Թումանյան Հովհաննես՝   Պոեմներ

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից:

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով:

Ու նըրանցից մենակ անմեռ
Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես:

XII

Հե՛յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜ լ տըղերք,
Լավ ուշ դըրեք իմ խաղին:

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:

Անց ենք կենում... միայն անմահ,
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՛խ, երանի՝ ո՜վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ:

ՀԱԶԱՐԱՆ ԲԸԼԲՈԻԼ
(Հատվածներ)

<1>

Երբ դեռ շունչը արարչական ծավալվում էր օդի մեջ,
Երբ դեռ նոր էր կույս աշխարհքում կյանքը խաղում պարզ ու պերճ,
Երբ տիրում էր ամենուրեք սերն ու հանգիստ անվրդով..
Եվ գառն ու գել դեռ միամիտ խաղում էին իրար քով,
Սուրբ ու առատ էն ժամանակ, արևլուսի կողմերում
Բարի Ալամ թագավորն էր<....> իշխում ու տիրում:
Իշխում էր նա արևի պես, որ ամենքին կենսաձիր
Իրեն լույսն ու ջերմությունը շըռայլում է անխըտիր,
Կամ թե գարնան անձրևի պես, որ թափվում է հորդառատ,
Զովացնում է ու լիացնում, չի հարցընում լավ ու վատ:

<2>

Բարիլուսի հետ կանգնեց սգավոր պառավը որդու դիակի վրա, ձեռքերը դեպի երկինք տարածեց ու կանչեց.

Ո՞վ լուսեղեն, դըռներըդ բաց,
Հող ու ջըրի առատ աստված,
Ո՛վ, որ էսքան բարիք ու փառք՝
Աշխարհքն անծեր, ծովերն անտակ
[Ըստեղծել ես], փըռել, լըցրել,
Ո՛վ բարեգութ, քեզ եմ խընդրել
Ինչպես որդիս իր մոր գըրկին
Գընաց՝ կարոտ, աչքն աշխարհքին,
Նըրանք էլ թող իրենց կյանքից
Կարոտ գընան լիք աշխարհքից.
Եդեմ այգին կըտրի թող փուշ,
Իրենք գազան չար ու ապուշ:

Էսպես կանչեց, ու, ո՛վ սարսափ, փոխվեց դըրախտն էն անուշ,
Ծառը կըտրեց կոպիտ մացառ, որթըբաղեղ, վարդըփուշ.
Պահնորդ մարդիկ դարձան գազան զուրկ նշանից մարդկային,
Կորցրին և՜ սիրտ, և՜ քնքշության, որ ի ծընե ունեին:
Գույժը տարան թագավորին, այսպես, այսպես պատմեցին,
Սարսափ կալավ թագավորին, փետտեց մազերն իր գահին:
<. . . >
Ծեր, բազմափորձ մարդիկ կանչեց [Ալամ արքան] իր ատյան,
Ո՞վ է, ասավ, ձեզնից տեսել կամ իմացել էսպես բան,
Ինչ պատիժ է, որ գալիս է ինձ ու երկրիս բովանդակ,
Ինչ ճար ու դեղ, ինչ հնար կա < . . . > այս ցավին
< . . . >
Ու ծերերը խոնարհեցին գըլուխները ալեզարդ.
Թող շատ ապրի Ալամ արքան ոսկի գահին իր հաստատ.
Հազար տեսակ ցավի տուն էէս աշխարհքը անցավոր,
Ու թվում է մարդու համար ամեն մի ցավ անսովոր:
Բայց դու եղիր համբերատար, միտքդ պահիր միշտ երկար,
Ցավը պետք է մարդը քաշի, ոչ թե անշունչ սար ու քար:
Էս աշխարհքում ոչ առաջին, ոչ վերջինն ես դու մենակ,
Պատահել էն էսպես դեպքեր կյանքում ամեն ժամանակ
Մենք չենք տեսել, բայց լսել ենք, որ մեզանից շատ առաջ
Գորտ ու գազան մարդ են դառել, մարդը դառել գայլ կամ արջ.
[Բայց մի դեպքով, մի հընարքով վերջն եղել է միշտ բարի,
Միշտ բարին է վերջը հաղթումէսպես է կարգն աշխարհի)].
Բայց թե հե՞ր է էս պատիժը այժըմ գալի քեզ վըրա,
Անգետ ու մութ մարդիկ ենք մենքէդ ղրկողը կիմանա:
Մենք է՜ն գիտենք, որ նա, ով որ ցավ է տվել ու աղետ,
Ստեղծել է ամեն ցավի ճարն ու ճամփեն իրեն հետ:
Չըկա մի ցավ արևի տակ, չըկա մի < . . . . >,
Որ չունենա գիտությանը նրան մի դեղ կամ դարման.
Գիտությունը լույս է, արքա, աշխարհ իջած երկնքից,
Ճարեր ունի քաղած-քամած ամեն հանքից ու տունկից.
Ետ է բերում նա մեռելին հոգեվարքից իր վերջին,
Մի հոգին է միայն պակսումհավասարի արարչին:
(Ինչ է սակայն նրա համար մարդը իրեն ցավերով.
Քընընում է, չափում-կըշռում երկիրն իր խոր ծովերով,
Փորփըրում է հողի շերտերնհասնում ըսկիզբն ամենի,
Երբ դեռ անկազմ կար երկիրը խավար ծոցում անհունի...
Նայում է վերհամրում, դիտում սատղերն, արև ու լուսին,
Ով կա արդյոք նրանց վըրա, ինչ կա նըրանց երեսին,
Գըտնում է [միշտ] նոր երկիրներ տարածության մեջ անսահման,
Ջոկում այնտեղ արարածներշունչ կենդանի մեզ նըման,
Եվ աշխարհքներ, որ պաղել են վաղուց իրենց ողջ կյանքով,
Եվ աշխարհքներ, որ տակավին այրվում են հուր երկունքով,
Եվ հաշվում էամեն մինը քանի միլիոն տարի կա,
Կամ դեռ քանիքանի միլիոն տարի ունի մինչև մահ.
Ո՛վ իմանա ինչ հըրաշքներ կան իր առջև տակավին,
Սակայն, թողնենք հըրաշքներըգանք, տեր արքա, քո ցավին: )
Մի բան չըկա վեր երկընքում, երկրի վրա ու տակին,
Ողջ զընընել, ողջ մաղել էխաղալիք են իր ձեռքին:
Կանչիր թող գան քո տերության մեծերն ուսյալ ու գիտուն
Եվ քո մարդկանց և քո այգուն նրանք կանեն օգնություն:
Էսպես ասին, պատվեր տվավ թագավորը [հուրանի,]
Կանչեց երկրի ամեն կողմից գիտուններին անվանի:
Ինձ պատմեցեք, ո՛վ հմուտներ, ինչ տեսիլք է արդյոք սա,
Որ ծերության անկար օրով իմ աչքերով ես տեսա:
[Այգի արի, բար հասցըրի, վարդ պահեցի աննման,
Արթուն, հըմուտ, հավատարիմ մարդիկ դըրի պահապան,
Վարդերս ամեն փուշ կըտրեցին, փոխվեց այգին իմ եդեմ.]
Մարդիկս ընկան մարդու կերպից, դարձան գազան չար-դժխեմ,
Բերեք արեք ինչ ճար որ կա երկրի վրա ու տակին,
Բարով, բույրով լցրեք նորից եդեմական իմ այգին,
Ազատեցեք, որ չըկորչեն իմ մարդիկը հավիտյան,
Տվեք նախկին տիպը ազնիվ, քնքույշ հոգին բանական:

