Թումանյան Հովհաննես՝   Բանաստեղծություններ, քառյակներ, թարգմանություններ

ԹՌՉՈԻՆԻ ՄՏԱԾՄՈԻՆՔԸ

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ:

Նըրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում:

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած՝
Մեր բունը վըրեն:

Հիմի թըռչում եմ հեռո՛ւ, շատ հեռո՛ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած
Էլ չեմ հասկանում:

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈԻՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տըղա էր ապրում,
Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին:

Մի օը էլ եկավ անհանգիստ տըղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, ոը գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին:

Թո՜ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տընեը տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»:

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս էր մի բան...
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին:

«Գըտա՞ր, զավակը՜ս», հարցըրեց մայրը,
Ուրախ նայելով իր տըղի վըրա:
«Ման եկա, մայրի՜կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»:

1909

ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկըվել է մի թիզ ձյունով.
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով.
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ...
Խնդրում ենք ձեզ, բարի մարդիկ,
Աստծու սիրուն, մի կըտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված:

Շուտով կըգան օրեր գարնան,
Մենք ձեզ համար կերգենք զըվարթ,
Ու փոխարեն ձեր լավության
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կըմաքրենք մենք թըրթուրներից,
Ճիճուներից ու որդերից.
Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված:

Մի խումբ ծտերի կողմից`
Ծիտիկ Ճնճղուկյան

ԿՈԻՅՐԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
(Արևելքի առակներից)

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան:
Մինը, որ մարմնին դիպավ հաստ ահեղ.
Հե՛յ, զգո՜ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
Ի՜նչ պատ, ծիծաղեց, էն կոճղ է կարծեմ:
Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել.
Օձ է, օ՛ձ, գոռաց, էլ ի՛նչ եք կանգնել:
Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
Վա՛հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք:
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ:
Չէ, պատ է, — չէ, կոճղչէ, օձ է, — չէ, թոկ...
Ու աղմըկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին
Սարի պես փիղը պարզ լուսի տակին:

ԷՍ ԷՆ է...

1

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը:

2

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը:

3

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը:

4

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը:

5

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը:

6

Էս էն կովն է՝ կեռ պոզավոր,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը
որ շինել է վարպետ Օհանը:

7

Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը:

8

Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը:

9

Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը
որ պահած է էն տանը
որ շինել է վարպետ Օհանը:

10

Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին,
որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը:

11

Էս էլ էն վարպետ Օհանը,
որ մորթել է էն աքլորին,
որ զարթեցրել է էն տերտերին,
որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը:

1911

ԲԶԵԶԻ ԴՊՐՈՑԸ

Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյան, մըլակ, մոծակ...

Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ:

Պիտի սովրեք, սովրեք էնքան,
Մինչև դառնաք ինձ պես վարպետ:
Դե նըստեցեք հիմի հանդարտ,
Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ:

Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում...
Է՛յ, դո՜ւ, մորե՛խ, դեսն ականջ դիր,
Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում:

Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
Է. Էշխըրտուկ, Ը. Ընկուզ...
Մի' աղմըկեք, հանաք հո չի՞.
Թիթե՜ռ՝ հանգի՜ստ, մոծա՜կ՝ սո՜ւս:

Մի՜ խառնըվեք, չեմ սիրում ես
Էդպես աղմուկ, աղաղակ:
Թ. Թըրթընջուկ, Ժ. Ժախ ու բոխ,
Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ:

Խ. Խընձորուկ, Ծ. Ծիրանի,
Կ. Կըռոթուկ, Հ. Հաղարճ...
Տես, վարժապետ, էս մըլակին,
Ինձ ասում է՝ սարի արջ.

Ա՜յ տղա, է՛յ, չեն հայհոյիլ:
Տըզզան հիմար անասուն...
Ձ. Ձըմերուկ, Ղ. Ղանձլամեր,
Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր:

Դու, է՛յ Ծըղրիդ, ո՞նց ես նըստել.
Գըլուխդե՜տ, մեջքդդո՜ւրս:
Յ. Յունապի, Ն. Նունուֆար,
Շ. Շագանակ, Ո. Ողկույզ:

Վա՛յ, էս ինչե՛ր կան դասերում.
Ողկույզը ես շատ եմ սիրում...
Իսկ ես կաղամբ կուտե՛մ, կուտե՛մ.
Իսկ ես՝ ծիրան... — իսկ ես՝ կոտեմ...

Ձեզ չեն հարցնում՝ ի՜նչ կուտեք դուք
Քընաթաթախ՝ առտեհան:
Չ. Չինարի, Պ. Պատատուկ,
Ջ. Ջըրկոտեմ, Ռ. Ռեհան:

Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,
Տ. Տերեփուկ, Ց. Ցաքի...
Ո՛ւհ, մարդ քարից պիտի լինի,
Ձեր մեջ գըլուխ կըճաքի:

Փ. Փըրփըրուկ, Ք. Քարասոխ
Օ. Օֆ, պըրծանք վերջապես...
Դե գնացեք, վաղը կգաք
Անգիր արած ջըրի պես: —

Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ,
Վարպետ Բըզեզն ամառն էսպես
Դաս էր տալիս մի ծառի տակ:

1887

ԱՂՈԹՔ

Սողոմոնի պես, տե՜ր,
Ես խելք չեմ ուզում,
Ինձ երկար օրեր
Եվ փող տուր բազում:

Մի ձեռք էլ շոր,
Միայն մոդնի, տե՜ր,
Մին էլ մի հաստ փոր,
Տրոստ, ակնոցներ:

Եվ բավական է,
Դու վերեն դիտե,
Թե ինչեր կանե,
Այդ ծառադ գիտե:

Փետրվար.

