Րաֆֆի՝   Ջալալեդին

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 3 4 5 Հաջորդ Վերջին

Ջալալեդդին

Ա

1877 տարվա մայիս ամիսը մոտենում էր իր վախճանին: Աղբակա1 Լիանա դաշտերից մեկի վրա, առավոտյան մառախուղի միջից, հազիվ երևում էին մի քանի վրաններ, սև կապերտից պատրաստված, որոնք բոլորաձև շարված էին մինը մյուսի մոտ, թողնելով իրանց մեջտեղում բավական ընդարձակ հրապարակ: Տեսնողը առաջին անգամից կկարծեր, թե դրանք մի խաշնարած ցեղի չադրներ են, որ զետեղվել էին այդ կանաչազարդ հովտի մեջ, իրանց անասունների համար արոտ գտնելու: Բայց քանի որ արևը բարձրանում էր, լեռներին պատած մառախուղը ավելի և ավելի նոսրանում էր, վրանների տարածությունը ընդարձակ հովտի մեջ հետզհետե մեծ քանակություն էր ներկայացնում: Այս կասկածելի երևույթը այն ժամանակ նրան բանակի ձև էր տալիս:

Եվ իրավ, վրանների առջև ցցված երևում էին եղեգնյա երկայն նիզակներ, որոնց ծայրերը զարդարած էին սև փետուրներով, իսկ հրապարակի վրա անբացատրելի խռովության մեջ շարժվում էին զինվորված տղամարդիկ, որոնց երեսները արտահայտում էին կատաղի անհամբերություն: Բանակից հեռու, դալար խոտերի մեջ, արածում էին բոլորովին պատրաստ թամքած ձիաներ, որոնց առջևի և ետևի ոտներից մեկը շղթայած էին բխովներով՝ չփախչելու համար:

Վրաններից մեկի առջև, — որ իր մեծությամբ և փառահեղաթյամբ որոշվում էր մյուսներից, — ցցած էր մի կարմիր դրոշակ, որի չորս անկյունների վրա կարդացվում էին, արաբական տառերով դրոշմված, չորս անուններ՝ Ալի, Օսման, Օմար և Աբուբեքը: Իսլամի նախկին խալիֆաների այս չորս պատկառելի անունների մեջտեղում նշմարվում էր մի սպիտակ ձեռք, որպես օրինակ մի աներևույթ աջ, որ իր հովանավորության ներքո պիտի առաջնորդեր զինվորված ամբոխը դեպի պատերազմի դաշտը:

Այս իսկ վրանի շուրջը հավաքված էր մարդիկների բազմություն, որոնք անդադար ելումուտ էին գործում նրա մեջ:

Այնտեղ թանձր թաղիքի վրա նստած էր միջահասակ մի մարդ կրակոտ աչքերով և ալեխառն մորուքով: Նա ոտքից գլուխ հագնված էր սպիտակ գույնով, որ արևելքում նշան է բարեպաշտության և մարդու անձնազոհության, որ իր կենդանության ժամանակ զգեցել էր մահվան պատանքը: Ծերունու հաստ գոտիի աջ կողմից քարշ էր ընկած մի երկայն թասբեկ (տերողորմյա) խոշոր հատիկներով, որոնք բաժանված էին որոշյալ թվով յուրաքանչյուր աղոթքի կարգը և համարը պահպանելու համար: Իսկ գոտիի ձախ կողմից երևում էին կեռ խենջարի և մի զույգ ատրճանակի ծայրերը, որոնց փողերն թաքնված էին հալեբյան վերարկուի տակ, որ անփույթ կերպով ձգած էր նրա ուսերի վրա: Գլուխը փաթաթած էր սպիտակ ապարոշով (չալմա), որի վրա երևում էին մետաքսյա դեղին թելերով ասեղնագործած արաբական տառեր: Նա նստած էր ծալապատիկ կերպով և ծնկների վրա դրած ուներ մի կեռ թուր Դամասկոսի շենքով:

Այս պատկառելի ծերունին իր արտաքին կերպարանքով ներկայացնում էր մի անձնավորություն, որ կրում էր իր մեջ կրոնի ջերմեռանդությունը, որպես մի բարձր հոգևորական, և պատերազմողի քաջազնական ոգին, որպես հզոր զինվոր: Նա և՛ շեյխ էր, և՛ զորավոր:

Նա նստած էր վրանի բարձր և պատվավոր մասում, որպես նահապետ և իշխան, իսկ իր աջ և ձախ կողմերում կարգով շարված էին մի քանի աղաներ հնադարյան զենքերով: Դրանց մերձավոր ընտանությունը Շեյխի հետ արդեն ցույց էր տալիս, թե հասարակ մարդիկ չեն, այլ գլխավորներն են այն ամբոխի, որ դրսում զետեղված էին վրանների մեջ, կամ հավաքված էին հրապարակի վրա: Աղաները լուռ էին և խոսում էին այն ժամանակ, երբ Շեյխը խոսեցնում էր:

Շեյխի մոտ մի քաշքուլի2 մեջ ածած էին թղթերի մանր կտորտանք, որոնք միաչափ կերպով ծալած էին եռանկյունի ձևով: Այս փոքրիկ ծրարները նման էին այն թիլիսմաններին, որ ջադուկները տալիս են մարդկանց զանազան խորհրդավոր նպատակներով: Բայց իսկապես կախարդական ոչինչ չկար նրանց մեջ, այլ նրանց վրա դրված էին մի-մի տող Ղորանի այն այեթներից, որոնց զորությամբ մարդ ազատ է մնում ամեն տեսակ չարից և փորձանքից:

Վրանի մուտքը բաց էր: Դրսում գտնված բազմությունից մի-մի մարդ անդադար ներս էր գալիս. նա դեռ շեմքի վրա չհասած, չոքում էր, երկրպագություն էր տալիս, և այնպես չոքեչոք մոտենում էր Շեյխին, իր սուրը դնում էր նրա ոտքերի մոտ և ձեռքը համբուրում էր: Հետո ծերունին առնում էր քաշքուլի միջից եռանկյունի ձևով ծալած թղթերից մեկը և տալիս էր համբուրողին: Նա առանց ոտքի վրա բարձրանալու, նույնպես չոքեչոք ետ էր դառնում և դուրս էր գալիս վրանից:

Այսպես այցելուները անդադար մինը մյուսի ետևից, նույն ծեսը կատարելով, ներս էին գալիս ու դուրս գնում: Ամեն մի քաջ, իր սուրը Շեյխի ոտների մոտ ձգելով, նվիրում էր նրան և փոխարենը ստանում էր խորհրդական թղթերից մեկը, որ անխոցելի պետք է պահեր նրան թշնամու զենքերից: Եվ այս պատճառով վրանից դուրս եկածին պես, նա իսկույն մի շորի կտորի մեջ դնելով, կարում էր իր աջ թևքի վրա:

Երբ թղթերի բաժանման գործը վերջացավ, դրսում լսելի եղավ մի թմբուկի ձայն, և զինվորված բազմությունը ամեն կողմից շտապով սկսեց մոտենալ սրբազան զորավարի վրանին: Իսկ երբ բոլորը հավաքված էին, այն ժամանակ դուրս եկավ Շեյխը: Ամբողջ բազմությունը աջ ձեռքը երեսին քաշեց և լուռ օրհնություն կարդաց (սալավաթ): Այս գործողությունը մահմեդականների մեջ նույն նշանակությունն ունի, որպես քրիստոնյաների մեջ երես խաչակնքելը:

Որովհետև ուրիշ բան չկար, ձիերի թամքերը միմյանց վրա դարսելով, վրանի առջև կազմվեցավ մի ամբիոն: Շեյխը բարձրացավ նրա վրա: Նա իր ձեռքում չուներ գավազան, որ սովորաբար կրում էր քարոզի ժամանակ, այլ նրա փոխարեն բռնած ուներ կարմիր դրոշակը, որի գլխին փողփողում էր սպիտակ աջը չորս խալիֆաների անուններով: — Այս դիրքը հիշեցնում էր այն հրաշալի երևույթը, երբ Արաբիայի մարգարեն անապատի մեջ առաջին անգամ բարձրացավ ուղտերի թամքերից կազմված ամբիոնի վրա և խոսեց իր ոգելից ճառը:

Շեյխի քարոզը սկսվեցավ օրհնություններով, որոնց մեջ խիստ ջերմեռանդ արտասանություններով փառաբանվում էին ալլահի, Մուհամմեդի և նրա գլխավոր հաջորդների՝ Օմարի, Օսմանի և Աբուբեքրի անունները: Հետո սկսվեցավ մի քաջալերական ճառ հետևյալ խոսքերով.

«Ո՛վ Իսլամի որդիք, մեծ մարգարենփա՜ռք իր զորությանըկոչում է ձեզ մի սուրբ գործի համար, կոչում է ձեզ պատերազմել իր կրոնի թշնամիների դեմ, որոնք սկսել են թափել աստուծո ծառաների արյունը: (Եվ թո՛ղ նզովյա՜լ լինին նրանք):

Վհատությունը, երկչոտությունը և կասկածը թո՛ղ հեռու լինին ձեզանից, որովհետև երկյուղը աստուծո զինվորների համար չէ: Տերը ինքը կտա ձեր բազուկներին զորություն, և թշնամու պարանոցները ձեր սրերի առջև կկտրատվին, որպես չորացած հասկը հնձողի մանգաղի առջև: Դուք ձեր ձեռքով կբռնեք նրանց գնդակները և դեպի իրանց ետ կդարձնեք: Ձեր անձերը պաշտպանված կլինեն երկաթյա պարիսպներով, որոնք ձեր աչքերը չեն տեսնի: Զեզ աջակից կլինեն կոտորող հրեշտակների աներևույթ գունդերը, որոնց մարգարեն ձեզ օգնության կուղարկե: Մեծ է Իսլամի աստվածը և բացի նորանից ուրիշը չկա:

Բոլո՛ր գավուրները պիղծ են աստուծո առջև: Նրանց կայքը, կյանքը, ընտանիքը և ամեն ինչ, որ պատկանում է անհավատներին, աստված մատնում է ձեր ձեռքը: Հափշտակեցե՛ք, կողոպտեցե՛ք, այրեցե՛ք և կոտորեցե՛ք, որքանով կլիանա ձեր սիրտը: Ավարը և իր կրոնի թշնամիների արյունը աստված հալալ է3 անում սուրբ պատերազմի զինվորներին:

Ձեզանից կընկնին նրանք միայն, որոնց սրտերը կմոլորեցնե սատանան և որոնց հոգիները կսառչեն: Երկչոտները ատելի են տերի առջև: Եվ ավելի ատելի կլինեն նրանք, որ կփախչեն կռվի դաշտից: Ձեր թիկունքը չպիտի տեսնի թշնամին: Նա՛, որ աստուծո համար է պատերազմում, սուրը ձեռքում պիտի մեռնի:

Երբ որ ձեզանից մեկը թողնելու լինի պատերազմի դաշտը, այն ժամանակ աստված կզայրացնե կնոջ սիրտը, որը կանգնած չադրի մուտքի առջև, կընդունե իր տղամարդին այս խոսքերով. «Գնա՛, հեռացի՛ր, դու իմ այրը չես: Ի՞նչու չեն տեսնվում քո վերքերը, ի՞նչու դու մենակ դարձար, ո՞ւր են քո ընկերները. հեռացի՛ր, նա իմ այրը լինել չէ կարող, որ անպատվեց իր զենքերը»: Չկա մի ավելի դառն բան, քան կնոջ հանդիմանությունը. բայց աստուծո զզվանքը սարսափելի՜ է:

Սուրբ կրոնի թշնամիների արյունի հոսումը հաճելի է տերի առջև: Անհավատների ավերակների ծուխը նա ընդունում է որպես մի ողջակեզ, որից մուխը ուղիղ բարձրանում է դեպի հավիտենականի աթոռը: Կոտորեցե՛ք, որքան կզորեն ձեր բազուկները, այրեցե՛ք, որքան կարող եք դուք: Եվ ձեր կոտորածների արյունի յուրաքանչյուր կաթիլի համբարքով դուք կստանաք մի-մի հուրի4 աստուծո ջեննաթի մեջ:

Մե՛ծ է ուղղափառների աստվածը և բացի նրանից չկա մի ուրիշը:

Եթե ձեր վեր առած գերիներից՝ ձեր սրտերին հաճելի կլինի ընտրել կնիկներ կամ աղջիկներ հարճ անելու մտքով, եթե դուք ծառայացնելու համար կընտրեք պատանի ստրուկներ ձեր ձեռքը ընկած գավուրներից, աստված չէ արգելում ձեզ, միայն այն ժամանակ, երբ նրանք կընդունեն Իսլամը: Իսկ եթե հաստատ մնացին իրանց մոլորության մեջ, ձեզ թույլ է տրվում սպանել: Զուգավորությունը ուղղափառի մի անհավատի հետ արգելում է աստված: Իսկ ծերերին, թե նրանք կին լինեն և թե այր, խնայել չկա: Անհավատությունը նրանց մեջ ամրացած է իրանց ցամաք ոսկորների նման:

Արդար եղե՛ք ավարի բաժանման մեջ և ձեզանից ամեն մեկը թող չզրկե իր ընկերին: Մի՛ մոռանաք աստուծուն բաժին հանել ձեր կողոպուտից, որովհետև նրա հրեշտակները նույնպես պատերազմելու են ձեզ հետ: Խնամք տարեք, եթե մեկը ձեզանից հիվանդ լինի կամ վիրավոր, որովհետև դուք ամենքդ եղբայրներ եք այդ սրբազան դրոշի տակ»:

Դեռևս երկար խոսում էր Շեյխը, կանգնած իր ամբիոնի վրա, որպես Իսլամի մարմնացած ոգին, որպես հալածասիրության և մոլեռանդության մի կենդանի օրինակ: Նրա ձայնը ազդու էր և սուր, իսկ բարբառը զուրկ չէր ոգևորող պերճախոսությունից: Ղորանի աշակերտը, — որի մեջ այնքան բանաստեղծական հափշտակությամբ երգվում է սրբազան պատերազմը (ջահաթ) իր բոլոր արյունային գույներով, — Ղորանի աշակերտը միայն կարող էր այսպես ոգևորել մի վայրենի բազմություն մարդկանց մորթելու համար:

Շեյխի ճառը մի համառոտ եզրակացություն էր այն աստվածեղեն գրքի բովանդակությունից, որին հետևում է ամբողջ մահմեդական աշխարհը:

Երբ վերջացրեց նա, կրկին դարձավ դեպի բազմությունը այս խոսքերով.

«Աստված ձեզանից ուխտ է պահանջում, և թո՛ղ ձեզանից ամեն մեկը կատարե իր երդումը»:

Նույն միջոցին ամբողջ բազմությունը վեր առավ գետնից մի-մի քար և ձգեց հրապարակի վրա, ուր բարձրացավ մի ահագին բլուր, որպես արձան մի սոսկալի ուխտադրության: Եվ այս գործողության ժամանակ օդը թնդաց հազարավոր ձայներից, որոնց խառնակության միջից պարզ որոշվում էր այս խոսքը. «Եվ թող մեր թալախը5 այս քարի նման ձգված լինի, եթե հավատարիմ չմնանք սուրբ գործին»:

Երբ բոլոր արարողությունները վերջացան, Շեյխը կրկին կարդաց օրհնության մաղթանք և իջավ իր բեմից: Նա կրկին մտավ իր վրանը:

Նույն միջոցին կրկին լսելի եղավ թմբուկի ձայնը: Ամեն մարդ վազեց իր ձին նստելու, վրանները հավաքվեցան, և մի քանի ժամից հետո ամբողջ բանակը պատրաստ էր ճանապարհ ընկնելու: Նա շարժվեցավ, երբ Շեյխը իր ձին նստած, կարմիր դրոշը ձեռին, առաջ ընկավ:

Այն Ժամանակ նրա դեմքը ծածկված էր մի սպիտակ երեսկալով, որ անհավատների աչքերը չտեսնեին նրա սուրբ երեսը: Ավելի քան տասն հազար քուրդեր հետևում էին այդ սարսափելի ծերունուն: Գունդերի ետևից տանում էին մի շարք ուղտեր, որ բարձած էին փոքրիկ թնդանոթներով:

Այսպես սկսվեցավ Շեյխ Ջալալեդդինի արշավանքը դեպի տաճկական Հայաստանը:

Բ

Անցավ մի ամբողջ շաբաթ:

Մի տղամարդ գալիս էր Վանից դեպի Աղբակ բերող ճանապարհով: Դուրս գալով Խոշաբի ձորից, նա արդեն հասել էր Չուխայ Գագիկ կոչված լեռնային անցքը: Տղամարդը մենակ էր: Նա գալիս էր ոտով, և այնքան արագընթաց, կարծես, մի բան շտապեցնում էր նրան:

Դա մի երիտասարդ էր, որի տարիքը դեռ նոր էին մոտենում երեսունի: Դեմքը գորշ-դեղնագույն էր, լերկ և բոլորովին անմազ այտերը ցամաք էին, իսկ ծնոտքը զգալի կերպով դուրս էին ցցված: Բարակ և նույնպես գորշագույն շրթունքի միջից շատ անգամ երևում էին ձյունի պես սպիտակ ատամները. այսպիսի ատամներ ունենում են միայն նեգրերը: Գլուխը պատած էր սև գանգրավոր մազերով, որ թափվում էին արևից այրված մերկ պարանոցի վրա: Ճակատի վրա երևում էր մի խոր սպի, որ տալիս էր նրա վայրենի դեմքին մի ահավորություն: Բայց չնայելով իր այլանդակությանը, այդ այրական դեմքը ուներ իր հատուկ գեղեցկությունը, որ արտահայտում էր կտրճություն, համարձակություն և կատաղի անգթություն:

Երիտասարդը բարձրահասակ էր, ցամաք և նիհար, բայց զարգացած ոսկրներով և ամուր մկանային կազմվածքով: Նա հագնված էր քուրդի ձևով և գտնվում էր կատարյալ զինավառության մեջ: Ասիական հրացանը, կեռ թուրը, մի զույգ ատրճանակներ, թիկունքի վրա ձգած ահագին երկաթյա վահանը և երկայն նիզակը կազմում էին, կարծես, նրա մարմնի մի-մի անդամները:

Նա գնում էր, և երբեմն կանգ առնելով, լի մտախոհությամբ նայում էր իր շուրջը: Լեռների կանաչազարդ պատկերները չէին, որ գրավում էին նրան. նա գեղասեր ճաշակ և բնության հրապուրանքը զգալու ընդունակություն չուներ: Բայց նա զարմանում էր, տեսնելով, որ իր ծանոթ լեռները բոլորովին դատարկ էին: Տասն օր հազիվ կլիներ, որ նա մի անգամ ևս անցել էր նույն ճանապարհով, այն ժամանակ այդպես չէր, այն ժամանակ բոլորովին ուրիշ տպավորություն էին գործում այն գեղեցիկ լեռները: — Խոտավետ արոտներում արածում էին ոչխարների հոտեր, ձորերի մեջ կազմված էին խաշնարած հայերի վրաններ, և հովիվների սրինգը հեռվից հնչվում էր թռչունների առավոտյան ձայների հետ: Այն ժամանակ հովիտների և լեռնադաշտերի վրա հողագործ հայը, իր սովորական երգը երգելով, վարում էր և կամ հնձում էր: Մի խոսքով, մարդը բնության հետ միանալով անընդհատ քաղցր աշխատության մեջ էին: Իսկ այժմ: — Այժմ ամեն գործ դադարել էր. ոչ մի հոգի և ոչ մի շունչ չէր երևում. նույնիսկ ճանապարհը, որով գնում էր նա, թափուր էր մնացած հաճախ անցուդարձ անող քարավաններից: Ի՞նչ էր պատճառը: Կարծես մի չար և ոչնչացնող ձեռք անցել էր այն ընդարձակ տարածության վրայով, իր հետքից թողնելով ավերակներ և ամայություն...:

Երիտասարդը զգաց սարսուռի նման մի բան, և նրա արևից այրված գորշ դեմքը գունաթափվելով, ստացավ մուգ դեղնապղնձի գույն: Երկյուղը չէր, որ այնպես վրդովեց նրան, երկյուղ ասած բանը ծանոթ չէր նրա երկաթի սրտին: Բայց նրա մեջ վառվեց մի կիրք, որ ավելի նման էր կատաղի բարկության:

Ճանապարհը այժմ ոլոր-մոլոր պտույտներով բարձրանում էր դեպի սարի զառիվերը. գագաթից երևացին նրան նիզակների սուր-սուր ծայրեր, և փոքր ինչ ցած իջնելով, տեսավ, որ իր առջևը գնում էին մի խումբ ձիավորներ: Երևի, ձիավորներն նույնպես տեսան նրան, որովհետև կանգնեցին, մինչև կհասներ մենավոր ճանապարհորդը: Բայց դեռ մեջտեղում բավական տարածություն կար:

Երիտասարդի ուշադրությունը գրավեց մի բան. նա նկատեց, որ ձիավորները քրդեր էին, նրանք երգում էին և ուրախ էին, որպես կռվողներ, որ վերադառնում էին հաղթանակով: Նրա աչքերը այնքան սովորած էին այս բարբարոս ժողովրդի ցույցերին, որ ամենաչնչին երևույթից կարող էր շատ բաներ գուշակել: Այս պատճառով արյունը զարկեց նրա գլխին, երբ տեսավ, որ նրանց նիզակների ծայրերին դրոշակների նման ծածանվում էին շորի կտորներ: Հմուտ աչքը առաջին անգամից կարող էր նկատել, թե դրանք կնոջ հագուստներ էին, և այն ստորին հագուստը, որ համեստությունը միշտ հեռու է պահում տղամարդի աչքերից...

Դա բարբարոսության ամենախայտառակ մի ցույցն է, որ պարկեշտ կանանց ողջախոհությունը բռնաբարելուց հետո, դեռահաս կույսերի անմեղությունը խախտելուց հետո, չարագործը, որպես պարծանք իր անբարոյականության, որպես հաղթանակի նշան, — նրանց ամոթո ծածկույթը ցցում է իր նիզակի գլխին, ցույը տալու համար, թե ինքը խղճի և ազնվության դեմ մի գործ է կատարել...:

Երիտասարդը իր վրդովմունքը զսպելով, մոտեցավ խմբին, և պահպանելով իր ծպտյալ դերը, տվեց սովորական ողջույն քրդերեն լեզվով.

Բարի՜ ճանապարհ:

Բարի՛ ճանապարհ և քեզ, — պատասխանեցին նրան, հարցնելով.

Որտեղի՞ց այսպես:

Երիտասարդը իր նիզակը նեցուկ տալով մարմնին, կանգնեց, պատասխանելով.

Վանից:

Ի՞նչ կա, ո՞ւր եք գնում:

Գնում եմ Բաշ-Կալա6: Փաշայից նամակ եմ տանում Մուդուրին:

Քրդերը խորհրդավոր կերպով նայեցին մինը մյուսի երեսին,

Դուք ո՞ւր եք գնում, — հարցրեց երիտասարդը:

Գավուրների դեմ, — ասաց նրանցից մեկը, — Շեյխը կանչել է: Գնում ենք կռվելու:

Որպես երևում է, դուք ձեր առաջին քաջությունը փորձել եք այդ ողորմելի շորի կտորների վրա... — ասաց երիտասարդը հեգնական ծիծաղով:

Այդ մի փոքրիկ որս էր, որ պատահեց մեզ ճանապարհի վրա. մեր եղբայրները այրել էին մի հայոց գյուղ, բայց կանայքը փախել էին մերձակա լեռան վրա...

Նրանցից պրծան, ձեր ձեռքը ընկան... — կտրեց երիտասարդը քրդի խոսքը:

Քրդերից մեկը կասկածավոր կերպով հարցրեց.

Դու ո՞րտեղացի ես:

Սիպան լեռներից, Հեյդարանլի ցեղիցն եմ, — ասաց երիտասարդը նույն ցեղին հատուկ բարբառով:

Հեյդարանլիները չե՞ն գնում:

Նրանք պիտի գնան իրանց Շեյխի առաջնորդությամբ. Հեյդարանլին չէ խառնվում Շիկակների, Ռավանդների և Բիլբաստների հետ7, որոնց պիտի տանե Շեյխ Ջալալեդդինը:

Հպարտ Հեյդարանլիի խոսքերը թեև բավական վիրավորական էին իր խոսակիցներին, որոնք Ռավանդների ցեղին էին պատկանում, բայց նայելով նրա վրա, որպես մի պաշտոնական մարդու վրա, որ Փաշայից նամակ էր տանում Բաշ-Կալայի մուդուրին, ոչինչ չպատասխանեցին:

Երիտասարդը խոսքը շուռ տալով, և որպես ինքն իրան խոսելով, ասաց.

Այդ ի՞նչ վատ երկիր է, ինձ առաջին անգամն է պատահում այստեղ լինել. մի՞թե այս սարերում հովիվներ և գյուղեր չկան. սովից մարեցա, ոչինչ չես գտնում ուտելու:

Կային, — պատասխանեցին նրան, — այս կողմերում ֆլայներ (հայեր) էին բնակվում, բայց մի օր առաջ անցել են այստեղից Հարքիները8 և ոչինչ չեն թողել:

Երիտասարդի մթին դեմքը ավելի մռայլվեցավ, և աշխատելով սառնասիրտ ձևանալ, հարցրեց.

Ուրեմն դուք դատարկաձե՞ռն մնացիք:

Աստված ողորմած է, — ասացին նրան, — մինչև Բայազեդ հասնիլը որսեր շատ կպատահեն...

Թո՛ղ աստված հաջողե... — պատասխանեց երիտասարդը և կամենում էր շարունակել իր ճանապարհը:

Քրդերից մեկը հանեց իր ձիու թամբին կապած խուրջինից մի կտոր հաց և պանիր, տվեց նրան ասելով.

Կե՛ր, դու ասացիր, որ քաղցած ես, մինչև Բաշ-Կալա դեռ շատ պիտի գնաս:

Տղամարդը շնորհակալություն հայտնեց: Ավազակների խումբը հեռացավ:

Այժմ նա հասկացավ այն ամայության պատճառը, որ քանի րոպե առաջ վրդովում էր նրան. այժմ նա գիտեր, թե ինչ էր պատահել իր անցած երկրների վրա:

Քրդից ստացած կերակուրը նա մի կողմ ձգեց և շարունակեց գնալ: Իրավ որ նա քաղցած էր, ամբողջ օրը ոչինչ չէր կերել, բայց քաղց չէր զգում: Լինում են րոպեներ, որ մարդ կերակրվում է իր սիրտը մաշելով և սպառելով. երիտասարդը այդ դրության մեջ էր:

Գ

Արևը մտնելու մոտ էր, երբ մեր հոգնած ճանապարհորդը հասավ մի տեղ, ուր ճանապարհը ճյուղավորվում էր. աջ ճյուղը տանում էր դեպի Բաշ-Կալա, իսկ ձախը դեպի Բարդուղիմեոս առաքյալի վանքը: Նա ընտրեց վերջինը:

Արևի վերջալույսը ոչ մի ժամանակ այնպես գեղեցիկ չէր զարդարել ամպերը, որպես այն երեկո. և լեռնային օդը իր փափուկ թարմությամբ ոչ մի ժամանակ այնքան կազդուրիչ չէր եղել, որպես այն գիշեր: Բայց երիտասարդը ոչինչ չէր զգում, որովհետև իր սրտի և արտաքին աշխարհի մեջ ամենևին առնչություն չկար: Նա շարունակում էր գնալ, ինքն իր մեջ կենտրոնացած. և մի աներևույթ զորություն մղում էր նրան առաջ...:

Մութը սկսել էր փոքր առ փոքր թանձրանալ և գիշերային աստղերը վառվում էին հիանալի զվարթությամբ: Օդը անշարժ և խաղաղ էր: Այդ այն ժամն էր, երբ նույն լեռների վրա սովորաբար լսելի էին լինում արոտից դարձող ոչխարների բառաչմունքը, որոնց խուլ արձագանքը զարթեցնում է այնքան գեղեցիկ հիշողություններ հովվական կյանքից: Իսկ այն գիշեր ոչինչ չէր լսվում. ամեն տեղ տիրում էր մեռելային անդորրությունը:

Բավական ճանապարհ անցել էր նա, երբ սկսեց նշմարել տեղ-տեղ հրեղեն կետեր. նրանք երևում էին խավարի մեջ շատ հեռվից, երբեմն ընդարձակվում էին, երբեմն փոքրանում էին և երբեմն դեպի վեր էին բարձրացնում վիշապների նման գալարվող բոցեղեն սյուներ: Հանկարծ բոլորովին հանգչում էին, և ավելի զորություն ստանալով, հրային հոսանքը տարածվում էր դեպի ամեն կողմ:

Նա կանգնեց և մի քանի րոպե անշարժ նայում էր այս սարսափելի տեսարանին: Ի՞նչ էր պատահել: Նա մտածում էր, թե այրվում են խոտի դեզեր: Բայց նրան այնքան ծանոթ էին իր շրջակայքը, որ ինքն ևս կասկածում էր իր կարծիքի մեջ. նա գիտեր, որ խոտը այդպես վաղ չէ հնձվում այս կողմերում: Նա գիտեր, որ այն ձորերում, ուր այնպես կատաղի կերպով ճարակում էր հրդեհը, կային միայն շատ թվով հայոց փոքրիկ և մեծ գյուղորայք...:

Երիտասարդը չմոտեցավ ոչ մեկին. նա գտնվում էր մի այնպիսի իրան կորցրած դրության մեջ, որ երազի պես բոլոր սարսափելի տեսարանները գալիս ու անցնում էին նրա աչքերի առջևից:

Նա դուրս եկավ մեծ ճանապարհից և բարձրացավ մի բլուրի վրա, որ պատած էր փոքրիկ թուփերով ու մացառներով: Կես գիշեր էր: Նա առաջին անգամից նայեց դեպի աստղազարդ երկինքը և տեսավ, որ «Տրդատի խաչը»9 ուղիղ կանգնած էր զենիթի վրա: Նա նստեց մի քարի վրա, որ փոքր ինչ հանգստանա: Մի կողմից քաղցը, մյուս կողմից հոգնածությունը, բոլորովին սպառել էին նրա ուժերը: Բլուրի բարձրությունից հրեղեն կույտերը այժմ ավելի պարզ երևում էին լեռնային տարածության վրա: Նա դեռ նայում էր առաջին սառնասրտությամբ:

Նրա ականջին դիպան մի քանի անորոշ ձայներ. երևում էր, բլուրի ստորոտից անցնում էին մարդիկ:

Ո՞ւր գնանք... տե՛ր աստված...:

Գնանք... մի տեղ կհասնենք...

Ծնկներս դողում են... երեխաս մարելու վրա է...

Տուր ինձ երեխան:

Աղջի, ի՞նչու ետ մնացիր:

Մայրիկ, քարերը ծակում են ոտներս:

Ձայները լռեցին:

Րոպեական լռությունից հետո ընդհատված խոսակցությունը կրկին շարունակվեցավ.

Դեռ այրվում է... ա՜խ, ինչպես այրվում է...

Կնիկ, երեխերքիդ հոգսը քաշիր... լավ է, որ պրծանք...:

Գլխիդ արյունը էլի սկսեց գնալ... դու օրորվում ես, ա՜յ մարդ...:

Վնաս չունի... փաթոթը արձակվեցավ...

Բե՛ր, կապեմ:

Գնա՛նք... փախչե՛նք... ժամանակը չէ...

Ձայները կրկին լռեցին:

Մերձակա հրդեհը այնպես սաստիկ բոցավառվեցավ, որ փայլակի արագությամբ լուսավորեց բլրի ստորոտը: Լուսը բաց արեց մի ցավալի տեսարան: Խոսողը մի գյուղացի էր իր կնոջ հետ. նա տանում էր իր գրկում մի փոքրիկ երեխա. արյունը նրա ճակատից թափվում էր երեսի վրա, և այնտեղից կաթկաթում էր երեխայի գլխին: Նրա կողքին գնում էր կինը և ձեռքից բռնած տանում էր մի փոքրիկ աղջիկ: Ամուսինները երկուքն էլ ուժաթափված հազիվ կարողանում էին ընթանալ:

Խավարը կրկին տիրեց շրջակայքը: Ձայները կրկին լսելի եղան.

Ա՜խ, ինչպես կոտորում էին...

Ա՜խ, ինչպես այրեցին...

Ոչինչ չթողեցին...

Հիմա ո՜ւր գնանք... աստվա՛ծ....

Մայրիկ, ես հաց եմ ուզում...

Մի՛ լար, հիմա...

Մայրի՜կ...

Ձայները լռեցին:

Շատ անգամ, շատ մարդկանց վրա, մի թշվառ երևույթ, որ պետք է հարուցաներ տխուր զգացմունքներ, — ընդհակառակն զզվանք է պատճառում, զարթեցնում է խիստ դառն ատելություն: Նույն տպավորությունը ունեցավ մեր ճանապարհորդի վրա իր տեսածը: — Մի կողմում հրդեհը լափում էր խաղաղասեր շինականի խրճիթները, մարդիկ կենդանի թաղվում էին իրանց հրային գերեզմանի մեջ, և կրակից ազատվածը իր բնակարանի մոտ ընկնում էր բարբարոսի սրից, — մյուս կողմից, նա լսում էր մի արյունաթաթախ հոր և կիսաշունչ մոր ցավալի խոսակցությունը, լսում էր զավակի լացը և մրմունջը, տեսնում էր անբախտացած ընտանիքի հուսահատական փախուստը, և ինքը մի դիվական սառնասրտությամբ բլուրի բարձրությունից նայում էր, և կարծես նրա դժոխային շրթունքից դուրս էին թռչում այս ճակատագրական խոսքերը. «Դուք արժանի՜ եք ձեր վիճակին, որ ինքներդ եք պատրաստել ձեզ համար... նա մեղավոր չէ, որ այրում է և մորթում է...»:

Դա ատելության ամենասարսափելի ձայնն է, որ բխում է սիրելուց, դա եղբոր ատելություն է, որ ծագում է եղբորը ուղղելու զգացմունքից, թե ինչո՞ւ նա պատրաստ չէ կյանքի և գոյության համար մրցելու:

Այս տեսակ ատելությունից առաջ է գալիս այն ազնիվ բարկությունը, որով մարդ ծայրահեղության է հասնում, և նա մի խիստ պատգամախոսի նման որոշում է մի ժողովրդի վիճակի սահմանը, երկու հակառակ կետերի վրա դնելով նրան, — կամ մահ և կամ կյանք: «Ով չէ հասկացել, կամ չէ ուզում հասկանալ ապրելու պայմանները, — ասում է նա, — կյանքի իրավունք չունի: Այս պայմանները այնքան փոխվում են, որքան փոխվում են նրանց պահանջները. երբ հարկավոր է խելք բանեցնել, խելքին զոռ տալու է, իսկ երբ պետք է սուր, մարդ պիտի պատրաստ ունենա նրան իր ձեռքում: Մարդկային կյանքը ներկայացնում է մի սարսափելի կռվի հանդիսարան, ով որ ընդդիմադրության շնորք չունի, նա պիտի ընկնի, անհետանա, ոչնչանա...:

Բայց մեր ճանապարհորդի վրդովմունքը առաջ չէր գալիս այս տեսակ խորին քննություններից. նա կյանքի փիլիսոփայության հետ ծանոթ չէր: Բացատրում էր մարդկային կյանքը, հիմնվելով բնության ամենապարզ երևույթների վրա: Նա մտածում էր, երբ գառին վիճակվել է գայլի հետ միասին կենցաղավարել, ինքն էլ պետք է աշխատի գայլի ատամներ ունենալ, եթե չէ ցանկանում կատաղի գազանին կերակուր դառնալ:

Հանգամանքները ձգել էին նրան մի այնպիսի վիճակի մեջ, որ ինքն ակամայից դարձել էր գայլ, գայլի բոլոր անգթությամբ: Մանկական հասակում ընտանիքը հալածեց նրան, նա արտաքսվեցավ հայրենական տնակից, որպես անառակ որդի: Իր համազգի հասարակության մեջ նույնպես նա ընդունելություն չգտավ. ամեն մարդ սկսեց խորշիլ նրանից, որպես ժանտախտից: Այնուհետև մնում էր նրան անձնատուր լինել դեպքերի բերմունքին, և նա դարձավ մի արկածախնդիր թափառական, իսկ վերջը՝ մի անգութ ավազակ, որ ուխտել էր պատժել մարդկանց, որովհետև մարդիկ պատժեցին նրան:

Որպես ավազակ նա դարձյալ մնաց միշտ ազնիվ: Նա չկորցեց իր առյուծի վեհությունը, որ չէ սիրում հարձակվիլ տկար կամ վատուժ կենդանիների վրա, որ իր որսածի մեծ մասը թողնում է մանր գազաններին ուտելու համար...:

Ամբողջ տասը տարի հայրենիքից հեռացած այդ թշվառականը, կրկին վերադարձավ այնտեղ, երբ լսեց նրա վտանգը: Նա չեկավ հայրենիքը փրկելու համար, որովհետև գիտեր, որ իր նման շատերը նրան փրկել չէին կարող, երբ ինքը իրան փրկելու ընդունակություն չուներ: Նա եկավ փրկելու մի գեղեցիկ արարած, որին միայն սիրում էր, և որը միայն էր ամբողջ աշխարհի մեջ, որ սիրում էր այն մարդուն, որին բոլորը ատում էին: — Այդ էր նրա մխիթարությունը: Բոլոր աշխարհի մեջ հանգստություն, դադար և իր գլուխը դնելու մի անկյուն չունեցավ անբախտը՝ ուներ մի կնոջ ջերմ սիրտ, ուր ապրում էր նա, շնչում էր և այնտեղ մոռանում էր իր կյանքի դառնությունները, թեև տասը տարուց ավելի էր, որ չէր տեսել նրան:

Ահա՜ ինչ էր պատճառը, որ նա այնքան անզգա էր դարձել դեպի իր շրջակայքը կատարվող գործողությունները, և որպես մի չար դևից հալածվելով, ակամա մղվում էր դեպի առաջ, ոչ մի տեղ հանգիստ չառնելով: Բայց բնությունը պահանջում է իրը. քանի օր էր, որ նա ամենևին քնած չէր, մի քանի օր շարունակ նա ճանապահի վրա էր գտնվում. նրա ուժերը սպառվել էին և նա սկսել էր թուլանալ: Եվ երբ նա բարձրացավ բլուրի վրա, նստեց այնտեղ, որ մի փոքր հանգստանա, հանկարծ ակամա կերպով նրա գլուխը ծանրացավ, աչքերը փակվեցան և ընկավ փափուկ խոտերի վրա: — Դա քուն չէր, այլ մի տեսակ թմրություն, որ տիրում է մարդուն և արթնության ժամանակ, երբ սաստիկ տանջված է լինում, թե՛ բարոյապես և թե՛ ֆիզիկապես:

Դ

Արուսյակը դեռ նոր էր բարձրացել հորիզոնի վրա, դեռ նոր արշալույսի եզերագիծը սկսել էր կարմրել, երբ նա արթնացավ: Երիտասարդը ամբողջ մարմնով դողաց, երբ նկատեց, որ կորցրել է գիշերի մեծ մասը, երբ կարող էր բավական ճանապարհ կտրել: Նա շտապով վերցրեց հրացանը և նիզակը, շարունակեց իր ուղին:

Անցնելով Աղբակա լեռնադաշտերը, նա տեղ-տեղ նկատում էր հայոց գյուղորայք, որ դեռ ծխում էին վաղորդյան մառախուղի միջից: Այս ծուխը նման չէր այն ծուխին, որ առավոտները վեր է բարձրանում խաղաղասեր շինականի խրճիթի երդիքից. դա մի չարագուշակ ծուխ էր, որ երբեմն խառնվում էր հրեղեն բոցերի հետ: Նա անցավ գյուղերից մեկի մոտով և տեսավ, որ գետնափոր տնակները բոլորովին մոխիր էին դարձել և այստեղ ու այնտեղ ընկած էին արյունով ներկված կամ սարսափելի կերպով այլանդակված դիակներ: Նա զգաց բոլոր զարհուրանքը այն երևույթների, որ նույն գիշերն իր համար մնացել էին անբացատրելի: — Կրակները, որ նրան գիշերային խավարի մեջ սարսափեցնում էին, հայոց հրդեհված գյուղորայք էին:

Այս սոսկալի տեսարանները, որ ամեն մարդու վրա կարող էին ունենալ կայծակի ներգործություն, նրան շատ հասարակ երևացին. կարծես, նա գիտեր, թե այսպես պետք է լիներ, կարծես նա առաջուց որպես մարգարե հոգվոց աչքերով տեսել էր բոլոր գալոցը իր արյունալի պատկերներով: Եվ նա առաջուց երկար կարդալով իր երեմիականը, նրա սիրտը կոշտացել էր, նրա աչքերում արտասուք չէր մնացել այժմ կատարված իրողության վրա ողբալու: Եվ այս պատճառով նա, կարծես, անտարբերությամբ էր նայում այն ավերակներին, այն կոտորածի կույտերին, ուր կին, աղջիկ, երեխա, ծեր և տղամարդ ընկած էին մինը մյուսի վրա:

Զարմանալի բան է մարդկային սիրտը. շատ անգամ նմանում է մի անսահմանության, որ ամփոփում է իր մեջ ամբողջ տիեզերքը, շատ անգամ նմանում է մի լիքը անոթի, որի մեջ գտնված նյութը ընդդիմահարում է, տեղի չէ տալիս մի ուրիշին զետեղվելու: Եվ ավելի բացասական է լինում նա, երբ լցված է լինում սիրով: Ամեն մի նոր ներմուծություն դատարկ տեղ է որոնում, բայց նրա սիրտը դատարակ չէր...:

Նա կրկին և կրկին նայեց ծխացող ավերակներին և անցավ: Իր ճանապարհի վրա շատ անգամ հանդիպում էին այնպիսի ծխացող ավերակներ, շատ անգամ երևում էին նրան մոխիր դարձած գյուղեր և շատ անգամ նա տեսնում էր՝ կամ բոլորովին անշնչացած, կամ իրանց տաք արյան մեջ թավալվող դիակներ, և այդ բոլորը նրա վրա միայն րոպեական ազդեցություն էր անում:

Հաջորդ էջ
Էջեր. Առաջին Նախորդ 1 2 3 4 5 Հաջորդ Վերջին