Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Ասում են՝ հոգաբարձությունները մի՞թե իրավունք չունեն ուսուցիչ արձակելու: Ունեն, այո՛, բայց նրանք կարծում են, թե իրենք հենց ուսուցիչ արձակելու համար են: Ո՛չ, ուսուցիչ արձակելու համար չեն նրանք, այլ ուսուցիչ պահելու: Իսկ արձակելու դեպքում էլ էնքան քաջություն ու շիտակություն պետք է ունենան, որ վատին վատ ասեն: Արդարացում չի, թե մի քանի անպետք ուսուցչի արձակելու համար ենք ամբողջ կազմը արձակում, որպեսզի անպետքին անպետք չասենք: Ինչո՞ւ: Ի՞նչ կեղծավորություն է: Էլ ի՞նչպես իմանանք ով է անպետք, և ինչո՞ւ: Չէ՞ որ էդ անպետքը գնալու է պաշտոնավարելու մի ուրիշ դպրոցում: Եթե անպետք է, ամեն տեղ է անպետք: Եվ ինչո՞ւ նրա պատճառով պետք է արձակվի նաև լավ ուսուցիչը, թեկուզ հենց ձևականորեն: Ո՛չ, նա, ուսուցիչը պետք է հաստատ իմանա, որ հեշտ չի իրեն արձակելը, որ հաստատ ու ամուր է իր տեղը երկար տարիներով, որ ինքը ժամանակ է ունենալու հասցնի իր ձեռքի տակին կրթվող սերունդը և տեսնելու իր աշխատանքի պտուղը, որ թերևս ավելի թանկ արժե, քան ամեն վարձատրաթյուն:

Անհետաձգելի լուծումն է պահանջում հայ ուսուցչի դատը, և նույնիսկ հակառակորդները լռում են նրա արդարության առաջ:

Ժամանակ է ստեղծելու մի բարձր ընտրյալ ինստանցիա, մի ձեռնհաս մարմին, որ կարողանար ցանկալի բարձրության վրա դնել հայ դպրոցական գործը և ապահովել հայ ուսուցչի վիճակը անվերջ անակնկալներից ու կամայականություններից:

ՎՌԱԶ ՊԱՏԱՍԽԱՆ Պ. Ա. ՄԵՂՐՅԱՆԻՆ

Պ. Մեղրյան, Ձեր «Ուշացած պատասխանի»1 ու նրանից առաջ տպած հոդվածի միտքն էն է, թե հայ գրողները պետք է մաքուր հայերեն գրեն: Շատ ուշացած ու շատ հասարակ մի խելոք խոսք: Ձեզանից շատ վաղ բոլոր հայ գրողները մտածել են, որ մաքուր հայերեն գրեն: Բայց ի՞նչ կնշանակի՝ մաքուր հայերեն, ահա խնդիրը:

Ձեր առաջն են բոլոր հայ գրողները, ո՞րի լեզուն եք համարում մաքուր հայերեն. ցույց տվեք ու հրամայեցեք, որ նրա նման գրեն: Իհարկե շատ միամիտ կլինիք, եթե ցույց տաք: Մեր լեզուն դեռ կազմակերպվելու շրջանի մեջն է, և ամեն մի գրող ընտրում է իրեն համար մի ճանապարհ: Նրանց առջևն են և՛ եղած գրական լեզուն, և՛ գրաբարը, և՛ բարբառները, և՛ օտար լեզուները:

Ես էն կարծիքին եմ, էսպես էլ գրել եմ իմ հոդվածում2. ու հենց իմ բառերն էլ հանել եք Ձեր պատասխանի մեջ, — որ գրողը իր լեզուն հարստացնելու, կազմելու համար ազատ է օգտվելու էդ բոլոր աղբյուրներից, միայն թե պետք է իմանա շնորհքով, խելացի օգտվել և տեղը գործածել:

Իսկ Դուք...

Ա՛յ տեսեք ինչ եք ասում Դուք: Դուք ասում եք պետք է գրել մաքուր հայերեն, այսինքն, հայերեն լեզվի միջից դուրս վռնդել թուրքերեն, թաթարերեն, ռուսերեն և այլ օտար բառերը և նմուշի համար մի շարք թուրք-թաթարական բառ եք մեջ բերում, ցույց տալու, թե ինչ տեսակ բառերից պիտի զգուշանանք ու պաշտպանենք հայոց լեզվի մաքրությունը, օրինակ, ղարիբ, ղուրբան, դարդ, մարալ, մուշտարի, յար, խաթր, զիլ, մուրազ, նազուք, ջան, ջեյրան և այլն:

Ձեզ ասում են, թուրք-թաթարականը թողնենք մի առ ժամանակ, դա Ձեզ շատ է խրտնեցնում, եվրոպական բառեր կան, որ միջազգային են և բոլոր ազգերը գործ են ածում, օր. ինտելիգենտ, կուլտուրա, լեգենդ, պոեմ, սոնետ և այլն: Ի՞նչ եք կարծում, մենք էլ գործ ածենք, թե չէ:

Հիմի տեսեք թե Դուք ինձ ինչ եք պատասխանում. լավ ականջ դրեք: Ասում եք. «Ի՞նչ եք ուզում ասել դրանով, որ ինտելիգենտ գործածողը իրավունք ունի և դա՞րդ գործածելու»:

Այո՛, հենց էդ եմ ուզում ասել և լավ տեղն եմ բռնել: Եվ ահա Դուք շարունակում եք ավելի խորը խրվելու համար:

«Սարեր-ձորեր տարբերություն կա. առաջին դեպքում (երբ գործ են ածում դարդ, ջան, չոլ) մենք գործ ունենք զուտ տեղական օտար բառերի հետ, որոնց հայերենը կա. իսկ երկրորդ դեպքում՝ բառերի, որոնք միջազգային բնավորություն են կրում և որոնց համազոր հայերենը չկա. բառեր, որ անխտիր գործ են ածում բոլոր եվրոպական քաղաքակիրթ ազգերը»: Եվ ամփոփում եք.

«Ես հակառակ չեմ եվրոպական միջազգային բառերի գործածությանը: Այլ խնդիր է սակայն, երբ խոսքը ժողովրդական բարբառներից օգտվելուն է գալիս»:

Ահա. էս է Ձեր հոդվածների միտքը և մեր տարաձայնության հիմնական պատճառը: Մնացածը ինչ որ պատմում եք, հա՛յ Գամառ-Քաթիպան ծաղրել է բարբառները, նոր-նախջևանցիք էսպես են խոսում, երևանցիք էնպես... Դրանք բոլորը դատարկ բաներ են և մի գրող մարդու առջև պատմելու անարժան: Նստել եք` քրդի աղջկանը լոլո եք սովորեցնում:

Էականին եկեք:

Ուրեմն Դուք դեմ չեք եվրոպական միջազգային բառերի գործածությանը:

Շատ ենք ուրախ:

Ինչո՞ւ չեք դեմ:

Ասում եք՝ երկու պատճառով. առաջինը, որովհետև նրանց համազոր հայերեն չկա. երկրորդն էլ՝ եվրոպական բոլոր քաղաքակիրթ ազգերն անխտիր գործ են ածում:

Դե հիմի կանգնեցեք:

Ձեր առաջին «որովհետև»-ը ստիպված պիտի լինիք ետ վերցնելու, որովհետև նրանց հայերենը կա: Կուլտուրային հայերեն ասում են քաղաքակրթություն, և գործ են ածում էդ մտքով, ու Դուք ինքներդ էլ մի քանի տող վերև գրել եք «եվրոպական քաղաքակիրթ ազգերը», ինտելիգենտին հայերեն ասում են մտավորական, պոեմըվիպերգություն, լեգենդըավանդավեպ: Տեսնո՞ւմ եք, հայերենը կա. բայց... բայց նրանք մտնելու և մնալու են Ձեր մաքուր հայերենի մեջ, որովհետև միջազգային բառերն են, բոլոր ազգերը գործ են ածում: Դուք էլ ընդունեցիք ու սրանով Արևմուտքն ապահովեցիք:

Դե հիմի երեսներդ արեք դեպի Արևելք:

Ձեզ ո՞վ ասավ, պ. Մեղրյան, որ եվրոպական ազգերն ազգեր են և կարող են միջազգային բառեր ունենալ, իսկ ասիական-արևելյան ազգերն ազգեր չեն և միջազգային բառեր ունենալու իրավունք չունեն ու չեն կարող ունենալ:

Արդյոք էստեղ գլխի՞ եք ընկնում, պ. Մեղրյան, թե ինչ խախուտ կռիվ եք սկսել: Հայոց լեզվի կազմության խնդրում էն զիջումը, որ Դուք ակամա անում եք կուլտուրական Արևմուտքի առաջ, ես ուրախությամբ էն գլխից արել եմ և անում եմ թե՛ Արևմուտքի և թե՛ մանավանդ Արևելքի ու մեր ժողովրդական բարբառների առաջ: Եվ կրկնում եմ, էստեղ միայն խելքի ու շնորհքի գործ է, թե ո՛վ ինչպես կօգտվի: Իսկ Դուք ասում եք. «Ըստ իս՝ այստեղ ո՛չ շնորհք է հարկավոր, ո՛չ խելք, այլ հարկավոր է միայն լավ հայերեն իմանալ և գոյություն ունեցող հայերեն բառերի փոխարեն օտարը գործ չածել» («Հորիզոն», № 166, V սյունյակ) ու մեզ համոզելու համար, Ձեր առաջ բերած օտար բառերի տեղ դնում եք մաքուր հայերենը. օրինակ. առաջարկում եք «ջանի» տեղ գործածել «հոգյակ»: Եվ ահա բանը դրստվեց, այսուհետև փոխանակ ախպեր ջան կամ Գրիգոր ջան ասելու, մաքուր հայերենով կասենք հոգյակ եղբայր, կամ հոգյակ Գրիգոր, կամ թե չէ քեֆ անելիս, ներողություն, մաքուր հայերենով ասենք, խրախճան անելիս կամ առհասարակ ուրախանալիս փոխանակ «ջան» բացականչելու, կկանչենք «հոգյա՛կ»...

Եվ մի՞թե Դուք չեք տեսնում ու չեք զգում, թե ինչքա՛ն է սա անմիտ ու անճաշակ: Մի՞թե չեք տեսնում, որ հոնքը շինելու տեղ աչքն էլ հանում եք:

Եվ ինչպես եք Դուք հայոց լեզվից հանելու մուրազը. արդեն նա ասում է անմուրազ, մուրազատու, ինչպես եք դուրս քշելու մարալն ու ջեյրանը, որ մտած են նույնիսկ եվրոպական գիտական գրքերի մեջ. ինչպես եք մերժելու ղարիբը, որի մոլի պաշտպանը չեմ, բայց որը մտել է ձեր բոլոր երգերի ու նույնիսկ Մաշտոցի մեջ և մի շարք թաղման երգեր կոչվում են «ղարիբաթաղի» երգեր. ինչպես եք ջնջելու զիլը, որի հոմանիշը չեք նշանակում կամ նամն ու նազուքը, որ մտել են ձեր կլասիկների գրվածքների մեջ...

Հապա էս մի քանի բառի փոխարեն եթե էն մի քանի հարյուրը հանդես դնեինք, որ ասում եք գիտեմ, էն ժամանակ տեսնեիք, թե ինչ դուրս կգար:

Էսպես: Երկու տարբեր ճանապարհներ են, պ. Մեղրյան, և ձեզանից ու ինձանից չի սկսվում էս կռիվը մեր գրականության մեջ: Մինը Մոսկովյան ուղղությունն է, մյուսը Արարատյան: Մի ճամփի սկզբին կանգնած է Ստ. Նազարյան, մյուսին՝ Խ. Աբովյան: Էս երկու ճանապարհներից թե որն է ճշմարիտն ու կենսունակըէդ հետո կտեսնենք: Հայ ժողովուրդը իր միջից իրար ետևից սերունդներ է դուրս ղրկում դեպի ուսումնարանական ու գրական ասպարեզները և նրանք կվճռեն էս խնդիրն ու ցույց կտան, թե որ ճանապարհով է գնալու հայոց գրական լեզուն, էն լեզուն, որ կազմվելով ու ճոխանալով հանդերձ միայն մի խորհուրդ ու մի իմաստ ունիխոսել հայ մարդու, հայ ժողովրդի սրտին:

Մի նկատողություն էլ: Դուք, պ. Մեղրյան, գրում եք, իբրև թե «նա (այսինքն՝ ես) ուզում է հավատացնել, որ եվրոպացիներն ու ռուսներն իրենց երեխաներին ավելի աղավաղված, ոչ մաքուր լեզվով գրվածքներ են հրամցնում, քան մենք հայերս», ու վերջումն մի-մի հարցական ու զարմացական եք տնկում: Կարդացեք, խնդրում եմ, № 103 «Հորիզոնը»3 նորից և տեսեք ես ինչ եմ ասել, Դուք ինչ եք դուրս բերում:

ԱՄՍԱԳՐԻ ԿԱՐԻՔԸ

Մի ժամանակ հայ լրագիրը իր մեջ էր ամփոփում նաև գեղարվեստական գրականությունն ու բանասիրությունը: Ժամանակի ընթացքում հասունացավ ամսագիր ունենալու կարիքը: Եկավ «Մուրճը»: Երեք խմբագրություն փոխեց, մի քանի հրատարակիչ ունեցավ, եղած գրական ու գիտական ուժերից շատերին հավաքեց իր շուրջը, բայց այնուամենայնիվ տասնամյակը չբոլորած ստիպված եղավ դադարելու: Դադարեց, որովհետև ամսագրի բաժանորդ ու ընթերցող այնպիսի բազմություն չկար, որ կարողանար պահել: Էլ չենք խոսում նրանից առաջ եղած ու դադարած ամսագիրների ու հանդեսների մասին:

«Մուրճը» դադարեց և ռուսահայ մամուլի մեջ դարձյալ բաց մնաց ամսագրի տեղը: Այս տարվանից «Մշակին» կից սկսեց լույս տեսնել «Արորը», սակայն նա էլ չկարողացավ գրական ուժեր գրավել, հենց էն գլխից «Արարատի» տպավորությունն արավ ու մնաց եղած-չեղած:

Դարձյալ զգացվում է ամսագրի կարիքը: Եվ ահա «Հորիզոնի» № 218-ում, պ. Սիմ. Տեր-Մինասյանը անում է «Մի կարևոր առաջարկ»1հավաքական ուժերով Թիֆլիսում ձեռնարկել մի ամսագրի հրատարակություն: Այդ գործի նախաձեռնությունը հանձնարարում է Թիֆլիսում գտնվող հայ գրականագետներին, որ նրանք կազմակերպեն ու տանեն:

Ժողովուրդը մի գեղեցիկ առած ունի, ասում է՝ «մերկ մարմնիս կատու շալակելն էր պակաս»: Հիմի հայ գրողներին ամսագիր հրատարակելն էր պակաս: Ո՛չ, այդ սխալ է: Ամսագիրը մեզնում, որ տասնյակ հազարների վնաս տալով հանդերձ դարձյալ չի ապրում, հայ գրողների պահելու բան չի:

Սակայն ամսագրի կարիքը կա: Այն էլ է ճշմարիտ, որ Թիֆլիսում պետք է լինի և Թիֆլիսում գտնվող գրողները շատ են պետք դրա համար:

Բայց գործի կազմակերպության և հրատարակության համար ուրիշ մարդիկ են հարկավոր, որ ընդունակ ու պատրաստ լինեն և նյութական զոհաբերության: Եթե կան այդ տեսակ մարդիկ, «Հորիզոնի» էջերը բաց են նրանց համար, թող մեջ գան, հայտարարեն, թե ինչ մասնակցություն կունենան, և, գուցե, ճշմարիտ որ այդ ձևով հավաքական ուժերով կարելի կլինի մի ուժեղ ամսագիր ունենալ և հայ գրողներին ու բանասերներին խմբել ի մի:

ՄԵՐ ՄԱՄՈՒԼՆ ՈԻ ԻՐ ԸՆԹԵՐՑՈՂԸ

Նա, ով երկար տարիներ բաժանորդ է եղել մեր թերթերին ու ընթերցող, լավ կլիներ մի նստեր ու հաշիվ տար ինքն իրեն, թե ի՞նչ է ստացել այդ թերթերից:

Էլ հեռու չգնանք, գոնե մեր կյանքից, իր շրջապատից ի՞նչ տեղեկություն ունի:

Տարիներով կարդացել է՛ ժողովուրդ, ժողովուրդ... Ո՞վ է այդ ժողովուրդը, ի՞նչ է ուզում, ինչո՞ւ են միշտ նրա անունը տալի. արդյոք հասկացե՞լ է այդ ընթերցողը:

Տարիներով գավառից, գյուղից թղթակցություններ է կարդացել, այսինչ գյուղում սա նրան սպանեց, թունդ երաշտ է, այնպիսի խոշոր կարկուտ եկավ, որ ծերերը չեն հիշում, տերտերը տգետ է կամ քյոխվի ընտրություն կա... Տարիներից հետո արդյոք սրա ընթերցողը թեկուզ հեռավոր ծանոթություն ունի՞ թե ինչ բան է հայ գյուղը, ո՛վ է հայ գյուղացին և ո՛րն են նրա ցավերը:

Գուցե այդ թերթերը անկողմնապահ ու լուրջ զբաղվել են հայ դպրոցի խնդրով և բազմակողմանի քննության առարկա են դարձրել նրա ուսումնական ու տնտեսական կյանքը և իրենց ընթերցողների համար պարզել են այդ «լուսավորության տաճարը» ներսից և դրսից: Երբե՛ք: Աղմուկներ, աղմուկներ այսինչ հոգաբարձուի կամ այնինչ ուսուցչի չորս կողմը, մեծ մասամբ լիքը հետին մտքերով, կուսակցական կրքով ու անձնական վիրավորանքով:

Կարելի է այդ թերթերը հայ ընթերցողի առջև բաց են արել հայ եկեղեցու և հայ հոգևորականի պատկերը, որոնց անունից խոսել են ու խոսում են շարունակ: Երբե՛ք: Ինչ գրել են՝ եղել են կամ բարեկամի գովասանք կամ թշնամու բամբասանք, և մինչև այսօր էլ նրանց ընթերցողը լավ չի հասկանում, թե ինչո՛ւ պետք է կռվել հոգևորականի դեմ կամ ինչո՛ւ է նրա փեշիցը բռնել: Նա գիտի միայն հրեշներ ու հրեշտակներ, ուրիշ ոչինչ:

Սակայն գուցե թե հայ լրագրի ընթերցողը մի որևէ ճաշակավոր ու անաչառ խոսք է լսել իր թատրոնի կամ իր գրականության մասին: Կրկին նույն պատասխանը շատ քիչ դեպքերի բացառությամբ: Եղիր թեկուզ շատ տաղանդավոր դերասան, միևնույն է, չես ազատվելու ծաղրից ու հալածանքից, եթե այս կամ այն պատճառով թերթն ընկավ քեզ հետ: Գալով գրականությանը, գրողներ կան, որ ամբողջ ժողովրդի հարգանքն ու համակրանքն են վայելում, հոբելյաններ են տոնում, բայց դեռ ոչ մի մարդավարի խոսք չեն լսել այդ թերթերից: Հաճախ միայն հայհոյել են և ամեն կերպ աշխատել են խեղդել կամ թույլ չտալ, որ անունը դուրս գա հրապարակ: Շատ է տարօրինակ, շատ է զարմանալի, բայց փաստ է: Վերջապես հայի կյանքում խոշոր դեպքեր են տեղի ունեցել, աղետներ ու շարժումներ են եղել: Գուցե թե այդ մամուլը անկողմնապահ ու բազմակողմանի քննության է ենթարկել այդ երևույթները: Դարձյալ նույնը, միշտ նույնը. կամ օվսաննա կամ հայհոյանք: Գնա ինչ կուզես դրանից հասկացիր:

Եվ մեր այն բազմությունը, որ կրթվել է այդ մամուլի վրա, զարմանալի թեթև, մակերևույթորեն դատել ու հեշտ դատապարտել է սովորել, խոսքն ընչի մասին ուզում է լինի, հայհոյել, ցեխը կոխել կամ բարձրացնել, երկինք հանել, դեմն ով ուզում է լինի: Չի սիրում բնավ առարկել կամ հիմնավորել իր առարկությունները, չգիտի հարգանք տածել դեպի հակառակորդը, և նեղություն չի քաշում գործի էությունը հասկանալ:

Խոսքս վերջացնելով ավելին ասեմ, այդ թերթերը հոգս չեն քաշում գոնե մի տանելի լեզու ունենային, և հայոց լեզվի աղճատման ու աղավաղման ամենամեծ պատճառներից մինն էլ հենց ինքըհայ թերթն է:

Եվ չի ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ հասկանալ ու պահանջել գիտի, որ թույլ չի տալ իրեն հետ ամեն բան խոսել և ամեն ձևով խոսել:

Իսկ երբ հորիզոնի վրա կերևա այդ պատկառելի ընթերցողընա, հայ թերթը, ստիպված կլինի իրեն հավաքելու, «զոհաբերություն» անելու և կարգին աշխատակիցներ պահելու կամ եղածների հետ մարդավարի վարվելու, ստիպված կլինի բան տալու և տալու վայելուչ կերպով: Այդ օրը կլինի վախճանը աղմկարար ու անբովանդակ հնի և սկիզբը բովանդակալի, անաչառ և ազնիվ մի նոր հոսանքի, որ ցանկալի է այնքան և որ պետք է գա վերջապես:

ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՄԵԶԱՆՈԻՄ

Ամեն մի ազգի ինքնաճանաչության համար ազգագրությունը բռնում է առաջնակարգ կարևոր տեղ: Մինչև կյանքի ու ժամանակների խորքը թափանցելով, ինչքան որ կարող է թափանցել մարդկային միտքն և գիտության լույսը, նա ապացույցներ ու եզրակացություններ է դուրս բերում մարդաբանությունից, լեզվաբանությունից, հնագիտությունից, աշխարհագր<ական> պայմաններից և այդպիսով ցեղերի ու ժողովուրդների անցած կյանքի պատկերը հանում մեջտեղ իրենց ամեն առանձնահատկություններով, այլև խնամքով հավաքում է իր օրերի ազգագրական նյութերը, որ կարող էին ծածկվել, կորչել հեղհեղուկ ժամանակի ալիքների տակ, ու այդ բոլորն ամբարում է, պահում թանգարանների ու ազգագրական գրվածքների մեջ:

Մեր ազգը, որ աշխարհքի ու Արևելքի ամենահին ազգերից մինն է և ազգագրության տեսակետից հանդիսանում է վերին աստիճանի հետաքրքրական մի աղբյուր ուսումնասիրության, և մեր աշխարհքը, որ մի լիքը թանգարան է ամեն տեսակի կենցաղագիտական, պատմական, կրոնական, բանահյուսական և այլ մեծարժեք նյութերի, տակավին մնում են խավարի մեջ, իրենց փառքերը ավերակների ու հողի տակ, իրենց պարծանքները մոռացության ու անհայտության մեջ: Իրար ետևից, անընդհատ կորչում կամ փչանում են այդ ամենը նոր կյանքի հոսանքների տակ ու նորանոր աղետների մեջ: Սրա համար էլ մեր աչքում մի առանձին նշանակություն է առնում Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերությունը իր թանգարանով ու հանդիսով, որ հիմնել է պ. Ե. Լալայանը1 և անդուլ աշխատանքով ճգնում է ծավալել ու ճոխացնել: Այժմ էլ նա նոր է վերադարձել Վասպուրականի կողմերից ու հետը բերել է նոր գանձեր:

Շատ հին ձեռագրեր, որ կոտորածների ժամանակ (սա կնշանակի գրեթե միշտ) թաղված են եղել վանքերի ու եկեղեցիների թաքստոցներում, հանել է, չորացրել, մաքրել ու ցուցակագրել հ. Տաշյանի ձևով2 և լուսանկարել նրանց նշանավոր մանրանկարներն ու գրերը: Դրանց մեջ կան նաև բավական թվով մատենագիրներ, իսկ հիշատակարաններում պատմական հարուստ նյութ Վասպուրականի անցյալից: Եվ այդ ձեռագրերի թիվն է 1,500:

Կազմած է Վանա, Տոսպա և Հայոց Ձորի գավառակների ազգագրությունն ու նկարագրած նրանց գյուղերը, վանքերն ու բերդերը: Նյութեր է հավաքել Վասպուրականի մանրամասն քարտեզը կազմելու: Նյութեր է հավաքել ժողովրդական հավատի ու դիցաբանության մնացորդների: Գրի են առնված ժողովրդական երգեր ու հեքիաթներ, որոնց մեջ և Սասունցի Դավթի ու Մհերի երկու նոր վարիանտները: Լուսանկարել է 170 տիպեր, տեսարաններ, հնություններ ու սեպաձև արձանագրություններ: Բերել է վանեցի կնոջ ու տղամարդու տարազները իրանց ամեն արդ ու զարդերով: Մի գործ՝ արժանի ամեն շնորհակալության ու ամեն խրախուսանքի և այնքա՛ն կարևոր, այնքա՛ն անհրաժեշտ հայոց պատմության ու հայոց գրականության համար3:

Եվ մենք ամենայն եռանդով ու սիրով հորդոր ենք կարդում մեր այն ունևորներին, որոնք իրոք սիրում են իրանց ազգի անցյալն ու ներկան, մոտենան ուժ տալու այս շատ գեղեցիկ հիմնարկությանը, մեր ուսուցիչներին ու ամեն տեղ ցրված կարող մարդկանց, որ աջակցեն օր առաջ հավաքելու մեր հին կուլտուրայի ու կյանքի մնացորդները և այսօրվա եղածը ի մի, որ տեսնենք ի՛նչ ենք ունեցել ու ի՛նչ ունենք:

ՀԱՅՈՑ ԹԱՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ

Վաղը բացվում է Թիֆլիսի հայոց թատրոնը և բացվում է Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայով:

Մենք չգիտենք ինչն է պատճառը, որ հայոց թատրոնն այսպես ուշ է բացվում, թատրոնի վարչությունը դեռ բացատրություն չի տվել հրապարակավ, բայց ինչ էլ որ լինի, լավ չի:

Դերասանական խումբը ընդհանուր առումով հաջող է կազմված, թեև դժբախտաբար դուրսն են մնացել մեր հին ու փորձված դերասաններից մի քանիսը:

Ռեպերտուարին գալով՝ մենք մի կարևոր նկատողություն ունենք անելու: Ամեն մի ժողովրդի թատրոն թատրոն է ամենից առաջ ինքնուրույն ռեպերտուարով:

Դա է, որ թանկ պիտի լինի թատրոնի համար և նրա հաջող գործերը չպետք է հնացած համարվեն ու դուրս ընկնեն, և եթե մինը կամ մի քանիսը դուրս են ընկնում՝ միայն այն դեպքում, երբ այդ ռեպերտուարը շատ է մեծ ընտրության համար: Այժմ ինչքան է մեծ հայոց ինքնուրույն ռեպերտուարը, որ նրա եղած աչքի ընկնող գործերն էլ դուրս թողնեք: Սակայն Դրամատիքական Ընկերությունը ոչ թե դրանցից մինը կամ մի քանիսն է դուրս թողել, այլ բոլորը և միայն մի հատն է վերցրելՇիրվանզադեի «Պատվի համար»-ը, այլևս ոչ մի պիես ո՛չ Սունդուկյանից, ո՛չ Ահարոնյանից, ո՛չ Փափազյանից և ո՛չ ուրիշներից: Սա կնշանակի լավ չգնահատել ինքնուրույն գործը:

Չլինի՞ նրա համար, որ հին են:

«Մշակն» էլ զարմանում է, որ Դրամատիքական ընկ. վարչությունը սեզոնը բաց է անում հին պիեսով: Այս զարմանքն էլ մենք գտնում ենք միանգամայն զարմանալի: Ո՞րտեղ է ընդունված և ինչու անպատճառ թատրոնները պետք է բացվեն նոր պիեսով: Այս անշուշտ լավ է իմացել և թատրոնի վարչությունը, որ սեզոնը բաց է անում ծանոթ պիեսով, չնայելով իր ձեռքին ունի երեք նոր պիեսՇիրվանզադեի «Արմենուհին», Մ. Գևորգյանի «Փառանձեմը» և Ս. Թառայանի «Սոկրատեսը»:

Ողջունելով Թիֆլիսի հայոց թատրոնի բացումը, մենք սրտագին կցանկանայինք, որ հայ հասարակությունը գնահատեր ու պաշտպաներ իր մայրենի բեմը, իր դրամատուրգներին ու դերասաններին, այսպիսով նրանց հնարավորություն տալով ավելի ուժեղանալու և իրեն համար էլ իրավունք ձեռք բերեր ավելի խստապահանջ լինելու:

ՉԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈԻՆՔ

Տարիներ շարունակ հետևելով մեր մամուլին, մենք այսօր ստիպված ենք արձանագրելու մեր մամուլի մի տգեղ սովորությունընրա վերաբերմունքը դեպի մեր հաստատությունները, դեպի մեր գործերն ու գործիչները և խղճի ամենայն հանգստությամբ հայտարարում ենք, որ դա եղել է միշտ չար, միշտ աչառու, միշտ թունավոր, միշտ վիրավորական, վնասելու դիտավորությամբ, կուսակցական կրքից, թեև միշտ էլ եղել է անաչառ քննադատության անունով և զանազան նման գեղեցիկ յառլիկներով: Նրա հալածանքից ու հայհոյանքից չեն ազատվել ոչ մեր գրականությունն ու գրողները, ինչքան էլ տաղանդավոր լինեին ու անմեղ, ոչ մեր հասարակական հիմնարկությունները, ինչքան էլ նրանք լինեին բարեգործական, հրատարակչական կամ կուլտուրական, ոչ մեր գործիչները, ինչքան էլ նրանք լինեին մաքուր ու պատկառելի, մի խոսքով ոչ ոք և ոչինչ: Փրկվել են միայն նրանք, որոնք եղել են նրան կուսակից ու համախոհ: Այլևս ոչ մի փրկություն: Ամեն մի հիմնարկություն նրա աչքում հակառակ է համարվել նրա շահերին, ամեն մի գործչի, նույնիսկ իր սեփական թղթակցի հռչակն ու հաջողությունը նա վնաս է համարել իր փառքին և միշտ ճգնել է կռվել ամենքի դեմ, հայհոյել, ծաղրել խանգարել, խեղդել:

Մենք այժմ չենք ուզում խոսել այն մասին, թե ո՜րտեղից է հոգու այդ դաժանությունը, այդ չկամությունը, այլ կարոտով միայն մի բան կկամենայինք, որ փոխվեին մեր բարքերը վերջապես, որ վերանար այդ ավերիչ վերաբերմունքը, այդ գարշելի, բարբարոսական ադաթը մեր մամուլի միջից, տեղի տալով անաչառ, վայելուչ քննադատությանը, լայն ու պայծառ հայացքին և ազնիվ, բարյացակամ վերաբերմունքին դեպի մեր մարդիկն ու մեր հաստատությունները և, փոխանակ սպանելու, քանդելու, ջլատելու, աշխատեինք ուժ տալ ու կենդանացնել:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

Եվրոպական և ռուսական թերթերի էջերը մեծ մասամբ բռնված են քաղաքական հարցերով: Ինչո՞ւ. որովհետև այդ ժողովուրդները ապրում են քաղաքական մեծ պայքարներով, երկիրներ ու ազգեր տիրելու և կառավարելու ծրագիրներ ունեն, առևտուրի մեծ շուկաներ ու ազդեցությունների ասպարեզներ ձեռք բերելու խնդիրներ ունեն, միլիարդներով փոխառություն անելու, դաշնակցություններ կապելու հոգսեր ունեն, խաղում են իրենց ահռելի ուժերով, աշխարհքներ ու ազգեր են շարժում, և արթուն, ուշի՜ ուշով հետևում են ամեն մեկը մյուսի կամ ամբողջ աշխարհքի քաղաքական կյանքի ընթացքին, մանրամասն հաշվի են առնում դիմացինի այս կամ այն շարժումը, նավերի թիվն ու զորաբանակը, աշխատում են գուշակել մեկը մյուսի տեսակցությունն ու խոսակցությունը, զբաղվում են դրանով, խորհրդածություններ են անում, և այդ պատճառով իրենց թերթերն ու հոդվածներն էլ նվիրում են դրանց:

Այս ամենը շատ է պարզ ու շատ է հասկանալի: Բայց մի բան, որ շատ է անհասկանալի ու անհեթեթ, այն է, որ մեր մամուլն էլ, մենք էլ ամենայն եռանդով միշտ հետևել ենք և հայ ընթերցողների հետ զրույց ենք արել, հաշիվ ենք տեսել քաղաքական այդ բոլոր դեպքերի ու դեմքերի մասին, շարունակ առաջնորդողներ ենք նվիրել մեկի և մյուսի քաղաքականությանը, խորհրդածություններ արել, եզրակացություններ հանել, սխալներ գտել, և, թո՛ղ զարմանալի չթվա, նույնիսկ զգուշացրել ու սպառնալիքներ արել:

Եվ այս սովորությունը, այս ադաթը այնպես է արմատացել մեր մեջ, այնպես է տիրել մեր ուղեղին, որ, շատ է հավանական, շատերի զարմանքն են հարուցանելու մեր տողերը, թե՝ հապա ի՞նչ կերպ կարող է լինել: Կասեն՝ մենք կուլտուրական ժողովուրդ ենք, մենք մամուլ ունենք, ինչպե՞ս չհետևենք լուսավոր ազգերի քաղաքական կյանքին: Բայց երբ այդ կուլտուրական ժողովրդի մամուլի ներկայացուցչին, բարերարին ու գյուղատնտեսին դուրս են անում հայ գյուղից, նոր են խոստովանում, թե չեն ճանաչել հայ գյուղացուն ու հայ գյուղը, մի խոստովանություն, որ նորերս արին «Մշակում»1. կամ թե չէ, այդ քաղաքակիրթ բազմությունը, որ քանի-քանի անգամ տեսել է եվրոպական ազգերի կուլտուրական ու քաղաքական գործերի հաշիվը, նոր է իմանում, որ իր թեմական դպրոցներում աշխարհաբար հայերեն լեզու չկա, և հալածված է եղել իր գրականությունը նրանց մեջ, ինչպես վերջերս բացվեց «Հորիզոն»-ի էջերում2:

Իսկ եթե մենք պետք է զբաղվեինք քաղաքականությամբ, այդ ամենից առաջ այն էր լինելու, որ մի ճշմարիտ հայացք լինեինք ստեղծած, մի պարզ վերաբերմունք լինեինք մշակած դեպի այն պետությունները, որոնց ձեռքի տակ գտնվում ենք: Մի գիտակցական, մտածված վերաբերմունք, որ գոյություն չունի ամենևին և միշտ առաջնորդվում ենք քամու հոսանքներով, նախապաշարումներով ու թյուրիմացություններով, ամեն անգամ էլ դառնությամբ հաշվելով մեր կոպիտ սխալներն ու կորուստները, ամեն անգամ էլ ամեն մեկս ետին թվով հանդիսանալով խելոք ու հեռատես, երբ եղածն անցել է անդառնալի: Եվ որտեղից պետք է լինի այդ գիտակցությունն ու մտածված վերաբերմունքը, քանի որ միանգամայն տգետ ենք մեր նույնիսկ մոտիկ անցյալին և այսօրվա անցած դարձածին:

Այսպես է, դժբախտաբար, եվրոպական պետությունների քաղաքականության վրա խորհրդածող կուլտուրական ժողովուրդը: Եզոպոսի աստղաբաշխի3 նման, որ, դիտակն աչքերին, աստղերը դիտելով, առանց իր ոտի տակի ճանապարհը նայելու աոաջ է գնում ու գնում է ընկնում ջրհորը:

Անշուշտ, քաղաքական աշխարհքից պետք է երբեմն-երբեմն տալ տեսություններ և այդ շատ է հեշտ, որովհետև պատրաստ գալիս է տպված, բայց առաջին ու մեծ տեղը պետք է բռնեն մեր աշխարհքը, մեր կյանքը, այդ կյանքի հարցերն ու նրանց լուրջ, ամենակողմանի ուսումնասիրությունը, այն, որ դժվար է, և գուցե դրա համար էլ ամենից քիչ տեղ է ունեցել մեր մամուլի մեջ:

ՆՈՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Անցյալ իննսնական թվականներին հայոց գրական ասպարեզում հայտնվեցին տարբեր ուղղության ու տարբեր շնորհքի մի շարք բանաստեղծներ: Մեծ հասարակությունը, որ առհասարակ ծանր է լսում և ուշ է գնահատում, մանավանդ գեղարվեստական գործերը, իհարկե, սրանց չնկատեց:

Այսպիսի դեպքերում գնահատողը լինում է գրականությունը սիրող ու հասկացող մի որոշ բազմություն, որը կազմում է և այս կամ այն երկրի գրական մթնոլորտը: Դժբախտաբար դա էլ գոյություն չուներ մեր աշխարհում: Հրապարակը բռնած էր միայն մամուլը, և ահա՛ այդ մամուլն էլ, այս ոգևորված ջահելների խումբը տեսավ թե չէծիծաղը պրծավ: Շատ քիչ մարդկանց բացառությամբ, հայոց կրիտիկոսներն ու հրապարակախոսները, ոչ մի գնահատելի բան չգտնելով այս նորեկների մեջ, գլխարկները դրին փայտերի ծայրին՝ այնպես դուրս եկան սրանց դեմ՝ առնելով ծաղրի ու ծանակի առարկա: Եվ այդ ժամանակները մեր կողմերի հայկական շրջաններում, մանավանդ այսպես կոչված «ազատամիտ» բանակում, ավելի ծիծաղելի բան չկար, քան «բանաստեղծ» բառը:

Երկար է այս տարօրինակ պատմությունը և մտադիր էլ չենք այժմ անելու, բայց ուզում ենք մի անգամ էլ հիշեցնել, որ այսպիսի մթնոլորտում չի ծաղկիլ ու չի ճոխանալ ոչ մի տաղանդ, այլ ընդհակառակը, շատ բան կկորցնի տարիների ընթացքում, մինչև որ խանգարված դադարի վերջնականապես: Եվ այդպես է եղել մեր գրականության մեջ:

Մեր գրողները, գրեթե բոլորը, խանգարված գրողներ են, խանգարված թե արտաքին, թե ներքին պայմաններից: Այդ պատճառով էլ սրանց լավ գործերը թվելու ժամանակ մեծ մասամբ առաջին գործերն են հիշատակում, երբ թարմ են եղել դեռ ու ոգևորված:

Բայց թողնենք նրանց: Նորերն են գալիս:

Արդյոք այնքան փոխվե՞լ են ժամանակն ու հասարակությունը, որ գոնե սրանք մենակ չմնան ու լքված, այլ տեսնեն, որ ապրում են հարազատ ժողովրդի մեջ, զգան նրա սիրող սրտի ջերմությանը, նրա վերաբերմունքի քնքշությունը, ոգևորվեն, զարգանան ու մեծանան:

Դուրս է գալի մի նոր բանաստեղծ. բանաստեղծ բառի լավ մտքով և արդեն վկայված է հրապարակում: Բայց ո՞վ է մոտենում նրան, ի՞նչ է սպասում նրան, ո՞վ գիտի...

Սակայն այս տողերը գրելու առիթը մեզ տվին այն երկու աշակերտները, որոնց աոաջին երգերն այսօր տպամ ենք «Հորիզոնի» թերթոնում, մինը Ներսիսյան դպրոցի VII դասարանցի, մյուսը Երևանի Թեմական դպրոցի IV դասարանցի1: Կան սրանց նման և մի քանի ուրիշները: Այս պատանիները, որ դեռ աշակերտական նստարանից մեր առջև փռում են իրենց շնորհքը, միաժամանակ հենց այդ օրերից էլ իրենց գլուխները կորացնում են ծանր կարիքի այն սև ճակատագրի տակ, որը չի խնայում ոչ մի տաղանդի: Միաժամանակ հրապարակ է գալի սրանցից ոմանց սոսկ ապրուստի, շատ համեստ ապրուստի խնդիրը: Արդ, եթե տակավին չկա այն հասարակությունը, որը գրականություններ ու գրողներ է ապահովում, մի՞թե չկան մեզանում գրականությունը սիրող ու հասկացող այնպիսի անհատներ, որոնք սիրեին և այս տեսակ մարդկանց կյանքն ու գործը:

Անշուշտ կան, և շատ բան է պարտական նրանց հայոց գրականությունը: Ահա այդպիսի մարդկանց ուշադրությունն ենք հրավիրում մեր տաղանդավոր սկսնակների վրա: Թող սրանք էլ լինեին ուրիշ շատ որդեգիրների թվում, որ սրանց գեղեցիկ ճանապարհն ու թանկ հաջողությունը ապահովվեին ջահել օրերից: Այս տեսակի լավությունը արված կլինի ոչ թե մի անհատի, այլև մի ամբողջ ժողովրդի, ո՞վ գիտի, գուցե և ավելին, որով և հասարակական տեսակետից բարերարությունն էլ կդառնա ավելի մեծ ու իմաստալի:

<Լ. Ն. ՏՈԼՍՏՈՅԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ>

Ընկավ ռուսական վիթխարի հանճարը ու մահվան բոթից թնդում է լայնածավալ Ռուսաստանը մի ծայրից մինչև մյուսը: Թնդում է և ամբողջ լուսավոր աշխարհքը, որովհետև, ինչպես ճշմարիտ մեծ մարդ, կրելով կատարյալ իր ժողովրդի հոգին ու պատկերը, հանդիսանում էր իր ժամանակի գեղարվեստական գրականության այն հոյակապ ուժը, որ կարող էր մի հայացքով ու մի գրվածքով ամփոփել կյանքը ահագին տարածության վրա՝ վերևից մինչև ներքև, արտաքին կեղևից մինչև հոգու ամենածածուկ խորշերը, հանդիսանում էր իր ժամանակի հսկա փիլիսոփան, որ աշխատում էր լուծել կյանքի առեղծվածը, խորամուխ լինել, հասկանալ ու պատասխան գտնել, թե ինչո՜ւ է ապրում մարդը և փիլիսոփայական խաղաղությամբ նայելով մահվան պաղ ու խորունկ աչքերին՝ ուզում էր հաշտություն ստեղծի նրա ու նրա առջև սարսափող հոգիների մեջ:

Следующая страница