Թումանյան Հովհաննես՝ Թարգմանություններ և փոխադրություններ | |
Էս մտածմունքի մեջ Ուրաշիման պատահեց մի անցորդ ծերունու:
— Ասա խնդրում եմ, բարի ծերունի, ու՞ր է փոխադրվել Ուրաշիմայի տունը, որ կանգնած էր էստեղ:
Ծերունին հիշեց ու պատմեց, թե մանուկ ժամանակ լսել է, որ հարյուրավոր տարիներ առաջ մի Ուրաշիմա է եղել. գնացել է ծովը ձուկ որսալու ու էլ ետ չի եկել: Նրա ծնողները, եղբայրները, նրանց որդիքն ու թոռները վաղո՛ւց-վաղուց են մեռել, իսկ տունը ավերվել, անցել, հողի հետ գնացել:
Էստեղ գլխի ընկավ Ուրաշիման, որ ծովի աստծու ապարանքը մարջանի պատերով, հակինթի պտուղներով ու ոսկետուտն վիշապներով կախարդական աշխարհքն է եղել, որ էնտեղ անցկացրած մի օրը հավասար է եղել երկրի մի տարուն:
Ու հեռացավ իր հայրենիքից, քանի որ մեռել էին իր բոլոր հարազատները և մինչև անգամ իրեն ծանոթ ծառերն էլ չկային:
Սաստիկ ցանկացավ վերադառնալ նորից ծովի հատակը, չնաշխարհիկ Սեն-Նինիի մոտ, բայց ի՞նչպես, ի՞նչ ճանապարհով: Ոչ մի կերպով չկարողացավ գտնի և չկար մեկը, որ առաջնորդեր նրան կրկին էնտեղ-կախարդական աշխարհքը:
Կանգնեց միտք արավ Ուրաշիման:
— Եթե բաց անեմ էս տուփը, որ տվել է ինձ Սեն-Նինին, գուցե թե գտնեմ ճանապարհը, որ տանում է նրա մոտ:
Ու բաց արավ տուփը: Եվ ի՞նչ դուրս եկավ միջից: Մի կտոր թեթև ամպիկ, որ վերացավ, ծուխ դարձավ գնաց դեպի օվկիանոս, կախարդական աշխարհքի կողմը: Ուրաշիման նոր հիշեց կնոջ խոսքը, որ բաց չպիտի աներ տուփը, աղերսեց, որ կանգնի, վազեց ետևից, ցավից լաց եղավ. բոլորն իզուր. ամպիկը ցնդեց, ցրվեց, վերացավ, հեռացավ անդարձ, անհետ:
Ու էստեղ էլ տեղնուտեղը հատավ Ուրաշիմայի ուժը, էլ ոչ վազել կարողացավ, ոչ կանչել: Հանկարծ մազերը ճերմակեցին ձյունի պես, երեսը կնճռոտեց, մեջքը կորացավ զառամ ծերունու մեջքի նման, շունչը կտրեց ու մեռած ընկավ ծովափին:
Խե՜ղճ Ուրաշիմա. չիմացավ, որ ջահելության գաղտնիքն էր ամփոփված կախարդական տուփի մեջ, որ տվել էր իրեն հավերժահարս գեղեցիկ Սեն-Նինին: Թեթևամիտ անհամբերությունից բաց արավ ու կորցրեց: Զրկվեց ջահել, երկար կյանքից ու երջանիկ ապրելու վայելքից: Բայց նա սիրող, ազնիվ սիրտ ուներ ու գնաց իր սրտի ետևից: Էդ է պատճառը, որ մինչև օրս էլ Ճապոնիայում չեն մոռացել Ուրաշիմային ու նրա խորհրդավոր պատմությունը: Եվ շատ տեղերում պաշտում են նրան նրա համար, որ նույնիսկ աստվածների անհոգ աշխարհքում, Սեն-Նինիի սիրո մեջ էլ չմոռացավ իր հարազատներին ու իր աղքատ ծննդավայրը:
1913
ՄԱՐԴԱԿԵՐԻ ԱՂՋԻԿՆ ՈԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՎԱՐՊԵՏԸ
Լինում է չի լինում, լինում է մի թագավոր. ունենում է երկու որդի, մինը բարի, մյուսը չար: Բարին լինում է մեծն ու ժառանգը: Էս բանը դուր չի գալի չար եղբորը, մտածում է` մի կերպով ազատվի բարի եղբորից, որ ժամանակին ինքը թագավոր դառնա: Մի օր ասում է.
— Արի՛ գնանք որսի:
Թե` գնանք:
Գնում են: Մտնում են անտառի խորքը: Որ մտնում են անտառի խորքը, թիկնապահները ետ են ընկնում ու երկու եղբայր մնում են մենակ: Որ մնում են մենակ` էս չար եղբայրը սուրը հանում է, խրում է բարի եղբոր թիկունքը ու, կարծելով` թե արդեն սպանեց, վերադառնում է պալատը, իբրև թե բան չի պատահել: Հերը հարցնում է.
— Եղբայրդ ի՞նչ եղավ:
— Ա՛խ, — ասում է, — ձերդ մեծություն, էնպես մի դժբախտություն պատահեց, որ... գազանները եղբորս կերան...
Խեղճ հերը աղի արտասուք է թափում, լաց ու սուգ է անում, դարդից հիվանդանում է մեռնում, ու չար որդին տեղը նստում է թագավոր:
Սրանց էստեղ թողնենք, գնանք հիմի տեսնենք` ինչ եղավ բարի եղբայրը:
Բարի եղբայրը անտառի խորքում ուշքի է գալի, սկսում է թառանչել ու օգնություն կանչել:
— Օգնեցե՜ք, ո՛վ աստված սիրողներ... օգնեցե՜ք...
Ճյուղերը ջարդոտելով, խոտերը խըշխըշացնելով, մինը առաջ է գալի, տարածում է երկար ճանկերով մազոտ ձեռքերը, վեր է քաշում թագավորի տղին ու հետը փշփշոտ լեզվով մեջքի արյունը լիզում է, հետը խուլ մռմռում.
— Օ՜ֆ, ի՛նչ համով է... օֆ ի՜նչ համով է...
Էս խռպոտ ձենից թագավորի տղի հոգին մարում է: «Վա՜յ ինձ, ասում է, մարդակերի ճանկն եմ ընկել»: Դու մի՜ ասիլ, ճշմարիտ որ, ընկած է լինում մարդակերի ճանկը:
Մարդակերը սրան մի բոխչի նման կռնատակն է անում ու ճամփա ընկնում դեպի իր քարանձավը:
Լոք-լոք անելով մի քանի րոպեում հասնում է քարանձավի դուռն ու ծեծում.
— Դուռը բաց արա, աղջիկ ջան, դուռը բաց արա, տես քեզ համար ինչ եմ բերել...
Աղջիկը որ դուռը բաց է անում, որ տեսնում է ուշաթափված ու արյունաթաթախ թագավորի տղին, խղճահարվում է, ասում է.
— Էստեղ ի՞նչ լավ բան կա որ... Չես տեսնո՞ւմ արդեն մեռած է... թող տանեմ դեն գցեմ...
— Ասենք ճշմարիտ ես ասում, արդեն դիակ է... Տար դեն գցիր, իսկ ես էլի կգնամ որոնելու, — ասում է հրեշ հերն ու ձեռաց անհետանում:
— Ո՜ւ... ո՜ւ... — միայն մռնչյունն է լսվում հեռվից:
Հերը հեռանում է թե չէ` աղջիկը վազում է, պահարանից մի դեղ է հանում, բերում է քսում տղի վերքին:
Տղեն աչքը բաց է անում, ասում է.
— Օ՜ֆ: Էս ինչ շատ եմ քնել:
Ու տեսնելով կողքին կանգնած աղջկանը` հարցնում է.
— Դու ո՞վ ես, սիրուն աղջիկ:
— Ես մարդակերի աղջիկն եմ, բայց ինձանից մի՛ վախենար... իսկ դու ո՞վ ես...
Թագավորի տղեն նոր հիշում է ու գլխի ընկնում, թե որտեղ է ընկել, հայտնում է, թե ինքն ով է, պատմում է իր գլխին եկածը ու խնդրում է աղջկանը, որ թողնի իրեն` գնա իր հոր մոտ:
— Քեզ ու քու հորը սարեր ու ձորեր են բաժանում, — պատասխանում է աղջիկը: — Չես կարող նրան հասնես: Ճամփին կբռնի իմ հերը, երկու պատառ կանի, կուտի քեզ: Էստեղից անփորձանք դուրս գալու գնալու համար պետք է ունենալ իմ հոր մատի կախարդական մատանին: Ես նրա մատից, քնած ժամանակը, կհանեմ էն կախարդական մատանին, միայն մի պայմանով, որ խոսք տաս միասին փախչենք ու ամուսնանաս ինձ հետ:
Թագավորի տղեն խոսք է տալիս:
Էս ժամանակ լսվում է մարդակերի մռնչյունը, — ո՛ւ... ո՛ւ...
Որսը անհաջող էր անցել, բարկացած վերադառնում էր տուն:
— Շուտ արա, մտի՜ր էս քունջը, թաքնվի՜ր, թե չէ որ տեսավ քեզ, կուտի...
Աղջիկը թաքցնում է տղին ու միամիտ նստում: Հերը ներս է մտնում թե չէ, հոտոտում է ու կանչում.
— Օ՜ֆ, ի՛նչ լավ մարդահոտ է գալի...
— Էդ քեզ է էդպես թվում, — ասում է աղջիկը: — Մարդն էստեղ ո՞վ է տվել... Հոգնած ես, արի մի լավ հաց կեր ու պառկի քնի:
Մարդակերը մրթմրթալով մի խորոված եզան կիսան է կլանում ու մեկնվում: Աղջկանն ասում է.
— Արի գլուխս քորի, որ քնեմ:
Աղջիկը մի ձեռքով գլուխը քորում է, մյուսով կամաց աշխատում է մատանիքը մատիցը հանի:
— Էդ ի՞նչ ես անում, աղջիկ ջան, — կես քուն, կես արթուն մռմռում է մարդակերը:
Աղջիկը վախեցած, ձեռը ետ է քաշում ու էդ օրը էլ չի համարձակվում մատանին հանելու փորձ անել:
Իրիկնապահին մարդակերը նորից որսի է գնում, մնում են աղջիկն ու թագավորի տղեն:
Աղջիկը քունջից դուրս է բերում թագավորի տղին ու նրա խնդիրքով ման է ածում իրենց սենյակները:
Մի դուռն է բաց անում — տղէն զարմանքից մնում է ապշած: Մի մեծ դահլիճ է` լիքն ու զարդարված ոսկով ու արծաթով, թանկագին քարերով ու մարմարով, բայց հատակին էստեղ-էնտեղ թափված կրծոտած ոսկորներ:
— Էս ի՞նչ ոսկորներ են, — հարցնում է թագավորի տղեն:
— Ոսկորներ են, էլի, — պատասխանում է մարդակերի աղջիկն ու մյուս դուռն է բաց անում: Մտնում են հետևյալ սենյակը: Առաջինից ավելի փարթամ ու շքեղ: Պատերը մաքուր արծաթից, ոսկուց ու մարգարտից, հրաշալի կահ-կարասիքով, ոսկենկար-ոսկեփունջ մետաքսի վարագույրներով զարդարած: Բայց էստեղ էլ թափված են նույն կրծած ոսկորները...
— Էս ի՞նչ ոսկորներ են, — դարձյալ հարցնում է թագավորի տղեն:
— Դրանց ի՞նչ ես նայում, — կրկին խոսքը կտուրն է գցում մարդակերի աղջիկը, — դու ոսկե պատերին մտիկ տուր, արծաթե ու մարգարտե ձեղուններին նայիր...
Ու առաջ է գնում:
Թագավորի տղեն գլխի է ընկնում, որ էդ ոսկորները էն խեղճ մարդկանց ոսկորներն են, որոնց լափել էր մարդակերը:
— Իսկ էս ի՞նչ սենյակ է, — ցույց է տալիս թագավորի տղեն մի դռան վրա, որի երկու կողմը հսկում էին երկու վիշապներ:
— Էս իմ հոր գանձարանն է: Էս սենյակը չի կարելի մտնել առանց իմ հոր մատի կախարդական մատանիքի, թե չէ` իսկույն կպատառոտեն էս պահապան վիշապները:
— Ո՜ւ... Ո՜ւ...
Լսվում է մարդակերի ահռելի ոռնոցը:
— Շուտ արա, շո՜ւտ, թաքնվի՛ր, ու շունչդ չհանես մին էլ մինչև իրիկուն, հերս գալիս է, — ասում է աղջիկն ու կրկին թաքցնում թագավորի տղին: Իսկ մարդակերն արդեն դուռը ծեծում է.
— Բաց արա դուռը, աղջիկս, բաց արա, քեզ համար տես ի՜նչ եմ բերել:
Ապա թե թագավորի տղեն իր թաքնված տեղից լսում է գոռոցի ու լացի ձեն, հետն էլ բերանի ծլըփոց:
Մարդակերն իր ընթրիքն անում է ու պառկում է քնի, աղջկան պատվիրում է գլուխը քորի:
Աղջիկն էս անգամ կարողանում է հոր մատից հանել կախարդական մատանին, ապա տղի հետ միասին առնում են մարդակերի գանձերն ու փախչում: Շատ են գնում թե քիչ, շատն ու քիչը աստված գիտի, հասնում են մի աշխարհք: Էս աշխարհքում թագավորի տղեն իմանում է, որ իր հերը մեռել է, ու նրա տեղը իր ախպերն է նստել թագավոր: Ինչպես խոսք էր տվել, էնպես էլ ամուսնանում է մարդակերի աղջկա հետ ու մնում է էս աշխարհքում:
Շատ են կենում թե քիչ, մի քանի երեխա են ունենում, շատ սիրով էլ ապրում են իրար հետ, միայն կինը երբեմն գիշերները անհետանում է ու ծեքին է վերադառնում շրթունքները արյունոտ: Հարցնում է, թե`
— Էդ ի՞նչ ես կերել:
Թե`
— Ոչինչ, հավ ու գառն եմ կերել, բերանս էլ դեռ հալա չեմ սրբել...
Մի անգամ էլ էնպես է պատահում, որ էս թագավորի տղեն երեխաների հետ գնում է ուրիշ տեղ, մութն ընկնում է ու մնում են ճանապարհին: Գիշերվա մի ժամանակը մի գազան գողունի մոտենում է ու հարձակվում է քնած երեխաների վրա: Թագավորի տղեն սուրը հանում է զարկում. գազանը մարդու ձենով ճչում է.
— Վա՜յ, մեռա՛...
Ձենն էլ ծանոթ ձեն: Մտիկ տա` ի՛նչ տեսնի — սրով զարկած, առաջն ընկած իր կինը: Գիշերով դուրս է եկել որս որոնելու, մթնումը չի նկատել-քիչ է մնացել իր երեխաներին ուտի:
— Ահա թե ինչ կնշանակի լինել մարդակերի աղջիկ...
Ու մնում է խեղճ մարդը շվարած, հուսահատված կանգնած մեջտեղը: Մի կողմը ընկած արնաշաղախ կինը, մյուս կողմը ծվատած երեխաները:
Չգիտի ինչ անի, ինչ չանի:
Էս դրության մեջ հանկարծ լսում է քնքուշ ձեն.
Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես լաց լինում, թագավորի որդի:
Գլուխը վեր է քաշում, տեսնում է առաջը կանգնած ճերմակ շորերով մի գեղեցկուհի:
— Ա՜խ, — ասում է, — աննման աղջիկ, օգնիր ինձ, տեսնում ես, կինս, երեխաներս:
— Ես կարող եմ քեզ օգնել միայն մի պայմանով, — խոսում է գեղեցկուհին:
— Ինչ որ ասես` հոժար եմ:
— Լա՛վ, դե լսի՜ր: Ես գիտեմ` ինչ է բերել քո գլուխը եղբայրդ, գիտեմ` ինչպես ես ընկել մարդակերի ճանկը, ոնց ես նրանից ազատվել ու ամուսնացել նրա աղջկա հետ, մի խոսքով` ամենը գիտեմ... Բայց եթե ուզում ես ես քեզ օգնեմ — պետք է ներես եղբորդ...
— Եղբո՞րս... Օ՛, երբեք: Էս բոլորի պատճառը նա է... Չեմ կարող, չեմ կարող նրան ներել...
— Չես կարո՞ղ... Դեհ, մնաս բարյավ:
Խոժոռում է գեղեցկուհին ու շուռ է գալի, որ հեռանա:
— Կա՜ց, կանգնի՜ր, կներեմ, — կանչում է տղեն, — միայն թե` օգնիր:
— Դե լսի՜ր, — խոսում է ոգին: — Քո կինը արդեն մեռավ, երեխաներդ էլ ամենքը պիտի մեռնեն, որովհետև մարդու միս են կերել, բացի ամենափոքրը, ծծկերը:
Կախարդական մատանու ուժով ամեն գիշեր քեզ քնեցնում էր քո կինը ու ինքը գնում մարդի որսի, ու որսի մսից ուտեցնում էր և իր երեխաներին, ինչպես գիշակեր թռչունը կամ գազանը իր արած որսից ուտեցնում է իր ձագերին: Միայն ծծկերն է, որ մարդի միս չի կերել, և միայն նա կապրի ու կթագավորի ապագայում, եթե միայն դու ներես եղբորդ...
— Ներում եմ, — ասում է թագավորի տղեն:
— Դե հիմի նայիր, — շարունակում է հրաշալի կինը: Մեկնում է ձեռքի կախարդական գավազանը, իրար ետևից թեթև զարկում է երեխաներին, ու իրար ետևից երեխաները դառնում են հյուսնի գործիքներ, թափվում են գետնին-թակ, ունելիք, սղոց, դուր, իսկ ամենափոքրը, ծծկերը-շաղափ:
Ահից ու զարմանքից տեղն ու տեղը քար է կտրում խեղճ հերը:
— Մի՛ վախենար ու մի՛ հուսահատվիր, — խոսում է ոգին: — Էս օրվանից դու կլինես վարպետ-հյուսն, իսկ սրանք-քո գործիքները: Ցերեկը քեզ համար գործիքներ կլինեն, իսկ գիշերը հենց կախարդական մատանիքով զարկես — կդառնան քո երեխաները:
Այժմ հավաքիր էս գործիքները, գնա քո եղբոր քաղաքը, մի համեստ խանութ վարձիր ու մեջն աշխատիր, ինչպես հասարակ աշխատավոր, բանվոր հյուսն: Նրանից հետո ինչ որ կպատահի-հետո կտեսնես:
Ասում է ու չքանում չքնաղ կինը:
Թագավորի տղեն հենց էնտեղ թաղում է իր կնոջը, հետն առնում է թակը, ունելիքը, սղոցը, դուրն ու շաղափը, որ չի իմանում իր զավակներն են թե գործիքները, ու ճանապարհ է ընկնում դեպի չար եղբոր քաղաքը:
Չար եղբոր քաղաքում մի համեստ խանութ է վարձում ու աշխատում:
Շատ քիչ է վաստակում, բայց ապրում է ճոխ ու առատ: Հարևանները զարմանում են. չեն հասկանում, թե էս որտեղից է սա էսպես հարուստ ապրում:
— Ամոթ չլինի հարցնելը, վա՜րպետ, էդքան քիչ աշխատելով ի՞նչպես ես կարողանում էսպես լավ ապրել...
Վարպետը պատասխանի փոխարեն իր բռնոթին է քաշում ու ուսերն է վեր քաշում:
Արի ու սրանից բան հասկացիր:
Մի խոսքով` ոչ ոք չի հասկանում սրա գաղտնիքն, ու անունը դնում են «Խորհրդավոր վարպետ»:
Մին էլ տեսար Խորհրդավոր վարպետը մսագործի խանութը մտավ:
— Ի՞նչ արժե սուկին:
— Սուկին քեզ համար չի, վարպետ, սուկին թագավորի համար է:
— Ինչո՞ւ. իմ փորն էլ թագավորի փորի նման փոր չի՞, ինչ է... Մարդիկ ծիծաղում են.
Կեցցե՜ս, վա՜րպետ, կեցցե՜ս, լավ ասիր:
Գնում է ձկնավաճառի մոտ:
— Խավիարն ի՞նչ արժե:
— Խավիարը քեզ համար չի, վարպետ, խավիարը թագավորի համար ենք պահել:
— Վա՜հ, ինչո՞ւ, իմ ախորժակն էլ թագավորի ախորժակի պես ախորժակ չի՞, ինչ է...
Զարմացած հարց է տալիս Խորհրդավոր վարպետը, ու նորից խալխը ծիծաղում են.
— Կեցցե՜ս, վարպետ, կեցցե՜ս, ճիշտ նկատեցիր:
Ու ինչ էլ որ առնում է` մսեղեն, ձկնեղեն, կանաչեղեն, ընդեղեն թե մրգեղեն — առնում է առատ-առատ ու ամենաընտիրը:
Էս ու էն հարցնում են.
— Էդ ո՞վ պետք է ուտի, վա՜րպետ:
— Ես ու իմ երեխեքը:
— Շա՞տ երեխա ունես:
— Ինչպես չէ. Թակը, Սղոցը, Ունելիքը, Շաղափը:
Խալխը ծիծաղում են.
— Անուշ լինի քեզ ու երեխաներիդ, վա՜րպետ:
— Շնորհակալ եմ:
Վերադառնում է խանութ, զամբյուղով ուտելիքը դնում անկյունում ու սկսում բանել մինչև իրիկուն:
— Հապա ճաշդ, ի՞նչպես պետք է լինի, վա՜րպետ:
— Ճաշս էնտեղ խոհանոցում կեփեն:
Գիշերվա կիսին խանութը կողպում է, դուռը ետնափակ է տալի, ու իսկույն ներսը ափսեները շրըխշրըխկում են, բաժակները զրընգզրընգում են, դանակ պատառաքաղները չըխկչըխկում, կարծես թե բազմաթիվ ծառաներ խանութում մեծ սեղան են բաց անում: Ապա թե լսվում է ուրախ ծափ ու ծիծաղը, մեջընդմեջ էլ Խորհրդավոր վարպետի սաստող ձենը.
— Սղո՛ց, կարգի՛ն...
— Թա՛կ, զգույշ, շիշը չկոտրես...
— Խելոք կացեք, չարություն մի՛ անեք...
Հարևանները լսում են ու ապշում: Առավոտը ցամաքած գալիս են:
— Հ՞ը, վարպետ, իրիկունը լա՞վ ընթրեցիք: Բայց ձեր երեխեքը բավական չարություն են անում...
— Չէ, էնքան էլ չար չեն, տեսեք, ի՛նչ խելոք շարված են:
Պատասխանում է վարպետը ու ցույց է տալիս պատի կողմը, իսկ պաշարեղենի զամբյուղը, ճշմարիտ որ, դատարկ է:
Հարևանները գլուխները տրաքեցնում են, հազար ու մի ենթադրություններ են անում, ոչ մի կերպ չեն կարողանում իմանալ Խորհրդավոր վարպետի գաղտնիքը:
Ցերեկով մտիկ են անում-մի խեղճ մարդ է, մի փոքրիկ նեղ խանութում, գլուխը կախ իր բանի վրա: Ո՞րտեղից է սա էսքան փող աշխատում, էսքան ուտելիք առնում, և ո՞ւր է գնում էս ամենը... ի՞նչ է նշանակում էս աղմուկն ու շրըխկոցը, որ լսվում է գիշերները:
Մտածում են` դռանը մի ծակ շինեն, որ էնտեղից գուցե մի բան տեսնեն, էն էլ չեն կարողանում: Դուռը, որ թվում էր թե փտած տախտակից է-ոչ մի բուրղու չի մոտ թողնում:
Զարմացած հարցնում են.
— Վարպետ, քո դուռն ի՞նչից է շինված:
— Պանրից:
— Հապա ինչո՞ւ չես ուտում:
— Ես պանիր չեմ սիրում.
— Է՜ վարպետ, ինչո՞ւ ես մեզ խաբում:
Իսկ վարպետը իր բռնոթին է քաշում ու խնդում: Վերջապես խաբարը գնում է հասնում իրեն-թագավորին:
Թագավորը բարկանում է:
— Հա՞, ո՞նց թե իմ փորն էլ թագավորի փորի նման փոր է...
Հրամայում է, որ մթերավաճառները ամենավատ մթերքները տան հանդուգն վարպետին: Ու թագավորի հրամանը դուրս եկած օրից վարպետը պետք է էն տեսակ միս ուտեր, որ շունն էլ չէր ուտիլ. հոտած ձուկը, որդնած պանիր ու փտած պտուղներ:
— Հ՞ը, գոհ ե՞ս թե չէ, վարպետ, — ծաղրելով հարցնում են վաճառողները:
Ես գոհ եմ, բայց էնպեսները կան, որ իսկի չեն կարող գոհ լինել...
Ինչո՞ւ:
— Էնդուր:
Ասում է, բռնոթին քաշում ու գնում իր խանութը:
Դու մի ասիլ` հենց էդ օրն էլ թագավորը իր մեծամեծներին հրավիրած է լինում հանդիսավոր ճաշկերույթի:
Սեղանին միս են բերում-լեշի հոտ է գալի, պանիր են դնում-էնքան որդնած, որ իրեն-իրեն սեղանի վրա ման է գալի, պտուղները ճիճվառ, թթու, կանաչեղենը փտած...
— Էս ի՞նչ բան է, — գոռում է թագավորը. — էստեղ կանչեցեք էդ լիրբ խոհարարին:
Խեղճ խոհարարը երդում-կրակն է ընկնում, թե ամենաընտիր մթերքն է առել, սրան-նրան վկա է բերում, թե բոլոր ուտելիքները հրաշալի բուրում էին խոհանոցում...
Ինչ պետք է անեն: Թագավորն էլ, իր մեծամեծներն էլ չոր հացը ջրում թրջում են ուտում, որ սովամահ չլինեն:
— Կա թե չկա էս Խորհրդավոր վարպետի սարքած խաղն է, որ խաղում է մեր գլխին, — կարծիք է հայտնում թագավորի խորհրդականներից մինը: — Կացեք, ես մի գնամ դրա մոտ:
Շորերը փոխում է, հին, մաշված շորեր է հագնում ու գնում:
— Բարի աջողում, վարպետ:
— Աստծու բարին քեզ:
— Վարպետ, մի նեղություն քաշի` էս սնդուկը նորոգի:
— Շատ լավ: Էստեղ դիր:
— Քեզ մոտ էս ի՛նչ լավ կերակուրի հոտ է գալի, վարպետ:
— Հա՜, երևի էն անկյունի ճաշի կրճոնքի հոտն է...
Խորհրդականը էն կողմն է նայում, տեսնում է հիանալի ձուկն ու խորովուն-բերնի ջուրը վազում է:
— Էս հիանալի ուտելիքները ո՞րտեղ եք առել, վարպետ:
— Էնտեղ, որտեղ ծախում են-շուկայում:
— Բայց, ինչքան ինձ հայտնի է, թագավորը հրամայել է, որ քեզ վրա լավ ուտելիք չծախեն, էս ի՞նչպես է, որ...
Վարպետը պատասխանի փոխարեն բռնոթի է քաշում, ուսերը վեր քաշում ու քթի տակին ծիծաղում:
Էստեղից խորհրդականը վազում է թագավորի մոտ: Թագավորի մոտ մեծամեծները խորհրդի են հավաքվում, խորհուրդ են անում ու վճռում են, որ Խորհրդավոր վարպետը անպատճառ մի կախարդ է որ կա, ու նրանից պետք է խլել իր գործիքները-թակը, սղոցը, ունելիքը, դուրն ու շաղափը, մի խոսքով` ամենը, ինչ որ ունի:
Ինչպես որ վճռում են, էնպես էլ անում են:
Խորհրդավոր վարպետի գործիքները բերում են թագավորի ննջարանին կից սենյակում փակում: Փակում են, բանալին տալիս թագավորին: Թագավորն էլ, ապահովության համար, բանալին կախում է իր գոտուց:
Մին էլ կես գիշերին էս փակած սենյակում մի աղմուկ. թակը թակում է` թըխկ հա թըխկ, ունելիքը քաշում է` չըխկ հա չըխկ, սղոցը սղոցում է` խըռ հա խըռ, շաղափը ծակում է` վըռ հա վըռ, ապա թե միասին ճչում են.-Հաց ենք ուզում, հաց ենք ուզում...
Թագավորը վազում է, դուռը բաց է անում, տեսնում է բոլոր գործիքները հանգիստ իրենց տեղերն ընկած են: Բայց դուռը փակում է թե չէ-նորից սկսվում է լացն ու ճիչը.
— Հաց ենք ուզում, հաց ենք ուզում...
Էս թագավորն ամբողջ գիշերը չի կարում աչքը կպցնի: Երկրորդ գիշերը-ավելի թունդ:
Խորհրդականներն ասում են. — Թագավորն ապրած կենա, բեր ուտելիքներ դնենք էդ սենյակում, տեսնենք ինչ դուրս կգա: — Բերում են ուտելիքներ են դնում էդ սենյակում ու էլ եդ փակում:
Ականջ են դնում:
Ափսեները շըխկշըխկում են, դանակներն ու պատառաքաղները չըխկչըխկում, բաժակները զրընգում: Ծափ, ծիծաղ, ճիչ, աղմուկ: Հետն էլ մինը, թե` — Սղո՛ց, դու ինձ բոթում ես:
Մյուսը, թե`
— Շաղափ, մազերս մի քաշի:
Երրորդը, թե`
— Դո՜ւր, էս ի՞նչ արիր, շորերիս վրա թափեցիր...
Էս թագավորն ու իր խորհրդականները զարմանքից մնում են քարացած:
Հրաշք, որ հրաշք: Էլ ի՞նչ խոսք, Խորհրդավոր վարպետը կախարդ է:
Թագավորը հրամայում է, որ վարպետին իր մոտը բերեն: Բերում են: Ասում է.
— Վա՜րպետ, էս ի՞նչ բան է, որ քո գործիքներն ուտում են ու խոսում են: Էս ի՞նչ կնշանակի...
Վարպետը պատասխանի փոխարեն բռնոթի է քաշում ու ուսերը վեր քաշում: Եվ ոչ մի խոսք:
Թագավորը կատաղում է: Ասում է.
— Եթե իսկույն էս գաղտնիքը իմ առջև բաց չես անիլ-գլուխդ կթռչի:
— Ի՞նչ գաղտնիք, ձերդ մեծություն. իմ երեխաներն են, ահա բոլոր գաղտնիքը:
— Հապա ինչո՞ւ քո երեխաներն էս տեսակ տարօրինակ կերպարանք են առել, որ իսկի նման չի մեր կերպարանքին:
— Նրա համար, որ ինձ օգնեն, հաց աշխատենք, ապրուստ անենք:
Թագավորը հավատում է վարպետի խոսքին ու հրամայում է, որ վերադարձնեն գործիքները: Միայն թե հետն էլ պատվիրում է.
— Բայց զգույշ կաց, վարպետ, մյուս անգամ էլ չասես` իմ փորն էլ էնպես փոր է, ինչպես թագավորի փորը և կամ թե` իմ ախորժակն էլ էնպես ախորժակ է, ինչպես թագավորինը: Թե չէ հետո շատ կզղջաս:
Վարպետը գնում է, նորից սկսում է իր գործը: Բայց հետզհետե հաճախորդները պակասում են: Մարդիկ վախենում են նրա հետ գործ ունենալուց: Իզուր է նա փողոցները թափառում ու ամեն մի հինգ քայլի վրա կանչում. — Ահա վարպետը... վարպետը եկավ, ո՞ւմ է շինելու բան հարկավոր... ահա վարպե՛տը...
Էլ ոչ ոք գործ չի տալիս:
Էս ու էն հարցնում են.
— Վա՜րպետ, հիմի ո՞նց ես ապրելու:
Վարպետը պատասխանի փոխարեն ուսերը թոթվում է ու բռնոթի է քաշում:
Էս թագավորն ունենում է վեց երեխա. երեք աղջիկ, երեք տղա, մինը մյուսից առողջ ու սիրուն: Էս երեխեքն իրար ետևից հիվանդանում են ու մեռնում:
Բժիշկ, հեքիմ, դեղ, ճար-ոչ մի բան չի օգնում: Իրար ետեվից մեռնում են:
Մեծ աղջիկը մեռնում է: Տանում են թաղելու: Մին էլ տեսնում են` Խորհրդավոր վարպետն էլ էն կողմից է գալի` ուսին մի դագաղ:
— Էդ ո՞վ է մեռել ձեր տանը, վարպետ:
— Իմ Թակն է մեռել, իմ Թակը... տանում եմ թաղեմ: Մյուս անգամ թագավորի տղին են տանում թաղելու, դարձյալ հանդիպում է վարպետը` ուսին մի ուրիշ դագաղ:
— Էդ ո՞վ է մեռել, վարպետ:
— Իմ դուրն է մեռել, տանում եմ թաղեմ:
Էսպես կարգով, քանի թագավորի երեխաներից մեկին տանում են թաղելու, վարպետն էլ թաղում է իր գործիքներից մեկն ու մեկը:
Թագավորի խորհրդականը շատ խորամանկ մարդ է լինում: Թագավորին ասում է.
— Ձերդ մեծություն, տեսնում եք, որ ամեն անգամ ձեր երեխաները թաղելիս վարպետն էլ իր գործիքներից մեկը կամ մյուսն է թաղում: Սրա մեջ մի խորհուրդ կա: Եվ եթե չեք ուզում, որ ձեր բոլոր երեխաները մեռնեն, — կանչեք Խորհրդավոր վարպետին ու մի ձևով նրա սիրտն առեք:
Թագավորին էլ մենակ մի աղջիկ է լինում մնացած, ամենափոքրը, էն էլ վերջին շնչումն է լինում:
ճարահատված կանչում է վարպետին, աղաչանք, պաղատանք է անում.
— Վարպետ, աստծու սիրուն, երկնքի սիրուն, քո երեխանց գերեզմանի սիրուն, խնդրում եմ, ազատիր աղջկանս:
Վարպետն էլ թե.
Ձերդ մեծություն, խնդրում եմ ազատեցեք իմ Շաղափին:
Թագավորը թե.
Ի՞նչպես ազատեմ:
Վարպետը թե.
— Դրա համար միայն մի ճար ու ճանապարհ կա, ամուսնացնել էս երկուսին իրար հետ:
Թագավորն աղջկա սիրուց հոժարում է, բայց մտքումն ասում է` թող մի էս փորձանքն անց կենա, ես հետո սրան ցույց կտամ:
Սրա վրա թագավորի աղջիկը լավանում է:
Թագավորը վարպետին ասում է.
— Ո՞ւր է քո Շաղափը, դե բեր պսակենք իմ աղջկա հետ:
Վարպետն ասում է.
— Թագավորն ապրած կենա. իմ Շաղափը առայժմ ցերեկով մնալու է իսկական շաղափ և միայն գիշերներն է տղա դառնալու, ինչպես որ նախասահմանված է նրա համար:
— Էդ առայժմ, իսկ հետո՞:
— Հետոն էլ հետո կտեսնենք, ինչ որ աստված կկամենա:
— Ուրեմն, առայժմ ամուսնության մասին չի կարող խոսք լինել:
— Ձերդ մեծությունը ինչպես որ կկամենա:
Էսպես մի քանի տարի անց է կենում: Թագավորը շատ է ուրախանում, որ իր աղջկա ու Շաղափի ամուսնությունը միշտ հետաձգվում է: Եվ սիրում է վարպետին ձեռք առնել:
— Հ՞ը, ո՞նց ես, խնամի վարպետ. ախար բացի շաղափից էլ քեզ գործիք չի մնացել. ո՞նց ես աշխատում, ո՞նց ես ապրում: Ինքդ լավ ապրուստի սովոր, մանավանդ փորդ էլ նույն փորն է, ինչ որ...
— Ի՞նչ ապրուստ, ի՞նչ աշխատանք, ձերդ մեծություն. ամբողջ օրը նստած տղիս հեքիաթ եմ պատմում: Հիմի էս եմ շինել իմ բան ու գործը: Երեկ էլ մի շատ լավը պատմեցի: Արդյոք ձերդ մեծությունը հեքիաթ չի սիրում, չէ՞ր կամենա մի լավը պատմեմ` լսեր:
— Ինչու չէ. համեցեք, պատմիր, կլսեմ:
— Ձերդ մեծություն, ժուկով-ժամանակով եղել է չի եղել, եղել է ձեզ նման մի թագավոր, ունեցել է երկու որդի, մինը բարի, մյուսը չար: Բարին եղել է մեծը ու գահի ժառանգը և հոր մահից հետո նա պիտի նստեր թագավոր: Էս բանը դուր չի գալի չար եղբորը...
Թագավորն էստեղ մռայլում է ու վարպետի խոսքը կտրում է.
— Վարպետ, քո հեքիաթը ինձ դուր չի գալի:
— Դեռ լսեցեք, ձերդ մեծություն. ամենահետաքրքրական մասը հիմի կսկսվի: Հա՜, էն էի ասում. չար եղբորը դուր չի գալի, որ հոր մահից հետո բարին պիտի թագավորի. իր մեջը վճռում է գործը շուռ տա էնպես, ինչպես ինքն է ուզում: Ու մի օր եղբորն ասում է. — Արի գնանք որսի: Գնում են: Անտառի խորքում թիկնապահները ետ են մնում: Որ թիկնապահները ետ են մնում` սա սուրը հանում է, խրում բարի եղբոր թիկունքը...
Թագավորն էստեղ ավելի տակնուվրա է լինում ու վարպետի վրա գոռում է.
— Ես ասի, որ քո հեքիաթը ինձ դուր չի գալի, վարպե՛տ...
— Մի քիչ էլ լսեցեք, հիմի ամենահետաքրքրական տեղը կգա, ձերդ մեծություն, մի քիչ էլ լսեցեք: Չար եղբայրը որ զարկում է, կարծում է, թե բարի եղբորն սպանեց, խոտով-խաշամով ծածկում է ու գնում: Գնում է տանը հորն ասում, թե եղբորս անտառում գազանները կերան...
Էստեղ թագավորը տեղիցը վեր է թռչում, աղաղակում.
— Ուրեմն դու իմ եղբա՞յրն ես... ների՛ր, ների՛ր ինձ, եղբայրս...
Աղաղակում է ու դողդողալով ընկնում Խորհրդավոր վարպետի ոտները: Ասում է.
— Ինձ մի՛ պատժի, եղբայրս, ինձ մի՛ պատժի. Ահա քո թագը, ա՛ռ, նստիր մեր հոր գահին ու թագավորիր:
— Ոչ ես պետք է թագավորեմ, ոչ դու, — պատասխանում է Խորհրդավոր վարպետը. — իմ Շաղափը կլինի թագավոր, քո աղջիկը` թագուհի: Մեր ժամանակն անց է կացել. այժմ նրանցն է ժամանակը, ու նրանք պիտի թագավորեն:
Բերում են վարպետին հագցնում են իր առաջվան իշխանական զգեստները ու գնում են Շաղափի ետևից: Բայց Շաղափն էլ շաղափ չէր արդեն. կերպարանափոխվել, դարձել էր մի սիրուն պատանի:
Էստեղ երկու եղբայր գրկում են իրար, ներում ու սիրում, իսկ Շաղափն ու թագավորի գեղեցկուհի աղջիկը ամուսնանում են ու թագավորում ուրախ ու բախտավոր:
ՈՐՈՏ ԹԱԳԱՎՈՐԸ
Ժամանակով մի թագավոր է լինում, էնքան ուժեղ, էնքան բարձր ձեն է ունենում, որ հազար վերստի վրա լսվում է: Մեկի հետ, հենց էնպես, զրույց անելիս` հեռվից կարծում են, թե որոտն է թնդում: Դրա համար էլ անունը դնում են Որոտ Թագավոր:
Պալատականներն ու նախարարները, որոնք ամեն օր խոսելիս են լինում թագավորի հետ, կարճ ժամանակում ամենքն էլ խլանում են: Եվ կատարյալ պատիժ ու պատուհաս է դառնում երկրի համար: Ժողովուրդը ամեն կողմից գալիս է արդարադատություն գտնելու, գալիս են խեղճերը էնքան կանչում, էնքան գոռում, որ ուժից ընկնում են, բայց խուլ պալատականներն ու նախարարները չեն լսում: Տերության մեջ գործերն առաջ չեն գնում: Մարդիկ տրտնջում են, և ոչ ոք չի համարձակվում թագավորին ասի.
— Ձերդ մեծություն, դուք խլացրել եք բոլոր նախարարներին:
Թագավորին թվում էր, թե ինքն էլ էնպես է խոսում, ինչպես մյուսները: Եվ երբ խլացած նախարարները մինչև անգամ իրեն ձենն էլ չեն լսում, բարկանում է, քացով ու բռունցքով էնպես է դուրս քշում պալատից, որ գլուխկոնծի տալով սանդուղքներից գլորվում են:
Նախարարները քանի որ նոր են լինում, առաջին օրերը գործերը լավ են գնում: Միայն թագավորը նկատում է, որ իր խոսելու ժամանակ նրանք ձեռքերով իրենց ականջները փակում են:
— Ի՞նչ եք անում, — հարցնում է նեղացած. — ես գզրի պես հո չե՞մ գոռում:
— Օ՜, ո՜չ, ձերդ մեծություն, — պատասխանում են վախեցած նախարարները: — Ականջներիս... ետևն ուռել է:
Следующая страница |