Թումանյան Հովհաննես՝   Թարգմանություններ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 Следующая Конец

Առջևից գընամ՝ դուր չըգամ գուցե.
Լավ է թիկունքի կողմից մոտենամ:
Եկավ, մոտեցավ թիկունքի կողմից,
Բըռնեց Իլիայի ուժեղ ուսերից
Ու էսպես մեղմով խոսեց նըրա հետ.
Ո՛վ իմ խաչախպեր, իմ ախպերացու,
Ո՛վ դու իմ ախպեր, ծերուկ Մուրոմցի,
Քեզ պահի առժամ ձեռներըդ ճերմակ,
Բըռնի ու զըսպի սիրտըդ կըրակոտ:
Չէ՞ որ բանբերին չեն կապում, կախում.
Մենք էլ հո մեր մեջ ուխտ ունենք արած,
Ուխտ ունենք արած մեծ ու ահավոր,
Որ փոքր ախպերը լըսի իր մեծին,
Մեծն էլ իր փոքրին ականջ անի միշտ,
Ու էսպես կանգնենք մեկ մեկի համար:
Դեսպան է ղըրկել քեզ մոտ ինձ էսօր
Վըլադիմիր իշխանն իրեն տիկնոջ հետ,
Քեզ, հըզոր քաջիդ նա չի ճանաչել,
Նըստեցրել է ցած, ներքևի ծերին:
Խընդրում է հիմի նա քեզ ցընծությամբ,
Խընդրում լիասիրտ մեծ խըրախճանի,
Թողնես, ասում է, ինչ անց է կացել:
Ետ է շուռ գալիս Իլեյկոն էստեղ.
Հե՛յ դու, Դոբրինիա ջահել Նիկիտիչ,
Քու բախտը բանեց՝ ետևից եկար,
Թե չէ առջևից գայիր, Դոբրի՜նիա,
Հող ու մոխիրըդ քամուն պիտ տայի:
Հիմի, ախպերըս, ձեռ չեմ տալի քեզ,
Կարգն ու օրենքը անցնել չի լինիլ:
Ետ դարձի, ասա Արև իշխանին,
Թող որ ինձ համար, ի՛նձ, քաջիս համար
Արձակի սաստիկ, սաստիկ հըրաման
Ամբողջ Կիևին, էս մայր քաղաքին
Եվ Չերնիգովին նույնպես սըրա հետ,
Որ արքունական կաբակները ողջ
Բացվեն երեք օր ու երեք գիշեր,
Ժողովուրդն ամեն գա արաղ խըմի,
Ով չի կամենալ որ արաղ խըմի,
Թող նա գարեջուր խըմի հարբեցնող,
Ով որ չի ուզիլ գարեջուր խըմի,
Թող նա մեղրաջուր խըմի քաղցրահամ,
Որ ողջ իմանան՝ Կիև է մըտել
Մուրոմցի ծերուկ Իլիան Իվանովիչ:
Ինձ համար էլ թող, էս քաջիս համար,
Սեղան բաց անի ճոխ մեծարանքի.
Իսկ թե չի անիլ ինչ ասում եմ ես,
Կիևում կիշխի մինչև լուս միայն:
Ու արագ-արագ վազեց Դոբրինիան,
Վազեց Վլադիմիր անուշ իշխանին,
Պատմեց Իլիայի պատվերը նրան:
Հենց լըսեց պատվերն իշխան Վլադիմիրը,
Իսկույն, անհապաղ սաստիկ ու սաստիկ
Գըրեց բովանդակ Կիև քաղաքին,
Այլև Չերնիգով հանեց հըրաման,
Թե ողջ երեք օր ու երեք գիշեր
Բաց պետք է լինի կաբակն արքունի,
Գա, արաղ խըմի ժողովուրդն ամեն,
Խըմի, քեֆ անի անվարձ, անվըճար,
Որ ողջ իմանան Կիև է մըտել
Մուրոմցի ծերուկ Իլիան Իվանովիչ:
Ու ինքը բացեց հարգինքի սեղան,
Կանչեց, հավաքեց իշխան ու բոյար,
Ըռուսաց բոլոր մեծ հըսկաներին,
Այլև քաջարի կանանց դյուցազուն:
Բայց մարդ չի գընում կաբակն արքունի,
Ամենքն իշխանի պալատն են վազում,
Ոչ կերուխումի, ոչ ոսկու համար,
Վազում են տեսնեն անվեհեր քաջին,
Տեսնեն Մուրոմցի էն ծեր Իլիային:
Հավաքվում են ողջ դարպասն իշխանի
Մըտնում են կամաց ապարանքը ներս:
Ու ծեր Մուրոմցին գալիս է ահա,
Գալիս՝ կաբակի տըկլորների հետ,
Գալիս է, մըտնում սըրահը պայծառ,
Խաչ հանում դեմքին, ինչպես օրենքն է,
Ողջույն է տալիս ընդունված կարգով,
Երկըրպագում է չորս կողմը խոնարհ,
Արև իշխանին ու տիկնոջն էլ ջոկ:
Վերկացավ իսկույն իշխանը առույգ,
Առավ Իլիայի ճերմակ ձեռներից,
Համբուրեց նըրա շըրթունքը շաքար,
Ապա թե էսպես խոսեց շողոմքոր.
Ո՛վ դու ծերունի, Իլիա Մուրոմցի,
Ցած եղավ թեպետ քու տեղն ամենից,
Այժըմ ամենից վերև կըլինի:
Հե՛յ, դուք ծառաներ իմ հավատարիմ,
Տարեք ծերունուն բա՜րձըր ամենից:
Բայց նա չընըստեց ամենից վերև,
Գընաց ու նըստեց մեջտեղն ամենի,
Հետը նստեցրեց մերկ տըկլորներին
Ու էսպես դարձավ Արև իշխանին.
Ո՛վ դու Վլադիմիր, մայր Կիևի տեր,
Լավ ես իմացել՝ ում ղըրկել ինձ մոտ.
