Թումանյան Հովհաննես՝ Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ | |
Ռուսները երկու հատորանոց մի գիրք են հրատարակել — իրենց մանկական գրականության մասին, և խոստովանում են, որ Պուշկինից հետո, կամ ավելի ճիշտը՝ «Ոսկի ձկնիկից» հետո — նրանք՝ մինչև էսօր չեն կարողացել մի հեքիաթ մշակել իրենց էնքան առատ ու լավ հեքիաթներից:
Իմ կարծիքով ես միայն մի հեքիաթ եմ մշակել կարգին (գուցե չնչին պակասություններ ունենա, ով գիտի) և դա «Քաջ Նազարն» է: («Մի կաթիլ մեղրը» առակ է, թեև ռուսները վրեն գրել են сказка): Եվ այժմ եթե ասում եմ «Հազարան բլբուլը» կտամ, որովհետև հավաքել եմ երկար տարիների ընթացքում նրա վաթսունից ավելի վարիանտները: Հեքիաթի մասին ոչ միայն մեր «երջանիկ» աշխարհքում — ավելի լավ երկրներամ էլ դեռ պարզ հասկացողություն չունեն: Կարծում են դա հեշտ ու հանաք բան է: Դա գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է — ուր ամբողջը հավիտենական սիմվոլներ են:
Եվ այժմ գրականության մեջ սիմվոլիզմը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի հանդուգն ձգտումն հեքիաթին մոտենալու: Բայց նամակս շատ երկարեց: Էս անգամ էսքան խելոքացիր, մնացածը երբևիցե:
Վահանի ժողովածուն11 լավ ես անում, բայց շուտ արա:
Ուղղագրությանը12 գալով՝ ես հոտառությունով ասում եմ, որ դա չի անցնելու ամբողջովին — օրինակ ո-ի և յ-ի պատմությունը: Ոչ թե պետք է հին հնչյունները վերականգնել, այլ մաշվածները դեն գցել, ինչպես ռուսներն արին: Ոչ թե պետք է դժարացնել, այլ պետք է հեշտացնել: Եվ չպետք է էդ խնդրին էդ կերպարանքը տալ — պատվասիրություն ու չեմ իմանում ինչ բաներ կապել հետը:
Վերջապես՝ շատ բարևներ մերոնցից ու ինձանից —
քո Հ. Թումանյան