Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Սրանից էլ լավ դեպք չի կարող լինել, որ մենք էլ ազգովին մի շարժվենք գիտության համար: Ախր շատ ենք անգետ ու կույրգյուղից մինչև քաղաք, հոգևորական ու աշխարհական, գրող ու ընթերցող տգե՛տ, տգե՛տ, ամեն բանից, սկսած մեզանից, մեր պատմությունից, մեր կյանքից: Ահա, տեսնում ես էլի, լուսավորության (ամենալուրջ կերպով) ջահն ու տաճարը գազեթն են համարում. և հիրավի, ուրիշ բան էլ չկա մեջտեղը:

Այստեղ մտադրություն ունենք մի նեղ շրջանում, ով հետաքրքրվում է մեր երկրի ու արևելքի պատմությունով ու հայագիտությունով, մի հավաքվենք խորհրդակցության, թե ինչ պետք է անել, և ինչ կարելի է անել:

Ջերմ բարևներով՝
քո Հովհ. Թումանյան

Հասցես. Тифлис, Вознесенская 18.

32. ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

1912 թ. դեկտեմբերի 30 Թիֆլիս

Թրֆլիսի Հայոց Երաժշտական Ընկերության պ. պ. Նախաձեռնողներին

Ազնիվ պարոննե՛ր.

Շատ եմ ուրախ Թիֆլիսի Հայոց Երաժշտական Ընկերության բացման համար և առանց հրավերի էլ ես արդեն գալու էի՝ առաջնորդվելով իմ դեպի երգն ու երաժշտությունն ունեցած մեծ սիրուց:

Դուք գիտեք, որ ես շատ եմ սիրում հին խոսքը: Եվ ահա մի հին զրույց, որ սիրել եմ առանձնապես, էսպես է ասում:

Պատահեց, ասում է, որ մի ժամանակ գազան դարձավ քնքուշ ու բանական մարդը: Ինչ արին-չարին հնար չեղավ գազանը նորից մարդ դարձնելու: Վերջը հայտնվեց, որ հնարը միայն երգըերաժշտությունն է: Էս զրույցը շատ է երկար, ես կարճն եմ ասում, բայց որ ասում եմ սիրել եմ առանձնապես, դրանից էլ կիմանաք, թե ինչ նշանակություն եմ տալիս երաժշտությանը1:

Խորապես ցավում եմ, որ հիվանդության պատճառով չեմ կարողանում ներկա լինել առաջին ընդհ. ժողովին2: Խնդրում եմ ներկա համարեք և անդամ: Լիասիրտ շնորհավորում եմ Ընկ. բացումը: Բարով է գալիս Գրական Ընկ. հրաշալի քույրը, որ արևմուտքի մշակված երգն ու երաժշտությունը մեր մեջ տարածելով հանդերձհատուկ կոչում ունի հավաքելու, ներդաշնակության բերելու և զարգացնելու արևելքի ու մեր ժողովրդի երգն ու երաժշտությունըհարազատ ձայների կախարդական աշխարհքը:

Թող բացվի վարագույրը, թող հնչի նրա աստվածային ձայնը և գազանը մարդ կդառնա:

Հովհ. Թումանյան

33. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

ԹիֆլիսԲաքու

[1913 թ. դեկտեմբեր]

Սիրելի Ցոլակ.

Ուրիշ կերպ չեմ կարող գրել մի մարդու, որ էսքան սեր ու մտերմություն է ցույց տալիս ինձ: Մանավանդ ես էլ քեզ եմ սիրում: Իմ շատ հռչակված ծուլությունիցս ու գեղ[արվեստական] լաբորատորիայիս դրությունից ես հարցնում:

Էնպես տեղերից ես խոսում, որ շատ բան կարող էի ասել, և երևի կասեմ առաջիկայում ու կտեսնես, որ էնքան էլ ճշմարիտ չի էդ շատ տարածված կարծիքը, թե ես ծույլ եմ: Գեղ [արվեստական] լաբորատորիայիս մասին էլ կպատմեմ: Ասում եմ՝ երևի, որովհետև շատ եմ ծույլ նամակագրության:

Բայց գրելու եմ:

Իմ ամբողջ կյանքը, գրեթե անցել է շատ խառը, տակնուվրա, ու շարունակ էն պատրաստության վրեն եմ եղել, որ նստեմ, պարապելուու չի եղել, գլուխ չի եկել: էսպես անցել են իմ երկու հասակը, հիմի ոտս երրորդ հասակի շեմքն եմ դնում և դրա հետ միասին, վճռական միջոցների ես դիմում, որ էս կյանքիս վերջին, մի քանի տարին գոնե զուր չանց կենան:

Տեսնենք: Յա տեր աստված:

Էն էլ կգրեմ, թե սրա համար ինչեր եմ մտածում, ու ինչեր եմ անում: Նույն բանն եմ մտածում և մեր գրողների համար առհասարակ: Էնպես եմ անելու, որ կարողանանք շատերս, որքան կարելի է շատերս պարապենք գրականությամբ: Եվ դա հնարավոր բան է: Հետո կգրեմ, ասում եմ: Բայց այժմ արդեն քայլեր եմ արել, և հաջողության նշանները կան:

Մարդիկը ոգևորված գալիս են, տաքացած ճակատները զարկում են կյանքի ժայռին ու շշմում, շշկլում, վեր ընկնում: Էսպես չի կարելի: Գրականությունը, կամ ավելի ճիշտը գրողներին, պետք է պաշտպանել ուժեղ կերպով: Եվ կպաշտպանենք:

