Թումանյան Հովհաննես՝   Պոեմներ

XVIII

Էսպես անհամար զորքեր հավաքեց,
Եկավ Սասմա դաշտ, բանակը զարկեց
Ու ծանըր նըստեց Մըսրա թագավոր:
Էնքան ահագին բազմությանն էն օր
Բաթմանա ջըրին եկավ ու չոքեց,
Ով եկավ, խըմեցգետը ցամաքեց,
Սասմա քաղաքում մընացին ծարավ:
Ձենով Օհանին զարմանքը տարավ:
Քուրքը ուսն առավ, սարը բարձրացավ.
Սարը բարձրացավ, տեսավ, ի ՛նչ տեսավ:
Ճերմակ վըրանից դաշտը ճերմակել,
Ասես՝ էն գիշեր ձըմեռը եկել,
Սպիտակ ձյունով պատել էր Սասուն:
Լեղին ջուր կտրեց, կապ ընկավ լեզուն,
Հարա՛յ կանչելով՝ փախավ տուն ընկավ.
Վա ՛յ, փախե՛ք, եկա՛վ... հա՛յ, հարա ՛յ, եկավ...
Ի՞նչը, հորեղբա՜յր, ի՞նչը, ի ՞նչն եկավ...
Ցավն ու կըրա՛կը Դավթի պինչն եկավ:
Մըսրա թագավոր ելել է, եկել,
Եկել, մեր դաշտին բանակ է զարկել.
Թիվ կա աստղերրն, թիվ չկա զորքին...
Վա՛յ մեր արևին, վա՛յ մեր աշխարք՛ին...
Ե ՛կ, ոսկի՛ն տանենք, աղջիկներ տանենք,
Չոքենք առաջին, պաղատանք անենք,
Գուցե թե գըթա,
Մեզ սըրի չըտա...
Դու կա ՜ց, հորեղբայր, դու դարդ մի ՜ անիր.
Գընա ՜, քու օդում դու հանգիստ քընիր.
Հիմի ես կելնեմ, Սասմա դաշտ կերթամ,
Մըսրա-Մելիքին պատասխան կըտամ:
Ու գընաց Դավիթ ծանոթ պառավին.
Նանի ջա ՜ն, ասավ, ժանգոտած ու հին
Երկաթի կըտոր, անթարոց, շամփուր,
Ինչ ունես չունես, հավաքի՜ր, ինձ տուր,
Մի էշ էլ գըտիր, որ վըրեն նըստեմ,
Կըռիվ տի գընամ Մըսրա զորքի դեմ:
Վա՛յ, Դավի ՜թ, ասավ, մահս տանի քեզ.
Դո ՞ւ պետք է էն հոր զավակը լինե՛ս...
Քու հերն ուներ կըռվի համար
Հըրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ,
Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Դու եկել ես, ա ՜յ խենթ ու ծուռ,
Ինձնից կուզես էշ ու շամփո ՛ւր...
Ամա ՜ն, նանի ՜, չեմ լըսել դեռ:
Ո ՛ւր են հիմի իմ հոր զենքեր:
Հորեղբորըդ գընա հարցուր.
Ո՞ւր են, ասա, հանի ՜ր, բեր, տուր:
Բան է, թե որ չըտա սիրով,
Աչքը հանիր՝ խըլիր զոռով:

XIX

Դավիթ գընաց հորեղբոր մոտ.
Է ՛յ հորեղբայր, կանչեց հերսոտ,
Իմ հերն ուներ կռվի համար
Հրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ,
Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Կըտասբեր տուր...
Վա ՛յ, Դավիթ ջա ՛ն,
Ահից գոռաց Ձենով Օհան.
Քու հոր մահվան տարուցօրից
Դուրս չեմ հանել ձին ախոռից,
Ոչ սընդուկից Թուր-Կեծակին,
Զըրահ շապիկ, ոսկի գոտին...
Ինձ թող, ամա ՛ն, մի ՜ սպանիր,
Կուզեսհըրեն, գընա հանի ՜ր:

XX

Հագավ Դավիթ զենքն ու զըրահ,
Կապեց գոտին, Թուր-Կեծակին,
Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա,
Ելավ, հեծավ Առյուծ հոր ձին,
Հոր ձին հեծավ ու մըտրակեց.
Ձենով Օհան լալով երգեց.
Ափսո՛ս, հազա՛ր ափսոս հըրեղեն մեր ձին,
Ա՛խ, հըրեղեն մեր ձին.
Ափսո ՛ս, հազա՛ր ափսոս մեր ոսկի գոտին,
Ա՛խ, մեր ոսկի գոտին.
Ափսո՛ս, թանկ կապեն, որ հագին տարավ,
Ա՛խ, որ հագին տարավ...

Դավիթ բարկացավ,
Ձին քշեց, դարձավ,
Օհանը վախեց.
Իր երգը փոխեց.
«Ափսո՛ս, նորելուկ Դավիթըս կորավ,
Ա ՛խ, Դավիթըս կորավ»:

Էս որ իմացավ,
Դավիթ մեղմացավ,
Իջավ, Օհանի ձեռքը համբուրեց:
Ձենով Օհանն էլ, ինչպես հայր ու մեծ,
Օրհնեց, խըրատեց նըրան հայրաբար,
Դեպի Սասմա դաշտ դըրավ ճանապարհ:

XXI

Սասունցի Դավթին ուներ մի քեռի,
Անունը Թորոս, ահեղ աժդահա:
Սա էլ իմացավ համբավը կըռվի,
Մի բարդի ուսին գալիս է ահա:
Գալիս է՝ հեռվից բարձըր գոռալով.
Ի՛նչ եք վեր եկել էս դաշտի միջում,
Քանի գըլխանի մարդիկ եք կամ ո՞վ,
Սասունցի Դավթին որ չեք ճանաչում...
Բա չե՞ք իմանում, որ էստեղ է նա
Գալու՝ խաղացնի իր ձին թևավոր.
Չըքվեցե ՛ք, հիմի ուր որ է կըգա,
Եկել եմ սըրբեմ մեյդանը էսօր:

Ասավ ու քաշեց իր ուսի բարդին,
Սըրբեց բանակից մի քըսան վըրան...
Դավիթն էլ ահա սարի գագաթին
Կանգնած՝ գոռում է վիշապի նըման.

Ով քընած եք՝ արթուն կացե ՛ք,
Ով արթուն եք՝ ելե ՛ք, կեցե ՛ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՛ք,
Զե ՜նք եք կապել՝ ձի թամբեցե ՛ք,
Ձի եք թամբել՝ ելե՛ք, հեծե ՛ք.
Հետո չասեք՝ թե մենք քընած
Դավիթ գող-գող եկավ, գընաց...

Էսպես կանչեց, ասպանդակեց,
Ու, ինչ ամպից կեծակ զարկի,
Մըսրա զորքի մեջտեղ զարկեց,
Շողացնելով Թուր-Կեծակին:

Ջարդեց, փըշրեց մինչև կեսօր.
Կեսօր արինն ելավ հեղեղ,
Քըշեց, տարավ հազարավոր
Մարդ ու դիակ ողջ միատեղ:

Կար զորքի մեջ մի ալևոր,
Աշխարք տեսած ու բանագետ.
Տըղե՛րք, ասավ, ճամփա տըվեք,
Գընամ խոսեմ ես Դավթի հետ:

Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ,
Էսպես խոսեց էն ծերանին.
Դալար կենա ՜, կուռդ, ո ՜վ քաջ,
Սուրըդ կըտրուկ միշտ քո ձեռին:

Մի ծերունուս խոսքին մըտիկ,
Տե ՜ս, քու խելքը ինչ է կըտրում:
Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
Հե՞ր ես սըրանց դու կոտորում:

Ամեն մինը մի մոր որդի,
Ամեն մինը մի տան ճըրագ,
Որը կինն է թողել էնտեղ
Աչքը ճամփին, խեղճ ու կըրակ,

Որը մի տուն լիք մանուկներ,
Որը ծընող աղքատ ու ծեր,
Որը լացով, քողն երեսին
Նորապըսակ ջահել հարսին...

