Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Ես էլ շատ եմ ցավում, ով քնքուշ Դրամբյան, որ Հայկունին մեռավ հետին չքավորության մեջ, ինչպես մեռան Րաֆֆիները, Գամառ-Քաթիպաները, ու դէռ շատերը պիտի մեռնեն էս փուչ աշխարհքում: Էդ ճշմարիտ է. բայց, հավատացնում եմ, հանգուցյալը նրանից չմեռավ, որ ես «Ծիտը» գրեցի... Ահա տեսեք, ինձանից ու Հայկունուց ուղիղ 26 տարի առաջ Ա. Մեհրաբյանը նույն հեքիաթը գրել է «Վարժարանի» մեջ...4

Ի՞նչ անենք, ով Դրամբյան, ծաղիկը դրած է մեջտեղը և նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն:

Էդ ժողովրդական նյութերը անհիշելի ժամանակներից անհուն ու անսպառ, փռված են մեջտեղը. ինչո՞ւ չէիք օգտվում, ով Դրամբյան: Եվ եթե օգտվողի դեմ խոսելու էդքան ախորժակ ունեք, ինչո՞ւ ավելի մեծ բանից չեք խոսում, քան թե «Ծիտն» է: Մի Սասունցի Դավիթ... քանի ժամանակ էր բանահավաքները Մոկաց մութը լեռներից բերել էին ձեր առջևը ձգել: Բացատրում էին ու հիանում: Սակայն ձեզ համար ու ձեր երեխաների համար նա գոյություն չուներ ու չկար: Չէ՞ որ նույն ժողովրդական նյութն եմ վերցրել ու միայն պատմել, կամ ինչպես դուք ասում եք, «վերածել ոտանավորի», և էն էլ աշխատել եմ որքան կարելի է «բառացի», ժողովրդականին հավատարիմ. ուրիշ ոչինչ:

Ո՞րտեղ էիք, ո՛վ Դրամբյան: Հիմի համեցեք, երբ որ «բառացին» էդքան հեշտ է, հմայիչ, հեղինակի կոչում է տալի և գումարներ է դիզում: Ահա, փռված են...

Բայց ոչ, ձեզ չի տված՝ ոչ եղածը վերցնելու շնորհքը, ոչ ստացածը գնահատելու առաքինությունը, այլ համբակի թեթևամտությունը և տափակ, փոքրիկ հոգու մաղձն ու թույնը:

Եվ զուր եք կարծում դուք, դուք ու բոլոր ձեզ նման Դրամբյանները, թե ես իմ էդ գործերով շատ եմ ինքնագոհ ու մեծ բաներ եմ համարում: Մեծ բաներ են, այո՛, բայց ոչ ձեզ համար և ձեր խելքը հազիվ թե «Ծտին» էլ հասնի, իսկ ինձ համարերբեք:

Արդյոք հասկանո՞ւմ եք, ի՛նչ եմ ասում, ով լուրջ կրիտիկոս Դրամբյան:

Վերջացնենք:

Այո՛, «Ս. Հայկունին մեռավ հետին չքավորության մեջ, ինչպես մեռան Րաֆֆիները, Գամառ-Քաթիպաները, Մուրացանը, Պարոնյանը և ուրիշները»: Լա՛վ. բայց դրա համար իմ դե՞մ եք ղալմաղալ անում, ո՛վ դուք մեռելների սիրահար ու կենդանիների թշնամի Դրամբյան, ո՛վ, ամեն շնորհքի հավիտենական ոխերիմ Դրամբյան, ամեն բարի աշխատանք ուրացող, ամեն ազնիվ ու գեղեցիկ գործի չարախոս ու չարակամ Դրամբյան, և, ավա՛ղ, անվերջ, անմահ Դրամբյան:

Ցավում ու գովում եք մեռելներին: Վաղն, էլ, անկասկած, կգովեք և ինձ. ինձ, որից, էսօր, հորդորում եք մանուկ սերունդիներես դարձնի: Կգովեք: Բայց գիտե՞ք, թե ձեր գովասանքը ձեր հայհոյանքից ինչքան ավելի ծանր է ու գարշելի, ինչպես և զզվելի է ձեզ հետ վիճելը:

Եվ էս. պատասխանը գրերից առաջ ես վարանքի մեջ էի. — լռեմ ու բանագողությունն ընդունեմ ինձ վրա, թե՞ պատասխան տամ սրան. երկուսից ո՞րն է ավելի տգեղ ու, անպատվաբեր: Եվ, անշուշտ, ձեզ հետ վեճի բռնվելը շատ ավելի տգեղ է ու անպատվաբեր, բայց պատասխանեցի, որովհետև, ինչպես արդեն ասել եմ, դուք մեր կյանքում, դժբախտաբար, «սովորական երևույթ» եք, թեև միաժամանակ միանգամայն ոչնչություն:

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄՈՒԹԻ ՄԵՋ

Շուլավերցի իմ մի բարեկամը մի անգամ ինձ հետևյալ պատմությունն արավ.

