Թումանյան Հովհաննես՝   Թարգմանություններ

Pages: First Previous 1 2 3 Next Last

ՊՈԵՄՆԵՐ

Վ. Ժուկովսկի

ԱՔԻԼԼԵՍ

Միգում կորավ Իդա սարը,
Մըռայլվեցավ Տրովադան,
Լուռ է ռազմի հարթավայրը,
Քընած բանակն Ատրիդյան:
Խաղաղ են շուրջ: Առկայծում են
Խարույկները բանակի,
Երկա ՛ր ու ձիգ ձայնարկում են
Պահնորդները մեկ մեկի:

Ծագեց պայծառ լուսնեղջյուրը
Ծովի վըրա Էգեյան,
Բարձըր ափերն ու աստղերը
Ծովի խորքում ցոլացան:
Դատարկ դաշտում երևում է
Մենակ կառքը Պրիամի,
Տանում է իր Հեկտորի դին
Գոռ բանակից հույների:

Ահա կանգնեց ծովի ափին
Աքիլլեսը ահարկոս
Ընկավ, ծերո ՜ւկ, քո Հեկտորը,
Հանգավ լույսը քո հոգու:
Անդրոմաքեն ու Հեկաբեն
Դարպասներում անդադար
Քեզ են մընում... դարձիդ րոպեն
Կյանք կամ մահ է նրանց համար:

Եվ տըխրաբեր արշալուսին
Կըբուրի խունկ հաշտարար,
Թաղման երգով կըհեծեծեն
Ամեն մի տուն ու տաճար:
Հայր, մայր, այրի մաղթանքներով
Սափոր կածեն թանգ փոշին,
Ու, դըժոխքում, աղոթքներով
Հանգիստ կըտան հերոսին:

Խե ՛ղճ ալևոր, խոնարհեցիր
Գըլուխդ իմ առաջին,
Եվ այս ձեռքը համբուրեցիր,
Որ լաց տըվավ քո աչքին...
Որդուդ մասին էր քո աղերս.
Օ ՛, մի ՜ տրտմիր, ալեզարդ,
Մի բախտ վըճռեց երկինքը մեզ,
Ինձ էլ ընկճեց Արամազդ:

Մոտ է ժամըս. պատրաստած է
Նետը անգութ օրհասի,
Եվ պարկուհին ընդհատել է
Արդեն օրերն իմ կյանքի:
Ճըռընչում է դժոխքի դուռը,
Գուժում է ձայնն ահռելի.
Վերջացա՛ծ է. հանգավ ջահը
Պելիդեսի օրերի...

Ո ՛վ, այս ափից ետ չի գալու
Եվ քու որդին անվընաս.
Շուտո՛վ, շուտով պիտի և դու,
Ո ՜վ Պիլեոս, որբանաս:
Կանցնի ռազմի արհավիրքը,
Աքիլլեսիդ կըսպասես,
Կըզարդարես արքունիքը՝
Շուք ու փառքով ընդունես:

Մըտիկ կանես դատարկ ծովին
Ափից տըխուր ու տըրտում,
Թե չե ՞ն գալիս արդյոք նավեր,
Առագաստ չի՞ երևում...
Նավեր կըգան Իլիոնից,
Ես չեմ լինի ոչ մեկում,
Ես չեմ զարթնի մահվան քընից,
Ու կըմընամ այս հովտում...

Իզուր վերջին տագնապի մեջ
Դու քո որդուն կըխնդրես
Ու կարկամող բազուկներով
Նրան կողքիդ կըփընտրես:
Սիրած երկրից ժամն անջատման
Չի քաղցրացնի նա այն օր,
Ու մինչ ափերն մոռացության
Չի տարածվի ձայնը հոր:

Իմ հայրենի ՛ք, վըճիտ ջըրե ՛ր,
Չըքնա ՛ղ վայրեր հարազատ,
Եվ ձիթենիք ու դափնիներ,
Հովիտների շուք ու զարդ,
Ճոխ ծաղկեցե ՜ք, փըթըթեցե ՜ք,
Ինչպես առաջ, աննըման,
Ինչպես առաջ միշտ թընդացե ՜ք
Միայն ձայներով խընդության:

Բայց Աքիլլես ու Պատրոկլես
Էլ չեք տեսնի դուք բնավ...
Սպերքի ջըրե ՛ր, բազուկըս ձեզ
Գըլխիցըս մազ խոստացավ,
Բայց գըլուխըս փոթորկալի
Պատերազմում ահագին
Պատրոկլեսին ես զոհեցի,
Էլ չըսպասեք իմ տուրքին:

Պատրաստել է նետը արդեն
Ապոլոնը անողոք,
Ըսպասում է նոր եկվորին
Քարոնը սև Ստիքսի մոտ:
Եվ ափերից մոռացության,
Պատրոկլեսը գիշերով
Եկավ ինձ մոտ թեթև, անձայն,
Որպես երազ, թըռչելով:

Որպես շունչը մեղմ զեփյուռի
Նա շըշընջաց ինձ վըրա,
Նրա ձայնը ես լըսեցի,
Վեր նայեցի ու տեսա
Քընքույշ դեմքին հետք արտոսրի
Եվ անջատման խորին ցավ...
Ձեռքըս իրեն տարածեցի...
Դատարկ մըթնում չըքացավ...

Ըսկյուրոսից Նեոպտոլեմ
Դեպի հեռուն կըլողա,
Մի անծանոթ ափ կըտեսնի
Կանաչ բըլրակն իր վըրա:
Նավավարը այնժամ կասի՝
Դարձած կողմը բըլրակի.
Ահա շիրիմն Աքիլլեսի,
Այն էլ տեղն է բանակի...

