Պատկանյան Ռաֆայել՝   Հոդվածներ, Հուշեր, Ճառեր և նամակներ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՀՈՒՇԵՐ, ՃԱՌԵՐ ԵՎ ՆԱՄԱԿՆԵՐ

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԼԵԶՈՒ

Նորերումս դուրս եկավ Մոսկովումը «Հիշատակարան Լազարյանց Տոհմի» անվանած գիրքը, որ լույս-ընծայել է Լազարյանց ազգալույս ճեմարանի կրոնի դասատուն (Մսեր Մագիստրոսը): Հիրավի որ այս գիրքը մեծ ուրախություն պիտի պատճառե ամեն մի բարեմիտ հայի, մանավանդ նոցա, որոնք կենում են Ռուսաց Տերության մեջ. պատճառ որ` հազիվ թե կգտնվի որպես և իցե հայաբնակ քաղաքներումը այնպիսի տուն, ուր-որ մտած չլինի այս բարերար տոհմի առաքինագործ նշույլը: Բայց այս անգամին ոչ գրքի ներքին պարունակությունը տվեց մեզ շարժառիթ խոսել (որ մենք պարտ անձին համարում ենք ուրիշ անգամ` ավելի մանրամասն ճառելու նորա վերա), այլ նույն հեղինակի խոսքերը, որով վերջանում է հառաջաբանությունը:

«Ի մատենագրութեանս յայսմիկ, ասում է գիտնական Մսեր Մագիստրոսը, զդրոյն, այն է, զհինն, զկանոնաւորն եւ զհարազատն մեր ի կիր ասի բար-բառ, եւ ոչ զնորն չմշակեալ, իմա՛ զռամկացն զկողմանց կողմանց զաշխարհիկն անուանեալ, աղխազուր լեզու, զի որքան համեղական եւ ազգոյ եւ գեղեցիկ է առաջինն, այնչափ անհամ է վերջինն, թոյլ, տգեղ, անհեթեթ և զուրկ միանգամայն ի կարի կարեւորացն կանոնաց ուղղախօսութեան, որպես եւ շատք իսկ ոչ յաննշանից արանց` որ քաջահմուտ լեզուիս ճանաչին, վկայեն անաչառապէս»:

Այսպիսի սաստկությունը, այսպիսի խստությունը ընդդեմ աշխարհիկ լեզվին (թող ներե մեզ հարգելի հեղինակը), որքան ավելորդ, այնքան ևս զարմանալի երևեցավ մեզ: Ավելորդ այնու համար, որ մինչև ցայժմ, թվի մեզ, չի եղեր այդ սովորությունը, ոչ հին և ոչ նոր հեղինակաց մեջ, որ յուրյանց գրքի յառաջաբանության մեջը հիշեն` թե ինչու համար են գրոց լեզվավ հորինել և ոչ հասարակ խոսակցության բարբառով. իսկ եթե ընդհակառակն, աշխարհիկ լեզվավ գրողք, որպես տեսանում եմք, սորա համար խոսում են, պատճառը այն է, որ սոքա հին սովորությանը չհետևելով պարտավոր են համարում հայտնել յուրյանց նպատակը, որ իբր նոր իմն հնարք է` լուսավորությունը ազգի մեջը տարածելու համար: Արդա՞ր են մի սոքա կամ մեղապարտ` հետևյալ տողերումը փոքր ի շատե կտեսնամք, և հարգելի հեղինակը գուցե կտեղեկանա` թե ինչո՞ւ համար զարմանալի ևս համարեցինք սորա վերոհիշյալ խոսքը:

Հարգելի հեղինակին չէ անհայտ թե ի Ռուսաստան, ի Տաճկաստան և այլ տեղիք, ուր և ժողոված են հայազգի բնակիչք, շատ գիրքեր են հայտնված աշխարհիկ լեզվավ, ուրեմն նոցա հորինողքը, որոց մեջ կան բավական երևելի անձինք, չկարացին հասկանալ յուրյանց աշխատանաց զուր և անարժան լինելը, և կամ գրոց լեզվի թշնամի՞ք էին, հուսամ թե` չեք ասիլ` այո: Գուցե թե աշխարհիկ լեզվի գործածությունը ազգի հարկավորություն համարեցին, կամ նորա պահանջողության իրավունքը ճանաչեցին:

«Չէ մշակեալ», — ասում է հարգելի հեղինակը, — «այդ լեզուն անհամ է»: Ճշմարիտ է, բայց եթե այդ չմշակյալ լեզուն բոլոր ազգը յուր բերանումը ունի և փոքր ի շատե հասկանում է միայն այդ լեզվավ գրած գրքերը. հա՞րկ է արդյոք այդ լեզվավ նորա հետ խոսել և նորա համար գրել, թե այն հին և մշակյալ լեզվավ, որո համար նա ասում է` «կարելի է լավ է, բայց ես չեմ հասկանում»: Ակներև չէ՞ արդյոք ևս, թե ազգը բան հասկանալով պիտի լուսավորվի, գուցե նորա լուսավորության մեջը հետզհետե մտնի յուր հին լեզվի գոնե մասնավոր տեղեկությունը ևս: Եթե անհամ է այդ լեզուն, ինչո՞ւ ուրեմն խոսում է ինքը հարգելի հեղինակը, որ շատ լավ գիտե գրոց համեղական լեզուն: Կարելի է ասե նա` «Այնու համար, որ ազգը չի հասկանալ իմ գրոց բարբառը»: Եթե այդպես է, ուրեմն պետք է համաձայնի` թե հարկ համարելով աշխարհիկ լեզվավ խոսելը` ոչ միայն անվնաս է, այլ և շատ օգուտ է նորա համար գրքեր ևս հորինելը, մանավանդ որ գրքի մեջ ըստ մեծի մասին ավելի բան կհասկանա, քան թե խոսակցության: Սորանից հետևաբար երևում է, թե լուսավորությունը և եվրոպական քաղաքականությունը անշուշտ միջնորդությամբ աշխարհիկ լեզվին պիտի տարածվի մեր ազգի մեջ. և եթե այդ ճշմարիտ համարե հարգելի հեղինակը` ուրեմն աներկբայ պիտի լինի նա, թե աշխարհիկ լեզվի մշակումը այդ միջնորդության մեջն է, որովհետև դեռ ևս իբրև անգործ երկիր է:

«Ռամկաց է», — ասում է հարգելի հեղինակը. — բայց միթե հարգելի հեղինակի խոսակցական լեզուն ռամկա՞ց է, ո՛չ. բայց հայտնի է` թե գրոց ևս չէ՛. ուրեմն այժմյան ժամանակի համար կարելի է հարմարել մեկ այնպիսի եղանակ կամ ձև խոսելո ու գրքեր ևս հորինելո որ գրոց լեզվի նման ազգին անհասկանալի լինելով` կարե ռամկաց ևս չլինել. բայց ռամիկ ժողովրդոց բավականապես հասկանալի լինել: Մի գուցե ծիծաղելով մեր վերա` ասե հարգելի հեղինակը` «Թող այդ ձևը լինի քո գրույդ ձևը, որո մեջը անդադար երևում է միևնույն բառից զանազանակերպ հոլովմունքը և խոնարհմունքը, և որ ամենևին զուրկ է այն գեղեցկությունից, որով գրոց լեզուն կարե պարծիլ»: Այդ պակասությունները մեք խոստովանում եմք. բայց եթե հրամայե հարգելի հեղինակը` փոքր ինչ կարեմք արդարանալ ևս ասելով թե` որովհետև աշխարհիկ լեզուն չունի սահմանավորյալ կանոններ, ուրեմն նորա խտրությունները հարկ է հանձնել ժամանակին, որ մեզ համար թերևս անիմանալի հնարյուք մշակելով այդ լեզուն, որպես վերը ասացինք, նորա կանոնները ևս կբերե սահմանի մեջ կդնե, իսկ եթե ոչ այդպես` գուցե զորացուցանելով մեր մեջը գրոց լեզվի տեղեկությունը` փոքր առ փոքր սովորական կշինե մեզ համար վերջնույս կանոնները: Այդ լեզուն, որով մենք գրում եմք և որով հարգելի հեղինակը խոսում է` գրոց բառերից չէ՞ բաղկացած արդյոք և նորա ձևն չէ՞ միայն հարմարացրած ռամկաց խոսակցական ձևին, եթե միջնորդությամբ այդ ձևին ազգը կարող էր փոքր ի շատե մեր խոսքը հասկանալ, կարող է նմանապես ընտելանալ փոքր ի շատե նաև մեր գործածած գրոց բառերին, և այս կերպիվ կարելի է նորա հույսը կկատարվի` թե գրոց բառերի հետ ընտելանալով` այդ լեզվի կանոնները և ձևերը ևս կարեն երբեմն խորթ չլինել նորա համար: Այս միտքի հաստատության համար եկեք տեսանեմք` թե Տաճկաստանի մեջը, — ուր ավելի է գործածած աշխարհիկ լեզուն, — ի սկզբանե մինչև ցայժմ այս գործածությունը վնասե՞ց գրոց լեզվի տարածությանը, այսինքն` եթե աշխարհիկ լեզուն գիրքերի և օրագիրների մեջը գործածած չլինեին` գրոց լեզվի տեղյակքը ավելի՞ կլինեին այժմ, թե պակաս: Ըստ մեր` կարծյաց պակաս կլինեին, որովհետև գրոց լեզվավ գիրքերը և օրագիրները չէին կարդալ և այդ կնշանակե թե` ոչինչ չէին կարդալ. իսկ կարդալով աշխարհիկ լեզվավ գրած բաները ավելի ևս ընտելացան գրոց լեզվին և շահաբեր համարեցին նորա ճիշտ ուսանելը: Չիցե թե հարգելի հեղինակը կամենա մեզ ցուցանել Մխիթարյանց միաբանությունը, որ առանց այդպիսի հնարից հասավ գրոց լեզվի տեղեկության վերին աստիճանը: Սորա պատասխանը ի մերույս կողմանե այն է` թե նոքա լեզվի ուսմանը իբրև արվեստի պարապեցան. իսկ բոլոր ազգը ոչ կոշկակար կարե լինել և ոչ դերձակ: Եթե աշխարհիկ լեզուն չունի գեղեցկություն, այդ կնշանակե` թե սա չունի դեռ կարոտություն գեղեցկության, այսինքն այդ լեզվավ խոսողքը ուսումնասիրական կենաց մեջ չլինելով, դեռևս չունին սովորություն խոսելու զանազան ուսմանց, զանազան գյուտից և կամ քաղաքագիտության վերա: Երբ որ այդ ամենայն բաները փոքր ի շատե կլսեմք սոցա բերանիցը կտեսնեմք, որ նոքա նույն լեզվավ չեն խոսում, որով հառաջ էին խոսում. ուրեմն զարմանք չէ` եթե աշխարհիկ լեզվավ գրությունք և հորինվածք ևս այդ աստիճաններովը ելանեն կատարելության, — իհարկե և գեղեցկության վերին սանդուղքը. ուղղախոսության կանոնները ևս, որք այժմ կան ամենայն խոսակցությանց մեջ` այն ժամանակ կդաշնավորին և կարեն առարկա ևս լինել ուսման: Ուրեմն մեր այժմյան կենդանի ազգի համար հա՞րկ է մեզ արդյոք հետ վազել այն կանոնները ըմբռնելո համար որ մեռյալ սերնդոց կպատկանեին և որոց օտարությունը այժմ ազգը կոր ի գլուխ խոստովանում է: Հառաջ երթամք այլ լուսավորյալ ազգաց նման, որովհետև մեր հառաջումը ևս, որպես տեսանում եմք, կան կանոններ և կարոտում են միայն կարգավորության և դաշնավորության. եթե մեր խոսակցական լեզուն մենք չեմք ամաչիլ գործածել` շուտով կտեսնեմք, որ ուղղախոսության, գեղեցկախոսության և քաղցրախոսության կանոնները կհայտնվին: Ով թե ինչպես գեղեցիկ կլինին այդ կանոնները, ի՞նչպես կսիրե նոցա մեր ազգը, որովհետև յուր կենդանի լեզվիցը կբխեն, ի՞նչպես յուր կյանքը կսկսե նորանցով գարդարել` իբրև գեղեցիկ հագուստով: Եթե այդ ամենայնը անընդունելի է հարգելի Հեղինակին և անախորժ, ուրեմն նա ավելի պիտի հավանի ազգիս այժմյան աննախանձելի դրությունը, երբ որ մեր եղբորը կամ բարեկամին հարցնում եմք` ինչո՞ւ համար են միշտ այլազգի գիրքերը կարդում և հայերեն ոչինչ չեն կարդում` նոքա պատասխանում են մեզ` «Ի՞նչ կարդամք, որ ոչինչ չեմք հասկանում, օտարինը էլի փոքր-մոքր հասկանում եմք և կարդալով գոնե խոսել եմք սովորում», այսինքն` օտարի լեզուն սովորում են և հայինը մոռանում: Թող հարգելի հեղինակը տեսնե Մոսկովի (ուր որ ինքն է բնակում) բնակիչ հայերի գերդաստանը, որպես և մենք տեսնում եմք Պետերբուրգի հայոց տները, ուր ծնողք գեղեցիկ կխոսեն հայերեն, իսկ զավակունք հազիվ մեկ քանի բառ գիտեն, և հարցնելու ժամանակը ամոթով միայն ասում են` «խասկանում եմ»: Մի՞թե ազնվամիտ հեղինակի սիրտը չի ցավում, խղճմտանքը չի չարչարվում` այդպիսի խոսակցությունից: Մենք ևս խոստովանում եմք` այդ միտքը, այսինքն աշխարհիկ լեզվի գործածության հարկավոր լինելը մերը չէ, և շատ ժամանակ չէ անցած, որ պատվելի հեղինակի նման կատեիմք մեր անհամ աշխարհիկ լեզուն. բայց շատ անգամ խորհրդածությանց մեջ լինելով այս առարկայի վրա և խոսակցելով այլոց հետ` տեսիմք, որ այդ միտքը հզոր է և նորա զորությունը չի խոստովանողը հատկապես չէ կարեկցում ազգի տգիտությանը. որովհետև չէ կամենում նորա լուսավորությունը. կարելի է այլով կերպիվ ևս ասել` թե շատ բան ավելի է սիրում, քան յուր ազգը:

Հարգելի հեղինակը կարե ասել ոմանց հետ ի միասին` թե մեր աշխարհիկ բարբառը զանազան է այլևայլ հայազգի ժողովրդոց մեջ: Ճշմարիտ է: Բայց մի՞թե իրավունք է մեզ այժմ իսկ պահանջել, որ մեր Ռուսաստանի աշխարհիկ լեզվավ գրած գիրքերը ամենայն երկիրներումը կարդան, երբ որ մեզ հայտնի է, որ դեռ Ռուսաստանի հայոց մեջ շատ չեն ընթերցողքը, իսկ եթե նույն Ռուսաստանի հայոց մեջ կա զանազանություն, այդ տեսանում եմք Ռուսաց մեջ ևս, որ երբեք խափան չէ լինում մեկ լեզվավ նոցա գիրքերը գրվելույն: Ուրեմն` թող մեր գիրքերը, որ Ռուսաստանի աշխարհիկ լեզվավ կգրվին, միայն մեր ժողովուրդը կարդա և սորա համար ևս կարեմք լիասիրտ փառք աստուծո ասել և հավատացնում եմք հարգելի հեղինակին թե` երբ որ Ռուսաստանի մեջ մեր գիրքերը ուրախությամբ և բավականությամբ կկարդան` նոցա արժանավորությունը չի թաքցվիլ օտար երկրացի հայ ժողովուրդից, — նոքա ևս կկարդան մեր գիրքերը, որպես և մեք նորանց գիրքերը: Եվ ահա այստեղ է բացվում հաղթանակի հանդեսը, — ինչ-որ նոցա գրվածոց մեջը մեզ քաղցր և գեղեցիկ կերևի` մեք կընդունեմք և գործ կածեմք. այսպես ևս օտարք մեր գիրքերի հետ կվարվին: Նպատակը ակներև է թե` փոքր առ փոքր կգամք, եթե ոչ միության, գոնե այն աստիճանին, որ լավ գիրքը, լավ հորինվածքը որևիցե երկրի` միօրինակ լավ կլինին նոցա և մեզ համար. անկասկած պիտի լինիմք` թե այդ հաջողությունը բավական կօգնե կանոնների և գեղեցկության համար ևս:

Արդարև կմեղանչեինք, եթե քարոզեիմք այժմ իսկ ուսումնարանաց մեջը աշխարհիկ լեզուն ուսուցանել, որովհետև այդ լեզուն չունի դեռևս ուսանելի կանոններ, և ի մանկութենե գրոց լեզուն ուսանելով` մենք հասնում ենք այն նպատակին, որ ռամկի հետ խոսելու ժամանակը, թեև հատկապես նորանից լավ եմք խոսում, նա կարողանում է յուր խոսակցությունը մեզ հետ շարունակել և ցանկանում է ինքն ևս լավ խոսել. այս բանիս հաստատությունը կարող եմք դյուրավ երևաբերել շատ օրինակներով, որ կգտնեմք երկար չդեգերելով: Եթե կհավատա հարգելի հեղինակը` թե մեք անհաշտ թշնամի չենք գրոց լեզվին, կարեմք ասել` թե այժմյան ժամանակի համար նա պիտի լինի իբրև հանք, որո միջից պետք է դուրս բերեմք ոսկի և արծաթ, որոց կարոտությունը զգում է մեր աշխարհիկ լեզուն: Գրոց լեզվի կանոնավոր և գեղեցիկ լինելը ամենքյան ընդունում են. բայց արդյոք մեր կյանքը մտանո՞ւմ է այդ լեզվի մեջը: Հարգելի հեղինակը և յուր պաշտոնակիցք այնպես քաջ գիտեն մեր գրոց լեզուն, որ Ռուսաստանի հայկաբաններից մինն են, ուրեմն միմյանց հանդիպած ժամանակը ինչո՞ւ համար չեն խոսում գրոց լեզվավ. այդ չէ՞ որ` նոցա կյանքը և վարքը ևս չէ տանում այդ լեզվին, և ժամանակը ինքը օտար է համարում նորան: Կամեի ասել ևս` թե գրոց լեզվի գրքի մեջ գործածությունը սովորությամբ մնացած լինի մինչև ցայժմ կամ նույն կարծյոք թե` գեղեցիկ է, ազդու է և այլն. այլ ոչ անշուշտ հարկավորությամբ:

Ավելորդ չենք համարում այստեղ բերել հարգելի Ախվերդյանի երևելի խորհրդածությունը այդ մասին, որ մեծ լույս ձգում է գրոց և աշխարհիկ լեզուաց վրա, որի նմանը մեք տակավին չէինք կարդացել հայոց գիրքերից ոչ մինի մեջ:

«Անհաստատ է մեր կարծիքն իբր թե բոլոր Հայաստանի հայերն մեկ ժամանակ խոսում ըլին ելել` մեր հինգերորդ դարու թարգմանիչներու ու սրանց թարգմանած Աստվածաշունչ գրքի լեզվով: Կարելի է հինգերորդ դարու հայերն մեզանից հարյուրապատիկ ավելի հեշտությունով էին հասկանում էն լեզուն, բայց խոսելով չեն խոսել. էնդուր որ` ինչպես հիմի, նույնպես և ամեն ժամանակ ու ամեն ազգի մեջ սովորելու է եղել գրավոր կամ գրականական լեզուն: Թե ելել է և ժամանակ, որ ամեն հայերն էլ խոսած ըլին եղել մեկ լեզվով էն էլ Հայկի ժամանակին ու շատ շատ մի երկու դար նրանից հետո: Ազգն բազմանալով ցրվելիս ու գավառ գավառ բովանդակվելիս. հենց էն գլխեն համեմատ թե աշխարհագրական, թե կենցաղավարական հանգամանքներու, ինչպես տեսնում ենք ևս ուրիշ ազգերու մեջ, կամաց փոխած պիտի ըլի իր մայր լեզուն, ու ժամանակով հարևանիցն էլ բան սովորելով պիտի նորան տված ըլի ամեն տեսակ նոր ձևեր ու դարձվածներ էնպես, որ լավ որոշվել են գավառական լեզուներն մեկ մեկուց: Հայաստանու հնուց բազմալեզու ըլիլն` կարծիք չէ: Էս գավառական բարբառներուց մեկն, կարելի է հենց էն, որն որ ավելի կու լի պահել իր մեջ մայր լեզուի հատկություններն, քուրմերու ձեռքին, արքունեաց կամ նախարարներու դրանն ավելի գործ դնելով ու քաղաքականության մեջ աճելով դառել է գրավոր, ու գրվելով էնպես կոկվել ու հարստացել է ճոխ ձևերով ու դարձվածներով, որ ևս նույն գավառի բնակչից պահանջել է իրեն հասկանալու ու բանեցնելու համար` իր սովրիլն: Էսպես մայր լեզվից կամ մեկ գավառական լեզվից գոյացել ու մեծացել է մեր գրաբառ ասած լեզուն, որո` երանելի Մեսրոպի մեր նշանագիրներու գտնելուց շատ առաջ գրավոր ըլիլն ամենին լավ հայտնի է, էնդուր էլ անկարելի է որ Ագաթանգեղի ու Սուրբ Գրոց վարպետ ոճն` հեշտ հասկանալի ըլեր ամեն չսովրած ու անկիրթ, թեպետ և ժամանակակից հայուն»:

Վերջապես, հարգելի հեղինակին քաջ հայտնի է` թե որքան սիրել և գովել եմք նորա ամեն մի շարադրությունը, որ մինչև այսօր լույս-ընծայվել են. ուրեմն գեղեցիկ գրոց լեզվավ հորինվածք անախորժ չեն մեր ճաշակին. թող գրե նա, որքան և կամի այդ լեզվավ, բայց և թող հավատա որ ազգը, այսինքն ժողովրդով բազմությունը, չի կարդալ նորա գրքերը, այլ միայն հանքերը կավելանան: Բայց այս ևս թող իմանա թե` որքան նզովք, անեծք և զրպարտություն հրապարակե յուր գրքերի հառաջաբանության մեջը` նորա ամենայն ճգնությունը ունայն և անզոր կլինին ազգի բերանիցը նորա լեզուն խլելու և կամ տպագրությամբ չերևելո համար:

ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պ. Մ. ԷՄԻՆԻ ՄԱՍԻՆ

(Նվեր բարեկամական Գևորգ Քանանյանին)

Կյանքը մի մարդու, որն ավելի քան թե կես դար անդադրում և քրտնաջան վաստակել է հայկական մտավոր ասպարեզի մեջ. որն ազգային գործունեության մեջ միշտ գլուխ կանգնած է եղել, անշուշտ, այդպիսի մարդու կենցաղը իր համազգիների համար խրատական և հրահանգիչ է: Ակնարկությունս Մկրտիչ Էմինի վրա է:

Մի տարի առաջ Մկրտիչ Էմինի պաշտոնակիցները կամեցան նրա հիսնամյա մանկավարժական և գրականական գործունեությունը հրապարակավ պատվել և պատվեցին իսկ` առ մեծի ուրախության բոլոր հայ բանասիրաց և ի պատիվ հայության: Այդ դիպվածով հիշվեցան նրա ամեն ցույց տված երախտիքն թե՛ հայ մանկության, թե՛ Լազարյանց պանծալի ճեմարանին, թե՛ հայկական գիտության նրա գործունեությունը. նրա վարքը, նրա խոսքերը հիշեցին այնպիսի անձինք, որոնք ազգերու մտավոր առաջադիմության մի մի պարագլուխ են ճանաչված, այնպես որ այսուհետև Մկրտիչ Էմինի մասին մի որևէ բան խոսելն կամ գրելն` իբր լրումն նրա կենսագրության և այդ մանավանդ ինձ նման մի աննշմարելի անձին, առ սակավը ավելորդ է. չուզեմ ասել ծաղրաշարժ է: Այսուամենայնիվ, ես ևս կամեցա իմ լուման ձգել այդ գիտնականաց կաճառի դիզած ճոխ մտավոր գանձարանի մեջ, և առաջվանե ասում եմ, որ այս իմ կատարածը Մկրտիչ Էմինի գլուխը զարդարող դափնյա պսակը մի տերևով անգամ չի ճոխացնիլ:

Հայրս` Գաբրիել Պատկանյանը, իր ժամանակումը և իր քաղաքի մեջ համարվում էր երևելի քարոզիչ, հայկաբան և պատմագետ. այս որ ասում եմ, օրես 45-50 տարվա բան է. իսկ գիտցողը գիտե, թե 50 տարի առաջ ի՛նչ վիճակի մեջ էր հայկական մտավոր զարգացումը: Ի պատիվ հորս այսքան միայն կասեմ, որ նա Նոր-Նախիջևանի համար ամբողջ 30 տարի մի տեսակ բարոյական արեգակ էր, որ իր շուրջը սփռում էր լույս և ճշմարտություն: Այն ընդհանուր հարգանքը և զարմանքը, որ շրջապատել էր հորս, կարծես պիտի դարձներ նրան անձնասպան, ինքնահավան, եսամոլ, բայց իրոք այդպես չեղավ. հայրս միշտ մնաց համեստ` և որ գլխավորն է, նա չկուրացավ և չկուրացուց իր չորս կողմ եղողներին. նա միշտ ասում էր, որ նա լոկ աշակերտ է հարց Մխիթարյանց. Միքայել Սալլանթյանին և այդ միջոցներին նոր ծագող աստղինՄկրտիչ Էմինին:

Ամեն անգամ, որ հայրս իր աշակերտներին պատմում էր թե՛ քերականությունից և թե՛ պատմությունից, նա միշտ ասում էր, դառնալով ինձ` «Աստուծով, երբ որ Մոսկվա կերթաս` առավել լավերը, առավել կատարյալները կլսես Լազարյանց ճեմարանի հռչակավոր Մկրտիչ Էմին վարժապետից»: Եվ այս բանը այնքան հաճախ կրկնվում էր և Մ. Էմինի անունը ամեն հետաքրքիր և նշանավոր գիտելիքի մեջ այնքան շատ հիշվում էր, որ այնուհետև իմ երևակայության մեջ Էմինը դարձել էր մի այնպիսի անձն, որ իմ ամեն հոգեկան պահանջներին լիուլի բավարարություն պիտի տար:

Ես անչափ շնորհակալ եմ հորես, որ իմ մեջ ներշնչեց հեղինակության առջև երկրպագություն անելու զգացմունքը, որ այս օրս մեր հայ պատանեկության և երիտասարդության սրտերեն բոլորովին անհետացած է: Սխալվել եմ, թե ոչ, չգիտեմ, բայց այն գիտեմ, որ մանկությանս և պատանեկությանս միջոցին` իբրև անսխալական էակների խոսք, կարդացել եմ Եղիշեն, Խորենացին, Փավստոսը, Ղազար Փարպեցին, Լերմոնտովը, Տուրգենևը, Գոգոլը, Ժան-ժակ Ռուսոն, Բեռնարտեն դը սեն Փիեռը, Մոլիեռը, Շեքսպիրը, Շիլլերը և այլն, և այլն. հավատացել եմ նոքա զգացմանց սրբությանը և իմաստասիրել եմ նոցա ասացվածքի ձևը:

Այս համոզմունքով մտել եմ, ինչպես աշակերտ, Վեհազնյա Լազարյանց ճեմարան և այս համոզմունքով աշակերտել եմ Մկրտիչ Էմինին ընթացս 1843-1849 թվականներին:

Ես մտադիր չեմ, ինչպես վերը հիշեցի, Մ. Էմինի վարքը գրելու, նախ որ` չեմ զգում իմ մեջ այնքան հմտություն, որ կարող լինիմ հիմնովին և մանրամասնորեն պատկերացնելու նրա մանկավարժական, գրականական և գիտական գործունեությունը, և երկրորդ` գիտեմ, ինձմեն շատ ուժովները պատրաստ են կատարելու այս բեղմնավոր գործը. ես այստեղ կուզեի ինչ ու ինչ նորա այն գծերը նկարելու, որն ըմբռնելի էին միայն մանկական հասակին և որն չէր նշմարիլ ավելի հասակավորը. իսկ այն, ինչ որ ես այժմ մտադիր եմ պատմելու, ոչ այլ ինչ են, եթե ոչ մանկական հիշողություններիս ինձ համար սուրբ և թանկագին նշխարները:

Բախտը ամեն մարդու ճակատագրած չէ, բայց ամեն մարդու վիճակված է եղել մանկություն և պատանեկություն, երանի մեր այդ տարիքին, որի հիշատակը միշտ քամում է մեր աչքերեն սփոփարար արտասուք:

Ինչպես այժմ, այնպես էլ գրեթե կես դար առաջ, վարժապետի դասախոսությունը շարունակվում էր մի ժամ. բայց Պ. Էմինը միշտ մտնում էր դասարան հինգ րոպե առաջ և դուրս էր գալիս տասը կամ ավելի րոպե հետո. մենք ոչ ձանձրանում էինք նրա դասերի երկարատևությունից և ոչ հոգնում էինք նրա պատմածները լսելեն, վասնզի Պ. Էմինին ծանոթ էր այն հազվագյուտ գաղտնիքը, որով վարժապետը հետաքրքրելի դարձնում է իր դասախոսությունը: Ինչպես հայտնի է, վարժապետի ժամը երկու հավասար մասի է բաժանված, մինը կիրարկվում է անցած դասը հարցնելով աշակերտներին, և մյուսը` նորը մեկնելով նոցա: Պ. Էմինի դասաժամը այնպես չէր անցնում. դաս հարցնելը շատ-շատ 1/4 ժամ էր տևում, մնացած մեծագույն մասը անցնում էր հետևյալ դասը մանրամասնորեն, հազար ու մեկ օրինակներով բացատրելով, պարզելով, մեկնելով և դասին վերաբերյալ զանազան հետաքրքիր մանրամասնություններ պատմելով: Պ. Էմինի պատմածը, եթե ասեմ, թե լսում էինք` սխալ ասած կլինեմ. մենք ամբողջապես կուլ էինք տալիս այն, ու հետ դասին օրերով ու շաբաթներով մեր ընկերական զրույցի և վիճաբանության առարկա էինք դարձնում: Պ. Էմինի սիրած բանն էր ծանոթացնել մեզ հայոց բառերի արմատներին, նոցա բաղադրվելուն ու ածանցվելուն. նմանապես սիրում էր նա համանուն բառերը իրար մոտ դասավորել և հազար տեսակ օրինակներով ցույց տալ նրանց տարբերությունը:

Շաբաթվա մեջ մի կամ երկու անգամ սովորություն ուներ նա ամբողջ դասաժամը մի բան կարդալ և կարդացածը պատմել, դժվար (խրթին) դարձվածները պարզել: Երկրորդ դասարանումն որ էինք, այս կերպով կարդացինք չորս ավետարանները և գործք առաքելոցը, երրորդ դասարանի մեջ կարդացինք գեղեցիկ Հովսեփի պատմությունը, Դանիել մարգարեի (Շուշանի պատմությունը) և Հովբա գիրքը. չորրորդումը` Գաբրիլ Այվազովսկիի օսմանյան պատմությունը, իսկ հինգերորդ և վեցերորդումն արդեն մենք ինքներս ազատորեն և գրեթե առանց բառարանների օգնության կարողանում էինք կարդալ և հասկանալ Եղիշեն, Խորենացին, Փավստոսը, Հոմերոսի` Եղիականը, Մահ Աբելին, Տելեմաքը, Միլտոնի Դրախտ կորուսյալը և շատ ուրիշ հայոց հեղինակներ և ընտիր թարգմանություններ: Շատ լավ միտքս է, որ Ալիշանյանի «Բլբուլ Ավարայրին» և նրա մյուս գեղեցիկ բանաստեղծություններն առաջին անգամ կարդաց մեզ համար Պ. Էմինը և ծանոթացուց մեզ նրա գեղեցկությունը և սեր ձգեց մեր մեջ ժողովրդական բանաստեղծության:

Պ. Էմինի դասախոսությունները մի շարք գրական, պատմական, կրթողական քարոզներ էին, որոնք խորունկ տպավորություն գործում էին մեր պատանեկական զգայուն սրտերու վրա, որ շատերիս մեջ անջնջելի մնաց և շատերիս համար թերևս մի տեսակ ուղեցույց աստղ եղավ:

Այն վեց տարին, որն Պ. Էմինը մեզ հետ անցուց, գուցե նորա մանկավարժական գործունեության համար ևս ամենագեղեցիկ ժամանակամիջոցն էր գուցե նա ինքն էլ երկար ժամանակ թերևս և առ միշտ, անմոռաց պահեց իր մեջ... Չեմ կարող ասել, որ Պ. Էմինի այն միջոցի աշակերտքս մեր մայր-Հայաստանի համար չնաշխարհիկ էակներ հանդիսացանք, ո՛չ. բայց այն համարձակ կարող եմ ասել, որ մեզ նման հայկական շահերին անկեղծ մտերիմ խումբ էլ մյուս անգամ չտեսավ մեր հարազատ հողը: Փափազյան, Աղափիրյան, Ասկարյան, Միրիմանյան, Ռոտինյան, Սիմեոնյան, Միանսարյան, Քերովբե Պատկանյան և այլն, և այլն աննշան և անհետք չի մնացին հայկական կյանքի մեջ: Այս ամենքին, Պուշկինի տողերը հայացնելով, կարելի է «Էմինի արծիվների փառավոր երամը» անվանել:

Այսօրվա պես հիշում եմ ուրիշ պատկեր ևս (անմոռանալի՛ օրեր սուրբ մանկության): Հունիսի պայծառ օր էր. ճեմարանի պարտեզը, հետ տաք և հորդահոս անձրևի, փայլուն և դալար տերևներով զարդարվել է. պարտեզի ավազացան շավիղները մաքուր, արեգակը վերեն թափում է առատ, բայց մեղմ ճառագայթներ, փոքրիկ աշակերտները խումբ-խումբ բաժանված, ո՛րը խաղում են ծառերի հովանիի տակ, ո՛րը կարդում և ո՛րը իրար պատմում իրանց հեռավոր, բազմակարոտ ընտանիքի մասին: Հանկարծ ներս է մտնում Պ. Էմինը. աշակերտները իսկույն թողնում են իրանց խաղերը, ընթերցանությունը և խոսակցությունը և գալիս խռնվում են նորա չորս կողմը և մեծ խումբ կազմած` սկսում են ճեմելու: Այստեղ ոչինչ առաջվանե նախագծած խոսակցության նյութ չիկա. խոսում են ամեն բանի վրա, խոսում են ճեմարանի վրա, խոսում են Վենետիկի հարց Մխիթարյանց ուխտի և մեր սուրբ Էջմիածնի վրա, միով բանիվ` ամենայն ինչ դառնում է նյութ նոցա խոսակցության: Պ. Էմինը այս երեխայական զրուցին տալիս է ուղղություն, նպատակ և իմաստ. առարկան քննվում է ամեն կողմից` աշակերտաց հասկացողությանը հարմար` իսկ որ գլխավորն է` ստանում է ազգասիրական ուղղություն: Երեխան սովորում է յուր հայ լինելը. երեխան դառնում է հարազատ սերունդ Հայկի և Արամի, նա դառնում է ուղղափառ հետևող Գրիգոր Լուսավորիչի մեկնած քրիստոնեական վարդապետության. տակավ առ տակավ պատրաստվում է նա հետևող լինելու Ղևոնդ Երեցին և Հովսեփին, որ Խոխոցիմ ավանեն էր: Այս շրջագայության միջոցին պատմության շատ խրթին տողեր պարզվում են և շոշափելի դառնում հայ երեխայոց և աշակերտաց առջև: Եվ, իհարկե, այսպիսի վայրկյանները հավիտյան անջնջելի մնում են մարդուս սրտի մեջ և նորա բոլոր կյանքը արձագանքներ են հնչեցնում մեջը:

Ծերերս շատ սիրում ենք մեր կեցած ժամանակը. մեր բարեկամներին, մեր անցած ուրախությունը, միով բանիվ` մեր ապրած կյանքը ավելի բարձր դասելու, քանց նորերը, այսօրվանները. այո՛, այդ ներելի և հասկանալի պակասությունը ունի մեր հասակը, բայց կարելի չէ մերժել և այն, որ հազիվ երբեք գտնվում են այնպիսի անցյալներ, որոնք լավագույն են քան ժամանակակից օրերը: Ո՞վ կարող է ժխտել, որ այժմվա Լազարյանց ճեմարանի ուսումը, դասատվությունը, աշակերտաց առաջադիմությունը, նոցա ապրուստը, նոցա մեծաքանակ համալսարան մտնելը և այլն, և այլև որևէ նմանություն ունի առաջվա գծուծ զարգացման. քա՛վ ինձ այսպիսի ստություն բերնես հանելը. այժմվա Լազարյան ճեմարանը շատ, շատ կողմանե վեր է, քան թե 35-40 տարի սրանից առաջ, երբ ես աշակերտում էի նորա մեջ: Բայց մի բան կա ճեմարանի անցյալ օրերու մեջ, որն ամեն անաչառ մարդ կասե, որ անցյալը այժմվանե վեր է, և այդ «մի բանն» է այն հայկական ոգին, որն աներևույթապես թագավորում էր ճեմարանի մեջ, որն այժմ նվազել է: Քառասուն տարի սրանից առաջ մենք ավելի հայ էինք, հայերենի ավելի տեղյակ էինք. հայոց շահերը թանկ էին մեր սրտերին. մենք զարգանում էինք հայկական գրականության մեջ. մեր իդեալները միայն մեր նախնիքն էին, առաքինության օրինակներ մենք որոնում և գտնում էինք մեր պատմության մեջ, լայն հոսանքով ծծում էինք հայկական օդը ճեմարանի մեջ և միայն հայ գործողներ լինելու համար էինք պատրաստվում. Փափազյանը եղավ քահանա, քարոզիչ և մանկավարժ հայ ժողովրդի և հայ մանկանց. Աղափիրյանը եղավ եպիսկոպոս և տեսուչ հայ դպրոցի. Պետրոս Սիմեոնյանը եղավ հրապարակախոս հայ լրագրի. Քերովբե Պատկանյանը բազմեցավ հայկական դասախոսի աթոռի վրա, և այլն, և այլն. սոքա մեր ժամանակվա հայկական երկնքի խոշոր լուսատուներն էին, դոցա ետևից գալիս է բազմաթիվ խումբ մանր գործողների, որոնք ցրիվ ընկած հայոց ընտանյաց, դպրոցների, եկեղեցիների մեջ զանազան ազգային պաշտոններ վարեցին, տարածելով ազգի մեջ լույս, հայկական խոսք և հայկական ոգի: Այս դեպքը էլ մյուս անգամ չի կրկնվեցավ Լազարյանց ճեմարանի մեջ, և համարձակ կարելի է ասել, որ 1843-1849 թվականը Պ. Էմինի մանկավարժության ոսկե դարն էր:

Մի ուրիշ բան ես ունիմ ասելու Պ. Էմինի մասին, որն սպասում էի, որ այլք` քանց ես առավել հմուտները, գիտունները` ասեին. սպասեցի շատ ժամանակ, բայց որովհետև նոքա լռություն պահեցին, ահա ես, որքան որ ուժս կպատե, կասեմ, խնդրելով կարդացողներես ներողամտություն դեպի իմ տկար գրիչը:

Մինչև 1843 թվականը, ինչպես երևում էր, Միքայել Սալլանթյանը ճնշող ազդեցություն է ունեցել ճեմարանի վրա. սույն թվին (այդ ես կարող եմ վկայել) նորա ազդեցությունը անհետացավ. պ. Էմինը ավելի ուժ ստացավ և հետևապես նրա ազդեցությունը շատացավ: Մինչև այն ժամանակ ճեմարանի աշակերտաց հայկական բարբառը զանազան պատճառներով աստրախանական էր. մենք կարծում էինք, թե շատ սիրուն դուրս է գալիս, երբ որ միամիտ-միամիտ ասում էինք, գնացիմ, բերամ, տըվամ, կերեցիմ, տըվեցիմ, յաղուս, քթացամ, պետքա տըված, պետքա բերած, ղարշու, բիրդան, հուջաթ, ատա և այլն, և այլն: Հենց որ Մ. Էմինը առաջին անգամ ոտքը կոխեց մեր դասարան, մեր խոսակցության լեզուն օրեց օր սկսավ մաքրվելու, կանոնավորելու, կոկվելու, շատ կամ սակավ դաշնակավորություն ստանալու, և ստացավ այն կերպարանքը, որն մենք այսօր տեսնում ենք անարդարապես արարատյան կոչված բարբառումն, որն ըստ ամենայն իրավանց և արդարության պետք էր ճեմարանական բարբառ անվանելու և որի, եթե ո՛չ ստեղծողը, գեթ կերպարանք և շքեղություն տվողը Մ. Էմինին ճանաչելու:

Եթե ժամանակակից եղբարք անփութությամբ մոռացման տվին այս պարագան, հուսալի է, որ գեթ մեր երախտագետ ապագա սերունդը կիմանա և կխոստովանի այս ճշմարտությունը, որն իմ կարծիքով պ. Էմինի գլուխը գարդարող դափնյա պսակի ամենամեծ և ամենագեղեցիկ և ամենափայլուն տերևն է:

Մ. Էմինի գեղեցիկ և պտղավետ երիտասարդական ծաղկյալ հասակը գրեթե անցավ մեզ հետ. ինչպես երևում էր, միշտ մեզ հետ լինելը, մեզ հետ հաղորդակցելը, իր իդեալները, իր տպավորությունները մեզ հաղորդելը նրա համար հոգեկան պահանջ էր դարձած: Շատ անգամ դասարան էր մտնում խորամանկ ժպիտը երեսին` թաշկինակի մեջ մի բան փաթաթած, ու մենք նրա դեմքից նկատում էինք, որ էլի մի նոր բան ունի մեզ կարդալու: Երբ որ սովորական աղոթքը կարդացվում-պրծնում էր ու մենք հետաքրքիր աչքներս ցցում էինք նրա վրա. Էմինը սկսում էր «Hyc (այս նորա le mot tavorit-ն է) համարներդ պատրաստե՞լ եք», «Այո՛, այո՛», որոտում էինք աչքերս չհեռացնելով նրա բաղդատի թաշկինակից: «Hyc, — կրկնում էր Մ. էմինը, — եթե այդպես է, ուրեմն ես ձեզ այսօր մի լավ բան կը կարդամ», և բացում էր թաշկինակը. միջից դուրս էր գալիս մի անծանոթ բրոշյուր` վերնագիրը Բազմավեպ: «Տեսեք, տղերք, — ասում էր Էմինը, — մինչև ո՞ր աստիճան ճկուն, ուժեղ, արտահայտիչ և ճոխ է մեր գրաբար լեզուն, որ կարողանում է մինչև անգամ մրցելու մեր օրվա ամենահռչակավոր բանաստեղծի կենդանի խաղացկուն լեզվի հետ և նկարել այնպիսի պատկերներ ու կենցաղ, որն հինգերորդ դարու հայ լեզուն մշակողներին բնավ անհայտ էին». և կարդում էր Կռիլովի էշ և սոխակը, երաժիշտքը, Լոմոնոսովի Հյուսիսայգը և Իզմայլովի Եռմաքը և այլն, և մենք հիանալով լսում էինք այդ գեղեցիկ «կտորները» և գտնում էինք, որ նոքա ո՛չ միայն հավասարվում էին ռուսերեն բնագրին, այլև շատ ու շատ գերեզանցում են (անմեղ ազգասիրական մոլություն) ու, իհարկե, երկու-երեք օրից արդեն անգիր էինք անում: Եվ պ. Էմինը ուրախ էր, որ նորից ու նորից արծարծեց մեր մեջ սեր, ախորժակ և հիացումն դեպի մեր պանծալի գրաբար լեզուն:

Следующая страница
Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец