Թումանյան Հովհաննես՝   Թարգմանություններ

XXV

«Մնաս բարյավ, հա ՜յր... քո ձեռքը տուր ինձ.
Տեսնո՞ւմ ես, իմը ինչպես այրվում է...
Այս բոցն, իմանա ՜ ս, մանուկ օրերից
Իմ կրծքի տակին ծածկված մընում է.
Բայց հիմա արդեն էլ սնունդ չըկա,
Ու իրեն բանտը ողջ լափել է նա:
Վերադառնամ է Նրա մոտ կրկին,
Որ օրինավոր կարգով ամենքին
Տալիս է տանջանք ու հանգստություն...
Բայց ի ՞նչ եմ անում. թեկուզ դրախտում,
Ամպերից վերևէն սուրբ աշխարքում
Իմ հոգին իրեն հանգիստ ունենար...
Ա ՛խ, միայն մի քանի վայրկենի համար,
Մռայլ, վիթխարի էն ժայռերի մեջ,
Ուր անց եմ կացրել օրերս մանկության,
Կըտայի ես ողջդրախտ, հավիտյան...

XXVI

«Երբ որ, ծերունի ՜, մեռնելու լինեմ,
Ու գիտեմերկար չըպիտի ապրեմ, —
Պատվեր տուր այնժամ դու ինձ տանելու
Մեր կանաչ այգին, այնտեղ, ուր երկու
Ճերմակ հակակի թփեր են ծաղկում...
Խոտն այնքան խիտ է նրանց արանքում,
Ու անուշաբույր թարմ օդը այնպե՛ս,
Այնպե՛ս թափանցիկ, այնպես ոսկեշող
Տերևն արևի տակին խաղացող...
Դու հըրամայի ինձ այնտեղ տանեն:
Պայծառ ցերեկի փայլով ոսկեղեն
Վերջին անգամը կարբենամ գեթ ես:
Կովկասն այնտեղից կերևա նույնպես:
Կարելի է հով զեփյուռների հետ
Ուղարկի նա ինձ վերջին հըրաժեշտ
Իր բարձունքներից հզոր, աննըվաճ...
Ու իմ ականջին, օրհասից առաջ
Կըհնչի դարձյալ հարազատ մի ձեն:
Ու կըմտածեմ, թե ընկերըս է էն,
Կամ թե եղբայրս վրաս կորացած՝
Զգույշ ձեռքերով դեմքիցս կամաց
Մահվան սառնամած քրտինքն է սրբում
Ու մեր տան մասին կիսաձայն երգում...
Ու ես այս մըտքով խաղաղ կըհանգչեմ,
Էլ չեմ գանգատվի ոչ-ոքի ընդդեմ...»:

Բայրոն

ՉԱՅԼԴ ՀԱՐՈԼԴԻ ԵՐԳԸ

Մնաս բարյա ՛վ, կապույտ հեռվում
Կորչող եզերք հայրենի,
Բուքն հեծում է, ծովը գոռում,
Ճայը ճըչում վայրենի:

Արևն ահա շտապում է
Ծովի խորքում հանգչելու...
Բարի գիշեր, իմ հայրենի ՜ք,
Մնաս բարյավ նաև դու:

Կանցնեն ժամեր և նա կրկին
Նոր առավոտ կըծնի,
Ես կողջունեմ ծով ու երկինք,
Բայց ոչ հողը մայրենի...

Ապարանքըս ամայացած,
Օջախս հանգածանկըրակ,
Պատերիս մեջ խոտ է լցված,
Շունըս ոռնում դռան տակ:

Մոտիկ արի ՜, մանկլավիկս,
Ինչո ՞ւ համար ես կոծում,
Վախենու՞մ ես ալիքներից,
Թե՞ ցրտիցն ես դողացնում:

Սրբի՜ր աչքիդ արտասուքը,
Պինդ է մեր նավն և թեթև,
Հազիվ նրան կարողանար
Հասնել բազեն սըրաթև:

Չեմ վախենում, թող հողմահար
Ալիքները բարձրանան,
Բայց դու, պարո ՜ն, մի ՜ զարմանար,
Որ ես լալիս եմ այսքան. —

Հեռացել եմ ես իմ հորից
Եվ մորիցըս սիրասուն,
Դու ես ընկեր մընացել ինձ,
Եվ նա, որ կա երկնքում:

Հայրս օրհնեց գալիս ինձի
Եվ չըտնքաց միանգամ,
Բայց մայրս խիստ պիտի հեծի,
Մինչև ես ետ կըդառնամ:

Հերի ՜ք, մանուկ, այդ արցունքը
Վայե՞լ է քո աչքերին.
Թե պարզ լիներ և իմ սիրտը
Իմ աչքերս էլ կուլային:

Ե ՜կ, զինակիրս հավատարիմ,
Ի՞նչ գունատ ես երևում,
Ֆրանսիացո՞ւց մեր ոխերիմ,
Թե ՞ բուքիցն ես վախենում:

Ինձ համար չեմ դողում, պարո ՜ն,
Այդքան թույլ չէ քո ծառան,
Բայց հարազատ կնոջ հոգսը
Դժգունացնում է նորան:

Ամրոցիդ մոտ ես տխրադեմ
Զավակներիս թողեցի,
Արդ, հոր մասին եթե հարցնեն,
Մայրը նրանց ի՞նչ ասի...

Բավական է, բարի ծառաս,
Դու իրավ ես վշտանում,
Իսկ ես անփույթ եմ ավելի,
Ծիծաղելով եմ գընում:

Եվ արդյոք ո՞վ կը հավատար
Հառաչանքին կանացի,
Մեր տեսած լացը մի օտար
Սիրուն աչքից կըսրբի...

Չեմ ափսոսում վայելքս հին,
Ոչ վտանգից կըսարսեմ,
Այն է, որ չեմ թողնում մեկին,
Որի համար արտասվեմ:

Եվ այժմ ահա ես մենակ եմ
Լայնատարած այս ծովում,
Բայց թե ինչո՞ւ կըհառաչեմ,
Երբ ինձ համար չեն ցավում: —

Շունը երկար չի ոռնալու,
Մի ուրիշը կըխնամի,
Եվ, թե լինեմ ես դառնալու,
Պատառ-պատառ ինձ կանի:

Դե ՜հ, իմ նավակ, մենք սլանանք,
Ծովի վերա փրփրադեզ,
Ուր որ կուզես, հոգ չէ, գնանք,
Միայն հայրենիք չըտանես:

Ողջո ՛ւյն. ողջո ՛ւյն մութ ալիքներ.
Եվ, երբ աչքիցս ընկնեիք,
Ողջո ՜ւյն, խուղե ՛ր, անապատնե ՛ր...
Բարի գիշեր, հայրենի ՜ք:

Բայրոն

ԻՆԵՍԻՆ

Ո ՜չ, մի ժըպտա ինձիմ մութ ճակատին,
Ավա ՛ղ, քեզ ժըպտալ կարող չեմ էլ ես,
Բայց երկինք չանե, որ լաց լինես դու,
Եվ լաց լինես դու գուցե զուրինձ պես:

Թե էն ես հարցնում՝ ինչ ցավ է գաղտնի,
Որ խընդությունըս ու կյանքս է մաշել,
Իզուր է, չըքնա ՜ղ, իզուր կիմանաս,
Եվ դու էլ նույնիսկ չես կարող բուժել:

Ո ՜չ սերն է պատճառ, ո ՜չ ատելություն,
Ո ՜չ սին փառքերի կորուստը, ավա ՛ղ,
Որ փախչում եմ ես ձըգած տեղ ու տուն,
Ձըգած ամեն բան, ինչ որ թանկ էր վաղ:

Ինչ որ տեսնում եմ, լըսում աշխարհում
Ձանձրացնում է ինձ ամե ՛ն, ամե ՛ն բան.
Էլ գեղեցկությունն ինձ չի գրավում,
Ոչ էլ քու աչքերն այդքան աննըման:

Էս էն անհանգիստ վիշտն է ամեհի,
Որ թափառական ջհուդն ուներ հեգ.
Շիրմից էն կողմը չի ուզում նայի,
Էս կողմը հուսալչի կարող երբեք:

Էլ ո՞ւր փախչեմ ես ինքըս ինձանից.
Թեկազ հեռավոր երկրի մի անկյուն,
Ուր որ էլ գնամ՝ հետևում է ինձ
Կյանքի էս ժանգըմըտքիս դևն անքուն:

Ուրիշներն այնինչ, հաճույքից հարբած,
Վայելում են գոհ՝ ինչ լքել եմ ես...
Ո՛վ, թող վայելեն, ու երնե ՛կ, երնեկ
Իրենց երազից չըզարթնեն ինձ պես:

Ես պետք է անցնեմ աշխարհից աշխարհ,
Քանի ետ նայեմայնքան անիծեմ,
Եվ էն է սփոփանք մնում ինձ համար
Վատթարն եմ տեսնելինչ էլ գա իմ դեմ:

Բայց էն վատթարը... մի ՜ հարցնի էդ ինձ.
Գո ՜ւթ արա, սիրո ՜ւն. ժպտա դու կրկին,
Մի քաշի այդպես դիմակն իմ սրտից,
Որ տեսնես տակի դժոխքն ահագին:

Բայրոն

ՇԻԼԻՈՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ
ՍՈՆԵՏ ՇԻԼԻՈՆԻՆ

Ո ՛վ ազատության, շունչ հավերժական.
Բանտերումն ես դու շըքեղ ճաճանչում,
Այնտե՛ղ, ուր սիրտը՝ քեզ բընակարան
Եվ քո սերըն է միայն ճանաչում:

Եվ երբ որդիքըդ զարկած շըղթայի,
Անլույս բանտերում նահատակվելով,
Փառավորում են երկիրն հայրենի,
Ծավալվում ես դու հողմի թևերով:

Շիլիո ՜ն, քո բանտը սըրբավայր է միշտ,
Եվ քո տըխրալի հատակը՝ սեղան.
Բոնիվարն այնտեղ տանջվեց բազմավիշտ,
Թողեց հետքերը քարերի վըրան:

Եվ թող միշտ մընան նրրանք անջընջում,
Որ բռնությունից աստվա ՛ծ են կանչում:

I

Գորշ են մազերըս, բայց ոչ տարիքից,
Ոչ էլ մի գիշեր
Դարձա այսպես ծեր,
Որ պատահում է հանկարծ երկյուղից:
Ձեռք ու ոտներըս էլ այսպես չորացան
Ոչ թե բանելուց, այլ գարշ հանգըստից,
Խավարչտին բանտին երբ ավար դարձան,
Զըրկված արևից, աշխարքից, օդից:

Իմ հայրը այրվեց խարույկի վըրա,
Չուզեց իր պաշտած հավատն ուրանա,
Իրեն որդիքն էլ նույն բանի համար
Օթևան գըտան բանտումը խավար:
Յոթ հոգի էինք, մընացել եմ ես:
Մեկը տարիքով, վեցն երիտասարդ,
Ինչպես սկըսան, վերջացրին նույնպես,
Հալածանքների սաստկությամբ հըպարտ:
Մինը կըրակում, երկուսը կըռվում
Կընքեցին իրենց հավատն արյանով,
Իրենց հոր նըման մեռան անկոտրում
Թըշնամու մերժած աստծու անունով:
Վերջին երեքը բանտն էին ձըգված,
Որոնցից ես եմ մընացել հիմի,
Հիվանդ բեկորըս մեր անբախտ տոհմի:

II

Այնտե ՛ղ, հին ու խոր բանտում Շիլիոնի
Յոթը հատ սյուներ գոթական ձևի,
Յոթը հա ՛ստ սյուներ, ծանր ու գորշագույն.
Երևում են թույլ մի շողով տըժգույն,
Որ, ասես իրեն ճամփեն մոլորել,
Պատի արանքից պատահմամբ ընկել
Խոնավ հատակին խաղում է տըխուր,
Ինչպես ճահճային աղոտ մոլեհուր:
Ամեն սյունի մեջ այնտեղ մի օղ կա,
Եվ ամեն օղակն ունի մի շըղթա:
Սոսկալի բան է երկաթի շըղթան.
Ուտում են նըրա ժանգ-ժանիքները.
Նըրանք մաշելով մարմնիս մեջ մըտան,
Ու չեն ջնջվելու երբե ՛ք հետքերը,
Մինչև չըթողնեմ օրվան լույսը վառ,
Ծանը ՛ր, ատելի աչքերիս համար,
Որոնք չըգիտեմ, թե քանի տարի
Չեն տեսել պայծառ երեսն արևի:
Այդ տարիների չեմ հիշում թիվը.
Թողեցի նըրանց տըխուր հաշիվը
Այն օրից, ինչ որ եղբայրս վերջին
Թոշնեց ու մեռավ աչքիս առաջին:

III

Նըրանք սյուներին մեզ շըղթայեցին:
Մենք ջոկ-ջոկ էինք, թեև միասին,
Մենք չէինք կարող ոչ մի քայլ անել,
Ոչ իրար երես խավարում տեսնել:
Աղոտ, կապտավուն այն լույսն էլ որ կար,
Մեզ մեր աչքերում դարձըրեց օտար:
Այսպես միասին, բայց ջոկ-ջոկ կապած,
Աշխարքի ամեն բարիքից զըրկված,
Մի մըխիթարանք միայն ունեինք,
Որ իրար ձայներ իմանում էինք:
Ու սըրտով կըպած, իրարից հեռու
Մենք սկըսեցինք սիրտ տալ իրարու
Նոր-նոր հույսերով կամ թե հին վեպով,
Կամ հերոսական անվեհեր երգով:
Սըրանք էլ սակայն պաղեցան վերջում.
Տըխուր էին մեր ձայները հընչում,
Տըխո ՛ւր ու խըռպոտ, խուլ ու ահռելի՝
Պաղ արձագանքը բանտի քարերի...

IV

Մեր փոքրը, որին հայրըս սիրում էր,
Որ մեր հանգուցյալ մոր ճակատն ուներ,
Ու աչքերն ինչպես կապույտը երկնի,
Նա էր իմ հոգին տանջում ավելի:
Իրավ, տեսնելիս մարդ չէր դիմանում.
Այնպիսի ՛ թըռչնակ այսպիսի ՛ բընում...
Գեղեցիկ էր նա, պայծառ ու մաքուր,
Եվ ուրախ, զըվարթ սըրտով բընատուր:

V

Մյուսն էլ նրա պես հոգով անարատ,
Ծընված էր սակայն հուժկու տըղամարդ:
Ուրախ ու պատրաստ ամեն ժամանակ
Աշխարքի ընդդեմ խիզախել մենակ,
Միայն թե չըհեծեր շըղթայի տակին.
Շըղթայի ձայնից մարում էր հոգին:
Նա լուռ, անմըռունչ ընկնում էր արդեն:
Ես էլ թերևս ընկճըված նույնքան,
Ճիգ էի անում, որ սըրտապընդվեն
Վերջին հույսերը թանկագին մեր տան:
Իգո ՛ւր. նա ընկավ, նա մեռավ... տեսա...
Ես տանջվում էի թեև, աշխատում,
Շըղթաս կըրծոտում, շըղթաս կըտրատում,
Տագնապի ժամին իրեն չըհասա...
Նա մեռավ... Եկան, կապանքը վերցրին,
Հենց այնտեղ, բանտում, աչքիս առաջին
Մի փոս փորեցին սառն ու երեսանց...
Աղաչանք արի, խնդրեցի նըրանց.
Որ շընորհ անեն՝ թաղեն այնտեղում,
Ուր որ արևի ճաճանչն է խաղում...
Այս խենթ, խելագար տըխմար մի միտք էր,
Բայց այն ժամանակ գըլուխս էր մըտել,
Թե ազատ ծընված, ազատ սովորած
Իմ եղբոր հոգին, թեկուզ և մեռած,
Չէր հանգըստանա գերության բանտում...
Զուր էի սակայն այնպես պաղատում.
Նըրանք ինձ վըրա քահ-քահ խընդացին,
Եվ մեր սիրելի եղբայրը կըրկին
Այն պաղ, անդալար հողումն է թաղված.
Ու գըլխի վերև անբաժան կախված
Բըռնակալներին վայել հուշարձան՝
Եղբորըս կըրած ու թողած շըղթան:

VI

Իսկ մեր ծաղիկը, փոքրը մեզանից,
Ամենքից սիրվածն իր ծընված ժամից,
Իր սիրուն դեմքով մեր մոր պատկերը,
Մեր գերդաստանի մանկական սերը,
Նահատակ մեր հոր ցնորքը նվիրական
Եվ իմ հոգսերի վերջին առարկան,
Որի համար միայն ինձ պահում էի,
Որ նըրան ազատ գեթ մի օր տայի.
Նա, որ դեռ հոգին պահել էր այնպես
Տակավին զըվարթ, գուցե առերես,
Նա էլ խորտակվեց, օրեցօր և նա ՜
Սկըսավ թոշնել ցողունի վըրա:
Բայց այնքա՛ն խաղաղ էր նա թառամում,
Լո ՛ւռ, մեղմիկ հալվում, ուժերը քամվում,
Առանց արցունքի, քնքույշ ու բարի...
Ինձ համար էր միայն հոգում ու ցավում...
Եվ ոչ մի տըրտունջ, մի «ա՜խ» չարավ նա
Իրեն վաղաժամ օրհասի վըրա:
Մի փոքըր խոսեց մեր լավ օրերից,
Մի քիչ սփոփեց, հույսեր տըվավ ինձ,
Քանզի ես անհուն վըշտից քարացել,
Կորուստիս առջև լուռ էի կացել.
Ապա թառանչը, որ զըսպում էր նա,
Արդեն երկարեց, նըվազեց ահա...
Ականջ դըրի ես... չէր լսվում իսպառ.
Ձայն տըվի նըրան ահից խելագար...
Կանչեցի... կարծես մի ձայն լըսեցի...
Ուժգին ցընցումով շըղթաս կըտրեցի,
Ընկա նըրա մոտ. նըրան չըգըտա...
Ես էի մենակ մըթնումը շարժվում.
Ես էի ապրում, ես էի շընչում
Անիծված օդը մեր խոնավ բանտի:
Սա գետնի վըրա, նա գետնի տակին,
Երկու եղբայրս էլ վախճանված էին:
Ընկած չոր ձեռքը բռնեցի, ավա՛ղ,
Նըրա պես նույնիսկ իմ ձեռքի էլ էր պաղ:
Ուժ չըկար շարժվեմ կամ մի ճիգ անեմ,
Բայց գգում էի, որ դեռ ապրում եմ...
Կատաղի մի վիշտ, երբ գիտենք, որ նա,
Ում սիրում էինք, այլևս չըկա...
Չըգիտեմ ինչպես,
Չէի մեռնում ես.
Երկրում ինձ համար
Էլ ոչինչ չըկար...

VII

Իսկ հետո այնտեղ ինձ ինչ պատահեց...
Այդ ես չըգիտեմ ու չեմ իմացել.
Նախ օդը հատավ, լույսը պակասեց,
Ապա թե մութը չըքացավ հանկարծ:
Զգացում ու միտք՝ էլ ոչինչ չըկար:
Չէի հասկանում, ինչ էի զգում,
Քարերի միջին կանգնած մի լեռ քար,
Մի լերկ ապառաժ` գագաթը միգում...
Ամեն բան դատարկ, մըռայլ ու գորշ էր:
Ոչ ցերեկ էր այն և ոչ էլ գիշեր,
Եվ ոչ իմ բանտի նըսեմ լույսը կար,
Այնքան ատելի աչքերիս համար:
Մի տարածություն՝ դատարկությամբ լի,
Եվ հաստատություն՝ առանց մի տեղի...
Չըկային աստղեր, ժամանակ, աշխարհ,
Ոչ փորփոխություն, ոչ բարի, ոչ չար.
Խորի ՛ն լռություն... և կանգնած օդում
Ոչ մահվան նշույլ, ոչ կյանք էր նկատվում.
Այն անգործության մի ծով էր կանգուն,
Անշարժ ու համըր, խավար ու անհուն...

