Նար-Դոս՝   Քնքուշ լարեր

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 Следующая Конец

ՔՆՔՈԻՇ ԼԱՐԵՐ

(վեպ)

Ա.

ԹԱՏՐՈՆՈԻՄ

Թիֆլիսի Ամառային թատրոնում հայ թատրոնասերները բարեգործական նպատակով ինչ-որ ներկայացում էին տալի: Գուցե «բարեգործական նպատակն» էր պատճառը, որ բոլոր տոմսերը ծախված էին, որովհետև արդեն հայտնի իրողություն է այն, որ հայ «մշտական» խմբի ոչ-բարեգործական նպատակով տված ներկայացումներին գրեթե միշտ տորիչելյան դատարկություն էր տիրում թատրոնում, ժողովուրդը, որ բաղկացած էր գլխավորապես ինտելիգենտ կոչված դասից, նշանակյալ ժամանակից դեռ կես ժամ առաջ արդեն սկսել էր տեղալ դեպի թատրոն: Վերնահարկում, ուր հաճախում են գլխավորապես քաղաքի չքավոր հայ ուսանողները, արդեն սկսվել էր իրարանցումը: Բոլոր օթյակները բռնված էին: Նրանցից շատերի մեջ նստած զրուցում էին երկու սեռի ներկայացուցիչները՝ մարդիկ և կանայք, իսկ շատերի մեջ, աթոռների վրա գտնվում էին միայն նրանց անշունչ ներկայացուցիչները՝ կանանց գլխարկներ, շալեր, դիտակներ, իսկ նրանց տերերը, որովհետև տակավին վաղ էր, զբոսնում էին սրահում:

Երկու հարևան օթյակներ միայն տակավին դատարկ էին: Նրանց այդ գիշերվա վարձողները կամ մյուսների նման անհամբեր չէին, կամ տակավին չէին վերջացրել իրենց զարդարանքների ամենավերջին անճշտությունները: Սակայն շուտով նրանցից մեկի դուռը բացվեցավ, և ներս մտան մի տղամարդ ու կին: Նրանք անմիջապես նստեցան իրենց աթոռների վրա և լուռ սկսեցին նայել հանդիսականներին, որոնցից ոմանք համբերությունից դուրս գալով, ծափահարում էին, մոռանալով, որ մինչև նշանակյալ ժամանակը տակավին կես ժամ կա, իսկ ոմանք ժպտալով, կամ լուրջ կերպով զրույց էին անում միմյանց հետ:

Ստեփաննոս Հարունյանը (այդպես էր կոչվում տղամարդը) մի բարձրահասակ, լայն թիկունքով և վեհանձն մարդ էր: Նա շատ ծանր և լուրջ էր, ինչպես առհասարակ լինում են խելացի և հաստատակամ բնավորությունները: Նրա բոլոր շարժումների և խոսակցության մեջ նկատվում էր զարմանալի զգաստություն, որ միայն բնատուր է լինում և իսկույն որոշվում է կեղծից: Նա կլիներ մոտ երեսունևհինգ տարեկան, բայց նրա դեմքը հենց առաջին հայացքից կեղծում էր, նրան այդ տարիքից ավելի երիտասարդ ցույց տալով: Ազնվությունն ու բարությունը միախառնվելով` նրա գեղեցիկ և փոքր-ինչ այլայլված դեմքին տվել էին մի այնպիսի արտահայտություն, որ նայողը կամենում էր նրան փոքր-ինչ երկար նայել, առավելապես նրա համար, որպեսզի ասեր. — ի՛նչ քաղցր մարդ է դա: Նրա երկար ու լայն շիկագույն մորուքը, որին նա սովորության ուներ ստեպ-ստեպ ձեռքով հարթելու, ծածկում էր գրեթե լայն, դուրս ընկած կուրծքի մի մասը: Երբեմն նա սովորություն ուներ յուր մեծ-մեծ, խոհուն աչքերը կիսախփել և այդ ժամանակ նրա դեմքը փոքր-ինչ մռայլվում էր, գրեթե մելամաղձոտ արտահայտություն էր ստանում, բայց նա բնավ մելամաղձոտ չէր, որին և վկա էր նրա գրավիչ, փափուկ ձայնը: Նա ծառայում էր տեղական արքունական պալատակերից մինում մեծաքանակ ռոճիկով: Ամբողջ տասը տարի նա վարում էր յուր պաշտոնը, և ոչ ոք նրա մասին մի դժգոհություն չէր հայտնել: Բոլոր նրան ճանաչողները սիրում և հարգում էին նրան: Ամենքը մատնացույց էին անում նրա վրա, իբրև մի անկեղծ, ճշմարիտ և յուր կոչմանն ու պաշտոնին հավատարիմ մարդու վրա: Նրա անկեղծությունն ու ճշմարտությունը մի այնպիսի հռչակ էր հանել պալատում, որ ամենքը նրա ստորադրյալներից ամբողջ մարմնով դողում էին, երբ նա հաշիվ էր պահանջում նրանցից իրենց հանձնված գործերի մասին: Նրանք երկյուղ էին կրում, թե միգուցե նա մի որևիցե զեղծումն գտնե իրենց կատարած գործերի մեջ: Եվ վա՛յ նրան, ում մեջ այդ գտնում էր. — նա անմիջապես զրկվում էր յուր պաշտոնից: Շատերին էլ նա առաջին անգամը ներում էր, բայց այն պայմանով միայն, որ ոչ մի ժամանակ այլևս այդ չկրկնվի: Սակայն, ինչպես ամեն մի ճշմարիտ մարդու, նույնպես և նրան, կային մարդիկ, որոնք ատում էին և նրա վրա չարախոսում էին, և այդ հասկանալի է, թե ինչու և ի՛նչպիսի մարդիկ պիտի ատելիս լինեին նրան... ճշմարտության ու անկեղծության անհաշտ թշնամիներն ամեն կերպ աշխատում էին արատ ձգել նրա անբիծ անվան վրա, բայց զուտ փայլուն ոսկին իրեն վրա ոչ մի ժանգ չի ընդունում, նա շարունակում է ավելի ու ավելի փայլել և յուր պայծառ շողերով ծակծկել, կուրացնել նրանց աչքերը...