Չըլներ Դոբրինիան՝ իմ ախպերացուն,
Չէի լըսելու էստեղ ոչ ոքի,
Ու մըտքումս արդեն դըրել էի ես,
Լարել էս ճայթուն իմ աղեղը զիլ,
Արձակել դեպի սրահըդ շքեղ,
Սպանել և քեզ, իշխան Վլադիմիր,
Եվ քու տիկնոջը՝ քու Ապրակսիային:
Բայց էս անգամը աստված թեզ ների
Քու էդ հանցանքը, էդ հանցանքը մեծ:
Էստեղ անուշներ բերին հյուրերին,
Քաղցըր մեղրաջուր խըմիչքներ բերին,
Բերին ամենին դըրին մի-մի թաս
Ու էսպես խոսեց Իլիան իշխանին.
Ա՜յ դու Վլադիմիր, մայր Կիևի տեր,
Սըրանո՞վ ես դու պատվում հյուրերիս.
Սըրանո՞վ ես դու հարգանք ցույց տալի.
Էս տըկլորներին միայն մի-մի թա՛ս
Դուր չեկավ էս խոսքն Արև իշխանին,
Էսպես ծերունուն տըվավ պատասխան.
Ամենքի համար խոր նըկուղներում
Արաղ ունեմ ես ինչքան կամենան.
Մարդը մի տակառ քառսուն չափանոց:
Թե հերիք չանի՝ ինչ որ կա էստեղ,
Թող իջնեն իրենք նըկուղներն իմ խոր:
Ա՜յ դու Վլադիմիր, իշխան Կիևի,
Էդպե՞ս են պատվում քեզ մոտ հյուրերին,
Էդպե՞ս են քեզ մոտ հարգում քաջերին,
Որ իրենք գըտնեն ուտեստ ու խըմի՜չք...
Տեսնում եմ տանտերն ես եմ լինելու:
Ասավ ծերունին ու ոտքի ելավ,
Էլ հարցմունք չարավ նըկուղի ճամփեն,
Էլ նըկուղների բանալիք չուզեց.
Թափ իջավ դեպի նըկուղները խոր,
Դըռները արավ ողջ կըրընկահան,
Պոկեց կողպեքներն առանց բանալի,
Ներս մըտավ ինքը նըկուղներն էն խոր:
Արած մի տակառն էս մի կըռնատկ
Ու մյուս տակառը մեկել կըռնատակ,
Երրորդը ոտով գըլորում է դուրս.
Ու դուրս գըլորեց դարպասն իշխանի,
Գոռաց ու կանչեց կոկորդովը մին.
Հե՛յ դուք կաբակի մերկ ու տըկլորներ,
Դուրս եկեք էստեղդարպասն իշխանի,
Եկե՛ք, ամենքիդ արաղ խըմեցնեմ:
Ու իջավ կըրկին նըկուղները ցած:
Չըտարավ իշխանն ու թունդ ելավ խիստ,
Որոտաց ուժգին իր հընչուն ձենով.
Հե՛յ հավատարիմ դուք իմ ծառաներ,
Շո՜ւտ, եկե՛ք, հասե՛ք արագ ու արագ,
Արագ ու արագ, ճեպով, հապճեպով,
Վեր դըրեք քաջին խորունկ նըկուղում,
Շուրջը քաշեցեք երկաթի ցանցով,
Կաղնի կոճղերով կապեցեք չորս դին,
Թաղեցեք դեղին ավազի տակին,
Սովամահ արեք խորունկ նըկուղում:
Վազեցին, հասան ծառաներն արագ,
Արագ ու արագ, ճեպով, հապճեպով,
Վեր դըրին ծերին խորունկ նըկուղում,
Շուրջը քաշեցին երկաթի ցանցով,
Կաղնի կոճղերով կապեցին չորս դին,
Թաղեցին դեղին ավազի տակին:
Ու ցավ դառավ էս մյուս հըսկաներին,
Վեր կացան կիսատ քեֆի սեղանից,
Ելան, դուրս եկան դարպասն ընդարձակ,
Իրենց ամեհի ձիանքը հեծան,
Դես դեն ցըրվեցին էն արձակ դաշտում,
Էն լեն ու ազատ տարածության մեջ.
Էլ չենք մընալ մենք էստեղ՝ Կիևում,
Էլ չենք ծառայիլ Արև Իշխանին:
Ու էլ Վլադիմիր իշխանի մոտին
Հըսկա չըմընաց Կիև էն օրից:

ՍՎՅԱՏԱԳՈՐԸ
(ռուսական առասպել)

Էն սեպ սարերում, էն սուրբ սարերում
Նըստած էր հըսկանՍվյատագորը մեծ,
Չէր գալի ռուսաց հողը սըրբազան,
Չէր կարում տանի գետինը նըրան:
Ուզեց մի անգամ սիրտը հըսկայի
Ժուռ գա մի ազատ լայնարձակ դաշտում.
Թամբեց նըժույգը իր հըսկայական,
Ժեռուտ կողմերով ելավ ճանապարհ:
Ճըխաց լանջի տակ սիրտը այրական,
Խաղս առավ ուժը երակների մեջ,
Ու դուրս է հորդում ասես խաղալով:
Նեղվում է սակայն հըսկան էն ուժից,
Նեղվում է ինչպես մի ծանըր բեռից,
Ուրիշն էլ չըկա, որ հետը չափվի:
Ու ձգում է վեր մըկունդն իր պողպատ,
Ամպերից վերևաչքից կորցընում,
Բըռնում է կըրկին ճերմակ ձեռներով.
Ու խոսում է նա ինքնիրեն էսպես.
Եթե գըտնեի ես ուժը հողի
Օղ կամրացնեի երկնի կամարից,
Օղից երկաթի շըղթա կանեի,
Ցած կըքաշեի երկինքը ներքև,
Երկիրն էլ տեղից ես շուռ կըտայի,
Ողջ կըխառնեիերկինք ու երկիր:
Էստեղ նկատեց, որ դուրան դաշտում
Գընում է հետի մի այլ աժդահա,
Ու էն աժդահի ուսովը ձըգած
Կա ճամփորդական մի փոքրիկ խուրջին:
Եթե քըշում է նըժույգն ամեհի,
Բաց թողնում ձիու թափովը ամբողջ,
Գնում է հեռու ճամփորդ աժդահան
Ու չի հասնում ձին իր հըսկայական:
Թե մեղմ է քըշում ու դանդաղ քայլքով,
Իր տեղն է հըսկան, չի շարժվում ասես:
Ու գոռաց էսպես Սվյատագորը մեծ.
