Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ունե՞ր իրավունք

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 Следующая Конец

ՈՒՆԵ՞Ր ԻՐԱՎՈՒՆՔ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ԱՆՏՈՆ ԲԵԳՄՈՒՐՅԱՆ, հարուստ կալվածատեր և զանազան առևտրական ընկերությունների անդամ, 43 տարեկան:

ՀԵՐՍԻԼԵ, նրա ամուսինը: 2425 տարեկան առողջ, գեղեցիկ կին: Հագնվում է ճաշակով և շքեղ:

ԱՈԼՈՄՈՆ ՍՈԻՐԱԹՅԱՆ, Հերսիլեի հայրը. 52 տարեկան,

ՆԱՏԱԼԻԱ, նրա կինը: 46 տարեկան:

ԱՆՆԱ ԱԼԻՄԲԱՐՅԱՆ, Հերսիլեի ընկերուհին և հասակակիցը,

ՌՈՒԲԵՆ ԱԼԻՄԲԱՐՅԱՆ, Աննայի ամուսինը, 30 տարեկան,

ԻԼԻԱ ՄԱՐՏԻՆԻՉ ՄԱՐՄԱՐՅԱՆ, Անտոն Բեգմուրյանի մոտիկ ազգականն ու մտերիմ բարեկամը, 44 տարեկան:

ՍՈԻՐԵՆ ՖՐԱՆԳՈԻԼՅԱՆ, Անտոն Բեգմուրյանի քեռորդին գործերի կառավարիչը, 29 տարեկան:

ՎԱՐՎԱՌԵ, նրա ամուսինը, 26 տարեկան,

ՍԱՄՍՈՆ, Բեգմուրյանների սպասավորը,

ՎԻՐԺԻՆԵ, նրանց աղախնիը:

ԱԼԵՔՈ, նրանց ամառանոցի պահապանը:

ՀՅՈՒՐԵՐ, Առաջին և երկրորդ գործողությունները կատարվում են Բեգմուրյանի ամառանոցում, իսկ երրորդն տւ երրորդը նրանց քաղաքային բնակարանում:

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Գեղեցիկ ամառանոցային պարտեզ: Կենտրոնում երկու միմյանց կից բուսած ծառեր խիտ տերևներով: Նրանց ստվերի տակ թեյի սեղան սպիտակ սփռոցով ծածկված, շուրջը եղեգնյա աթոռներ: Խորքի ամբողջ երկայնությամբ երկաթե ցանկապատ, որի մեջտեղում դռներ՝ կանաչ ներկած: Դեպի աջ օրրան (համակ), որի վրա մի բարձ և մի անկազմ գիրք; Ցանկապատից դեն վաղոց, հետո թփերով ծածկված բլուր, հետո միմյանցից բարձր լեռների շարք: Շատ հեռվում մի ձյունագագաթ լեռն, ընդհանրապես վեհ և գեղեցիկ կովկասյան պեյզաժ:

Բեմի աջ կողմը ներկայացնում է պարտեզի շարունակությունը: Այստեղ, ավանսցենայի մոտ դեղնագույն նստարան երկու հոգու համար:

Բեմի ձախ կողմը ներկայացնում է ամառանոցի շինությունը: Գետնից մի քանի աստիհան բարձրությամբ բոլորաձև պատշգամբ, սքողված կանաչ պատատուկով: Դեպի պատշգամբ նայում է շինության ճակատըերկու դռներ, մեկը մեջտեղում լայն, կամարաձև, մյուսն ավելի խորըփոքր: Առաջին դռների աջ ու ձախ կողմերում՝ լուսամուտներ:

Պարտեզում ամենուրեք ծաղիկներ ու տրոպիկական բույսեր: Օգոստոսյան կեսօր է: Արեգակի շողերը տեղ-տեղ խաղում են կարմիր աղյուսի փոշով ծածկված գետնի վրա, իսկ ընդհանրապես ծառերի խիտ կանաչը տարածում է թանձր ստվեր:

ՏԵՍԻԼ 1

ՎԻՐԺԻՆԵ, ԱԼԵՔՈ, հետո ՄԱՐՄԱՐՅԱՆ

Վարագույրը բարձրանալիս Ալեքոն ցնցուղով ջրում է աջ կողմի ծաղիկները, ցածր ձայնով երգելով մի ժողովրրդական երգ: Ձախ կողմից պատշգամբից իջնում է Վիրժինեն ձեռքին մի մեծ արծաթյա մատուցարան, վրեն սուրճի դատարկ գավաթներ, կարագ, խաշած ձվեր և այլն: Սկսում է դարսել սեղանի վրա: Փոքր ժամանակ երկուսն էլ գբւաղված են իրանց գործով:

ՎԻՐԺԻՆԵ. Երգիր, երգիր, էն ա բլբուլները հավաքվել են ծառի վրա ու քեզ են ականջ դնում: (Լռում է) Դե լավ, զահլ մի տանիր, էն աստվածը...

ԱԼԵՔՈ. Յանի յա, քե՞ հինչ, աղջի...

ՎԻՐԺԻՆԵ. Գլուխ ես ցավացնում:

ԱԼԵՔՈ. Յանի յա, խի՞, քի հմա եմ երգո՞ւմ:

ՎԻՐԺԻՆԵ. Բաս չոլերի համար:

ԱԼԵՔՈ. (Հպարտ) Խանըմի հմա:

ՎԻՐԺԻՆԵ. Էն աստվածը... (փռթկալով ծիծաղում է):

ԱԼԵՔՈ. Իա... յանի յա, խի՞ ես ծիծաղում, խանըմը սիրիմ ա: Էն օրն էլ երգում էի գլուխս քաշ, մին էլ տենամ բալխոնի վրա կայնած մտիկ ա անըմ: Էն ա ուզում էի չվանս հավաքեմ, ամա ասաց. «Երգի, երգի, Ալեքո, լավ ես եգում»: Ես էլ երգեցի, կես մանեթ բաշխեց: (Շարունակում է երգել): Ցանկապատի հետևում երևում է Մարմարյանը: Միջահասակ, գեղեցկադեմ, բարի աչքերով տղամարդ է, որի դեմքը կրում է շվայտ անցյալի հետք: Կաթվածից նրա աջ թևն ու աջ ոտը թուլացել են: Քայլում է թեև ձեոնափայտի օգնությամբ, բայց ժիր:

ՎԻՐԺԻՆԵ. Դե լավ, ձայնդ կտրիր, մարդ է գալիս:

ԱԼԵՔՈ. (Գլուխը բարձրացնելով) Աղա չոլախն է, չվաններս հվաքենք: (Երգելով կամաց-կամաց հեռանամ է դեպի աջ և աներևույթանում):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Դռների մոտից նայելով Ալեքոյի հետևից): Էվալլա, Բայազեթի տենոր, ձայնդ անսպառ: (Առաջ է գալիս): Վիրժինե, շուտ ինձ համար բեր սառը կաթ և գելթերյաւն ջուր:

ՎԻՐԺԻՆԵ. Աչքիս վրա, Իլիա Մարտինիչ:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ձերոնք ի՞նչ են անում: (Նստում է սեղանի քով փայտը ձեռին, գլխարկր գլխին):

ՎԻՐԺԻՆԵ. էն ա աղան գալիս է: (Գնում է դեպի ձախ պատշգամբի փոքր դռներով):

Մեծ դոներից դուրս է գալիս Անտոն Բեգմուրյանը: Նա հագած է սև սյուրտուկ, օձիքը ծալած շապիկ, բարակ սև փողկապ: Ձեռում պահած է մի քանի լրագիրներ և հաշվեթղթեր; Նրա հետևից անմիջապես դուրս է գալիս Սուրեն Ֆրանգուլյանը: Դա առողջ, եռանդուն դեմքով երիտասարդ է, որի կերպարանքն արտահայտում է գործնական մարդու ոգի: Հագած է հասարակ պիջակ և երկայն կոշիկներ:

ՏԵՍԻԼ 2

ԱՆՏՈՆ, ՍՈԻՐԵՆ և ՄԱՐՄԱՐՅԱՆ

ԱՆՏՈՆ. (Դռների միջից) Այս անգամ խնդիրդ անտեղի եմ համարում (իջնում է պարտեզ): Այո, Սուրեն, այդ ինձ դուր չի գալիս: (Բարևում է Մարմարյանին բարեկամական անփութությամբ և նստում սեղանի քով, թղթերն ու լրագրերը դնելով սեղանի վրա):

ՍՈԻՐԵՆ. (Համարձակ և կտրուկ) Ներիր, քեռի, ես քեզանից ողորմություն չեմ խնդրում, այլ իմ ծառայության իսկական վարձը: (Հարգանքով ձեռ է տալիս Մարմարյանին և կանգնում սեղանի քով):

Վիրժինեն բերում է սառը կաթ, սիֆոն, և, մի դատարկ բաժակի հետ դնելով Մարմարյանի առջև, հետ է գնում:

ԱՆՏՈՆ. (Տաքանալով) Շատ ծանր է ծառայությունդ այ: Կան կառավարիչներ, որոնք քեզանից երկու անգամ ավելի են ծառայում և երկու անգամ պակաս ստանում: (Սկսում է նախաճաշ անել):

ՍՈԻՐԵՆ. Եթե ես մենակ լինեի ամսական հարյուր ռուբլին էլ ինձ համար շատ էր:

ԱՆՏՈՆ. Աա՜, հինգ երեխա ունես չէ: Ես էլ հենց այդ էի ուզում լսել: Քսանուինը տարեկան հասակումհինգ երեխա: Ասա խնդրեմ, ո՞վ է մեղավոր, որ դու թեթևամիտ ես:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Բաժակը կիսով չափ լցրել է կաթով. Սուրենին)

Երիտասարդ պարոն, բարի եղեք այդ սիֆոնը սեղմելու:

ՍՈԻՐԵՆ. (Սեղմելով սիֆոնը, լցնում է Մարմարյանի բաժակը): Չէի կարծում, որ երեխաներ ունենալը թեթևամտության նշան է:

ՄԱՐՄԱՐՅԱՆ, էվալլա, կեցցեն ուրեմն ինձ նման ամուրիները:

ԱՆՏՈՆ. Քեզպեսների համար, իհարկե թեթևամտություն է. քսանումեկ տարեկան չկայիր, գնացիր պսակվեցիր, այն էլ մի աղքատ աղջկա հետ: Ի՞նչ ես կարծում, խելքը գլխին մարդը պարտավոր չէ առաջ իրեն նյութապես ապահովել, հետո ամուսնանալ:

ՍՈԻՐԵՆ. (Հագիվ զսպված հեգնությամբ): Իսկ ի՞նչ կհրամայեիր անել խելքը զլխին մարդուն մինչև ամուսնությունը:

ԱՆՏՈՆ. Այն, ինչ որ անում են ամենքը:

ՍՈԻՐԵՆ. Ներիր, քեռի, ես չէի ուզում առողջությունս վտանգի ենթարկել:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Նայելով Սուրենին ցածից վեր ծուռ հայացքով) Ինչպե՞ս ես:

ՍՈԻՐԵՆ. Ներեցեք, իմ խոսքը միայն ֆիզիկական առողջության մասին չէ:

ԱՆՏՈՆ. (Բարկանալով) Սուրեն, գու շատ ես խելքիդ զոռ տալիս: Իմ կարծիքով, այն մարդիկ են իրենց բարոյականությունը վտանգի ենթարկում, որոնք կճեպից դուրս չեկած աշխատում են ճտեր լույս գցել:

ՍՈԻՐԵՆ. (Գունատվելով, սակայն զսպելով իրեն) Քեռի, ես ժամանակ չունիմ վիճելու, պետք է իսկույն վերադառնամ քաղաք: Հրամայիր, ինչ որ ունիս հրամայելու:

ԱՆՏՈՆ. (Զսպելով իրեն) Գնա, ես արդեն բոլոր պատվերներս տվել եմ:

ՍՈԻՐԵՆ. Ցտեսություն: (Գլուխ է տալիս ու գնում):

ԱՆՏՈՆ. Սպասիր: (Սուրենը հետ է նայում): Հիշեցրու կնոջդ, որ առաջիկա կիրակի իմ ամուսնության տարեդարձն է: Միասին եկեք, առավոտից:

ՍՈԻՐԵՆ. Շնորհակալ եմ: (Գնում է եռանդուն քայլերով ցանկապատի դռներով):

ՏԵՍԻԼ 3

ԱՆՏՈՆ ՄԱՐՄԱՐՅԱՆ, հետո ՀԵՐՍԻԼԵ

ԱՆՏՈՆ. (Վերցնելով սեղանի վրայից մի լրացիր) Մարդու արյունն են տակնուվրա անում այս ազգականները:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Խորհրդավոր) Իրենց դառն ճշմարտությամբ:

ԱՆՏՈՆ. Եվ դու համաձա՞յն ես նրա հետ:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Կկամենայի չհամաձայնվել (հառաչելով), բայց փաստը շատ ակնհայտ է: (Ցույց է տալիս իր կաթվածահար կողմը):

ԱՆՏՈՆ. Ո՞վ է մեղավոր, որ դու զգույշ չէիր:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Դառն հեգնությամբ) Իսկ դու զգույշ էիր իհարկե: Բայց մի մոռանար, բարեկամս, որ այդ երիտասարդի խոսքը միայն ֆիզիկական առողջության մասին չէր, այլև բարոյական: Եվ ես այժմ դժվարանում եմ վճռելով է մեր երկուսից ավելի անբարոյական՝ դո՞ւ թե ե՞ս...

ԱՆՏՈՆ. (Զբաղվում է հաշիվներով) Իհարկե ես, որովհետև կամեցա վերջապես երջանիկ լինել...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ծաղրիր, բայց քո բերանով խոսեց ինքր ճշմարտութչունը: Բեմի հետևից լսվում է դաշնամուրի ձայն: Նվագվում է ինչ-որ փոթորկալի եղանակ: Ահ, լսիր, դարձյալ միևնույն եղանակը: Լսո՞ւմ ես, այդ փոթորկալի հնչյունների մեջ ես զգում եմ ինչ-որ դառն բողոք: Բողոք մաքուր, երիտասարդ հոգու կեղտի և ապիկարության դեմ...

ԱՆՏՈՆ. (Հաշիվները դնելով սեղանի վրա, նայում է նրան սուր հայացքով) Ինչպես տեսնում եմ, սրտիդ վերքը դեռ չի բուժվել:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ահ, հերիք է, աստված սիրես, վերքը վաղուց է

մոռացված: Այո, ես էի ուզում քո օրն ընկնել, բայց կաթվածն ինձ ազատեց: Ես այնքան հիմար էի, որ երևակայում էի, թե աշունը կարող է գարնան հետ միանալ և կազմել ներդաշնակություն: Հավանում էի Հերսիլեին, այո, այս քեզ հայտնի է: Բայց ինքը բնությունը սանձահարեց իմ հանդուզն փափագըամուսնանալ նրա հետ: Եվ ես այժմ շատ ուրախ եմ իմ դրությանը: Դաշնամուրի նվագումն ընդհատվում է: Ահ. ընդհատվեց... Փույթ չէ, վաղը նորից նույնը կնվագի:

ԱՆՏՈՆ. Ուրեմն, քո կարծիքով, ես երջանիկ ամուսին չե՞մ:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ոչ, և երբեք չես կարող երջանիկ ամուսին լիներ: Հերիք է, Անտոն, ինչքան կույր եղար, բաց արա աչքերդ և տես ինչ անդունդ կա քո և նրա մեջ: Ով էիր դու, որ ամուսնացար, քառասունին մոտեցող մի թերմաշ, որի կյանքի սերն արդեն հավաքվել էր, թթու թանն էր մնացել, իսկ նա տասնութ տարեկան երեխա էր: էվալլա, դու կին չէիր ուզում, այլ զարդ, որով կարողանայիր պարծենալ ուրիշների մոտ:

ԱՆՏՈՆ. (Աշխատելով հեգնել) Կեցցես, երևելի հոգեբան ես: Բավական է, եթե ես թույլ եմ տալիս քեզ ինձ հետ համարձակ խոսելու, այս դեռ չի նշանակում, թե դու իմ համբերությունը պիտի հարստահարես քո հիմար դատողություններով:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ներիր, ես հափշտակվեցի: Այդ երիտասարդի խոսքերը տակնուվրա արին իմ մտքերը: Լռենք, ահա գալի ս է նա...

ՀԵՐՍԻԼԵ. (Դուրս է գալիս ձախ կողմի աոաջին դռներից, նա մատների ծայրերով բռնած է մի թիթեռնիկ, որին նայում է ուշադիր):

Անտոնը տեսնելով Հերսիլեին զվարթանում է, Մարմարյանը տեղից բարձրանալով, գլուխ է տալիս ու նորից նստում, գլխարկը դնելով քովի դատարկ աթոոի վրա.

ՀԵՐՍԻԼԵ. Բարով, Իլիա Մարտինիչ, (Մոտենում է) Նայեցեք, ի՞նչ սիրուն թիթեռնիկ է, ի՞նչ քնքուշ գլխիկ ունի, ի՞նչ տարօրինակ թևեր՝ մեկը սև, մյուսը սպիտակ, բնության կապրիզներից մեկը: (Դառնում է Անտոնին): Առհասարակ ես թիթեռնիկներ չեմ սիրում, բայց այս մեկին բռնեցի: Նա թռչկոտում էր լուսամուտիս վրա, դիպչելով ապակիներին: Իսկ ես նրան զրկեցի ազատությունից:

ԱՆՏՈՆ. Լավ բան չես արել:

ՀԵՐՍԻԼԵ. Այո՞, զրկելով նրան ազատությունից: (Թախծալի ժպտումէ): Ճիշտ ես ասում: Իսկույն: (Մոտենում է ծառերին և թիթեռնիկը բաց թողնում նրանց հետևում) Գնա, բախտավոր արարած, մի օր ապրիր, բայց ազատ ապրիր:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Ամբողջ ժամանակ թաքուն դիտում է նրան և մերթընդմերթ Անտոնին) Արծիվը թևավորվում է...

Իսկ ի՞նչ են անում իմ թիթեռնիկները, Հերսիլե:

ՀԵՐՍԻԼԵ. (Վայրկենաբար տխրելով) 0խ, մի հարցնիր. Այսօր նրանք ուղղակի անտանելի են: Մեկին հանգստացնում եմ, մյուսն է լալիս...

(Վիրժինեն բերում է սրճամանը, դնում Հերսիլեի առջև և գնում):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Հետո երրորդը, և այն ժամանակ սկսվում է սքանչելի տրիոն: էվալլա, իսկ իմ սալոնում տիրում է պոետիկական անդորություն:

ՀԵՐՍԻԼԵ. Ախ, Իլիա Մարտինիչ, երբեմն ես նախանձում եմ այն մարդկանց, որոնք ընտանեկան հոգսերից ազատ են:

ԱՆՏՈՆ. Դու այնպես ես ասում «ընտանեկան հոգսեր», որ կարծես շատ ես ծանրաբեռնված նրանցով: Փառք աստծու, Իլիան տան մարդ է, տեսնում է ինչպես եմ քեզ պահո ւմ:

ՀԵՐՍԻԼԵ. Այո, Իլիա Մարտինիչին ամեն բան հայտնի է

(Մարմարյանն ու Անտոնը հայացքներ են փոխանակում):

(Դնելով ամուսնու առջև մի գավաթ սուրճ) Իլիա Մարտինիչ, գուցե այսօր բացառություն անեք և մի գավաթ սուրճ խմեք:

ՄԱՐՄԱՐՅԱՆ Եթե ուզում եք ինձ պատժելուրախությամբ կխմեմ:

ՀԵՐՍԻԼԵ. Ուրեմն, արգելված է անպայման: (Ածում է իր համար մի գավաթ սուրճ):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Անպայման և ամեն խմիչք, բացի կաթից:

ՀԵՐՍԻԼԵ, Ես կարծում եմ, այդ շատ ձանձրաւի պիտի լինի ղամարդու համար:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Այո, մանավանդ ինձ համար, ես մի ժամանակ շատ էի սիրում սև սուրճը և հաճախ խմում էի սառցրած շամպայնի հետ անանսով:

ՀԵՐՄԻԼԵ. Սուրճը շամպայնի հե՞տաոաջին անգամն եմ լսում: Պետք է փորձել:

ԱՆՏՈՆ (Զբաղված հաշվեթղթերով) Այդ շատ վնասակար խմիչք է:

ՀԵՐՍԻԼԵ. Դու ամեն բան վնասակար ես համարում, սուրճն առանց կաթի, ծխելը, գիշերներն ուշ քնելը, ընթրելը:

ԱՆՏՈՆ. Այդ բոլորից ես վաղուց եմ կշտացել:

ՀԵՐՍԻԼԵ. (Հեգնորեն ծիծաղելով) Կշտացել ես

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Անտոնը մի փոքր զրպարտեց նրան: Մեր ընկերական շրջանում նա հայտնի է եղել իր չափավորությամբ և ժուժկալությամբ:

ՀԵՐՍԻԼԵ. Այո՛, և ճաշակով, չէ:

ԱՆՏՈՆ. (Հաշվելով) Երկու հարյուր հիսուն և յոթանասուներեք հարյուր քսան ռուբլի, միայն պատերի պաստառների համար թանկ է:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ես օրից օր ավելի ու ավելի համոզվում եմ, որ Անտոնի ճաշակը մրցակից չունի:

ՀԵՐՍԻԼԵ. Ախ, հին կավալեր, դարձյալ կոմպլիմաններ….

ԱՆՏՈՆ. Յոթ Հարյուր ռուբլի ներկարարին, տնաքանդություն է...

ՀԵՐՍԻԼԵ. (Դժկամակ) Թող այդ հաշիվները գոնե մի կես ժամ:

(Մարմարյանին) Առավոտից սկսած մի գլուխ այդ հաշիվներով է զբաղված:

ԱՆՏՈՆ. Եթե ես իմ հաշիվներով չզբաղվեի, դու էլ առավոտից ինձ չէիր ձանձրացնի քո դաշնամուրի զնգզնգոցով: Ուրեմն քվիթ ենք

ՀԵՐՍԻԼԵ. Ուրախությամբ կազատեի քեզ իմ դաշնամուրից, եթե իրավունք տայիր: Ի՞նչ անեմ, որ համառում ես

ԱՆՏՈՆ. Ա՜ա, դարձյալ հին երգը նոր եղանակով: Հերսիլե, դուրս բեր գլխիցդ այդ ցնորքը: Դու երբեք երաժշտուհի չես կարոդ դառնալ: Ականջ մի դնիր ուրիշների խոսքին: Նրանք քեզ շողոքորթում են:

ՀԵՐՍԻԼԵ. Ես ուրիշներին չեմ լսում, այլ իմ հոգու ձայնին:

ԱՆՏՈՆ. (Հեգնությամբ): Եվ այդ ձայնն ասում է, որ դու տաղանդ ես:

ՀԵՐՍԻԼԵ. Չգիտեմ: Զգում եմ միայն, որ եթե չշարունակեմ իմ կրթությունը, միշտ պիտի դժբախտ լինեմ...

ԱՆՏՈՆ. (Մի քանի վայրկյան լռելուց հետո, հաշիվները հեռացնում է իրենից) Հերսիլե, լսիր ինձ, թող լսի և մեր բարեկամը: Դու խելոք կին ես, կարող ես սառն դատել: Դիցուք թե ես քեզ մի քանի տարի ազատություն տվեցի, և դու դարձար տաղանդավոր դաշնակահար, թեկուզ համաշխարհային աստղ, որի մասին ավելի քան կասկածում եմ: Իսկ ես ո՞ւր գնամ, ես ի՞նչ անեմ: Պիտի վերցնեմ նոտաներիդ կապո՞ցը հետևից ընկած թափառեմ քաղաքից քաղաք իբրև արտիստուհու ամուսի՞ն: Պիտի ծաղրի ու ծիծաղի առարակա դառնում իբրև մի կնոջ պոչ: Ոչ, Հերսիլե, ինչ ուզում ես պահանջիր ինձանից, միայն ոչ այդ, որովհետև ես հարգում եմ անձնասիրությունը, ինքնուրույնաւթյունն ու անկախությունը:

ՀԵՐՍԻԼԵ (Ոտքի է կանգնել) Իսկ ես ի՞նչ եմ քո կարծիքով: Ինքնասիրությունից և ինքնուրույնությունից զուրկ մի ողորմելի Էակ:

ԱՆՏՈՆ. Դու կին ես:

ՀԵՍԻԼԵ. Այսինքն, քո կարծիքով, ոչ առանձին մի անհատ, ոչ մի ամբողջություն իր սեփական ձգտումներով ու զաղափարներով:

ԱՆՏՈՆ. Ես քեզ հարյուր անգամ ասել եմ և կրկնում եմ, որ կինը ծնված է միայն ամուսին և մայր լինելու համար: Ուրիշ կոչում կնոջ համար ես չեմ ընդունում:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Ոտքի է կանգնել և հեռվից լսում է, հանդիմանորեն) Անտոն...

ԱՆՏՈՆ. (Գրգռված) Ի՞նչ ես կամենում...

ՄԱՐՄԱՐՅԱՆ, Ոչինչ, հետո կասեմ...

ՀԵՐՍԻԼԵ. Որքան, ուրեմն ստոր է քո գաղափարը կնոջ մասին: (Հագված անցնում է ցանկապատի կողմ և նայում հեռավոր լեռներին:

ԱՆՏՈՆ. (Զայրանալով|) Ստոր... Հերսիլե, մի հափշտակվիր մոդային գաղափարներով, նրանք պերճախոս են միայն տեսականապես, իսկ գործնական կյանքի համար փուչ են: Կնոջ համար չի կարող լինել ավելի վեհ, ավելի սուրբ կոչում, քան այն, ինչ որ սահմանված է բնությունից: Դուրս բեր գլխիցդ ցնորքները:

ՀԵՐՍԻԼԵ. Այդ դուք, տղամարդիկդ եք, որ ցնորք եք համարում կնոջ ինքնուրույնությունը: Դուք եք նրան ստորացրել մինչև այդ աստիճան; Կինը նույնպես անհատ է... (Ցանկապատի հետևում երևում է Աննա Ալիմբարյանը):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ո՞վ որ գալիս է:

ՏԵՍԻԼ 4

ՆՈԻՅՆՔ և ԱՆՆԱ

ԱՆՆԱ. (Թուխթուխ դեմքով կին է, պարզ, բայց ճաշակով հագնված, ձևերն ու շարժումները ազատ են, համարձակ, սակայն ոչ զերծ կանացի քնքշությունից, մեջքին կապած է բարակ գեղեցիկ գոտի, որի վրա քարշ արած է շատ փոքրիկ արծաթյա դաշույն: Հասնելով դռներին, կանգ է առնում, նայում է դեպի ներս) Թույլ տվեք հարցնել՝ ա՞յս է Բեգմուրյանների ամառանոցը:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Այս է:

ՀԵՐՍԻԼԵ. (Չճանաչելով) Ո՞ւմն եք կամենում:

ԱՆՆԱ. (Վազում է ներս) Հերսիլե:

ՀԵՐՍԻԼԵ. (Ճանաչելով) Աննա... Հազիվ ճանաչեցի... (Գրկախառնվում են և համբուրվում):

ԱՆՆԱ, Վերջապես, յոթ տարի չտեսնվելուց հետո:

ՀԵՐՍՍԻԼԵ. (Ուրախ) Այո, յոթ տարի: Այդ որտեղի՞ց, ինչպե՞ս, ե՞րբ: Ահա սյուրպրիզ... Նստիր... Ահ, ներկայացնում եմ, ամուսինս և նրա բարեկամը: Անտոն, ահա սա է իմ ընկերուհի Աննան, որի մասին այնքան խոսել եմ ձեզ հետ: (Անտոնը և Մարմարյանը հարգանքով գլուխ են տալիս Աննային): Ե՞րբ ես եկել:

ԱՆՆԱ. .Երեկ երեկոյան: Այսօր իմացա, որ դու այստեղ ես, շտապեցի գալ քեզ տեսնելու (նստում են):

ՀԵՐՍԻԼԵ. Վերջին ամիսները քեզնից նամակներ չէի ստանում, սաստիկ բարկացած էի վրեդ: Բայց այս մասին հետո, դեռ նախաճաշիր:

ԱՆՆԱ. Շնորհակալ եմ, ես արդեն նախաճաշել եմ մորաքրոջս մոտ:

ՀԵՐՍԻԼԵ. Դու նրա մո՞տ ես իջևանել:

ԱՆՆԱ. Ախ ոչ, ամուսինս չկամեցավ: Մենք իջևանել ենք հյուրանոցում:

ՀԵՐՍԻԼԵ. Դո՞ւ, հյուրանոցո՞ւմ: Իմ ամառանոցը թողած: Այդ աններելի է: Անտոն, հրամայիր Սամսոնին, որ իսկույն գնա և Աննայի իրերը բերի:

ԱՆՏՈՆ. Ուրախությամբ, (Ուզում է գնալ):

ԱՆՆԱ. Ոչ, ոչ, շնորհակալ եմ: Ռուբենը չի համաձայնվիլ, երբեք: Զուր մի անհանգստանաք: (Անտոնը նստում է և. շարունակում հաշիվներով զբաղվել):

ՀԵՐՍԻԼԵ. Ռուբենը, քո ամուսինն և իմ նախկին հարևանը: Քանի տարի է ես նրան չեմ տեսել: Ես համարյա թե երեխա էի, երբ նա հեռացավ Կովկասից: Շնորհավորում եմ, սիրելիս, հուսով եմ, որ երջանիկ ես:

ԱՆՆԱ. Ես նույնպես շնորհավորում եմ, թեև նամակներով հարյուր անգամ իրարու շնորհավորել ենք: (Անտոնին):

Դուք պետք է շատ երջանիկ լինեք, որ ունիք Հերսիլեի պես ամուսին:

ԱՆՏՈՆ. Այո տիկին, ես երջանիկ եմ: (Նստում է և. զբաղվում հաշիվներով):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ասացեք խնդրեմ, տիկին, դուք հանգուցյալ բժիշկ Խորենյանի դուստրը չե՞ք արդյոք:

ԱՆՆԱ. Այո, պարոն, դուք նրան ճանաչո՞ւմ էիք:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ինչպեա չէ, լավ ծանոթներ էինք: Նա շատ ուսումնասեր մարդ էր, գիտեր գրեթե բոլոր եվրոպական լեզուները:

ԱնՆԱ. Այո, նա շատ լուսավոր մարդ էր: նա ինձ ավանղել է անպատճառ բարձրագույն ուսում ստանալ:

ՀԵՐՍԻԼԵ. (Հառաչելով) Եվ քեզ կհաջողվի կատարել նրա ավանդը: Աննա, քեզ ամեն բան կհաջողվի, դու ունիս կամքի ուժ….

ԱՆՏՈՆ. Հինգ հազար երեք հարյուր ռուբլի հյուսների... Սարսափելի է... (Ձգում է հաշիվներն և լրագիր վերցնում: )

ԱՆՆԱ. Գիտես Հերսիլե, ես թողեցի այս տարի մանկավարժական կուրսերը: Այժմ պատրաստվում եմ մտնել Պետերբուրգի կանանց բժշկական ինստիտուտը...

ԱՆՏՈՆ. (Նկատելու չափ հեգնորեն) Կնշանակե՝ դուք ուզում եք լինել ինքնագլուխ, անկախ կին... Էմանսիպասոիոն….( Հերսիլեն նայում է նրան հանդիմանորեն):

ԱՆՆԱ. (Կտրուկ) Չեք սխալվում, պարոն Բեգմուրյան, ես ուզում եմ լինել անկախ, և իմ ամուսինն ինձ չի արգելում:

ԱՆՏՈն. Այդ, իհարկե, գովելի է: Երևի, երեխաներ չունիք

ԱՆՏՈՆ.. Առայժմ ոչ: Եվ եթե լինեն էլ, չեն խանգարի:

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Իսկ ձեր ամուսինն ինչո՞վ է պարապում:

ԱՆՆԱ. Ճարտարապետ է:

ԱՆՏՈՆ. Այդ լավ է, ես կխնդրեմ նրան կազմել իմ մյուս տան պլանը :

ԱՆՆԱ. Նա առայժմ պատվերներ չի ընդունոււմ: Դեռ. կատարելագործվում է յուր արհեստի մեջ:

ԱՆՏՈՆ. (Վերցնելով սեղանի վրայից հաշիվները) Էհ, ինձ ներեցեք, տիկին, մի քանի կարևոր նամակներ պիտի գրեմ: (Գնում է պատշգամբ առաջին դռներով):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Երկու ընկերուհիներ յոթ տարի չտեսնվելուց հետո խոսելու շատ բան կունենան: (Հերսիլեին) Ձեր թույլտվությամբ գնում եմ անտառի կողմի պատշգամբը:

ՀԵՐՍԻԼԵ. Հրամայեցեք Սամսոնին, որ ձեր բազկաթոռն այնտեղ տանի: (Մարմարյանը գլուխ է աալիս և անցնում պատշգամը ի երկրորդ դռներով):

ՏԵՍԻ15

ՀԵՐՍԻԼԵ ն ԱՆՆԱ

Վիրժինեն ներս է մտնում և սկսում սեղանի իրերը ժողովել ու տանել, հետաքրքրված դիտելով Աննային:

ԱՆՆԱ. (Աչքերով ուղեկցել է նախ Անտոնին, ապա Մարմարյանին): Այդ պարոնը ամուսնուդ ազգակա՞նն է:

ՀԵՍԻԼԵ. Մորաքրոջ որդին է:

ԱՆՆԱ. Ողորմելի մարդ է:

ՀԵՐՍԻԼԵ. Այո, նա հիվանդ է:

ԱՆՆԱ. Տեսնում եմ և գիտեմ... Եվ որքան մեզանում շատացել է այդ տեսակ հիվանդների թիվը: Ինչո՞ւ ես ժպտում, այժմ ես կես բժիշկ եմ, գիտեմ շատ հիվանդությունների հանցավոր պատճառը: (Սպասելով, որ Վիրժինեն հեռանա) Հերսիլե (Մոտենում է ու ձեռը բոնում) աչքերիս նայիր: Դու բախտավո՞ր ես:

ՀԵՐՍԻԼԵ. Շփոթված: Ինչո՞ւ համար ես հարցնում:

ԱՆՆԱ. Որովհետև դու քո նամակներում ամենազգույշ կերպով այդ մասին լռում էիր, մինչդեռ ես իմ մասին ոչինչ չէի թաքցնում: Այժմ դու պետք է բոլորը պատմես, հասկանո՞ւմ ես, բոլորը:

ՀԵՐՍԻԼԵ. (Ցուցամատը հանդիմանաբար շարժելով) Աննա, ես զգում եմ, որ նա քեզ դուր չեկավ:

ԱՆՆԱ. Նա նման է մի հասարակ վաճառականի... Բայց ասա, ինչպե՞ս պատահեց, որ դու նրան ընտրեցիր կյանքիդ ընկեր... Դու ինձ այդ մասին գրեթե ոչինչ չես գրել: (Ցույց է տալիս աջ կողմի ավասցենայի մոտի նստարարանը) Նստենք այստեղ, և պատմիր: Դու նրան լա՞վ էիր ճանաչում, երբ ամուսնացար (նստում են):

ՀԵՐՍԻԼԵ. Ե ս նրան բոլորովին չէի ճանաչում այն ժամանակ...

ԱՆՆԱ. (Զարմանալով) Ի՞նչ, դու ուրեմն ամուսնացել նս նրա հարստության հետ: Դու, որ միշտ խոսում էիր սիրո մասին, դու, հոգով բանաստեղծդ:

ՀԵՐՍԻԼԵ. (Թեթև հառաչելով) Լսիր, Աննա, քանի որ դու այդպես հետաքրքրվում եսկպատմեմ: Ես տասնութ տարեկան չկայի, երբ, հիշո՞ւմ ես, ավարտեցինք գիմնազիան: Դու գնացիր եղբորդ մոտ արտասահման, իսկ ես մտա կյանքի մեջ... Ամբողջ մի ձմեռային սեզոն ես բաց չէի թողնում ոչ մի բազմամարդ պարահանդես, բարեգործական ներկայացում, մանավանդ ոչ մի երաժշտական երեկույթ կամ ցերեկույթ: Դու գիտես, որ ես երաժշտության սիրահար եմ...

ԱՆՆԱ. Սիրահար: Դու ունիս երաժշտական տաղանդ անգամ: Բայց այդ մասին հետո: Շարունակիր, շարունակիր...

ՀԵՐՍԻԼԵ. Ինձ համար, իհարկե, հաճելի էր պտտել հասարակության մեջ: Ես կամաց -կամաց սկսում էի ըմբռնել կյանքի իմաստը: Ծանոթ երիտասարդների թիվը մեծ էր: Ոմանք մինչև անգամ անտարբեր չէին դեպի ինձ:

ԱՆՆԱ. Իսկ դու անուշադիր սավառնում էիր երկնքում..:

ՀԵՐՍԻԼԵ. Համենայն դեպս, ինձ համար տղամարդը դեռ գոյություն չուներ: Հափշտակված էի երաժշտությամբ: Մի երեկո իմ ծանոթների շրջանում տեսա Բեգմուրյանին: Ամբողջ երեկո նա պտտում էր շուրջս և աշխատում գրավել ինձ: Շրջապատողներիս շարքում նա աչքի չէր ընկնում իր արտաքինով: Իսկ ձևերն անտաշ էին: Նա ճաշակով հագնվել անգամ չգիտեր: Նոր հագուստը նրա վրա նոր չէր երևում: Մի բան ինձ համար պարզ էր, այն է, որ հայրս նրան շատ էր հավանում: Ինչևիցե, անցավ ձմեռը, գարունը: Ամառը մենք ջրերումն էինք, հայրս բժշկվում էր: Ես, իհարկե, Բեգմուրյանին մոռացել էի, սակայն նա ինքը հիշեցրեց յուր մասին: Մի օր մորրս հետ զբոսնում էինք, հանկարծ նա մեր առաջը դուրս եկավ ժպտալով, ուրախ: Այնուհետև նա ամեն օր մեր տանն էր: Վերջապես ի՞նչ երկարացնեմ, չանցավ մի ամիս, և ես դարձա տիկին Բեգմուրյան: Եվ ահա առաջիկա կիրակի լրանում է իմ ամուսնության վեցերորդ տարին: Այս է իմ ամբողջ ռոմանը:

ԱՆՆԱ. Ուրեմն, այնուամենայնիվ, վերջ ի վերջո դու նրան հավանեցի՞ր:

ՀԵՐՍԻԼԵ. (Դրականապես) Ոչ: Թե ինչու տվեցի համաձայնությունս, չգիտեմ: Ես, իհարկե՝ ազատ էի ասելու «այո» կամ «ոչ»: Եվ ես երբեք չեմ մոռանա մի բան, այն օրը, երբ տվեցի դրական պատասխան, ինձ համար անտանելի օր էր: Ես տեսնում էի, որ եթե մերժեմպիտի չարաչար վշտացնեմ մորս: Նա ինձ չէր ստիպում կամ թախանձում, բայց լուռ ակնածությամբ լի հայացքներով հալածում էր: Միևնույն ժամանակ, ես խղճում էի Անտոնին: Կարճ միջոցում նա սիրահարվել էր ինձ վրա խելագարի պես: Ախ, Աննա, ծանր զգացում է տղամարդին խղճալը, մանավանդ, երբ այդ տղամարդին ամենքը գովում են: Ես տեսնում էի, որ ինքս իմ առջև կեղծում եմ. ինքս գիտակցաբար խաբում եմ իմ հոգու ձայնին: Բայց և այնպես, կամքի ուժ չունեցա մի անգամ արտասանած խոսքս հետ վերցնելու: Նույնիսկ պսակի երեկո, երբ քահանան երրորդ անգամ հարցրեց «համաձայն ես». ես մտածեցի, «դեռ ուշ չէ, դեռ կարող եմ հետ կանգնել»: Բայց նայեցի մորս ուրախ դեմքին, Անտոնի երջանիկ երեսին, Աննա, և լեզուս կաշկանդվեց: Ես ոչինչ չասացի, միայն գլուխս թեքեցի կրծքիս: Եվ այդ վայրկյանին մարմնովս անցավ մի տարօրինակ, մի սոսկալի սարսուռ Աննա: (Սեղմում է Աննայի ձեռքը):

ԱՆՆԱ. Ա՜ա, սարսուռ: (Նայում է Հերսիլեի աչքերին խորհրդավոր) Հերսիլե, ես վախենում եմ քո ապագայի մասին:

ՀԵՐՍԻԼԵ. (Երեսը ձեռներով ծածկելով) Ոչ, ոչ, Աննա, մի ասա այդ բանը, մի ասա, Անտոնը լավ մարդ է... (վեր է կենում):

ԱՆՆԱ. Գուցե լավ մարդ է, բայց դու գոհ չես քո վիճակից: Հերսիլե, իսկ այդ վտանգավոր դրություն է կնոջ համար:

ՀԵՐՍԻԼԵ. Լռիր, բավական է, լսում ես, ես... ես... դժբախտ չեմ: Այժմ պատմիր քո մասին: Աննա:

ԱՆՆԱ, Իմ պատմությունը շատ կարճ է: Ես վճռել եմ ձեռք բերել բարոյական և նյութական անկախություն, որպեսզի մեր ամուսնական կյանքի կշիռը չկորցնի իր հավասարությունը:

ՀԵՐՍԻԼԵ. Հասկանում եմ միտքդ, Աննա, որքա՜ն խելոք ես, որքան հեռատես.... Ես այժմ այն համոզմունքի եմ, որ անբախտ է այն կինը, որ իր ամուսնուց բարերարված է զգում իրեն

Ցանկապատի հետևում երևում է Ռուբեն Ալիմբարանը: Նա նրբակագմ է, փոքր ինչ գունատ, բայց առողջ երիտասարդ է մտախոհ դեմքով: Հազած է մոխրագույն պիջակ, նույն գույնի պանթալոն, սպիտակ ժիլետ: Ձևերր կիրթ են, սակայն ներվային և հապճեպ: Մինչև ցանկապատի դռներից մտնելը, քանի մի վայրկյան դիտում է ամառանոցի շրջակայքրը:

ԱՆՆԱ, Այդ ի՞նչ ես կորցրել, որ փնտրում ես: Ռուբեն:

ՏԵՍԻԼ 6

ՆՈԻՅՆՔ և ՌՈՒԲԵՆ ԱԼԻՄԲԱՐՅԱՆ

ՌՈՒԲԵՆ. Մի մանկական դառն հիշատակ: (Տեսնում է Հերսիլեին, հեռվից գլխարկը վերցնում է ու մոտենում):

ԱՆՆԱ. Կա՞րող ես ասել Ռուբեն, որ այս գեղեցկուհին այն փոքրիկ, նիհար ու դեղնած աղջիկն է...

ՌՈՒԲԵՆ. (Սեղմելով Հերսիլեի ձեռը) Որն ամեն անգամ ինձ վրա ձյունի գնդակներ էր արձակում գավաթում:

ՀԵՐՍԻԼԵ. Երբ գալիս էիք իմ եղբոր հետ դաս սովորելու: Հիշում եմ: Նստեցեք խնդրեմ: Այն ժամանակ դուք ինձ բարկացնում էիք: Գիտե՞ս, Աննա նա ինչ էր անվանում ինձ: (Ռուբենը նստում է Հերսիլեից հետո):

ԱՆՆԱ. Լսել եմ. «Փոքրիկ նապաստակ»: Որովհետև ամեն անգամ երաժշտության ուսուցիչը գալիս՝ դու թաքնվում էիր դաշնամուրի հետևում, ինչպես նապաստակը թփի տակ է որսորդին տեսնելիս: Զարմանայի չէ՞, Հերսիլե, որ առաջ այնպես փախչում էիր երաժշտությունից, հետո սիրահարվեցիր:

ՀԵՐՍԻԼԵ. (Ռուբենին) Այն ի՞նչ մանկական հիշատակի մասին էր ձեր խոսքը:

ՌՈՒԲԵՆ. Մանուկ ժամանակս, երբ մի ամառ ծնողներիս հետ այստեղ էինք, մի անգամ ահա այն թմբից գլորվել եմ: (Նայելով շուրջը): Այն ժամանակ այս տեղերն ամայի էին:

ԱՆՆԱ. (Մերթ անցուդարձ է անում, մերթ կանգ առնում) Իսկ այժմ քո գլորված տեղում բուսել է մի շքեղ ամրոց: Տես, որ նրա կախարդուհին չդյութի քեզ...

ՀԵՐՍԻԼԵ. Դու անուղղելի ես, Աննա... Ահա և ամուսինս

ՏԵՍԻԼ 7

ՆՈԻՅՆՔ, ԱՆՏՈՆ և ՄԱՐՄԱՐՅԱՆ

Անտոնը և Մարմարյանը դուրս են գալիս միաժամանակ, աոաջինը՝ պատշգամբի առաջին, երկրորդը՛ երկրորդ դռնից:

ՀԵՐՍԻԼԵ. (Անտոնին) Դու վերջացր՞իր գործդ:

ԱՆՏՈՆ. (Իջնելով պարտեղ) Այո:

ՀԵՐՍԻԼԵ. Ուրեմն կարող ենք այժմ զբոսնել:

ԱՆՏՈՆ. Բայց թույլ տուր նախ ծանոթանամ մեր հյուրի հետ:

ՌՈՒԲԵՆ. (Մոտենում է և Անտոնին ձեռ է տալիս) Ալիմբարյան: Եթե չեմ սխալվում ձեզ հանդիպել եմ արտասահմանում:

ԱՆՏՈՆ. (Բավական անտարբեր) Շատ կարելի է

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Բարևելով) Գուցե և մեր հյուրանոց:

ՌՈՒԲԵՆ. Այո և ձեզ երկուսիդ միասին, Փարիզում:

ՀԵՐՍԻԼԵ. Աննա, այժմ ես կարող եմ ցույց տալ քեզ մեր ամառանոցի շրջակայքը: (Ռուբենին) Եվ ձեզ, եթե կամենաք զբոսնել:

ՌՈՒԲԵՆ, Ուրախությամբ;

ԱՆՏՈՆ. Շոգ է բավական:

ՀԵՐՍԻԼԵ. (Կատակով) Քեզ համար միշտ կամ շոգ է կամ ցուրտ: Բայց պայմանով, Աննա, որ դուք այսօր մեզ մոտ ճաշեք: (Ռուբենին) Հուսով եմ, որ չեք մերժի: (Ռուբենը համաձայնվելով գլուխ է տալիս): ԱՆնա. (Մոտեցել է ցանկապատին և դիտում է հեռուն) Ի՜նչ գեղեցիկ շրջակայք ունի ձեր ամառանոցը: Հերսիլե, դու երևի ամեն օր զբոսնում ես:

ՀԵՐՍԻԼԵ. Ոչ ես շատ քիչ եմ զբոսնում:

ԱՆՆԱ. Ինչո՞ւ:

ՀԵՐՍԻԼԵ. Մոտիկ տեղերում զբոսնել չեմ սիրում, իսկ հեռու գնալու համար ընկերակից չունեմ:

ԱՆՆԱ. (Մոտենալով բեմի կենտրոնին) Իսկ պարոն Անտո՞նը:

ՀԵՐՍԻԼԵ. O, նա շատ ծույլ է զբոսնելում:

ԱՆՏՈՆ. Ծույլ է: Դու հարթ տեղերը թողած, սիրում ես թռչկոտել ժայռերի վրա և ինձ էլ ստիպել որսորդական շան պես քեզ հետևել: Իհարկե կծուլանամ:

ՀԵՐՍԻԼԵ. Այո, ես սիրում եմ ժայռերը, լեռները, խոր ձորերն ու մթին անդունդները: (Դեպի պատշգամբ): Վիրժինե (Աննան մոտենում է համակին):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Մեկուսի) Խոր ձորերը, մթին անդունդները, երիտասարդություն, երիտասարդություն: (Վիրժինեն գալիս է):

ՀԵՐՍԻԼԵ. (Վիրժինեին) Բեր այստեղ գլխարկս ու հովանոցս: Վերժինեն գնում է:

ԱՆՆԱ. (Վերցրել է նամակի վրայից գիրքքը և նայում է վերնագրին) Բարոյականություն, թե նախապաշարմունք: Հերսիլե, դո՞ւ ես կարդում այս գիրքը:

ՀԵՐՍԻԼԵ. Այո:

ԱՆՆԱ. (Գիրքը դնում է իր տեղը: ) Հետաքրքրական է: (Վիժինեն բերում է Հերսիլեի գլխարկն ու հովանոցը):

ՀԵՐՍԻԼԵ. (Գլխարկը դնելով) Ես պատրաստ ես: Գալի՞ս ես, թե չէ:

ԱՆՏՈՆ. Ինձ ներիր: Ես բարվոք եմ համարում Իլիայի հես նարդի խաղալ, քան թափառել արեգակի տակ: Վիրժինե, բեր այստեղ նարդին: (Վիրժինեն գնում է: Հերսիլեն դժկամության նշան է անում):

ՀԵՐՍԻԼԵ. Մենք երկար չենք զբոսնի Աննա տուր թևդ: (Առնում է թևը) Ահա այսպես: Ես հիշեցի մեր անցյալը և դարձյալ զգացի ազատություն: Աննա, դու չես կարող երևակայել, թե որքան եմ ուրախ քո գալուն: (Գնում են ուրախ զրուցելով: Ռուբենր գլուխ է տալիս Անտոնին ու Մարմարյանին ու հետևում է նրանց):

Следующая страница
Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 Следующая Конец