Թումանյան Հովհաննես՝   Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ

Ռուսաստանում մենք ունեցել ենք և կարող ենք ունենալ կուլտուրական մաքառում: Եվ ես համաձայն չեմ էն ողբերի ու ողբասացների հետ, թե մենք կորչում ենք էդ մաքառման մեջ. էդ տրտունջները պետք է բացատրել գլխավորապես ավելի առաջ գնալու տենչանքով. ընդհակառակը, մի հետադարձ հայացք կհամոզեր, որ հենց ազգային տեսակետից երբեք էնքան ուժեղ չենք եղելինչպես էսօր:

Խոսքս եզրափակելով ասում եմ, մենք Ռուսաստանում գտնվում ենք աշխարհիս լավ ժողովուրդներից մեկի և լավ գրականություններից մեկի ազդեցության տակ, Տաճկահայաստանն էլ կազմում է Ռուսաստանի արևելյան ազդեցության մերձավոր շրջաններից մինը, և գրեթե միմիայն Ռուսաստանի: Էնտեղ էլ անցյալում նա է կամեցել և այժմ էլ նա կկամենա ու կկարողանա վերջ դնել էս ծանր դրությանը:

Հարկավ, մարդիկ կլինեն, որ կառարկեն, թե էդ ամենը Ռուսաստանը արել է, կանի, որովհետև էդպես են պահանջում իր շահերը: Ես դրան կպատասխանեմ... — Ավելի լավ, որ հզոր Ռուսաստանի ու հայ ժողովրդի շահերը բռնում են իրար: Հենց դրա մեջն է կայանում հայ ժողովրդի օգնությունը, և դրանով է նա հաստատ:

Ահա թե ինչու և ինչպես իմ հույսերն ու համակրանքը կապվում են Ռուսաստանի հետ:

ԳՈՐԾԻ ԱՍՊԱՐԵԶԸ

Ասում են՝ փչացավ հայկական տառերի գյուտի ու տպագրության մեծ տոնը: Փչացավ թե չէ՝ էդ մասին հետո կխոսենք, բայց գլխավորը, — էսօր, մեծ տոնի առիթով հայ ժողովրդի առջև արդեն կանգնած են երկու մեծ գործՀայոց Կրթական ֆոնդն ու Հայոց Գրական Ընկերությունը իր Գրական ֆոնդով:

Այո՛, տոնի առիթով, բայց տոնական զգեստ չեն սրանք, որ տոնի օրը հագնենք ու տոնն անցնելուց հետո հանենք մեր հագից: Ո՛չ, դրանք գալիս են շատ ապրելու, շատ ապրեցնելու և շատ լուսավոր ու անմահ գործեր առաջ բերելու վեհ ու վսեմ նպատակով:

Դրանց կարիքը վաղուց է զգացված մեր կյանքում, վաղուց են սպասում դրանց, ու շատերն են գերեզման իջել, զուր սպասելով հարազատ ժողովրդի ընդհանուր պաշտպանությանը՝ լույսի ու խավարի ծանր ու սրբազան կռվի մեջ:

Մեզանից մեծ ու հառաջադեմ ազգերի մեջ էլ դպրոցն ու գրականությունը կարոտում են արտաքին օգնության և վայելում են ազգերի ու պետությունների խնամքը, ո՛րքան ավելի ևս անհրաժեշտ պետք է լինի էդ խնամքն ու հոգացողությունը մեզանում:

Եվ շարունակ խոսել, շարունակ գրել, բացատրել ու շեշտել են մեզանում դպրոցի ու գրականության նշանակությունը: Շարունակ ցույց են տվել, գանգատվել ու հառաչել դպրոցի ու գրականության, ուսուցչի ու գրական գործչի տագնապալի վիճակի վրա: Շարունակ երազել, ցանկացել ու առաջարկել են հայոց դպրոցն ու գրականությունը ապահովելու անհրաժեշտ գործը:

Եվ ահա Էսօր, մեծ տոնի օրը, Էդ ցանկությունները մարմին առած կանգնած են հայ ժողովրդի առջև, ու դարերի խորքից նրա վրա նայում են Մեսրոպներն ու Սահակները, Խորենացիներն ու Եղիշեները, Նարեկացիներն ու Շնորհալիները, նրանց միջնադարյան ու նոր ժամանակների հաջորդները, նրանց պայծառ գործի բոլոր գործակիցները: Նայում են նրանց անմահ հայացքները, իսկ մենք խոսքից անցնում ենք գործի:

Բացված է գործի ասպարեզը:

ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅՈԻՆՆ ՈԻ ԻՐ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ

Բացվեց Կովկասի Հայոց Գրական Ընկերությունը և, չնայելով իր միանգամայն չեզոք, բարձր ու լայն բնավորությանը, սա էլ իր ծննդյան շնորհավորանքների հետ միաժամանակ ենթարկվեց մեզանում հարձակումների ու վիրավորանքների:

Դեռ նոր էր վերջացել Ընկերության առաջին Ընդհանուր ժողովը, որ պ. պ. Հակ. Գենջյանը ու Սեդրակ Թառայանը սկսեցին իրենց հարձակումները Ընկերության դեմՄշակ» № 245 Ա «Ընկեր»21 հոկտեմբերի)1:

Հրատարակեցին, թե «Խաթաբալան», «Հովիտը», «Տարազն» ու «Մշակը» չեն մասնակցում Ընկերությանը: Ապա թե Շիրվանզադեն հայտարարեց, թե հեռու է պահում իրեն ԸնկերությունիցБаку» № 245): 2

Եվ էս ամենը էն ժամանակ, երբ դեռ նոր է բացվել Ընկերությունը և տակավին չեն վերջացել բացման շնորհավորականները:

Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել, ի՞նչ են ասում նրանք:

«Մշակը» (№ 248) ասում է. հիմնադիրները կուսակցական ոգով շարժվեին, փոխանակ իսկական գրողներին հրավիրելու և անդամ ընտրելու ինքնաբերաբար (?), դիմեցին քվեարկության եղանակին, որ ընտրեն նրանց, ում հարկավոր կհամարեն3:

Էսպես են ասում «Մշակի» խմբագիրները, էն մարդիկ, որ հաստատ գիտեն՝ կանոնադրություն կա մեջտեղը և կանոնադրության § 4 ասում է. «Ընկերության անդամների թիվը սահմանափակված չի և սեռի մեջ խտրություն չի դրվում, անդամներն ընտրվում են ընդհանուր ժողովում գաղտնի քվեարկությամբ»:

Բայց նրանք, «Մշակի» խմբագիրները, էն էլ գիտեն, որ Թիֆլիսում կա Ժուռնալիստների ընկերություն: Գիտեն, որ իրենք անդամ են էդ Ընկերությանը: Գիտեն, որ էդ Ընկերության մեջ էլ անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ: Գիտեն, որ նույնիսկ իրենք են մասնակցել էդ Ընկերության կանոնադրության կազմելուն, որ ասում է՝ անդամներին պետք է ընտրել գաղտնի քվեարկությամբ: Գիտեն, որ էդ միևնույն կարգն է տիրում և Մոսկվայի ռուսաց գրական ընկերության մեջ: Էդ ամենը գիտեն, և լավ գիտեն ու գտնում են շատ էլ կանոնավոր: Բայց... հենց որ խնդիրը փոխադրվեց հայկական հողի վրա ու մեջտեղ եկան հայ գրողներըէդ միևնույն մարդիկ միևնույն կարգը անվանում են կուսակցականություն, ետին մտքով ու չար դիտավորությունով սարքած դավադրություն ու ամեն կերպ ճգնում ու տքնում են գործը տակն ու վրա անել: Եվ խուլ մնալով հայոց հաստատությունների ու հայ անհատների շնորհավորություններին, ուրախությանն ու նվիրաբերություններին, էդ մասին տեղեկություն չտալով իրենց ընթերցողներին, այլև մերժելով Ընկերության պաշտոնական շնորհակալությունների, տպագրությունըհրճվանքով արտատպում ու ձայնակցում են, թե Բաքվի «Каспий»ն ասում էՀայոց Գրական Ընկերությունը պետք է կործանվի...4

Արդյոք ինչո՞վ բացատրել էս հրեշավոր երևույթը, էս զարմանալի ու զարհուրելի վարմունքը:

«Մշակի» խմբագիրներն ասում են, թե իրենք չեն մասնակցում Հայոց Գրական Ընկիրությանը, նաև էն պատճառով, որովհետև նրա, մեջ ընտրվել ու ընդունվել են և ոչ գրական մարդիկ: Նույն առարկությունն է անում և Շիրվանզադեն «Баку» թերթի մեջ:

Շատ լավ: Էս առարկության արժեքը, տեսնենք:

Թե «Մշակի» խմբագրությունը, թե Շիրվանզադեն չէին եկել հենց Ընկերության բացումին, հենց առաջին ընդհանուր ժողովին:

Չէ որ էն ժամանակ դեռ հայտնի էլ չէր, թե ինչ մարդիկ էին ընտրվելու, ուրեմն ո՞նց էին կարող նրանք էսպես մտածել և ինչպես են առաջ բերում էս առարկությունը:

Ինչ վերաբերում է հիմնադիրներին, նրանց անունները հայտնի էին Շիրվանզադեին դեռ կանոնադրության ստորագրության օրից, երբ իր անունը գրել է բժ. Զարգարյանի, բժ. Մինասյանի անունների շարքում, և դեռ նրանց մեջ էլ ամենավերջին տեղը:

Ի՞նչպես պատահեց, միայն նոր միտն եկավ, որ նրանք գրականության (այլև գիտության ու հրապարակախոսության) հետ ոչ մի կապ չունեն:

Սակայն դեռ մնում է ամենից էականը: Թե «Մշակը», թե Շիրվանզադեն գիտեն, որ կանոնադրության հենց § 1-ով Հայոց Գրական Ընկերությանը կարող են անդամագրվել բոլոր էն մարդիկ, որոնք հայոց մեջ աշխատում են գրականության, գիտության ու մամուլի ասպարեզում, լինեն նրանք տաղանդավոր գրողներ, թե պարզ գրչի մշակներ, մեծ գիտնականներ, թե գիտությունը ժողովրդականացնող մահկանացուներ, նշանավոր հրապարակախոսներ, թե թերթերի համեստ աշխատակիցներ:

Արդ, հարց եմ տալիս. նրանք կարո՞ղ են ասել, թե ընդունվածների ցանկում կան մարդիկ, որոնք՝ կանոնադրության տեսակետից չպիտի լինեին: Իսկ թե բանը կբերեն անհատական գնահատության, համեցեք, էնպես կրճատեմ ձեր գրողների թիվն էլ, հրապարակախոսներինն էլ, որ երկու ձեռքիս մատներն էլ շատ գան հաշվելու համար: Բայց կա հասարակական տեսակետ, կա կանոնադրություն, որ ավելի լայն է բաց անում Ընկերության դռները, նշանավորների հետ ներս է հրավիրում և մեր մտավոր կյանքի համեստ աշխատավորներին, միասին հավաքվելու, միասին հոգալու գրականության ու գրողի հոգսը. ասացեք, Աստծու սիրու համար, ի՞նչ կա էստեղ սարսափելի ու դատապարտելի:

Ընկերության նպատակը պարզած է կանոնադրության հետևյալ կետերում.

1. Իր անդամների նյութական դրության բարվոքումը:

2. Նրանց մտավոր, բարոյական և գեղարվեստական զարգացման նպաստելը:

3. Նյութական փոխադարձ օգնություն:

էս երեք կետով եթե օգտվելու են մեծերը, ի՞նչ կլինի որ փոքրերն էլ օգտվեն, չէ՞ որ փոքրից են մեծանում, աննշանից են նշանավոր դառնում:

Վերջապես մեր մեջ կան սկսնակներ, իսկ մենք, որ սկսնակ ենք եղել մի օր, գիտենք թե ինչ կնշանակի սկսնակ լինել մեր աշխարհքում: Նրանց տաղանդի ու ապագայի վրա շատ հեշտ կարող են վեճ հարուցանել, ոչ գրական մարդիկ համարել ու թողնել դուրսը: Բայց եթե երևակայենք, որ նրանց տասնից կամ քսանից մինը կարող է տաղանդավոր և շնորհքով մարդ դուրս գալ մեր գրականության մեջդրա հետ կարող ենք գտնել և մեր խտրականության հանցանքի չափը:

Հայ գրողը եթե ուզում է գրականության մեջ զգույշ լինի ու խստապահանջթող էդպես լինի իր գրչի ու գրականության վերաբերությամբ, ոչ թե ուրիշների առաջ փակի օրենքով թույլ տված հիմնարկության դռները, մի հիմնարկության, որի անմիջական նպատակն է օգնել, զարգացնել ու բարձրացնել:

Շարունակելով հասարակության կարծիքը գրգռել նորաբաց Հայոց Գրական Ընկերության դեմ՝ «Մշակը» տարփողում է ցավագին բողոքելով, թե Ընկերության ընդհանուր ժողովում ընտրական քվե չստացավ «իսկական գրող Շիրվանզադեն»: Եվ գի՞տեք երբ է բարձրացնում էս վայնասունը, նույնիսկ նրանից հետո, երբ Շիրվանզադեն ինքը հրապարակավ հայտարարել է, թե ինքը չի եղել Ընկերության ընդհանուր ժողովում, ոչ ոքի էլ չի լիազորել իրեն կողմից երաշխավորելու և չի քվեարկվել, էն էլ ոչ թե պատահմամբ, այլ էդպես է նախորոշել, և էս բացատրությունից հետո էլ նրանք շարունակում են, թե՝ «իսկական գրող Շիրվանզադեն Հայոց Գրական ընկ. մեջ ընտրական քվե չստացավ»...

Ի՞նչ է արդյոք սրա անունը, մի՞թե մի մարդ կգտնվի, որ կարողանա մի որևէ մխիթարական բացատրություն տալ էս երևույթին և մի՞թե հնարավոր են նման դեպքերը շատից քչից իրեն ճանաչող, իր գիրն ու գրականությունը հարգող հասարակության մեջ...

Հավատացնում են, թե կուսակցական է Ընկերությունը: Մի ակնարկ, միայն մի ակնարկ Ընկերության հիմնադիրների, Ընդհանուր ժողովի թե Վարչության կազմի ցուցակին, ասում եմ՝ միայն մի ակնարկ, և բավական է, որ ամեն մարդ համոզվի, թե ինչ անորակելի անբարեխղճության են հասցնում գործը էդ անտանելի հակառակորդները իրենց չար ու փոքրիկ կրքերով:

Եվ էս ամենը Հայոց առաջին Գրական Ընկերության հենց առաջին քայլերի հանդեպ...

Եվ էս բոլոր չար խոսքերն ու չար մտքերը բնականաբար հանգում են ևս ավելի չար ու դաժան մի եզրակացության, որ «Каспий»-ից, առնելով, ամենայն լրջությամբ հրապարակ է հանում «Մշակը», թե՝ Հայոց Գրական Ընկերությունը պետք է կործանվի....