1897

ՀԱՅԻ ԶԱՐՄԱՆՔԸ

Նվեր պ. Գևորգ Տեր Դավթյանին՝ իր բեմական
գործունեության քսանհինգամյակին

Մեր բեմի Ծիծա՜ղ, քսանհինգ տարի
Դու հըրճվանք տվիր այսքան սրտերի.
Անձայն թաքցըրիր ցավերըդ ներքին,
Եվ այդ հանճարեղ ծաղրը քո դեմքին,
Դարձար հայկական բեմի պարծանքը.
Բայց այդ չըշարժեց հայի զարմանքը:

Սիրելիդ մեռավ, և նա դագաղում՝
Դու խեղկատակի դեր էիր խաղում.
Միմոսի ճամուկ, երկայն գըդակով,
Ծիծաղում էիր հըզոր կատակով,
Զսպելով հոգուդ անհուն տանջանքը.
Այդ էլ չշարժեց հայի զարմանքը:

Քո շըքեղ խաղով մարդիկ հիացան,
Ծափեր զարկեցին ու գոհ հեռացան.
Դու տուն գնացիր հոգնած, վաստակած,
Ոչ փող ունեիր, ոչ մի պատառ հաց,
Եվ սակայն տարար այդ չարքաշ կյանքը...
Այդ էլ չշարժեց հայի զարմանքը:

Դու քո ահագին, հսկա շնորհքով
Շատ տառապեցիր անտրտունջ հոգով,
Աղքատ, անընկեր, անօգ ու անգործ
Երկար շրջեցիր փողոցից փողոց,
Վերջը գնացիր ու մտար բանկը.
Այդ էլ չըշարժեց հայի զարմանքը:

Բայց չըկարացիր քեզ լա՛վ մշակել,
Եվ ինչպես շատերն էին գուշակել,
Համաշխարհա՛յին արտիստ չըդարձար,
Ոչ ուսո՛ւմ առար, ոչ դպրո՛ց անցար...
Իզուր փչացրիր քո ձիրքն ու կյանքը...
Այդ սաստիկ շարժեց հայի զարմանքը:

Դեկտեմբերի 17.

1898

ՀԱՅԻ ՏՐՏՈԻՆՋԸ
(ֆելիետոնի փոխարեն)

Զարմանք բան է մեր բախտն, ախպեր,
Հայ գործիչին ինչ էլ անես,
Լավ տեղ կըտաս, պատիվ, թե սեր,
Վերջը պետք է դա փոշմանես.
Ահա ես ձեզ համրեմ մի մի,
Մեղքն, ասացեք, ո՞ւմն է հիմի...
Չէ՜, մեզանում, աստված վկա,
Արժանավոր մի մարդ չըկա:

Պոետն, ասին, տաղանդ ունի,
Մենք էլ դրինք... գործակատար,
Բայց տեր աստված հեռու տանի
Հաշիվն այնպես խառնեց իրար,
Այնպես անկարգ, ցրված եղավ,
Որ խազեյնի զահլեն փախավ...
Չէ՜, մեզանում, աստված վկա,
Մի շնորհքով... պոետ չըկա:

Դերասանին շատ գովեցին,
Այնքան ասինգլուխ տարան,
Մենք էլ տարանք... բանկի միջին
Մի հեշտ պաշտոն տվինք իրան,
Մի հե՛շտ պաշտոն, բայց տես այն էլ
Կարենո՞ւմ է գլուխ հանել...
Չէ՜, մեզանում, աստված վկա,
Մի հատ կարգին... արտիստ չըկա:

Վիպասանին քանքար ասին,
Մենք էլ արինք... աստվածաբան,
Բայց մի հարցրեք նրա մասին,
Թե ի՞նչ կասի սովրող տղան
Չէ իմանում պատմել իրավ,
Թե Քըրիստոսն ինչպե՜ս հարյավ...
Չէ՜, մեզանում, աստված վկա,
Կարգին... մի վեպ գրող չըկա:

Հայրենասեր և հոգեխոս
Քարոզիչ էր մեծ ու բարի,
Մենք էլ արինք... պոլիտիկոս,
Այսինք՝ թող մեզ կառավարի.
Բայց գործերը այնպես տարավ,
Որ աշխարքը լեզու առավ...
Չէ , մեզանում, աստված վկա,
Մի հասկացող... գլուխ չըկա:

Վերջը, խոսքս կտրում եմ կարճ,
Ով որ մեր մեջ ձայն է հանում,
Մենք քաշում ենք այսպես առաջ,
Բայց միշտ նրանք ետ են գնում.
Դուրս է գալիս մի օր հանկարծ,
Որ խաբված ենք աչքներս բաց...
Չէ՜, մեզանում, աստված վկա,
Մի ընդունակ գործող չըկա:

ՀԱՅԻ ՑԱՎԸ

(Նվեր «Մշակ»-ին)

Հայը թեև շատ ցավ ունի,
Բայց ողջ մեկ չեն նրա համար,
Մինն է նրան միայն սիրելի,
Նրա հոգուն, խելքին հարմար:

Առե՜ք, ահա, մեր թերթերը.
Ամեն տեղից գրում են միշտ,
Թե՝ տըգետ է մեր տերտերը,
Խիղճը մեռած, բարքն ամբարիշտ:

Ձեռք ես առնումէլ բան չըկա
Մեր տերտերը ագահ, տըգետ,
Մատաղահաս մի աղջկա
Պըսակել է մի ծերի հետ:

Շուռ ես տալիս, այլ տեղկարդում.
Մնացել են մարդիկ խաթում.
Տերտերն այնտեղ լոթի մի մարդ,
Գիշեր-ցերեկ խաղում է կարտ:

Մի ուրիշ տեղ տերտերն անկին
(Աստված հայից հեռու տանի)
Քանի տարի ծուխի միջին
Կին է պահում ապօրինի...

Հապա այստեղմեր կենտրոնում`
Հայ տերտերը դրժած ուխտին,
Առանց վարձի չէ կամենում
Հողին հանձնել հայ պանդուխտին:

Այսպես անվերջ ու անխըտիր
Ուր որ գնաս, մի կարճ խոսքով,
Շուշի, Ղզլար, Բաթում, Իգդիր,
Կարս, Երևան, Ղազախ, Մոսկով,

Գորի, Գանձակ, Փիբ, Ասխաբադ,
Բաքու, Նուխի, Թիֆլիս, Թելավ,
Ամեն տեղ էլ տերտերը վատ,
Ազգի գլխին դարձել է ցավ...

Եվ խեղճ ազգը շատ մտածեց,
Վերջը մի ճար գտավ սըրան, —
Շատ հոգևոր դպրոց բացեց,
Մինչև անգամ ընծայարան...

Բայց ահա մեր խելոքները
Հարց են դնում այսօր կրկին
Խելքի՞ կըգա հայ տերտերը,
Եթե ուսում առնի կարգին:

Եվ շատ ճիշտ է այս կասկածը.
Թե ուսումը խելոքացներ,
Մի՞թե ուսում առած մարդը
Այս տեսակ բան կհարցըներ:

Այսպես մեր հին ցավը էլի
Մնաց ընդմիշտ անբուժելի,
Եվ հայ թերթը շատ տարի դեռ
Պիտի գրի՝ տերտե՛ր, տերտե՛ր...

ԳՐԱԿԱՆԱԿԱՆ «ՄԱԶԱՆԴԱ»
(Նվեր իմ բարեկամ Ղ. Աղայանցին)

Այսքան երազ, որ մենք հայերս
Ընդունակ ենք տեսնելու,
Պարզ է, որ շատ սազում էր մեզ
Լավ երազգիրք կազմելու:

Եվ գրքերից՝ միշտ հայ ազգը
Երազգիրքն է շատ հարգում,
Ինչպես կազմող տեր-հոր ազդը
Ցույց է տալիս «Մըշակ»-ում:

Տեր-հայրն այնտեղ ասում է, որ
Էլ չթողին երազգիրք.
Ամեն կողմից ուղարկում են
Շատ նամակներ ու խնդիրք...

Երազգիրքն է, ասում է նա,
Հայի ոսկի ընկերը...
Եվ սրանում կասկած չըկա
Փաստ է ասում տերտերը:

Երազգիրքը չի կարելի
Տալ ապառիկ ոչ մի հատ...
(Ի՛չ ապառիկ, երբ մի բանի
Մուշտարի կա այսքան շատ):

Դեհ, իմ անգին Ասլան-ապեր,
Արի թողնենք ամեն ձիրք,
Էլ չըգրենք երգ ու վեպեր,
Շինենք մի լավ երազգիրք:

Ա՞խ, եթե մենք գեթ մի-մի հատ
Երազագիրք հորինենք,
Այնուհետև գրչով ապրող
Կարգին գրող կըլինենք:

Էլ չենք ծախիլ մեր գրքերը
Ութսունուհինգ տոկոսով,
Կոպեկկոպեկ առնել փողը,
Այն էլ՝ կանխիկ միայն կիսով:

Տեր-հոր նման քսան տողից
Երկար մի ազդ կըգրենք,
Մինչև նոր տիպն ընթերցողից
Համբերություն կըխնդրենք...

Եվ մեր գործեց երբ կըստանանք
Այսպես առատ վարձ ու փող,
Նոր կըտպենք ավելի թանկ,
Եվ ավելի մեծ ու ճոխ:

Իսկ երբ տանենք գրախանութ,
Էլ չենք կանգնիլ լուռ ու խեղճ.
Հայի ոսկի ընկերն է սա.
Ոչ ապառիկ և ոչ զեղչ...

Ապրիս, տեր-հայր, ի՛նչ լավ գիտես
Մեր հայ ազգի ճաշակը.
Թե չէ՝ մենակ պարծենալով
Զահլա տարավ «Մըշակը»:

1899

ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ
(նմանություն)

Հայրի՜կ, տե՜ս, տե՜ս, աստղը թռավ.
Անհետ կորավ երկընքից,
Ո՞վ էր արդյոք, որ զրկվեցավ
Կես գիշերին իր կյանքից:

Ո՜հ, իմ դստրիկ, հանգիստ եղիր,
Մի հոգևոր հայր էր նա,
Գիշեր-ցերեկ մի հոգս ուներ,
Որ մեզնից փող ստանա:

Փարիսական իր գործերով
Աշխարհ խաբեց, զըզվեցրուց,
Այդ աատճառով աստված նրա
Աստղի լույսը խավարցուց:

Նա ամեն բան ծախեց փողով,
Ոտքեց ամեն սըրբություն...
Այժմ այնտեղ ահ ու դողով
Հաշիվ կըտա աստըծուն:

Հայրի՜կ, տե՜ս, տե՜ս, մեկն էլ ընկավ,
Եվ չըթողեց ոչ մի գիծ,
Ասա, հայրիկ, էլ ո՞վ հանգավ
Ու պակասեց մեր կյանքից:

Ո՜հ, իմ դստրիկ, խաղաղ մնա,
Կեղծավորի մի աստղ էր,
Որ ձևացավ ամբողջ կյանքում
Առաքինի, ազգասեր:

Ամեն անգամ նա խնջույքում
Բախտ էր մաղթում խեղճերին,
Ազգի կենացն առաջարկում,
Արտասուքը աչքերին:

Բայց խեղճերը նրա ձեռքից
Գիշեր-ցերեկ հալածված,
Ազգին չեղավ նա կարեկից,
Ոչ ազգ գիտեր, ոչ աստված:

Հայրի՜կ, տե՜ս, տե՜ս, աստղը թռավ,
Հետքից մի կարճ գիծ թողեց,
Աստղը թռավ դեպի Բաքու,
Էլ մյուս անգամ չերևեց:

Ո՜հ, իմ դստրիկ, հանգիստ եղիր,
Այն գործիչի մի աստղ էր,
Որ իր սրտում ծնված օրից
Չուներ անկեղծ գործի սեր:

Նա աղմըկեց, անուն հանեց,
Սանդուղք շինեց իր ազգին...
Եվ ողջ ծաղրեց, երբ ապրում էր
Գըրպանները լի ոսկին:

Հայրի՜կ, տե՜ս, տե՜ս, մենն էլ ըննավ,
Հետքից թողեց մի ծուռ գիծ,
Ասա, հատիկ, էլ ո՞վ հանգավ,
Աստղը պակսեց երկընքից:

Ո՜հ, իմ դստրիկ, մի՜ վըդովվիը,
Մի խըմբագրի աստղ էր այն,
Որ իը թերթը տըպագրում էր
Անձի համաը միմիայն:

Նա՝ կուրացած իը ցած կրքից՝
Հայհոյում էը անամոթ,
Եվ դորա տեղ միշտ իը ազգից
Պահանջում էր բաժանորդ:

Գըրողները նորա թերթից
Հիշոցներով հալածված,
Չուներ մի տեղ մի թղթակից,
Որ չըլինեչ վշտացած:

Հայրի՜կ, հայրի՜կ, ինչ լավ եղավ`
Այդ աստղերը վայը ընկան,
Հայրի՜կ, հայրի՜կ, այդպես մարդիկ
Մեր աշխարհքուրմն էլ չըկա՞ն:

Ո՜հ, իմ դստրիկ, մի մասն են լոկ
Այդ աստղեըը, որ ընկան,
Մեր երկնքում, գիտե՞ս արդյոք,
Որքա՛ն այդպես աստղեը կան:

ԿՏԱԿ

Դե գրի, տեր հայր: «Յանուն հօր և որդոյ...»
(Այսպես անիրավ բա՞ն եք տեսել, տո՜.
Կյանքս մաշելով փող դիզեմ այսքան,
Հիմի իմ ձեռքով տամ սըրան-նըրա՞ն...
Բայց դե ի՞նչ անեմ, հետս ո՞ւր տանեմ...
Գոնե այս վերջին առուտուրն անեմ,
Գուցե կաշառեմ աստծուն ու ազգիս,
Սրանով փրկեմ անունս ու հոգիս...):
Դե գրի, տեր հայր: Ուշքս դեռ վրես,
Կտակ եմ անում իմ ազգիս այսպես:

Ամենից առաջ ես իմ կտակում
Իմ մեռած եղբոր որդոցն եմ զրկում.
Կտակ եմ անում, որ նրանք երբեք
Չուտեն իմ փողից և ոչ մի կոպեկ:
Զուր տեղը իմ դեմ դատ էին բացել,
Թե իրանց բաժնին ես եմ տիրացել.
Լավ էր, որ հազիվ պրծա կաշառով,
Մարդիկ էլ տեսան ընկել եմ շառով...

Գրի մեր ժամին մի հարյուր թուման,
Հետն էլ այսպիսի մի անխախտ պայման,
Որ եկեղեցու գավթում ինձ թաղեն,
Կնոջս համար էլ կողքիս տեղ թողեն,
Տարին հինգ անգամ պատարագ անեն,
Հոգիս անպատճառ դրախտը տանեն.
Սրանից հետո հոգան ինձ վըրա,
Հոյակապ արձան դնել մարմարյա,
Ոսկի տառերով վըրան փորագրած,
Թե ազգիս համար ինչեր եմ արած:

Վանքի դպրոցին գրի մի գումար,
Որ իմ անունով, իմ հոգու համար
Որդեգիր պահեն նըրա տոկոսով.
Ամեն տարի գան խմբով, հանդիսով
Դամբանիս վրա գովք ու ճառ ասեն,
Ագգի մեծերի շարքում ինձ դասեն,
Պատկերս էլ կախեն դըպրոցի պատից,
Թեկուզ մի քիչ ցած մեր հայրապետից:
Ապա այս տունը (որ կեղծ թղթերով,
Հոգիս սևելով, սըտով ու զոռով,
Իբրև պարտքի տեղ, առա այն խեղճից
Ու իրան լալով դուրս արի միջից...),
Իմ հոժար կամքով, իմ վերջի օրին
Այն էլ տալիս եմ մեր, մայր աթոռին,
Որ վեհափառը գըրի մի կոնդակ,
Անունս սփռի աշխարհ բովանդակ
Եվ ինձ օրհնանքի այնպես մի գիր տա,
Որ երկընքումն էլ աստված հավատա...

Դրանից հետո մի գումար գըրի
Հօգուտ մեր ազգի խեղճ ու որբերի
Ընկերությանը Բարեգործական,
Որ գլուխն անշարժ մնա հավիտյան,
Նըրա տոկոսը մեր մեծ տոներին
Բաժնեն (իմ զրկած) խեղճ ու որբերին,
Ամեն մեկին տան մի մի աբասի,
Որ ուտիհոգուս ողորմի ասի:
Հապա, օրհնըված, տանու տերտերին
Ժամոց չե՞ս տալիս քո հոգու խերին.
Քանի վախտ ունես, այդ էլ ասա շուտ...
Ասա տանըցիք տան լավ կողոպուտ,
Ոսկի սհաթըդ, նոր շորերըդ տան,
Որ հեշտ անց կենաս դուռն արքայության...
Լավ, տեր հայր, այդ էլ քեզ եմ կտակում,
Որ ինձ միշտ հիշես քո պատարագում,
Դագաղիս վրա մի քարոզ ասես,
Թե ինչ հոգեսեր, մեծ մարդ էի ես...

Այս կտակն արավ հայ բարերարը
Ու մեռավ գնաց այն մյուս աշխարհը.
Միշտ երախտագետ մեր ազգը հայոց
Նրան հըռչակեց ազնիվ բարեգործ,
Իր ժամի զավթում թաղեց ու մարմար
Արձան կանգնեցրեց իր գործքին հարմար,
Վըրան էլ գրեց պերճ տապանագիր.
Ո՛հ, վսեմ հոգի, դու խաղա՛ղ հանգիր,
Թեև դու մեռար, բայց միշտ քո հոգին
Հըսկում է բարձրից քո թըշվառ ազգին...

Բայց երբ որ գնաց այն մյուս աշխարհը
Եվ ուզեց մըտնել արդարոց շարը,
Հանեց օրհնանքի տարած պատճենը,
Տերն մեր կարդաց ու գըցեց դենը.
Քո սիրտը հանիր, ասաց, հողեղեն,
Այնտեղ են գրված գործերըդ ամեն:
Եվ մարդու սիրտը կարդաց մեր տերը,
Ուր տըպված էին նըրա գործերը.
Կարդաց չա՛ր գործեր, — նաև կըտակը,
Եվ... իսկույն ղրկեց դժոխքի տակը:

1889

Մ. Լերմոնտով

ԻՂՁ

Ինչո՞ւ չեմ թռչուն, վայրենի մի հավ,
Որ հիմա գլխիս վերևից թռավ.
Ինչո՞ւ չեմ կարող երկնքում ճախրել
Եվ ազատություն միմիայն սիրել:

Ես դեպի Տարոն կըսլանայի,
Ուր ծաղկում են դաշտերն իմ տատերի,
Դատարկ ամրոցում միգապատ լերանց
Հանգչում են մոռցված աճյունքը նրանց:

Այնտեղ հին պատից մնում են կախած
Նրանց լայն վահանն ու սուրը ժանգոտած
Կըթռչեի սրի, վահանի վրայով,
Եվ կըսրբեի փոշին թևերով:

Եվ պարթևական լռած քնարի
Ժանգոտ լարերին ես կըզարկեի,
Որ նրա ձայնը դարձյալ հոգենվագ
Հնչեր մշտալուռ կամարների տակ:

Ճակատագրի խիստ օրենքների դեմ
Իզուր է խնդիրս, — ես այդ լավ գիտեմ,
Իմ և բլուրների միջև հայրական
Սարեր ու ձորեր, կապույտ ծովեր կան:

Վերջին շառավիղը դյուցազունների
Ահա տարագիր, ցոփ կյանքի գերի.
Այստեղ ծնվեցա, բայց ուրիշ հոգով...
Ա՛խ, ինչո՞ւ չեմ ես թռչուն վայրենի:

1890

Ա. Պ ուշկին

Եթե իրավ է, որ գիշերները,
Երբ որ հանգչում են մարդիկ ներքևում,
Երկնքից իջնում լուսնի շողերը,
Գերեզմանների վըրա դողդողում:

Եթե իրավ է, որ այն ժամերին
Դատարկվում են լուռ գերեզմանները,
Օ՛, ես կըկանչեմ իմ սիրելիին,
Կըկանչեմ նրա նըսեմ ըստվերը:

Արի՛, հայտնվի՛ր, սիրելի՛ պատկեր,
Ինչպես և էիր անջատման ժամին,
Սառն ու դալկադեմ, ինչպես ձմրան օր,
Խանգարած, խեղած տանջանքով վերջին:

Ա՛խ, արի՛, ինչպես աստղիկ հեռավոր,
Ինչպես թույլ հընչյուն թեթև զեփյուռի,
Կամ թեկուզ ինչպես տեսիլ ահավոր,
Ինձ համար մին է... արի՛, միայն արի՛...

Ապրիլի 4

1892

Ա. Պուշկին

ՌՈՄԱՆՍ

Մի աշնանային մռայլ իրիկուն
Մի աղջիկ գնում էր անմարդ տեղերով,
Յուր անբախտ սիրո ծնունդը թաքուն
Բռնած դողղոջուն, քնքուշ ձեռքերով:
Բոլորը լուռ էր. հոգնած աշխարքը
Հանգստանում էր գիշերվա մթնում,
Այն ինչ ուշադիր աղջիկն յուր աչքը
Երկչոտ հայացքով չորս կողմն էր ածում:

Եվ, հառաչելով անմխիթարանք.
Նա նայեց անմեղ այն արարածին.
Քնած ես, մանուկ, դու իմ տառապանք...
Եվ անտեղյակ ես իմ սրտի վըշտին...
Աչքդ բաց կանես բարձրականչ լալով,
Սակայն իմ կրծքին էլ չես կաչիլ դու.
Վաղ-առավոտյան տարաբախտ քո մոր
Ջերմ համբույրներին չես հանդիպելու: —

Ճչալով իզուր կըկանչես նրան.
Ավա՛ղ, ամոթ ինձ, — ես եմ մեղավոր.
Դու կըմոռանաս մորըդ հավիտյան,
Բայց պիտի հիշեմ ես քեզ ամեն օր:
Ուրիշ ծնողներ կըխնամեն քեզ,
Եվ կասենդու օտար ես մեզ համար.
Իմ ծնողները ո՞ւր են, կըհարցնես,
Սակայն չես գտնիլ ոչ հայր և ոչ մայր:

Թշվա՛ռ երեխա, մտքով տըխրագին
Կըտանջվես օտար մանուկների մեջ,
Կընայես նրանց մոր փաղաքշանքին
Մռայլուն հոգով մինչև կյանքիդ վերջ.
Ամեն ժամանակ բախտըդ կանիծես,
Ամեն տեղ ատված, օտար ու մենակ,
Եվ միշտ նախատինք ու ծաղր կլսես...
Օ՛, ների՜ր, ներիր ինձ այն ժամանակ:

Դեռ քնած ես դու... թող քեզ, խեղճ մանուկ,
Այս վերջին անգամ իմ կրծքին սեղմեմ,
Օրենքն անիրավ, խիստ և անողոք
Մի դատավճիռ ունի մեր ընդդեմ:
Մինչև քո անմեղ ուրախությունը
Տարիները չեն քշել տակավին,
Քնի՜ր, սիրելի, սև թախիծները
Խորթ են մանկության խաղաղ օրերին:

Լուսինն անտառի ետևից հանկարծ
Երևաց, մոտիկ մի խրճիթ տեսավ,
Դողալով, գունատ և սաստիկ լքած
Նրա դռանը ահա մոտեցավ,
Զգույշ կորացավ ու կամաց դրեց
Յուր երեխային օտարի շեմքում,
Իսկույն սարսափով երեսը դարձրեց
Եվ անհայտացավ գիշերվա մթնում:

Մ. Լերմոնտով

Ես չեմ ուզում մարդ իմանա
Իմ անցքերը խորհրդավոր
Սերս ու վիշտս, որոնց վերա
Խիղճս և աստված են դատավոր:

Նրանց կըտա սիրտս հաշիվ
Եվ նրանցից կըհայցե գութ,
Եվ թող ինձ նա միայն պատժի,
Ով ցավերիս տվեց սնունդ:

Նախատինքը անմիտների
Չի խռովիլ բարձըր հոգին, —
Որքան ծովը գոռա, փրփրի,
ժայռը կանգնած է վերստին:

Նրա ճակատը, բարձրացած,
Ամպերումն է մշտամռայլ,
Եվ մրրկից, որոտից զատ
Միտքը ոչ ում չի հավատալ:

ԴԵՑԻՄ ԼԱԲԵՐԻՈՍ

Եվ խայտաճամուկ միմոսի շորով՝ Կեսարի կանչին
Լաբերիոսն ահա կանգնեց կըրկեսում, Հռոմի առաջին:
Թընդաց Հըռոմը, և աթոռներից վեր կացան հանկարծ
Ազնըվականներն ու ժողովուրդը ահից .սարսափած.
Ու դըղըրդացին արձակ կըրկեսում շըփոթ ու շըշունջ,
Հազիվ լըսելի խառնակ աղաղակ ու դըժգոհ տըրտանջ.
«Լաբերիոսն այստե՞ղ... և ինչպես միմո՞ս... Այստեղ օրենքով
Գերիներն իրենց կուռ շըղթաների շըռընչյուններով,
Սըրի շաչյունով անմահ Հըռոմի հըրճվանքի համար
Ճըգնում են ըմբշի և կամ միմոսի պըսակ ստանալ...
Լաբերիոսն այստե՞ղ... բայց չի մոռացել Հըռոմը նըրան.
Հին քաղաքացի, ծե՛ր, հըռչակավոր պոետ աննըման,
Եվ արդ, կըրկեսում, ամբոխի առջև այսպես նա կանգնած,
Լուռ ու գըլխակոր գետնին է նայում ամոթից շիկնա՛ծ...»
Եվ տըրտունջների ձայներն անորոշ նըրան են հասնում.
Բայց իր աչքերը Հըռոմի վըրա նա չի կամենում
Բարձրացընել այժմ՝ նըրա բացահայտ վըճռի ժամանակ.
Եվ անարգանքին ինքնաբավական հայացքով մենակ
Կեսարն է նայում: Նըշան տըվավ նա հրամայող ձեռքով:
Լըռեց վերըստին հըպարտ Հըռոմը: Գետնակոր գըլխով,
Ինչպես աղոթող ծանըր փորձանքի ահավոր ժամին,
Կանգնած է հուզված հանդիսի առջև երգիչ ծերունին:
Բայց դեմքը ահա առաջվա նըման փայլեցավ վառ-վառ,
Մըռայլ ճակատը դարձավ վերըստին հանգիստ ու պայծառ,
Խոհուն աչքերը դըժգոհ ժողովին նայեցին կըրկին,
Ու նորից երգի, բանաստեղծության համարձակ հոգին
Հասավ պոետին, սիրտ տըվավ նըրան: Նա զըվարթացավ.
Պաղ-պաղ սարսուռը սըրտիցը մինչև մատները անցավ...
Այլակերպված է նա բոլորովին: Մի ակընթարթում
Նա ոգևորվեց: Վառված աչքերը կըրակ են ցայտում:
Ընկնող հայացքով իր շուրջն է նայում Տարածեց ահա
Անզուսպ խըռովքից գողացող աջը քընարի վըրա...
ժողովը լուռ է: Բոլոր աչքերը խոնարհած են ցած:
Ազնվականները մըթին գիշերից մըռայլ են նստած,
Եվ ասպետները նըստած են խըրոխտ դեմքով կընճռալի.
Ուրախությունից փայլում է դեմքը ահեղ տիրողի:
Նոր նըշան տըվավ: Եվ ահա երկչոտ ու անհամարձակ
Բարձրացավ ձայնը... ծերի դողդոջուն, չոր մատների տակ
Գովված քընարի ոսկի լարերը հընչեցին հանկարծ.
Խորին լռության ժամին առաջին երգը որոտաց:
Եվ սթափվեցավ Հըռոմը նորից, մարդիկ շարժվեցին,
Եվ աշխատում են պարզորոշ լըսել զայրացած երգչին:
Իսկ ալևորըանխիղճ անպատված հին քաղաքացին,
Տակավին հըպարտ, արհամարհանքով նայում է Հռոմին:
Նա երգում է անբավ փառքը, մեծությունը Կեսարի,
Բարձըր խելքն ու տերությունը, իշխանությունը բարի:
Երգում է փայլը նրա հաղթության և մաղթում է կյանք,
Եվ ուղարկում է հըզոր Կեսարին հարգ ու մեծարանք:
Փառաբանում է նա ճոխությունը ու փառքը Հռոմի,
Եվ աղաչում է, որ բաժին անեն... խինդը միմոսի...
Թախանձում է նա, որ ողջ մըտածեն, ինչպես որ ինքը,
Կեսարի շըրթան վըրա ճանաչեն իրենց օրենքը,
Որ հին օրերի ազատ երգերը ընդմիշտ լըռեին,
Ու միշռ Կեսարի թըշնամու ջանքերն իզուր ցըրվեին.
Հայրերի գոռոզ Հըռոմը գըլուխ խոնարհի նըրան,
Հըռոմում մարդիկ մըտածեն այնպե՛ս... միմոսի նըման...:
Հանկարծ վիրավոր պոետը ցընցեց գըլուխն ալեզարդ,
Հընչող լարերին կատաղի ձեռքով զարկեց հուսահատ,
Քնարը ձըգեց ու գոռաց ցասկոտ ձայնով ահարկու.
Բարձրացի՜ր, Հըռո՜մ, իրավունքներըդ կորցընում ես դու...

1893

Շելլի

«ԲԱՐԻ ԳԻՇԵՐ»

Բարի գիշե՞ր, — ո՛, ո՜չ երբեք, իմ անգին,
Նա բարի չէ, երբ սերս հեռու կըվանի.
Թող անցկացնեմ նրան քեզ հետ ես անքուն,
Այն ժամանակ բարի գիշեր կըլինի:

Մի՞թե կլինի բարի գիշեր առանց քեզ,
Եվ կարո՞ղ եմ քո կարոտը ես տանել.
Ողջ մոռացած, դողալ, սիրել կուզեմ ես...
Սրան պիտի բարի գիշեր անվանել:

Լավ է գիշերն, որ գիշերով քնքուշ ենք,
Սիրող սրտից վիշտը փախչում է հեռի,
Բայց մենք նրան բոլորովին չըհիշենք
Այն ժամանակ բարի գիշեր կըլինի:

Մայիս 11.

1894

Մ. Լերմոնտով

ՀՐԵՇՏԱԿ

Կես գիշերային լըռին երկընքում
Թըռչում էր հրեշտակն և խաղաղ երգում,
Եվ լուսինն, աստղերն, ամպեր խմբովին,
Ունկընդիր էին նորա սուրբ երգին:

Նա արդարների վայելքն էր երգում
Ծառերի տակինդըրախտի այգում.
Երգում էր նա մեծ աստուծո վերա,
Եվ սըրտալի էր գովեստը նորա:

Նա գրկում բռնած մի մատաղ հոգի
Բերում էր երկիրն վշտի, արցունքի,
Եվ մատաղ հոգում հնչյունքն երկնային
Թեև անբարբառ, կենդանի մնացին:

Եվ անպատմելի մի տենչանք հոգում,
Նա շատ տառապեց, տանջվեց աշխարքում,
Եվ չըկարացին երգին երկնալուր
Փոխարինել երկրի երգերը տխուր:

Ն. Նեկրասով

ՄԱՅՐԸ

Լսելով կռվի արհավիրքների,
Ամեն մի ընկած նոր զոհի մասին,
Ես չեմ ափսոսում կնոջն, ընկերին,
Եվ ոչ էլ նույն իսկ իրան հերոսին...
Կըմխիթարվի, ո՛հ, կինը մի օր,
Ընկերն ընկերին կանի մտահան.
Բայց մի հոգի կա մի տեղ սգավոր
Նա հիշելու է մինչև գերեզման...
Այս մեր կեղծավոր, ստոր աշխարքում,
Այսքան գարշելի գործերի շարքում
Ես անկեղծ և սուրբ մի բան տեսա միայն
Թշվառ մայրերի արտասուքն է այն:
Նրանք չեն մոռանալ իրենց զավակին,
Որ խորտակվել է արյունոտ արտում,
Որպես սգավոր ուռենին կրկին
Չի բարձրացնելու ճյուղերը տրտում:

Հոկտեմբերի 8.

Ս. Նադսոն

Մեռավ իմ մուսան... սակավ ժամանակ
Նա լուսավորեց օրերըս մենակ.
Ծաղկունքըս ընկան, հուրերըս հանգան,
Անթափա՛նց գիշեր, ինչպես գերեզման:
Ցավից, տանջանքից հոգնած սըրտիս մեջ
Իզուր եմ զըվարթ ձայներ ես փընտրում.
Ճըմլած է, ոտքած իմ պըսակը պերճ
Կըռվում եմ աներգ ու աներգ տըրտմում:
Բայց իմ սենյակումկար մի ժամանակ
Որքա՛ն հըրաշքներ էին կատարվում.
Ուզեի թե չէ՝ գըմբեթն երկընքի
Բացվում էր գըլխիս լույսերի ծովում,
Ձըգվում էր հեռու լըճակն արծաթի,
Փայլում էր շըքեղ պալատ սյունազարդ,
Ու վեր բարձրանում ծոցում կապույտի
Սուր ժանիքներով լեռներ ձյունապատ...
Այժըմ մենակ եմ: Դատարկ ու մութը
Տըխուր անկյանըս աչքիս է նայում.
Բըքոտ գիշերը՝ իմ լուսամուտը,
Ինչպես սև թըռչուն, երկյուղով բախում:
Պերճ պալատներըս ցընդեցին օդում,
Վեհապանծ լեռներն աճյուն կըտրեցին,
Վիշտ ու վերքեր են սիրտըս կեղեքում,
Ու թույլ արցունքներ աչքերիս միջին...
Մեռավ իմ մուսան... սակավ ժամանակ
Նա լուսավորեց օրերըս մենակ.
Ծաղկունքըս ընկան, հուրերըս հանգան,
Խավարչտի՛ն գիշեր, ինչպես գերեզման...

Следующая страница