Սպասիր մի գլխիս հավաքված ճանճը դենն անեմ: Տղերանցը շատ բարով արա:

Քո Հ. Թումանյան

34. ՄԱՐԳԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ1

Թիֆլիս — -Երևան

[1814 թ.] փետրվար

Առաջ մի հարցերիդ պատասխանեմ:

Ճյուղեր բաց անելու իրավունք դեռ չենք ստացել: Էդ խնդիրը պետք է մարտի տարեկան ընդհ[անուր] ժողովում քննվի: Բաքուն էլ էր էդ մտքով դիմել և նույնպես դեռ սպասում է, բայց արդեն գրասիրաց մի ակումբ են կազմել, և օրերս նորից սկսելու են իրենց գործունեությունը: Դուք էլ նրանց օրինակով կարող եք Երևան նույնպես գրասիրաց մի ընկ[երություն], մի ակումբ կազմել և կանոնավոր դասախոսություններ ունենալ:

Քեզ պետք է ասեմ, որ ես ուրիշ կարծիքի եմ Երևանի մասին, և մոտ օրերս գուցե մի քանի տող բան գրեմ լրագրում: Մեծ, շատ մեծ կարևորություն ունի մեր բնիկ երկրի քաղաքներում ամեն մի էդ տեսակ կուլտուրական ձեռնարկություն:

Ցնծագին պետք է ողջունենք էստեղից ձեր գրասիրաց Ընկ[երության] բացումը:

Ամեն բան, ինչ որ ձեռներիցս կգա ձեր ծառայությանը պատրաստ ենք:

Բարդ բան չի ձեր անելիքն առայժմ և տեղիդ նահանգապետի միջոցով ամեն բան կարող եք շատ կարճ միջոցում վերջացնել:

Անցյալ օրը մոտս էին և երկու երևանցի երիտասարդներՇահինյաննույն խնդրով: Ես կարծում եմ շատ համակրողներ պիտի գտնեք, դուք էլ շատ պիտի ոգևորվեք և բավական էլ ուժեր ունեք:

Կսպասեմ բացմանը, և եթե հարկավոր լինի մի որևէ բանգրի: Ես արդեն վերջացած գործ եմ համարում: Եվ շնորհավորում եմ էս գլխից:

Մենք էլ ստիպված ենք մեծ դահլիճ որոնելու: Չես կարող երևակայել, թե ժողովուրդը, ինտելիգենցիա և երիտասարդություն, և աշակերտություն, ինչ հոսանք է առել դեպի ընկերությունը: Նոր ձեռնարկներ ենք անում: Հ[այոց] գրականության պատմության նյութերի ժողովածու, հայոց գրականության թանգարան, գիտական արշավանքներ դեպի մեր գավառները, հեղինակի իրավունքի պաշտպանությունը, գրական էտիկայի խնդիրը և այլն: Բաներ շատ: Ամեն քաղաքից էլ որ ձեն ձենի տանքդուրս կգա մի մեծ ձեն, հայ ժողովրդի ձենը: Սրանից ավելի լավ էլ ի՞նչ կարող ենք անել: Պակասություններ շատ կունենանք, բան չկա, սկիզբն է: Հաջողություն եմ ցանկանում լիասիրտ:

Մերոնք բարևում են:

Համբույրներով`

քո Հովհաննես

35. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

ԹիֆլիսՄոսկվա

[1915 թ. ապրիլ]

Սիրելի Ֆիլիպ.

Չեմ կարող ստել և պետք է ասեմ, որ ձեր գնալու ժամանակից ի վեր ծանր դրություն ու տրամադրություն է տիրում մեզանում: Եվ, ինչպես ասում էին մեր հները. եթե ինձանից հարցանեք, արտաքին ու ներքին հանգամանքների տխուր համերաշխության պատճառովչեմ կարող պարծենալ, թե շատ լավ եմ:

Բայց էս ժամանակին էլ ով է խոսում ներքին հանգամանքներից, երբ որ աչքներիս առաջին աշխարհքներ են շուռ գալիս:

Երեկ էլ նոր հեռագիր ստացանք, թե լայնածավալ կոտորածներ են սկսել Տաճկահայաստանում: Էն, ինչ որ ամենքս էլ սպասում էինք շարունակ, ու ինչի մասին որ սարսափից չէինք էլ խոսում: Այո՛, էսպես, թուրքը վերջին անգամ լողում է էս դժբախտ ժողովրդի արյան մեջ:

Ես համոզված եմ, որ սա վերջին ոճրագործությունը պետք է լինի էս համաշխարհային ճիվաղի, բայց թե մեզ համար էլ սոսկալի հարված կարող է լինել: Խորհրդակցություն ունեցանք վերերի հետ, հաղորդագրություններ ու կարգադրություններ եղան արտակարգ, տեսնենք ինչ դուրս կգա: Ամեն օր, ամեն օր նիստերի ենք, ջղային, հուզված, հոգնած: Էսօր էլ ահա երեք նիստ ունեմ: Սպասում եմ մի մասնաժողովի, որ գալու է մոտս խմբագրենք Գրողների Ընկերության կոչըհեռագրով դիմումը աշխարհքի գրեթե բոլոր ազգերի Գրական Ընկերություններին, մեծ թերթերին ու նշանավոր գրողներին1:

Ինձ ուզում էին ուղարկել Ռուսաստան շրջագայելու, խոսելու և նաև հանգանակության մասին հոգալու, կազմակերպելու, պիտի գայի և Մոսկվա, բայց իմ անձնական մեղքերը ինձ հնարավորություն չեն տալիս տանից շատ հեռանալու:

Ինչպես գրել էի անցյալ նամակումէս խառը ժամանակը ես էլ, ի միջի այլոց, զբաղված եմ և հայրենագիտական, և ուրիշ տեսակի խաղալիքներովասում եմ գուցե դրանով էլ մեր մանուկներին մի բանով օգնած լինենքհայանալու և մարդանալու: Բայց դժբախտաբար սարսափելի թղթի թանկություն էմանավանդ բրիստոլի կարտոնի, չենք ճարում գրեթեև դրանից էլ թանկանում են խաղերը:

Շատ ու շատ բարևներով ու համբույրներով ամենիդ`

քո Հովհաննես

36. ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ-ՀԱՅԿԱԶՅԱՆԻՆ1

ԹիֆլիսԲաքու

1916 թ. մարտի 2.

Հեղինե ջան.

Ճշմարիտ որ՝ էս վերջին մի քանի ամիսը սոսկալի ամիսներ եղան իմ կյանքում: Առաջ Վան2, հետո ամառն` էջմիածին3, նրանից հետո մի եղբորս սպանությունը, ապա մյուսի սպանությունը4, տունը կատարյալ անտերմիայն շփոթված սգավոր կանայք ու երեխաներ, մյուս եղբայրներս հեռավոր ֆրոնտներում կամ հիվանդանոցներում5, տղերքս դես-դեն ցրված ու վտանգի տակ, տանը խմբերով հիվանդէն էլ ամիսներով, վերջապես հետն էլ էնպես պատմություններ, որ իսկի գրելու բաներ չենմի խոսքով էս վերջին ամիսները գնան ու ետ չգան:

Բայց, Հեղինե ջան, շատ ճիշտ ես նկատել. անպատմելի մի վիշտ է դարձել ինքըմայրս: Սրտիցը գիժ և իրար ետևից էսքան ցավ ու կրակ: Փոքր եղբորսօֆիցերիսպանվելը թաքցրինք. մարմինը Արխավեյից6 Թիֆլիս բերինք՝ հողին պահ տվինք. գյուղը չտարանք: Որոշեցինք մորս մահից հետո տանել: Այժմ տանել ցույց տալ կամ իմացնել՝ էդ միևնույն է թե նրան էլ գնդակահար անել սպանել և կամ խելագարացնել, որ ավելի վատ է: Բայց նա մի հատկություն ունի, որ նրանից բան թաքցնել չի լինում: Նախազգացում ասեմ, նախատեսություն թե պարզատեսության. իր մոտիկներից որի հետ մի բան պատահի, որտեղ ուզում է լինի, նա արդեն վաղօրոք գիտի: Երազի ձևով լինի թե նախազգացումիգիտի: Ես էլ զուրկ չեմ էդ ընդունակությունից, և վերջին բոլոր մեզ հասած դժբախտությունները ոչ միայն օր առաջ գիտեի, այլև մերոնց ասել էի, թե էսպես բան պետք է պատահի, մինչև անգամ որոշ կարգադրություններ էի արել: Այժմ մայրս էլ հենց սպանելու օրից գիտի, որ Արտաշեսն սպանված է, շարունակ պնդում է, ապացույցներ է պահանջում, որ ցույց տանք թե կենդանի է, և շատ դժար է լինում խաբելը:

Ես էլ թեև կյանքին ու աշխարհքին շատ փիլիսոփայաբար եմ վերաբերվում և մի հաստատված խաղաղ վերաբերմունք ունեմ դեպի մահն էլ, բայց այսուամենայնիվ էս ամենը վրես շատ են ազդել: Մանավանդ ֆիզիկապես էլ շատ եմ թուլացել: Գրեթե երկու տարի է էս կոշմարի մեջ պտտվում եմ, ամառն էլ ամառանոցի փոխարեն Էջմիածնի դժոխքն ընկա, նրանից հետո էլ երեք ամսից ավել հիվանդացաիհարկե պետք է թուլանայի: Ճշմարիտն ես լսել, որ հանքային ջրերը պիտի գնայի կազդուրվելու և հանգստանալու, բժիշկները էդպես էին խորհուրդ տալիս, բայց չեղավ:

Էս երեխանց բանն էլ մի փորձանք է դարձել: Հենց Տիգրանի էստեղից դուրս գալու օրը Արտիկին կանչել էին զինվորագրության՝ ստուգելու առողջական դրությունը, իսկ Համլիկին, որ մի տարի ժամանակ էին տվել՝ բռնեցին տարան, հետն էլ պատերազմի դաշտից երկու եղբորս բերել էին հիվանդանոց: Էսպես էլ խառը դեռ մնում է ամեն բան:

Վերջապես երանելի Հոբի7 նման պիտի բացականչենք՝ օրհնված լինի աստծու կամքը: Ուրիշ ի՞նչ անենք, ամեն բան հո մեր ձեռին չի:

Հեղինե ջան, Լևոնի (Շանթի) հետ ուղարկում եմ իմ նոր տպած բրոշյուրիցՆաղաշ Հովնաթանի մասին8 ու մանկական խաղերիցՀայոց առածների խաղը: Տիգրանի9 հետ էի ղրկելու խաղերըետևից բերինք վակզալչհասցրինք: Գիրքը դուն ու Տիգրանը կկարդաք կզարգանաք, խաղն էլ Վառուշը10 կխաղա կզվարճանա: Հետո երկուսդ էլ ձեր տպավորությունն ու կարծիքը կգրեք:

Էսպես վշտի ժամանակ մարդիկ կան, որ իրենց գինուն են տալիս, մարդիկ կան թղթախաղի կամ զանազան ուրիշ առաքինություններիես էլ էս բաներովն եմ զբաղվում պարապ ժամանակս: Թե օգուտ չտան, վնաս հո իսկի չեն տալ:

Մերոնք՝ ամենքս էլ շատ ուրախացանք նամակիդ համար և Շան ու շատ բարևներ են անում քեզ ու Տիգրանին. համբուրում ենք Վառուշիկին, թեև նա շատ ու Կատվի մտերմությունը ավելի է գնահատում: Տիգրանն ի՞նչ է անում: Ես շատ եմ ուրախանում, որ ամեն անգամ նրա մասին լավ բաներ եմ լսում:

Միշտ քո՝

Հովհաննես

37. ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻՆ

ԲորժոմԹիֆլիս

1 օգոստոսի 1916, Բորժոմ

Սիրելի տիկին Զաբել.

Ստացել եմ թե՛ Ձեր նամակները, թե՛ հեռագիրը: Տեր-Անդրեասյանինը2 հանձնեցի իրեն:

Շատ ցավեցինք Ձեր հիվանդության համար, բայց հավատացած եմ, որ թեթև բան էր ու անցած է արդեն:

Իմ ընկեր Տեր-Անդրեասյանն ու ես մեծ հաճույքով հաճախ հիշում էինք Ձեզ Բորժոմի անտառներում: Նա գնաց արդեն: Թերևս ես էլ մոտ օրերս Թիֆլիս անցնեմ մի կարևոր գործով: Ձեզ կհանդիպեմմի քիչ խոսենք: Մեր Անդրանիկն էլ, իր նամակից էնպես է երևում, պետք է վերադարձած լինի Թիֆլիս3:

Պետք է խոստովանեմ, որ էստեղ նոր եմ զգում, թե ինչքան եմ ջարդված ու հոգնած թե՛ ֆիզիկապես և թե՛ բարոյապես: Եվ մի ծանր թախիծ ճնշում է սիրտս շարունակ: Շատ բան է խորտակվել ինձ համար աշխարհքում, և աշխարհքը շատ ցավերով է լցված արդեն: Շատ բան կա, որ էլ չեմ սիրում, և բաներ էլ կան, որ սիրում եմ, բայց տեսնել չեմ կարող: Օրինակ, էն օրվանից հետո, որ տեսա մորս՝ սպանված եղբորս4 դիակի վրա, և մյուս սպանված եղբորս (սպային)5 էլ թաքցրինք, որ նա չիմանա, այլևս չեմ կարողանում տեսնել նրան, իմ մորը:

Անցյալ տարի, էս ժամանակ, Էջմիածին էի6: Անկարելի է պատմել, թե ինչ էր էջմիածինը անցյալ տարի էս ժամանակ: Բայց ամիս ու կես մնացի, զբաղված էի գլխավորապես որբերով, և, հիրավի, էն ժամանակ էլ, ես և տեսնում էի, և զգում էի դժբախտության ու թշվառության ահռելիությանը, բայց միայն-հեռանալուց հետո, մանավանդ այժմ է, որ չեմ կարողանում էլ նրանց տեսնել, ինչպես և գաղթականներին առհասարակ, բայց մանավանդ նրանց, որբերին:

Տեսնելու համար հսկայական ուժ է հարկավոր, իսկ ես, ինչպես արդեն գրեցի, շատ եմ ջարդված, հոգնած ու տկար:

Իհարկե, կարող էի շատ ուրիշ բաներ էլ գրել, թերևս ավելի խոր ու խոշոր, որ տեսնեիք, թե հիրավի, չնայած իմ անսպառ լավատեսությանը և բնավորության զվարթությանը, թախիծը, որ ասում եմ, իրական է ու, ավա՛ղ, մշտական, անանց:

Մի քիչ ավելի ուժով ու աշխուժով մեր գրականության գործով է, որ կարողանում եմ զբաղվել: Կամ թերևս մեր կուլտուրայի առհասարակ:

Ձեր գնալուց հետո Թիֆլիս խորհրդակցության հրավիրեցի մի քանի ուրիշ մարդկանց, որոնք մեծ սիրով մոտեցան գործին, և խոստացան ամեն կերպ աջակից լինել գլուխ բերելու մեր գրականության և այնուհետև մեր կուլտուրայի ապահովության գործը7:

Էստեղ էլ նոր մարդիկ հանձն առան գործին մոտենալու և միանալու: Ըստ ամենայնի ձեռնհաս ու կարող մարդիկ: Էսպես, աշնանը գործ կունենանք անելու:

Անշուշտ ցավով կարդացիք, որ Թիֆլիսի ու Մուշի շրջանում ռուսները մի քիչ ետ են քաշվել: Հարկավ դա մի կարճատև նահանջ է, բայց կարդալիս մարդու սիրտ կտոր-կտոր է լինում, երբ մտածում է, թե մեր թշվառ ժողովրդի մնացորդները, ուժասպառ, հյուծված մնացորդները տակավին մնում են հրոսակախմբերի ու բանակների ոտի տակ:

Շո՛ւտ, շո՛ւտ... և աստծու անեծքը բոլոր հզորների վրա: Աշխարհքը պետք է նորոգվի: Էսպես՝ անկարելի է: Բայց նամակս շատ երկարեց: Ներեցեք, էս իմ սովորությանը հակառակ դուրս եկավ:

Գրեցեք խնդրում եմ. շատ շնորհակալ պիտի լինեմ: Ընդունեցեք մերոնց և իմ լիասիրտ բարևները:

Միշտ Ձեր բարեկամը`

Հ. Թումանյան

38. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

ԲորժոմԲաքու

1916 թ. օգոստոսի 12. 1916. օգոստ. 12, Բորժոմ.

Սիրելի Ցոլակ.

Իմ տպագրած բանաստեղծությունների մեջ ամենահինը «Շունն ու Կատուն» է, որ գրված է 86 թե 87 թվականին, լավ չեմ հիշում: Մի խոսքով՝ թվականը <տակը կլինի: Ես հիշողությունով եմ ասում1: Եվ «Շունն ու Կատուն» եթե իմ առաջին գրքում (Մոսկվայի) չկա՝ պատճառը հանգ[ուցյալ] Արասխանյանի զարմանքն է, որ նա հայտնեց ինձ 1889 թվականին, երբ տարա նոր «Մուրճ»-ում տպագրելու: Կարդաց, շատ զարմացավ և հարցրեց, թե՝ «ասացեք խնդրեմ՝ շունն ու կատու և բանաստեղծություն, սրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ, էն էլ էս տեսակ վայրենի լեզվով...»:

«Շունն ու Կատվի» հետ միասին գրվածներից է և «Անբախտ վաճառականները», բայց նա՝ դեռ չտպված՝ հիմնական փոփոխության է ենթարկվել: Ապա թե գալիս հն «Գութանի երգը», «Մարոն» և այլն2: Իհարկե, չեմ հաշվում ամենահինըէն սիրային ոտանավորը իր պատմությունով հանդերձ, որ գրված է չեմ հիշում 1881 թե 82 թվականին և մի դեպքի պատճառով մնացել էր ընկերներիս ձեռքին և հանգ [ուցյալ] Եղ. Թոփչյանը տպեց իր օրացույցի թե տարեցույցի հավելվածում3:

Ինչևէ:

Բայց հետաքրքրական է, թե ինչիդ է պետք: Եթե ամյակի խնդիր ես հարուցանելու՝ պետք է զգուշացնեմ և հայտնեմ, որ ես հանդիսավոր երդում եմ արել գրողընկերների առջև` երբեք հոբելյան չտոնել4: Էդ տեսակ բանի անուն տալ՝ կնշանակի ինձ շատ ցավեցնել, մի բան, որ գոնե քեզանից չեմ սպասում: Էն էլ էս տեսակ տարին, երբ առանց էն էլ ամենքս էլ շատ ենք ցաված, իսկ ես անչափ շատ: Վերջապես ինչ տարի ուզում է լինի: Իսկ եթե պետք է գրական մի որևէ նպատակովէս է: Էլ հարց կունենաս, աչքիս վրա: Միայն թե ղալմաղալի համար չլինի:

Մի քանի տարի առաջ էլ՝ Լեոն ուզեց խոսք բաց անի, դարձյալ «Շունն ու Կատվից» սկսելով, բայց որովհետև տրամադրությունս գիտեր՝ հարցրեց ու թողեց:

Մի քանի ամիս առաջ՝ գրած նամակդ մնաց մինչև օրս էլ անպատասխան: Եվ, լավ եղավ, որովհետև էնքան տգեղ բաներ էի գրելու, որ լավ էր՝ մնաց: (Բրյուսովի օրերից եմ խոսում): Իսկ տգեղ բաներ գրելը. ի՞նչ միտք ունի: Հիմար բան է առհասարակ:

Ես եկել եմ մի քիչ հանգստանամ և նոր եմ զգում, թե ինչքան եմ ջարդված ու հոգնած, ըստ ամենայնի: Այսուամենայնիվ մեմեն պարապում եմ: Բանաստեղծություն, իհարկե, չեմ գրում և չեմ էլ կարող: Էսքան հոգնած ու հոգնածությունից թունավորված մարդը ի՞նչպես կարող է բանաստեղծություն գրի:

Այժմ մի գործ կա ձեռքիս. Աճառյանի գավառական բառարանն եմ նայում: Ձեր ամսագրին կուղարկեմ: Մանավանդ լեզվի մասին մի քանի խոսք էլ ասելիք ունեմ5:

Շատ ուրախացա ամսագրի համար: Էդ ոչինչ, որ մերը խանգարեց6: Ավելի լավ, մենք առանց. էն էլ շատ ենք զբաղված: Մի՞թե միևնույն չի:

Էս քանի օրը մի քիչ լավ չեմ: Վախենում եմ էլի անտեր դողս չբռնի: Մի ժամանակ օխտը տարի կրակի մեջ էրվում էի, մալարիա ունեի, շատ վատ տեսակից: Չկրկնվի նորից:

Անանունը էստեղ էր, կարճ տեսնվեցինք: Իսկ Մխիթարը (Տեր-Անդրեասյան) մի քանի օր մնաց. նրանց էլ եմ ասել, գրել էլ եմ, որ կաշխատակցեմ:

Քո Հ. Թումանյան

39 ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

ԲորժոմԲաքու

1916թ. օգոստոսի 24. 1916, 24 օգ. Բորժոմ.

