Թումանյան Հովհաննես՝   Թարգմանություններ և փոխադրություններ

Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով: Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը: Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու: Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին. փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները:

Էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավորին:

Ամբոխը սաստիկ վրդովվեց. չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ:

Կանգնեցե՛ք, — ասավ, — ո՜վ ազնիվ մարդիկ, ու ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին:

Ամբոխը կանգ առավ:

Ի՜նչ լավ է խոսում, է՜, — ձեն տվեց մինը. — խոսի՛ր, խոսի՛ր, լսում ենք:

Դուք ուզում եք սրան ծեծե՞ք, — հարցրեց անծանոթը:

Հա՛, անպատճառ պետք է ծեծենք:

Բայց պետք է խելոք ծեծեք:

Ի՞նչպես թե խելոք ծեծեք... Էլ խելոք ծեծելը ո՞րն է... կողքերը կփշրենք-պրծավ գնաց:

Չէ՛, էդպես չի. սպասեցեք ու ինձ ականջ արեք: Դուք ուզում եք սրա կողքերը փշրեք: Շատ լավ: Ասենք թե տեղն է ու արդարացի: Բայց կարող է պատահել, որ հարկավոր է սրա երկու կողքը փշրել, իսկ դուք միայն մի կողքը կփշրեք: Էդպեսով էլ կվարվեք և անարդար, և անխելք:

Լավ ես ասում, ես իմ աստվածը, — ձեն տվին ամեն կողմից: — Հապա ի՞նչ անենք, ներե՞նք էն վիրավորանքը, որ սա հասցրել է մեր ամենաիմաստուն, ամենագերագույն, ամենահեռատես, ամենասրատես թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստծու ստվերին, աստղերի աստղին, արեգակների արեգակին...

Չէ, ես հո չեմ ասում` ներենք, ես ասում եմ` մի հարցնենք ու լսենք, թե ի՛նչ է ասում էս մարդը, ի՛նչպես է արդարանում:

Ես արդարանալու բան չունեմ, — խոսեց Սայիդը: — Մեղավորներն են արդարանում. իսկ ես ոչ մի մեղք չեմ արել: Ես միայն էն պետք է ասեմ, ինչ որ ինձ են արել: Եվ ասեմ թե չէ, դուք ձեռքերով կծածկեք ձեր երեսները, բայց էդ էլ չէք կարող անել, որովհետև ձեր երեսների ամոթից ու բարկության տաքությունից ձեր ձեռքերը կերվեն:

Վա՜հ, էս ի՞նչ է պատահել: Ինչպես երևում է, շատ հետաքրքրական բան պետք է լինի: Պատմի՜ր, պատմի՜ր, — գոռացին ամեն կողմից:

Ոչ թե հետաքրքրական, այլ մի ցավալի ու անիրավ գործ, — պատասխանեց Սայիդը: — Ականջ արեք, պատմեմ` տեսեք:

«Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա: Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս...»:

Տեսե՛ք, տեսե՛ք` ինչեր է հաչում: Ա՜յ լիրբ հայհոյիչ... Հենց դրա համար էլ էդ բախտին ես արժանացել... — ընդհատեց մեկը:

Բախտը որ կա` ծնվելիս է գրվում մարդու ճակատին, նրանից պրծնում չկա, — մեջ մտավ մի ուրիշը:

Դե լավ, խելքներիդ զոռ մի՜ տաք, թո՜ղ արեք պատմի:

Ու Սայիդը շարունակեց.

«Քանի տարի էսպես ապրեցինք, ամեն մի տարին, ամեն մի ամիսը, շաբաթը, օրը, ժամն ու վայրկյանը անցան լիքը երջանկություններով: Բայց չար նախանձը, որ աշխարհքում կործանում է ամեն բան-վերջը իմ երջանկությունն էլ կործանեց: Իմ կողքին ապրում էր մեր քաղաքի դատավոր Իբրահիմը: Նախանձեց իմ բախտին, կնոջս ու երեխաներիս խլեց ինձանից: Կնոջս իրեն հարճ առավ, երեխաներիս ստրուկ տվեց ուրիշներին: Ու էսպես նրանք ընկան կրկնակի գերության մեջ: Գերի մոր սիրտը իր երեխաների մոտ էր ու նրանց հետ էլ կրկնակի գերի. երեխաների ուշքն ու միտքն էլ իրենց մոր մոտ էր ու նրա հետ կրկնակի գերի

Ա՛յ էդ լավն էր: Ի՛նչ սիրուն ասիր-կրկնակի գերի... «Էսպես մնացի մենակ, ու կյանքը մահից էլ ավելի անտանելի դարձավ ինձ համար:

Եվ ահա տեսնում եք, անտուն, անտեր թափառում եմ, ու չեմ իմանում` աշխարհքում էլ ի՛նչ է մնում ինձ համար»:

Ամենքի սիրտը շարժվեց:

Էլ երկար ու բարակ մտածելու ի՞նչ կա էստեղ. հրես թագավորը գալիս է, գնա գանգատ արա, էլի՛, — խորհուրդ տվեց աղքատներից մինը:

Գա՛նգատ արա... լավ ես ասում. բայց թագավորը շրջապատված կլինի իրեն մոտիկների ու մեծամեծների էն տեսակ բազմությունով, որ արի ու մոտեցիր: Հա, կմոտենան հարուստները, բայց ես ի՞նչպես մոտենամ: Դուք ասում եք` նա մեզ համար արեգակ է, բայց արեգակի նման էլ հեռու է մեզանից:

Վախիլ մի՛, — սիրտ տվին մյուս աղքատները. — մենք կմոտենանք: Ինքն էլ էնպես բնավորություն չունի, ամենքին մոտ է թողնում: Ոչ մի աղքատ դեռ նրա շեմքից ետ չի դառել առանց բարերարվելու:

Էս խոսքումն էին, որ ամբոխը տակնուվրա եղավ, ալեկոծվեց, ամեն մարդ տեղ բռնեց, ու ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարբասները տանող գլխավոր փողոցը: Վերջապես երևաց արքայական թափորը: Ահա և Հարուն Ալ Ռաշիդն ինքը իր ճոխ ու փայլուն շքախմբով: Թափորը կանգ առավ գլխավոր հրապարակում, պալատի առջև: Թագավորը ձիուց իջավ, բազմեց մեծամեծներով շրջապատված ամպհովանու տակ դրած գահին ու իրավունք տվեց, որ ցանկացողները ներկայանան իրեն: Առաջ եկան նշանավոր հարուստները, թանկագին նվերներ տվին: Առաջ եկան վաճառականները-ծանրագնի շալեր, մետաքսի ու կերպասի կտորներ տվին: Առաջ եկան արհեստավորները-սքանչելի նուրբ բանվածքներ ու ձեռագործներ տվին: Թագավորն ուրախ ու գոհ ընդունեց ամենքին ու ամեն մեկին մի որևէ քաղցր խոսք ասավ: Մին էլ հանկարծ ամբոխի միջից մի պատառոտված, հյուծված աղքատ դուրս եկավ, գլխին մի ահագին քար, ու մոտեցավ թագավորին:

Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը: Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.

Էս ի՞նչ կնշանակի... Էս ի՞նչ ես տալիս դու ինձ...

Թագավորն ապրած կենա, — պատասխանեց աղքատը, — թագավորին նվեր տվողը պետք է իր սրտիցը տա... իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում:

Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ:

Անունդ ի՞նչ է:

Երբ դեռ երեխա էի` հերս ու մերս ինձ ասում էին Ջան Սայիդ: Երբ հասակ առա, հարևաններս ասում էին Աշխատասեր Սայիդ: Երբ ամուսնացա, կինս ասում էր Լավ Սայիդ. ծանոթներս ու բարեկամներս ասում էին Ազնիվ Սայիդ. իսկ այժմ ասում են-խեղճ, անբախտ, Աղքատ Սայիդ:

Ո՞րտեղ ես ապրում:

Էնտեղ, որտեղ թռչուններն են թռչում, որտեղ քամին է սուլում:

Դե, լա՛վ, — խոսեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը. — իմ տերության մեջ ոչ մի չար գործ չի խուսափի իմ հայացքից` որ անդնդում կուզի թաքնվի: Գնա՛ աղոթիր աստծուն. ո՛վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն Բախտավոր Սայիդ:

Սայիդը գնաց:

Էս դեպքի վրա մի քանի օր անց կացավ: Հարուն Ալ Ռաշիդը մանրամասն իմացավ Սայիդի պատմությունը, համոզվեց ճշմարտությանը ու կամեցավ դատել արդարն ու մեղավորը:

Մի օր էլ խնջույքի հրավիրեց, հավաքեց իր բոլոր մեծամեծներին: Մեծամեծներն եկան հավաքվեցին մարմար ավազաններով ու շատրվաններով լիքն այգիները, ծաղիկների մեջ, ծառերի տակին խալիչաների վրա բազմեցին, սկսեցին ղալիան քաշել, ուտել, խմել, քեֆ ու զրույց անել:

Քեֆի թունդ ժամանակը թագավորը հրամայեց հրավիրեն իր հեքիաթախոսին, որ հայտնի էր իր շիտակ ու անկեղծ բնավորությամբ: Հեքիաթախոսն եկավ, բարև տվեց, բարև առավ, նստեց, սկսեց ղալիան ծխել ու պատմություն անել:

Աշխարհքում շատ գանձեր կան, — ասավ նա, — բայց ամենաթանկ գանձը լավ անունն է: Լավ անունով մարդը միաժամանակ ապրում է հազար ու մի տեղ, հազար ու մի մարդու սրտում: Լավ անունով մարդը էնպես տեղեր է հասնում, որ չի կարող հասնել ոչ ձիով, ոչ ուղտով և ոչ ուրիշ միջոցով: Լավ անունով մարդը չի մեռնում: Նա մահից հետո էլ անտեսանելի ապրում է մեր միջում, ինչպես ոգի: Միշտ մեր միտն է գալիս, մեր սիրտն է հոսում իր գեղեցիկ հատկությունները: Լավ բան է լավ անունը:

Մի գանձ էլ կա-հարստությունն է:

Հարստությունով մարդ հազար ձեռն է ունենում, հազար ոտը, հազար լեզու և հազար ձևով կարող է հազար լավ գործ կատարել: Լավ բան է հարստությունը:

Մի գանձ էլ կա-էդ էլ խելքն է:

Խելոք մարդը գերմարդ է դառնում: Խելքով` տկարն ուժեղ է, աղքատը-հարուստ, վախկոտը-անահ: Նրանից է, որ անլսելի շշնջյունով ասած խոսքը որոտում է ու անցնում աշխարհքի մի ծերից մյուս ծերը: Լավ բան է խելքը:

Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ, խելքից էլ վեր է: Առանց նրան էս բոլորը համարյա թե սարսափելի ու կործանարար կլինեին մարդու համար: Առանց նրան աշխարհքը կթառամեր ու կամայանար: Էս գանձը-խղճմտանքն է:

Էս գանձը արդեն մեծ մարդիկն են ունենում, և սրա համար էլ նրանք, ինչ էլ որ ունենան, երջանիկ չեն լինում: Ինչքան հարստություն մտքովդ կանցնի, տուր նրանց, որ նրանք բաժանեն մարդկանց ու բարերարեն, դարձյալ քիչ է նրանց համար: Իսկ ես ճանաչում էի մի աղքատի, որ երեք գանձ ուներ և իրեն համարում էր երջանիկ ու շարունակ փառաբանում էր աստծուն: Եվ հպարտությունը մտավ նրա սիրտը, թե ինքն էր ձեռք բերել էն երջանկությունը ու ոչ ոք էլ չէր կարող խլել իր ձեռքից: Էս բանն իմացավ չար ոգին ու հասցրեց աստծուն: Աստված անիծեց չար ոգուն ու իրենից ետ մղեց, ղրկեց էդ երջանիկ մարդու ապրած քաղաքի դատավորի սիրտը: Դատավորը հանկարծ զգաց, որ իր ներսը մի նոր, անծանոթ ու թունավոր բան է շարժվում: Սրտի մեջ սկսեց եռալ մի չարություն, ու միտքը մթնեց խավար մշուշից: Ինքն էլ լավ չիմացավ, թե ինչ էր պատահել իրեն, վեր կացավ դուրս եկավ որ հովին տա իրեն, ու երջանիկ աղքատի տան մոտից անցնելիս` սկսեց նրան նախանձել: Բայց ի՞նչ էր աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը: Մի ջրհոր, երկու արմավենի ծառ: Ջրհորից սառը ջուր էր խմում, իսկ երկու արմավենին ամբողջ տարին նրան քաղցր պտուղ էին տալիս ու հով ստվեր: Սառը ջուրը խմում էր, քաղցր պտուղն ուտում ու շվաքում նստում, փառաբանում աստծուն: Դատավորին շատ թվացին էս գանձերը աղքատի համար, վճռեց նրանից խլի, ու խլեց: Էն օրվանից աղքատը թափառում է դռնից դուռը. նրա հառաչանքից խավարում են աստղերը, նրա թափած արտասուքներից կարիճներ են ծնվում ու աշխարհքը լցվում:

Ամենքի սիրտն էլ խորը շարժվեց էս պատմությունից, ամենքն էլ զայրացան անիրավ դատավորի վրա, ամենքն էլ գտան, որ նա արժանի է խիստ պատժի:

Իսկ դո՞ւ ինչ ես ասում, Իբրահիմ, — հարցրեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը իր մեծամեծներից մեկին, Բաղդադի դատավորին: Ի՞նչ պետք է անել հափշտակող դատավորին:

Թագավորն ապրած կենա, — պատասխանեց Իբրահիմը, — էդ մի էն տեսակ ոճիր է, որին արժանի պատիժ ես գտնել չեմ կարողանում:

Իբրահիմ, — գոչեց թագավորը, — էդ ոճրագործը դու ես: Դու ես աղքատ Սայիդից խլել նրա կինը, էդ երջանկության աղբյուրը մեր կյանքում: Դու ես խլել նրա զավակները, որ մարդկանց կյանքի քաղցր պտուղներն են ու իրենց ծնողներին շվաք են անում ծերության օրերում:

Իբրահիմը խոնարհվեց, գետին ընկավ ու խնդրեց, որ իրեն ների թագավորը:

Ես չեմ քո դատավորը, — խոսեց Հարուն Ալ Ռաշիդը. — քո դատավորն այժմ նա է, ում որ թշվառացրել ես դու:

Ու հրամայեց ներս կանչեն Սայիդին:

Սայի՛դ, — ասավ, — ահա քո ձեռքն եմ տալիս քո թշնամուն:

Թագավորն ապրած կենա, իմ ձեռքն ես տալիս, ես ի՞նչ անեմ, — պատասխանեց Սայիդը:

Հապա ի՞նչ ես ուզում:

Ես դրանից բան չեմ ուզում: Թո՛ղ իմ կնոջն ու երեխաներին վերադարձնի, ես առաջվա նման երջանիկ կլինեմ:

Էս մեծահոգությունը շարժեց թագավորին, նրա աչքերը լցվեցին արտասուքով: Բոլոր մեծամեծներն էլ սկսեցին արտասվել:

Լավ, էդ քո դատաստանը, — դարձավ թագավորը Սայիդին. — այժմ իմ դատաստանը լսիր: Դո՛ւ, Իբրահի՜մ, քո կալվածքների չորս բաժնից երեք բաժինը կտաս Սայիդին, դրա հետ էլ էն քարը, որ Սայիդն ինձ պարգև բերեց, էն քարի քաշովը մին ոսկի:

Թագավորի վճիռը վճիռ էր: Ինչ որ վճռեց` Իբրահիմը տվեց Սայիդին: Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն: Բայց հարստությունից չգոռոզացավ Սայիդը: Դարձյալ առաջվա նման համեստ կյանք էր վարում ու աշխատում էր առավոտից մինչև իրիկուն: Երբ ընկերները հարցնում էին, թե` ինչո՞ւ չես օգտվում քո հարստությունից ու փարթամ ապրում, ասում էր` հարստությունը փչացնում է մարդու սիրտը, խնջույքներն ու ճոխ ճաշերը հոգնեցնում, մաշում են մարդու զգացմունքները, իսկ ես ուզում եմ մնամ միշտ թարմ ու բարի: Ու իր ամբողջ կարողությունը Սայիդը սպառեց, դրեց բարի գործերի վրա: Ուսումնարաններ բաց արավ, հիվանդանոցներ շինեց, ջրհորներ փորել տվեց անջուր անապատներում ու ամեն մի ջրհորի քարի վրա արձանագրել տվեց. «Ո՜վ մարդ, խմի՛ր ու հիշիր նրանց, որոնք ծարավից տանջվում են աշխարհքում»:

Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ, դատաստան տեսնելիս, դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում: Ավանդությունն ասում է, թե նրա նման էին վարվում նրա հաջորդները` արաբական մյուս թագավորները, մինչև թուրքերի գալը: Թուրքերի գալուց հետո անհետացավ, կորավ էն անգին քարը, որ աշխարհքի հզորներին հիշեցնում էր արդարությունն ու խղճմտանքը:

ԼՈԻՍԵՐԵՍՆ ՈԻ ՎԱՐԴԵՐԵՍԸ

Լինում է չի լինում մի աղքատ որբևայրի կին: Ապրելիս է լինում մի փոքրիկ տնակում: Տնակի առջև մի պարտեզ է ունենում, պարտեզի մեջ երկու վարդի թուփ, մինը սիպտակ` վարդի, մյուսը` կարմիր: Էն վարդի թփերի նման էլ երկու փոքրիկ աղջիկ է ունենում. մեկի անունը Լուսերես, մյուսինը` Վարդերես: Երկուսն էլ էնքան էին լավն ու բարի, էնքան սրտով մաքուր ու աշխատասեր, որ կարծես թե հենց էն երկուսն էին էնպես, որ կային բովանդակ աշխարհքում: Միայն թե Լուսերեսն ավելի հանգիստ էր ու քնքույշ, իսկ Վարդերեսն ավելի կայտառ ու աշխույժ:

Վարդերեսը շատ էր սիրում հանդերում ու մարգերում թռչկոտել, ծաղիկ քաղել ու թռչուն բռնել, իսկ Լուսերեսը նստում էր տանը, տնտեսության մեջ օգնում էր մորը, կամ թե չէ, եթե գործ չկար, նրա համար գիրք էր կարդում: Երկու քույրն էլ էնքան էին իրար սիրում, որ հենց թև-թևի տված էին ման գալի, ու երբ Լուսերեսն ասում էր.

Մենք երբեք չպետք է բաժանվենք իրարից, — Վարդերեսը պատասխանում էր.

Երբեք, քանի կենդանի ենք: — Իսկ մերն ավելացնում էր.

Մեկդ ինչ որ կունենաք` պետք է կիսեք մյուսիդ հետ:

Երկուսով հաճախ գնում վազվզում էին անտառներում ու պտուղ էին քաղում. ու ոչ մի կենդանի վնաս չէր տալիս, ամենքը վստահ գալիս մոտենում էին նրանց: Նապաստակը հենց նրանց ձեռքից առնում որոճում էր կաղամբի թերթիկները, եղնիկն արածում էր նրանց կողքին, եղջերուն անհոգ ու զվարթ անցնում էր նրանց մոտից, իսկ թռչունները հանգիստ ուսներին թառած երգում էին, ինչպես կարող էին երգել և ինչ որ գիտեին: Եթե բան է, ուշանում էին անտառում ու գիշերը վրա էր հասնում, միասին պառկում էին մամուռի վրա ու քնում մինչև լուսաբաց: Իրենց մերն էլ գիտեր ու անհանգիստ չէր լինում:

Մի անգամ էլ, երբ անտառում գիշերում են ու լուսաբացին զարթնում են, տեսնում են կողքներին կանգնած ճերմակ ու փայլուն շորերով մի սիրուն երեխա: Էս երեխան վեր է կենում, ժպտալով նրանց նայում ու առանց մի խոսք ասելու, հեռանում, մտնում անտառի խորքն, անհետանում: Էստեղ երեխեքը մտիկ են տալիս չորս կողմերը, տեսնում են, որ իրիկունը մթնով եկել են քնել մի անդունդի եզերքին ու եթե մթնումը մի երկու քայլ էլ արած լինեին, պետք է անդունդը լինեին գլորված: Գալիս են իրենց մորը պատմում: Մերն ասում է.

Էս անպատճառ պահապան հրեշտակն ինքն է եղել, որ միշտ պահպանում է բարի երեխանց:

Լուսերեսն ու Վարդերեսն իրենց մոր տնակն էնպես իստակ ու մաքուր էին պահում, որ մտիկ անելիս մարդու դուր էր գալիս:

Ամառը գլխավորապես Վարդերեսն էր տան բանը շինում ու ամեն առավոտ, մոր զարթնելուց առաջ անկողնի կողքին մի փունջ ծաղիկ էր դնում, փնջի մեջ էլ երկու վարդ` մինը սիպտակ, մյուսը կարմիր: Ձմեռը Լուսերեսն էր կրակ անում ու պղինձը դնում կրակին: Պղինձն էլ էնպես մաքուր սրբած էր լինում, որ ոսկու նման պսպղում էր: Իրիկուններն էլ, երբ դուրսը ձյունը փաթիլ-փաթիլ բրդում էր, մերն ասում էր. — Լուսիկ ջան, գնա դռան փակը գցիր: — Հետո նստում էին բուխարու առջև: Մերը գիրք էր կարդում աղջիկների համար, իսկ աղջիկները լսում էին ու մանում: Կողքներին պառկած էր լինում իրենց գառը, ետևները թառի վրա քնած սիպտակ աղավնին, գլուխը կոխած թևի տակը:

Մի իրիկուն էլ, երբ էսպես նստած են լինում, մինը դուռը ծեծում է: Մերն ասում է.

Վարդուշ ջան, շուտ վեր կաց դուռը բաց արա. անօթևան ճամփորդ կլինիդուռը ծեծում է:

Վարդերեսը գնում է դռան փակը ետ գցում, համոզված, որ դուռը ծեծողը մի խեղճ մարդ պետք է լինի. մին էլ ի՛նչ տեսնիդռան ետևը կանգնած է մի ահագին արջ, ոը դուռը բացվելուն պես ներս է կոխում իր հաստ գլուխը: Վարդերեսը վախից ճչում է ու ետ թռչում, գառն սկսում է մայել, աղավնին թևերն է թափահարում, իսկ Լուսերեսը մտնում է մոր մահճակալի ետևը: Այնինչ արջը լեզու է լինում ու խոսում: Ասում է. — Ինչո՞ւ եք վախենում. ինձանից մի՛ վախենաք, ես ձեզ վնաս չեմ տալ: Քիչ էր մնում ցրտից սառչեի, եկա մի քիչ տաքանամ:

Վա՜յ, խեղճ իմ արջ ախպեր, — բացականչում է մայրը: — Դե արի, արի կրակից մոտիկ պառկիր, միայն թե զգույշ կաց, բուրդդ չմրկի... Աղջկե՛րք, Վարդուշ ջան, Լուսիկ ջան, դուրս եկեք, եկեք էստեղ, արջ ախպերը ձեզ ձեռք չի տալ, արջ ախպերը բարի է:

Աղջիկները դուրս են գալիս, կամաց-կամաց մոտենում են արջին, գառն էլ, աղավնին էլ, ու շուտով ամեն ահ ու երկյուղ վերանում է մեջտեղից: Արջն էլ ասում է.

Երեխեք ջան, թե կարաք` էս իմ բրդի ձյունը մի թափ տվեք:

Աղջիկները վազում են ավելը բերում` արջի բուրդը մաքուր սրբում են, ու արջը բավականությունից մռնչալով մեկնվում է կրակի առջև: Աղջկերքը ձեռաց ընտելանում են իրենց անճոռնի հյուրին ու սկսում են հետը հանաքներ անել: Բրդի հետ են խաղում, ականջներից են քաշում, մեջքին են կանգնում, հատակին դես ու դեն են գլորում, ճիպոտով խփում են, իսկ եթե սկսում է վռչալ` ծիծաղից թուլանում են: Արջի իրեն քեֆն էլ է գալիս: Բայց երբ շատ են նեղացնում, վռչում է.

Մի՛ տանջեք ինձ, մի՛ սպանեք, այ աղջկերք,

Ա՛յ Լուսերես, ա՛յ Վարդերես,

Ձեր սիրելի փեսան եմ ես:

Քնելու ժամանակը որ գալիս է ու աղջիկները գնում են քնեն, մերն արջին ասում է.

Դե դու էլ օջախի առաջը պառկիր, արջ ախպեր, համ տաք կլինի տեղդ, համ քամուց պատսպար:

Օրը բացվում է թե չէ, արջը էլ ետ ձնի մեջ քարշ գալով գնում է դեպի անտառի խորքը: Էն օրվանից էս արջը սովորություն է շինում, ամեն իրիկուն միևնույն ժամին գալիս է սրանց մոտ: Պառկում է օջախի առջևն ու թողնում է հետը խաղան, ինչքան կուզեն: Սրանք էլ էնպես են սովորում, որ իրիկունները, մինչև արջը տուն չի գալիս, դուռը փակում չեն:

Ձմեռն անց է կենում. գարունքն ընկնում է, երկիրը դալարում, ու մի օր էլ արջը Լուսերեսին ասում է.

Դե հիմի արդեն ժամանակն է, որ ձեզանից հեռանամ, ամբողջ ամառը էլ ինձ չեք տեսնիլ:

Ո՞ւր ես գնում, արջ ախպեր, — հարցնում է Լուսերեսը:

Պետք է անտառը գնամ, իմ գանձերն ու հարստությունները չար թզուկներից պաշտպանեմ: Ձմեռը գետնի սառած ժամանակը նրանք անհետանում են իրենց մթին այրերում, բայց արևը երկիրը տաքացնում է թե չէ` էդ գող անպիտանները լուս աշխարհք են դուրս գալիս ու՝ ինչ որ աչքները տեսնում է` էլ տիրոջն օգուտ չի անում, գողանում են տանում:

Արջից բաժանվելու համար շատ է տխրում Լուսերեսիկը, իսկ երբ դուռն առաջին բաց է անում որ գնա` «Հանկարծ արջն ընկնում է դռան փակին, բրդիցը մի փունջ մնում է փակի վրեն ու բրդի տակիցը ոսկու պես մի բան է պսպղում: — Երևի աչքիս թվաց, — մտածում է աղջիկն ու մտքիցը հանում է էս բանը: Արջն էլ շտապում է դեպի անտառն ու անհետանում է ծառերի ետևը:

Մի օր էլ մերն աղջիկներին անտառն է ղրկում, որ գնան ցախ ու մախ հավաքեն բերեն: Գնում են աղջիկները, ման են գալիս ման, մին էլ տեսնում են անտառում ընկած մի ծառ, ու էս ծառի վրա, խոտերի միջին մի բան էս կողմն է թռչում, էն կողմն է թռչում. բայց ինչ բան է-գլխի չեն ընկնում: Մոտենում են, տեսնում են մի թզուկ, դեմքը պառավկոտած, միրուքն էլ սիպտակ ու երկա՜ր, երկար: Էն, որ ասում են` ինքը թիզ ու կես, միրուքը գազ ու կես, հենց էն ինքն է, որ կա: Միրքի ծերը մնացել է ծառի ճեղքում, դես ու դեն է ընկնում ու չի իմանում, թե ոնց հանի: Աղջկերանցը որ տեսնում է` արնոտ աչքերը վրաները չռում է ու գոռում.

Ի՞նչ եք տնկվել էդտեղ: Չե՞ք կարող մոտ գալ ու օգնել:

Էդ ի՞նչ է պատահել, գաճաճ քեռի, — հարցնում է Վարդերեսը:

Ապո՛ւշ, անասո՛ւն, հարցնում է` ի՞նչ է պատահել... Ի՞նչ պետք է պատահեր. ուզում էի ծառը ճղեմ, մանր տաշեղներ անեմ մեր խոհանոցի համար, թե չէ մեծ փետերից էրվում են մեր կերակուրները. մենք հո էնքան շատ չենք ուտում, ինչքան դուք, էդ կոպիտ ու անկշտում խալխդ.-սեպը զարկեցի, հանկարծ դուրս թռավ, ծառի ճեղքն էլ էնպես արագ փակվեց, որ վրա չհասցրի միրքիս ծերը միջիցը հանեմ: Միրքիս ծերը մնաց ծառի ճեղքի մեջն, ու ահա էսպես չարչարվում եմ, չեմ կարում հանեմ, իսկ դուք կանգնել եք, բերաններդ բաց եք արել ու հռհռում եք, ապուշնե՛ր, լպստածնե՛ր... թո՛ւ, զահլես ինչպես է գնում...

Աղջիկները վրա են գալի, ուժ են անում, քաշում են, քաշում են, չեն կարողանում թզուկի միրուքը ծառի ճեղքիցը հանեն:

Կացե՛ք, ես գնամ մարդիկ կանչեմ, — ասում է Վարդերեսը:

Հիմարի գլուխ, — վրա է պրծնում թզուկը, — ի՞նչ եմ անում մարդիկը: Դուք հերիք չե՞ք, որ զահլես գնա, դեռ ուրիշներին էլ կանչեցեք: Կարող ե՞ք-մի ուրիշ բան էլ հնարեցեք...

Լուսերեսն ասում է.

Մի քիչ համբերիր, ես ճարը գտա: — Ասում է, գրպանից մկրատը հանում ու թզուկի միրքի ծերիցը կտրում: Թզուկն ազատվում է թե չէ, իսկույն շալակն է գցում իր ոսկով լիքը տոպրակը, որ ծառի փչակումը պահել էր, ու գնում է քթի տակին փնթփնթալով.

Ա՛յ քեզ անտաշ խալխ... եկան էս փառավոր միրքիս ծերը կտրեցին թողին: Գետինը մտնեք դուք, գետինը

Էսպես մրթմրթալով տոպրակը շալակում է, առանց ետ մտիկ տալու գնում:

Էս դեպքի վրա մի քանի ժամանակ անց է կենում, մի օր էլ աղջիկները գնում են ձուկը բռնելու: Գետափին մոտենում են, տեսնում են ծղրիդի նման մի բան էստեղ ետ ու առաջ է թռչկոտում, ու քիչ է մնում ջուրն ընկնի: Մոտ են վազում, տեսնում են իրենց ծանոթ թզուկը:

Էդ ի՞նչ ես անում էդտեղ, գաճաճ քեռի, — հարցնում է Վարդերեսը:

Ապուշնե՛ր, չե՞ք տեսնում ինչ եմ անում... Չե՞ք տեսնում անիծած ձուկն ինձ ուզում է ջուրը քաշի...

Դու մի ասիլ` թզուկը գետափին նստած` կարթով ձուկը բռնելիս է լինում, հանկարծ քամին փչում է ու միրուքը փաթաթոմ կարթի թելին: Հենց էդ խառնված ժամանակը մի մեծ ձուկն է ընկնում կարթի մեջն ու թզուկին զոռ է անում, քաշում է դեպի ներս: Սա գետափի թփերից ու խոտերից է կպչում, բայց բան չի դառնում, ձուկը տանում է: Աղջիկները ժամանակին վրա են հասնում, իրեն պինդ բռնում են ու աշխատում են միրուքը թելից բաժանեն, չեն կարողանում, էնպես խճճված է լինում իրար: Էլ ուրիշ ճար չի մնում, մկրատը հանում են դարձյալ միրքիցը կտրում, իրեն ազատում: Ազատվում է, տեսնում է միրքիցը էլի կտրել են` սկսում է վրաները ճղճղալ.

Ա՛յ դուք անասուններ, էս մի՞թե կարգ է, հը՞: Դուք համարձակվեք իմ երեսն Էսպես այլանդակե՞լ... Հերիք չէր էն օրը միրքիս ծերը կտրեցիք, հիմի էլ ամենալավ մասը տարաք, հը՞... Ես հիմի ի՞նչպես մերոնց երևամ... Ա՛յ գետինը մտնեք դուք, գետինը...

Վերցնում է իր մարգարտով լիքը տոպրակը, որ թաքցրել էր եղեգնուտում, ուսովն է ձգում ու անհայտանում մոտիկ քարի ետևը:

Սրանից մի քանի օր ետը մերն իր աղջիկներին մոտակա քաղաքն է ուղարկում` թել, ասեղ, մատնոց և ուրիշ էս տեսակ մանրուք առնելու: Մի քարքարոտ դաշտով անց կենալիս էս աղջիկները նկատում են, որ մի մեծ թռչուն օդում պտուտ եկավ, պտույտ եկավ ու նետի նման ներքև սլացավ, զարկեց մի քարի տակի: Թռչունի զարկելուն պես մի սրտաճմլիկ աղաղակ է բարձրանում, ու էս ձենի վրա աղջիկները վազում են, տեսնում են իրենց հին ծանոթ թզուկը. արծիվը ճանկել է, ուզում է տանի: Բարեսիրտ աղջիկները իսկույն բռնում են թզուկից ու կախ ընկնում, ու էնքան են արծվի հետ էս կողմն, էն կողմն ընկնում, էնքան են կռիվ տալիս, մինչև որ արծիվը որսը թողնում է` թռչում գնում: Առաջին սարսափն անց է կենում թե չէ` էս թզուկը նորից իր ճղճղան ձենովը աղջիկներին վրա է պրծնում.

Էս ի՞նչ արիք. չէիք կարող ավելի քնքույշ ժաժ գալ, հը՞... բարակ շորերս պատառոտեցիք թողիք... անճոռնի անպիտաննե՛ր...

Ճղճղում է, անգին քարերով լիքը տոպրակը ուսը գցում ու անցնում քարերի ետևը, կորչում գնում իր քարանձավը: Աղջիկներն արդեն սովոր են լինում նրա ապերախտությանը, շարունակում են իրենց ճամփեն, քաղաքում իրենց առուտուրն անում են ու ետ վերադառնում: Վերադարձին գալիս են դարձյալ պատահում հանդում մի տեղ նստած թզուկին: Տեսնում են մի իստակ տեղ իր տոպրակը շուռ է տվել, թափել, կիտել անգին քարերը, մտածելով, թե էնպես ուշ էլ անց կենող ու տեսնող չի լինի: Վերջալուսի շողքերն ընկել են փայլուն քարերի վրա, ու գույնզգույն քարերն էնպես են վառվում, շողշողում, հուրհուրատին տալիս, որ աղջիկները տեղները մարում են, մնում հայիլ-մայիլ կտրած` մտիկ անելիս:

Ի՞նչ եք բերաններդ բաց արել կանգնել, — գոռում է թզուկը, ու նրա գորշ դեմքը փոխվում է ծիրանի գույնի: Ուզում է, ինչքան որ կարող էր, մի հայհոյի, մին էլ հանկարծ մի մռնչոց է լսվում, ու անտառից մի արջ է դուրս վազում, հարձակվում վրեն: Սարսափահար թզուկը տեղիցը վեր է ցատկում, բայց մինչև վրա կհասցներ մտնի իր խորշը` արջը բռնում է: Զարհուրած սկսում է աղաչել.

Իմ սիրելի, իմ տեր արջուկ, առ, ահա քեզ լինեն իմ բոլոր գանձերը, միայն թե խնայիր ինձ: Մտիկ տուր, մի տես, թե ինչ շքեղ անգին քարեր են էստեղ թափված: Ինձ բաշխիր իմ կյանքը: Ի՞նչ օգուտ ես տանելու, եթե սպանես ինձ, էսպես մի փոքրիկ, վտիտ արարածի: Ատամիդ տակին իսկի չեմ էլ երևալ: Ա՛յ թե ուզում ես ուտես` էս անօրեն աղջիկներին կեր, հասկանում եմ. լորի պես գեր ու թխլիկ-անուշ պատառ են... սրանց կեր, քեզ անուշ լինի...

Արջը ականջ էլ չի դնում, թե ինչ է ասում թզուկը, ծանր թաթը ետ է տանում ու որ մի զարկ է հասցնում` թզուկս տեղն ու տեղը հանգչում է: Աղջիկները լեղապատառ սկսում են փախչել: Արջը ետևներից կանչում է.

Լուսի՛կ, Վարդքո՛ւշ, մի՛ վախենաք, սպասեցեք, ես էլ եմ ձեզ հետ գալիս:

Աղջիկները ճանաչում են, որ էս իրենց սիրելի արջի ձենն է, կանգնում են: Արջը մոտենում է նրանց, ու հանկարծ մորթին վրիցը ընկնում է, տակիցը դուրս է գալիս մի գեղեցիկ պատանի` ոտիցը գլուխ ոսկու մեջ կորած:

Ես թագավորի տղա եմ, — ասում է նա: — Էս անսիրտ թզուկը ինձ կախարդել, գազան էր շինել ու հափշտակել իմ բոլոր գանձերը: Եվ ես դատապարտված էի անտառներում թափառելու մինչև նրա մահը: Ահա վերջապես սա առավ իրեն արժանի պատիժը, իսկ ես` իմ առաջվան պատկերը:

Էստեղից գնում` առնում են անհուն գանձերը, որ դիզել էր թզուկը իր մթին քարանձավում: Ապա թե թագավորի տղեն ամուսնանում է Լուսերեսի հետ, իսկ եղբայրը` Վարդերեսի: Հետներն առնում են և աղջիկների պառավ մորը, գնում ետ իրենց աշխարհքը, ապրում են ուրախ ու երջանիկ: Ու սրանցից մեկի լուսամուտի տակ սիպտակ վարդի թուփն է ծաղկում, մյուսի լուսամուտի տակ` կարմիր վարդի թուփը:

ՍԱԳԱՐԱԾ ԱՂՋԻԿԸ

Լինում է չի լինում մի պառավ, շատ պառավ կին: Էս պառավն իր սագերի հետ ապրելիս է լինում անմարդաբնակ լեռների մեջ` մի փոքրիկ տնակում: Բնակատեղն էլ չորս կողմից շրջապատված է լինում անտառով, ու պառավն ամեն օր իր ձեռնափետը վերցնում է, ձեռնափետին հենված տմբտմբալով գնում անտառը: Գնում է սագերի համար խոտ է անում, պտուղ է քաղում, հավաքում է` ինչի որ ձեռքը հասնում է ու շալակում է բերում տուն: Տեսնողն ասում` հիմի որտեղ որ է, խեղճ պառավն իր բեռան տակին կճկռի, բայց միշտ էլ հաջողակ տուն է հասցնում: Ճամփին էլ, բան է, եթե մարդ է պատահում, ուրախ-ուրախ բարևում է.

Բարի օր, ախպեր ջան: Տեսնո՞ւմ ես էսօր եղանակն ինչ լավ է: Հը՞, չլինի՞ թե զարմանում ես, որ պառավ տեղովս էսքան շալակը տանում եմ: Ի՞նչ անենք. ամեն մարդ պետք է իրեն բեռը կրի:

Следующая страница