Պատկանյան Ռաֆայել՝   Մանկական բանաստեղծություններ

Pages: First Previous 1 Next Last

ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐ ՏԱՐԻ

Ահա՛ հասավ Նոր տարի,
Հետը բերեց նոր բարի,
Մանըր տըղոց` ուրախ օր,
Բարի զավակ` հորն ու մոր:

Մանըր տըղայք են ուրախ,
Ունին կաղին, կոզինախ,
Սալորի չիր, չամիչ, թուզ,
Փըշատ, ունաբ ու ընկույզ:

Մանըր տըղայք` չի մոռնաք,
Աշխարհքումըս չեք մենակ,
Ուրիշ շատ խեղճ տըղայք կան
Աղքատ և անօգնական:

Նոքա հայր և մայր չունեն,
Սև չոր հացի կարոտ են.
«Աղքատներին ողորմած
Եղե՛ք», կասե ձեզ աստված:

ՁՄԵՌ

Չըգիտեմ` ինչո՞ւ ձըմեռվա օրը
Հիշում եմ ես միշտ իմ հայ-եղբորը,
Ասում եմ` արդյոք չունի՞ նա կարիք,
Հաց, միս, եղ ու փայտ ունի՞ նա հերիք,
Ունի՞ տաք հալավ, ունի՞ նա մուշտակ,
Ամո՞ւր է տունը, կըտուրը չէ՞ ծակ...
Ու այնպես ես միշտ ձըմեռվա օրը
Միտս բերում եմ իմ հայ-եղբորը:

ԳԱՐՈՒՆ

Կարոտ ենք տեսքիդ, աննըման գարուն,
Շո՛ւտ արի մեզի, բե՛ր ծաղիկ սիրուն,
Բե՛ր պայծառ արև, բե՛ր մեզ տաք օրեր,
Ճըռվըռող թըռչուն. բե՛ր կանանչ դաշտեր:

Բա՛ց մեր դըռները, բա՛ց մեր պատուհան,
Թող բացվին, ծաղկին, վարդ, մեխակ, շուշան.
Փակված սենյակեն ելնինք, ազատվինք,
Կանաչ դաշտ երթանք, խաղանք, գլորվինք:

ԱՆՁՐԵՎ

Անձրև, անձրև` ցած արի,
Բըսցուր ցորեն ու գարի,
Բըսցուր ծաղիկ, կանանչ խոտ,
Ավլե՛ փոշի, մաքրե՛ օդ:
Անձրև, անձրև` ցած արի,
Գալըդ ամենուս բարի:

ԾԻԾԵՌՆԻԿ

Մարտն անցավ, հասավ ապրիլ գեղեցիկ,
Հեռու աշխարհքե եկավ ծիծեռնիկ,
Բարո՛վ դուն եկար, գարնան կարապետ,
Բուն շինողներից ամենից վարպետ:

Կըռունկը թըռավ, գընաց վերերեն,
Սոխակն ալ փախավ մեր պարտեզներեն,
Մեկ դու մընացիր ճընճղուկների հետ,
Սիրուն ծիծեռնիկ, գարնան կարապետ:

Պատուհանիս մոտ շինե քու բունը,
Անուշ ճըռվողով երգե գարունը,
Ածա ձու, հանե գեղեցիկ ձագեր,
Մընա մեր մոտը մինչև սեպտեմբեր:

ՁՅՈՒՆ

Երբ որ ձյուն կուգա` ես կուրախանամ,
Որ դուրս պիտ ելնեմ, դահուկ պիտ խաղամ
Բայց տեղս որքան աղքատ տըղայք կան,
Որ տաք հալավե կարոտ կը մընան:

ՊՏՈՒՂՆԵՐ

Լավ պըտուղներ են`
Տանձ, կեռաս, սալոր,
Մոր, ելակ, հաղարջ,
Դեղձ, բալ ու խընձոր:
Բայց երբ տեսնում եմ
Խաղող ու ծիրան,
Ինչո՞ւ հիշում եմ
Ես միշտ Հայաստան:

ԳԱՌՆՈՒԿ

Սիրուն, անմեղ իմ գառնուկ,
Բուրդըդ սպիտակ ու փափուկ,
Դաշտ վազելով ու արոտ,
Մորըդ քաշում ես կարոտ.
Մի լար, գառնուկ սիրական,
Փոքրիկ տըղի դու նըման,
Կու գա մայրըդ, հետը շատ
Կը բերե քեզ անուշ կաթ:

ԽԵԼՈՔ ԵՐԵԽԱ

Խելոք երեխան այսպես պիտ լինի.
Կանուխ պիտ զարթե, շուտ քուն պիտ մտնի.
Պիտի չի մաշե սիրտը հորն ու մոր,
Դըպրոց պիտ երթա, կարդա ամեն օր:

ԱՇՈՒՆ

Աշունը եկավ, թափվեցավ սաղարթ,
Էլ մի փընտրիլ դու մանուշակ ու վարդ,
Բնությունը տխուր, պարտեզը տըրտում,
Ձըմեռվա հոգսն է մարդոցը սրտում:

Երեխան փակված մենակ սենյակում,
Պատուհանիցը պարտեզ է նայում,
Միտքը բերում է գարնան օրերը,
Մարգերի վրա զըվարթ խաղերը

Մի՛ տըրտմիլ, տըղա, թո՛ղ անցնի մարտը,
Նորից կը բացվին նարգիզն ու վարդը,
Նորից սոխակը պիտի գա հանդես
Նորից խաղալու դու կերթաս պարտեզ:

ՎԱՐԺԱՏՈՒՆ

«Մայրիկ` ինչո՞ւ այս խեղճը
Ման է գալիս գըջըլտած,
Ոտքը բոբիկ, գըլխաբաց,
Ինքն էլ գրեթե միշտ քաղցած»:

Որդյակ` դա էլ քեզ նըման
Մի օր տըղա էր փոքրիկ.
Բայց թողուցին անխընամ
Նորան մոտի վատ մարդիկ:

Չուղարկեցին վարժատուն,
Բարի խըրատ չի տըվին,
Մընաց խեղճը անուսում,
Ծույլ ու անգործ բընավին

Ինքըդ դատե, բըրետեն
Օգուտ ունի՞ մեղվանոց.
Նույնպես գիտցիր` տըգետեն
Երբեք չիկա շահ մարդոց:

Այս ժամանակ մեզ կուտան
Մարդիկ հալավ, տուն ու հաց,
Երբ որ նոքա կըստանան
Մեզանից շահ` փոխադարձ

Այս պատճառով` այդ մարդը
Ման է գալիս գըջըլտած,
Ոտքը բոբիկ, գըլխաբաց,
Ինքն էլ գրեթե միշտ քաղցած:

«Մայրիկ` չուզեմ ես նըման
Լինել թըշվառ այդ մարդուն.
Այսուհետև պիտ երթամ
Ամենայն օր վարժատուն»:

ԿԱՏՈՒ

Կատուն եկավ փիսիկ-փիսիկ,
Հազար նազով ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց թաթիկներով,
Մազը սանրեց չանչիկներով.
Կատո՛ւ, կատո՛ւ, հե՞ր ես տրտում,
Թե՞ մկներն են այսօր զարթուն:

ԲԱԴԻԿ

Բադիկ-բադիկ,
Կարմիր թաթիկ,
Ո՞ւր ես գընում կամաց-կամաց,
Ձագուկներդ չորս կողմըդ առած,
Ես գնում եմ ջուր գտնելու,
Ձագուկներիս լըվանալու,
Ձագուկներըս մաքուր-մաքուր,
Տղոց երեսն աղտ է ու մուր:

ԳԱՐՈՒՆ

Արի, գարուն,
Արի, սիրուն,
Բեր պարզ արև,
Առատ անձրև.
Խնդրե տերեն
Հաճար, ցորեն,
Ձմեռն էր մեծ
Ողջ ըսպառեց.
Ամբար, մառան,
Դատարկ դառան:

ԱՐԵՎ

Արև, արև, արի դուս
Քեզ բերել ենք աչքի-լուս,
Քու քուրիկը լուսինկան
Բերեց չամիչ մեկ աման,
Ամպը եկավ, մութ արավ,
Չամիչն աչքերես կորավ.
Բաց երեսըդ, արեգակ,
Մեկ բուռ չամիչ քեզ կուտանք,
Օ՛խ, արևին խաբեցինք,
Ամպի տակեն հանեցինք:

ԾՈՒՅԼ

Մինչի հորձակ քուն եղար
Քընետ ելար` հաց կերար,
Հաց կերար ու կըշտացար,
Կըշտացար ու պառկեցար,
Այսպես տարիներ կեցար
Հետո ինչո՞ւ գանգատ կանես,
Որ ապրուստի ճար չունես:

ՁՅՈՒՆ

«Ախ, ինչո՞ւ-ինչո՞ւ կուգա պաղ ձյունը,
Նորից ամիսներ պիտ մընամ տունը,
Տեսնելու չեմ ես կանանչ ծառ, արոտ,
Հոտոտ ծաղիկեն պիտ մընամ կարոտ»:
Ձյունը որ կուգա երկնքեն ի վար,
Իմացիր, մեծ բախտ է մարդուս համար,
Վերմակի պես տաք կը ծածկե գետին,
Որ բույսի արմատը դիմանա ցրտին.
Նա հողին կուտա հյութ, պարարտություն,
Դաշտին ու արտին մեծ առատություն:
Մի՛ տրտնջալ, մարդ, դու բընութենեն,
Թե տաք և թե ցուրտ` մեզ միշտ օգուտ են:

ՄԱՆԻՇԱԿ

Դեռ ո՞ւր է ծիծեռ, դեռ ո՞ւր է սոխակ,
Գարնան կարապետ եկավ մանիշակ.
Երկնային խունկը չորս կողմը բուրեց,
Նորածին աշխարհ նախ նա համբուրեց:

Երկինքն է անամպ, շողշողուն արև,
Տանք մանիշակին, երեխերք, բարև,
Որ մեր դաշտերին բերեց նոր գարուն,
Նախշուն հավերով, ծաղկով զարդարուն:

ՏԽՈՒՐ ԵՐԵԽԱ

Երբ որ ծագեցավ պայծառ արեգակ,
Աքլար, աղավնի, հավ ու ծիծեռնակ,
Ձի, ոչխար, գառնուկ, այծ, ուլ, հորթ ու կով
Գնացին իրանց գործին ըշտապով:

Միայն ծույլ տըղան չի գնաց դըպրոց,
Գիրքը շըպըրտեց ու փախավ փողոց.
Իրիկուն ամենքն ետ դարձան ուրախ,
Միայն տըղան էր տըրտում, գլխակախ:

ԺՐԱՋԱՆ ՏՂԱ

Տըղան սիրում է ձեզ շատ, արեգակ,
Դաշտ ու պարտեզում ճըռվըռող թռչնակ,
Ճյուղերից կախ-կախ պտուղներ հասուն,
Բայց ձեզնից ավել պիտ սիրե ուսում:

Ուրեմն թողե՛ք, նախ դըպրոց երթա,
Ընկերների հետ դասերը նա տա,
Եվ երբոր իր սուրբ պարտքը կատարե,
Որքան որ ուզե` թող նա ձեզ սիրե:

Այնուհետև ցոլա՛, պայծառ արեգակ,
Այնուհետև երգե՛դու նախշուն թռչնակ,
Ու անուշ համը հասուն պըտուղին
Թող լինի վարձը ժրաջան տըղին:

ՎԱՆԻՉԿԱ

Վանիչկային շատ են գովում,
Որ լավ աշակերտ է նա,
Որ ֆրանսերեն վարժ է խոսում,
Ճանաչում է Եվրոպա:

Բայց մայր լեզու հայրենի
Մեջը մունջ է ու տգետ,
Չի ճանաչում Հայաստանի
Ոչ մի քաղաք, ոչ մի գետ

Ո՛չ մարդ, կըկու է քո Վանյան,
Որ սեփական չունի բուն.
Թութակ է քու գոված տըղան,
Որ չը գիտե իր լեզուն:

Pages: First Previous 1 Next Last