VIII

Բայց ահա մի շող ցոլաց իմ գըլխում.
Այն մի գեղեցիկ թըռչունի ձայն էր,
Մերթ լըռում էր նա, մերթ նորից երգում.
Այնպես քընքույշ երգ լըսած չէի դեռ:
Մինչ լըսում էի կախարդված հոգով,
Լըցվեցին աչքերըս ուրախ արցունքով
Եվ ես մի առ ժամ չէի նըկատում
Թըշվառությունըս այն խավար բանտում:
Բայց շուտով միտքըս սովոր ընթացքով
Երբ վերադարձավ, իրական աչքով
Շուրջըս, վերևըս ես տեսա կըրկին
Պատերն, օճորքը, նըկուղը մըթին,
Առաջվա նըման ուր որ հազիվ հազ
Արևի շողքը ընկնում էր նվազ:
Բայց և այն ճեղքում, որ ընկնում էր նա,
Ավելի հանգիստ քան ծառի վըրա,
Նըստած էր թըռչնակն ուրախ ու անփույթ,
Մի սիրո՛ւն թըռչնակ, թևերը կապույտ:
Հազար զանազան բաների վըրա
Գեղգեղում էր նա,
Ու ինձ էր ասում կարծես բոլորը:
Դեռ ոչ մի անգամ մինչև այն օրը
Նըրա նըմանը տեսած չէի ես,
Ոչ էլ կըտեսնեմ: Նա էլ էր ասես
Ինձ նըման մենակ, ընկերրից զըրկված,
Սակայն ինձ նըման հույսը չէր հատած:
Նըրա համար էր նա եկել մենակ,
Որ մըխիթարի ինձ որբ ժամանակ.
Ու ծըլվըլալով մութ բանտիս ծայրից՝
Լըցնում էր կյանքով իմ սիրտը նորից:
Բայց ո՞վ էր ինքը, իմ հյուրը երգիչ.
Արդյոք երկընքի ազատ բնակի՞չ,
Թե ՞ իր վանդակից հենց նոր ազատվել,
Եկել էր իմիս վերևը նըստել...
Չըգիտեմ, բայց ես` քաշած գերություն
Չէի ցանկալ քեզ, սիրունիկ թըռչո՜ւն:
Սակայն թերևս թըռչնի կերպ առած
Մի այցելու էր դըրախտից թըռած...
Այս միտքը այնժամ, թող ներե ինձ տեր,
Պատճառեց անչափ խինդ ու արցունքներ:
Մըտածում էի, թե նա իմ կարոտ
Եղբոր հոգին էր, եկել էր ինձ մոտ...
Բայց հանկարծ թըռավ և ես իմացա,
Որ մի հողեղեն արարած էր նա.
Մի ՞թե կարող էր եղբայրըս թըռչել,
Ինձ կըրկին մենակ թողնել այն բանտում,
Ինչպես պատանում փաթաթած մեռել,
Ինչպես մի սև ամպ պայծառ կապույտում:

IX

Փոխվեց վիճակըս այն ժամանակից,
Պահապաններըս դարձան կարեկից:
Չըգիտեմ ինչու մեղմացան նըրանք,
Որ սովոր էին տեսնել չարչարանք, —
Բայց այսպես եղավ: Ոչ ոք իմ կրտրած
Շըղթան չըկապեց ու մընաց միշտ բաց:
Եվ շրջում էի իմ բանտում ազատ
Ողջ երկարությամբ, մի պատից մի պատ:
Բայց երբ թըվում էր, անըզգույշ քայլով
Կոխեցի նըրանց հանգիստը տըխուր,
Դողդողում էի սաստիկ հևալով
Ու սիրտըս ցավից ճըմլում էր ամուր:

X

Ես ոտնատեղեր փորեցի պատում.
Սակայն փախչելու չէի աշխատում,
Ես թաղել էի արդեն բոլորին,
Որոնք աշխարքում ինձ սիրում էին,
Եվ այնուհետև աշխարքն ինձ համար
Մի բանտ էր նույնպես, բայց մեծ ու անծայր:
Էլ ոչ ոք չըկար այնտեղ ինձ մոտիկ.
Հայր, մայր, կամ եղբայր, ընկեր կամ որդիք...
Ես ուզում էի միայն բարձրանալ
Վանդակով փակած լուսամատներին,
Այնտեղից հանգիստ, մի անգամ դարձյալ
Նայել հըրճվանքով բարձըր սարերին:

XI

Ես տեսա նըրանց. դարձյալ նույնն էին
Ու չէին փոխվել նըրանք ինձ նըման.
Կըրկին դարևոր ձյունը գըլխներին,
Ներքև մեծ լիճը, կապտաջուր Ռոնան...
Ջըրերը զըվարթ աղմըկում էին
Մացառուտներում, ժայռերի միջին,
Արևում փայլոււմ ճերմակ քաղաքը
Ու լըճում հանդարտ սահում նավակը,
Թեթև՛, ձյունափայլ առագաստը բաց:
Ապա այնտեղ ցած
Մի փոքրին կըղզի մենավոր, կանաչ
Ժըպտում էր, ասես, իմ աչքի առաջ:
Բանտիս հատակից մի քիչ մեծ կըգար
Ու բուսել էին վըրան երեք ծառ:
Լեռնային հովը շընչում էր այնտեղ,
Ափերին վըճիտ ջըրերը ծըփում,
Զըմրուխտ դալարի միջում գունագեղ,
Քընքույշ, վառվըռուն ծաղիկներ ծաղկում:
Բանտի պատի տակ ձըկան մի վըտառ
Լողում էր անչափ ուրախ ու կայտաո,
Թագավորում էր արծիվն վերևում,
Ու թափն ավելի ուժգին էր թըվում,
Երբ որ նա հանկարծ ուղղում էր դեպ ինձ:
Աչքերս արցունքով լըցվեցին նորից
Ու այնպե՛ս թախիծ տիրեց իմ սըրտին,
Ասես ցավեցի, որ լուսամուտին
Եկա մոտեցա իմ շըղթան թողած:
Շտապով իջա դարձյալ դեպի ցած
Ու մըռայլ բանտիս խավարը ահա
Ծանըր ճընշելով չոքեց ինձ վըրա:

XII

Ամիսներ, տարիք թե օրեր անցան,
Ես ոչ հաշվել եմ և ոչ իմացել.
Մութն էր իմ բանտը, տըխուր մըշտական
Ու երբեք պայծառ հույս չեմ ունեցել:
Եկան վերջապես ինձ ազատելու.
Չէի հասկանում՝ ո՛ւր եմ գընալա,
Ոչ էլ հարցըրի՝ է՜ր են ազատում.
Մին էր ինձ համար, ազատ թե բանտում.
Ու այն ժամանակ իմ բանտի միջին
Երբ որ ձըգեցին կապանքըս վերջին,
Այնպես էր թըվում, թե նըրանք եկել,
Ուզում էին ինձ բաժանել, զըրկել
Իմ երկրորդ տանից: Ես մինչև անգամ
Այնտեղ սարդերին դարձա բարեկամ.
Ու միշտ ուշադիր հետևոււմ էի,
Երբ որ լըրջորեն նըրանք ձանձրալի
Իրենց արհեստով էին ըզբաղվում.
Կամ դիտում էի, երբ մուկն էր խաղում
Լուսնի լուսի տակ: Ինչո՞ւ նըրանց պես
Ինձ էլ մեր տանը չըզգայի և ես...
Մենք՝ բնակիչներ ամենքըս մի տան,
Ու ես նըրանց մեջ մի պետ անսահման,
Կյանքի ու մահվան վըճիռն իմ ձեռքում.
Բայց այնպե՜ս խաղաղ էինք բնակվում...
Նույնիսկ շըղթայիս դարձա ես ընկեր...
Այսպես մընալով օրեր, տարիներ,
Սովորում է մարդ իրեն վիճակին,
Ու... ես ցավեցի իմ բանտի շեմքին:

Հ. Լոնգֆելլո

ՀԱՅԱՎԱԹԻ ԵՐԳԸ

(Հատված)

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Եթե հարցնեք՝ ո՞րտեղից են
Էս լեգենդներն ու զրույցներն
Անտառների անուշ բույրով,
Հովիտների շաղ ու մուժով,
Վիգվամների ոլոր ծուխով,
Մեծ գետերի սահանքներով,
Նրանց անվերջ որոտումով
Ու վայրենի արձագանքով,
Ինչպես ամպրոպ սարերի մեջ,
Ես ձեզ կասեմ, ձեզ կըպատմեմ:

Անտառներից, հովիտներից,
Նորդլանդիայի մեծ լըճերից,
Օջիբվայի խոր աշխարհից,
Դակոտների վայրի երկրից,
Ճահիճներից, ճախիններից,
Ուր շուհ-շուհ-գան՝ արագիլը
Կեր է փնտրում ճըլկուտներում,
Կրկնում եմ ես էս զրույցներն
Անուշ երգիչ ու երաժիշտ
Նավադահի պարզ երգերով:
Եթե հարցնեք՝ ո՞ւր է գըտել
Էս երգերը Նավադահան,
Էսքան վայրի ու քըմահաճ.
Ես ձեզ կասեմ, ձեզ կըպատմեմ:
Թռչունների բըների մեջ,
Ջըրշունների խոռոչներում,
Բիզոնների արոտներում,
Արծիվների բընավայրում.

Ճահիճներում, ճախիններում,
Մելամաղձիկ թափառելով,
Երգում էին նըրա համար
Մանգը՝ բադը, սագը՝ վավան,
Եվ շուհ-շուհ-գան՝ արագիլը,
Եվ կըտցարը՝ չիթովեյկը,
Վայրի հավը՝ մուշկոդազան:

Եթե դարձյալ հարցմունք անեք՝
Ո՞վ է հապա Նավադահան,
Պատմի դու մեզ նըրա մասին.
Ձեր հարցմունւքին էս խոսքերով
Կըտամ իսկույն ես պատասխան:
Թավազենթի պերճ հովիտում,
Ճոխ մարգերի լըռության մեջ,
Արծաթափայլ ջըրերի մոտ
Ապրում էր վաղ Նավադահան:

Հընդիկ գյուղի շուրջը բոլոր
Փըռվում էին հանդեր, արտեր,
Ու կանգնած էր հին ծըմակը,
Հին ծըմակը սոճիների,
Ամռան՝ կանաչ, սոսափելով,
Ձմռան՝ փայլուն ճերմակ ձյունով,
Լիքը երգով, հառաչանքով:
Հովիտն ի վար հոսում էին
Էն ջըրերը արծաթափայլ,
Գարնանը՝ խիտ եղեգնուտով,
Ամռանն՝ երկար բարդու շարքով,
Աշնանը՝ գորշ մեգի տակին,
Ձըմռան՝ ճերմակ ափերի մեջ:
Ու ապրում էր երգիչն էնտեղ,
Թավազենթի պերճ հովիտում,
Ճոխ մարգերի լռության մեջ:

Էնտեղ երգեց նա էս երգը,
Անուշ երգը Հայավաթի,
Թե ինչպես նա ծնվեց, ապրեց,
Ու ինչչպես էր ճգնում, տանջվում,
Քարոզում էր ու համոզում,
Որ երջանիկ դարձնի մարդին,
Որ բարձրացնի ժողովրդին:

Ով սիրում է բընությունը
Ու մարգերում լույսն արևի,
Սիրում ստվերն անտառների,
Սիրում հովը տերևներում,
Եվ անձրևը, և փոթորիկ,
Եվ սահանքը մեծ գետերի,
Եվ կայծակը սարերի մեջ,
Թավուտներում սոճիների,
Նա կըլսի էս զըրույցը,
Չքնաղ երգը Հայավաթի:

Ով սիրում է ժողովրդի
Լեգենդներն ու բալլադները,
Որոնք, ինչպես հեռու ձայներ,
Կանչում են, որ ականջ դնենք,
Ու խոսում են պա՛րզ, մանկաբար,
Որ հազիվ է մարդ որոշում՝
Ե՞րգ է արդյոք թե պատմություն,
Ականջ կանի նա հաճույքով
Էս հնդկական հին զըրույցին,
Խաղաղ երգին Հայավաթի:

Նա, ում սիրտը թարմ է ու պարզ,
Հավատում է աստծուն, բնության,
Հավատում է, որ հավիտյան
Մարդկային է սիրտը մարդու.
Որ՝ վայրենի լանջի տակ էլ
Մի անմեկին կյանքի համար
Կան բաղձանքներ ու ձգտումներ.
Որ՝ խավարում խարխափելիս,
Թույլ ձեռքերը անօգնական,
Հանդիպելով աստծո աջին,
Կյանք են առնում ու զորանում.
Նա կըկարդա էս զըրույցը,
Էս պարզ երգը Հայավաթի.

Որ երբեմն՝ իր շըրջակա
Լուռ հանդերում թափառելիս՝
Մի մոռացված շիրմի առջև
Կանգ է առնում, միտք է անում
Նրա կիսեղծ գըրի վըրա,
Որ գրված է պարզ, անարվեստ,
Սակայն որի ամեն խոսքը
Լիքն է կյանքի, հանդերձյալի
Անվերջ հույսով ու թախիծով,
Նա կըկանգնի ու կըկարդա
Խոր հնության արձանագիր
Էս հին երգը Հայավաթի:

ԽԱՂԱՂՈԻԹՅԱՆ ՉԻԲՈՒԽԸ

I

Ու մեծ դաշտի լերանց վըրա,
Կարմիր ժայռի բարձունքներին,
Նա, հզորը, կյանքի տերը՝
Գիտչի-Մանիտոն իջնելով,
Կանգնեց շիտակ և ազգերին
Ու ցեղերին կանչեց ի մի:

Նրա ոտքի տեղից բըխեց,
Հոսեց մի գետ անդունդն ի վար,
Առավոտյան շողերի մեջ
Շողշողալով ու ծոր տալով
Էն Իշկուդա-աստղի նման:
Ու խոնարհեց Ոգին երկրի,
Աջով մարգում նրա համար
Գծեց ոլոր մի ճանապարհ,

Գնա՜, ասավ, էս ընթացքով:
Ապա պոկեց իրեն ձեռքով
Քարահանքից մի կտոր քար,
Շինեց կարմիր չիբխի գլուխ
Ու զարդարեց նկարներով:
Գետի ափից եղեգն առավ
Իր մութ կանաչ տերևներով
Ու կոթ շինեց չիբխի համար.
Լըցրեց ուռու չոր կեղևով,
Կարմիր ուռու չոր կեղևով:
Շընչեց մոտիկ մեծ անտառին,
Ու ճյուղերը տըվավ իրար,
Կըրակ հանեց, վառեց չիբուխն,
Ու կանգնելով էն սարերին
Գիտչի-Մանիտոն՝ հըզորը,
Ծըխեց իրեն գալյումետը,
Իբրև նշան ողջ ազգերին:

Ու ծուխն ելավ կամաց-կամաց
Առավոտյան խաղաղ օդում,
Առաջ ինչպես մըթին մի գիծ,
Հետո կապույտ, խիտ գոլորշի,
Ապա ճերմակ ամպի նըման
Բարձրանալո՛վ, բարձրանալո՛վ,
Մինչև հասավ վեր երկընքին,
Մինչև ցըրվեց վեր երկընքում
Ու փաթաթեց շուրջն ամեն բան:

Թավազենթի դաշտավայրից,
Վաոմինգի հովիտներից,
Տուսկալուզի ծըմակներից,
Հեռո՛ւ, հեռո՛ւ Ժեռ սարերից,
Նորդլանդիայի լըճափերից
Ազգերն ամեն նըկատեցին,
Տեսան հեռվում բարձրանում է
Խաղաղության չիբխի ծուխը:

Ու ազգերի մարգարեներն
Ասին՝ տեսե՜ք, էն Պուկվանան
Խաղաղության չիբխի ծուխն է,
Որ թեքվում է ուռենու պես,
Շարժվում կանչող ձեռքի նման:
Մեծ, հեռավոր էն նշանով
Գիտչի-Մանիտոն՝ հըզորը,
Կոչ է անում մարտիկներին
Ողջ ազգերի ու ցեղերի:

Գետերն ի վեր հովիտներով
Եկա՛ն, եկա՛ն, հավաքվեցին
Մարտիկները ողջ ազգերի.
Դելավարներն ու մոհոկները,
Չոտկոսներն ու կամանչները,
Շոշոններն ու սեվոտները,
Օմոհոններն ու պոները,
Մանդաններն ու դակոտները,
Հարոններն ու օջիբվեները:
Ծամփա ելան ողջ միասին
Խաղաղության չիբխի ծըխի՝
Գալյումետի ծըխի վըրա
Դեպի սարերն էն մեծ դաշտի,
Մեծ քարհանքի Ժայռը Կարմիր:

Ու զենքերով, զըրահներով,
Նախշուն, ինչպես աշնան տերն,
Ինչպես երկինք առավոտյան,
Էնտեղ, դաշտում, նրանք կանգնած
Նայում են խեթ իրար վրա,
Աչքերի մեջ ատելության,
Սըրտերի մեջ դարևոր քեն,
Արյան ծարավ պապենական:

Գիտչի-Մանիտոն՝ հըզորը,
Արարիչը մարդկանց ազգի,
Նայեց նրանց կարեկցաբար:
Իր հայրական սիրով նայեց
Նրանց կըռվին ու պայքարին,
Ինչպես իրեն անխելք ու խակ
Մանուկների կըռվի վըրա:

Ու տարածեց իր աջ ձեռքը՝
Մեղմի նրանց բընույթը կոշտ,
Մեղմի տապը, ծարավն անհագ
Իրեն աջի հովանու տակ:
Խոսեց խրոխտ ու վեհ ձայնով,
Էն ջըրերի աղմուկի պես,
Որ թնդում են խոր անդընդում,
Խըրատելով, նախատելով
Էսպես խոսեց ազգերի հետ.

Ո՛վ իմ որդիք, իմ հե՛գ որդիք,
Ականջ դըրեք իմաստության,
Ականջ դըրեք խրատներին
Ձեր արարիչ, ձեր ստեղծող
Հըզոր Ոգու շըրթունքներից:
Տըվի ես ձեզ ամեն բարիք.
Երկիր տըվի՝ որսի համար,
Գետեր տըվի՝ ձուկ բըռնելու.
Տըվի ձեզ արջ, տըվի բիզոն.
Տըվի եղնիկ ու եղջերու,
Տըվի ըսկյուռ, տըվի ջըրշուն
Ու ճահիճներ լի հավքերով.
Ինչո՞ւ գոհ չեք դուք տակավին,
Ինչո՞ւ եք դուք որսում իրար:

Հոգնել եմ ես ձեր վեճերից,
Ձեր արյունոտ կըռիվներից,
Հոգնել եմ ձեր՝ սպանության
Ու վըրեժի աղոթքներից:
Ձեր ուժն ամբողջ սիրո մեջ է,
Ձեր կորուստը՝ կըռիվների.
Արդ ապրեցեք այսուհետև
Խաղաղ, սիրով, եղբոր նըման:

Ես կուղարկեմ մի մարգարե,
Փրկիչ համայն ձեր ազգերի:
Նա կաշխատի, կապրի ձեզ հետ,
Կառաջնորդի, կըքարոզի:
Եթե լըսեք նըրա խոսքին,
Կըբազմանաք, կերջանկանաք,
Իսկ թե թողնեք անուշադիր,
Կընըվազեք ու կըկորչեք:

Մըտեք այժմ էս գետի մեջ
Ու լըվացեք ձեր դեմքերից
Կըռվի վայրի նըկարները
Ու արյունը ձեր մատների:
Թաղեք հողում ձեր զենքերը,
Առեք կարմիր քարը հանքից
Ու շինեցեք կարմիր քարից
Խաղաղության չիբխի գլուխ.
Եղեգն առեք եղեգնուտից,
Զարդարեցեք փետուրներով,
Ու ծըխեցեք ի միասին
Խաղաղության չիբուխները,
Ու ապրեցեք այսուհետս
Խաղաղ, սիրով, եղբոր նըման:

Ու ձըգեցին մարտիկները
Շապիկները այծեմենի,
Զըրահները ռազմական,
Մըտան գետը արագահոս,
Ու լըվացին երեսներից
Կռվի վայրի զարդերն ամեն:
Տիրոջ ոտքի տեղից հոսում.
Ջուրը վերից գալիս էր ջինջ,
Իսկ նրանցից ներքև պղտոր,
Գնում էր մութն, ապականված,
Արյունախառն ու կարմրագույն:

Ու դուրս եկան մարտիկները
Գետից հստակ ու մաքրված,
Ու թաղեցին գետի ափին
Իրենց զենքերը ռազմական:
Գիտչի-Մանիտոն՝ հըզորը,
Արարիչը ու Մեծ Ոգին
Այն ժամանակ սիրով ժպտաց
Անօգնական զավակներին:

Ու մարտիկներն, ամենքը լուռ,
Առան քարը մեծ քարհանքից,
Եվ հղկեցին ու շինեցին
Չիբուխները խաղաղության:
Եղեգն առան գետի ափից,
Զարդարեցին փետուրներով,
Ապա դարձավ ամեն մեկը
Իրեն տունը, հայրենիքը,
Մինչդեռ Ոգին, կյանքի տերը,
Վերանալով ամպերի մեջ,
Սուզվեց, երկնի բաց դռներում,
Խաղաղության չիբխի ծըխի՝
Պուկվանայի ամպով պատած,
Անհետացավ նրանց աչքից:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԻԼԻՆԱՆԵՐԻՑ
ՄՈԻՐՈՄՑԻ ԻԼԻԱՆ ԿՌՎՈԻՄ է ՎԼԱԴԻՄԻՐ ԻՇԽԱՆԻ ՀԵՏ

(Ռուսական былина)
Ըստ Ավենարիուսի

Գընում է ծերուկն արձակ դաշտերով,
Գընում է ծերուկն երկար ժամանակ:
Մաշվել են հագի շորերը նախշուն,
Հատել է արդնն իր գանձը ոսկի,
Ու Իլիան ինքնին խոսում է էսպես.
Եղել եմ հիմի ամբողջ Լիտվայում,
Եղել եմ հիմի ողջ օրդաներում,
Մենակ Կիևում չեմ եղել վաղուց:
Կիև գընամ մի, գընամ մի տեսնեմ
Ինչ է կատարվում էնտեղԿիևում:
Հասնում է Իլիան Կիև քաղաքը մայր.
Քեֆ-խնջույք ունի իշխան Վլադիմիրը.
Սեղան են բազմած հըզոր հըսկաներ
Ու պայազատներ մինչև երեսուն:
Մըտնում է ծերուկն ապարանքը ներս,
Կանգնում է, կենում սըրահի շեմքին,
Խաչ քաշում դեմքին, ինչպես օրենքն է,
Ողջույն է տալիս ընդունված կարգով
Արև իշխանին ու տիկնոջն էլ ջոկ:
Ապրած կենաս, տեր, իշխան Վլադիմիր,
Հաց ու ջուր կըտա՞ս եկվոր քաջերին:
Քեզ ուղիղ սըրտով եկել եմ ծառա.
Չեմ վախում դաշտում հազար թաթարից,
Չեմ վախում, թեկուզ մյուս հազարն էլ գա,
Չեմ փախչել, թող գա երրորդ հազարն էլ,
Ու օգնության էլ հարկավոր չեն ինձ
Երեսուն ագռավն իրենց ճուտերով:
Ով էրչիմացավ իշխանը հյուրիի
Ոսկի՞ց ես, ո՜վ քաջ, ի՞նչ ազգ ու տակից.
Քեզ ի՞նչ անունով կանչենք, մեծարենք,
Կամ ի՞նչ հայրական կոչումով հարգենք:
Նիկիտան եմ ես Զաոլեշանին:
Ո՜վ, դու Նիկիտա Զաոլեշանին,
Ե՜կ, նըստի, մեզ հետ հաց անուշ արա,
Մի տեղ կա դատարկ էնտեղ, ներքևում,
Սեղանի ծերին, բազմոցի վերջին.
Բըռնած են ուրիշ տեղերը բոլոր:
Ու, կըռներն ընկած, մարդիկ իշխանի
Տարան Իլիային ծերը ներքևի,
Նըստեցրին էնտեղ՝ ներքևի ծերին:
Ու էսպես խոսեց Իլիան ներքևից.
Ով դու Վլադիմիր, մայր Կիևի տեր,
Վայել չի ուժին, ոչ աստիճանին
Տեղն ու պատիվը, որ տալիս ես դու.
Ինքըդ նըստում ես ագռավների հետ,
Ինձ տեղ ես տալի ճուտերի կողքի՞ն:
Ասավ, կամեցավ տեղը դըրըստի–—
Ջարդոտեց շուրջը կաղնի բազմոցներ,
Ոլորեց բիրերն ամբողջ երկաթի,
Սեղմեց հյուրերին անկյունը վերին:
Դուր չեկավ էս բանն Արև իշխանին.
Տեղիցը առույգ ելավ նա ոտի,
Մըթնեց, աշունքվա գիշերի նըման,
Մըռընչաց, ինչպես կատաղի գազան:
Ի՛նչպես, Նիկիտա Զաոլեշանին,
Խառնես տեղերը դու իմ սահմանա՛ծ,
Ծըռես բիրերը համայն երկաթի՛...
Մեն մի հըսկայի արանքումը ես
Բիրեր եմ զարկել ամուր երկաթի,
Որ խընջույքներին, որքան էլ խըմեն,
Որքան էլ հարբեն, չըդիպչե՛ն իրար:
Հե՛յ դուք, մեծազոր ըռուս հըսկաներ,
Լսվա՞ծ է որ ձեզ, էդ հըսկաներիդ
Ագռավներ կանչի մինը ու ճուտեր:
Դուրս եկեք ձեզնից երեք լավերըդ,
Դո՜ւրս շպըրտեցեքսըրահից փողոց:
Դուրս եկան ընտիր երեք հըսկաներ,
Սկսան Նիկիտին քաշել, քաշքըշել,
Սկսան Նիկիտին հըրել, հրմըշտկել.
Կանգնած է Նիկիտն ու ժաժ չի գալի,
Չի շարժվում նույնիսկ գըլխարկը գըլխին:
Թե կուզես, իշխան, դու զըվարճանաս,
Թող գան սըրանց հետ երեք հըսկա էլ:
Դուրս եկան ուրիշ երեք հըսկա էլ,
Սկսան Նիկիտին քաշել, քաշքըշել,
Սկսան Նիկիտին հըրել, հրմըշտկել.
Կանգնած է Նիկիտն ու ժաժ չի գալի,
Չի շարժվում նույնիսկ գըլխարկը գըլխին:
Թե կուզես, իշխան, դու զըվարճանաս,
Թող դուրս գան գոնե երեք հըսկա էլ:
Դուրս եկան երրորդ երեք հըսկան էլ,
Բան չըկարացին անեն Նիկիտին:
Ու էսպես խոսեց Նիկիտը այնժամ.
Իշխան Վլադիմիր, մայր Կիևի տեր,
Ախորժակ ունիս անշուշտ խընդալու.
Համեցեք, հիմի մըտիկ արա ինձ
Ու ախորժակըդ կանցնի խընդալու:
Ու Նիկիտը ինքն սկսավ խընդալ,
Սկըսավ սեղմել, զարկել, տըրորել
Ուժեղ ու հզոր էն հըսկաներին:
Սողում են սրահում հըսկաներն ամեն,
Չի կարում կանգնի ոչ մինը ոտի:
Դուրս եկավ Նիկիտն ապա սրահից,
Դըռները զարկեց՝ շրջանակն ընկավ,
Դարպասը զարկեց՝ սյուները թըռան,
Ջարդ-փշուր եղան ճաղերը քաշած:
Իշխանը մըտավ ետևը փեչի,
Սամուր մուշտակը քաշեց իր գըլխին.
Վա՛յ, կամա՛ց, տղե՜ք, ժաժ չըգաք տեղից,
Չըլըսի Նիկիտ Զաոլեշանին,
Թե չէ ետ կըգա ջարդ-փշուր կանի,
Ոչ մեծ կըթողնի, ոչ փոքըր մեզնից,
Ժառանգ չի թողնիլ ինձ՝ Վլադիմիրիս...
Դուրս եկավ Իլիան դարպասն ընդարձակ
Ու լարեց ճայթուն իր աղեղը զիլ,
Սուր, մըխած նետը դըրավ աղեղում,
Էսպես ինքն իրեն խոսեց նետի հետ.
Սըլացի՜ր, իմ նետ, տանիքը ոսկի,
Վեր բեր ոսկեզօծ գըմբեթները ցա՛ծ:
Ընկան ոսկեզօծ գըմբեթները ցա՛ծ,
Ու կանչեց Իլիան կոկորդովը մին.
Հե՛յ, դուք կաբակի մերկ ու տըկլորներ,
Հե՛յ, կամավորներ Արև իշխանի,
Վազեցեք, եկեք դարպասն իշխանի,
Առեք ոսկեզօծ գըմբեթները թանգ,
Կըրեցե՜ք, տարե՜ք կաբակն արքունի,
Արաղ խըմեցեք էնտեղ կուշտ ու պինդ:
Վազեցին, եկան տըկլորներն ամեն,
Կամավորները Արև իշխանի,
Տարան, կըրեցին գըմբեթներն ոսկի.
Ո՛վ դո՜ւ մեր պաշտպան, մեր ծնող, մեր հայր...
Ու Իլիայի հետ ելան, գընացին,
Խըմեցին բոլոր գըմբեթներն ոսկի,
Խըմեցին մինչև վերջինը միասին:
Ու երկյուղ ընկավ սիրտները էստեղ.
Ի՞նչ կանի մեզ հետ իշխանը հիմի,
Ի՞նչ պատիժ կըտա, ով գիտի, հիմի.
Խըմեցինք նըրա գըմբեթները ողջ:
Ու Իլիան էսպես խոսեց նըրանց հետ,
Խըմեք, տըկլորներս, դուք մի՜ վախենաք.
Ես եմ վաղվանից իշխան Կիևում,
Իսկ դուք ամենից մեծ պիտի լինիք:
Անցավ երկյուղը, սկըսան խըմել,
Տերից սկըսան կյանք խընդրել քաջին:
Իսկ իշխանական խընջույքի վըրա
Գընաց համբավը Արև իշխանին.
Ո՛վ Արև իշխան, մայր Կիևի տեր,
Չես ասիլ՝ Նիկիտ Զաոլեշանին
Քու էս հարկերից, ոսկի հարկերից,
Ձըգեց ոսկեզօծ գմբեթները ցած,
Կանչեց կաբակի ողջ տըկլորներին,
Խըմեց նըրանց հետ գըմբեթներն ոսկի:
Նըստած էր էնտեղ խընջույքի միջին
Ջահել Դոբրինիա Նիկիտիչ հըսկան,
Էսպես ասավ նա Արև իշխանին.
Իշխան Վլադիմիր, մեր կարմիր Արև,
Նիկիտան չի նա Զաոլեշանին,
Այլ իմ խաչախպերնԻլիան Մուրոմից:
Ասավ՝ իշխանը մտքի տունն ընկավ,
Իր հետ անվանի ազատներն ամեն
Եվ հըսկաները ուժեղ ու հըզոր,
Թե ինչպես անիհաշտվի ծերի հետ:
Միտք արեք, տըղեք, միտք արեք մի լավ,
Միտք արեք, տըղեք, խորը միտք արեք,
Խելք խելքի տըվեք, մի հընար գըտեք:
Ո՞ւմ ղըրկենք արդյոք ծերի ետևից,
Որ կանչի նըրան հարգինքի սեղան:
Ես ինքս գընամչեմ ուզում գընամ,
Ապրակսին ղըրկեմվայել չի նըրան:
Ամենքը էստեղ մըտքի մեջ ընկան.
Ո՞ւմ ղըրկենք արդյոք ծերի ետևից...
Ե՜կ ղըրկենք գընա ջահիլ Դոբրինիան,
ՉԷ որ Իլիայի խաչախպերն է նա.
Նըրա՜ն կըլըսի Իլիան՝ թե լըսի:
Սեղանը անցավ Վլադիմիր իշխանն,
Եկավ ու կանգնեց Դոբրինիայի դեմ
Ու էսպես խոսեց Դոբրինիայի հետ.
Արի՜, ե՜լ, կտրիճ, ջահիլ Դոբրինիա,
Ծերուկ Մուրոմցու մոտ գընա մեզնից,
Երկիրը պագիր, խոնարհ ողջունիր,
Խոնարհիր մինչև հատակն աղյուսի,
Խոնարհիր մինչև էն գետինը ցած
Ու էսպես ասա նըրան մեր կողմից.
Ուղարկել է ինձ Վլադիմիր իշխանն
Ու մայր տիկինը` Ապրակսիան իր հետ.
Խընդրում են, որ գաս ուրախ հարգինքի:
Նա չի ճանաչել քեզ, կըտրիճ քաջիդ,
Նըստեցրել է ցած, ներքևի ծերին:
Խընդրում է հիմի, լիասիրտ խընդրում,
Խընդրում լիասիրտ ու մեծ ցընծությամբ.
Խընդրում է մոռնսա ինչ անց է կացել:
Գընում է ահա ջահիլ Դոբրինիան,
Գընում է ճամփով ու միտք է անում.
Արդյոք վաղաժամ մահի՞ս չեմ գընում...
Բայց թե չըլըսեմ Արև իշխանին
Փորձանք է գալու անշուշտ նըրանից:
Ու գընում է նա կաբակն արքունի,
Մըտնում է ահա կաբակն արքունի.
Նըստած է էնտեղ ծերուկ Մուրոմցին,
Խըմում, քեֆ անում տըկլորների հետ:
Ու միտք է անում ջահել Դոբրինիան,
Ո՞ր կողմից արդյոք նըրան մոտենա.

Следующая страница