Թումանյան Հովհաննես՝   Պատմվածքներ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 Следующая Конец

Ասորական ու բաբելական պալատների վրա քանդակած են ասորական ու բաբելական թագավորները իրենց որսի շների հետ:

Նրանից էլ դենը, Քրիստոսից հինգ հազար տարի առաջ` Եգիպտական հին հիշատակարանների վրա զանազան տեսակի շների պատկերներ կան փորագրած:

Նրանից էլ դենը գնանք, նախապատմական ժամանակների քարե շրջանի մարդկային բնակարանների շուրջը գտնված մնացորդների մեջ շան ոսկորներ են գտնվում:

Նրանից էլ ավելի խորը գնանք, արդեն մարդը ինքը վայրենի է: Ճշմարիտ է, էսօր էլ կան աշխարհքի զանազան մասերում վայրենի ցեղեր, բայց մի ժամանակ, շատ հազար տարի առաջ, մարդը վայրենի է եղել ամեն տեղ:

Նայած թե որտեղ է գտնվել վայրենի մարդը` բաց լեռներում, թե խոր անտառներում, գետափերին ու ծովափերին, թե լերկ, ընդարձակ տափաստաններում, ամեն տեղ էլ հարմարվել է իրեն շրջապատող պայմաններին: Կերել է ինչ որ կարողացել է ճանկել` վայրենի պտուղներ ու բույսեր, սերմահատիկներ ու արմտիքներ, կամ թե չէ` քարով կամ նիզակով որս է արել, հում որսի միս է կերել: Բայց երաշտ կա, ցուրտ կա, կարկուտ կա, մորեխ կա, պատահում է, որ բուսեղենն ու պտուղը փչանում են. վերջապես ձմեռ կա, ձմեռը հո արդեն վերջանում են: Կենդանի որսալն էլ հեշտ բան չի, որսը ամեն անգամ ձեռ չի ընկնում: Եվ ահա հայտնվում է սովը: Իսկ մենք լավ ենք իմանում ինչ բան է սովը: Սովը մեր լուսավոր դարում և ամենաքաղաքակիրթ երկրներում էլ ստիպում է մարդուն ուտել ամեն բան, մինչև անգամ մարդու միս ուտել, նույնիսկ իրեն մոտիկների միսն ուտել: Հենց մեր մոտիկ ժամանակներում ամեն մի ժողովրդի պատմության մեջ էդ տեսակ դեպքեր շատ են եղել: Եվ եթե մեր ժամանակներում լուսավոր ժողովուրդների մեջ մարդը կարող է մարդ ուտի, էն խոր ու խավար ժամանակներում հո կուտեր ու կուտեր: Եվ էն ժամանակները մարդակերությունը ընդունված սովորություն էր: Մարդը ինչպես գնում էր մի որևէ կենդանի որսալու, որ բերի ուտի, էնպես էլ գնում էր մարդ որսում բերում ուտում, կամ մարդազոհ էր անում, մատաղ էր անում իր կուռքի առջև: Մի խոսքով, ճիշտ էնպես, ինչպես էսօր մեզանում սովորություն է` անասունի միս ենք ուտում կամ անասունը մատաղ ենք անում մեր խաչերի ու սուրբերի առջև:

Էսպես էլ մարդակերության սովորությունը շարունակվեց երկար ժամանակ, մինչև որ մարդը ընկերացավ շան հետ: Շան հետ ընկերանալով` մարդը նրա հետ միասին որս էր անում, էնպես, ինչպես էսօր էլ երկու գիշատիչ գազան իրար երբեմն օգնում են մի որևէ կենդանու բռնելու կամ ժայռից գցելու, բայց գլխավորը որսը չէր: Գլխավորն էն է, որ շանը ձեռնասուն անելուց, տանու անելուց հետո, գամփռ ունենալուց հետո, մարդը կարողացավ հոտ ու նախիր կազմել: Հոտ ու նախիր կազմելուց հետո ունեցավ և՜ պատրաստի միս, և՜ կաթնեղեն, և՜ հագուստի ու այլ գործվածքների համար բուրդ ու կաշի, ապա թե վար ու ցանք անելու, ծանրություններ տեղափոխելու լծկան: Նրանից հետո էլ կարողացավ ապահով ապրուստ ունենալ, հանգիստ ապրել, պարապել խաշնարածությամբ, երկրագործությամբ, զանազան արհեստներով ու արվեստներով, սկսեց իր շուրջը դիտել, ուսումնասիրել, զարգանալ ու բարձրանալ, ստեղծել գիտություններ ու գրականություններ:

Մին էլ ետ նայեց, տեսավ` վաղուց էր մարդակերության սովորությունը վերացել, էն օրվանից, ինչ օրվանից շան օգնությամբ հոտ էր կազմել ու ստեղծել պատրաստի ապրուստ:

Թե շունն է մարդակերության վերանալու և մարդկային կյանքի զարգացման գլխավոր պատճառը` դրա համար էսօր էլ աշխարհքը լիքն է ապացույցներով: Արևելքն է շան հայրենիքը, արևելքն էլ համարվում է մարդկային ցեղի լուսավորության, քաղաքակրթության հայրենիքը: Եվ արևելքն էլ նրա համար է համարվում լուսավորության ու քաղաքակրթության հայրենիք, որովհետև արևելքի ազգերը անհիշելի ժամանակներից ի վեր շուն են ունեցել, հոտ ու նախիր են կազմել, պարապել են խաշնարածությունով, երկրագործությունով ու արհեստներով ու զարգացել: Եվ հետք ու հիշատակություն չկա, թե արևելքի խաշնարած ժողովուրդների մեջ երբևիցե եղած լինի մարդակերության սովորությունը: Էսպես էլ բոլոր էն երկրներում, որտեղ շունը վաղ է մարդուն ընկերացել, ինչքան էլ թեկուզ աղքատ ու անբերրի երկրներ, լինեն -էն բոլոր տեղերը մարդակերություն չկա: Իսկ, ընդհակառակը, էն երկրներում, որտեղ շուն չկա, ինչքան էլ թեկուզ լիքն ու բարելի երկրներ լինեն, էն երկրներում մինչև էսօր էլ շարունակվում է մարդակերությունը: Օրինակ` հյուսիսային մշտական ձյունի ու սառնամանիքի մեջ ապրող լոպարները (լապլանդացիք), օստյակներն ու սամոյեդները4 չգիտեին, թե ինչ բան է մարդակերությունը, որովհետև շուն են ունեցել, եղջերուների հոտեր են կազմել ու միշտ պատրաստի ապրուստ են ունեցել: Իսկ միջօրեականի կլիմայի տակ գտնվող Բորնեոյի, Ցելեբեսի և Տիմորի կղզիների նման տաք ու բարելի երկրներում, որտեղ շուն չի եղել ու չկա, մնացել են մարդակեր:

Գիտությունը մինչև էսօր դեռ չի կարողացել հաստատ որոշի և շան ծագումը: Ոմանք ասում են տանու շունը առաջ է եկել մի վայրենի տեսակից, որ այժմ անհետացած է, ոմանք ասում են գելից է առաջ եկել, ոմանք ասում են շնագելից (չախկալից), ոմանք էլ` աղվեսից: Գիտնականներ էլ կան, որ ասում են և՛ գելից է առաջ եկել, և՛ շնագելից, և՛ մարդագելից, և՛ աղվեսից, դրա համար էլ շուն կա, որ գելի է նման, շուն կա` շնագելի, շուն կա` մարդագիլի, շուն կա` աղվեսի, և հասցնում են մինչև սկզբնական յոթը տեսակի, որոնք էլ շան անունով ընդհանրապես կոչվում են շան ցեղ:

Ասում են էդ յոթը տեսակից էլ հետո, տարբեր կլիմաների, տարբեր կուլտուրաների ու խառնուրդների ազդեցության տակ առաջ են եկել եղած բազմազան տեսակները, որ հասնում են մինչև իննսունի և ցրված են ամբողջ աշխարհքում, բացի մեծ Անտիլյան կղզիներից (Կուբա, Հայիթի կամ Ս. Դոմինիգը, Յամայկա, Պորտո-Ռիկո և այլն), Մադագասկարից, Նոր Զելանդիայից, Բորնեոյից, Ցելեբեսից, Տիմորից և Ավստրալիայից: Ճշմարիտ է, Ավստրալիայում մի տեսակ շուն կա, որ կոչվում է դինգո, բայց էն էլ տանու չի, վայրենի է:

Ինչպես աշխարհագրական և կլիմայական, էնպես էլ կուլտուրական պայմանները, մարդու պարապմունքն ու ապրելու եղանակը ահագին ազդեցություն են արել շան թե՛ ֆիզիկական կազմվածքի, թե՛ մտավոր ընդունակությունների ու բնավորության վրա: Ժողովրդական առածն ասում է. ապրանքը եթե տիրոջը չգցի, այսինքն տիրոջ նման չլինի-գողանովի է: Եթե էսպես է, ապրանքը տիրոջ նման է լինում, որովհետև նրա հետ ու նրա մոտ է լինում և ամեն կերպ ազդվում է նրանից, էն ժամանակ շունը հո էն ապրանքն է, որ բոլոր ապրանքներից ամենից շատ է լինում իր տիրոջ հետ ու մոտ: Եվ որովհետև, ապրանքներից կամ անասուններից գրեթե ամենից ընդունակն է, կամ ինչպես ժողովուրդն է ասում, իմաստուն կենդանի է, միշտ ազդվում է, կրթվում է, սովորում է և յուրացնում է իր տիրոջ բնավորության առանձնահատկությունները: Առանց մանրամասնությունների մեջ մտնելու` նկատված է ընդհանրապես, որ գյուղացու շունը կոպիտ ու անճոռնի է լինում, բայց հավատարիմ. հովվի գամփռը ժիր ու մտացի է լինում, որսկանի շունը ճարպիկ ու հնարագետ. անբան, պարապ-սարապ պարոնի շունը` ծույլ ու քմապաշտ և գյուղացու անկիրթ շանից էլ ավելի կոպիտ. փակ, անհյուրասեր մարդու շունը` տխուր ու մռայլ:

Մեր հովիվների մեջ սովորություն է հաճախ իրենց հոտը թողնել շների հսկողությանը: Ամեն մի հովիվ հաստատ գիտի, որ իր շունը միանգամայն կփոխարինի իրեն: Պատահում է, որ մթնագիշերով գելը կամ գողը վրա է տալիս, հարձակվում է, հոտը ցրվում է, կտրկան է անում ոչխարի մի մասն ու քշում: Սակայն հովիվը չի հուսահատվում, նա լավ գիտի, որ իր շները կփրկեն: Միմիայն շներն են իր հույսը և միմիայն նրանց է աղաղակում: Էդ ժամանակ շների մի մասը ցրված ոչխարն է հավաքում, մյուս մասը կամ մինը ընկնում է թշնամու տարածի, կտրկանի ետևից` անդադար բարձր հաչելով ու կլանչելով, որ տերն իմանա որ կողմն է գնում և ազատում է թշնամու ճանկից, հավաքում ու պահում, չորս կողմը պտտում, մինչև տերը վրա է հասնում: Եվ էդպես ժամանակը ոչ մի սպառնալիքով ու ոչ մի զենքով չի կարելի ետ դարձնել հովվի շանը:

Իսկ սովորական գիշերը հո նա անշարժ նստած է իր տեղը, իր թևում, հոտի կողքին և ոչ մի բանով, ոչ մի ուտելիքով չի կարելի նրան հրապուրել, տեղահան անել, մինչև վտանգ չլինի կամ տերը չկանչի: Կպատահի, որ հոտի մի կողմը մի որևէ կասկածելի շարժում նկատի, էն ժամանակ էլ թաքուն կերթա, կստուգի, կրկին կգա իր թևը: Հովվի շունը հովիվն ինքն է որ կա, և դրա համար էլ հովիվը իր շանը սիրում է իր անձի նման:

Հիմի դուք նայեցեք մուրացկանի շանը:

Ելիազար Բլազ անունով մի եվրոպացի գրում է. ասում է` կառքում, դիլիժանսում նստած էի, մի շուն մոտեցավ` թաթերը բարձրացրեց դրեց առջևս ու աղաչավոր աչքերը ձգեց երեսիս: Կառապանը, որ ճանաչում էր շանը, ասավ. — «Մանր փող կունենաք, տվեք իրեն, պարոն. տեսեք ինչ է անում»:

Մի սև փող ձգեցի իրեն, վեր կալավ` վազեց մոտիկ հացթուխի խանութը, փողը տվեց, հաց առավ, ու մի կողմ քաշվեց, սկսեց ուտել: Բանից դուրս եկավ, որ մի մուրացկանի շուն էր, տերը նոր էր մեռել, մնացել էր անտեր ու իր տիրոջ նման ողորմություն ուզելով ապրում էր:

Հիմի էլ մի ուրիշ շուն:

Մենք հո լավ գիտենք բարձրաստիճան մարդկանց բնավորությունը: Նրանք առհասարակ խոժոռ են ու կոպիտ դեպի ամեն մի մարդ, որ ներկայացրած չի իրենց: Ահա էս տեսակ մարդկանցից մեկը, կոմս Բոասիեն (Անդրեզի) 1774 թվին մի մեծ շուն ուներ, անունը Պլուտոն: Շատ էլ սիրում էր: Պլուտոնը տանել չէր կարող ոչ մի օտար մարդու, ու կոմսի հյուրերը միշտ վտանգի մեջ էին: Սրա առաջն առնելու համար կոմսը սկսեց իր հյուրերին ամենից առաջ ներկայացնել Պլուտոնին ու ասել. — Պլուտոն, ահա էս ինչ պարոնը, իմ բարեկամն է, և միայն էսպես` Պլուտոնին ներկայանալուց ու ծանոթանալուց հետո մարդիկ կարող էին ազատ ել ու մուտք ունենալ կոմսի տանը: Ճիշտ իր տիրոջ նման:

Լոնդոնի հայտնի վիրաբույժ Բելկանին էլ իր շանից հետևյալ պատմությունն է անում: Ասում է` մի փոքրիկ շուն ունեի, որ միշտ հետս հիվանդանոց էի տանում ու միշտ կողքիս աթոռին նստած ներկա էր լինում անդամահատություններին: Մի անգամ էլ հիվանդանոց մտնելիս, չէի նկատել թե շունս ետ է մնացել, հանկարծ դռան ամուր զարկեցի ու շանս թաթը մնաց դռան տակը: Շունս սկսեց աղիողորմ կլանչել ու կլանչելով էլ կաղին տալով վազեց, բարձրացավ աթոռին, աթոռից էլ թռավ անդամահատության սեղանին, սեղանի վրա մեկնվեց ու կոնծկոնծալով թաթը մեկնեց ինձ: Նայեցի, տեսա ոտի մի մատը ջարդվել է, իսկույն փաթաթեցի, կապեցի, ու մի քիչ անց հանգստացավ, ու իր աթոռի վրա կծիկ եկավ քնեց: Մյուս օրն էլ եկավ իրան-իրան նույնն արավ, ու էսպես ամեն օր, մինչև որ լավացավ:

1881 թվին, Մոսկվայում երաժիշտ Բենետտու շունը էնքան վարժ էր նվագում, որ մասնակցում էր երաժշտական խմբի մեջ և իր տիրոջ երգելու ժամանակ նվագակցում էր նրան:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 Следующая Конец