Թումանյան Հովհաննես՝   Թարգմանություններ և փոխադրություններ

Եվ բոլոր նոր նախարարների ականջների ետևն ուռած է լինում: Թագավորն էլ առանձնապես անհանգիստ չի լինում. գիտենում է, որ էդ սովորական ու անվտանգ հիվանդություն է: Միայն վերջը հրամայում է, որ ամեն մինը, ով պատրաստվում է նախարար դառնալու, առաջուց իր ականջի ուռուցքը բժշկի:

Խեղճերը բժշկվում են պալատական բժիշկների մոտ, ամեն տեսակ դեղ ու դարման դնում են իրենց առողջ ականջներին ու, նամուսից խեղդված, տանում ամեն ցավ ու տանջանք:

Թագավորն էլ մին-մին գալիս է նրանց տեսության, իբրև հիվանդների, և առողջությունները հարցնելիս կարծելով, որ ականջի ուռուցքից լավ չեն լսիլ, ձենը ավելի է բարձրացնում.

Հե՛յ, ո՞նց եք... ո՛նց...

Ձենից պատերն ու օճորքը դողում են:

Լավ ենք, ձերդ մեծություն, շատ լավ ենք:

Թագավորը երևակայում է, որ իր թագավորության մեջ գործերը հիանալի են գնում: Ոչ ոք նրան չի ներկայանում, ոչ ոք մոտը գանգատի չի գալիս, ամենքն էլ խլանալուց վախենում են և մի կերպ համբերում են:

Բայց մի անգամ մի գյուղացի է գալիս պալատը ու ներկայանում թագավորին: Թագավորը տեսնում է սրա երկու ականջն էլ խցան է կոխած-զարմանում է:

Էդ ի՞նչ կնշանակի, ինչո՞ւ ես ականջներդ խցան կոխել, — հարցնում է գյուղացուն:

Ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա, — պատասխանում է գյուղացին. — դու էնպես բարձր ձեն ունես, որ խոսելիս քո ձենիցը մարդիկ խլանում են: Ամպի նման որոտում ես, նրա համար էլ անունդ դրել են Որոտ Թագավոր:

Թագավորն սկզբում սաստիկ վրդովվում է: Հավատալը չի գալիս, թե ինքը կարող էր էդ տեսակ զարհուրելի ձեն ունենալ: Բայց, երբ ամեն բան պարզվում է իր համար ու համոզվում է, բարկանում է իր նախարարների վրա, հրամայում է նրանց ամենքի ձեռն ու ոտն էլ կապոտել ու բանտարկել, իսկ գյուղացուն շինում է իր գլխավոր ու միակ խորհրդատուն: Միայն իրավունք է տալիս, որ ականջները խցանով փակի:

Դու մ՜ի ասիլ` թագավորը վաղուց ցանկություն է ունեցել ամուսնանա ու շատ էլ խնամախոսներ է ղրկել էս ու էն թագավորի աղջկանն ուզելու, բայց ամենքն էլ մերժել են: Հիմի նոր է գլխի ընկնում, թե ինչո՞ւ են մերժել իրեն. — վախեցել են, թե խլանան:

Վճռում է հայտարարել իր տերության մեջ, թե ո՛վ է կարող իրեն բժշկի, և տեղն ու տեղը ինչքան ձենումը ձեն կա, գոռում է.

Հե՛յ, ո՞վ է կարող ինձ բժշկի. ով բժշկի` իր քաշովը մին ոսկի կտամ:

Ձենը որոտալով ու դրըմդրըմբալով գնում է հասնում ամեն կողմի վրա հազար վերստ: Էս դղրդոցից ամպերը ժաժ են գալի, տակնուվրա են լինում, և երկու շաբաթ շարունակ ամբողջ տերության վրա անձրև է գալի: Ամենահեռավոր անկյուններում էլ իմանում են թագավորի հայտարարությունը, բայց ամիսներ են անց կենում, ու ոչ մի բժիշկ, ոչ մի հեքիմ չի երևում:

Խեղճ թագավորն սկսում է հուսահատվել. հենց էդ միջոցին հեռու աշխարհքից հայտնվում է մի կախարդ, ներկայանում է թագավորին, ասում է.

Թագավորն ապրած կենա, մի կախարդական մազ ունես գլխիդ, էն կախարդական մազն է քո հիվանդության պատճառը:

Թագավորն ուրախանում, աշխարհքովը մին է լինում: «Ի՞նչ մեծ բան է, ասում է իր մտքումը, գլուխս վեր կանեմ-պրծանք գնաց: Էս լավ էր, էս հեքիմին էլ մի բան կտամ կգնա. էլ ինչո՞ւ եմ իրեն քաշովը մին ոսկի տալի. մի բան որ առաջուց ցավիս գաղտնիքը հայտնեց»:

Հենց էստեղ հեքիմն ավելացնում է.