Բեհբութովի կռվի տարին1 Ղարս տանող ռազմական ճանապարհը մեր գյուղովն էր անցկենում: Զորանոց չկար, և մեր գյուղում գիշերող զորքը բաժանում էին գյուղի վրա, ամեն մի տան մի կամ մի քանի զինվոր էին տալի պահելու:

Երեխա էի: Մի իրիկուն մեծ ախպերս հանդիցն եկավ, կրկենի արավ (բաղարջ), գցեց կրակը: Կրակի չորս կողմը կտրած նստել ենք, սպասում ենք կրկենուն, մին էլ տեսնենք քյոխվեն մի զինվոր բերեց, թե գիշերը պետք է պահեք: Ինչ ասել գուզի, շատ սիրով ընդունեցինք, շոր գցեցինք տակը, կրակի մի կողմն էլ նա նստեց: Դե լեզու չգիտենք, բան չգիտենք: Հիմի հերս չիբուխ է քաշում, մերոնք էլ զրուց են անում, թե ինչպես ռուսն եկավ մեր երկիրը խաղաղություն գցեց, ու օրհնում են ռուսին, ռուս թագավորի թախտը, ռուս սալդաթին...

Հենց էս ժամանակը սալդաթը տեղիցը վեր կացավ, էն կողմից կասկարենքը վեր կալավ բերեց, որ գցի կրակին, թաղած կրկենու վրա:

Ախպերս վրա թռավ կասկարենքը էն կողմը հրեց, աղաղակելով.

Բրա՛տ, կրկենի՛, կրկենի՛...

Զինվորն, իհարկե, բան չհասկացավ, նեղացավ, մի քանի խոսք փնթփնթաց. էն էլ մենք չհասկացանք, ու կրկին կասկարենքը բերեց դեպի կրակը: Ախպերս դարձյալ հրեց դենը: Նա քանի բերեց կրակին, սա հրեց դենը, և սրանց մեջ սկսվեց մի լուռ կռիվ: Հասավ էնտեղ, որ բռնեցին ու սկսեցին իրար քաշքշել: Բայց էդ միջոցին կարող էր կրկենին այրվել, ու մենք հանեցինք մոխրի տակից: Զինվորն էս որ տեսավ, «ա՛...» բացականչեց ու հանգստացավ, ախպորս օձիքը թողեց, իր տեղը նստեց: Նորից կրակն իրար արինք, նա էլ իր «կատյոլը» դրեց վրեն, մենք էլ, ինչով կարող էինք պատվեցինք: Թյուրիմացությունը դուրս եկավ մոխրի տակից. կռիվը վերջացավ սիրով, ու սիրով էլ առավոտը բաժանվեցինք, օրհնանքով ճանապարհ դրինք դեպի կռվի դաշտը:

Այժմ ամեն անգամ, երբ խոսք է լինում մեր «սեպարատիզմի» մասին ու քաշքշում են մեզ զանազան լրագիրներում, հրապարակներում, կամ ամեն անգամ երբ ժողովուրդները, կամ ավելի ճիշտը, ժողովուրդների անունով խոսողները իրար օձիք են բռնում ու ատելությունը բորբոքում մարդկանց սրտերումմիտս է գալի էս կրկենու պատմությունը ու մտածում եմ. անկարելի բան է, որ էս մարդրկը էսքան վատ ու չար լինին, անշուշտ սրանք ինչ որ ասում են, էնպես էլ կարծում են և թյուրիմացության մեջ են: Մանավանդ հաճախ պարզ տեսնում եք, որ, հիրավի, վատ մարդ չի իսկի:

Իհարկե, գոյություն ունին տարաձայնության և իրական պատճառներ, բայց երբ մոտիկ ծանոթանում եք գործերին ու հանգամանքների խորն եք նայում, ափաշկարա տեսնում եք, որ դժբախտության գլխավոր պատճառը թյուրիմացությունն է, իրար չճանաչելն ու իրար չհասկանալն է:

Թյուրիմացությունը, անգիտությունը, անծանոթությունը մի մութը դրություն է. իսկ ամեն չար բան մութիցն է ծնում: Մթության մեջ կասկածում ենք ամեն շարժումից, վախենում ենք իրարից, մեր վախը իրար հաղորդելով՝ վախով վարակում ենք ավելի մեծ բազմություններ, դարձնում ենք մի ահռելի երևույթ, մի հիվանդոտ դրություն, ուր ամենափոքր առիթից սուտ ու սխալ ծնունդ են առնում հրեշավոր առասպելներ ու հեշտ էլ դառնում են իրար թշնամի ամբողջ ժողովուրդներ: Այնուհետև կուրանում ենք իրար լավ կողմերը տեսնելու, խլանում ենք առողջ, բարի խոսքի հանդեպ, դառնում ենք հակամետ ամեն չար բանի հավատալու, հետևելու, և էդ տեսակ ժամանակները դուրս եկող ամեն մի սրիկա կարող է խաղալ ժողովուրդների ճակատագրի հետ:

Նորանցյալ թուրք-հայկական ընդհարումները2 հոյակապ դաս ու օրինակ են մասսայական էս հիվանդ հոգեբանության: Երկար տարիների խեթ-խեթ հայացքները, ցեղական շահերի անունով բորբոքվող պայքարները, թշնամական երգերն ու կասկածելի փսփսոցները մարդկանց, ժողովուրդների հոգու մեջ ամբարվում են ժամանակի ընթացքում մի սև օր պայթելու՝ զարմացնելով բոլոր միամիտներին, թե էս ի՞նչպես եղավ և ո՞րտեղից էր:

Եվ ինչպես երեխաները՝ ինչ էլ որ անեն, սիրում են մեղքը գցել ուրիշի վրա ու իրենց արդարացնել, որովհետև ինքնաքննադատության ուժն ու ճշմարտությունն ասելու գիտակցությունը չունին, էնպես էլ ամբոխներն ու ամբոխամիտ մարդիկ գտնում են մի շեյթան... ա՛, շեյթանն էր, թե չէ ի՞նչպես կարելի էր, որ իրենցից էդպես բան դուրս գար...

Խաբում են իրենց, հանգստացնում են իրենց վրդովված խղճմտանքը ու գնում են դեպի նոր ընդհարումներ:

Ինչո՞ւ:

Որովհետև գնում են նույն հին ճանապարհով, նույն հին ձևի պայքարներով, նույն հին երգերով թե դումայի մեջ, թե մամուլի էջերում, թե զեմստվոյի շուրջը, թե ուսանողական շրջանում... միշտ ատելություն բորբոքելով ու հետզհետե գրավելով ավելի մեծ բազմություններ ու ավելի մեծ տարածություններ: Եվ զարհուրելի է, երբ մտածում ես, որ մեծ մասով էդ բոլորն առաջանում են իրար լավ չճանաչելուց, իրար չհասկանալուց, թյուրիմացությունից:

Ո՛վ թյուրիմացության դժոխային մութը, որի մեջ մարդիկ միշտ իրար աչքի հրեշներ են երևում, որի խավարչտին արգանդում լուռ, թաքուն հղանում ու հասունանում են աղետները...

Միտս եկան դարձյալ թուրք-հայկական ընդհարումները և մի երջանիկ դեպք:

Էդ ժամանակ լոռեցիները մի ընդհանուր որոշում էին արել՝ ինչ ուզում է լինի, իրենց շրջանում պահպանել խաղաղությունը: Եվ որովհետև տեղի թե վարչական, թե զինվորական մարդիկ էլ շատ սիրով վերաբերվեցին ու ամեն կերպ նպաստեցին, հնարավոր եղավ վերականգնել խանգարված խաղաղությունը և ստեղծել մի եղբայրական կապ հարևան ժողովուրդների մեջ: Մոտեցան, բացվեցին, և մի օր էլ, երբ հավաքված էին մի տեղ զանազան ազգության մարդիկ ու սրտաբաց խոսում էին իրար հետ, վեր կացավ մի պատկառելի ռուս մարդ ու էսպես խոսեց.

Պարոննե՛ր, հայեր ու թուրքեր, էսօր, երբ ամեն բան պարզ է ամենքիս համար, ես ներողություն եմ խնդրում ձեզանից էն կասկածի համար, որ տարել եմ թե մեկիդ և թե մյուսիդ վրա, ենթադրելով, թե ձեր մեջ մի բան կա Ռուսաստանի դեմ... Թուրքերն էլ հայտնեցին, թե ընդհակառակը, իրենք էին կարծում, թե ռուսները միացած էին հայերի հետ ու նրանց օգնում էին իրենցմահմեդականների դեմ: Իսկ հայերը պատմեցին, թե իրենք կասկածում էին, որ ռուսների համակրությունը թուրքերի հետ է իրենց դեմ: Ապա թե դուրս եկավ, որ հույն գյուղերն էլ վախեցել էին, թե իրենց դեմ մի բան կա...

Պարզվեց, որ ամենքն էլ թյուրիմացության մեջ են եղել, թշնամական զգացմունքներով դեպի իրար, և ինչ ասեք, որ չէր ծագիլ սրանից, և ի՛նչ հեշտությամբ:

Էս ամենը մի՞թե բան չսովորեցրին մեզ: Մի՞թե դեռ ժամանակը չի, որ իրար մոտենանք, ճանաչենք, ներենք, սիրենք:

Մեզ չի ճանաչում ռուսը, բայց մի՞թե մենք ճանաչում ենթ նրան: Մեզ չեն ճանաչում մեր հարևանները, բայց մի՞թե մենք նրանց ավելի ենք ճանաչում:

Մի՞թե մենք լավ ենք ծանոթ ռուս մարդու սրտի բարաթյանն ու պարզությանը, վրացու հոգու անկեղծությանը, թուրքի ասպետականությանը: Ահա թե որ կողմից պետք է մոտենալ ժողովուրդներին, անկեղծ ու բաց սրտով: Եվ երբ էսպես կմոտենանք նրանց թեկուզ հասարակ մարդուն, ավելի շատ բան կգտնենք հարգելու, սիրելու, քան երբ նախապաշարված մոտենում ենք նրանց մեծ մարդկանց: Հարկավ նրանք էլ մեր վերաբերությամբ: Ինչ որ լավ բան է լինելու, լինելու է սիրով, իսկ սրովերբե՛ք:

Էս տեսակետից պետք է սրտալի ողջունել Մոսկվայում կայացած էն միությունը, որ իրեն նպատակ է դրել ազգերի մերձեցումը խաղաղ կուլտուրական հողի վրա, պետք է արձագանք տալ, ծավալել ու ճյուղավորել ամեն տեղ, ուր սիրում են ժողովուրդների համերաշխությունն ու խաղաղությունը:

ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ

Մեր մեջ հոբելյանները համաճարակի կերպարանք են առնում: Հոբելյան են տոնում ու հոբելյանի են պատրաստվում ամենքը թե՛ արժանավոր, թե՛ անարժան ու միշտ էլ հրավիրում են ազգի ընդհանրությունըմասնակցելու: Տարեցտարի բազմանում են էդ «համազգային» տոները և փառաբանությունների ցանկն ու ցուցակն էլ զարգանում ու մեծանում է հետը մի շատ ինքնուրույն տգեղությամբ:

Հարգելու մարդիկ կա՞ն. շատ գեղեցիկ: Տոնելու գործեր կա՞ն, գանք հրճվանքով ու երգերով: Բայց օրինակ պետք է առնել հասկացող ժողովուրդներից, հենց թեկուզ մեզ մոտիկ ռուսները, տեսնենք նրանք ինչպես են անում: Եթե նրանք էլ մեզ նման հոբելյաններ կատարեին, տարեկան մի քանի տասնյակ հազար հոբելյան պիտի տոնեին. և ամեն մեկի հոբելյանն էլ եթե դնեին ամբողջ ռուս ժողովրդի առջև ու հորդորեին, հրավիրեին, թե եկեք պսակելու, փառաբանելու էս ինչ գրողին, դերասանին, խմբագրին, գյուղատնտեսին, ուսուցչին, քահանային և այլն, և այլն, երևակայո՞ւմ եք, թե ի՛նչ ազգային աղետի բնավորություն կարող էր առնել: Եվ եթե ամեն անգամ ամեն մեկի հոբելյանին հավաքվեին ու ճառեին, թե դու ես որ կաս և քեզանով է որ մենք կանք, քեզանից է սկսվում ամեն բան և զանազան համեստ հաց ուտողների մեծ ու հանճար հռչակեին աշխարհքովը մին, երևակայո՞ւմ եք, թե ի՛նչ հոյակապ մասխարություն էր լինելու:

Նրանք էլ են հոբելյաններ տոնում, բայց, ամեն մեկին իրեն շրջանում: Մին էլ կարդում եք լրագիրներում, թե էս ինչ գրական, հասարակական կամ քաղաքական գործչի հոբելյանը տոնել են էս ինչ շրջանում: Ուրիշ բան է, եթե նա կունենա էն տեսակ մի մեծություն, օրինակ մի Տոլստոյ, որի գլուխը երևում է ամեն աշխարհից, որի հոբելյանն էլ, տոնելու եթե խնդիր լինի, ուզենան էլ, չեն կարող պարտակել մի որևէ շրջանում. և վերջապես նրան կարող էր, այո՛, համայն ռուս ազգը գալ պսակելու աշխարհքի առջև ու աշխարհքի հետ և ասել՝ քեզ պսակելով, պսակում եմ ինձ՝ ռուս ազգի ամբողջությունը, քեզ տոնելով՝ ռուսական հոգու, ռուսական հանճարի հաղթանակն եմ տոնում:

Ժողովուրդը եթե չի հասկանում, հասկացողները էնքան խղճմտանք պետք է ունենան, որ նրա անհասկացողությանը ի չարը չգործածեն ու նրա տգետ գլուխը դարձնեն պատվանդան իրենց համար արհեստական բարձրություններ ստեղծելու և տխուր շփոթություն՝ արժանավորի ու անարժանի, գեղեցկի ու տգեղի, լավի ու վատի:

Շատ է տգեղ: Օրինակ առնենք ուրիշներից:

ՄԵԾ ՑԱՎԸ

Անցյալները խոսեցինք էն մասին, թե մեր հարևան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք էլ նրանց ու հաճախ ընկնում ենք ցավալի թյուրիմացությունների մեջՀորիզոն40)1:

Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն: Մենք մեզ էլ չենք ճանաչում:

Երկիր ունենքչենք ճանաչում, պատմություն ունենքչենք ճանաչում, ժողովուրդ ունենքչենք ճանաչում, գրականություն ունենքչենք ճանաչում, լեզու ունենքչենք իմանում:

Մտածում ենք. ի՛նչ մեծ պակաասթյուն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով ինչքան բան չգիտենք: Չէ՞ երկիրն է իր «առանձնահատկություններով», որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել:

Պատմություն ունենքտգետ ենք: Եվ դժբախտաբար դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք, թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ինչ ենք եղել, ինչ ենք արել, ինչու և ինչպես, ինչ օրով, ինչ ճանապարհով ենք էստեղ հասել:

Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում սկսած իրենից: Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի Աստուծո ընտրյալ ժողովուրդ, «12 խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխը»2, և կույր ազգասիրական տենչով բռնված չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի՝ հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով, մի վիճակ, որ հաջող քառյակով ծաղրել է հանգ<ուցյալ> Ռ. Պատկանյանը, թեև ինքն էլ ազատ չէր էդ պակասությունից:

«Հայկ ու Նապոլեոն մի գռոշի համար
Սաստիկ թունդ խոսքեր ասացին իրար.
Հայկն ուներ հրացան, Նապոլեոնն աղեղ.
Ո՞վ հաղթեց. — անշուշտ մեր Հայկը ահեղ»3:

Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հոգևորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրորդը ասում է սոցիալիստ է...

Եվ մինչև էսօր չիմացանք ու չգիտենք, թե ինչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է Ուրարտվի հին արձանագրությունների կողքին աչքերն արցունքով ու վշտով լիքը:

Հապա գրականությո՞ւնը:

Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի. և սակայն քանի՞ հոգի կգտնեք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում երկինք են հանում, կամ պախարակում ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք ծանոթ չի, կարդացել չի, էստեղից մի կտոր, էնտեղից մի բրդուճ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ որքա՞ն գրական տգիտություն, ի՛նչ կոպիտ ճաշակ, ի՛նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի՛նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչև գերեզմանի եզերքը, մինչև թաղման օրը: Իսկ գծծիությո՞ւնը... Ամբողջ նոր գրականության արժեքն ի՞նչ է, գիտե՞ք: Անշուշտ չգիտեք, — մի 100 ռուբլուց էլ պակաս: Ամբողջ գրականության արժեքը... Եվ քանի՞ մարդու տան կգտնեք ամբողջ ժողովրդի մեջ... Հայը սովորաբար ցավում է փողը ծախսելիս, բայց գրքի տալի՛սէդ ծախսը ուղղակի չի հասկանում, մանավանդ երբ գրքի գինն էլ մի ռուբլուց ավել է:

Լեզուն հո... գրականության մեջ անկազմ ու անկերպարան, մամուլի մեջ աղքատ, ողորմելի մի երկու երեք հարյուր բառերի չոր ու ցամաք շարան, շատ անգամ էն էլ ծուռն ու սխալ: Մի քիչ կրթված տուն ենք մտնում, ներողություն են խնդրում, որ հայերեն չգիտեն, կամ թե չէ ամենալավ դեպքում, եթե գիտեն, շարունակ լսում եք «նրա մոտ ձայն չկա... հրացանից արձակեցին... Ձեզ կարելի՞ է ուտել... (Вам можно кушать?)» ու նման մարգարիտներ:

Էսպես է դրությանը, և եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ինչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը ինչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ և ինչ հարգանք հենց դեպի իրեն: Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք որպես առանձին ժողովուրդ չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը:

1910

ՁԵՎՆ ՈՒ ՀՈԳԻՆ

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքըձևը և ներքին իմաստըհոգին: Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է: Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու: Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում:

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառըեկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի:

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ:

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք: Եվ եթե նա ավետարանը փչացնիոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ: Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում:

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ:

Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ: Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի: Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի:

Կհարցնեք.

Ձեր գեղումն ուսումնարան կա՞:

Հա՛:

Քա՞նի աշակերտ կա մեջը:

Աշակերտ չկա. էս մի քանի տարին և այլն:

Մի խոսքով գլխավորը պատերն են:

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ...

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսակներ են ծախվում ու դերասաններ են խաղում.

Իսկ դերասան կնշանակիբեխերը վեր արած մարդ...

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը:

Էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիսի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը: Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին: Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն:

Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա:

Փող և սեփական շենք:

Նույն ռեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ: Փող տվին, բայց նա կրկին մեռնում է: Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրենազնվականների թատրոնի շինությունը: Բայց նա էնտեղ էլ կմեռնի:

Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու: Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև...

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը: Թարս եք հասկանում: Ահա պարզենք: Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից:

Ճշմարիտն ասեմ, «Մշակի» եթեներից, բայցերից ու այսուամենայնիվներից պարզ բան չհասկացա, բայց եզրափակում է.

«Եզրափակելով մեր խորհրդածությունները՝ ընդգծում ենք, որ հայ թատրոնական գործը պահանջում է կազմակերպչական գործունեության բարվոքում և միևնույն ժամանակ նյութական ապահովություն, որպեսզի նա կարողանա թե՛ դերասանական ուժերի գրավման, թե՛ ներկայացումների կազմության և թե՛ ղեկավարական գործի ուժեղացման համար անհրաժեշտ ծախքերը հոգալ բավարար կերպով» («Մշակ» № 5)1:

«Հորիզոնը» հարայ է կանչում.

«Օգնեցե՛ք. հայոց թատրոնը մեռնում է... այն բեմը, որի շնորհիվ է միայն, որ մենք ունենք Սունդուկյաններ... բայց նա պիտի ապրի, եթե մենք ուզում ենք ապրել... նա պիտի ապրի... իբրև մեր գրականությանը կենդան նյութեր հաղորդող հիմնարկություն» («Հորիզոն» № 5):

Հիմի դուք «Սուրհանդակին» ականջ դրեք.

«Այո՛, թատրոնն էլ մեռնում է մեզանում, ինչպես և մեռնում են մեր բոլոր կուլտուրական հիմնարկությունները, և մեռնում են միմիայն այն պատճառով, որովհետև հայ ազգը տրամադիր է ինքն իրեն ոչնչացնելու, ոչնչացնելու մինչ այն աստիճան, որ իր հետքն անգամ չի ուզում թողնել»: Ասում է՝ «մեր հոգեբանությամբ և մեր գործելակերպով ապրող ազգեր ներկայումս շատ քիչ, համարյա թե չկան, իսկ հնումը թեև եղել են, բայց նրանք էլ ոչնչացել են», և սրա նման զարհուրելի բաներ: Բայց որովհետև ոչ հայոց ազգն Էդպես տրամադրություն ունի, ոչ էլ ինքն է էդպես կարծում, այլ միայն հենց էնպես էր ասում, շարունակում է. «Սակայն դա դեռևս չի արգելում այսօր էլ համախմբվել և խորհրդակցել հայ թատրոնի մասին, այն թատրոնի, որը գեղարվեստի աշխարհին տվել է հանճարներ...»: («Սուրհանդակ» № 53)2:

Էս մտքով էլ ճառեր են խոսել Դրամատիքական Ընկերության ընդհանուր ժողովին, որ իսկապես մի ներկայացում էր և էս սեզոնի ամենահաջող ներկայացումը մուտքի տեսակետից:

Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ: Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում: Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ: Էլ չեն մտածում թե բոլորովին հակառակն է եղելՍունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ: Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք: Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը: «Հորիզոնի» հենց նույն համարում պ. Էլբեն պատմում է, որ լավ դերասանները հեռացել են, որովհետև նրանց չաղ ռոճիկները կրճատել են: Հետաքրքրական է, թե ի՞նչ կնշանակի էստեղ չաղ բառը: Մյուս կողմից էլ, ասում է, Դրամատիքական Ընկերությանը չի կարողացել կանոնավոր վարձատրել այն հայ հեղինակներին, որոնք աշխատել են թատերական ինքնուրույն ու թարգմանական գրականության համար:

Լսում ե՞ք՝ ի՛նչ են ասում:

Իսկ ես դրա վրա կավելացնեմ: Դրամատիքական Ընկերությանը ուրիշները փող են տվել, որ մրցանակ տան լավ թատերական գրվածքին: Նրանք հավանություն գտած պիեսին, անուն ունեցող գրողներին զլանում են ամբողջ մրցանակը տալ, կեսն են տալի, որ կարծեմ 150 ռուբլի է: Կավելացնեմ, որ Շիրվանզադեի, Ահարոնյանի և մյուսների պիեսները խաղում եք շարունակ ու իրենց, դրամատուրգներին թողնում զուրկ, բողոքավոր: Կավելացնեմ վերջապես, որ հայոց թատրոնը, այսինքն թատերական գրականությունը խրախուսելու համար տրված գումարը ծախսել եք, կարծելով թե դուք եք թատրոնը և էդ թատրոնն է, որ հյութ է տալի գրականությանը, ոչ թե գրականությանը, որ հյութ է տալի թատրոնին:

Էդպես էլ դերասանների վերաբերությամբ: Տաղանդավոր, ջահել մարդիկ են երևում, տարիներով քաշ են գալի էդ կիսամեռ բեմի կուլիսներում, մաշվում, փչանում, և դեռ մինչև էսօր հոգ չի տարված նրանցից մեկն ու մեկի վրա: Բայց ի՞նչ եմ ասում, չեք էլ մտածել, որ նրանցից շատ շատերը մինչև անգամ կարգին հայերեն չգիտեն ու մինչև օրս էլ սրվակին սրիկա են ասում:

Թատրոնն էս է, պարոննե՛ր, իսկ դուք պատերին եք նայում: Եվ ձեր էս սխալը ծանրանում է ավելի ևս, որ դուք ձեր խնամած էդ հիմնարկությունն անվանում եք հայոց թատրոն, մինչդեռ դա միայն Թիֆլիսի, էն էլ Թիֆլիսի մի փոքրիկ մասի թատրոնն է, իսկ հայոց թատրոնն էն կենդան թատրոնն է, որին դուք լավ չեք վերաբերվում:

ՄԻ ԵՐԿՈԻ ԽՈՐՀՈԻՐԴ ՄԵՐ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՄԱՄՈԻԼԻՆ

Էս մի քանի տողով ձեզ, մեր գավառներում լույս տեսնող թերթերին դիմելով, մեր լեզվի ու գրականության առողջ զարգացման համար, ձեր լուրջ ուշադրությունը հրավիրում եմ հետևյալ խորհուրդների վրա.

Առաջինը. դուք ապրելու եք ժողովրդի մեջ, ժողովրդի համար և խոսելու եք նրա հետ: Ի՞նչ լեզվով եք խոսելու. շատ կարևոր խնդիր է: Դուք այժմ խոսում եք գրական կոչված լեզվով, էն լեզվով, որով խոսում են Թիֆլիսի ձեր մեծ քույրերը: Բայց իմացած եղեք, որ էս լեզուն աղքատ, չոր ու ցամաք բառերի մի տերողորմիա է, անոճ ու անկենդան: Մի՛ շփոթվեք սրա քաղքենի հավակնոտությունից ու գովասանքից և անտես մի՛ անեք կամ վերևից մի՛ նայեք էն գավառների կենդանի բարբառներին, որոնց մեջ դուրս եք եկել գործելու: Էդ բարբառներից ամեն մինը ավելի շատ ուժ ու կենդանություն ունի իր մեջ, քան մեր եղած գրական լեզուն: Սա դեռ չի կազմակերպված և չի էլ կազմակերպվելու, մինչև որ մեր ժողովրդի լեզուն իր բոլոր դաշտերից, սարերից ու ձորերից կենդանի վտակներով կգա միանալու սրա մեջ և բոլոր բարբառները հանդես բերեն իրենց գանձերը: Այժմ դուք փոխանակ էս բնական ու առողջ ճանապարհով գնալու, հակառակ կգնաք և փոխանակ ժողովրդի լավը մեզ տալու, մեր սխալներն ու դատարկ, ողորմելի ֆրազները կտարածեք նրա մեջ: Ես չեմ ասում զուտ բարբառով գրեցեք ձեր հոդվածները, բայց մեծ իրավունք տվեք բարբառներին, նրանց բառերին, ոճերին ու ձևերին: Իհարկե, շնորհքի բան է, թե ով ինչքան ու ինչպես կօգտվի էդ կենդանի աղբյուրներից, բայց ինչ էլ լինի ավելի լավ կլինի, քան եղածը: Եվ էս է ուղիղ ճանապարհը ավելի լավն ունենալու:

Երկրորդ խորհուրդը: Ուրիշ երկիրներում գիտական ընկերություններ, ակադեմիաներ կան, որ զբաղվում են իրենց ժողովուրդի հանճարի ծնունդները խնամքով հավաքելով, իրենց մայրենի և ընդհանուր գրականության ու գիտության համար գանձարան ստեղծելով: Եվ դրանց մեջն է, որ կգտնեք ամեն մի ժողովրդի ճշմարիտ կյանքն ու պատմությունը, բնավորությունն ու աշխարհայացքը, շնորհքն ու հոգին: Մեզանում չկան էդ տեսակ կարող հաստատություններ և ով գիտի երբ են լինելու: Մեր Ազգագրական Ընկերության կարևորությունը քիչ է հասկացված և քիչ մարդիկ կան նրա մեջ աշխատող: Ո՞ւր էր, թե մեր Ուսուցչական Միությունը իր ամեն տեղ ցրված անդամ ուսուցիչների ձեռքով մտածեր հավաքել էդ անգին գանձերը կամ թե մեր Էջմիածինը մի գեղեցիկ կարգադրությունով հրավիրեր ուսուցիչներին ու կանոնավոր գրել իմացող քահանաներիս՝ օր առաջ գրի առնել ու մի տեղ հավաքել Էդ բոլորը: Օր առաջ եմ ասում, որովհետև արդեն մոռացվում ու կորչում են. հին սերունդը իր իմացածը հետը գերեզման է տանում, իսկ նոր սերունդըչգիտի:

Եվ այժմ, քանի գործն էս դրության է, դուք, գավառական թերթերդ, ահագին գործ կարող եք կատարել: Ձեր էջերում մշտական տեղ հատկացրեք հայրենի երկրի ժողովրդական բանավոր գրականությանը, նրա ամեն տեսակ ավանդություններին, հեքիաթներին, առակներին, առածներին, հավատալիքներին, սովորություններին, որ հեշտ ու միշտ կարող եք առատ ստանալ ձեր շրջաաատից և ժամանակի ընթացքում մեծ նյութ կդիզեք: Եվ ձեր շատ բաժինները՝ եթե վաղը չէ, մյուս օրը կկորցնեն իրենց արժեքը, բայց էդ անկյունը քանի գնա, ավելի ու ավելի կարևորություն կառնի, ու ապագա սերունդը, մանավանդ գրականությունը, շնորհակալ կլինի ձեզանից ու ձեր հրատարակությունները կպահի իր գրադարանում լավագույն գրքերի հետ:

«ՀԱՄԼԵՏԻ» ՉԱՐՉԱՐԱՆՔԻ ՇԱԲԱԹԸ ԹԻՖԼԻՍՈԻՄ

Վերջին օրերս Թիֆլիսի արքունական թատրոնում երկու անգամ իրար ետևից ներկայացրին Շեքսպիրի «Համլետը», հայերեն՝ պա. Ամո Խարազյանը1, ռուսերեն՝ պ. Դայլսկին2: Մինչդեռ հայերեն ներկայացման ծանր տպավորության տակ մտածում էի հայ դերասանի և նրա խմբի ապիկարության մասին, վրա հասավ անուն հանած ռուս դերասանըպ. Դայլսկին իր խղճալի թագավորով, իր տիկնիկ թագուհով, իր մուժիկ Պոլոնիուսով, իր անկենդան Օֆելիայով, իր փետի կտոր Լաերտով, վերջապես իր խոհարարուհի ու լվացարարուհի պալատական նաժիշտներովի մեծ մխիթարություն հայոց խմբի: Եվ էապես համերաշխ էս երկու խումբը Քրիստոսի չարչարանքի նախընթաց շաբաթը շինեցին Համլետի չարչարանքի շաբաթ: Մեջները եթե մի երջանիկ բացառություն կար, էդ հայ Պոլոնիուսն էր (պ. Միրաղյանը) միայն:

Следующая страница