Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատվի համար

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец

ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ

ԳՈՐԾՈՂ ԱՆԶԻՆՔ

ԱՆԴՐԵԱՍ ԷԼԻԶ՛ԱՐՅԱՆ. Տեղական հայտնի հարուստներից մեկը: 55 տարեկան, առույգ և ամրակազմ տղամարդ, կարճ խուզած ալեխառն մազերով, ցանցառ մորուքով և կարմիր այտերով:

ԵՐԱՆՈՒՀԻ. Նրա ամուսինը: Քահանայի դուստր, 46 տարեկան, ժամանակից առաջ թառամած, դժգույն, նիհար կին, համակրելի և գեղեցիկ:

ԲԱԳՐԱՏ. Էլիզբարյանների ավագ որդին: Ժամանակակից գործնական երիտասարդ, 27 տարեկան, եռանդուն դեմքով: Ձևերն ու շարժումներն արագ են, ոճը կտրուկ և գրական:

ՍՈՒՐԵՆ. Էլիզբարյանների երկրորդ որդին, 23 տարեկան կենսախինդ երիտասարդ, որի դեմքը կրում է շվայտ կենցաղի վաղաժամ հետքերը, բայց համակրելի է: Հագնվում է վերջին տարազով:

ՌՈԶԱԼԻԱ. Էլիզբարյանների մեծ աղջիկը: 24 տարեկան, բավական գեղեցիկ, բայց չափազանց ինքնագոհ դեմքով օրիորդ: Հագնվում է միշտ շքեղ, առանց գույների խտրության:

ՄԱՐԳԱՐԻՏ. Էլիզբարյանների երկրորդ աղջիկը: 22 տարեկան, մտախոհ դեմքով, արտահայտիչ աչքերով օրիորդ` մի քիչ մորը նման, բայց ավելի գեղեցիկ: Հագնվում է համեստ ճաշակով:

ԱՐՏԱՇԵՍ ՕԹԱՐՅԱՆ. Անդրեասի հանգուցյալ ընկերոջ որդին և նախկին որդեգիրը: 2627 տարեկան, խոհուն դեմքով, նյարդային շարժումներով: Հագնվում է միշտ սև:

ՍԱՂԱԹԵԼ. Երանուհու եղբայրը և Անդրեասի հավատարիմ աջակիցը: Մոտ 50 տարեկան, անվրդով, բայց խորամանկ դեմքով: Երեսը սափրում է, քունքերի մոտ փոքրիկ մորուսհատներ թողնելով: Հագնվում է միշտ միատեսակլայն վարտիք, սև ատլասի արխալուղ, վրեն երկարավուն, լայն պիջակ: Վզովը գցած ժամացույցի ոսկե շղթա: Մեջքին կապած է ոսկե քամար: Միշտ գործ է ածում դեղին սաթի տերողորմյա խոշոր հատիկներով: Կոշիկների տակերը մի մատնաչափ հաստ են:

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԿԱՐԻՆՅԱՆ. Անդրեասի հաշվապահը: Ժամանակից առաջ ծերացած, 42 տարեկան տղամարդ: Սովորական ծառայողի միջին տիպար:

ՎԱՐԴԱՆ. Սպասավոր Էլիզբարյանների գրասենյակում: Երիտասարդ: Խոսում է Շամախու բարբառով:

ՋԱՐՈԻՀԻ. Երիտասարդ աղախին:

Գործողությունը կատարվում է Էլիզբարյանների տանը: Մեր ժամանակի անցք:

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Բեմը ներկայացնում է Անդրեաս և Բագրատ Էլիզբարյանների պարապելա սենյակը, որ բռնում է սեփական տան վերին հարկում անկյունային դիրք` բնակարանի և գրասենյակի միջև:

Միջին մեծության սենյակ: Աջ1 պատի մեջ դեպի փողոց երկու մեծ լուսամուտներ, որոնց մեջտեղում դրած է Անդրեասի գրասեղանը, վրեն, բացի գրելու պարագաներից, համարակալ, հեռախոսի ապարատ և էլեկտրական շարժուն լամպար: Սեղանի քով, պատի կողմում մի մեծ բազկաթոռ, մյուս կողմում մի հասարակ աթոռ:

Խորքի պատի մեջ երկու դռներ, մեկը բեմի կենտրոնական ուղղությամբ, դեպի գրասենյակ, մյուսը բոլորովին ձախ, գրեթե անկյունում, դեպի նախասենյակ:

Զախ պատի մեջ ևս դռներ, որոնք տանում են դեպի բնակարան: Այս դռների մոտ, դեպի ավանցսենա Բագրատի գրասեղանը, վրան, բացի սովորական պարագաներից, գրելու գործիքներ, գծագրություններ և մի քանի մասնագիտական գրքեր` ինժեների համար: Սեղանի հետևում երկաթե դրամարկղ: Խորքում, դեպի աջվառարան:

Պատերի տակ աթոռներ: Հատակի աջ կողմը ծածկված է գորգով: Լուսամատները վարագուրված են:

ՏԵՍԻԼ 1

ՍԱՂԱԹԵԼ և ԿԱՐԻՆՅԱՆ

Վարագույրը բարձրանալիս, Սաղաթելը, Անդրեասի գրասեղանի քով կանգնած, հեռախոսով խոսում է: Խորքի դռները բացվում են, ներս է մտնում Կարինյանը և սկսում է Անդրեասի գրասեղանի վրա շատ դանդաղ ինչ-որ փնտրել: Այս դռները բացվելիս հեռու երևում է մի բարձր հաշվեսեղան, որի քով կանգնած պարապում է մի երիտասարդ: Մերթ ընդ մերթ երևամ են և ուրիշ ծառայողներ, նաև այցելուներ, որոնք այս ա այն կողմ են անցնում գբաղված դեմքերով: Գործողության ընթացքում, մինչև գրասենյակի փակվելը, այնտեղից լսվում են համարակալի չխկչխկոց և հեռախոսի գանգակի հնչյուններ:

ՍԱՂԱԹԵԼ. (Հեռախոսով) «Համեեե՞: Այո՛, շուտով կգա: Հը՞մ, չեմ լսում: Հաա՛: Լավ, ուղարկիր: Ցտեսություն»: (Զանգակը հնչեցնում է և գործիքը դնում իր տեղը): Օրհնվի տելեֆոն հնարողը, շատ լավ բան է վաճառականի համար: Հա. ինչ էի ասում, Արիստակես, հենց որ ձեռքիդ գործը վերջացնես, կսկսես Բագրատի հաշիվը կազմել: (Հեգնորեն): Մեր պարոն ինժեները ուզում է իմանալ, ինչքան է ծախսված իր գործարանի վրա:

ԿԱՐԻՆՅԱՆ. Բայց դուք ձեր արած ծախսերի հաշիվները դեռ չեք ներկայացրել գրասենյակին: Պարոն Բագրատն ամեն մի ծախսի համար արդարացուցիչ դոկումենտ է պահանջում:

ՍԱՂԱԹԵԼ. Բան է հնարել պարոն Բագրատըարդարացուցիչ դոկումենտ: Ես Անդրեաս Էլիզբարյանի մոտ մինչև օրս առանց արդարացուցիչ դոկումենտի եմ ծառայել, էլի կծառայեմ: Հայրը հավատում է, թող որդին էլ հավատա: (Լռություն): Այդ ի՞նչ ես փնտրում:

ԿԱՐԻՆՅԱՆ. Մնացականյանների պայմանագիրը: (Դադարում է փնտրել): ՍԱՂԱԹԵԼ. Հեր օրհնած, այսքան ժամանակ ծառայում ես այստեղ, էլի չգիտե՞ս, որ Անդրեաս Էլիզբարյանը սեղանի վրա երբեք հարկավոր թղթեր չի թողնում: ԿԱՐԻՆՅԱՆ. Ճշմարիտ, ես մոռանում եմ, որ Էլիզբարյանը բոլոր մարդկանց համարում է գող ի ծննդենե:

ՍԱՂԱԹԵԼ. Այո, նրա կարծիքով, մարդիկ գողանում են ամեն ինչ, որ կողպեքի տակ չէ: Եվ այդ շատ ճիշտ կարծիք է: Աշխարհի երեսին դրուստ մարդ չկա, բոլորը գող են: (Տերողորմյան ձեռների մեջ տրորում է և հոտ քաշում):

ԿԱՐԻՆՅԱՆ. Խղճի դեմ բաներ եք ասում, պարոն Սաղաթել:

ՍԱՂԱԹԵԼ. էհ, դու էլ խոսքի տակին գլխինխիղճ: Ինչպես տեսնում եմ, այդ կերակուրը շատ ես սիրում: Ափսոս, որ փորը կշտացնող չէ:

ԿԱՐԻՆՅԱՆ. Այո, շատերի համար անմարսելի է:

ՍԱՂԱԹԵԼ. Ինչպես, օրինակ` հրամանոցդ համար: Տեսնում եմ քառասուներկու տարեկան մարդ ես, մազերդ ճերմակել են, մեջքդ ծռվել է և էլի, խիղճ-խիղճ ասելով, հալվում ես: Երանի գիտենայի, այսօր-էգուց որ ոտներդ ձգես, կնիկդ գրպանումդ պատանի վաղ կգտնի՞:

ԿԱՐԻՆՑԱՆ. Կարող է չգտնել, բայց ես գոնե հանգիստ հոգով կմեռնեմ:

ՍԱՂԱԹԵԼ. (Կծու հեգնությամբ) Ինչպե՛ս չէ, կես դյուժին ճընկլը-ճտեր քաղցած փորով թողնելով փողոցում: էէ՜, պարոն, խիղճը լավ բան է, միայն ափսոս, որ գերի է ընկել փողի ձեռը և օր-օր վրա մաշվում է տանջանքից: Հա, ի՛նչ էի ուզում հարցնել, այսօր Օթարյանն եկե՞լ է այստեղ:

ԿԱՐԻՆՅԱՆ. Ոչ:

ՍԱՂԱԹԵԼ. էհ, գոհություն աստծու: (Տերողորմյան արորում է և հոտ քաշում):

ԿԱՐԻՆՅԱՆ. Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է պատահել այդ երիտասարդի և պարոն Անդրեասի մեջ:

ՍԱՂԱԹԵԼ. Այդ երկար պատմություն է: Բայց մեր գործը չէ:

ՏԵՍԻԼ 2

ՆՈԻՅՆՔ և ՍՈՒՐԵՆ

ՍՈՒՐԵՆ. (Ներս է մտնում շտապով ձախ դռնից վերարկուով ու գլխարկով) Պապան այստեղ չէ՞: Ավելի լավ: (Սաղաթելին) Քեռի, ի սեր աստծու, տո՛ւր ինձ իսկույն երեք հարյուր ռուբլի:

ՍԱՂԱԹԵԼ. (Տերողորմյան գրպանը դնելով) Հեե հե՛, էլի վազեց գլխիս: (Սուրենին) Ի՞նչ է պատահել, էլի բարկացած ես:

ՍՈՒՐԵՆ. Հարցուփորձի ժամանակ չէ: Ինձ ձեռաց երեք հարյուր ռուբլի փող է հարկավոր:

ԿԱՐԻՆՅԱՆ. Երևի, էլի բակարայում տանուլ եք տվել:

ՍԱՂԱԹԵԼ. Բաս չէ, առուտուրում վնաս է արել: Սրանը կամ բակարան է, կամ թխլիկ-թխլիկ մամզելները:

ՍՈՒՐԵՆ. (Գրգռվելով Կարինյանի դեմ) Պարոն թանաքլզող, այդ ձեր գործը չէ, խնդրեմ անկոչ վերահսկողի դեր չկատարեք: Քեռի, եթե այս րոպեին երեք հարյուր ռուբլի չունենամկխայտառակվեմ: Պատվի խնդիր կա մեջտեղ: Եթե ինձ սիրում եսմի՛ ուշացնիր:

ՍԱՂԱԹԵԼ. Շատ եմ սիրում, Սուրեն ջան, բայց որ փող չկա, ի՞նչ անեմ: Քեզ հայտնի է, որ այժմ հորդ գործերը եղբայրդ է կառավարում: (Տերողորմյան գրպանից հանում է):

ՍՈՒՐԵՆ. Եղբայրս, եղբայրս, ամեն տեղ նա ինձ խանգարում է: Բայց թող սպասի, մի օր ատամներս ցույց կտամ նրան:

ՍԱՂԱԹԵԼ. Է, նա այն պտուղներից չէ, որ քո ատամներից վախենա:

ՍՈՒՐԵՆ. (Անհամբեր) Տալո՞ւ ես փող, թե՞ չէ:

ՍԱՂԱԹԵԼ. Այ եղբայր, ես ի՞նչ անեմ, ահա նա, սնդուկը, սա էլ դու, համեցեք, վերցրու, ի՞նչ ես յախիցս կպել:

ՍՈՒՐԵՆ. Բանալին տուր:

ՍԱՂԱԹԵԼ. (Հառաչելով) Չկա, Սուրեն ջան, չկա: Այժմ արքայության դռների պահապանն ես չեմ: Մեկ էլ մեր մեջ ասած, հիմա այդ սնդուկում, բացի պայմանագրերից և վեքսիլներից, ոչինչ չկա: Եղբայրդ մեր կարգ ու կանոնները փոխել է: Դրանից առաջ այդ սնդուկում տաս-քսան հազարներով փող էր լինում շաբաթներով ընկած: Հիմա եղբայրդ բանկումն է պահում:

ԿԱՐԻնՅԱՆ. Նա ասում է փողն ու խելքը միշտ շարժման մեջ պետք է լինին:

ՍՈՒՐԵՆ. Որ այդպես է, տուր քո գրպանից:

ՍԱՂԱԹԵԼ. Սուրեն ջան, ախար ես փող որտեղի՞ց ունիմ: Ես մի խեղճ գործակատար եմ:

ՍՈՒՐԵՆ. էլի մի՛ սկսիր Ղազարոսի շարականը երգել: Կաշիդ դաբախանում կճանաչեմ: Քո կոշիկների այդ հաստ կարկատանի մեջ էլ փող կա:

ՍԱՂԱԹԵԼ. Տեր, անցո՛ զբաժակս այս հինեն:

ՍՈՒՐԵՆ. Դե՛ լավ. հորդ խոսքերը մի կրկնիր: Ասում են, դու նրան այնքան ես նման, որքան ես Պողոս Առաքյալին: Հանիր քսակդ, տեսնենք:

ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Դրա ձեռքից ազատվել չի կարելի: (Տերողորմյան հանդարտ դնում է գրպանը և շատ հանդարտ պիջակի գրպանից նանում է մի ահագին մաշված, կեղտոտ կաշվե փողաման): Կարծեմ հարյուր ռուբլուց ավել չունիմ: (Երեսը դարձնելով, թաքուն նայում փողամանի մեջ): Փա՜հ, իսկի հարյուր էլ չկա, հիսուն է:

ՍՈՒՐԵՆ. Այդ հեշտ է ստուգել: Տո՛ւր ինձ այդ տոպրակը, կտեսնեմ: (Փողամանը խլում է):

ՍԱՂԱԹԵԼ. (Վախեցած) Վա՜յ, այդ ի՞նչ ես անում:

ՍՈՒՐԵՆ. Ուզում եմ մի քիչ հետազոտել այդ հնագիտական գզրոցը: (Սկսում է փողամանը տնտղել և մեկ-մեկ դուրս բերում անվանած իրեր): Այստեղ մտիկ արեք, ինչ ասես կա: Հին մուրհակներ, ակցիաներ, բանկային կտրոններ, գերբովայա մարկաներ և յառլիկ գինու շշից...

ՍԱՂԱԹԵԼ. Ադա՜, ամոթ է:

ՍՈՒՐԵՆ. (Դուրս է բերում մի նամակ) Ա՞յս ինչ բան է: Վարդագույն թղթի վրա նամա՞կ, կնոջ ձեռքով գրվա՞ծ: (Հոտ է քաշում): Անուշահո՜տ...

ՍԱՂԱԹԵԼ. (Կարինյանից քաշվելով) Ադա՛, ամաչիր, մարդ կա այստեղ...

ԿԱՐԻՆՅԱՆ. (Թաքուն ծիծաղում է):

ՍՈՒՐԵՆ. (Հանելով նամակի միջից շորի մի կտոր) Ահա այս էլ նամակի պատասխանը-դեյրացվի նմուշ, արշինը վեց շահանոց. տեր ողորմած աստված, այստեղ մտիկ արեք, ղեղատոմսեր, սիգնատուրա, աչքի ճար, քինաքինա, ամբողջ դեղատուն: Պակասում է բժիշկը: Հապա, տեսնենք ուր է ցավդ, որ բժշկենք: Ահա, օօ՛, այստեղ երեք հարյուր էլ կա, հինգ էլ, տասն էլ:

ՍԱՂԱԹԵԼ. (Ամբողջ ժամանակ անհանգիստ, աշխատում է փողամանը խլել) Այդ խոմ ափաշկարա կողոպտել է նշանակում: Տեսնո՞ւմ ես, Արիստակես, օրը ցերեկով:

ԿԱՐԻՆՅԱՆ. (Մեկուսի) Ավելի լավ է այդպես կողոպտել, քան թաքուն, թաքուն գողանալ, ինչպես դու:

ՍՈՒՐԵՆ. Մի վախենար, ավելի չեմ վերցնիլ: Այն, ցվայ, դրայ, հերիք է: (Փողերը դնում է գրպանը, փողամանը վերադարձնում է Սաղաթելին) Ստացի՛ր թանգարանդ, ֆի, մազո՛ւթի հոտ է փչում:

ՍԱՂԱԹԵԼ. (Փողամանը ծոցը դնելով) Կարող եմ ասել, որ էլի լավ պրծա...

ՍՈՒՐԵՆ. Շնորհակալություն: Այժմ պատիվս փրկված է: Անիրավները չէին ուզում ինձ հետ ապառիկ խաղալ: Աուֆվիդերզեհե՜ն: (Ուզամ է գնալ):

ՍԱՂԱԹԵԼ. Ամոթ չլինի հարցնելըբաս վե՞քսելը:

ՍՈՒՐԵՆ. Գրիր քեզ հայտնի պայմանով. կստորագրեմ, բայց տես Շեյլոկի տոկոս չբարդես վրեն: (Քայլերն ուղղում է դեպի նախասենյակ):

ԿԱՐԻՆՅԱՆ. (Գլուխը շարժելով անցնում է գրասենյակ):

ՏեՍԻԼ 3

ՍՈՒՐեՆ, ԵՐԱՆՈԻՀԻ և ՍԱՂԱԹԵԼ

ԵՐԱՆՈԻՀԻ. (Գալիս է ձախ դռներից տնային հագուստով, առանց գլխարկի: Հուզված է) Կա՛ց, մի գնար:

ՍՈՒՐԵՆ. (Կանգ է առնում) է, մամա, հերիք է ինչքան լացուկոծ բարձրացրիր, ես ներվային մարդ եմ:

ԵՐԱՆՈԻՀԻ. (Սաղաթելին) Դու նրան փող տվեցի՞ր:

ՍՈՒՐԵՆ. Այո, մամա, եղբայրդ ավելի բարի գտնվեց, քան դու և մեծ որդիդ:

ԵՐԱՆՈԻՀԻ. Հե՛տ վերցրու, Սաղաթել, հե՛տ վերցրու: Փողը նրան փչացրեց, փողոցները գցեց:

ՍՈՒՐԵՆ. Լավ, մամա, հին երգդ երգելու տեղը չէ, գրասենյակից կլսեն: (Գրասենյակի դռները ծածկում է):

ԵՐԱՆՈԻՀԻ. էհ, թող լսեն: Այժմ ամենքն էլ գիտեն, որ դու որդի չես ինձ համար, այլ աստծու պատիժ:

ՍՈՒՐԵՆ. Ինչո՞ւ: Որովհետև ապրե՞լ եմ ուզում: Այնպես, ինչպես ապրում են իմ բոլոր ընկերնե՞րը:

ՍԱՂԱԹԵԼ. Այսինքն, բոլոր անառակ զավակները: (Մի կողմ) Վա՛, ի՜նչ ասացի:

ՍՈՒՐԵՆ. Քեռի, իմ գործերին մի՛ խառնվիր: Քոնն այն է, որ հորս հաշիվներին վերադիր անես և սպանաղ ու ղանձիլ ուտես:

ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Լավ կծեց, տեղն է քեզ, Սաղաթել:

ՍՈՒՐԵՆ. Իսկ դու, մամա, հոգս արա մյուս որդուդ համար: Կարող եմ հավատացնել, որ նա ինձանից ավելի վատ ճանապարհի վրա է: Մեր փողը կեղտ է, նրան փչացնելը մեղք չէ: Հասկացա՞ր, սիրելի մամա: Ցտեսություն, ճաշին ինձ չսպասեք: (Գնում է նախասենյակի դռներով):

ՏԵՍԻԼ 4

ԵՐԱՆՈՒՀԻ և ՍԱՂԱԹԵԼ

ԵՐԱՆՈԻՀԻ. (Թուլացած նստում է աթոռներից մեկի վրա) Տանջեցին ինձ, բութ դանակով մորթեցին: Հանել է ռևոլվերն ու դրել եղբոր կրծքին. «փող տուր, թե չէ կսպանեմ»: Ոտներս թուլացան, աչքերս մթնեցին, ասացի երկուսն էլ կորան: Մի կերպ բաժանեցի: Ախ, դեռ աշխարհիս երեսին կանայք կան, որ ինձ նախանձում են, հարուստի կնիկ եմ:

ՍԱՂԱԹԵԼ. է՜ է, ոչինչ, եթե մեկ որդիդ անառակ է, մյուսը խելոք է: Մեկի քանդածը մյուսը շինում է:

ԵՐԱՆՈԻՀԻ. էհ, չեմ ուզում ոչ քանդողին, ոչ շինողին: Մեկի համար փողը գերեզման է, մյուսի համար հայր ու հավատամք: Երկուսն էլ աստծու ճանապարհից դուրս են: Մեր ժամանակներում փողը երկնային թագավորի պատիժն է:

ՍԱՂԱԹԵԼ. Օրհնվի նրա կտրողի ձեռները: Փողի պես էլ քաղցր բան կա՞ աշխարհում:

ԵՐԱՆՈԻՀԻ. Հեթանոսնե՜ր, աստված չունիք, Բեհեղզեբուղին եք երկրպագություն տալիս:

ՍԱՂԱԹԵԼ. է՜է հե, էլի կրկնեցիր մեր հոր խոսքերը:

ԵՐԱՆՈՒՀԻ. Լույս գա նրա գերեզմանի վրա: Նա ասում էր փողը հնարված է սատանայի ձեռքով, որ մարդկանց գեհենը տանի:

ՍԱՂԱԹԵԼ. Ասում էր, որովհետև, քահանա էր, իսկ մենք աշխարհականներ ենք, մե՞զ ինչ:

ԵՐԱՆՈՒՀԻ. Վախեցիր ահեղ դատաստանից, Սաղաթել: Մի՛ պաշտիր փողը կուռքի պես:

ՍԱՂԱԹԵԼ. Քույր, աստծու պատիժն էլ, վարձքն էլ այս աշխարհումն է: Ահեղ դատաստան-մատաստան չկա:

ԵՐԱՆՈՒՀԻ. (Զարհուրած) Կա, անհավատ, կա:

ՍԱՂԱԹԵԼ. Դե հը՜, կա, թող լինի: Բայց հարցրու մեծ որդուդ, տես նա ինչ է ասում: Բանից դուրս է գալիս, որ մյուս կյանք ասածդ էլ անբախտ մարդիկ են հնարել` իրանց այրված սիրտը մխիթարելու համար: Որդիդ է ասում, լսո՞ւմ ես, ասում է` գիտության խոսքն է:

ԵՐԱՆՈՒՀԻ. Անիծվի ձեր գիտությունը:

ՍԱՂԱԹԵԼ. Ինչո՞ւ: Որ այն հոտած փիյի մոմի տեղ մեզ պայծառ էլեկտրական լո՞ւյս է տվել: Ասա խնդրեմ, երկաթուղի, շոգենավ, տելեգրաֆ, տելեֆոն, գրամոֆոն գիտությո՞ւնն է հնարել, թե քո տերտերները:

ԵՐԱՆՈՒՀԻ. Զուր չեն ասում, թե տերտերի որդին անհավատ կլինի:

ՍԱՂԱԹԵԼ. Ախ, Երանուհի, դու մարդուցդ հիսուն տարով հետ ես մնացել: Խելքի եկ, բաց արա աչքերդ, տես ի՛նչպես են ապրում մյուս հարուստների կանայք: Ուտում են, խմում, քեֆ անում, ամեն ամառ գնում են արտասահման, իսկ դու վազում ես... Ահեղ դատաստան: (Փոքրիկ պաուզա): Մի նոր բան էլ այն փոքր աղջիկդ է հնարելՄարգարիտը. ճշմարտությո՜ւն: Երեկ սկսեց գլխիս ավետարան կարդալ, «Քեռի, մարդիկ պարտավոր են ճշմարտությունով ղեկավարվել»:

ԵՐԱՆՈՒՀԻ. Վատ բան է ասել, հաա՞:

ՍԱՂԱԹԵԼ. Գիտես, սիրելիս, մեր հանգուցյալ հոր նման ճշմարիտ մարդ հազիվ թե լինի այս քաղաքում: Բայց ի՞նչ թողեց մեզ համար: Վերջին կոպեկի կարոտություն, սով: Մեռավ թե չէ, սկսեցինք սրան-նրան ձեռք պարզել: Դեռ փառք աստծու, որ դու մի քիչ գեղեցիկ էիր, բախտը քեզ այս տունը գցեց: Ի՞նչ պիտի անեինք, եթե Էլիզբարովը քեզ հետ չամուսնանար: Հանգուցյալը մի արհեստ էլ չէր սովորեցրել ինձ: Ուզում էր, որ ես էլ տերտեր դառնամ, այսինքն` իր նման քաղցածի մեկը: Չէ, քույր, ոչ քեզ եմ հավանում, ոչ Մարգարիտին: Ապրել չգիտեք: Այ, մեծ աղջիկդ, քեֆս է գալիս, աշխարհի բերանն է պատռում: Տեսնո՞ւմ ես տուն ու տեղդ ինչպես է կարգի գցել, ինչ շիկ է բանեցնում: Մախլաս, դու իսկի նման չես միլիոնատերի կնոջ: Էհ, թողնենք, կարծեմ, Անդրեասի ձայնն է:

ՏԵՍԻԼ 5

ՆՈԻՅՆՔ և ԱՆԴՐԵԱՍ

ԱՆԴՐԵԱՍ. (Երևում է գրասենյակի դռների մեջ գլխարկով ու վերարկուով: Մի ոտը շեմքի վրա, խոսում է դեպի գրասենյակ): Ասացեք այդ մարդկանց, որ ես այստեղ չեմ: Գիտեմ ինչու համար են շնորհ բերել: Ճանապարհ դրեք: Հետո գրասենյակը փակեցեք, գնացեք ճաշելու: Դուք հարկավոր չեք: Իրիկունը շուտ եկեք: (Ներս է գալիս, դռները հետևից ծածկելով):

ՍԱՂԱԹԵԼ. էլի ովքե՞ր էին:

ԱՆԴՐԵԱՍ. Ազգային ագռավներ: Փա՜հ, կարծես, բարեգործական ընկերություն եմ բաց արել կամ իրանցից հիմար եմ, չգիտեմ ումն է հարկավոր օգնել, ումըոչ: Հավաքվել են մի դյուժին անգործներ ու դռնե դուռ ընկել, թե ինչ է` «Աշխատանքի տան» համար փող ենք հավաքում: (Սաղաթելի օգնությամբ հանում է վերարկուն և գլխարկի ու ձեռնափայտի հետ տալիս է նրան: Հագած է լայն և երկարավուն պիջակ, լայն վարտիք: Ժիլետի վրա ժամացույցի ոսկե շղթա, աջ ձեռքի մատի վրա ահագին ադամանդյա մատանի): Աշխատանքի տո՞ւնս որն է: Աշխատող մարդը ինքը գործ էլ կունենա, տուն էլ: Հավաքել են ծույլերին ու անպիտաններին, ձրի կերակրում են, թե ազգ ենք փրկում:

ՍԱՂԱԹԵԼ. Իմաստունի խոսքերն են: (Վերարկուն ու ձեռնափայտը տանում է նախասենյակ և իսկույն վերադառնում):

ԱՆԴՐԵԱՍ. (Նստում է իր գրասեղանի քով և այղ պահին տեսնում Երանուհուն) Աա՜, դու այստե՞ղ ես: Էլի ի՞նչ ես ունքերդ կիտել: (Գրգռվելով) Մի՛ սևացնիր օրս, մի՛ սևացնիր, առանց քեզ էլ սևացնողներ կան:

ԵՐԱՆՈԻՀԻ. Ուզողին մերժելը մեղք է:

ԱՆԴՐԵԱՍ. (Կծու հեգնությամբ) Հաա՞, միլիոնատերի աղջիկ, աֆերիմ: Որ այդպես է, տուր էլի քո օժիտից կամ հորդ թողած ժառանգությունից, այ, այն մեծ-մեծ քարվանսարաներից:

ԵՐԱՆՈԻՀԻ. (վեր կենալով) Դու միշտ իմ հոր աղքատությունը երեսովս ես տալիս:

ԱՆԴՐԵԱՍ. Ախար, ինչ անեմ, նա էլ միշտ քարոզում էր. «բարություն արեք»: Ինքը չուներ, ուրիշներից էր պահանջում: Բարությո՜ւն: Բարությո՞ւնս որն է: Մարդս անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պետք է ոտով խփես, խորը գցես, ոչ թե ձեռքից բռնես բարձրացնես: (Սակավ լռություն: Տոնը փոխելով, Սաղաթելին): Չի՞ եկել այն տղան:

ՍԱՂԱԹԵԼ. Դեռ ոչ:

ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ ես ցցվել աչքիս առաջ: Ի՞նչ ես ուզում ինձանից:

ԵՐԱՆՈԻՀԻ. (Հառաչելով) Ոչինչ,

ԱՆԴՐԵԱՍ. Փառք աստծու, կարծեցի էլի պիտի սկսես նախատել ինձ:

ԵՐԱՆՈԻՀԻ. Ես քեզ ե՞րբ եմ նախատել:

ԱՆԴՐԵԱՍ. Դո՞ւ: Դու երեսուն տարի է շարունակ նախատում ես ինձ: Ես քեզ լավ եմ ճանաչում, դու իմ առաջին թշնամին ես: (Վեր է կենամ և սկսում անցուդարձ անել):

ԵՐԱՆՈԻՀԻ. Չեմ իմանում ինչով եմ քո թշնամին:

ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞վ: Քո մտքերով: Դու երբեք իմ մասին լավ բան չես մտածել: (Լռություն): Ի՞նչ է խոսել քեզ հետ Օթարյանը:

ԵՐԱՆՈԻՀԻ. Արտաշե՞սը: Ոչինչ: Ինչ որ քեզ հետ է խոսում, նույնն էլ ինձ հետ:

ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ ես կարծում, նա ինչպիսի տղա է:

ԵՐԱՆՈԻՀԻ. Նա օրինավոր տղա է, շատ օրինավոր, համեստ խելոք...

ԱՆԴՐԵԱՍ. Լավ, լավ, մի՛ երկարացնիր, գովելդ ավելորդ է...

