Թումանյան Հովհաննես՝   Պոեմներ

IX

Մի անհուն ցավի մըրմուռի նըման
Ծավալվում էին զանգերը թաղման,
Ու ժամի ծըխոտ կամարների տակ
Կանգնած էր արդեն տըխուր պատարագ,
Տըխուր պատարագ, տըխուր մեղեդիք,
Տըխուր աղոթքներ ու տըխուր մարդիկ,
Մեջտեղը ճերմակ դագաղը նըրա
Դըրած սևասքող սեղանի վըրա,
Ու նա դագաղում, ասես թե քընած,
Հարսնական ճերմակ շորով պճնըված,
Անփո ՛ւյթ, անզգա՛ կյանքին ու մահվան,
Իր դագաղն ածած վարդերի նըման...
Էստեղ՝ բռնըված մի նոր տագնապով՝
Ուզեցի գըտնեմ մըտքի մի թափով,
Թե ի ՛նչ էր արդյոք, էն ի՛նչ էր լինում,
Ի՛նչ էր պատահել, նա ո՛ւր էր գընում...
Եվ իսկույն, ասես, դիպա մի քարի:
Մըտքերըս հատան: Առանց մըտքերի
Կանգնած էի ես խորտակված ու պաղ:
Լուռ էր: Հոգևոր երգերը մենակ
Ծավալվում էին վըսեմ ու խաղաղ:
Ես լըսում էի, լըսո ՛ւմ շարունակ:

«Այս անցավոր երկրի վըրա
Լըցան օրերն պանդըխտության,
Երկնասըլաց գընում է նա,
Հագած մարմին անապական,
Անմահացա ՛ծ մահկանացուն՝
Միանալու իր աստըծուն:

Այնտե ՛ղ, Վերին Երուսաղեմ,
Օթևանում հըրեշտակաց,
Ուր որ Ենովք ու Եղիսա,
Աղավնակերպ կան ծերացած,
Այն աշխարհո ՛ւմ անտըխրական
Արդարքն ապրում են հավիտյան:

Յոթնաստեղյան լույս խորանում,
Ուր ցավ չըկա, ոչ հեծություն,
Ընտրյալ հոգիքն ուրախանում,
Խայտում են միշտ անվե ՛րջ, անհո ՛ւն
Բերկրանքներով հարազըվարճ,
Աստծո զըվարթ աչքի առաջ:

Այնտեղ նըրանք, միշտ բախտավոր,
Նայում են Հոր լույս երեսին,
Նըրա առջև պաղատավոր
Նըրանց համար, որ թողեցին.
Ու իջնում են, մըխիթարում
Մեզ տըրտմալի այս աշխարհում...»

Թովված, կախարդված, տարված էն երգին,
Վերացավ, թըռավ իմ վշտոտ հոգին
Դեպի երջանիկ մի ուրիշ աշխարհ,
Անհայտ ու հեռու, անծանո՛թ, օտա ՛ր...
Եվ էն աշխարհը հըրաշալի՛ էր.
Ո՜չ սուգ կար էնտեղ, ո՜չ վայելք, ո՜չ սեր,
Ոչ կարելի էր կորցընել մի բան
Եվ ոչ ունենալ քաղց ագահության.
Ինչպես գերեզման և ունայնություն՝
Լուռ էր ու դատարկ, անփառք ու անհուն.
Ինչպես հայացքը մեռելի աչքի`
Մի միտք ուներ միշտ առանց հուզմունքի,
Հողեղեն մարդուն անհայտ խորհըրդով
Հավիտյան սառած, խաղա՛ղ, անվրդով...
Ու անշարժ կանգնած, դալուկ ու լռիկ,
Ըստվերնե՞ր էին, անմարմին մարդի՞կ,
Տըժգույն, անարև, աղոտ լուսի մեջ
Աղոթում էին անձայն ու անվերջ,
Աղոթքն էլ սակայն ոչինչ չէր խընդրում.
Ո ՜չ ազատության, ո ՜չ մահ, ո ՜չ խընդում...

X

Հանկարծ լըռությունն ինձ ուշքի բերավ,
Աչքիս առջևից հըրաշքը թըռավ:
Պատարագն արդեն վերջացրել էին:
Դագաղը շարժվեց, թընդաց ահագին
Սասանիչ երգը մահվան սարսափի,
Էն լացն ու կոծը, օրհներգը մահի,
Որով մեռելին հրաժեշտ են տալիս
Դեպի գերեզման ճամփա դընելիս,
Երբ ծառս է լինում վիշտը մայրական
Դեպ գահն արարչիղըրկողը մահվան,
Արձակում ցասկոտ իր ճիչը ետին
Ու թույլ, հուսահատ ընկնում է գետին:

XI

Դուրս եկանք դուռը: Նայեցի վերև:
Վերևն, ինչպես միշտ, փայլում էր արև.
Բոլորն աշխարքում կարգին ու հանդարտ,
Ու ինչպես երեկ՝ էնպես ամեն մարդ...
Բայց երկինքն էնքա՛ն պայծառ էր այնօր,
Եվ պայծառությունն էնքա՛ն էր տըրտում,
Տըրտմությունն էնքան խոր, հանդիսավոր,
Որ թըվում էր ինձ, թե ջինջ կապույտում՝
Վերջին հըրաժեշտ տալով աշխարհքին՝
Ճախրում էր նըրա հեռացող հոգին...
Ու մըտքովս անցավ հանկարծ ակամա,
Թե արդյոք նըրա աչքերը անմահ
Նայո՞ւմ են ներքև, տեսնո՞ւմ են ինձ էլ,
Թե ո ՜նց եմ ցավիս տակին կորացել...
Եվ կամ ո՞րն է նա. էն շո՞ղն է պայծառ,
Որ զըվարթ խաղով, աշխույժ ու կայտառ
Կորչում է, մըտնում թուխպ ամպի ետև,
Ազատ, երկնաչու էն ա՞մպն է թեթև,
Թե՞ էն աղավնին, որ հիմա թըռավ,
Անփույթ ճախրելով՝ ջինջ օդում կորավ...

XII

Հանդո ՛ւգըն մտքեր, ո ՞ւր եք սլանում,
Ի՞նչ եք որոնում էն մութ սահմանում:
Ահա մեր կյանքի սահմանը վերջին,
Էս սև ու տըխուր թամբերը չընչին...
Լո ՛ւռ գերեզմաններ. քանի՛ սըգավոր
Ձեր եզերքներին կանգնել են մի օր,
Էս դատարկ կյանքին, անհաստատ բախտին
Անեծքներ տալով բեկվել, հեռացել,
Երբ որ սիրածի դագաղը մըթին
Վիհ են իշեցրել ու դեմքը ծածկել...
Եվ որքա ՛ն ըղձեր, սըրտեր ու զգացմունք
Թաղված են, մարած ձեր լուռ փոսերում.
Ահա և ՜ մի նոր բարձրացրած սև թումբ,
Դեռ թաց է հողը, դեռ խունկ է բուրում,
Իսկ մենք ուզում ենք ուրիշին թաղել,
Որ ապրում էր դեռ երկու օր աոաջ...
Եվ անշուշտ մի օր սըրա շիրիմն էլ
Կըծածկի նույնպես մամուռը կանաչ,
Կանի հավասար քարին ու հողին,
Ինչպես դըրացու անկողինը հին:
Նըրանից հետո դե ՜ եկ` իմացի ՜ր,
Թե ո ՜վ է թաղված քո ոտի տակին,
Ի՛նչ ցեղից էր նա, ի ՛նչ ձիրքեր ուներ,
Անահ հերո՞ս էր, գեղանի մի կի՞ն,
Անհոգ մի ջահե՞լ, անկըշտում ագա՞հ,
Աղքա՞տ, թե հարո՞ւստ. — ձե ՛ն, նըշան չըկա...

XIII

Եվ... իջնում էր նա ընդմիշտ իմ աչքից,
Կյանքից, արևից, էս լուս աշխարհքից...
Կորացա, վերջին համբույրըս տըվի,
Ու էն համբույրով դագաղում դըրի
Խընդում, սեր, ըղձեր, ամե ՛ն, ամեն բան...
Ինձ ետ քաշեցին, մի կողմը տարան:
Իսկույն հետևեց խուլ գըրգըռոցը,
Քարով ու հողով լըցրին էն փոսը,
Դագաղն էլ, ինքն էլ ծածկվեցին հանկարծ,
Ասես թե բընավ աշխարհ չէր եկած,
Եվ այսուհետև երբե ՛ք, հավիտյան
Էլ չէր տեսնելու արևը նըրան...
Հուղարկներն այնժամ մոտ եկան մի-մի.
Է ՛հ. աստված նըրա հոգուն ողորմի.
Մի օր էլ մենք ենք էսպես գընալու,
Կյանքն էլ է դատարկ, մարդն էլ է դատարկ,
Ո ՛վ է աշխարքիս վըրա մընալու.
Անցավոր են ողջբախտ, վայելք ու փառք...
Ասացին՝ հանգիստ հոգոց հանելով,
Ու դարձյալ հանգիստ զըրույց անելով
Գընացին իրենց տըները անհոգ:
Շուրջըս նայեցի, չէր լալիս ոչ ոք.
Երկինքն էլ էնպես պայծա ՛ռ ու հանդարտ...
Եվ ինչպես երեկ, էնպես ամեն մարդ...

XIV

Եկավ գիշերը: Իմ հոգնած հոգուն
Իջավ տանջալի մի խաղաղություն:
Վայր ընկա, ինչպես ուժաթափ մի բան,
Որ զգում է միայն կարոտ հանգըստյան,
Բայց ճըգնում է դեռ, աշխատում ունայն,
Ուզում է հիշել, թե ի ՜նչ բան էր այն.
Մի խառըն երա՞զ էր, մի աշխա՞րք ուրիշ,
Գինու մի քե՞ֆ էր, ծաղը՞ր, թե ՞ պատիժ...

Մըրափը սակայն ծանըր ու դանդաղ
Չոքեց ինձ վըրա՝ սև թևերը կախ,
Միտքըս իր թելը կըտրեց ու թըռավ,
Անհուն, խավարչտին քաոսում կորավ.
Մահ, մեռել, շիրիմթեթև հեռացան,
Ու հեռանալով՝ փոխվեցին, դարձան
Ամպեր, ըստվերներ, կետեր երերուն,
Դողացին, հանգան, ու մըթնեց հեռուն...
Կարճատև մի քուն եկավ ինձ վըրա,
Եվ ես մյուս անգամ երազում տեսա.

XV

Հընչում էր փըրփրուն վըտակն արծաթի,
Արևը խաղում պայծառ կապույտում.
Առանց կորուստի ու առանց վըշտի
Կանգնած էի ես էն երազ հովտում:

Շուրջըս շուշաններ, անվե ՛րջ շուշաններ,
Լիքն էր անտառը անուշ բուրմունքով,
Եվ եդեմական ներդաշնակ ձայներ
Փառք էին տալի թովչական երգով.

«Փա ՛ռք անպատում մըխիթարչին,
Փա՛ռք խորհուրդին անմահության.
Նա է կըրում հույսը վերջին
Ու շողն անշեջ, արարչական.
Փա՛ռք խորհուրդին անմահության:

Նա գընում է բարձր ու անվերջ
Դեպի անհունն ու հավիտյան,
Վիշտը հանգչում է նըրա մեջ,
Ապրում սերը անապական.
Փա ՛ռք խորհուրդին անմահության...»

Ու լսում եմ ես էն խաղաղ օդում
Քընքույշ ու զըվարթ ձայնը սիրելի,
Անհայտ ու անտես կանչում է նա ինձ,
Կանչում գերազանց մի ուրիշ կյանքի.

