Թումանյան Հովհաննես՝   Պոեմներ

Ա՛խ, Անո՛ւշ, Անո՛ւշ, էդ ի՞նչ ես ասում.
Բա դու չե՞ս լըսում.
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում...
Էն, որ գիշերով շըհու եմ փըչում,
Էն ո՞ւմ եմ կանչում...
Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞ւմ հետ եմ լինում...
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
էն ո՞ւմ եմ հիշում...
Ա՛խ, Անո՛ւշ, Անո՛ւշ, անաստվա՜ծ Անո՛ւշ...
Արբեցա՛ծ, անո՛ւժ
Հառաչեց հովիվն ու սըրտին ընկավ,
Հալվեցա՛վ, հանգա՛վ...

IX

Անո՛ւշ, այ աղջի՛, Անո՛ւշ, տո՜ւն արի...
Կանչում է մերը, հառաչում, կանչում:
Գալիս եմ, գալի՛ս, գալիս եմ, նանի՛...
Ձորից աղջըկա ձենն է ղողանջում:
Ու մազերն անկարգ տըված թիկունքով
Ու ցըրված շիկնած այտերի վըրան,
Դուրս եկավ թեթև ամպերի տակից
Անուշը՝ փախած եղնիկի նըման:
Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին,
Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա,
Թողել է էն էլ ջըրի եզերքին...
Ա՛խ, անհոգություն ջահել աղջըկա...
Նանի՜, վախեցի, գանգատվում է նա,
Եվ ուզում է լալ, չի կարողանում.
Նանի՜, ներքևում ես մարդիկ տեսա,
Կարծեցի՝ թուրքեր էին լողանում...
Անիծում է ծեր մերը բարկացած
Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին,
Ու անեծք տալով իջնում է նա ցած՝
Դատարկ ետ բերած հին կուժը ուսին:

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ

X

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԱՌԱՎՈՏԸ

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:

Համբարձում, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա,
Սև սարեր, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա:

Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:

Համբարձում, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա,
Լավ օրեր, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա:

Եկավ Համբարձում
Ծաղկով զարդարված,
Մեր բախտին հարցում.
Ո՞վ է մեզ գըրված:

Ա՜յ ջան տղա, չոբա՜ն տղա, ո՞ւմն ես դու:
Աստված գիտի, աշխարհ գիտի՝ իմն ես դու:

Դե հանի՜ր, ա՜ղջի,
Վիճակն ի բարին,
Երգերով գովենք
Էն իգիթ յարին:

Բեղը ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի,
Ի՛նչ դարդ ունեմ քանի նա կա աշխարհի:

Համբարձում, յա՜յլա,
Յա՜յլա ջան. յա՜յլա,
Հուր սըրտեր, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա:

Թընդում են երգեր, խընդում են սըրտեր,
Ու շուրջ բոլորած վիճակ են հանում.
Ելնում է մեկին իր երազն ու սեր,
Մյուսի մուրազը սըրտումն է մընում:

XI

Պըտույտ է տալիս վիճակը նորից
Քուշուշքը գըլխին ծաղիկ Ծաղկամեր,
Թընդում «ջան գյուլում» մատաղ սըրտերից.
Հետը գըվգըվում էն ծաղկոտ սարեր:

Ա՜յ թուխ մազավոր աղջիկ,
Ա՜յ սարի սովոր աղջիկ,
Ջիգյարին գյուլլա դիպչի
Քեզ սիրի ով որ, աղջիկ:
Ո՛հ, ի՛նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ,
Սևաբա՜խտ քարիկ, նազելի Անուշ.
Քու ձեռը կոտրի, ով որ հանեցիր...
Ու ողջ մընացին մոլորված, ապուշ:

Սուտ բան է, քուրի՜կ, դու մի՜ հավատար,
Լոկ պատահական մի չար խոսք է սա.
Սիրտըդ մի՜ կոտրի սուտ բանի համար,
Քու խաղը խաղա՜, ջան գյուլում ասա:

Ա՛խ, չէ՜, ես գիտեմ, որ ես բախտ չունեմ.
Ես երբե՛ք, երբե՛ք բախտ չեմ ունեցել...
Ես միշտ էլ էսպես անբախտ կըլինեմ.
Մանուկ օրից են դեռ ինձ անիծել...
Ասում են՝ մի օր, ես օրորոցում,
Մի պառավ դարվիշ մեր դուռն է գալի,
Իր խաղն ասում է ու բաժին ուզում,
Իմ նանը նըրան բաժին չի տալի.
Կորի՜, ասում է, կորի՜ մեր դըռնից,
Երեխաս ճաքեց, հեռացի՜ր, գընա՜...
Ու դարվիշն էնտեղ անիծում է ինձ,
Թե՝ դըրա օրը լացով անց կենա...
Ա՛խ, էն դարվիշի անեծքին անգութ
Ու էս վիճակին տեղյակ է աստված.
Սիրտըս էլ միշտ փա՛կ, սիրտըս էլ միշտ մո՛ւթ,
Ի՛նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված...

Մի՜ տըրտմիր, Անո՜ւշ, մի՜ լինիր համառ.
Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ,
Մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար,
Ու լալիս ես դու էդպես սըրտաճա՛ք...
Հանգի՜ստ կաց, քուրի՜կ, մի՜ վախիր էդքան,
Կյանքը քեզ համար վառ գարուն է դեռ,
Էդ քո նորահաս մատաղ կուսության
Առաջև դեռ կան երջանիկ օրեր:
Սուտ բան է, քուրի՜կ, դու մի՜ հավատար,
Լոկ պատահական մի չար խոսք է սա.
Սիրտըդ մի՜ կոտրի սուտ բանի համար,
Քու խաղըդ խաղա, ջան գյուլում ասա:

(Խումբը երգում է)

Աղջի, բախտավո ՜ր,
Երնե՛կ քու սերին,
Քու սարի սովոր
Սև-սև աչերին:

Համբարձում, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա,
Սեր-օրեր, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա:

Մեռնեմ գարունքիդ,
Ծաղկած գարուն ես,
Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես:

Համբարձում, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա,
Սար-յարեր, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա:

(Անուշը մենակ)

Ա՛խ, իմ բախտը կանչում է ինձ,
Չեմ հասկանում՝ դեպի ուր...
Դողում է պաղ նըրա ձենից
Իմ սիրտը սև ու տըխուր:

Դուք էլ, սարի սիրուն ծաղկունք,
Թաքուն մի ցավ ունիք լուռ,
Աչիկներըդ լիքն է արցունք,
Սիրտներըդ սև ու տըխուր:

Ա՛խ, ծաղիկներն էս աշխարհքում
Տանջվում են միշտ էսպես զուր,
Տըրորվամ են ու թառամում՝
Սիրտները սև ու տըխուր:

(Խումբը հեռվից)

Համբարձում, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա,
Վառ ցավեր, յա՜յլա,
Յա՜յլա ջան, յա՜յլա:

ԵՐՐՈՐԴ ԵՐԳ

XII

Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանիք՝
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:
Ու պարից հետո լեն հըրապարակ
Բաց արին մեջտեղն արձակ գըլխատան,
Զուռնաչին փըչեց կոխի եղանակ,
Ահել ու ջահել իրարով անցան:
Հարա՛յ են տալի — «քաշի՛ հա, քաշի՛...»
Ու դուրս քաշեցին զոռով երկուսին.
Մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի
Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին:
Ողջ գյուղը կանգնեց պարըսպի նման,
Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի,
Ամեն մի բանակն ընտրեց փահլևան,
Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի:
Գոռում են, գոչում երկու բանակից.
Սըրտապինդ կացե՜ք, մի՜ վախեք, տըղե՜րք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարս ու աղջըկերք:
Ու տաքանում են տըղերքը սաստիկ,
Փեշերը հավաք խըրում են գոտին,
Գետին են զարկում ձեռքերը հաստլիկ,
Իրար են հասնում թափով մոլեգին...
Ադաթ կա սակայն էն մութ ձորերում,
Ու մ՛իշտ հընազանւդ հընոց ադաթին,
Ամբոխի առջև իգիթն իր օրում
Գետին չի զարկիլ ընկեր իգիթին:
Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին
Քաշում են, ընկնում խոզապարկուկի.
Ընկնում են գետին, ելնում միասին,
Դըժվար է իբրև հաղթել մեկ մեկի:
Իզուր է գոռում ամբոխը հարբած,
Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ,
Եվ զուր է Անուշն իր շունչը կըտրած,
Սառել ու կանգնել ինչպես մի պատկեր:
Անուշը կանգնա՜ծ... Սարոն նըկատեց,
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.
Աչքերի առջև մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք:
Ու մինչդեռ Մոսին ընկերախաղի,
Կատակի տալով թողած էր իրեն,
Ուժ արավ Սարոն, ծընկեց կատաղի
Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն:
Ամբոխը թափվնց հարա-հըրոցով,
Վեր թըռցրեց ջահել փահլևաններին,
Եվ ուրախության աղմուկ-գոռոցով
Հաղթողին փեսի թախտի մոտ բերին:
Ցընծության ձայնից, ծափերի զարկից
Շարժվում են, դողում պատեր ու օճորք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք:

XIII

Վեր կացավ Մոսին. իրեն կըտրատում,
Թող գա՜, գոռում է, որ բըռնենք նորից,
Թե չէ նամարդը, արևս եմ երդվում,
Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռից:
Վե՛ր չի գցել ինձ... ինձ խաբել է նա...
Մեյդան բաց արեք, թող մին էլ մեջ գա...:
Ու ամեն կողմից ուրախ հըռհըռում,
Թունալի ծաղրով կանչում են, գոռում.

Չե՜լավ, էդ չե՜լավ,
Վեր չի գըցել դեռ,
Մոսին թոլ էլավ
Խոզապարկուկ էր...
Հա՜, հա՜, հա՜, տըղե՜րք,
Շատ էլ լավ կանի.
Մեջքը թա ՜փ տըվեք,
Թող մին էլ բըռնի...
Հա՜, հա՜, հա՜, տըղե՜րք,
Մեջքը թա՜փ տըվեք...:

XIV

Եվ աղմկալի հարսանքի տանից
Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր.
Արյուն է կաթում սևակնած սըրտից,
Գընում էր ըշտապ, քայլերը մոլոր:
Ամո՛թ քեզ, Մոսի՜, թո՜ւք ու նախատինք,
Ամո՛թ քեզ նըման գոված իգիթին,
Մի անունդ հիշիր, մի բոյիդ մըտիկ,
Դեռ քու թիկունքը չէր տեսել գետին:
Ի՛նչպես վեր ընկար դո՛ւ սարի նըման,
Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած...
Դո՛ւ... կուչ գաս տակին Սարոյի ծընկան,
Նըրանից հետո երևաս կանա՛նց...
Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին...
Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին...
Դե մեռի՜ր, էլի՜, գետինը մըտի՜ր,
Տանը վե՜ր ընկիր՝ իլիկ պըտըտիր...:

XV

Վա՛յ, վա՛յ, Մո՜սի ջան, ինձ մի՜ ըսպանիր,
Սըրանից հետո չե՜մ սիրիլ նըրան...
Վախենում եմ ես... ղամեդ տեղը դիր...
Սիրտըս դողում է տերևի նըման...
Խնդրում էր լալով եղբոր առաջին
Անզոր ու դալուկ իր քույրը չոքած.
Մոսին՝ փայլկըտուն խանչալը ձեռին՝
Ուզում էր մորթել նըրան աչքը բաց:
Դե իմ անունով երդվի՜ր, անըզգա՜մ,
Որ էլ Սարոյին դու չես սիրելու,
Թե չէ՝ տեսնո՞ւմ ես խանչալը հանած՝
Մինչև դաստակը սիրտըդ եմ խըրելու:
Քու ոտի հողն եմ, Մո՜սի ջան, Մո՜սի,
Դու, քու եսիրին երդո՞ւմ ես տալիս...
Ես էլ Սարոյին չեմ սիրում՝ ասի,
Տեսնո՞ւմ ես չոքած ի՛նչպես եմ լալիս...
Դու խաբո՞ւմ ես ինձ, սուտլի՜կ, խաբեբա՜.
Չե՞ս սիրում ասիր. էն ի՞նչ է հապա,
Էն ի՞նչ է հապա, որ տեղն ենք մըտնում՝
Հեկեկում ես դու գիշերվա մըթնում.
Էն ի՞նչ է հապա, որ դու երազում
«Սարո ջան, Սարո՛... Սարո» ես ասում...
Մո՜սի ջան, Մո՜սի, գըլխովըդ շուռ գամ,
Ինձ մի՜ ըսպանիր, ինձ թող էս անգամ.
Էլ չեմ սիրիլ ես, երբ դու չես ուզում,
Էլ չեմ կանչիլ ես նըրան երազում...
Ինձ մի՜ ըսպանիր, ղամեդ տար հեռու...
Քու քույրը չե՞մ ես... իմ Մոսին չե՞ս դու...

XVI

Ու էն հարսանքից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը էս դեպքի համար.
Ընկեր, բարեկամ գընացին, եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար:
Անկոտրում Մոսին էլ ո՞ր Մոսին էր,
Որ՝ աչքը դեռ բաց, էս լուս աշխարքում,
Իրեն հարազատ քըրոջը տեսներ
Նամարդ ընկերի՝ Սարոյի գըրկում:
Գուցե գիշերս էլ՝ իր հերսից անքուն՝
Ուզում է ջահել քըրոջն ըսպանի,
Սարոյի անունն ու սերը թաքուն
Խանչալի ծերով սըրտիցը հանի:
Ո՛վ գիտի, գուցե հենց էս գիշեր էլ
Իգիթ ոսոխներն, անհաշտ ու համառ,
Մեկմեկու հոտից ոչխար են քըշել,
Մեկմեկից վըրեժ առնելու համար:
Կարող է նույնպես պատահել հանկարծ,
Որ մեկի դեզը, արդյունքը հընձի,
Գիշերվա ժամին, հըրով բըռընկած,
Երկնահաս բոցով աստղերը խանձի:

ՉՈՐՐՈՐԴ ԵՐԳ

XVII

Ամպերը դանդաղ ուղտերի նըման`
Նոր են ջուր խըմած ձորից բարձրանամ.
Քարոտ թիկունքից Չաթինդաղ լերան
Նոր է արևը պըռունգը հանում:
Գյուղում աղմուկով իրար են անցնում,
Կըտեր ծերերին կանայք հավաքված,
Տըղերքը դեպի քարափն են վազում՝
Հըրացանների կիսերից բռնած:

XVIII

Եկավ վիթխարի ծերունի մի մարդ,
Կանգնեց վըրդովված տըղերանց միջին,
Մատը դեպի ձոր մեկնելով հանդարտ
Էսպես նա պատմեց զոռ տալով չիբխին.
Էս գիշեր, կեսը կըլներ գիշերվա,
Դեռ չէի կըպցրել աչքըս տեղի մեջ.
Քունս էլ է կորել, ջանս էլ էն վաղվա,
Ամեն մի բանից մընացել եմ խեղճ...
Հա՜, հալալ կեսը կըլներ գիշերվա,
Շունը վերկացավ էս կըռան վըրա.
Հեյ-հե՛յ, կանչեցի, ձեն տըվող չելավ.
Շունը գազազեց, շունը վեր կալավ...
Հե՛յ գիդի, ասի ինքըս իմ միջում,
Ի՛նչ է մընացել առաջվան տըղից.
Քընում էի վաղ մենակ արխաջում,
Մի ձեն լըսելիս վեր թըռչում տեղից...
Էն էի ասում, քընել չէի դեռ.
Կըլիներ դառը գիշերվան կեսը,
Երկու մարդկային սև կերպարանքներ
Շան առջև փախած՝ ցած իջան դեսը...
Էս որ լըսեցին, դես ու դեն ցըրված
Տըղերքը ճեպով ձորը ներս մըտան,
Ու մըտի տակին, ճամփիցը ծըռված,
Երկու մարդու թարմ ոտնատեղ գըտան:

XIX

Ամբողջ մի ամիս խումբը զինավառ
Սարեր ու ձորեր ոտնատակ տըվեց՝
Չոբան Սարոյին գըտնելու համար,
Որ սարիցն իջավ, Անուշին փախցրեց:
Մի ամսից հետո տըղերքն եկան տուն,
Գովելով նըրա արարքը ճարպիկ.
Հալալ է տըղին, ա՜յ իգիթություն,
Ահա թե ինչպես կըփախցնեն աղջիկ:
Մենակ Անուշի ախպերըՄոսին
Մընաց հանդերում. երդում կերավ նա,
Ուր որ էլ լինին՝ նըրանց միասին
Գըտնի՝ կոտորի, սիրտը հովանա:
Մնաց հանդերում: Եվ ահա մի օր,
Քաղվոր կանանց մեջ, մըթան հետ, թաքուն,
Շորերը պատռած, տըխուր, գըլխակոր
Անուշը ձորից եկավ հորանց տուն:

XX

Աղջի՛, Վա՜րդիշաղ, թե հոգիդ սիրես,
Մի գարիդ գըցի՜ր, տես ի՞նչ է ասում.
Աչքըս խավարի, տեսիլ դառնամ ես, —
Տեսիլք եմ տեսել գիշերս երազում:
Մի մութ ձորի մեջ, մի նեղ ձորի մեջ,
Անբախտ Սարոյի ոչխարը կանգնած,
Լեզու էր առել ու խաղ էր կանչում,
Ու խաղ էր կանչում ձեն ձենի տըված...
Մի գարիդ գըցի՜ր, թե որդով խընդաս,
Էս երագն իսկի ես լավ չեմ փորձել.
Ողորմած աստված, քու դուռը բանաս,
Քու ոտի հողն ենքդու ես ըստեղծել...
Անբան գառները մութ ձորի միջին
Խաղ էին կանչում ու ձենով լալիս,
Սարոյի նանն էլ նըրանց առաջին
Աղլուխ էր առել ու պար էր գալիս...
Աղջի՜, Մա՜նիշակ, վատ բան ես տեսել,
Գարիս էլ, ահա, էդպես դուրս եկավ.
Էս չարն, էս բարին... Սարոն է էս էլ...
Տե՜ս, ահա, Սարոն սև ճամփեն ընկավ...
Աստված խընայի ջահել-ջիվանին,
Աստված խընայի իր անբախտ նանին...

XXI

Ու ման է գալի սարերը ընկած
Սարոն փախցրած եղջերվի նըման,
Օրհասն առաջին, գընդակն ետևից,
Հանդերը` դըժոխք, ընկերը՝ դուշման:

Եվ երբ երեկոն հանդարտիկ ու լուռ
Սարերից իջնում, խավարն է պատում,
Նըրա բայաթին ողբում է տըխար,
Ընկեր սարերին խոսում, գանգատվում:

Բարձըր սարեր, ա՜յ սարեր,
Ձեն եմ տալի «վա՜յ», սարե՜ր,
Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք,
Իմ դարդերի թայ սարե՜ր:

Որս եմ՝ բութես ձեզ արած,
Ձեր ձորերին, ձեզ արած,
Կուզեմ կորչեմ անգյուման,
Էս աշխարքից բեզարած:

Կորչեմ բեզար դատարգուն,
Քար-սարեսար դատարգուն,
Մեռնեմ պըրծնեմ էս օրից,
Բալքի առնեմ դադար-քուն:

Ա՛խ, կըմեռնեմ՝ ամա նա
Վա՛յ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ էս ցավից,
Աչքը լալով նա մընա:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԳ

XXII

Լալիս է Անուշն երեսին ընկած,
Կանգնած են շուրջը կանայք հարևան,
Ու խոսք չեն գըտնում ասեն անարգված,
Տարած, ետ բերած, անբախտ աղջըկան:
Աստված խընայեց՝ կոպիտ ախպերը
Հեռու հանդերից դեռ տուն չէր դարձել,
Իսկ խոժոռադեմ ալևոր հերը
Ըսկսավ փըրփըրած թըքել, անիծել:
Դո՛ւրս գընա, կորի՜, ա՛յ լիրբ, անըզգա՛մ,
Սև ու սուգ լինի թագ ու պըսակըդ.
Կորի՛, չերևաս աչքիս մյուս անգամ,
Գետինը մըտնի երկար հասակըդ:
Տեսա՜ր, որ նըրան ատում է Մոսին,
Չեն ուզում, տեսար, նըրան հերն ու մերդ.
Դու քա՞նի գըլուխ ունիս քո ուսին,
Որ վեր ես կենում փախչում նըրա հետ:
Խռնըված գյուղացիք կըտուրից իջան՝
Մեղմելու կոպիտ բարկությունը հոր,
Հայտնըվեց նույնպես գյուղի քահանան,
Մի պատկառելի հըսկա ալևոր:
Դո՜ւրս գընացեք, դո՜ւրս, գոչեց տերտերը,
Անուշը թողեք ուղիղն ինձ ասի,
Թողեք նա հայտնի իր միտքն ու սերը,
Նըրանից հետո բանը կըպարզի:
Մի՜ լար, իմ աղջի՜կ, ինձ խոստովանի՜ր,
Սիրո՞ւմ ես նըրան, քու կամքո՞վ փախար...
Եթե սիրում ես՝ էլ դարդ մի՜ անիր,
Պիտի պըսակեմ ես ձեզ անպատճառ...
Ի՛նչ են հառաչում... էն ո՜վ էր, մի տե՜ս,
Որ դուրսը հանկարծ աղմըկեց էսպես...
Ո՞վ է ըսպանել... Մոսի՞ն... ո՛ւմ... ո՛ւր...
Անո՛ւշ, հե՜յ Անո՛ւշ... ջուր հասցրե՜ք, ջո՛ւր...

XXIII

Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,
Երկընքի մըթնած ամպերից իջներ,
Ինչպես փոթորիկ սաստիկ սրընթաց,
Գյուղից սըլացան մի խումբ կըտրիճներ:
Ցավից տաքացած էլ բան չեն հարցնում,
Թըռչում են, ասես ահից հալածված,
Ու նըրանց առջև ահռելի բացվում,
Թըշշում է ձորը արյունով լըցված:
Գյուղը դատարկվեց մի ակնթարթում,
Քարափի գըլխին կանգնած անհամբեր,
Լո՛ւռ, սըրտատըրոփ ականջ են դընում,
Նայում են ներքև... ձեն չի գալիս դեռ.
Դեբեդն է մենակ անդընդում՝ հուզված՝
Խըլաձայն ողբով սողում դեպի ցած:

XXIV

Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր.
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր:
Առանց նայելու մարդկանց երեսին,
Առանց խոսելու, սևակնած, դաժան,
Մոեցավ սրահին, կախ տըվավ սընին
Սև հըրացանը՝ սև օձի նըման:
Պապանձվեց նույնպես ամբոխը մեխված,
Ոչ ոք ծըպըտալ չի համարձակվում,
Մենակ մի հոգի անզուսպ կատաղած՝
Հարա՛յ է կանչում, երեսը պոկում:
Մեռծ չոբանի պառվ նանն է նա՝
Ցավից խելագար բառաչում, լալիս.
Տարաբա՜խտ ծընող, վազում է ահա,
Ձորիցն է տըխուր գոռոցը գալիս:

XXV

Սըգավոր կանայք նըրա ետևից
Հարա՛յ կանչելով ձորը վազեցին,
Իրենց կորցրածն էլ հիշելով նորից՝
Դիակի շուրջը կարգով շարվեցին:
Իգիթին վայել սըրտառուչ ողբով
Լաց ու կոծ արին ձեն ձենի տըված.
Տըղերքն էլ մըթին, լուռ ու գըլխակոր,
Մընացին մոտիկ քարերին նըստած:
Ողբացին անշունչ դիակի վըրա՝
Անտեր մընացած ոչխարի մասին,
Անսիրտ անեծքով հիշեցին նըրա
Անճար մընացած խեղճ յարի մասին.
Եվ նըրա մասին, որ ընկերները
Հանդը գընալիս Սարո կըկանչեն,
Որ սարից փախած սոված շըները
Կըտերը պիտի ոռնան, կըլանչեն:
Ծանըր չոմբախը, գըլուխը մեխած,
Օճորքում դըրած պիտի մըրոտի,
Երկար խանչալը, պատիցը կախած,
Պատենում մընա ու ժանգը պատի...
Որ հով սարերի սովորած նանը
Էլ սար չի գնալ առանց Սարոյի:
Սև շորեր հագած կընըստի տանը,
Անցած օրերը միտը կըբերի:
Եվ ամեն մի խոսք, մի հիշողություն
Կըտրատում էին սիրտը ծեր նանի,
Եվ աղաչում էր նա մեռած որդուն՝
Մի անգամ խոսի, աչքը բաց անի:
Ընչի՞ չես խոսում, ընչի՞ չես նայում,
Իմ օր ու արև, կյանք ու ջան՝ որդի,
Դու իմ գերեզմանն ընչի՞ ես խըլում,
Թըշնամի՜ որդի, դավաճա՜ն որդի
Բայց չէին բացվում աչքերը փակված,
Շուրթերը սառել, չորացել էին,
Նըրանց արանքից ատամները բաց՝
Սիպտակ շարքերով երևում էին:
Ու նա կատաղած՝ հանդուգն անեծքով
Ծառս եղավ դուշման երկընքի դիմաց,
Եվ հայհոյում էր, և կուրծքը ծեծում,
Եվ լալիս էին ձեն ձենի տըված...
Կարմիր արևից ընկած, Սարո ջա՛ն,
Կանանչ տերևից ընկած, Սարո ջա՛ն...
Արևս հանգավ, Սարո ջա՛ն,
Գիշերս ընկավ, Սարո ջա՛ն...
Գիշերը ընկավ, թանձրացավ մութը,
Ու նըվաղեցին ձեները տըրտում,
Հոգնեցի՛ն, հանգա՛ն... Ծերուկ Դեբեդը
Սըգում էր մենակ խավար անդընդում:
Սըգվոր գետը՝
Ծեր Դեբեդը,
Սիրտը քըրքրած,
Ջուրը փըրփրած,
Քարոտ ափին,
Լեռ քարափին,
Դեռ ծեծում է,
Հեծեծում է...

XXVI

Եվ մի քանի ընկեր-տըղերք
Ձորում, գետի եզերքին,
Փոս փորեցին ու սըրտաբեկ
Հողին տրվին հովվի դին:
Ծառ ու ծաղիկ՝ սըվսըվալով
Բույր խընկեցին դյուրեկան,
Ծեր Դե-բեդն էլ ահեղ ձենով
Երգեց վըսեմ շարական:
Ու տըղերքը տըխուր ու լուռ
Վերադարձան դեպի տուն,
Ձորում թողած մի սև բըլուր,
Մի գերեզման անանուն:

ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԳ

XXVII

Գարունը եկավ, հավքերը եկան,
Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան.
Մի աղջիկ եկավ, մի մենակ քաղվոր,
Գետի եզերքին շըրջում է մոլոր,
Շըրջում է մոլոր, խընդում ու լալիս,
Երգեր է ասում ու ման է գալիս:
Սիրուն աղջի՜կ, ի՞նչ ես լալիս
Էդպես մենակ ու մոլոր,
Ի՛նչ ես լալիս ու ման գալիս
Էս ձորերում ամեն օր:
Թե լալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կըգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,
Ա՛խ, նա գընա՛ց, նա գընա՛ց...
Արտասվելով, լալով էդպես
Ետ չես դարձնի էլ գերիդ,
Ինչո՞ւ իզուր հանգցընում ես
Ջահել կըրակն աչքերիդ:
Նըրա անբախտ շիրմի վըրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
Դու էլ գընա նոր սեր արա,
Էսպես է կարգն աշխարհի:

Շնորհակալ եմ, անցվոր ախպե՜ր,
Աստված պահի քու յարին.
Ճամփիդ վերջում կանգնած է դեռ
Անուշ ծիծաղն աչքերին...
Ուրախ սըրտով դուք ձեր սերը
Վայելեցեք անթառմ,
Ինձ արցունք է տըվել տերը,
Ես պիտի լամ, պիտի լամ

Ու ման է գալիս,
Երգում ու լալիս:
Երգերը անկապ, երգերը տըխուր,
Արցունքի նման հոսում են իզուր.
Բայց լալիս է նա ու երգեր ասում,
Ու միշտ էն անմիտ տրտունջն է խոսում,
Թե ինչպես հանկարծ աշխարքը փոխվեց,
Ինչպես դատարկվեց կյանքում ամեն բան,
Սարերը մնացին որբ ու անչոբան,
Թե ի՜նչպես հանկարծ նա գընաց հեռու,
Էլչի դառնալո՛ւ, էլ չի դառնալո՛ւ...

Ե՜տ դառ, ե՜տ, իգի՜թ,
Ետ դառ, անիրա՜վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ:
Ոչխարդ էն սարով
Շուռ տուր, տո՜ւն արի,
Փախի ՜ր գիշերով
Ու թաքուն արի...

Ա՜խ, էն կանաչ սարի լանջին
Ո՞վ է քընած էն տըղեն,
Վըրեն քաշած սև յափընջին,
Կուռը հանած էն տըղեն...
Ջա՛ն, իմ յարն է, ջանի՜ն մեռնեմ,
Ծաղկի հոտով նա հարբել,
Սարի լանջին, հովի միջին
Մուշ-մո՛ւշ, անուշ մըրափել:

Վե՜ր կաց, վե՛ր, իգի՜թ,
Վե՜ր կաց, անիրա՜վ,
Ոչխարըդ բեր կիթ,
Օրը ճաշ դառավ...
Արի՛, ջա՜ն, արի՛,
Քու գալուն մեռնեմ,
Թուխ չոբան, արի՛,
Կարոտըս առնեմ...

Տեսե՜ք, տեսե՜ք, դափ ու զուռնով
Ի՞նչ հարսնիք է դուրս գալի,
Մարդիկ ուրախ, թոն ու ձյունով
Ձի են խաղում, չափ տալի...
Աղջի՜, աղջի՜, մըտիկ արեք,
Էս ի՞նչ տեսիլք ես տեսա.
Ո՞վ էր տեսել էսպես հարսնիք
Ո՜չ հարս ունեն, ո՜չ փեսա...

Բերում են հըրեն,
Ամա՛ն, մեր տան դեմ...
Վե՜ր դըրեք, վըրեն
Հյուսերըս քանդեմ...
Ես էլ եմ գալի՛ս,
Էդ ո՞ւր եք տանում...
Ինձ էլ թաղեցեք
Իր գերեզմանում...

Ա՛խ, չէ՛, ամա՛ն, ասում են դա
Մի դիակ է լո՛ւռ, սառած,
Արյունը չոր դեմքի վըրա,
Աչքերն անթա՛րթ, սիպտակած:
Նա սիրուն էր, անուշահոտ,
Աչքերը լի ծիծաղով,
Նա գալիս էր ցողոտ, շաղոտ,
Հանաքներով ու խաղով...

Արի՛, ջա՛ն իգիթ,
Արի՛, անիրա՜վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ:
Էլ մի՜ ուշացնի,
Ես շատ եմ կացել,
Էլ մի՜ լացացնի,
Ես շատ եմ լացել...
Տե՛ս, կըխոռվե՛մ,
Լաց կըլեմ ես է՛լ
Չեմ խոսիլ քեզ հե՛տ...
Չեմ սիրիլ քեզ է՛լ...

XXVIII

Անլըռելի վըշվըշում է
Պըղտոր ջուրը Դեբեդի,
Նըրա ափին կանաչում է
Մենակ շիրիմն իգիթի:
Նըրա շուրջը հեգ սիրուհին
Թընդացնում է ողբ ու լաց,
Ձեն է տալիս իր Սարոյին
Ու պըտըտվում մոլորված:
Ու հոսում է գիշեր-ցերեկ
Արցունքն անբախտ աղջըկա,
Բայց իր սիրած տըղան երբեք
Չըկա՛, չըկա՛ ու չըկա...
Վըշվըշում է գետըվո՛ւշ, վո՛ւշ,
Ու հորձանք է տալիս հորդ,
Ու կանչում է՝ «Արի՛, Անո՜ւշ,
Արի՛, տանեմ յարիդ մոտ...»
Անո՛ւշ, ա՜յ աղջի՛, Անո՜ւշ, տո՛ւն արի...
Կանչում է մերը վերևից, կանչո՛ւմ.
Լո՛ւռ են ձորերը, լո՛ւռ են ահռելի,
Դուշման Դեբեդն է մենակ մըռընչում:
ՎուշՎո՛ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՛ւշ, քուրի՜կ,
Վո՛ւշ քու սերին, քու յարին,
Վուշ-վո՛ւշ, Սարո՜, վուշ-վո՛ւշ, իգի՜թ,
Վո՛ւշ քու սիրած սարերին...

XXIX

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքևում պապանձում, լըռում ամեն բան,
Ու աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ նըրա սուրբ գըթով:

Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհո՛ւն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՛ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռո՛ւ, լազուր կամարում:

ԴԵՊԻ ԱՆՀՈԻՆԸ

I

Հընչում էր փըրփրուն վըտակն արծաթի,
Արևը խաղամ պայծառ կապույտում...
Առանց հոգսերի ու առանց վըշտի
Խաղում էինք մենք էն երազ հովտում,
Ու թընդում էր հեշտ ծիծաղն ինձ ծաղրող.
Չե՜ս կարող, չէ՜, չե՜ս կարող...

Չէի կարենում բըռնել ես նըրան:
Ճերմակին տալով՝ ծառերի ետև
Ծածկըվում էր նա աչքես անգուման,
Կըրկին հայտնըվում ճապուկ ու թեթև,
Ու թընդում էր միշտ ծիծաղը ծաղրող.
Չե ՜ս կարող, չէ ՜, չե ՜ս կարող...

Մին էլ ես ճարպիկ մի շարժում արի,
Բըռնեցի նըրան: Հանկարծ նա ճըչաց,
Ձեռքումըս դառավ ճերմակ աղավնի,
Ու թևին արավ, ու թըռա ՜վ, գընա ՜ց.
Գընա ՛ց ճախրելով էն երազ հովտում,
Սուզվեց, չըքացավ պայծառ կապույտում...

II

Վեր թըռա քընից, դուրսը նայեցի.
Արևը ուրախ զարկել էր սարին,
Բընությանն անհոգ, թարմ ու նազելի
Զուգվում էր, ժըպտում մանուկ արևին:
Գիշերն անցել էր. բայց իր ետևից
Մըռայլ էր թողել դեռ ցած՝ հովիտում:
Էդպես տակավին անցած երազից
Խավար մի բան կար նըստած իմ սըրտում:
Թեկուզ երազին չես էլ հավատում,
Բայց օտար տեղում, քո տանից հեռու,
Սիրտըդ մի համառ կասկած է մըտնում,
Թե՝ մի մահագույժ սև բոթ է գալու...
Հասմիկն երազում աղավնի դառավ,
Աղավնի դառավ՝ իմ ձեռքից թըռավ...
Լոկ երա՞զ էր այս: Բայց երազն ի՞նչ է:
Երազ, թե իրոքայդ միթե մի ՞ն չէ,
Երազն էլ երբ որ կարող է կանչել՝,
Կարող է հուզել, խընդացնել, տանջել...
Հասմիկն ապրում էրՀասմիկը մեռավ...
Երազը եկավերազը թըռավ...
Կյանքը երազ է, երազն էլ մի կյանք,
Երկուսն էլ անցվոր, երկուսն էլ պատրանք:
Եվ թե հաստատուն մի բան կա անմահ,
Արդյոք իմաստուն հոգին չի՞ միայն նա,
Որ թե հարթըմնի և թե երազում
Ապրում է, տեսնում, ըզգում ու հուզվում...
Ու... գիր է գալիս ահա իմ տանից,
Թե՝ կինըս հիվանդըսպասում է ինձ...

III

Տո՛ւն, տո՛ւն, դեպի տուն
Թըռչում եմ արթուն,
Ինչպես երազում:
Շուրջըս ամեն բան
Ըշտապ, ինձ նըման,
Անցնում է, վազում:

Շըշմած գըլխիս մեջ
Գալիս են անվերջ
Ու ճընշում իրար
Զանազան դեպքեր,
Հուշեր ու մըտքեր,
Պայծառ ու խավար...

Տեսնում եմ նըրան՝
Կանգնած է գարնան
Շողերի միջին,
Ու ժըպտում է ինձ
Իր պատուհանից՝
Ծաղիկը լանջին...

Տեսնում եմ մեռած,
Ծաղկով զարդարած,
Դըրած դագաղում.
Տըխրալի մի օր,
Արտասուք, սըգվոր,
Սևեր ու թաղում...

Տո՛ւն, տո՛ւն, դեպի տուն.
Ու մյուս իրիկուն
Մեր տան դեմ ելա:
Մի սև-սև զանգված՝
Կուտակված, կանգնած
Մեր դըռանն ահա...

Պըտույտ է գալիս
Աշխարքը գըլխիս,
Երկինքը մըթնում...
Ողջ կանգնած են լուռ,
Ու ներսից տըխուր
Ձայներ են թընդում...

IV

«Հասմի ՜կ ջա ՛ն, եկա ՛վ... դե վեր կա՛ց... վեր կա՛ց...»
Դուրս հոսեց դեմըս տըրտում ու հոգնած
Նըրա մոր ողբը... խունկի ծըխի տակ
Աչքովըս ընկավ դագաղը ճերմակ,
Ու շուրջըս մըթնեց: Տեղըս կորցըրի...
Մարդից, արևից, աշխարքից հեռի,
Մի անտակ ձորում, սև՛ ու խոր ջըրում
Տարվում էր ես, խեղդվում, չարչարվում.
Բարձր էին ափերն, ողորկ ու դըժար,
Մի թուփ չըկար գեթ բռնելու համար,
Չըկար կենդանի ձե ՛ն, ըստվե ՛ր, նըշա ՛ն,
Որ կարենայի կանչել օգնության...

V

Հա ՜, հա ՜, հա ՜, հա ՜, հա ՜, զըվարթ քարքիջով
Մի ծիծաղ անցավ փողոցի միջով:
Ես ուշքի եկա, աչքըս բաց արի,
Տեսա աշխարքը ու լույսն արևի,
Տեսա՝ նըստոտած մարդիկ շըշընջում,
Անտարբեր թեքված՝ իրար ականջում
Խոսում են ուրիշ բաների վըրա,
Ու ոմանք ժըպտո ՛ւմ, ժըպտում աշկարա...
Իսկ կողքիս նըստած ալևոր մի մարդ
Խրատում էր ինձ միալար, հանդարտ.
Մի ՜ լար, սիրելի ՜ս, երեխա չես դու,
Ինչքան էլ որ լասիզուր ես լալու.
Քո ձենը երբեք էլ չի լըսիլ նա,
Ոչ կըհասկանա, ոչ էլ ետ կըգա:
Էսպես կամեցավ աստված, երևի,
Որ նըրա օրը շուտով խավարի...
Մենք հողեղեններս՝ անճար ու չընչին,
Ի՛նչ ենք աստուծո կամքի առաջին...
Բաց է էս ճամփեն ամենքիս համար.
Ծեր, երիտասարդ, մեղավոր, արդար, —
Ամե ՛նք, ամենքը, էստեղ ինչ որ կան,
Էսօր թե էգուց ամենքը կերթան.
Ով որ կըմընա,
Թող նա պարծենա:

VI

Ես լըսում էի... Ու հանկարծ ես էլ
Ուզեցի հաշտվել հըզոր մահի հետ.
Անճար, ակամա սկսա մըտածել,
Թե մահը լավ է, միայն մենք՝ տգետ,
Մենք խեղճ, կարճամիտ, ու չենք հասկանում՝
Ինչպես է գալիս և ուր է տանում,
Թե՝ և ՜ կյանք, և ՜ մահանցավոր, ունայն
Մի մեծ հավերժի ձևերն են միայն,
Ինչպես որ ահա «երեկն» ու «էսօր»:
Էսօրն ինչ է որ, — մի երեկ է նոր,
Էսօրն էլ կանցնի, երեկ կըդառնա,
Եվ սակայն կըրկին միևնույն է նա:
Եվ էսպես անվերջ էսօր ու երեկ
Փոփոխվում են միայն, միշտ մընում է մեկ
Մեկ մեծ ժամանակ: Էսպես էլ հոգին
Փոփոխում է միայն կեղևն արտաքին
Մարմինն՝ էսօրվան օրին նըմանակ,
Իսկ ինքը անվերջ, ինչպես ժամանակ:
Կամ ևս սիրուն, — հոսանուտ մի գետ,
Որ հազար ալիք ու ծըփանք ունի.
Գալիս են ալիք, անցնում են անհետ,
Անցնում են դեպի անդունդն օվկիանի,
Ուր ամեն ալիք, ուր ամեն մի կաթ
Ապրում է դարձյալ անվերջ, անընդհատ...
Էսպես փոխվելով հոսում է, գընում,
Գընո ՛ւմ անհունի անճառ սահմանում,
Դեպի գերազանց վիճակն երջանիկ,
Ակն երջանկության, սիրո հայրենիք,
Ուր չըկան մարդիկ և ոչ ըզգացում,
Ուր ողջին մի մեծ կյանք է միացնում...
Եվ ի՛նչ է սիրո իմաստը վերին,
Ի՛նչ երջանկության խորհուրդը խորին, —
Հալվե ՛լ, միանա՛լ,
Իրեն մոռանալ...

Եվ անշուշտ մի օր, հանդերձյալ կյանքում,
Երկրում թե այլուր, վերև՝ երկընքում,
Էն անհայտ ճամփով, որով նա գընաց,
Ես էլ կըթըռչեմ՝ աշխարքը թողած,
Ու կըզգամ նըրան, կապրեմ նըրա հետ
Մի ուրիշ անվե՛րջ կյանքով երկնավետ...

VII

Բայց ես միշտ թաքուն մի հույս ունեի,
Թե կարող էր նա լինել... կենդանի...
Մի տեղ մի անգամ էդպես է եղել.
Տարել են մեկին, ուզել են թաղել,
Շիրմի փոսի մեջ զարթնել է հանկարծ,
Կարող էր և մեզ լինել պատահած...

VIII

Ո՛չ, ո՛չ, նա գընաց, էլ ետ չի գալու,
Եվ էդպես դու միշտ մեղք ես մընալու:
Թեկուզ և հագնես երկաթի տըրեխ,
Փընտրես՝ կանչելով աշխարհ բովանդակ,
Էլ չես հանդիպիլ նըրան ոչ մի տեղ,
Ոչ մի աշխարքում, ոչ մի ժամանակ....
Էն պաղ դիակն էլ, որ տեսնում ես դեռ,
Էն էլ հողի տակ կըծածկեն հիմա,
Կըգա ՛ն, կըգնա ՛ն տարիքն անտարբեր,
Ու նա կըփտի, նա հող կըդառնա.
Անունն էլ ապրող աշխարքի համար
Դատարկ մի հնչյուն, անխորհուրդ մի բառ...
Էն էլ կըկորչի, ինչպես որ չըկա
Անունն ու հետքը էն հին աղջըկա,
Որ ձեզնից առաջ հազար տարիներ
Նույնպես սիրահար ու ժըպիտ ուներ:
Եվ ի ՛նչ է մարդը, և ի՛նչ իրեն կյանք. —
Եղծական ձևեր, ձայներ, շարժումներ:
Հավերժականը չունի կերպարանք,
Նա լուռ է, անշարժ, հաստատ, աներեր...
Անողոք մի ձեն էսպես ինձ կանչում,
Տանջում էր հոգիս, խորտակում, ճընշում:
Ճիգ էի անում նըրան լըռեցնել,
Սիրտըս էլ հետը պոկել, հեռացնել
Ու գըտնել մի ձեն, մի հընչյուն, մի բառ,
Որ կյանքի, հույսի նըշույլ ունենար...
Ուզեցի «աստվա՛ծ» մին աղաղակել,
Բայց չէ՞ որ նա էր էն մահն ուղարկել:

Следующая страница