Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Նա ունեցել է խոր հավատ ու հարգանք դեպի իր գրիչը, գրելը համարել է մի սրբազան արարողության, գրիչ առնելիս կարողացել է վերանալ, և նրա բանաստեղծական աշխատանքն էլ եղել է միշտ վեհ, իդեալական, մաքուր, մանկական:

Նա երբեք ընկճված չի եղել հոգով և որտեղ հայտնվել է, իր հետ տարել է երիտասարդական թարմություն և բանաստեղծական ոգևորության: Նա ոգևորվել է ամեն բանով, ինչ որ լավն է, գեղեցիկ է:

Եվ նրա հրճվանքն ու զայրույթը միշտ եղել են անկեղծ, սրտալի: Դրա համար էլ նրան շատ են սիրել, սիրել են նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք երբևիցե սխալ են համարել նրան:

Սակայն, այսօր երբ պետք է փառաբանել նրա 40 տարվա գործքերն ու գրվածքները և նրանց վրա ուրախանալ, ես մի տարօրինակ վշտով ափսոսում եմ նրա այն գործքերն ու գրվածքները, որ մնացին անկատար: Քանի-քանի անգամ նա ոգևորված պատմել է այդ գրելիքների մասին: Երկար տարիներով սիրած-փայփայած հերոսներ ու գաղափարներ, միշտ պայծառ, միշտ բարի ու սիրուն...

Եվ մի՞թե բոլորը կմնան ծրագիրներ:

1905

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է: Իր մեջ ոնի պահած շատ ավանդություններ: Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոյր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից: Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ սա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում:

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր: Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը: Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով: Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն: Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող:

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր: Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար: ՄայրսՍոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում, — մի «գիժ պախրի կով»: Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորաթյանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին: Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը: Շատ է պատահել, որ մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը:

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ որևէ հոգևոր երգ:

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին: Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում:

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ:

— «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի», — ասավ մայրս: Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի: Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է: Սկսեցի զրույց անել: Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին:

Տիրա՛ցու ջան, բա ի՛նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես, — խնդրեց մայրս:

Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՛նչ պետք է ասեմ, — հայտնեց տիրացու Սհակը:

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ: Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը:

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»: Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում: Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը:

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի: Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը ետ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում... Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք` ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա: Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից: — «Արի՛», — դուրս էր կանչում վարժապետը հետևյալին...

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»: Եկավ:

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»:

Նա էլ կրկնում է ՝«Ասա՛ այբ»:

Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»:

Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»:

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի: Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա: Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում: Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում: Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում: Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են:

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ: Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել:

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել: 10-11 տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի1 վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ: Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներերգիծաբանական, հայրենասիրական և սիրային: Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս: Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգո՛ւս հատոր,
Սրտի՛ս կըտոր*,
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՛նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում:

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին: Չե՛մ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում:

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին: — 1888թ. ամուսնացել եմ: Ծառայաթյան եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել, այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղի՛ղն եմ ասել: Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտընրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում: Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը:

1907

ԱՆԿԵՂԾ ՉԵՆՔ

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:

Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից. և ահա -ժողովուրդները իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:

Այդպես պիտի լիներ մարդը, ևս առավել այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:

Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:

Եվ հանկարծ... դուք տեսնում եք... Նա խաղ է անում, դերասանություն է անում:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՛րքան դերասաններ ունի...

Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:

Ահա սա՝ ներկայանամ է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու...

Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալի, թե սիրում են:

Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծնում նրա վրա ու շինում են իրենց էշը:

Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարքը քանդվի:

Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողովուրդն այսպես է կամենում...

«Ժողովուրդը մեզ հետ է... ժողովուրդը ձեզ կդատի... Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ...»:

Այդ հերիք չէ դեռ: ժողովուրդն էլ են կեղծում:

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:

Տեսե՛ք, ժողովուրդը մեզ հետ է:

Դե եկեք, ու ջոկեցեք իսկականը կեղծիքից: Եվ ո՞վ պիտր ջոկի, ե՞րբ, ո՞ր մի տեղը...

Կեղծի՛ք ու խաչագողություն՝ ամեն օր, ամեն տեղ, ամեն տեսակի:

Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես...

Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա:

Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ:

Նրա ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը:

ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔ

Ասպետական զգացմունքը պակասում է մեր մեջ: Մեր մարդը սիրում է խեղճությունն ու լացը և զարդարվում է նրանցով: Եթե ուզում է մեկին էլ հարգանք ցույց տա, նրան էլ ճգնում է ցույց տալ խեղճ ու ողորմելի: Այս տգեղ հատկությունը մեծ չափով հանդես եկավ հանգ<ուցյալ> Պռոշյանցի թաղման օրը:

Բաց գերեզմանի եզերքին աշխատում էին վեր հանել վիպասանի փառքն ու տաղանդը և... մինը գոռում էր, թե նա ածուխ էր վաճառամ, մյուսը աղաղակում էր, թե նա դռնե դուռն էր ընկած, երրորդը նրա ընտանիքը նմանեցնում էր «ցիգանի ընտանիքի», չորրորդը հավատացնում էր, թե նա մերկ էր, հինգերորդը ողբում էր, թե սոված էր, իհարկե, վեցերորդին էլ մնում էր եզրակացնել, որ այդ բոլորից նա մեռավ...

Ապա լալկանության ու հառաչանքի ողորմուկ ձայնը, սովամահի ու մերկության ողբը տարածեցին ամբողջ գրականության վրա. էլ ապրողների «թշվառ վիճակը», էլ մեռածների «դողդողացող ուրվականները»... այնտեղից էլ մամուլի մեջ. «երկու կոպեկը» ձեռքին Րաֆֆին, անկոպեկ Արծրունին...

Ընչի նման է այս. այս խեղճ ու անճարակ աղմուկը, որ ամեն անգամ բարձրանում է այս կամ այն գրական մարդու դագաղի վրաայսքան սուտ և այսքան տգեղ ու վիրավորական միանգամայն:

Ես ճանաչում եմ գրեթե բոլոր հայ գրողներին: Նրանք ընդհանրապես, ոչ թե մերկ ու սոված չեն լինում, այլ մինչև անգամ վատ չեն ապրում: Այո՛, նեղություններ են քաշում:

Բայց ո՞վ չի նեղության քաշում իր մսանավոր կյանքում: Զարմանալի կամ զարհուրելի ի՞նչ կա այստեղ:

Ահա և Պռոշյանցը: Մեռավ: Ո՞վ է ասում, թե նա քաղցած էր կամ մերկ: Ով որ էլ լինիսուտ է ասում: Իսկ թե եղել է այս կամ այն պաշտոնինինչ կա արտասվելի: Եղել է թեմական տեսուչ, ուսուցիչ, լուսանկարիչ, վերջապես ամենասոսկալին, մի քանի օրով, ի միջի այլոց, ածուխի առուտուր է սկսել և տեսել է օգուտ չի անում, թողել է: Այդ հո չի նշանակիլ, թե նա սոված էր կամ տկլոր: Ուրեմն դուք ինչ կարծիք ունեք էն մարդկանց վրա, որոնք մի որևէ պաշտոն ունեն կամ մի առուտուր են անում: Ամենավատ դեպքում Պռոշյանցն էլ կամեցել է առուտուր անի: Ի՞նչ անենք: Նույնիսկ էն ժամանակ էլ, երբ և՛ Ներսիսյան դպրոցում ուսուցիչ էր, և՛ թոշակ ուներ, և՛ հոբելյանից ստացած հազարներն էին ձեռքին, նա մի երկու առուտուր փորձեց ու վնասվեց, թողեց: Այդ մի՞թե կնշանակի, թե նա թշվառ էր, մերկ ու քաղցած: Ո՜չ, միայն մի ձեռնարկություն սխալ ու ձախորդ:

Ո՛չ, սոված ու մերկ չեն հայ գրողները: Եթե այդպես եք կարծում, կարող եք հանգիստ լինել: Դժբախտությունն այդ չի, այլ այն, որ գրականությունը ապրուստ չի տալիս գրողին, ինչպես մի երկուսն էլ, ի միջի այլոց, նկատեցին իրենց ճառերում, և գրողը իր եռանդն ու ժամանակը կորցնում է ապրուստի վրա, ճիշտ այնպես, ինչպես առհասարակ մարդիկ, ու չի կարողանում պարապել գրականությամբ, եթե պարապում էլ էի միջի այլոց:

Այս արդեն ուրիշ խնդիր է: Եվ, այո՛, մեծ դժբախտություն է մի գրականության համար: Եթե սրանից եք խոսումխոսեցեք: Գրողի ու նրա ընտանիքի համար էլ այստեղ վիրավորական բան չկա: Ընդհակառակը. մենք գնահատում ենք գրողի տաղանդն ու չենք ուզում, որ այդ տաղանդը նա տանի ծախսի ու մաշի ապրուստի վրա, այլ կարողանա տալ մեզ այն, ինչ որ բարձր է ու գեղեցիկ և ինչ որ մենք չունենք: Մենք ուզում ենք քեզանից ստեղծել մի լավ գրող մեզ համար, մեր ժողովրդի համար: Թեկուզ այնպես, ինչպես այսընչին ղրկում ենք համալսարան, որ գա մեր մեջ մեզ համար լավ բժիշկ լինի, լավ ինժեներ, լավ ուսուցիչ:

Սրանից եք խոսումխոսեցեք: Չեք արել, ցավո՞ւմ եքցավեցեք: Չե՞ք ցավումայդ էլ ձեր բանն է:

Բայց վեր կենալ, մարդու դագաղի վրաէլ սոված, էլ տկլոր, էլ ցիգան...

Ամո՜թ է վերջապես:

Չեք կարողանում գրականություն ու գրող պահել այդ հերիք չէ, այժմ էլ պետք է խնդրել, որ ճառեր չասեք նրանց վրա, երբ որ մեռնում են:

1908

ՀԱՑՈՑ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈԻԹՅԱՆ ՀԻՍՆԱՄՅԱԿԸ

1858 թվականին Թիֆլիսում Ներսիսյան դպրոցի տպարանից դուրս եկավ աշխարհաբար մի գիրք «Վերք Հայաստանի, Ողբ Հայրենասերի» վերտառությամբ, շարադրություն Խաչատուր Աբովյանի: Այս այն երջանիկ գիրքն է, որ հայոց նոր աշխարհիկ գրականության առաջին հիմնաքարն է ընդունված: Եվ ահա այս տարի լրանում է այդ գրքի տպագրությանհայոց նոր գրականության սկզբնավորության հիսնամյակը: Մի հոյակապ առիթ՝ մի մեծ համազգային տոն կազմելու, վերարծարծելու, կենդանացնելու շատ նվիրական զգացմունքներ ու գաղափարներ, որոնցով ոգևորվել է, այո, ժողովուրդը, և մի ընդհանուր հաշիվ տեսնելու այն գեղեցիկ երկերի ու գործերի, ինչ որ կարողացել է տալ հայի հանճարը էս հիսուն տարում: Գուցե կարելի կլիներ և արժանավայել ձեռնարկություններով հավերժացնել հայ մտքի այդ տոնընորանոր ուսումնարաններ ու գրադարան-ընթերցարաններ բանալ, կենտրոնական համազգային գրադարան կամ թանգարան հաստատել, կամ հիմնել հայոց գրական ֆոնդը, նրանով միանգամ ընդմիշտ վերացնել ամեն մի գրողի հոբելյանին փող հանգանակելու սովորությունը և հոբելյանները վերածել զուտ գրական տոների:

Անշուշտ կլինեն և շատ ուրիշ ձեռնարկությունների առաջարկներ, գուցե և հարկավոր չի դատվիլ կամ գլուխ չի գալ այս ձեռնարկություններից ոչ մինըայսուամենայնիվ պետք է կատարել այդ մեծ տոնը, որ ինքնըստինքյան կունենա բարոյական ահագին նշանակություն և համատարած հայ ժողովրդի ընդհանուր ոգևորության, լավագույն հիշողությունների ու պայծառ հույսերի օրը կլինի: Այդ տեսակ օրեր շատ չեն լինում ժողովուրդների կյանքում: Պետք է տոնել:

1909

ՈՉ-ԳՐԱԿԱՆ ՈՉՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏ

«Մեղմ ու բարի լինելով՝ դու ասում ես մեղավոր չեն նրանք իրանց չնչին գոյությունով: Իսկ նրանց նեղ հոգին մտածում է. մեղք է ծանրացած ամեն մի մեծ գոյության վրա»:

Նիցշե

Աշխարհքում մի մարդ կա, անունը Ռ. Դրամբյան: «Մի դիպվածով» էդ Ռ. Դրամբյանի ձեռքն են ընկնում իմ կազմած և իշխանուհի Մ. Թումանյանի հրատարակած մանկական պատկերազարդ գրքույկները: Կարդում է «Ծիտը»: Բարեբախտաբար միայն էս մեկը: Պարոնը սուր հիշողություն է ունենում: Հիշում է, որ դա վերցված է Ս. Հայկունու առակներից1: Համեմատում է: Տեսնամ է նույնն է «բառացի»: Կարդում է «Լուսաբերի» հեքիաթներից2նույն բանը... Մտածում է. ահա թե ինչով են «մեծանում» մեր «հեղինակություն ու դիրք ձեռք բերելու տենչով տարված գրագետները...». ինչով են փառք վաստակում ու գումարներ դիզում...

Մաղձը շարժվում է մարդուկի ներսը, տեսնում է «շանտաժ», «ժանտախտ» ու բարձրանում է անխնա «հարվածելու կծու խայթիչ լեզվով»: Առանց ձեռքը դողալու, առանց զգալու, առանց տատանվելու գրում է «Գրական մեծությունները բանագող», նոր սերունդին բոյկոտի է հրավիրում նրանց դեմՄշակ» № 162) ու քիթը սրբում, աչքերը ճպճպացնելով վեր է կենում գնա իր սովորական ճանապարհը, որտեղից եկել էր «դիպվածով»:

Ո՛չ, կանգնեցեք, գրական մեծություններ սանձահարող անսանձ փոքրություն: Էստեղ տվեք ձեր ականջներն ու կանգնեցեք մեր առջև: Էսպես: Ես ճանաչում եմ ձեզ: Դուք մի որևէ Ռ. Դրամբյան չեք: Դուք մինը չեք: Դուք շատ եք: Դուք տիպ եք: Դուք էն պստիկ, մաղձոտ ու մութ հոգին եք, էն հավիտենական անկոչ պրոկուրորը, որ ամեն տեղ, ուր կերևա, միայն «դիպվածով» լսած լինելով մի բան, դատում ու դատապարտում է ամեն գործ ու գործիչ, առանց ճանաչելու, առանց ամաչելու: Դուք էն անհոգի, տափակ ընթերցողն եք, որ կարդում է, պարապությունից ու «դիպվածով» ձեռքն ընկած մի քանի տողով, առանց խոր ու լուրջ նայելու, առանց հասկանալու, տգետ ու թեթև սկսում է քննադատել ու «հարվածել», և առանց հասկանալու էլ շպրտում է բառերը, — շանտաժ, ժանտախտ, բանագող... թեկուզ և դեմը կանգնած լինի մի գրական մեծություն:

Կանգնեցեք ձեզ հասկացնեն, որ եթե մի մարդու ասում եք գրական մեծություն, զգույշ պիտի լինեք նրա դեմ գրական կռվի դուրս գալիս, ճանաչեք ձեր չափը ու չհամարձակվեք մյուս անգամ էլ էդպես ստահակորեն հոխորտալով ու բերաններդ շաղ տալով ծառս լինել մի այլ գրական մեծության դեմ:

Ո՛վ Դրամբյան:

Դուք էնքան տգետ եք, չեք էլ իմանում, որ հեքիաթները գրական մարդիկ չեն հորինում, այլ առնում են ժողովրդականը ու պատմում: Եվ շնորհքը հենց էդ պատմելու մեջն է, որ իմանան ինչը փոխեն, ինչը դուրս գցեն, ինչը պահեն, ինչ լեզվով, ինչ ոճով ու ինչպես պատմեն, որ և գեղեցիկ դուրս գա և ժողովրդականի համն ու հոտը չկորցնի:

Էսպես է, ո՛վ հայոց գրողներին «կրթող» Դրամբյան: Եթե ես առած լինեի նույնիսկ Ս. Հայկունու գրքից, դարձյալ կմնար իմ արածն օրինավոր ու անպարսավելի: Սա է էն ուղիղ ճանապարհը, որով հոսանք պետք է տալ, ներս քերել առողջ ժողովրդական ստեղծագործությունները և ուժեղ, հարուստ, կենդանի լեզուն:

Դուք էդ չեք հասկանում, հերիք չէ, դեռ դրա հետ էլ սուտ եք ասում, խաբում եք մարդկանց, իբր թե ես իմ պատմած «Ծիտը» վերցրել եմ Հայկունու գրքից: Էն էլ «բառացի»: Եվ մինչև անգամ երեսն եք ցույց տալիս: Դե այժմ աչքներդ բաց արեք, նայեցեք ձեր ցույց տված երեսին: Ես գրել եմ «Ծիտը», Հայկունին «Աշըղ Այհլորը»: Իմ ծտի ոտը փուշ է մանում, Հայկունու այհլորը փուշ է գտնում: Իմ ծիտը տեսնում է պառավը փետի է ման գալի, ուզում է թոնիրը վառի, փետ չունի. Հայկունու այհլորը տեսնում է պառավը թոնիրը վառում է, չի կպչում: Իմ ծիտը գնում է տեսնում հովիվն անհաց է կաթ ուտում. Հայկունու այհլորը տեսնում է հովիվը «պտըտուրը» փրդել է կաթնի մեջ, էնպես է ուտում: Իմ ծիտը տեսնում է հարսանիքում մսացու չունեն, որ մորթեն. Հայկունու այհլորը տեսնում է շուն են մորթել: Իմ ծիտը հարսը տալիս է աշուղին, ինքը դատարկ ետ գնում. Հայկունու այհլորը հարսը փոխում է «ճունգուլի» հետ: Նրա այհլորը տալիս է աշուղի աչքը հանում, իմ ծիտն էդպես բան չէ անում: Հայկունու հեքիաթի ուղիղ կեսը կրկնություն է, իմ հեքիաթում չկա: Իմ պատմածի ծտի երգը Հայկունու վարիանտում չկա: Վերջապես Հայկունու հեքիաթը նրանով է վերջանում, որ այհլորը հարսին տանում է տիրանում: Իսկ իմ ծիտը բոլորովին մնում է դատարկ, մինչև անգամ ձեռի սազն էլ երգելիս վայր է ընկնում կոտրվում ու դատարկ էլ թռչում է, գնում:

Մի քանի տող հեքիաթ և էսքան տարբերություն: Եվ հեքիաթն էլ հենց ամբողջովին կազմված է սրանցից: Դեռ լեզուն էլ թողնենք մնա:

Ասեք, խնդրեմ, դիպվածական պարոն, սրա՞ն եք ասում՝ «նույն պատմությունն է բառացի»: Սրանո՞վ եք եկել բանագող հռչակելու հայոց (ահա թե որտեղ է դժբախտությունը) գրական մեծություննե՞րը: Սրա համա՞ր եք հայոց թերթերում նոր սերունդը բոյկոտի հրավիրում իմ դեմ:

Եվ էս դեռ էն է, որ ասում եք՝ «բառացի» եմ վերցրել, իսկ եթե մյուսներին գամ, որ նույնիսկ ձեր ասելով «փոփոխված են» կամ «ոտանավորի վերածած», ի՞նչ կտեսնեք: Բայց սրանից հետո, որքան էլ դուք Դրամբյան լինեք, գլուխներդ պետք է մտնի, որ ոչ թե չեմ օգտված Հայկունու վարիանտից, այլ իմն ու նրանը միանգամայն տարբեր վարիանտներ են: Նրա հերոսը իր գտածն է տալի, իմը իր ցավը, նրա հերոսը հարսի տեր է դառնում, իմը մնում է դատարկ: Եվ նրա վարիանտը ես չեմ էլ հավանում, սխալ եմ համարում:

Էդ պրծանք: Հիմի էս ասեք, ես ե՞րբ եմ էդ հեքիաթը հրատարակել որպես «ինքնուրույն աշխատություն», ո՜վ լուրջ քննադատ Դրամբյան:

Բաց արեք «Լուսաբեր» 1907 թ. ա. տարի, էջ 96. տպված է սև տառերով սպիտակ թղթի վրա՝ «ԾիտըԺողովրդականից»: Էլ ի՞նչ եք ուզում: Այնուհետև իշխ. Թումանյանի հրատարակությամբ պատկերազարդ տպված է 2400 օրինակ, իսկ 50,000 անգամ, ամենաքիչն եմ ասում, լրագիրներում ու առանձին թերթիկներով հայտարարված է, թե հա՛յ, հարա՛յ, իմացեք ողջ աշխարհն ու բոլոր Դրամբյաններդ, որ էս գրքույկները կազմած են Հովհ. Թումանյանի ինքնուրույն գրվածքներից ու ժողովրդականից առած նյութերից: Էլ ի՞նչ անեինք, ով Դրամբյան, էլ ի՞նչպես վարվեինք, որ ազատվեինք ձեր «լուրջ կրիտիկայից»:

Եվ տեղն է եկել, թող ասեմ: Գրեթե բացառապես ես, եթե ժողովրդական մի նյութ եմ մշակում, միշտ էլ հիշատակում եմ ու շեշտում, թե տեսեք, որ «ժողովրդականից է»: Բայց չէ՞ որ էս մինչև անգամ ավելորդ է, և սովորաբար էսպես չեն անում, նախ, որովհետև արդեն փոփոխված է, երկրորդ, ամեն խելքը գլխին մարդ, էն նույնիսկ ռամիկը, գիտի, որ հեքիաթը, առակը կամ լեգենդը էս մարդիկ չեն հնարում, չեն ստեղծում, այլ պատմում են, և հերիք է եթե սկսում են՝ «լինում է, չի լինում», կամ գրում են՝ հեքիաթ, առակ, լեգենդ: Արդեն պարզ է: Դրա համար էլ ուղղակի գրում են՝ «Հեքիաթներ Ղ. Աղայանի», «Հեքիաթներ Ս. Քամալյանի», «Волшебные сказки Перро», «Норвежские сказки Андерсена», և այլն, և այլն: Եվ մինչև ձեր ծնվելն ու «դիպվածով» հոդված գրելը դեռ էս աշխարհում չէր հայտնվել մի խելոք, որ կարծեր, թե էդ մարդիկը բանագողներ են, թեև միշտ առել ու մշակել են ժողովրդական նյութերից, որ տպված են էս կամ էն ազգագրական ժողովածուների մեջ:

Հենց ինքներդ ընչի դեմ որ խոսում եք, նրանից ավելի հեռուն եք գնում: Դուք, ո՜վ «ամենախիստ» Դրամբյան, ձեր հոդվածում հայ ժողովրդական առակները անվանում եք «Ս. Հայկունու աշխատություններ...»: Աշըղ այհլորը անվանում եք «Ս. Հայկունու առակը...», չնայելով որ նա, գոնե ինձ նման, չի կազմել զանազան տեղերից ու վարիանտներից ու չի մշակել, այլ անփոփոխ վերցրել է ժողովրդինը, և մինչև անգամ էն էլ իսկի ինքը չի գրի առել, այլ բառացի, ինչպես կա, արտագրել է ուրիշի ժողովածուից: Ջափա քաշեքեք, կարդացեք հենց ձեր բաց արած երեսը (17), Աշըղ այհլորի տակը, տպած է. «Խոյեցոց մանկական առակներից. Հայթաղ գյուղի բարբառով. գրի է առնված Հարություն Ավչյանի ժողովածուեն»:

Արդյոք հասկանո՞ւմ եք ինչ եք անում և կամ կարո՞ղ եք հասկանալ, ո՛վ Դրամբյան: Նրան իր արտագրածի համար ասում եք Ս. Հայկունու աշխատությունը, իսկ ինձ իմ կազմածի ու պատմածի համար՝ բանագող...

Բայց դեռ կացեք ցույց տամ, որ դուք էդ անհույս կուրության ու անհատակ տգիտության հետ միաժամանակ և իսկի տեղեկության չունեք էն առարկայից, ընչից որ խոսում եք:

Թողնում եմ, որ իմ չարաբաստիկ «Ծիտը» և «Լուսաբերի» մյուս հեքիաթները գրված են շատ առաջ, «Լուսաբերի» ձեռագրի հետ միասին գտնվում էին ցենզորի մոտ և գիրքը տպելու թույլտվություն էր ստացված, որ Հայկունու առակները դուրս եկան: Թողնում եմ մի կողմ, որ ես լոռեցի եմ ու էն գլխից, ոչ «դիպվածով», սիրել և հետաքրքրվել եմ հեքիաթներով, լեգենդներով, առակներով, և շատերն անգիր գիտեմ դեռ մանկուց: Էդ բոլորը թողնում եմ մի կողմ: Ներքև նայեցեք, բեխաբար պարոն, որ զարմանքով տեսնեք, թե էդ հեքիաթներից քանի-քանի վարիանտներ տպված են եղել Հայկունու գրքի դուրս գալուց ու ձեր տխուր ծագումից տասնյակ տարիներ առաջ:

Համեցեք Ծըտի կամ Աշըղ Այհլորի վարիանտները.

1) «Վարժարան», մանկավարժական ամսագիր, 1883 թ. № 6. Էջ 77, Ճուտիկը. Ա. Մեհրաբյան:

2) Գ. Տեր-Աղեքսանդրյան — «Թիֆլիսեցոց մտավոր կյանքը». 1885 թ. Էջ 412, Ծըտի վուտի փուշը, թիֆլիսեցոց բարբառով:

3) «Հայ ժողովրդական հեքիաթներ», Տիգրան Նավասարդյանի, 1894 թ. 8 գիրք, Էջ 63, Կորսված աղջիկը. Խրիմու բարբառով:

4) «Сборник материалов для описания места, и племен Кавказа», № 32, «Воробей», ннгилойск. сказка.

5) Նույնը, էջ 106, «Лиса и пшеничное зерно», греческ. сказка.

6) Сб. 33, Проказы лисы. Имеретинок, ск.

7) Рудченко. Лисичка сестричка. Малорусск, сказка.

Եվ այլն: Եվ այլն: Հասկանո՞ւմ եք, ով միայն Հայկունին «դիպվածով» տեսած Դրամբյան:

Հիմի դուք Չախչախ թագավորը տեսեք, որ ասում եք Հայկունու Թոզոտ բեկն է3, մի վարիանտ, որ անպայման անաջողներիցն է:

1) «Հայ ժողովրդական հեքիաթներ», Տիգրան Նավասարդյանի, 1890. 6 գիրք, Չախչախ թագավոր, Վանի բարբառ:

2) Тюлки вэ Чак-чак-бек, татарск. сказка, в стихах. Султан Меджвд Ганиев. 1894.

3) Сб. Мат. [ериалов]. Царь Грушь, кюринск. сказка.

4) 13, Лисица, армянск. сказка.

5) Сб. 19, «Лиса и мельник», имеретинская сказка.

6) Сб. 27, «Лесной человек и ког», ск. терск. казаков.

7) Сб. 28, «Лисица и пастух», армянская сказка.

8) Сб. 29, «Старая хлеб-соль не забывается», чеченская сказка.

9) Сб. 35, «Лиса и Армуданбек», татарск. сказка.

10) Афанасьев, «Козьма скоробогатый», русск. сказка.

11) Он-же, «Бухтан Бухтанович».

12) Сб. св. о кавк. горцах, «Букучи хан», аварск. сказка.

13) Волшебные сказки Перро. «Кот в сапогах», франц. ск.

Հերիք է՞ր արդյոք: Մյուսներն է՞լ կուզեք...

Եվ կրկնեմ, որ Հայկունու վարիանտները պատկանում են անաջողների շարքին: Բայց էս բոլորից արդյո՞ք մի բան եք հասկանամ, ով գրական մեծությունների դաստիարակ Դրամբյան:

«Լուսաբերից» եք խոսում: «Լուսաբերը» կազմելու համար մենք ամենալայն կերպով օգտվել ենք ժողովրդական նյութերից և պիտի օգտվենք միշտ, որքան էլ կծու լինի Դրամբյանը ու խայթիչ: Էն էլ ոչ միայն մեր ժողովրդականից ենք օգտվում, այլև օտար աղբյուրներից՝ ռուսական, ֆրանսիական, գերմանական, լեհական, բայց մանավանդ անգլիական ու ամերիկական, հարկավ, մեր ինքնությանն ու մեր մտածողության եղանակին հարմարեցնելով:

Հեղինակի անունը հիշում ենք, եթե մի ուրիշ հեղինակից ենք վերցրել նույնությամբ, ինչպես, օրինակ, կտեսնեք տպած՝ Ամիչիս, Մամին Սիբիրյակ, Շիլլեր, Գյոթե, Անդերսեն: Եթե փոփոխած կամ վերապատմած է ըստ Ամիչիսի, ըստ Մամին Սիբիրյակի, որ կտեսնեք ձեր բարի աչքով:

Գալով ժողովրդականին, նույնպես բոլորի դիմաց նշանակում էինք «ժողովրդական» կամ «ժողովրդականից»: Բաց արեք «Լուսաբերի» 1907 թ. Ա. տարվա ցանկը և կտեսնեք: Բայց հետագայում խմբագրությունը, ինչ-որ փոփոխված է, իր իրավունքը չհամարեց անվանել ժողովրդական ու վարվեց էնպես, ինչպես ամբողջ աշխարհքն է վարվում՝ միայն զուտ ժողովրդականի դեմը թողնել «ժողովրդական» բառը:

Եվ ահա էսպես, ո՛վ հայոց գրականության խուզարկու Դրամբյան:

Ինչպես տեսնում եք, ժողովրդական նյութերը՝ հեքիաթները, լեգենդները, առակները, երգերը, անեկդոտները թափառում են գավառից գավառ, երկրից երկիր, լեզվից լեզու, ազատ, անպասպորտ: Եվ իսկի մի զարմանաք, որ Ս. Հայկունու գրքից դուրս էլ նրանց հանդիպում եք էսքան շատ վարիանտներով կամ հենց նույնությամբ, մանավանդ նույն երկրում, նույն ժողովրդի մեջ: Մի՛ զարմանաք ու մի՛ զայրանաք, ով Դրամբյան:

Տեսնո՞ւմ եք, ես «դիպվածով» չեմ զբաղվել էս գործով: Տեսնում եք, Հայկունու գրքից առաջ էլ ինչքան նյութ ու քանի վարիանտ եմ ունեցել ձեռիս տակ, և ես ավելի զգույշ ու լուրջ եմ վերաբերվել մի «ծըտի», քան թե դուք մի «գրական մեծության»: Դարձյալ մի՛ զարմանաք, ով Դրամբյան, այլ հասկացեք, հենց էստեղ է տարբերությունը «մեծության» ու «ոչնչության»:

Следующая страница