Թագավորը զոռով-թըրով
Հավաքել է, էստեղ բերել:
Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով,
Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել:

Թագավորն է քու թըշնամին,
Կըռիվ անեսիր հետ արա,
Հե ՞ր ես քաշում Թուր-Կեծակին
Էս անճարակ խալխի վըրա:

Լավ ես ասում դու, ծերունի ՜,
Ասավ Դավիթն ալևորին,
Բայց թագավորն ո՞ւր է հիմի,
Որ սև կապեմ նըրա օրին:

Մեծ վըրանում քընած է նա,
Է ՜ն, որ միջից ծուխը կելնի.
Էն ծուխն էլ հո ծուխ չի որ կա,
Գոլորշին է իր բերանի:

Ասին, դեպի մեծ վըրանը
Ասպանդակեց Դավիթն իր ձին,
Քըշեց, գընաց ու դըռանը
Գոռաց կանգնած արաբներին.

Ո՞ւր է, ասավ, ի՞նչ է կորել,
Դուրս կանչեցե ՜ք, գա ասպարեզ,
Թե մահ չունի՝ մահ եմ բերել,
Գըրող չունի՝ գըրողն եմ ես...

Մելիքն, ասին, քուն է մըտել,
Օխտը օրով պետք է քընի.
Երեք օրն է դեռ անցկացել,
Չորս օր էլ կա, քունը առնի:

Ի ՛նչ, բերել է աղքատ ու խեղճ
Խալխին լըցրել ծովն արյունի,
Ինքը մըտել վըրանի մեջ՝
Օխտը օրով հանգիստ քընի՛...

Քընել-մընել չեմ հասկանամ,
Վե ՜ր կացրեք շո ՛ւտ, դուրս գա մեյդան,
Էնպես դըրան ես քընացնեմ,
Որ չըզարթնի էլ հավիտյան:

Ելան՝ մարդիկ ճարահատված
Շամփուր դըրին թեժ կըրակին
Ու զարկեցին խոր մըրափած
Մըսրա-Մելքի բաց կրընկին:

Օ ՛ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիծված լըվի ձեռից,
Խոր մըռընչաց հըսկան հանդարտ
Ու շուռ եկավ, քընեց նորից:

Ելան, բերին մեծ գութանի
Խոփը՝ դըրին թեժ կըրակին,
Ու կաս-կարմիր, կեծկըծալի,
Շիկնած տըվին մերկ թիկունքին:

Օ՛ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիրավ մոծակներից,
Աչքը բացավ հըսկան հանդարտ,
Ուզում էր ետ քընել նորից:

Տեսավ Դավթին: Գլուխն ահեղ
Վեր բարձրացրեց մըռընչալով,
Փըչեց վրեն, որ թըռցընի
Էն աժդըհին մի փըչելով:

Տեսավ, տեղից ժաժ չի գալի,
Զարմանքն ու ահ պատեց հոգին:
Արնոտ աչքերն ըսպառնալի
Հառեց խոժոռ Դավթի աչքին:

Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ
Տասը գոմշի ուժ պակասեց:
Պառկած տեղից վրա նստեց
Ու ժպտալով հետը խոսեց.

Բարո ՜վ, Դավի ՛թ, հոգնած ես դեռ,
Ե՜կ, մի նստի ՜ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,
Եթե կըռիվ կուզես կըրկին...

Իր վըրանում բըռնակալը
Քառսուն գազ խոր հոր էր փորել,
Ցանցով փակել մութ բերանը,
Վըրեն փափուկ խալի փըռել:

Ում որ հաղթել չէր կարենում,
Շողոմելով կանչում էր նա,
Նըստեցնում էր իր վըրանամ
Էն կորստյան հորի վըրա:

Իջավ Դավիթ ձիուցը ցած,
Գընաց նըստեց... ընկավ հորը.
Հա ՜, հա ՜, հա ՜ հա ՜, քահ-քահ խընդաց
Մըսրա դաժան թագավորը:

Դե, թող հիմի գընա՝ խավար
Հորում փըթի, էնքան մընա:
Ու ահագին մի ջաղացքար
Բերավ, դըրավ հորի վըրա:

XXII

Քընեց էն գիշեր Ձենով Օհանը:
Գիշերն երազում երևաց ծերին՝
Մըսրա երկընքում արև ճառագած,
Սև ամպ էր պատել Սասմա սարերին:

Սաստիկ վախեցած վեր թըռավ տեղից:
Վա՛յ, կընի ՜կ, ասավ, մի ճըրագ արա ՜,
Գընա ՛ց մեր անփորձ Դավիթը ձեռից,
Սև ամպ էր իջել Սասունի վըրա:

Հողե ՛մ գըլուխդ, ասավ կընիկը,
Ո ՛վ գիտի՝ Դավիթն ո ՜ւր է քեֆ անում...
Դու էլ քեզ համար քու տանը ընկած՝
Ուրիշի համար երազ ես տեսնում:

Քընեց Օհանը: Վերկացավ դարձյալ.
Կընի՜կ, Դավիթը նեղ տեղն է ընկած.
Մըսրա վառ աստղը շողում էր պայծառ.
Մեր աստղը հիվանդ ցոլքում դալկացած:

Ի՞նչ եղավ քեզ, մա ՜րդ, գիշերվան կիսին.
Բարկացավ վըրեն կընիկն աղմուկով:
Խաչ քաշեց էլ ետ Օհանն երեսին,
Շուռ եկավ, քընեց խըռոված հոգով:

Մի ուրիշ պատկեր ավելի ահեղ.
Տեսավ՝ երկընքի բարձըր կամարում
Վառվում էր Մըսրա աստղը փառահեղ,
Սասմա աստղիկը սուզվեց խավարում:

Զարթնեց վախեցած: — Տունդ քանդվի, կի ՛ն:
Ես ո՛նց լըսեցի քու էդ կարճ խելքին.
Կորավ մեն-մենակ մեր ջահելն անտեր.
Վե ՜ր կաց, շո ՜ւտ արա, զենքերըս մի բե ՜ր...

XXIII

Ելավ Օհան, գոմը մըտավ,
Զարկեց ճերմակ ձիու մեջքին.
Է՛յ, ճերմակ ձի, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին:

«Մինչև լուսը կըհասցնեմ».
Ու ձին տըվավ փորը գետին.
Մեջքըդ կոտրի ՜, լուսն ի՞նչ անեմ.
Լաշին հասնեմ ես, թե՞ նաշին:

Կարմիր ձիու մեջքին զարկեց.
Սա էլ երետ փորը գետին.
Ջա ՜ն կարմիր ձի, մինչ ե՞րբ դու ինձ
Կըհասցընես Դավթի կըռվին:

«Մի ժամի մեջ, կարմիրն ասավ,
Կըհասցընեւմ Դավթի կըռվին»:
Լեղի դառնա, սև մահ ու ցավ,
Ինչ տըվել եմ քեզ՝ էն գարին:

Հերթը եկավ սևին հասավ.
Գետին չերետ փորը սև ձին:
Է՛յ, ջան Սևուկ, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին:

«Եթե ամուր մեջքիս մընաս,
Ոտըդ դընես ասպանդակին,
Մինչև մեկել ոտըդ շուռ տաս,
Կըհասցընեմ», ասավ սև ձին:

XXIV

Սև ձին քաշեց Ձենով Օհան,
Ձախը դըրավ ասպանդակին,
Աջն էլ մինչև շուռ տար վըրան.
Կանգնեց Սսամա սարի գըլխին:

Տեսավ՝ Դավթի նըժույգն անտեր
Սարերն ընկած խըրխընջալով,
Ներքև Մըսրա զորքը չոքած,
Ինչպես անծեր ծըփուն մի ծով:

Օխտը գոմշի կաշի հագավ,
Որ չըպատռի իրեն զոռից,
Կանգնեց Օհան, ամպի նըման
Գոռաց Սասմա սարի ծերից:

Հե ՛յ-հե ՛յ Դավի ՛թ, ո ՛րտեղ ես դու.
Հիշի՛ր խաչը քու աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո ՛ւր,
Ու դուրս արի լույսն արևի...

Ձենը գընաց դըմբդըմբալով՝
Դավթի ականջն ընկավ հորում.
Հա՛յ- հա՛յ, ասավ, հորեղբայրս է,
Սասմա սարից ինձ է գոռում:

Ո ՛վ Մարութա Աստվածածին,
Ո ՛վ անմահ խաչ պատարագի,
Զե ՛զ եմ կանչել, — հասե՛ք Դավթին...
Կանչեց, տեղից ելավ ոտքի,

Էնպես զարկեց ջաղացքարին՝
Քարը եղավ հազար կըտոր,
Կըտորները երկինք թըռան,
Ու գնում են մինչև էսօր:

Ելավ հորից, կանգնեց ահեղ,
Սարսափ կալավ դև Մելիքին:
Դավիթ ախպեր, ե՜կ դեռ էստեղ,
Սեղան նըստե ՛նք, խոսենք կարգի ՛ն...

Էլ չեմ նըստիլ ես քու հացին,
Դու տըմարդի, վախկոտ ու նենգ.
Շո ՜ւտ, զենքըդ առ, հեծիր քու ձին,
Դո ՜ւրս եկ մեյդան, կըռիվ անենք:

Կըռիվ անենք, ասավ Մելիք,
Իմն է միայն զարկն առաջին:
Քոնն է, զարկի ՜ր, կանչեց Դավիթ,
Գընաց, կեցավ դաշտի միջին:

Ելավ, կանգնեց Մըսրա-Մելիք,
Իր գուրզն առավ, հեծավ իր ձին,
Քըշեց, գընաց մինչ Դիարբեքիր
Ու էնտեղից եկավ կըրկին:

Երեք հազար լիդր էր քաշում
Հըսկայական իր մըկունդը.
Եկավ, զարկեց. կորավ փոշում
Ու երերաց երկրի գունդը:

Երկիր քանդվեց կամ ժաժք եղավ,
Ասին մարդիկ շատ աշխարքում:
Չէ ՜, ասացին, արնի ծարավ
Հըսկաներն են իրար զարկում:

Մեռավ Դավիթ էս մի զարկից,
Ասավ Մելիք իրեն զորքին:
Կենդանի ե ՛մ, ամպի տակից
Գոռաց Դավիթ Մըսրա-Մելքին:

Հա ՜յ-հա՛յ, մոտիկ տեղից եկա,
Տե ՜ս, ո ՛րտեղից հիմի կըգամ:
Ու վերկացավ, կանգնեց հըսկան,
Իր ձին հեծավ երկոորդ անգամ:

Երկրորդ անգամ քըշեց Հալաբ
Ու բաց թողեց ձին Հալաբից.
Բուք վեր կացավ, տեղ ու տարափ,
Արար աշխարհ դողաց թափից:

Եկավ, զարկեց. զարկի ձենից
Մոտիկ մարդիկ ողջ խըլացան:
Գընա ՛ց Դավիթ Սասմա տանից,
Գուժեց գոռոզ Մըսրա արքան:

Կենդանի՛ եմ, կանչեց Դավիթ,
Մին էլ արի ՛հերթն ինձ հասավ:
Հա ՛յ-հա՛յ, մոտիկ տեղից եկա,
Կանչեց Մելիք ու վեր կացավ:

Երրորդ անգամ հեծավ իր ձրն,
Գընաց մինչև հողը Մըսրա,
Ու էնտեղից, գուրզը ձեռին
Քըշեց, եկավ Դավթի վըրա:

Եկավ, զարկեց բոլոր ուժով,
Ծանըր զարկով հըսկայական.
Փոշին ելավ Սասմա դաշտից,
Բըռնեց երեսն արեգական:

Երեք գիշեր ու երեք օր
Փոշին կանգնեց ամպի նըման,
Երեք գիշեր ու երեք օր
Բոթը տըվին Դավթի մահվան:

Երբ որ անցավ երեք օրը,
Էն ամպի պես կանգնած փոշում
Կանգնեց Դավիթ, ինչպես սարը,
Գըրգուռ սարը մեգ-մըշուշում:

Մելի ՜ք, ասավ, ո՞ւմն է հերթը:
Սարսափ կալավ գոռ Մելիքին,
Մահվան դողը ընկավ սիրտը
Ու տապ արավ գոռոզ հոգին:

Գընաց, խորունկ մի հոր փորեց,
Իջավ, մըտավ վիհն էն խավար,
Վըրեն քաշեց քառսուն կաշի
Ու քառասան ջաղացի քար:

Մըռընչալով ելավ տեղից
Էն առյուծի առյուծ որդին,
Իր ձին հեծավ ու փոթորկեց,
Խաղաց, շողաց Թուր-Կեծակին:

Առաջ վազեց մազերն արձակ
Մելքի պառավ մայրը ջադու.
Դավի ՜թ, մազըս ա ՜ռ ոտիդ տակ,
Էդ մի զարկը ի ՜նձ բաշխիր դու:

Երկրորդ անգամ թուրը քաշեց.
Էս անգամ էլ եկավ քուրը.
Դավի ՛թ, եթե կուզես, կանչեց,
Իմ սըրտին զա ՜րկ երկրորդ թուրը...

Վերջին զարկի ժամը հասավ,
Ելավ Դավիթ երրորդ անգամ.
Էս մի զարկն ու աստված, ասավ,
Էլ մարդ չըգա, պետք է որ տամ:

Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կեծակին:

Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կրտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց:

Կենդանի ՛ եմ, մին էլ արի՛,
Գոռաց Մելիք հորի տակից:
Դավիթ լսեց, շատ զարմացավ
Իրեն զարկից, Թուր-Կեծակից...

Մելի՜ք, ասավ, թա՜փ տուր մի քեզ:
Ու թափ տըվավ Մելիքն իրեն,
Միջից եղավ ճիշտ երկու կես,
Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն:

Էս որ տեսավ Մըսրա բանակ,
Ջուր կըտըրվեց ահ ու վախից:
Դավիթ կանչեց. — Մի ՜ վախենաք,
Ակա՜նջ արեք հալա դեռ ինձ:

Դուք ըռանչպար մարդիկ, ասավ,
Զուրկ ա խավար, քաղցած ու մերկ,
Հազար ու մի կըրակ ու ցավ,
Հազար ու մի հոգսեր ունեք:

Ի ՛նչ եք առել նետ ու աղեղ,
Եկել թափել օտար դաշտեր.
Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր...

Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ
Հողագործի օր ու կյանքից,
Թե ՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից...

Դարձե՜ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին:

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մենք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման...

ՍԱՍՈԻՆՑԻ ԴԱՎԻԹԸ
Բ. ՄԱՍԸ

I

Ընկավ Մելիքն ամբարտավան ու պատերազմն արյունոտ,
Խաղաղ կյանքի, ուրախ օրվան բացվեց հայոց առավոտ:
Գըտավ կորցրած հանգիստ էլ ետ ամենն իրեն հարկի տակ.
Վեր բարձրացավ կըտուրներից ծուխը բարդ-բարդ, կապուտակ:
Կըտրիճ տըղերք զենքի տեղակ առան մանգաղ, գերանդին,
Զրը ՛նգ, զրը ՛նգ, զվարթ ձենով գործը թընդաց մեր հանդին:
Դը ՜մբ, հա դրը ՜մբ, թըմբուկ զարկին, զուռնեն հնչեց զիլ, ուժեղ,
Քեֆ, կեր ու խում, պար ու խընդում, ու հարսանիք ամեն տեղ:
Ապրի Դավիթ, [մեր ապավեն], որ մեզ տըվավ ուրախ օր,
Իրեն կանանչ կարմիրն էլ թող էսպես կապենք բախտավոր...
Ու նըշանեց Ձենով Օհան, Դավթին արավ տուն ու տեղ,
Աղջիկ ուզեց արժանավոր, թագավորի զարմ ու ցեղ:
Խըլաթ քաղքի թագավորի դուստրը խոսեց նըրան կին,
Չըքնաղագեղ ու փահլևան էն Չըմըշկիկ Սուլթանին:

II

Բայց թե աղջիկ կուզես չըքնաղ, անպարտելի փահլևան,
Արի՜, գընանք Կապուտ Բերդի թագավորի աղջըկան:
Խանդութ խանո՛ւմ... հուրի ասա, մի աննըմա՛ն, մի անտե՛ս...
Խանդութ խանո՛ւմ... հալվում էին սըրտերն ամեն մոմի պես:
Օխտը տարի քառսուն հըսկա թագավորներ աժդահակ
Գուրզերն առած նըստած էին նըրա բերդի պատի տակ.
Բայց [անտարբեր] գեղեցկուհին իր ամրոցում ահագին,
Ու չէր զարկում կարմիր խնձորն և ոչ մեկի թիկունքին:

III

Ձենը ելավ, աշխարհք ընկավ, գընաց, հասավ Կապուտ Բերդ,
Թե մեծ կըռվում հաղթեց Դավիթ Մըսրա տիրոջն անհեթեթ:
Էս հաղթական լուրի վըրա քանդվեց սիրտը սիրունի.
Ա՛խ, Սաասնցի քաջ Դավիթը իմը լիներ երանի...
Էրնեկ տըվավ՝ խելքը թըռավ, ուշքը թըռավ դեպ Սասում.
Դավիթն է միշտ մըտքի միջին, Դավիթն է՝ միշտ երազում:

IV

Երկու աշուղ կանչեց Խանդութ, ոսկի տըվավ լիառատ,
Գնացե՜ք, ասավ, Սասմա քաղաք, Ջոջանց տունը բազմանհաղթ.
Իմ գովքն արեք Դավթի առաջ, սերըս սիրտը ձըգեցեք,
Ու կըտրեցեք աչքի քունը, սըրտի հանգիստն կըտրեցեք.
Ապա ինձնից բարով արեք, ասեք՝ մինչ երբ մընամ քեզ,
Ձիավորված, թևավորված, երբ պիտի գաս ինձ տանես...
Սազներն առան աշուղները ու [անց կացան] հողից հող,
Սազ անելով եկան հասան Սասմա քաղաք, Ջոջանց տուն:
Բարով տըվին շեմքում նստած էն ջոջ Ձենով Օհանին,
Է՞ս է, ասին, աստվածապահ Ջոջանց տունը [մեծ ու հին]:
Է՜ս է, ասավ Ձենով Օհան, ի՞նչ եք ուզում դուք Սասուն:
Մենք, [ասացին], աշուղներ ենք, Դավթին կուզենք դյուցազուն:
Խանդութ խանում ղըրկել է մեզ՝ իր գովքն անենք Դավթի մոտ,
Պատմենք անտես էն սիրունի անքուն սերը ու կարոտ:
Աստված ինքը թող շեն պահի Ջոջանց տունը փառավոր,
Ապրած պահի շեն պահողին և Սասունցի քաջ Դավթին,
Ջոջանց պարծանք քաջ Դավիթը ո՞րն է արդյոք, բարեկա՜մ:
Քաջ Դավիթը, որ լսել եք, ես եմ, ասավ, հենց որ կամ.
Ինչ որ Դավթին պիտի ասեք, իմ առաջին ասեք դուք:
Էսպես ասավ Ձենով Օհան, աշուղները
Նըստոտեցին ծալապատիկ սազներն [առան] ծընկներին
Ու էրվելով, օրորվելով էն Խանդութի գովքն արին.
Օրհնյալ աստված, տեր բարերար,
Քու զորքն է շատ, քու գործն արդար.
Դու պահապան կըտրիճ Դավթին,
Կըտրիճ Դավթին, իր մուրատին.
Իրեն մուրատն իրեն սըրտում,
Իրեն սըրտումԿապուտ Բերդում...
Օրհնյալ աստված, բանդ ու բարիդ.
Ամենը սուտ, դու ճըշմարիտ:
Դու, որ < . . . > ըսկզբանե
Ըստեղծել ես
Խանդութ խանում Դավթի համար,
Դու արժանի անես իրար:
Վա՛յ քու տունը քանդվի, Խանդո՜ւթ,
Վա՛յ քու դուռը փակվի, անգո՜ւթ,
Դու քու անհաս աշտարակում,
Աշխարհք ամեն քու կըրակում.
Աշխարհքն էրվի թող քու սիրով,
Դու Դավթին ես ղրկել բարով.
Բարով Դավթին, [հազար բարի]
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հասակն ասես՝ շիտակ, Դավի՜թ, դրախտի միջում կանգնած նոճին,
Ծըծերն ասես՝ ջուխտակ, Դավի՜թ, զանգակներ են ծոցի միջին,Ա՛խ, ծոցի միջին.
Աչքերն ասես՝ ծով են, Դավի՜թ, ու կըցոլան աստղ ու արև,Ա՛խ, աստղ ու արև.
Ունքերն ասես՝ սև են, Դավի՜թ, սև ամպերը ծովի վերև,Ա՛խ, ծովի վերև.
Ճակատն ասես՝ ճերմակ, Դավի՜թ, էն նոր ձընած դաշտը սերսուփ,
Ակռիքն ասես՝ գերմակ, Դավի՜թ, լալ մարգարտի շարոց են սուրբ.
Ծամերն ասես՝ ճոխծամ, Դավի՜թ, կրունկն են ծեծում հողին հավսար,
Վիզը ասես՝ ճոճան, Դավի՜թ, շողման կլափն ու շուրթը լար...

ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈԻՄԸ
ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենամ
Էս անցավոր աշխարհից:

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:

ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:

Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:

I

Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:

Հե՛յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՜կ, բերել եմ ես քու մահը,
Ի՛նչ ես թառել ամրոցում:

Մի՜ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՛տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:

Ու քառսուն օր, քառսուն գիշեր
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար:

Իրան. Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննըկուն,
Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն:

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամոոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա:

II

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգընար:

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան:

Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՜չ Շահ.
Ո՜չ ահ ու մահ,
Ո՜չ զենք ու զորք կըհաղթեն:

III

Ու կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի.
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,
Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի:
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում:
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման:
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կը տիրես և Թըմուկ բերդին,
Որ չես կարենում էսքան ժամանակ:

IV

Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին.
Ի՛նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին:

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար,
Ո՛վ կանի նըրան գետնին հավասար,
Թե չլինին
Կինն ու գինին:

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս.
Ո՛վ ցած կը բերի նըրան թըռչելիս,
Թե չըլինին
Կինն ու գինին:

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,
Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
Թե չըլինին
Կինն ու գինին:

V

Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին.
Գընա տե՜ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՜ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՜ իմ փառքը ու գանձը անհուն:
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՛ն, ամեն բան,
Ինչ որ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան:

Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ:

VI

Գոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման:

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,
Անհուն գանձերը ու փառքն անսահման...

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին.
Եվ վըրդովամ են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն...

Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
Ա՜յ նազանի աննըման.
Նայի Շահի՛ն, իրեն զորքի՛ն,
Աշխարհքի տերն անսահման...

Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
Սիրուններին միշտ գերի.
Քու ճակատին թագ է վայել,
Լինիս շքե՛ղ թագուհի...

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից...
Ու դարձավ նա լո՛ւռ, դալո՛ւկ, մըտախո՛հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից...

VII

Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ:

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը:

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն.
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

Հապա լըցրե՛ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենքաստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի:

Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս:

Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության.
Որոտում են տաղն ու երգը
Գոռ ձայներով հաղթական:

Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով:
Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով:

Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու:
Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու:

Ի՛նչ սարի արծիվ կըհասնի քաջին,
Ի՛նչ Շահ կըկանգնի նըրա առաջին:
Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել.
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել:

Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքիցն են այժմ իրննց նայում...

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

Օ՛ֆ, տիրուհի, աստվա՛ծ վկա,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,
Շատ ենք խըմել ու հոգնել...

Ու հանգչում է Թըմուկ բերդը,
Պապանձում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
Մըրափում են խավարում:

VIII

Լուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՛ւմ, սև, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով:

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա:

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,
Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,
Մինչև Թաթուլի պալատն ու տըներ:

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՜ր կաց, իմ հրեշտակ,
Թո՜ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին:

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած

IX

Է՛յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի:

Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին:

Վե՛ր կացեք, վե՛ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՛յ, զարթնեցե՛ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի:

Վե՛ր կացեք, վե՛ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին:

Դա՛վ... դա՛վ... ելե՛ք... կոչնա՛կ... պահնա՛կ...
Զենք առեք շո՛ւտ... ձի հեծե՛ք, ձի՛...
Ճըռընչում են, դըղըրդում են
Դարպասները երկաթի...

X

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թշնամին չոքել են ահա:

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՜ զորքերն, և՜ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր:

Նըստած է Շահը. նըրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը:

Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՜ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթություն,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին...

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
Պատասխան տո՜ւր ինձ, մատնիչ սևաչյա.
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն...

Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա...

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
Հե՛յ, դահի՛ճ, գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մըտավ սրահը:

XI

Դահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրահուն:

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր:

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին:

Следующая страница