Միայն մի պայման կա, որ պետք է իմանաս, թագավոր: Պետք է միանգամից գտնել ու պոկել էն կախարդված մազը: Եթե մին սխալվեցիր-նրանից ետև էլ ճար ու հնար չի լինի քո ցավին: Եվ միակ մարդը, որ կարող է էդ անել-Անլեզու աղջիկն է:

Իսկ նա ո՞րտեղ է, — հարցնում է թագավորը:

Նա ապրում է Աճուճ Պաճուճների աշխարհքում: Նրան ասում են Անլեզու, որովհետև ճշմարիտ էլ-լեզու չունի: Էս օրվան օրից ուղիղ մի տարի, մի ամիս ու մի օր անց` դու նրան կտեսնես էստեղ, եթե քո տված խոսքը կատարես, իմ քաշովը մին ոսկի տաս ինձ, քո խորհրդականին էլ, իբրև դեսպան, ինձ հետ միասին ուղարկես Անլեզու աղջկա մոտ:

Թագավորը թեև իր մեջը շատ է ցավում, բայց ի՞նչ աներ. ճար չուներ, անծանոթ հեքիմին քաշովը մին ոսկի է տալիս ու իր խորհրդականի հետ միասին ճանապարհ է դնում դեպի Աճուճ Պաճուճների երկիրըԱնլեզու աղջկա մոտ:

Էս դեպքից մի քանի ամիս անց է կենում. թագավորը մին էլ տեսնում է իր խորհրդականը ետ եկավ: — Հապա կախարդ հեքիմն ու Անլեզու աղջիկն ո՞ւր են: — Թե` կախարդ հեքիմը ոտով-գլխով անհետացավ, կորավ, իսկ Անլեզու աղջկանից տեղեկություն չունեմ: Ասում են` գնացել է իրեն համար արհեստական լեզու շինել տա, ու՛ր, ու՛մ մոտ կամ քանի ժամանակով, ոչով չգիտի: Միայն կախարդը անհետանալիս էսպես կանչեց.

Որոնեցեքկգտնեք: Սրա մեջն է թագավորի բախտավորությունը:

Լա՛վ, մենք էլ կորոնենք, — ասում է թագավորը:

Եվ առանց գործը ետ գցելու դուրս է գալիս իր պալատի պատշգամբն ու նորից բարձր գոռում:

Հե՛յ, ո՞վ կարա գտնի Անլեզու աղջկանը: Ով գտնի, իր քաշովը մին ոսկի կտա՛մ:

Կարծես թե ճիշտ որ ամպ է որոտում: Ձենը մինչև որտեղ հասնում է` ամեն տեղ էլ շաբաթներով անձրև է գալիս:

Սրանից ետը էլ մի քանի ամիս անց է կենում-դարձյալ Անլեզու աղջկանից ոչ մի լուր:

Թագավորն սկսում է հուսահատվել: Եվ փոխանակ լուռ իրեն համար նստելու, ամբողջ օրը ամպի նման որոտում է ու որոտում: Հպատակների մի մասի ականջները ծանրանում են, մյուս մասինը բոլորովին խլանում է: Եվ որովհետև ոմանք վատ են լսում, ոմանք բոլորովին չեն լսում, սրանից հազար ու մի թյուրիմացություններ են առաջ գալիս, իսկ թյուրիմացություններից զանազան տուր ու դմփոցներ են պատահում: Ոստիկանությունը միանգամայն գլուխը կորցնում է, հա՜յ դես է վազում, հա՜յ դեն է վազում: Եվ որովհետև, թագավորին մոտ լինելով, տերության մեջ ամենախուլ մարդիկն էլ ոստիկաններն էին, ճշմարտությունը չեն կարողանում լսել, միշտ մեղավորների կողմն են պահում ու արդարներին բռնում, բանտերն են լցնում:

Թագավորը քանի գոռում է`

Արդարադատ եղե՛ք, արդարադատ եղե՛ք, — էնքան ավելի ու ավելի են նրանք խլանում ու ավելի մեծ անիրավություններ են անում:

Մի անգամ թագավորի պալատի առջև կանգ է առնում մի ջահել անծանոթ ու գոռում է.

Ձենի դեղ եմ ծախո՜ւմ, ձենի դեղ եմ ծախո՜ւմ: Ով ձեն ունիկկտրի, ով չունիկգտնի: Ա՜յ ձենի դե՛ղ, ա՜յ լավ ձենի դե՛ղ...

Որոտ թագավորը որ լսում է, կարծում է թե իրեն ծաղրում են, հրամայում է բռնեն մոտը բերեն էն լրբին:

Երբ բռնում են, ներս են բերում պալատը` բարկացած որոտում է.

Էդ ի՞նչ էիր գոռում դու իմ պալատի առջև: Ի՞նչ ձենի դեղ ես ծախում... Ցո՜ւյց տուր հապա` տեսնեմ ո՞րն է քո ձենի դեղը...

Ահա իմ ձենի դեղը, թագավորն ապրած կենա: Համեցեք, փորձիր, տե՜ս` ճշմարիտ եմ ասում, թե չէ:

Ասում է անծանոթն ու իր արկղից մի տեսակ մանր հաբեր է հանում, դնում թագավորի սեղանի վրա:

Թագավորը նայում է սրան, ոտից գլուխ չափում: Շորերին է նայում-տղա է, բայց դեմքը, շարժմունքը, ձենն ու քնքշությունը միանգամայն կանացի են:

Անունդ ի՞նչ է:

Անունս Անլեզու է: Իհարկե, տեսնում ես, թագավոր, որ մի քիչ սխալ անուն են տվել ինձ: Գուցե ավելի պատշաճ էր, որ երկար լեզվանի կոչեին. բայց եղածը եղած է...