Ո՛չ, չպետք է կործանվի Հայոց Գրական Ընկերությունը: Քանի որ մի երկրում, մի հասարակության մեջ էդ տեսակ մարդիկ կան էդ տեսակ, մամուլ ու էդ տեսակ վերաբերմունք կա դեպի գրողն, ու գրականությանընա, ընդհակառակը, պետք է հաստատուն կանգնի, մեծանա, ուժեղանա, հարազատ ու տաք օջախ դառնա հայոց հալածական գրականության համար, ամուր նեցուկ ու պաշտպան, դառնա հայոց խանգարված գրողի համար և բարձր պատվար ամեն չարության ու հալածանքի հանդեպ:

Եվ նրա հարկի տակ պետք է հավաքվեն բոլոր նրանք, որոնք երազում ու ձգտում են տանելու հայ ժողրվրդին դեպի գեղեցիկը, ազնիվն ու կատարյալը:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՇԻՐԻՄԸ

«Ամեն մարթ չի՛ կանա կարթա
Իմ գիրըն՝ ուրիշ գըրեն է:
Բունիաթըս ավազ չիմանաս՝
Քարափ է, քարուկըրեն է...»1

Սայաթ-Նովա

Մեր սիրելի նկարիչ Գ. Բաշինջաղյանը անցյալները «Մշակում»2 մի նամակ էր տպել ու հիշեցրել էր մեր անմահ երգիչ Սայաթ-Նովայի շիրմի խնդիրը:

Եթե չեմ սխալվում՝ մի անգամ էլ, մի քանի տարի առաջ, մեր ազգայիններից, մինը հրապարակ հանեց դարձյալ Սայաթ-Նովայի շիրմի խնդիրը, բայց էնպես անպատասխան էլ անցավ ու մոռացվեց թե հարուցած խնդիրը, թե ինքը՝ հոդվածագիրը:

Հիրավի, ծանր է, երբ միտք ես անում, էսքան հոյակապ մի տաղանդ, էսքան խորունկ մի հոգի, էսքան ազնիվ ու կենդանի մի սիրտ ու էսքան մոռացված մի գերեզմա՛ն...

Այո՛, էս ազգը դառը ժամանակների ու վայրենի հարվածների տակ ջախջախված, խանգարված ու խառնված մի խալխ է դարձել ու դեռ ուշքի չի եկել նորից, մի ամբողջություն չի դարձել ու չի ապրում իր կյանքով, թե չէ ի՞նչպես կարող էր պատահել, որ Սայաթ-Նովայի երգերն ու գերեզմանը մնային մոռացված:

Հայոց նորաբաց Գրական Ընկերությունը որոշել է մոտիկ առաջիկայում կազմակերպել հատուկ Սայաթ-Նովային նվիրված մի գրական-երաժշտական երեկո և շիրմի խնդիրն էլ էս անգամ կարգի կդրվի:

Եվ արժե, որ հայ ժողովուրդը երբեմն-երբեմն էս հարազատ, գեղեցիկ ու մեծ անունները հանդես բերի ու ջերմանա նրանց մշտավառ հոգիների անշեջ կրակով:

1913

ՄԻ՞ԹԵ ԴԺՎԱՐ Է

Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացմանը մեր գրեթե ամեն մի ուղղության ու ամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցին, միևնույն զգացմունքով, միևնույն անկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ: Էս երևույթը էնքան լավ էր ազդել մերոնցից շատերի վրա, որ չէին իմանում ինչպես արտահայտեն իրենց ուրախությունը, իսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ իմանում ինչպես հայտնեմ իմ վիշտը:

Մի՞թե հիրավի, միտք եմ անում ես, մենք էնքան ենք զուրկ առաքինություններից, որ մի լավ գործի մեջ էլ իրար կողքի կանգնելն ու միասին ուրախանալը պետք է էսքան մեզ զարմացնի ու էսքան ուրախացնի:

Եվ հեռու է տանում ինձ էս մտածմունքն ու ավելի մեծ է վիշտը:

Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ: Կյանքըտիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով: Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասովմարդկության կյանքով: Սակայն նույնիսկ դրանովմարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ: Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման: Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով: Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելինեղ թայֆայական կյանքթշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը... Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսրտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ:

Ո՛վ ողորմելի ուրախություն, ի՛նչքան ցավալի բաներ ես ասում դու...

Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը: Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ: Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք: Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի:

Մի՞թե դժվար է:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ՈԻ ԻՐ ԼՈԻԾՈԻՄԸ

Երևակայեցեք թե քսան տարի է, ինչ որ դուք ծանոթ եք մի նշանավոր մարդու, դրա համար էլ ձեզ համարում են քսան տարեկան, մինչդեռ 50 կամ 60 տարեկան եք դուք:

Սրա նման մի բան է, որ սովորաբար ասում են 35 տարի է, ինչ գոյություն ունի հայկական հարցը, որովհետև 35 տարի է, որ դրված է եվրոպական դիվանագիտության առջև և էդ էլ հաշվում են Բեռլինի դաշնադրության օրից1:

Մի հիմնական սխալ, որ մարդկանց մտածողությունը սահմանափակելով էս 35 տարվա ժամանակի ու դեպքերի շրջանակում, պատճառ է դառնում շատ սխալների:

Սակայն եթե ազատվենք էդ մեծ սխալից, հարցին նայենք ավելի մեծ տարածության վրա, հեշտ էլ կճանաչենք նրա բծավորությունը, ավելի հաջող էլ կմոտենանք նրա բանական ու բնական լուծման հնարավորությանը:

Եվրոպական դիվանագիտության համար, այո՛, 35 տարի է, ինչ որ գոյություն ունի Հայկական հարցը, բայց Մեզ համար էլ հո էդպես չի, 35 տարի չի, ինչ որ գոյություն ունի նա:

Երկրորդն էլ մեր հարցը Բեռլինից չի սկսվում և եվրոպական պետությունները չեն դրել, այլ Սան-ՍտԷֆանոյից է սկսվում, և ռուսներն են առաջին անգամ Հայկական հարցը մտցրել միջազգային խնդիրների շարքը:

Էս երկու ճշմարտության մշտապես հիշելը շատ է կարևոր և շատ բան են ասում սրանք:

Հայկական հարցը շատ է հին: Իր ամբողջությամբ նրան մեզանում քչերն են ծանոթ ու տեղյակ: Նա իր սկզբնական շրջանում զուտ քաղաքական խնդիր էր և հետամուտ էր ձեռք բերելու հայի կորցրած քաղաքական անկախությունը: Բայց ժամանակի ընթացքում ջախջախվեց ինքըհայ ժողովուրդը, ջախջախվեցին նրա ուժերն ու հույսերը ու իջնելով, իջնելով պարսկական ու տաճկական բռնակալության տակ՝ պահանջը հասավ մինիմումի: Եվ Էսօր նա հանդես է գալիս արդեն լոկ որպես քաղաքացիական ազատության խնդիր, որ իր պահանջը վերջ ի վերջո ձևակերպում է էսպես. կյանքի, գույքի, պատվի և կուլտուրական զարգացման ապահովություն:

Թե հայոց հարցը քաղաքացիական խնդիր է, ոչ թե քաղաքական, էդ լավ գիտեն թե Եվրոպայում, թե Տաճկաստանը և թե Ռուսաստանը, և հայոց սեպարատիզմի առասպելին լուրջ մարդիկ չեն հավատում: Ռուս հայտնի գեներալ Ֆադեը իր «Армянская народность» աշխատության մեջ հերքելով հայկական սեպարատիզմը, որպես քաղաքական ուղղության, ասում է՝ եթե մինչև անգամ դրսից էլ օգնություն ստանա, դարձյալ անիրագործելի բան է դա:

Եվ, էսպես ամենքի համար նա է և մնում է կյանքի, գույքի, պատվի և կուլտուրական զարգացման ապահովության պահանջ:

Արդ, ո՞րտեղ և ո՞ր օրից գոյություն ունի հայկական հարցը իր ներկա բնավորությամբ:

Էն օրից, ինչ որ վտանգվել է հայ ժողովրդի կյանքը, գույքը, պատիվն ու կուլտուրական զարգացումը: Եվ գոյություն է ունեցել Պարսկաստանում, գոյություն է ունեցել և ունի Տաճկաստանում: Գոյություն չունի և չի ունեցել Ռուսաստանում, թեկուզ իշխան Գալիցինի օրերում: Ընդհակառակը, հայ ժողովուրդը միշտ նայել է Ռուսաստանի վրա որպես իր խնդրի ավանդական պաշտպանի վրա:

Դեռ 18 դ. սկզբում Օրին, հայոց բարձր հոգևորականությունն ու մելիքները բանակցության մեջ էին Պֆալցի գերմանական կուրֆյուրստ Հովհան Վիլհելմի հետ և, առաջարկելով Հայաստանի իշխանությունը, խնդրում էին նրան, ազատել իրենց երկիրը պարսկական բռնակալությասից, գերեվարություններից, կոտորածներից, կեղեքումներից ու առևանգումներից:

Ուրեմն էն ժամանակ գոյություն ուներ հայկական հարցը Հայաստանի պարսկական մասում և կոչվում էր պարսկահայկական հարց: Եվ դեռ էն ժամանակ էր, որ գերմանական կուրֆյուրստը, թեև ցանկանում էր օգնել հայերին, հայտնեց, թե եվրոպական պետությունները հակամարտ շահեր ունեն ԱրևելքումՊարսկաստանում ու Տաճկաստանում, չեն միաբանել հայկական հարցի վրա, վերջը՝ թե հայ ժողովրդի փրկությունը չի կարող գլուխ գալ առանց Ռուսաստանի: Խորհուրդ տվեց դիմել Ռուսաստան Պետրոս Մեծին: Շատ շուտով փորձն ու գործն էլ ցույց տվին, որ միայն Ռուսաստանը կարող էր վճռել խնդիրը: Եվ թե Օրին ու հայ հոգևորականությունն ու մելիքները, թե հայ ժողովուրդը էն օրվանից երեսներն արին դեպի Ռուսաստան: Եվ ընդմիշտ դեպի Ռուսաստան: Մինչև էսօրվան օրը:

Ռուսաստանը էն միակ մեծ պետությունն էր, որ, անվերադառնալի վճռած, իր պատմական հարվածներն ուղղել էր Պարսկաստանի, բայց մանավանդ Տաճկաստանի վրա, և ուզում էր մի կողմից Ցարգրադի դարպասի ճակատին կախել իր վահանը, մյուս կողմից իջնել դուրս գալ Պարսից ծոցը: Էսպես, ճանապարհն ուղիղ Կովկասի վրով, այլև քրիստոնյա ու անհամեմատ ավելի բարձր իր քաղաքակրթությամբ: Եվ հայ ժողովուրդը բազմատանջ Վրաստանի հետ միասին ապավինեց նրան: Իսկ Կովկասը իր բարեկամ քրիստոնյա ժողովուրդներով Ռուսաստանի համար թե՛ ռազմական, թե՛ տնտեսական տեսակետից հանդիսանում էր միակ ու հաստատուն կռվանը Արևելքում: Էսպեսով էլ երկուստեք դաշն ու հավատարմությունը ապահովված էին վերին աստիճանի կենսական ու հաստատուն երաշխիքներով: Եվ ահա

«От Урала до Дуная,
До большой реки
Колыхаясь и сверкая
Движутся полки...
………………………
Идут все полки, могучи,
Шумны, как поток,
Страшномедленны, как тучи,
Прямо на восток2.

(Лермонтов)

Եվ մի շարք ռուս-պարսկական պատերազմներից հետո վերջնականապես 1828 թվին Ռուսաստանը տիրեց Հին Սյունիքը, Գուգարքն ու Արարատյան երկիրը և միանգամ ընդմիշտ վերջ տվեց կոտորածներով, գաղթականություններով ու առևանգումներով հայտնի հայկական հարցին հայոց աշխարհքի էս մասում, կամ ուրիշ խոսքով՝ պարսկահայկական հարցին:

Մնաց տաճկահայկական հարցը:

1829, 55 և 78 թվականների պատերազմներով էլ իր ձեռքի տակը բերելով Ալեքսանդրապոլն ու Ղարսը և այլ շրջաններէդ մասերում էլ լուծեց հայ ժողովրդի կյանքի, գույքի և պատվի հարցը: Սակայն սրանով լուծվեց տաճկահայկական հարցի մի մասը, իսկ մնացած մասում, ինչ որ մնաց թուրքի ձեռքի տակԷրզրում, Վան, Մուշ և այլ տեղեր, մնացին ու շարունակվեցին նույն կոտորածները, նույն գաղթականությունները, նույն բռնաբարությունները ու առևանգումներըմի խոսքով նույն հին հայկական հարցը:

Եվ պարբերաբար եվրոպական պետությունների շահերի դիմաց, լուսավոր մարդկության խղճմտանքի դիմաց, ամբողջ հայության մորմոքվող սրտի դիմաց ծառանում է էդ արյունոտ ու արցունքոտ հարցը: Այժմ էլ ահա նորից բարձրացել է նա սրբազան ահավորությամբ: Ի՞նչպես պետք է վճռվի նա և էդ մնացած մասում:

Առաջին պատասխանը, որ բխում է գործի հիմնավոր ծանոթությունից, ասում է.

Էս օրվան մնացածն էլ պետք է վճռվի էնպես, ինչպես որ վճռվել է մինչև այժմ:

Բայց էստեղ մի մեծ հարց:

Ո՞վ կուզի դրա առաջն առնի և ո՞վ է կարող:

Եվ ահա, հարցի պատմությանն ու ընթացքին հետևելով, եկանք կանգնեցինք էնտեղ, որ հայկական հարցի մնացորդն էլ պետք է լուծի Ռուսաստանն էնպես, ինչպես լուծել է մինչև այժմ կամ ուրիշ խոսքով, եկանք կանգնեցինք Խոյ ու Մակու: Եվ ահա սահմանի մյուս կողմը թյուրք կառավարությունը, որ միշտ խաղացրել է եվրոպական պետություններին, լավ գիտենալով, որ նրանք էլ են խաղ անում, աճապարանքով հրամանագրում է իր պաշտոնյաներինխաղաղություն պահպանել հայկական նահանգներում, թե չէ ռուսը անց կկենա:

Էսպեսով ամբողջ աշխարհքը գիտի, որ թե... ռուսն անց կկենա:

Թուրքը երբեք չի կարողացել և այժմ էլ չի կարող առնել ռուսի առաջը: Հապա ո՞վ կուզենա առնել ռուսի առաջը:

Եվրոպական մեծ պետությունները կուզենան:

Նրանք են միշտ պաշտպանել թուրքին ռուսի դեմ և կարող է պատահել, որ նորից նրանք պաշտպանեն:

Արդյոք թուրքի սիրո՞ւց:

Ո՛չ:

Գուցե հայերին մարդավայել օր ու կյանք տալու համա՞ր:

Երբե՛ք:

Իրենց շահերի և հատկապես Ռուսաստանի հզորացման առաջն առնելու համար:

Ռուսաստանը հյուսիսից դեպի հարավ իջնելով, Անգլիան Հնդկաստանից դեպի հյուսիս բարձրանալով, աշխարհքի էս երկու հզորների շահերն ու ազդեցությունները վաղուց են իրար դեմուդեմ եկել Միջին ու Փոքր Ասիայում: Եվ Անգլիան ամեն կերպ աշխատել է միշտ Ռուսաստանի դեմ ստեղծել մի պատվար, պաշտպանել է մերթ Պարսկաստանին, մերթ Տաճկաստանին և առհասարակ Ռուսաստանին թշնամի ամեն մի՝ ուժ սրա ծավալման ու հզորացման առաջն առնելու համար:

Մյուս կողմից՝ գերման ու սլավոն ցեղերի հին ներհակությունը հաստատվել է նոր իրական հանգամանքներով: Գերմանիան է ազդեցություններ ու իրավունքներ ձեռք բերել Տաճկաստանում և հայտնվել ռուսի ճանապարհին: Ավստրիան է տեսնում օրը ցերեկով, որ Ռուսաստանը իր ամեն մի, զարկով ոչ թե շարունակ մեծանում է Տաճկաստանի հաշվին, այլև իրար ետևից ազատագրում բոլոր սլավոն ցեղերին, իսկ ինքը Ավստրիան ունի 25 միլիոն սլավոն հպատակ: Սրանց հետ, միասին, եթե առնենք և այլ ուրիշ հանգամանքներ, քաղաքական թե տնտեսական, պարզ կլինի մեզ համար թե ինչու Ավստրիան ու Գերմանիան էլ հաճախ պաշտպանել են Տաճկաստանին ռուսի դեմ, որը հունա-սլավոնականության մեծ ներկայացուցիչն ու վերածնողն է հանդիսանում:

Դեռ 16 դարից, Ղրիմի թաթար խաների դեմ մղած կռիվների օրից, իր հետ ունենալով սլավոն ցեղերը, վեր է կացել Ռուսաստանը Տաճկաստանի դեմ: Եվ քանի-քանի անգամ մահացու հարվածներ է տվել նրան: Բայց կանոնավոր կերպով ամեն մի հաղթանակից հետո նրա դեմ են դուրս եկել եվրոպական մեծ պետությունները ու կանգնեցրել էն պատերազմի դաշտում. — Ո՛չ, Տաճկաստանը պետք է ապրի և դու չպետք է զորանաս նրա հաշվին: Թեև իրենք էս միջնորդությունների համար միշտ զորացել են Տաճկաստանի հաշվին և ռուսին տարել են մի որևէ կոնգրես կամ կոնֆերանս: — Անատոմիա կամ ավտնոմիա, — պահանջ է դրել, Ռուսաստանը վեհաժողովներում:

Ո՛չ, Տաճկաստանի ամբողջությունը պիտի մնա անձեռնմխելի. և ամեն մի բարենորոգում իր երկրի մեջ նորին մեծություն սուլթանի փադիշահության ներքին գործն է, և նա արդեն ազնիվ արքայական խոսք է տալիս, և ահա հրատարակում է էս ինչ կամ էն ինչ թուղթը. վճռել են ամեն անգամ եվրոպական մեծ պետություններն ու փակել իրենց վեհաժողովները:

Ահա թե որտեղ է, ինչպես Տաճկաստանի հետ կապված ուրիշ հարցերի, էնպես էլ հայկական հարցի դժբախտության պատճառը, և ահա թե ինչու և ինչպես է ապրել Թյուրքիան:

Հայկական հարցը վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է, հալածանքների ու գաղթականությունների հարց է. նա գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր է: Եվ նրա հաջողությունը միշտ կապված է եղել Ռուսաստանի հաջողության հետ: Ով վեր է կացել Ռուսաստանի հաջողության դեմ, վեր է կացել հայկական հարցի հաջողության դեմ, և ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակից է տաճկական գազանություններին ու հայկական սարսափներին:

Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ:

Եվ տեղ չկա խուսափելու:

«Հորիզոնի» նախանցյալ9-ում մեր խոսքը նրանով վերջացավ, թե Եվրոպական պետություններից որը եղել է Ռուսաստանի ծավալման դեմնա դեմ է եղել և հայկական հարցին, էսպես է հայկական հարցը իր ներկա բնավորությամբ, որպես գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր, կապված Ռուսաստանի առաջխաղացության հետ:

Հաստատ կարելի է ասելբոլոր հայերը գիտեն ու համոզված են, որ Գերմանիան ու Ավստրիան ավելի քան անտարբեր են եղած դեպի հայկական հարցը:

Բայց մեր մեջ հավատ կա արմատացած, թե Անգլիան ու Ֆրանսիան եղել են հայկական հարցի բարեկամները:

Ինձ թվում է մեզ էս քաղցր մոլորության մեջ գցել են Գլադստոնի, Դիլլոնի, Բերարի, Պրեսանսեի նման լավ մարդկանց ճառերը ի պաշտպանություն հայ ժողովրդի, ընդդեմ Թուրքիայի վատթար կառավարության: Իսկ իրենց պետությունները, որ միշտ եղել են Ռուսաստանի զորացման դեմ Արևելքում, դրա հետ միասին միշտ էլ դեմ են եղել հայկական հարցին:

Անցյալ դարու սկզբից Ռուսաստանը մտավ Կովկասի սահմաններն ու սկսեց իր պարսկական պատերազմները: Էդ պատերազմները թե Գուգարք ու Սյունիք, թե Շիրակ ու Արարատյան երկրում՝ ազգային սրբազան պատերազմի նշանակության ունեին հայերի համար: Վճռվում է պարսկահայկական հարցը:

Հայ ժողովուրդն ազատվում է պարսկական դժոխքից: Հայոց հոգևորականությունը խաչը ձեռքին գնում էր ռուսաց զորքի առաջին: Հայոց ինքնապաշտպանության խմբերը, որ կամավորներ էին կոչվում, կռվում էին ոուսաց զորքի շարքերում կամ ապահովում էին նրա ճանապարհը թշնամու հարձակումներից: Հայ ժողովուրդը իր ամբողջությամբ ոտի էր կանգնել:

Եվ էդ բոլոր պատերազմներում Անգլիան օգնում էր Պարսկաստանին: Իհարկե, նա չէր էլ մտածում հայ ժողովրդի մասին, և միայն մի ցավ ուներկտրել ռուսի առաջխաղացության ճանապարհը դեպի հարավ, դեպի Հնդկաստանի իր կալվածքները: Եվ էդպեսով գործում էր պարսկահայկական հարցի դեմ: Թե 18041807, թե 181013, թե 182628 թվականներին պարսից սարվազների գլուխն անցած՝ ոուսաց զորքի դեմ, նրանց հետ և հայ կամավորականների ու հայ ժողովրդի դեմ՝ կռվում էին Անգլիայի օֆիցերներն ու ինժեներները, պայթում էին անգլիական հրացանները, որ 20 հազարով ու 40 հազարով իրենց ամեն ռազմամթերքով տալիս էր Պարսկաստանին Հնդկաստանի Անգլիական կոմպանիան: Ղարաբաղի ամրությունների ու Էջմիածնի պարիսպների դեմ որոտում էին և անգլիական թնդանոթները, որոնց վրա մակագրված էր. «Թագավորների թագավորիցՇահերի Շահին պարգև»:

Սակայն վերջ ի վերջո հաղթվեց Պարսկաստանը ու վճռվեց պարսկահայկական հարցը. այսինքն, պարսկահայկական նահանգներն անցան Ռուսաստանին և ապահովվեց հայ ժողովրդի գոյության խնդիրը:

Հերթն եկավ տաճկահայկական հարցին:

Տեսնում ենք դարձյալ Անգլիան Տաճկաստանի հետ Ռուսաստանի դեմ և միաժամանակ դեմ հայկական հարցին:

Թե 1829 թվականի, թե 1855 թվականի, թե 1878 թվականի ռուս-տաճկական պատերազմներին հայտնի է, թե ինչ պաշտպանություն ցույց տվեց Անգլիան Տաճկաստանին: Մի քանի անգամ ռուսաց բանակը մտել է Էրզրում և մի քանի անգամ հայկական նահանգները Անգլիայի ջանքերով ռուսից խլվել ու ետ են տրվել սուլթանին: Եվ մի քանի անգամ հայ ժողովուրդը, որ էդ պատերազմներում իր համակրանքն ու սերը բաց ցույց էր տվել ռուսներինԱնգլիայի ձեռքով մատնվել է տաճիկ կառավարության ու ժողովրդի վրեժխնդրության կատաղությանը:

1855 թվին, երբ Ռուսաստանը հասել էր Պոլիս, երևաց դարձյալ Անգլիան, միաբանության բերեց մեզ անմիաբանությամբ: Հայտնի եվրոպական կոնցերտը, և ոչ միայն Տաճկաստանն ազատեցին ռուսի ձեռքից, այլև ռուսին ջարդեցին ու թուլացրին միացյալ ուժերով, իսկ սուլթանին ուժեղացրին, ստեղծեցին նրա համար մի անձեռնմխելի արտոնյալ դիրք և նրա արյունոտ ձեռքն ավելի ծանր հաստատեցին Տաճկաստանի քրիստոնյա ժողովուրդների, նրանց թվում և հայերի վրա, որոնք արնաքամ եղան մինչև 1878 թվականը:

1878 թվականին էլ, երբ կրկին <սկսեց> ռուս-տաճկական պատերազմը, և երբ դարձյալ ռուսական բանակը հասավ Պոլսի շեմքը, դարձյալ երևաց Անգլիան, դուրս հանեց իր նավատորմիղը և ռուսին կանգնեցրեց Սան-Ստեֆանոյում: Ապա Գերմանիայի հետ հաղթողին տարավ Բեռլին, դիպլոմատիական ջարդ տվեց նրան և միաժամանակ ջարդեց հայկական հարցը, կամ ավելի ճիշտը թարսեց, 16-ը շինեց 61, ռուսաց զորքի փոխարեն հոդվածի մեջ մտցրեց սուլթանի անունը և նրա բարեհայեցողությանը հանձնեց հայ ժողովուրդը, էս բոլորի համար ստանալով Կիպրոսն ու հայկական հարցի մոնոպոլիան:

Մենք զարմացանք Բեռլինում կատարված էս ֆոկուսի վրա, թե ինչպես 16-ը դարձավ 61, ուրախացանք, որ դարձանք 6 մեծ պետության հոգածության առարկա ու Բեռլինից գնացինք Լոնդոն, էնտեղ էլ տեսանք ինչ գեղեցիկ ճառեր են ասում...

Следующая страница