Թումանյան Հովհաննես՝   Հեքիաթներ

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

1894

ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում:

Հուսահատված, մի օր նա վեր կացավ, թե` պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ:

Ճանապարհին մի գայլ պատահեց.

Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում, — հարցրեց գայլը:

Գնում եմ աստծու մոտ, — պատասխանեց աղքատը, — դարդ ունեմ ասելու:

Դե որ գնաս աստծու մոտ, — խնդրեց գայլը, — ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա՜ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես` ինչո՞ւ չես կերակուր հասցնում:

Լա՜վ, — ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը:

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա:

Ո՞ւր ես գնում, ախպեր, — հարցրեց աղջիկը:

Գնում եմ աստծու մոտ:

Երբ որ աստծուն տեսնես, — աղաչեց սիրուն աղջիկը, — ասա այսպիսի մի աղջիկ կա` ջահել, առողջ, հարուստբայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրանինչ պիտի լինի նրա ճարը:

Կասեմ. — խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր:

Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ, — հարցրեց չոր ծառը:

Գնում եմ աստծու մոտ:

Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ, — խնդրեց չոր ծառը, — աստծուն կասես, այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ:

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը:

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն: Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը:

Բարի օր, — ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին:

Բարով եկար, — պատասխանեց աստված, — ի՞նչ ես ուզում:

Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում էն:

Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր, — ասաց աստված:

Էլ բան ունեմ ասելու, տե՛ր, — ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը:

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ:

Վերադարձին պատահեց չոր ծառին:

Ինձ համար ի՞նչ ասաց աստված, — հարցրեց չոր ծառը:

Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ, — պատմեց մարդը:

Էլ ո՞ւր ես գնում. արի՜ ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ:

Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ, — պատասխանեց աղքատը, — աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, — ասաց ու գնաց:

Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

Ի՞նչ լուր բերիր ինձ համար:

Աստված ասաց` դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինիլ, ուրախ ու երջանիկ կլինես:

Դե որ այդպես է, արի՜ դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը, — թախանձեց աղջիկը ճամփորդին:

Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, — ասաց աղքատն ու հեռացավ:

ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց:

Հը, աստված ի՞նչ ասաց:

Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե` ինչո՞ւ է գարուն-ամառ չոր: Աստծուն պատմեցի, ասաց. — աղջկանն ասա իրան համար մի կյանքի ընկեր գտնիկբախտավորվի, ծառին էլ ասա` քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես: Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը, ծառն ասաց, դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե` ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր: Ասացի, չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ:

Իսկ ինձ համար ի՜նչ ասաց աստված, — հարցրեց սոված գայլը:

Քեզ համար էլ ասաց` սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս:

Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ, — ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:

1907

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ

1

Լինում է, չի լինում մի պառավ: Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի:

Մի աղվես գալիս է, գլուխը կախում կաթի ամանը, ուտում:

Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում:

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.

Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմըցեմ, գնամ ըկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էի:

Պառավն ասում է.

Դե գնա իմ կաթը բեր:

Աղվեսը գնում է կովի մոտ:

Կովիկ, կովիկ, կա՜թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, ոը ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Կովն ասում է.

Դե գնա ինձ համար խոտ բեր: Աղվեսը գնում է արտի մոտ:

Արտիկ, արտիկ, խո՜տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կըցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Արտն ասում է.

Դե գնա ինձ համար ջուր բեր:

Աղվեսը գնում է աղբյուրի մոտ:

Աղբյուր, աղբյուր, ջո՜ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Աղբյուրն ասում է.

Դե գնա կուժ բեր:

Աղվեսը գնում է աղջկա մոտ:

Աղջիկ, աղջիկ, կուժդ տար, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Աղջիկն ասում է.

Դե գնա ուլունք բեր ինձ համար:

Աղվեսը գնում է չարչու մոտ:

Չարչի, չարչի, ուլո՜ւնք տար, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ, աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Չարչին ասում է.

Դե գնա ինձ համար ձու բեր:

Աղվեսը գնում է հավի մոտ:

Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Հավն ասում է.

Դե գնա ինձ համար կուտ բեր:

Աղվեսը գնում է կալվորի մոտ:

Կալվոր, կալվոր, կո՜ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս: Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմըցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում:

ՈԻԼԻԿԸ

Խոր անտառում մի այծ է լինում: Ունենում է մի գեղեցիկ ուլ:

Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու: Արածում է ու իրիկունը կուրծքը լիքը տուն է գալի: Տուն է գալի, դուռը զարկում ու մկըկում, էսպես կանչում.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար
Դռնակը բա՜ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:

Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում: Մայրը ծիծ է տալի նրան ու կրկին գնում արոտ:

Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը: Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՜ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:

Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում.

«Էդ ո՞վ ես դու, չեմ ճանաչում: Իմ մայրը էդպես չի կանչում: Նա քաղցր ու բարակ ձայն ունի: Քու ձայնը կոշտ է ու կոպիտ: Դուռը բաց չե՛մ անի... Գնա՛... Չեմ ուզում քեզ...»

Ու գայլը հեռանում է, գնում:

Գալիս է մայրը, դուռը ծեծում.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:

Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում.

Գիտես, մայրի՜կ, ինչ եղավ: Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:

Ասում էր` դուռը բա՜ց արա: Էնպես հաստ ձայն ունե՛ր: Էնպե՛ս վախե՛ցա, էնպե՛ս վախե՛ցա... Դուռը բաց չարի, ասի`չեմ ուզում, գնա՛...

Պա՜, պա՜, պա՜, պա՜, Սևուկ ջան, ի՛նչ լավ է եղել, որ բաց չես արել, — ասավ վախեցած մայրը: — Էդ գայլն է եղել. եկել է, որ քեզ ուտի: Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես. ասա` գնա՛, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով:

ԾԻՏԸ

Լինում է, չի լինում մի ծիտ:

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է` մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի: Ասում է.

Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում:

Ծիտը գնում է, ետ գալի, թե` իմ փուշը ետ տուր ինձ:

Պառավն ասում է.

Փուշը թոնիրն եմ գցել:

Ծիտը կանգնում է, թե`

Իմ փուշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս կթռչեմ:

Պառավը մի լոշ է տալի: Ծիտը լոշն առնում է թռչում:

Գնում է տեսնում` մի հովիվ անհաց կաթն է ուտում: Ասում է.

Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում: Ա՛յ լոշը ա՜ռ, կաթնի մեջ բրդի՜, կե՜ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի, թե` լոշս տուր:

Հովիվն ասում է.

Կերա:

Չէ՛, — ասում է, — իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ:

Հովիվը ճարահատած մի գառն է տալի: Առնում է թռչում:

Գնում է տեսնում` մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն:

Ասում է. — Ի՞նչ եք մոլորել: Ա՜յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի, թե` իմ գառը տվեք:

Ասում են. — Մորթել ենք կերել, ո՞րտեղից տանք:

Նա կանգնում է, թե` չէ, իմ գառը տալիս եք` տվեք, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ:

Ու հարսին առնում է թոչում:

Գնում է, գնում. գնում է տեսնում` մի աշուղ մի ճամփով գնում է:

Ասում է. — Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե` իմ հարսը ինձ տուր:

Աշուղը ասում է. — Հարսը գնաց իրենց տուն:

Սա թե` չէ, իմ հարսը տուր, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ:

Աշուղը սազը տալիս է իրեն:

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճըտվըտալով երգել.

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սագիկ առա,
Սագիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՛վ, ծի՛վ:

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնաց, հեքիաթն էլ վերջացավ:

ՃԱՄՓՈՐԴՆԵՐ

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի: Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ. դիմացի սարը խանգարում էր:

Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա, — հարցրեց վերևից բակում պառկած շանը:

Ես էլ չգիտեմ, — պատասխանեց Քուչին:

Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք. արի՛ գնանք մի տեսնենք` աշխարհումս ինչ կա, ինչ չկա:

Շունն էլ համաձայնեց: Խոսքը մին արին ու փախան:

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ: Գիշերը մնացին էնտեղ: Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին:

Լուսադեմին աքլորը կանչեց` ծուղրուղո՛ւ:

Մի աղվես լսեց աքլորի ձայնը:

Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՛յ լավ նախաճաշիկ, — մտածեց աղվեսը ու վազեց:

Բարի՛ լուս, սանահեր աքլոր: Ի՞նչ ես շինում էս կողմերը:

Գնում ենք աշխարհ տեսնելու, — պատասխանեց աքլորը:

Օ՛, ինչ լավ բան եք մտածել, — խոսեց աղվեսը: — Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի: Ինչ լավ էր` պատահեցինք: Դե՛, ցած արի, որ չուշանանք:

Ես համաձայն եմ, — ասավ աքլորը. — տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ` գնանք:

Ո՞րտեղ է ընկերդ:

Էն թփի տակին:

«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի. էս էլ իմ ճաշը», — մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը: Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ:

Կա՛ց, աղվե՜ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի, — ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը:

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու: Ընկավ մի գյուղ: Տեսավ` այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում:

Ախտե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք:

Կացինն ի՞նչ բան է, — հարցրին գյուղացիք:

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը: Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ ձայն տվին իրար.

Տո՛, եկե՛ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ:

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան:

Կացինը առան, որ հերթով կոտորեն իրենց փայտը:

Առաջին օրը տանուտերը տարավ: Կացինը վրա բերավ թե չէ` ոտը կտրեց: Գոռալով ընկավ գյուղամեջ:

Տո՛, եկե՜ք, եկե՜ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց:

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել: Ծեծեցին, տեսան` բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին:

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց: Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան` կացինը կարմրել է: Գոռացին.

Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք` ոնց է կարմրել. որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի: Ի՞նչ անենք:

Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:

Տարան գցեցին տանուտերի մարագը: Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ` կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ:

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից թե` «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»:

ՍՈՒՏԱՍԱՆԸ

Լինում է, չի լինում մի թագավոր: Էս թագավորը իր երկրումը հայտնում է.

«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ` սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան»:

Գալիս է մի հովիվ: Ասում է.

Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում:

Կպատահի՛, — պատասխանում է թագավորը: — Իմ պապն էլ մի չիբուխ ուներ. մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում:

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում:

Գալիս է մի դերձակ: Ասում է.

Ներողությո՜ւն, թագավոր, ես վաղ պիտի գայի, ուշացա: Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու:

Հա՜, լավ ես արել, — ասում է թագավորը, — բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց:

Սա էլ է դուրս գնում:

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին: — Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ, — հարցնում է թագավորը:

Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ:

Մի կոտ ոսկի՞, — զարմանում է թագավորը: — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ:

Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր:

Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում, — խոսքը փոխում է թագավորը:

Ճշմարիտ եմ ասում` մի կոտ ոսկին տուր:

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան:

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում: Ունենում է մի մոխրոտ բաղաճ ու մի կտոր պանիր:

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում` բաղաճը չկա:

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի: Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում: Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը:

Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղաճը հա՞. կաց` հիմի ես քեզ պանիր ցույց տամ: — Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի:

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում: — Ինձ մի սպանի, — ասում է, — մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես: Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ:

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում:

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի, ման, մի ոսկի է գտնում: Վազ է տալի թագավորի մոտ:

Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք: Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք, ետ կբերենք:

Չախչախ թագավորն ո՞վ է, — զարմացած հարցնում է թագավորը:

Դու դեռ չես ճանաչում, — պատասխանում է աղվեսը: — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ: Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես:

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս: — Օֆ, — ասում է, — զոռով չափեցինք:

Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել, — մտածում է թագավորը: Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում:

Մյուս օրը աղվեսը ետ է գալիս, թե` Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի. ձեր կոտը տվեք, չափենք կբերենք:

Կոտն առնում է տանում: Մի մարգարիտ է գտնում. կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում:

Օֆ, — ասում է, — մեռանք, մինչև չափեցինք:

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում: Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում:

Անց է կենում մի քանի օր: Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե` Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է:

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում:

Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք:

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում:

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե` հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ: Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք:

Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես. էդ ի՞նչ ես արել, — ասում է վախեցած ջաղացպանը: — Ես ով, թագավորի աղջիկը ով: Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր... Հիմի ես ի՞նչ անեմ...

Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, — հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ:

Վազելով ընկնում է պալատը: — Հայ-հարա՛յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի: Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան: Ինքը ազատվեց փախավ: Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի:

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն:

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում: Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն: Շրջապատված մեծամեծներով, առջևից` ձիավորներ, ետևից` ձիավորներէսպես հանդեսով բերում են թագավորի պալատը: Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՜նշշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկուռում ու զարմանում:

Էս ինչո՞ւ չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր, — հարցնում է թագավորը: — Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած:

Չէ, դրանից չի, — պատասխանում է աղվեսը: — Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ...

