Րաֆֆի՝   Հուշագրություններ

Страницы: Начало Предыдущая 1 2 Следующая Конец

ՖԻԼԻեՏՈՆՆԵՐ

ԱԶԳԱՍԵՐ

Հասարակ կերպով կահավորված մի սենյակ է. նրա գլխավոր զարդարանքը կացուցանում են՝ «Ոգի Հայաստանի» պատկերը, որ կախված է աշխատության գրասեղանի հանդեպ, նրա մի կողմում Վարդանի, մյուս կողմում Ներսես Ե-րդի պատկերները, փոքր-ինչ հեռու պատի վրա ամրացրած է Կիպերտի աշխարհացույցը, ուր կարմիր մելանով խազած են Արտաշատ, Վաղարշապատ, Անի, Հայաստանի զանազան հին քադաքները: «Կռունկ», «Հյուսիսափայլ», «Ճըռաքաղ», Վենետիկի, Վիեննայի և Կ. Պոլսի զանազան հրատարակությունները դիզված են այս և այն պահարաններում:

Այդ սենյակը պարոն Մեկենասի մենարանն է: Ահա՜ նա նստած է գրասեղանի հանդեպ, գրում է, աշխատում է, նա միշտ գրում է: Մի մարդ, խոշոր կազմվածքով, մարմնի զարգացման մեջ չկա ոչինչ թերություն: Մենարանին կից սենյակի դռները շառաչմամբ ետ գնացին. Արշակն ու Տիգրանը աղմուկով ներս մտան: Երեխաներից մինը թռավ, գրասեղանի վրայից խլեց մի բան ու սկսեց վազ տալ եղբոր հետքից:

Այդ ի՞նչ աղմուկ է, — գոռաց հայրը:

Այս լինեյկով պիտի խփեմ Արշակին, նա իմ մազերից ձիգ տվավ, — ասաց Տիգրանը:

Չեն ասում լինեյկա, ասում են քանոն, — ուղղեց հայրը որդու սխալը:

Քանոն, — կրկնեց Տիգրանը և շարունակեց վազ տալ Արշակի հետքից:

Արշակը շփոթվելով եղբոր հալածանքից, դիպավ բոլորակ սեղանին, սեղանը վայր ընկավ և նրա վրա դրած ջուր խմելու բաժակը կոտրվելով, սփռվեցավ հատակի վրա:

Տիգրանը հասավ յուր նպատակին, եղբայրը, բացի նրանից, որ ձիգ էր տվել յուր մազերը, ահա գտնվեցավ և մի երկրորդ հանցանքի մեջ:

Տե՜ս, ինչ արավ, հայրիկ, ստաքանը կոտրեց:

Չեն ասում ստաքան, ասում են բաժակ, — հայրը դարձյալ ուղղեց որդվո սխալը:

Բաժակ, — կրկնեց Տիգրանը և առաջ տարավ յուր բողոքը Արշակի դեմ:

Նա այսօր ճաշին կզրկվի կեռաս ուտելուց:

Արշակը տխրեց, լսելով յուր պատիժը: Տիգրանն ուրախ էր: Նա արդեն իրան վրեժխնդիր եղած էր համարում:

Հայրիկ, ես գիտեմ, թե ինչպես են ասում հայերեն խիարին, Տիգրանը չգիտե, — խոսեց հանցավորը: — Վարունգ:

Իսկ ձմերուկի՞ն:

Մեղրապոպ:

Խարբուզակի՞ն:

Սեխ:

Եվ իրավ, այդ բառերից և ոչ մինը չգիտեր Տիգրանը:

Ես ներում եմ քեզ, Արշակ, մյուս անգամ այդպիսի անկարգություն չանես:

Տիգրանը մնաց դժգոհ հոր ներողամտության վրա և սկսավ լաց լինել:

Սույն միջոցին անկյունից լսելի եղավ մի օտարոտի ծիծաղ` խի՛... խի՛... խի՛ ..., որին հետևեցին այս խոսքերը: — Քո բանը բարդ է, Տիգրան...: Դարձյալ ծիծաղ՝ խի՛... խի՛... խի ՛...:

Տիգրանը առանց պատասխանելու դուրս գնաց, Արշակը նույնպես վազեց նրա հետքից, որ գնա փոքրիկ աղախնին՝ Նինուցային հաղորդե յուր ազատությունը:

Ծիծաղը անկյունից տակավին շարունակվում էր: Փոքրիկ կատվիկի նման մի մարդ, ալևոր գլխով, ակնոցավոր աչքերով, չէր կարողանում իրան պահել այն զվարճությունից, որ պատճառեց նրա մեջ երեխաների կռիվը: Այդ մարդուն ամեն րոպե կարելի էր այդ սենյակի մեջ գտնել, նա հաշվվում էր նույն կարասիների թվում, որոնք դրած էին նույն սենյակի մեջ:

Պարոն Մեկենասի սեղանի կատուներից մինն էր, և նախանձավոր երկրպագու նրա վեհությանը: Եվ այդ պատճառով մենք նրան կկոչենք Փիսո, որովհետև նա ուներ յուր մեջ փիսոյի շողոքորթությունները:

Ահա այսպես՝ կրթությունը պետք է սկսվի ընտանիքից: Երեխայությունից պետք է մտցնել մանուկների մեջ սեր դեպի մայրենի լեզուն և ազգային ավանդությունները, այդ ամենագլխավորն է:

Երանի թե բոլոր ծնողները հետևեին ձեր օրինակին, — պատասխանեց Փիսոն, — այն ժամանակ մեր ազգը բախտավոր կլիներ…:

ԵՍ ՖԵԼԻԵՏՈՆԻՍՏ ՉԵՄ

Ես ֆելիետոնիստ չեմ: — Զանազան կարծիքներ զոկերի ծագման մասին: — Իմ պատմական գյուտը: — Սատանա և սատանայություն բառերի նշանակությունը: — Զոկերի վաճառականական հանճարը: — Բարեգործաթյունը որպես շահեցողության միջոց:

Ես ֆելիետոնիստ չեմ և ոչ էլ ֆելիետոն գրելու նպատակ ունեմ: Ես պետք է կարկատեմ մի քանի անկապ դատումներ, ընթերցողը ինչ անուն կուզե, թող տա:

Ագուլիսից եմ գրում և խոսքս հարկավ Ագուլիսի և ագուլեցոց վրա պետք է լինի:

Ես արել եմ մի պատմական գյուտ զոկերի ծագման մասին: Վաղուց այդ հարցը վիճաբանության առարկա էր: Մեսրոբ Թաղիադյանցը զոկերին Ջոհակի կամ մարաց ցեղից էր դուրս բերում: Գիտենք, որ մարերը այժմյան քրդերն են: Արդարաև բնավորության կողմից զոկերը քրդերի նման են, այն զանազանությամբ միայն, որ քուրդն անկիրթ ավազակ է, իսկ զոկը կրթված ավազակ: Առաջինը զենքով է կողոպտում, վերջինը՝ խելքով: Բայց ազգագրական կողմից տարբեր են: Կարապետ վարդապետ Շահնազարյանցը մի ուրիշ բան էր ասում, որ կրիտիկայից շատ ստոր է և նրա մասին խոսելն ավելորդ է, «Մշակը» զոկերին հրեից ծագումից էր դուրս բերում և աշխատում էր նրանց նախապապին տանել հայր Աբրահամին կպցնել: Այդ ևս հավանական է, միայն զոկերի և հրեաների մի քանի հատկությունների միմյանց հետ ունեցած նմանության կողմից, — երկուսն էլ միևնույն կերպով խարդախ են, խորամանկ են, ստորաքարշ են և կոպեկի համար հոգի և մարմին տվող են, — բայց պատմական ճշմարտությունից զուրկ է զոկերի և հրեաների միևնույն ցեղից լինելը: Իմ բարեկամներից մեկը, մի բնագետ, ավելի էտնոգրաֆիական և ֆիզիոլոգիական տեսակետից նայելով, զոկերին ցիգանների ցեղին էր վերաբերում, և ասում էր, թե դրանք հայոց բոշաներ են և ավելի ոչինչ. Ես չեմ վիճում բարեկամիս կարծիքի դեմ, թե էտնոգրաֆիան և թե ֆիզիոլոգիան ցեղերի պատմության մի աղբյուր պետք է ճանաչել: Բայց պետք է ի նկատի ունենալ և այն, որ մի ցեղ դարերի րնթացքում կարող է այս և այն էտնոգրաֆիական և ֆիզիոլոգիական փոփոխություններին ենթարկվել, օրինակ, Դարվինի թեորիայով, կապիկների ապագա սերունդը կատարելագործվելով կարող է մարդու կերպարանք ստանալ: Այսուամենայնիվ բարեկամիս նկատողությունները բավական հետաքրքիր էին: Ցիգանները գորշ կամ մուգ-դեղին գույն ունեն, — զոկերն էլ նույնպես: Ցիգանները սև, վառվռուն և բոլորակ աչքեր ունեն, զոկերն էլ նույնպես: Ցիգանները կարճ և ծայրը բութ քիթ ունեն, — ոչ մեկ զոկ չեք գտնի, որ հայկական երևելի մեծ քիթն ունենար: Ցիգանները սև, փայլուն մազեր ունեն առանց գանգուրների, — զոկերն էլ նույնպես: Ցիգանները խանձված ձայն ունեն, — ոչ մեկ զոկ չեք գտնի, որի ձայնի մեջ մետալական հնչումներ լինեին, նրա կոկորդի մեջ, կարծես մի բան կա, որ խեղդում է: Ցիգաններն առհասարակ մանրիկ, նիհար և ջլուտ կազմվածք ունեն, — զոկերն էլ նույնպես: Եվ որ ավելի զարմանալի է, ցիգանների ֆիզիոլոգիական կազմվածքի մեջ կա մի հատկանիշ առանձնություն, որ միայն ցիգաններին է սեփական, այն է, որ նրանց ոտների սրունքները զուրկ են այն մալի մասնից, որ կոչվում է «կուկն» (икры): Բարեկամս ասում էր, ես քննել եմ հարյուրից ավելի զոկ տղամարդկանց և կնիկների սրունքները, և գտել եմ, որ բոլորը զուրկ են եղել «կկներից»:

Կենցաղավարության պայմանների և սովորությունների վերաբերությամբ նույնպես մեծ նմանություն էր գտնում բարեկամս զոկերի և ցիգանների մեջ: Օրինակ, ցիգանները թափառական կյանք են վարում, — զոկերն էլ նույնպես: Ցիգանները խաբեբա և անհավատարիմ են լինում, — ոչ մեկ զոկ չեք գտնի, որ հավատարմություն ունենար մինչև անգամ դեպի յուր եղբայրը, կինը և որդին: Ցիգանների գլխավոր արհեստն է մաղ գործելը, — մինչև այսօր Ագուլիսում մի ամբողջ թաղ կոչվում է «մաղ գործողների» թաղ:

Բայց ես այս բոլորը ենթադրություններ եմ համարում, որ զուրկ են պատմական ճշտությունից: Զոկերի ծագումն ավելի խորին հետազոտության կարոտ է: Կրկնում եմ, որ ես մի պատմական գյուտ եմ արել այդ մասին: Որքան պիտի զարմանաս, ընթերցող. երբ տեսնես, որ զոկը ամենևին հայ չէ, և մինչև անգամ Ադամի որդին չէ, այլ նա ծագում է ստացել այն ժամանակ, երբ հայր Ադամը դեռ ստեղծված չի եղել, և երբ աշխարհի մեչ դեռևս ոչ հրեշտակ կար և ոչ սատանա:

Եթե ընդունենք, որ ժողովրդական լեգենդաները պահում են իրանց մեջ պատմական ճշմարտությունների տարերք, — ուրեմն իմ արած գյուտը պետք է ճիշտ համարել: Թողնենք զոկն ինքն խոսի յուր ծագումի մասին: Նա ասում է.

«Երբ դեռ երկինքը և գետինը չկար, մի աստված կար, դա մի չար աստված էր, որ կոչվում էր Ուրման (զրադաշտական Ահրիմանը, Արիմանը, Խարտմանը կամ մեր Արհմը.) նա ստեղծեց առաջ զոկին, հետո սատանային: Սատանան երբ աչքերը բաց արավ, տեսավ, զոկն այնտեղ կանգնած է, նա բողոքեց ասելով, տեր, ինձ էլ ինչո՞ւ համար էիր ստեղծում, երբ զոկը բոլոր աշխարհին բավական է: Տերը սատանային պատասխանեց. — «Վնաս չունի, որդի, դու էլ եղիր, զոկն էլ թող լինի, մեկմեկու հետ յոլա գնացեք, և աշխարհը չարությունով լցրեք»»:

Այս լեգենդը ամեն զոկի բերնում կրկնվում է մինչև այսօր և ամեն զոկ պարծենալով է հիշում, թե ինքն այնքան վարժ է սատանայության մեջ, որ նախաստեղծ սատանան նախանձվել է իրանց նախապապի վրա:

Հիմա տեսնենք, արդյոք զոկը հավատարի՞մ է մնացել յուր կոչմանը և ծագումին:

Զոկը սատանա և սատանայություն բառերը ամենևին չէ որոշում խելք և իմաստություն բառերից: Ասելով, նա շատ սատանա մարդ է, — պետք է հասկանալ շատ խելացի է, շատ իմաստուն է: Բայց խելքը և իմաստությունը զոկի հասկացողությամբ նույնպես իրանց առանձին նշանակությունն ունեն: Այդ ես կպարզեմ մի մասնավոր խոսակցությունով, որ ունեցա մի զոկ վաճառականի հետ:

Այդ ինչպե՞ս վարժապետ է, — ասում էր վաճառականը մի ուսուցչի մասին, — ամենևին խելք չունի, նա ինչպես պետք է դաս տա:

Ինչի՞ց եք հասկանում, որ նա խելք չունի, — հարցրի ես:

Ինչի՞ց, — կրկնեց վաճառականը, — հարյուր անգամ ինձանից բան է գնել և ամեն անգամ ես խաբել եմ նրան, էլ ի՞նչ խելք պետք է ունենա: Բայց տես տիրացու Կարապետը, — խոսեց մի ուրիշ ուսուցչի վրա, — էնպես սատանա է, որ ամենին կխաբե:

Ուրեմն, նա որ սատանա է, լավ էլ դաս կտա քո կարծիքով:

Հալբաթ, — ասաց վաճառականը վճռական կերպով:

Բերենք մի քանի օրինակներ զոկերի վաճառականական սատանայությունների, այսինքն խելքի մասին:

Զոկերն իրենց վաճառականության համար ընտրում են առհասարակ մութ անկյուններ, ուր ժողովուրդն ավելի գռեհիկ և դեռ խավերի մեջ է լինում: Նուխիի գավառը, Կախը, և Լեզգիստանն իրանց մետաքսով զոկերի հարստության առաջին աղբյուրն են եղել: Մի զոկ ինձ պատմում էր, թե յուր հայրը նուխիի կողմերում մետաքս գնելու ժամանակ, ունեցել է մի կշեռք, որ միշտ յուր հետ ման ածում և մետաքս էր գնում: (Գյուղացիք կշեռք չեն ունեցել, գնողներն իրանք պետք է տանեին): Այն կշեռքը, ասում էր նա, թեև մի հասարակ կշեռք էր, փայտյա լծակով, կաշուց շինած թաթերով, որ կախած էին լծակից նույնպես կաշիե փոկերով, բայց ուներ յուր մեջ մի այնպիսի գաղտնիք, որ, օրինակ, չորս ֆունտ ծանրություն ունեցող մետաքսը կարելի էր նրա մեջ երկու ֆունտ ծանրության հետ հավասարեցնել, ուրեմն և երկու ֆունտի տեղ ընդունել: Այդ գաղտնիքը, ասում էր նա, կայանում էր կշեռքի լծակի այն մասի մեջ, որ կոչվում է լեզվակ, որից բռնում և քաշում են: Այդ լեզվակն այնպես էր հարմարեցրած լծակին, որ եթե դեպի քարի կողմը թեքեիր, ծանրությունը կընկներ քարի կողմը և մետաքսը թեթև կգար, իսկ եթե մետաքսի կողմը թեքեիր լեզվակը, ծանրությունը դեպի այն կողմր կդառնար: Ուրեմն և գնողի կամքիցն էր կախված յուր կշեռքը միշտ այնպես գործ ածել, որ օգուտը յուր կողմր մնար թե գնելու և թե վաճառելու մեջ: Այդ կախարդական կշեռքին, ասում էր նա, մյուս վաճառականները հինգ հարյուր ռուբլի էին տալիս, բայց հայրս չէր ծախում:

Կշեռքի որոշված քարեր կամ չափեր, ասում էր Նա, այն կողմերում չկար, այլ քսան հատ ռուսաց արծաթ ռուբլիանոց մանեթների ծանրությունը հաշվում էին մի չափ, որ կոչվում էրև զոկերը գտնում էին միշտ Եկատերինայի ժամանակից մնացած մեծ-մեծ մանեթներ և նրանով էին կազմում իրանց չափը, որ ավելի ծանր լիներ: Զոկերի այդ առևտրական խարդախությունների մասին շատ բաներ առակի ձև են ստացել: Օրինակ, մի մարդ մետաքս գնելիս ասում էր ռամիկ գյուղացիներին. «Տեսեք, այս իմ աջ ոտը 5 ֆունտի ծանրություն ունի, և դնում էր կշեռքի մի թաթի մեջ, մյուս թաթի մեջ լցնել էր տալիս մետաքսը: Նա ոտը հուփ էր տալիս, որքան ուժ ուներ, և փոխանակ 5 ֆունտի, 1015 ֆունտ մե տաքս էր կշռում: Բայց մինչև տեղացիք այդ խարդախությունները հասկացան, զոկերն արդեն հարստացան:

Երևանի բամբակի առևտուրը նույնպես զոկերի ձեռքն է, որ փոխադրում են Մոսկվա: Մի զոկ, եթե ունի հարյուր հակ բամբակ, նրանցից մի 56 հակ միայն օրինակի համար բաց է անում և ցույց է տալիս մուշտարուն, մնացածը նրա համեմատ ընդունվում է: Բայց զոկը միշտ աշխատում է, որ ցույց տված հակերը լավ տեսակից լինեին, իսկ մնացածների մեջ ինչ զիբիլ ասես, ածում են: Բայց գնողները երբեմն ավելի սատանա (այսինքն խելոք) են լինում, քան թե ծախող զոկը և իրանք են ընտրում այն հակերը, որ պետք է բաց անեին նայելու համար: Մի այսպիսի հակից մի անգամ դուրս է գալիս մի ահագին իշի փալան: — «Այդ, երևի քո հոր վերարկուն է...», ասում է գնողը ծաղրելով:

Եթե ես պատկերահան լինեի և կամենայի նկարել Մամոնայի1 պատկերը, կնկարեի մի զոկ և նրա ձեռքին բռնել կտայի մի սև փող: Զոկի շահասիրությունը, զոկի ժլատությունը առասպելական ձև է ստացել ժողովրդի բերանում: Ո՞վ չի լսել այն անեկդոտը, թե զոկը պանիրը դնում է շուշայի մեջ, հացը դրսից քսում է, երևակայելով, թե պանիր է ուտում: Մի անգամ մի զոկ խանութը կողպած և ուրիշ տեղ գնացած լինելով, ճաշն անցած վերադառնում է, տեսնում է, որ որդին կանգնած խանութի առջև, հացը քսում է խանութի դռանը և ուտում է: — Էդ ի՞նչ ես անում, — հարցնում է հայրը: — Քաղցած էի, մի քիչ պանիր եմ ուտում, — պատասխանում է որդին: — Սատկա՜ծ, փորդ կրա՞կ էր ընկել, չէիր կարող սպասել մինչև դուռը բաց անեի, — ասում է հայրը և ապտակում որդու երեսին:

Բայց պանիրը որտեղի՞ց էր ուտում որդին, այստեղ է անեկդոտի գաղտնիքը: Կողպված խանութում շուշայի մեջ պանիր կար դրած, այդտեղից էր ուտում: Հայրը շուշային էր քսում հացը, որդին խանութի դռանը, վերջինը յուր ժլատության մեջ ավելի գերազանցում էր:

Զոկն ամեն բանի վրա շահասիրական կետից է նայում և ամեն գործի մեջ միայն յուր օգուտն է որոնում: Բարեգործությունը, որ պետք է հիմնված լինի զոհաբերության սկզբունքի վրա, նույնիսկ բարեգործության մեջ զոկը շահեր է պտրում: Ես կբերեմ մի երկու օրինակներ. — զոկը եկեղեցի է շինում, իսկ ինքը նույն եկեղեցու երեսփոխան է դառնում այն մտքով, որ մի տասըքսան տարվա մեջ յուր արած ծախսը մութ ճանապարհներով դուրս բերե և մի բան էլ ավելի շահի: Այդ միևնույնը չէ՞ր լինի, եթե մի մարդ մի գործարան կամ զավոդ հիմներ: Զոկը աղքատաց խնամատարության համար հոգաբարձություն է հիմնում, իսկ ինքը նույն հոգաբարձության գանձապետ է դառնում, և Զատկի տոնին մի-մի կամ երկու-երկու ռուբլի փող է բաժանում այն աղքատ կնիկներին և տղամարդերին միայն, որոնց տարվա ընթացքում շատ անգամ յուր տանը կամ մետաքսի գործարանում ձրի ծառայեցրել էր. և չի էլ հայտնում նրան, թե այդ փողերը ձեր անունով հավաքված նվիրատվության փողեր են, այլ այնպես է ցույց տալիս, թե յուր գրպանիցն է տալիս:

ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՂԱՎՆԻՆԵՐ

(Տուրգենևից)

Ես կանգնած էի սեպացած բլուրի գագաթի վրա, իսկ իմ առջև սփռված է հաճարի հասունացած արտը. նա երբեմն ծածանվում էր ոսկյա գույնով, երբեմն տարածվում էր արծաթյա ծովի նման և պսպղին էր տալիս:

Բայց ալիքները բնավ չէին օրորվում այդ ծովի վրա, խեղդող օդի անշարժությունը գուշակում էր մի մեծ փոթորիկ:

Իմ շուրջը արեգակը դեռևս լուսավորում էր իր ջերմ և աղոտ լույսով, իսկ այնտեղ, հաճարի արտի մյուս կողմում, ոչ այնքան հեռու, մուգ-կապտագույն մառախուղը ահագին կուտակությամբ բռնել էր երկնակամարի ամբողջ կեսը:

Ամեն ինչ լռության մեջ էր... ամեն ինչ հառաչում էր արեգակի վերջին ճառագայթների փայլման ներքո: Չէր լսվում, չէր երևում ոչ մի թռչուն, թաքնված էին մինչև անգամ ճնճղուկները: Միայն մի ինչ-որ տեղ, մերձակայքում, մենավոր ջրածաղկի խոշոր տերևները համառ կերպով շշնջում էին և թափահարում:

Ինչպես սաստիկ բուրում էին դաշտերի խոտաբույսերը: Ես նայում էի կապտագույն ամպակույտի վրա... մռայը տիրում՝ էր իմ սրտում: Դե՜, շուտով, շուտով, մտածում էի ես, փայլատակի՜ր, ոսկեղեն օձ, դղրդացի՜ր որո՜տ, շարժվի՜ր, գլորվի՜ր, հեղվի՜ր, ո՜վ չար մառախուղ, վե՜րջ տուր այդ տխուր հեծությանը:

Բայց մառախուղը անշարժ էր: Նա առաջվա նման ճնշում էր անմռունչ երկիրը... միայն, կարծես թե, ավելի ուռչում էր և մթնանում էր:

Եվ ահա նրա միագույն կապուտակության վրա նշմարվեցավ մի ինչ-որ բան, որ սլանում էր հարթհավասար կերպով, կարծես թե իսկ և իսկ մի սպիտակ թաշկինակ լիներ կամ ձյունի պատառ: Դա մի սպիտակ աղավնի էր, որ թռչում էր գյուղի կողմից: Թռչում էր, թռչում էր, միշտ միևնույն ուղիղ գծով... և խորասուզվեցավ անտառի հետևում:

Անցավ մի քանի վայրկյան, — դեռ տիրում էր միևնույն խիստ լռությունը: Բայց նայիր: Այժմ նշմարվում են երկու թաշկինակներ, ձյունի երկու պատառներ ետ են սլանում: Դրանք երկու սպիտակ աղավնիներ են, որ թռչում են դեպի տուն հավասար թռիչքով:

Եվ, ահա, վերջապես պայթեց փոթորիկը, և սկսվեցավ բնության կատաղի խաղը:

Ես հազիվ կարողացա փախչել մինչև տուն: — Քամին մռնչում էր, սոսկալի կերպով պտույտվում էր: Պատառ-պատառ եղած շիկագույն ամպերը ներքևից առաջ էին մղվում: Ամեն ինչ տակնուվրա էր լինում. խառնաշփոթության մեջ էր. դղրդում էր: Անձրևի սարսափելի տարափը ջրային սյուների նման ցած էր թափվում: Կայծակների հրեղեն-կանաչագույն փայլատակումը աչք էր կուրացնում: Որոտի ընդհատվող բոմբյունը կարծես թե թնդանոթներից էր արձակվում: Փչում էր ծծմբային հոտը...

Բայց կտուրի ծածկի տակ, երդիքի կողքին, միմյանց մոտ նստած են երկու սպիտակ աղավնիներև այն, որ թռչում էր իր վարուժանի հետևից, — և այն, որին բերեց նա և կարելի է, ազատեց նրան:

Երկուսն էլ գուրգուրում էին միմյանցև յուրաքանչյուրը շոշափում էր իր թևիկով դրացու թևը:

Երջանի՛կ էին նրանք: Եվ ես ինձ երջանիկ էի զգում նրանց վրա նայելով... Թեև ես միայնա՛կ եմ... միայնա՛կ, ինչպես միշտ:

ՖԻՐԴՈՎԱԻ

I

ՓՈՔՐԻԿ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Արևը բարձրացավ և իր ջերմ, պայծառ ճառագայթներով լուսավորեց ցածրիկ տնակների սպիտակ պատերը: Իսկ հեռաստանում՝ լայն և ընդարձակ տարածվում է մերկ անապատը, որի միջով գեղածիծաղ հոսանքով և քմահաճ պտույտներով ոլորվում է Հալմենտ գետակը, անհայտանալով մանիշակագույն մռայլի մեջ:

Ահա, ուղիղ գետեզերքի պարզ և խաղաղ ջրերի մոտ հանգչում են մի քանի տնակներ և որպես հայելու հարթ ապակու վրա, ցոլանում են ջրերի մեջ: Դա Թուսն2 է, որ խորասուզված է մրգաբեր այգիների մեջ, իսկ նրա շուրջը ձգվում է մերկ, լայնատարած անապատը, որ վերջանում է հորիզոնի վրա նկարվող կապտագույն լեռներով:

Ախորժելի է սաղարթախիտ, դարևոր չինարի հովանին: Տերևների թեթև խոնավությունը, բացված վարդերի սքանչելի բուրմունքըբոլորը փաղաքշում է, բոլորը փայփայում է այրող տոթից վաստակած մարդուն: Փոքրիկ Աբդուլը լավ ծանոթ է այդ տեղի հետ, դա հեռու է ամեն բնակությունից, այստեղ ոչ ոք չէ խանգարում նրան: Պառկած մետաքսի նման փափուկ խոտերի վրա և, նիհար ձեռքերը նեցուկ տված գեղեցիկ գլխին, որ զարդարած է նախշուն արախչինով, խորասուզված է մի մեծ հին գրքի ընթերցանության մեջ, որը համարյա անգիր գիտե: Նա միշտ կարդում է այդ գիրքը, իսկ երբ հոգնում է, փակում է իր հրաշալի, երկայն թերթունքով հովանավորված աչքերը և, ձեռքերը գլխի տակին դրած, ամբողջովին անձնատուր է լինում իր սիրելի, մտավոր ցնորքներին: Անցնում են րոպեներ, անցնում են ժամեր, արևը խոնարհվում է դեպի իր գիշերային մուտքը, թռչունները սկսում են ճլվլալ, զգալով ամենաթեթև փոփոխությունները օդի մեջ, — իսկ փոքրիկ Աբդուլը կամ, որպես կոչում են նրան տանըՀիմարը, դեռ պառկած է, հրապուրված իր երևակայական պատրանքներով: Նրա առջևից անցնում են պատկերներ, մինը մյուսից ավելի հետաքրքիր:

Ահա ծխային կույտերի մեջ փայլում են բոցավառ կրակներ, Ժողովուրդը ամբոխվում է այստեղ, բարձրանում են մոգերի ձեռքերը, լսվում են ձայներ, որ երգում են փառաբանություն անմահ աստվածներին: Ահա Շամիրամի շքեղ պարտեզները: Կիտրոնիների և դեղձենիների ոսկեգույն պտուղները փայլում են արեգակի առջև, ճեմում են մանկահասակ կանանց և սիրուն պատանիների ուրախ, գույնզգույն խումբերը, իսկ ինքը, վեհափառ թագուհին, շրջապատած շքեղափայլ նաժիշտներով, քաղցր նիրհում է փափուկ բարձերի վրա իր մարմարյա ապարանքներում:

Ահա ժայռերի բարձրավանդակի վրա կանգնած է անմատչելի ամրոց: Սուլելով, շառաչելով դուրս է թռչում այնտեղից մի ահռելի վիշապ և հարձակվում է հպարտ, մանկահասակ փեհլևանի3 վրա, որը արիաբար ձիավարում է իր պատերազմական նժույգը: Վիշապի բերանից բոց է դուրս հոսում, սոսկալի աչքերը լցված են այրունով. նրա ճիրանները ամրացած են գետնի վրա, իսկ հսկայական օձանման մարմինը գալարվեցավ, որպես մի դյուրաթեք վագր, երբ նա նետվում է փոքրիկ այծյամի վրա:

Աբդուլը ճչալով բաց է անում աչքերը: Արդեն մութն է, աստղերը փայլում են կապույտ, անսահման երկնակամարի վրա: Օդը չոգորված է ծաղիկների անուշահոտությամբ: Նրա փոքրիկ ձեռիկները սրբում են սառն քրտինքը, որ պատել է ճակատը:

Հիմար, որտե՞ղ ես դու, — լսելի է լինում հոր բարկացոտ ձայնը:

Այստեղ եմ, — պատասխանում է որդին, քաղցրահնչյուն ձայնով:

Նա ուրախ էր, որ սարսափելի երազը վերջացավ և կրկին իրան գտավ իրականության մեջ:

Դու դարձյա՛լ այդ գրքի հետ ես, ես կխլեմ նրան քո ձեռքից, եթե դու այդպես կշարունակես միշտ փախչել տնից:

Արտասուքը գլորվում է Աբդուլի աչքերից, և նա տենդային ջերմությամբ սեղմում է գիրքը բաբախող կուրծքի վրա:

Այն հիմար Ասեդը քեզ մի լավ բան չի սովորեցնի: Գնա տուն:

Եվ գնում են հայր ու որդի դեպի փառավոր այգիի հեռավոր անկյունը, իրանց խղճուկ տնակը, ուր սպասում է նրանց աղքատիկ ընթրիքը:

Աբդուլի հայրը, Շերիֆ-շահը, Թուսի հարուստ և միևնույն ժամանակ խստասիրտ փոխարքայի այդեպանն էր, որին կոշում էին Աբու-Մանսուր-Թերկուլի:

Ամեն ինչ խորասուզված է հարավային անլուսնյակ գիշերի կապտագույն մռայլի մեջ: Ահա Աբդուլը գտնվում է իրանց տնակի տափակ կտուրի վրա: Նրա մանկական բնավորությունը սաստիկ գրգռված է հոր խոսքերից: Նա մտածում է. «Հայրս կամենում է խլել ինձանից Բոստան-Նամեն ...4 նա հայհոյում է բարի Ասեդին... Փախչե՞լ... վատությա՞մբ վճարել... ո՜չ, ո՜չ»:

Գլուխը թեքվում է մութաքայի վրա, իսկ ձեռքերը պինդ բռնած ունեն մեծ գիրքը:

Օրերը անցնում են օրերի հետևից: Գալիս է ծաղկազարդ գարունքը: Վաղ առավոտյան, երբ արեգակը դեռ չէր սկսել տոչորել, Աբդուլը վազեց իր բարի, քաղցրաբարո վարժապետի, Ասեդի մոտ:

Ժողովուրդը վժվժում է փողոցների մեջ: Տների երկայն ստվերները մուգ-մանիշակագույն բծերով ընկած են լուսավորված գետնի վրա: Ահա և բազարը: Խայտաճամուկ երևան են գալիս գույնզգույն հագուստները, մորթյա գդակները, նախշուն արախչիները և կանանց չադրաները: Կրպակների առաջը ծածկված է գոլ-գոլ փարդաներով, ապրանքները դարսած են դրսում: Այնտեղ դրած են փայլուն զենքերթրեր, նիզակներ, պողովատյա ոսկեզօծ սաղավարտներ և ամրակուռ, դրվագավոր զրահներ, — դրանց կարգում, մյուս կրպակի առջև երևում են զանազան տեսակ մրգերի և բանջարների կույտեր, իսկ փոքր-ինչ հեռու՝ գույնզգույն ծալքերով քարշ են ընկած կերպասների թանկագին և ամենագեղեցիկ ճոթերը: Քարվանսարայի ծածկի տակ կանգնած, խոտ են ուտում ավանակներ և ջորիներ, նրանց մոտ չոքած, հանգիստ որոճում են, երկայն պարանոցները մեկնած, բարեսիրտ ուղտերը: Ամեն կողմից աղմուկ, իրարանցում, ապրանք վաճառողների կանչյուններ, — այդ բոլորը լցնում է օդը անլռելի աղաղակներով:

Փոքրիկ Աբդուլը շտապով անցնում է գեղեցիկ կրպակների առջևից: Նրան օտարոտի է թվում այդ խառնաձայն աղմուկը, այդ կոպիտ երեսները: Նա սովորած է լսել ծառերի մեղմ սոսափյունը, թռչունների երգեցողության փափուկ և քնքուշ ներդաշնակությունը, սովորած է ականջ դնել գիշերային զեփյուռի անուշ մուզիկային: Նա շուտով թողնում է այդ խայտաճամուկ, սովորական կյանքով լի հրապարակը, և մտնում է ծածկված չարշին, որտեղ շրջապատված գրքերով, մագաղաթով ու մելանով, գտնվում է նրա բարեկամ Ասեդը: Ծերունին գրավաճառ էր:

Ճանապարհին պատահում է Աբդուլին բեռնակիր ստրուկների մի խումբ, որոնք շալակած տանում էին ապրանքների ծանր հակեր: Այդ թշվառների տանջանքը սարսափելի էր արեգակի ջերմ, կիզող ճառագայթների ներքո: Նրանց սև, կոպտացած երեսներից գլորվում էին քրտինքի խոշոր կաթիլներ, մկնակները լարված էին, ոտները դողդոդում էին ամեն մի զգույշ քայլափոխի միջոցում: Աբդուլը մի րոպե փակում է իր սև աչքերը և կանգ է առնում: Նրա փոքրիկ կուրծքի մեջ կատարվում է մի անհասկանալի հուզմունք. սիրտը բաբախում է, կոկորդը ցնցողաբար սեղմվում է, փոքր է մնում, որ լաց լինի: Նա վազելով առաջ է անցնում: Ահա և ծանոթ կրպակը գոլ-գոլ փարդայով, ահա և սիրելի անձը: Նա ներս է մտնում, նրա աչքերը լցված են արտասուքով, նրան խեղդում է հեկեկանքը: Նա շվարած կերպով գրկում է զարմացած վարժապետին և, արտասուքը կուլ տալով, հարցնում է.

Թանգակին վարժապետ, ասա ինձ... ինչո՞ւ բոլոր մարդիկ բախտավոր չեն... Ինչո՞ւ ոմանք տանջվում են, և ոմանք ոչ...

Վարժապետի բարի դեմքը ժպտում է. նա վաղուց սովոր էր տեսնել իր սանիկի մեջ այս տեսակ հոգեկան հուզմունք: Նա վաղուց նկատել էր, որ այդ մանուկ գլխի մեջ, — որ ընդունակ էր հասկանալ ավելի, քան թե իր հասակը, — երբեմն ծագում էին ինքնուրույն մտքեր: Նա փայփայում է Աբդուլի սափրած գլուխը և քնքշությամբ նայում է նրա հրաշալի, խելացի աչքերի մեջ:

Իմ թանկագին, — պատասխանում է վարժապետր, — այդ Աշխարհում, ուր մենք ապրում ենք, չարությունը ծնեց մարդու մեջ սեր դեպի իր անձը միայն, և անձնական ցանկությունից, որ իր համար լավ և հանգիստ լիներ, մարդը աշխատում է հաղթել բոլոր արգելքներին, որոնք խոչընդոտ են դնում նրա բախտավորությանը, առանց բոլորովին ուշադրություն դարձնելու այն բանի վրա, թե որքան իր անձնական բախտավորությունը խանգարում է ուրիշի բախտավորությունը:

Ծերունի Ասեդը սաստիկ դժվարանում էր ավելի լիակատար կերպով բացատրելու իր խոսքերը, թեև նա տեսնում էր, թե որպիսի ուշադրությամբ լսում էր իրան Աբդուլը և որպիսի ագահությամբ աշխատում էր յուրացնել նրա մտքերը: Աշակերտի փոքրիկ ձեռիկները գրկում են վարժապետի արևից այրված պարանոցը և նրա բերանը դարձյալ մի նոր հարց է առաջարկում:

Արդյոք կգա՞ մի ժամանակ, որ մարդիկ կսկսեն սիրել միմյանց:

Եվ չսպասելով վարժապետի պատասխանին, նա մինը մյուսի հետևից առաջարկում է հարցերի մի ամբողջ շարք:

Ծերունի Ասեդը դեռ բոլորովին չէր հասկանում, թե որպիսի մեծ հոգի էր բնակվում այդ տարօրինակ տղայի մեջ: Լսելով նրա խոսքերը, նա ինքը նույնպես հրապուրվում էր:

Նրան պատմում էր Աբդուլը իր հրաշալի երազների մասին, թե որպես նա խոսակցում էր ծաղիկների և թռչունների հետ, թե որպես տեսնում էր ոգիների սքանչելի ապարանքները, — հիացած նկարագրում էր գիշերների խորհրդավոր լռությունը, լուսափայլ աստղերի դյութական ժպիտը, երեկոյան հովի մեղմիկ շշնջյունը, չինարների տերևների բազմախորհուրդ բարբառը և կանաչազարդ գետեզերքի հրաշալի գեղեցկությունը: Ավելի վառ գույներով նկարագրում էր փեհլևանների կռիվները և մոգպետների կախարդությունները, որոնց մասին նա կարդացել էր իր վարժապետից ընծա ստացած ամենաթանկագին գրքիԲոստան-Նամեի մեջ:

Ահա կրպակի առջևից վազելով անցան մի քանի մարդիկ, որոնց հետևից մյուսները և ապա ավելի շատ բազմություն: Լսելի էին լինում աղաղակներ և փողերի հնչյուններ:

Այդ ի՞նչ է այնտեղ: Նայիր:

Աբդուլը բարձրացնում է կրպակի փարդան և նայում է դեպի փողոցը: Նա մնում է ապշած, նրա աչքերը երբեք չէին տեսել մի այնպիսի տեսարան:

Ե՜կ, ե՜կ այստեղ, — ձայն է տալիս Աբդուլը:

Բայց Ասեդը ընկղմված էր խորին մտածության մեջ. նա չէր կարողանում նախուգուշակել, թե ի՜նչ էր կատարվում այդ տղայի հետ, և ի՜նչ էր գոյություն առնում նրա մանուկ գլխի մեջ:

Դուրս ենք գալիս փողոցը: Զինվորների մի քանի կարգ փայլուն զրահների մեջ ամրացած, հպարտ կերպով ընթանում են ծաղիկներով սփռված գետնի վրա: Սևամորթ ստրուկները, ականջներից քարշ ընկած խոշոր գնդերով և զոլավոր կարճ շալվարներով, տանում են նրանց հետևից մի մեծ գիրք: Երկու նշանավոր աստիճանավոր, մետաղյա դրոշմավոր խույրերով և ոսկեթել փունջերով զարդարած ծիրանի աբաներով, տանում են մի սպիտակ, աշխույժ ձի, բռնած ունելով նրա արծաթյա սանձի աջ և ահյակ կողմերից: Ձիու գլուխը և պարանոցը զարդարած էր կապտագույն հուլունքներով, ոսկյա բոժոժներով, իսկ թամբը՝ թանկագին, կերպասյա տապճակով: Ձիու վրա նստած է պարզ, ճերմակ հագուստով մի դեռևս մանկահասակ այր, հեզ և պայծառ դեմքով: Նրա գլխին կապած է մի պսակ, հյուսած վարդերից: Նրա հետևից գնում են մունետիկները և ազդարարում են.

Տվեցեք պատշաճավոր հարգանք բանաստեղծների մեծ թագավոր Անսարիին:

Ամբողջ բազմությունը գլուխ է խոնարհեցնում, աղաղակելով.

Փա՛ռք և կյա՛նք Անսարիին:

Աբդուլը մնաց անշարժ, խորին հիացման մեջ: Նրա աչքերը արտահայտում էին տարակուսանք. «ուրեմն դա նա՞ է, որ գրել է Բոստան-Նամենայդ հասարակ, գեղեցիկ մարդը»:

Լի հրճվանքով աղաղակեց նա, երբ Անսարին մոտեցավ նրան.

Փա՛ռք և կյա՛նք Անսարիին...

Անսարին ժպտում է իր հեզ ու քաղցր ժպիտով և նայում է բախտավորված համբակի վրա:

Բայց որպիսի՞ զգացմունքներ այդ րոպեում տիրում էին Ասեդին: Նրա մշտապես տխուր դեմքը պայծառացավ, նա լուծեց մեծ գաղտնիք — «Աբդուլը բանաստեղծ կլինի...»: Նա գրկում է համբակին և ջերմ ու ջերմ համբուրում է նրան:

Ծանր ու հեղձուցիչ է օդը փոքրիկ տնակի մեջ: Աբդուլը քնել չէ կարողանում: Լուսամատից երևում են փայլուն աստղերը, և սևին է տալիս արմավենու կիսաստվերագիծը: Բացված հասմիկի հոտավետ ճյուղերը լցնում են սենյակը սքանչելի բուրմունքով: Նրա աչքերի առջևից խումբ-խումբ անցնում են զինվորների կարգերը... լսելի են լինում բազմության աղաղակները... սպիտակ ձին... Անսարին... բանաստեղծը..: և փոքրիկ բանաստեղծը քնում է:

II

ՊԱՏԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Следующая страница
Страницы: Начало Предыдущая 1 2 Следующая Конец