես, իհարկե, դարդ է ու դարդ էլ կմնա, գուցե էնքան քեզ համար չէ, ինչքան մեզ համար:

29 փետր. առավոտ. էս օրվանից էլ սկսեցի մածուն մերել:

Մոռացել էի թե շարունակեմհավաքում են:

Կարոտով համբուրում եմ ամենքիդ և Սեդիկին ու Թամարին:

[Քո հայրիկ]

28. ՕԼԳԱ ԵՎ ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈՒՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ

ՊետերբուրգԹիֆլիս

1912 թ. մարտի 7. 7 մարտի Սանկտ. Պետերբուրգ

СПБ Дом предварительного заключения

Օլյա ջան.

Մարտի 5-ին վերջացավ գործի քննությունը և սկսվեցին ճառերը: Առաջին՝ մեղադրական ճառն ասում է պրոկուրորը: Արդեն երկու օր է շարունակվում է նրա ճառը, տեսնենք երբ կվերջանա: Հետո կխոսեն պաշտպանները, իսկ վերջին խոսքը կլինի մերը: Երեկ Աշխենն ու Մուշեղը մոտս էին, իսկ ամեն օր լինում են Սենատում: Շատ լավ են: Երեկ իրիկուն Սենատից վերադարձա կամերան և տեսա սեղանիս վրա մի կույտ. նամակներ. իհարկե, դուք չեք կարողանալ երևակայել, թե ինչքան լավ էր էդ և ինչքան վատ՝ էն, որ քանի ժամանակ, էր նամակ չէիք գրում: Բայց պատասխանեմ մի քանի հարցերի, որ տեղ չի. լինել: «Գուտտենբերգ»-ին1 ես չեմ պարտերբ կգամ կհաշվենքկտեսնենք ով է պարտ. իսկ եթե նրան պարտ ենպարտ են Կուլտուրականը և դաղեթեցիք:

«Հայ գրողները» առայժմ մնան. իսկ եթե մոտիկ ընկեր գրողները կկամենանթող անեն ինչպես կուզեն: Մենք արդեն հրատարակել, հայտարարել ենք, որ ընդհանուրինն է լինելու: Ես գիտեմ, որ շատ նեղություն կքաշես նյութականի, կողմից. բան չկա. շուտով վերջ կլինի էդ ամենին: Ես լավ եմ: Եղանակներն էստեղ էլ են կոտրվել: Մուշեղը բաշլուղը, չուզեց: Թամարն ի՞նչ ոտանավորներ է սովորել: Ով գիտի Սեդիկն է սովորեցրել: Համբուրում եմ երեխաներին և ամենքիդ կարոտով: Բարևներ բոլոր հարցնողներին:

Էսօր մեր դատն ուշ է սկսվում, որովհետև նախագահը ներկայանալու է կայսրին:

СПБ. Дօм предварительного заключения

Արտիկ ջան.

Շատ ուրախ եմ, որ դեպք է եղել, գնացել ես Արարատյան դաշտը, Շիրակովն անց ես կացել: Եթե կարողանայիր մի լավ էլ հասկանալկարդալ ու իմանալ, թե ինչ ես տեսելշատ բան կլինեիր արածէն դաշտերը, էն Մասիսն ու Արագածը (որ Մասիսից բարձր է եղել), էն Անին ու Շիրակը, էն էջմիածինն ու Երևանը, Աշտարակն ու Օշականը իրենց միջի նշանավոր հիշատակարաններով, թե ո՞րտեղից են, ինչ պատմություն ունեն և ինչու են էդ օրին: Բայց նամակս տեղ չի անիլ: Սրանից ավելի գրելու էլ իրավունք չունեմ: Կարճ ասեմ: Համլիկի գրածներին էլ քու գրածներին էլ միասին. կլիշեները, որ ասել եմ վերցրեքտպարանից եմ ասելՖիլիպից հո չեմ ասել: Լիսիցյանից2 վերցրու «Վարժարաններն» էլ, պետք է որ անկազմ լինենկապույտ գրքույկներ են: «Վերք Հայաստան»-ի մասին գրած իմ հոդվածների3 համար էլ էդքան շատ մի ասեքև առհասարակ մի խոսեքէնքան կասեքնույն բանը կտաք ուրիշներին, որի վրա ես տարիներ աշխատել եմ: Լավ ես անում, որ պարապում ես, բայց պետք է լուրջ պարապես, լրագրի նման չկարդաս գիրքը, պետք է ուսումնասիրել բազմակողմանի: Մի վախենալ, կգամ կղրկեմ մի որևէ տեղ շարունակես: Բայց աշխատիր պատմությունն ու գիտությունն, գրականություն իմանաս, տգետ նկարիչն ինչի է պետք: Մուշիկին համբուրիր, ասա որ ստացա իր առաջին գրական գործը և շատ հուզվեցի4: Բարևներ ջերմագին Լուսիկին ու տիկնոջը5:

Համբույրներով՝ Հայրիկը

29. ՊՐՈՖ. ՄԱՌԻՆ

ԹիֆլիսՊետերբուրգ

1912 թ. ապրիլի 25

Ազնիվ բարեկամ Նիկոլայ Յակովլևիչ

Չեք կարող երևակայել, թե ինչքան եմ ես ինձ մեղավոր զգում Ձեր առջև: Խոսքս հայոց պատմագրության, թե հայագիտության ֆոնդի մասին է: Դուք վերջին անգամ ինձ ասիք, թե Մոսկվայից չգնաք, մինչև հանձնաժողով չընտրվի այնտեղ էլ, իսկ ես արագ անցա Մոսկվայից, մի երեք օր մնացի, էն էլ անց կացրի շատ հիմար կերպովհրավերներում, և, չնայելով նրան, որ շատ էին հետաքրքրվում այդ գործով, հեռացա՝ թողնելով ժողովն ու հանձնաժողովի ընտրությունը իրենց, միայն ժողովը հրավիրելու համար երեք մարդ նշանակվեցին: Այնինչ, ինչպես պատմեցին ու նկատեցի, կարևոր մարդկանցից ոմանք լավ չեն իրար հետ և դրսից եկած մարդ է հարկավոր նրանց իրար բերելու:

Մի խոսքով, մի կողմից ստիպված էի շտապելու, մյուս կողմից ցավում եմ շտապելուս համար և ինձ մեղավոր եմ համարում, մանավանդ Ձեր առջև: Սպասելիս են եղել և Բաքու: Բայց Մոսկվայում շատ ուրախացան այդ գործի համար, մի պարոն, պ. Բուդաղյանը2, հենց առաջին խոսքից այնքան հավանեց, որ իսկույն ևեթ մի գումար առաջարկեց: Մոսկվացիք պնդեցին գրական ու պատմագրական ֆոնդը միացնելու վրա և Հայկական Ակադեմիայի խնդիրն ավելի որոշեցին: Հատկապես պ. Ստ. Մամիկոնյանը3, որ ինչպես գիտեք, քաջածանոթ է հայոց դպրոցական գործերին, խոսեց ու պարզեց, թե Էջմիածնի ճեմարանը, որ կոչվում է Ակադեմիա, հենց բացված է Ակադեմիայի իրավունքներով և մինչև անգամ ռուս կառավարությունը նկատել է, թե նա, որպես Ակադեմիա, չի ծառայում իր նպատակներին: Պատմեց, թե ինքը կարդացել է Էջմիածնի դիվանատանը այդ մասին եղած թղթերը: Ես նոր եմ Թիֆլիս եկել և մի քիչ հիվանդ եմ: Այստեղ էլ մեծ հավանություն է գտնում խնդիրը: Սակայն ավելի բարեհաջող մի հանգամանք կա առաջներս: Մի երկու երեք շաբթից հետո Պետերբուրգ է գալու նոր կաթողիկոսը4: Կարծում եմ այս շատ լավ առիթ ու դեպք է խնդիրը հաստատ հողի վրա դնելու և ծրագրից գործին անցնելու: Ինչ խոսք, որ այս ամենի մեջ Դուք լինելու եք գլխավոր դերակատարը և ես սրտանց ուրախ եմ, որ Հայկական Ակադեմիայի և հայագիտության գործը մեր մեջ հաջողելու է Ձեր ձեռքով ու կապվելու է ընդմիշտ Ձեզ հետ, որ և այնքան վայելուչ ու գեղեցիկ գալիս է Ձեր սիրելի անձնավորությանը, Ձեր՝ գիտությանն ու հայագիտությանն արած անգնահատելի ծառայություններին և Ձեր մեծ պատրաստությանն ու հմտությանը: Ասում էիք՝ մենք բանաստեղծ մարդիկ ենք, ոգևորվում ենք: Բայց մեր մեջ մի մեծ տարբերություն կա. Դուք ոգևորվում ու գործ եք կատարում, իսկ ես միայն ոգևորվում եմ: Եվ գործի ամբողջ հույսը Դուք եք:

Այստեղից էլ դիմում կանենք կաթողիկոսին, բայց այս գործի կաթողիկոսը Դուք եք լինելու:

Ջերմագին բարևներով՝ միշտ

Ձեր բարեկամը Հովհ. Թումանյան

30. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ1.

ԹիֆլիսԷջմիածին

1912 թ. մայիսի 6.

Սիրելի Մեսրոպ.

Շնորհակալ եմ շնորհավորությանդ2 համար, չհեռագրեիր էլ ես գիտեմ, թե ինչքան ուրախ կլինես: Գործի մասին մի ուրիշ անգամ երկար կպատմեմ3 և շատ հետաքրքրական է մի քանի տեսակետներից. բայց ընդհանուր տպավորությունը շատ է տխուր: Կատարված գործիինքնապաշտպանության համար չէր անշուշտ այս ամենըայլ երկու կողմի անտեղեկության, կարճամիտ չինովնիկների վայնասունից ու մեր լոպազների հարահրոցից: Հարկավ, կատարված են և շատ տգեղ գործերբայց քաղաքական բնավորություն չունեն դրանք: Տարօրինակն այն էր, որ իմ դեմ վկայություն էին տվել մի հայ, որը իր կյանքով միայն ինձ է պարտական, և մի քանի թուրքեր, որոնց հետ թե ինչքան եմ լավ վարվելիրենք են աղաղակում այժմ և աշխարհքը գիտի. — իսկ պաշտպանում էին ինձ տերության գրեթե բոլոր պաշտոնյաներըստրաժնիկներից ու գարադավոյներից սկսած, մի քանի պրիստավներ, գավառապետներ, գեներալ գուբերնատորը, սեվերսկի պոլկը, գլխ[ավոր] շտաբը, որքան գիտեմփոխարքան, և ուրիշները, որոնց մասին հետո: Բայց հո իմ գործով չեմ դատում. շատ բան տեսա և վերջապես շատ բան գիտեմ. այդ բոլորից հետո անկարելի է աշխարհքովը մին չաղաղակելի՛նչքան է փչացել էս ժողովուրդը, էս ժողովրդի սիրտը...

Դուրս գալուց հետո շատ տարօրինակ պատմություններ լսեցի, սրանց մասին էլ հետո կտեսնվենք կխոսենք: Երևի մեզ մոտ ես գալու: Անցյալ օրը Համբարձումի4 մոտ էինք ճաշին մի քանի հոգի. քո մասին խոսեցինք, որ պետք է Թիֆլիս գաս: Երեկ էլ Եփրեմի5 հետ էի խոսում: Նա ինքն էլ շատ է ուզում Էջմիածին գա: Մի խոսքով, պետք է գաս էստեղ: Այժմ մի ուրիշ գործից:

Չորսհարյուրամյակից6:

Էջմիածին էլ հանձնաժողով եք կազմել: Բայց եթե սա համազգային տոն էինչով են կապված իրար հետ գոնե նշանավոր կենտրոնները, նրանց հանձնաժողովները: Ի՞նչ բովանդակություն ունի տոնը: Միայն գրական ֆո՞նդը, էդ շատ է քիչ, և որքան գիտեմ, լավ էլ չի ծրագրված: Վերջապես մեկը դա. բայց դրանից ավելի լավն է Պետերբուրգի հայոց պատմագրության ու հայագիտության կամ մի խոսքով հայագիտության Հայկական Ակադեմիայի խնդիրը: Ինչ ձևով որ կհաջողի: Եվ շատ ավելի լուրջ է նրանց կազմը: Եվ ավելի մեծ տրամադրություն կա Պետերբուրգի ու Մոսկվայի հարուստների մեջ մի մեծ գործ անելու էս մեծ տոնին: Այնպես որ ձեր Պետերբուրգ գնալով շատ բան կարող եք անել և չպետք է ձեռնաթող անեք դեպքը: Եթե այդտեղ մի լավ բան եք մտածում, լավ կանես գրեսիմանանք:

Երեկ մի երկու հոգի կանչված էինք Հովնանյանների մոտ7 տանստանու խոսելու Հովնանյան դպրոցի հոգաբարձության մասին: Ժամանակները լրացել էչեն ուզում հեռանան:

Հեռագիր եկավ: Զարմանալի վատ մարդիկ են, տո:

Էսօր երևի կենացդ կխմենք. Օհաննեսն էլ մեզ մոտ է լինում ճաշին:

Ա՛յ մարդ, ինչքան բան ունեի խոսելու. կարծում էի կգաս Թիֆլիս, բայց չմոռանաս Պետերբուրգում էդ հայագիտության, թե Հայկական Ակադեմիայի խնդիրը: Իհարկե, Մառի հետ կխոսես: Տո էդպէս էլ լավ մարդ կլինի՞: Երբ է շատանալու էդ տեսակ մարդկանց թիվըհամ լավ մարդհամ գիտնական: Գիտություն, գիտություն. տգիտության մեջ տառապում ենք: Էսքան էլ տգիտությո՛ւն, ոչ մեզանից բան գիտենք, ոչ մեր հարևաններից, ոչ աշխատանքից: Ինչի՞ նման է:

Այստեղ հոդվածներ են պատրաստում, որ գիտության այդ օջախը հեռու լինի էջմիածնիցակադեմիա կլինի, թե ընկերություն: Էդ մտքով հոդվածներ են պատրաստվում: Լավ կլիներ քանի շուտ է պարզվեր խնդիրը ամենակողմանի կերպով:

Գրի կարծիքդ:

Իրիկունն էստեղի հանձնաժողովի հետ մի քիչ ղալմաղալ արինք: Շատ են խեղճ. բոլոր հույսները մի թուղթ էշրջաբերական, որը ղրկելու են մոտ օրերս:

Մերոնք շատ բարով են անում:

Քո Հովհաննես

Հա՛, մոռացա:

Մեսրոպ ջան. չմոռանաս, Պետերբուրգ խոսք կընկնի Վարդան Իվանիչի (Վարդանյանի) կամ եկեղեցական խորհրդի անդամներից մեկնումեկի հետ: Մեր Մուշեղին8 թոշակ են նշանակելդեռ չի ստացելիսկ ուսման վճարը դեռ մնում է տալու և մի քիչ էլ պարտքի տակ է: Ես էլ գալիս չկարողացա բան տալ իրեն, որովհետև 300 ռ. տվին, բայց քսան օր մնացի էնտեղ, տալու էի ուրիշին, հետո ճամփի ծախք, էստեղ՝ էլ եկել եմշատ խառը վիճակի եմ. առաջվան մեղքերիս վրա բարդվել են իմ բացակայությանը եղած ծախքերը, դատավարության ծախքերը. մանավանդ վկաներն էլ իմ հաշվով եմ տարել Պետերբուրգ (մերժել էին), երկու հազար ռուբլի հենց էդ է նետել: Էնպես որ էդ նպաստը անհրաժեշտ է:

Գիտես, որ Արտիկն9 էլ երկու տարի է պարապ-սարապ թափառում է (իբրև թե տաղանդ ունի և նկարիչ է), ամաչեցի մեկին ասեմ, որ օգնեն: Մնաց էսպես: Տեսնենք, գուցե աշունքը մի բան անեմ:

Քո Հովհաննես

31. ԳԱԼՈՒՍՏ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆԻՆ (ՄԻԱԲԱՆ)1

Թիֆլիս-Էջմիածին

1912 թ. մայիսի 25. 1912 թ. 25 մայիսի Թիֆլիս

Սիրելի Գալուստ.

Վաղուց էի քեզ գրելու, բայց սպասում էի մի տեղեկության, որ դժբախտաբար ուշացավ ու չեմ ստացել դեռ:

Անշուշտ կարդացիր «Հորիզոն»-ի N 91-ում տպած տեղեկությունը2 Պետերբուբգի հայ գաղութի ձեռնարկած հայոց պատմագրության և հայագիտության ֆոնդի մասին, որ թարգմանի Ակադեմիա: Գուցե լսած լինիս և այլ աղբյուրներից: Արդ, որովհետև 400-ամյակը շատ պատեհ դեպք է, որովհետև և մեր ժողովուրդը և ունևոր մարդիկ այս դեպքի առիթով հեշտ մի բան կանեն, և վերջապես մի գիտության օջախ ենք ունենալուդա էլ մեր հանձնաժողովների հանձնաժողովիկենտրոնականի նախագահն ես և հետևաբար այս դեպքում ազգի մեջ կենտրոնական մի դիրք ունես, քեզ վրա է ընկնում մի շատ լուրջ գործ անելու պարտականությունը: Շատ կուզենայի քո կարծիքն իմանալ Պետերբուրգի առաջարկի մասին: Այն էլ իմացած պետք է լինես, որ եթե հարցը արծարծենք մամուլի մեջ և ընդհանուր մի ուշադրություն հրավիրենք գործի վրա՝ հաստատ համոզված եմ, որ մեծ նվիրաբերություններ են լինելու: Հարմար առիթ է և մեր հարուստների համար իրենց հիշատակը հավերժացնելու, կապելու էդ լավ գործերի ու լավ օրերի հետ: Քո և մի երկու հոգու մասին շատ ենք խոսել Մառի, այդ շատ լավ մարդու հետ: Եթե կարողանայինք այն տեսակ մի գործ կատարել, այսինքն ճիշտ որ գիտության մի Ակադեմիա ունենալ և Մառն էլ այնտեղ... Նա ինքն էլ շատ է ուրախ և ուրախությամբ էլ ընդունեց Պետերբուրգի հանձնաժողովի անդամությունը, կանի ամեն բան, ինչ հնարավոր է, և վերջապես այնքան բան է անումմիայն մենք չկանք:

Следующая страница