Շիրվանզադե Ալեքսանդր՝   Կյանքի բովից

Այսպես էր Աբգար Հովհաննիսյանը: Այն մարդը, որ իր ժամանակին հայ կյանքում կատարել է խոշոր դեր: Նա, որ Ստեփաննոս Նազարյանի «Հյուսիսափայլ»-ից հետո լավագույն հայ գրական-գիտական ամսագրի՝ «Փորձ»-ի հիմքը դրեց, թեև չունեցավ ոչ մի մասնակցություն նրա մեջ: Վերջապես, նա էր, որ ասպարեզ տվեց Պերճ Պռոշյանի, Գաբրիել Սունդուկյանցի և Գամառ-Քաթիպայի գրիչներին և, ընդհատելով Րաֆֆիի լռությունը, խրախուսեց նրան գրելու իր լավագույն երկը՝ «Սամվել»-ը: Մի՞թե այդ քիչ բան է:

Աբգար Հովհաննիսյանը ծայրահեղ նացիոնալիստ էր, երբեմն մինչև շովինիզմ: Երիտասարդ տարիքում նա մի երեկո իր բարեկամների հետ ընթրելիս է լինում Թիֆլիսի «Կրուժռկ» անունով կլուբում: Կից սեղանի քով նստած է լինում մի մեծապաշտոն ռուս գեներալ իր ընկերների հետ: Հանկարծ Աբգար Հովհաննիսյանն այդ սեղանից լսում է խուլիգանների բերնում սովորական դարձած անարգանքը հայերի դեմ, — «Эти армяшки»: Աբգարը, առանց տատանվելու, վերցնում է գինու շիշը և նետում գեներալի վրա: Իրարանցում, աղմուկ, և հետևանքըայդ օրից կլուբի դռները փակվում են հայերի համար:

Աբգար Հովհաննիսյանն ասում էր.

Ես պարծենում եմ, որ հայ եմ ծնվել: Գրիգոր Արծրունին ասում էր.

Ես դժբախտ եմ, որ հայ եմ ծնվել:

XI

ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻՆ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Պատմում էին, թե Գրիգոր Արծրունու ծննդյան օրը, հայրը, որ պաշտոնաթող գեներալ էր, նայելով նրա երեսին, ասել է.

Օ՛ դու ինձ համար փորձանք ես դառնալու:

Իրողություն է այս, թե անեկտոդչգիտեմ, բայց մի անգամ Արծրունին իր հոր գլխին մի փորձանք բերեց: Թիֆլիսի քաղաքային ինքնավարության ընտրություններն են: Իրավասուների մի խումբ քաղաքագլխի պաշտոնի համար թեկնածու է հայտարարել Արծրունու հորը, ի նկատի ունենալով ոչ այնքան նրա արժանավորությունները, որքան նրա գեներալային տիտղոսն ու հարստությունը: Մի ուրիշ խումբ որոշել է ընտրել վրացի Կիպիանուն, որ իրոք մի արժանավոր անձնավորություն էր և որ ապագայում շատ հալածանքներ կրեց ցարական կառավարությունից և մեռավ աքսորավայրում: Այս վերջին խմբի մեջ է լինում և Գրիգորը: Նա ասում է.

Հայր, եթե դու քվեարկվես, գիտցիր, որ ես քեզ սև քվե եմ տալու:

Չես համարձակվիլ, թշվառական, — գոռում է գեներալը, որ վերին աստիճանի մի կամակոր և անզուսպ մարդ է եղել:

Գրիգոր Արծրունին կատարում է իր սպառնալիքը: Ընտրությունների ժամանակ նա իր ճերմակ քվեն գցում է Կիպիանու տուփի, իսկ սև քվեն իր հոր տուփի մեջ: Եվ այդ մի հատիկ քվեով Կիպիանին քաղաքագլուխ է ընտրվում:

Այս բանն ինձ պատմել է իր ժամանակին նշանավոր վրացի հրապարակախոս Նիկոլայ Տակովլևիչ Նիկոլաձեն:

Ընդհանուր առմամբ Գրիգոր Արծրունին արդարամիտ էր թե հրապարակախոսության մեջ և թե իր մասնավոր կյանքում, բայց, լինելով ծայր աստիճան դյուրագրգիռ և տաքարյուն, հաճախ ընկնում էր ինքնամոռացության մեջ և շեղվում արդարադատության շավղից: Նա մերթ ջենտլմեն էր բառիս եվրոպական իմաստով և նրբազգաց, մերթ անհամբերողամիտ էր և բծախնդիր մինչև մանկության աստիճան, էր հոբելյանի ժամանակ, երբ հոբելյանական հանձնաժողովի մի քանի անդամներ գռեհկաբար հրապարակախոս Սիմեոն Հախումյանին թույլ չէին տվել ճաշկերույթին մասնակցելու, նա ինքն շտապեց կառք նստել գնալու և վիրավորվածից ներողություն խնդրելու և նրան իր հետ ճաշկերույթին բերելու: Մի ուրիշ անգամ մի հասարակական բազմամարդ ժողովում իմ ներկայությամբ խոստովանեց իր մի սխալը և արժանացավ իր հակառակորդների ծափահարության: Նման դեպքերում Արծրունու թշնամիներր չունեին նրա չափ բարոյական քաջություն: Այլ դեպքերում նրա սնափառությունը սահման չուներ: Այսպես, օրինակ, մի անգամ նա չափազանց վիրավորվեց Ավետիք Արասխանյանից, որ գավառներից Թիֆլիս վերադառնալով և իր ճամփորդությունը «Մշակ»-ի խմբագրատանը նկարագրելով, մոռացել էր ասել, թե ինչ մեծ ժողովրդականություն է վայելում այդ լրագիրը գավառներում: Ես ինքս պաղարյուն մարդ չեմ, այլ, ընդհակառակը, շատ անգամ եմ բորբոքվում նույնիսկ ծերությանս հասակում, բայց մի անգամ Արծրունին ինձ գերազանցեց տասնապատիկ: Վիճաբանում էինք Րաֆֆիի մահվան օրերին հանգուցյալի անձնական հատկությունների մասին: Ձայնակցելով տիկին Մարոյի բուռն հարձակումներին և պարսավներին, Արծրունին այնպես բռնկվեց, որ բառի բուն նշանակությամբ թռչկոտում էր մարտնչող աքաղաղի պես: Եվ այդ պահին նրա փոքրիկ մարմինն այնքան կոմիկական էր, որ ես չկարողացա ինձ զսպել և գոչեցի. «Պարոն Արծրունի, ես ձեզ խղճում եմ»: Այս անզգույշ դարձվածի համար ապագայում ես շատ անգամ եմ զղջացել, և Արծրունու մոլեռանդ երկրպագուները շատ են հալածել ինձ, հորինելով, թե իբր թե ես ծաղրել եմ նրա մարմնավոր թերությունը, մի բան, որ երբեք գլխովս չի անցել:

Արծրունու միտքը ճկուն էր, դյուրըմբռնող, բայց ոչ խորաթափանց և իմաստասեր: Այդ բանը Րաֆֆին կրկնում էր հաճախ ինձ հետ ունեցած զրույցների ժամանակ: Արծրունին չէր աշխատում խորասուզվել իր հարուցած խնդիրների մեջ և քննում էր նրանց մակերեսաբար, վայրկյանի տպավորության տակ: Ապրելով կույր և մեծ մասամբ մանկամիտ երկրպագուների սահմանափակ շրջանում, շարունակ միայն գովասանքներ ու շողոքորթոլթյուններ լսելով, նա տարիների ընթացքում աստիճանաբար կորցրել էր ինքնաքննադատության զգացումը: Ինչպես թույլ մարդը չշփանար, երբ շողոքորթներն ասում էին երեսին.

Դուք հայ ժողովրդի ռեֆորմատորն եք:

Այ՛ո, ճիշտ այդ տիտղոսը տվեց Գրիգոր Արծրունուն նրա ամենամոլեռանդ աշակերտ Խաչատուր Մալումյանն իր մի գրքույկում:

Որպես հրապարակախոս Գրիգոր Արծրունին, իհարկե, իր ժամանակակիցներից շատ բարձր էր, բայց անպայման բարձրություն չէր ռուս և եվրոպացի հայտնի հրապարակախոսների համեմատությամբ: Որպես իմաստասեր՝ նա չուներ Րաֆֆիի մտքի ոչ խորությունը և ոչ դիսցիպլինան: Նայեցեք այդ երկու մարդկանց լուսանկարներին, և դուք կտեսնեք տարբերությունը երկու դեմքերի արտահայտության մեջ: Արծրունին, եթե կարելի է այսպես արտահայտվել, նայում է դեպի դուրս, Րաֆֆինդեպի ներս, մեկը, կարծես, ուզում է ձեզ հետ խոսել անմիջապես, առանց երկար խորհելու, մյուսը, խորասուզված իր ներքին աշխարհը, կարծես, մտածում է՝ պետք է խոսել, թե՞ ժամանակը չէ: Եթե Րաֆֆին բավականանար սոսկ հրապարակախոսի կոչումով, Արծրունուց շատ և շատ բարձր կլիներ: Բայց նա օժտված էր գեղարվեստական գրողի ջիղով, ինչպես իր փայլուն տաղանդը դներ պուբլիցիզմի սահմանափակ շրջանակի մեջ:

Արծրունին ինքնասեր էր հիվանդության չափ: Հակառակորդները գիտեին նրա թուլությունը և հաճախ նենգ ակնարկներով վիրավորում էին նրա ընտանեկան կացությունը:

Րաֆֆին ասում էր.

Գրիգոր երբեք իր կյանքը չէր կապիլ տիկին Քոչարյանցի հետ, եթե չլիներ թշնամիների անընդհատ հալածանքը: Սերը չէր, որ միացրեց նրանց, այլ Արծրունու ինքնասիրությունը:

Գիտեին, որ Արծրունին հոգեպես տառապում է, երբ ակնարկում էիք ապօրինի կենակցությունը մի ամուսնացած կնոջ հետ և գիտենալով հանդերձ՝ դիտմամբ շարունակում Էին իրանց սև գործը: Նույնիսկ Գամառ-Քաթիպան չվարանեց մի խայտառակ պամֆլետ գրել այդ մասին:

Արծրունու մահից հետո, երբ լույս տեսավ իմ «Արսեն Դիմաքսյան» վեպը, եղան մարդիկ, որ ասացին, թե ես Դիմաքսյանի տիպը նկարագրելիս Արծրունուն եմ աչքի առջև ունեցել: Այդ ենթադրության մեջ կա որոշ ճշմարտություն: Ասում եմ՝ որոշ և ոչ ամբողջական, վասնզի Դիմաքսյանի մեզ վատաբանված են Արծրունու բնութագրի մի քանի գծերը, իսկ իր ամբողջությամբ Դիմաքսյանը հավաքական տիպ է և ոչ մասնավոր անձնավորություն:

Իր ժամանակի հայ գրականության մասին Արծրունու քննադատականները կարդալիս, մարդ կամա-ակամա այն տպավորությունն է ստանում, թե մարդը «Մշակ»-ից կամ նրա հովանավորությունից դուրս գրականություն չի ընդունում: Րաֆֆիի մահվան առիթով Արծրունու գրած հոդվածն այդ տեսակետից նրա գլուխ-գործոցն եղավ: Նա չտատանվեց գրել, թե Րաֆֆին, «Մշակ»-ից հեռանալով, «իր սաների տակ հողը կորցրեց» և ոչ մի լավ գործ չարտադրեց, այնինչ վիպասանի լավագույն երկը՝ «Սամվել»-ը հենց «Մշակ»-ից հեռանալուց հետո գրվեց, մինչդեռ «Մշակ»-ի հավատարիմ աշխատակիցներից ոչ մեկը կես Րաֆֆի չդարձավ: Ինքն Արծրունին էլ փորձեց իր ութերը գեղեցիկ գրականության մեջ: Եվ ինչ դուրս եկավ, մի «Էվելինա», մի պատանեկան գործ, զուրկ հոգեբանական ճշգրիտ վերլուծումից, տաղտկալի և առանց բնութագրի: Հայց ինչ փույթ, այդտեղ ևս օգնության եկան կույր երկրպագուները մի կողմից է անձնական հաշիվներով ղեկավարվողները մյուս կողմից: Բարձրացավ մի չտեսնված ու չլսված անդաստան, և հեղինակը հեղեղվեց այնպիսի գովասանքներով, որոնց նմանին մինչև այդ ժամանակ չէր արժանացել ոչ մի հայ գիրք՝ սկսած Մովսես Խորենացու օրերից: Եվ Արծրունին տպում էր այդ գովասանքներն իր թերթի մեջ: Հիշում եմ Առաքել ԲաբախանյանիԼեոյի մի նամակը, ուր նա «Էվելինա»-ն հռչակում էր «դարագլուխ» հայ գեղեցիկ գրականության: Հիշում եմ Սմբատ Շահազիզի հիացմամբ լի երկու նամակները, որ տպվեցին «Մշակ»-ում: Ծերունի բանաստեղծը, որի հոբելյանը, պիտի կատարվեր այդ տարի: «Էվելինա»-ն անսահման փառաբանելով յուրաքանչյուր նամակով գրքույկից 100-ական օրինակ էր պահանջում, հարկավ, արժեքը կանխավ ուղարկելով: Մի օր «Մշակ»-ում կարդում Էինք, թև «Էվելինա»-ն թարգմանվում է ֆրանսերեն, մյուս օրըգերմաներեն,, անգլերեն և այլն և այլն... Վերջապես, Աբրահամ Դաստակյան անունով մի արծրունիամոլ վեպիկը թարգմանեց ռուսերեն, հրատարակեց: «Էվելինա»-ն չարժանացավ ռուս մամուլի լուրջ ուշադրությանը, և դրանով վերջացավ «դարագլուխ» հռչակված «Էվելինա»-ի ճակատագիրը:

Արծրունին իր ժամանակի երիտասարդության կուռքն էր, բայց ոչ ամբողջության: Շատերը կային, օր չէին ընդունում նրա հեղինակությունը: Ինչպես երկրպագուներն էին ծայր չափազանցության հասցնում իրանց կույր պաշտամունքը, նույնպես և հակառակ ծայրերի մեջ Արծրունու իսկական նկարագիրը մնում էր մշուշի մեջ, և մինչև այժմ էլ մնում է: Խաչատուր Մալումյանի գրքույկը մոլեռանդ աշակերտի դիֆերամբ է ուսուցչի հիշատակին: Անկողմնապահ և լուրջ վերլուծում չէ Լեոյի երեքհատորյա գիրքը Արծրունու մասին: Նախ՝ Արծրունու կյանքն ու գործունեությունը երեք հատորների նյութ չեն պարունակում, ապա Լեոն իր գործը լցրել է տաղտկալի մանրամասնություններով: Բացի այդ, պատկառելի պատմաբանն այն ժամանակ չափից դուրս էր հափշտակված Արծրունիով, որպեսզի կարողանար պաղարյուն քննադատել իր կուռքը: Հավանորեն Արծրունու տոհմագրությունը ճիշտ է, քանի որ Լեոն մանրակրկիտ է պատմական ուսումնասիրության մեջ, բայց բնութագիրը Արծրունու՝ չափազանց միակողմանի: Ես հավատացած եմ, որ եթե մի օր Լեոն կամենա նորեն հրաաարակել իր գործը, նրա միջից շատ կտորներ դուրս կգցե և շատերն էլ կփոփոխե:

«Արձագանք»-ին աշխատակցելու ժամանակամիջոցին, երբ «Մշակ»-ը մեկ-մեկ հարվածում էր ինձ (մեծ մասամբ քողարկված), գիտեի, որ հալածանքը գալիս է գլխավորապես նրա մերձավոր աշխատակիցներից, մասնավորապես Խաչատուր Մալումյանից: Ես այդ տղայի հոդվածներին չէի պատասխանում, բայց երբ հարվածում էր ինքն Արծրունին, ես ևս չէի խնայում նրան և պատասխանում էի ոչ պակաս թունավոր լեզվով: Իմ այս հանդգնությունն անսահման զայրացնում էր մշակականներին, և նրանք չէին տատանվում հաճախ փողոցներում իսկ ինձ վիրավորել անպատկառ խոսքերով: Հիշում եմ, մի անգամ ներսիսյան դպրոցի բարձր դասատան երկու աշակերտներ մոտովս անցնելով՝ մի այնպիսի լկտի հայհոյանք շպրտեցին իմ հասցեին, որ ես, սառնությունս կորցնելով, դիմեցի ձեռնափայտիս օգնության և երկուսից մեկի գլուխը ջարդեցի:

Մի անգամ միայն Գրիգոր Արծրունին, ինչպես ասում են, մի լավ գզգզեց ինձ և արդարացի: Ես հափշտակված էի նշանավոր դերասանուհի Սիրանույշի ոչ միայն խաղով, այլն անձով, ուստի ամեն կերպ գովաբանում էի նրան ոչ միայն «Արձագանք»-ում, այլև ռուս լրագրերում: Իմ հափշտակությունն այնտեղ հասավ, որ մի օր վճռեցի գրել մի պիես և երկու-երեք ամսվա մեջ թխեցի չորս արարվածով մի դրամա «Իշխանուհի» անունով: Դա մի մեծ սխալ էր իմ կողմից, քանի որ այն ժամանակ բեմական արվեստը ուսումնասիրած չէի: Խաղացվեց ընդամենը երեք անգամ, երկու երեկո Թիֆլիսում, մի երեկո Բաքվում: Արծրունին գրեց մի երկար քննադատություն և պարսավեց իմ առաջին թատերական երկը: Ես պատասխանեցի նրան, միևնույն ժամանակ պիեսս գցեցի վառարանը, և այժմ նա չկա իմ գործերի մեջ, ու նրա բովանդակությունն էլ մոռացել եմ:

Որոշ խնդիրներում ես համամիտ էի Արծրունու գաղափարներին և ուժերիս չափ ձայնակցում էի նրան «Արձագանք»-ի էջերում, հակառակ Աբգար Հովհաննիսյանի ընդդիմադրության: Այդ խնդիրներից էր և թուրքահայերի քաղաքական կացությունը: Ես թվականների ճշտությունը չեմ կարող երաշխավորել, բայց դեպքերը հիշում եմ շատ լավ: Այդ այն ժամանակներն էին, երբ թուրքահայերի վիճակը հուզել էր երիտասարդությանը նոր ուժովութսունական թվականների վերջին և իննսունականների առաջին տարիները: Երիտասարդության հայրենասիրական զգացումները փոթորկվել էին և ելք էին որոնում: Րաֆֆին չկար և եթե լիներ էլ, հազիվ թե կարողանար անել այն, ինչ որ սպասվում էր նրանից: Գրչի ժամանակ չէր, այլ գործի, թե ինչ գործիոչ ոք չգիտեր: Դեպքերն այնքան բարդ էին և այնպիսի թափով էին հաջորդում իրարու, որ ամենքը կորցրել էին իրանց գլուխը և մոլորված դեսուդեն էին վազվզում: Արծրունին, կարծես, համոզված էր, որ ինքն է կոչված շփոթված մտքերը կարգի հրավիրելու ու ղեկավարելու քաղաքական իմաստով: Այցելելով նրան, երբեմն տեսնում էի չափազանց հուզված և միշտ հուզվելիս նա դողում էր ամբողջ մարմնով: Թուրքիայից փախչող հայերը «Մշակ»-ի խմբագրատուն էին գալիս և պատմում էին սոսկալի եղելություններ սուլթան Համիդի տիրապետության ներքո հեծող ժողովրդի կյանքից, որոնց չհավատալ չէր կարելի:

Այսօրվա սովետական հանգիստ պայմաններում ապրող ու աշխատող երիտասարդ գրողները երևակայել անգամ չեն կարող, թե ինչ վիճակումն էին այն ժամանակ գրչի մարդիկ, և ինչ էր կատարվում նրանց հոգեկան աշխարհում: Տարրական հանգիստը խանգարված էր, գրիչը ենթարկվել էր անկարության, միտքը գործում էր միայն մի ուղղությամբպետք է օգնել հրկիզյալ ժողովրդին»: Վերջապես, գրեթե ծիծաղելի էին համարվում այն հատ-հատ մարդիկ, որոնք հանդգնում էին պարապել գեղեցիկ գրականությամբ:

Հիշում եմ, մի օր մի ձեռագիր էի տանում Աբգար Հովհաննիսյանի մոտ կարդալու, փողոցում հանդիպեցի Քրիստափոր Միքայելյանին:

Այդ ի՞նչ է, — հարցրեց նա, տեսնելով ձեռումս բռնած կապոցը:

Ես պատասխանեցի: Նա բարձրաձայն ծիծաղեց, ըստ սովորության կանգնած տեղը կաղալով և ասաց.

Ուրեմն դու դեռ գրո՞ւմ ես:

Այո:

Այն էլ վեպե՞ր:

Այո:

Այ մարդ, ի՞նչ վեպեր-մեպեր գրելու ժամանակ է, — գոչեց նա տաքանալով, — Գրիր ուրիշ բաներ:

Օրինակ, ի՞նչ:

Այ, շուտով կասենք ինչ գործ ենք սկսում, քեզ էլ ի նկատի ունենք, — ասաց նա խորհրդավոր և շտապեց հեռանալ:

Արծրունին, տեսնելով իրան երիտասարդներով շրջապատված, երևակայեց, թե ինքն է իրերի առանցքը, այնինչ երիտասարդության ցցուն մասը այլ կարծիք ուներ նրա մասին:

Գործը կկազմակերպենք և կվարենք Արծրունուց անկախ,, — ասում էր այդ մասը, — իսկ նրա անունը թող լինի մեզ համար դրոշակ դրամ ժողովելու համար:

Իսկ Քրիստափոր Միքայելյանը չէր վարանում ուղղակի ասելու.

Արծրունու դերը վերջացած է, այժմ մեզ ուրիշ մարդիկ են հարկավոր:

Պարզ էր ինձ համար, որ այդ «ուրիշ» մարդկանց շարքում առաջին տեղն իրան էր տալիս:

Կար այդ ժամանակ հայրենասեր համարված մի հարուստ ծերունի՝ Առաքել Ծատուրյան անունով: Դա հետաքրքրական մի տիպ էր: Շուշեցի էր նա, մի ժամանակ եղել էր խոհարար, հետո գնացել էր Պարսկաստան, պարապել էր վաճառականությամբ և, մի որոշ գումար ձեռք բերելով, վերադարձել էր Կովկաս: Հիշում եմ նրան դեռ յոթանասուն թվականներին, երբ Բաքվում սկսել էր պարապել նավթային արդյունաբերությամբ: Կարճահասակ մի մարդ էր՝ ծուռ ոտներով: Նա միշտ շրջում էր երկու թեյի պնակի չափ մեդալներ վզին քարշ արած, մեկը ոսկյա, մյուսը արծաթյա: Ով էր տվել նրան այդ մեդալներըչգիտեմ: Կիսագրագետ մեկն էր, որ հազիվ սովորել էր իր անունն ուղիղ գրել և երկու բառ արտասանելիս երեք անգամ կմկմում ու կակազում էր: Ներքուստ փառամոլ ոմն էր, մեկն այն քչերից, որոնք ոսկի դիզելուց հետո ճգնում են կամ բարեգործի, կամ ազգակերի համբավ վաստակել:

Ահա այդ մարդուն էին շրջապատել այն ժամանակվա այսպես համարվող հեղափոխական երիտասարդները Գրիգոր Արծրունու կամ, ճիշտ ասած, Քրիստափոր Միքայելյանի, Սիմեոն Զավարյանի և Փարիզից նոր վերադարձած բժիշկ Հովհաննես Լոռու-Մելիքյանի ղեկավարությամբ: Գարնանը, կարծեմ, 1891 թվականի, նա Արծրունուն խոստացավ առաջիկա աշնան սկզբին տալ մի խոշոր գումար, եթե չեմ սխալվում, 150 000 ռուբլի «թուրքահայերի ազատագրության» համար, խոստացավ և ինքն ուղևորվեց արտասահման: Արդեն նրա անունը հռչակված էր և վայելում էր «առատաձեռն հայրենասերիտ համբավ, թեև այդ համբավը չէր արդարացված մի շոշափելի նյութական զոհաբերությամբ:

Առաքել Ծատուրյան «հայրենասերը» գնաց Փարիզ և այնտեղից անցավ Լոնդոն: Մի քանի էնտուզիաստ հայեր նրան ներկայացրին Գլադստոնին: Սակավախոս, գրեթե անբան կրեսոսը միտք հղացավ նշանավոր քաղաքական գործչին ճաշկերույթ տալ, օրից հետո նրա անունն ավելի հռչակվեց թե կովկասյան և թե արտասահմանյան հայ լրագրերում: Ամենքն անհամբեր սպասում էին նրա վերադարձին և ամենից ավելի Գրիգոր Արծրունին: Աշնանը, վերջապես, մարդը վերադարձավ Թիֆլիս, գնաց Բաքու, ետ եկավ և մի օր մտավ «Մշակ»-ի խմբագրատուն ձեռքին մի թերթ թուղթ:

Եկել եմ, — ասաց նա անսովոր ինքնավստահությամբ և թուղթը դրեց Արծրունու գրասեղանի վրա:

Այդ ի՞նչ էհարցրեց Արծրունին, որ ուրիշ բան էր սպասում վաթսունամյա ծերունուց:

Հանգանականության թերթը, — պատասխանեց ծերունին դարաբաղյան շեշտադրությամբ:

Փող բերե՞լ եք:

Կհավաքեմ ու կբերեմ, էս է էլի Բաքու եմ գնում:

Ո՞րքան պիտի բերեք:

Ասել եմ, հարյուրից մինչև հարյուր հիսուն հազար մանեթ:

Այդքա՞նը միայն:

Հրամանքս, հետո էլի, հըըմ, դե ո՞վ է գիտում ինչ Կըլի,Գլադստոնն ասաց, վըեր...

Դուք ինքներդ ո՞րքան եք տալու:

Դե էն ա իմ անունն էլ գրած ա էդ թղթի մեջ:

Արծրունին նայում է թերթին. Առաքել Ծատուրյանի անվան դեմ դրված է հինգ հազար ռուբլի:

Բայց չէ՞ որ դուք գարնանն ինձ խոստացաք ինքներդ մենակ տալ հարյուր հիսուն հազար ռուբլին:

Դե էն ա տալիս եմ էլի, մի քիչ համբերեցեք:

Ո՛չ պարոն, այդպիսով հայրենիք ազատել չի կարելի, հեռացե՛ք:

Առաքել ապերը թուղթը ծալում, դնում է ծոցն ու գնում, և դրանով վերջանում է նրա հայրենասիրական զոհաբերությունը: Ապագայում պարզվեց, որ Գլադստոնին տված ճաշկերույթը և առհասարակ իր հաղթական երթը դեպի Եվրոպա շատ թանկ է նստել նրան, այն է մարդու բացակայությամբ նրան կողոպտել են մի կողմից իր անձնական գործերի վարիչը, մյուս կողմից իր առևտրական ընկերները: Շատ չանցած՝ Առաքել Ծատուրյանը հրացանով ինքնասպանություն գործեց Երևանից ոչ հեռու գտնված իր կալվածքում:

Արծրունուն շրջապատող երիտասարդների խումբն էր, որ դաշնակցության հիմքը դրեց: Գլխավոր ուժերն էին բժիշկ Հովհաննես Լոռու-Մելիքյան, Քրիստափոր Միքայելյան, Սիմեոն Զավարյան, Մարտիրոս Շաթիրյան, Կոստանդին Տատիսյան, Լևոն Սարգսյան, Գաբրիել Միրզոյան և մի քանի ուրիշներ, որոնց անունները մոռացել եմ:

Նոր գործի համար նոր ուժեր են հարկավոր, — ասում էին և չէին ընդունում ասպարեզում եղած ոչ մի հասարակական գործչի, բացի Գրիգոր Արծրունուց:

Այդ նոր գործն ուրիշ ոչինչ էր, եթե ոչ թուրքահայ ժողովրդին զինել և Թոլրքիայում ապստամբություն առաջացնելը, այլ խոսքով՝ անկախ Հայաստան ստեղծելը: Հնչակյան կուսակցությունը այդ չի կարողանում անել, պետք է կազմել նոր կուսակցություն, միացնելով բոլոր երիտասարդ ուժերը:

Չնայելով իր արտաքին համեստությանը, Քրիստափոր Միքայելյանը փառամոլ էր անսահման: Նրա ընկերներից շատ քչերը գիտեին այդ և, նրանք, որոնք գիտեին, տոգորված էին նույն թուլությամբ: Տարբերությունն այն էր, որ Միքայելյանը երիտասարդությունից, մանավանդ պատանեկությունից, ավելի էր սիրված, քան որևէ մեկը նրա ընկերներից, բացի Սիմեոն Զավարյանից: Այդ կողմից երկուսն էլ հավասար մակարդակի վրա էին:

Ինչո՞վ էր Քրիստափոր Միքայելյանն իր շրջանի հավատը գրավելայսօր այդ ինձ համար մի առեղծված է: Գուցե ֆանատիկոսի հավատով դեպի իր գործը, գուցե անշուք տրամաբանությամբ կամ իր հիսուսանման արտաքինով, մեղմ ձայնով: Մի բան միայն կարող եմ հաստատապես ասել, այն է, որ այդ մարդը մարդկանց հետ վարվելու զարմանալի տակտ ուներ և գիտեր նույնիսկ տրամագծորեն հակադիր տարրերից միություն ձուլել: Նույն հատկությունը չուներ Սիմեոն Զավարյանը, բայց Միքայելյանի խորամանկությունն էլ չուներ: Այդ փոքրահասակ, միշտ շարժուն, միշտ ներվային, միշտ մտահոգ, նիհար ու դժգոհ երիտասարդն ինձ հիշեցնում էր խորթ հողի վրա սնված մի բույս:

Երկուսն էլ իրանց մյուս ընկերների հետ գալիս էին Գրիգոր Արծրունու մոտ, տեղեկություններ էին տալիս և ստանում: Այդ խումբն էր, որ մի քանի բուրժուաների հետ կազմակերպեց Գրիգոր Արծրունու հրապարակախոսական գործունեության քսանհինգամյակի տոնը, և այդ տոնը դարձրեց մի տեսակ նախերգանք դաշնակցության:

Դաշնակցությունը կազմակերպվեց Գրիգոր Արծրունու գիտությամբ և հովանավորությամբ, բայց ոչ անմիջական մասնակցությամբ: Արծրունին վախենում էր վտանգի ենթաարկել «Մշակ»-ի գոյությունը, որ նրա համար բարձր էր ամեն բանից: Նա շատ լավ գիտեր, որ մարդիկ ուզում են օգտագործել իր ժողովրդականությունը դրամ ժողովելու համար, և այդ պատճառով շատ էլ մեծ հավատ չէր տածում դեպի նրանց բարեկամության անկեղծությունը:

Մի օր նա ինձ ասաց.

Այդ աղերքը շատ են դեսուդեն վազում, բայց ես չեմ կարծում, որ նրանք կարողանան որևէ լուրջ գործ սկսել: Ամենաշատը նրանք կարող են լինել օգտակար գործիք ավելի խոհուն մարդկանց ձեռքում:

Մի ուրիշ օր նա ինձ հարցրեց.

Ի՞նչ է մտածում Արգար Հովհաննիսյանը երիտասարդության այս նոր շարժման մասին:

Նույնը, ինչ որ դուք, — պատասխանեցի ես, որ տեղյակ էի Հովհաննիսյանի կարծիքին: — Նա նույնպես չի հավատում այդ աղմկալի իրարանցման բարերար հետևանքներին:

Բայց երիտասարդությունն էլ Հովհաննիսյանին հավատ չի ընծայում, այս գիտե՞ք:

Գիտեմ, պարոն Արծրունի, ինքը Հովհաննիսյանն էլ գիտե այդ:

Նույն օրերը ես կատարեցի մի փոքրիկ ճամփորդություն Ղարսի և Երևանի նահանգներում: Ոչ մի նպատակ չունեի, բացի երկիրը դիտելուց և մի փոքր էլ ժողովրդին ուսումնասիրելուց: Ամենուրեք հայ երիտասարդությունն ընկճված էր Թուրքիայից ստացվող լուրերի տպավորությամբ և ամեն տեղ միևնույն հարցն էին տալիս ինձ. «Ի՞նչ է մտածում Թիֆլիսի ինտելիգենցիան»: Մարդիկ փրկարար խոսքի էին սպասում, և դարձյալ Գրիգոր Արծրունու անունն էր արտասանվում ամենից ավելի: Սակայն ինձնից մի ամիս առաջ նույն տեղերով անցել էր Արծրունին, և ոչ ոք նրանից չէր լսել այդ փրկարար խոսքը: Եվ ի՞նչ կարող էր ասել մի մարդ, որ ինքն էլ չգիտեր՝ ինչ պիտի ասե, և որ ամենից ավելի էր շփոթված: Միայն դաշնակցության ձեռնարկողներն էին, որ գիտեին իրանց անելիքը, այն է՝ զենք տալ թուրքահայ ժողովրդին ձեռքը և ապստամբեցնել թուրք պետության դեմ: Այս մասին նրանք ամեն տեղ ուղարկել էին որոշ հրահանգ առանձին գործակալների ձեռքով, հրահանգի ամենաէական կետն էր՝ դրամ ժողովել: Մի քանի տեղերում արդեն հանգանակություն էր բացվել: Երբ ինձ հարցնում էին՝ ուր և ում պիտի ուղարկել ժողոված դրամները, ես հրաժարվում էի պատասխանել, իսկ երբ հարկադրում էին, մատնացույց էի անում կամ Արծրունուն, կամ Կ. Պոլսի պատրիարք Մատթևոս եպիսկոպոս Իզմիրլյանին: Այս առիթով, երբ ես Թիֆլիս վերադարձա, արժանացա դաշնակցության հիմնադիրների դժկամությանը:

Իգդիրում ես ունեցա մի դիպված: Եկել էի այնտեղ միայն մի օրով և մեն-մենակ թափառում էի: Երբ անցնում էի անսալահատակ և ծայր աստիճան կեղտոտ փողոցներից մեկով, հանկարծ մի առվի մեջ տեսա մի կեղտոտ մանուկ: Նա ընկել էր ջուրը և թպրտում էր մորթված վառյակի պես: Շտապեցի նրան դուրս բերել առվից և, ոտներից բռնելով, գվխիվայր պահեցի մի քանի րոպե, որպեսզի ջուրը բերնից դուրս թափվի: Երեխան, որ երկու տարեկան էր և գնչու մանկան էր նման իր պղնձագույն դեմքով և խորն ընկած փոքրիկ կլոր աչքերով, ուշքի եկավ: Ես գրկեցի նրան, մոտեցա մի խանութի ու հարցրի.

Այս մանուկն ո՞ւմն է:

Բա՛ա, — գոչեց խանութպանը, — դա հո մեր վարժապետի տղան է:

Նա ցույց տվեց ինձ մի անշուք տնակ, ասելով, որ այնտեղ են բնակվում երեխայի ծնողները: Ես սևամորթ մանկանը գրկած տարա այնտեղ, դռները զարկեցի: Տնակից դուրս եկավ մոտ 25-26 տարեկան մի երիտասարդ, շատ թուխ երեսով, շատ սև մազերով ու մորուքով և խորը նստած կլորիկ աչքերով:

Այս երեխան ձե՞րն էհարցրի ես:

Այո, — պատասխանեց երիտասարդը, մանկանն իր գիրկն առնելով, — փուչ կենդանի, այդ ո՞րտեղ ես այդպես թրջվել:

Երեխան ճղճղաց որսված առնետի պես: Ես պատասխանեցի.

Առվի մեջ:

Առվի մե՞ջ, — կրկնեց երիտասարդը, — բայց նա կարող էր այնտեղ խեղդվել, նման դեպքեր եղել են, շնորհակալ եմ, դուք ազատել եք իմ Վարդգեսին: Ներեցեք, դո՞ւք Շիրվանզադեն չե՞ք արդյոք, — ավելացրեց նա հանկարծ:

Այո:

Շատ ուրախ եմ տեսնել, լսել էինք, որ պիտի գաք մեր կողմերը: Թույլ տվեք ներկայանալԱվետիք Ահարոնյան, ուսուցիչ:

Այդ ժամանակ Ավետիք Ահարոնյանի անունը որպես գրողի ասպարեզի վրա չկար, գոնե ես ոչ կարդացել էի և ոչ էլ լսել էի նրա մասին:

Նա ինձ հրավիրեց իր տունը, ծանոթացրեց ամուսնու հետ և թախանձեց մնալ ճաշի, ասելով, որ շուտով պիտի գան իր ընկերները, որոնք «ուրախ կլինեն» ինձ տեսնելու: Ճաշի սեղանն արդեն բացված էր տեղական գորգերով ծածկված հատակի վրա: Սենյակը եվրոպական կահկարասի չուներ, բացի մի փոքրիկ գրասեղանից և մի հատիկ աթոռից: Շուտով եկան Ահարոնյանի ընկերները, բոլորն էլ կարծեմ ուսուցիչներ: Հիշում եմ նրանցից միայն մեկին՝ Ահարոն թե Հմայակ անունով մի վարդապետի՝ ձյունի պես ճերմակ մազերով և պատանու պես աշխույժ ու կայտառ մի մարդու, որ անմիջապես հարձակվեց ինձ վրա անվերջ հարցերով: Նա խորապես զգացված պատմեց մի քանի ողբալի տեսարաններ թուրքահայ փախստականների կյանքից: Իգդիրը սահմանագլուխ էր, գլխավորապես այնտեղով էին անցնում ռուսական սահմանը Ալաշկերտի հովիտից եկողները:

Վերադառնում եմ Գրիգոր Արծրունուն:

Այդ մարդու բնույթը հավասարակշռությունից զուրկ էր, և դա նրա դժբախտությունն էր: Նա ոչ միայն չափազանց ներվային էր, այլև մաղձոտ: Հոգեբանորեն դա ուներ իր բնական պատճառը: Մարմնավոր դրությունը մանկությունից ազդելով նրա պսիխիկայի վրա, տարիների ընթացքում ծայր աստիճան սրել էր նրա անձնասիրությունը: Այն կծու բողոքը բնության անիրավության դեմ, որ մարդը լռորեն կրում էր իր մեջ, աստիճանաբար մաղձոտել էր նրան ինչպես ժանգը երկաթին և հոգին թունավորել մարդատեցության թույնով: Արծրունին ուզում էր սիրել մարդուն խելքի և մտավոր կարողության պահանջմամբ: Բայց զգացումները թույլ չէին տալիս: Երկու միջոց կար այդ հոգեկան ժանգը ոչնչացնելու համարկամ բարձր փիլիսոփայական մտայնություն, որ հատուկ է շատ քչերին, կամ դիվային հեգնանք ու ծաղր բնության երեսին, որ հատուկ է դարձյալ շատ քչերին: Արծրունին չուներ ոչ մինը և ոչ մյուսը: Նա ոչ փիլիսոփա էր և ոչ երգիծաբան, նա ոչ Կանտ էր և ոչ Սվիֆտ: Միջին տեսակի իմաստուն էր, մի քիչ բարձր սովորական մահկանացուից, ուստի տառապում էր: Եվ հաճախ այդ տառապանքը տողամեջ արտահայտվում էր նրա հոդվածների և ֆելիետոնների մեջ:

Սիրելով կյանքն անհունորեն, Արծրունին զգում էր, որ կյանքը ոչ սիրով, այլ կարեկցությամբ է նայում իրան: Սիրելով ընկերային միջավայրը, նա միևնույն ժամանակ չափազանց վատ էր զգում իրան այդ միջավայրում և աշխատում էր կարելույն չափ հեռու պահել իրեն ընկերական շրջաններից: Եվ այդ բանում բնականորեն ու իրավամբ խրախուսում էր նրան իր կյանքի անհաջող ընկերուհինՄարոն, որ, ինքը սիրված չլինելով շրջաններից, չէր ուզում, որ իր սիրեցյալն էլ սիրված ու փայփայված լինի: Սա ավելի վատ մի գզացում էր Մարոյի մեջ, քան խանդը. դա հավասար բարոյական մակարդակի վրա մնալու պահանջն էր: Մյուս կողմից Արծրունու հակառակորդները չունեին գոնե տարրական նրբազգացություն խնայելու այն, ինչ որ բնությունը չէր խնայել, և շատ անգամ անվայել ակնարկներով խոցոտում էին նրա առանց այն ևս խոցոտված հոգին: Այս դեպքում առաջին դերը պատկանում է Գամառ-Քաթիպային:

Բնորոշ է, որ Գրիգոր Արծրունին ինքն իր «Մշակ»-ի կամ սեփական ուղղությունը համարում էր «մտրակողական», այսինքն ագրեսիվ: Հակառակորդներն այլ բառ էին գործածում — «հայհոյողական»: Հայհոյանքներ բառիս ստորին իմաստով Արծրունու հոդվածների մեջ, իհարկե, չկային, բայց մաղձ և ատելություն որքան կամենաք, և ես կարծում եմ, որ նրա գրիչը չէր ունենալ այն հզոր թափը, եթե նրա հոգու մեջ չլիներ այդ մշտական մաղձը: Սակայն այդ թափն արտահայտվում էր միայն այն դեպքերում, երբ խնդիրը վերաբերում էր հայ կյանքի ներքին կացությանը: Քաղաքական խնդիրների մեջ նա ավելի քան զգույշ և չափավոր էր, երբեմն նույնիսկ երկչոտ: Այս տեսակետից նա տարբերվում էր ոչ միայն «պահպանողական» Աբգար ՀովհաննիսյանիցԱրձագանք»), այլև «կղերական» Պետրոս ՍիմոնյանցիցՄեղու Հայաստանի»), «ետադիմական» Սպանդար ՍպանդարյանիցՆոր-Դար»): Թիֆլիս տեղափոխվելուցս երկու թե երեք տարի առաջ ժանդարմերիան մի թեթև խուզարկություն էր արել «Մշակ»-ի խմբագրատանը: Երբ Արծրունին պատմում էր ինձ այդ մասին, գունատվեց ու դողաց: Անկասկած այդ խուզարկությունը մի որևէ թյուրիմացության արդյունք է եղել, վասնզի Արծրունին իր ամբողջ գործունեության ընթացքում ոչ մի հակապետական քայլ չի արել Ռուսիայի վերաբերմամբ: Նրա կռիվն ու հարձակումները սուլթանական Տաճկաստանի դեմ էին, իսկ ցարական Ռուսիայի վերաբերմամբ ես հայ հրապարակախոսների մեջ չեմ հիշում մի ուրիշին, որ, եթե կարելի է այսպես ասել, ավելի պետասիրական լիներ, քան Արծրունին: Նա նույնիսկ թուրքահայերի գոյության խնդիրը կապում էր ռուսական իմպերիալիզմի հետ: Հայտնի է, որ յոթանասունական թվերի ռուս-տաճկական պատերազմի ժամանակ, թե մի փոքր առաջ, մի գրավոր դիմումով ռուս կառավարությանը խնդրում էր գրավել Թուրքիայի հայաբնակ վիլայեթները: Հետագայում ես նա սարսափում էր այն մտքից, թե մի օր ռուսահայերը կարող են ըմբոստանալ Ռուսիայի դեմ: Այդ սարսափն ապագայում ժառանգեց դաշնակցությունը:

Չունենալով բարձր փիլիսոփայական մտայնություն, Գրիգոր Արծրունին սարսափում էր նաև մահից, մի թեթև գլխացավ նրան պատճառում էր ահագին մտահոգություն: Մահվան պահին նրա մահճակալի քով գտնվողներից մեկը Հովհաննես Տեր-Մարկոսյանը, պատմում էր ինձ, որ նա սոսկալիորեն կռվում էր մահու դեմ վերջին ժամերին:

Այնպես որ ես սարսափում էի նրան նայելիս: Աչքերը լայն բացված, բռունցքները սեղմված, կարծես ճգնում էր հարձակվել շրջապատողներիս վրա:

Րաֆֆին մի օր ինձ ասաց, որ Գրիգոր Արծրունին Մարոյի հետ կենա կցելուց առաջ կենսախինդ մարդ է եղել, նույնչափ, որչափ Աբգար Հովհաննիսյանը: Այն ժամանակ նա իր ապագա հակառակորդների հետ եղել է արտաքուստ հաշտ և հաճախ հանդիպել է մի ինչ-որ բուրժուա ընտանիքի սալոնում:

Այն ժամանակ ես էլ այցելում էի այդ սալոնը, — հարեց Րաֆֆին, — երբ Արծրունին ներս էր մտնում, Պետրոս Սիմոնյանցն իր համախոհների հետ, նրանից փախչելով, քաշվում էին մի անկյուն ու քչփչում դավադիրների պես: Պարզ էր, որ նրանք չեն հանդուրժում Արծրունու ներկայությունը, բայց չէին համարձակվում արտահայտել իրանց ատելությունը:

Next page