Նստում են ճաշի: Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում: Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի:

Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր, — հարցնում է թագավորը:

Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում: Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար: Ի՞նչպես հաց ուտի, — պատասխանում է աղվեսը հառաչելով:

Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի, — խնդրում է թագավորը: — – Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք:

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի. յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում: Աղվեսն էլ դառնում է քավոր:

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկակ մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ:

Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք, — ասում է քավոր աղվեսը ու վազ տալի:

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում:

Էս ո՞ւմ նախիրն է: Ասում են. — Շահ- Մարինը:

Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ` գլուխը կտրել կտա: Որ հարցնի թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը. թե չէ` վայն եկել է ձեզ տարել:

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է:

Էս ո՞ւմն է:

Շահ-Մարինը:

Հովիվներին էլ նույնն է ասում:

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են:

Էս ո՞ւմ արտերն են:

Շահ-Մարինը:

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում: Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ:

Էս ո՞ւմն են:

Շահ-Մարինը:

Խոտ հարողներին էլ նույնն է ասում: Հասնում է Շահ-Մարի պալատին:

Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր, — գոռում է հեռվից վազելով: — Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես: Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի: Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել. էն աղուհացը դեռ չեմ մոռացել: Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ: Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել:

Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ, — հարցնում է սարսափած ՇահՄարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը:

Փախի՛, շուտով ձի նստի փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես:

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից:

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները: Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով:

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից անհամար ձիավորներ:

Հասնում են մի դաշտի: Տեսնում են մեծ նախիր է արածում:

Էս ո՞ւմ նախիրն է, — հարցնում են ձիավորները:

Չախչախ թագավորինը, — պատասխանում են նախրապաները:

Անց են կենում: Հասնում են սարերին: Տեսնում են ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է:

Էս ո՞ւմն է, — հարցնում են ձիավորները:

Չախչախ թագավորինը, — պատասխանում են հովիվները:

Անց են կենում: Հասնում են ընդարձակ արտերի:

Էս ո՞ւմ արտերն են:

Չախչախ թագավորինը: Հասնում են խոտհարքներին:

Էս ո՞ւմն են:

Չախչախ թագավորինը:

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի:

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին:

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում: Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը:

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղը:

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում:

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է:

1908

ՈՍԿՈԻ ԿԱՐԱՍԸ

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը իրենց պապերից, նրանց պապերն էլ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը:

Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են: Գարունքը, վար ու ցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին:

Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը լիքը ոսկի: Եզները լծած թողնում է, վազում է գյուղը` հողատիրոջ մոտ:

Հե՜յ, աչքդ լուս, — ասում է, — քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տար:

Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի, — պատասխանում է հողատերը: — Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է. ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է:

Սկսում են վիճել. սա ասում է` քունն է, նա, թե չէ` քունը: Վեճը տաքանում է, իրար ծեծում են: Գնում են թագավորի մոտ գանգատ:

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ` աչքերը չորս է բաց անում: Ասում է.

Ոչ քունն է, ոչ դրանը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկելիմն է:

Իր մարդկանցով գնում է, որ հանի բերի: Գնում է կարասի բերանը բաց անել է տալի, տեսնումի՞նչ ոսկիկարասը լիքը օձ...

Զարհուրած ու կատաղած ետ է գալի: Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել:

Չէ՛, թագավորն ապրած կենա, — գոռում են խեղճերը, — մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի է, ոսկի...

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն: Մարդիկը գնում են, ետ գալի, թե` ճշմարիտ, ոսկի է:

Վա՜հ, — զարմանում է թագավորը: Ասում է. — երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր: — Վեր է կենում մին էլ գնում:

Կարասը բաց է անում, — դարձյալ մեջը լիքը օձ:

Էս ի՜նչ հրաշք է, ինչ միտք ունի, — չեն հասկանում:

Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին:

Բացատրեցեք, — ասում է, — ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա: Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել: Ես եմ գնումկարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնումոսկի: Էս ի՞նչ կնշանակի:

Դրա բացատրությունն էս է, թագավոր, եթե չես բարկանալ, — ասում են իմաստունները: — Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար: Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last