Եվ առանց քաշվելու, որ ինքը գտնվում է ոչ թե փողոցում, այլ թագավորի պալատում, սկսում է կոկորդովը մին գոռալ.

Ա՛յ ձենի դե՛ղ, լա՜վ ձենի դե՛ղ. ով ունիկկտրի, ով չունիկգտնի՛...

Թագավորի ծիծաղը պրծնում է:

Հապա, — ասում է, — էդ քո ձենի դեղը բե՛ր, մի փորձեմ տեսնեմ:

Առնում է մինը կուլ տալի, և ո՜վ զարմանք, ձենի կեսը կորչում է: Սրանից ետը թե կարող ես, դե բռնի Որոտ Թագավորին: Ոնց որ սոված հավը կուտին վրա ընկնի, վրա է ընկնում էս հաբերին ու կուլ է տալիս իրար ետևից: Կուլ է տալիս վերջացնում: Ետ է դառնում որ մի բան ասի, — չորս կողմի կանգնածները ձենը չեն լսում, էնքան կտրած է լինում: Չեն կարողանում լսել, մինչև ականջները բերնին չեն մոտեցնում:

Թագավորը ուրախությունից հրամայում է, որ իր ամբողջ տերության մեջ տոն կատարեն, խաղեր ու հրավառություններ սարքեն, ուտելիքներ ու գինի բաժանեն ժողովրդին:

Իսկ դու ի՞նչ ես ուզում, հրաշալի անծանոթ, — դիմում է թագավորը իրեն բժշկող երիտասարդին: — Ինչ որ ուզես, պետք է ստանաս, թեկուզ թագավորությանս կեսը:

Ես էն եմ ուզում, որ քո պալատում մի սենյակ տաս ինձ և հաց ու ջուր, որ ապրեմ, ոչով էլ ինձ մոտ չմտնի, նույնիսկ դու, թագավոր: Ահա իմ բոլոր ուզածը:

Էդքա՞նը, — զարմանում է թագավորը: — Շատ քիչ է: Բայց թո՜ղ էդպես լինի, ինչպես ուզում ես:

Սրանից հետո էլ թագավորի ձենը էնքան է նվազում, որ պալատականները չեն կարողանում լսել, մանավանդ որ խուլ են լինում: Հետզհետե նրանց ականջներն էլ բժշկվում են, և ամենքն էլ սկսում են խոսել էնպես, ինչպես թագավորն է խոսումհազիվ լսելի շշուկով, և կարճ միջոցում էս տերության մեջ շշուկը դառնում է խոսելու ընդունված ձևը:

Մենակ թագավորի պալատում ապրող անծանոթն էր, որ հեշտ էր լսում թագավորին ու մենակ նա էր, որ չէր շշնջում, չէր իջեցնում իր հնչուն ձենը խոսելու ժամանակ, ում հետ էլ լիներ:

Ժողովուրդը սկսում է հետաքրքրվել` թե արդյոք նրա լեզուն էլ իրենց լեզվի նման լեզու է, թե չէ: Էս հետաքրքրությունը մեծանում է մանավանդ մի դեպքից հետո, երբ մինը կատակով անծանոթին խնդրում է, թե`

Հապա մի քու լեզուն ցո՜ւյց տուր, տեսնենք ընչից է շինած:

Էս ասելն է լինում: Անծանոթը բարկանում է, լաց է լինում, փախչում է ու մտնում իր սենյակը, փակվում ու հայտնում, թե էլ երբեք դուրս չի գալ, որ մյուս անգամ էլ չասեն, թե` լեզուդ ցո՛ւյց տուր:

Էս դեպքի մասին տեղեկացնում են նախարարին: Նախարարը գնում է անծանոթի մոտ, ասում է.

Ինչո՞ւ ես բարկանում, ինչո՞ւ ես էդպես անում: Ուզում են լեզուդ տեսնեն, դու էլ հանի՛ր ցույց տուր. ահա՜ էսպես:

Ու լեզուն հանում է:

Անծանոթը ակամայից կրկնում է նույն բանը. հանկարծ լեզուն բերանից վեր է ընկնում, կտոր-կտոր լինում, ջարդվում, ոնց որ թե կավից լիներ շինած:

Նախարարը զարմանքից միառժամանակ մնում է տեղը քար կտրած: Ապա ուշքի գալով ձեռքով զարկում է ճակատին ու գլխապատառ վազում է թագավորի մոտ:

Թագավորն ապրած կենա, բա չե՞ս ասիլ, որ Անլեզու աղջիկը հայտնվել է: Հենց էսօր լրանում է մի տարին, մի ամիսն ու մի օրը, որ գուշակեց կախարդ հեքիմը, նա հայտնվել է:

Պալատը տակնուվրա է լինում: Մարդիկ խռնվում են Անլեզու աղջկա սենյակի դռան առջև, ուզում են անպատճառ ներս մտնեն ու տեսնեն իրենց աչքով: Զուր է թագավորը կանչում.

Չի կարելի մտնել նրա մոտ: Մինչև անգամ ես էլ չեմ կարող, խոսք եմ տվել...

Բայց հիմի էլ ո՞վ էր կարողանում լսել թագավորի ձենը: Տեսնում են` ոնց է շրթունքները շարժում, ձեռին-ոտին անում, իսկ թե ինչ է ասում, — չեն իմանում:

Էստեղ հանկարծ դռները բացվում են, ու ամենքը մնում են հիացած: Սենյակի մեջտեղը, մարգարտակար ու գոհարազարդ զգեստով, ճոխ մազերն արձակ, ոսկու դեզի վրա հանգիստ թինկը տված մի ջահել գեղեցկուհի, հովհարը ձեռին իրեն հով է անում:

Ոսկու դեզը նույն մեծության, ինչ որ թագավորը տվել էր կախարդ հեքիմին:

Թագավորն ընկնում է գեղեցկուհու ոտքերը ու գլուխը խոնարհում ծնկներին: Գեղեցկուհին թագավորի գլխից հանում է կախարդական մազը, որ հանելուն պես էրվում է մատների մեջ:

Շնորհակալ եմ, անուշ աղջիկ: Շնորհակալ եմ, իմ թագուհի, — կանչում է թագավորը մի էն տեսակ դուրեկան ձենով, որ մինչև էն օրը ոչով չէր լսած կյանքում:

Ես էլ եմ շնորհակալ, Որոտ Թագավոր, իմ ա՜նգին ամուսին, — պատասխանում է աղջիկը:

Եվ հենց որ թագավորը բժշկվում է, նույն րոպեին ընկնում է և էն կախարդանքը, որ գեղեցիկ աղջկանը զրկել էր լեզվից: Եվ ամեն բան կատարվում է էնպես, ինչպես գուշակած է լինում Անլեզու աղջկանը արհեստական լեզու տվող կախարդը:

Էստեղ մեջ է մտնում թագավորի խորհրդականերբեմնի գյուղացին: Ասում է.

Ահա է՜ս էր ձեր ճակատագիրը: Դուք պետք է ամուսիններ դառնայիք ու սիրով կապվեիք: Այժմ ժամանակ է, որ ես հեռանամ...

Չէ... ինչո՞ւ... ինչո՞ւ... — կանչում է թագավորը:

Բայց չնայելով թագավորի կանչելուն, խորհրդականը դառնում է մի պստլիկ կայտառ թզակ, թռչում ընկնում է ոսկու դեզի մեջն ու անհետանում:

Բանից դուրս է գալիս, որ սա էլ կախարդների օգնականն է եղել:

Ուրախ և գոհ Որոտ Թագավորն և գեղեցիկ աղջիկը մեծ հարսանիք են սարքում, ամուսնանում են իրար հետ: Թագավորը ներում է իր նախարարներին ու վերադարձնում է իրենց նախկին պաշտոնները:

Ամենքն էլ ուրախանում են, մանավանդ էլ խլանալու վտանգ չկար: Թեև մարդիկ շշնջում էին.

Մի՛ վախենաք, նրանք միշտ էլ խուլ կմնան:

Կապրենք, կտեսնենք:

ԳԵՂԵՑԿՈԻՀԻ ՎԱՍԻԼԻՍԱՆ

Լինում է չի լինում մի վաճառական, տասներկու տարվա պսակված է լինում, ունենում է միայն մի աղջիկ, անունը Գեղեցկուհի Վասիլիսա: Վասիլիսայի ութ տարին լրացած-մերը մեռնում է: Մեռնելիս աղջկանը կանչում է, ասում է.

Լսի՛ր, Վասիլի՜սա, միտդ պահիր և կատարիր իմ վերջին խոսքը: Ահա ես մեռնում եմ ու իմ մայրական օրհնության հետ էս տիկնիկն եմ թողնում քեզ: Միշտ մոտդ ու հետդ կպահես էս տիկնիկը, ոչ ոքի ցույց չես տալ, իսկ մի ցավ կամ վիշտ ունեցած ժամանակդ կերակուր կտաս իրեն, կկերակրես ու խորհուրդ կհարցնես: Կուտի ու քեզ կասի, թե ինչ ճար ու հնար ունես քո ցավին:

Ասում է, աղջկանը համբուրում ու մեռնում:

Կնոջ մահից հետո, ինչպես սովորություն է, վաճառականը սուգ է պահում, հետո սկսում է մտածել, որ նորից ամուսնանա: Ու ամուսնանում է մի այրի կնոջ հետ: Էս այրին էլ ինքը հասակն առած կին է լինում, համարյա թե Վասիլիսային հասակակից էլ երկու աղջիկ է ունենում:

Վասիլիսան իրենց տեղի առաջին գեղեցկուհին է լինում: Խորթ մերն ու իր աղջիկները նախանձում են նրա գեղեցկության վրա ու շատ բանի դնելով չարչարում են, որ աշխատանքից նիհարի, արևից ու քամուց սևանա: Մի խոսքով` օր չեն տալի:

Վասիլիսան էս ամենը տանում է անտրտունջ ու, ընդհակառակը, օրն օրի վրա լցվում, լավանում է. այնինչ խորթ մերն ու իր աղջիկները իրենց ներսի չարությունից հալվում են, մաշվում ու նիհարում, թեև ամբողջ օրը ձեռները ծալած, աղջիկ-պարոնների նման տանը նստած են լինում:

Ոչ ոք էլ չի իմանում սրա գաղտնիքը: Չեն իմանում, թե էս բոլորը Վասիլիսայի մոր թողած տիկնիկն է անում:

Բաժին կտային, Վասիլիսան ամենալավ պատառը կպահեր իր տիկնիկի համար: Իրիկունը, երբ ամենքը կպառկեին քնելու, նա իր նկուղում կփակվեր ու տիկնիկի հետ կխոսեր.

Տիկնիկ ջան, ա՜ռ, ա՜նուշ արա,
Իմ սև դարդին ա՜կանջ արա:
Հորս օջախումը ապրում եմ ես
Միշտ անխնդում ու լուռ էսպես:
Իմ խորթ մերը խաթուն-խանում-
Ինձ աշխարհքից դուրս է անում:

Ասա՛, հո՛գիս, էս ցավի դեմ

Ես ի՞նչ անեմ, ես ո՞նց անեմ:

Տիկնիկը կուտեր, խորհուրդներ կտար, կմխիթարեր, առավոտն էլ նրա բան ու գործն էլ ինքը կաներ: Վասիլիսան իրեն համար դինջ ու հանգիստ կնստեր ծառերի շվաքներում, ծաղիկ կքաղեր, ու մին էլ էն կտեսներ, որ իր մարգերը քաղհանած են, բանջարեղենը ջրած, ջուրը բերած, կրակն արած:

Էսպես մի քանի տարի անց է կենում: Վասիլիսան մեծանում է, հասնում, դառնում հարսնացու: Ամեն կողմից փեսացուները խնամախոսներ են ղրկում նրան ուզելու, իսկ խորթ մոր աղջիկներին հարցնող չկա: Չար կինը ավելի է կատաղում, ու բոլոր եկողներին մի բերան էն է պատասխանում, թե մեծերից առաջ փոքրին չեմ կարող մարդու տալ: Խնամախոսներին էսպես ճամփու է դնում ու բռնում Վասիլիսային ծեծում, ջարդում, ջիգրը նրանից է հանում:

Մի անգամ էլ էս վաճառականը առևտրական գործերով ուրիշ աշխարհ է գնում: Խորթ մերն ուրիշ տուն է փոխվում:

Իսկ էս նոր տան կողքին մի մութն անտառ է լինում, էն անտառում էլ բնակվելիս է լինում մի Կախարդ պառավ, որ ոչ ոքի մոտ չի թողնում, մարդկանց էնպես է ուտում, ոնց որ հավի ճուտեր: Խորթ մերը ամեն մի դատարկ բանի համար շարունակ անտառն է ղրկում իր աչքի փուշ Վասիլիսային, թե ինչ է` Կախարդի ճանկն ընկնի: Բայց տիկնիկը միշտ Վասիլիսային ճամփա է սովորեցնում, չի թողնում Կախարդի որջին մոտենա, ու ամեն անգամ էլ Վասիլիսան ողջ առողջ վերադառնում է տուն:

Էսպեսով հասնում են աշունքը: Մի աշունքվա իրիկուն մերը երեք աղջկա ձեռքն էլ գործ է տալի-էն էլ դաս: Մինը պետք է ժանյակ գործեր, մյուսը գուլպա աներ, Վասիլիսան էլ պետք է մաներ: Էս Կախարդը տան բոլոր ճրագները հանգցնում է, մենակ մի մոմ է թողնում վառած ու ինքը պառկում է քնի:

Աղջիկները բանում են: Բանելու ժամանակ որ մոմի պատրույգն էրվում է, խորթ մոր աղջիկներից մինը մաղաշն (ունելիքը) առնում է` իբրև թե մոմի քիթը կտրի, ուղղի: Ուղղելու փոխարեն, իբրև թե հանկարծ լույսը հանգցնում է: Դու մի՛ ասիլ` մերն է սովորեցրել, որ էդպես անի:

Հիմի ի՞նչ անենք, — ասում են աղջիկները: — Լուս չկա, դասներս էլ կիսատ են:

Ի՜նչ պետք է անենք, պետք է մինս ու մինս գնանք Կախարդ պառավից կրակ բերենք:

Ինձ իմ ձեռի ասեղներն էլ են լույս տալիս. կրակն ի՞նչ եմ անում. ինչ ուզում է լինի, ես չեմ գնալ, — ասում է ժանյակ գործող աղջիկն ու տեղը պինդ նստում:

Ես էլ չեմ գնալ, — էն կողմից վրա է բերում մյուս քույրը, որ գուլպա էր գործում, — ինձ իմ միլերի լույսն էլ է բավական:

Դե՛ վեր կաց դու գնա, — միաձայն կանչում են երկուսն էլ ու դուրս են հրում Վասիլիսային: — Գնա՜ Կախարդ պառավից կրակ առ բեր:

Վասիլիսան վեր է կենում գնում իր նկուղը, պահած ընթրիքը դնում է տիկնիկի առաջն ու ասում.

Տիկնիկ ջան, ա՜ռ, ա՛նուշ արա,
Իմ սև դարդին ա՜կանջ արա:
Ինձ ղրկում ես կրակ բերեմ չար պառավից,
Չար պառավը կուտի հո ինձ...
Ասա՛, հո՜գիս, էս ցավի դեմ
Ես ի՞նչ անեմ, ես ո՞նց անեմ:

Տիկնիկը որ ուտում է պրծնում, աչքերը ջուխտ մոմի պես վառվում են, ասում է.

Մի՛ վախենար, Վասիլիսա. ուր որ ղրկում են-գնա՛, միայն թե ինձ հետդ պահիր: Ես որ հետդ լինեմ, պառավը քեզ բան չի ասիլ:

Վասիլիսան վեր է կենում, տիկնիկը գրպանն է դնում ու ճամփա ընկնում դեպի մութն անտաոը: Գնում է, բայց ոչ մեռած է, ոչ կենդանի. հետը գնում է, հետը դողում: Մին էլ էն է տեսնում` մի սիպտակ ձիավոր ցոլաց ու անցավ. ինքը սիպտակ, հագինը սիպտակ, ձիու սարքը սիպտակ, ու սկսեց ծեգել:

Մի քիչ էլ գնում է, տեսնում՝ հիմի էլ մի կարմիր ձիավոր անցավ. ինքը կարմիր, հագինը կարմիր, տակինը կարմիր. էստեղ էլ արևը բացվեց...

Օր ու գիշեր գնում է Վասիլիսան, մին էլ մյուս օրվա իրիկունը դուրս է գալիս էն բացատը, որտեղ կանգնած է լինում Կախարդ պառավի խրճիթը: Խրճիթի չորս կողմի ցանկապատը մարդկային ոսկորներից և էստեղ-էնտեղ վրեն ցից հանած մարդկային գանգեր: Դարբասի սյուների փոխարեն մարդկային ոտներ,-փակիչի տեղը-ձեռներ, կողպեքի տեղակ-ատամները վրեն ծնոտներ:

Սարսափից մարում է Վասիլիսան ու տեղն ու տեղը քարանում մնում: Եվ ահա դարձյալ մի ձիավոր, ինքը սև, հագինը սև, տակինը սև. քշած գալիս է ու Կախարդի դռանը չքվում, տեղն ու տեղը անհետանում: Ու վրա է հասնում գիշերը: Բայց ցանկապատի վրա ցից հանած գանգերի աչքերը լույս են տալի մթնում, ու բացատն էնպես է լուսավորվում, ոնց որ թե ցերեկ լիներ: Վասիլիսան ահից ու սարսափից դողում է, բայց չի իմանում որ կողմը փախչի, մնում է մեխված:

Հանկարծ անտառից մի զարհուրելի աղմուկ է տարածվում. ծառերը ճռճռում են, խաշամը խշխշում է. դու մի՛ ասիլ՝ Կախարդ պառավն է, անտառից դուրս է գալիս:

Գալիս է սանդի մեջ մտած, թակով թակելով, ջարդելով ու հալածելով, ավլով հետքը սրբելով: Գալիս է դռանը կանգնում, չորս կողմի վրա հոտոտում ու իրեն-իրեն վըռչում.

Թո՜ւհ, թո՜ւհ, թո՜ւհ, մարդմարդահոտ է գալիս... ո՞վ կա էստեղ...

Վասիլիսան էն կողմից ահ ու դողով մոտենում է, խորը գլուխ է տալիս ու ասում.

Ես եմ, նա՜նի ջան, իմ խորթ մոր աղջիկներն ինձ ղրկել են քեզ մոտ կրակի:

Լա՛վ, լա՛վ, — ասում է կախարդը, — ճանաչում եմ ինչ պտուղներ են: Դե ինձ մոտ կացի ու աշխատի: Որ ինձ մոտ կենաս ու աշխատես, կրակ կտամ տանես նրանց համար, թե չէ-քեզ էլ կուտեմ:

Հետո դառնում է իր դարբասին ու ճչում.

Հե՛յ բացվեցեք, ամուր փակեր, ետ գնացե՛ք, լեն դարբասնե՜ր...

Դռները իսկույն բացվում են: Կախարդը սուլելով ներս է մտնում, Վասիլիսան էլ ետևից, ու բոլորը նորից փակվում են:

Ներս են մտնում թե չէ, Կախարդ պառավը իր թախտի վրա ձգվում է ու Վասիլիսային ասում.

Հապա մի էստեղ բեր կրակի կողքին ինչ որ կա, սոված եմ, ուզում եմ հաց ուտեմ:

Վասիլիսան ցանկապատի գանգերից մարխը վառում է ու իրար ետևից բերում ուտելիքները պառավի առաջը շարում: Ուտելիքն էնքան է լինում, որ տասը հոգի ուտեին-հերիք կաներ: Ներքնատնից էլ գինի, արաղ է բերում, ու պառավը նստում է ընթրիքի: Բոլորն ուտում է, խմում, Վասիլիսային թերմացքից մի քիչ բան է թողնում ու վռչալով պառկում է քնի: Քնելուց առաջ գլուխը վեր է քաշում, Վասիլիսային ասում.

Լա՛վ մտիկ արա հա՛, առավոտը որ ես կերթամդուռը կսրբես, խրճիթը կավլես, ճաշը կեփես, լվացքը կանես, հետո կերթաս հորից մի թաղար ցորեն կհանես, կընտրես, սև տրիճը կջոկես: Միայն թե տե՛ս, ամեն բան արած լինի էնպես, ինչպես ասում եմ, թե չէ` քեզ կուտեմ:

Պատվիրում է ու քնում: Վասիլիսան պառավի թերմացքը տանում դնում է իր տիկնիկի առջև, հետն արտասուք է թափում, հետն ասում.

Կե՛ր, տիկնիկ ջան, ա՜նուշ արա,
Իմ սև դարդին ականջ արա:
Չար պառավը իմ ուժից վեր,
Տվել է ինձ ծանըր գործեր
Անեմ-էնքան ես ուժ չունեմ,
Չանեմ-կուտի, ես ի՞նչ անեմ...

Տիկնիկը պատասխանում է.

Մի՛ վախենար, սիրուն Վասիլիսա: Հաց կե՛ր, աղոթի՛ր ու քնիր: Լուսը կգա` բարին հետը:

Առավոտը ծեգին զարթնում է Վասիլիսան, տեսնում է պառավն արդեն վեր է կացել, լուսամուտից դուրս է նայում, ու գանգերի աչքերը հետզհետե մարում են: Ահա ցոլաց և սիպտակ ձիավորն ու լուսը բացվեց: Պառավը դուրս ելավ, սուլեց, հայտնվեցին սանդը, թակն ու ոտնավելը. ցոլաց կարմիր ձիավորըարևը ծագեց: Ու պառավը մտավ սանդի մեջ, թռավ գնաց, թակով թակելով, ջարդելով, փշրելով ու քշելով, ոտնավլով հետքը սրբելով ու ավլելով:

Վասիլիսան էլ ետ մնում է մենակ: Ման է գալիս պառավի տունը, աչք է ածում ամեն անկյուն ու մնում է զարմացած ամեն բանի լիության վրա: Ապա սկսում է միտք անել, թե ինչպես անի, որ պառավի պատվերը կատարի: Մին էլ տեսնում է ամեն բան կատարած, պատրաստ, ու տիկնիկը ցորնի միջի վերջին տերեփուկներն է ջոկում:

Քեզ միայն էն է մնում, որ կերակուրն եփես, Վասիլիսա, — ասում է տիկնիկը ու մտնում գրպանը:

Իրիկնադեմին Վասիլիսան սեղանը բաց է անում ու սպասում է պառավին: Սկսում է մթնաժոռել: Դարբասի առջև սևին է տալիս սև ձիավորն, ու ակնակիր մութը կոխում է գետինը: Միայն գանգերի աչքերն են, որ վառվում են խավարում:

Ապա անտառն սկսում է ճռճռալ ու խաշամը խշխշալ. — պառավը գալիս է: Վասիլիսան դուրս է գալի դեմը:

Հը՜, ամեն բան պատրա՞ստ է, թե չէ:

Պատրաստ է, նա՜նի ջան, ա՜րի քո աչքովը տես, — պատասխանում է Վասիլիսան:

Պառավը ներս է մտնում, տեսնում ամեն բան պատրաստ ու կատաղում է, որ բարկանալու բան չկա: Ասում է.

Դե՜ լավ, — ու ճչում է. — իմ ընկերնե՜ր, իմ աջ ձեռնե՜ր, եկեք, տարեք իմ աղունն աղացեք:

Էս ձենի վրա երեք ջուխտ ձեռքեր են հայտնվում, ցորենն առնում տանում:

Պառավն ուտում է կշտանում, սկսում է պառկել ու Վասիլիսային նոր հրամաններ է տալիս. ասում է.

Էգուց էլ էն կանես, ինչ որ էսօր արել էիր, ու բացի դրան` հոբիցը մի թաղար խաշխաշի սերմը կհանես ու հողը կջոկես հատիկ-հատիկ: Չեմ իմանում, թէ ո՛վ է հողն ու խաշխաշն իրար խառնել:

Ասում է, երեսը պատին անում ու խռմփացնում:

Վասիլիսան գնում է դարձյալ տիկնիկին ուտեցնում ու հարցնում.

Աղոթի՛ր ու քնիր, Վա՜սիլիսա, — պատասխանում է տիկնիկը. — լուսը կգա` բարին հետը: Ամեն բան պատրաստ կլինի վաղը:

Առավոտն էլ ետ իր սանդն է մտնում պառավն ու գնում, իսկ Վասիլիսան իր տիկնիկի հետ ամեն բան անում են վերջացնում: Պառավն իրիկունը վերադառնում է, մտիկ է տալիս ու կանչում.

Իմ ա՛ջ ձեռներ, իմ ընկերնե՛ր, եկեք, տարեք, խաշխաշից յուղ հանեցեք ինձ համար:

Իսկույն հայտնվում են երեք ջուխտ ձեռներ, խաշխաշն առնում են տանում:

Ապա պառավը ընթրիքի է նստում, իսկ Վասիլիսան լուռ կանգնած է առաջին:

Ինչո՞ւ չես խոսում, — հարցնում է Կախարդը, — էնպես լուռ ու մունջ կանգնել ես, կարծես թե բերանումդ լեզու չկա:

Չեմ համարձակվում խոսեմ, նա՜նի ջան, — պատասխանում է Վասիլիսան. — իսկ եթե դու հրաման ես տալի խոսելու, մի բան կհարցնեմ:

Հարցրո՛ւ, միայն թե իմացած եղիրլավ չի, որ ամեն բան իմանաս. շատ իմանաս-շուտ կպառավես:

Ես էն էի ուզում քեզ հարցնեմ, նա՛նի ջան, ինչ որ աչքով տեսել եմ: Էստեղ գալիս ճամփին մի ձիավոր ընկավ աչքովս-ինքը սիպտակ, հագինը սիպտակ, տակինը սիպտակ. էն ո՞վ է էն ձիավորը, նա՛նի ջան:

Էն իմ պայծառ օրն է, — պատասխանում է Կախարդը:

Հետո տեսա մի ուրիշ ձիավորինքը կարմիր, հագինը կարմիր, տակինը կարմիր. էն ո՞վ է:

Էն էլ իմ կարմիր արևն է:

Իսկ էն սև ձիավորն ո՞վ է, որ քո դարբասի դռանը վրա հասավ, ինքը սև, հագինը սև, տակինը սև:

Էն էլ իմ մութը գիշերն է: Երեքն էլ իմ հավատարիմ ծառաներն են:

Վասիլիսան էստեղ հիշում է երեք ջուխտ ձեռներն ու լռում:

Էլ ինչո՞ւ չես բան հարցնում:

Էս էլ հերիք էր, նա՛նի ջան: Չէ՞ դու ինքդ ասիր` թե որ շատ իմանամ, շուտ կպառավեմ:

Լավ ես անում, որ էն ես հարցնում` ինչ որ դուրսն ես տեսել, էն չես հարցնում, ինչ որ ներսն ես տեսել: Ես չեմ սիրում, որ իմ տան աղբն ու կեղտը դուրս են հանում, ու շատ հետաքրքիրներին ուտում եմ: Դե կա՜ց, հիմի էլ ես քեզ հարցմունք անեմ: Դու էդ ի՞նչպես ես կարողանում անել ու հասցնել էսքան գործը, որ ես քեզ հանձնարարում եմ:

Իմ մոր օրհնանքն ինձ օգնում է, նա՛նի ջան, — պատասխանում է Վասիլիսան:

Ո՞նց թե... դու օրհնած ես, հա՜... Դե էստեղից դո՜ւրս գնա կորի դու, օրհնված աղջիկ: Օրհնվածներն ինձ պետք չեն էստեղ:

Ասում է ու խրճթից դուրս քաշում, դարբասից դուրս հրում, ցանկապատի վրա վառվող աչքերով գանգերից մինն էլ մի ձողի ծեր է անց կացնում ձեռը տալի, թե՝

Էս էլ քեզ կրակ` քո խորթ մոր ու իր աղջիկների համար: Չ՞է որ նրանք քեզ կրակի են ղրկել ինձ մոտ, որ իրենց համար կրակ տանես:

Ու վազում է Վասիլիսան, վազում է դեպի տուն: Ձեռքի գանգը ճամփին լուս է տալի մինչև ծեգը ու ծեգին հանգչում: Մյուս օրն իրիկունը վերջապես տուն է հասնում: Որ հասնում է, ուզում է ձեռքի գանգը դեն գցի, մտքումն ասում է` մինչև հիմի երևի արդեն կրակ կլինեն արած: Էս մտքի մեջ` մին էլ հանկարծ գանգից մի խուլ ձեն է գալի. «ինձ դեն մի՛ գցիլ, տար քո խորթ մոր մոտ»…

Տանն էլ մտիկ է տալիս, տեսնում է մութը, կրակ չի երևում, գանգը հետը ներս է տանում:

Խորթ մերն ու իր աղջիկները Վասիլիսային որ տեսնում են` սկզբումը ուրախ հանդիպում են, պատմում են, թե էն օրվանից, ինչ դու գնացել ես` մեր տանը դեռ կրակ չի վառվել: Մենք չենք կարողացել կրակ անենք, հարևաններից էլ ինչքան բերել ենք, տուն ենք հասցրել թե չէ` հանգել է:

Հիմի քո կրակը վառ կմնա, — ասում է խորթ մերը:

Գանգը ներս են տանում թե չէ` աչքերն էնպես են նայում խորթ մորն ու իր աղջիկներին, որ էրում են, կրակում: Ուզում են թաքչեն, բայց ուր որ թաքչում են, աչքերը ամեն տեղ հետևում ու նայում են նրանց, էրում, կրակում են նրանց:

Ու լուսադեմին խորթ մերն ու իր աղջիկներն արդեն էրվել, ածուխ էին կտրել, միայն Վասիլիսային էր, որ ոչինչ չէր եղել:

Следующая страница