Աբովյան Խաչատուր՝   Թուրքի աղջիկը

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 Հաջորդ Վերջին

Ինքը դուռն երեսիս հետ արած թողել գնացել ա, հաց ու կերակուր ինձ համար լեղի, էն էլ ա ձեռիցս խլել: Առավոտը մթնե մութը գնում բազարը, րիգունը մթնե մութը՝ մրրած, փրփրած գալիս, ու աժդահա օձի պես պատից, դռնից հոտ քաշում, որ տեսնի՝ թե հո մարդ չէկել էստեղ: Հայ քրիստոնյա, քո հավատին, քո անումին ղուրբան, քո խաչը, քո սուրբ հավատն ա քեզ պահել, մեկի հալբաթ մեկ սառը ջուր ես տվել, որ նրա խերը առաջդ ա էկել, թե չէ քունն էր թուրը, քո կյանքն էր թվանքը: Գնա՛, հեռացի՛ր՝ թե քո արևը, քո Աստվածը, քո սո՛ւրբ հավատը, իմ էրված օրն ու ումբրը կսիրես, <թե> իմ մեկ սհաթ ումբրը քո աչքին քաղցր ա: Գնա՛, հեռացի՛ր. Թո՝ղ՝ էս հողը, էս խարաբեն, էս գյոռխանեն ըլին իմ գերեզմանը, իմ պահարանը, իմ դժոխքը, իմ տանջանքը: Հալբաթ մեկ օր էլա մեկն ու մեկը կքանդվի, ինձ տակով կանի: Հերս չարասիրտ ա, անգութ անողորմ, վրես չի՛ լար: Մերս հեռու, տանից դուս արած, օլքից, ալամից, ղովում ղարդաշից դեն քցած՝ որ վրես սուք անի: Իմ սուքը՝ ես պետք է անեմ, իմ հողը՝ ես պետք է տամ գլխիս, իմ մարմինը՝ ես պետք է թաղեմ, կորչիմ, ֆորեմ, պրծնիմ: Ինձ ո՞վ արեց չարա, որ դու անես, դու ա՜յ աստվածասեր հայ, քո դնին մասաբին ղուրբան, քրիստոնյա հայ:

Մոլլա, ախունդ ինձ չօգնեցին, Մուշտեիդ, ղուրան, իմամ, իսլամ ինձ ճար չարին, էլ ալամ մեջ ընկան, իմ հերս չլսեց, մորիցս ինձ զրկեց: Հերնըմերս գլխիս, ես եթիմ, անտեր, անճար, անքոմակ, սոված, ծարավ, որ օրենքն ու հավատը մարդի սիրտը չկապեն, որ Աստված ու մեչիդ նրան չար ճամփից եդ չբերեն, որ Աստծու տված սերը, Աստծո դրած սիրտը մարդ ու կնիկ չկապեն, հեր ու որդի իրարից հանեն, մերը որդու համար տանջվի, մեկ հուքմ չունենան, չթողան, հերն իր ձեռովը իր տունը քանդի, իր դուռը շարի, քյաբով, դուրանով աոած կողակիցը՝ էլ եդ բաց թողա, էլ եդ անհաց, անջուր, չիփ չփլաղ տանից, տեղից դուս անի, օրվան հացին կարոտ սար ու չոլ քցի, ու նրանից բերած, նրա կաթնով մեծացրած որդին, նրա դառը քրտնքով պահած ապրացրած, ջրից, կրակից դոշին, գրկին թափած, պրծացրած զավակը՝ գլխին տա, ձեռիցը խլի, ու երեսն երեսի հետ էլա, լեզուն լեզվի հետ էլա՝ տեսնիլ, խոսալ չթողա, վա՜յ էսպես աշխարքը քանդվի, էսպես կաթը հարամ ըլի, էսպես կյանքն