Էսպես ասավ, գլուխ տվին գիտունները արքային.
Թող շատ ապրի Ալամ արքան ողջ ու հաստատ իր գահին,
Էս աշխարքում ամեն մի բան ունի իրեն մի պատճառ,
Էն պատճառն էլ ուրիշ պատճառ: Էսպես անվերջ, անդադար
Մինչև պատճառն սկզբնական՝ ծագման խորհուրդն էս կյանքի,
Մինչև սկիզբն սկիզբների՝ ակն ու աղբյուրն ամենքի:
Ընչի համար էսպես է էս, շահ լինի քեզ թե վընաս,
Պետք է քննես, առաջ բերող նըրա պատճառն իմանաս:
Երբ իմացար, թե էս ընչից էս ինչ բանն է դուրս գալի,
Կարող ես դու առաջ բերես և հետևանք ցանկալի:
Եվ արդ, քանզի ամեն մի բան ունի իրեն մի պատճառ,
Իսկ էն, ինչ որ պատճառ ունի, ունի նաև իրեն ճար,
Մի տրտմիր դու, մեծ թագավոր, մեզ տուր միայն ժամանակ,
Որ քընընենք ու էս ցավի պատճառն ու ճարն իմանանք:

Ու գընացին քառսուն ցերեկ, քառսուն գիշեր տըքնեցին,
Ցերեկն անդւլղ, հանգիստ չառան, ոչ գիշերը քնեցին.
Քրքրեցին, քընընեցին ամեն գրվածք ու գրյանք,
Երբ որ անցավ քառսուն օրը եկան դարձյալ ապարանք.
Թող շատ ապրի Ալամ արքան ողջ ու հաստատ իր գահին,
Գլուխ տվին, էսպես ասին գիտունները արքային:
Քըրքըրեցինք, քընընեցինք մենք խորհուրդը էս կյանքի,
Սահմանեցինք էությունը, տեղն ու ցեղը ամենքի.
Առանք մարդուն, որ կյանքերի օղն ու կապողն է վերջին,
Իջանք ներքև կարգով շարքով, մարդուց անցանք մենք արջին,
Արջից հավքին, հավքից սողունն ու սողանիցը ձըկան,
Էսպես հերթով հասանք մինչև էակները նախնական,
[Մանրեները միաբջիջ, որ
Կազմըված են հյուլեներից անտեսնելի մեր աչքին, ]
Որոնք ունեն իրար ներհակ զորություններ լավ ու վատ,
Ու միանում ու լուծվում են մաքառելով անընդհատ.
Էսպեսով էլ հորինում են ելևէջներ կյանքի մեջ,
Ույժ կամ ծյուրում, ախտ կամ եռանդ, կյանք ու ծնունդ և կամ վերջ...
Ու բովանդակ էս աշխարհքում ամեն մինը իր կյանքով
Ծնվում, մեռնում, փոփոխվում է մի ընդհանուր օրենքով:
Էս ինչ հյուլեն ներհակավոր էն հյուլեին միացավ,
Ու փուշն ահա թերթեր տվեց, անուշ բուրմունք ունեցավ,
Կամ [ենթադրենք] թե կատարվեց այլ միացում հակառակ
Ու վարդն ահա փոխվեց, դառավ անհոտ մի փուշ հասարակ:
Արյան մեջ էլ էս ինչ հյուլեն պակսեց կամ չէ՝ շատացավ,
Ու մարդն ահա այլ կերպարանքայլ բնություն ստացավ...
Էդ ամենը հրաշալի, կանչեց արքան անհամբեր.
Բայց ասացեք, ո՛վ խորիմաստ, ո՛վ բազմագետ գիտուններ,
Ինչպես անենք, որ իմ այգին դառնա դրախտն առաջվան,
Իմ մարդիկը գազանացած կրկին լավերն է՜ն [վաղվան]:
Էսպես կանչեց, գլուխ տվին գիտունները արքային.
Թող շատ ապրի Ալամ արքան բարձր ու հաստատ իր գահին.
Ճարեր արինք, դեղեր բերինք, աշխատեցինք մենք անքուն,
Հնար չեղավ, դեղ-ճար չեղավ ոչ քո մարդկանց, ոչ այգուն.
Ինչ գիտեինք բերինք արինքփուշը մնաց էլ ետ փուշ,
Ու գազանը դարձյալ գազան, դաժան, կոպիտ ու ապուշ...

<3>

Միտք էր անում տարակուսած դժբախտ արքան Հուրանի,
Հանկարծ կանգնեց իր առջին մի անծանոթ ծերունի:
Մի ծերունի պայծառ ու վեհ, ինչպես տեսիլք սրբազան,
Ալիքներին ծաղկեպսակ, ձեռին կաղնի գավազան.
Միրուքն երկար, մինչև գոտին, սպիտակ, ինչպես նորեկ ձյուն,
Քայլքը թեթև, դեմքը զվարթ, ու հայացքը իմաստուն:
Ողջո՛ւյն, ասավ, բարի Ալամ, ողջույն վշտոտ թագավոր,
Էս աշխարհքում թե մի ճար կա, մի հընար կա քո ցավին,
Էն Հազարան ազնիվ հավքն է, որ դու չունես տակավին,
Որ երգում է հազար ձենով, հազար ձևով կանչելով,
Հետն էլ բուրյան մշտադալար վարդ է թափում փնջերով.
Եթե երգի [նա մի անգամ], կամ < . . . . > նա մի օր,
Փուշ ու տատասկ վարդի կըփոխվեն, վարդ կըծաղեն նորից նոր,
Ու պահապան քո ծառաներ, որ դառել են այժմ արջ,
Ետ կըդառնան քնքույշ մարդիկ, ազնիվ ու լավ, քան առաջ...
Ո՛վ երկնառաք բարի դու ծեր, գոչեց արքան < . . . >
Պարգև կըտամ ինչ որ ուզի ավետաբեր քո լեզուն.
Բայց ո՞ր երկրում, ո՞ր անտառում, ո՞ր սարում է նա երգում...
Միշտ երջանիկ կախարդական անկոխ, անմեռ աշխարհքում...
Ասավ ծերը, քամի դարձավ ու չըքացավ իր աչքից,
Ապշեց արքան, քշվեց արքան աչքով տեսած հրաշքից:

<4>

Երեք կըտրիճ որդի ուներ Ալամ արքան ալևոր,
Կանչեց իրեն երեք որդուն ու արքունիքն իր բոլոր:
Տեսա՜ք, ասավ, սիրուն որդիք, ինչ պատուհաս մեզ հասավ.
Մեր աշխարհքի միակ զարդը, միակ փառքը փըչացավ:
Ես՝ ծերունի, սըրի տեղակ ցուպ եմ արդեն ձեռս առել,
Այժմ ել վըշտից ծունկս կըտրել, աչքիս լույսն է խավարել.
Ժիր մարդիկ եք, զենքներդ առեք, ձիանք հեծեք ամեհի
[Գնացեք...] գըտեք, բերեք ճարն ու դեղը մեր ցավի:

Առաջ եկավ ավագ որդին. — Ո՛վ մեծափառ մեր ծընող,
Ես ձի կելնեմ, զենքըս կառնեմ, կերթամ, կանցնեմ հողից հող.
Չեմ վախենալ, ետ չեմ դառնալ, ով որ կուզի դեմըս գա,
Յոթ գըլխանի վիշապ լինի, դև ու հըրեշթե հըսկա.
Ահա այսպես [սուրս]... կըտոր կտոր ես կանեմ,
Երկնում լինի վայր կըբերեմ, ծովի խորքումկըհանեմ:

Սուրը պալատականների մեջ պտտեցնում է: Պալատական կանայք սարսափահար ճչալով խմբովին.

Օ՛, սարսափելի է, ով կկանգնի սրա դեմ:

Պալատականները [նախարարը] ծաղրածուն.

Թե ո՞վ է նաչգիտեմ,
Բայց կկանգնի սրա դեմ,
Թե սա կանգնի նրա դեմ...
Ապա խոսեց միջնակ տըղեն նույնպես գոռոզմեծ բերան,
Հայրիկ, ասավ, ես կըբերեմ Խաս Բըլբուլը հազարան
Կուզես հիմի նըշան արա, դու որոշիր օր ու ժամ,
Ու թող լինիմ մորըս որդին, եթե հանկարծ ուշանամ. —
………………………………………………………………
(Վերջում լըսվում է մեղմ նվագածություն և երգի ձայնը. ծաղկեպսակը գըլխին, քնարը ձեռքին, ոգիներովաղջիկներով շըրջապատված գալիս է Արեգը).

Ծաղկապսակ բլբուլներից,
Արշալուսի ժամերին,
Նա ժըպտալով՝ կանչում է ինձ
Դեպի աշխարքն իր Վերին:

Խոր ու խաղաղ անտառներից,
Լըռության մեջ էն խորին,
Շըշընջալով կանչում է ինձ
Դեպի աշխարքն իր Վերին.

Կարկաչահոս մեր ջըրերից,
Երբ թախծում եմ ափերին,
Կարկաչելով կանչում է ինձ
Դեպի աշխարքն իր Վերին:

Ո՞վ է կանչում, զավակս.
Անտեսը, հայր.

Եվ պալատականներն իրար աչքով արին ու ծիծաղեցին քթերի տակ...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
[Ո՞վ է նա. ]
Ի՞նչ է նա,
Ճշմարիտ.
Ճշմարի՞տ.
Եվ արդար.
Եվ արդա՞ր.
Եվ գեղեցիկ.
Ամեն բա՞ն.
Ամեն բան
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ո՛վ, որ գալիս ես նըստած ամպերին,
Ո՛վ, որ փայլում ես մաքրությամբ վերին.

<5>

ԵՐԳՉԻ ՎԻՇՏԸ

I

Երբ իրիկունն հացի նստան տանտերն ու հյուրն իր օտար,
Երգիչն էսպես խոսք բաց արավ, հարցմունք արավ [սիրաբար.]
Պատմիր, լսենք, ով բարեկամ, շատ աշխարհք ես ման եկել,
Ինչ ես տեսել, ինչ ես լսել, պատմիր լսենք թող մենք էլ:
Շատ աշխարք եմ ես ման եկել, խոսեց Արեգն ու ասաց,
Ու շատ զարմանք բան եմ տեսել, ոչ տեսնված, ոչ լսված,
Բայց ինչ էսօր աչքով տեսա ես քեզանից էս քաղքում,
Էդպես զարմանք բան չեմ տեսել դեռ բազմափորձ իմ կյանքում:
Էսօր շվար կանգնած էի մինարեի պատի տակ,
Էն ծովացած ամբոխի մեջ, պանդուխտ, անոք ու մենակ,
Երևացիր դու գեղեցիկ, դեմքդ զվարթ ու պայծառ:
Ոգևորված, ուրախ-ուրախ վերմինարեն բարձրացար,
Ձենըդ ջահել, զիլ ու հնչյուն, լի ավյունով գերբնական,
Շատ շատերի ուշքը տարավ, [ < . .. > եցին] ու ընկան.
Հափշտակված զմայլանքին կախարդական քու երգի
Ճախրում էին գլխիդ շուրջը թռչունները երկընքի,
Բայց իջնելիս լալ սկըսար, մազերդ փետտել, քեզ կոծել.
Էդ տարորեն քու արարքից ես ապշած եմ մնացել:
Հաց կեր, պանդուխտ իմ բարեկամ, խնդրեց երգիչն Արեգին,
Էդպես անզգույշ ձեռք մի տոար դու անբուժելի իմ վերքին:

II

«...Ջերմ ու պայծառ գարնան մի օր, հանդիսավոր մի տոն օր
Մինարեի տակ ծովացած ժողովուրդը բյուրավոր
Սպասում էր իմ աղոթքին: Ոգևորված ես եկա,
Էնպես ուրախ, ինչպես էսօր, վեր, մինարեն բարձրացա:
Լե՛ն աշխարհքը ոտիս տակին, խոր երկինքը իմ վըրեն,
Հոգիս լիքը երազներովերգը հոսեց ինքն իրեն:
Չըքնաղ հավքեր՝ թըռած անհայտ աշխարհներից դեպի ցած՝
Ճախրում էին գլխիս վերև իմ երգերին զմայլած:
Ինչպես եղավ՝ էն հավքերից մինը ջոկվեց ու թըռավ,
Զարկեց ու ինձ հափըշտակեց, թևին արավ ու տարավ...
Աչքս մին էլ բաց եմ անում անմահական մի դրախտում,
Բաց եմ անումչեմ կըշտանում, փակումու չեմ հավատում:
Հիացած եմ տեսածներից, ու մընում եմ անհամբեր,
Մտածում եմ թե տակավին ինչեր պիտի տեսնեմ դեռ...
Ու գընում եմ, գընո՛ւմ առաջ, ասես թըռչում օդի մեջ,
Թըռչում թեթև, հեշտ ու անթև, անհոգ, ուրախ ու անվերջ:
Ահա ծաղկած բազմաբուրյան մշտադալար թըփերից
Մի նազանի հուրի փերի ճեմ է առնում դեպի ինձ,
Սիրտը տըված էն եդեմի երջանկությանն ըղձալի,
Վարսը թողած ազատ հովին՝ երգ է ասում ու գալի.

(Առաջին փերին)

«Ես ու աստղի ցոլքը պայծառ
Խաղում էինք ջըրափին,
Ես ու աստղի ցոլքը պայծառ
Քընած էինք մինչ արփին...»

