Շիրվանզադե Ալեքսանդր՝   Արհավիրքի օրերին

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец

ԱՐՀԱՎԻՐՔԻ ՕՐԵՐԻՆ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՄԻՀՐԴԱՏ ՄԱՆԳՈՒՆԻ –– թուրքահայ հարուստ կալվածատեր.

ՍԱԹԵՆԻԿ –– նրա կինը

ԳԱԼՈՍաթենիկի ապօրինի զավակը.

ՏԻՐԱՆ –– Միհրդատ ի և Սաթենիկի որդին.

ՆԻԳԱՐ –– Միրհրդատի եղբոր դուստրը.

ԴԱՆԻԵԼՄիհրդատի եղբայրը.

ԱՐՓԵՆԻԿ –– Դանիելի կինը.

ՆՈՒԳԶԱՐ –– Մանգունիների աղախինը.

ՋԵՄԱԼ-ԲԵՅքուրդ ցեղապետ, Գալոյի հայրը.

ԱՆԹԱՐ-ԲԵՅ ––Ջեմալ-Բեյի քեռորդին, թուրք սպա.

ԳԵՆԵՐԱԼ ՆԵԼԻԴՈՎռուս զորավար.

ՄԻԼՈՎԻԴՈՎ –– գեներալի թիկնապահը.

ՀՐԱԶԴԱՆ –– նախկին Արամազդ՝ Նիգարի հայրը, հայ կամավորների հրամանատար.

ԱԼԻՇԱՆնախկին Տեր-Ղևոնդ, Հրազդանի օգնականը.

ՍԱՔՈկամավորների հրամանատար.

ՄՀԵՐկամավորների հարյուրապետ.

ԶԱՐՄԱՅՐ –– տնտեսապետ. կամավորներ

ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱՆ –– ուսանողուհի

Տիրանի չորս ընկերները.

Զառամյալ քահանա խելագար համարված.

Երկու կոզակ.

Երեք պարենապահ-կամավոր.

Մի թուրք զինվոր.

Զորավարներ, կոզակներ, զինվորներ, կամավորներ, երաժիշտներ, երգիչներ, մանուկներ, գաղթականների կարավան և այլն:

Գործողությունը կատարվում է Թուրքահայաստանի սահմաններում:

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Գավառական քաղաք Թուրքիայում՝ խառն ագգաբնակչությամբ: Միրհրդատ Մանգունու տունը:

Մի բավական մեծ սենյակ: Ձախ պատի մեջ երկու լուսամուտ: Խորքի պատի մեջ դռներ դեպի մյուս սենյակները: Աջ պատի մեջ դռներ դեպի նախասենյակ: Երկու պատերի առջև թախտեր՝ տեղական գորգերով ծածկված: Ցախ պատի առջև դեպի ավանսցեն փոքրիկ գրասեղան՝ քովն երկու աթոռ: Հատակն ամբողջովին ծածկված է գորգերով: Պատերի վրա մի քանի աննշան նկարներ և Էջմիածնի կաթողիկոսի և Պոլսի հին ու նոր պատրիարքների պատկերները: Առաստաղից քաշ է արած մի մեծ լամպար՝ կերոսինի: Գրասեղանից վեր քաշ է արած հայելի: Աջ պատի մեջ բուխարի, որ վառ չէ: Ընդհանրապես սենյակը կրում է նյութական ապահովության կնիք:

ՏԵՍԻԼ 1

ՆՈՒԳԶԱՐ, ՀԵՏՈ ԱՐՓԵՆԻԿ

ՆՈՒԳԶԱՐ. (Մոտ 30 տարեկան կին է, հասարակ, բայց մաքուր հագնված: Գլուխը ծածկված է թաշկինակով: Ոտներին չուստեր: Վարագույրը բարձրանալիս, թախտերը կարգի բերելով, հանդարտիկ երգում է թախծալի եղանակով) :

Քուրիկ արև Եփրատ ախպեր,

Քեզի բարև, Դաշտերի սեր,

Ինչո՞ւ այդպես Ինչո՞ւ այդպես

Սև ամպերեն Պղտորել ես,

Դու խավրեր ես, Փրփրել ես,

Իմ ցա՞վ ունիս, Դուն ա՞լ ինձ պես

Իմ դա՞րդ ունիս, Խեղճ հայր ու մայր

Դուն ալ հա՞յ ես, Կորսուցել ես,

Թուրքի փա՞յ ես: Արտասուքեն

Կուրացե՞լ ես:

ԱՐՓԵՆԻԿ. (Գալիս է խորքի դռներով: Մոտ 30 տարեկան կին է, նիհար, գունատ: Հագած է եվրոպական շրշագգեստ և կոշիկներ, այնինչ գլուխը կապած է թաշկինակով): Հը, էլի՞ երգեցիր քո տխուր երգը:

ՆՈՒԳԶԱՐ. (Աչքերը հագուստի թևերով սրբելով): Էհ, ի՞նչ ընեմ, Արփի խաթուն, միտս եկան սև օրերը: Եղավ քսան տարի, որ համիդիեները մեր տունը կոտորեցին ու զիս անարգեցին:

ԱՐՓԵՆԻԿ. Մոռցիր, նուգզար, մոռցիր եղածը: Ռուսը գալիս է. նա մեզ կազատե թյուրքի լծեն: Ռուսի թուրը կտրուկ է: (Մոտենում է լուսամուտներից մեկին):

ՆՈՒԳԶԱՐ. (Երեսը խաչակնքելով): Կըսեն՝ շատ զորավոր է: Աստված անոր թրին ավելի ուժ տա, որ մեզի փրկե: Հերիք տանջվեցինք այս դժոխքում: (Թախտի վրայից ավելը վերցնելով, քայլերն ուղղում է դեպի խորքի դռները):

ԱՐՓԵՆԻԿ. (Լուսամատով նայում է փողոց): Կեցիր, նուգզար, այստեղ նայիր: Այն ո՞վ է, որ քայլում է մեր կողմ:

ՆՈՒԳԶԱՐ. (Մոտենում է լուսամատին): Նայեմ, ո՞ւ կուրացել եմ, լավ չեմ տեսնում, Էֆենդի մըն է:

ԱՐՓԵՆԻԿ. Չե՞ս ճանչընար, Գալոն է: Գնա, մեծ խաթունին հայտնիր, շուտ: (Լուսամուտից հեռանում է):

ՏԵՍԻԼ 2

ԱՐՓԵնԻԿ և ԳԱԼՈ, որ գալիս է աջ կողմի դռնով

ԳԱԼՈ. (23 տարեկան երիտասարդ է, գեղեցիկ, առողջ ու համեստ դեմքով ու ձևերով: Հագած է հասարակ եվրոպական հագուստ: Շարժումները համեստության հետ միասին ունին և հպարտություն): Բարով, Արփենիկ: (Ձեռք չի տալիս, միայն գլուխ է տալիս):