ու օրը փուչ ըլի, էսպես օրենքն մարդի ու Աստուծո աոաջին պարտական, Էսպես հողն անիծած՝ սատանայի փայ. Էլ ի՞նչ կարող ես դու ինձ անիլ, ա՛յ քո Էկած ճամփին, քո ստեղծող Աստծուն, քեզ պահող, մեծացնող օրենքին, հավատին ղուրբան: Սիրտդ ցավում ա, գիտեմ, չունքի քեզ էլ ա մեր բերել, քեզ էլ ա հեր՝ որդի ձեն տվել, քեզ էլ՝ քիր ու ախպեր սիրել, գրկել, գլխի վրա, դոշին դրել, կպցրել. Հաց չի՛ ինձ հարկավոր, որ ուզեմ, տաս, ջրի չեմ հասրաթ, փողի չի՛ սիրտս փափագում, զառ ղումաշ ունենամ էս սհաթին կէրեմ, կկտրատեմ, գանձ ոսկի ունե <նամ>, ջուրը կածեմ, հարամուն կտամ, թախտ, ամարաթում նստացնեն՝ կրակ կտամ, ինձ էլ հետը կէրեմ, իմ մորն եմ կարոտ, իմ ծնողին հասրաթ, աչքս նրա ճամփին ա, սիրտս նրան թամարզու, տունն ոտիս տակին, ձենն անկաջումս, ա՜խն ու վախը հենց բռնիր լսում եմ, ցերեկը չե՛մ կարում ոտի, ղշի ձենիցը իմանալ, գիշերն եմ լիսնակի տակին՝ անկաջ դնում, լսում, ինձ էստեղ սպանում, նրան էնտեղ մորթում, հոգին առնում: Ա՜խր՝ որ գառը, անբան գառը իր մոր եդևիցը միա, բղղա, օձի ճուտը իր մոր քամակիցը սողա, հավի ձագը մոր ձենը լսելիս ծվծվա, լվլվա, գլուխը թևի տակը դնի, յա կտուցը կտցին, մերը կրխա, ձագը ճխա, մերը քուջուջ, ձագը մունջ մունջ, հետը խաղա, հետը ճվա, բաս ինձ մե՞ր չի բերել, բաս ես կա՞թով չեմ մեծացել, բաս ինձ չե՞ն գրկել, սիրել, որ սիրտս չտրաքի, լերդս չճաքի, աչքս չմաշվի, շունչս չքաշվի լերդս չնվաղի, թոքս չդաղվի, ա՜յ էդ լիս երեսիդ, քո լիս հավատին ղուրբան ...

Քո լիս հավատին, քո արդար կրոնին, որ ընչանք հորնըմոր սիրտը չի՛ կապում, թագը չի՛ դնում, ընչանք սերը չի՛ փորձում, կարմիրը չի կապում, ընչանք սուրբ տաճարը չի՛ թողնում, մինչև նրանց բնությունն ա քննում, իմանում, ընչանք հերնըմերը չե՛ն զավակաց թագն ու պսակն օրհնում, քահանեն չի՛ ձեռը դնում, ընչանք աջը չեն հարսի ու փեսի իրար մեջ դնում, խաչը չեն գլխներին դնում, ընչանք մահը չի՛ գալիս, հոգին չի բաժանվում, մարմինը դինջանում, հողն ու գերեզմանը իրանց տվածը, Աստված ու հրեշտակ իրանց պահ դրած ամանաթը տանում, ո՛չ հասրաթը պակսում, ո՛չ մուրազը, ո՛չ սերը, ո՛չ տերը, ո՛չ հերը, ո՛չ մերը: Ո՛չ կրակը, ո՛չ ջուրը, ո՛չ բոցը, ո՛չ ցողը, ո՛չ դաշտը, ո՛չ պտուղը, ո՛չ սարը, ո՛չ ծաղիկը, ո՛չ ամպը, ո՛չ անձրևը: Ա՜խ՝ օրհնվի՛, օրհնվի էն բերանը, որ ձեզ օրհնեց, էն սուրբ միտքը՝ որ ձեր օրենքը մտածեց, ձեզ՛ կրոն տվեց: Ա՜խ՝ աշխարքումն որ էս բախտն ունիք, երկնքումը ի՞նչ տեղ կունենաք, մարդի միջին, մարդի սրտով որ էնպես եք իրար սիրում, իրար ընդանում, հրեշտակաց միջին, հրեշտակի սրտով, հրեշտակի սիրով՝ ի՞նչքան մեծ չպիտի ըլիլ ձեր փառքը, ձեր կյանքը, ձեր մխիթարությունը, ձեր ուրախությունը, ձեր սուրբ Կրոնին ու հավատին ես եսիր դառնամ:

Որ գնամ մուշտեիդի ոտներն ընկնիմ, որ գնամ գլուխս ծեծելով հորդ ճտովն ընկնիմ, չոքիմ, ոտը համբուրեմ, կանգնիմ, երեսը՝ ա՜յ իմ հրեշտակ, իմ արդար հոգի, իմ ա՛չք, իմ լի՛ս, որ հոգիս կրակ քցեցիր, լերդս դուս ճոթռեցիր, բաս ինձ չե՞ն լսիլ, որ ես հայ քրիստոնյա տեղովս Էսքան ցավում եմ, մղկտում, իրանք իրանց արնին ոտի տակ են տալիս, կրակը քցում իրանց միսը՝ սաղ սաղ խորովում, բաս ինձ չե՞ն լսիլ, չե՞ն հետս մրմնջալ, չե՞ն հետս մղկտալ, գալ, բարշիլ, քո աչքը սրբիլ քո սիրտն առնիլ՝ էդ արդար սրտիդ ստեղծողին ղուրբան, — Էրված, լցված սիրտս ու բերանս գեջդանգեջ բաց արի ու մնացի՝ էն արևի էրած, էն առտասնքով մաշված, չուռումիշ Էլած երեսին, Էն թուխ թուխ աչքերին, էն ղալամով քաշած ունքերին, էն խոոըփոթ ընկած ճակատին, էն ոսկեթել մազերին, Էն լուսաթաթախ պատկերին, էն երկնանման տեսուն, էն կախ ընկած գլխին, Էն ծեծված, ջարդված, արինակոլոլ, արտասվաթաթախ դոշին ու բգին՝ հոգիս երկնքումն, աչքս վրեն սառած, մեռած, կանգնած, չորացած, փետացած, ու քար ու հող փուշ դառան, աչքումս ցցվեցին, սուր դառան, ինձ կտրատեցին, դժոխք դաոան, ինձ ուզում էին ուտիլ: Որ մեր հավատիցը չըլի մարդ, պետք է չսիրե՞նք, հետը չցավի՞նք

Չէ՛, չէ՛, վա՛յ իմ օրիս, արևիս, գնա՛, հեռացի՛ր, վա՜յ, վա՜յ, Աստված դու ինձ ազատի. Ալլահ, դու ինձ պրծացրո՛ւ, քո ձեռն ինձ պահի, էն ո՞վ ա գալիս, վա՜յ վա՜յ... թե հե՜րս ըլի... ի՞նչ կանեմ... ի՜նչի՛նչ... գնա՛... գնա՛քո գլուխդ էլա պրծացրո՛ւ...վա՜յ քո օրին, քո ջիվան արևին, մահդ առաջիդ աէլի կանգնե՞լ ես...գնա՛, գնա՛... — Ասեց ու ա՜խ... էն օրը գնա, ո՛չ եդ գա... ինչ որ ես տեսա... դուռը վրես հետ արեց: Ասիացու սիրտն ինձ հայտնի էր, չունքի ես էլ եմ ասիացի, վրես թուր չկար, ը՛լեր էլ, յա ես պտի մեռնեի, յա իմ դիմացի մարդը: Ո՞վ մեկ բարաքյալլա կասեր, ո՞վ իմ մուրազս տեղ հասցներ, մեռնելու հետ վաղուց էի բարեկամացել հաշտվել: Իմ սրտիս էրողն էլ նեքսևիցը՝ Աստված, երկինք, սուրբ, մարգարե, հավատ, օրենք մեջ բերում, որ գլուխս առնիմ կորչիմ: Էկողը մոտանում էր, սիրտս մղկտում, իմ լերդս տրորողն առաջիս տրորվում, գետինը ոտիս տակին դողում, արին էի տվել, նրան հո չէի պրծացնիլ, ազատիլ: էլի մուշտեիդի, ախունդի, էլի հոր, բարեկամի ոտներ գնամ ընկնիմ, բալքի մեկ ճար անեմ, էսպես մնալով, գլուխս մահու տալով ի՞նչ կշինեմ, միտք արի, գլուխս թափ տվի, աչքս տեղն էկավ, խելքս իմ գլուխս: Մեկ ա՜խ քաշեցի, դոշիս խփեցի ու արինն աչքս առած, մուխը քիթ ու բերանս լիքը, ձորն ընկա, սարնըդուս նի էլա: Բայց ա՜խ էն գնալն էր, որ գնացի՛ էլ ո՛չ ախունդ կարաց կորածս գտնիլ, ո՛չ մուշտեիդ, ո՛չ թուրք, ո՛չ հայ: Երկինքն ես գնացել, հոգիդ լիս կտրի, ա՜յ տարաբախտ հոգի, մորդ ծոցը մտար, հանգստացի՛ր, դինջացի՛ր: Սուր քո սիրտը մտավ, էն ձեռը չորանա, դու հո քո մուրազն առար: Թե սաղ ես դեռ հլա, ու սարեսար քցած, որ տեղդ չիմանամ, ա՜խ ի՞նչ կըլեր, մեկ անունդ էլա լսել էի, մեկ ազգդ իմացել, որ քո ցավն հիշելիս անունդ էլ տայի, որ հավանայի: Ես քո պատկերը, էն աննման պատկերը, ես քո էն ցողանման արտասունքը, էն երկնքին՝ սաղիքյան տված, ընծայած հոգիդ՝ չե՛մ մոռանալ, չե՛մ ուրանալ: Թ՛ո ղ իմ հավատն ինձ պատժի, թո՛ղ՝ իմ օրենքն ինձ հալածի, տանջի, քո ազգի գյոռխանեն՝ քանի շունչս վրես ա, լեզուս բերնումս, հլա շատ կգամ ուխտ, հլա շատ անգամ կգամ էն արդար հողը տեսնիմ, էն քանդված խարաբեն մտնիմ, որտեղ քո ծունկն էր չոքել, քո արտասունքը թափում, քո շունչը դուս գալիս, քո աչքը լալիս: Էստեղ չտեսանք էլ իրար, երկնքումը հո՝ Աստված մեզ վրա չի՛ բարկանալ, էն բարեգութ Աստվածը, որ իր աչքի առաջին իր որդիքը՝ իրար տեսնին, իրար փաթաթվինհոգին անմեղ ա, երկինքը սուրբաղչիկ ու տղա, թուրք ու հայ, ո՞վ էն միտքը կունենաոր սրբություն չըլի սրտի, որ սրբություն չըլի կամքը: Մեր չար կամքը հողին ա, հողն ա մեզ խաբում, էս չար հողը, էս չար աշխարքը, մեր հրեշտականման Աստուծո պատկեր հոգին Աստծունը: Էնտեղ էլ հավատ, օրենք չեն հարցնիլ, գործք կհարցնեն, արքայությունումը տեղ շատ, Աստուծո թագավորությունումը՝ այվան օթախ շատ: Հալբաթ մեկ պուճախ էլ մե՛զ կընկնի, մեկ քյոլգա էլ մե՛զ շվաք կանի, մեկ ծաղիկ էլ մե՛զ իր հոտը կտա, թե չէ՛ դժոխքը հո կա ու կա: Դրախտը ամեն մարդ ա ուզում, ու չի՛ դրախտի ճամփի հետ գնում: Թ՛ող Աստված քո խաթեր ինձ դժոխքը տանի, թե էնպես իմ մեղացս բարկանա: Գերեզմանս քեզ մոտ չըլիլ, ղժոխքումն էլ հո չե՛ն հարցնիլ չե՛ն ջոկիլ: Ամեն չար, ինչ ազգ էլ որ ըլի, էնտեղ պտի գա՝ ես էլ թող էնտեղ գնամ, թաք ըլի քեզ տեսնիմ, քեզ գտնիմ՝ որ սիրտս հետդ տարար՝ ա՜յ իմ տարաբախտ անմեղ, անտեր, անօգնական, իմ սիրեկան, իմ սրտի էրող, իմ լերդս՝ չորացնող աղչիկ հեզիկ, հոգի բարի:

Կրոն, կրոն, որ ռամիկը՝ անունդ չիմանալով, քեզ հավատ ու օրենք ա ձեն տալիս, քեզ դին ու մասաբ կանչում, դեռ ո՞ւր էր մարդը, որ քո լիսը արեգակի հետ էր խառնվել, քո շոխքը աստղերի հետ. քո զորությունը երկինքն էր շարժում, պահում, քո սերը երկրին խոտ ու ծաղիկ, ծառ ու պտուղ, քար ու հող, օդ ու ջուր տալիս, կենդանացնում, որ տարաբախտ հողածինը իր կարոտ աչքը էս խոր ձորումը բանար, իր ստեղծող Արարչի հրաշքը տեսներ, զարմանար, նրան չտեսներ, թուլանար: Երբ տկար ադամորդին՝ չորս կողմը օձ ու կարիճ, թույն ու լեղի, հուր ու սուր, գլխավերևն ամպ ու կայծակ, աստղ ու լուսին աչքովն ընկներ, վերանար, ձեռովն ընկներ, հիանար, յա սարսափեր ու դողար, երբ խոտ ու ծաղիկ, թուփ ու տերև, հոտ ու համ նրա աչքն առներ, բերանն զմայլեր, քիթն առներ, հոգին մխիթարվեր, նրանց տվողին, նրանց ստեղծողին՝ ուզեր, չճանաչեր, խնդրեր, չգտներ, ու աչքը ծով դառած, երեսը հողի երեսին դրած՝ չոքեր, աղաչեր, լար ու պաղատեր, ողբար, գովաբաներ, սքար, օրհնաբաներ: Դո՛ւ, դու ծնունդ աստվածային, հրեշտակ անմարմին, հո՛ւր երկնային, դո՛ւ էիր որ նրա սիրտը զարթեցնում էիր, նրա խոր գլուխը բարձրացնում, նրա թուլ ձեոքը զորացնում, նրա սասանահար, վշտահար հոգին մխիթարում, պնդացնում, ու բերնիցը շունչը, հոգուցը օրհնություն ու գոհություն՝ արեգական լուսի հետ, ծաղկըների հոտի հետ, թռչնոց երգի, եղանակի հետ՝ տանում Արարչի մոտ, որ նրա քաղցր աչքը, նրա հայրագորով խնամքը՝ ո՛չ մեր երկրիցը պակսի, ո՛չ մեր գլխիցը, ո՛չ մեր հանդիցը, ո՛չ մեր տանիցը: Ա՜խ երկինքն էր մեր տաճարը, երկիրը մեր ժամատունը, արեգակն ու լուսին՝ մեր ջահ ու լապտեր, աստղերը՝ մեր կանթեղ ու մոմ, երկրի հոտը, մեր բերնի շունչը՝ մեր խունկն ու կնդրուկը, ա՜խ՝ է՛ն, է՛ն ժամանակը ի՞նչպես էր ջերմ մարդի սիրտը, ի՞նչպես արդար նրա միտքը, ի՞նչպես պարզ նրա լեզուն ու խոսքը:

Քար էր պաշտում մարդը Աստուծո տեղ, փետի էր երկրպագություն տալիս, արեգակն էր իր Արարիչը շինել, թե լուսնյակը, որ իրան լիս էին տալիս. կրակը, թե կայծակը, որ մեկը ոտի տակին էր էրում, մեկը գլխավերևին, քամուն էր ումուդ դրել, թե ջրին, աստղերին, թե ամպին, ծովին, թե գետին, Աստված էր կանչում՝ թե Ալլահ, Բուղա, թե Բրամա, Լամա, թե Եոհովա, որ իր հորը գտնի, ոտը համբուրի, իր ստեղծողի տեղն իմանա, նրան փառաբանություն տա, դո՛ւ, դու էիր նրա սրտի դրդողը, աչքը բաց անողը, միտքը հորդորողը, երեսը դարըդուս քաշողը՝ որ գա հասրաթ, հասրաթ ման գա, որդին իր հոր սիրովն էրվի, մաշվի, բայց չտեսնի, չհովանա, ու իր տկար մտքումն չհպարտանա թե ինքն էլ կարաց էնքան բարձրանալ, որ իր ստեղծող հոր տեղն իմացավ, էնքան վերացավ, որ երկնքի տուտն ու տակը գտավ, բոլոր աստղ ու արեգակ քննեց, իմացավ, էլ երկիրը իրան պետքը չի , երկինքը պետք է թռչի որ միշտ իր հոր հետ ըլի, իր հոր ձեռի տակին, նրա աչքի առաջին, ու երկիրը մնա անզարդ, անապատ, չոլ ու դարդակ: Անբան անասունքն էլ, անլեզու քարերն էլ շունչ առան, գլուխ բարձրացրին, որ նրանց էլ լեզու տաս, նրանց էլ հոգի, միտք, որ իրանց ստեղծողին փառաբանեն, բայց դու երեսդ ծածկեցիր, մարդի փայն էիր, մարդի մեջն էկար, հորը սիրտ տվիր, մորը ջիգյար, քիր ու ախպոր, որդու, զավակի, ազգական, բարեկամի աչքին արտասունք, բերնին բարբառ, լեզվին՝ խոսք, սրտին սեր, ա՜խ սեր՝, որ երկնքին նայեն, Արարչին սիրեն, երկրին նայեն, ստեղծողին սիրեն, ու էս մաքուր, էս աստվածային սիրովը վառված՝ իրանց նմանին սիրեն, նրա բարին կամենան:

Բայց մարդն, ա՜խ՝ մարդն էստոնք բոլոր, քե՛զ, քե՛զ, սուրբ հոգիդ թողեց, որը կրակով էրեց իր նմանին, որը թրով կոտորեց, որը ջրով խեղդեց, որը կախ տվեց, որին անիծեց, որին նզովեց: Քո՛, ա՜խ քո՛ խաթեր՝ շունչդ աստվածային բարեկամությունը հեռացավ, սերը վերջացավ, թշնամությունն արմատացավ, ատելութունը զորացավ. Բայց ա՜խ, ա՜խ, ե՞րբ էս մեր աչքի կապը կարձակվի, ե՞րբ էս մեր կույր, խավար մտքի փարդեն կպատռվի, որ էլի քեզ ճանաչենք, քեզ սիրենք, քեզ մեր մեջը բերենք, մենք քո գիրկը գանք, որ էլի իրար սիրենք, իրար ընդունինք, ու ինչպես մեկ հոր որդի, երկրումն մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ միտք, մեկ տեղ, մեկ գերեզման ունենանք, ինչպես երկնքումը, որ ետ առաջ պտի գանք, պտի գանք, բայց վա՜յ մեզ, վա՜յ, թե պարզերես չըլինք ու լանք:

Էջեր. Առաջին Նախորդ 1 2 Հաջորդ Վերջին