Հանկարծ ընկան վըճի՛տ, ցոլուն իր աչքերը ինձ վըրա,
Տեղըս կանգնած քար կոտրեցի, շանչըս հատավ ու սառա:
Ո՞վ ես, կանչեց, դու հողածին, ո՛վ համարձակ դու հոգի,
Էս կողմերով անց չի կացել դեռ թըռչունը երկընքի,
Ի՛նչպես մըտար էս դըրախտը դու մահացու մի թույլ մարդ,
Քո հայացքով շըփոթում ես մեր սըրտերը անարատ:
Դե ե՜կ, եթե մի մարդ ես դու մեր եդեմին արժանի,
Ե՜կ, քո լանջին, էս ծառի տակ պիտի նընջեմ ես հիմի.
Բայց վա՛յ՝ եթե հաղթվես տըկար հրապույրքից ու կրքից,
Պիտի զըրկվես անդառնալի էս երկնային վայելքից...
Ասավ, թեթև թիկնեց լանջիս, փակեց աչքերն աստղավառ,
Ու ըստինքը աստվածային խաղում էին վեր ու վար:
Արբած իր կույս թարմությանից ու իր գեղից գերբնակն
Գըլուխս իջավ, անգիտակից համբուրեցի ես նըրան...
«Ափսո՛ս...» կանչեց. ըսթափվեցի. չըքացել էր նա անհետ.
«Ափսո՛ս, թշվա՛ռ...» ղողանջում էր ու մարում էր սըրտիս հետ:
Էս ժամանակ գետի ափից մի ուրիշը երևաց,
Էնքան թեթև, էնքան քընքույշ, որ անմարմին ինձ թըվաց:
Գալիս էր նա ծիծաղելով, զըվարթ, աշխույժ ու ազատ.
Ու հընչում էր էն ծըմակում անուշ ծիծաղն իր արծաթ:

(Երկրորդ փերին)

«Հա՜, հա՜, հա՜, հա՜,
Ի՛նչ խենթ է նա...
Ա՛խ, ի՜նչ խենթ է էն փերին.
Լող էր տալիս վեր ու վար,
Ջըրի տակի ամպերին
Կուզի հասնի անպատճառ:

Ծիծաղում են պարիկները
Ողջ նըստոտած փըրփուրին,
Ծիծաղում են ծաղիկները
Փունջ փունջ կիտված ափերին...»

Վերև նայեց, ճառագեցին դեմըս աչքերն իր սև-սև,
Սիըտըս դողաց, խոնարհեցի իմ աչքերը ես ներքև:
Ո՞վ ես, ասավ, դու բախտավոր, ի՞նչ հըրաշքով ներս մըտար,
Էստեղ բընավ ոտ չի դըրել դեռ մահացու մի օտար:
Ով էլ լինիս, երբ եկել ես մեր աշխարհը երջանիկ,
Արի զըմրուխտ էյս դալարում էսպես հանգչենք մենք հիմիկ,
Բայց տե՜ս, եթե ինձ համբուրես՝ կըկորցընես էնքան բան,
Որ ողբալու բավ չեն աչքերդ ու ոչ կյանքըդ բավական:
Ասավ ու հեշտ ընկողմանեց իմ հողեղեն ծընկներին
Համակ լույս-կյանք, համակ հըրճվանք ու բուրավետ էն փերին:
Նայում էի, նայում՝ հարբում, մըթնում աչքերս ու մըթնում,
Թըվում էր թե նա սահելով շուրթերիս էր մոտենում...
Մին էլ, կարծես երազի մեջ, տաք համբույրը ըզգացի,
Ու զըրնգաց շուրջըս հանկարծ հընչուն ձենը կանացի.
Ափսո՛ս, թշվա՜ռ, մի համբույրով դու կորցըրիր էնքան բա՛ն...
«Ափսո՛ս, թշվա՛ռ...» զըրնգում էր էն անտառը դյութական:
Կանգնած էի ապշած, մենակ, նախատելով ինքս ինձ,
Մին էլ հանկարծ ըսթափվում եմ ուրիշ քընքույշ մի ձենից:

(Երրորդ փերին)

«Իմ քույրերը,
Շուշանները,
Շըրթունքներով ձյունաթույր,
Զով, բուրավետ
Զեփյուռի հետ
Ուղարկել են ինձ համբույր...»

Մի այլ աղջիկ, բուսած մենակ սաղարթագեղ ծառի տակ,
Որպես մինը էն եդեմի շուշաններից ըսպիտակ:
Բոլոր ուժըս հավաքելով լեզվիս կապը խըզեցի,
Աղաչելով, աղերսելով հետը էսպես խոսեցի.
Գթա՜, չըքնա՜ղ, ասա տեսնեմ, ո՞ւր եմ ընկել արդյոք ես,
Եվ ո՞վ եք դուք, որ տանջում եք անօրինակ ինձ էսպես:
Ես հողեղենչեմ դիմանում ձեր հըմայքին գերբնական,
Գութ արեք, գո՛ւթ, ո՜վ անմահներ, մ՜ի տաք ինձ նոր փորձության:
Էնտեղ ես դու, ուր հողեղեն ոտ չի կոխել դեռ, ասավ,
Ուր անհայտ են երկրավորի չընչին կիրքը, վիշտն ու ցավ,
Ուր հողածինն այցելում է լոկ կարճատև ցընորքում...
Բայց դու նըստիր, ազնիվ հոգի, որ ես հանգչեմ քո գըրկում,
Սակայն եթե ինձ համբուրես, էնքա՛ն հետո կըզըղջաս,
Էլ չես գըտնիլ ինչ կորցընես՝ ամբողջ կյանքդ թեկուզ տաս...
Ու էս երրորդն էնքան սիրուն, կախարդիչ էր առավել,
Որ էն երկու փորձից հետո մոռցա խոստումս ես պահել...
Այժմ գընա, հեգ հողեղեն, ու տառապիր կարոտից...
Կանչեց վըշտով, կըշտամբելով ու հեռացավ իմ մոտից:
Ես շըվարած միտք եմ անում էն վայրերում դյութական,
Թե կարճատև մի հաճույքի ի՛նչպես տըվի էնքան բան...
Միտք եմ անում ու գընում եմ, որոնում եմ ամեն տեղ,
Ո՞ւր գնացին, ո՞ւր չըքացան ոգիները էն շըքեղ...
Էլ ոչ մի տեղ չեմ հանդիպում ես նըրանցից ոչ մեկին,
Անհուն ցավից ու կարոտից տառապում է իմ հոգին:
Շուրջըս արդեն մըշուշապատ, դատարկ, ու լուռ ահավոր,
Հուսահատված ձեն եմ տալիս հառաչելով սըրտախոր.
Մին էլ հանկարծ ահեղ թընդաց — «շո՛ւտ, էստեղից սըրան տա՜ր...»
Ու մըթնեցին իմ աչքերը, կորավ՝ շուրջըս ինչ որ կար,
Մին էլ տեսա կըրկին կանգնած մինարեի բարձունքին.
Դարձյալ կեղտոտ էս քաղաքում, շուրջըս ամբոխն ահագին:
...Հուր կարոտով ամեն տարի միշտ նույն օրը էն օրեն
Ուրախ-ուրախ, ինչպես էսօր, դիմում եմ ես մինարեն,
Երգում եմ լի պայծառ հուսով ու կարոտով գերազանց,
Ու երգերըս, ու մտքերըս նըվիրում եմ ողջ նըրանց,
Բայց, ա՛խ, չըկա, էլ չի գալիս հըրաշք հավքը էն ծանոթ,
Որ ինձ կըրկին առնի տանի էն դըրախտը, նըրանց մոտ...

<6>

(Ճամփաբաժնում կանգնած է ծերը՝ գլուխն ամպերում).

Բարո՜վ, պապի, որ կանգնած ես անհունորեն այդպես վեր,
[Ու ծերունին խուլ որոտաց տատանելով ողջ այեր. ]
(Ծերը՝ ամպերից)
Ես նա եմ, որին ամենքն են նայում, ինքը ոչ ոքի,
Ես նա եմ, որին ամենքն են հարցնում, ինքը ոչ ոքի.
Սկիզբն ու վերջն եմ ես.
Եզերքն ու մեջն եմ ես,
Անհունն եմ ես,
Անքունն եմ ես
Անհուն, անեսամենն եմ ես...
Բարով եկար, ազնիվ կտրիճ:
Ո՛վ անպատում, անհաս դու մեծ: Խարխափելով ու անգետ
Մենք հոսելով անց ենք կենում այս աշխարքից, որպես գետ,
Որ անտեղյակ հեռուներին լոկ ափերն է իմանում,
Իսկ դու անհաս քո բարձունքից ողջ տեսնում ես ու քննում:
Լսի՛ր, պապի, ցած խոնարհիր բարի գլուխդ ամպերից,
Բայց իմաստուն քո լեզուն, մի պատասխան ասա ինձ.
Ո՞րն է ճամփան, որ տանում է էն աշխարհը [երջանիկ,]
Ուր Հազարան ազնիվ հավքն երգ է ասում կենդանի: —
Ու բուրավետ վարդեր թափում [իր] երգի հետ.
Հա՜, հա՜, հա՜, հա՜, քահ-քահ խընդաց ալևորը իմաստուն
Ու երկընքի ոլորտները դըղըրդացին անսահման].
(Ծերը՝ ամպերից)
Հա՜, հա՜, հա՜, հա՜, խիզախ տըղա. այն ճամփեն ես դու փընտրում,
Նեղ, քարքարոտ էն շավիղը, որ թաքչում է ամպերում.
«Անդարձ» է այն ճամփի անունն, ով որ ընկավ էն ճամփան,
Կորած է նա հավիտյան, ետ գալ չըկա էլ նըրան
Ճամփեն մին է, ցավը հազար, — հազար տեսակ տառապանք
Բռնած են այն դժար ճամփեն ու մաշում են ամեն կյանք:
Սարեր կան էն ճամփեն կապած, թըռչունը չի անց կենում,
Խոր անդունդներ, որ նայելիս, մարդու աչք է սևանում.
Հուր անապատ, որ անցնելու ամբողջ կյանքըդ չի հերիք,
Ամեն քայլում դև ու հըրեշ, ամեն կողմից փոթորիկ...

Ի՛նչ են դևեր ու հըրեշներ, երկյուղ չունեմ ես, պապի,
Եվ իմ ճամփեն ոչ փոթորիկ, ոչ տառապանք կըկապի.
Սով, նեղություն չեմ հասկանում, չեմ էլ հոգում էդ մասին,
Ո՞ւմ է պակսել մի կըտոր հաց էս աշխարհքի երեսին:
Եվ ինձ այնպե՛ս հեշտ է թըվում «անդարձ» ճամփեն էն քարոտ,
Եվ այն աշխարքն այնպես հեշտին ու էն հավքը այնքան մո՛տ...
Ո՛վ հավիտյան անձնապաստան ու մոլորված դուք մարդիկ.
Հեշտ է թըվում փափագելին ու սիրածը միշտ մոտիկ...
Հեշտ էսակայն ցընորքի մեջ, ու սըրտին է մոտ թըվում,
Բայց չի կարող ոտքը հասնել, ուր որ սիրտն է թափառում:
Մեղք ես, կտրիճ, ինչո՞ւ ես քո մահի ետև ման գալի.
Դարձիր, գընա քո աշխարհքը, քու հոր տունը շեն ու լի,
Ի՞նչդ է պակաս, որ գըլուխդ փորձանքի ես դու տալի:
Ապրի խելոք շատերի պես, որ ապրում են գոհ, առատ,
Ու չեն հոգում, թե կորցրել է մարդն իր պատկերն անարատ...
Կամ թե կուզես, ահա դարձյալ երկու ճամփա լայնարձակ.
Տանում է մինն այն դըղյակը, ուր որ լուսից մինչև լուս
Քեֆ է անում սիրուն Թամարն հյուրերի հետ իր ջահել,
Մյուսը տանում է ..... ուր որ ոսկին, անգին քարեր,
Արեգ.
Ո՜չ, պապի, և այլն < . . . >
Ծերը. —

Անձնուրաց հոգի, որ քաջ ու անվախ
Ընտրում ես ընկնում այս «անդարձ» ճամփան,
Որ հոժար սըրտով քո կյանքը մատաղ
Ուխտել ես գազան մարդի փըրկության,
Ծերիս օրհնանքն էլ թող լինի քեզ հետ,
Հարեհաս լինի նեղության օրում,
Բարով դու հասնես վայրն երանավետ,
Ուր որ Հազարան բյուլբյուլն է տիրում:
Լեռներ, անդունդներ հարթվեն առաջիդ,
Դևեր, հըրեշներ դառնան անվընաս,
մեջք լինի քաջիդ,
Կասկած ու երկյուղ երբեք չիմանաս:

Օրհնում է ծերունին, խրատում ու ճանապահ
դնում դեպի կախարդական աշխարքը:

<7>

ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՔՈԻՄ

Գընա՛ց, գընա՛ց Արեգն արի, գընաց, ընկավ մի աշխարհ,
Երկինքը սև, գետինքը սև, սև բովանդակ ու խավար.
Առաջ գընաց. դեմն ահագին մի սև ամրոց կանգնեց լուռ.
Էն ամրոցից մի ձեն եկավ, մի ձեն տըխուր ու տըխուր:
Վերև նայեց, տեսավ շարմաղ մի աղջիկ է լուսեղեն,
Հետը լալիս հուսակըտուր, հետը կանչում է իրեն:

Աղջիկը

Ափսո՛ս, կտրի՜ճ, ախ ո՞ւր եկար
Էս աշխարհքը սև ու մութ.
Ո՞ր անօրեն մարդն էր արդյոք,
Տըվեց էդպես քեզ խորհուրդ:
Փախի՜ր, շուտով, անահ տըղա.
Թե չէ՝ էդտեղ որ մընաս,
Սև, մարդակեր Դևը կըգա
Այժմ կանի քեզ մաս մաս:

Արեգը

Բայց ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,
Ի՞նչ էս էստեղ դու շինում,
Եվ ինչո՞ւ ես էդպես աղի
Արցունք թափում, լաց լինում:
Ի՞նչ է արել էդքան սիրուն,
Էդքան քնքույշ մի էակ,
Որ փակել են մութն ու անդուռն
Էդ ամրոցում մեն-մենակ:

Աղջիկը

Իմ հանցանքը էս է, ավա՛ղ,
Որ սիրուն էմ ես էսքան.
Սըրա համար Սև Դևն եկավ
Մեր աշխարհքը աննման,
Եկավ բըռնի հափըշտակեց
Հայրենական իմ վայրից,
Բերավ էս սև բանտում փակեց,
Զըրկեց աայծառ օրերից:
Նըրա թըշվառ գերին եմ ես.
Էստեղ, անդուռն իմ բանտում
Լուռ ու մենակ փակված էսպես
Մաշվում եմ ես անխընդում:
Բայց, ա՜խ, նըրա ժամն է ահա,
Հիմի կըգա նա նորից...
Փախի՜ր, փախի՜ր, անահ տըղա,
Էս սև ու մութ աշխարհից:

Արեգը

Ես չեմ վախում, քույրիկ անգին,
Ես չըգիտեմ ահ ու մահ,
Ես կըմնամ բանտիդ տակին,
Ինչ սև հըրեշ կուզի գա:
Ու կըմեռնեմ էստեղ ես էլ,
Որ էլ չապրեմ էս օրից,
Կամ կըփրկեմ ինձ հետ քեզ էլ
Էս սև ու մութ աշխարհից:
Միայն դու ասա, թե ո՞ր ճամփով,
Ո՞ր կողմից է նա գալու,
Ու ո՞րտեղ եմ իմ նետերով
Նըրա կյանքին վերջ տալու:

Աղջիկը

Ահա էն սև սարի տակից
Նա կերևա ահավոր.
Նըրա ձենից, բերնի հուրքից
Սասանում են սար ու ձոր:
Յոթը ագահ գըլուխ ունի,
Միջի գըլխին պիտ զարկես,
Ու չես կրկնիլ զարկըդ նորից,
Ինքն էլ խնդրի թեկուզ քեզ:
Լսի՛ր, ահա գալիս է նա
Անպարտելի ու խավար...
Գընա՜, կըտրիճ. իսկ ես էստեղ
Աղոթում եմ քեզ համար...

Սև աշխարհքը էլ ավելի մութը կոխեց ակնակիր.
Դևի ձենից զարհուրելի ղողաց երկինք ու երկիր:
Եկավ Սև Դեն, ինչպես սև ամպ, հուր ու կըրակ շաղ տալով,
Եկավ անհուն կատաղությամբ, ինչպես պըրծած մի սև ծով:
Դեռ շատ հեռվից նա նըշմարեց իր թըշնամուն լուսավոր,
Ու հեռավոր մութի միջից խուլ որոտաց ամպագոռ:

Սև դևը

Ո՞վ ես խիզախ դու հողածին,
Ի՞նչպես մըտար իմ հողը դու,
Ո՞նց չի հասել քո ականջին
Գոնե անունն իմ ահարկու:
Միթե աչքով դու չըտեսա՞ր
Գյուղ ու քաղաք ողջ ամայի.
Մարդ եմ կերել հազար հազար,
Քեզնից էլ քաջ ու վիթխարի:
Իսկ դա ո՞վ ես, չընչին մարդուկ,
Որ կռիվ ես գալիս իմ դեմ.
Ասա տեսնեմ, որ իմանամ՝
Ինչ հիմարի պիտի ուտեմ:
Ցույց տուր տեսնեմ՝ ի՞նչ ունիս դու.
Տե՛ս, ես ունեմ յոթը գըլուխ...

