Թումանյան Հովհաննես՝   Բանաստեղծություններ, քառյակներ, թարգմանություններ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 Следующая Конец

Հ. Հայնե

ԹԱՓԱՌԻ՜Ր

Երբ որ կինը քեզ կըթողնի,
Շուտով մյուսին դու սիրիր...
Բայց ավելի լավ կըլինի,
Մախաղն ուսիդ թափառիր:

Կըհանդիպես կապույտ լճի,
Վերան ծառեր են թեքվել...
Կարող ես քո հոգուդ միջի
Վիշտը այնտեղ դու թափել:

Կըբարձրանաս սեպ-սեպ լեռներ
Հառաչելով ծերի պես,
Բայց երբ հասնես գագաթն ի վեր,
Արծըվի ձայն կըլսես:

Դու էլ իսկույն, արծիվ կտրած,
Կըզգասհզոր ես դարձել,
Որ ազատ ես, և այնտեղցած
Շատ քիչ բան ես կորցըրել:

1899

Ա. Պուշկին

ՋՐԱՀԵՂՁԸ

Ներս վազեցին մանուկները
Ու կանչում են հորն ըշտապ.
Ա՜պի,ա՜պիի, ե՜կ, մեր թոռը
Մեռել հանեց գետի ափ:
Սուտ եք ասում, շա՜ն լակոտներ,
Գոռաց հայրը ահաբեկ.
Ըսպասեցեք դուք հալա դեռ,
Մեռելն հետո կըտեսնեք:

Դիվան կըգապատասխան տո՜ւր,
Ցավի միջում կըմընամ. —
Հընար չըկա, բե՜ր, ա՜յ կընիկ,
Շորերըս տուր, մի գընամ:
Ո՞ւր է մեռելն. — Ա՛յ, ապ՛ի, ա՛յ:
Ճիշտ որ գետի եզերքին,
Թաց թոռի մոտ, գետնի վըրա
Տարածված էր մի մարմին:

Զարհուրելի դիակն ուռել,
Կապըտել էր այլանդակ:
Արդյոք տանջված մի թշվա՞ռ էր
Հանգիստ գըտած ջըրի տակ,
Մի գետակուր ձըկնո՞րս էր էն,
Թե՞ գինեմոլ մի ջահել,
Թե՞ անըզգույշ վաճառական
Հարամու էր պատահել...

Ընչի՞ն է պետք: Աչք ածելով
Ըշտապում է գյուղացին,
Ոտից բըռնած, ետ քարշ տալով
Ջուրն է տանում խեղդվածին:
Ու թիակով գետի եզրից
Ջուրը հըրեց նա նըրան,
Ու դիակը գընաց՝ նորից
Փընտրի խաչ ու գերեզման:

Մեռելն երկար ջըրի միջին
Ցած էր իջնում ճոճելով,
Աչքով ճամփեց մեր գյուղացին
Ու տուն դարձավ կանչելով.
Դեսը կորե՜ք, ա՜յ լակոտներ,
Եկե՜ք, բան տամ ձեզտանեմ,
Ամա թե որ ձեն եք հանել,
Հոգիներըդ կըհանեմ:

Գիշերն ուժգին բուք վեր կացավ,
Գետն ելնում է, որոտում...
Մարխը արդեն էրվեց, հանգավ
Լուռ ու ծըխոտ խըրճիթում:
Ողջ քընած են: Անքուն պառկած
Միտք է անում գյուղացին...
Բուքն ոռնում է... մին էլ հանկարծ
Լուսամուտը բախեցին...

Ո՞վ ես: — Ներս թո՜ղ, ա՜յ տանտեր, նե՜րս...
Այ, ներս ու քեզ չոռ ու ցավ.
Ի՞նչ ես շըրջում Կայենի պես,
Ո՞ր սատանեն քեզ բերավ:
Ի՞նչ անեմ քեզ, ասա, հիմի.
Տեղըս նեղ է, տունը մութ:
Ու ծույլ ձեռքով, տըրտընջալով՝
Բաց է անում լուսամուտ:

Ցոլում է լույսն ամպի տակից.
Ահա՛ կանգնած... մի մերկ մարդ.
Ջուր է հոսում նրա միրքից,
Բաց են աչքերն ու անթարթ:
Կախ են ընկած բազուկները,
Ողջ կարկամած սոսկալի,
Ուռած մարմնին քառչանգները
Կըպած՝ սևին են տալի...

Ահից մարեց՝ ճանաչելով
Իր մերկ հյուրին նա հանկարծ.
Փեղկը խփեց ու դողալով՝
Ա՜յ դու ճաքե՜ս, քըրթմընջաց:
Ամբոխվեցին մըտքերը մութ.
Մինչև լույսը նա դողում,
Մինչև լույսը լուսամուտը
Բախում էին ու բախում...

Ամբոխն ահեղ զըրույց ունի,
Թե այս դեպքից գյուղացին
Ըսպասում է ամեն տարի
Միշտ նույն օրը խեղդվածին:
Խառնվում է օրն առավոտից,
Գիշեր գալի բուք ու մութ,
Ու խեղդվածը ամբողջ գիշեր
Բախում դուռն ու լուսամուտ:

Ա. Պուշկին

ՕԼԵԳԻ ԵՐԳԸ

Ելնում է ահա հըզոր Օլեգը
Խենթ խազարներից վըրեժ առնելու,
Նըրանց համարձակ հարձակման համար
Գյուղերը սըրի-հըրի մատնելու:
Եվ իր համհարզով, հագած կուռ զրահ,
Գընում է նա սեգ նըժույգի վըրա:

Մըթին անտառից նրա հանդիման
Գալիս է ահա վըհուկ ծերունին,
Մութ գալիքների մեկնիչն ու հըման,
Կյանքում հընազանդ միայն Պերունին,
Աղոթք ու հմայքով ողջ դար անցկացրած:
Եվ Օլեգ ծերին ընդառաջ գընաց:

Ասա՜ ինձ, գուշա՜կ, ծերդ անմահների,
Կյանքիս մեջ ինձ հետ ի՞նչ է լինելու,
Եվ, ի խընդություն չար ոսոխների,
Շուտո՞վ եմ արդյոք շիրիմ իջնելու:
Բաց մեկնիր բոլորն, ինձնից չըքաշվես,
Վարձըդ՝ քու սիրած ձին կըտամ ես քեզ:

Չեն վախում գետերն երկրի մեծերից,
Եվ պետք չի նըրանց պարգևն իշխանի,
Նըրանց իմաստուն լեզուն՝ վերևից
Ազդված՝ խոսում է կամքը երկընքի. —
Անհայտ են գալոց տարիքն ու մըթին,
Բայց կարդամ եմ գիրդ ես քու ճակատին:

Դե՜ միտքըդ պահիր իմ խոսքն այսօրից:
Փառքն է կյանքի մեջ խընդում հերոսին.
Հաղթության փառքով հըռչակված ես դու,
Վահանդ՝ Բյուզանդիո բարձր դարբասին:
Հընազանդ են քեզ և՜ ցամաք, և՜ ծով,
Նայում է ոսոխդ բախտիդ նախանձով:

Ե՜վ կապույտ ծովի հեղհեղուկ ալիք,
Ահեղ փոթորկի ժամին կատաղի,
Ե՜վ նետ, և՜ պարսետ, և՜ նենգող դաշույն,
Խընայում են միշտ կյանքը հաղթողի:
Վերք չես առնիլ դու քո կուռ զըրահում,
Հըզորին անտես ոգի է պահում:
Ոչ մի վըտանգից չի վախում քո ձին,
Տիրոջ կամքը միշտ հասկանում է դա.
Մերթ կանգնում է հեզ՝ նետերի տակին,
Մերթ թըռչում ռազմի դաշտերի վըրա.
Ե՜վ ցուրտ, և՜ կռիվ ոչինչ են դըրան,
Բայց... դա կլինի պատճառ քու մահվան:

Օլեգը խնդաց. և սակայն մըթնեց,
Մըռայլեց հանկարծ չարագույժ մըտքից.
Լուռ ու մըտախոհ՝ թամբիցը բըռնեց,
Ներքև է իջնում սիրած նըժայգից,
Ու վերջին անգամ իր հին ընկերին
Փայփայում, շոյում, փարում է վըզին:

Դե՜հ, մընաս բարյավ, վաղեմի ընկեր.
Ժամանակն եկավ մեր բաժանվելու.
Հանգիստ կաց հիմա, էլ ոտըս բընավ
Քու ասպանդակի մեջ չեմ դընելու:
Դե՜հ, գընա՜, բայց միշտ հիշիր Օլեգին:
Է՛յ, մանկլավիկնե՜ր, հեռու տարեք ձին:

Ծածկեցե՜ք սըրան թավարծի գորգով,
Սանձիցը բըռնած մարգերըս տարեք,
Լողացրե՜ք, պահեք ընտրած հատիկով,
Աղբյուրի վըճիտ ջըրով ջըրեցեք:
Եվ մանկլավիկներն իսկույն ձին տարան,
Մի ուրիշ նոր ձի մոտ բերին նըրան:

Ցընծում է խմբով անմահ Օլեգը
Զըվարթ ձայներով լիք բաժակների,
Ճերմակ է նըրանց գըլխի ալիքը,
Ինչպես վաղորղյան ձյունը լեռների...
Հիշում են նըրանք օրերն անցկացրած
Եվ կըռիվները միասին վարած:

Բայց իմ ընկերը, գոչեց Օլեգը.
Ո՞ւր է, ինձ ասեք, սիգապանծ իմ ձին.
Առո՞ղջ է արդյոք, այնպես սրընթաց,
Այնպես կըրակոտ, աշխույժ տակավին...
Եվ լըսում է, որ սեպ բըլրի վըրա
Մահու սև քընով վաղ է քնել նա:

Խոնարհեց գըլուխն Օլեգը հըզոր,
Եվ միտք է անում. — Ի՞նչ եղավ հըման.
Սրտախոս կախա՜րդ, անխե՜լք ալևոր,
Թե չէի լսել ես քու սըտության,
Կարեի մինչ օրս իմ ձին ես հեծնել:
Եվ ձիու ոսկերքն ուզում է տեսնել:

Գընում է Օլեգն ահա պալատից,
Նըրա հետ Իգորն և հյուրերը հին.
Տեսնում են ձիու ոսկերքը թափված
Բըլուրի վըրա, Դընեպրի ափին:
Փոշին ծածկում է, անձրևն ողողում,
Ու սեզը վըրեն քամին օրորում:

Ոտն զգույշ դըրավ իշխանը գանգին
Ու կանչեց. — քընիր, միայնակ ընկեր,
Քեզնից շատ ապրեց քու տերն ալևոր.
Թարմ շիրմիս վըրա դու չես մահաբեր
Տապարի տակին սեզը ներկելու,
Քու տաք արյունով աճյունս հարգելու...

Ահա՛ թե ուր էր օրհասըս պահված.
Այս չոր ոսկո՛րն էր ինձ մահ սպառնում:
Այնինչ՝ անկենդան գանգիցը հանկարծ
Ֆըշշալով սողաց մի օձ չարաթույն,
Սև թոկի նըման փաթաթվեց ոտքին,
Իշխանն օձահար գոռաց ցավագին:

Փըրփրուն թասերը շըրջան են առնում
Օլեգի մահվան տըխուր հարկինքին,
Իգորն ու Օլգան բըլուրի վըրա,
Նըստած է խումբը Դընեպրի ափին
Հիշում են քաջերն օրերն անցկացրած
Եվ կռիվները միասին վարած:

Ա. Կայլցով

ԳԵՂՋՈԻԿԻ
ՄՏԱԾՄՈԻՆՔԸ

Նըստել եմ շըվար
Ու միտք եմ անում,
Թե ինչպես մենակ
Ապրեմ աշխարհում:
Ոչ ջահիլ կընիկ
Ունեմ իմ կողքին,
Ոչ թև ու թիկունք
Մըտերիմ ընկեր,
Ոչ մի տաք անկյուն,
Ոչ արծաթ ոսկի,
Ոչ սարքած գութան,
Ոչ նըժույգ մի ձի...
Պակաս օրի հետ
Միմիայն մի գանձ՝
Քարի նըման ուժ
Տըվավ ինձ ներըս.
Բայց, ա՛խ, հենց էն էլ
Օտար դըռներում
Կերան, մաշեցին
Դարդ ու ցավերըս...
Նըստել եմ շըվար
Ու միտք եմ անում,
Թե ի՛նչպես մենակ
Ապրեմ աշխարհում...

Սեպտեմբեր

Ա. Միցկևիչ

ԱՔԵՐՄԱՆԻ ԴԱՇՏԵՐՈԻՄ

Լողում եմ գարնան դալարի ծովում:
Մըթնում է օրը... ոչ ձայն, ոչ շըշուկ:
Ես լսում եմ օձն ինչպես է սողում,
Թիթեռը խոտում շարժվում կամացուկ...
Այնպե՛ս հանգիստ է. կարող էի ես
Լըսել ըղձալի կանչը Լիտվայից...
Բայց... հառա՛ջ... այնտեղ հանգիստ է նույնպես...
Ձայն չէ տալիս ինձ ոչ ոք այնտեղից...

1900

Հիմենս

ՀԻՎԱՆԴ ԵՄ, ՄԱՅՐԻ՜Կ

Հիվանդ եմ, մայրի՜կ, նանիկ ասա ինձ,
Որ ասում էիր երբեմն օրրանում,
Իմ մաշված կըրծքին խաչ քաշիր նորից
Ու նանիկ ասա, քունըս չի տանում:

Թող վայր դընեմ ես գըլուխս հոգնած.
Գիշեր է արդեն, ծաղիկը հանգչում,
Վաղուց է անտուն պանդուխտն էլ քընած,
Մենակ քու հիվանդ զավակն է տանջվում:

Քո հեգ թըռչնակը վախցած է բուքից...
Ա՜խ, ես դեռ մանկուց շատ ցավեր տեսա,
Քունն էլ, հանգիստն էլ փախան իմ աչքից...
Մայրի՜կ ջան, մայրի՜կ, ինձ նանիկ ասա...


1902

Ֆ. Շիլլեր

ԱՆՋՈԻԿ

Ա՛խ, վայրենի, սառն ու խավար,
Այս հովիտի խորքերից
Թե գըտնե՜ի մի ճանապարհ
Ու ապրե՜ի ես նորից...

Ահա հեռվում ճոխ բըլուրներ
Մըշտագարուն, ծաղկազարդ:
Ինչո՞ւ, ինչո՞ւ չունեմ թևեր,
Այնտեղ թըռչեմ ես ազատ:

Քընարն այնտեղ ուրախ հընչում,
Էպոսում է ձայնն երկնքի,
Զեփյուռները մեղմով շընչում,
Բույր են խընկում գարունքի:

Պերճ սաղարթում շողշողում են
Պըտուղները ոսկեվառ,
Չըկան այնտեղ բուք ու ձըմեռ,
Ու ծաղկունքը միշտ դալար:

Ա՜խ, ի՜նչ լավն է՝ այն անխըռով,
Ջինջ օրերի լուսի մեջ,
Այն անթառամ ծաղնանց բույրով
Հարբել անվե՜րջ ա անվե՜րջ...

Ա. Պուշկին

Ատում եմ քեզ և քո գահը,
Միահեծան գոռոզ ցար,
Եվ քո ոոդոց ու քո մահը
Պիտի տեսնեմ անպատճառ:

Մայիսի 1.

1903

Լոնգֆելլո

ՄԱՆՈԻԿՆԵՐԻՆ

Եկե՜ք, սիրուն իմ մանուկներ,
Վազե՜ք, եկեք շուտ ինձ մոտ,
Վիշտ ու կասկած դուրս վանեցեք
Իմ ծեր լանջից հիվանդոտ:

Ձեր սըրտերում՝ շող ու թըռչուն,
Ձեր մըտքերում՝ վըտակներ,
Ինձ տիրում է արդեն աշուն,
Շուտով կըգա և ձըմեռ:

Տաղ կանչեցեք, սիրունիկնե՜րս,
Են տաղերը խընդագին,
Որ թըռչուններն երգում են ձեզ
Գարնան պայծառ օրերին:

Ոչինչ բան է խելքը մարդի,
Եվ դատարկ է, և չընչին՝
Ձեր մանկական անմեղ շուրթի
ժըպիտների առաջին:

Ձեզանից լավ՝ երգ չի տեսել
Գարնան օրը ոսկեփայլ,
Դուք եք երգն էլ, խաղն էլ, լույսն էլ,
Ու առանց ձեզ՝ ողջ մըռայլ:

Ամմար

Կուզեի հալվել, ճողվել իմ երգին
Ու այս տողերում թաքնվել ծածուկ,
Որ երբ կարդայիր մի օր, իմ անգի՜ն,
Կարող լինեի անտե՜ս, կամացո՜ւկ,
Ամեն հընչյունի, ամեն խոսքի մեջ
Դիպչել շուրթերիդ, համբուրել անվե՜րջ...

1906

Մ. Գորկի

ՎԱԼԱԽԱԿԱՆ ԼԵԳԵՆԴ

Դունայի ափին ապրում էր Փերին:
Հաճախ գետի մեջ լողանում էր նա:
Մի օր էլ անփույթ, անզգույշ Փերին
Ընկավ ձկնորսի ուռկանը ահա:
Սաստիկ վախեցան ձկնորսները խեղճ...
Նրանց հետ էր բայց Մարկո պատանին,
Գեղեցիկ Փերուն սեղմեց գըրկի մեջ,
Ու համբուրում էր, գըգվում սիրունին:
Փերին, մի ճըկուն ոստիկի նըման,
Խայտում էր գըրկում, ոլորվում, խաղում,
Մըտիկ էր տալի տըղի աչքերին
Ու մըտքի միջին բարակ ծիծաղում...
Փայփայեց Փերին տըղին ամբողջ օր,
Բայց հենց գիշերը հասավ մըթագին,
Հանկարծ չըքացավ, կորավ նորից նոր,
Ու սաստիկ տըխրեց Մարկոյի հոգին:
Գիշեր ու ցերեկ գետի ափերին
Շըրջում է Մարկոն, հոգոց է հանում,
Փնտրում է, կանչում. «Ո՞ւր է իմ Փերին...»
Կրկչում են ալիք — «Մենք չենք իմանում»:
Օ՜, սառն ալիքներ, դուք խաբում եք ինձ,
Ինքներդ եք խաղում նրա հետ թաքուն.
Ճըչաց պատանին ու թըռավ ափից,
Թըռավ՝ գետի մեջ գըտնի իր Փերուն...
Դունայի ափին տարում է Փերին
Ու, ինչպես առաջ, այժմ էլ լողանում,
Իսկ Մարկոն չըկա... Բայց նըրա մասին...
Բայց նըրա մասին գեթ երգ է մընում:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Իսկ դուք ապրում եք աշխարհքի վրա
Ինչպես կույր, անսիրտ, չընչին սողուններ.
Ոչ ձեզնից հետո զըրույց կը մընա,
Եվ ոչ ձեր մասին երգ կասեն տնմեռ:

1907

Ի. Ճավճավաձե

ԷԼԵԳԻԱ

Լուսինն աղոտ լույս է փըռում
Իմ աշխարհին մայրենի,
Կուլ է գընում կապույտ հեռվում
Ճերմակ շարքը լեռների:

Ձեն չի գալիս ոչ մի կողմից,
Վրաստանը մութն ու լուռ.
Վըրացին է հաղթված քընից,
Տընքում տանջված ու տխուր:

Մենակ եմ ես: Քընած է նա,
Քընած շուրջըս ու հեռու...
Ա՜խ, աստված իմ, քընա՜ծ, քընա՛ծ,
Ե՞րբ է արդյոք զարթնելու...

Ի. Ճավճավաձե

ԳԱՐՈԻՆ

Կանաչ է նորից.
Ծիծաղը երգում,
Վազը հըրճվանքից
Լալիս է այգում:
Հովիտ ու լերինք.
Ծաղկել են պես-պես, —
Իսկ դո՜ւ, հայրենի՜ք,
Ե՞րբ պիտի ծաղկես....

1908

Վ. Գյոթե

ՎԱՐԴԸ

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:

Տղան ասավ. — քեզ կըպոկեմ,
Այ կարմիր վարդ դաշտի միջին:
Վարդը ասավ. — տե՜ս, կըծակեմ,
Որ չըմոռնաս փըշոտ վարդին.
Փըշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քընքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վաըդը դաշտի միջին:

Ֆ. Շիլլեր

ՀՈՎՎԻ ՀՐԱԺԵՇՏԸ

Մնաք բարով, դո՜ւք, արոտնե՜ր սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն:
Մենք ետ կըգանք ձեզ նորեկ գարունքին,
Երբ զարթնեն ուրախ երգերը կըրկին,
Երբ որ սարերը զուքվեն կանաչով,
Երբ որ ջըրերը վազեն կարկաչով:

Մնաք բարով, դո՜ւք, արոտնե՜ր սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն:

190 9

Ա. Պուշկին

ՁՄԵՌՎԱ ԻՐԻԿՈԻՆԸ

Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան.
Մին՝ վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին՝ ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում:

Մեր խըրճիթը, աղքատ ու հին,
Ե՜վ մըթին է, և՜ տըխուր.
Ի՞նչ ես նըստել պատի տակին,
Իմ պառավըս, էդպես լուռ:
Հոգնե՞լ ես դու փոթորիկի
Ոռնոցներից խելագար,
Թե՞ նիրհում ես քո իլիկի
Բըզզոցի տակ միալար:

Արի խըմե՜նք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՜ր,
Սիրտներըս բաց կըլինի:
Երգի՜ր, ո՞նց էր ապրամ խաղաղ
Հավքը ծովի էն ափին,
Երգի՜ր, ո՞նց էր աղջիկը վաղ
Ջուրը գնում մինչ արփին:

Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան:
Արի խմե՜նք, բարի՜ ընկեր
Իմ սև՜, ջահել օրերի,
Խըմենք դարդից. բաժակըդ բե՜ր,
Սիրտներըս բաց կըլինի:

Վ. Գյոթե

Լերանց շարքերը
Նիրհում են մըթնում,
Խաղաղ մարգերը
Մըշուշ է պատում.
Ճամփեն հանդարտվել,
Չի շարժվում քամի,
Ուր որ է՝ դու էլ
Կըքընես հիմի:

Ռյուկկերտ

Մի երգ կա մանկուց, մի երգ կա մանկուց
Դեռ իմ ականջում.
Ա՜խ, ի՜նչքան հիմի, ա՜խ, ի՛նչքան հիմի
Հեռու է հընչում:

Ճախրում էր ծիծառ, ճախրում էր ծիծառ՝
Գարունը բերում,
Աշխարհքը պայծառ, աշխարհքը պայծառ
Ծաղկում էր, բուրում:

Հայրենի դաշտե՜ր, հայրենի դաշտե՜ր,
Ա՜խ, ո՛նց եմ ուզում,
Ձեր գըրկում մին էլ, ձեր գըրկում մին էլ
Թըռչեմ երազում:

Երբ որ հեռացա, երբ որ հեռացա
Լիքն էր ողջ ու շեն,
Երբ որ ետ դարձա, երբ որ ետ դարձա՝
Դատարկ էր արդեն:

Գալու է գարուն, գալու է գարուն
Աշխարհ լըցվելու.
Բայց իմ սիրտն, ավա՜ղ, բայց իմ սիրտն, ավա՛ղ,
Էլ չի բացվելու:

Եվ ոչ մի ծիծառ, և ոչ մի ծիծառ
Չի բերի իր հետ,
Ինչ որ կորցըրի, անդարձ կորցըրի
Անցած երգի հետ:

Կորսակ

Ամբողջ գիշերը խոսեց անդադար
Սոխակն հասմիկի թըփում բուրավետ,
Ու հենց արշալույս բացվեց ոսկեվառ,
Թըռավ առաջին պայծառ շողի հետ:

Ողբում են հակված ճյուղերը թափուր
Անցած-գնացած ժամերն աննըման,
Մով ծաղիկներից թափվում են լուռ-լուռ
Գոհար ցողերըարցունքն անջատման:

Փետրվարի 1.

900-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐ

Ն. Մինսկի

ՍԵՐԵՆԱԴ

Մեր շուրջն ահավոր մըռայլ է ու սև,
Երկընքից կախված կապարի ամպեր.
Լալիս են, հեծծում ծառերն անտերև...
Մի՜ զարթիր, հոգիս, մի՜ զարթիր, ընկե՜ր.
Մի՜ բանար աչերդ ու մի՜ հալածիր
Պայծառ երազի տեսիլն ըղձալի.
Ավա՛ղ, երազներ,
Ուրախ երազներ
Մի գամ են գալի:
Երանի նըրան, որ աշնան ցըրտում
Քընած՝ կերազե արևը գարնան.
Երանի նըրան, որ անձուկ բանտում
Քընած՝ կերազե օրն ազատության:
Վա՜յ զարթածներին. խավարն անթափանց.
Տանջվում են անքուն մըթնում սոսկալի...
Ավա՜ղ, երազներ,
Ուրախ երազներ
Մի գամ են գալի:

ԿՈԻՄԻԿՆԵՐԻ ՈՂԲԸ

Ազատությունը կորցնելու վրա

Գեղը գեղ չի, թե նմանի մեր գեղին,
Ցեղը ցեղ չի, թե նմանի մեր ցեղին.
Աստված էսպես երբ որ պատիժ ուզեց մեզ,
Մեզնից հանեց առաջնորդներ սևերես,
Գնան բերեն օտարներին մեր աշխարհ,
Որ չափեին մեր հանդերը ծաղկավառ,
Մեր հողերի պլանները հանեին,
Մեր սարերում սիպտակ բերդեր շինեին:
Մեր սարերում սիպտակ բերդեր շինեցին,
Մեր հողերի պըլանները հանեցին,
Հիմի բացվեն կոկոնները ծառերի
Պիտի տեսնի նոր գարունը մեզ գերի:

1910

Ա. Պուշկին

ՎԻԼՍՈՆԻ «ԺԱՆՏԱԽՏԻ ՔԱՂԱՔԸ»
ՈՂԲԵՐԳՈԻԹՅՈԻՆԻՑ

Կար ժամանակ, որ ծաղկում էր
Մեր աշխարհքը անխըռով,
Աստծո տաճարն որոտում էր,
Թընդամ էր տոն օրերով:
Աղմըկալի մեր դպրոցում
Երգում մանկունք մեր մատաղ,
Շողում էին լիքը հանդում
Սուր գերանդին ու մանգաղ:

Այժմ թափուր եկեղեցին,
Դպրոցը փակ, խըլացած,
Արտը կըծղած հանդի միջին,
Թավ պուրակը դատարկված.
Ու գյուղն էրված մի տան նըման
Կանգնած ավեր, ամայի,
Ողջ պապանձված, լուռ չի միայն
Դամբարանը ահռելի:

Մեռե՜լ, մեռե՜լ ամեն վայրկյան,
Ու ապրողներն աստըծուն
Աղոթում են միաբերան
Նըրանց հոգուն փըրկաթյուն:
Մեռե՛լ, մեռե՛լ ամեն վայրկյան,
Ու շիրիմներն իրար քով
Սարսափահար հոտի նման
Սեղմըվում են խիտ շարքով:

Գարուն կյանքիս եթե նույնպես
Վիճակված է վաղ շիրիմ,
Ով դո՜ւ, ում որ սիրել եմ ես,
Հոգուս անզույգ մըտերիմ,
Չըմոտենաս իմ շրթունքին
Քո համբույրով կենսաձիր,
Չըմոտենաս իմ դիակին,
Հեռվից հեռու հետևիր...

Ապա ձըգիր դու մեր գյուղը,
Փախիը այլուր, հեռացիր,
Հոգուդ տանջանքն ու երկյուղը
Վանիր էնտեղ ու կացիր:
Ու երբ կանցնեն էս օրերը,
Այց եկ շիրմիս գեթ մի հեղ,
Իսկ ես ոչ քեզ, ոչ քո սերը
Չեմ մոռանա և էնտեղ...

Հ. Հայնե

Հեռո՜ւ, հեռու կըթըռցընեմ
Քեզ իմ երգի թևերին,
Սքանչելի մի տեղ գիտեմ
Ես Գանգեսի ափերին:

Պարտեզն այնտեղ ծաղկում է ճոխ
Լուսնի խաղաղ լույսի տակ,
Իրենց քըրոջն ըսպասում են
Լոտոսները ըսպիտակ:

Մանուշակներն աստղերի դեմ
Աչք են անում ու խընդում,
Իրար հակված թոթովում են
Վարդերն անուշ հեքիաթում:

Վիթերն երկչոտ ցատքըտում են,
Խըրտնած պըշնում իրարու.
Գանգեսը լա՛յն, հանդիսավոր,
Հոսում հանդարտ ու հեռու:

Այնտեղ պիտի անհոգ պառկենք
Արմավենու ըստվերում,
Սեր վայելենք, սուզվե՜նք, ապրե՜նք
Երազների աշխարհում:

Ալֆրեդ դը Մյուսն

ԼՅՈԻՍԻՆ

Իմ սիրելիք, երբ կըմեռնեմ,
Շիրմիս տընկեք լացող ուռի,
Նըրա դալուկն ես կըսիրեմ,
Ու սաղարթը թախիծով լի:
Նրա շուքը թեթև կըգա
Իմ հանգստյան հողի վըրա:
Մի երեկո մենակ էինք: Նստած էի իր կողքին:
Նա, գլուխը թեքած դեպ ինձ ու անձնատուր ցընորքին,
Սահեցնում էր դաշնամուրին թաթը ճերմակ, ձյունի պես.
Թևի փափուկ հարված էր էն, հովի շըշուկ էր, ասես,
Որ վախում է՝ չըզարթեցնի անուշ քընած հավքերին,
Ու անցնում է՝ եղեգնուտով թեթևասահ ու լըռին:
Մելամաղձոտ գիշեըների տաք հեշտանքներ ու տենչեր
Ելնում էին ծաղիկների բաժակներից դեպի վեր.
Շագանակի պուրակները ու կաղնիներն ալևոր
Թախծում էին գլուխները տատանելով մեղմօրոր:
Լըսում էինք մենք գիշերին: Պատուհանը կիսաբաց.
Ներս էր հոսում զով գիշերը գարնան բույրով արբեցած:
Դաշտն ամայի, դուրսը հանդարտ, հանդարտ էնքա՜ն ու էնքա՜ն
Ու մենք մենակ, մենք մտածկոտ, մենք տասնուհինգ տարեկան...
Նայում էի ես Լյուսին: Նա գունատ էր ու դալուկ:
Աչքերն երբեք ոչ մի անգամ էնքան անուշ, գեղաշուք
Չեն ցոլացրած ջինջ երկընքի լազուրն իրենց խորքերում:
Հարբած էի ես նըրանով, նըրան էի ես սիրում:
Եվ էնքա՜ն էր նա ամոթխած, էնքա՜ն մաքուր, էնքա՛ն հեզ,
Որ թրվում էր՝ եղբոր նըման էի սիրում նըրան ես:
Մենք լուռ էինք: Իմ ձեռքը նա պահած իրեն ձեռքերում.
Ու գեղանի իր ճակատը մըռայլում էր, ցընորում:
Ու ես էն ժամ զգում էիի՜նչ թովիչ է ու կարող
Թարմ ու չքնաղ ջահելությա՛ն հրապույրը մեզ գերող:
Լուսինն ելավ ջինջ երկընքում. լուսնի դալուկ լուսի տակ
Ժըպտաց նա ինձ, ապա երգեց, որպես տխուր մի հրեշտակ:
Մենք մեն-մենա՜կ, մենք մտածկոտ, ես ակնապիշ Լյուսիին...
Նա երգում էր դողդոջելով՝ տրտում հենված իմ ուսին:
Խե՜ղճ երեխա. լալիս էիր: Քնքուշ, մատաղ քո հոգում
Գուցե անբախտ Դեզդեմոնի կըսկիծն էիր դու զգում...
Համբուրեցի ես խոնարհած քո գլուխը հուսահատ...
Երբ մյուս անգամ համբուրեցիդու սառն էիր ու գունատ...
Սառն ու գունատ դրած էիր մահվան տխուր դագաղում...
Էսպես անցա՜ր, քնքուշ ծաղիկ, անցա՜ր կորար սև հողում:
Իմ սիրելիք, երբ կըմեռնեմ,
Շիրմիս տընկեք լացող ուռի,
Նըրա դալուկն ես կըսիրեմ,
Ու սաղարթը թախիծով լի.
Գերեզմանիս հողի վըրա
Թեթև կըգա շուքը նըրա:

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐՈՎ

Գիշեր է խոր:
Մենակ բոլոր
Լուսնյակը չի դեռ քընած.
Հետը գընում, հետը ցած
Նա տեսնում է մութ ծըմակ,
Մութ ծըմակում, կոճղի տակ,
Չոր տերևը ժաժ տալի
Սունկն աշխարհք է դուրս գալի:

Թերուվալլուվա

ՊԱՐԻԱՅԻ ԵՐԳԸ

Մեր ինչի՞ն է պետք, թե արևն անմահ
Անդըրաստեղյան լազուր աշխարհում
Առնում է շրջանն իր հավերժական,
Թե ցած է հոսում ճոխ ալիքներով
Իր ակնախըտիղ շողերն անարատ:
Երկի՛նք ու երկիր, մե՜զ մըտիկ արեք,
Ի՛նչ ենք մենք...

Մեր ինչի՞ն է պետքկինը նորատի
Ըստանում է թանկ իրեն ամուսնուց
Քընքուշ գրավը տարփալի սիրո.
Սեր ու զավակներ ո՛վ է տվել մեզ...
Երկի՛նք ու երեիր, մե՜զ մտին, արեք,
Ի՛նչ ենք մենք...

Մեր ինչի՞ն է պետք, թե ամենազոր
Կա աստվածային սուրբ երրորդություն
Եվ արարչական, և միշտ պահպանող,
Եվ միշտ նորոգող համայն աշխարհի
Չի փայլում, ավա՛ղ, նրանց փառքը մեզ:
Երկի՛նք ու երկիր, մե՜զ մըտիկ արեք,
Ի՛նչ ենք մենք...

Մեր ինչի՞ն է պետք, թե հաշտ ու զոհի
Ծուխն ու ճենճերը երկինք է ելնում,
Թե ծիլ ու ծաղիկ գետինն են ծածկում,
Թե բար ու պտուղ ծառերն են զուքում,
Եվ կամ սրբազան ջուրը Գանգեսի
Թավալում է պարզ խաղաղ հովիտում:
Երկի՛նք ու երկիր, մե՜զ մըտիկ արեք,
Ի՛նչ ենք մենք...

Քե՛զ, անմահ Ինդրա, ո՛վ աչքի խընդում,
Ամենքից պաշտված դու գանձ երկնային,
Չենք կարող, աստվա՜ծ, մենք քեզ աղոթել,
Որ մեր խորհրդով չանարգենք բնավ
Քո աստվածային լըսելիքը սուրբ:
Երկի՛նք ու երկիր, մե՜զ մըտիկ արեք,
Ի՛նչ ենք մենք...

Իզուր մերժեցի ես մահը դաժան
Եվ անտառների խորքերումը խուլ
Սրբազան հեղումն արի լիասիրտ,
Որ աստվածների սըրտերը մեղմեմ,
Ո՛հ, նրանք փախան իմ մոտենալիս:
Երկի՛նք ու երկիր, մե՜զ մըտիկ արեք,
Ի՛նչ ենք մենք....

Ո՞ւր են ակները էն պարզ ջրերի,
Ուր մեր ծարավը կոտրել կարենանք,
Լոկ անասունի ոտքի տեղերի
Հոտած ջուրն է մեր ըմպելին միակ:
Երկի՛նք ու երկիր, մե՜զ մըտիկ արեք,
Ի՛նչ ենք մենք...

Ո՞ւր են դաշտերը, ուր որ մեզ համար
Աճում են բրինձն ու այլ բարիքներ.
Չըկա աշխարհքում ցորնի մի ցողուն
Մի խոտ, մի ծաղիկ, որ մեզ պատկաներ:
Երկի՛նք ու երկիր, մե՜զ մըտիկ արեք,
Ի՛նչ ենք մենք...

Երբ հովիտներից ստվերը ծնում,
Վե՛ր, անտառների բարձունքն է ելնում,
Երբ հովիվն երգով թողնում է հանդը,
Աղջիկը տանը ընթրիք պատրաստում,
Երբ շանն են տալի թերմացքն իրիկվան
Ի՞նչ ուտի արդյոք և ո՛ւր էն ժամին,
Ո՛ւր գնա պարիան, ո՛ւր հանգստանա...
Երկի՛նք ու երկիր, մե՜զ մըտիկ արեք,
Ի՛նչ ենք մենք...

1911

Թովմաս Հուդ

ՓՈԹՈՐԻԿ

Ծովը խառնըված,
Շանթ, հողմ ու կարկուտ.
Երկինքը բըռնած
Մեգ, մըռայլ ու մութ:

Խըռոված տարերք
Իրար են եկել,
Երկինք ու եզերք
Փակել, մթագնել:

Ծովի ահագին
Խորքերն հիմն ի վեր,
Ավազն ալիքին
Խառող դուք ուժեր, —

Ի՞նչ եք շըպըրտում
Ցայտերն ամպերին,
Ի՞նչ եք ըսպառնում
Ձըկնորսի նավին:

Կըռվում տըրորված,
Դալկացած հեգին
Մի՜ տաք փըրփըրած
Ջրի հորձանքին:

Կայծակի փայլով
Թողեք խեղճ մարդուն,
Թողեք ապահով
Հասնի իրեն տուն:

Էնտեղ ձեռները
Մեկնած երկնքին`
Մընում են փոքրերն
Իրենց հայրիկին:

Կինն էնտեղ լալով
Աղոթք է անում...
Ի՞նչ եք աղքատի
Նավին ըսպառնում:

Օ՛, հասի՜ր շուտով,
Աստված բարերար,
Հուզված է ծովը,
Երկինքը՝ խավար...

1921

Ալ. Բլոկ

ԾՈՎԻ ԵՐԳԸ

Ծովն ինձ նըշանի մատանի բերեց,
Ծովն իմ արևառ երեսն համբուրեց:

Հարսնևորվեց խռովքը ծովի,
Անհարսնացու խորքը ծովի:

Կյանքն անհատ է նըրա հետ,
Մահը անհայտ՝ նըրա հետ,
Պաղ ու ազատ նա հավետ:

Ու ճեմում ենք բացերն անցած, —
Կապույտ ջըրե՛ր, վարդ լուսաբաց...

Շընչի՜ր, աղի ու կատաղի դու քամի,
Հերքը խըռիվ, երգը ցըրիվ տուր, քամի՜,
Իրար խառնիր, քըշիր նավ ու ջուր, քամի՜:

Սեպտեմբերի 8.

1922

Խաքանի

Անցա՝ քարը սըրտիս վրա՝ ջըրի պես.
Մենակ տատասկ ու փուշ տարա՝ ջըրի պես.
Իմ աշխարհքում հանգիստ չառա՝ ջըրի պես,
Ու գընացի, ետ չըդառա՝ ջըրի պես:

Ծուխըդ կելնի պատուհանից երբևէ1.
Հավքըդ կերթա իրեն բընից երբևէ2.
Թեկուզ մի դար ապրես սըրտով մըտերմիդ,
Չարի սըրտով կելնես տանից երբևէ3:

Ասում են՝ թե հազար տարին մի անգամ
Մի փըրկիչ է աշխարհ գալիս, — մի պատգամ.
Մին, երբ եկավ, ծընված չէինք մենք մորից,
Մին էլ, երբ գա, մեռած կըլնենք ցավերից:

* * *

Ե՜կ, Խաքլանի՜, ու հեռացիր էս չարության զընդանից,
Շեն ու շենսիրտ, անցի՜ր, գնա ցավ ու հոգսի էս տանից.
Կյանք ես առել երկընքիցը, դա շըղթա է դառել քեզ,
Ետ տուր իրեն տըված կյանքը, թըռիր ազատ ամենից:

Նա որ գընաց՝ սիրտս էլ գընաց ու ետ չեկավ իր մոտից,
Աչքըս ճամփին ու ականջըս միշտ դըռանն է կարոտից.
Աչքս է դառնում մին ականջիս, թե լուր չունե՞ս էն օրից,
Մին ականջս է դիմում աչքիս, թե չե՞ս տեսել դու նորից...

Հոգուդ հավքը հանկարծ թըռավ՝ ի՞նչ ես դու.
Ճամփիդ կիսում ձիդ որ կորավ՝ ի՞նչ ես դու.
Եթե մարդ եսկյանքը փոխ է տըված քեզ,
Փոխ տըվողը որ ետ տարավ՝ ի՞նչ ես դու:

Հուլիս

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 Следующая Конец