Աբովյան Խաչատուր՝   Վերք Հայաստանի

Հայի ձեռի դու չե՛ս արժան, ոտը համբուրի՛ր, հայակե՛ր գազան: Հայի արնի ծարավ էիր, դե՛, կշտացի՛ր, ա՛նհոգի, — ասաց ու մինչև կուռը կկապեր, արինն էնպես էր վեր ածում, որ խանի աչքին ու բերնին թափի: — Քեզ ասում եմ՝ մինչև հայ չի՛ դառնաս, մինչև երեսիդ խաչ չի հանես, չե՛ս պրծնիլ, չե՛ս, ի՞նչ ես մտածում, ես էսօր Լուսավորիչը պետք է դառնամ:

Բայց ա՜խ, երանի թե հավատը էսքան չըլեր մեր Աղասուն մոլորացրել, ու վիշապն ընկել էր ձեռքը, տար, վարթարաֆ աներ: Սատանեն իր պոչը մի բանում չխառնի, մինչև դու խաչը կհանես, նա իրան բանը կհոգա: Հենց յարեն կապեց, պրծավ մեր կտրիճը ու ձեռը շարժեց, որ արինը էլ ետ իր տեղը գնա, ու ուզում էր, որ թշնամու չար ձեռները կապի ու էնպես նրան հավատ բերի, աչքը որ բարձրացրեց, աստված ո՛չ շհանց տա. իր ընկերտիքը, ամեն մեկը մեկ սարի ծերից թռած` էկան, վրա հասան:

Ա՛ղասի ջան, գլխիդ ճարը տե՛ս, քեզ ման գալով հոգիքս թռավ, ախր ո՞ւր մնացիր. Հասան խանը նոր ղոնշուն ա հավաքել, գալիս ա: Խլղարաքիլիսեն էլ ետ կոխեցին. Բոռչալվի թուրքերը կապիտանին գլխից հանեցին, թե ղզլբաշը Գյումրու բերդը կառնի, թոփ ու թոփխանա հետներն առան, ետ դառան. ջրատար, ողորմելի խալխը մնաց չոլումը, ոչխարի պես սառած, ոտը ո՛չ առաջ կարաց փոխել, ո՛չ ետը. որը ձի ուներ, էլ ո՛չ բարեկամի մտիկ արեց, ո՛չ ազգականի, վեր էլավ, փախավ Գյումրի. Մնացածները, աստված ո՛չ շհանց տա, իրար ճտով ընկած՝ մնացին գառն ու ոչխարի պես բղղալով կանգնած: Ի՛նչ նրանց հալն ա, աստված ո՛չ նշանց տա. սար ու ձոր սուգ են անում, լալիս:

Ձեր տունը չքանդվի, ի՞նչ եք ասում՝ Հասան խան: Տասը Հասան խան հո չկա՞ աշխարքումս. հրես, ոտիս տակին ընկած, հոգին տալիս ա. երազ ե՞ք պատմում, թե՞ գինովացել եք: Հասա՛ն խան, Հասան խան. Տո՛, հրես գլուխը ճտի պես ձեռումս, դուք ինձ պառավի հեքաթ ե՞ք ասում: Ամո՛թ ձեր փափախներին, տո՛, մեկ մտիկ արե՛ք, է՜ : Ո՞վ կհավատար ապա, թե Էն ահագին ասլանը մեկ գառի ոտի տակի ըլի. որ աչքըները չի առավ նրա զարհուրելի կերպարանքին, արինն աչքըները կոխեց. բոլորն էլ թուր հանեցին, որ նրան թիքա-թիքա անեն. էլի մեր խաչապաշտ Հսկայն իր սազն ածեց.

Ո՛վ իմ գլուխը կսիրի, թուրը էլ «ետ» տեղը դնի. Էդ ո՛չինչ տղամարդություն չի՛ չոլումը մեկ ուլ մորթել: Թողե՛ք, հալա սրան մեկ հավատ բերենք, ետո ի՞նչ ուզում ա ամեն մարդ, թո՛ղ Էն անի:

Տո՛, տո՛ւր, գլուխը ջնջի՛ր, դրա հոգին աստված առնի, դրա ամեն մեկ շունչը յաղու ա. օձը քանի շուտ սպանես, Էնքան քո խերդ ա: Դա էլ օ՞ր պտի տեսնի: Չէ՛, դրա օրը պտի խավարի, դրա գլխին քար ընկնի: Քարը քցի՛ր գլխին, դրա արինը մեր վզին: Տո՛, մեր ազգի տունը քանդողին էլ րոպե պետք է կյա՞նք տված, շունչը բերնումը թողա՞ծ. սպանի՛ր, ասում ենք, թե չէ քեզ էլ հետը կսպանե՛նք:

Ինձ սպանեցե՛ք, սրան ձեռը մեք տալ: Թո՛ղ սրա մահը մեկ քանի մարդ էլա տեսնի, որ սրտները հովանա, է՜:

Էս խոսք ու զրուցումն էին, որ բիրդանբիր ձիավորի տուտը նրանց վրա բաց էլավ: Ընկերքը վրա թափեցին, որ անօրենի թոզը քամուն տան. անփորձ Աղասին, որ մինչև էն օրը նհախ տեղը մեկ արին չէ՛ր վեր ածել, նրանց դեն արեց, խանին քաշեց մեկ քարափի գլուխ, ինքը գլխին կանգնեց, խանի ձեռները կապած՝ ոչխարի պես առաջին վեր դրեց, ընկերներին հրամայեց, որ ձիանը ձորն անեն ու թվանքները հազրած՝ ձորի բերնումը կանգնին, ու իրեք գազաչափ խանիցը հեռու կանգնած, դոշը քարափին դեմ տված՝ էնքան մնաց, որ ձիավորների տուտը մեկ թվանքի մանգզիլ էկավ, մոտացավ:

Գլխըներդ ոտիս տակին ա, ա՛յ թուրքեր, ձեր ճակատը` գյուլլիս առաջին, քսան ինձ նման իգիթ (ղոչաղ) տղերք՝ քամակիս. ամեն մեկս մինչև ձեզանից քսանը չսպանենք, մինչև մեր բարութը չհատնի, կրակ դառնաք, մեզ չե՛ք կարալ մոտանալ: Հինգ սհաթ ա ձեր հոգին, ձեր գլուխը իմ ձեռիս ա էլել. էն Հասան խանը, որ սարեր էր դողացնում, ոտիս տակին ընկած, սրան նայեցե՛ք, ձեր սև օրը լաց էլե՛ք: Խա՛ն, հրամայի՛ր որ Խլղարաքիլիսեն ազատեն, կյանքդ էլ ազատ ա, թե չէ՛ հավի պես կմորթեմ. իմ ձեռի հունարը դու լավ փորձեցիր: Մարդ ղրկի՛ր, որ ղոնշունդ ետ դառնա, թե չէ՛ քարափիցը վեր կքցեմ, հազար թիքա կըլիս: Ինչքան որ ըլի՝ մեկ հողում ենք մեծացել: Խա՛ն, կռիվ ունիս, դուշմանիդ հետ արա՛, խեղճ հայերը քեզ ի՞նչ են արել: էն ժամանակը քեզ խան կասեմ, թե որ էս տղամարդությունն անես: Մեծություն ունիս, բանացրու՛:

Ջանն ազիզ ա. Հասան խանի նամազն էլ էս էր, որ մեկ պրծնի. հազար արախլու ու թուրք սպանեին նրանք, ի՞նչ հաջաթ: Իրան դարդը քաշելով՝ իսկույն հրաման տվեց, որ մեկ քանի ձիավոր հասնին, ղոնշունը ետ քաշիլ տան, մինչև ինքն էլ գա: Բայց դեռ կիսաճամփի՝ Աղասու սիրտը գնաց. քաջ հսկայն չէ՛ր իմացել, թե մհլամը յարի վրա կդնեն: Կտրած տեղը մնացել էր բոշ. արինը թևերովը գնացել, ջանը բռնել էր. արեգակի շոգը մեկ կողմիցը, սովածությունը՝ մյուս, արինն էլ հո, հենց բռնի, ցամաքվել էր. էն հադաղին, որ զորքը ետ դառան, ու նա էլ սկսեց կրկին Հասան խանին հավատ բերի, քիչ-քիչ աչքերը շաղվեցավ, գլուխը պտըտեց, ուզեց, որ մեկ գլուխը բարձրացնի, տեղիցը վեր կենա ու ընկերներին իր գլխի էկածը պատմի, թուլացավ, քամակի վրա վեր ընկավ, աչքերը խփեց, մեկ բարակ ախից ավելի էլ ոչինչ չկարաց ասիլ: Սար ու ձոր ձեն տվին: Աղասու անունը որ տվին, քարափները զարզանդեցին: Ողորմելի ընկերքը քար ու հող գլխըներին տալով որ վրա չի թափեցին ու հարայ տվին, ձենն ընկավ ձիավորների անկաջը: Լացի, սգի ձենը որ իմացան, հենց գիտես, արեգակը նոր ծագեց, ական թոթափել թև առած` ետ դառան. էլ ո՞ւմ գլխումն էր մնացել խելք: Թշնամին էն ա, մեկ թվանքի մանգզիլ մոտացել էր, հարիր տեղից թվանքները բաց էլավ: Աղասին աչքը բաց արեց կամաց, ա՜խ քաշեց ու ձեռով իշարաթ արեց, որ ձորը թափին: Ընկերքը իմացան նրա մտիքը, ուսըներին դրին իրանց թանկագին բեռը ու ձորը թափեցին:

Հենց ոտն ու ձեռ բաց էլած որ տեսավ իրան, արյունակեր Հասան խանը թուրը ավալ ինքը ձեռն առավ. մինչև ղոնշունը ձորի բերանը կհասներ, Աղասու ընկերքը Անի քաղաքի բուրջը մտան ու Էնտեղ, ուր հարյուրավոր եկեղեցի, հազարավոր տներ, քոշք ու սարեք դիմացի սարերին ամաչացնում, վախացնում էին, ուր, ըստ ասության ոամկին, այնքան էր հարստություն և ճոխություն, մինչ մեկ հովիվ տեսնելով մեկ զատկի, թե կնիկը եկեղեցումը տեղ չէ՛ր ճարել, էս պատճառով մեկ ահագին տաճար շինեց, ու մեկ անսիրտ վանքականի խաթեր աստված հայոց վերջին կենաց ճրագը փչեց, թագավորաց թախտը կործանեց, իրանց սրո, հրո գերի արավ: Ա՜խ անմեղ սնապաշտություն, թագավորաց հաբեղայից մատաղ տվինք, որ Էստեղ ընկա՛նք, է՜: Ու Էն հիանալի ավերակքը, եկեղեցիքը թողեց մեզ սգո և լացի տեղեր: Էս բրջերի ծոցն էր, Էն սրբոց աղոթքը ու մեր թագավորաց՝ Գագկի... երկնային հոգին, որ Աղասուն պահեցին:

Մինչև նրան հինգ ընկերքը խտտած՝ գետնի տակի ճամփովը գետի ղրաղը հանեցին, մինչև ընկերտանց հինգը թաքուն էս կողմից, հինգը՝ էն անց կացան, որ ձորից, սարից ձեն տան, հարայ-հրոց անեն, մյուս հինգը բրջի ծակերիցը քսան ավել մարդ սպանեցին: Նրանք լավ գիտեին, թե հենց Էսօր էլ թուրք, քուրդ, հայ` ո՛չ ոք սիրտ չի անում Անու միջովն անց կենա, որովհետև կարծում են, թե մեջը քաջքերով լիքն ա, որովհետև աստված մեկ անգամ անիծեց. Էս իրանց պատճառ շինեցին. առաջուց էլ Էնտեղ էին նրանք շատ քրդի ու թուրքի միսը խորովել ու ամեն ծակ ու խոռ էնպես իմացել, որ սատանեն նրանց չէ՛ր գտնիլ. մեկ կողմից ղզլբաշի սնապաշտությունը գիտելով` որ ձորից, բրջից, սարից թվանքները չճռռացին, հայերը չգոռացին, ձորերը, խուլ-խուլ էրերը, խոր-խոր եկեղեցիքը, մատուռները նրանց ձենը ետ չի՛ կրկնեցին, Հասան խանի շլինքը թեքվեց, Էնպես կարծեց, թե հազար մեռել, հազար հրեշտակ, հազար սատանա ոտն են առել, գալիս են: էլ ձեն չկարաց հանիլ. խելագարի պես ձեռով արեց, ինքը թռավ, իրան դաստեն՝ քամակին: Երեք՛ չորս վերստ հեռացած որ մեկ քանիսը էլ ետ սիրտըները պնդացրին, որ մեկ տեսնին, թե ախր էս դիվանը ո՞րտեղանց դուս Էկան, ո՞ւր մնացին, գա՞լիս են, թե չէ՛, մեկ չոբան, աստուծո ողորմությունիցը որ մինչև հիմա մեկ եկեղեցում դողալով ջանն իրան էր հասել, ոտը խաղաղված տեսնելով` իծանը, սեիզները դուս արեց, որ շուտով գնա, ձորը թափի ու թշնամու ձեռք չընկնի, սատանի պատկեր սեիզների գլուխը որ չտեսան պարսիկքը, որ իրանց սատանեքը միշտ իծին են նմանություն տալիս, հենց իմացան, թե Սադայելի բոլոր զորքը աշխարհ են եկել, իրար գլխով ընկան, թոզն աչքըներն առավ. ամեն մեկ ձիու ոտը փոխելիս, հենց իմանում էին, որ հմիկ, որտի որ ա, գլխըները կերթա. Էսպես` որ աչքըները բաց չարին, աստված ո՛չ մեր թշնամու առաջը բերի, իրանց դժոխքի սկսավ բաց ըլիլ, իրանց զորքն սկսավ Խլղարաքիլիսեն մտնիլ, որ երեք սհաթվան ճամփա ա Էստեղանց. քյաբի առաջին էնպես հավատով չէին չոքիլ, որ էստեղ չոքեցին, նամազներն արին, ձեռըները լվացին, միրքըները սանդրեցին, չունքի ճաշը հասել էր. թրըները սրբեցին, Ալուն իրանց շնորհակալությունն արին, քյաբին` իրանց երկրպագությունը, ու թամուզ ձեռներով, մուռտառ սրտով վեր կացան, որ իրանց աստուծո տված մատաղը կտրեն, տոն կատարեն, որ ջաննաթի դուռը շուտով բաց ըլի նրանց առաջին:

Բոլոր տիեզերք, հորիզոնք երկնից, գագաթք լերանց, սահանք բարձանց սկսեցին տապալիլ. թխպագին, արջնաթույր, սևաթև ամպն, որ բարձրացել էր, հասավ արեգակի մոտ ու արյան ծովի պես առաջ փոքր ժամանակ կարմրատակեցավ, ապա կուտակվելով, ծալվելով` էնպես այլագունեցավ, սևացավ, մինչև հեռու տեղից տեսնողք էլ էն օրը էնպես էին կարծել, որ մեկ տեղ աշխարհ ա կործանվում, օրը դառավ գիշեր: Հավ, ճիվ, թռչուն, անասուն` վաղուց փախել, քարափների արանքը, մեշեքանց ծոցն, էրերի պուճախն էին մտել ու դողալով հեթեթում, հեթեթալով շունչ քաշում:

Խլղարաքիլիսո խոտերի, արտերի բոցը քամին քշելով` տարել էր, մեշեքն էր քցել, դուզ, չոլ, ղռ, քոլ, յավշան, թուփ, խուփ, ծղնոտ, տերև, ծառ, ինչպես ամառվան գիշերը կրակ տված չոլ, սարերը աստղեր էին շինել, ձորերը` երկինք, որ պարզիկա վախտը ամեն գիշեր մեր գլխին էրվում են: Կատաղի քամին բոցին առաջն արած որ չէր ղամշում ու քացի տալիս, հենց իմանում էր մարդ, թե Շորագյալու դաշտը հրեղեն ծով ա դարձել, ու կրակի, բոցի ֆրթնեն (ալիքը) քուքուրթ, կայծակ ածում դաշտերի գլխին: Խուլ ձորերը, խոր էրերը բողազները ետ ճոթռած որ կուլ տված քամին էլ ետ չէին քշում, տալիս քարափների ճակատին, քարերը, ծառերը ուզում էին անկաջները կալնին, ոտ առնին, փախչին, ու նրանց գողի ու զրնգոցի ձենի մեկ տուտը երկինքն էր հասել, ամպերն իրարոցով տալիս, մյուսը գետնի գլուխը, մեջքը, ոսկորները ջարդելով՝ անդունդը խրվում ու հազար տեղ գոռալով, ջարդվելով գնում, կորչում, լռվում, պապանձվում: Կայծակի ամեն մեկ ճամբարակը, ճոպանը, ինչպես մեկ հրեղեն սուր, որ երկինքը չէ՛ր ճղում, ամպերի մեջքը կոտրում ու Ալագյազի, Մասսա, Դվալու գլխին, թափին տալիս, ուզում էին, որ էս ահագին երկրի գլխըները, իրանց աչք-ձորերը տակուվեր անեն, քոռացնեն, իրար սպանեն ու սաղ-սաղ անդունդը խրվին, բաթմիշ ըլին: Ամպերը օխտը գլխանի վիշապի նման, երկնքիցը ճոլոլակ էլած, որ բերանը չէին բաց անում, խփում, ուզում էին, որ սաղ երկինքը կում անեն, ծամեն, փշուր փշուր անեն ու էլ ետ հազար թիքա արած՝ ածեն անիրավ մարդի գլխին, որ ո՛չ երկնքիցն ա պատկառում, ո՛չ աստվածանից վախենում, ո՛չ ջուր իրան օրինակ առնում, ո՛չ հողից մեկ խրատ վերցնում, ո՛չ իր խեղճ հոգու ներքին ձենը լսում, որ գիշեր-ցերեկ լալով, արտասվելով, քնած թե արթուն, ձեն են տալիս, գոռում.

Երկնքի արեգակի պես, երկրի հողի պես, դու, աստուծո պատկեր, բարի կա՛ց, բարություն արա՛, քեզ պահի՛ր, լավություն արա՛, աստծուն նմանի՛ր, ընկերդ պահպանի՛ր, աստուծո աշխարքը շինի՛ր, նրա ձեռագործը մի քանդի՛ր, որ դու էլ մնաս շեն, դու էլ չի՛ քանդվիս, հողին չի՛ հավասարվիս:

Երկինք, երկիր, սար, ձոր` անկաջ, աչք խփել, լալիս, սուգ էին անում, դոշներին ծեծում, գլխներին տալիս, երեսները պոկում, պռճոկում, ամպք ուզում էին Խլղարաքիլիսեն վերև քաշեն, անդունդք` իրանց ծոցը քաշեն, պահեն. քար ու հող իրար կտրատում, սպանում էին, բայց աստուծո պատկեր մարդը` աչքը բաց, անկաջը սրած, կռները վեր քաշած, կայծակի թուրը ի՛ր գլխին էր խփում, նա իր թուրը՝ ողորմելի խչղարաքիլիսցվոց գլխին: Ամպի կարկուտն ի՛ր դոշին էր վեր հատում, որ աստվածանից վախենա, նա իր թվանքի կարկուտը անճար հայերի էրեխեքանց, անմեղ մանկանց, նորահաս հարսների գլխին էր վեր ածում: Երկիրն իրա՛ն էր ուզում քարի, հողի տակով անի, նա մեր ազգի ողորմելի ջիվան որդիքն էր արյան ծովումը խեղդում, ջախըբուրդ անում: Սարերն ուզում էին պարսից գլխին թափին, խո՛ր տանին, նրանք մեր անտեր խալխի տուն, տեղ կրակում, իրանց սրի բերնով ղիմա-ղիմա տալիս:

Ա՜խ, սիրտս կտրատվում ա. լեզուն ի՞նչ ա, որ բառով կարողանա էն սարսափելի տեսարանը պատմիլ, որ լսողը կամ կարդացողը իմանա, թե իր խեղճ ավազանի քիր ու ախպերը ի՜նչ հալումն էին էս սհաթին, ի՞նչ էին քաշում, ի՞նչ էին տեսնում, ո՞ւմ առաջին, ո՞ւմ ձեռին, ո՞ր աշխարքում, ո՞ր հողում: Ա՜խ, շլինքդ չկոտրի, Ա՛ղասի, ա՛խ, ո՞ւր էիր էս սհաթին: Թագավո՛րք Հայոց, որ Անու միջումը անուշ քնած, ձեր որդիքը հարամու ձեռին՝ դուք մեկ գլուխ չի՛ բարձրացրիք, որ նրանց հավարին հասնիք, է՛ն որդիքը, որ մեկ սհաթից առաջ աշխարք զարմացրին իրանց քաջությամբը, երկիրը սասանացրին իրանց տղամարդությամբը ու, ինչպես դուք, հսկայաբար պահպանեցին իրանց աշխարհը, ձեր հողը, ձեր հայրենիքը, ու դո՛ւք, անգութք, թողիք նրանց էսպես փորձանքի միջում, թշնամու թրի առաջին:

11

Բայց վա՜յ ինձ, ո՞ւր հասա, ո՞ւր տարավ ինձ իմ կսկիծը, իմ էրված սիրտը: Լեզուս չի՛, որ խոսում ա, հոգիս ա, որ զգում ա, ազգիս արինը առաջիս թափում, իմ հայրենիքն առաջիս քանդվում, իմ սիրելի ախպոր աղի արտասունքը ու դառը սուգը՝ սիրտս էրում, խորովում: Ի՞նչպես բերնիս հուպ տամ. արինս քթովս ա դուս գալիս, աչքս կայծակին տալիս, ջանս էլ տամ, էլի իմ թանկագին ազգի արինն ու ոսկերքը Շորագյալու հողումը չորացած կարելի ա, թե մեկ մարդի չէրևեր, մեկ մարդ չիմանար, թե ես էլ էստեղ պետք է զոհ ըլեի, չիմանայի, չտեսնեի, չլայի ու աղի արտասնքով չխնդրեի, ով Խլղարաքիլիսու պատմությունը կարդա, ինչ աստվածասեր հայ նրանց տարաբախտությունն իմանա, գլուխը պահի, նրանց հոգին հիշի, իր հոգին ու մարմինը էլ թշնամու ձեռք չտա՛, չտա՛. ջուրն ընկնի, կրակումն էրվի, բայց իր յախեն պարսից ձեռը չի՛ քցի, չի՛ քցի. գլուխը ծախի, իր ազգի դարդին հասնի, իրան գերի չա՛նի, չա՛նի: Ա՜խ, երաբ ասածս տե՞ղ կհասնի, թե՞ հետս գերեզմանը կերթա, ու հողումն էլ ոսկերքս կմաշի, կտանջի, դրախտն ինձ դժոխք կշինի, գերեզմանն՝ ինձ գեհյան (քուրա):

Էրեխե՛ք, ձեր ջանին մեռնիմ, ձե՛զ եմ ասում իմ դարդը, ձեզ հմար եմ գրում, ձեր երեսին ղուրբան, հողումն էլ ըլիմ, էկե՛ք, վրես կանգնեցե՛ք, թե ազգասիրությունն ու հայրենասիրությունը ձեզ վնաս տա, անիծեցե՛ք ինձ, թե օգուտ՝ օրհնեցե՛ք ու լսեցե՛ք ձեր ընկերների լացն ու սուգը, նրանց հորնըմոր կսկիծն, ու ձեր հորնըմոր ծոցում դինջ հանգստանալիս՝ ասածներս մտքըներդ բերե՛ք: Խլղարաքիլիսեցոց անմեղ երեխեքանց ձենը քանի անկաջներդ ընկնի, փառք տվե՛ք աստուծուն, որ էնպես երկնքի տակի ծնվեցի՛ք, որ ձեր աչքը էսպես բան չտեսավ, նրանց ծոցումը մեծացաք, նրանց կաթովն ապրեցիք ու նրանց արինը չխմեցիք, նրանց դոշի վրա քնեցիք ու չմորթվեցիք, նրանց կռան վրա խաղացիք ու ո՛չ նրանց մեռած, կտրատված, թիքա-թիքա արած, արինաթաթախ լաշի վրա ընկաք ու լալով, արտասնքով նրանց արինը չծծեցիք: Կենդանի մոր փորից դուս էկաք, նրանց սերը վայելեցիք ու ո՛չ թե նրանց ճղած , փորը դուք կենդանի մտաք, ու ձեր գլուխն էլ նրանց սրտումը արինաթաթախ ցցվեց: Բարձի վրեն, յորղան-դոշակի տակին նրանց խտտեցիք, խնդացիք ու ո՛չ հողի միջումը, քարերի վրա, նրանց արնումը թավալ տալով՝ ձեր արինն էլ հետը խառնեցիք:

Ա՛խ, մի՛ լաք, մի՛ նախատեք ինձ, որ ես ձեր առաջին դժոխք եմ բաց անում. իմ սիրտս էլ որ դժոխքումն էրվի, էսքան չե՛մ կսկծալ, չե՛մ մորմոքվիլ, չեմ տանջվիլ, ինչպես Խլղարաքիլիսու պատմությունը միտքս բերելիս: Չբարկանա՛ք ինձ վրա, չասե՛ք, թե երազ եմ պատմում. Հազարից մեկը չե՛մ ասում, որովհետև ձեռքս թուլանում ա, աչքս սևանում: Իմ լեզուս ի՞նչ ա, հարցրե՛ք Էնտեղ ըլողներին, նրանք հազարապատիկ լավ կասեն, թե ի՛նչպես էին անողորմ պարսիկքը մոր փորը ճղում, երեխեն հանում, թիքա-թիքա անում, առաջ ոտները կտրում, հետո՝ ձեռները ապա մզրախի, թրի ծերը հանած նրա մղկտալուն, թրպրտալուն երկար ժամանակ մտիկ տալիս, իրանց դժոխային քեֆն անում, ասում, լսում, խնդում, ծիծաղում ու հետո, ա՜խ, հետո, էնպես անմեղ քոռփին հորնըմորը տալիս, կամ նրանց գլուխն էլ սրանցի հետ մատաղ անում:

Թողե՛ք, թողե՛ք անց կենա՛նք, հերիք ա. բայց ի՞նչ անեմ, հենց գիտեմ՝ Էսօր ա Սահակ աղեն առաջիս կանգնել, աղլուխը աչքին դրել, աղաչանք անում, որ Հասան խանի սիրտը ռահմ ընկնի, էսօր են հայ սարվազներին են երեխեքանցը տալիս, որ նրանք բռնեն, իրանք փառչալամիշ անեն, էսօր են տասը պարսիկք Վարդանի քիր ու ախպերը, հերնըմերը առաջիս սաղ-սաղ քերթում, կաշիները հանում, ոտ ու ձեռ քարով, թոխմախով ջարդում, քացով երեսներին տալիս, ու Վարդանը՝ էս հրաշագեղ պատանին, ձեռները կապած, էս երկնային հրեշտակը նրանց վրա կանգնած, ոտն ա կամենում շարժի, ճոպանը չի՛ թողում. ձեռն ա ուզում մեկ բանի հասցնի, չվանն ա ղայիմ, թրի առաջն ա ուզում ընկնի, թուրքը չի՛ թողում, սիրտը պատռում ա, ձեն չի՛ կարում հանի, չունքի նրա հասակի ջահել տղա, աղջիկ հավաքել, ձեռ, ոտ, բերան կապել, տանում են, որ իրանց դնին մատաղ անեն: Ողորմելի պատանին ուզում ա, որ մեկ ետ էլ մտիկ տա, իր ծնողաց սուրբ արինը ու կտրատված լաշը մի տեսնի, փափագն առնի, մեկ կաթ արին էլա վրեն քսի, մեկ բուռը հող էլա ծոցը կամ ջեբը դնի, որ հիշատակ մնա, մեկ համբուրի էլա ու ետին բարովն ասի, մեկ չոքի էլա, նրանց օրհնությունն առնի, բայց ա՜խ, ա՜խ, հարիր սուր գլխին, պլոկած, աչքերը կապած՝ իր ընկերների հետ քշում են, անկաջները` փակ, որ նրանց ձենն էլա իմանան, բերանները՝ կապած, որ իրար հետ, խոսին. ձիու երըմիշ ըլելուցն են իմանում, որ շարժում են, բայց չգիտեն՝ ո՞ւր. Դժո՞խքը, թե դրախտը. — դժո՛խքը, սիրելի, դժո՛խքը. սրանց տանում են, որ թուրքացնեն, իրանց դնին մատաղ անեն:

Ետ դաոնա՛նք, պրծա՛նք, հազար ծեր ու պառավ, հազար տղա ու աղջիկ, մանուկ, ծծկեր իրար վրա փրթած՝ վաղուց ձենըները կտրեցին, երկնային քունը մտան: Ժահահոտությունը քիչ-քիչ սկսում ա բարձրանալ, հարավի չոր քամին` փչում. ամպերն էլ ետ սարերի գլխըներին հավաքվեցան, նրանց աղաղակը աստված չիմացավ: Արեգակը վազում ա արևմուտը հասնի, ղզլբաշը՝ Ապարան քաշվում. Խլղարաքիլիսեցոց հոգիքը` ո՞ւր.— դրախտը, արդարը դժոխքը ե՞րբ կերթա: Խլղարաքիլիսեն էրվեց, ամպերը քաշվեցին, սարերը դինջացան, հարիր տասըտասնըհինգ տարեկան տղա, աղջիկ Հասան խանի օրդուն մտան: Ղոնշունը նաղրախանեն ածելով, պար գալով ետ ա դառել. դահիճքը իրանց թրերն են հազրում, մոլլեքը իրանց լեզվները սրում, որ Քրիստոսի որդիքը Ալուն մատաղ անեն: Վա՜յ, վա՜յ, Հայոց ազգ ջան, է՞ս օրին էիր դու արժան:

Իրիկունը որ գա, ա՜խ, գել, արջ, սարերի գազանները պտի գան, ձեր, կացած տեղը իրանց ուրախությունն անեն: էլ ո՞վ կլսի մոր ձեն, հոր աղոթք, երեխի խաղ ու ծիծաղ, ժամի ու զանգակի ձեն ձեր լաշերի վրեն: Գազաններին կմնա բոլոր մեյդանը, նրանք պետք է էս գիշեր մարաքյա անեն էստեղ: Գնա՛նք, գնա՛նք, միսս սրսռում ա. Օ՜հ, ո՞վ սիրտ կանի մոտանա, բաս էրեխեքանց ճարն ի՞նչ կըլի. նրանք կերթան Հասան խանի օրդուն, լաց կըլին, ջան ասող չի ըլի. կէրվին, կմորմոքվին, մեկ ցավող չի՛ ըլիլ: Ամեն մեկը մեկ խանի կամ արախլվի ձեռի՝ հավի պես կծվա կամ լեղապատառ կըլի, կամ սուրը իր դոշը կխրի, իրան կսպանի, կամ տանջանքին չդիմանալով` կթուրքանա. ո՞վ, լսողը ի նչպես չպտի սարսափիլ:

Տեսնի՛նք, ո՞ւր գնացին էս անմեղ գառները: Մեր բախտիցը, թե տարաբախտությունիցը, մութը գետինն առել ա, էլ մեզ մարդ չի՛ տեսնիլ, որ եսիր անի:

Մթնագիշերը քեզ մեկ ղարալթու ա երևում, գլուխը ցից, պատերը քանդված, հազար կայծակի ու երկրաշարժության երեսը դեմ տված, դռներն ու փանջարեքը խարաբա, խորան ու սեղան ավերակ՝ կանգնել ա տխուր եկեղեցին Ապարանու: Ուր հազար գող ու ավազակ աղոթքի ու պատարագի տեղ անմեղ հայերի որդիքը ձեոըները կապած, բերան ու աչք խուփ, իրանց չար կատաղությանը պատարագ արին: Ուր հայոց թագավորքը, իշխանքը ու պայազատքը Ապարանի բյուրատեսակ ծաղկների հոտը, էն պատվական աղբրների համն առնելով՝ իրանց ամառվան օրերը հովացնում, իրանց հովացած, զովացած սիրտը աստվածային սիրովը վառում, իրանց սուրբ սրտի աղոթքն ու մաղթանքը ծաղկների հոտի հետ խառը, թռչնոց ձենի հետ հավասար, մեկ բերնով՝ իրիկուն, առավոտ երկինքն էին ուղարկում: Ուր էս սհաթին էլ մեկ ահագին չորս ջաղացի ջուր մեկ քանդված բլրի տակից, ուրտեղ որ Վաղարշակա, Տիգրանա, Տրդատա ապարանքն էին, երկրի երեսը ճոթռելով, Ալագյազի սրտիցը, գետնի տակովը ճանապարհ բաց անելով՝ բերանը փրփրով լիքը, աչքերը խոժոռած, դուս ա պրծնում կատաղած, որ իրան պսակողների երեսը տեսնի, նրանց սիրտը հովացնի, քնելիս, զարթնելիս՝ երկնային ցողը նրանց երեսիցը գողանա, իր ցողը նրանց վրա թափի, բայց, ա՜խ, գլուխը քանդված տեսնելով, վրի շինած ապարանը՝ բրիշակ, եկեղեցին՝ ավերակ, չորս կողմը նրանց հմքի, սեղանի քարերը արինաթաթախ, մամռապատ, փշրված ընկած, բերանը կրկին բաց ա անում, որ արտասունքը կուլ տա, էլ ետ իր փորը տանի, բլրի չորս կողմը պտտում, ոլորվում, խոտ ու ծաղիկ պռճոկում, սուս, մունջ՝ իր ձենը փորը քաշում, աչքը խփում. ջուրը հողի, քարերի տակին ցրվում, էլ ետ գետինը մտնում, ու կես փայը առու դառած՝ գնում Երևանու դաշտը, որ նրա էրված, խորովված սիրտը հովացնի էլա, Ապարանու սուգը, տարաբախտությունը էջմիածնին, Վաղարշապատին, Արմավրին, Երասխին, Մասսին պատմի ու նրա սև ջրի դառը արտասունքը իր հետ խառնի, որ Արարատի սրտիցն ու աչքիցն, ահագին գետի պես, լուռ, հանդարտ դուս ա գալիս, — Արարատյան դաշտի քանդված, ավերած երեսը տեսնում, վրըները սուգ անում ու քիթ ու պռունկ աղի արտասնքով լիքը, տխուր երեսը անհոգի ղամշով ծածկած, քամու առաջին, թշնամու ձեռին ծալվելով, չոքելով, կանգնելով մյուս սարերի աչքի ջուրը, որ էստեղ էկել, ծովացել, կանգնել են, ղամշի ու իլղունի միջումը կորել, վերցնի, գնա, Խոր Վիրապա, Արտաշատա դզովն անց կենա, ու տրտում Երասխի հետ Զանգին ու Գառնու գետն էլ մեջ անեն, որոց մինը Սևանա աչքիցն ա կաթում, մյուսը սուրբ Գեղարդա սրտիցը բղխում, երեսները կալնին ու սուգ անելով, գոռալով, Նոյան, Նախիջևանի, Մարանդի գերեզմանի, Նարեկա վանքի, Սյունյաց դաշտերի սրտները հովացնելով, աչքըները սրբելով՝ գնան, Քուռն էլ մեջ անեն, իրանց արտասունքը նրանի հետ խառնեն ու տանին, Կասպից ծովի սիրտըն ածեն, նրա աղի ջրումը կորչին, պարսից նավերը ջախըբուրդ անեն, ոուսաց նավերը իրանց քամակի վրա տանին ու բերեն, որ ճամփին չհուսահատվին, չբեզարին ու էն իրանց բարի ոտը մեր աշխարհիցը չկտրի, որ բալքի մեր հայրենիքը նրանց արծվի թևերի տակին զորանա, մեծանա, դարդերը մոռանա ու էլ ետ իր առաջին փառքին հասնի: է՛ս եկեղեցումը, է՛ս քարերի տակին ու աղբրի մոտին, քոլումը կուչ գա՛նք, որ մեզ չբռնեն: Գիշերն էս ա, հասել ա, օրդուն՝ մեզանից մոտիկ, ու թուրք ազգը ցերեկն էլ էս կողմերովը չի՛ անց կենում, որովհետև Քրիստոսի թշնամի ա, ու անկաջ դնենք գիլանոնց ոռնալուն, պարսից գոռալուն, հայոց լալուն ու սգալուն ու էն անմեղ էրեխեքանց էրվելուն, ծեծվելուն, մղկտալուն, չունքի Էստե՛ղ պետք է նրանց աչք ու բերան բաց անեն, որ նրանց գարշելի երեսը տեսնին, իրանց ծնողաց երեսը, իրանց քաղցր հոր տունը մոռանան ու նրանց արինաթաթախ չանգերումը՝ իրանք մրմնջան, նրանք փրփնջան. իրանք մղկտան, սրանք վխկտան. իրանք գլուխ ու երես ծեծեն, խորովվին, սրանք միրուք ու ճալվեր սղալեն ու փառավորվին. իրանք հերնըմեր, քիր ու ախպեր ձեն տալով՝ ղոշըները ետ ճոթռեն, նվաղին, սրանք իրանց իմամ Հուսեյնի անունը հիշելով՝ յա ծոցըները ուզենան նրանց առնեն, յա դանակները, թրերը սրելով նրանց սրտըներին դեմ անեն, որ լռվին:

Ա՜խ, չէ՛, չէ՛. անկաջդ կա՛լ, սի՛րելի, մարդի միսը սրսռում ա, գլխին կրակ վառվում: Աստղերը դուս են էկել, պելացել, ցավակից լուսինը տխուր, դառնավարամ՝ հենց աչքը Ապարանի երեսին առավ թե չէ, էլ ետ չոքըչոք արևմուտն ա փախչում, որ անկաջները կալնի, էս ողբալի աղաղակը չլսի. երկիրն իր սև սգի շորը հաքավ, աչքերը խփեց, որ էս դառը տեսարանը չտեսնի, միմիայն անսիրտ, անգութ սարերը սիրտ ու բերան բաց արած՝ չար հրեշտակ քամու ձեռովը խաբար են իմանում, խաբար տալիս, ծիծաղելիս՝ ծիծաղում, հրհռալիս՝ հրհռում, հառաչելիս հառաչում, գոռալիս՝ գոռում, լալիս` լաց ըլում, ու մեկ րոպեում հազար տեսակ ձեն իրար հետ խառնում, ու մեկն էլա իրանք չիմանում:

Նա՛նի ջան... ջա՛նի ջան.. ա՛խպեր ջան... ա ստված ջան... բա՛բա ջան, հո՛գի ջան... վա՜յ, վա՜յ... վա՜յ մեր սև օրին, արևին, վա՜յ մեր ջրատար գլխին: Ա՜խ, ի՞նչ կըլեր՝ ձեր ձեռովը մեզ ջուրն ածե՛իք, ի՞նչ կըլեր՝ մեզ չէ՛իք ծնել, ընչի՞ չի՛ մեզ էլ ձեր սրտի վրա մատաղ արին, ընչի՞ չի՛ մեզ էլ ղիմա-ղիմա տվին. էս ո՞ւր են հասցրել մեզ, էս ո՞ւր բերել, գետինը չի՛ պատռվում, մեզ ներս տանում. երկնքի աչքը քոռացել, մեզ չի՛ տեսնում: Ա՜խ, ո՞ւմ ծոցից զրկվեցինք, ո՞ւմ ձեռն ընկանք: Ա՜խ, տեր աստված, ընչի՞ մեզ էսպես պատժեցիր. քեզ ի՞նչ էինք արել, որ մեր աչքը էսպես հանեցիր. ո՞ւմ մեկ վնաս տվինք, որ մեր գլխին քար քցեցիր: Մեր հորնըմորը, մեր քիր ու ախպերը մատաղ արիր, ախր մեզ էլ նրանց հետ տանեիր, ի՞նչ կըլեր:

Մութն էկել ա, գետինն առել, նա՜նի ջան, սար ու ձոր խավարել, փակվել, մենք մերը կորցրած հավի ճտերի պես ընկել ենք չոլ ու դուզ. ո՛չ աչքըներս ա քուն գալիս, ո՛չ սրտըներս՝ ղարար, ա՜խ քաշելիս՝ կրակ ա դուս գալիս լերդըներիցս. ո՞ւմ երեսին մտիկ անենք, որ մեր սուգը տեսնի, ո՞ւմ ճտովն ընկնինք, որ մեր արտասունքը սրբի. ո՞ւմ մոտ գնանք, որ մեզ գոգն առնի, մեր սիրտը մխիթարի, մեր դարդն իմանա: Քարերը անկաջ չունին, որ մեր ձենը լսեն, սարերը սիրտ չունին, որ մեզ վրա ցավին, երկինքը՝ հեռու, որ մեզ քաշի, տանի, երկիրը թուր չունի՛ որ մեզ էլ փրթի, կոտորի, ո՞ւմ ասենք մեր դարդը, ա՜խ, ո՞ւմ: Ընչի՞ մեզ աշխարհ բերիք, ընչի՞ մեզ կաթը տվիք, պահեցիք. դուք շուտով պրծաք, երկինքը գնացիք, մեզ` որբերիս, էս փո՛ւչ աշխարքի վրա թողիք, որ դհա ավելի տանջվինք, դհա ավելի չարչարվինք. ձեր կարոտը մեկ կողմից քաշենք, մաշվինք, մեր ցավը մյուս կողմից սրտըներս անենք, էրվինք, փոթոթվինք:

Ձեռըներս կապած, գլխըներս բաց, երկնքի տակին, Ապարանու չոլումը՝ ձեզ ենք կանչում, ձեզ ենք ուզում, ձեր անունը տալիս, ձեր խաթեր լալիս, ա՛յ մեր ազիզ ծնողք. երկնքո՞ւմն ա ձեր հոգին, թողե՛ք, մեկ սհաթ գա, վրըներս պտիտ տա. երկրո՞ւմս ա դեռ, մեր աչքին մի երևի, հասրաթներս առնինք ու հետո, ա՛խ, հետո մեր հոգին էլ ձեր հոգուն տանք. ձեզ հետ թռչինք, ձեզ հետ միանանք, դժոխք թե դրախտ, միասին տեսնինք. ուր որ ըլիք, առանց ձեզ չմնանք, ա՜խ, ի՞նչ կըլի, ի՞նչ... Ա՜խ, ի՞նչպես չի մեր սիրտը պատռվում, մեր ջանը էրվում, մեր բերնիցը կրակ դուս գալիս, մեզ խորովում. ի՞նչպես ա մեր լեզուն խոսում, ու չի՛ քրքրվում. մեր աչքը տեսնում ու չի դուս տրաքում, մեր շունչը դուս գալիս ա չի կտրվում, մեր արինը եռում ու չի՛ ցամաքում, մեր անկաջը լսում ու չի քառանում, մեր ոտները փոխվում ու չի մեր տակին փշրվում, խուրդուխաշ ըլում. էս ի՞ նչ օր ա, որ մենք քաշում ենք:

Նանի՛ ջան, ա՛խպեր ջան, բա՛բի ջան, վա՜յ, վա՜յ... է՞ս օրվան համար մեզ օրորոց դրիք, է՞ս օրվան համար մեզ սրից, ջրից ազատեցիք, մեր ցավին դարման արիք, մեզ ջան ասելով, մեր աչքը սրբելով, գոգըներդ առնելով, դոշըներիդ կպցընելով, քրտինք թափելով, անքուն մնալով, սար ու ձոր ընկնելով մեզ ապրուստ ճարեցիք, ձեր կյանքը խավարացրիք, մեզ ծաղկացրիք, դուք թառամեցիք, մեզ դալարացրիք, ձեր ումբրը չորացրիք, մեզ տանը քուն դրիք. դուք հանդում, չոլում, արևի, անձրևի տակի ջանըհան էլաք, որ մենք զորանանք, աչքըներիդ լիսը սպիտակացրիք, որ մենք մեծանանք, հասնինք, ձեզ քոմակ ըլինք. է՞ս ա մեր քոմակ ըլիլը, է՞ս էր ձեր մուրազը: Էստո՞ւր համար աստծուն՝ լիսը բաց ըլելիս, մութը մթնելիս, գիշեր-ցերեկ աղոթք էիք անում, որ մեր ոտին քար չդիպչի, մեր մատը փուշ չըլի, մեր գլխին կարկուտ, արև չխփի. մեզ իր աչքի առաջին, իր թևի տակին ցավից, չոռից ազատի, որ մենք բարի զավակ ըլինք. Քրիստոսի խաչի ղուլ դառնանք, ավետարանի՝ ծառա, եկեղեցու` հող, ազգի պարծանք, աշխարքի՝ շենություն: Ա՜խ, ո՞ւր էս սհաթը աստուծո անկաջը, որ ձեր արդար ձենն մեկ էլա չլսեց, ձեր հազար մուրազի մեկն էլա չկատարեց ու մեզ էսպես քարին տվեց, ու մեր հոգին էլա չի՛ առնում, որ պրծնինք, ա՜խ, կորչինք էս անօրեն աշխարքիցը:

Հաջորդ էջ