Բակունց Ակսել՝   Վեպեր և վիպակներ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 Следующая Конец

Հովնաթան Մարչ

1

Հուլիսի շոգ օրերից մինն էր: Արևն այնպես էր այրում, ասես մտադիր էր կրակ թափելու արտերի ու այգիների վրա, ծծելու գետերի ջրերը, որպեսզի գոմեշները չկարողանան թաղվել ջրի մեջ և իրենց հաստ կաշին ազատել արևի խանձող շողերից: Ո՞վ գիտե, արևն ուիրշ էլ ի՜նչ մտադրություն ուներ, սակայն կարևորն այն է, որ հուլիսի այդ շոգ օրին, արևի տակ, ժամանակը կորել էր, հալվել, անհնար էր որոշել ժամը, թեկուզ ժամացույները զարկում էին դողէրոցքով տառապողի թույլ երակի պես:

Եվ երբ գանցքը փշոտ ճամփով գլորվող գոմշասայլի պես մոտեցավ կայարանին, հերթապահին թվաց, թե ցեխի մեջ թաթախված գոմեշների մի երամակ ահռելի փնչոցով կանգնեց կայարանի առաջ, փնչոցո՜վ, որ նշանակում էր` օ՛ֆ, շոգ է:

Ինչքա՛ն դանդաղ ու չկամ, գնացքից դուրս եկան ուղևորները, որը քրտինքը սրբելով, որը բաճկոնի կոճակները մինչև գոտին արձակած, մի խուրջին ուսին, թաշկինակով կրծքին հով անելով: Կայարանի ստվերում թիկն տված երկու մուշտ հենց այդտեղից էլ ձայն տվին իջնող ուղևորների, թե ո՞վ իր ունի տանելու, և երբ պատասխան չեղավ, նորից գլուխները թեքեցին, թառամած արևածաղկի պես:

Ոչնչով հիշատակելի չէր դառնա հուլիսյան այդ շոգ օրը, եթե գնացքը, որպես թանկագին բեռ, շատ զգուշությամբ այդ օրը չբերեր Հովնաթան Մարչին: Եվ այդ նրա ամերիկյան դեղին կոշիկը դիպավ գետնին, կոշիկը տերը ժպտաց: Հավանորեն այդ ժպիտն ունեցավ և Կոլումբոսը` նոր ցամաքի վրա առաջին անգամ ոտք դնելիս:

Եվ ոչ ոք չնկատեց, թե ինչպե՜ս նա դարձավ Արարատի կողմը և, հասկանու՞մ եք, ձեռքով սալամ ուղարկեց հեռու սարին: Սակայն նրա ողջույնը միայն ձեռքի շարժումով չվերջացավ: Եթե մոտիկ կանգնած մարդ լիներ, նա կլսեր, թե ինչպես Մարչն ասաց. «Օ՛, Արմենիա, երկիր դրախտավայր»… Ասաց ու քրտինքի մի կաթիլ գլորվեց այս երկրի արևից խանձված հողին:

Ծովի մի ալիք, նույնիսկ այն ժամանակ, երբ հանդարտ է ծովը, հանկարծ ափ է նետումհեռու երկրից ծովն ընկած պտուղի մի կճեպ, այդ ափին կճեպը մնում է այնքան, մինչև մի ուրիշ ալիք է ելնում, ափը լիզում և կճեպը բաշին առած հետ տանում ուրիշ եզը շպրտելու, իսկ ծովը մնում է հանդարտ, անտարբեր:

Արևն էլ հանդարտ մնաց իր հրե քայլքի մեջ, երբ գնացքն ուրիշ աշխարհից հուլիսյան մի շոգ օր ցամաք նետեց Հովնաթան Մարչին: Սակայն կառապանները նորեկի հանդեպ չունեցան նույն անտարբերությունը: Նրանցից մի քանիսն աղմուկով իրար անցան, և մինչդեռ Հովնաթան Մարչը լսում էր նրանց մայրենի բարբառը և զմայլվում, ամենից հանդուգնը նախ նրա իրերը դարսեց կառքում, ապա Հովնաթան Մարչին էլ նստեցրեց և մտրակեց ձիերին:

Ճանապարհին, փոշու ամպի մեջ, մեկը հիացմունքով էր նայում շրջապատին և ծաղկանկար թաշկինակով բերանը ծածկած, շնչում հայրենի երկրի բույրը, որ տվյալ դեպքում կառապանի քրտնած մեջքից էր ելնում, ճամփի ճահճուտից, աղբակույտից, իսկ մյուսն իր մտքում հաշվում էր` կրկնակի ուզի՞, թե՞ եռակի, Ամերիկայից եկած հարուստ պասաժիրից:

Թե ինչո՜վ վերջացավ կառապանի հաշիվը, դժվար է ստույգ-ինչ գրել: Հյուրանոցի դռանը Հովնաթան Մարչն իջավ և երբ պայուսակները գետնին դարսեց, կառապանի բռան մեջ նա այնպիսի մի թղթադրամ դրեց, որ նա ձիերին մտրակեց, բռան մեջ սեղմեց դրամը և հրապարակն արագ անցնելով կորավ կողքի փողոցներում, առանց հետ նայելու: Քիչ էր մնացել, որ մայթից-մայթ անցնող մի բարեպաշտ ծերունի ընկնի կառքի տակ:

Հյուրանոցի սենյակում Հովնաթան Մարչը ճակատի քրտինքը սրբելուց հետո, գերադաս համարեց միառժամանակ մեկնվել բազմոցի վրա: Այդ դիրքում շատ մտքեր խռնվեցին նրա գլխում, շատ հույզեր, և այդ ամենն այն երկրի շուրջը, որի ջուրը գրաֆինի մեջ էր, սեղանի վրա, Հովնաթան Մարչին մի քայլ միայն հեռու, որի արևը խաղում էր նրա պայուսակների հետ:

Սկիզբն այնքան էլ պարզ չէ, բայց հայտնի է, որ տարիներ շարունակ ատենաբանություն անելուց, ընկերություններ և մարմիններ կազմելուց ու վերակազմելուց հետո, որոնց բոլորի առանցքը եղել է հեռուներում ընկած դրախտավայր մի աշխարհ, նրա կարոտը երգելուց, նրա մասին ճառելուց ու նրա անունով հանգանակություններ անելուց վերջ, մի օր Հովնաթան Մարչը գնում է մեծատուն Անդրեաս Բալիքյանի մոտ:

Այդ լինում է օրվա այն պահը, երբ Բալիքյանի հազար ու մի կերակուրներով լեցված ստամոքսը գերիշխող է լինում նրա դատողության վրա և, սիգարի կապույտ ծուխի օղակներին ի տես, ամենից շատ փափկած է լինում նրա սիրտը, — դուռը բացվում է, դռան շեմքին երևում է Հովնաթան Մարչը: Անդրեաս Բալիքյանը բավարար է համարում մի քանի կոճակներ կոճկել, դեպի վեր տնկած ոտքերին հորիզոնական դիրք տալ և ադամանդյա մատանիներով զարդարած փափուկ ձեռքը մեկնել Հովնաթան Մարչին:

Դուք կարծում եք` թե նա միայն սեղմում է Բալիքյանի մեկնած ձեռքը և նստում աթոռի՞ն: Ո՜չ, այդ օրն արտասովոր մի մի դեպք է կատարվում, հենց ձեռքը սեղմած ժամանակ: Հովնաթան Մարչը Բալիքյանի առողջության մասին հարցնելուց հետո սկսում է խոսել հին հայրենիքից, բարեգործությունից և վերջացնում է հետևյալ խոսքերով.

Ո՛վ մեծատուն, եթե կուզես անունդ հավերժացնել, որ դարեդար հիշվիս, աճապարե՜, քանի դեռ ողջ ես:

Այդ բառերը զարմանալի հեշտությամբ ազդում են Անդրեաս Բալիքյանի սրտին, և այն վայրկյանին, երբ նա ուզում է բերանը բաց անել երկու խոսք ասելու, Մարչն ավելացնում է.

Մեր հին հայրենիքին մեջ ավան մը շինե ու թող ապրին փղշտացիք ու եթովպացիք

Բալիքյանի ժպիտը բարեհաջող հանգամանք համարելով, Հովնաթան Մարչն աթոռն ավելի է մոտեցրել նրան, սկսել է պատմել այդ տիպի բարեգործության առավել կողմերի մասին: Ծոցից հանելով քառածալ թղթի մի կտոր, Մարչն սկսել է կարդալ, թե այդ նոր ավանը կամ քաղաքը, այդ ապագա Նոր Եթովպիան քանի՜ տուն պիտի ունենա, ամեն մի տուն պետքարան մը վեց մետր խորությամբ, եկեղեցի մը, ուր պիտի հավաքվեն բնակիչները կիրակի օրերը իրենց ընտանիքներով, լսելու հոգևոր հորդորներ և այլն:

Հովնաթան Մարչը հայտնել է, որ Փղշտացոց Բարեսիրաց Մարմնի որոշումն է այդ, և որ իրեն է հանձնարարված դիմելու մեծանուն հայրենակցի հայրենաբաղձ սրտին:

Եվ սիգարի ծուխի մեջ, երբ Բալիքյանի աչքին երազի պես երևացել է մանկությունը, հոր տան կտուրին` աղավնատուն, ցորենի կարմիր արտերը և նման բարեմասնություններ, որոնք երանության ժպիտ են հարուցել նրա չաղ և մաքուր սափրած երեսին, ժպիտն արտացոլել փափուկ մատներին հագցրած մատանիների ադամանդների մեջ, Հովնաթան Մարչը աթոռը համարյա Բալիքյանի բազմոցին միացնելով, շարունակել է այնպիսի մանրամասնություններ ասել, ինչպես օրինակ` վարժապետին ընտրությունը:

Այս և այս կարգի խոսակցությունից հետո ի՞նչ է իջնում Բալիքյանի սրտին, ամենևին հայտնի չէ, որովհետև այդ սիրտը կակղում է, որպես արևի տակ ընկած մեղրամոմ, նա իր համաձայնությունն է տալիս և առաջարկում Հովնաթան Մարչին ճանապարհվել հին հայրենիքը, այնտեղ որոշել Նոր Եթովպիա տեղը, այդ երկրում եղած փղշտացիներին ու եթովպիացիներին հավաքելու, նոր քաղաքում տեղավորելու:

Այստեղ հարկավոր է հիշատակել մի չնչին դեպք: Նոր Եթովպիո մասին խոսելիս` Հովնաթան Մարչը հայտնում է, որ Փ.Բ.Մ. (Փղշտացոց Բարեսիրաց Մարմին) նիստում առաջարկ անողը եղել է այրիացյալ տիկին Մարինե Քրաջյանը: Այս հանգամանքը կարևոր է հիշատակել, քանի որ մինչ այդ Բալիքյանը բազմոցի վրա պառկած էր լսում Մարչին, իսկ այս խոսքերից հետո վեր է կենում, սենյակի գորգապատ հատակի վրա քայլում և մի քիչ խորհում: Հենց այդ րոպեին ներս է մտնում Անդրեաս Բալիքյանի կինը, և Մարչը նկատում է, թե ինչպես գորգավաճառ բարերերի թավ հոնքերը կախվում են: Մի պահ լռություն է տիրում, և կինը ստիպված է լինում հեռանալ, որից հետո Անդրեաս Բալիքյանը նորից է պառկում և հրահանգներ տալիս Հովնաթան Մարչին, թե ինչպե՜ս պիտի մեկնել, ու՜մ պիտի տեսնել այնտեղ, ինչպիսի՜ վայր պիտի ընտրել:

Տեղը հովոտ չպիտի ըլլա... Խոտը շատ ըլլալու է, որ հայրենակիցները կրնան մաքիներ ալ պահել: Կը կարծեմ, թե աղվոր գորգեր կը գործվի հոն, եթե բուրդը աղեկ ըլլա...

Բավական երկար ժամանակ զրուցելուց հետո Հովնաթան Մարչը սեղմում է նրա ձեռքը և սենյակից դուրս թռչում, վազում իր բնակարանը, ուր սպասում էին Մարինե Քրաջյանը, Բարունակ Ճիթեչյանը և մյուսները: Եվ այդ նույն գիշեր, ընկերական փառավոր հավաքույթին, Հովնաթան Մարչը դառնում է հերոս...

Ահա՜, ընթերցող, Անդրեաս Բալաքյանի այդ համաձայնությունից է սկսվում այն երկար ճանապարհորդությունը, որի վախճանը եղավ հուլիսյան մի շոգ օր:

Երբ նույն օրը Հովնաթան Մարչը պառկել էր բաղնիսի քարին, և քիսաչի Հովակի բոբիկ ոտքերը սահում էին նրա մեջքի վրայով, քիսաչու գլխում խորհրդածություններ էին ծնում այն մասին, թե ի՛նչ լավ պահած մարմին ունի մուշտարին, — Հովնաթան Մարչը քթի տակ մռմռում էր հայրենաբաղձ երգերից և գլխին բամբակի քուլաների պես թափվող սապոնի պղպջակների միջից նայում Հովակին, նրա շիլ աչքին, կախ ընկած, բարակ պոչով բեխերին:

Փղշտացի՞ է, — մտածում էր Մարչը նրա մասին: Ինչքա՛ն կուրախանա, եթե հենց այդտեղ, հայտնի իր միտքը, Հովակին տեղավորել կառուցվելիք Նոր Եթովպիայում:

Ուսկի՞ց ես բարեկամ, — հարցրեց Մարչը, երբ Հովակը նրա մազերի մեջն էր խրել իր մատները և լվանում էր փղշտական գլուխը:

Հող ունի՞ս, տուն-տեղ...

Հողն ի՞նչ պիտի անեմ... Էսպես յոլա ենք գնում: Ունեմ, հա, հող ունեմ: Քարոտ տեղ է մեր տեղը: Էստեղ լավ է, օրական հացի փող ենք աշխատում...

Այս վերջին միտքը Հովակը որոշ նկատառումով ասաց, նորեկ մուշտարու առատաձեռնության դռները բանալու հուսով: Եվ երբ դույլով լի սառը ջուր թափեց նրա գլխին, Հովակը չնկատեց, որ իր բառերն արդեն պաղություն էին թափել Մարչի տաք հայրենասիրության վրա:

Ինչպե՞ս: Մարդ հող չունենա՞, չկամենա կապվել հայրենիքի հետ, իր քրտինքը չթափի՞ պապերի կոխած տեղում, չքերի՞ այս չքնաղ երկրի կուրծքը և նրա օդում չհնչեցնի՞ գյուղական հորովել: Ուրեմն փղշտացի չէ քիսաչի Հովակը, և լավ է, որ ինքը նրան չհայտնեց Նոր Եթովպիա մասին:

Երբ հյուրանոցի մահճակալի վրա պառկած, Հովնաթան Մարչը լիաթոք շնչում էր բաց պատուհանից ներս մտնող իրիկվա հովը և հովի հետ էլ փողոցից եկող ձայները լսում, — նա ապրում էր հոգու խաղաղ մի վիճակ, որպիսին մարդ ունենում է, երբ մեջքի վրա պառկած, կտրան վրա, երկնքի աստղերն է դիտում:

Ինչքան հեռու՛ էր այն երկիրը, որտեղից նա ճանապարհվեց: Մարչը մտքով մի անգամ էլ եկած ճանապարհը կտրեց և այդ անելուց հետո ինքն իր աչքում բարձրացավ, դարձավ հերոս: Վերադարձին ինչե՛ր պիտի պատմի և ինչ ճառեր ասի, ճառե՜ր, որ արցունքներ հոսեցնելուց բացի, դոլլարներ պիտի հավաքեն և ճամփու դնեն այս երկիրը` շենացնելու, ցեղին համար օրրան մը կերտելու

Մի անգամ էլ վերհիշեց Բալիքյանին, սիգարի կապույտ ծուխի մեջ, իր ճառը, ճանապարհվելու վերջին օրերը, ընկերական հավաքույթը, որի հերոսն էր, անհայտ մի երկիր ուսումնասիրելու գնացող խիզախ հետախույս: Ապա երգեր, պար, տիկիններ, որոնցից ամեն մեկն այդ գիշեր աշխատում էր ավելի շատ խոսել Մարչի հետ, ժպիտներ տալ, ասես ժպիտները ճամփի պաշարի գաթաներ էին:

Ամենից շատ սիրալիր էր տիկին Մարինեն:

Այստեղ արդեն, ընթերցո՜ղ, Մարչը վերհիշեց այնպիսի դեպքեր, որ կապ չունենալով նրա առաքելության հետ, կազմում են հոգու այն թանկագին անկյունը, որի ամեն մի իրի ինչ լինելը միայն տիրոջն է հայտնի: Այդ վերհիշումի հետևանքն եղավ այն, որ Հովնաթան Մարչը մի կողքին դարձավ, ձեռքերը ծալեց այնպես, ասես ձեռքով գրկել էր մի գլուխ: Բայց ես խոստացա չպատմել այդ մասին, քանի որ այդ գլուխն ամենից թանկ իրն էր նրա հոգու անկյունում:

Երեկոյան նրա մոտ եկավ կարճլիկ մի մարդ, որին փողոցում տեսնելիս շատերը կարծում էին, թե քաղաքի ամենից զբաղված մարդն է, որի վրա է ծանրացած անթիվ հոգս` հիվանդներ բժշկել, երկաթուղիներ անցկացնել, ձիաբուծարան հիմնել և այլն, և այլն:

Բժիշկ Երանոս:

Շատ ուրախ եմ

Եվ բժիշկը հևիհև սկսեց պատմել մի ուրիշ տեղ շտապող մարդու պես արագ-արագ խոսելով, որ ինքը վաղուց է լսել նրա գալուստի մասին, անհանգստանում էր, թե չլինի՞ ճանապարհին մի բան է պատահել:

Լա՞վ եկաք, չնեղացրի՞ն

Օ, ո՛չ, փառավոր: Ես հիացած եմ

Գիտե՞ք, այստեղ շատ բան կտեսնեք

Անշու՜շտ, հարկավ:

Մի քիչ հետո Մարչը բժիշկ Երանոսին պատմում էր Նոր Եթովպիո մասին, թե ի՛նչ սքանչելի քաղաք պիտի լինի, ովքեր պիտի ապրեն և թե մեծաքանակ գումար է հատկացավծ այդ գործի համար: Բժիշկ Երանոսը զմայլանքով էր լսում: Ահա մեծ սենսացիա: Իսկույն հարկավոր է դուրս թռնել, ասել սրան-նրան, լուրը տարածել: Եվ բժիշկը թոթվեց Մարչի ձեռքը, խոստացավ հաճախ տեսնվել, ուրիշներին էլ բերել:

Շատ պատվական և ազնիվ մարդիկ կան, — ասաց բժիշկը և դուրս գնաց, — ո՜չ, գլորվեց որպես ֆուտբոլի գնդակ, որ հարվածից դիպչում է մերթ այս քարին, մերթ այն պատին, նորից հետ դառնում ու նորից դիպչում:

Իսկ Հովնաթան Մարչը գոհ առաջին ծանոթությունից մեկնվեց մահճակալի վրա, առաջին հանդիպումը խմբագրելով այսպես.

Հոս ալ պատվական ազգայիններ կան

Այդ գիշեր մի սոսկալի արշավանք սկսվեց Հովնաթան Մարչի դեմ: Ճամփից հոգնել էր, քիսաչի Հովակի բոբիկ ոտքերն էլ մաժել էին նրա երակները: Եվ քունը չուշացավ ոչ միայն նրա կոպերն իջեցնելու, այլև մարմնի մասերը այս ու այն կողմ ազատ ու հանգիստ փռելու:

Հուլիսյան յադ կեսգիշերին, երբ թվում էր, թե բացել են անթիվ անհամար կրի և գաջի գործարանների դռներ ու թեժ վառարաններից տաք օդ են մղում քաղաքի փողոցները, երբ միլիցիոները մինչև ծնկերը վեր քաշած ոտներն առվի ջրի մեջ էր կոխել և ննջում էր, հրացանի կոթից բռնած, երբ շոգից անքուն, ինչ-որ մարդիկ լուսնոտների պես թափառում էին փողոցներում և մի զով տեղ փնտրում նստելու և նստած ննջելու, երբ բաց պատուհանի առաջ քնած ամուսնական զույգը թարմ օդ շնչելու համար գլուխն էր կախել մայթի վրա, խռռացնում էր և շնչում, — տոթ այդ գիշերին Հովնաթան Մարչը կոշիկի երկաթ կրունկով, հին հայրենիքում, հյուրանոցի պաստառների վրա ջարդում էր մլակներին, որոնց անթիվ շարքերը, քաղցած ոհմակի պես, մութից օգտվելով գրոհ էին տվել մահճակալի վրա մուշ-մուշ քնած մաքուր մարմնի բարակ մաշկը ծակելու և ծծելու Հովնաթան Մարչի փղշտական արյունը:

Ամեն անգամ, երբ երկաթ կրունկի տակ ճլփոցով դիտապաստ էր լինում մլակը, գարշահոտ տարածում, Հովնաթան Մարչը ժպտում էր, բարիք կատարող մարդու պես:

Ահա, կերար, — ու մի հարված էլ:

Այսպես էլ հոթե՛լ: — Ու մի զարկ էլ, և գարշահոտ, արյունոտ պաստառ:

Մերթընդմերթ ոտքերն էր բարձրացնում, ձեռքով խփում մարմնի զանազան մասերին, որովհետև այն ժամանակ, երբ Մարչն աչքերը ման էր ածում պաստառի վրա կամ վերմակն էր աջ ու ձախ դարձնում և հարվածում, մի ուրիշը ոտքն ի վեր բարձրանում էր և ուզած տեղը ծակում, ծծում, մինչև նրա ձեռքը հասներ:

Այդ աշխատանքը սկզբում դուրեկան թվաց: Ահա որսորդը, որ եղեգնուտում կրակում է անընդհատ, և ամեն մի կրակոցից վայրի մի խոզ թավալգլոր է լինում: Հետո քունը հաղթեց, գլուխը ծանրացավ... Իսկ մլակները հա գալիս էին: Եվ այդ պահին նրա բեզարած գլխում ծնվեցին մտքեր, որ դառնահամ էին, մասամբ հուսահատ, մասամբ զղջումի շեշտով:

Ինչու՞ եկար այս երկիրը... Կար փափուկ անկողին, մաքուր սենյակ և ուրիշ պարագաներ: Կար և գլխի մեջ մի կակուղ զանգված, սրտի մեջ կարոտ դեպի հեռու երկիրը: Եվ այդ ամենը որպես կապույտ մշուշ, անհաս, ինչպես ամպն Արարատի գլխին, որպես առասպել, Նոյյան տապանի պատմություն: Իսկ այժմ... Կեղտոտ պաստառներ, մլակներ, տոթ, անքուն գիշեր...

Հովնաթան Մարչի անչքն ընկավ պատից կախած հյուրանոցի կանոններին: Մայրենի լեզվով էր գրած, Մեսրոպ Մաշտոցի հնարած տառերով: Այդ կանոններին ի տես նրա սիրտը թունդ առավ, և երբ ձեռքը մոտեցրեց, տախտակը բարձրացրեց, մլակների մի հոծ բազմություն, խրտնած ոչխարի հոտի պես, շաղ եկավ:

Ինչու՞ եկար այս երկիրը...

Նրա սրտին հովություն չտվավ և գրաֆինի պաղ ջուրը, հայրենիքի ջուրը, որի մասին հավաքույթի այն գիշերը ոսկեգույն խոպոպներով տիկինը այնքան չքնաղ ժպիտով, բարակ շրթունքներն իրարից բաժանելով, ասել էր.

Պարո՜ն Մարչ, ինծի կը հիշեք, երբ առաջին անգամ հայրենիքի ջուրը խմեք...

Եթե մինչև արևի բարձրանալը լուսաբացի զովությունը չլիներ, Հովնաթան Մարչի դեմքին մյուս օրը նայողը պիտի կարծեր, թե նա ուրիշ ծանր հոգսերի հետ ունի և ստամոքսի խանգարում, կերածը չի մարսում:

2

Տղա՜, ինչու՞ կարգապահ եղար և Հովնաթան Մարչին իսկույն ներս չթողիր, երբ նա դանդաղ քայլերով և ամենայն վեհությամբ մոտեցավ այն դռան, որի վրա գրված էր Պետի առանձնասենյակ, և որի կողքին կանգնել էիր, ձեռքդ դռան պղնձե կոթից բռնած: Եվ թութակի նման կրկնեցիր.

Առանց զեկուցման չի կարելի, ընկե՜ր:

Հովնաթան Մարչը ցնցվեց, մի քիչ հետ քաշվեց և երբ այցետոմսը մեկնեց, դու գիրկապ անելով կարդացիր.

Փղշտացոց Բարեսիրաց Մարմնի լիազոր, — նորից ուսերդ թոթվեցիր, կրկնելով նույն անիմաստ բառերը հերթի մասին:

Նախասենյակում խռնվել էին գյուղացիք: Ոմանք չոքել էին գետնին, զրուցում էին իրար հետ, ոմանք էլ մուտքից քիչ հեռու կանգնած հերթի էին սպասում: Հայ, թուրք, եզդի ու բոլոր բարբառները, բոլոր գավառների բույրը, տեսակ-տեսակ շորեր և շորերից տարբեր հոտ` գոմի, հողի, աղբի, քրտինքի: Հարկավո՞ր էր, որ Հովնաթան Մարչը նախասենյակում շնչի այդ ծանր հոտը և հաճախ մետաքսե թաշկինակով սրբի ճակատի քրտինքը, որի ամեն մի կաթիլը գլորվում էր փղշտական մի քաղաք հիմնելու ցամաք ու աղքատ Արմենիայում:

Երբ Հովնաթան Մարչը պատուհանի առաջ կանգնած փողոցի անցուդարձին էր նայում և պատին սեղմվում, հենց որ նախասենյակում սպասողներից մեկնումեկը անցնում էր կողքով ու քիչ էր մնում ոտքը կոխեր, — նրա դեմքին երևում էր այնպիսի մի արտահայտություն , որի մասին դեռ դարեր առաջ այսպես էր գրած Հովհաննու ավետարանում.

Յուրսն եկն և յուրքն զնա ոչ ընկալան...

Խնդրե՜մ, ընկեր, — ասաց տղան և դուռը լայն բաց արեց:

Հովնաթան Մարչը կայծակի արագությամբ մտքերը ժողովեց, դասավորեց որպես խաղաթուղթ և դռնից ներս մտնելիս պատրաստվեց կրկնելու այն, ինչ եղավ Անդրեաս Բալիքյանի սենյակում, երբ պետը հեռախոսի խողովակն ականջին մոտեցնելով, աջ ձեռքով Հովնաթան Մարչին առաջարկեց նստել ազատ աթոռին:

Մոտ հինգ րոպե, մի ուրիշը, որ չէր սպասել նախասենյակում, հեռախոսով այնպիսի մի նյութի մասին խոսեց, որ պետական խոշոր գաղտնիք թվաց Հովնաթան Մարչին: Որովհետև երեխան էլ կհասկանա, թե ի՜նչ է նշանակում.

Ասում ես սահմանի մո՞տ են..

Այո՜, միջոցներ ունենք: Կարող ենք մի խումբ ուղարկել...

Եղեգնուտները կխանգարեն: Թող վառեն: Բոլոր միջոցները կտանք:

Այո՜, այո՜:

Ութ հազարի չափ: Իհարկե, վտանգը մեծ է: Գյուղերից սայլեր կհավքենք: Եթե կարիք լինի, կարող ենք բնակիչներին դուրս հանել

Լա՜վ, լավ: Հենց այս գիշեր մերոնք դուրս կգան

Դուք կարծում եք, թե այս ամբողջ խոսակցության ժամանակ Հովնաթան Մարչը եգիպտական մումիայի քարացած դե՞մք ուներ և չէ՞ր հուզվում, աթոռի վրա տեղը չէ՞ր շտկում, թուքը սովորականի պե՞ս էր կուլ տալիս:

Քա՜վ և մի՜ լիցի: Այն ժամանակ, երբ հեռախոսի խողովակը լսեց սահմանի մոտ են բառերը, Հովնաթան Մարչը մեջքը ձգեց ճիշտ այնպես, ինչպես զինվորներն են անում, երբ զենք ու զրահի մեջ կորած, մարզադաշտում անցնում են հրամանատարի կողքով: Ինչպես ասում են, Հովնաթան Մարչի լեղին ճաքեց, երբ ամենայն անտարբերությամբ պետը մի ուրիշ աներևույթ մարդու հայտարարեց, որ մերոնք գիշերս դուրս կգան

Զորաժողո՞վ, սայլերի բռնագրավու՞մ, ի զե՜ն, ի սու՜ր, հայրենիքը վտանգվա՞ծ էԵվ այդ` հուլիսյան շոգ օրի՜ն, երբ օդում ամեն ինչի հոտ կար, բացի վառոդի: Այո՜, այո՜, անպարտելի են Արմենիո տերերը, եթե նրանք պատերազմի հրամանն արձակում են այդքան անտարբեր, նույնիսկ քնատ աչքերով:

Այս ամենը կատարվեց հինգ րոպեում: Վեցերորդ րոպեին պետը աչքերը դարձրեց Հովնաթան Մարչի հարթուկած զգեստին, մաքուր ածիլած երեսին և այդ երեսի քնքուշ, բարակ մորթուն:

Ինչու՞մն է բանը, — հարցրեց նա, և այդ պետը աչքերն էր տրորում, Հովնաթան Մարչը մի քիչ մոտեցավ նրա սեղանին ու շարեց բավական սահուն մտքեր:

Հեռուներեն եկած եմ: Կփափագիմ քաղաք մը հիմնել, աշխարհիս մեջ ցանուցիր եղած փղշտացիներով բնակեցնելու: Հոս տեղ ալ կը փնտրեմ փղշտացիներ, եթովպացիներ: Անոնք հայրենակիցներ են

Լա՜վ, բարի

Հարկավ, առանց Ձերին բարյացակամության այս գործը գլուխ չի գար: Հուսով եմ, որ Դուք ալ տոգորված սիրով դեպի այս երկիրը, մեզի հողամաս մը կը տրամադրեքՆոր Եթովպիո

Լա՜վ, լավ... – Եվ այդ լավերը զուգորդում էին կակուղ հորանջոցներին:

Այո՜, այսպես: Մեր ուզած տեղը երկրի սրտին մեջն ըլլալու է: Նախընտրելի է ազգային վայր մը, պատմական և այլն: Մեր հայրենակիցները գորգագործությամբ պիտի պարապին: Գիտեք, որ աշխարհիս մեջ մերայինք մեկ հատիկ են, մրցակից չունին: Հռչակավոր հնդահաններ են, աֆիոն, ծխախոտ և նման անվանի գործեր ունին ամենքն ալ, դրամ շահելու կողմանե: Ինքը Բալիքյանն ալ այդպես պզտիկ գործ մը նախընտրեց, ետքը դարձավ մեծանուն ազգասեր: Հիմա անոր կողմեն է, որ կը բանակցիմ, նաև Փղշտացոց Բա...

Լա՛վ: Քանի դեսյատին հող է պետք, ջրովի՞, թե` անջրդի:

Մեզի առաջին հեղ սանկ հինգ հարյուր հեկտար կը բավե: Վերջը, երբ մեծնանք, ամեն կողմերե հոս հավաքվին փղշտացիք, եթովպացիք, հոս ծաղկյալ դրախտ մը պիտի շինվի: Ամենքն ալ այդ փափագով կը տառապին, հայրենիքի հողին վրա մեռ...

Դուք հիմա՞ եք հող ուզում, — ասաց պետը պահարանից քարտեզը հանելով: Տղան դուռը կիսաբաց էր անում, աչքի տակով նայում: Այդ ընդունված պայմանական նշանն էր այն մասին, թե նախասենյակը հուզվում է:

Ահա ձեզ ազատ հող: Արաքս կայարանի մոտ: Ղամշլուի շրջան և Արազդայան: Այս երեք տեղից բացի ազատ հող չունենք:

Հովնաթան Մարչը նայեց քարտեզին: Սա է Արմենիան, տեղ-տեղ կանաչ օազիսներ, այգեշատ ավաններ, ապա ցամաք տափարակ, դեմի ապառաժներ և լեռներ` անտառներով և առանց անտառի:

ԱրաքսԴաշնամուրի մի ակորդ կարող է ձեզ հիշեցնել անցյալի մի պատմություն: Դուք կարող եք փափկանալ, ինչպես կրակին մոտեցրած մոմ, գուցե և հալվել, այսինքն արտասվել, և այդ ամենը դաշնամուրի մի ակորդ լսելուց հետո: ԱրաքսՀովնաթան Մարչ, քայլամոլոր գնում եմ և ապա հին հին դարեր, ինծի կհիշեք, պարոն Հովնաթան, գանգուր խոպոպներով բարեգործական մի տիկին, որի համար այս հեռավոր երկիրը, Փոքր Ասիայի խորքում ընկած Արմենիան, դուրեկան միրաժ է, մանուկ օրերի երազ:

Պետը քարտեզը կոլոլեց, և երբ Մարչի աչքերից ծածկվեց քաթանի վրա գծած վերջին հորիզոնական գիծը, հայրենասիրական սեանսը վերջացավ: Մնաց մինչև փողոց հասնելը մի քիչ էլ ապրելու նկարի գեղեցկությամբ, որովհետև փողոցի ժխորը պիտի հօդս ցնդեցներ այդ միրաժը:

Գեղեցիկ: Ես կերթամ, կպտտիմ այդ կողմերը, — ասաց Մարչը, ընդունելով պետի մեկնած ձեռքը, — վտանգավոր չե՞ն, Ձեզմե մանդատ առնելու հարկ չկա՞,- հարցրեց նա: Հասկանալի է, որ նա վերհիշեց մերոնք այս գիշեր դուրս կգան

Ոչ մի թուղթ: Նշանակեցե՜ք անունները, տեղում ծանոթացեք, մենք համաձայն ենք: Կհատկացնենք հինգ հարյուր հեկտար:

Եվ երբ Հովնաթան Մարչը մոտեցել էր այն շեմքին, որից նախասենյակ մտնել հնարավոր է և առանց զեկուցման, — հանկարծ ետ դարձավ:

Ինծի մեծ պատիվ ըրած պիտի ըլլաք, եթե հուշատետրիս մեջ Ձեր անունը ստորագրեք: Հավետ անմոռաց հիշատակ մը մեր առաջին հանդիպումի:

Պետի ժպիտը հայերենով գրելու համար հարկավոր է գտնել այնպիսի մի բառ, որ նշանակի և՜ զարմանք, և՜ ծիծաղ, և՜ արհամահրանք: Բայց և այնպես ստորագրեց: Սանդուղքներից իջնելիս Հովնաթան Մարչը այդ հուշատետրի այդ սպիտակ թերթը տանում էր որպես մասունք:

Հեռախոսի զանգը այնպես զիլ քրքջաց, երբ Մարչը փակեց դուռը:

Այդ օրը N 27 փոստարկղն ընդունեց զարմանալի մի նամակ:

«Սիրելի՜ հայրենակիցներ. կպտտին դժնդակ լուրեր: Սահմանի մոտ ինչ-որ եռուզեռ կա: Այս գիշեր ութ հազարնոց բանակ մը պիտի անցնի Արաքսը: Չեմ կրնար երկար գրել, ձեռքս կդողա: Ո՞րն է այս երկրին ներքին իմաստը, հողին ույժը: Ով ալ տիրելու ըլլա չքնաղ Արմենիո, կռնակը Արարատին պիտի կրթնեցնե: Տեղեկությունները ստույգ են, բայց գաղտնի կպահվի: Ի՞նչ պետք կա ավելորդ թմբկահարության: Ա՛հ, կսիրեմ, կսիրեմ այս վերին գաղտնիքը: Գործս հաջող կերթա: Վաղը Նոր Եթովպիո տեղը տեսնելու պիտի երթամ: Ինծի կըսեն, թե այդ հողին վրա արքայական դամբարաններ կան: Օ՛, ցնծա, երկիր մայրենի: Փղշտացի դեռ չեմ տեսած, լուր ունիմ,որ Ալագյազի կողմերը քանի մը եթովպացի կա: Առայժմ այսչափ: Հոս տաք է, սակայն կառավարության դիրքը անսասան կերևա…»

Եթե ստորագրությունը ցույց տային Բուենոս Այրեսում ապրող խոպոպիկներով տիկնոջ, անպատճառ ուրախությունից ձեռքերն իրար պիտի զարկեր և կանչեր.

Հովնաթա՛ն Մարչ

Հենց այդ նույն օրը, երբ հովը մի քիչ կոտրեց ցերեկվա շոգը, ութ հոգի, նավթի բիդոններով, եղեգնյա երկար ցողերով, դեղորայքի արկղներով քաղաքից մեկնեցին սահմանամերձ մի վայր, որի եղեգնուտների մեջ մորեխ էր երևացել և սպառնում էր հարևան գյուղերի ութ հազար դեսյատին արտերին ու բամբակին

3

Ավտոմոբիլը սլանում էր առավել արագությամբ: Շոֆերի աչքը սլաքին էր և ժապավենին, որ դառնում էր և ցույց տալիս` 75-80-75: Թվում էր, թե մեքենան անիվներ չունի, սլանում է ոչ թե խճուղով, այլ եթերում է ճախրում: Այո՜, այդպես թվում էր, և տեսնողը գուցե կարծեր, թե ավտոմոբիլն արագ քշելով կարելի է դարձնել տերոպլան կամ վերհիշեր Եղիա մարգարեի քառաձի կառքի առասպելը, եթե մեքենան փոշու ամպ չբարձրացներ և այդ ամպը չնստեր խճուղով անցուդարձ անող սայլերի, սելվորների և գոմեշների վրա:

Զորությունը մեքենայի մեջ չէր, այլ այն մարդու հոգում, որ կաշվի բարձի վրա նստած, աչքերը տափարակի անհունության մեջ սուզած, մտքով հեռուն էր թռչում, տասնյակ դարեր հետ և պատմության փոշեպատ խորքերից հանում դեմքեր, որոնց ստույգ լինելու մասին միայն ծերունի մատենագիրն է վկայել:

Մեքենայի թափը արագ բռնկվող բենզինից չէր, այլ Հովնաթան Մարչի հրդեհվող հայրենասիրությունից: Սլանում էր մեքենան, քամուց ֆռֆռում էր նրա լայն վերնազգեստը: Կարծես մարդ չէր նստած, այլ թևավոր ոգի, որ հուլիսյան շոգին հայտնվել էր անամպ երկնքի խորքից, փոշի բարձրացրել ու անհետանալու էր փոշու ամպի մեջ:

Ինչ յաման կքշա՛ անիրավըՏեսնես ո՞վ ա

Ամերիկացու կնմաներ:

Այսպես էին խոսում սելվորները, փոշու ամպի մեջ փորձելով որոշել, թե ու՞ր կորավ մեքենան:

Ուրիշ էլ ինչ կարող էին խոսել մարդիկ, որոնց ուղեղը արևի տակ կակղել էր, և որոնց լեզուն ցեխախառն թուքի մեջ դառնում էր այնքան ծուլորեն, որքան գոմեշը տիղմի մեջ: Հարկ չկա վիրավորելու Հովնաթան Մարչի պայծառ հիշատակը (ընթերցողը հետո կտեսնի, որ հիրավի, խոսքը միայն հիշատակի մասին կարող է լինել) և գրել, որ գյուղացիներից մեկը, որի գոմեշները խրտնեցին և սայլը թեքեցին այնպես, ինչպես նավն է թեքվում ճեղքվածք ստանալիս, որ գյուղացիներից մեկը ծա՛նր, շատ ծանր հիշոցք շպրտեց, ուղղված և՜ Մարչին, և՜ նրաՕ՛, ոսկեգանգուր խոպոպիկներով տիկին, եթե Բուենոս Այրեսում դու լսեիր

Հովնաթան Մարչը գնում էր Նոր Եթովպիո տեղը որոշելու, տեսնելու այն տափարակը, քարոտ և անջուր երկիրը, որի մասին բանաստեղծները երգել են որպես չքնաղ դրախտավայր, և ուր Փղշտացոց Բարեսիրաց Մարմնի մոգական ուժով պիտի հարություն առնի մեծ մեռած քաղաք, մի Նոր Եթովպիա, ո՜չ, ահագին մի աշխարհ:

Արարատյան դաշտը ամենևին չքնաղ գեղեցկուհի չէր հուլիսյան այդ շոգ օրին, թեկուզ այդպես էր երևում Հովնաթան Մարչին` ակնոցների հաստ ապակու ետևից: Այդ մի պառավ կին էր, ստինքները` չորացած տրեխներ, որի ճաքճքած պռոշները միայն ջուր էին ուզում, խոստանալով այդ դեպքում միայն երևան հանել իր խորքում թաղված ուժը:

Հովնաթան Մարչը ուշք չէր դարձում մեքենայի ցնցումներին: Նա չէր ջոկում բամբակի դաշտերը ցորենի դեղնած արտերից, մեքենան գյուղերի միջով սլանալիս` նրան այնպես էր թվում, թե հասարակ հողաբլուրներ են և ոչ բնակավայր, հնուց մնացած թմբեր, որոնց տակ, հասկանու՞մ եք, թաղված է այս երկրի արքայական անցյալը, երբ իշխանները Արարատյան շամբուտներում որսի էին դուրս գալիս, վարազներին նիզակահար անում և Արաքսի կղզիների վրա սարքում խրախճանք:

Քշի՜ր, շոֆեր, քշի՜րԻնչքան էլ արագ սլանաս, պասաժիրիդ մտքի թափին չպիտի հասնես, թեկուզ գյուղերն էլ տրորես անիվների տակ: Քշի՜ր, և թող իրականը Հովնաթան Մարչի աչքին մի պահ չերևա, թող Արմենիան դառնա ամպերից կախ ընկած դրախտ, որի բնիկները զտարյուն են, Թորգոմյան ցեղի անաղարտ հոգով, կատարյալ և իսկատիպ փղշտացի, եթովպացի և ոչ մոլլա-բայազետցի միջակ կամ աղքատ:

Հեղափոխությու՞ն, սոցիալի՞զմ... Քշի՜ր, շոֆեր: Հովնաթան Մարչը այդ համարում է անցողիկ երևույթ, նու՜, որպես պատմության մի գրիպ, մարմնի ժամանակավոր խանգարում, որից հետո մոխիրների տակից պիտի հարություն առնեն բոլոր մեռած քաղաքները, քանի երկրագնդի անկյուններում Հովնաթան Մարչի պես մարդիկ Արմենիա ասելիս աչքերից արցունքներ են գլորում և գրկում այդ գաղափարը, որպես թունդ հարբեցողը վերջին շիշ օղին:

Մեքենան կանգնեց: Շոֆերը քրտինքը սրբելով հետ նայեց ու մի պահ զարմացավ: Հովնաթան Մարչը քնել էր փափուկ բարձերի վրա և բնազդաբար շարունակում էր օրորալ, որպես օվկիանոսի շոգենավ` մարմանդ կոհակների վրա: Միայն մարմինը չէր օրորվում, մտքերը ճոճանակի պես տարուբեր էին լինում, թեկուզ միտքն էլ աշխատում էր որպես խանգարված ժամացույց:

Շչակը ոռնաց: Հովնաթան Մարչը ցնցվեց, աչքերը տրորեց: Ա՛խ, եթե շամբուտներ լինեին, և իշխանական վարազը մռնչար շչակի պես: Շուրջն ամայի տափարակ էր, տեղ-տեղ քարակույտեր:

Ահա ինքը` փղշտացոց լիազորը ոտք է կոխում ապագա քաղաքի սահմանը և քայլում է որպես հաղթանակից վերադարձող զորավար: Ու՞ր են կամարները, ինչու՞ շեփորները չեն ավետում քնած քաղաքին այն մասին, թե

Շոֆերը մեքենայի գլուխը հետ դարձրեց, և որովհետև Հովնաթան Մարչի պատվերը կար մի հով տեղ սպասելու, քշեց դեպի դեմը երևացող ծառաստանը: Հովնաթան Մարչը նայեց հեռացող մեքենային, ապա երեսը դարձրեց տափարակի կողմը:

Следующая страница
Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 Следующая Конец