Գոռաց հըրեշն էն ահարկու,
Արձակելով կըրակ ու ծուխ:

Արեգը

Գալիս եմ ես, ով անճոռնի,
Որ մեն մենակ կըռվեմ քեզ հետ,
Կըրծքումս ունիմ մի սիրտ արի,
Ձեռքիս ունիմ յոթը սուր նետ...

Ասավ, ճայթեց զիլ աղեղը, ոռնաց վիշապն ահագին,
Թավալվելով տեղն ու տեղը, անիծելով Արեգին:
Մին էլ զարկի՜ր... մին էլ... մին էլ...
Մըռընչում էր հոգեվարք:
Ես իմ մորից մին եմ ծընվել,
Մի խոսք ունեմ ու մի զարկ:
Պատասխանեց Արեգը քաջ, փըչեց վիշապն իր հոգին.
Ու արևի լույսը ցոլաց Սև աշխարհի եզերքին:

<8>

Չըքնաղ անունով քո սեգ աղջըկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լըսի՜ր անհատակ ջըրերի խորքից,
Մըշտածուփ, անսաստ քո մըթին հարկից.
Տո՜ւր ինձ Քամի ձին, թըռչուն Քամի ձին,
Որ ես՝ մահացու տըկար հողածին՝
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննըման,
Ուր վարդ է թափում Բըլբուլն Հազարան:
Ա՜ռ, նըշանն ահա քո սեգ աղջըկա,
Լըսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Տուր ինձ Քամի ձին՝ հասնեմ փափագիս,
Բըլրուլը բերեմ, հասցընեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը մարդբանական հոգով:

Էսպես կանչեց՝ ու փոթորիկն ելավ ծովից կապուտակ,
Մըթնեց երկինք, մըթնեց երկիր, իրար անցավ ողջ աշխարհք,
Ու ահավոր թոհ ու բոհից, անդունդներից էն մըթին
Հուր հըրեղեն իր թևերով ցոլաց կրակ Քամի ձին.
Ու մինչ վայրի սլանում էր դեպի հեռուն աշխարհի,
[Հասավ բըռնեց հըզոր ձեռքով Արեգն արագ ու արի,
Ձըգեց իսկույն ոսկի սանձը, ոսկի սանձը զորավոր,
Զըսպեց անզուսպ էն [հզորին բազկով հաստատ ու .... ]
Դեպի վերև ձգեց ձին՝ տա արևին ու վառի,
Դեպի ներքև ուզեց [զարկի] գետինք՝ ջախջախի
Բայց .... հաղթահարված ու հընազանդ հեծվորին,
Լեզու առավ, մարդու նման էսպես դարձավ հըզորին.
Ի՞նչ ես ուզում, քաջ հողածին, ո՞ւր ես ուզում՝ քեզ տանեմ:

<9>

Շատ գնաց նա, թե քիչ գնացվերևն աստված միայն գիտի
Ի՛նչ մարդկային միտք ու հանճար նորա ճամփեն կըչափի,
Անցավ ծովեր, սև անդունդներ, անապատներ, առապար,
Եկավ հասավ դալար մի դաշտ, այստեղ առավ նա դադար:
Դադար առավ [լեզու ելավ] ու բաց արավ իր լեզուն,
Ու խրատեց Արեգին <. . .> այն խոսուն[ն] իմաստուն.
Ահա սահմանն անմատչելի կախարդական աշխարքի,
Ուր ապրում է [սեգ] տիրուհին զարմանալի այն հավքի.
Աննըման է նրա անուննինքն անտես, աննըման,
Կախարդել է այս աշխարքը նըրա թովչանքն ու հըման.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Անկարող է մահկանացուն այստեղ մըտնել
[Եթե միայն չի պարգևած նրան շնորհք վերևից
Եվ անսասան կամք ու եռանդ
Ամեն տեսակ ցավ տառապանք մեր ու նորա սահմանում
Կան և նորան պահպանում .... ]
Այժըմ կերթասքո առաջը կըգա մի գետ [ահագին]
[Նորա] ջուրը աղի լեղի թույն է հոսում [մահացու],
[Այդպես կախարդական այս աշխարհքի տիրուհին
Անըմպելի թույն է խառնել նորա վճիտ ջրերին… ]
Ամեն մի մարդ չի կարող խըմել < . . . > այն ջըրից.
Բայց եթե դու խմեցիր կանցնես <....... >

Գետը կանցնես կընկնես մի դաշտ անծայրածիր, ահավոր,
[Կախարդական երկրի տերը] կախարդական [իր խոսքով]
Լցրել է այն անհուն դաշտը անկոխելի տատասկով,
Անկարող է ոտը կոխել ասպարեզը այն փըշոտ,
Եվ չի կարող մարդ հանդուրժել [շատ են] ժանտահոտ.
Բայց դու եթե այդ էլ անցնես — [մի քիչ կերթսա] և ահա
[Այն աշխարքի] վեհ տիրուհու ապարանքը կերես.

Следующая страница