Նար-Դոս՝   Ազատամտության դրոշակակիրը

Страницы: Начало Предыдущая 1 Следующая Конец

ԱԶԱՏԱՄՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԱԿԱԿԻՐ

Կոմեդիա 4 արարվածով

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՍԱՐԳԻՍ ԹԱԹՈՒԼՅԱՆ, հարուստ, վաճառական:

ՄԱՐԻԱՄ, նրա կինը:

ՍԵԴՐԱԿ ՄԱՐՈԻՇՅԱՆ, Նրանց հեռու-մոտիկ բարեկամի որդին:

ՄԻՆԱՍ, վաճառական:

ԱՆՈՒՇ, Թաթուլյանների տնային վարժուհին:

ԳՐԻԳՈՐ ԱԶԱՏՅԱՆ, դպրոցի հոգաբարձու, հրապարակախոս և այլն:

ԵՂԻՍԱԲԵԹ, նրա կինը (քաղաքական ամուսնությամբ):

ԲԱՐՍԵՂ ՄԱՍԽԱՐՅԱՆ, Ազատյանի ընկեր-բարեկամը:

ԾԱՌԱ, Թաթուլյանի տանը:

ԾԱՌԱ, Ազատյանի տանը:

ԱՆՆԱ ՍԻՍԱԿՅԱՆ, ուսումն ավարտած երիտասարդ մանկաբարձուհի:

(ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ)

ՏԵՍԻԼ Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, է, Ը, Թ, ժ, ԺԱ, ԺԲ, ԺԳ (Բեմը ներկայացնում է Թաթուլյանների ընդունարանը:

ՏԵՍԻԼ ԺԴ

Թաթուլյան, Մարիամ, Ազատյան

ԹԱԹՈՒԼՅԱՆ. Ասացեք, ինչո՞վ կարող եմ ձեզ օգտակար լինել:

ԱԶԱՏՅԱՆ. Չէի՞ք կարող արդյոք մի ամիս ժամանակով միայն ինձ մի հազար ռուբլի փող տալ... կրկնում եմ, ինձ անչափ կպարտավորեցնեիք... մի ամիս ժամանակով միայն, ամիսը լրանալուն պես դուք կստանաք ձեր հազար ռուբլին... իհարկե, յուր տոկոսով:

ԹԱԹՈԻԼՅԱՆ. Չէ, ի՞նչ հարկավոր է տոկոս... զարմանալի է... ամոթ չի՞ լինիլ ինձ համար, եթե ես ձեզանից տոկոս առնեի... Հազար ռուբլին կարող եք ստանալ... իսկույն: (Դուրս է գնում աջ դռնից):

ՏԵՍԻԼ ԺԵ.

Մարիամ, Ազատյան

ՄԱՐԻԱՄ (Շտապով վեր է կենում, մոտենում է Ազատյանյին և ցածր). — Ինչի՞ համար ես ուզում հազար ռուբլին, Գրիգոր:

ԱԶԱՏՅԱՆ. Հարկավոր է...

ՄԱՐԻԱՄ. Էլի:

ԱԶԱՏՅԱՆ. Ուրիշ ժամանակ կասեմ, ուրիշ ժամանակ... Բայց ի՞նչ գեղեցիկ պենսնե ես գնել:

ՄԱՐԻԱՄ. Լա՞վն է... սա՞զում է:

ԱԶԱՏՅԱՆ. Կատարելապեսկարծես եվրոպական համալսարաններում ավարտած դիպլոմատ լինես:

ՄԱՐԻԱՄ. Մի՞թե... Ախ, ինչ լավ է... (Մոտենում է հայելուն և նայում է): Եվ այդպես էլ կկարծեն, չէ՞, տեսնողները:

ԱԶԱՏՅԱՆ. Անկասկած:

ՄԱՐԻԱՄ. Բայց... այս ի՞նչ է մազերս... Դիպլոմատ կանանց մազերը կարճ են լինում, իսկ ի՞մն

ԱԶԱՏՅԱՆ. Քոնն ի՞նչ է որ:

ՄԱՐԻԱՄ. Երկար է... ինչ. պենսնես ով որ նայի, կասի՝ թե սա դիպլոմատ կին է, մազերն ինչո՞ւ է երկար, թե որ դիպլոմատ կին չէ, պենսնե ինչո՞ւ է դրել…. Ոչ, չեմ ուզում, մազերս պետք է կտրեմ... ամոթից ես այսպես դուրս գնալ չեմ կարող... Հը՞, չէ՞, Գրիգոր... մազերս պետք է կտրեմ, չէ՛...

ԱԶԱՏՅԱՆ. — Սս՛ս, Մարիա... ամուսինդ... այստեղ, ախր, այդպես չի կարելի անել...

ՄԱՐԻԱՄ. Միևնույն է ինձ համար... (Հանկարծ փաթաթվում է նրա վզովը, շտապով համբուրում է և թողնում է նրան, նստում յուր առաջվա տեղը):

ԱԶԱՏՅԱՆ. Մա՛րիա... գոնե այժմ այդպես մի անիր է...

ՄԱՐԻԱՄ.Միևնույն է ինձ համար, հասկանո՞ւմ ես դու ինձ... Ես նրանից չեմ վախենում, երբ որ քեզ սիրում եմ

ԱԶԱՏՅԱՆ. Մա՛րիա, Մա՛րիա...

ՄԱՐԻԱՄ.Ուզո՞ւմ ես, իսկույն ևեթ թողնեմ նրան, այս տունը, և գամ քեզ հետ... մանավանդ, որ օր օրի վրա ինձ անտանելի է թվում այս խավար մթնոլորտը... ինձ շրջապատող տգետ, վայրենի հասարակությունը և առավելապես այս իմ խավարամիտ, բռնակալ ամուսինը...

ԱԶԱՏՅԱՆ. Մա՛րիա, ես գնում եմ...

ՄԱՐԻԱՄ. Ո՞ւր.

ԱԶԱՏՅԱՆ. Ո՞ւր... ախր դու ինձ այստեղ կխայտառակես...

ՄԱՐԻԱՄ. Լավ, կա՛ց, կա՛ց... էլ ոչինչ չեմ ասիլ... ահա խելոք նստում եմ և բերանս փակում եմ...

ԱԶԱՏՅԱՆ. Այդպես ի՞նչպես կարելի է... մի փոքր էլ հեռատեսություն պետք է ունենաս... քանի անգամ քեզ ասել եմ, որ այստեղ քո տանը, հենց թեկուզ ինձ հետ մենակ եղած ժամանակ, այդպիսի բաների մասին մի խոսք անգամ մի արտասանիր և վարվիր ինձ հետ այնպես... (Հանկարծ լսելով Թաթուլյանի ոտների ձայնը, շարունակում է բարձրաձայն): Այո՛, տիկին, դուք շատ ճիշտ եք ասում: Ես ևս համաձայն եմ ձեզ հետ... բայց ինչ արած դարուս պահանջն է, ուրիշ կերպ գործել անկարելի է...

ՏԵՍԻԼ ԺԶ

Թաթուլան, Մարիամ, Ազատյան

ԹԱԹՈԻԼՅԱՆ (Մտնում է). պ. Ազատյան, ահա ընդունեցեք հազար ռուբլին:

ԱԶԱՏՅԱՆ. Անչափ շնորհակալ եմ, պ. Սարգիսանչափ պարտավորեցնում եք ինձբայց, իհարկե, պետք է ապահովագիր տամ ձեզ...

ԹԱԹՈԻԼՅԱՆ. Ի՞նչ հարկավոր է. ամաչեցնե՞լ եք ուզում ինձ, ի՞նչ է...

ԱԶԱՏՅԱՆ. Չէ՛, ինչո՞ւ, պ. Սարգիսավելի լ՞ավ չէ՞, եթե ապահովագիրը ձեռքներիդ ունենաք:

ԹԱԹՈԻԼՅԱՆ. Ոչ, լավ չէ... մեզ համար լավ չէ... ես կատարելապես հավատում եմ ձեր ազնվությանը, (Նստում է գահավորակի վրա):

ԱԶԱՏՅԱՆ. (Ամուր սեղմելով նրա ձեռքը), — Որքան շնորհակալ եմ ես ձեզանից ձեր այդ հավատի համար... ընդունեցեք խորին հարգանքև առ այժմ ցտեսություն

ԹԱԹՈԻԼՅԱՆ. Ցտեսություն:

ԱԶԱՏՅԱՆ. Ցտեսություն, տիկին... խնդրում եմ ներեցեք ինձ ձեզ անհանգստացնելու համար... (Մարուշյանը մտնում է):

ՏԵՍԻԼ Ժէ.

Մարուշյան, Թաթուլյան, Մարիամ, Ազատյան

ԹԱԹՈԻԼՅԱՆ.Խնդրում եմ ծանոթացեք, (Ազատյային): Մարուշյան, բարեկամիս որդին է համալսարանն այս տարի է ավարտել: (Մարուշյանին): Ազատյան:

ԱԶԱՏՅԱՆ. (Սեղմելով նրա ձեռքը): — Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ.. բայց կարելի՞ է իմանալ որտեղ եք ավարտել:

ՄԱՐՈԻՇՅԱՆ. (Մարիամին բարևելուց հետո). Ես ավարտել եմ Գերմանիա:

ԱԶԱՏՅԱՆ. Ես ևս այնտեղ եմ ավարտել, բայց այդ օրից անցել է ամբողջ յոթն տարի, և այդ յոթն տարվա ընթացքում, իհարկե, շատ ջուր կլինի անցած, ինչպես ռուսն է ասում: Բայց այստեղ ի՞նչ եք մտադիր անելու:

ՄԱՐՈԻՇՅԱՆ. Մտադիր եմ ուսուցչությամբ պարապել:

ԱԶԱՏՅԱՆ. Տեղ ունե՞ք արդեն:

ՄԱՐՈԻՇՅԱՆ. Ոչ. դեռ նոր եմ որոնում:

ԱԶԱՏՅԱՆ. Երբ որ այդպես է, ես ձեզ կարող եմ ընդունել տալ մեր ուսումնարանում: Դուք գիտեք, որ ես հոգաբարձու եմ...

ՄԱՐՈԻՇՅԱՆ. Այո, լսել եմ:

ԱԶԱՏՅԱՆ. Հա, այդպես, այս քանի օրերս մեր ուսուցիչներից մեկը թողեց պաշտոնը հիվանդության պատճառով և նրա տեղ ես անպատճառ ձեզ ընդունել կտամ, չնայելով, որ մի քանի խնդիրներ արդեն տված են ուրիշները... Ներեցեք, խնդրեմ, ես այժմ շտապում եմ, չեմ կարող երկար խոսել... Եթե վաղը կբարեհաճեիք գալ ինձ մոտ, իմ տուն, մենք այնտեղ երկար կխոսեինք թե ձեր պարապելիք առարկաները և թե պայմանների մասին:

ՄԱՐՈԻՇՅԱՆ. Ինչո՞ւ չէ, ես վաղը մեծ ուրախությամբ կգայի ձեզ մոտ... բայց ներեցեք, չգիտեմ դուք ո՞րտեղ եք բնակում:

ԱԶԱՏՅԱՆ. Հասցեն... ահա ձեզ իմ այցետոմսը...կամ թե չէ, կարող եք գնալ մեր խմբագրատուն: Ուրեմն՝ մինչև վաղը, ցտեսություն:

ՄԱՐՈԻՇՅԱՆ. Ցտեսություն:

(Ազատյանը դուրս է գնում):

ՏԵՍԻԼ ԺԸ.

Մարուշյան, Թաթուլյան, Մարիամ

ՄԱՐՈԻՇՅԱՆ. Այս ի՞նչ ազնիվ մարդ է...

ՄԱՐԻԱՄ. (Շտապով դուրս գալով Ազատյանի ետևից): Առանձին): Բաս ի՞նչ էիք կարծում...

Վարագույրն իջնում է:

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Բեմը ներկայացնում է գրադարան Ազատյանի տանը: Երեք դուռ:

ՏԵՍԻԼ Ա.

Ազատյան, Եղիսաբեթ

Ազատյանը խալաթով նստած է գրասեղանի առաջ, աջ կողմը և գրում է: Աջ դռանն երևում է Եղիսաբեթը:

ԵՂԻՍԱԲԵԹ. Գրիգորի՛ս, թեյը բերե՞մ:

ԱԶԱՏՅԱՆ. Բեր, (Եղիսաբեթը դուրս է գնում և վերադառնում է՝ ձեռքին թեյի բաժակ և բուլկի, որոնց դնում է Ազատյանի գրասեղանի վրա):

ԱԶԱՏՅԱՆ. (Շարունակում է գրել: Երկար լռություն: Հետո գրիչը վայր է դնում և նայելով). Ինչո՞ւ դու թեյ չես խմում:

ԵՂԻՍԱԲԵԹ. Չեմ ուզում:

ԱԶԱՏՅԱՆ. Կամ արդեն խմե՞լ ես:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ոչ:

ԱԶԱՏՅԱՆ. (Վերցնելով յուր թեյի բաժակը և խմելով). Դե՛հ, էլ ի՛նչ ես պարապ նստել, գործ չունի՞ս:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ոչինչ գործ չունիմ:

ԱԶԱՏՅԱՆ. Գիրք վերցրու կարդա:

ԵՂԻՍԱԲԵԹ. Չեմ ուզում:

ԱԶԱՏՅԱՆ. Այսօրվա առաջնորդողս կարդացի՞ր քաղաքական ամուսնության վերաբերությամբ:

ԵՂԻՍԱԲԵԹ. Այո:

ԱԶԱՏՅԱՆ. Եվ, իհարկե, համակրում ես:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ամենևին ոչ:

ԱԶԱՏՅԱՆ. Այդ ի՞նչպես:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ես հակառակ եմ դրան:

ԱԶԱՏՅԱՆ. Քաղաքական ամուսնությա՞նը, դո՞ւ...

ԵՂԻՍԱԲԵԹ. Այո, հենց ես, հենց ես:

ԱԶԱՏՅԱՆ. Իհարկե, դու կատակ ես անում:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ընդհակառակը՝ ես շատ լուրջ կերպով եմ խոսում, իսկ կատակը և այն շատ անմիտ և վտանգավոր կատակը դու ես անում, որ մեր, հայերի մեջ քաղաքական ամուսնության նման բաներ ես քարոզում...

ԱԶԱՏՅԱՆ. Եղիսաբեթ, աստված է վկա, դու կատակ ես անում:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ի՞նչ միտք ունի, ասա խնդրեմ, ներկա պայմանների մեջ, ներկա առանց այն էլ ապականված բարք ու վարքի մեջ, ներկա տգիտության մեջ քաղաքական ամուսնություն քարոզել... դու կարծում ես, թե մենք ապրում ենք մի որևիցե Ֆրանսիայում կամ Շվեյցարիայում և ոչ թե Ասիայում, որտեղ կինը տակավին չի կարողանում համարձակ նայել տղամարդի երեսին... Ազգայնության համարյա թե ամեն բան կորցնելով, մեզ մնացել է միայն եկեղեցին և նրա օրենքները, որոնց ամենայն ջերմեռանդությամբ հպատակում է հայը և որոնցով միայն ևեթ պահպանում է յուր ազգայնությունը, և դու այդ է՞լ ես ուզում ջնջել:

ԱԶԱՏՅԱՆ. Շատ ժամանա՞կ է, ինչ դու ազգային եկեղեցու պաշտպան ես կանգնել:

ԵՂԻՍԱԲԵԹ. Այն ժամանակվանից երբ հասկացա, թե որպիսի աններելի մոլորության մեջ եմ ընկել քեզ հետևելով... Անմեղ, միամիտ աղջիկ էի. տակավին չէի բացել աչքերս, չէի տեսնում, չէի հասկանում, թե ի՞նչ կա շուրջս, ովքեր են շրջապատում ինձ, երբ դու հայտնվեցար իմ առաջ, քո վտանգավոր, ճարպիկ լեզվով հանեցիր խելքս, գրավեցիր սիրտս և ես, մոռանալով ծնողներիս, նրանց իշխանությունը, ընկնելով նրանց անեծքի, նզովքի տակ և ոտի տակ տալով այն ամենը, ինչ որ ինձ համար սուրբ էր և նվիրական, կույր երեխայի նման հետևեցի քեզ, կարծլով, թե դու ինձ տանում ես մի որևիցե ավետյաց աշխարհ, բայց այժմ... երբ արդեն աչքերս բացվել են և ես ամեն բանի վրա կարողանում եմ մատների միջից նայել, — ի՞նչ եմ տեսնում այստեղ, շուրջս. — ապականված բարք, զեղխ կյանք, առանց մի չնչին պատկառանքի, առանց մի չնչին ամոթի... ստություն, կեղծիք, ցածություն, ամենայն սրբության ոտնակոխություն, — և այդ բոլորը լուսավորության, լուսավոր գաղափարների անունով...

ԱԶԱՏՅԱՆ. Եղիսաբեթ, ի՞նչ է պատահել քեզ այսօր, այդ ի՞նչ ազատ խոսքեր ես թողնում բերնիցդ

ԵՂԻՍԱԲԵԹ. Ես ճշմարիտն եմ ասում և չեմ վախենում, որովհետև հիասթափությունս այնքան մեծ է և այնպե՞ս ազդել է սրտիս վրա, որ այլևս լռել անհնարին է ինձ համար... Ախ, եթե առաջ ես այս աչքերով լինեի նայելիս, եթե առաջ ես այս ուղեղով լինեի դատելիս, այն ժամանակ ես կընկնեի առաջին պատահած մղակի գիրկը: Բայց երբեք ոտք չէի դնիլ այս շրջանը, որտեղ ամեն սրբություն ոտնակոխ է արած առաջադիմության կեղծ դիմակի տակխոստովանիր, որ քեզ համար ոչ մի սրբություն գոյություն չունի, խոստովանիր, որ քեզ համար կրոն և եկեղեցի հիմար բաներ են, խոստովանի՛ր, որ քեզ համար միևնույն է ունես օրինավոր կին, թե ոչ, խոստովանիր, որ... ինչո՞ւ համար դու քարոզում ես քաղաքական ամուսնություն... ի՞նչ գործ ունի քեզ հետ Թաթուլյանի կինը... ի՞նչ գործ ունես դու օրիորդ Մանասյանի հետ... իսկ այն լիրբ Աննա Սիսակյանն ո՞վ է, որ ամենայն օր դուրս ու տուն է անում այստեղ... Ինչո՞ւ...

ԱԶԱՏՅԱՆ.(Սաստիկ բարկացած ձեռքով խփում է սեղանին և տեղից վերկենալով). Եթե դու դարձյալ մի ձայն ես հանել, չգիտեմ ինչ կանեմ... (Եղիսաբեթը հանկարծ լռում է և կարծես նոր ուշքի գալով, գլուխը խոնարհությամբ կախում է): Այս ի՞նչ է, այս ի՞նչ սկանդալ է... Երա՞զ ես տեսել, ի՞նչ է... Քո մինչև այժմ ցույց տված խոնարհությունդ, հեզությունդ ասեմ, թե այդ սանձարձակ լեզուդ...Այդ էլ նոր ես սովորել, ի՞նչ է.. Ես զարմանում եմ, ճշմարիտ... սաստիկ զարմանում եմականջներիս չեմ ուզում հավատալ... տիկին Թաթուլյան, օրիորդ Մանասյան, Աննա Սիսակյան ասելով ի՞նչ ես ուզում դու ինձ հասկացնել...Որ իբր ես դրանց հետ ներքին հարաբերությո՞ւն ունեմ

Հա՞Եթե մի այդպիսի կասկած ունես, ինչո՞ւ ուղղակի չես ասումՀա՛, Եղիսաբեթ, ես քեզանից ամեն բան կսպասեի, բայց այդերբեք, աստված է վկաերբեք... Մտքովս անգամ չէի անցկացնիլ, թե դու կարող ես ինձ վրա մինչ այդ աստիճան ստոր կարծիք ունենալ... Այս րոպեիս դու ինձ այնպես բարկացրիր, այնպես վիրավորեցիր, որ... չգիտեմ, ճշմարիտ, ինձ մեղադրեմ, որ, գուցե, մի ամենահիմար բանով քեզ մի այդպիսի կասկածանքի տեղիք եմ տվել, թե մեղադրեմ քեզ, որ դու այդ աստիճան երեխայամիտ ես և նախօրեն չես կշռադատում, թե ինչ ես ասում և ո՞ւմն ես ասում... է՛հ... (Դուրս է գնում ձախ դռնից):

ՏԵՍԻԼ Բ.

Եղիսաբեթ (միայն)

(Երկար ժամանակ մնում է անշարժ, հետո գլուխը բարձրացնում է և հոգոց հանելով): Ինչպես անշնորհք եմ եղել ես... սկսեցի խոսել, բայց այն դուրս չեկավ, ինչ որ ուզում էի ասել... նրան էի մեղադրում, այն ինչ մեղավորը ես դուրս եկաՏեր աստված, տեր աստված, կարծես, խելքս գլխիս չէ… (Ուզում է դուրս գնալ աջ կողմը):

ՏԵՍԻԼ Գ.

Եղիսաբեթ, Աննա

ԱՆՆԱ (Շտապով մտնում է).Բարև ձեզ: Ո՞ւր է պարոն Ազատյանը: Ա՛խ, ինչ հիանալի, ինչ հրաշալի էր նրա այսօրվա հոդվածը, այնպես չէ՞... Դուք, իհարկե, կարդացել եք:

ԵՂԻՍԱԲԵԹ. Ոչ:

ԱՆՆԱ. — Ո՛չ...Քաղաքական ամուսնության մասին գրած հոդվածը չե՞ք կարդացել... ձեր ամուսնու գրած հոդվածը...միթե կարելի է... ես կարծում էի, թե ամենից առաջ դուք կլինեք կարդացած, իսկ ասում եք ո՞չ...

ԵՂԻՍԱԲԵԹ. Ժամանակ չունեի կարդալու:

ԱՆՆԱ. Ախ, շուտով կարդացեք, իսեր աստծո, և տեսեք, թե ի՞նչ հրաշալի, ի՛նչ աննման բան էՄի կողմը թողած լեզուն, ոճը, որ կարծես մուզիկա լինի, դուք վերցրեք միայն նյութը, միտքը... քաղաքական ամուսնություն, — հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում այդ հայերիս համար... Պարոն Ազատյանն առաջին մարդն է հայերիս մեջ, որ ազատամտության բարերար դրոշակը ձեռքին դուրս է գալիս հրապարակ և քարոզում է մեզ քաղաքակրթություն, լուսավոր Եվրոպայի այդ ամենասքանչելի օրենքըԱխ, ո՞ւր է նա, ես ուզում եմ հայտնել նրան իմ անկեղծ, իմ ի սրտե շնորհակալությունը... երևակայեցեք

ԵՂԻՍԱԲԵԹ. (Ձախ դուռը ցույց տալով). Այնտեղ է: (Դուրս է գնում աջ դռնից):

ՏԵՍԻԼ Գ.

Աննա (միայն)

Ի՞նչ անքաղաքավարություն, խոսքս կիսատ է թողնում և առանց ներողություն խնդրելու դուրս է գնումԱ, հասկանում եմնա մի ուրիշ տեսակ էրԵրևի ամուսնու հետ մի որնևիցե տարաձայնություն է ունեցել.. Բայց եթե այդ հիմարը գիտենար, թե ինչպիսի գանձ է յուր ամուսինը... (Մասխարյանը մտնում է):

ՏԵՍԻԼ Ե.

Աննա, Մասխարյան

ԱՆՆԱ. Ա, պ. Մասխարյան... անպատճառ դուք ևս նույն նպատակով եք եկել

ՄԱՍԽԱՐՅԱՆ. Ի՞նչ նպատակով:

ԱՆՆԱ. Որպեսզի պ. Ազատյանին հայտնեք ձեր շնորհակալությունն յուր այսօրվա սքանչելի հոդվածի համար:

ՄԱՍԽԱՐՅԱՆ.Այո՛, ես եկել եմ իմ ջերմաջերմ շնորհակալությունն հայտնելու պ. Ազատյանին... Մի՞թե դուք ևս նույն նպատակով եք եկել:

ԱՆՆԱ. Այո: Երևակայցեք` հոդվածը կարդալուն պես՝ առանց մի վայրկյան ուշանալու, վեր եմ կացել և իսկույն վազել եմ այստեղ... Այսքան ժամանակ նա զանազան խնդիրների մասին հոդվածներ է գրել, բայց այսօրվա հոդվա՞ծը...

ՄԱՍԽԱՐՅԱՆ. Օհ, այսօրվա հոդվածը այսքան տարվա գործունեության պսակն է կազմում, յուր այսօրվա հոդվածով նա մի այնպիսի առաջադեմ, մի այնպիսի համարձակ քայլ է դրել մեր կյանքի պրոգրեսի մեջ, որպիսին չէ արել և չի անիլ ո՛չ մի ռեֆորմատոր... (Ազատյանը մտնում է շորերը հագին):

ՏԵՍԻԼ Զ.

Ազատյան, Աննա, Մասխարյան

ԱՆՆԱ. Ահա և մեր ռեֆորմատորը:

ԱԶԱՏՅԱՆ. Բարև ձեզ: Ի՞նչ կա:

ՄԱՍԽԱՐՅԱՆ.Ազատյան, ես եկել եմ հայտնելու ձեզ իմ ջերմաջերմ շնորհակալությունը ձեր այսօրվա... Ի՞նչ գեղեցիկ ածական ասեմ, որով վիրավորած չլինեմ ձեզ... մի խոսքով ձեր այսօրվա հոդվածի համար: Փոքր ինչ առաջ օրիորդ Սիսակյանին էլ էի ասում, որ ձեր այսօրվա հոդվածը ձեր այսքան տարվա գործունեության պսակն է կազմում, այսօրվա հոդվածով դուք մի այնպիսի առաջադեմ, մի այնպիսի համարձակ քայլ եք դրել մեր կյանքի պրոգրեսի մեջ, որպիսին չի արել և չի անիլ ոչ մի ռեֆորմատորձեր այսօրվա հոդվածով...

ԱՆՆԱ. Պ. Ազատյան, ես ևս եկել եմ հայտնելու ձեզ իմ անկեղծ, իմ ի սրտե շնորհակալությունը ձեր այսօրվա ամենամտածված, ամենախելոք, ամենաօգտավետ, ամենասքանչելի, ամենահրաշալի և ամենա... հոդվածի համար: Փոքր ինչ առաջ ձեր կնոջն էլ էի ասում, դուք առաջին մարդն եք հայերիս մեջ, որ ազատամտության բարերար դրոշակը ձեռքներիդ համարձակ դուրս եք գալիս հրապարակ և քարոզում եք մեզ քաղաքակրթության, լուսավոր Եվրոպայի ամենասքանչելի օրենքներից մեկըքաղաքական ամուսնությունը... Դուք առաջին մարդն եք...

ՄԱՍԽԱՐՅԱՆ.Այո, պ. Ազատյան, դուք առաջին մարդն եք, որ արհամարհելով ամեն տեսակ նախապաշարում և սնոտիապաշտություն, ազատամտության բարերար ձեռքով կամենում եք խորտակել կրոնական բռնակալության շղթաները, որոնցով այսքան ժամանակ կաշկանդված էին հայերը...

ԱՆՆԱ.Եվ այդ պատճառով, պ. Ազատյան, ձեր անունը մեր ապագա սերունդների բերնում անմոռանալի կմնա դարերից դար, իսկ պատմության մեջ ոսկե տառերով կդրոշմվի:

ԱԶԱՏՅԱՆ. Այս րոպեիս ես այնպես հուզված եմ, օրիորդ Սիսակյան և պարոն Մասխարյան, որ չգիտեմ, ճշմարիտ, ի՞նչպես հայտնեմ ձեզ իմ շնորհակալությունը ձեր այդքան գովասանքների համար, որոնք ես արժանի չեմ: Ես կատարել եմ իմ պարտքս, իսկ թե ապագա սերունդներն և պատմությունը ինչպես կվարվեն անվանս հետ, այդ իրենք գիտեն: Ես միշտ իմ սրտում պարտականությունս եմ համարել և կհամարեմ մինչև վերջին շունչս գործել լուսավոր գաղափարների անունով, պատերազմել խավարամտության դեմ, որի մեջ նեխում է մեր խեղճ ազգը և առաջ մղել այդ ազգը դեպի ցիվիլիզացիայի, քաղաքակրթության հոսանքը: Գիտեմ, դառն է ճակատագիրս մի այնպիսի ծանր ասպարեզի մեջ և գուցե, մինչև անգամ շատ կարելի է, որ վերջ ի վերջո ես նահատակվեմ այդ ասպարեզի վրա մոլեռանդ խավարամիտներից, հետադեմներից, բայց ես չեմ հուսահատվում և չպետք է հուսահատվեմ, քանի որ իմ գործունեության դեվիզը ընդհանուր բարօրությունն է:

(Այստեղ ձեռագիրն ընդհատվում է)

1887, նոյեմբերի 29.

Страницы: Начало Предыдущая 1 Следующая Конец