Այնտե՛ղ, պարսպից նա գիշերով
Երևում էր մեզ ահեղ,
Անտանելի հուրն աչքերում,
Սաղավարտով ճաճանչեղ.
Եվ եռակի որոտալով,
Ահ էր ազդում քաղաքին,
Ու Տրոյացին գունատ դեմքով
Զենքը ձըգում էր գետին:

Այնտե՛ղ ձեռքը Ատրիդեսին
Տալով դաշը հաստատեց...
Այնտե ՛ղ կառքով նա մոլեգին
Քաղքի վրա հարձակվեց...
Այնտե ՛ղ հողում իր ետևից
Քարշ տվավ դին Հեկտորի,
Հառեց աչքերն ըսպառնալից
Վըրան լըքած Տըրոյի...

Ու իր նավից Նեոպտոլեմ
Կիջնի ափը սըրբազան,
Որ միայնակ բըլրի վըրա
Դընի և ՜ սուր, և ՜ վահան:
Շուրջը արդեն դատարկվել է...
Խաղա ՛ղ Սիմույս ու Քըսանտ,
Բաղեղ ու փուշ պատատել են
Տրովադային քարուքանդ:

Կանցնես դաշտը պատերազմի,
Ուր Աքիլլեսն է կըռված,
Կըտեսնես հորանն երեների
Շիրմաց շուրջը մոռացված:
Ու քեզանից, վերև հանկարծ
Կըլըսես ձայն թևերի...
Մենք կըլինենք թև թևի տված,
Ընկերներս հին օրերի...

Այնժամ հիշիր Աքիլլեսին,
Երկրից արագ նա անցավ,
Բախտը նըրան անփառունակ
Այստեղ մի դար խոստացավ,
Բայց, մերժելով դատարկ կյանքը,
Փառքի րոպեն ընտրեց նա,
Ու ընկերի համար մեռավ,
Հավատարիմ մինչև մահ:

Լըռեց Աքիլլ... Մութն է Իդան,
Իլիոնը դեռ տըխուր,
Քընած բանակը Ատրիդյան,
Պատերազմի դաշտը լուռ:
Ու ծըխալով առկայծում են
Խարույկները բանակի,
Երկա՛ր ու ձիգ ձայնարկում են
Պահնորդները մեկ մեկի:

Մ. Լերմոնտով

ՄԾԻՐԻ

Ճաշակելով ճաշակեցի զսակաւ մի մեղր,
և ահա մեռանեցիմ ես:
Ա գիրք թագ.

I

Սըրանից առաջ մի քանի տարի,
Այնտեղ, ուր Արագվ ու Կուր գետերի
Ջըրերն աղմուկով խառնըվում իրար,
Գըրկվում են երկու քույրերի նըման,
Կար մի մենաստան: Կարող է այժմ էլ
Անցորդը սարի ուսերից տեսնել
Քանդված դռների կանգուն սյուները,
Վանքի կամարն ու աշտարակները:
Բայց անուշահոտ ծուխը բուրվառի
Էլ չի վերանում կամարի տակին
Եվ ոչ լսվում է աղոթողների
Երգը գիշերվա ուշ ժամանակին:
Այժըմ մեն-մենակ զառամյալ մի ծեր,
Ավերակ վանքի պահնորդ կիսամեռ,
Ընկած մտքիցը մարդկանց ու մահի,
Սրբում է փոշին շիրմաքարերի,
Որոնք պատմում են անցած դարերի,
Անցած փառքերի ու նըրա մասին,
Թե ինչպես ճնշված իր թագի տակին,
Այս ինչ թագավորն, այս ժամանակին
Իր ժողովուրդը հանձընեց ռուսին:

II

Մի ռուս գեներալ Կովկաս լեռներից
Մի անգամ դեպի Թիֆլիս էր գալիս:
Իր հետ նա գերի մի մանուկ ուներ.
Սա տըկարացավ, չըկարաց տանել
Նեղությունները հեռավոր ճամփի:
Հազիվ թե լիներ հինգ-վեց տարեկան,
Այծեմնիկի պես երկչոտ, վայրենի
Եվ թույլ ու ճըկուն եղեգնի նման:
Սակայն նրա մեջ ցավը տանջալի
Զորացրեց այնժամ իրեն հայրերի
Աննկուն հոգին: Վիշտը լուռ տանում,
Եվ իր մանկական տըկար շըրթունքից
Մի թույլ հառաչանք նույնիսկ չէր հանում:
Հացը նըշանով մերժում էը նա դեն
Ու խաղաղ, հպարտ մեռնում էր արդեն:
Կարեկցությունից մի ծեր վանական
Նըրան խնամեց, տվավ ապաստան.
Ու այսպես՝ վանքի հարկի տակ մնաց
Բարեկամական ձեռքով ազատված:
Բայց, զուրկ մանկական զվարթ հաճույքից,
Փախչում, խորշում էր նա ամեն մեկից.
Թափառում էր լուռ, մենակ, սրտաբեկ,
Թառանչով նայում դեպի արևելք,
Մաշվելով մի լուռ, անմեկին վըշտից
Իրեն հայրենի երկրի կարոտից:
Գերության սակայն շուտ ընտելացավ,
Օտարի լեզուն քիչ-քիչ հասկացավ,
Հայր սուրբը կընքեց, տըվավ սուրբ հաղորդ,
Ու դեռ աշխարհքի կյանքին անծանոթ,
Ուզում էր արդեն ծաղիկ հասակում
Աբեղայական ընդունել կոչում,
Երբ որ մի անգամ աշնան գիշերով
Անհետ չըքացավ: Շուրջը սարերով
Ձըգվում էր անծայր անտառը մըթին:
Երեք օր այնտեղ իզուր փընտրեցին,
Վերջապես դաշտում անըզգա գտան
Ու առան կըրկին բերին մենաստան:
Նա սաստիկ գունատ, թույլ էր ու նիհար.
Կարծես աշխատել, տանջվել էր երկար,
Կամ հիվանդություն ու սով էր քաշել:
Ոչ մի հարցմունքի չէր պատասխանում,
Օրն օրի վրա ընկնում էր, խամրում:
Այսպես մոտեցավ ժամը իր մահվան:
Այնժամ նըրա մոտ եկավ աբեղան
Ե ՜վ հորդորելով, և ՜ աղերսելով:
Հիվանդը հպարտ նրան լըսելով,
Նըստեց, մընացած ուժը հավաքեց,
Ու այսպես երկա ՛ր խոսել սկսեց.

III

«Գոհ եմ քեզանից, հայր սուրբ, որ եկար
Իմ խոստովանքը լըսելու համար:
Ինչ էլ որ լինի, լավ է, որ ցավոտ
Սիրտըս դատարկեմ խոսքով մեկի մոտ:
Սակայն ես մարդկանց չարիք չեմ արել,
Իմ արարքները նորա համար էլ
Ի՞նչ օգուտ եթե խոստովանեի.
Իսկ հոգին մի՞թե պատմել կըլինի...
Ես քիչ եմ ապրել և այն էլ գերի.
Այսպես երկու կյանք մի աղմըկալի,
Եռուն կյանքի հետ, որ տեսել եմ, ծե ՜ր,
Ես կըփոխեի թե հընար լիներ:
Ես լոկ մի մըտքի ուժ եմ իմացել.
Մի ՜, բայց բոցավառ կիրք եմ ունեցել,
Նա ինչպես մի որդ ապրել է իմ մեջ,
Կըրծել է հոգիս, մաշել մինչև վերջ:
Իմ ցնորքները թռցրել, տարել է
Այս նեղ խցերից անդորր աղոթքի
Այն վեհ աշխարհը կըռվի, աղմուկի,
Ուր որ ժայռերը թաքչում ամպերում,
Ու մարդիկ այնպե՛ս ազատ են ապրում...
Ես իմ այդ կիրքը գիշերվա մըթնում
Պահել եմ վշտով, արցունքով սընել.
Եվ այժըմ ահա բարձրաձայն հայտնում,
Խոստովանում եմ առջևն աշխարհքի,
Ու թողաթյուն էլ չեմ խնդրում իսկի:

IV

«Ծերո ՜ւկ, շատ անգամ իմացել եմ ես,
Որ դու իմ կյանքը մահից փըրկել ես:
Ինչո՞ւ փըրկեցիր: Մենակ ու դաժան,
Փոթորկի պոկած տերևի նըման,
Մըռայլ պատերի միջում մեծացա,
Հոգով դեռ մանուկ, կյանքով աբեղա:
Չըկարողացա ոչ ոքի ասել
«Հայրիկ» ու «մայրիկ» սրբազան խոսքեր:
Հարկավ, քո միտքը այն էր, ծերունի ՜,
Որ մենաստանում ես խորթանայի
Այնքան քաղցրալի այս անուններին.
Զո ՛ւր, հետս են նորանքց ձայները ծընվել:
Ես տեսնում էի, որ ուրիշներին
Հայրենիք, ընկեր, ծնող ունեին,
Մինչդեռ չունեի ես նրանց նըման
Ոչ թե սիրելիքայլև գերեզման:
Ես էլ այն օրից իզուր չողբացի,
Այլ հոգուս միջում այսպես ուխտեցի,
Որ երբևիցե, թեկուզ մի վայրկյան,
Այս իմ բոցավառ կուրծքը մանկական
Սեղմեմ կարոտով մի ուրիշ կըրծքի,
Թեկուզ անծանոթմիայն հարազատի:
Բայց, ավա ՛ղ, հիմա երազներըս այն
Կորել են իրենց պերճանքով համայն,
Ու՝ ինչպես օտար երկրում ապրեցի՝
Մեռնում եմ դարձյալ ես որբ ու գերի:

V

«Ինձ չի վախեցնում գերեզմանն ահեղ,
Տանջանքն, ասում են, հանգչում է այնտեղ
Սառն, հավերժական լըռության միջում:
Կյանքից զրկվելն է ինձ մենակ տանջում:
Ջահե ՛լ եմ, ջահե ՛լ... ունեցե՞լ ես դու
Ցնորմունքները անհոգ պատանու:
Դու չես ունեցել կամ չես հիշում էլ,
Թե ոնց ես մի օր ատել ու սիրել,
Ինչպես է սիրտըդ բաբախել ուժգին
Կանաչ դաշտերին, վառ արեգակին
Անկյունի բարձըր բուրգից նայելիս,
Ուր թարմ է օդը, և ուր մերթ գալիս
Ու բարձր պատի խորունկ ճեղքվածքում,
Բուքից վախեցած, կուչ եկած նստում,
Պատըսպարվում է փոքրիկ աղավնին
Չըքնաղ զավակը անհայտ աշխարհի:
Ուր մընաց՝ արդեն զառամ ես, թույլ ես,
Սիրուն աշխարհը կըշտացրել է քեզ.
Սրտումդ անկատար էլ չունիս ըղձեր...
Էլ ի՞նչ ես ուզում, ապրել ես դու, ծեր,
Աշխարհքում ունիս մոռնալու մի բան.
Չէ՞ որ կապրեի ես էլ քեզ նըման...

VI

«Կուզե՞ս իմանալ՝ ազատության մեջ
Ես ինչեր տեսա. — դաշտեր տեսա պերճ.
Բըլուրներ տեսա, ուր կանաչ ծառեր,
Ինչպես շուրջպարի բըռնած եղբայրներ,
Չորս կողմից դալար պըսակ կապելով
Շըշընջում էին թարմ խըմբակներով:
Տեսա դեզերը մըռայլ ժայռերի,
Երբ բաժանում էր վըտակը նրանց,
Նրանց մտքերը հասկանում էի, —
Վերևից էր այն շնորհքն ինձ տըված:
Վաղո՛ւց, շատ վաղուց օդում տարածված
Այն քարե գրկերն ամեն մի վայրկյան
Փափագում են լուռ իրար հանդիպման.
Բայց օրեր անցնում, տարիք են անցնում,
Ու նրանք երբե ՛ք իրար չեն հասնում...
Բարձըր լեռների շարքեր տեսա ես
Վեհ, հըրաշալի ցընորքների պես,
Երբ արշալույսի ժամին վաղորդյան
Նրանց գըլխները սեղանի նըման
Ծխում են հանդարտ կապույտ երկնքում,
Ու ամպը ամպի ետևից ձըգվում,
Թողնելով գաղտնի իր օթևանը,
Ինչպես տարագնաց ըսպիտակ հավքի
Հեռու կողմերից չըվող երամը
Ուղղում է իր չուն կողմն արևելքի:
Անոսր մշուշի արանքից, հեռվում,
Գոհարի նըման փայլող ձյուներում,
Տեսա ալևոր Կովկասն անսասան.
Եվ ես չըգիտեմ թե ընչիցն էր այն,
Բայց թեթևացավ սիրտս և նույն ժամայն.
Ըսկսեց գաղտնի մի ձայն ինձ ասել,
Թե երբեմն այնտեղ ապրել եմ ես էլ...
Ու հետըզհետե բացվեցավ խավար
Անցյալն իմ մտքում պայծա՛ռ ու պայծա՛ռ...

VII

«Եվ ես հիշեցի մեր տունն հայրական,
Հիշեցի մեր ձորն ու իր շըրջական
Շըվաքում ցրված գյուղի տըները.
Լսեցի րիկվան ձեն ու ձուները
Դեպի տուն վազող երամակների,
Հեռու հաչոցը ծանոթ շըների:
Միտս եկան թուխ-թուխ ծերունիները.
Լուսնյակի լուսով իրիկունները
Իմ հոր սըրահի, շեմքի դեմուդեմ
Նստոտած խոհուն ու խոժոռադեմ.
Ու խանչալների պղընձապատած
Պատյանների փայլն... ու բոլորն հանկարծ
Խառը շարքերով, երազի նըման
Աչքիս առաջից եկան անցկացան:
Հապա իմ հա՞յրը, պատերազմական
Իր զգեստներով, ինչպես կենդանի
Աչքիս երևաց, ու միտս եկան
Զրահի շռինդ, փայլն հըրացանի,
Նրա հայացքը հպա ՛րտ, աննկո ՛ւն,
Եվ իմ քույրերը մատա ՛ղ, սիրասո ՛ւն...
Շողերը նրանց աղու աչքերի
Եվ հնչյունները երգի, խոսքերի,
Որ ասել էին օրրանիս վըրա...
Այն ձորի միջով վտակ էր վազում,
Աղմկող էր նա, սակայն ոչ խորին,
Նըրա ոսկեգույն մանրիկ ավազում
Խաղալու էի գընում կեսօրին,
Եվ նայամ էի աչքերըս հառած,
Երբ ալիքներին, անձրևից առաջ,
Դիպչում էր թևով սև ծիծեռնակը:
Հիշեցի և մեր խաղաղ տնակը,
Օջախի առջև իրիկունները
Արած այն երկար պատմությունները,
Թե ոնց են ապրել մարդիկ վաղեմի,
Երբ դեռ աշխարհքը ճոխ էր ավելի:

VIII

«Կուզե՞ս իմանալ, թե ես ինչ արի
Այն երեք օրում: — Ազատ ապրեցի,
Եվ կյանքըս առանց այն երեք օրի
Քո ուժից ընկած ծերույթից էլ դեռ
Ավելի տըժգույն, տըխուր կըլիներ:
Մտքումըս վաղո ՛ւց, վաղուց դրել եմ՝
Միանգամ արձակ դաշտերին նայեմ,
Տեսնեմ՝ աշխարհը սիրո՞ւն է արդյոք,
Ինչո ՞ւ ենք, տեսնեմ, գալի մենք աշխարհ,
Ազատ ապրելո՞ւ, թե բանտի համար:
Եվ այն գիշերվա սոսկալի ժամին,
Որոտմունքն երբ որ վախեցրել էր ձեզ,
Սեղանի առջև երբ որ խըմբովին
Ընկել էիք դուք խըռնըված այնպես,
Ես վանքից փախա: Օ ՛, ինչպես եղբայր,
Կուզեի գըրկել մըրրիկն հողմազայր.
Աչքերս ամպերի ետևից տանում,
Ձեռքով շանթ էի բռնել ցանկանում...
Դե ՜ ասա, հայրի ՜կ,
Ինձ այս պատերում ի՞նչ պիտի տայիք
Իմ փոթորկալի սըրտի և ահեղ
Այն որոտմունքի մտերմության տեղ...

IX

«Երկար վազեցի, թե ուր կամ որտեղ,
Այդ ես չըգիտեմ: Եվ ոչ մի աստըղ
Իմ դժվար ճամփան չէր լուսավորում:
Միայն բերկրությամբ շունչ էի առնում
Իմ վաստակաբեկ ու հոգնած կրծքով
Այն անտառների թարմությունը զով:
Երկար վազեցի. վերջապես հոգնած
Բարձըր խոտերում ընկա ու պառկած
Ականջ դըրի ես. հետևող չըկար:
Որոտմունքն ընկավ. լույսը մի երկար
Տժգույն ու դալուկ շերտով բացվելով
Ձգվեց երկնքիերկրի արանքով,
Եվ նրա վերա ես որոշեցի
Սուր ժանիքները հեռու լեռների:
Անձայն ու անշարժ ես պառկած էի:
Երւբեմն-երբեմն չախկալը կիրճում
Երեխի նըման լալիս էր, ճըչում,
Եվ, հարթ ու փայլուն թեփով փայլելով,
Սողում էր օձը քարերի միջին.
Չէր ճնշում սակայն երկյուղն իմ հոգին.
Ես էլ գայլի պես խորթ էի մարդոց,
Եվ սողում էի, թաքչում ինչպես օձ:

X

«Ներքև անդընդում, ինձանից շատ ցած,
Ջուրը հեղեղից սաստիկ հորդացած,
Աղմըկում էր խուլ, ինչպես բարկացած
Մարդկային խոսուն ձայներ անհամար:
Թեպետ և անխոսքսակայն ինձ համար
Պարզորոշ էր միտքն այն խոսակցության,
Անլուռ աղմուկը, վեճն հավերժական,
Հարվածը համառ ժայռերի կույտին,
Մեղմանում էր նա ու դարձյալ ուժգին
Խաղաղ ձորի մեջ հանկարծ որոտում:
Եվ ահա վերև մառախլոտ օդում
Հավքերն երգեցին: Արևածագի
Երկինքը շիկնեց: Մի թեթև քամի
Նամ տերևները շարժեց ու գնաց
Ու ծաղիկները շընչեցին քնեած.
Նրանց պես օրին դիմավորելու
Ես էլ գըլուխս բարձրացրի վերև...
Մըտիկ արի ցած ու չեմ թաքցընում,
Սարսափն ինձ պատեց. — անհատակ ու սև՝
Անդունդի եզրին էի ես պառկած,
Ոռնում էր ներքև ջուրը փրփըրած:
Այնտեղ է տանում ժայռը իջնելով,
Բայց չարը մենակ իջավ նրանով,
Երբոր երկնքի բարձրից գահավեժ,
Կորավ ստորին էն մութ վըհի մեջ:

XI

«Ծաղկում էր շուրջըս եդեմն արարչի.
Զըվարթ ու դալար զարդը կանաչի
Պահպանում էր դեռ արցունքն երկնային.
Եվ խոպոպները խաղողի որթի
Ծառերի միջով գալարվում էին
Պճնած կանաչով քնքույշ սաղարթի.
Իսկ նրանց վրա ճոխ կախված էին,
Ինչպես ականջի գինդեր թանկագին,
Լիք ողկույզները, և մերթ նրանց մոտ
Թըռչում էր հավքի երամը երկչոտ:
Ու նորից գետնին կըպա ես մին էլ
Նորից սկըսա ես ականջ դընել
Այն օտարոտի թովիչ ձայներին.
Նրանք թփից թուփ ծըլվըլում էին
Ու խոսում էին կարծես միասին
Երկնքի-երկրի գաղտնիքի մասին:
Այնտեղ բնության ձայները բոլոր
Միացած էին: Այն հանդիսավոր
Փառաբանության երգի ժամանակ
Մարդու գոռ ձայնը չէր լսվում մենակ:
Ինչ որ այն ժամին զգում էի ես,
Անհետացել են մտքերս այն բոլոր,
Բայց կուզենայի պատմել նրանց քեզ,
Որ գոնե մտքով ապրեմ նորից նոր:
Այն առավոտը կամարն երկնքի
Այնքան էր հստակ, որ հըրեշտակի
Ճախրը սուր աչքը տեսնել կարող էր.
Այնքա՛ն թափանցիկ ու այնքան խոր էր,
Այնքա ՛ն էր լեցուն ջինջ կապուտակով,
Որ ես նըրա մեջ հայացքով, հոգով
Սուզվեցի, կորա, մինչև իր շոգով
Իմ ցնորքները կեսօրը ցըրվեց,
Ու ինձ ծարավը տանջել սկսեց:

XII

«Այնժամ բռնելով ճկուն թփերից,
Դեպի հեղեղատն անդունդի եզրից,
Մի սալից մի սալ, որքան ուժըս կար
Սկըսա իջնել: Երբեմըն մի քար
Ոտներիս տակից պոկվելով հանկարծ,
Գլորվում էր ցած.
Թռչում էր ներքև դղորդ հանելով,
Ետևից ակոս, փոշի անելով
Ու կուլ էր գնում ջրի ալիքին:
Ես կախված էիանդունդն իմ տակին:
Բայց ջահելությունն ուժով է լինում,
Մահվան երկյուղը ինձ չէր վախեցնում:
Հենց իջա տակը այն սեպ-սեպ ժայռի,
Երեսիս փըչեց լեռնային ջըրի
Զով թարմությունը, և իսկույն ագահ
Նըրա սառնորակ ալիքին ընկա:
Հանկարծ մի շըշուկ, ոտնաձայն թեթև...
Իսկույն թաքչելով թըփերի ետև,
Ամբողջ բռնըված ակամա դողով,
Երկչոտ հայացքս վեր քաշած վախով
Ես ականջ դընել սկսեցի ագահ...
Եվ մոտենալով հընչում էր ահա
Մատաղ վրացուհու ձայնը պատանի,
Այնպե ՛ս բնական, այնպե՛ս կենդանի,
Այնպե ՛ս քաղցր, ազատ, որ կարծես թե նա
Սիրելի մարդկանց անվան հընչյուններ
Միայն կանչելու սովորած լիներ:
Այն մի հասարակ երգ էր լեռնային,
Խոր տպվեց սակայն իմ մտքի միջին,
Եվ իմ ականջինհենց մութն ընկնում է
Մի անտեսանհայտ ոգի երգում է:

XIII

«Սափորն ուղիղ բռնած ուսին
Նեղ շավիղով վըրացուհին
Ջուրն էր իջնում: Երբեմնակի
Քարերի մեջ սայթքում էր նա
Ծիծաղելով իրեն վրա:
Այնպես աղքատ ու պարզ հագած,
Շղարշի ծալքերն ետև ձըգած,
Թեթևաքայլ գընում էր նա:
Թեժ արևը, շոգն ամառվա
Նրա դեմքն ու կուրծքն այրելով
Պատել էին ոսկի ստվերով:
Տապ էր շնչում դեմքը բոլոր,
Եվ աչքերի մութն այնքա՛ն խոր,
Այնքա՛ն սիրո գաղտնիքով լի,
Որ մտքերըս փոթորկալի
Շըփոթվեցին: Հիշում եմ խոր,
Կըժի ձայնը, ջուրը երբ որ
Մեջն էր թափում մեղմաքրքիջ,
Ու սոսափյունն... ուրիշ ոչինչ:
Երբ որ ուշքի եկա կըրկին,
Ու ետ քաշվեց սրտիս արինն,
Արդեն շատ էր նա հեռացած,
Ու գնում էր թեթե, կամաց.
Շիտակ իրեն բեռան տակին,
Որպես դաշտի շըքեղ բարդին...
Մի քիչ հեռու, սառը միգում,
Որպես ընկեր, ժայռի գըրկում
Բուսել էին երկու տընակ.
Հարթ կըտուրի վրայից մեկի
Ծուխըն ելնում էր կապուտակ:
Ես տեսնում եմ այժմ էլ, ասես,
Ինչպես նըրա դուռը բացվեց
Ու կամացուկ փակվեց դարձյալ...
Դո ՜ւ, ես գիտեմ, չես հասկանալ
Իմ տխրությունն, իմ վիշտն անհաս.
Եվ կըցավեմ թե հասկանաս.
Թող հիշատակն այն վայրկենի
Ինձ հետ, իմ մեջ մընամեռնի:

XIV

«Հոգնած գիշերվա նեղություններից
Ընկա ստվերում: Շուտով սփոփիչ
Քունը աչքերըս փակեց ակամա
Եվ ես մյուս անգամ երազում տեսա
Չըքնաղ պատկերը այն վըրացուհու,
Եվ մի անսովոր, դյուրեկան թախիծ
Անուշիկ ճմլեց իմ սիրտը նորից:
Ճիգ էի անում, որ մի շունչ քաշեմ,
Հանկարծ արթնացա: Արդեն երկնքում
Փայլում էր լուսինն, ու մենակ մի ամպ
Սողում էր նրա ետևից թաքուն,
Բաց արած իրեն գիրկն ագահությամբ.
Կարծես թե իրեն որսը լիներ էն:
Լուռ էր ու խավար աշխարք համորեն.
Գագաթները միայն ձյունոտ սարերի,
Ինչպես արծաթյա ծոպեր ահռելի,
Պըսպղում էին առաջիսհեռվում.
Հեղեղատը խուլ ճողփում ափերում:
Ծանոթ խրճիթում մերթ պայծառ վառվում
Ու մերթ հանգչում էր աղոտ մի կրակ:
Այնպես է հանգչում գիշեր ժամանակ
Պայծառ աստղիկը երկնքում փայլող:
Ես ուզում էի... բայց չէի կարող
Ես այնտեղ մտնել: Ես այն ժամանակ
Հոգումս անեի լոկ մի նպատակ
Հասնել հայրենիք. ու համբերեցի
Քաղցի, ծարավի, որքան կարացի:
Եվ ահա անձայն ու երկչոտ ընկա
Ես ուղիղ ճամփա:
Բայց շատ չըքաշեց, անտառի խորքում
Սարերը դարձյալ աչքիցըս ընկան,
Ու ըսկսեցի կորցընել ճամփան:

XV

«Անզուսպ կատաղած երբեմըն իզուր
Պոկ էի տալիս ես հուսակըտուր
Իրար խըճըճված բաղեղ ու մացառ
Շուրթըս անտառ էր, անեզըր անտառ,
Հետզհետե խոր, խիտ ու ահռելի.
Եվ բազմությունով սև-սև աչքերի
Գիշերվա մութը հետևում էր ինձ
Ամեն մի թըփի, ճյուղի արանքից:
Գըլուխս սկսավ արդեն պըտըտել.
Ծառեր բարձրացա, ուզեցի դիտել,
Բայց մինչև անգամ երկնի եզերքում
Նույն ժանիքավոր անտառն էր ձգվում:
Այնժամ հուսահատ վայր ընկա կըրկին,
Հեկեկում էի, լալիս դառնագին
Ու հողի խոնավ կուրծքն էի կրծում.
Արտասունքներըս վայր էին հոսում
Նըրա երեսին տաք ցողի նըման...
Բայց հոժար չէի մարդոց օգնության.
Խորթ էին ընդմիշտ ինձ համար մարդիկ:
Եվ եթե հանկարծ կարճատև մի ճիչ
Ինձ դավաճաներ, գիտցի ՜ր, ծերունի ՜,
Լեզուս արմատից պետք է պոկեի:

XVI

Մանուկ ժամանակ, քո մի՞տն է գալիս,
Ես չըգիտեի երբեք արտասվել,
Բայց այնտեղ չէի ամաչում, լալիս:
Ո ՞վ էր տեսնելու. — մըթին ծմակը,
Մին էլ երկնքում սահող լուսնյակը:
Լուսավորված նըրա լուսով,
Ծածկված մամռով ու ավազով,
Խիտ ծըմակով շրջափակված
Բացատն էր իմ առջև ընկած:
Հանկարծ այնտեղ անցավ մի ստվեր,
Ու հըրեղեն երկու կայծեր
Պըսպղացին... ապա թե այն
Մութ թավուտից ինչ որ գազան
Մի ոստյունով թռավ, պառկեց,
Ավազի հետ խաղալ սկսեց:
Այն անապատի մշտական տերը
Հուժկու հովազն էր: Հում-հում ոսկորը
Կրծոտում էր նա, ուրախ մըրմռում,
Երբեմն արյունոտ հայացքը հառում
Ու փաղաքշաբար պոչը շարժելով՝
Նայում լրացած լուսնյակի վրան,
Ու փայլում էր մազն արծաթի նըման:
Սպասում էի ես մի ճյուղ բռնած
Կռվի վայրկենին. ու սիրտս հանկարծ
Բորբոքվեց արյան, կռվի ծարավով...
Հա ՜, բոլորովին այլ ճանապարհով,
Այլ շավիղով էր ինձ բախտը տանում,
Բայց համոզված եմ, որ մեր աշխարքում
Ես էլ կըլինեի քաջերի շարքում:

XVII

«Սպասում էի: Արդեն գիշերվա
Մըթնում թշնամու հոտն առել էր նա,
Ու մռնչյունը երկա՛ր, սըրտահեծ,
Որպես հառաչանք հանկարծ տարածվեց...
Ավազը թաթով կատաղած փորեց,
Ծառս եղավ, հետո փորըսող արեց,
Ու մի ցատկելով սակավ էր մընում
Իսկույն ինձ մահի բաժին էր անում.
Բայց հանդիպեց իմ հարվածին:
Ծանըր ճյուղը ինչպես կացին
Ճեղքեց նորա ճակատը լայն...
Նա հառաչեց մարդու նման
Ու շուռ եկավ: Սակայն նորից,
Թեև նըրա խոր վերքերից
Հոտում էր հորդ արյունն այնքան
Վառվեց կռիվն օրհասական:

XVIII

«Ընկավ կրծքիս. բայց շտապով
Նըրա կոկորդն ես կոխեցի,
Երեք անգամ պըտըտեցի
Միակ զենքըս... նա հառաչեց,
Իրեն բոլոր ուժն հավաքեց,
Ու մենք, ինչպես օձեր, կըպած,
Ընկերներից ամուր գըրկված
Գըլորվեցինք, ու խավարում
Գետնի վրա էինք կըռվում:
Այն վայրկենին ես էլ էի
Ինչպես հովազ չար, կատաղի.
Ես վառվում էի, ժնգժնգում իր պես.
Ես ինքս էլ ծնված լինեի կարծես
Հովազների ու գայլերի միջին,
Թարմ անտառների հովանու տակին:
Մարդկային բարբառն, այնպես էր թվում,
Մոռացել էի, և հենց իմ կրծքում
Այն սարսափելի կռինչն էր ծնվել,
Կարծես թե լեզուս ծնընդից ի վեր
Ուրիշ ձայների անսովոր լիներ...
Բայց իմ թշնամին սկսավ թուլանալ,
Դես-դեն երերալ ու ծանըր հևալ.
Վերջին անգամ հուպ տվավ ինձ,
Կանգնած աչքերն սպառնալից
Փայլկտեցին, ապա հանգան
Փակված քընով հավերժական:
Բայց հաղթանակող թշնամու առջև
Հըպարտ հանդիպեց նա իր օրհասին,
Ինչպես վայել է կռվում հերոսին...

XIX

«Իմ կրծքի վրա տեսնո ՞ւմ ես դեռ նոր
Նըրա ճանկերի հետքերը խոր-խոր.
Չեն առողջացել նրանք տակավին,
Դեռ չեն ծածկըվել, բայց հողի տակին
Նորից կըբացվեն ու կըթարմանան,
Ու կառողջացնի մահը հավիտյան...
Մոռացել էի ես այնժամ նրանց,
Ու իմ մնացած ուժը հավաքած
Գնում էի միշտ թավուտ անտառում...
Սակայն բախտիս հետ զուր էի կռվում
Նա ծաղրում էր ինձ ու արհամարհում:

XX

«Դուրս եկա կրկին բերանն անտառի,
Օրը բացվեցավ, տըժգույն աստղերի
Բույլը չըքացավ նըրա շողերում:
Ըսկսավ ծըխալ աուլը հեռվում
Ու մութ անտառը շըրշել արթնացած:
Ներքև հովիտում հողմի հետ հանկարծ
Մի ժըխոր անցավ... վրա նստեցի.
Բայց նա հողմի հետ լըռեց վերստին:
Իմ չորս կողմերը ես աչքըս ածի.
Կարծես այն տեղերն ինձ ծանոթ էին:
Սարսափելի էր այս միտքն ինձ համար,
Եվ չէի ուզում հավատալ երկար,
Թե կրկին բանտս եմ ես վերադարձել,
Թե այնքան օրեր զուր եմ մտածել,
Փայփայել գաղտնի միտքը նվիրական,
Տառապել, տանջվել, համբերել այնքան,
Ու բոլորն ինչո՞ւ. — որ այս հասակում,
Դեռ նոր բաց արած աչքըս աշխարքում,
Թավ անտառներում շունչ ու կյանք առած,
Ազատ աշխարքի, կյանքի սովորած,
Ինձ հետ միասին տանեմ գերեզման
Այրող կարոտը սուրբ հայրենիքիս,
Խիստ նախատինքը խաբված հույսերիս
Եվ ամոթանքը ձեր կարեկցության...
Սակայն տակավին կասկածներով լի
Կարծում էի թե՝ երազում էիք
Երբ հանկարծակի խաղաղ օդի մեջ
Զանգի ղողանջը հեռվից տարածվեց.
Այստեղ ինձ համար բոլորը պարզվեց...
Օ ՛, ճանաչեցի իսկույն ես նըրան.
Շատ է փախցըրել նա իմ մանկական
Կարոտ աչքերից վառ երազներիս
Թանգ տեսիլքները, — հարազաաներիս,
Ազատությունը վայրի դաշտերի,
Եվ նժույգները թեթև, կատաղի,
Եվ կռիվները ժայռերի միջին,
Ուր հաղթում էի մենակ ամենքին...
Անլաց, ուժասպառ լըսում էի ես:
Սրտիս միջիցն էր դուրս գալի, ասես:
Կարծես թե մեկը անընդհատ զարկով
Զարկում էր կրծքիս ծանըր երկաթով:
Եվ ես անորոշ այնժամ հասկացա,
Թե այսուհետև դեպի հայրենիք
Երբեք ինձ համար էլ ճամփա չըկա:

XXI

«Հա ՜, արժանի եմ վիճակիս, հայրի ՜կ.
Հըզոր նժույգը օտար դաշտերում
Իր վատ հեծվորին վայր է գլորում,
Հեռու աշխարքից դեպի հայրենիդ
Գտնում է ուղիղ ու կրճատ ուղի...
Ի ՞նչ եմ նըրա մոտ: — Զուր է սիրտս լի
Այսքան թախիծ, տենչ ու փափագ:
Այս ջերմ է լոկ թույլ ու դատարկ,
Ցնորքի մի խաղ, խելքի խանգարում:
Ինձ վրա բանտը իրեն կընիքը
Թողել է արդեն... Այսպես է լինում
Անլույս խավարում բուսած ծաղիկը. —
Քարերի միջին դալուկ ու մենակ,
Թերթիկները փակ, երկար ժամանակ
Մընաց արևի շողերին զըվարթ:
Օրեր անցկացան, ու բարի մի մարդ
Կարեկցությունից հանելով նըրան
Փոխեց մի պարտեզ, վարդին հարևան:
Ամենայն կողմից փարթամ ու շըքեղ
Կյանքի քաղցրություն շնչում էր այնտեղ...
Բայց ի՞նչ դուրս եկավ. հենց օրը բացվեց,
Ու արշալույսի ցոլքը տարածվեց
Նըրա վառվռուն շողերն այրեցին
Խավարչտին բանտում սովորած ծաղկին...

XXII

«Ինձ ևս այնպես, ինչպես և նըրան
Այրում էր տապը անողորմ օրվան:
Իզուր էի ես ծածկել աշխատում
Հոգնած գըլուխս չորացած խոտում.
Փուշ պսակի պես նրա տերևը
Խճըճվում էր իմ ճակտիս վերևը,
Երկիրն երեսիս կրակ էր շնչում,
Ու պըսպղալով կայծերը օդում
Պտըտվում էին: Ելնում էր շոգին
Սիպտակ ժայռերից: Աստծո աշխարքին
Կաշկանդել էր խուլ, գերեզմանական
Ծանըր մըրափը հուսահատության:
Գեթ լորամարգին ճռվողեր, խոսեր,
Կամ թե ճըպուռի ճըռռոցը լսվեր,
Կամ թե մանկական թոթովն առվակի...
Հենց օձն էր մենակ, որ աշնան մարգի
Չորացած խոտը դես-դեն շարժելով,
Դեղնավուն մեջքով փայլկտին տալով՝
Փխրուն ավազը ակոսում, տողում,
Զգույշ սողում էր, քնքշալով խաղում,
Եռակի ոլրում, օղ շինում ագին
Ու մին էլ, հանկարծ, կարծես թե շանթած
Իրեն նետում էր, թռչում սրընթաց,
Թաքչում հեռավոր թըփերի տակին...

XXIII

«Ու ողջ երկնքում մեղմ էր ու պայծառ:
Մըշուշի միջից հեռվում երկու սար
Սևին էին տալիս: Մեկի ետևից
Մեր մենաստանը ժանիքները ցից
Իրեն պարըսպով երևում էր ինձ:
Կուրն ու Արագվան ներքև, հովիտում
Իրենց արծաթյա երիզով պատում
Թարմ կըղզիների ստորոտները,
Ու լըվանալով շրշուն թըփերը,
Սուր հոսում էին ընկած իրարու...
Նրանք ինձանից շատ էին հեռու:
Ասի վեր կենամսակայն առաջիս
Ամեն բան արագ պտույտ էր գալիս.
Ասի թե կանչեմլեզուս ցամաքած
Առանց հնչյուն էր, անշարժ, կարկամած...
Մեռնում էի ես: Տանջում էր մահվան
Զառանցանքը ինձ: Այնպես էր թվում,
Թե խոր գետի թաց հատակում
Պառկած էիու իմ բոլոր
Շուրջը մռայլ խորհըրդավոր:
Եվ, հագեցնելով ծարավս անհագուրդ,
Ջըրի հոսանքը, սառցի նըման ցուրտ,
Խոխոջ հանելով կուրծքըս էր մտնում...
Ես միայն քնելուց էի վախենոսմ
Այնքա՛ն դյուրեկան, այնքան էր քաղցըր...
Իսկ իմ վերևը, ինձանից բարձըր,
Խըռնվում էին ալիքն ալիքին,
Արևը նրանց բյուրեղի միջից
Լուսնի՜ց էլ անուշ նշողում էր ինձ...
Ու խայտաճամուկ պարը ձկների
Մերթ-մերթ խաղում էր այն լուսի տակին:
Եվ հիշում եմ ես նրանցից մեկին.
Նա, ուրիշներից անուշ ավելի,
Փաղաքշում էին ինձ մտերիմ սիրով
Մեջքը ծածկըված ոսկյա թեփերով,
Խայտում էր գլխիս վերև, խըլրտում,
Ու խորն էր այնքա՛ն, քնքույշ ու տրտում
Հայացքը նըրա կանաչ աչքերի...
Ու ես անկշտում հիացած էի:
Արծաթահնչյուն նըրա ձայնիկը
Ինձ զարմանալի բաներ էր պատմում,
Նա մեկ լռում էր, մեկ նորից երգում:
Նա ասում էր. / Իմ պատանի ՜,
Այստեղ ինձ հետ կաց միասին.
Սառն ու հանգիստ միշտ կըլինի
Ազատ կյանքը ջըրային:

«Իմ քույրերին ես կըկանչեմ,
Մենք, միասին պար բըռնած,
Կըխնդացնենք մռայլ դեմքըդ
Ու քո հոգին վաստակած:

«Քնի ՛, մահիճդ ահա փափուկ
Ու վերմակըդ թափանցիկ...
Կանցնեն տարի՛ք, կանցնեն դարե ՛ր
Երազներում գեղեցիկ:

«Օ ՛, պատանի ՜, սիրում եմ քեզ,
Ահա իմ ողջ գաղտնիքը,
Սիրո ՛ւմջըրի ալիքի պես,
Սիրո ՛ւմինչպես իմ կյանքը... »

Ու երկա՛ր, երկար, ես լսում էի.
Կարծես թե հնչուն ալիքը ջըրի
Խառնում էր իրեն մրմունջը խորին
Էն ոսկեթեփուկ ձըկան բառերին:
Այստեղ ինձ կորցրի: Աչքերըս մթնեց
Զառանցանքն հատավ ու տեղի տվեց
Տկարությանը վաստակած մարմնիս...

XXIV

«Այսպես գտան ինձ ու վերցրին...
Մնացածն արդեն հայտնի է քեզ:
Ես վերջացրի: Այժըմ կուզես
Մի ՜ հավատար, այդ չեմ հարցնում,
Մի բան է միայն ինձ տխրեցնում,
Որ իմ դիակն այստեղհեռու,
Իմ մայր հողում չի փըտելու,
Ու ցավերիս վեպքը տըրտում
Չեն պատմելու խուլ խրճիթում,
Որ մեկն ուշքով լսի ու լա
Իմ տխրալի անվան վըրա:

Next page
Pages: First Previous 1 2 3 Next Last