ԱՐՓԵՆԻԿ. (Գլուխը թեթեակի շարժելով): Բարի գալուստ:

ԳԱԼՈ. Մերոնք տա՞նն են:

ԱՐՓԵՆԻԿ. Տղամարդիկ՝ ոչ: Սաթենն իսկույն կգա: Ահա նա:

ՏԵՍԻԼ 3

ՆՈՒՅՆՔ և ՍԱԹԵՆԻԿ

ՍԱԹԵՆԻԿ. (Գալիս է խորքի դռներով: Մոտ 4042 տարեկան կին, բավական թարմ ե տակավին գեղեցիկ: Հագած է տեղական գունավոր ասեղնագործ գգեստ: Ոտներին՝ եվրոպական կոշիկներ: Գլուխը գարդարված է տեղական ու թուրքական ոսկիներով: Հուզված է Գալոյի գալստյամբ): Գալո՜:

ԳԱԼՈ. Մա՜յր. (Համբուրում է Սաթենիկի ձեռքը):

ՍԱԹԵՆԻԿ: (Թեթև համբուրում է Գալոյի ճակատը, դառնում է Արփենիկին): Թող մեզ առանձին:

ԱՐՓԵՆԻԿ. (Գնում է խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 4

ՆՈՒՅՆՔ, առանց ԱՐՓԵՆԻԿԻ

ՍԱԹԵՆԻԿ. (Արփենիկին հայացքով ուղեկցելուց հետո, Գալոյին համբուրում է ջերմագին և թեթև արտասվելով): Նստիր: (Հուզումը զսպելով): Հինգ ամիս է քեզ չեմ տեսել: Ո՞րտեղ էիր: (Նստում է աջ կողմի թախտի վրա):

ԳԱԼՈ. (Նստում է աջ կողմի թախտի վրա)ւ Ո՜վ գիտե, թափառում էի: Այն օրեն, երբ ամուսինդ ինձ արտաքսեց այս տնեն, պտտել եմ ամբողջ Թուրքիան աննպատակ: Այժմ պատերազմը ինձ քշել բերել է այստեղ:

ՍԱԹԵՆԻԿ. (Խորհրդավոր ու կիսահեգնական): Միա՞յն պատերազմը:

ԳԱԼՈ. Եվ դու:

ՍԱԹԵՆԻԿ. (ժպտալով): Եվ մի երրորդը, հարկավ:

ԳԱԼՈ. (Հանդիմանորեն): Մա՜յր:

ՍԱԹԵՆԻԿ. Լավ, մի վշտանար: Ես քեզ չեմ մեղադրում: Նիգարն արժանի է քեզ, դու էլ Նիգարին: Միայն գիտցիր, որ Միհրդատը իսկույն հասկանալու է գալուդ նպատակը:

ԳԱԼՈ. Թող հասկանա, թող նորեն կատաղե, այլևս ինձ համար միևնույն է: Կա՞րող եմ տեսնել Նիգարին:

ՍԱԹԵՆԻԿ. Համբերիր, կտեսնես:

ԳԱԼՈ. Ո՞րտեղ են ամուսինդ ու նրա եղբայրը:

ՍԱԹԵՆԻԿ. Գնացել են քահանայի մոտ. ժողով ունին:

ԳԱԼՈ. (Դառը հեգնաթյամբ): ժողո՜վ: Այստեղ ևս: Ամեն տեղ: Ամենքը մոլորվել են՝ մեծ ու փոքր, ամբողջ հայությունը: Սակայն ոչ ոք գիտե, թե այս պատերազմը ինչ աղետ է բերելու մեզ:

ՍԱԹԵՆԻԿ. Աղե՞տ: Ինչո՞ւ: Ամենքն ասում են, որ պիտի ա՛զատվենք Թյուրքիայի դարավոր լծեն:

ԳԱԼՈ. (Հեգնորեն ծիծաղում է):

ՍԱԹԵՆԻԿ. Ինչո՞ւ ես ծիծաղում:

ԳԱԼՈ. Ոչինչ: Ես լսում եմ ամուսնուդ ձայնը:

ՍԱԹԵՆԻԿ. Անցիր մյուս սենյակը, թող որ նախազգուշացնեմ նրան քո մասին:

ԳԱԼՈ. Մի վախենար, մայր, ես ինձ կզսպեմ:

ՍԱԹԵՆԻԿ. Շնորհակալ եմ, որդի:

ՏԵՍԻԼ 5

ՆՈՒՅՆՔ, ՄԻՀՐԴԱՏ և ԴԱՆԻԵԼ

ՄԻՀՐԴԱՏ. (Դրսից): Մի վիճիր, դու թուրք կառավարությանը չես ճանաչում: (Գալիս է աջ կողմի դռներով: Հիսուն և երեք տարեկան տղամարդ է, բավական առույգ է, կայտառ, թեև, ճերմակ մազերով ու մորուսով: Հագած է լայն ու երկայն պիջակ, լայն պանթալոն, նեղ եզրերով, ոտներին եվրոպական կոշիկներ, գլխին թուրքական կարմիր ֆես): Նա միշտ խաբել է մեզ, էլի կխաբե:

ԴԱՆԻԵԼ. (Ներս է մտնում Միհրդատից հետո: 39 տարեկան տղամարդ է: Միհրդատի պես հագնված: Երեսը սափրած է): Բայց մենք ուրիշ միջոց չունինք, պետք է հավատանք կառավարությանը: Մեր ճակատագիրն է լսել ու խոնարհվել: Խեղճեր ենք մենք:

ԳԱԼՈ, Խեղճի ձայնը շատ թույլ է աստուծո լսելիքին հասնելու համար:

ՄԻՀՐԴԱՏ. (Ցնցվելով): Աա՜, ի՞նչ, այդ ո՞վ էր: Դո՞ւ: (Դառնում է Սաթենիկին): Ի՞նչ գործ ունի նա իմ տանը:

(Լռություն):

ՄԻՀՐԴԱՏ. (Գալոյին): Հարցնում եմ, ինչո՞ւ համար ես եկել:

ԳԱԼՈ. (Չի պատասխանում):

ՍԱԹԵՆԻԿ. Եկել է յուր մորը տեսնելու:

ՄԻՀՐԴԱՏ. Հեգնորեն): Այո՞: Լավ ես ասում: Հավատում եմ: (Գալոյին): Հեռացիր աչքիցս, եթե բան չունիս ասելու:

ԳԱԼՈ. Ունիմ բան ասելու և շատ լուրջ բան:

ՄԻՀՐԴԱՏ. Հապա, շուտ և կարճ:

ԴԱԼՈ. Թուրք կառավարությունը վճռել է բնաջինջ անել ամբողջ հայությունը:

ԱՄԵՆՔԸ. (Ցնցվում են):

ՍԱԹԵՆԻԿ. Ողորմած աստված:

ԴԱՆԻԵԼ. Ի՞նչ պատճառով:

ԳԱԼՈ. Ձեր դավաճանության պատճառով:

ԴԱՆԻԵԼ. Մենք դավաճաննե՞ր:

ԳԱԼՈ. Այո՛, թուրք կառավարությունը հայ ժողովրդի համակրությունը Ռուսիային՝ համարում է քաղաքական դավաճանություն:

ՄԻՀՐԴԱՏ. (Սրտմտությամբ): Սուտ ես ասում, քուրդ, այդպիսի բան չկա: Դու ինքդ ես հնարել:

ԳԱԼՈ. (Հանգիստ դուրս է բերում գրպանից մի թուղթ թուրքերեն գրված և տալիս է Դանիելին): Կարդա՛:

ԴԱՆԻԵԼ. Ի՞նչ է այդ: (Թուղթը վերցնում ու կարդում է):

ԳԱԼՈ. Կենտրոնական կառավարության մի գաղտնի հրովարտակը, որը ես ձեռք եմ բերել իմ քուրդ բարեկամների միջոցով:

ՄԻՀՐԴԱՏ. (Դանիելին): Բարձր կարդա:

ԴԱՆԻԵԼ. (Հուզված թղթի ընթերցումից): Այդ անարդար է, անաստված, սոսկալի: (Թուղթը տալիս է Միհրդատին): Ինքդ կարդա:

ՍԱԹԵՆԻԿ. (Գրգռված): Բայց ի՞նչ է գրված այդտեղ, ասելո՞ւ ես, թե՞ չէ:

ԴԱՆԻԵԼ. Կենտրոնական կառավարությունը հրամայում է տեղական վարչություններին բոլոր հայ երիտասարդներին ձերբակալել և աքսորել Միջագետք, գրավելով նրանց գույքը:

ԳԱԼՈ. Աքսորել ճանապարհին կոտորելու համար:

ՄԻՀՐԴԱՏ. Այդ մասին այս թղթի մեջ ասված չէ:

ԳԱԼՈ. Այդ հասկացվում է ինքնըստինքյան:

ԴԱՆԻԵԼ. Արյունս սառչում է երակներիս մեջ:

ՍԱԹԵՆԻԿ. Ողորմած աստված, դո՛ւ մեզ փրկես:

ՄԻՀՐԴԱՏ. (Կատաղած): Բայղուշ, դու եկել ես մեր հանգիստը խափանելու: Կորիր, քուրդ, ես քեզ չեմ հավատում: (Թուղթը ձգում է հատակի վրա):

ՍԱԹԵՆԻԿ. Միհրդատ, Գալոն սուտ խոսել չգիտե:

ԴՐՍԻՑ. (Լսվում է երաժշտության ձայն, նվագում են օսմանյան քայլերգ: Ձայնը գալիս է հեռվից, հետզհետե մոտենամ և մի քանի րոպե տևելով, ընդհատվում է):

ԴԱՆԻԵԼ. (Շտապով մոտենալով լուսամուտներից մեկին): Այդ ի՞նչ է, զո՞րք:

ԳԱԼՈ. Աբդուրահման փաշայի զորաբաժինն է: Գալիս է պատերազմի դաշտն անցնելու համար: Պատրաստվեցեք անախորժ հյուրերին ընդունելու: (Թուղթը հատակից վերցնելով, գնում է աջ կողմի դռներով):

ԴԱՆԻԵԼ. (Գալոյին հետևելով): Գնանք, նայենք:

ՏԵՍԻԼ 6

ՄԻՀՐԴԱՏ և ՍԱԹԵՆԻԿ

ՍԱԹԵՆԻԿ. Մի՞թե այս ծանր օրերին անգամ չես կարող հաշտվել այդ խեղճ տղայի հետ:

ՄԻՀՐԴԱՏ. Գեհենի կրակի մեջ էլ չեմ մոռանա, որ նա քո խայտառակության պտուղն է:

ՍԱԹԵՆԻԿ. Ա՛հ, երանի դու ինձ չազատեիր այդ խայտառակությունից:

ՄԻՀՐԴԱՏ. Ու թողնեի քեզ սրիկա Ջեմալի գրկում, որ նա կշտանար քո փարթամ մարմնից ու հետո շպրտեր քեզ իր ծառաներին, այո՞:

ՍԱԹԵՆԻԿ. Այո՛, թեկուզ այդպես, ի՞նչ արած, քչե՞րն են հայ աղջիկներից հաշտվել իրանց վիճակի հետ, ընկնելով փաշաների ու սուլթանների հարեմները: Թող մեկն էլ ես լինեի: Ո՞վ գիտե, գուցե տարիներն ինձ մոռացնել տային իմ անցյալը, իմ ձնողերին, իմ քրիստոնյա հավատն ու քեզ, որ իմ նշանածն էիր:

ՄԻՀՐԴԱՏ. Ահա թե ինչ:

ՍԱԹԵՆԻԿ. Այո՛, այն ժամանակ գոնե ես ազատ կլինեի քո հավիտենական նախատինքներից: Այն ժամանակ ինձ համար անվերջ տառապանքների պատճառ չէր լինիր իմ արգանդի բերքը: Ահ, Միհրդատ, Միհրդատ, դու չես հասկացել և երբեք չես հասկանալ, որ մոր համար զավակը զավակ է, ով որ լինի նրա հայրը:

ՄԻՀՐԴԱՏ. Մինչև անգամ մի ավազակ քո՞ւրդ, մի հրոսա՞կ:

ՍԱԹԵՆԻԿ. Այո, թեկուզ մի շուն:

ՄԻՀՐԴԱՏ. Որ այդպես է, զղջում եմ, որ այդ շան ձագին չխեղդեցի իր խանձարուրին մեջ:

ՍԱԹԵՆԻԿ. Ահ, կխեղդեիր, եթե թույլ տայի: Մոռացե՞լ ես, թե քանի-քանի անգամ եմ ես ազատել նրան քո ճանկերից: Ոհ, երբեք մտքիցս չի հեռանում այն անիծյալ ձմեռային գիշերը: Քսաներեք տարի սրանից առաջ: Ես քնած էի, երբ լսեցի նրա մանկական ճիչը: Զարթեցի և ի՞նչ տեսնեմ: Աչքերդ արյունակալ կատաղած, ինչպես գազան, բռնել ես նրա ոտիկներից և ուզում ես շպրտել լուսամուտով փողոց ձյունի ու բուքի մեջ, ինչպես մի կատվի ձագուկ: Ես օձի նման փաթաթվեցի ոտներիդ ու աղի արցունքներով պաղատեցի քեզ խնայել եթե ոչ նրան, եթե ոչ ինձ, գոնե քո անունը, որ մյուս օրը բերնե-բերան անիծվեր իբրև որդեսպանի անուն: Դու կանգ առար, նայեցիր ինձ խելացնոր աչքերով և իմ զավակի մարմինը զարկեցիր իմ գլխին: Այդպես ես կարողացա ազատել նրան և քեզ: Միհրդատ, Միհրդատ, բավական է, որքան ես տանջվել եմ այս քսաներեք տարվա մեջ: Բավական է. տեսնում ես, արդեն ծերացել եմ: Դադարիր, վերջապես, հալածել իմ զավակին: Հավատա, Գալոն լավ տղա է, ազնիվ հոգի: Երդվում եմ Տիրանի արևով, որ նա իր կյանքը չի խնայի քեզ համար: Տեսնո՞ւմ ես, փորձանքների օրեր են սպասում մեզ, և նա հեռավոր երկրներից եկել է մեզ ազատելու, կամ մեզ հետ մեռնելու: Եթե ունենք մի պաշտպան, հավատա, որ դա միայն Գալոն է իր թուրք ու քուրդ բարեկամների շնորհիվ:

ՄԻՀՐԴԱՏ. Ես բացեիբաց հրաժարվում եմ նրա պաշտպանությունից: Ես գիտեմ՝ ում համար է եկել նա: Ասա նրան, որ ես իմ ձեռքով կխեղդեմ Նիգարին ու չեմ թողնի նրա կինը դառնալու:

ՍԱԹԵնԻԿ. Ի՞նչ իրավունքով: Նիգարը քո աղջիկը չէ:

ՄԻՀՐԴԱՏ. Ես փոխարինում եմ նրա հորը, ինձ է հանձնել իմ եղբայրը նրա վիճակը:

ՍԱԹԵՆԻԿ. Իսկ եթե Նիգարը չլսե քեզ, սիրե Գալոյի՞ն:

ՄԻՀՐԴԱՏ. Այն ժամանակ ես նրան էլ դուրս կանեմ իմ տնից առանց շապկի:

ՍԱԹԵՆԻԿ. Կամակոր ես, Միհրդատ, դաժան և չար:

ՄԻՀՐԴԱՏ. Ասա, ինչ ուզում ես, միայն մահը կարող է ազատել այդ շան լակոտին իմ ատելությունից: (Գնում է խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 7

ՍԱԹԵՆԻԿ մենակ, հետո ՆԻԳԱՐ

ՍԱԹԵՆԻԿ. (Թուլացած նստում է թախտի վրա և, գլուխը բարձի վրա դնելով,հեկեկում)

ՆԻԳԱՐ. (Գալիս է աշխույժ քայլերով խորքի դռներով Միհրրդատի հեռանալուց բավական անցած: Սիրուն դեմքով, սիրուն կազմվածքով 1819 տարեկան աղջիկ է: Հադած է եվրոպական շրշագգեստ և կոշիկներգլուխը ծածկված է մետաքսյա թաշկինակով): Հորքուր, գիտե՞ս, Նուգզարի հետ բարձրացել էինք մեր տան տանիքն ու այնտեղից նայում էինք զորքին: Ինչ շատ էին: Տեր աստված, գալիս էին ու գալիս, վերջ չկար Եփրատի պես: Բայց այդ ի՞նչ է, դու լալի՞ս էիր: Ի՞նչ է պատահել: (Մոտենում է Սաթենիկին և գրկում):

ՍԱԹԵՆԻԿ. Ոչինչ, զավակս, ոչինչ: (Աչքերը սրբելով):

ՆԻԳԱՐ. Ոչ հորքուր, դու լալիս էիր, ես տեսա: Աա, պատճառը գիտեմ. Գալոն եկել է ու հորեղբայրս քեզ հետ էլի կռվել է նրա պատճառով: Տեսա՞ր, որ գիտեմ:

ՍԱԹԵՆԻԿ. Հորեղբայրդ կարծում է, որ Գալոն քեզ համար է եկել:

ՆԻԳԱՐ. Որ այդպես է, ես Գալոյի հետ չեմ տեսնվիլ:

ՍԱԹԵՆԻԿ. (Նիգարին գրկելով): Ասա ինձ, Նիգար, սիրո՞ւմ ես ինձ:

ՆԻԳԱՐ. Հորքուր այդ ի՞նչ հարց է: Մի՞թե չես զգում, որ ես քեզ սիրում եմ հարազատ մորս չափ: Չէ՞ որ ես մայր չունեմ և ինքդ ես ասում, որ դու ես իմ մայրը:

ՍԱԹԵՆԻԿ. Որ այդպես է, պատասխանիր ինձ առանց քաշվելու, հավանո՞ւմ ես Գալոյին:

ՆԻԳԱՐ. (Չի պատասխանում, երեսը դարձնում է Սաթենիկից, շփոթվելով ու կարմրելով):

ՍԱԹԵՆԻԿ. Մի ամաչիր, աղջիկս, ասա: Կկամենայի՞ր նրա հետ ամուսնանալ:

ՆԻԳԱՐ. Հորքուր, բավական է:

ՍԱԹԵՆԻԿ. (Վշտացած): Այդպե՞ս ես սիրում ինձ, Նիգար, այդպե՞ս (Նիգարին բաց է թողնում յուր գրկից): Լավ, թող ինձ:

ՆԻԳԱՐ. Լավ, մի նեղանա, հորքուր: Գալոն լավ տղա է, շատ լավ, բայց ես չէի կամենա, որ նա ինձ սիրեր:

ՍԱԹԵՆԻԿ. Ինչո՞ւ:

ՆԻԳԱՐ. Չգիտեմ, հորքուր, թողնենք:

ՍԱԹԵՆԻԿ. Լավ, թողնենք:

ՆԻԳԱՐ. Նեղացա՞ր, հորքուր:

ՍԱԹԵՆԻԿ. Ոչ, ոչ: Երևի աստծու կամքն է, որ խեղճ տղան ամենքից ատվի:

ՆԻԳԱՐ. Ես չասացի, որ Գալոյին ատում եմ, հորքուր:

ՍԱԹԵՆԻԿ. Շնորհակալ եմ, այդքանն էլ բավական է նրա համար:

ՆԻԳԱՐ. (Մոտենում է ու նորից գրկում Սաթենիկին): Հորքուր, դու ինձ վաղուց խոստացել ես պատմել քո գլխին եկածը: Պատմիր, հորքուր, ինչպե՞ս պատահեց այդ:

ՍԱԹԵՆԻԿ. Էհ, զավակս, ինչո՞ւ ես քրքրում իմ հին վերքերը, առանց այդ էլ նրանք մորմոքում են:

ՆԻԳԱՐ. (Վշտացած): Բայց դու ինձ խոստացել ես:

ՍԱԹԵՆԻԿ. Լավ, լսիր: (Հառաչում է): Ես քո հասակի աղջիկ էի, երբ ծնողներս ինձ նշանեցին հորեղբորդ հետ: Սասունի լեռներում բուսած ծաղիկներից մեկն էի. քեզ նման սիրուն, քեզ նման աշխույժ, ուրախ, վառվռուն: Բայց, ավա՜ղ, մի օր ինձ վրա հարձակվեցին գիշակերները, որսացին ու տարան-ձգեցին գազանի որջը:

ՆԻԳԱՐ. Պատմիր, հորքուր, պատմիր, շահեկան է:

ՍԱԹԵՆԻԿ. Ահ, չարաբաստիկ գիշեր, կմոռանա՞մ արդյոք մի օր: Ես քնած էի ու երազում էի: Տեսնում էի մեր ծաղկազարդ ձորերը, դալարազարդ բլուրները, լսում էի առուների կարկաչյունը, թռչունների երգեհոնը, իմ հասակակից աղջիկների ծիծաղն ու քրքիջը: Խաղում էինք խոտերի մեջ, թռչկոտում, ինչպես կաքավներ ու մեր ձայները խառնում բնության երգերին: (Հառաչում է):

ՆԻԳԱՐ. Հորքուր, ինչ լավ ես պատմում, ինչ սիրուն, շարունակհր.

ՍԱԹԵՆԻԿ. Հանկարծ մի սուր ճիչ արթնացրեց ինձ: Մայրս էր: Բաց արի աչքերս և ճրագի աղոտ լույսով տեսա նրանց դիվային դեմքերը: Շատ էին: Արյունս սառավ երակներիս մեջ, լեզուս կաշկանդվեց, մայրս չոքել էր հրոսակների ոտքերի տակ ու, մազերը փետտելով, կուրծքը կեղեքելով, աղերսում էր նրանց տունը կողոպտել, ավերել, այրել, սպանել անգամ իրան, միայն ինձ չդիպչել: Բայց սրիկաներն ինձ համար էին եկել: Փորձեցի դուրս վազել, թաքնվել, ոտներս չհնազանդվեցին ինձ: Ուշաթափվեցի ու ընկա հատակի վրա կիսամերկ:

ՆԻԳԱՐ. (Զգացված): Խեղճ հորքուր, խեղճ հորքուր: Հետո՞, հետո՞:

ՍԱԹԵՆԻԿ. (Հուզումը գսպելով): Ուշքի եկա այն ժամանակ, երբ ինձ մի նժույգի վրա նստեցրած ու ամուր գրկած տանում էին լեռները: Խավար էր, ցուրտ: Վշտից, ամոթից ու սարսափից ձայնս կտրվել էր, գոռալ չէի կարողանում: Եվ այդպես կիսամեռ տարան ինձ ու ձգեցին Ջեմալ-բեյի վրանը:

ՆԻԳԱՐ. Սարսափելի է, սոսկալի: Քանի՞ օր մնացիր Ջեմալի մոտ:

ՍԱԹԵՆԻԿ. Յոթանասունհինգ օր, երկու ու կես ամիս:

ՆԻԳԱՐ. Ահ:

ՍԱԹԵՆԻԿ. Ամեն գիշեր Ջեմալն ինձ տեղափոխում էր, վախենալով հորեղբորս վրեժից: Իսկ հորեղբայրս այդ ժամանակ Կովկասում էր: Լուր ստանալով իմ մասին, նա շտապում է Սասուն և մի օր իր ընկերների ու քո հոր հետ հարձակվում է Ջեմալի վրանների վրա, կոտորում է նրա ծառաներից մի քանիսին, մյուսներին փախցնում ու Ջեմալին ծանր վիրավորելով, ինձ ազատում է:

ՆԻԳԱՐ. (Ոգևորված): Ահ, կեցցե հորեղբայրս, կեցցե հայրս: Բայց խեղճ հորքուր, դու երկուս ու կես ամիս տանջվել ես:

ՍԱԹԵՆԻԿ. (Դառը հեգնությամբ): Երկուս ու կես ամիս: Ոչ, զավակս, քսաներեք տարի է, որ ես տանջվում եմ ու տառապում: (Վեր է կենում): Ահ, բավական է, մեր կյանքն անցավ ստրկության ու անարգանքների մեջ. երանի դուք, նորերդ ավելի բախտավոր լինեք:

ՆԻԳԱՐ. Տիրանն ասում է՝ ռուսները գալիս են ու մեզ համար ազատություն են բերում: Ճի՞շտ է, հորքուր:

ՍԱԹԵՆԻԿ. Չգիտեմ, աղջիկս, ամենքն են ասում այդ: Եթե այդպես է, թող աստված օրհնե ռուսների ճանապարհը, թող օսմանյան պետությունը կործանվի նրանց թրից):

ՆԻԳԱՐ. Ամեն տեր աստված:

ՏԵՍԻԼ 8

ՆՈՒՅՆՔ և ԴԱՆԻԵԼ

ԴԱՆԻԵԼ. (Շտապով գալիս է աջ կողմի դռներով: Շփոթված է ու գունատ): Ահ, տեր աստված, հազիվ ազատվեցինք կոըորածից:

ՍԱԹԵՆԻԿ. Ի՞նչ է պատահել:

ՆԻԳԱՐ. Նա դողում է, երեսին գույն չկա:

ԴԱՆԻԵԼ. (Սաթենիկին): Քիչ էր մնում, որ որդիդ կործաներ մեզ:

ՍԱԹԵՆԻԿ. Գալո՞ն:

ԴԱՆԻԵԼ. Ոչ, Տիրանը: Փողոցում նայում էինք զորքին: Ասկերները, իրենց սովորության համաձայն, անցնելով, բարձր ձայներով լիրբ խոսքեր էին ուղղում տանիքների վրա ու դռների առջև խմբված հայ կանանց: Տիրանը կատաղում էր: Հանկարծ մի ասկեր, շարքից դուրս գալով, գրկեց մի աղջկա ու համբուրեց: Նրա օրինակին հետևեցին մյուսները: Տիրանը գոռաց, «Էյ, շներ, անցեք, առանց մեզ խածնելու»:

ՍԱԹԵՆԻԿ. (Սարսափած): Ի՞նչ հանդգնություն:

ՆԻԳԱՐ. (Հափշտակված): Կեցցես, Տիրան, կեցցես:

ՆԻԳԱՐ. Հետո՞, հետո՞:

ԴԱՆԻԵԼ. Նույն վայրկյանին մի սպա, ձիուն մտրակելով, մոտեցավ Տիրանին. «Է՛հ, գյավուր, գոռաց նա, դու ինչպես ես հանդգնում վիրավորել իմ զինվորներին»: Եվ մտրակով զարկեց Տիրանի գլխին:

ՍԱԹԵՆԻԿ. Ա՜հ:

ՆԻԳԱՐ. Հետո՞, հետո՞:

ԴԱՆԻԵԼ. Տիրանը խելքը կորցրեց, կատաղեց, դուրս բերեց գրպանից ատրճանակը: Սպան նույնպես:

ՍԱԹԵՆԻԿ. Կրակեցի՞ն:

ԴԱՆԻԵԼ. Ես կարծում եմ կկրակեին, եթե չլիներ Գալոն: Նա իսկույն մեջ ընկավ, Տիրանին ետ մղեց և կուրծքը դեմ տալով սպային, ասաց. «Հասիմ-բեյ, դա իմ եղբայրն է, իսկ դու իմ բարեկամը, առաջ ինձ սպանիր, հետո նրան»:

ՍԱԹԵՆԻԿ. Լսիր, Միհրդատ, լսիր:

ԴԱՆԻԵԼ. Սպան ճանաչեց Գալոյին և զսպեց իրան: Ահ, մենք ամենքս կոտորված էինք, եթե Գալոն չլիներ, որովհետև զինվորներն արդեն պատրաստ էին մեզ վրա հարձակվելու:

ՍԱԹԵՆԻԿ. Որտե՞ղ է այժմ Տիրանը:

ՆԻԳԱՐ. Ահա նա գալիս է: (Վազելով ընդառաջ): Կեցցես Տիրան, եթե հայրիկս այստեղ լիներ, քեզ կգրկեր ու կհամբուրեր:

ՏԵՍԻԼ 9

ՆՈՒՅՆՔ և ՏԻՐԱՆ

ՏԻՐԱՆ. (Գալիս է աջ կողմի դռներով: 22 տարեկան համարձակ ու համակրելի դեմքով երիտասարդ է: Հագած է մոխրագույն եվրոպական հասարակ հագուստ և երկանավիզ կոշիկներ: Գլխին լայնեզր գլխարկ, որ ներս մտնելիս վերցնում է): Հը, ինչպես տեսնում եմ, հորեղբայրս արդեն ամեն բան զեկուցել է ձեզ: (Դանիելին): Չէի՞ր կարող կանանց չվախեցնել:

ՆԻԳԱՐ. Ես ամենևին չեմ վախեցել: Ընդհակառակը, շատ ուրախ եմ, որ դու պաշտպանել ես հայ աղջկա պատիվը:

ՍԱԹԵՆԻԿ. Նրանք կարող էին քեզ սպանել:

ՏԻՐԱՆ. Ահ, մայրիկ, ավելի լավ է պատվով մեռնել, քան տեսնել այդ անարգանքները: Թուրքերը քանի գնում, այնքան ավելի են վայրենանում: Նույնիսկ Սուլթան Համիդի օրով մենք այնպես հալածված չէինք, որպես այդ ազատամիտ կոչված ժեոն թուրքերի օրերով: ՈՒ՞ր է հայրիկը:

ՄԻՀՐԴԱՏ. (Գալիս է խորքի դռներով): Այստեղ եմ:

ՏԵՍԻԼ 10

ՆՈՒՅՆՔ և ՄԻՀՐԴԱՏ

ՍԱԹԵՆԻԿ. (Միհրդատին): Դու գիտե՞ս, ինչ է պատահել:

ՄԻՀՐԴԱՏ. Գիտեմ, լուսամուտից նայում էի: (Տիրանին): Ցավում եմ, որ այս խառ օրերին դու արտասահմանից վերադարձար: Քո այստեղ լինելը շատ փորձանքներ կարող է բերել մեր գլխին:

ՏԻՐԱՆ. Կարող ես հանգիստ լինել, ես գնում եմ:

ՍԱԹԵՆԻԿ. Ո՞ւր ես գնում:

ՏԻՐԱՆ. Կովկաս:

ՆԻԳԱՐ. Երևի հայրիկիս մոտ:

ՏԻՐԱՆ. Այո՛, Նիգար, գնում եմ հատկապես նրան հանդիպելու:

ՄԻՀՐԴԱՏ. Ինչո՞ւ համար:

ՏԻՐԱՆ. Նրա հետ միասին կռվելու համար:

ԴԱՆԻԵԼ. Ո՞ւմ դեմ:

ՏԻՐԱՆ. Թուրքերի:

ՄԻՀՐԴԱՏ. Ահա թե ինչ:

ՏԻՐԱՆ. Մի խումբ ընկերներ վճռել ենք անցնել ռուսաց զորաբանակ: Մենք կարծում ենք, որ ներկա պատերազմին բոլոր հայերը պարտավոր են ոտքի կանգնել Օսմանյան պետության կործանումը փութացնելու համար:

ԴԱՆԻԵԼ. Վախենում եմ, որ Օսմանյան պետությունը կործանելու փոխարեն մեզ կործանեք:

ՏԻՐԱՆ. Ներիր, հորեղբայր, ժամանակ է, որ քո հայացքի տեր մարդիկ լռեն: Այժմ զենքն է խոսում:

ԴԱՆԻԵԼ. Ոչ, զենքը չէ, որ պիտի փրկե հայ ժողովրդին, այլ խոհեմությունը:

ՏԻՐԱՆ. Հայի խոհեմությունը մինչև այսօր եղել է աղոթքը, աղերսանքը, արցունքը:

ՄԻՀՐԴԱՏ. Այդ բոլորը լավ, բայց ո՞րն է այն ուժը, որի վրա հենվում է ձեր ապստամբությունը:

ՏԻՐԱՆ. Մեր հավատը ու մեր հույսը:

ԴԱնԻԵԼ. Ո՞ւմ վրա է ձեր հույսն ու հավաար:

ՏԻՐԱՆ. Հզոր Ռուսիայի երկգլխանի արծվի վրա:

ՍԱԹԵՆԻԿ. Ե՞րբ ես գնում:

ՏԻՐԱՆ. Այս երեկո:

ՆԻԳԱՐ. Ահ, հայրիկիս նամակ կգրեմ:

ԴԱՆԻԵԼ. Բոլոր ճանապարհները դեպի Կովկս բռնված են քուրդերով ու թուրք զորքերով:

ՏԻՐԱՆ. Մենք ունենք մի հմուտ առաջնորդ, որ գաղտնի ուղիներով մեզ կտանի՝ ուր հարկավոր է:

ՄԻՀՐԴԱՏ. Իսկ եթե թուրքերը բռնեն ձեզ:

ԴԱՆԻԵԼ. Առանց երկար մտածելու՝ հրացանի կբռնեն:

ՆԻԳԱՐ. (Վախեցած): Տիրան, լսեցի՞ր:

ՍԱԹԵՆԻԿ. Մի գնար, որդի, աղաչում եմ:

ՏԻՐԱՆ. Մայր, քո օրՀեությունը կպահպանե ինձ բոլոր փորձանքներից:

ՆԻԳԱՐ. Օրհնիր Տիրանին, հորքուր, ես կաղոթեմ նրա համար:

ՄԻՀՐԴԱՏ. Տղաս, եթե ես համոզված լինեի, որ ներկա պատերազմը մեզ համար ազատություն է բերելու, քեզնից առաջ զենք կվերցնեի:

ՏԻՐԱՆ. Հայր, նախ պիտի զոհել, ապա վարձատրություն սպասել: Հավատանք և հուսանք:

ԴԱՆԻԵԼ. Երանի հավատացյալներին: Ես գնացի: (Քայլերն ուղղում է դեպի աջ կողմի դռները):

ՄԻՀՐԴԱՏ. Ո՞ւր:

ԴԱՆԻԵԼ. Շուկա: Այսօր քուրդերը փող են բերելու: (Գնում է աջ կողմի դռներով):

ՄԻՀՐԴԱՏ. Սպասիր, ես էլ գալիս եմ: Պետք է քուրդերի հետ ամեն հաշիվ վերջացնել: (Գնում է աջ կողմի դռներով):

ՏԻՐԱՆ. Մայրիկ, ես քաղցած եմ:

ՍԱԹԵՆԻԿ. Ամենքը նախաճաշ են արել, բացի քեզնից: Գնանք: (Գնում է խորքի դռներով):

ՏԻՐԱՆ. Նիգար, նստիր ու հայրիկիդ նամակ գրիր: (Գնում է խորքով):

ՆԻԳԱՐ. Այո:

ՏԵՍԻԼ 11

ՆԻԳԱՐ մենակ, հետո ԳԱԼՈ

ՆԻԳԱՐ. (Միառժամանակ մենակ է, գրում է):

ԳԱԼՈ. (Բավական ժամանակ անցած, գալիս է աջ կողմի դռնով և կանգ է առնում դռան քով):

ՆԻԳԱՐ. (Մի քանի վայրկյան անցած՝ գլուխը բարձրացնում է և Գալոյիս տեսնելով, թեթև ցնցվում է): .

ԳԱԼՈ. Բարև, Նիգար: (Առաջ է գալիս): Դու շփոթվեցի՞ր:

ՆԻԳԱՐ. Այո:

ԳԱԼՈ. Ինչո՞ւ:

ՆԻԳԱՐ. Որովհետև չէի ուզում քեզ հանդիպել: (Գրելը ընդհատում է ու ոտքի ելնում):

ԳԱԼՈ. Շնորհակալ եմ սիրալիր ընդունելությանդ համար: Բայց մի անհանգստանա: Մի հատիկ խոսք, և ես կհեռանամ:

ՆԻԳԱՐ. Ասա:

ԳԱԼՈ. Կարո՞ղ եմ հուսալ, որ երբևէ կարժանանամ ավելի լավ վերաբերմունքի:

ՆԻԳԱՐ. Ես ուրիշ կերպ չեմ կարող վերաբերվել քեզ:

ԳԱԼՈ. Ինչո՞ւ:

ՆԻԳԱՐ. Որովհետև ես իմ կյանքի տերը չեմ:

ԳԱԼՈ. Դու խաբում ես քեզ և ինձ: Ոչ ոք ունի իրավունք քո կամքին բռնանալու:

ՆԻԳԱՐ. Եվ ոչ ոք էլ չի բռնանում, միայն ես մանկությունիցս սովոր եմ հնազանդվել իմ հորեղբոր կամքին, որ իմ հոր փոխարենն է. իսկ դու գիտես, որ նա քեզ ատում է և երբեք չի համաձայնվիլ, որ ես քո կինը դառնամ:

ԳԱԼՈ. Ա՞յդ է միայն քո մերժման պատճառը:

ՆԻԳԱՐ. Ոչ, մի ուրիշ պատճառ էլ կա: Մենք մոտիկ ազգականներ ենք:

ԳԱԼՈ. Ես քո հորեղբոր ապօրինի զավակն եմ. քո հայրը հայ է, իմ հայրը՝ քուրդ:

ՆԻԳԱՐ. Այո, բայց քո հարազատ մայրն իմ հարազատ հորեղբոր կին է:

ԳԱԼՈ. Իմ մայրը դեմ չէ, որ դու իմ կինը դառնաս:

ՆԻԳԱՐ. (Շփոթվելով): Չգիտեմ, թող ինձ, ես չեմ կարող ոչինչ որոշել:

ԳԱԼՈ. Որովհետև դու արդեն ամեն բան որոշած ունես:

ՆԻԳԱՐ. Ի՞նչ ես կամենում ասել դրանով:

ԳԱԼՈ. Այն, որ դու սիրում ես Տիրանին:

ՆԻԳԱՐ. (Ցնցվելով): Ի՞նչ: (Նայում է Գալոյին խորին հանդիմանությամբ):

ԳԱԼՈ. (Երեսը դարձնում է):

ՆԻԳԱՐ. Ամոթ է, Գալո, ամոթ է:

ԳԱԼՈ. Երանի ես սխալված լինեմ:

ՆԻԳԱՐ. Լավ, հեռացիր, թող որ նամակս վերջացնեմ: (Ուզում է նստել գրասեղանի քով, բայց Մինրդատի ձայնը լսելով, ցնցվում է, չի նստում):

ԳԱԼՈ. (Մեկուսի): Ես նրան վիրավորեցի զուր:

ՏԵՍԻԼ 12

ՆՈՒՅՆՔ և ՄԻՀՐԴԱՏ, ԱՆԹԱՐԲԵՅ ու մի թուրք զինվոր

ՄԻՀՐԴԱՏ. (Դրսից): Ես երջանիկ եմ, որ մութասարիֆն իմ տունն է ցույց տվել փաշային ընդունելու համար: (Գալիս է աջ կողմի դռնով, իրանից առաջ բաց թողնելով Անթարբեյին): Բայց չեմ կարծում, որ դուք այս հավաբունն արժանի գտնեք Չաթալջայի առյուծին ընդունելու համար: (Տեսնելով Գալոյին, մի բարկացկոտ հայացք է ձգում Նիգարի վրա):

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Ներս է մտնում աջ կողմի դռնով Միհրդատից առաջ, գլուխը գոռոզաբար բարձր: Երիտասարդս թուրք կավալերիստ է, գեղեցիկ դեմքով, բայց վատ շարժուձևերով: Ձեռքում ունի մտրակ, որ շարունակ խաղացնում է, մերթ ընդ մերթ դակելով յուր երկայնավիզ կոշիկներին: Բարևում է Գալոյին և Նիգարին թուրքական ձևով): Միա՛րհաբա:

ԳԱԼՈ. (Գլուխ տալով թուրքական ձևով): Բարի գալուստ:

ԶԻՆՎՈՐ. (Ներս մտնելով Անթար-բեյից և Միհրդատից հետո, կանգ է առնում դռների առջև):

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Նիգարին տեսնելով, նրա գեղեցկությունից գրավվել է: Բարակ բեղերը թեթևակի սրելով, նայում է շուրջը): Հավաբո՞ւն ասացիք, էֆենդիմ, դուք շատ համեստ եք, հազիվ թե այս քաղաքում ինձ հաջողվեր սրանից ավելի հարմար կացարան գտնելու նորին գերազանցության համար: (Նայում է Նիգարին, հետո դառնում է, զինվորին): Այնպես չէ՞, Սուլեյման, դու ճաշակ ունիս:

ԶԻՆՎՈՐ. (Նայում է Նիգարին): Բեյ, հրաշալի է: .