Հե՛յ դու անցավոր, անծանոթ կըտրիճ,
Կա՛ց, կանգնի տեղըդ մի առժամանակ:
Թե քըշում եմ ես նըժույգս ամեհի,
Բաց թողնում ձիու թափովն իր ամբողջ,
Գնում ես հեռու քո ճանապարհին
Ու չի հասնում ձին իմ հըսկայական:
Թե մեղմ եմ քշում ու դանդաղ քայլքով,
Քո տեղն ես դու միշտ, չես շարժվում ասես:
Կանգնեց իր ճամփին անցվորն անծանոթ,
Վեր դըրավ գետնին ուժեղ ուսերից
Իր ճամփորդական խուրջինը փոքրիկ:
Ու մոտ քշեց ձին Սվյատագորը մեծ.
Ասա՜ մի տեսնեմ, դու քաջ տըղամարդ,
Ի՞նչ է քո բեռը խուրջինիդ միջին:
Ու ճամփորդն էսպես տըվավ պատասխան.
Ով դու փառապանծ հսկա դյուցազուն,
Փորձ փորձի մի առ իմ բեռը չընչին,
Վեր առ, թե կարաս, հըզոր ուսերիդ
Ու էնպես քըշի դաշտը լայնարձակ:
Պատասխանն տվավ անցորդն անծանոթ,
Ու ձիուց իջավ Սվյատագորը մեծ:
Առաջ մի մատով ուզեց վեր քաշի
Չըշարժվեց տեղից խուրջինն էն փոքրիկ:
Ապա մի ձեռքով բռնեց աժդահի
Կըրկին չըշարժվեց խուրջինն իր տեղից:
Ապա թե հասավ ողջ ուժովն իր մեծ,
Դեմ տըվավ ճերմակ կուրծքը հսկայի
Ուսի էն չընչին, փոքրիկ խուրջինին,
Բըռնեց ահավոր ուժովն իր ամբողջ
Մինչև ծընկները գընաց հողի մեջ,
Արյունը կաթեց ճերմակ երեսից,
Իր տեղն է սակայն խուրջինը կըրկին:
Ու էսպես խոսեց հըսկան զարմացած.
Շատ եմ ման եկել աշխարքումը ես
Էսպես հըրաշքի դեռ չեմ հանդիպել,
Էսպես մի տեսիլք չեմ տեսել երբեք,
Չեմ տեսել էս բեռն իմ ծնած օրից.
Ուժ ունիմ էսքանուժըս չի պատում.
Ի՞նչ կա քո փոքրիկ խուրջինի միջին,
Եվ ո՞վ ես ինքըդ, և կամ ո՞րտեղից,
Պատասխան տուր ինձ, անծանո՜թ հըսկա:
Իմ փոքրիկ խուրջնում ուժն է մայր-հողի,
Իսկ ես Միկուլան Սելյանինովիչ:
Պատասխան տըվավ անծանոթ հըսկան:

ՍԵՐԲԱԿԱՆ ՎԻՊԵՐԳ

ԹԵ ԻՆՉ ՈԻՂԱՐԿԵՑ ԹՈԻՐՔԻ ՍՈԻԼԹԱՆԸ ՄՈՍԿՈՎԻ ՑԱՐԻ ԸՆԾԱՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Սերբական Ժողովրդական վիպերգ
(Ռուսերենից)

Քաղաքից քաղաք, աշխարհքից աշխարհք
Թուղթ անցավ եկավ Մոսկովա երկրեն,
Եկավ ու եկավ, հասավ Ըստամբոլ:
Ու դըրին թուղթը ոսկի կառեթում
Ու բերին իրեն` թուրքի սուլթանին,
Ու թըղթի հետ էլ սուլթանի համար
Շատ թանկ ընծաներ արքային վայել:
Մի ոսկի սինի, մեջն ոսկի մեչիտ,
Մեչիտի շուրջը պատ եկած մի օձ,
Էն օձի գլխին դըրած անգին քար,
Որ գիշերն էնպես պարզ լուս էր տալիս՝
Ոնց որ ցերեկը լուսն արեգակի:
Ու Իբրահիմին, սուլթանի որդուն,
Երկու թանկագին թըրեր կային սուր,
Դաստակներն ամբողջ զուտ մաքուր ոսկուց.
Ամենքի վրա մի-մի անգին քար:
Սուլթանի կընոջն ոսկի օրորոց,
Գըլխավերևը քաջահավ բազեն:
Որ էս ընծաներն առավ աննըման
Ընկավ սուլթանը մըտքի ծովի մեջ.
Ի՞նչ ղըրկի արդյոք Մոսկովի ցարին
Էսքան թանկագին ընծաների դեմ:
Միտք արավ ու միտք, ոչինչ չգտավ:
Ով մոտը եկավ, ամենքի առջև
Պատմեց, պարծեցավ, թե ինչ ընծաներ
Ըստացավ ինքը Մոսկովի ցարից,
Բայց ոչով ասել չի կարողանում,
Թե ինչ ուղարկի դըրանց փոխարեն:
Ներս եկավ ահա Ղուշբեգի փաշեն,
Նրա առջևը պատմեց, պարծեցավ.
Փաշից ետն եկան Խոջան ու Ղադին:
Երկիր պագեցին ու համբուրեցին
Ծունկն ու փեշերը իրեն սրբազան.
Նրանց առջևն էլ պարծեցավ նույնպես,
Ապա թե էսպես խորհուրդ հարցըրեց.
Ո՛վ իմ ծառաներ, Խոջա ու Ղադի,
Ես ի՞նչ ուղարկեմ ցարին սրանց դեմ,
Որ ցարը ինձնից մընա բավական:
Պատասխան տվին Խաջան ու Ղադին.
Տեր սուլթան, ասին, քո ստրուկն ենք մենք,
Մենք մըտածելու իրավունք չունենք.
Լավ կանես կանչես ծեր պատրիարքին,
Նա հեշտ կիմանա, հեշտ էլ քեզ կասի,
Թե ինչ ուղարկես Մոսկովի ցարին,
Որ ցարը քեզնից մընա բավական:
Էսպես որ ասին՝ լսեց սուլթանը,
Իրեն կավասին ուղարկեց իսկույն
Ու մոտը կանչեց ծեր պատրիարքին:
Ու, երբ պատրիարքն եկավ իրեն մոտ,
Ցույց տվավ նըրան ընծաներն ամեն,
Ու շատ պարծեցավ, ու էսպես ասավ.
Ո՛վ դու իմ ծառա, ծերուկ պատրիարք,
Չե՞ս կարող արդյոք սովորցնել դու ինձ,
Թե ինչ պարգևներ ղրկեմ փոխադարձ,
Որ իմ ուղարկած թանկ պարգևներից
Գոհ մընա հըզոր ցարը Մոսկովի:
Ասավ ու ծերը կամացուկ խոսեց.
Ո՛վ, իմ տեր սուլթան, իմ կյանքի արև,
Քո իմաստության առջևն ի՞նչ եմ ես:
Բայց իմ կարճ խելքով, ինչքան որ գիտեմ,
Քո մեծ տերության լի գանձարանում
Դու բաներ ունես ցարին ղըրկելիք,
Բաներ, որ իսկի հարկավոր չեն քեզ,
Իսկ նըրան անչափ շատ են ցանկալի:
Նեմանիչ Սավվի գավազանն ունես,
Կոստանդին կայսեր ոսկի թագն ունես,
Ոսկեբերանի շուրջառը ունես,
Սերբիայի հերոս Լազար արքայի
Ռազմի խաչանիշ դըրոշակն ունես...
Քո ինչի՞ն են պետք էս բաները ողջ,
Իսկ ցարին, գիտեմ, շատ են ցանկալի...
Շատ հավան կացավ սուլթանն էս խոսքին
Ու պատվեր տըվավ ծեր պատրիարքին,
Որ կազմի ընծան ցարին ղըրկելիք
Ու դեսպաններին հանձնի Մոսկովի:
Ծերն, ինչպես գիտեր, ամենն հավաքեց
Ու դեսպաններին տալով՝ խրատեց.
Գնացե՜ք, որդի՜ք, տեր-աստված ձեզ հետ,
Բայց, մտիկ արեք, մեծ ճամփով չերթաք,
Անտառով անցեք, սարով գընացեք...
Ուր որ է՝ շուտով մարդիկ կուղարկեն՝
Խըլեն ձեզանից էդ պարգևները,
Որոնցից բարձըր ու նըվիրական
Մեզ համար ոչինչ չըկա աշխարհքում...
Թող սըրա համար իմ գլուխը տան,
Ու իմ մեղավոր մարմինը կորչի,
Բայց հոգիս արդեն փրկված է ընդմիշտ:
Ասավ՝ ճանապարհ դրեց ծերունին:
Գոհ էր սուլթանը, որ գլուխ հանեց
Էսքան հեշտությամբ էս գործը դժար,
Ու պարծենում էր ամենքի առջև,
Որ էսքան էժան դուրս եկավ տակից:
Ահա գալիս է Ղուշբեգի փաշեն:
Սրան էլ պատմեց, հետը պարծեցավ.
Հապա մի գըտի՜ր, Ղուշբեգի փաշա,
Ի՞նչ ղըրկած լինեմ Մոսկովի ցարին. —
Նեմանիչ Սավվի ցուպն եմ ուղարկել,
Կոստանդին կայսեր թագն եմ ուղարկել,
Ոսկեբերանի շուրջառն եմ ղըրկել,
Սերբիայի հերոս Լազար արքայի
Ռազմի խաչանիշ դըրոշն եմ ղըրկել:
Իմ ինչի՞ն էին էն ամենը պետք.
Իսկ ցարին շատ են պետք ու ցանկալի:
Ու հարցմունք արավ Ղուշբեգի փաշեն.
Էդ ո՞ւմ խորհըրդով դու էդպես արիր:
Սուլթանը ուղիղ պատասխան տվեց.
Ծեր պատրիարքի խորհըրդով արի:
Ու էսպես ասավ Ղուշբեգի փաշեն.
Տեր սուլթան, ասավ, իմ պայծառ արև,
Եթե դու ցարին ղըրկել ես էդոնք,
Որոնցից որ թանկ էդ մարդկանց համար
Ոչ մի բան չըկա արար աշխարհքում,
Շատ լավ կանեիր եթե դրանց հետ
Ղըրկած լինեիր և քո քաղաքի
Մեծ Ըստամբոլի ոսկի բանալին:
Մին է, ավելի խայտառակ ձևով
Հետո էս տալու Մոսկովի ցարին...
Դրանց վրա էր մնում հաստատուն
Քո տերությունն ու քո զորությունը,
Որ տըվիր տարան Մոսկովի ցարին:
Էս որ իմացավ՝ նոր գլխի ընկավ,
Ծափ զարկեց ապշած սուլթանը էստեղ
Ու պատվեր տվավ փաշին հապճեպով.
Է՛յ փաշա, ասավ, իմ հավատարիմ,
Հավաքիր իսկույն իմ զորքն ենիչեր,
Շո՛ւտ դեսպաններին հասիր Մոսկովի,
Խլիր նրանցից պարգևներն ամեն,
Որոնց վրա որ կանգնած էր հաստատ
Իմ տերությունն ու իմ զորությունը,
Որ տըվի տարան Մոսկովի ցարին:
Ու քաջ Ղուշբեգին զորքը հավաքեց,
Գընաց ու գընաց մեծ ճանապարհով,
Որ դեսպաններին հասնի Մոսկովի,
Ու ոչ մի ճամփում հետքերը չըկա...
Ետ դարձավ, եկավ սուլթանին ասավ,
Թե ոչ մի ճամփում հետքերը չըկա:
Բըռնեց սուլթանի ցասումը անզուսպ,
Ահարկու ձենով գոռաց իր փաշին.
Հե՛յ, փաշա՜, կանչեց, շո՜ւտ արա, փաշա՜,
Գընա սպանիր ձեր պատրիարքին:
Էսպես որ կանչեց՝ դուրս վազեց փաշեն,
Գընաց ու բըռնեց ծեր պատրիարքին,
Պտըտեց թուրը, շողացրեց գըլխին.
Ծեր պատրիարքը մեղմորեն խոսեց.
Է՛յ փաշա, ասավ, ետ քաշիր ձեռըդ,
Մի՜ ներկիր հողը անմեղ արյունով,
Թե չէ կըկապվի ակը երկընքի՝
Երաշտ կըլինի շուրջ երեք տարի,
Չի տալ երկիրը էլ բար ու պտուղ:
Ու լըսեց փաշեն ծերունու խոսքին՝
Տարավ կանգնեցրեց ծովի եզերքին:
Սուր թուրը նորից պտըտեց գըլխին,
Ու նորից խոսեց արդար ծերանին.
Է՛յ փաշա, ասավ, քե՜զ քաշիր ձեռըդ,
Ե՜կ իմ արյունը մի՜ թափիր ծովը,
Թե չէ փոթորիկ կանի սոսկալի,
Ծովը կըհուզվի, կելնի ալեկոծ,
Նավեր, նավակներ իր տակը կանի,
Շեներ, քաղաքներ կըծածկի ջրով:
Բայց փաշեն նրան էլ ականջ չարավ,
Զարկեց ու կտրեց գլուխը ճերմակ:
Ու էսպես մեռավ արդար ծերունին,
Ինքն արքայություն գընաց երկընքում,
Իսկ մեզ խնդություն տվեց էս կյանքում:

ՄԱՐԿՈՆ ՌԱՄԱԶԱՆԻՆ ԳԻՆԻ է ԽՄՈԻՄ

Սերբական ազգ. ժող. էպոսից

Սուլթան Սուլեյման հրաման հանեց,
Որ իրեն երկրում ոչ մի հպատակ
Ռամազան օրը գինի չխմի,
Կանաչ դոլամա չհագնի վերից,
Կողքիցը պողպատ թուր չըկախ անի,
Շուրջպարի չերթա աղջիկների հետ:
Թուրը կախ արավ Մարկոն իր կողքից,
Կանաչ դոլամա հագավ վերևից,
Ռամազան օրը գինի է խմում,
Կանչում, հավաքում անցվոր ու խոջա,
Խմում է, թասը նրանց է տալիս:
Գալիս են թուրքերն իրենց սուլթանին.
Սուլթա՛ն, մեր տերն ես, մեր ծնողն ես դու,
Չէ՞ որ դու ինքդ հրամանք արիր,
Որ մեր էս տոնին, էս ծանր պահքին
Ոչով բերանը գինի չտանի,
Ոչով դոլամա չհագնի կանաչ,
Ոչով կողքիցը թուր չըկախ անի,
Շուրջպարի չերթա աղջիկների հետ:
Մարկոն աղջկանց հետ շուրջպարի կերթա,
Մարկոն կողքիցը թուր է կախ արել,
Մարկոն հագել է կանաչ դոլամա,
Ռամազան օրը գինի է խմում:
Գլուխը քարը՝ թե մենակ խմեր.
Անցվոր ու խոջա կիտում է գլխին,
Համ ինքն է խմում, համ նրանց տալիս:
Սուլթան Սուլեյման էս լսեց թե չէ՝
Երկու սուրհանդակ ղրկեց Մարկոյին.
Գնացե՜ք, ասավ, իմ արագ տղերք,
Գնացե՜ք շատով Մարկոյին ասեք՝
Թե՝ կանչում է քեզ սուլթանն անհապաղ:
Գնացին արագ սուլթանի մարդիկ
Շիտակ Մարկոյի վրանը մտան:
Խմում է Մարկոն գավաթն առաջին,
Մեջը կըլինի տասներկու օխա:
Լսի՜ր, ասացին, քաջազուն Մարկո,
Սուլթանը ղրկեց մեզ քո ետևից,
Վե՜ր կաց տեղիցդ, գնանք սուլթանին:
Սաստիկ բարկացավ Մարկոն էս խոսքից,
Վեր կալավ ծանըր գավաթն առաջի
Ու՝ ա՜ռ հա կըտաս՝ սրանց գլխներին:
Գլուխ ու գավաթ ջարդ ու փուրդ եղան,
Արյունն ու գինի խառնըվեց իրար:
Ապա թե գնաց Մարկոն սուլթանին.
Գնաց աջ կողմը նստեց ծունկ ծնկի,
Սամուր գլխարկը քաշեց աչքերին,
Իր ծանր գուրզը դրեց առաջին,
Սուր թուրն էլ ուսին բռնած պատրաստի:
Ու էսպես խոսեց սուլթանը թուրքի:
Իմ հոգեորդի, քաջազուն Մարկո,
Դու հո լավ գիտես՝ կարգ եմ դրել ես,
Որ մեր մեծ պահքին, Ռամազան օրը՝
Ոչով բերանը գավաթ չտանի,
Ոչով դոլամա չհագնի կանաչ,
Շուրջպարի չերթա աղջիկների հետ:
Իմ ծառաները ինձ մոտ են գալիս՝
Վատ խաբարներ են բերում քեզանից:
Դու պար ես գալիս, իբրև, շուրջպարի,
Պողպատի թուր ես կապել քո մեջքին,
Կանաչ դոլամա հագել վերևից,
Ռամազան օրը գինի ես խմում,
Անցվոր ու խոջա կանչում խմեցնում:
Ի՞նչ ես գլխարկդ քաշել աչքերիդ,
Ինչո՞ւ ես բերել քո գուրզը քեզ հետ,
Ինչո՞ւ ես թուրդ բռնել պատրաստի:
Պատասխան տվեց Մարկոն սուլթանին.
Ո՛վ իմ հոգեհայր, սուլթան Սուլեյման,
Իմ հավատն էսպես ինձ թույլ է տալիս,
Ես էլ խըմում եմ ձեր պահքի օրը:
Մենակ խմելը անվայել է ինձ,
Երբ ուրիշները մտիկ են անում,
Ես էլ կանչում եմ անցվոր ու խոջա,
Որ մտիկ չանեն, նրանք էլ խմեն:
Կանաչ դոլամա էնդուր եմ հագնում,
Որ ջահել մարդ եմ ու սազում է ինձ:
Կողքիցս եթե թուր եմ կախ արել,
Իմն է, իմ փողով ես ինքս եմ առել:
Աղջիկների հետ թե պար եմ գալիս,
Էնդուր, որ ազատ մարդ եմ ամուրի,
Ինչպես որ ինքդ եղել ես մի օր:
Գլխարկս էնդուր եմ քաշել աչքերիս,
Որ չեմ դիմանում, ճակատս էրվում է,
Երբ որ խոսում եմ սուլթան հորս դեմ:
Իմ գուրզն էլ հետըս էնդուր եմ բերել,
Ու թուրս պատրաստ պահում եմ էսպես.
Վախում եմ հանկարծ կռիվ պատահի:
Եվ՝ եթե կռիվ պատահի հանկարծ՝
Վա՛յ նրան, ով մոտ կըլնի Մարկոյին:
Չորս կողմը նայեց սուլթանը էստեղ,
Տեսնի թե ո՞վ կա մոտիկ Մարկոյին.
Տեսավ, որ ոչով չկա վրանում
Ու ինքն է մենակ մոտիկ Մարկոյին:
Ահից սկսեց քաշվել ետ ու ետ,
Մարկոն էլ առաջ՝ դեպի սուլթանը,
Տարավ ու սեղմեց վրանի պատին:
Սուլթանը ձեռքը գրպանը կոխեց,
Մի հարյուր դուկատ հանեց գրպանից,
Հանեց, դեմ արավ ջահել Մարկոյին.
Ա՜ռ, ասավ, Մարկո, տար՝ գինի խմիր:

ՄԱՐԿՈՆ ՎԵՐԱՑՆՈԻՄ Է ՊՍԱԿԻ ՀԱՐԿԸ

(Սերբական ազգային էպոսից)

Վաղ լուսաբացին վերկացավ Մարկոն,
Ձին հեծավ, չափեց դաշտը Կոսովի:
Գընաց, որ հասավ Սերվանա գետին՝
Դիմացը ելավ մի սիրուն աղջիկ:
Բարի օր. ասավ, կոսովցի քուրի՜կ:
Սիրուն աղջիկը խոր գլուխ տըվեց.
Բարին արևիդ, անծանոթ կտրիճ:
Ու էսպես խոսեց Մարկոն քաջազուն.
Քուրի՜կ, դու ջահել, էդքան գեղեցիկ,
Հասակդ նոճի, այտերըդ կարմիր,
Ափսո՛ս, որ մենակ ծամդ է խանգարում.
Ինչո՞ւ է, քուրի՜կ, ծամըդ ճերմակել,
Բախտըդ, երևի, թռել է քեզնից:
Դու ի՞նքդ ես արդյոք ցավի հանդիպել,
Թե քո խեղճ մերը, թե հերըդ ծերուկ:
Կոսովի աղջիկն արտասուք թափեց,
Արտասուք թափեց ու էսպես ասավ.
Չէ՜, ախպերացու, անծանոթ կտրիճ,
Ես չեմ խորտակել իմ բախտն իմ ձեռքով,
Փորձանքը ինքն է եկել իր ոտով:
Էս ինը տարի կըլինի ուղիղ,
Հեռվից արաբը մեզ մոտ է եկել,
Կապալով Կոսովն առել սուլթանից:
Դըրել է երկիրն ամբողջ հարկի տակ,
Ուտում է, խըմում դաշտը բովանդակ:
Մի ուրիշ հարկ է դըրել մեզ վրա.
Ամեն հարսնացու, որ մարդու գընա,
Պետք է վըճարի երեսուն ոսկի.
Ամեն փեսացու, որ աղջիկ ուզի,
Երեսուն ոսկի, չորսն էլ ավելի:
Ով էսքան ոսկի ուներ գըրպանում,
Ով էսքան ոսկի տըվեց արաբին՝
Ամենքը դարձան մարդու-որդու տեր:
Ես որբ աղջիկ եմ. եղբայրներ ունիմ,
Նըրանք էլ աղքատ, ձեռքները պակաս,
Չեն կարող էսքան հարկ տան արաբին:
Սըրա համար չեմ գընում ես մարդու,
Չեմ կարում դառնամ տան ու տեղի տեր.
Էս է իմ ցավը, անծանոթ ախպեր:
Բայց թե երանի էս լիներ մենակ,
Աղջիկն իր տանը նըստեր անպըսակ,
Կամ աղջիկ չառներ տըղան նորահաս:
Ուրիշ մի ցավ կա, անարգ առավել,
Արաբը ուրիշ մի հարկ է դըրել,
Որ նոր պըսակված հարսին ու փեսին
Գիշերը տանեն արաբի մեծին,
Ինքը նոր հարսին փայի, փայփայի,
Իրեն մարդիկը ջահել փեսային:
Ամեն տուն, ուր կան աղջիկ ու տղա,
Ղրկել են հերթով ամենքն արաբին:
Եկել է հերթը ինձ հասել հիմի,
Որ սև արաբին գընամ ես էսօր,
Որ նըրա կինը դառնամ ես էսօր:
Ու միտք եմ անում ինքըս իմ միջին.
Տե՛ր աստված, արդյոք ինչ անեմ հիմի.
Ծըմա՞կը գընամ, թոկ գըցեմ, կախվեմ,
Թե՞ գետը գընամ, ջուրն ընկնեմ, խեղդվեմ.
Ինչ էլ որ լինի՝ մեռնեմ վերջանամ,
Քան չար թշնամու տարփածու դառնամ:
Քուրի՜կ ջան, ասավ Մարկոն դյուցազուն,
Մի՜ կըտրիր հույսըդ, համբերող եղիր.
Ո՜չ ջըրում խեղդվիր, ոչ ծառից կախվիր,
Ու մի՜ կորցընիր ինքըդ քո հոգին:
Ցույց տուր ինձ մենակ՝ տեղը արաբի,
Ո՞ւր է արաբը, ո՞րտեղ է կենում.
Խոսելիք ունիմ էսօր նըրա հետ:
Պատասխան տըվեց կույսը Կոսովի.
Ախպե՜ր ջան, ասավ, անծանոթ կտրիճ,
Ինչո՞ւ ես հարցնում տեղը արաբի,
Արաբի տեղը դատարկ տեսնեմ ես:
Չըլինի՞ թե դու էլ աղջիկ ես ուզել,
Գընում ես, որ տաս հարկը պըսակիդ:
Չըլնի՞ թե քո մոր մինուճարն ես դու.
Եթե արաբը տա քեզ ըսպանի՝
Խեղճ պառավ մերըդ ի՞նչ պիտի անի:
Ու Մարկոն ձեռը գըրպանը տարավ,
Երեսուն ոսկի հանեց գըրպանից,
Տըվեց Կոսովի տըխուր աղջկան:
Ա՜ռ, քուրի՜կ, բըռնիր էս երսուն ոսկին,
Դարձի՜ր, ետ գընա քո տունը ճերմակ,
Էնտեղ ըսպասիր քո կարմիր բախտին.
Ցույց տուր ինձ մենակ տունը արաբի,
Կերթամ քու հարկն էլ կըտամ ես նըրան:
Արաբը, ախպե՜ր, տուն ու բակ չունի:
Նայիր դաշտն ի վար, դատարկ ու դուրան.
Մի տեղ է մենակ դըրոշ ծածանում,
Էն սև արաբի դըրոշն է մետաքս,
Էնտեղ է նըրա վրանը զարկած,
Վըրանի շուրջը կանաչ ցանկապատ,
Ամբողջ ցըցահան շարած գըլուխներ,
Մեր կըտրիճներրի գըլուխներն անբախտ:
Քառսուն պահապան ունի արաբը,
Հըսկում են անքուն գիշեր ու ցերեկ:
Հենց որ վերջացավ խոսքը աղջըկա,
Շուռ տըվեց Մարկոն գըլուխն իր ձիու,
Քըշեց Կոսովի արձակ դաշտն ի վար:
Տաքացրեց, լըցրեց իր հուր Շարացին:
Ոտների տակից կըրակ է թըռչում.
Պընչերից բոց է ելնում կապուտակ:
Գընում է Մարկոն սիրտը լեփ-լեցուն,
Իր այտերն ի վար արցունք է հոսում,
Արցունքի տակից էսպես է խոսում.
Հե՛յ, դու լայնարձակ սուրբ դաշտ Կոսովի,
Էս ի՛նչ ես տեսնում, ի՛նչ տեղ հասար դու
Մեր թագից հետո, մեր փառքից հետո.
Արաբն եկել է՝ չոքել քեզ վըրա:
Չեմ կարող տանել էս ցավն ես դաժան,
Չեմ կարող տանել անարգանքն էս սև,
Էս տուրքն անօրեն, էս հարկն անպատիվ,
Որ աղջիկ-տըղա պըղծվեն սերբերի:
Քույրե՛ր, ձեր ոխը էսօր ես կառնեմ,
Ձեր ոխը կառնեմ, կամ թե՝ կըմեռնեմ:
Ու քշեց շիտակ վըրանի վըրա:
Պահնորդ արաբներ հեռվից աչքեցին
Ու էսպես ասին արաբի մեծին.
Մեր տե՜ր, ասացին, մեր իշխան արաբ,
Կապույտ նըժույգը հեծած ամեհի,
Կոսովի դաշտով կըրակի նըման,
Մի արմանք զարմանք կտրիճ է գալի:
Կըրակ է թըռչում նըժույգի ոտքից,
Պընչերից ծուխ է ելնում կապուտակ:
Մեզ վըրա է սա քըշում շիփ-շիտակ:
Արաբի մեծը պատասխան տվեց.
Հե՛յ, ասավ, տըղե՜րք, իմ քառսուն քաջեր,
Ո՞վ կարա իր ձին քըշի մեզ վըրա:
Նոր նըշան դըրած մի ջահել է դա,
Իրեն հարսանքի հարկն է գալիս տա:
Ափսոսն է գալիս երեսուն ոսկին,
Էրվում է իր մեջ ու քըշում է ձին:
Դուրս եկեք դրա առաջը շուտով
Գըլուխ վեր բերեք հարգանքով, պատվով,
Օգնեցեք, ձիուց իջեցրեք իրեն,
Ձին ու զենքերը առեք իր ձեռքից,
Ու իրեն բերեք վըրանըինձ մոտ:
Ես դըրա ոսկին չպիտի առնեմ,
Դըրա գլուխը պետք է ես առնեմ,
Ու խաղուն կապույտ նըժույգը տակի:
Ասավ ու խըմբով ծառաներն ելան,
Որ ձեռքիցն առնեն ձին ջահել հյուրի,
Բայց հենց մոտեցան, տեսան Մարկոյին,
Էլ սիրտ չի արին առաջը գընան,
Փախան, վըրանը մըտան վերըստին,
Թաք կացան ետևն արաբ իշխանի,
Իրենց թըրերը ծածկեցին փեշով:
Ներս մտավ Մարկոն բակը արաբի,
Ցած իջավ ձիուց վըրանի շեմքում.
Գընա՛, իմ Շարաց, քեֆ քաշի՜ր, ասավ,
Քեֆ քաշիր էստեղ, բակումն արաբի,
Բայց, տե՜ս, դըռնիցը հեռու չըգնաս,
Գուցե թե շուտով հարկավոր լինես:
Ու մըտավ Մարկոն վըրանն արաբի:
Սիրուն սերբուհին առաջին կանգնած՝
Արաբը նստել գինի է խըմում:
Ներս մըտավ Մարկոն ու բարև տըվեց.
Բարի օր, տանտե՜ր, բարի աջողում:
Արաբը սիրով բարևը առավ.
Աստծու բարին քեզ, անծանոթ կտրիճ.
Նըստի՜ր, մի բաժակ դատարկիր մեզ հետ,
Հետո կըպատմես՝ ինչու ես եկել:
Ետ դառավ Մարկան՝ պատասխան տըվեց,
Գինի խմելու ժամանակ չունիմ,
Եկածս էլ արդեն բարի է ինքնին:
Սըրանից բարի էլ ինչ կըլինի.
Աղջիկ եմ ուզել, պըսակ եմ գընում,
Հարսանքավորըս կանգնած է ճամփին,
Եկա՝ վըճարեմ տուրքը պըսակի,
Վըճարեմ և՜ ինձ, և՜ հարսիս համար,
Շուտ արա, որ ետ չընկնենք մեր ճամփից,
Ես քանի՞ ոսկի պիտի վըճարեմ:
Էս խոսքի վըրա արաբը ասավ.
Թե քանի ոսկիդու ինքըդ գիտես.
Հարսը տալիս է երեսուն ոսկի,
Փեսան երեսուն, չորսն էլ ավելի:
Բայց ես տեսնում եմ՝ կըտրիճ մարդ ես դու,
Հարյուր էլ որ տաս՝ ի՞նչ կա քեզ համար:
Ու Մարկոն ձեռը գրպանը տարավ,
Հանեց, շըպրտեց մի երեք ոսկի:
Հավատա՜, ասավ, էլ ավել չունիմ:
Թե կուզես՝ մընա, ըսպասիր մի քիչ,
Մինչև պսակից ետ գամ հարսիս հետ,
Բաժինքը ողջ քեզ, հարսը ինձ լինի:
Գարշելի՜, թըշշաց արաբն օձի պես.
Սակարկո՞ւմ ես դու... դու ծաղրո՞ւմ ես ինձ...
Ես չեմ հավատում ձեզնից ոչ մեկին:
Ասավ, վեր կալավ իր գուրզն ահագին,
Զարկեց Մարկոյին երեք-չորս անգամ:
Զարկեց. ծիծաղեց Մարկոն քաջազուն:
Հե՛յ, դու սև արաբ, հե՜յ արաբ, ասավ,
Կատա՞կ ես անում, թե ճիշտ ես զարկում:
Ու օձի նման արաբը թըշշաց.
Կատակ չեմ անում, սըրտով եմ զարկում:
Էնպես կարծեցի կատակ ես անում:
Դե որ էդպես է, սըրտով ես զարկում,
Ինձ հետ էլ մի գուրզ կըլնի երևի,
Քանի անգամ որ դու ինձ զարկեցիր,
Էնքան անգամ էլ էս քեզ կըզարկեմ.
Նըրանից հետո դաշտը դուրս կըգանք,
Դաշտը կըջոկի կտրիճը մեր մեջ:
Ասավ ու առավ իր գուրզը մեխված
Ու էնպես զարկեց արաբի մեծին,
Որ գլուխն իսկույն թըռավ ուսերից:
Նայեց, ծիծաղեց Մարկոն քաջազուն:
Տեր աստված, ասավ, փառքըդ շատ լինի,
Ինչքան հեշտ թըռավ գըլուխն արաբի,
Ասես գլուխ չէր ունեցել իսկի:
Ապա թե հանեց թուրը հավլունի,
Ողջ ծառաներին հընձեց խոտի պես,
Քառասուն հոգուց չորսին թող առավ,
Որ գընան անցնեն աշխարհքից աշխարհք,
Իր ու արաբի պատմությունն անեն:
Բակի շուրջ շարած գըլուխներն առավ,
Առքով ու փառքով թաղեց հողի մեջ,
Որ ցին ու ագռավ չգան, չկըտցեն,
Նըրանց փոխարեն՝ արաբի մարդկանց
Գլխները զարկեց, շարեց բակի շուրջ,
Ու տիրեց գանձին արաբի դիզած:
Չորս արաբին էլ, որ թողեց կենդան,
Չորս կողմի վըրա ղըրկեց աշխարհքի,
Որ գընան, անցնեն դաշտը Կոսովի,
Պատմեն ու էսպես կանչեն ամեն տեղ.
Որտեղ որ հասած աղջիկ կա տան մեջ՝
Արձակ-համարձակ թող մարդու գընա,
Ու թող պըսակվեն սերբերը ազատ.
Վերացա՛վ, ջընջվե՛ց հարկը պըսակի,
Մարկոն վըճարեց ամենքի համար:

ՄԱՐԿՈՆ ՎԱՐ Է ԱՆՈԻՄ

Իր պառավ մոր հետ միասին նըստած
Գինի էր խըմում Մարկոն դյուցազուն:
Երբոր բավական գինի խըմեցին,
Մեծ մերն ըսկսեց որդուն խըրատել:
Որդի ջան, ասավ, արի, ինձ լըսիր,
Էդ քո արյունոտ արկածներն եկ թող
Ձեռքաշի արի կըռվից, արյունից,
Չար բանից, որդի, բարի չի՜ ծընիլ:
Հոգնել եմ ես էլ պառավ տեղովըս
Արնոտ շապիկներ շատ լըվանալուց:
Ա՜ռ մեր գութանը, մեր եզները առ,
Գընա, սար ու դաշտ վարի գութանով,
Ըսպիտակ ցորեն ցանի քեզ համար,
Երկուսով ուտենք ու հանգիստ ապրենք:
Ու լըսեց Մարկոն իր մորը պառավ:
Գութանը լըծեց ու գընաց վարեց,
Բայց գընաց վարեց ոչ թե սար ու դաշտ,
Այլ էն մեծ ճամփեն թագավորական:
Երեք ձի բեռնած արծաթ ու ոսկի
Յանիչարները էն ճամփով եկան,
Եկան, գոռացին Մարկոյի վըրա.
Էհե՛յ, ա՜յ Մարկո, մի՜ վարի ճամփեն,
Էհե՛յ, ա՜յ թուրքեր, մի՜ ոտքեք վարըս.
Էհե՛յ, ա՜յ Մարկո, մի՜ վարի ճամփեն.
Էհե՛յ, ա՜յ թուրքեր, մի՜ ոտքեք վարըս:
Հերսը որ ելավ երկար վիճելուց,
Գութան ու եզներ առավ միասին,
Զարկեց, տեղն ու տեղ ջարդեց թուրքերին:
Երեք ձիաբեռ գանձերը առավ,
Բերեց ու տըվեց իր մորը պառավ.
Մերի՜կ ջան, ասավ, ոնց որ դու ասիր՝
Վար տրի էսօր, էսքան դատեցի:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 Следующая Конец