Սիրելի Ցոլակ.

Արամի1 ասած «Արև ու Լուսին»-ը տպված է «Աղբյուր»-ի մեջ 1890 թվականին, այսինքն գրքիս հետ գրեթե միաժամանակ, նույն տարին2: Եվ «Արև ու Լուսին»-ը իմ առաջին գրվածքը չի նույնիսկ տպածների մեջ: Տպածների մեջ ամենից հինը «Շունն ու Կատուն» է: «Արև ու Լուսնից» առաջ են գրված և «Գութանի երգը», և «Մարոն» և էլ չգիտեմ որը:

«Արև ու Լուսինն» էլ էս վերջիններիս շրջանում գրած բան է: Լավ եմ հիշում, 1887 թվականի ամառը (կարծեմ օգոստոսին) արևի խավարում եղավ, էդ մասին գրեցին, խոսեցին: Հենց էդ օրերում ես էլ «Արևն ու Լուսին»-ը գրեցի, որ անպայման անհաջող է դուրս եկել: Դրա համար էլ «Արևն ու Լուսին»-ը մնացել են առաջին հրատարկաթյան մեջ:

«Շունն ու Կատուն» գրված է 1886 թվականին, բայց անցյալ նամակիս մեջ գրած պատմության պատճառով՝3 առաջին գրքիս մեջ չմտավ: Նախքան տպվելը, որ բերանե բերան ընկավ ընկերներիս շրջանում ու հավանություն գտավ, նրանից հետո տպվեց երկրորդ գրքում4: Էլ ուրիշ ոչ մի տեղ տպված չի:

Գր. Բալասանյանի առաջ բերած Լեոյի կարծիքը, իբր թե նա ինձ անվանել է մեր բանաստեղծության ամենալավ ներկայացուցիչըես չգիտեմ, առաջին անգամն եմ լսում:

Ճշմարիտ է, Լեոն վերջին տարիներս, ինչ մոտ էինք իրար, մի քանի անգամ էդ տեսակ բաներ է ասել խոսակցության կամ քեֆի ժամանակ, և շատ տարօրինակ պատմություններ է արել. թե ինչպես է եղել, որ ինքը իմ մասին աննպաստ բաներ է գրել, ու մինչև անգամ ցույց է տվել մի տետրակ, որ նոր է գրել, իր նոր կարծիքն է, բայց չի տպվել, և տպագրված էդ տեսակ կարծիք ես չեմ տեսել ու չեմ կարդացել:

Գալով Գամառ Քաթիպայի մասին գրելիք հոդվածիդ, ես էնպես չեմ հասկանում, թե դու ժխտելու, մերժելու ես նրա խոշոր տաղանդը, այլ ուզում ես ցույց տալ, թե նա էն չի, ինչ որ կարծում են, այսինքն հայոց ազգային մեծ բանաստեղծը չի: Ես էլ եմ էդ կարծիքը հայտնել Հայ Գրողների Ընկ. մեջ Գամառ Քաթիպային նվիրած երեկույթին: Եվ կարծեմ տպվեց էլ ու մի քանիսն էլ շատ նեղացան:

Այո՛, Գամառ Քաթիպան անպայման տաղանդավոր մարդ է, բայց եթե նա քիչ է ազգային բանաստեղծ՝ էդ պակասությունը իրենը չի, տաղանդի պակասությունը չի, այլ հանգամանքների, ինչպես և իմը չի էն առավելությունը, որ ես ավելի եմ ազգային, այլ դարձյալ հանգամանքներինը:

Մի խոսքով՝ օբյեկտիվ ու հարգալից վերաբերմունքը, կիրթ գեղարվեստական ճաշակն ու առողջ գրական հասկացողությունը վերջ ի վերջո որոշելու են ամեն մեկի տեղը:

Եվ օրհնյալ են ամենքն իրենց տեղը:

Բայց մի բան ինձ շատ զարմացրեց: Էդ ի՞նչ ոտանավոր է, որ ես ղրկել եմ Գամառ Քաթիպայի արձանի բացմանը: Իսկի միտս չի: Շատ է հավանական, որ հիմար բան լինի: Ինչ որ է, մյուս անգամ եթե ուղարկես, շատ շնորհակալ կլինեմ: Միայն էնքանն եմ հիշում, որ շատ էին զոռ անում, թե պետք է մի բանով շնորհավորես, իսկ թե ես ինչ արի, չեմ հիշում5:

Շահազիզի հոբելյանին6 էլ ընկերներս զոռո արին: Ուզում էի միայն հեռագիր տալթե չէ՝ նամակ կամ ոտանավոր գրի: Ես էլ մի նամակ գրեցի: Բայց հոբելյանական անպատասխանատու շնորհավորական շուշխունաները մի կողմ թողած՝ որ Շեքսպիրի ասածի նման, ավելի շատ փայլ ունեն՝ քան ջերմություն, իմ կարծիքը Գամառ Քաթիպայի մասին էն է, ինչ որ իր ժամանակին գրել եմ Վեսելովսկուն7:

Վերջապես:

Վաղըմյուս օրը Թիֆլիս ենք գնալու: Գրադարանս շատ եմ կարոտել: Լավ բան է: Թեև չեմ կարողանում կարդամ, բայց շարունակ էնպես է թվում, թե էն բոլոր լավ-լավ գրքերը մեծ մարդիկ են, հենց իրենք հեղինակներն են չորս կողմս շարված ու անվերջ զրույց ենք անում:

Առայժմ ցը:

Տղերանցը շատ ու շատ բարևներ:

Քո Հովհ. Թումանյան

40. ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻՆ1

ՊյատիգորսկԲաքու

1917 թ. օգոստոսի 11.

Մեծարգո պ. Աճառյան

Ձեր՝ Թիֆլիս ուղարկած նամակը երկար ճամփորդությունից հետո հասավ ինձ:

Պատասխանը արդեն գրել եմ Ն. Նախիջևան, բայց, ինչպես երևում է, Դուք արդեն հեռացած եք եղել Ն. Նախիջևանից:

Էսօր էլ ստացա Ձեր երկրորդ նամակը Բաքվից և շտապում եմ սրան էլ պատասխանել:

Դուք Ձեր երկրորդ նամակում հարցնում եք Հայկական համալսարանի մասին:

Հայկական համալսարանը լինի, թե չլինի՝ Ձեր խնդիրը ես համարում եմ վերջացած: Հայկազյան Ընկ.2 միայն համալսարանի համար չի, այլև նա իրենց կողմնակի պաշտոններից ազատելու է մեր գիտության, գրականության ու գեղարվեստի մարդկանց (հարկավ ոչ ամեն մեկին) և նրանց հնարավորություն է տալու, որ իրենց գործով ու իրենց մասնագիտությունով զբաղվեն: Էդ մարդիկ պետք է ընտրվեն աշնանը, բայց էն շատ քչերից մեկը, որոնց մասին խոսք է եղել և որոնց վիճակը նախորոշված է՝ դրանցից մեկը Դուք եք:

Ձեր առաջին նամակն ստանալուն պես Ձեր մասին գրել եմ Թիֆլիս և դեռ պատասխան չունեմ մեր նախագահից ու մարմնից (ժամանակավոր), բայց մասնավորապես ես կարող եմ Ձեզ վստահացնել, որ Դուք արդեն Հայկազյան Ընկ. ընտրած գիտնականներից մեկն եք և աշունքից ազատ պիտի զբաղվեք Ձեր մասնագիտությամբ:

Սրա միայն պաշտոնական ձևակերպությունն է մնում: Անցյալ տարի առաջին նամակն էլ, որ Ձեզ գրեցի, գրեցիք հիմնադիր անդամների համաձայնությունով ու լիազորությունով:

Էս մեկ:

Երկրորդը: Համալսարանի գործն էսպես եղավ: Մի քանի նիստ ունեցանք պրոֆ. Մառի ջերմ մասնակցությամբ, կազմվեց Հայկական համալսարանի իդեալ ծրագիրը, որոշվեց աշնանից բանալ լեզվական, գրական ու պատմական ֆակուլտետները, բայց երբ խնդիրը եկավ պրոֆեսորներին՝ հայտնվեց, որ պրոֆեսուրա չկա: Որոշվեց՝ փոխանակ համալսարանը բանալու՝ առայժմ մեր գիտության մարդկանցից ոմանց հնարավորություն տալ Հայկազյան Ընկ. միջոցներով՝ Ռուսաստան թե արտասահման՝ պատրաստվելու առաջիկա համալսարանի համար: Էստեղ էլ դարձյալ Ձեզ ինկատի ունենք:

Վերջապես Ձեզ ինկատի ունենք նաև էն խմբի մեջ, որ կազմված է լինելու մեր գիտնականներից ու բանասերներից և որին առայժմ Հայկական Ակադեմիա բարձր անունն ենք տալիս:

Ինչպես տեսնում եք, ինչ էլ որ լինի՝ Դուք այսուհետև պիտի Ձեզ նվիրեք հայոց լեզուն ուսումնասիրելու և հավաքելու գործին, մի գործ, որի մեծությունը Դուք ամենից լավ գիտեք, և մի գործ, որի համար Դուք, եթե չեմ սխալվում, անփոխարինելի եք մեր մեջ:

Մշտական հարգանքով՝

Հովհ. Թումանյան

Առայժմ իմ հասցեն.

Пятигорск, Провал28

41. ՀԱԿՈԲ ՍԱՌԻԿՅԱՆԻՆ1

ԹիֆլիսՎլադիկավկազ

[1919 թ. փետրվար]

Իմ սիրելի Տեր Հակոբ.

Մեծ ցավով կարդացի նամակդ2: Տեր Հակոբ ջան, գուցե թե ուրիշ օրերում էնքան խոր չհասկանայի քո վիշտը, ինչքան էս օրերում, երբ աչքերս դեռ չեն ցամաքել որդուս կսկծից3: Եվ եթե գիտես, կամ թե չգիտես, գուցե զգում ես, թե ինչքան ջերմ զգացմունքով եմ դեպի քեզ, թերևս դրանով էլ չափես, թե ինչքան կցավեի քեզ համար ու քո որդու համար:

Սասունիկը էս րոպեիս մեզ մոտ է: Ես նրանից շատ եմ դժգոհ, որ էնքան հաճախ չի լինում մեզ մոտ, ինչքան ես կուզենայի, բայց հիացած եմ նրա վրա, թե ինչքան ինտելիգենտ և ազնիվ մարդ է և ինչպես բարձր հոգիներին վայել հանգստությամբ տարավ իրեն վիշտը:

Երկար պետք է գրեի, բայց ժամանակ չեղավ, եկան խանգարեցին: Բանն էն է, որ էս երկու օրը իմ ընկերներն ու բարեկամները մի աղմուկ սարքեցին. թե ինչ է՝ լրանում է քո հիսուն տարին: Ակամայից ընկա հոբելյանի մեջ, որից էնքան շատ էի վախենում: Եվ ահա, երկու շաբաթ է մի ցուցակ են դրել գրպանումս, թե ամեն օր որտեղ եմ լինելու: Այժմ ես էլ մի տեսակ թամաշավոր եմ դարձել և զարմանում եմ երկու բանի վրա, մեկ՝ թե ինչքան կենսունակ է մեր ժողովուրդը և բնավ հուսահատվել չգիտի իր շատ խորհրդավոր ճանապարհին, մեկ էլ՝ թե ինչքան զորեղ է ժողովուրդների մեջ համերաշխության ու եղբայրության զգացմունքը: Հենց նոր մոտս էր մի պատգամավորությունհայերից, ռուսներից, վրացիներից, թուրքերից ու հրեաներից և հատկապես նրա համարոր ես եղբայրություն ու համերաշխություն եմ սիրել:

Ջերմ բարևներ մերոնցից, համբույրներով՝

քո Հովհ. Թումանյան

42. ԴԱՎԻԹ ԿԼԴԻԱՇՎԻԼՈՒՆ1

Թիֆլիս

1920 թ. փետրվարի 15, Թիֆլիս

Իմ տաղանդավոր եղբայր Դավիթ.

Ժողովուրդների մեծությունը հայտնվում է իրենց հոգևոր կուլտուրայի մեջ: Եվ ամեն մի ժողովրդի մեծության առաջին նշանը իր գրականությունն է:

Վրաստանը՝ թե հնում, թէ նոր ժամանակներում՝ իր գրականությունով միշտ եղել է հառաջադեմ ժողովուրդների շարքում:

Դուք, իմ պսակավոր եղբայր, եղել եք էն ընտրյալներիդ մինը, որոնք նույնիսկ մայրենի լեզվի ու գրականության հալածանքի օրերում բարձր են պահել վրացի ժողովրդի հոգևոր կարողության դրոշակը:

Մեծ երջանկության է Ձեզ համար, երբ էսօր ազատ Վրաստանն է համբուրում Ձեր բարձր վաստակավոր ճակատն ու օրհնում իր արժանավոր որդու աշխատանքս:

Վրաստանի ամեն մի ուրախ տոնը կենդանի արձագանք է տալիս եղբայրակից հայ ժողովրդի սրտում և վրացի գրողի հաղթանակի տոնը ուրախության օր է հայ գրողի համար:

Էս զգացմունքով համակված՝ էսօր Ձեր գրական գործունեության երեսնամյակի հոբելյանին, ես, որպես Հայ Գրողների Ընկերության Նախագահ՝ թե Ընկերության կողմից և թե իմ կողմից ցնծագին ողջունում եմ և լիասիրտ մաղթում եմ, որ ավելի երկար ու ավելի բարձր թնդացնեք վրաց ազնիվ ցեղի սրտի խոսքը՝ Ձեր մայրենի ժողովրդի մեծության և ընդհանուր լուսավորության ու եղբայրության համար:

Կեցցե՛ գեղեցիկ Վրաստանի գրականությունը:

Կեցցե՛ մեր եղբայրը՝ Դավիթ Կլդիաշվիլին:

Ձեզ խորապես հարգող

Հովհ. Թումանյան

48. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

ԹիֆլիսԵրևան

1920 թ. դեկտեմբերի 18.

Աշխեն ջան, Մուշեղ ջան և Համլիկ ջան.

Հիմի էդտեղ երևի ինձ շատ եք հիշում, այսինքն իմ հոդվածները, որ գրում էի և ասում, որ մեր փրկությունը Ռուսաստանից է եղել և Ռուսաստանից էլ պիտի լինի:

Մենք, այսինքն մեր կառավարությունը, ցույց տվեց իր կատարյալ ապիկարությունն ու սնանկությունը ամեն կողմից: Ճշմարիտ է, ամբողջ երկու տարի ես հայհոյում էի ամեն մեկին իր երեսին, բայց բանից դուրս է գալիս նրա տասներորդական մասն էլ չեմ եղել իմացած, ինչ որ կատարվելիս է եցել և ինչ որ այժմ պատմում են իրենքփախած պաշտոնյաները:

Վերջապես դարձյալ Ռուսաստանի ձեռքով. էն էլ նոր, ազատ Ռուսաստանի: Իհարկե, դեռ անցողական դրություն է, հեղափոխական շրջանկարող են կոշտություններ պատահել, բայց էս ժամանակամիջոցը կանցնի, կարգի կգա և ամեն բան շատ լավ կլինի:

Մուշիկն1 էլ երևի ձեզ մոտ է: Զարմանալի բան էամենքին էլ խնդրել էի, որ էդ երեխի ջութակը տան իրեն բանտում, ամենքն էլ խոստացել են, և բանից դուրս է գալիս տված չեն եղել: Համբուրեցեք իմ կողմից և ասեք հիմի հեշտությամբ կարող է գլուխ գալ, թող գնա Ռուսաստան կատարելագործվելու, չէ որ ափսոս է:

Следующая страница