ՄԻՀՐԴԱՏ. (Մեկուսի): Անիծվիր դուք, (Բարձր): Խոնավ է, բեյ, մութ է:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Կարելի՞ է տեսնել մյուս սենյակները: (Նայում է Նիգարին):

ՆԻԳԱՐ.(Անթար-բեյի հայացքներին պատասխանում արհամարհական ժպիտներով):

ՄԻՐՀԴԱՏ. Շնորհ արեք, բեյ:

ՏԵՍԻԼ 13

ՆՈՒՅՆՔ և ՍԱԹԵՆԻԿ ու ՏԻՐԱՆ

ՏԻՐԱՆ. (Ներս մտնելով խորքի դռներով, կանգ է առել դռների առջև, գլուխը բարձր):

ՍԱԹԵՆԻԿ. (Ներս է մտել Տիրանի հետ):

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Հապա նայենք-տեսնենք: (Քայլերն ուղղում է դեպի խորքի դռները, բայց, Տիրանին տեսնելով, կանգ է առնում և նայում է նրան արհամարհանքով: Դառնալով Միհրդատին, ցույց է տալիս մտրակի ծայրով Տիրանի վրա): Դա ձեր որդի՞ն է:

ՄԻՐՀԴԱՏ. Այո, բեյ:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Լավ զինվորացու է: Ինչո՞ւ չի ծառայում:

ՄԻՀՐԴԱՏ. Ես նրա համար 45 ոսկի փրկանք եմ վճարել գանձարանին:

ԱնԹԱՐ-ԲԵՅ. Լավ եք սովորել, հայեր, դրամով ազատվել հայրենիքին ծառայելուց:

ՄԻՀՐԴԱՏ. Մեր բարեխնամ կառավարությունը հայի դրամը գերադասում է նրա զինվորական ծառայությունից:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Որովհետև գիտե, որ դուք՝ հայերդ, զենքից սարսափում եք:

ՏԻՐԱՆ. Այդ՝ թուրքական ստոր զրպարտություններից մեկն է:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Ի՞նչ ասացիք, տղա, լավ չլսեցի:

ԳԱԼՈ, Բեյ, եղբայրս ասաց, որ ծտերն էլ գիտեն կռվել, երբ հարկավոր է:

ՄԻՀՐԴԱՏ. Բեյ, բարեհաճեցեք նայել մյուս սենյակները: (Մեկուսի Տիրանին): Զսպիր քեզ:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Արհամարհական հայացք ձգելով Տիրանի վրա, դառնում է իր զինվորին): Սուլեյման, հետևիր ինձ: (Գնում է խորքի դռներով):

ՄԻՀՐԴԱՏ ԵՎ ԶԻՆՎՈՐ. (Հետևում են Անթար բեյին):

ՏԵՍԻԼ 14

ՍԱԹԵՆԻԿ, ՆԻԳԱՐ, ՏԻՐԱՆ և ԳԱԼՈ

ՆԻԳԱՐ. Տիրան, նա քեզնից վախեցավ: Աստված վկա, վախեցավ:

ՍԱԹԵՆԻԿ. Որդի, մոռանում ես, որ դրանք մեր գլխի տերերն են:

ՏԻՐԱՆ. Որքան թեք է ստրուկի գլուխը, այնքան ծանր է իջնում նրա վրա բռնավորի բռունցքը:

ԳԱԼՈ. Ճիշտ է, բայց ըմբոստությունն անգամ պիտի ղեկավարվի խելքով և զգաստաբար:

ՏԵՍԻԼ 15

ՆՈՒՅՆՔ և ԱՆԹԱՐ-ԲԵՅ, ՄԻՀՐԴԱՏ և ԶԻՆՎՈՐ, որվերադառնամ են

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Ես ձեր յոթը սենյակներից կվերցնեմ միայն երեքը: Այս մեկը կլինի փաշայի ննջարանը, կից դահլիճը ընդունարան, իսկ ծայրի փոքրիկ սենյակը բավական է ինձ Համար: Սուլեյման, գնա փաշայի և իմ իրերը բեր այստեղ:

ԶԻՆՎՈՐ. Իսկույն: (Գնում է աջ կողմի դռնով):

ՄԻՀՐԴԱՏ. (Մեկուսի): Անիծվիք դուք. (Բարձր): Բեյ, չէի՞ք կամենալ արդյոք մի գավաթ ղահվե ընդունել:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Նայելով Նիգարին): Հաճույքով, եթե միայն երիտասարդ խաթունն արժանի կհամարե իր քնքուշ ձեռիկներով մատուցանել:

ՆԻԳԱՐ. (Զզվանքով լի մի հայացք ձգելով Անթար-բեյի վրա, գնում է խորքի դռներով):

ՏԵՍԻԼ 16

ՆՈԻՅՆՔ, առանց ՍԱԹԵՆԻԿԻ, ՆԻԳԱՐԻ և ԶԻՆՎՈՐԻ

ԳԱԼՈ. Ներեցեք, բեյ, մեր կանայք ղահվեն պատրաստում են, բայց տղամարդկանց անձամբ մատուցելու սովորությունը չունին:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Հեգնորեն): Մի՞թե: Իսկ ես հաստատ գիտեմ, որ քրիստոնյաների մեջ այդ մինչև անգամ բարձր քաղաքավարություն է համարվում և քաղաքակրթության ապացույց:

ՏԻՐԱՆ. Այո, բայց միայն քրիստոնյա տղամարդկանց վերաբերմամբ.

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Ուրեմն, ձեր կանայք գարշո՞ւմ են մեզնից: (Հեգնաբար): Իհարկե, մենք անմաքուր մահմեդականներ ենք:

ՏԻՐԱՆ. Քավ լիցի: Մեր կրոնը, մեր կրթությունը, մեր ավանդությունները խստիվ արգելում են մեզ գարշել առհասարակ մարդուց՝ ինչ ազգության և դավանության էլ պատկանե նա: Մենք միայն չենք մոռանում, որ Թուրքիայում ենք գտնվում:

Следующая страница
Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец