Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Ես կարծում եմ ոչ հոր եղեռնական մահը, ոչ մոր շուտափույթ ամուսնությունը, ոչ հորեղբոր ազգապիղծ վարմունքը, ոչ Օֆելիայի թեթևամտությունը, ոչ Պոլոնիուսի պալատական նենգավորությունը, ոչինչ, ոչինչ էնքան վիրավորական չպետք է լինեն դժբախտ Համլետի՝ էն առաջին ինտելիգենտի հոգու ազնվության, արքայազնի վեհության, փիլիսոփայի խորության, հանճարեղ նրբամտության ու վշտի ծանրության համար, որքան հայ դերասանի անճաշակ լալկանությունը, վախկոտ հայացքները դես ու դեն, անմիտ վազվզելը պատից պատ, անտեղի աղաղակներն ու լաց ու կոծը կամ ռուս դերասանի հիստերիկ հեկեկոցներն ու հռհռոցները, հիվանդագին գալարումները, անդադար ծամածռությունները ու գոռում գոչումները:

Եվ ավելի ևս զարմանում եք, երբ մարդիկ էդ բոլորն անում են միաժամանակ արտասանելով Համլետի էս խոսքերը, որ ուղղում է դերասաններին.

«...Արտասանի՛ր թեթև և ազատ: Բայց եթե որոտաս, ինչպես մեր դերասաններից շատերը, ապա ավելի ուրախ կլինեի, որ մունետիկներն արտասանեին իմ տողերը: Չափից ավելի օդը մի սղոցիր քո ձեռքով այսպես... այլ թո՛ղ շարժումները չափավոր լինեն, որովհետև կրքերի ամենասաստիկ հեղեղի, փոթորկի, և այսպես ասենք, ալեկոծման ժամանակ, դու պետք է պահես բավական ինքնիշխանություն, որ այդ բոլորին մի տեսակ փափկություն տա: Օ՛, դա հոգիս տանջում է, երբ տեսնում եմ մի հաղթանդամ մարդ, գլուխը կեղծամով ծածկած, պատառոտում է կիրքը և մաս մաս անում ստոր ամբոխի ականջները... Իսկ խուժանը առհասարակ ընդունակ չի մի բան հասկանալու, եթե ոչ անբացատրելի մնջակատակներ և գոռում գոչում...» («Համլետ», թարգմ. Մասեհյանի, 102):

Մի՞թե էնքան հեռու են էդ մարդկանց ականջները բերանից, որ իրենց ասածը չեն լսում: Եվ խաղում են ոչ թե դրամայի ամբողջությունը, ոչ թե նրա մտքերը, այլ նրա բառերը, առանձին-առանձին բառերը, որ, Համլետի ասածի նման, թեև տգետներին ծիծաղ է պատճառում, բայց խոր վշտացնում է հասկացողներին: Դերասանը արտասանում է էն կտորը, ուր իր մեջ խորտակված Համլետը իր վերջին ապավենը, իր սերըՕֆելիային ղրկում է կուսանոց. ասում է՝ «Մտի՛ր կուսանոց»... և իսկույն կուսանոց բառի հետ վազում է դեպի Օֆելիան, իր սև վերարկվով նրան փաթաթում, իբրև թե կույս շինեց (Դայլսկի), կամ մի տեղ սրի անուն եղավ թե չէ, սուրն են դուրս քաշում, թեև Համլետը իսկի սուրը չի սիրում և ինքն իրեն ասում է՝ «թո՛ղ խոսքերի մեջ լինի սուրը, Համլետ», ծիծաղ բառին են հանդիպում թե չէ, ծիծաղում են, ում մասին ուզում է ասած լինի...

Երկուսն էլ խոսք ու մին արած թագուհու տեղը բերել են մի ջահել աղջիկ նստեցրել ու առաջը կանգնել որոտում են. — «Քո հասակում արդեն արյունը սառած է լինում ու կիրքը հանգած...»: Երկու անճոռնի նկար են կախել. մինըգեղեցիկը իբրև Համլետի հայրն է, մյուսըտգեղը, հորեղբայրը: Հայոց ներկայացմանը մեկի վրա են հարձակվում, որպես տգեղի, ռուսաց ներկայացմանը՝ մյուսի: Հոր ուրվականի մասին հենց իրենք են ասում, թե մորուքը թուխ էր, բայց ճերմակ մազեր էին փայլում մեջը, և ներկայացնում են մի կոշտ ճգնավորանման արարած մինչև ծնկները երկար, տափակ և ճերմակ մորուքով: Մի կույր ճգնավոր կամ պառավ սալդաթ, բայց բնավ Արեսանման արքայի ուրվական, որ իր անօրինակ վշտով հանդիսավոր ու վեհորեն անցնում է բեմի մթության մեջ: Եվ կարծես ավելի ևս իլյուզիան փչացնելու, հանդիսականներին համոզելու համար, որ նա ուրվական չի, պ. Ամո Խարազյանը ետևից սրի մի հարված հասցրեց՝ շրխկացնելով «անխոցելի ստվերի» թիկունքին:

Խոսքը մասնավորենք հայոց խմբի վրա:

Հայերը չէին գրել, թե ում թարգմանությունն են խաղում, բայց երևում էր, որ ռուսերենից արած մի թարգմանություն էր, և էն էլ անհաջող թարգմանություն: Ասում են՝ «ո՛րքան բարեծնունդ արարած է մարդը», փոխանակ ասելու «ազնիվ արարած»: Ռուսերեն благородный բառն է, որ բարեծնունդ են թարգմանել, և անշուշտ Его благородие-ն է պատճառը: Փոխանակ Էնեաս ասելու, ասում են Էննե, փոխանակ ՊյուռոսիՊիրուս, փոխանակ կախարդիսքանչելագործ, հին ասելու տեղասում են առաջնակարգ, մահվան քնի մեջասում են մեռյալ քնի մեջ, փոխ. իշխանավորներիիշխանասերներ, փոխ. ինչ պետք է անենքինչ պետք է անես, փոխ. Պելիկանիձկնորս թռչուն, փոխ. հորեղբոր կինըհորաքույրը, և այլն: Դրա վրա ավելացրեք էս տեսակ հայերենը՝ «աչքներիս մոտով անցավ», խնջույքները լուրեր են տարածել. կամ էս արտասանությունը՝ «Ձեռդ թակավոռական հռամանը կատառեցինք» (Ռոզենկրանց): Եվ երևակայեցեք, որ էն էլ հաճախ կզկզում են, դերը չեն իմանում, կամ էնքան ցած ու անորոշ են ասում, որ հանդիսականներից ոմանք արդեն իրենց համար դեր են շինել միշտ կանչել դեպի բեմըԲա՛րձր, բա՛րձր... Եվ եթե մեկը կա, որ հայ բեմից բարձր է խոսում, էն էլ հուշարարն է, որի ձայնը իսկի չպիտի լսվի: Ի լրումն ամենի, չեն իմանում, թե ո՛րտեղ են գտնվում և ի՛նչ են խաղում: Թագավորը կարծում է, թե արքայական ծիրանին վրացու չուխա է, փեշերը հավաքում է գցում կռանն ու վազում, ծիրանին բռնող մանկլավիկը մնում է ետևից նայելիս: Պալատականները ներկայանում են թագավորին, որը գլխարկը վերցնում է, որը չէ, որը դռնովն է դուրս գնում, որը պատի միջովը (կուլիսի): Որտեղ թագավորը, թագուհին ու Պոլոնիուսը գաղտնի խորհուրդ են անում և պալատականներից ոչ ոք չպիտի ներկա լինի, բոլորը տնկված են կողքներին, և մին էլ տեսնում եք իրենց գաղտնի խոսակցությունը վերջացնելուց հետո թագուհին կանչում է՝ «ո՞վ կա այդտեղ նախասենյակում, ներս եկեք...»: Վա՛հ, տնաշեններ, դրանից գոնե հասկացեք, որ ներսը չպիտի լինեիք: Եվ ինչ զարմանք, որ էս տեսակ թագավորն ու թագուհին իրենց պալատականներով պալատից դուրս գնալիս էնպես վայրենի դուրս խուժեցին, որ պալատի տախտակե ու կտավե պատերի մի մասը հետները տարան: Եվ երանի ընդմիշտ դուրս գնան ու իրենց ամբողջ թատրոնն էլ հետները տանեն, որովհետև էդ տեսակ թատրոն չի լինիլ և չպետք է լինի:

ՏԽՈԻՐ Գ. Վ.-ին

«Մշակի» 81 №-ում պ. Գ. Վ.-ն արձանագրում է իբրև տխուր փաստ, որ ես, Պոլսի ս. Երրորդության եկեղեցու միտինգի դեմ բողոքելով առիթ տվի «Սուրհանդակին» մի առաջնորդող գրելու (№ 91)1, որի մեջ հոդվածագիրը միտինգ կազմողներիս մեղադրում է, թե նրանք էդ ամենն արել են հեշտ ժողովրդականություն ձեռք բերելու համար և չբավականանալով մինչև այժմ իրենց շուրջը տարածած մահ ու ավերով, ուզում են սատանայական մի նոր դավ սարքել ռուսահայերիս գլխին:

Այժմ պ. Գ. Վ. ինձ հարցնում է, թե ես ի՞նչ զգացի, երբ կարդացի էս տողերը, որոնց առիթը ես եմ տվել:

Ամենից առաջ պ. Գ. Վ.-ին պետք է ասեմ, որ ես, մի բան գրելիս գրում եմ էն, ինչ որ ես եմ զգում ու մտածում, իսկ թե ուրիշը իմ գրածի առիթով ի՞նչ կգրի, այդ միանգամայն իմ գործը չի, ես պատասխանատու չեմ ուրիշների գրածի համար, և նույնիսկ չի կարելի առաջուց ամեն բան նախագուշակել: Օրինակ, ես ի՞նչ կարող էի մտածել, որ իմ բողոքի առիթով «Սուրհանդակի» գրած առաջնորդողից պ. Գ. Վ.-ն էդքան կտխրեր կամ «Մշակ»-ը կվշտանար, մի վիշտ, որ ի՛նչքան անսպասելի էր, էնքան էլ ուրախալի է, որովհետև, հիրավի, մարդիկ գուցե սխալ են, բայց նրա համար հո չեն միտինգ արել, որ մեր գլխին սատանայական դավեր սարքեն:

Հույս ունիմ, պ. Գ. Վ.-ն չի մոռանալ և կարձանագրի իբրև ուրախալի փաստ, որ սրա առիթն էլ ես տվի ու «Մշակը» վերջապես մի մարդավարի վերաբերմունք ցույց տվեց դեպի իր հակառակորդները:

Բայց կենտրոնական հարցն էն էր, թե ի՞նչպես ազդեց ինձ վրա «Սուրհանդակի» առաջնորդողը: Համեցեք ասեմ: ճիշտ էնպես, ինչպես ազդել են մինչև օրս «Մշակի» նույն ձևի ասածները:

Դարձյալ, և ինձ թվում է գլխավորը, պ. Գ. Վ.-ին զարմացրել են իմ հոդվածի մի քանի «անտեղի մտքերը», որ ես թույլ եմ տվել ինձ, և նման բառեր: Էստեղ արդեն պետք է դառնամ պարոնին. — պ. Գ. Վ., ես իսկի չեմ զարմանում, որ զարմացրել եմ ձեզ: Մենք հենց նրա համար ենք, որ զարմացնենք ձեզ և ձեր նմաններին: Դուք էս պետք է վաղուց գիտենայիք, և եթե չեք իմացել, այժմ իմացեք:

Օ՛, ես ձեզ լավ եմ հասկանում: Բայց, որքան էլ տխուր լինի էս փաստը ձեզ համար, պ. Գ. Վ., ես իմ ողջ էությամբ ապրում եմ մարդկային կյանքից ավելի մեծ կյանքով: Հենց էնպես, ինձ համար, և անընդունակ եմ մի որևէ վանդակի մեջ փակվելու ու էն տեսակ երգեր երգելու, որ ձեզ դուր գամ: Սակայն, եթե խոսքը կմասնավորեք կոնկրետ խնդրի վրա, կարողություն կունենամ իմ դիրքը որոշելու: Ահա, այժմ խոսքը հայ ժողովրդի վիճակի վրա է, և ասում եմ. իմ սրտին շատ է ծանրանում էս ժողովրդի ճակատագիրը, սրա պատմությունը, էն սոսկալի դրաման, որ կոչվում է հայոց պատմություն ու էնտեղից են բխում նրա գործերի վրա եղած իմ հայացքն ու մտածմունքը: Եվ ինձ մոտիկ ճանաչողները լավ գիտեն իմ վերաբերմունքը մոտանցյալ դեպքերի ժամանակ, որ եղել է շատ որոշ և ժամանակին դուր չի եկել շատ շատերին: Իսկ առաջիկայում եթե տպագրության տամ մի համառոտ պատմական տեսություն, որ արել եմ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի»-ի 50-ամյակի առիթով2, դուք էլ, թեկուզ համաձայն չլինեք հետս, գոնե կտեսնեք, որ «անտեղի մտքերը» միշտ տեղ են ունեցել իմ մեջ և ես առաջ եմ գալի ոչ թե «տիրող հանգամանքներից», այլ մի արյունոտ հողից, մի անօրինակ զարհուրելի պատմությունից, մի հոշոտված ժողովրդից, ուր ինձ բանաստեղծ է արել ճակատագիրը ու ներշնչել է անկեղծ լինել ամենից առաջ:

ՀԱՅԻ ՈԳԻՆ

Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան: Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիճանը՝ կտեսնեք՝ օխտը կորածի մինը: Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով: Էդպես են և մարդկային ցեղերը: Պատմությունը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքի զոռ ու ֆիզիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել: Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնելուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ: Իհարկե, ծանր է եղել միշտ էս մաքառումը և բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան: Էդ ժողովուրդներից մինն է անշուշտ մեր դժբախտ ցեղը, որ քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող է կոտորածներ համարել, և սակայն էսօր էլ տակավին կա իր լավ թե վատ՝ ազգային կյանքով ու կերպարանքով:

Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անցկացած երկար ու դժար ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից: Բայց մեր ուժերից վեր հո չի նայել, քննել, ճանաչել մեր երեկն ու էսօրը:

Էսքան փորձություն ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր: Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժողովրդի կյանքն ու պատմությունը: Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը:

Մեզանում, հիրավի, ճանապարհներ կան որոշած, բայց դրանք էս կամ էն կոսակցությանն են կամ լրագրինը: Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը:

Այո՛, լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ էն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցին. և նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թե որն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին: Եվ ուր որոնենք էդ ոգին: Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո՞ւմ, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում: Արդյոք հին վանքերի միստիք կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաղահանգիստ հովիտներում, ուր «Լուսնյակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ»: Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքնե՞րի մեջ, թե՞ «Վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ու մորմոքների մեջ:

Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ: Եվ ի՛նչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության...

Ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա:

ՈւՂՂԱԾ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

Մի գրական-պատմական ուսումնասիրության1 համար վերցրել էի «Վերք Հայաստանին», և հատկապես Բաքվի Կուլտուրական Միության հրատարակությունը երկու պատճառով, նախ, որ շատ է տարածված, երկրորդ՝ արտատպած է Մոսկվայի ժամհարյան հրատարակությունից2. իսկ ժամհարյանի հրատարակությունը ուղղած ու լրացրած է հեղինակի ձեռագրով, «որպեսզի գրքի տպագրաթյունը հեղինակի բարձր անվան վայել արժանավորություններն ունենա...», ինչպես ասված է հառաջաբանում: Բայց մեծ եղավ ցավս, երբ գտա, որ էնքան խնամքով ու զգուշավորությամբ արած Մոսկվայի հրատարակությունը ոչ միայն չի ուղղել հնիԹիֆլիսի հրատարակության, ափաշկարա սխալները, այլև նրա վրա ավելացրել է նոր, ավելի խոշոր սխալներ: Բաքվի Կուլտուրական Միությունն էլ նրանից արտատպելիս իր սխալներն է ավելացրել, և, ահա, էսօր հայ ժողովրդի պաշտելի «Վերք Հայաստանին» դրված է մեր սեղանի վրա իբրև հայ գրքերի մեջ ամենաանփույթ տպված գրքերից մինը, գուցե հենց ամենաանփույթ տպվածը: Հին, 1858 թ. Թիֆլիսի տպագրության մեջ սխալներ կան. օրինակ, էջ 100 տպված է «խոռը վեր ածելով», փոխանակ «խոտը վեր ածելով», դիբա, փոխ. դիբ ա, էջ 258 քյանդաղ, փոխ. փիանդազ է, էջ 128 վտանկավոր ճամփերով, փոխ. վտանգավոր ճամփեքով, կամ թե չէ հնում՝ Էջմիածնի միաբանքն էնպես ցրվեցան, որ «երկու ջանիցը հինգն էլա չմնացին...», նորերում, ուղղածներումն էլ նույն (էջ 109, 120, 138, 269) և սրանց նման ավել կամ պակաս կարևորություն ունեցող սխալներ անարատ մնացել են իրենց տեղը: Էդ հերիք չի, որ եղած սխալները թողել են, շատ ուղիղ տեղեր էլ փչացրել են ու սխալ են տպել: Օրինակ. հնի մեջ (101) ասում է՝ «Աչքդ սառչի ոչ, սրտիդ ու բերնիդ հուփ տուր»: Նորերը (109) շինել են՝ «Աչքն սառչի ոչ...», հնում (111)՝ «կես սհաթ չքաշեց...», նորերը (121) շինել են՝ «կես սհաթ անց չքաշեց...»: Հնում (129) Մոկլլուն, նորերը (138) շինել են՝ Մօկլուն: Հնում (129)՝ «Օդը ապականվել էր ջամդաքի հոտով ու հարամի ղշերը, որ աշխարհքի տակիցն ասես, թռել, հավաքվել էին...»: Նորերը (138հարամի ղշերը դարձրել են համա մի ղշերը: Հինը (130պատմություններ է անում, ու ասում է՝ «Էսքան բանն անց էր կացել... մեր կողմը ոչինչ խաբար չկար», նորերը (139) շինել են՝ «էսբանն անց էր կացել...», հինը (132) ասում է՝ «...անունը քարերը սասանեցնում էր», նորերը շինել են (141) «...անունը քարերը սասանեցնում էին»:

Հինը (135) ասում է՝ վարժատան չէին... որ... «քունները վարպետի անսիրտ պատմության վրա տաներ (թե՝ հայք էլ վաղ թագավորություն ունեին)». նորերը շինել են (144) «...քունները վարպետի անսիրտ տրամադրության վրա տաներ», հինը (142) ասում է. «Մկամ տունն կարա իմ ոտը փակել, մկամ չե՞մ կարա իմ աչքն կապել», նորերը տպել են (151). «...մկամ չե՞մ կարա իմ աչքն կապել»: Հինը (171) ասում է. «Ձեզ մոտ ենք գալիս, ծնողք սիրելիք, ձեր տեսուն կարոտ՝ դուք միշտ պաշտելիք», նորերը (180) ուղղել են. «...ձեր տեսուն կարոտ՝ դուք միշտ պատել եք»: Հինը (201) պատմում է, թե «գլուխ տալը հո ըսկի ադաթ չի. որն եկավ մեկ բարի լիս կամ ողորմի Աստված ասեց ու նստեց», նորերն ուղղել են (210). «գլուխ գալը հո ըսկի ադաթ չի...»: Հինը (221) գրում է. «...քար ըլեր կկակղեր, կրակ ըլեր կհանգչեր, ուր մնաց նրա սիրտը», նորերը (231) տպել են. «...կրակ ըլեր չհանգչեր»: Չափազանցություն չեմ անիլ, եթե էստեղ երկու տող և այլն դնեմ: Կետադրությունը հո` էլ մի հարցնեք, կետերը տեղ-տեղ հողի նման ցրված են, որը որտեղ ընկել է, ընկել: Մի՞թե «Վերք Հայաստանին» էսպես պետք է տպվեր: Ամենալավ «Վերք Հայաստանի»-ն դարձյալ մնում է հինը, մինչև մի նոր լավը կտպվի:

«ՄՇԱԿ»-Ի Պ. Գ. Վ.-ԻՆ

Պարոն Գ. Վ., եթե կարող եք պարզ պատասխան տալ, խնդրեմ պատասխանեք էս երկու հարցին:

Առաջինը՝ ի՞նչ հիմնական հարց է, որ ես թողել եմ առանց պատասխանի:

Երկրորդ՝ էդ ի՞նչ տեսակ «սեր ու հարգանք» է, որ Ձեզ թելադրել է էն լեզուն գործածել իմ դեմ, որ Դուք գործ եք ածել Ձեր նամակում1: Մի շատ տարօրինակ սովորություն ու հանելուկ է սա: Ես ինչ որ աչքս բաց եմ արել՝ հայոց մամուլի մեջ շարունակ կարդացել եմ նման բաներ՝ «մենք սիրում ու հարգում ենք էսինչ կամ էնինչ գրական մարդուն, բայց...»: Հիմի դուք տեսեք ետևից ինչեր են գալի: Ես էլ իմ գրական կյանքում մի քանի անգամ ստիպված եմ եղել եռանդով պաշտպանվելու էդ տեսակ սիրողների դեմ ու արյուն պղտորելու նրանց «սիրո ու հարգանքի» ոչ էնքան քնքուշ արտահայտություններից: Այժմ էլ դուք: Եվ իմանալուց հետո, թե Դուք ո՛վ եք, ճշմարիտն ասեմ, հավատում եմ Ձեր «սիրո ու հարգանքի» հավաստիացումներին, բայց էդ ի՞նչ զարդերով եք զարդարում Ձեր «սիրո ու հարգանքի» առարկան: Բա՞ն եմ գրել. — քննադատեցեք: Համաձայն չե՞ք: Խիստ քննադատեցեք: Կպարզվի, վերջը կերևա՝ ո՛վ է ուղիղ դատում: Բայց վիրավորական, ափեղցփեղ դարձվածքներով վեր կենալ մի, ինչպես Դուք բարեհաճում եք վկայել, «սիրած ու հարգված» գրողի դե՞մ...: Դուք եթե գիտեք ի՛նչ բան է սիրած ու հարգված գրողը, ի՞նչպէս եք կարողանում միաժամանակ նրա հետ էդքան անվայել ոճով խոսել, երբ նա Ձեզ ոչ մի բառով առիթ չի տվել, վրդովել, զայրացնել մարդուն ու մի օր էլ չքմեղ ձևանալով՝ կանգնել ու աշխարհքի առաջ աղաղակել, թե՝ տեսեք, մեր բանաստեղծը ի՛նչ հանդուգն խոսքեր է ասում ինձ: Սե՛ր, հարգա՛նք ու հետն էլ չգիտես ի՛նչ համեմներ... ի՞նչպես եք էդ երկուսն իրար գցում, պ. Գ. Վ., խնդրեմ էս էլ բացատրեցեք:

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԻՄ «ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ» ԴԱՐՁԱՎ АМЕРИКАНСКАЯ...

«Հորիզոնի» № 95-ում Մոսկվայից պ. Արմանը գրում է, թե իմ «Անբախտ վաճառականները» թարգմանած ու տպած է ռուսերեն և ոչ գրած է հայերենից, ոչ էլ իմ անունն է հիշած, այլ հրատարակած է որպես ամերիկական ժողովրդական զրույց, և հարցնում է՝ ես գիտե՞մ էդ մասին, թե չէ1:

Այո՛, գիտեմ, և ահա պատմեմ, ինչ որ գիտեմ: Դեռ անցյալ տարի իմ բարեկամներից մինը2 մի օր ինձ հարցրեց, թե արդյոք էդ ոտանավորը ինքնուրույն գրվա՞ծք է, թե թարգմանություն: Եվ իմ զարմանքին պատասխանեց, թե ճիշտ դրա նման ամերիկական մի ոտանավոր կա ռուսերեն թարգմանած՝ նրա համար է հարցնում: Ես պատմեցի, որ էդ առակը աշակերտ ժամանակս ես Լոռի իմ քեռուցն եմ լսել ու տպածների մեջ իմ առաջին գրվածքներից մինն է3: Միայն «ջրի պեպենակ»-ի (թիթեռ) տեղը ես դրել եմ ճայ: Մի ժամանակ (18851887) էդ տեսակ բաներ, ժողովրդական առակներ ու լեգենդներ շատ էի գրում բարբառով ու շատ էլ ունեի, բայց որովհետև չէի պահում, դես դեն կորան, նրանցից մնացին «Շունն ու Կատուն», մին էլ «Անբախտ վաճառականները»: Չնայելով «Անբախտ վաճառականների» էս ծննդաբանությանը, ես հայտնեցի իմ բարեկամին, թե շատ հեշտ կարող է պատահել, որ էդ առակը լինի և Ամերիկայում ու գրվածքն էլ նման: Օրինակ, վերջերս կարդացի, նույն առակը ունի և Լաֆոնտենը՝ «Չղջիկ, մացառ ու բադ» վերնագրով, բայց, իհարկե, տարբեր են թե՛ առակը, թե՛ գրվածքը (տես՝ Առակք Լաֆոնտենի, թարգմ. Մ. Նուպարյանի, հրատ. Թիֆ. Հրատ. Ընկ., Թիֆլիս, 1900, էջ 233): Սակայն էս ամենից հետո երբ բերին գիրքը, Библиотека «Пчелки». Горе-купцы. Американская народная сказка, թարգմանչուհին էլ տակինЕ. Выставкина, կարդացի, տեսա՝ էս արդեն ուրիշ բան է. էս հենց իմ «Անբախտ վաճառականներն» են, որ դարձրել են американская... Բայց ինչո՞ւ և ի՞նչպես են դարձրել американская... Մտածեցի, գուցե армянская բառն է, որ տպագրական սխալով դարձել է американская, մանավանդ լսած էի տիկնոջ մասին, կարծում էի մեջտեղը մի թյուրիմացություն կա և չէի ուզում հրապարակավ էդքան անախորժ մի նկատողություն անեմ: Խնդրեցի երաժշտագետ պ. Ռ. Մելիքյանին, որ անձամբ ճանաչում է տիկնոջը, իմանա, թե էս ինչպես է պատահել: Ռ. Մելիքյանը իմացավ ու հայտնեց, որ տիկին Выставкина-ն մեղք չունի դրա մեջ, հրատարակիչներն են էդպես արել: Երևի մտածել են, որ американская գրելով կդարձնեն заграничный товар... Ահա եղածը, ինչ որ ինձ հայտնի է: Ես սպասում էի, որ հարգելի տիկինը ինքը կխոսեր էդ մասին, բայց չգիտեմ ինչո՞ւ նա չխոսեց մինչև այժմ: Շատ կխնդրեի, որ գոնե այժմ խոսեր:

ԼԵԶՎԱԿԱՆ ՓՈԽԱՌՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

Նոր-Նախիջևանի «Լույս» շաբաթաթերթի10-ում պ. Ա. Մեղրյանը մի հոդված է տպել՝ «Մեր մանկական գրականությունը և հայոց լեզուն», որի մեջ ցավով գանգատվում է, թե «... ինչ որ հնչվում է ժողովրդի բերանում, լինի դա հայերեն թե թուրքերեն, թաթարերեն թե ռուսերեն, վերցվում է և իսկույն գրվածքի մեջ է դրվում»: Նա վշտանում է, որ մեր գրողներից ոմանք (ի միջի այլոց Ա. Իսահակյանն ու ես) գործ են ածում «ջան, ջիգյար, յար, յարաբ, ղարիբ», և այլն: Եթե խոսքը էս կամ էն օտար բառի կամ մի շարք բառերի վրա լիներ, հարկավ վեճը մասնավոր բնավորություն կունենար և միայն ճաշակի խոսք կարող էր լինել, բայց պ. Մեղրյանը դատապարտում է օտար, այլև մինչև անգամ հայերեն գավառական բառերի գործածությունը ու մաքուր հայերեն լեզվի պահանջն է դնում: Լա՛վ: Պ. Մեղրյանին եթե տանք կարդալու էս բառերը. վարդ, վայ, վախել, նվագ, նվաստ, նունուֆար, նամ, նոր, նանիկ, նախշուն, նիստ, նշտար, նշան, նարգիզ, նավ, նուռ, նաշ, նազուկ, մեգ, միլ, մեխ, նահապետ, մոմ, մուճակ, մուր, մուկ, մոռ, ջերմ, գրավ, գրվանքա, կիր, կարիք, կերպաս, քիչ, քիմք, գոմեշ, ոչխար, դրոշակ, կկու, խոտ, խաբել, կուտ, կանթեղ, կանոն, կարապ, փուռը, գավազան, հարս, տոն, տարազ, դայակ, սապոն, սուգ ու շիվան, շողք, շվաք, գումար, շեն, շաղգամ, դաս, աշակերտ, սուր, շուշան, սամույր, սիպտակ, սեր, սանդ և այլն, և այլն, անշուշտ նա էս բոլորը կհամարի մաքուր հայերեն բառեր: Եթե էդպես էլ չհամարի, կասի դրանք արդեն հայացել են: Էդպես է. ճշմարիտ է: Բայց հիմի մի ուրիշ հարց: Դրանք եթե մեր լեզվի մեջ են մտել ու հայացել, արդյոք դրանցից հետո կա՞նգ է առել էդ պրոցեսը և էլ նոր բառեր չե՞ն մտնում ու հայանում թե՛ մեր ժողովրդական լեզվի մեջ, թե՛ գրական, ուրիշ խոսքով՝ էլ չե՞ն կատարվում ժողովրդական ու գրական լեզվի փոխառություններ: Իհարկե, սրա պատասխանն էլ դրական է լինելու: Քանի որ մի ժողովուրդ հազար ու մի ձևերով հարաբերություն ունի ուրիշ ժողովուրդների հետ, քանի որ նրա կյանքը զարգանում է նաև արտաքին ազդեցությունների տակ, քանի որ մեծանում է, էնքան էլ ազդեցություններ է կրում և նրա լեզուն, հարստանում, ճոխանում ու զարգանում: Նորանոր գաղափարների հետ նորանոր ոճեր ու բառեր է ընդունում, և մինչդեռ դուք բողոքում եք, թե չի կարելի հայերեն լեզվի մեջ գործ ածել դարդ, ջան, չոլ, զիլ ու նման բառեր, մյուս կողմից ներս են հոսում ինտելիգենտ, կուլտուրա, լեգենդ, սոնետ, պոեմ, պոեզիա, օպերա, զիգզագ, պրոպագանդ և այլն:

Ի՞նչ եք անելու: Եվ ինչո՞ւ պիտի վշտանաք ու կռվեք, ի սեր Աստուծո: Դուք կարծում եք միայն նրանով պիտի ճոխանաք ու բավականանաք, ինչ որ հայի միտքն ու հանճա՞րն է տալի...

Վերցնենք բառը:

Խնդրեմ ասեք. եթե մեր լեզվից հանեք ձեր հալածած «ջանը», որ չինական է, թե մոնղոլական-թաթարական, ինչո՞վ կփոխարինեք: Մի քիչ մտածեցեք, կտեսնեք մի բառ եք վտարում, որի տեղը համազոր ու համաշունչ մի այլ բառ դնել չեք կարող: Դրա նման և շատ ուրիշ բառեր, որ մաքուր հայերեն չեն: Եթե էդ օտարամուտ բառերի փոխարենը դուք ունեքինչ խոսք: Եթե ձեր լեզուն ընդունակ է հարազատ թարգմանելու կամ հարմար բառեր շինելու, տելեֆոնին հեռախոս ասացեք, տելեգրաֆին հեռագիր կամ վելոսիպեդին հեծանիվ, բայց հո չի կարելի ամեն բան էլ թարգմանել կամ շինել, էքսպրոպրիատորը ճողոպրիստ, ինչպես արել են մեր պոլսահայերը, տրամվայը քարշակ անվանել, հանգ. Գամառ-Քաթիպայի նման, խավիարը ձկնկիթ կամ ֆրակը պոչազգեստ:

Ավելի ձախորդն էն է, որ Մեղրյանը օրինակ է բերում ռուսաց և եվրոպական գրականությունները, թե նրանք ինչքան մաքուր լեզվով են գրում իրենց մանուկների համար: Ուրիշ խոսքով՝ իրենց լեզվի մեջ օտար բառեր չեն ընդունում: Էս հո արդեն էնքան է սխալ, որ ես հերքելն ավելորդ եմ համարում: Գրեթե ամեն մի նոր եվրոպական բառ, ինչ որ հայերը շինում են կամ թարգմանում, ռուսները նույնությամբ առնում են ու տալիս իրենց երեխաներին:

Ո՛չ. թե՛ ժողովրդական, թե՛ գրական լեզվի մեջ լեզվական փոփոխությունները եղել են միշտ, կլինեն միշտ, և շատ է գեղեցիկ, որ էդպես է. միայն թե պետք է իմանալ շնորհքով, խելացի առնել ու տեղը գործածել, ահա խնդիրը: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդական բարբառներից օգտվելուն, դա ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու: Բավական էր. մեր երեխաներն այլևս չպետք է սարսափեն «հա՛» ասելիս, և մայրերն այլևս չպետք է մատներն սպառնալի թափ տան նրանց վրա. «հա՛» ասացի՞ր, ի՞նչպես կարելի է, ասա՛ «այո՛»: Բավական էր, նզովքը պետք է վեր կենա «հա»-ի վրից, իբրև թե նա գռեհիկ է. դրա մեջ ո՛չ առողջ միտք կա և ոչ էլ ճաշակ:

ԿԵՂՏՈՏ ՄԱՄՈԻԼ

Խոսքեր ու ձևեր կան, որ իրենց մեջ ամբողջ պատմություններ են պարունակում: Էդ տեսակ խոսքերը միայն հանճարները կարող են գտնել, մին էլ ժողովուրդները, որ հազար-հազար աչքերով, հազար-հազար ականջներով, հազար-հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը ու վերջը հանում են մի կարճ եզրակացություն, իրենց որոշումը մի բացականչությունով, մի ածականով, կամ մի դարձվածքով: Եվ զարհուրելի են դրանք, անողոք ու անմերժելի:

Մեր ժողովուրդն էլ ունի էդ տեսակ կարճ ու խիստ դատավճիռներ: Ով ուշադրությամբ հետևել է, նկատած կլինի թե նա ի՛նչ ածականով է որակում, երբ խոսում է օր. մեր գրականության, հոգևորականության կամ մամուլի վրա: Ուրիշ կերպ չի անվանում, եթե ոչ միայն «մեր աղքատիկ գրականությունը», «մեր ընկած հոգևորականությունը», «մեր կեղտոտ մամուլը»: Եվ սրանցից ոչ մինը չի կարող մերժել իր ծանր ածականը, ամենքն էլ վաստակել են ամենայն իրավունքով, արժանի են: Եվ իզուր են գրողները գանգատվում, թե մեր գրվածքները չեն կարդում, իզուր են հոգևորականները լաց լինում, թե մեզ չեն հարգում, իզուր է մամուլը հասարակությանը հանդիմանում, թե բաժանորդ չեն գրվում: Չեն կարդում և չեն կարդալ, քանի որ դուք «աղքատիկ» եք, չեն հարգել և չեն հարգելու, որովհետև դուք «ընկած եք», բաժանորդ չեն գրվում և չեն գրվիլ, որովհետև դուք «կեղտոտ» եք:

Եվ շատ լավ են անում: Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչև որ զգան, և խոր զգան ու զգաստանան:

Եվ ահա, «Հորիզոնի» էսօրվա համարում, հաճույքով տպագրելով Պետերբուրգի մի խումբ ուսանողների բողոքը1, մեր ընթերցողների ուշադրությունն ենք հրավիրում նրա վրա ու խոստանում ենք վերադառնալ էս շատ տխուր խնդրին:

ՀԱՅ ՈՒՍՈԻՑՉԻ ԴԱՏԸ

Գործիչների մեջ գուցե ամենակարևորն ու ազնիվը, և՛ ընտանիքի համար, որ զավակներն է կրթում, և՛ հասարակության համար, որ գիտակից անդամներ է պատրաստում, և՛ պետության համար, որ ազնիվ քաղաքացիներ է հասցնում, և՛ աշխարհքի համար, որ լուսավոր մարդիկ է տալի, նա, ուսուցիչը ունեցել է գրեթե ամենավատթար վիճակը մեր մեջ: Նա միշտ եղել է հալածված ու թափառական մի տեղից մյուսը, մի դպրոցից մյուսը, մի հոգաբարձության քմահաճույքից մյուսը, սիրտը կոտրած, լքված, բեկված ու արհամարհված: Նրա ռոճիկը կտրելը անցել է իրերի բնական կարգը, նրա աղքատությունն ու քաղցածությունը համարվում է սովորական երևույթ և հալածելը՝ անպատասխանատու մի գործ: Նրա վրա իրավունք ունեն նրա բարձր գործինուսման և ուսումնարանի հարգին ու կարգին անգետ մարդիկ, որ կարող են դատել նրան, ազատ համարել երբ քեֆներն ուզենա, ու էս ամենի առջև դողում է նրա մաշված սիրտը: Եվ ժողովրդի սուր միտքը նրա թշվառ վիճակը հավերժացրել է մի շատ ցավալի բացականչության մեջ. — «վա՛յ քու օրին, վարժապետ...»:

Էն վերջին ծառան էլ գիտի, որ իր աղեն իրեն դուրս անելիս պետք է ասի, թե պատճառն ի՛նչ է. ադաթ է, կարգ է, ամենատարրական մարդավարությունն ու արդարությունն են պահանջում, բայց հայ վարժապետը զրկված է եղել նույնիսկ էն ծառայի իրավունքից: Եվ սա եղել է ընդհանուր օրենք. տեսուչ, հոգաբարձություն թե հոգևոր իշխանություն՝ չեն քաշվել էսպես վարվելու ոչ միայն դժբախտ գյուղական ուսուցիչների հետ, որ ընկած են մեր երկրի էս կամ էն խավար անկյունները գրեթե կիսավայրենի մարդկանց մեջ, այլև մեծ քաղաքներում, կենտրոններում, համալսարանական մարդկանցից բաղկացած ուսուցչական մեծ կազմերի հետ:

Էս վերաբերմունքը դառնությունով լցրել է հայ ուսուցչի կյանքն ու սիրտը: Եվ ահա Հովնանյան դպրոցի դեպքը1, շատ դեպքերից մինը, եկավ լցնելու համբերության բաժակը և հրապարակ հանելու նրա լայնածավալ զայրույթը: Միահամուռ եռանդուն բողոքները կենտրոններից սկսած մինչև մեր գավառների խուլ անկյունները լայն կերպով հրապարակ դրին նրա արդար դատը, և ամենքը, ամեն անհատ, ամեն մարմին, որոնց հետ կապված են նրա գործն ու պաշտոնը, ծխական հոգաբարձությունից մինչև հայոց եկեղեցու լռությունը պետք է ուշադրության առնեն:

Следующая страница