«Արի ՛ ինձ հետ, իմ թըշվա ՜ռ,
Ես քեզ տանեմ մի աշխարհ,
Ուր չըկա մահ, անջատում,
Ու սերն անվե՛րջ, անհատնո՛ւմ...

Արի՛, թըռի ՛ր, գընա ՜նք ինձ հետ,
Անցա՛վ, անհո՛գ, անհո՛ւշ, անհե ՛տ...»:

ՊՈԵՏՆ ՈԻ ՄՈԻՍԱՆ

Նըստած եմ մի օր միտք եմ անում.
Միտք եմ անում, մի՛տք, ու չեմ կարենում
Մի հընար գըտնեմ՝ ցավերըս հոգամ...
Վեր կենամ, ասի, մեկի մոտ գընամ,
Կըրկին պարտք անեմ, գըլուխը քարը,
Մինչև որ տեսնենք ինչ կըլնի ճարը:
Ողջո՛ւյն Պառնասի գըլխից սըրբազան...
Ետ նայեմ տեսնեմ՝ իմ ծանոթ Մուսան:
Վե՜ր կաց, բանաստե՜ղծ, կանչում է էսպես,
Վե՜ր կաց, ներշընչվի՜ր, դուրս արի հանդես,
Տանջվում են ահա եղբարքըդ թըշվառ,
Հեծում, հալածվում աշխարհից աշխարհ:
Երկինք են հասել արցունք ու արյուն...
Ահա՝ քեզ համար բերել եմ ավյուն,
Հույս տուր վըհատին, ըսփոփիր որբին,
Ուժ տուր պանդըխտին իր երկար ճամփին:
Նայիր՝ աղջիկը ի՛նչպես ծաղկել է,
Աչքերի մըթնից պայծառ ծագել է
Կյանքի արևը ու սիրտ է հուզում,
Անձնըվեր սիրո երգեր է ուզում...
Ուրախ ու անհոգ գարունն էլ ահա
Բազմել է կանաչ սարերի վըրա,
Ձորերը լըցվել, փըռվել հովիտում.
Հավքերն երգում են, ծաղկունքը փըթթում....
Դու էլ ըսթափվի՜ր, երգիր քեզ նըման,
Ողջունի՜ր շքեղ գալուստը գարնան:
Հերիք է, Մուսա՜, երկինքը վըկա,
Էլ համբերելու սիրտ ու տեղ չըկա.
Էնպե՜ս կանեմ քեզ, որ դու մոռանաս
Արյուն ու գարուն, պոետ ու Պառնսաս:
Անիծված լինին էն օրն ու տարին,
Որ գերի դառա ես քո քընարին.
Քեզ հետ մըտերիմ դառնալու օրից
Զըրկված մընացի կյանքում բոլորից...
Էն տաղա՞նդը, էն ձի՞րքն հապա,
Որ տըվել եմ...
Ա՜յ խաբեբա,
Ահա ես էլ էդ եմ լալիս.
Ինչո՞ւ էս ձիրքն էիր տալիս:
Չըգիտե՞իր միթե այնժամ,
Թե ինչ աշխարք պիտի ես գամ:
Թող լինեի մի կեղեքող,
Հավաքեի միշտ փող ու փող.
Առաջ թեև «գազան» ու «ցեց»,
Կըդառնայի շուտով ես մեծ,
Վեհ բարերար
Ազգի համար.
Մեռած օրս էլ պըսակ տային.
«Իր որբ ազգիցմիակ հային»:
Կամ թե տերտեր լինեի թող,
Խաչը վըզիս մեռել թաղող,
Սուփրի վերև միշտ նըստեի,
Իմ ապրուստը դըրըստեի.
Ազգն էլ աչքը տընկեր վըրաս.
Իմ փըրկողը դու ես, որ կաս:
Ահա էսպես բան լիներ մարդ,
Գընար ապրեր լի ու հանդարտ:
Կամ սընգուրված մի ճոխ հիմար,
Որ ապրում է լոկ իր համար,
Ուտում-քընում, ելնում-ուտում,
Լի՛, գո՛հ, ինչպես աղբակույտում
Հանգիստ ապրող որդը պարարտ:
Կըլինեի հարգի մի մարդ,
Նույնիսկ եթե գըլուխըս այնժամ
Դատարկ լիներ հազար անգամ,
Քան թե հիմա իմ գըրպանը:
Ահա կյանքում էս է բանը.
Թե չէ՝ լինել ի ծնե գերի
Մերկ Մուսայի ու երգերի,
Որդիք ու կին
Թողած բախտին,
Մերձավորի ծաղր ու ծանակ,
Ուժից ընկել անժամանակ
Թե պոետ եմ...օ՛, ո՜չ, Մուսա՜,
Մի անարդար պատիժ է սա:
Եվ ինձ մոտիկ
Փորձված մարդիկ
Դեռ շատ վաղուց նըկատեցին,
Կըռիվ արին, խըրատեցին,
Թե աշխարքին մըտիկ արա.
Շատն էլ խընդաց խելքիս վըրա...
Իսկ ես, ա՛խ, ես,
Միշտ խենթ էսպես,
Գիշեր-ցերեկ թերթում գըրքեր,
Շինում էի դատարկ երգեր,
Միշտ քո քամով էի թըռչում,
Ու միշտ բախտից հեռու փախչում:
Ա՛յ ապերախտ, ի՞նչ ես ասում.
Էն ո՞ր բախտն ես դու ափսոսում,
Որ չեմ տըվել քեզ իմ ձեռքով.
Աստվածային հըզոր ձիրքով
Էս ցած կյանքից հեշտ ու անթև
Թըռչել երկինք, վերև՛, վերև՛,
Ցավեր, հոգսեր ողջ մոռանալ,
Դըժոխք իջնել, դըրախտ գընալ,
Անհուն ըզգալ, թովիչ երգել...
Ո՞ր բախտից եմ ես քեզ զըրկել:
Օ՛, ո՛ր բախտից... ա՛յ սևերե՜ս,
Ահա շարեմ, հիշիր ու տե՜ս:
Ինձ մի անգամ առան-տարան
Հաշվապահի ուսումնարան,
Շատ խոսեցին,
Համոզեցին,
Թե կավարտես էս դպրոցում,
Ատեստատը հետո ծոցում,
Ուր որ գընաս,
Տեղ կունենաս,
Լա՛վ փողով տեղ բուղգալտերի. Խազեյինդ էլ տարեցտարի
Միշտ կավելցնի քո ռոճիկը,
Վերջը վըրան և... աղջիկը:
Բայց դու եկար միտքըս մըտար,
Ինձ չըթողիր տեղըս դադար.
Դավթարն աչքիս դարձավ դաժան,
Թիվ, կոտորակ, թըվանշան
Ուղեղիս մեջ դարձան որդեր,
Քիչ էր մընում սիրտըս պայթեր.
Ես էլ խըրտնած, խենթ երեխա՝
Փող ու աղջիկ թողի, փախա,
Թե չեմ կարող, ես չեմ կարող,
Ես գըրող եմ, գըրո՛ղ, գըրո՛ղ:
Սակայն էլի բախտըս ժըպտաց,
Ձեռըս բըռնեց տարավ հանկարծ
Ու պիսերի տըվավ պաշտոն:
Ո՜չ լի օր կար ինձ և ոչ տոն:
Մեծավորըս էնքան սիրեց,
Հին գըրչակոթն ինձ նըվիրեց.
Ընկերներս էլ ինձ դաս տըվին
Ոնց պըլոկել խընդրատըվին:
Բայց դու էլի եկար գըտար,
Խաղաղ գործիս մեջը մըտար.
Ես էլ հիմարս՝ իսկույնևեթ
Վեճ բաց արի ամենքի հետ,
Թե ի՞նչ բան է՝ խեղճ գյուղացուն
Գերի շինել՝ ողջ տարին բուն
Տանել, բերել ու թալանել,
Այրու պղինձն աճուրդ անել...
Էս բոլորը քիչ էր կարծես,
Էնքան արիր, սատանի պես,
Որ գըրեցի մեծիս պարսավ.
Նա էլկո՜րի, կո՜րի, ասավ,
Մենք ենք տալի քեզ փող ու վարձ,
Դու, Մուսայի խելքով ընկած,
Վեր ես կենում մեր դեմ խոսում.
Էդպես պիսեր մենք չենք ուզում:
Սակայն աստված մեծ է գութով.
Հայտնի կանտոր ընկա շուտով:
Լավ էր, ասի, այսուհետև
Կապրեմ ազատ, գործըս թեթև:
Հետըս եկար, մըտար կանտոր,
Գործերս արիր խառնափընթոր.
Քու երեսից հենց նույն տարին
Իմ պաշտոնից ինձ դուրս արին:
Էսպես եղա ես խայտառակ,
Համ էլ ընկա պարտքերի տակ.
(Հո պոետի պարտքն էլ գիտես.
Էդ լոկ պարտք չի ուրիշի պես,
Այլ ազգային մի մեծ առակ,
Վեճ ու վըճիռ ծանր ու բարակ):
Ո՞ր մեկն ասեմ, ո՞րը թողնեմ.
Երբ որ տեսան շընորհք չունեմ,
Այնուհետև քանի անգամ
Ծանոթ, ընկեր, լավ բարեկամ՝
Տերտերության տըվին խորհուրդ.
Ա՜յ քեզ մեծ ժամ, լավ ժողովուրդ,
Փարթամ քելեխ, հարգ, մեծարանք,
Հարստություն, հանգիստ, հեշտ կյանք...
Իսկ ես՝ անփորձ, անխելք, հիմար,
Ողջ մերժեցի լոկ քեզ համար.
Պատրաստ կյանքից, բախտից փախած,
Գանձանակի թեփշին թողած,
Քընարն առա,
Պոետ դառա,
Երգ ու տաղով մըտա հանդես,
Հե՛յ, Մուսայի ընկերն եմ ես,
Ձեն տըվի ես ոգևորված:
Հա՜, հա՜, հա՜, հա՜, բիրտ հըռհըռաց
Ժողովուրդը միաբերան,
Թըռցրել է խելքն էս խեղճ տըղան:
Հեռո՜ւ կորի, խե՜նթ պատանի,
Որ անպիտան գործի, բանի,
Ուշք ու միտքըդ տըվել երգին՝
Մի չես նայում էս աշխարքին...
Մենք մարդիկ ենքգործ ենք անում,
Խենթմենթ բաներ չենք հասկանում:
Ես գոչեցի. — խավա՜ր ամբոխ,
Պաշտում ես դու լոկ փայլ ու փող,
Չես հասկանում դու պոետին.
Ե՜ս, երկընքի քընքույշ որդին,
Երգում եմ սե՛ր, ճըշմարտությո՛ւն...
Ու գընացի խըմբագրատուն:
Տեր խըմբագիր, պոետ եմ նոր,
Բերել եմ ձեզ ոտանավոր.
Ահա կարդամ ակաջ դըրեք,
Ձեր հանդիսում տեղավորեք:

«Սևորա՛կ աչքեր, սևորա՛կ աչքեր,
Հալածում եք ինձ դուք օր ու գիշեր,
Նայում եք անթարթ իմ հոգու խորքում...
Ինչո՞ւ չեք քընում, ինչո՞ւ չեք փակվում.
Բանաստեղծն արդեն տանջանքից հոգնել՝
Ուզում է քընել, հավիտյա՜ն քընել...
Դուք էլ քընեցեք, սևորա՛կ աչքեր,
Ցերեկս անցել է, գիշեր է, գիշեր...»

Ոչինչ, կոկիկ է: Խոսելով անկեղծ՝
Դուք վատ չեք գըրում, պա՜րոն բանաստեղծ.
Ամեն մի տողում տասն են վանկերը,
Բայց ինձ աղքատ են թըվում հանգերը:
Հապա մի տըվեք, ուղղեմ ես հիմա,
Տեսեք՝ թե որքան սահուն դուրս կըգա:
Ուղղում եմ ես միշտ մեր պոետներին,
Էսպես եմ պոետ շինել բոլորին:

«Սևորա՛կ աչքեր, սևորա՛կ աչքեր,
Հալածում եք ինձ դուք ինչպես քաջքեր...»

Ես իսկույն ինչպես հալածված քաջքից՝
Փախա խըմբագրից ու իրեն աչքից,
Երգերըս ուղիղ տարա տըպարան.
Դուրս եկավ էսպես մի նոր երգարան:
Այնժամ մըտրակող մի թունդ պուբլիցիստ,
Հայտնի քըննադատ, բազմագետ ու խիստ,
Սաստիկ վըրդովված, անաչառ հոգով
Ծաղրի առավ ինձ իրեն «ակնարկով»:
Ես դեմ եմ, ասավ, բանաստեղծության,
Զըզվեցնում է ինձ էդ երգի Մուսան:
Ո՜չ մըտքեր են պետք, ո՜չ ձիրք և ո՜չ խելք, —
Բառեր ու հանգերև ահա քեզ երգ:
Հենց նոր դուրս եկած էս խակ տըղան էլ
Գլխից էս տեսակ բաներ է հանել:
Ուրի՛շ բան էին հին պոետները...
Նըրանք էլ մեռան, տարան հետները
Տաղանդ ու երգեր. ամե՛ն, ամեն բան
Մըտավ նըրանց հետ խավար գերեզման...
Դարձավ անապատ... էլ ո՞վ է մընում...
Էլ ուրիշ պոետ մենք չենք ընդունում...
Որքան ծաղրում ենք, սըրանք չեն լըռում,
Ոչ էլ մեր ուզած բաներն են գըրում:
Ո՛վ բըրետների, կույրերի երկիր:
Դու մի՜ հավատար, իմ հե՜գ որդեգիր.
Ես էն հանգուցյալ լավերից նույնպես
Լըսել եմ հաճախ գանգատներ պես-պես:
Սպանում են դեռ ծաղրով ու թույնով,
Ապա պըճընվում նըրանց անունով.
Լափում են նըրանց վաստակը արդար,
Ու նորից... նույն հին կըռիվը վատթար...
Երդվում եմ ահա ճառագող օրով,
Վառ Ավրորայի մաքուր շողերով,
Խոսում ես դու էն չըքերի մասին,
Որ միշտ անտեղյակ առաջին լուսին,
Չեն հըրճվում նըրա ծագման հանդիսով,
Միայն կեսօրվան ապուշ երեսով,
Ելնում են մըռայլ, տեսնում քընեած՝
Գըլխների վերև արևը կանգնած.
Ու ծունկ են չոքում,
Օրհներգ են երգում.
Հի՛ն օրհներգության ու հի՛ն հըրեշներ...
Բայց մի՞թե նըրանք ապրում են անմեռ,
Եվ էդպես անհաշտ էսօր էլ քեզ հետ...
Ի՞նչ հըրեշ, Մուսա՜, ի՞նչ կույր ու բըրետ
Ի՞նչ բաներ ես դա քեզնից հընարում...
Ես էն եմ ասում, թե մեր աշխարհում
Պոետները ողջ տըխրել են, ցավել,
Որ իրենց երգի քընար ես տրվել...
Ես էլ... ի՞նչ ասեմ... մեղավոր եմ ես,
Ծույլ ու անշընորհք, անպետք, սևերես...
Մեր խեղճ տանըցիք ո՛րքան նախատում
Բայց ես՝ միշտ համառ, չէի հավատում,
Մինչև լըսեցի մի մեծ պարոնի.
Մեր մեջ շատ խելոք ու շատ անվանի:
Մի օր ինձանից արավ հարցափորձ.
Ունի՞ս, հարցըրեց, մի պաշտոն կամ գործ:
Բանաստեղծ եմ ես, հայտնեցի հըպարտ:
Դըժվար է, ասավ, երբ անգործ է մարդ:
Բանաստեղծ եմ ես, կըրկնեցի մեկ էլ:
Հասկացա՛նք, ասավ, պարապ ես եղել...
Եվ խեղճ ընկերըս երբ որ՝ սըրտացավ՝
Սա էլ պետքական մի մարդ է, ասավ,
Էնպես ծիծաղեց մեր աղան փառփառ,
Որ և հասարակ և մեծ վեհափառ,
Ով որ իմացավ,
Ծիծաղը պըրծավ:
Բայց վերջն ավելի պարզեց խընդիրը,
Երբ հոդված գըրեց մեր լըրագիրը:
Բանաստեղծն, ասավ, թո՜ղ մի գործ շինի,
Որ հացի, վարձի դառնա արժանի.
Թե չէ համառի ու մընա պոետ՝
Ի՞նչ հաշիվ ունի ազգը նըրա հետ.
Ազգը հո նըրան չի խընդրում գըրի,
Թերթն էլ փող չունի՝ թե որ վըճարի...
Թո՜ղ գընա ապրի իրեն գըրիչով...
Էսպես ենք դատում մեր մաքուր խըղճով:
Ներշընչման համար
Էսպես է հարմար. —
Ով սովից մեռել՝
Նա՜ է լավ գըրել:
Կարող ենք մենք էլ
Էսպես մըտրակել
Ու ծաղրել մի-մի,
Որ առաջ դիմի...:
Ո՛վ ախոռ-երկիր, մըտրակի՝ մարդիկ...
Դե՜, ե՜կ, սիրելի՜ս, տանեմ քեզ երկինք.
Էնտեղ երջանիկ ոգիների հետ
Զըվարթ կըխընդաս ու կերգես հավետ.
Կամ կուզես թըռցնեմ, հանեմ Ոլիմպոս,
Որ նեկտար ըմպես, ճաշակես ամբրոս:
Իմ ազնի՛վ Մուսա՜,
Ա՜յ, է՜դպես խոսա:
Իրավ, էս կյանքից ես շատ եմ զըզվել:
Ի՛նչ երանություն՝ երկընքում սուզվել,
Էն չըքնաղներին, որոնք, անկասկած,
Նըման չեն իսկի մեր հայոց կանանց
Լինել միշտ ընկեր
Ու սիրո երգեր
Հորինե՛լ,
Ձոնել,
Երկրային չընչին հոգսերը թողած.
Կամ, ոտներն հանգիստ ժայռերից կախած,
Նըստել Պառնասի երջանիկ գըլիխն
Ու բարձրից նայել էս հիմար խալխին:
Բայց ես ունեմ կին, շատ երեխաներ,
Նըրանց բանն էնտեղ ի՞նչպես կըլիներ...
Օ՛, երբ Պառնասի գագաթ վերանաս,
Զավակներ ու կին պիտի մոռանաս:
Ո՛վ դու անիրավ, ի՞նչ եմ արել քեզ,
Որ ինձ իմ տանից էդպես բաժանես:
Չէ՜, լավ է կըրկին, որ երկրում մընամ,
Ծաղրի, նեղության մի կերպ դիմանամ...
Քո կամքը լինի, ազա՜տ բանաստեղծ.
Ընտրի՜ր, ուր կուզես՝ երկինք թե երկիր,
Բայց միշտ, ամեն տեղ եղիր դու անկեղծ,
Մաքուր, սըրտալի քո ե՜րգը երգիր:
Կանգնի՜ր միշտ վերև,
Ու ինչպես արև՝
Նայի՜ր լուսավոր,
Պայծառ ու հըզոր,
Քո կոչումն է դա.
Եվ, ինձ հավատա՜,
Բոլոր գանձերը, գոհարներն անգին
Չարժեն կարճատև քո ներշընչանքին:
Ա՜յ, դու սատանա՜, է՞լ կուզես խաբել,
Մեծ-մեծ խոսքերով աչքերըս կապել.
Ա՜յ, դու կեղծավո՜ր, սիրուն անպիտան.
Ես լավ եմ տեսնում այժըմ ամեն բան:
Դու ինձ ես մենակ միամիտ գըտել.
Հապա դե խոսիր ուրիշի մոտ էլ,
Ա՜յ, թեկուզ մեզ մոտ, հենց իմ կընկանը
Ասա՜, թե մենակ փողը չի բանը...
Բայց ի՛նչ եմ ասում. հայոց գըրողը
Վաղուց է արդեն ճանաչել փողը.
Եվ երկար, երկար մեր ողջ հանճարով
Մըտածել ենք մենք դըժար օրերով,
Գըրողի պըսա՞կ,
Թե՞ փողի քըսակ...
Եվ լավ ենք վըճռել...
Դեհ, գընա՜, Մուսա՜.
Գըրադարանս շինում եմ կասսա,
Թըքում եմ և քեզ և քո պըսակին,
Երկըրպագում եմ փողի քըսակին:
«Փողի քըաս՛կը, փողի քըաս՛կը,
Բարձրացընում է մարդու հասակը,
Գեղեցկացնում է հըրեշ տըգեղին,
Սըրբագործում է գարշն ու աղտեղին:
Նըրա ուժն է՝ որ դարձընում է լոկ
Անասուններին հարգի ու խելոք,
Կույսին, զառամին մոտեցնում իրար,
Չարին, վաշխառվին շինում բարերար,
Պըճնում ճակատը լիրբ ավազակի,
Կանգնեցնում արձան անվախճան փառքի:
Նա է միշտ շարժում դատողի լեզուն,
Նա՜ է հասցընում աղոթքն աստըծուն,
Նըրա վըրա է աշխարքը կանգնած.
Նա մեր հոգին է, մեր երկրորդ աստված:
Պոետն էլ բընավ թե խոսել է վատ,
Տուժել է սաստիկ, զըղջացել է շատ,
Եվ այժըմ, ահա, խելքի է եկել,
Սկսել է նըրան օրհնություն երգել»:
Երգըս որ լըսեց իմ դըժբախտ Մուսան,
Իսկույն հավաքեց իր փասա-փուսան.
Դե՜հ, մընսա բարյավ,
Անսի՜րտ, անիրա՜վ,
Ես էսքան տարի
Ինչ որ քեզ արի,
Բոլորն ուրացար,
Փողապաշտ դարձար...

ՀԻՆ ԿՌԻՎԸ
ՏԱՆԸ
ՆԱԽԵՐԳԱՆՔ

Մենք կարծում էինք, թե իր շանթերով
Հըսկում է աստված Սասմա սարերին.
Մենք ասում էինք՝ անթիվ նավերով
Կըգան օգնության մեր ծանըր օրին...
Ավա՛ղ մեր պայծառ հույսերի համար.
Ահա խորտակված, և ահա կըրկին
Նայում ենք անհույս, մենա՜կ, դալկահար՝
Մորթող թըշնամու արյունոտ ձեռքին:
Երկրի մեծերը չեն փոխում իրենց
Մեռելի ոսկրին ողջ ազգը հայի,
Մեր տունն են ուզում, մեր տեղն են ուզում,
Մեր բուն երկիրը՝ մեզնից ամայի...
Նա էլ, որ աստծու անունով եկավ,
Փրկչական խաչով, խոսքով գըթության,
Նա էլ աստըծուն՝ կանգնեց՝ փառք տըվավ,
Որ մենք հոշոտված, տանջված ենք էսքան...
Ու հոսո՛ւմ, հոսո՛ւմ, հոսում է անմեղ
Արյունն-արցունքը տարաբախտ ազգի,
Հոսում ամեն օր. հոսում ամեն տեղ,
Եվ դեռ սոսկալին չի եկել իսկի...
Եվ ահա մենակ, խոցված ու ցավոտ,
Թե մարմնով տանջված՝ հոգով առավել,
Մենք միտք ենք անում մինչև առավոտ.
Տե՛ր ամենագետ, մենք ի՞նչ ենք արել...

I

Հայի չար բախտը ինձ ներքև բերավ
Բարձըր Գուգարքի ծաղկոտ սարերից,
Իմ հոգին լըցրեց հառաչանք ու ցավ,
Տըխուր երգերի քընար տըվավ ինձ:
Դե՜, հեծծի՜ր, իմ երգ, ինչպես կըհեծծի
Բուքն իմ ամայի աշխարհքի վըրա,
Անքուն կարոտի դուռը կըծեծի,
Թե՝ քու անբախտը չըկա ու չըկա...
Դե՜, հեծծի՜ր, իմ երգ, ինչպես սըգավոր
Հայի հեծեծանքն ու բողոքն անվերջ,
Ինչպես պանդուխտի թառանչ սրտախոր
Օտար դըռներում, անհայտ ճամփի մեջ...

II

Իմ միտքն էլ, ավա՛ղ, շրջում է մոլոր
Հայի հալածված պանդուխտի նըման,
Մենակ ամեն տեղ, տըխուր ամեն օր,
Ցավերով լըցված պանդուխտի նըման:
Կորցրել է վաղուց ամենն, ինչ ուներ,
Փընտրածն էլ, էսպես, չի գըտնում բընավ,
Անքուն ջըրի պես գընում է երեր,
Աշխարհքից աշխարհք, մի ցավից մի ցավ:
Ու, ինչպես օտար աշխարհից դարձող
Կարոտած ճամփորդ, նըկատում է նա՝
Հեռո՛ւ, մըթան մեջ, վառ կարմիր լուսով
Ծաղկում է ծանոթ լուսամուտն ահա...
Մենակ ու խաղաղ ճըրագի առջև,
Չոր ձեռքը տըված դալուկ ճակատին,
Մըտքի ծովն ընկած մըտածում է նա,
Հին տառապանքի, հին ցավի որդին:
Գըլխի վերևը տըխուր պատկերներ,
Գըրքե՛ր ու գըրքեր իր շուրջը բոլոր...
Ու ներս է մտնում մի բարի ըստվեր,
Իր մայրը ցամքած, մայրը սևաշոր:
Ի՞նչ ես միտք անում. Վահա՜ն ջան, էդքան,
Ասա՜, քեզ ղուրբան, քո մտքին ղուրբան,
Ի՞նչ ես միտք անում ու հալվո՛ւմ, հալվո՛ւմ...
Բան չըկա, մայրիկ, գըլուխս է ցավում...
Չէ՜, սուտ ես ասում, ինձ չես խաբիլ էլ.
Էդ ո՞վ է, ասա՜, քո քունը կըտրել,
Էդ ո՞ր սիրունը, ո՞ր անուշ հոգին...
Հա՜, գըտա՜ր, մայրի՜կ... սիրում եմ մեկին...
Տեսա՞ր, որ ասի՝ չես խաբիլ ինձ էլ,
Տեսա՞ր, ինչպես եմ ցավըդ իմացել...
Ինչո՞ւ ես հապա ծածկում ինձանից,
Ծածկում ինձանիցքեզ սիրող նանից...
Դե ո՞վ է, ասա՜, ես էլ կսիրեմ...
Դե ո՞ւր է, ասա՜... ո՞ւր է, որ բերեմ.
Բերեմ, որ էդքան միտք չանես էլ դու...
Չես կարող, մայրի՜կ, նա շատ է հեռու...
Նա շատ է հեռու, գերության միջում,
Դու չես իմանում, դու չես ճանաչում...
Էնպես մի դըժար տեղ եմ սիրել ե՛ս...
Չես կարող հասնես, չես կարող բերես...»
Ու դուրս է գընում հուսահատ, մոլոր
Իր մայրը ցամքած, մայրը սևաշոր,
Աղոթում իրեն Վահանի համար,
Աշխարհքի համար, ամենքի համար...

III

Հայտնըվեց ապա մի օտար տըղա,
Մի ուրիշ տըղա երևաց էլի,
Խոսում են անքուն գիշերներն երկար,
Խոսում են տաք-տաք, մո՛ւթ, կասկածելի...
Ո՞վ են, Վահա՜ն ջան, գալիս են քեզ մոտ,
Էդ ինչ տղերք են՝ գունա՛տ, անծանոթ...
Երնեկ իմանամ` էդ ինչ եք ուզում,
Էդ ի՞նչ եք էդքան խոսում ու խոսում...
Պանդուխտ են, մայրի՜կ, ընկեր տըղերք են,
Քըշված, հալածված, ընկած դես ու դեն.
Տուն ու տեղ չունեն, ինձ մոտ են գալիս,
Զըրույց ենք անում, իրար սիրտ տալիս...
Իմ անբախտ զավակ, մանկուց վըշտակոխ.
Ընկերներդ էդպես հալածված, անհող,
Սիրածըդ հեռու, գերության միջում...
Խոսում է մայրը, խոսում, հառաչում,
Ու դուրս է գընում կըրկին շըվարած...
Ամեն տեղ քընած, ամենքը լըռած...
Մենակ՝ մընում է իր անհոգ մարդուն,
Չի գալիս նա էլ, դեռ չի գալիս տուն.
Իր պեսների հետ էլի՜ էն անտեր
Գինետանն ընկած ու խոսում է դեռ...

IV

(Գինետանը)

Կըտրել է վաղուց ամեն ձեն ու ձուն:
Գիշերվա կես է: Հոգնած ու անքուն,
Գըլուխը գինոտ դազգահին դըրած՝
Գինետան տերն էլ քուն մըտավ թըմրած:
Կեղտոտ լամպարի աղոտ լուսի տակ,
Մեջտեղը մի գավ, աղքատ ու անկարգ
Սեղանի շուրջը, իրենց անկյունում,
Երեք ծերունի զըրույց են անում:
Ցավ-կրակ դառավ էս լակոտն, ախպե՛ր,
Էլ բան չի ասվում, հետը չի խոսվում,
Ուշքըն ու միտքը միշտ հեռու տեղեր`
Չեմ էլ հասկանում, թե ինչ է ուզում...
Հավան չի կենում աշխարհքի կարգին.
Ասում է՝ մարդիկ բըռնության տակին...
Միտս էլ չի գալիս՝ ինչպես է ասում.
Խըրթին, գըրաբառ բաներ է խոսում, —
Էս մեկն՝ էսպես է, էն մեկելն՝ էնպես...
Երկուսից մինըկամ նրանք, կամ ես...
Սո՛ւս կաց, ասում եմ, էդ ինչ ես անում...
Թե՝ դու հին մարդ ես. դու չես հասկանում...
Հա՜, հա՜, հա՜, հա՛, հա՛.
Ա՜յ քեզ նոր տըղա՛...
Դե բաժակըդ բե՜ր,
Մարտիրոս ախպեր,
Բեր մի-մի բերան
Կյանք խընդրենք դըրան:
Էդ, ինչ որ դու ես խաբարը տալիս,
Մի ուրիշ տեսակ բան է դուրս գալիս...
Բարի հիշատակ լինի քեզ համար,
Տունըդ շեն պահի ու ծուխըդ վարար:
Ածում են կոնծում ընկեր ծերերը,
Բայց նոր է բացվել պատմության ծերը:
Հա՜, ախպե՜ր, ուրիշ բան է դուրս գալիս.
Ես էլ հենց էդ եմ գըլխիս վայ տալիս,
Թե սըրա վերջը ուր պիտի գընա.
Տանից ու բանից եղած ավարա,
Աշխարհքի դարդը շալակն է առել՝
Ամենքի համար դարդաքաշ դառել...
Ընկեր թե օտար, ծանոթ, անծանոթ
Ով վեր է կենումվազում է իր մոտ.
Վահա՜ն, ի՞նչ անենք... Վահա՜ն, ո՞նց կենանք...
Վահա՜ն, ի՞նչ կասես... Վահա՜ն, ե՞րբ գընանք...
Գըլխի՞ եք ընկնում՝ «էնտե՛ղ» են գընում...
«Էնտեղ» հո գիտե՛ք, լավ եք իմանամ...
— «Էնտե՛ղ», օ՛ֆ, «էնտե՛ղ» —
Կըրակ է անթեղ... Դե բաժակըդ բե՜ր,
Մարտիրոս ախպեր,
Արի՜, մի սըրտանց
Կյանք խընդրենք դըրանց...
Ջահել ժամանակ ի՛նչքան եմ ես էլ
Էդ ճամփի վըրա անքուն երազել,
Ի՛նչքան եմ ուզել թե փախչեմ ծածուկ...
Հիմի դըրանցն եք թարիֆ անում դուք...
Ուր գընան՝ աստված բանները աջի,
Չարը խափանի, բարին առաջի...
Ածում են կոնծում ընկեր ծերերը,
Բայց հեռու է դեռ պատմության ծերը:
Շընարհակալ եմ, ողջ կենաք, ախպե՜ր,
Էս տեսակ մի բան չեմ տեսել ես դեռ.
Տեղ ունես թե չէ՝ մըտիկ չեն տալիս,
Տասը գընում են՝ քըսանը գալիս,
Ինչ որ ճանկում են՝ ուտում են, թափում,
Ամբողջ գիշերը վիճում, աղմըկում,
Ամպի պես ծըխով սենյակը լըցնում...
Էլ ոչ մահճակալ, ոչ տեղ են հարցնում. —
Մինը բարձրանում՝ սեղանին պառկում,
Մյուսը հատակին լեն-արձակ ձըգվում...
Ոչ աղբ են նայում, ոչ փոշի, ոչ ցեխ,
Պառկում են էստեղ, պառկում են էնտեղ...
Հա՜, հա՜, հա՜, հա՜, հա՛.
Թամաշա է հա՛...
Դե բաժակըդ բե՜ր,
Մարտիրոս ախպեր,
Արի՜, մի սըրտանց
Կյանք խընդրենք դրանց.
Շատ լավ տըղերք են, ես ու իմ հոգին.
Հավան եմ կենում դրանց արարքին. —
Մարդը նա հո չի՝ հենց իրեն նայի,
Մարդը նա է, որ աշխարհքը շահի...
Տեր աստված պահի իրեն խընամում...
Ածում են՝ վերջին բաժակն էլ քամում,
Չեն հասնում սակայն պատմության ծերը,
Ու միշտ ընկնում է էգուց գիշերը:

V

Դատարկ փողոցովդ բարձըր հազալով,
Ինքը իրեն հետ մենակ խոսելով,
Թըրը՛խկ հա չըրը՜խկ, գիշերվա մըթնում
Մարտիրոս ախպերն իր տունն է գընում:
Եվ ուշ գիշերով հասնում է նա տուն:
ճըրագը վառ է, «նրանք» էլ զարթուն,
Աղմըկում են դեռ կողքի սենյակում,
Էն նոր դուրս եկած երգեր են երգում:
Պառավն էլ անքուն իրեն է մնում,
Ձեռները ծոցին դուրս ու տան անում,
Ու մարդը շեմքից մըտած-չըմտած՝
Դիմացն է գալիս հանգած ու հատած:
Բա՜, գիտե՞ս, ա՜յ մարդ, ի՛նչ իմացա ես,
Գիտե՞ս ինչիցն է մաշվում երեխես, —
Սիրո՛ւմ է մեկին...
Վա՛յ քու կարճ խելքին...
Ի՛նչ սիրահարված, բա՛ն գիտես իսկի. —
Ազգի համար է միտք անում, ազգի՛.
Ուրիշի համար, խեղճերի համար...
Ի՛նչ սիրահարված, կարճամիտ հիմա՜ր,
Ի՞նչ ես հասկանում՝ ինչ կա աշխարհքում.
Ականջդ մի բաց, տես ինչ են երգում...

(Տղերքը երգում են)

Следующая страница