Նրա կինը, տիկին Նունե Հարունյանը, քսանևհինգ տարեկանից ավելի չէր կարող լինել: Նա այնքան քնքուշ էր, նրա փոքրիկ դեմքի գծերն այնքան նուրբ էին, որ առաջին հայացքից ավելի մի մանկահասակ աղջկա էր նմանում, քան կնոջ, որի դեմքի վրա սովորաբար և բնականաբար այլևս չէին փայլում կուսական թարմությունը, անփորձությունը, անհոգությունը: Նրա դեմքի և ձեռքերի սպիտակ-դեղնագույն կաշին այնքան նուրբ էր, այնքան թափանցիկ, որ իսկույն կարելի էր նշմարել, թե ի՛նչպես ճյուղավորվում էին դրա տակ նրա կապույտ երակները: Նրա սև հոնքերը, փայլուն մազերն և մանավանդ մեծ-մեծ ու միշտ ժպտող ու խոնարհ աչքերը, որոնց մեջ նկատվում էր մի տեսակ, գրեթե կուսական ամոթխածությունավելի պատիվ կբերեին մի խոշոր գեղեցկուհու, քան դրան, որ, ըստ երևույթին, մի հիվանդոտ կնոջից ոչնչով չէր զանազանվում: Բայց մի բան, որ ամենաանհարմար կերպով խանգարում էր նրա քնքշատիպ գեղեցկության ներդաշնակությունըայդ նրա հարթ կուրծքն էր, որ կարծես զուրկ էր ստինքներիցկնոջ արտաքին փայլի այդ պսակներից:

Նրանց մտնելուց հազիվ թե անցել էր հինգ րոպե, երբ հանկարծ բացվեցավ նրանց կից օթյակի դուռը, և մի շքեղ սևազգեստ կին վեհապանծ ներս մտավ: Նրա մտնելուն պես բոլորը` թե՛ օթյակներից, թե՛ պարտերից և թե՛ մինչև անգամ վերնահարկից՝ աչքերը դեպի նա դարձրին և բոլորն էլ, ըստ երևույթին, գրավվեցան նրա հենց առաջին հայացքից աչքի ընկնող հրաշալի գեղեցկությամբ: Եվ իրավ որ նա անզուգական գեղեցկուհիներից մեկը կարող էր համարվել, եթե չհիշենք նրա տարիքը, որ՝ մոտավորապես որոշելու համար՝ բավական չէր հեռվից միայն նայել կամ հարեվանցի ակնարկ ձգել նրա վրա, որովհետև այդպիսի դեպքերում նա քսան, քսանհինգ տարեկան կնոջից ոչնչով չէր զանազանվում, այլ հարկավոր էր ավելի մոտիկից և երկար նայել նրա դեմքինև նա մոտ երեսուն ամբողջ գարուններ անցրած կին էր երևում: Յուր բոլոր արտաքին տեսքով նա ներկայացնում էր տիկին Հարունյանի բոլորովին հակապատկերը: Կարծես, բնությունը, նրանց ստեղծելով, կամեցել էր ցույց տալ, թե որքան ինքը հմուտ է հակապատկերներ ստեղծելում: Նա բարձրահասակ էր, ոչ հաստ և ոչ բարակ, բայց լի, հարուստ կրծքով, որ միշտ առանձին վեհությամբ դուրս ձգած լինելով` նրան թագուհու էր նմանեցնում: Իսկույն երևում էր, որ նրա՝ առանց այն էլ գեղեցիկ դեմքին կոսմետիկ ասած բանը չէր դիպել երբեք, նայելով նրա բնական սպիտակ ու կարմիր այտերին, որոնց վրա փայլում էր տակավին երիտասարդության թարմության դրոշմր, և որոնք այդ գիշեր սաստիկ վառվում էին և նրա գեղեցկությունը կրկնապատկում: Նշանավոր էր նրա կանոնավոր քիթն և առավել ևս նրա մեծ-մեծ, կրակոտ, թուխ աչքերն երկար թերթերունքներով, որոնք մի ակնթարթում կարողանում են նույնիսկ պաղպսրյուն յուրաքանչյուր երիտասարդի ընկճել և գերել: Այդ գեղեցկուհու ազդեցությունը կրկնապատկում էր նրա շարժունությունը, որ հատուկ է լինում գլխավորապես ազնվական և եվրոպականարիստոկրատ շրջաններում սնված և մեծացած կանանց

Նախքան նստելը, նա առավ կրծքի վրա կախած պատկառելի պենսնեն և, մոտեցնելով աչքերին, սկսեց անցնել նախ բոլոր օթյակների կարգը, հետո նայեց դեպի ներքև, որից հետո, որպես հպարտ թագուհի, ձգվեցավ աթոռի վրա:

Հարունյանները հետաքրքրությամբ դիտում էին այդ՝ իրենց անծանոթ հարևան գեղեցկուհուն, որ այնպես վեհանձն ու ազատ էր պահում իրեն և, ինչպես երևում էր, բոլորովին մենմենակ էր եկել թատրոն:

Հանկարծ անծանոթ գեղեցկուհին դեմքը դեպի նրանց դարձրեց, և նրա հայացքը հանդիպեց տիկին Հարունյանի հայացքին: Նրանք սկսեցին անխոս և անթարթ նայել միմյանց դեմքին, մանավանդ առաջինը, որի դեմքը հետզհետե հետաքրքրական արտահայտություն էր ստանում: Տիկին Հարունյանն ուղղակի նայում էր նրա աչքերին, որոնք, կարծես, նրան ծանոթ էին թվում, նրա մեջ ինչ-որ մութ հիշողություն էին զարթեցնում: Մինչ նա ամեն կերպ աշխատում էր յուր այդ հիշողության վրա լույս ձգել, անծանոթ գեղեցկուհին, պենսնեն մի քանի անգամ աչքերին մոտեցնելուց հետո, վեր կացավ և մոտեցավ նրան յուր օթյակի մեջ, հարցրեց ժպտալով.