ԵՐԱՆՈԻՀԻ. (Հառաչում է):

ԱՆԴՐԵԱՍ. (Գրգռվելով) Լսի՛ր, հազար անգամ ասել եմ, էլի եմ կրկնում, թո՛ղ այդ հառաչանքներդ, ախ ու վախդ: Քո դեմքի վրա, աչքերիդ մեջ, ամեն մի խոսքիդ տակ ես զգում եմ նախատինք: Քո տխրությունն ինձ կատաղեցնում է: Ես շատ լավ գիտեմ, որ դու ստվերի պես հետևում ես ինձ. ծուռ եմ դնում ոտս թե՞ ուղիղ, ումի՞ն զրկեցի, ումի՞ց ավելորդ վերցրի, ումի՞ն պակաս տվեցի: Թո՛ղ ինձ հանգիստ, դու իմ խի՞ղճն ես, ինչ է: Չի հարկավոր, կարոտություն չունիմ: Իմ մեջ խիղճ էլ կա, հոգի էլ, աստված էլ...

ԵՐԱՆՈԻՀԻ. (Տարակուսանքով) Ոչինչ չեմ հասկանում ասածներիցդ...

ԱՆԴՐԵԱՍ. Ա՜ա, շատ լավ ես հասկանում: (Անհանգիստ նայելով ժամացույցին) Արդեն երկու ժամն է: Չեկավ այդ տղան:

ԵՐԱՆՈԻՀԻ (Զսպելով իրեն) Տա՞նն ես ճաշելու:

ԱՆԴՐԵԱՍ. Իհարկե, ա՞յդ ինչ հարց է:

ԵՐԱՆՈԻՀԻ. (Խորհրդավոր) Ո՞վ գիտե քո բանը:

ԱՆԴՐԵԱՍ. Այ, տեսնո՛ւմ ես, հենց այդ «ով գիտե»-ի տակ սատանան է նստած: Նախատինք, միշտ նախատինք: Օձի նման է կծում: Հեռացի՛ր: Առավոտից դեռ շան պես անոթի եմ: Գնա, ճաշ պատրաստիր: Մի աման էլ Արտաշեսի համար դիր: Ես նրան ճաշի եմ պահելու: Լավ վարվիր նրա հետ, այդ ինձ հարկավոր է: Եթե Բագրատը տանն է, ուղարկիր այստեղ: (Երանահին գնում է ձախ դռներով):

ՏԵՍԻԼ 6

ԱՆԴՐԵԱՍ և ՍԱՂԱԹԵԼ

ԱՆԴՐԵԱՍ. (Լռություն): Քույրդ ամեն բան գիտե: Պետք է աշխատել, որ նա գործը չփչացնի:

ՍԱՂԱԹԵԼ. Իսկ դու նրա հե տ այնպես ես վարվում, որ ինքդ կարող ես փչացնել:

ԱՆԴՐԵԱՍ. Այդ ճշմարիտ է: Ես երբեմն չգիտեմ ինձ զսպել: Բայց ինչ անեմ, այսօր առավոտից դես գրգռված եմ: Մարդիկ սկսել են խոսել իմ մասին: Աա, ես գիտեմ, որ սև նախանձը նրանց հանգստություն չի տալիս: Անդրեյ Պետրովիչ Էլիզբարովի աստղը շատերի աչքն է ծակում: Տներս ու քարվանսարաներս տանջում են մարդկանց: (Լռություն): Ծառայողները գնացի՞ն:

ՍԱՂԱԹԵԼ. (Գրասենյակի դռներից ներս նայելով) Գնացել են:

ԱՆԴՐԵԱՍ. (Խոսում է, կարծես ինքն իր հետ, անցուդարձ անելով) Փա՜հ, Էլիզբարովի տների ու տափերի կեսն իմն է, ասում է, ոչ ավելի, ոչ պակաս: (Լռություն): Ժամանակ-ժամանակ ինքս էլ մտածում եմ. կարելի է պարտական եմ: Բայց ինչպե՞ս աչքերս բաց վերցնեմ և ունեցածիս կեսը տամ նրան: Ի՞նչ կասեն մարդիկ: «Հորս հետ միասին ես առել տափերը»: Այո, ճշմարիտ է, բայց ե՞րբ:

ՍԱՂԱԹԵԼ. Նոյ Նահապետի ժամանակներում:

ԱՆԴՐԵԱՍ. Ճշմարիտ է, ընկերներ ենք եղել, բայց չէ որ փողն ես եմ աշխատել, ես, Անդրեաս Էլիզբարովս: Դալլաք Էլիզբարի թոռը իր բոլոր կարողությունը, դիրքը, անունը, պատիվը ձեռք է բերել իր խելքով ու աշխատանքով: Տասնուհինգ տարի ծառայել եմ Մուսայել աղայի մոտ, տարել եմ նախատինք, թուքումուր: Շան կյանք եմ քաշել, վերջը սուտ-ղորթով մի քիչ փող եմ ձեռք բերել, դուրս եկել և այն ժամանակը ընկերացել Առաքել Օթարյանի հետ:

ՍԱՂԱԹԵԼ. Հե՜ե, երազի պես միտս է հին բազարում բախկալի դուքան ունեիք: Կանաչեղեն ու թթվեղեն էիք ծախում: Զատիկ-ջրօրհնեքին էլ գնում էիք Սալիան, ձկնեղեն բերում ու ծախում:

ԱՆԴՐԵԱՍ. Խոսք չունիմ, Առաքելն էլ աչքաբաց էր: Բայց եթե նրա խելքով վարվեի, այսօր էլ դուքանչու մեկը կլինեի: Նա հոտառություն չուներ: Ես էի, որ անդադար ասում էի. «Առաքել, առնենք այդ էժան տափերից, հետո ոսկի են դառնալու»: Սկսեցինք առնել ծովի ափերում հոտած ճահիճներ, աղբանոցներ, սաժենը հիսուն կոպեկից սկսած: Առաքելը չէր ուզում, առնողը ես էի, ուրեմն ես եմ աշխատել իմ հարստությունը, իմս է այն, միմիայն իմս: Իսկ այդ լակոտն եկել է ու ասում է, «Տուր ինձ կեսը»: Փահ, գժվել եմ, որ տամ: Եթե գժվել եմ, ինչո՞ւ չեն ինձ գժատուն տանում (Գրգռվում է): Համեցեք, այս էլ ձեզ բարեգործություն: Որդեգիր եմ վերցրել հոր հիշատակի համար, ուսում տվել, մարդ շինել, տարիներով պահել եմ մորն ու քույրերին, ի՞նչ է այսօր վարձս: — Քոռ ապերախտություն:

ՍԱՂԱԹԵԼ. Լավ, քիչ խառնիր արյունդ: Մի կերպ ռեխը կկապենք, կգնա:

ԱՆԴՐԵԱՍ. Իհարկե, պետք է ռեխը կապել: Ես խոմ չեմ կարող նրա հետ դատարան գնալ: Կգցի ինձ մի թոկից փախած ադվակատի ձեռք, արի ու ազատվիր...

ՎԱՐԴԱՆ. (Ներս է մտնում նախասենյակից: Հագած է սև արխալուղ, դեղնագույն պիջակ արխալուղից կարն, մեջքին արծաթյա գոտի: Խոսում է շատ անփույթ, Շամախու բարբառով) Ան Արտաշեսը եկալ ա, ուզում ա քեզ տեսնի:

ԱՆԴՐԵԱՍ. Խնդրի՛ր: (Վարդանը հետ է գնում) Սաղաթել, դու անցկաց գրասենյակ, հետո կգաս:

ՍԱՂԱԹԵԼ. (Գնում է գրասենյակ, դռները ծածկելով):

ԱՆԴՐԵԱՍ. (Նստում է իր բազկաթոռի վրա, ուշքը ժողովելով և դեմքին սիրալիր արտահայտություն տալով):

ՏեՍԻԼ 7.

ԱՆԴՐԵԱՍ, ՕԹԱՐՅԱՆ, հետո ԲԱԳՐԱՏ, ավելի ուշ` ՍԱՂԱԹԵԼ

ՕԹԱՐՅԱՆ. (Ներս է մտնում նախասենյակից, հանդարտ և` քաղաքավարի գլուխ է տալիս):

ԱՆԴՐԵԱՍ. (Սիրալիր) Բարով, որդի: Այդ ի՞նչ է, դու մեզ մոռացե՞լ ես:

ՕԹԱՐՅԱՆ. (Սեղմելով Անդրեասի ձեռը) Երեկ ձեր տանն էի:

ԱՆԴՐԵԱՍ. Հաա՞, բաս ինձ չեն ասել: Նստի՛ր, այսօր մեզ մոտ ես ճաշում: Մի քիչ խոսենք, հետո կանցնենք այն կողմ: Գործ ճարեցի՞ր:

ՕԹԱՐՅԱՆ. (Նստում է Անդրեասի գրասեղանի քով, երեսը դեպի հասարակություն) Այո, մի քանի մասնավոր դասեր:

ԲԱԳՐԱՏ. (Գալիս է ձախ դռներից երկայն կոշիկներով և նավթի բծերով ծածկված պիջակով: Նկատելով Օթարյանին, թեթև ցնցվում է, սառը գլուխ է տալիս, նստում է ձախ գրասեղանի քով և անմիջապես սկսում է գործով գբաղվելչափում է կարկինով, գծագրում: Միևնույն ժամանակ ուշադիր է դեպի խոսակցաթյսւնը):

ԱՆԴՐԵԱՍ. Դասե՜ր: Այնքան ուսում ստանալուց հետո վարժապետությո՞ւն ես անում:

ՕԹԱՐՅԱՆ. Ի՞նչ արած, պարոն Անդրեաս, առայժմ ստիպված եմ:

ԱՆԴՐԵԱՍ. Բայց դրանով փոր չի կշտանալ, որդի, արի քեզ համար մի տեղ սարքենք մեր գործերում: Հը՞մ, ի՞նչ կասես Բագրատ, երևի, քո գործարանում մի պաշտոն կլինի: Իհարկե, հարմար պաշտոն...

ԲԱԳՐԱՏ. (Կտրուկ) Իմ գործարանը դեռ շուտ պատրաստ չի լինիլ:

ՕԹԱՐՅԱՆ. Շնորհակալ եմ, պարոն Անդրեաս, ես ծառայելու միտք չունիմ:

ԱՆԴՐԵԱՍ. Ամո՞թ ես համարում:

ՕԹԱՐՅԱՆ. Ոչ, կարծում եմ, որ կարիք չեմ ունենալ ծառայելոկ իսկ եթե ունենամ էլ, համենայն դեպս, ձեր որդուն չեմ ծառայիլ:

ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ:

ԲԱԳՐԱՏ. (Կծու եղանակով, գործը չընդհատելով) Իդեալիստի ճերմակ փետուրները կարող են սևանալ բուրժուայի գործերում:

ՕԹԱՐՅԱՆ. (Զսպված) Միայն այն դեպքում, երբ այդ գործերը մրոտ են:

ԱՆԴՐԵԱՍ. Չեմ հասկանում, ինչո՞ւ եք այդպես գրգռված խոսում երկու ընկեր:

ԲԱԳՐԱՏ. (Հեգնորեն) Ընկեր, հը՜, ընկեր: Ոչ հայրիկ, մեր մեջ ընկերական ոչինչ չկա:

ԱՆԴՐԵԱՍ. (Հանդիմանությամբ) Բագրա՜տ:

ԲԱԳՐԱՏ. (Մատիտն ու կարկինը ձգելով սեղանի վրա) Հայրիկ, ես կարծում եմ, որ ժամանակն է մեր հաշիվներն այդ պարոնի հետ պարզելու: Նա ինչ-որ պահանջներ ունի քեզանից:

ԱՆԴՐԵԱՍ. (Խիստ) Այդ քո գործը չէ: Դու բանիդ կաց:

ԲԱԳՐԱՏ. (Վեր կենալով) Ներիր, հայրիկ, ես չեմ կարող սառը վերաբերվել դեպի մի մարդ, որ ուզում է մեր անունը խայտառակել: Այն էլ մի այնպիսի մարդ, որ դեռ չի դուրս եկել մեր փողերով գնված հագստից:

ՕԹԱՐՅԱՆ. (Հուզված վեր է կենում, բայց իսկույն ևեթ գսպում է իրան) Պարոն Անդրեաս, զսպեցեք ձեր որդուն: Ես չեմ կարող նրա հետ վեճի բռնվել այստեղ:

ԲԱԳՐԱՏ. Իսկ ես թույլ եմ տալիս ինձ պահանջել ձեզանից բացատրություն: Հայրիկը կարող է ձեզ հետ վարվել ինչպես կամենում է, իսկ մեր մեջ պետք է ամեն բան պարզվի հենց այժմ:

ԱՆԴՐԵԱՍ. (Գրգռված) Ասացի, որ այդ քո գործը չէ, մի խառնվիր:

ԲԱԳՐԱՏ. Բայց, հայրիկ, իմ ինքնասիրությունը վիրավորված է: Ուստի թույլ տուր նրան մի քանի հարցեր առաջարկել: (Դառնում է Օթարյանին) Ես կկամենայի իմանալ, դուք բավարարվա՞ծ եք մեզանից, թե՞ ոչ:

ՕԹԱՐՅԱՆ. (Զսպված) Այո՛:

ԲԱԳՐԱՏ. Ո՞վ է ձեզ խնամել և բարձր ուսում տվել:

ՕԹԱՐՅԱՆ. (Զսպված) Ձեր հայրը:

ԲԱԳՐԱՏ. Ո՞վ է տարիներ շարունակ պահպանել և կերակրել ձեր մորն ու քույրերին:

ՕԹԱՐՅԱՆ. Ձեր հայրը:

ԲԱԳՐԱՏ. Եվ այդ բոլորը խոստովանելուց հետո հանդգնում եք լինել երախտամո՞ռ: Եվ այդ բոլորից հետո, դու, հայրիկ, պահանջում ես, որ ես սա՞ռը վերաբերվեմ այդ մարդուն:

ԱՆԴՐԵԱՍ. Ես ասում եմ, որ այդ քո գործը չէ: Դու ոչինչ չես հասկանում:

ՕԹԱՐՅԱՆ. (Բագրատին) Լսեցե՛ք, պարոն, ձեզ հետ ես այսօր մտադիր չէի հաշվի նստելու, բայց, որովհետև ստիպում եք, կխոսեմ: Այո, ես Էլիզբարյանների խնամքով մեծացած մարդ եմ: Դուք ինը տարի պահել ու պահպանել եք ինձ, մորս ու քույրերիս: Բայց ինչպեսայդ միայն ինձ է հայտնի: Այն, ինչ որ ես եմ զգացել տարիների ընթացքում, չէի ցանկանալ զգալ ոչ մի ինքնասեր մարդու: Դուք ձեր ամեն մի կոպեկի մեջ թույն եք սրսկել և այնպես տվել ինձ...

ԱՆԴՐԵԱՍ. Պարտական մնամ, եթե արած լավություններս գոնե մի անգամ էլ երեսովդ տված լինիմ:

ՕԹԱՐՅԱՆ. Բայց մի՞թե պիտի խոսեիք, որ ես զգայի իմ ողորմելի դրությունը: Այո, իմ վերաբերմամբ դուք արտաքուստ քաղաքավարի եք եղել: Բայց այն, ինչ որ խոսքերով չեք արտահայտել, արտահայտել եք ձևերով, աչք¬ունքով, շարժումներով: Դուք ինձ ստորացրել եք իմ աչքում ամեն անգամ, խայթել եք իմ ինքնասիրությունը լուռ, ինչպես, ներեցեք ասել, մի կարիճ...

ԲԱԳՐԱՏ. (Հեգնորեն) Զարմանալի է, որ տարիներ շարունակ լռել եք և նոր եք միայն ձայն բարձրացնում:

ՕԹԱՐՅԱՆ. Ախ, լռել եմ, որովհետև խնայում էի մորս ու քույրերիս: Գիտեի, որ եթե ձայն բարձրացնեմ, պիտի զրկեք նրանց մի կտոր հացից: Ես մտածում էի այսպես. «Կքաշեմ մի կերպ այս վիրավորանքը և մի օր, բոլոր պարտքերս վճարելով Էլիզբարյաններին, կթեթևանամ հոգով»: Մայրս էլ է լռել: Բայց հարցրեք, ի՜նչ լռություն է եղել այդ: (Անդրեսաի կողմ) Ամսական քսանուհինգ ռուբլի տալով քսանուհինգ անգամ նախատել եք նրան: «Շատ ես ծախսում, ապրիր ներքնահարկում, կար արա ուրիշների համար, լվացք արա, թող աղջկերքդ աղախին մտնեն...»:

ԱՆԴՐԵԱՍ. (Անհամբեր) Տեր մեղա քեզ աստված:

ՕԹԱՐՅԱՆ. Իսկ մի օր այնքան անգութ եք եղել, որ առաջարկել եք նրան աղքատանոց մտնել: Ձեր խոսքերն ասեղների պես խոթվել են խեղճ կնոջ սիրտը: Քույրերս այսօր էլ առանց արտասուքի չեն կարողանում հիշել այդ օրը: Եվ ինչո՞ւ, ո՞վ է եղել իմ մայրը: Չէ՞ որ ձեր հավասար ընկերոջ այրին: Մի կին, որ նույնչափ հարուստ է, որչափ դուք: Երբ նա արտասուքը աչքերին պատմում էր իր կրած վշտերը, արյունս պաղեց երակներիս մեջ: Ես անզորությունից սկսեցի մազերս փետտել, մատներս կրծոտել: Ես վրիժառության միջոցներ էի փնտրում, չէի գտնում: Եվ ահա այդ ժամանակ հենց մայրս ինքը հասավ ինձ օգնության...

ԱՆԴՐԵԱՍ. Եվ ասաց, որ ես կողոպտել եմ քո հորը, հա՛, հա՛, հա՛:

ԲԱԳՐԱՏ. Եվ զրպարտեց իր բարերարին սև ապերախտությամբ:

ՕԹԱՐՅԱՆ. (Ուշք չդարձնելով Բագրատի կողմ) Այո, պարոն: Նա հաղորդեց ինձ իմ հոր վերջին խոսքերը. «Ես մեռնում եմ աղքատության մեջ, ինձ կողոպտեց ընկերս: Ահա քեզ այս թղթերը, կհանձնես որդուս, երբ ուսումը կավարտի»:

ԱՆԴՐԵԱՍ. (Ցնցվելով) Թղթե՜ր, ի՞նչ թղթեր:

ՕԹԱՐՅԱՆ. Մի քանի ընկերական պայմանագրեր, որոնք պիտի ապացուցանեն, թե ձեր հարստության կեսն ինձ է պատկանում: Դուք օգտվելով իմ հոր ծանր և երկարատև հիվանդությունից, խաբել եք նրան օր-օրի վրա և ձեր անունով վերածել բոլորը, ինչ որ եղել է ընկերական:

Следующая страница
Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 Следующая Конец