Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Անկասկած՝ հայոց տպագրության 400-ամյակի տոնի արտակարգ մեծ կուլտուրական խորհուրդն ու արժեքը, ձեռնարկած գործի ընդհանուր ազգային նշանակությունն ու կարևորությանը և ձեռնարկող մարդկանց հեղինակավորությունն ու լրջությունը կենտրոնացնելու են այս գործի վրա ամեն տեղի հայ ժողովրդի ուշադրությունը, սերն ու ջերմ, միահամուռ աջակցությունը:

ՏԽՈՒՐ ՀԻՇՈՂՈԻԹՅՈԻՆ

(Ղազարի մահվան տարեդարձին)

Ուղիղ մի տարի առաջ՝ մին էլ այսօր էր, որ նա դարձավ հիշողություն: Մենք էլ հիշողություններ կգրենք: Ուրիշ ի՞նչ կարող է անել մեր մարդկային ապիկարությունը ամենազոր մահվան հանդեպ:

Սակայն այսօր, նրա մահվան առաջին տարեդարձին ես այն չեմ պատմելու, թե ինչ զգացմունքով էինք կապված մենք կյանքում ու ինչ օրեր անցկացրինք, ոչ էլ նրանից եմ խոսելու, թե ինչ եղավ նրա մահն ինձ համար, այլ հիշատակելու եմ մի երկու տարօրինակ դեպք: Տարօրինակ եմ ասում, որովհետև սովորաբար տարօրինակ են համարվում, թե չէ մենք այդ տեսակ դեպքերը ընդունում էինք որպես սովորական ու բնական երևույթներ:

Մենք հաճախ խոսում էինք բնության ու կյանքի գաղտնի ուժերից, որ տակավին մարդը չի ճանաչում ու չի գիտակցում պարզորեն: Խոսում էինք և հոգիների փոխադարձ հաղորդակցության ընդունակությունից, որ տարածություն չեն ճանաչում և ազդում են ամեն տեղ ու ամեն հանգամանքում, բայց միայն նուրբ բնության տեր մարդիկն են զգում ու հասկանում: Եվ մեր մեջ՝ համարելով մեզ էլ այդ տեսակի մարդիկ՝ շատ դեպքեր էինք բերում մեր կյանքից:

Ահա այդ դեպքերից երկուսը. մինը՝ թե ինչպես նա ինձ տեսավ վտանգի մեջ, մյուսը՝ թե ինչպես ես տեսա նրա մահը:

Սրանից տասը տարի առաջ, 1902 թվականին, ես Թիֆլիսի Հայոց Ազգագրական Ընկերության խմբագրության մասնաժողովի մեջ էի: Գարնանը, մի գիշեր, երբ հավաքվել էինք խմբագրական մասնաժողովի նիստին, մի անակնկալից ես հանկարծ ընկա: Կես գիշերին ինձ բերին մեր տունը: Դրությունս այդ գիշեր սաստիկ ծանրացավ. բայց, իհարկե, այդ ժամին ամենքը քնած էին ու ոչ ոք էլ բան չէր կարող իմանալ: Գիշերվա մի ժամին մեր զանգը տվին: Գնացին, եկան, թե՝

Աղայանն է կանգնած ներքևը մթնում, քեզ է հարցնում: Դուրս եկա հարցնեմ՝ ինչ կա, ինչ է պատահել:

Դե լա՛վ, լա՛վ... հետո... Ձայն տվեց ներքևից ու գնաց:

Առավոտը եկավ, դեմս կանգնեց ու զարմանք հայտնեց, թե ինչպես է, որ ես կենդանի եմ: Պատմեց ու նկարագրեց, նկարագրեց ամենայն ճշտությամբ, թե ինչ դրության մեջ էր տեսել ինձ գիշերը: Նրա համար էր վախեցել ու եկել անժամանակ, համոզված, որ ինձ, անպատճառ մի դժբախտություն է պատահել և զարմանում է, որ ոչինչ չի պատահել:

Ես եղածը ծածկեցի նրանից մինչև մի քանի օր անցավ:

Մի ուրիշ անգամ ես տեսա նրան: Տեսա, թե ինչ պատահեց նրա հետ, ես էլ վախեցած շտապեցի նրա մոտ, բայց այլևս չէի կարող նրան պատմել...

Այդ անցյալ տարի, ուղիղ մին էլ այսօր, հունիսի 20-ի առավոտն էր: Մի տոթ առավոտ էր: Ժամը 9-ից նոր էր անցել:

Նստած էի գրասեղանի առաջ ու միտք էի անում:

Այս խաղաղ մտորման ժամին հանկարծ առաջս փայլատակեց մի պատկեր, մի կենդանի ու զարհուրելի պատկեր... Ղազարոսն առջևս գետին տապալվեց... մեռավ...

Այս պատկերը կայծակի արագությամբ, ավելի վառ, քան իրականությունը, եկավ ու անցավ մի անսպասելի ծանր հարվածի պես և այնպես տակն ու վրա արավ, որ ցավի ու շփոթության մեջ սկսեցի մոտիկ բարեկամների անունները որոնել, թե ո՞րտեղ են, որ հեռագրենք... Մի կերպ աշխատեցի ինձ հաղթանակել, հուզմունքս զսպել. վեր կացա, սկսեցի սենյակումս շրջել, բայց չէի կարողանում ինձ տիրել: Այս ժամանակ ներս է մտնում կինս ու տեսնելով ինձ այդ դրության մեջ, զարմացած հարցնում է՝ թե ի՛նչ է պատահել: Պատմում եմ, թե այս տեսակ մի հիմար բան է մտել գլուխս ու չեմ կարողանում ազատվել: Նա ծիծաղում է վրես ու հանդիմանում: Սկսում է խոսել ուրիշ բանից: Հենց այս խոսակցության միջոցին փողոցից ներս է ընկնում գունաթափ որդիս...

Պապեն ընկավ...

Ո՞րտեղ...

Փողոցում...

Ի՞նչպես թե ընկավ...

Ուշաթափվեց... տարան տուն... բժիշկների ետևից են վազում...

Վազում եմ: Նրա տանից մոտ եմ... Հեռվից մեր բարեկամներից մինը ձեռքով դեմս նշան է անում օդի մեջ ու ձայն է տալի.

Վերջացա՛վ...

Վազում եմ... Մի երկու րոպեից աչքիս առջևն էր նրա վիթխարի դիակը, իսկ ականջումս կանչում էր մեր բարեկամի գուժկան ձայնը.

Վերջացա՛վ...

Այո՛, վերջացավ: Հավիտյան վերջացավ: Եվ ինչքա՛ն բան վերջացավ ինձ համար... որովհետև ինչքան էլ սիրելի լիներ նա որպես գործիչ, հազար անգամ՜ ավելի թանկ էր որպես ընկեր, և ինչքան էլ շնորհալի լիներ որպես ստեղծագործող, անհամեմատ ավելի բարձր էր որպես ստեղծագործություն: Աստծո հազվադեպ հաջող ու պայծառ ստեղծագործություններից մինն էր նա:

ԵՐԵԿՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅՍՕՐՎԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նորից ոռնում է հին ծանոթ գույժը — «Տաճկաստանում կոտորում են հայերին»...

Նորից կոտորածի մռայլ մղձավանջը ծանրանում է մեր հոգնած սրտերին և նորից ամենուրեք դալկանում է Արևելքի հին տառապյալըհայ ժողովուրդը:

Ոմանք ասում են՝ սուտ է, կոտորած չկա: Հայերի դատարկ սարսափն է միայն, որ աղաղակում է այդպես զարհուրելի: Բայց մեր աշխարհքներին ու կիսավայրենի ժողովուրդներին ծանոթ մարդը ամենայն հեշտությամբ պետք է հավատա կոտորածին:

Եթե մինչև անգամ միայն սարսափն է գոռում այսօր, մի՞թե սարսափը դատարկ բան է, էն էլ սարսափելի երկրում ու սարսափելի ժողովուրդների մեջ: Էդ էն սարսափն է, որ աղաղակում է ամեն կոտորածից առաջ ի լուր աշխարհի:

Մի՛ ասեք, թե սուտ է և ապարդյուն ու թշվառ քաղաքականության մի՛ դիմեք անհույս ու շատ փորձված կողմերում:

Դիմեցեք հայոց պատմությանը, Կովկասի պատմությանը, Արևելքի պատմությանընրանք ձեզ կասեն. էդպես է եղել միշտսարսափ ու կոտորած, սարսափ ու կոտորած... իսկ վերջին դարերում սարսափի, կոտորածի հետ միաժամանակ կկարդաք. «ս. պատրիարքը գնաց մեծ եպարքոսի մոտ, նրան հավաստիացրին, որ արդեն կարգադրություն է եղած խաղաղությունը վերականգնելու և չարագործներին պատժելու, կամ թե չէ՝ պատրիարքը հրաժարական տվեց...» և դարձյալ սարսափ ու կոտորած, սարսափ ու կոտորած...

Վերցրեք մեր պատմությունից ժամանակի մի որոշ տարածություն: Ահա ձեզ 1912 տարի:

1912 տարի է մի անհավասար կռվի մեջ միսն ատամն առած մաքառում ու տանջվում է էս ժողովուրդը, կոտորվում ու փչանում է էս ժողովուրդը:

1912 տարի է Արևելքի բոլոր հզորներն ու բարբարոսները արյունով ու արտասուքով հեղեղում ու ողողում են էս երկիրը: 1912 տարի է սարսափ ու կոտորած, ջարդ ու գաղթ հետևում են իրար անընդհատ:

Էս ամենը դարերով տեսնող ու տանող ժողովուրդը անշուշտ մի իմաստություն պիտի հաներ ու սովորեր էսքան դառը փորձերից ու փորձանքներից, մի քաղաքականություն պիտի ստեղծեր ու մշակեր իր համար էս դժոխք աշխարհքում:

Եվ հայ ժողովուրդը ստեղծեց ու մշակեց իր համար գլխապահության, ինքնապաշտպանության քաղաքականությանը:

Բայց լավ փորձելով ու տեսնելով, որ անկարող է միայն ինքնապաշտպանությամբ իր գլուխը պահել, միշտ աշխատել է միաժամանակ ունենալ մի հզոր դաշնակից կամ ավելի ճշմարիտըհովանավոր Արևմուտքի քրիստոնյա պետություններից, որովհետև նրան անդադար հոշոտում ու ծվատում էին ոչ թե միայն վաչկատուն ցեղերն ու ժողովուրդները Արևելքի, այլև հենց էն պետությունները՝ զրադաշտական թե իսլամ, որոնց հավատարիմ հպատակն ու հարկատուն էր նա:

Եվ 1912 տարի շարունակ իր երկրի մերթ էս, մերթ մյուս կողմերում ինքնապաշտպանություն կազմակերպելով ու դիմագրավելով օրհասական տագնապների մեջ, նա՝ հայ ժողովուրդը երկար դարերով անդադար օգնություն ու պաշտպանություն է աղերսել քրիստոնյա Արևմուտքից, և էդքան դարերի ընթացքում միայն երկու անգամ է պատահել, միմիայն երկու անգամ, որ նա Արևմուտքից գտել է օգնություն և ուժեղ հովանավոր:

Առաջինը եղել է արևելյան հռովմեական կայսրությունիցԲյուզանդիայից, երկրորդըռուսական կայսրությունից:

Հայոց պատմությունը հոյակապ է նկարագրում էն տեսարանը, երբ Ձիրավի մեծ դաշտում մի կողմը պարսկական թշնամի զորքն էր ծփում «իբրև ծով իմն ահեղ», իսկ նրա դեմ Հայաստանին օգնության եկած բյուզանդական բանակն էր կանգնած իր խաչանիշ դրոշակով «իբրև լեառն ադամանդեայ»: Եվ մինչդեռ Արևելքի ու Արևմուտքի էս ահագին զորություններն իրար եկած վճռում էին հայ ժողովրդի ճակատագիրը՝ վերև, Նպատի նվիրական բարձունքին հայոց մեծ Ներսեսը գոչում էր. «Առ Տէր՝ բազկատարած հայցմամբ խնդրելով ի նմանէ հայիլ ի խաչակիր դրօշակ իւրոյ ժողովրդեան», որի աշխարհքը դարձել էր «սպանդարան մարտիրոսաց»:

Թերևս ավելի սրտառուչ է, երբ շատ դարերից հետո Էջմիածնին օգնության շտապող ռուսաց բատալիոնները1 Կրասովսկու առաջնորդությամբ Ապարանի լեռներից Պարսկաստանի գահաժառանգ Աբբաս Միրզայի տասնապատիկ ավելի ուժեղ բանակի կրակի միջով ձգվում էին դեպի հայոց մայր Աթոռը, և մինչդեռ ամբողջ օրը Արարատյան դաշտում, Օշականի ձորում, Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի շուրջը որոտում էր պատերազմը, մի ուրիշ մեծ Ներսես2 սեղան էր հանել Հայաստանի սրբությունները և Լուսավորչի գերեզմանի առջև տարածված ամբողջ միաբանությամբ առ Աստված էր աղաղակում պատերազմի ելքի և պարսկական դժոխքի մեջ այրվող իր ժողովրդի փրկության համար. և աչքերը հանած, լեզուները կամ ոտներն ու ձեռները կտրատած հայ մարդիկ Մայր տաճարի զանգակների տխուր ղողանջյունի վրա սողում էին Էջմիածին կամ դեպի քրիստոնյա բանակը:

Եվ զուր չի էդ հողի վրա հայոց եկեղեցին արձան կանգնեցրել հայ ժողովրդի ապագա սերունդներին ի գիտություն:

Այո՛, էդ ամենը պետք է իմանան ապագա սերունդները:

Այսօրվա շատ մարդիկ, հայ թե ռուս, չեն էլ կարող երևակայել, թե ինչպես են իրար հանդիպել հայն ու ռուսը: Ականատեսներից մինը, հայտնի դեկաբրիստ Ե. Ե. Լաչինովը, իր «Խոստովանությունների» մեջ սաստիկ սրտաշարժ պատմում ու նկարագրում է անցյալ դարի սկիզբներում էդ հանդիպումները:

Նկարագրում է տաճկական, պարսկական ու քրդական գազանությունները, պատմում է, թե ինչպես էին նրանց առաջ սարսափահար փախչում հայերը գեղահան ու տեղահան եղած: Պատմում է, թե ինչպես էին նրանք վազում դեպի ռուսական զորքերը՝ ծեր ու մանուկ, մարդ ու կին, աղաղակելով, русь! русь! здрасти! здрасти!...

Եվ էդ մի բառով էին արտահայտում ամեն բան, և սարսափ, և աղաչանք, և սեր, և խնդիր, որովհետև լեզու չգիտեին: Իսկ մյուս կողմից. «Не бойтесь! не бойтесьձեն էին տալի սարսափահար գյուղացիներին թշնամու դեմ վազող զինվորներն ու արագացնում էին իրենց վազքը:

Ակներև էր, ասում է նա, Լաչինովը, որ գերազանց հանդիսանալու ցանկությանը չէր, այլ յուրաքանչյուրի սրտին հարազատ կարեկցության զգացմունքն էր տանում ամենքին: Մեզանից ամեն մինը մասնակցում էր դժբախտների վիճակին: Նրանք իրենց հանձնել էին մեր պաշտպանությանը, մենք տեսնում էինք նրանց լիովի վստահությունը ռուսական բնավորությանը, նրանց երախտագիտությունը շարժում էր մեզ, հարուցանում էր մեր մեջ ազգային պատվասիրության բարձր ու ազնիվ զգացմունքը: Վերջապես վտանգի միջի կինը, էն թույլ ու անպաշտպան արարածը, որ սակայն ամեն ժամանակ ու ամեն տեղ մեծ ազդեցություն է ունեցել սխրագործությունների վրա, ասպետական ոգու վրա, — ահա թե ինչն էր պատճառը, որ մեզանից ամեն մինը հարձակվողներին նկատում էր որպես անձնական թշնամիների և սլանում էր պաշտպանելու ոչ թե իբրև օտար մարդկանց, այլ իբրև իր արենակիցների» (Кавказск. сб. т. I. Отрывок из «Исповеди» Лачинова)3: Նա, Լաչինովը, պատմում է, թե ինչ սրտառուչ խանդավառությամբ էր դիմավորում իրենց հայ կեղեքված ու տանջված ժողովուրդն ամեն տեղ, ինչպես էր աղոթում, լալիս ուրախությունից. թե նույնիսկ էն երեխան էլ, որ նոր էր սկսել թոթովել, իրենց տեսնելիս ինչպես էր կանչում «Здравствуй, здравствуй...»:

Իսկ մյուս կողմից ռուս օֆիցերներն են գանգատվում, թե հայերին օգնության գնալիս անկարելի է կարգ պահպանել զորքի մեջ, զինվորական շարքերում. որովհետև ամեն մի զինվոր առաջ է նետվում ավելի շուտ օգնության հասնելու համար և խանգարում են կարգը: Անկարելի է լինում կարգ պահպանել:

Էսպես. էն լացախառն ու աղոթքախառն «Здравствуй»-ն, որով ողջանամ էր բազմատանջ հայ ժողովուրդը ռուսական ազատարար բանակին, հենց էնպես աղոթքով ու արտասուքով էլ արձանագրվեց ու հավերժացավ «Վերք Հայաստանի»-ի մեջ, ինչպես էն ի խորոց սրտի խոսքերից մինը, որ երբևիցե արտասանել է հայ ժողովուրդը աշխարհքի առաջ, և իր մշտական տառապանքի մեջ էլ միայն էն ժամանակ է մի իրական օգնություն տեսել, երբ հնչել է եղբայրական հուժկու «Не бойтесьж-ը հանուն արդարության, հանուն քաղաքակրթության:

Մենք հավատում ենք, որ այժմ էլ, երբ վառվում է Անատոլիայի անմար դժոխքը, չի մարած ռուս մարդու լայն սրտի մեջ էդ ազնիվ ու վեհ զգացմունքը, որով նա պետք է պարծենա աշխարհքի առաջ. մենք հավատում ենք, որ այժմ էլ, երբ միլիոնավոր մարդիկ կոտորածի առաջ սարսափահար կարեկցություն ու պաշտպանություն են աղերսումռուսական մեծ պետությունը չի հրաժարվիլ Արևելքի մորթվող ժողովուրդներին պաշտպանելու սրբազան ավանդություններից և՝ հիմնվելով միջազգային դաշնագրերով իր ունեցած իրավունքների ու պարտավորաթյանների վըրա՝ կարտասանի իր հսկայական «Не бойтесь»-ը. մենք կյանքի փորձով գիտենք ու հավատում ենք էդ մեծ ուժին ու կենդանի զգացմունքին և հավատում ենք, որ նա վերջ կդնի հայ ժողովրդի էս անվերջ կոտորածին, վայրենի ժողովուրդների անվերջ բարբարոսությանը, քաղաքակիրթ աշխարհքի էս անվերջ խայտառակությանը:

Ղ. ԱՂԱՅԱՆԻ «ԱՆԱՀԻՏԸ»

Սի քանի տարի սրանից առաջ պ. Լևոն Մանվելյանը Հայոց նոր գրականության վրա խոսելիս մի նկատողություն արավ, թե՝ Ղ. Աղայանը իր «Անահիտը» վերցրել է Թաղիադյանի «Վեպ Վարսենկան» գրվածքից:

Ես նրան հայտնեցի իմ գիտեցածը, թե «Անահիտը» ժողովրդական հեքիաթ է, որի մի վարիանտն էլ «Փեշակը ոսկի ա» վերնագրով տպված է Նավասարդյանի հեքիաթների ժողովածուի մեջ1, էն էլ Լոռու վարիանտը, որ Աղայանը գիտեր մանկուց, իսկ վրացական վարիանտը՝ «Թագավորն ու արհեստավորը» անունով տպված է «Աղբյուրի» առաջին տարում2:

Պ. Մանվելյանն էս ամենը հիշատակել էր իր «Հայոց գրականության պատմության» առաջին գրքում3, կցելով սակայն, թե էս նյութն առաջին անգամ մշակել է Թաղիադյանը, որին հետևեց Աղայանը: Եվ խոստացել էր «Վարսենիկի» ու «Անահիտի» համեմատությունն իր տեղն անելու:

Աղայանը սպասում էր խոստացած համեմատության հրատարակությանը, որ ասի էս առարկայի մասին իր խոսքը, բայց դեռ համեմատությունը չտպված ինքը մեռավ: Այժմ դուրս է եկել խոստացված գիրքը, Հայոց գրականության պատմության չորրորդ պրակը, որի մեջ պ. Մանվելյանը իր համեմատությունը անելիս գրում է. «Աղայանը իր սյուժետը վերցրել է Թաղիադյանի «Վեպ Վարսենկան» վերնագրով հեղինակությունից»4:

Եվ ահա թե՛ իմ ողբացյալ ընկերի հիշատակի առաջ, թե գրականության պատմության առաջ ես իմ պարտականությունն եմ համարում էսօր գրելու էս մի քանի տողը՛ ճշմարտությանը պարզելու նպատակով, հայտարարելով միանգամայն, որ սրանով պ. Մանվելյանին չեմ վերագրում ճշմարտության դեմ դիտավորությամբ մեղանչելու որևէ միտք, անընդունակ ճանաչելով նրան էդ տեսակ վարմունքի:

«Անահիտի» սյուժետը Աղայանը Թաղիադյանի «Վարսենիկից» չի վերցրել: Աղայանը մինչև անգամ պնդում էր, որ Թաղիադյանի վեպը փոխադրություն է իտալականից, տալիս էր իտալացի գրողի անունը և խոստանում էր ապացուցանել: Աղայանի «Անահիտի» և Թաղիադյանի «Վարսենիկի» մեջ չկա էն նմանությունը, ինչ որ կա հայ ժողովրդական հեքիաթի և Աղայանի գործի մեջ, որ նույնն է ամենայն հարազատությամբ: Աղայանը էդ նյութն առել է մեր ժողովրդական հեքիաթից, որ ջատագովում է արհեստը: Մի հեքիաթ, որ ունեն բոլոր ժողովուրդները, ըստ էության նույնը, մանրամասնությունների մեջ իրենց առանձնահատուկ երանգով ու կյանքով: Ինչպես գրեթե բոլոր հեքիաթները:

Աղայանը գիտեր էդ հեքիաթի հայկական երկու վարիանտը: Էս րոպեին ես իմ ձեռքի տակ ունեմ նույն հեքիաթի վեց վարիանտը: Մի վարիանտ էլ կա, ռուսերեն լեզվով գրի առած իբրև հայ ժողովրդական հեքիաթ, որը ուրիշ բան չի, այլ հենց Աղայանի «Անահիտի» թարգմանությունը5: Վերջապես Աղայանը դեռ 1881 թվին «Անահիտի» հենց առաջին հրատարակության մեջ հայտարարում է դրա ինչ լինելը և որտեղից առնելը: Էդ հրատարակության ճակատին գրած է. «Հին զրույց», «Ազգային բանավոր զրույցներից առած»: Հետն էլ դնում է Խորենացու խոսքերը. «Պատմեցից ձեզ... զրոյցս անգիրս, յաւանդութենէ ի մեզ հասեալ, զոր և բազումք ի գեղջկաց զրուցեն մինչև ցայժմ»:

Իսկ թե ինչու է Աղայանը էս հեքիաթին տվել պատմական զրույցի կերպարանք ու փոխադրել Աղվանք Վաչագան թագավորի ժամանակները, էդ էլ կարելի է պարզ տեսնել էն «հավելվածքից», որ դրել է նույն հրատարակության վերջում հետնյալ վերնագրի տակ. «Մովսես Կաղանկատուացու պատմությունից մի ծանոթություն Վաչագանի ժամանակումն եղած չար և դիվական աղանդների մասին»:

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ

I

«Հորիզոնի» № 196-ում տաճկահայոց նոր սարսափների առիթով ես մի հոդված էի գրել «Մեր երեկվան պատմությունն ու այսօրվան իրականությունը» վերնագրով1, որի մեջ, շատ թռուցիկ հայացք ձգելով մեր կյանքի ու պատմության վրա, մեր ներկա վիճակը նկատել էի անցյալի շարունակությունը և ասել էի. — եթե մեր բազմադարյան տառապանքի մեջ մի օգուտ ու օգնություն ենք տեսե՝լ էդ եղել Ռուսաստանից վերջին ժամանակներս, և հուսացել էի, թե դարձյալ նա օգնության կգա կոտորածի առաջ կարեկցություն ու պաշտպանություն աղերսող հայ ժողովրդին:

Էսպես գիտեմ ես մեր արյունոտ պատմությունից, էսպես է ասում ինձ Փոքր Ասիայի ու Կովկասի զարհուրելի տարեգրությանը, էսպես է խոսում ինձ հետ հայոց գրականությունն ու իրականությունը, էսպես է թելադրում ինձ իմ հասկացողությունն ու խիղճը:

Արդ, «Հովիտ» շաբաթաթերթի 38 №-ում, պ. Գ. Ենգիբարյանը, ինձ «մեր սիրելի բանաստեղծն» անվանելով հանդերձ՝ էնպես է դուրս բերում, իբրև թե ես տաճկահայերին ապստամբության եմ դրդել իմ հոդվածում, կասկածի է ենթարկում իմ անկեղծությունը ու շատ է նեղանամ, որ ես էս տեսակ մտքեր ու դատողություններ եմ արտահայտում:

Այո՛, սխալ, և շատ սխալ կարող են լինել իմ մտքերը, ինչպես կարող են սխալ լինել և իրեն, պ. Ենգիբարյանի մտքերը, բայց ո՞րտեղ է տաճկահայերի ապստամբության ակնարկն իմ հոդվածում, և կամ ի՞նչն իրավունք տվեց «Հովիտի» աշխատակցին անկեղծության ու սրտի խոսք հարուցանելու:

Մի՞թե էդպես են խոսում «սիրելի բանաստեղծների» հետ...

Հիրավի, էս ի՞նչ այլանդակ սովորություն է մեր աշխարհքում. մարդկանց դեմ խոսելիս՝ պարզ ասածը խեղաթյուրել, ստեր փաթաթել դիմացինի վիզը, ապա մի անգամ փաթաթած զրպարտությանը զարգացնելով հակառակորդին դուրս բերել ոչ թե էնպես, ինչպես որ կա, այլ էնպես, ինչպես որ իրենք են ուզում:

Եվ էս տգեղ սովորությունը վերջին տարիներս մեր կյանքում իրեն շատ հարմար մի նյութ է գտելհեղափոխությունն ու ապստամբությանը:

Տարիներից ի վեր մենք լսում ենք հայ մարդկանցից, կարդում ենք հայոց մամուլի մեջ, հենց «Հովիտի» վերև հիշած №-ում էլ նույն բանն են գոռում, թե տաճկահայերի կոտորածները հայկական ապստամբության արդյունք են:

Օտարները աղաղակում են, Տաճկաստանում պաշտոնավարող եվրոպացիք ապացուցանում են, որ էդպես բան չի եղել ու չկա, որ հայկական ապստամբությունն առասպել է, սուտ է, «...армянское восстаниемиф» (Ролен Жекмен, член Института международного права. «Армения, армяне и трактаты», стр. 153), որ էդ մեղադրանքը ոչ մի քննադատության չի դիմանամОбвинение, будто бы армяне были зачинщиками возбуждения, не выдерживает критики (Мак Коль, «Султан и Державы», стр. 263, телеграмма британского посланника в Константннополе к Лорду Салсбёри от 13 дек. 1895 г.): Նրանք ցույց են տալի, որ էդ կոտորածները սարքովի են, եղել են միշտ, և միտք ունին, որ հայ ժողովուրդը ջնջեն, հայկական հարցը ջնջեն, եթե ջնջել չկարողանան, գոնե թիվը կրճատեն, որ միանգամ ընդմիշտ պրկվի ու ընկնի հարց դառնալու իրավունքից ու կարողությունից: Նրանք հրատարակում են, թե կոտորածներից հետո մեծ վեզիրը սուլթանին հայտագիր ներկայացրեց Հայաստանի դրության մասին, նրան հավաստիացրեց, որ էլ չանհանգստանա հայկական ռեֆորմների ծրագրի պատճառով, որովհետև այժմյանից արդեն ամեն տեղ մահմեդական տարրը մեծամասնության է կազմում (Там же, стр. 264. Депеша итальянского посланника в Константинополе итальянскому министру иностр. дел): Վերջապես, հինգ տերություն միասին վեր են կենում, քննություն են կատարում ու հայտարարում, թե ամեն մի բողոք անիրավության դեմ, ինչքան էլ նա սուր բնավորություն ունենաապստամբություն չի, թե հայկական ապստամբություն չի եղել ու չկա... Էդ միևնույն է, սրանք իրենցն են շարունակելու:

Եվ ահա ես էլ էսօր ստիպված եմ հերքելու, թե իմ հոդվածում ապստամբության չեմ գրգռում թուրքահայերին, այլ ասում եմ կոտորվում են, տանջվում են, և Ռուսաստանը կօգնի էդ կարեկցություն ու պաշտպանություն աղերսող ժողովրդին:

Ես, իմ աշխարահայացքով, հայոց թագավորության կարոտով մաշվողը չեմ: Ինձ համար լիուլի հերիք է հայ ժողովրդի կուլտուրական ազատությունը կուլտուրական ժողովուրդների եղբայրության մեջ:

Սակայն, էսօր իմ առաջուց գրածին ավելացնամ եմ հետևյալ խոսքերը: Պ. Ենգիբարյանը պատրաստ պետք է լինի, չպետք է զարմանա ու չպետք է ուշաթափվի, եթե երբևէ մի օր էլ էդ տեսակ երկրում լսի ապստամբության գոչը: Ամեն մի ժողովուրդ, ինչքան էլ նա ռայա լինի (որ հոտ կնշանակի), բաղկացած է կենդանի մարդկանցից, հորից, մորից, քրոջից, եղբորից, ամուսնուց, որդուց... Դրանք հավիտյան չեն կարող տանել թե՛ իրենց և թե՛ իրենց հարազատների տանջանքն ու անպատվությունը:

Մարդկային կարողությունն ա համբերությունը, ինչքան էլ մեծ լինի, մի սահման ունի: Իսկ էն հարցին, թե էդ տեսակ դեպքում Ռուսաստանը դուրս կգա կռվի դաշտը թե չէ, կօգնի հայերին թե չէ, մի հարց, որի պատասխանը հենց տեղն ու տեղը ինքը պ. Ենգիբարյանն էլ տալիս է բացասաբար, առարկելով, թե Ռուսաստանը պատերազմ չի ուզում, ես դրան էսպես կպատասխանեմ: Ռուսաստանը 1877 թվականին էլ ամեն կերպ աշխատում էր խաղաղ ճանապարհով վերջացնել բոլգարական խնդիրը, էն ժամանակ էլ պատերազմ չէր ուզում, էսպես էլ հայտարարում էր մինչև պատերազմի նախօրյակը և պատրաստ էլ չէր իսկի, բայց ստիպված եղավ պատերազմի դուրս գալու. հետևաբար չի ուզումուրիշ բան է, չի գնալուրիշ:

Այնուհետև պ. Ենգիբարյանը իմ դեպի Ռուսաստանը տածած հույսերի վերաբերությամբ անկեղծության ու շիտակության հարց է հարուցանում, և ես ինձ զգում եմ ավելի ամուր դիրքի մեջ: Նա հարցնում է, մի՞թե ես հավատում եմ, որ ռուսները եթե հարյուր տարի առաջ հայերին օգնեցին՝ էսօր էլ կօգնեն:

Ես պատասխանում եմայո՛, էսօր էլ մեզ ռուսները կօգնեն, ինչպես օգնեցին 100 տարի առաջ և նրանից հետո էլ շատ անգամ:

1878 թվականին էլ մեզ կօգնեին ռուսները և էսօրվա դրությունը չէր լինի, եթե չլիներ Անգլիան և եվրոպական պետությունների կոնցերտը: Նա դուրս չէր բերում իր զորքերը տաճկական վիլայեթներից, մինչև սուլթանը չիրագործեր հայկական բարենորոգումների ծրագիրը, բայց նրան ստիպեցին, զորքը դուրս բերին, մեջտեղը մնացին դատարկ խոսքերն ու խոտոումները, որոնց չկատարելու համար Տաճկաստանը ավելի ևս եռանդով կպավ հայն ու հայկական հարցը մեջտեղից վերացնելու դժոխային գործին: Նրանից հետո էլ, 90-ական թվականների կոտորածներից հետո էլ եվրոպացի դիվանագետները ասում էին. հայկական ռեֆորմների հարցը ձգձգելը կնշանակի էդ հարցը լուծելու գործն ապագայում հանձնել Ռուսաստանին: Նրանցից շատերն էն ժամանակ էլ գտնում էին ու խոստովանում, որ միայն Ռուսաստանն էր լավ վճռում և նրան պետք է թողած լինեին վճռելու հայկական հարցը: Ասացեք խնդրեմ, եթե եվրոպացի քաղաքագետները կարող էն էդքան հույս ունենալ Ռուսաստանի վրա՝ ի՞նչ զարմանալու բան կա կամ ի՞նչ հանցանք, որ մի հայ մարդ ու հայ գրող էլ նույնպես էդ հույսն ունենա ռուսների վրա: Մի հայ գրող, որ գոնե եվրոպացիների չափ կարող է գիտենալ իր ժողովրդի պատմությունն ու դրությունը:

Եվ մեզ զբաղեցնող հարցի վերաբերությամբ միշտ ես ունեցել եմ մի հայացք ու մի համոզմունք, հիմնած մեր պատմության ու իրականության վրա, ու ոչ մի տեղ և ոչ մի ժամանակ էլ չեմ թաքցրել իմ կարծիքն ու իմ զգացմունքը:

Սրանով էլ պետք է բացատրել էն վրդովմունքը, որ ես ունեցա ու հրապարակով հայտնեցի, երբ Պոլսում, Թուրքիայի հողի վրա, էն հողի վրա, ուր երբեք չի ցամաքել մարդկանց արտասուքն ու արյունը և էն օրերն էլ դեռ ծովացած էր 20 հազար ադանացիների արյունըմիտինգ էին անում ու խոսում Ռուսաստանի դեմ: Մի՞թե ես չգիտեի, թե ուրիշ նեղացող եթե չլինի, գոնե էն միտինգ անողները կնեղանան ինձանից:

Դրանից մի քանի տարի աոաջ էլ, թուրք-հայկական ընդհարումների ժամանակ, երբ հարկադրված, հայի պատմական ինքնապաշտպանաթյանը դիմելով հանդերձ, աշխատում էի իմ հայրենիքում հաշտություն ու խաղաղություն հսատատել հայ ու թուրքի մեջ, առանց խտրելու, թե որինն է էս սարսափած երեխան կամ էս դալկացած կինը, էն ժամանակ էլ, թե՛ ինքնապաշտպանության գործում, թե՛ խաղաղության, եղել եմ միշտ ռուսաց պետական մարդկանց հետ, հաստատ համոզված լինելով, որ էդ պետությունն է միայն մեր երկրում եղած կարգը հաստատողն ու պահպանողը, որ նրա բացակայությունը Կովկասից կվերադարձնի էն դժոխքը, որի մեջ դարերով էրվել են բոլոր ազգերն ու ցեղերը հավասար, էն դժոխքը, որ տեսել ենք անցյալում և որ տեսանք մեր օրերում, մեր աչքով ռուս պետության ժամանակավոր խառնակության ու թուլության օրերում:

Տրամաբանորեն էս հայացքից ու համոզմունքից էլ առաջ գալով, ես «Հորիզոնում» տպած էդ իմ հոդվածը3 գրել եմ ամենայն հետևողականությամբ ու անկեղծությամբ: Բայց շարունակենք:

II

Շատ սառն ու օբյեկտիվ հարցրել եմ կյանքին ու պատմությանը, թե ինչո՞ւ էր տաճկական պետությունը կոտորում հայերին և ինչո՞ւ է կոտորում: Ինչո՞ւ է Ռուսաստանը պաշտպանել հայերին և ինչո՞ւ պետք է պաշտպանի:

Չէ՞ մարդիկ կան, որ կարծում են, թե Աբդյուլ Համիդը կոտորում էր հայերին, որովհետև արյունռուշտ մի բռնակալ էր և սիրում էր կոտորել... Տաճկահայերն էլ մի երգ ունեն. ասում է` մկները քրդերի արտերը կերան, քրդերը որ տեսան մկներին չեն կարողանում հաղթել՝ ետ դառան հայերին կոտորեցին...

Այո՛, աշխարհքին հայտնի մի պարզ ճշմարտություն է, որ Տաճկաստանում կոտորում են հայերին: Բայց պետք է գտնել սրա ետևը թաքնված մյուս ճշմարտությունըպատճառը, որը կարող է շատ բարդ լինել:

Ինչո՞ւ է Տաճկաստանը, Համիդյան թե Ժյոն թուրքական, բռնապետական թե սահմանադրական, հալածում ու կոտորում հայերին և թույլ տալիս կոտորելու նույնիսկ մկների ջգրու, ինչպես ասում է ժողովրդական երգը:

Էս մի հարցին մի քանի պատասխան են տալի: Ասում են՝ որովհետև հայերը քրիստոնյա են... որովհետև տնտեսական խնդիր կա... որովհետև հեղափոխականներ կան... որովհետև վրեժ կա... որովհետև անկարգ կառավարություն է, խավար է...

Էդ ամեն որովհետևներն էլ կարող են լինել և կան. սակայն մի որովհետև կա, որ ինձ թվում է, թե ամենալուրջ պատճառն է հայկական կոտորածների:

Վերցրեք Թուրքիայի քարտեզն ու մտիկ արեք: Դա մի նոր պետություն է, որ դրսից եկել է ու կոպիտ ուժով նստել հին կուլտուրական ազգերի ու նրանց հայրենիքների վրա: Եվ էդ երկիրներից մինը թե կա, որ նա համարում է ու դարձրել է իր հայրենիքը, ոչ Բալկանյան թերակղզին է, ոչ Աֆրիկայի հյուսիսը, այլ Անատոլիան, Փոքր Ասիան, էն երկիրը, ուր հայ ժողովուրդն էլ հնագույն ժամանակներից նստած պաշտում է իր Մեծ Հայաստանը, իր ազգային նվիրական վայրերն ու սրբությունները ու էն հողի վրա էլ հարուցանում ու զարգացնում է հայկական հարցը: Էս տեսակետից էլ հայկական հարցը Տաճկաստանը հուզող ամենածանր ցավերից մինն է, և հետզհետե թերևս դառնա ավելի ու ավելի ծանր, քանի թուրքն ստիպված լինի սեղմվել դեպի էս կողմերը: Եվ ահա էս հարցից ազատվելու հնարը էսպես է վճռել թուրքի պետական հանճարըհայերին կոտորել կամ հալածել, քշել, գաղթեցնել: Այո՛, վայրագ ու անօրեն է էս ճանապարհը, այլն խելագար, սակայն հաստատ: Եվ էս, ճանապարհով էլ նա արդեն հասել է մեծ հետևանքի: Թե՛ եվրոպական մեծ պետությունների հյուպատոսների ու դեսպանների, թե՛ գիտնական ճանապարհորդների, թե՛ հայոց պատրիարքարանի տված ստատիստիկական տեղեկություններով Տաճկաստանի ինը հայաբնակ վիլայեթներում հայ ժողովրդի պրոցենտը տատանվում է 14-24-ի մեջ, իսկ ոչ մի վիլայեթում հայը չի կազմում ազգաբնակության 50 տոկոսը: Էս դեռ 80-ական թվականների ստատիստիկան, իսկ նրանից հետո ի՛նչքան ժողովուրդ կոտորվեց, ի՛նչքան ժողովուրդ գլուխն առավ փախավ, գաղթեց, ի՛նչքան ժողովուրդ պակասեց...

Վանի ռուսաց հյուպատոս Մայեվսկին իր «Ванский вилает» ուսումնասիրության մեջ ասում է՝ Վանի վիլայեթից 1520 տոկոս պակասեց հայ ժողովուրդը միայն 1895 թվի կոտորածով: Ասում է գյուղեր ու տեղեր կան, ուր Ժողովրդի կեսից ավելին ջարդվեց ու գաղթեց:

Եվ էս ջարդին ու գաղթին վերջ չկա:

Էսպեսով էլ ստեղծվել է մի դրություն, որ նշանավոր գիտնական Էլիզե Ռեկլյուին տրամադրում է լուրջ կերպով կարծիք հայտնելու, թե հայ ժողովուրդը ոչնչանալու ճանապարհի վրա է, և շատ չի քաշիլ որ, Արևելքի մի քանի անհետացած կուլտուրական ազգերի նման, նա էլ կիջնի պատմության ասպարեզից:

Մի դրություն, որ մանավանդ երբ տեսնում եք չի փոխվում, և որի վրա ձեր հիշողության մեջ երբ գալիս ավելանում են հենց միայն վերջին դարիս նախճիրները1822 թվի հույների կոտորածը, 1850 թվի նեստորականների կոտորածը, 1860 թվի մարոնիտների ու սիրիացիների կոտորածը, 1876 թվի բուլղարների կոտորածը, 1892 թվի եզիդների կոտորածը, — կարծեք արդարանում է Գլադստոնի2 կարծիքը, թե էն սև օրվանից ինչ հայտնվեց էդ ժողովուրդը, հայտնվեց ինչպես մարդկության թշնամի: Որ կողմը հայտնվեց՝ իր ետևից թողեց արյան լայն հետք, և ուր մտավ նրա իշխանությունը, ամեն տեղից չքացավ քաղաքակրթությունը, անհետացավ միանգամայն: Ամեն տեղ մտցրեց կոպիտ ուժի իշխանությունը և երբեք չհասկացավ ու չունեցավ օրենքի վրա հիմնած կառավարություն...

Էս պատճառով էլ Ֆր. Գրինն ասում է. «Երբ Տաճկաստանից Կովկաս ես անցկենում, էդ միևնույն է, թե անապատից պարտեզ ես մտնում, անապահովությունից կատարյալ ապահովության ես անցնում, կարիքից ու ցավից լիության ու բարեկեցության մեջ ես ընկնումПоложение армян в Турции», 268): Այո՛, միանգամայն ուրիշ պատկեր է Ռուսաստանում: Դրա համար էլ բոլորովին ուրիշ հարաբերություններ են եղել էստեղ և ուրիշ հարաբերություններ էլ պետք է լինեն: Էդ պատճառով էլ մենք Ռուսաստանի համար ոչ այլ ինչ ենք, եթե ոչ ավանգարդ, ինչպես ասում են սովորաբար: Եվ հավատարիմ ավանգարդ, որովհետև էստեղ կոտորածներից ազատվել ենք, թվով բազմապատկվել ենք, տնտեսականապես հարստացել ենք, կուլտուրապես առաջ ենք գնացել, և դեռ սպասում ենք ավելի լավ օրերի: Ռուսաստանն էլ մեզանից ոչ մի վատություն չի տեսել անցյալում, ապագայում էլ ոչ մի երկյուղ չունի: Էս 25-30 տարվա սառնությունն էլ, որ սկսվում է Հայոց Գեորգ IV թուրքասեր կաթողիկոսի ու Դոնդակով-Կորսակով հայատյաց կառավարչապետի օրերից, հեշտ կարող է վերջանալ Գեորգ V-ի կաթողիկոսության ու կոմս Վարանցով-Դաշկովի փոխարքայության օրով: Ռուսական սահմանադրությունն էլ, որ ծանր երկունքով հասունացած կյանքն է ծնել, ինչ ուզում է լինի, ինչքան էլ տատանվիդեպի առաջ է գնալու, դեպի ավելի լայն հորիզոններ ու պայծառ օրեր, թուրքական սահմանադրությունը չի որ, անակնկալ ու օտարոտի, Պոլսին տիրող բարձունքներից ընկել է թնդանոթի ռումբի հետ, հար և նման ՜76 թվականի Համիդյան սահմանադրության և ճիշտ նույն հանգամանքներում ու միևնույն նպատակովմինը` Տաճկաստանն ազատելու բոլգարական փորձանքից, մյուսը` մակեդոնական, ուրիշ ոչինչ: Եթե մի ժամանակ մարդիկ կային, որ չէին հավատում, այժմ էդ տեսակ մարդիկ էլ չպետք է լինեն:

Следующая страница