Ներեցե՛ք ինձ, դուք իմ ծանոթս գալիս եք. ես ձեզ մեկի նմանությանն եմ տալիս և չգիտեմ արդյոք դուք նա՞ եք, թե իմ աչքերս են միայն ինձ խաբումկբարեհաճեի՞ք արդյոք կասկածս փարատել, հայտնելով ինձ ձեր անունը:

Այն եղանակը, որով նա մի առանձին արագախոսությամբ արտասանեց այդ բառերը, և ընտիր ձևերը, որ գործ դրեց այդ բառերը արտասանելիսիսկույն ցույց էին տալիս, որ նա հասարակ մարդու կին չէր, կամ հասարակ տեղերում չէր մեծացել, և որ նա յուրացրել էր բարձր շրջանի բոլոր ձևերը:

Տիկին Հարունյանը փոքր-ինչ շփոթվեց այդ արիստոկրատ գեղեցկուհու պատկառելի անձնավորության առաջ, բայց շուտով իրեն հավաքելով, պատասխանեց նույնպես ժպտալով.

Նունե Հարունյան:

Նո՞ւնե... Հարունյա՛ն, — արտասանեց իսկույն անծանոթ գեղեցկուհին առաջին բառը շուտ, իսկ երկրորդն` երկարացնելով և մի տեսակ զարմացական և հարցական եղանակով, որի ժամանակ նա աչքերը կիսախփեց և սկսեց ավելի խոր նայել նրան: — Նունե Հարունյա՞ն, թե Նունե Ազարյան:

Ա՛խ, դուք չեք սխալվում, — շտապով պատասխանեց աբան Նունե Հարունյանը, միևնույն ժամանակ զարմանալով, թե ո՛րտեղից գիտե այդ անծանոթ տիկինն յուր ազգանունը: — Ազարյան հայրական ազգանունս է, իսկ Հարունյանամուսնուս...

Ա՛, ուրեմն ես չեմ սխալվել...

Բայց ներեցե՛ք հետաքրքրությանս, — ընդհատեց նրան տիկին Հարունյանը, ավելի խոր նայելով նրան, — դուք ո՞րտեղից եք ինձ ճանա...

Նա չվերջացրեց յուր խոսքն և զարմացած ու ապշած նայելով նրա ժպտող աչքերի մեջ, վեր կացավ տեղից, կարծես նրա մութ հիշողությունը հանկարծ պարզվեց:

Սո... մի՞թե դուք Սոֆիա... իշխանուհի Մելիքյանը չեք, — հարցրեց նա մի տեսակ անվճռական եղանակով:

Այո՛, Նունե՛, իշխանուհի Սոֆիա Մելիքյանը, — քո նախկին սիրելի ընկերուհին:

Մի՞թե, — բացականչեց գրեթե ինքնամոռացության մեջ տիկին Հարունյանն այնպես, որ նրա ձայնը ողջ թատրոնում լսելի եղավ, չնայելով, որ օրկեստրն արդեն սկսել էր ուվերտյուրը: Նա իսկույն առավ նրա երկու ձեռքերն ու ամուր-ամուր սեղմեց նրանց: — Սո՛ֆիա... իրավ որ այդ դուք եք... այդ դու ես... Աչքերդ ախար ինձ սաստիկ ծանոթ էին թվում... Ների՛ր, որ ես քեզ իսկույն չկարողացա ճանաչել, Աո՛ֆիա. դու այնքա՛ն փոխվել ես, դու բոլորովին փոխվել ես, Սո՛ֆիա... միայն աչքերդ են մնացել նույնը...

Եվ նա սաստիկ կարկտալից անդադար, ամուր սեղմում էր նրա ձեռքերն ու ամենաքաղցրիկ կերպով ժպտում էր նրա դեմքին:

Իսկ պարոն Հարունյանը հանդարտ նստած, և, ըստ երեվույթին զարմացած, որ շատ քիչ էր նկատվում նրա ծանրախոհ ու լուրջ դեմքի վրա, նայում էր նրանց:

Բ

ԻՇԽԱՆՈՒՀԻ ՍՈՖԻԱ ՄԵԼԻՔՅԱՆ

Իշխանուհի Սոֆիա Մելիքյանը Թիֆլիսի հարուստ կալվածատերերից մեկի միակ զավակն էր: Նրա հայրը հայտնի էր քաղաքի մեծամասնությանը յուր բազմաթիվ կալվածքներով՝ ինչպես քաղաքում, նույնպես և նրա շրջակայքում:

Օրիորդ Սոֆիան, որի գեղեցկությամբ ամենքը հիացած էին, կրթվում էր այն հոգով, որ առաջ մեր հարուստ հայ ընտանիքների մեջ մի տեսակ «մոդայի» կարգն էր դասվում: Կուրացած լինելով իրենց ծնողական ամենաքնքուշ, բայց չափից անցած սիրուց, նրա ծնողները շատ քիչ ուշադրություն էին դարձնում նրա դաստիարակության բարոյական կողմի վրա: Նրանք իրենց այդ միակ, անգին զավակին միշտ և ամեն ժամանակ գգվում, փայփայում և պաշտում էին, ինչպես մի սուրբի. ոչինչ նրանց համար աշխարհիս երեսին գոյություն չուներ, բացի իրենց այդ սիրուն, հրեշտակային փոքրիկ աղջկանից, որի մեջ միայն ևեթ նրանք կենտրոնացած էին տեսնում իրենց գոյությունը: Մի խոսքով՝ ծնողները զավակի ստրուկներն էին դարձած: Այդ փոքրիկ աղջիկը համարձակ կերպով ապտակ էր խփում հորն, ապտակ էր խփում մորը, քաշում էր նրանց մազերըև նրանք մեծ, հոգեզմայլ բավականությամբ առնում էին նրա փոքրիկ ձեռքերը, որոնցով նա ապտակում էր նրանց, քաշում էր նրանց մազերը, և նրանց վրա լցնում էին անհամար ջերմ համբույրներ... Եվ այդպիսով ծնողները չէին տեսնում կամ չէին ուզում տեսնել, թե ի՛նչպես դեռ վաղ մանկությունից այդ փոքրիկ աղջկա մեջ հետզհետե արմատ էին բռնում ու հաստատվում շատ ու շատ բաներ... թե ի՛նչպես նրա մանուկ, անմեղ սրտում բնակալում էին շատ գարշելի և սոսկալի որդեր...

Տասնևութ տարեկան հասակում, նրանից անսպասելի հաջողությամբ, նա ավարտեց օրիորդական գիմնազիոնը, գիտենալով ընդ նմին հայերեն փոքրիշատե վարժ կարդալ և կոպիտ սխալներով գրել, որն, այնուամենայնիվ, գովելի էր, նայելով այն հանգամանքներին, որոնց մեջ նա մեծանում էր ու սովորում: Իսկ քսան տարեկան հասակում, երբ հագել էր արդեն յուր կուսական գեղեցկության և հասունության գագաթնակետին, նա ամուսնացավ մայրաքաղաքից եկած Մելիքյան անունով մի երիտասարդ իշխանի հետ, որ պատահել էր նրան պարահանդեսում և առաջին հայացքից սիրահարվել էր նրա վրա: Բայց հպարտ և փառասեր օրիորդ Սոֆիային, որին մինչև այդ ժամանակն էլ շատերն առաջարկ էին իրենց սիրտն ու հարստությունն և որոնց նա մերժել էրավելի գրավում էր նրա իշխանական տիտղոսը, քան նրա քնքուշ, բարի դեմքն ու միշտ ցնորասեր, թույլ բնավորո՛ւթյունը: Փառասեր Սոֆիան վաղուց ցանկանում էր մի այդպիսի տիտղոս ունենալ, քիչ մտածությունների ու ցնորքների առարկա չէր դարձել փառքի մեջ նստած այդ երեվակայած տիտղոսը: Անթիվ անգամ նա անիծել էր յուր ծնողներին, բնությանը, թե ինչո՛ւ ինքն իշխանական տոհմից չէ ծնված, այլ մի հասարակ տոհմից, որո՞վ գիտեառաջ ո՞ր գյուղացին էր, ո՞ր հետին չքավորն, աղքատը... բայց այժմ, վերջապես, այդ շատ մտատանջությունների պատճառ դառնող, բայց հոգով, սրտով պաշտած ցանկությունն էլ իրագործվեցավ: Նա հասավ յուր նպատակին այժմ ի՛նքը գիտեր... նա իշխանուհի էր: Իշխանուհիօ՛: Ի՛նչ հրաշալի հնչյուն... կարծես երկնային դյութական ամենաքաղցրիկ մեղեդի լինի, որ մի տեսակ հոգեզմայլության մեջ է ձգում նրա բոլոր գոյությունը: Բայց արյո՞ւնը... Ա՛խ, ոչի՛նչ, ո՞վ է այժմ արյան վրա ուշադրություն դարձնում, բավական է, որ յուր ամուսնու երակների մեջ վազում է ազնվական տոհմային արյուն, բավական է, որ նա իշխան է կոչվում, իսկ ինքնիշխանուհի:

Ամուսնանալուց հետո անմիջապես իշխանուհի Սոֆիա Մելիքյանն ստիպեց յուր ամուսնւն գնալ Պետերբուրգ, որի մասին վաղուց ցնորում էր: Հայր ու մայր նրա առջևը չոքած, արտասուքն աչքերին խնդրում էին նրան, որ նա գոնե մի ամիս իրենց մոտ մնա այդ նրանք իրենց ամենամեծ երջանկությունն էին համարում, բայց քմահաճ աղջիկը նրանց վրա ուշադրություն անգամ չկամեցավ դարձնել և բավական չոր կերպով պատասխանեց նրանց, որ նրանք իրեն հետ այլևս գործ չունին: Ծնողները մնացին սառած, զարմացած... Բախտավոր, երջանիկ ամուսինը չէր կարող մերժել յուր պաշտելի կնոջ խնդիրը, նա տարավ նրան Պետերբուրգ, ուր սկսեց ման ածել նրան բարձր հասարակությունների մեջ: Ամեն տեղ, ուր էլ որ հայտնվում էր իշխանուհի Մելիքյանը, ապշում էին նրա սքանչելի գեղեցկությամբ: Բախտավոր ամուսինն այդ տեսնում էր և երեխային վայել միամտությամբ հպարտանում յուր մեջ յուր այդ անգին գանձով: Նա ամբողջ աշխարհիս երեսին իեն ամենաերջանիկն էր կարծում: Շատ անգամ նա սրտի սաստիկ, բայց քաղցր բաբախմամբ առնում էր յուր կնոջ փոքրիկ, սիրուն, քնքուշ, մարմարանման ձեռքերն և, նրանց վրա ջերմ համբույրներ դրոշմելով, անդադար կրկնում էր. «Ո՛րքան ես քեզ սիրում եմ.., ո՛րքան երջանիկ եմ... Եթե Սողոմոնը գիտենար, որ մի ժամանակ մենք աշխարհ ենք գալու, նա չէր ասիլ «մարդ կարող չէ յուր մահից առաջ երջանիկ կոչվիլ: Կինը ծիծաղում էր:

Բայց շուտով մայրաքաղաքի հեշտալից կյանքը փչացրեց իշխանուհի Մելիքյանի առանց այն էլ վաղուց արդեն փչացած բնավորությունը: Ի բնե հպարտ լինելով յուր գեղեցկությամբ, նա առավել ևս վեր քաշվեցավ, երբ տեսավ, որ յուր վրա այնքան մեծ ուշադրություն են դարձնում: Նրա քմահաճությունները բազմացան: Այնուհետև նրա բանն ու գործը եղավ` ծառայել յուր արտաքին տեսքի գեղեցկության ավեշի կատարելգործեելուն, որի համար նա անում էր անլսելի շռայլություններ զանազան նորամոդային հանդերձեղենների և կանացի արտաքին զարդարանքների վրա: Նա սկսեց բավական աչքի ընկնող խնջույքներ և երեկույթներ էլ պատրաստել յուր իշխանական պալատանման տներում: Շուտով նրա անունը հռչակվեցավ: Բայց նա գոհ չմնաց ռուսաց մայրաքաղաքի կյանքով, նա կամեցավ նոր երկրներ, նոր քաղաքներ տեսնել և նրանց համն էլ առնել:

Իհարկե, նրանցից առաջին տեղը բռնում էր Փարիզը: Այո՛, Փա՛րիզը այդ ռոմանների ու մոդաների ամենահարազատ մայրը... Դեռ նա տասնևերեք տարեկան էր, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը գրավում էր նրա մանուկ հոգին դեպի յուր դյութություններն, երբ նա` ամբողջ ժամերով մի որևիցե ռոման ձեռքին՝ մեծ հետաքրքրությամբ և ուշիուշով կարդում էր գեղեցիկ կոմսուհիների շքեղաշուք բուդուարների նկարագրությունները, մի որևիցե երիտասարդ վիկոնտի և մարկիզուհու սիրային արկածները, կոկետի հեշտալից կյանքն և այլն, և այլն: «Ա՛խ, ի՛նչ հիանալի կլինի, եթե ես ոտք կոխեմ այդ տեղերումս, — մտածում էր այդ ժամանակ Թիֆլիսի կալվածատիրոջ տասնևերեք տարեկան աղջիկը Եվ այդ ցանկությունն այժմ կամեցավ իրագործել: Վերջապես արիստոկրատ լինել և Փարիզը չտեսնե՛լ, մի՞թե այդ երևակայել անգամ կարելի է... նա ոչ թե խնդրեց ամուսնուն, որ կամենում է Փարիզ գնալ, այլ հրամայեց... և նրան պաշտող թուլամորթ ամուսինը չէր կարող նրա հրամանը չկատարել, նա մինչև անգամ ուրախ էր, որ կարողանում է յուր պաշտելի կնոջ հաճույքը, ցանկությունը կատարել: Նրանք գնացին Փարիզ: Ավելորդ է ասել, թե հենց առաջին օրից ի՛նչ տպավորություն գործեց Ֆրանսիայի և բոլոր աշխարհի այդ մայրաքաղաքն ամեն տեսակ ճոխությունների և շքեղությունների սիրահար իշխանուհի Մելիքյանի վրա: Ավելորդ է նույնպես ասել, թե ի՛նչեր արեց նա այնտեղ, ինչեր չարեց... միայն երկու տարուց հետո, շրջելով գրեթե ամբողջ նշանավոր Եվրոպան, նա վերջ ի վերջո ակամայից վերադարձավ Պետերբուրգ: Նոր էր վերադարձել նա Պետերբուրգ, երբ մի հեռագիր ստացավ, որի մեջ հայտնում էին նրան, որ հայրը մերձիմահ հիվանդ է և շուտափույթ պահանջում է նրան` վերջին անգամ օրհնելու և ժառանգությունը նրան կտակելու: (Իսկ նրա մայրը մի տարի առաջ էր մեռել, այսինքն այն ժամանակ, երբ նա ճանապարհորդում էր): Նա շտապեց դեպի Թիֆլիս, ո՛չ թե որդիական սիրուց և պարտաճանաչությունից դրդված (նրա մեջ վաղուց էին մեռած որդիական զգացմունքները), այլ նրա համար, որ ստանա հոր ահագին ժառանգությունը: Նա այն ժամանակ հասավ Թիֆլիս, երբ հայրն արդեն դիակնացած էր, իսկ կտակը՝ պատրաստի: Նա այնքան էլ չցավեց հոր մահվան վրա, բայց ուրախացավ կտակի համար: Հորը թաղեց նա մոր կողքին, մի քանի կարգադրություններ արեց ժառանգական բազմաթիվ կալվածքների վերաբերությամբ և դարձյալ սլացավ դեպի մայրաքաղաք:

Դեպի ամուսինն, ինչպես արդեն ասացինք, նա հենց սկզբից ոչինչ սեր չէր զգում, բացի երախտագիտության զգացմունքից, եթե միայն կարելի է այդպես անվանել այն զգացմունքը, որ ծնվել էր նրա մեջ դեպի երիտասարդ իշխանը նրա համար միայն, որ այս վերջինս էր եղել պատճառը, որ նրա փառասիրական բոլոր ցնորքներն ու ձգտումներն իրագործվել էին: Սակայն այդ զգացմունքն էլ երկար հյուրընկալություն չկարողացավ գտնել իշխանուհի Մելիքյանի նման մի հպարտ կնոջ սրտում: Երբ նա արդեն կշտացավ ամեն բանով, ինչ որ առաջ յուր համար գրեթե անիրագործելի էր համարում, երբ նա արդեն ծանոթացավ յուր վաղուց ի վեր հոգով ցանկացած բաների հետ, և նրա աչքերին ոչինչ այլևս արտասովոր բան չէր երևումնա ամուսնուն այլևս բոլորովին աչքից գցեց: Նա հետզհետե ավելի ու ավելի սկսում էր ձանձրանալ ամուսնուց, որ դարձյալ շարունակում էր նրան սուրբի տեղ պաշտել: Քմահաճ կնոջը չէին դուր գալիս միամիտ ամուսնու անմեղ սիրային, անմեղ խոսքերն և համբույրները... Շատ անգամ նա բացարձակապես արտահայտում էր յուր զզվանքը: Ամուսինը մնացել էր սառած, տարակուսած:

Օգուտ քաղելով ամուսնու թույլ և բարի բնավորությունից, նա, ինչպես ասում են, սանձը բոլորովին թողեց: Պտտվելով անդադար մայրաքաղաքի ազնվական, թեթևամիտ, գեղեցիկ երիտասարդների շրջանում, նա արդեն գրավել էր դեպի ինքն երկրպագուների մի ահագին լեգեոն, որից ամեն մեկը պարահանդեսում, երեկույթներում և հազար ու մի այդպիսի տեղերում, իրեն հատուկ անգիր սերտած սիրապատիր խոսքերով, բարձրացնում էր նրան մինչև Ոլիմպոսի աստվածուհիների տարփածու կայանը... ոչինչ նրան այնքան չէր դուր գալիս և նրա հպարտությունը, փառասիրությունը կրկնապատկում, որքան այն, որ այդ ազնվական գեղեցիկ երիտասարդները միշտ քծնվում էին նրա շուրջը և հավատարիմ շան նման լիզում նրա ձեռքերը, նրա շրջազգեստի ծայրերը: Տասներեք տարեկան հասակում, երբ նա ռոմաններ էր կարդում, այդպես էին անում և՛ գլխավոր հերոսուհի-կոմսուհիներին, մարկիզուհիներին:

Անցան տարիներ, և մայրաքաղաքի հայտնի շրջաններում սկսվեցան բամբասանքներ իշխանուհի Մելիքյանի մասին: Մասամբ սուտ, մասամբ ստույգ զանազան լուրեր սկսեցին մի նախանձախնդրի բերանից հաղորդվել մյուսին և այդպիսով տարածվել այդ բանով հետաքրքրվողների մեջ: Այդ լուրերից մի քանիսը չհապաղեցին հասնել և իշխանամուսնու ականջին, որոնք նրա թույլ և ազնիվ սրտի վրա մեծ ազդեցություն ունեցան: Այնուհետև հազար ու մի դառն մտածմունքներ շատ գիշերներ խլեցին նրա աչքերից, սիրելի, պաշտելի կնոջ կասկածելի կյանքը, մանավանդ որ նրան կից էր և՛ յուր՝ մինչև այժմ ազնիվ, հարգված անունընրա սոսկալի մտատանջությունների պատճառը դարձավ, որոնց հետևանքն այն եղավ, որ նա ամենածանր կերպով հիվանդացավ թոքախտով և, չնայելով բժիշկների ջանքերին, մի քանի ամսից հետո մեռավ:

Ամուսնու մահը մանկահասակ իշխանուհուն այնքան չվշտացրեց, որքան այդ պետք է մի կնոջ, որն եթե ոչ սիրել, գոնե ընդերկար ապրել է յուր ամուսնու հետ, որի կողմից, բացի անկեղծ սիրուց, անվերջ գուրգուրանքից, ոչ մի վատ բան չէ տեսել, ո՛չ մի վատ խոսք չէ լսել: Բայց որպեսզի ընդհանուր կանոնից և քաղաքավարության ու ազնվության սահմանից անցած չլինի, նա մի քանի ամիս «սուգ պահեց»: Նա դրանով ոչինչ չկորցրեց, այլ, ընդհակառակն, ավելի հետաքրքրելի դարձավ շրջապատողների մեջ... Այնուհետև նա նույն գեղեցիկ, մանկահասակ, բայց այժմ ավելի քնքշացած, ավելի սիրելի դարձած իշխանուհի Մելիքյանն էր, ինչ որ առաջ: Այժմ նա արդեն բոլորովին ազատ էր և անկախ, մանավանդ որ, ամբողջ վեց տարի ամուսնացած լինելով, ոչ մի զավակ չուներ...

Ամուսնու մահից հետո անցան դարձյալ տարիներ, և մայրաքաղաքի աղմկալից կյանքը ձանձրացրեց իշխանուհի Մելիքյանին: Նա վերադարձավ յուր հայրենիքըԹիֆլիս` առաջինը փոքր-ինչ հանգստանալու և երկրորդնայցելելու յուր ժառանգական կալվածները, որոնք երկար ժամանակ գրեթե անտեր էին մնացած: Թիֆլիսում, որովհետև նա բոլորովին մենակ էր, այդ պատճառով կամեցավ տեսակցել գիմնազիոնական յուր նախկին ընկերուհիների հետ, որոնցից այդ ժամանակ շատերն արդեն ամուսնացած և զավակների տեր էին դարձած, որոնցից էր և Նունենայժմ տիկին Հարունյանը: Վերջինիս նա հանդիպեց նրա ամուսնու հետ, ինչպես գիտենք՝ ամառային թատրոնում:

Գ

ԵՐԿՈԻ ՎԱՂԵՄԻ ԸՆԿԵՐՈԻՀԻՆԵՐԸ

Երկարատև անջատումից հետո կրկին տեսակցությունը չափազանց մեծ ուրախություն էր պատճառել երկու նախկին սիրելի և ամենամոտ դասակցուհիներին, որոնք դեռ երկար ժամանակ շարունակում Էին ժպտալ միմյանց աչքերին: Եթե տեղը ներեր, գուցե նրանք այդ ժամանակ միմյանց գրկի մեջ լինեին և կարոտալից համբույրներ լինեին տալիս միմյանց:

Ես քեզ սաստիկ ցանկանում էի տեսնել, Նունե, — ասաց իշխանուհի Մելիքյանը, — և այժմ զարմանում եմ, թե ի՛նչպես դեպքը հանդիպեցրեց մեզ միմյանց:

Իսկ ես երազել անգամ չէի կարող, որ քեզ երբևիցե կարող եմ այստեղ պատահել, — ասաց յուր կողմից տիկին Հարունյանը: — Ես կարծում էի, որ դու նախկին սիրելի ընկերուհիներիդ վաղուց արդեն մոռացած կլինես, որովհետև քեզնից ոչ մի տեղեկություն չունեինք, և ամենքն էլ ակամայից ստիպված էին քեզ մոռացության տալ... Ա՛խ, Սոֆիա, սի՛րելի, ո՛րքան բան ունինք խոսելու... հարցնելու միմյանց, այդպես չէ՞... Ե՛կ մեր օթյակը, Սոֆիա... Դու մենա՞կ ես եկել:

Ինչպես տեսնում ես, — պատասխանեց իշխանուհի Մելիքյանը, — ժպտալով:

Ուրեմն ե՛կ մեր օթյակը: Ես քեզ կծանոթացնեմ ամուսնուս հետ:

Իշխանուհի Մելիքյանը, ո՛ր մինչև այդ ժամանակ, ըստ երևույթին, չէր տեսնում պարոն Հարունյանին, յուր ընկերուհուց ամուսին բառը լսելուն պես դեմքը դեպի նա դարձրեց և, կիսախուփ աչքերով նրա վրա մի քննական հայացք ձգելուց հետո` դուրս գնաց յուր օթյակից ու իսկույն, պենսնեն ձեռքին պտտեցնելով, հայտնվեցավ Հարունյանների օթյակում:

Տիկին Հարունյանը ներկայացրեց նրան յուր ամուսնուն, որն, իսկույն տեղից վեր կենալով, իրեն հատուկ ծանրախոհ քաղաքավարությամբ, որ գրեթե սառն ընդունելության էր նմանում, գլուխ տվավ նրան և իսկույն ևեթ առաջարկեց նրան յուր աթոռը օթյակի առաջնակողմում:

Իշխանուհի Մելիքյանը ժպտալով հայտնեց նրան յուր շնորհակալությունն և ձգվեցավ առաջարկած աթոռի վրա:

Դու էլ խո արդեն ամուսնացել ես, Նունե, — ասաց նա նույն ժպիտը դեմքին և շարունակելով պենսնեն ձեռքին պտտեցնել: — Շնորհավորում եմ:

Օ՛, իհարկե, ես չէի կարող միշտ օրիորդ մնալ, — պատասխանեց տիկին Հարունյանն ուրախ ծիծաղելով և նստելով նրա մոտ, յուր աթոռի վրա:

Ահա հինգերորդ տարին է, ինչ ես ամուսնացած եմ, և այժմ մի փոքրիկ սիրուն աղջկա մայր եմ... բացի դրանից, պետք է ասեմ, որ ես երջանիկ եմ և այն կողմից, որ իմ ամուսնուց շատ գոհ եմ:

Իշխանուհին նշանավոր կերպով ժպտաց այդ խոսքերի վրա և նայեց պարոն Հարունյանին, որ նույնպես ուշադրությամբ նայում էր այդ գեղեցիկ կնոջը:

Տեսնում եք, ո՛րպես ձեր կինը գովում է ձեզ, պարոն Հարունյան, — ասաց նա նրան մի այնպիսի եղանակով, որ կարծես նրա հետ երկար ժամանակից ի վեր և մոտ հարաբերություն ուներ: — Նայելով ձեր բարի և խելացի դեմքին, ես չեմ կարծում, որ ձեր կինը չափազանցնելիս չինի, և կարծում եմ, որ դուք նույնքան գոհ պիտի լինեք նրանից, որքան և նա ձեզանից:

Պարոն Հարունյանին թեպետ դուր չեկավ այդ ընտանի եղանակը, որով արտասանեց նա այդ բառերը փորձող ու իրեն բարձր բռնող մարդու հանձն ապաստանությամբ, մանավանդ նոր ծանոթի վերաբերությամբ, որպիսին էր ինքը, — բայց և այնպես, զգալով նրա մի առանձին կերպով ժպտող գեղեցիկ աչքերի խոր ազդեցո՛ւթյունը, պատասխանեց նույնպես ժպտալով

Դուք այսուհետև այդ բանի մեջ համոզված կարող եք լինել, իշխանուհի:

Բայց ե՞րբ ես եկել, Սոֆիա, մոռացա հարցնել, — հանկարծ հարցրեց տիկին Հարունյանը, որ դարձյալ շարունակում էր կարոտալից նայել իշխանուհի-ընկերուհու աչքերին:

Այս երրորդ օրն է, ինչ ես Թիֆլիսումն եմ:

Մենա՞կ ես եկել Պետերբուրգից... ամուսինդ ո՞րտեղ է:

Իշխանուհի Մելիքյանը հայտնեց, որ ահա հինգերորդ տարին է գնում, ինչ յուր ամուսինը մեռել է թոքախտից: Այդ բանը շատ վշտացրեց տիկին Հարունյանին և սաստիկ կոտրեց նրա ուրախ տրամադրությունը: Նա ծանոթացել էր Սոֆիայի երիտասարդ իշխան-ամուսնու հետ, երբ նրանք դեռ նշանված էին: Նա շատ ափսոսաց և հայտնեց յուր անկեղծ ցավակցությունը, բայց մի բան, որ շատ զարմացրեց նրան, այդ իշխանուհու անտարբերությունն էր, որով նա հաղորդեց յուր ամուսնու մահը, կարծես այդ հասարակ և իրեն չվերաբերող մի դեպք լիներ: Ոչինչ ակնհայտի պատճառ չգիտենալով, նա ստիպված էր այդ վերագրել ավելի ժամանակին, որ գուցե մոռացնել էր տվել նրան այդ վիշտը, քան նրա անտարբերությանը դեպի ամուսնու հիշատակը:

Այնուհետև իշխանուհին սկսեց պատմել յուր անցյալից, յուր ճանապարհորդությո՛ւնից, յուր Պետերբուրգում վարած կյանքից: Նա հայտնեց, թե ինչու համար է եկել Թիֆլիս և որքան ժամանակ է մտադիր այնտեղ մնալու: Նա այդ բոլորը պատմում էր իրեն հատուկ անսխալ արագախոսությամբ և ազնվական քաղաքակիրթ կնոջը վայել համարձակությամբ ու միմիկաներո՛վ: Նայելով ընդ նմին երբեմն տիկին, երբեմն պարոն Հարունյանին:

Վերջինս նստած բոլորովին հանդարտ, ըստ երևույթին, լսում էր նրան հետաքրքրությամբ, բայց նա իսկապես զբաղված էր այն մտքով, թե ի՛նչ տեսակ կին էր այդ կինը: Տակավին յուր կյանքի մեջ նա այդպիսի չքնաղ, համարձակ, շարժուն և ոչ մի բանից չքաշվող կին չէր տեսել: Մանավանդ նրան հիացնում էին նրա երկար թերթերունքներով կրակոտ, թուխ աչքերը, որոնց երբեմն յուր վրա գցած թափանցող հայացքներին նա հազիվ էր կարողանում դիմանալ, չնայելով յուր բոլոր սառնությանն ու անտարբերությանը: Այդ չքերի մեջ նա զգում էր անհաղթ համարելի մի տեսակ ուժ, որ կոչվում էր «կնոջ ուժ», այնպես որ, նա կարծում էր, եթե այդ աչքերը խլեին նրանից և դրանց տեղը դնեին ուրիշ աչքեր, նրա գեղեցկության ազդեցությունը ավելի քան կիսով չափ կթուլանար: Հենց առաջին հայացքից այդ աչքերը նրան վտանգավոր թվացին: Բայց մի բան նրան բո՛լորովին զարմանալի և անհասկանալի էրայն է` թե ինչու այդ կինը նրան այդպես արտասովոր կերպով է նայում, նրա հայացքները, կարծես, նրան փորձում: Զննում, քննում էին... Եթե նա այդ վերագրում է նրա սովորությանը, առանձնահատկությանը, բայց այդ միևնույն աչքերը նայում էին յուր կնոջը կամ ուրիշներին սովորական կերպով, եթե վերագրում է նրա նոր ծանոթությանն, երբ առհասարակ նոր ծանոթներն առաջին անգամ սկսում են միմյանց խոր դիտել, որպեսզի լավ տպավորեն իրենց մեջ միմյանց կերպարանքը, բայց նրա հայացքները չափից անցնում էին... Ինչևիցե: Բայց բանը սրանումն է, որ այդ միևնույնը զգում էր և՛ յուր վերաբերությամբ դեպի նա: — նա չէր կարողանում նայել այդ գեղեցիկ կնոջը սովորական կերպով: Ակամայից, ինքն էլ չհասկանալով թե ինչու, նա կամենում էր միշտ նայել նրա կրակոտ, թուխ աչքերին...

Օրկեստրն արդեն լռել էր: Ներկայացման նշանակյալ ժամանակամիջոցը լրացել, և վերնահարկն անհամբերությամբ ծափահարում էր: Լսվում էր և մի քանի ձեռնափայտերի թխկթխկոց հատակի վրա, չնայելով, որ այդ արգելված է, որպեսզի թատրոնում թոզ չբարձրանա: Հնչվեցավ փոքրիկ զանգակի ձայնը, որ արդեն երրորդ անգամն էր, և վարագույրը բարձրացավ:

Իշխանուհի Մելիքյանը, շատ բան, հետևաբար և անթիվ այդպիսի ներկայացումներ տեսածի նման, մի անգամ նայեց բեմին և, այնտեղ տակավին ոչինչ չգտնելով, շարունակեց ցած ձայնով յուր զրույցը տիկին Հարունյանի հետ: Իսկ պարոն Հարունյանը, որքան էլ աշխատում էր յուր աչքերն ու ո՛ւշքն ու միտքը կենտրոնացնել բեմի վրա, այնուամենայնիվ չէր կարողանում երբեմն իշխանուհուն չնայել և չպատասխանել նրա մի քանի հարցերին հայոց թատրոնի վերաբերությամբ, որի մասին այդ հայ քաղաքակիրթ կինը գրեթե ոչինչ տեղեկություն չուներ: Պետք է ասած, ի դեպ, օր իշխանուհին շատ քիչ էր հետաքրքրվում այդպիսի գործերով ընդհանրապես և հայոց այդպիսի հիմնարկություններով՝ մասնավորապես: Բայց ի՞նչպես էր եղել, որ այդ գիշեր նա եկել էր թատրոն և այն էլ հայ թատրոն: Իհարկե, «բարեգործական նպատակը» չէր լինիլ դրա պատճառն, այլ նա եկել էր կամ մենակությունից ձանձրանալով, կամ ցույց տալու յուր խոշոր գեղեցկությունն, ինչպես այդ հատուկ է ընդհանրապես նրա նման կանանց:

Следующая страница
Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 Следующая Конец