Աբովյան Խաչատուր՝   Վերք Հայաստանի

2

Էս խառը, դառը, ալեկոծյալ ժամանակին էր, որ մեր իգիթ Աղասին հինգ տարի սարեսար, քարեքար ընկած, հինգ ընկերիցը իրեքը կորցրած, երկուսը քամակին, մեկի անունը Կարո, մյուսինը՝ Մուսա, մեկ տասըքսան քրդստանցի հայ էլ իր թրի տակը բերել, սար ու ձոր չափելով՝ ման էր գալիս: Մեկ օր Անի ըլում, մեկ օր` Ղոշուվանք, ու էստեղէնտեղ չափմիշ անելով՝ գլուխը պահում էր, որ յա իր ջիգրը հանի, յա մեկ հազար մարդ էլա սպանի, հետո հողը մտնի, որ սրտումը դարդ չըմնա: Ավելի Անի էր նրա բնակության տեղը, որտեղ որ հարիրավոր ղզլբաշի գլուխ էր թրին մատաղ արել: Էստեղից էր, որ վրա հասավ ու իր չար թշնամի Հասան խանին ճանկեց, ամա ջահելությունն ու խաչապաշտությունը նրան գլխից հանեցին, նա խաբվեց ու հազիր ձեռն ընկած ֆորսը էլ ետ բաց թողեց:

Մեր կարդացողների լավ մտքին կըլի, որ նա, երբ Քանաքեռ սարդարի ֆառաշներին սպանեց, ինքն էլ Էնպես մնաց ազիզ թագուհու ու իր արածի վրա սառած, կանգնած: Ընկերներն էլ Ժամանակ չկորցրին. գիտեին, որ բոլորի վերջը մահն է, էլ ո՛չ հոր մտիկ արին, ո՛չ մոր, Աղասուն կապեցին ձիու վրա ու ընկան Ապարանու սարը, որ կամ Փամբակ փախչին, կամ Ղարս, կամ Ախլցխա, որ իրանց գլուխը թափեն: էրկու սհաթից ետը ի՞նչ Քանաքռու հալն էր, աստված ո՛չ նշանց տա: Սուգ ու շիվանն ընկավ գեղը. տուն էր, որ քանդում էին. մարդ էր, որ փետ ու միս էին արել, փախածներին պտրտում, նրանց հերնըմերը, օղլուշաղը թրի տակ արած` մեկ սհաթի միջումն որի շլինքը թոկ քցած, որի ձեռները ետևին կապած` ոչխարի պես առաջ արին, որ տանին սարդարի դուռը:

Որդի էր առաջները գալիս, որ հոր ճտովն ընկնի ու իր վերջին բարովն առնի, աղջիկ էր մոր դոշին ընկնում, որ հոգին տա. հարսն էր մեջ ընկնում, փեսա էր ոտնըներովը փաթաթվում, որին թրով էին յարալու անում, որին թվանքի ոռքով ջարդում: Քար էր ընկնում ձեռըները, վրըներն էին քցում, փետ էր պատահում, գլխըներին խփում: Շատին էլ տան սներիցը կապել, Էնպես էին չիփ-չիփլախ ոտին, գլխին վեր հատում, որ մեկ ձենը երկինքն էր հասել, մեկը՝ գետինը: Սաղ գեղը պոկ էր Էկել. որը գլխաբաց, որը բոպիկ ոտով, որը յարալու, որը կուռը կոտրած` արնաթաթախ, երեսը պռճոկելով, գլխին, դոշին տալով, որը ջուրն էր ուզում ընկնի, որը քարափնըվեր: Քեդխուդեքն էլ հո, ձեռ-ձեոի կապած, Էնքան ոտի թվանքի տակ էին ընկել, որ ջանըներումն էլ սաղ տեղ չկար:

էս հալին մտան Երևան, գնացին բերդը: Կնանոնցը քարով, փետով դեն արին, մարդկերանցը ներս քաշեցին, ու անկուշտ Երևանի բերդը ատամները սրեց, որ էս նոր Էկած ղոնաղներին էլ փորումը լավ տեղ տա, մարսի: Երկար վախտ դեռ նրանց ձենը բերդիցը, կնանոնցը՝ դրսիցը, իրար էին հասնում, իրար գլուխ լալիս, մինչև քամին բոլորի ձենն էլ կտրեց, — աշխարքը դինջացավ, դահիճքը կատաղեցին: Էս միջոցին խաբար հասավ Սահակ աղին: Էս Երևանու հայերի փրկիչը, որ ազգով, պապով Էնքան հոգի, տուն ազատել էին բանտից, մահից, սրից, թրից, որ թիվ ու համար չկա: Ձին թամքած՝ տանը հազիր էր. թռավ ձիու քամակը ու նոքար, բեքար առաջն արած՝ է՛ն սհաթին հասավ բերդի դուռը, որ կնիկ, օղլուշաղ, քար, հող ուզում էին պոկեն, գլխըներին տան, բայց քարն Էնքան անիրավ չէր, որքան անաստված ֆառաշները: Ձին որ չքշեց մեկի վրա ու ղամշով գլխին տրաքացրեց, տասը տեղ գունդ ու կծիկ անելով մնաց քամակի վրա ընկած:

Հենց է՛ս սհաթին փորդ վեր կածեմ, — ասեց, — սա՛տկած շուն, քո ի՞նչ հադդն ա կնիկարմատի ձեռ վրա բերես: Կապեցե՛ք էդ շներին, հենց էս սհաթին դրանց թոզը քամուն տալ տամ, դրանց սոյին նա՛լլաթ:

էս խոսքի վրա նոքարները էլ վախտ չի՛ կորցրին, վրա թափեցին ու հենց, էն ա, էստեղ-էնտեղ շատին բողմիշ արել, ուզում էին ոտ ու ձեռ կապեն, որ բիրդան Սվանղուլի խանը բերդիցը դուս էկավ: Թուրքերի միջին, կարելի է, մեկն էլա էնքան հայի թասիբը չէր քաշում, ինչքան էս օրհնած խանը: Նրան էլ որ էն դհիցը դուս գալիս չտեսան, թուրք, հայ մնացին փետացած, կանգնած: Բայց ո՞վ էր կարող էս հադաղին էն նաչար, ջրատար եսըրների օղլուշաղի ձեռ ու ոտ կապիլ: Հարայ տվին ու ընկան ձիու ոտը.

Խա՛ն, գլխովդ ման տանք, ոտիդ հո՛ղ դառնանք, մեր ձեռն ա, քո` փեշը, վերևումն` աստված, ներքևումը` դու. մեզ տա՛ր, ջուրն ածի՛ր, մեզ էստեղ սպանի՛ր, սուրը քաշի՛ր, ձիուդ ոտի տակին մատաղ արա , մեզ մի ճար արա՛:

Բարեսիրտ խանը ձին ետ քաշեց, ֆառաշներին ղամշելով դեն արեց, որին իսկույն վեր քցիլ, բերանը հող ածիլ տվեց, որի ատամներն ու գլուխը մաշկի նալչով լավ տրորիլ տվեց, մյուսներին էլ բերդն արեց ու ինքը աղլուխը աչքին դրած՝ սկսեց ձեռը մելիք Սհակի գոտիկը քցիլ ու ասիլ.

Ա՜խ, ճամփեն փուշ ու տատասկ դառնար էս անիծած ղաջարի, որ մեր հողը չմտներ: Աշխարքը քանդեցին, աստված մեկ քար էլա չի՛ քցում սրանց գլխին, որ սատկին, փչանան: էս ի՞նչ ա էս խեղճ խալխի հալը: Մեկ աղջկա խաթեր էսքան տուն քանդիլն աստված ի՞նչպես ա ղաբուլ անում: Աստված մեր թուրը մեկ օր մեր սիրտը կցցի, էս զուլումին քարը չի՛ դիմանալ, ո՞ւր մնա մարդը: Գնա՛նք, Մա՛լիք, գնա՛նք, կես սհաթ որ ետի վրա հասնինք, էն խեղճ բռնվածների տունը կքանդեն՝ յա աչքները կհանեն, յա գլխըները կկտրեն: Աֆա՛րիմ, Ա՛ղասի. էս սհաթին էստեղ ըլի, աչքին պաչ կանեմ: Ռաշիդ տղեն էնպես կըլի, ամա ի՞նչ անես, որ անօրենի ձեռի ենք մնացել: Գնա՛նք, վախտ կորցնիլ պետքը չի:

էսպես խոսեց էս արժանահիշատակ թուրքը, որ ամեն սհաթի հայելի համար գլուխը ետ էր դրած: Նոքարներին հրամայեց, որ էն կնանոնցն ու Թագուհուն իր տունը տանին, ընչանք ինքը գա, ու ինքը Սհակ աղի հետ մտավ բերդը: Ղարավուլները սրանց որ տեսան, մնացին փետացած կանգնած: Երևանու բնիկ թուրքերը, որ հայի հետ մեկտեղ մեծացել, ախպոր պես էին վարվում, սարդարին, Հասան խանին անիծելով, թքելով, ղզլբշի վրա ատամները ղրճտացնելով՝ քիչ-քիչ քաշվեցին ու դեմը գնում էին, դեմը ասում.

Տե՛ր աստված, ե՞րբ կըլի, որ քո ողորմության դուռը բացվի, ու մենք էս անիծած ղզլբաշի ձեռիցը մեկ օր ազատվինք:

Չունքի սրանք երլու ըլելով` չէին ուզում մեկ օր էլա նրանց ծառայեն, ու շատ անգամ հայերի հետ միացել, քշել էին նրանց, ամա թրի զոռով էկել, էլ ետ երկիրը զավթել էին:

Սարդա՛ր գլխի՛դ ղուրբան, — ասացին Սվանդուլի խանն ու Սհակ աղեն ու ձեռ-ձեռի տված՝ ընկան դիվանխանեն հենց է՛ն սհաթին, որ խեղճ հայերի կռներն ու աչքերը կապել, չոքացրել էին, որ գլխըները տան:

Դահիճները թուրըները սրել, գլխըներին կանգնել էին: — Սա՛րդար, մեր գլուխն էլ սրանցի հետ տո՛ւր, — ասեցին, չոքեցին ու ուզում էին իրանց ձեռովն իրանց աչքը կապեն: — Տուն, մալ, դովլաթ, օղլուշաղ, ղովում, ղարդաշ՝ գլխիդ եսիր ըլին: Ձեռըներիցը բռնի՛ր, ջուրն ածի՛ր, մեր հոգին ա՛ռ ու էս անմեղ խալխին սուրը մի՛ քաշիր: Սարը քո առաջին գլուխ չի բարձրացնիլ, ծովը, քեզ տեսնելիս, բերանը կփակի, ոտդ թափ տաս` երկիրը թև կառնի, կթռչի. արարած աշխարքը թրիդ առաջին ղուլ ա դառել. անունդ երկնքումն ա ձեն տալիս, ոտդ որտեղ դնում ես, ծաղիկ է դուս գալիս, աչքդ որտեղ քցում ես, արեգակ է բաց ըլում. Ի՞նչպես ես մեկ լաչար աղջկա խաթեր, մեկ-երկու նոքարի խոսքով՝ Էսքան տուն քանդում. Բաս ո՞ւր մնա քո ռահմն ու քյարամաթը, որ ալամ աշխարք տեսել, զարմացել ա: Ի՞նչպես էս Էդ հալալ բերնիդ լայեղ տեսնում, որ սրանց արինը վեր ածիլ տաս: Քո քոշք ու սարեն ողորմության դուռն ա, ընչի՞ ես արնի տեղ շինում: Սրանց ծեր հասակին, սրանց խեղճ եթըմներին խնայի՛ր: Սրանք ի՞նչ են արել, որ մեկ տղի, մեկ թուլի, հարամու գլխին եսիր ես անում: Երկինքն էլ ա քոնը, ի՜նչ թե երկիրս: Արարած աշխարքս քե՛զ ա գլուխ վեր բերում. մեկ աղջիկն ի՞նչ ա, որ նրա խաթեր քո խալխի տունն ուզում ես քանդես: Աղջիկ ես ուզում, հազարը կա: Ո՞ւմ աչքդ առնի, որ քեզ մատաղ չըլի: Մեր ջանն ուզի, որ քեզ տանք, աղջիկն ո՞ւմ շունն ա: Դո՞ւ չես, որ հալալ բերնովդ ամեն օր ասում ես. Հայերը քո աջու թևն են, քո երկիրը շենացնողը, խազինեդ լցնողը. քո թուրը կտրուկ, երեսդ պարզ անողը նրանք են: Ի՞նչ կըլի, որ էս սհաթին քո ցասումդ մեզ վրա թափես, սրանց խեղճ գաս: Ասլանին ի՞նչ փառք՝ գառի գլուխը ջարդի: Չէ՛, սրանք քո չրաղն են, քո ըմբրիդ դվաչին. Ընչի՞ ես նհախ տեղը կորցնում: Անողը պետք է բռնած, սրանք ի՞նչ մեղք ունին: Ում ձեռն արնոտ ա, նրա աչքը պետք է հանած, սրանք ի՞նչ են արել: Սա՛րդար, երկնքի, երկրի տե՛ր, սա՛րդար. Դու չես մեր շլինքը տալ, մե՛նք մեր թուրը մեր սիրտը կխրենք: Թե մեր արինը քեզ համար թանկ ա, սրանց գլուխը մեզ բաշխի՛ր: Քո դռան շունն ենք, մեզ մի՛ կորցնի՛ր:

էսպես աղաչանք արին ու չոքըչոք, թրըները տարան, սարդարի առաջին դրին, ոտի տակն ու փեշը համբուրեցին, երեսներին քսեցին ու գլխները գետնին կպցրին, որ տեսնին, թե բանն ինչպես ա վերջանում:

Ձեռներս կապում եք, Խա՛ն, Մալի՛ք, — սկսեց սարդարը բերանը բանալ, — ի՞նչ անեմ. Ի՞նչ կըլեր, մի քիչ ետի էիք էկել: Ինչքան բարկացած էլ որ ըլիմ, ձեզ տեսնելիս՝ թուրը ձեռիս, ձեռս թուլանում ա: Մինչև ե՞րբ էս կրակը մեր երկիրն էրի: Հայ ազգը ո՛չ թրից ա վախենում, ո՛չ թվանքից, ո՛չ թոփից: Կրակն ես քցում, էլի իր հավատն ա պաշտում, ծառին ես կախ անում, միսը պոկում, բերանը տալիս, էլի իր խաչն ա պաշտում, իր Քրիստոսի անունը տալիս: էս մեկ կտոր փետն ի՞նչ ա ախր, որ սրանք էսպես ապավինել են. որդին ես քշում, ինքն ա հետը կրակն ընկնում, հորն ես բռնում, որդին ա գլուխը մահի տալիս: Սրանց մեկ կնիկ են տալիս, մեր օրենքը՝ քանի որ քեֆդ ուզի: Ռահաթություն, մշակություն են անում, բուրդ հաքնում, ցամաք հացի կարոտ, մենք սրանց խանություն, բեկություն, աշխարք, պատիվ, դովլաթ, մեծություն ենք տալիս, ախր ընչի՞ համար չեն խելքի գալիս, մեր մասսաբին, օրենքին հավանում, մեր հավատը ընդունում, պաշտում: Բոլորը ջնջես՝ աշխարքը կքանդվի, չունքի երկիր շենացնողը, հաց տվողը սրանք են: Արևի, անձրևի, կոռի, բեգյարի տակին չորացել, չոփ են դառել, էլի որ մեկի մազին դիպչում ես, ասլան ա դառնում, մարդի պատռում: էսքան մեր ազգը սրանց կոտորեց, եսիր տարավ, աշխարքը քանդեց, էլի խելքի չէկան: Շահություն էլ որ խոստանում ես, իրանց գլուխն են դեմ անում, էլ ի՞նչ ասես: Մեկ մարդ փլավի, մսի տեղ խոտ, բանջար ուտի, ամսներով պաս պահի, ցամաք հացի ապով մնա, ախր էն գլխումն էլ ի՞նչ խելք կըլի: Ախր ի՞նչ սատանա է սրանց սիրտը մտել, սրանց ճամփից հանում:

Մեր փեղամբար Մահմադն ասում ա` թշնամուդ աչքը հանի՛ր. սրանց Քրիստոսն հրամայում, որ նրան սիրես, քո աչքդ հանես, նրան տաս, նրան օրհնես, թե քեզ հալածի: էս խե՞լք ա: Հավն էլ իր ճուտը ուրուրին չի տալիս, սրանք ո՞նց են իրանց որդիքը իրանց ձեռովը մատաղ անում: Մեկ սիրտ անեն, մեր հավատն ընդունին, տեսնին՝ մեր շահն ի՞նչ փառքի սրանց կհասցնի: Ջաֆար խանին թո՛ղ մտիկ անեն, մեկ ղարաբաղցի հոտաղի տղա էր, որ եսիր արի, հմիկ աշխարքի տեր ա դառել: Խոսրով խանն ո՞վ էր, ո՞ւմ որդի, Էնպես էլ՝ Մանուչար-խանը. հմիկ սաղ Իրանը զավթել են. շահն էլ են նրանք, Շահզադեն էլ: Շահի հոգին նրանց ձեռին ա. Ասեն` նստի, կնստի, վե՛ր կա՛ց, վեր կկենա, ինձ նման հարիր սարդար, խան, շահզադա նրանց ձեռին են մտիկ տալիս: Ստամբոլ են գնում հայի տղերքը՝ վազիր ու փաշա են դառնում. Թեհրան են ընկնում՝ նազիր ու խան. սրանից ավելի էլ ի՞նչ պատիվ կուզի մարդ, որ ստանա, ու սրանք Էսպես քարացել, ոչինչ չեն ընդունում: Մեր կուռը բեզարեց՝ սրանց կոտորելով, մեր թուրը գլացավ` սրանց սպանելով, սրանք էլի, հենց գիտես, թե խիարի սերմ ըլին. մեկ ղրաղիցը կտրում ես, մյուս ղրաղիցը դուս են գալիս, էլի հասնում. էլի կտրածի տեղը բռնում:

Մարդ կուզի՝ օր քաշի, կյանք վայելի, սրանք իրանց կյանքը իրանք են մահու տալիս, իրանց օրը իրանք խավարացնում: Մեռնին իրանց հավատովը` դժոխքը պետք է գնան, սատանի ձեռքը: Մեկ կտոր պանիր ուտիլն, մեկ ուշունց տալն, մեկ արած մեղքը չասիլն ի՞նչ զատ է, որ սրանք Էնպես կարծում են, թե իրանք դևի փայ կըլին, թե որ չպահեն: Մեր հավատովը՝ կե՛ր, քանդի՛ր, խլի՛ր, սպանի՛ր, քեֆ արա՛, աշխարքի վայելչությունը քաշի՛ր: Կնիկդ փիս ա, դո՛ւս արա, ուրիշն ա՛ռ. Ո՛չ պաս, ո՛չ ծում, աչքդ ի՞նչ սիրի, Էն կե՛ր, Էն հաքի՛ր, մաշի՛ր. մեկ չոռ ասողի աղիքը վե՛ր ածա, քեզ ծուռը մտիկ անողի աչքը հանի՛ր, էլի որ մեռնիս, գնա՛ Էն կյանքը, ի՞նչ դժոխք, ի՞նչ պատիժ, առաջիդ էլի հազար մոյդա ու աղջիկ պար կգան, քեզ քեֆ շհանց կտան, վարդի ջուրն երեսիդ կթափի, ոսկեջուրն տակովդ կերթա, սրանից ավելի փա՜ռք: Էստոնք թողած՝ հոգի ու հավատ կորցրել են էս հիմարները, էս դինումը ջոկ են տանջվում, էն դինումը հո, էլ ի՞նչ ասիլ կուզի, չունքի դրախտի բանալիքը մեր փեղամբարի ձեռին ա: Ո՛չ սրից են վախում, ո՛չ փառքից խաբվում: Ծծկեր երեխեն էլ, թուրքի անունը տալիս, ուզում ա՝ մարդի կտրատի: էլ ի՞նչպես համբերես, համբերությունը մեկ օր կըլի, երկու օր: Սաղ Իրան հարիր անգամ սրանց գլխին փուլ էկավ, էլի տակիցը դուս էկան, շունչ առան ու տեղն ընկած վախտը մարդի սաղ-սաղ ուտում են, սրանց արածին ո՞վ կդիմանա: Հմիկ էլ մեկ գյադա իմ ղլերին (ծառա) ա սպանել. ախր ի՞նչ անեմ. սիրտս բերնովս դուս ա գալիս, ի՞նչպես չի սրանց ղիմա-ղիմա անես: Ախր նա էս օձերի ճուտն ա. ընչանք մորը չսպանես ձագը ձե՞ռ կընկնի:

Խա՛ն, Մա՛լիք, էլի ասում եմ՝ սրանց արածը տանելու չի, ամա դո՛ւք եք Էկել իմ դուռը, ի՞նչ անեմ, ի՞նչպես ետ դարձնեմ: Որ սիրտս ուզեք գիտեք, որ կհանեմ, ձեզ կտամ: Սրանց գլուխը ձեր արևին սադաղ. թո՛ղ բխով քցեն դրանց ոտներն ու շլինքը, ու բերդումն ընչանք մնան, մինչև սուչլուն ինքն իրան ետ գա: Հորնըմոր արինը քաղցր ա, վաթանի հողն ու ջուրն՝ անոշ: Թո՛ղ սրանք գրեն իրանց տղերքանցը, խրատեն, որ ետ դառնան, թե չէ բանը փիս կգա: Կուզեմ, որ է՛ն, է՛ն, է՛ն բեդովլաթ Աղասուն մեկ էլ տեսնիմ, մեկ էլ էն սուրահի բոյին նայեմ, հետո միսը բերանը տամ, որ սրտումս դարդ չմնա: Թո՛ղ նա էլ, ուրիշներն էլ լա՛վ իմանան, թե սարդարի հրամանը գետինը չի՛ պետք է քցած, սրբի պես պաշտած, որ մեկն էլա չի՛ համարձակի էսպես բանն անիլ: Թե չէ՝ հայերը գել կդառնան, մեզ կուտեն: էլ էս երկրումը կենալ չի՛ ըլիլ:

Ասում եմ ձեզ, ա՜յ աղսախկալուք (ծերունիք), ղուռանի զորությունը գիտենա, թև առնին ձեր որդիքը, երկինքը թռչին, էլի նրանց վեր բերիլ կտամ, գետնի տակը մտնին յա ծովի, կհանեմ, թիքա-թիքա կանեմ, նրանք որ չգան, սաղ հայ ազգը թոփի բերնին կապիլ, քցիլ կտամ, թե խելք ունին, ձեզ խեղճ գան, ետ դառնան: Հազար ձիավոր նրանց ետևիցն ընկած` սար ու ձոր ոտի տակ են տալիս, ղազախ, ղարափափախ՝ նրանց արինը խմում, թե մեկ ձեռս են ընկել, մեծ թիքեն անկաջները կմնա, ձիու պոչից կապիլ, քաշ տալ կտամ, թո՛ղ ձեզ խաթր անեն, ետ գան, թե չէ, որ ես բերիլ տվի, ո՛չ դուք կպրծնիք, ո՛չ նրանք: Քյաբ ու ղուռանով, շահի գլխովն օրթում եմ ատում, ասածս ասած ա, դուք գիտեք: Գնացե՛ք, էսօր կգան ազատ եք, էգուց կգան՝ նմանապես: Ձեր ու ձեր խալխի կյանքը նրանցիցն ա կախ. թե ետ գան, բալքի թե սիրտս ռահմ ըլի ընկած, բարկությունս անց կենա, նրանց սպանեմ. Սար ու ձոր առաջիս դողում են, նրա՞նք պետք է ինձ դեմ կենան: Գնացե՛ք, միտք արե՛ք, ձեր գլխի դարդը քաշեցե՛ք:

էս խոսքի վրա Սվանղուլի խանն ու Սհակ աղեն վեր կացան, աթոռի ոտն ու սարդարի փեշը համբուրեցին ու հազար անգամ գլուխ տալով, ոռըոռ անելով դուս գնացին:

Բանտը բաց արին, ու մեր խեղճ քեդխուդեքը մտան ներս, դուռը վրըները փակեցին, նրանք աչքըները բաց արին: Թագուհին էլ էնքան ոտին-գլխին տվել, երեսը չանգռել էր, որ էլ սարդարի երեսը չկարացին բերել: Սվանղուլի խանը տարավ իր տունը, որ նրա հոգսն էլ քաշի, նրան էլ ճար անի:

3

Բայց ինչ մեր Աղասու հալն էր, աստված ո՛չ շհանց տա: Ձեռն ու ոտը կապած. դժոխքը փորումը, սադայէլյան չար հրեշտակները գլխին պտիտ տալով՝ Զանգվի վրովն անց կացրին, ու, հենց բռնես, սար ու ձոր բերանները բաց` նրանց ըլին ուզում կուլ տան, էնպես փախցրին նրան նրա քաջ ընկերքը: Շատ տեղ իրանից գնում, քիչ էր մնում ձիուցը վեր ընկնի. էլի ընկերքը հասնում, երեսին ջուր էին ածում, անկաջները տրորում, ետ բերում. էլի նրա սիրտը գնում, ձիու գլխովն էր ուզում ընկնի:

Բազի վախտ որ բիրդանբիր «Թա՛գուհի, նա՛նի, բա՛ րի, Նա՛զլու» չէր ձեն տալիս քար ու հող ուզում էին կրակվին:

Հենց մութը գետինն առավ, նրանք նի մտան Ապարանու քանդված եկեղեցին, չունքի օրն էլ կարճ էր. արեգակը քիչ էր մնացել մեր մտնի, որ նրանք գեղիցը դուս էկան: Ձիանքը որ շունչ չէին քաշում, աչքըները արին էր քցում, քիթ ու բերան՝ կրակ: Ամեն մեկ շունչ քաշելիս փոր ու աղիք իրար էին կպչում, էնքան էին քշել: Վաթոն սկսեց ձիանը ման ածիլ, Կարոն՝ սար ու ձոր աչքի տակն առնիլ, ղարավուլ քաշիլ Մուսեն՝ Աղասուն ուսին դրած մտավ եկեղեցու խարաբին, գլուխը դրեց գոգն, ձեռը` երեսին, ու աչքը երկինքը քցեց, որ իմանա, թե աստղերն ի՞նչ են ասում: Մեկելներն ընկան դես ու դեն, որ ձիանոնց համար մի քիչ եմ (ուտելիք) ճարեն: Բայց էն վախտին չոլումն ի՞նչ կըլեր: Խոտի չոփերն էին մնացել տեղ-տեղ ցից-ցից կանգնած:

Երկինքն աչք ու ունք կիտած՝ իր չարխը պտտում էր հանդարտ. լուսինը ամպերի տակիցն մեկ երեսն հանում, շհանց տալիս, մեկ էլ ծածկում, կորչում էր: Գերեզմանատունն էնքան սարսափելի չէր ըլիլ, ինչպես էս յաբանի չոլը: Ամեն մեկ սարի արանքից կամ քարի տակից դժոխքի ձեն էր գալիս: Գել, չարխալ, արջ՝ մեկ կողմից, դառնաշունչ բորյազը, որ էստեղ, օրը ճաշին, մարդի աչք ու բերան կալնում, խեղդում է՝ մյուս կողմիցը, Սանդարամետը բաց էին արել սար ու ձոր իրար գլխով տալիս: Ամեն մեկ քար, ամեն մեկ թուփ, նրանց աչքին դև էր դառել, ու ձին մեկ ոտը խփելիս կամ փռնչալիս քարերն ուզում էին ճաքին, ձորերը՝ տրաքին: Աղասին՝ նաֆասը փորն ընկած, որ բազի անգամ ա՜խ չէր քաշում ու ոտին-գլխին անում, գետինն ուզում էր պատռվի, ընկերներին խոր տանի: Նրա հավատիրմ շունը գլուխը նրա ոտի տակը դրել, մնացել էր փետացած: Ձին էլ բերին, գլխավերևը կապեցին, որ բալքի նրա շունչն էլա Աղասուն մեկ ճար անի:

Ջա՛նիդ ղուրբան, Ա՛ղասի, էս ի՞նչ օրն ես ընկել. մեր աչքը պտեր դուս գար, որ քեզ էսպես չտեսնեինք, էս ի՞նչ ա քո հալը, — ասում էր ջիվան Մուսեն ու գլխին տալիս, երեսն երեսին դնում, ձեռը` դոշին. դամարի տալն ու քանի տաքությունն էլ որ չէր տեսնում, գլխին կրակ էր վառվում:

Էն մեկել տղերքն էլ ձիանոնցը ջուր տվին, ձեռները քամակներին քսեցին, ու էլ ետ թամքեցին, լգամները բերանները տվին: Թվանքների, փշտովների ոտներն էլ քաշեցին, ազղոթին թազացրին, ու ամեն մարդ, իր ձիու լգամը ձեռին, էկան, Աղասու չորս կողմը կտրեցին: Աչքըներիցը արտասունքը գետի պես էր վեր թափում: Հորնըմոր դարդը մեկ կողմից, իրանց սև օրը մյուս կողմից, իրանց սիրելուն էլ է՛ն հալին տեսնելիս` ուզում էին քար ա քոլ պոկեն, գլխըներին տան: Մեկ սա էր ընկնում Աղասու վրա, մեկ նա: Մինը ձեռն էր դնում բերնին, մինը գլուխը քաշում դոշին:

Ցարադանիդ ղուրբան, աստված, փառքդ շա՜տ ըլի. հենց է՛ս առավոտ ամեն աչք մե՛զ էր էրնակ տալիս, ի՞նչ արինք, որ մեզ էս պատժին հասցրիր: Վա՜յ մեր խեղճ օրին, ա՜յ ազիզ ծնողք, երաբ սա՞ղ եք, թե՞ թրի տակին մնացիք, երաբ թո՞փ ձեզ գետնին խփեց, թե՞ զընդան ձեզ մեջն առավ, երաբ մե՞ր ցավն եք քաշում, թե՞ ձեր սև օրը լաց ըլում: Տե՛ր աստված, տե՛ր աստված, ո՞ւմ մեկ չոռ ասեցինք, որ մեր առաջն էկավ: Ո՞ւմ մեկ ծուռն աչքով մտիկ արինք, որ մեր գլխին էսպես բարկացար: Արյան ծովն էկել, չորս կողմըներս բռնել ա, ո՛ր կողմն էլ ձեռն ենք ածում, կրակ է ընկնում ձեռըներս: էստեղ մեր թագավորներն էին վաղ ժամանակը քեֆ անում, իրանց ամառը անց կացնում, որտեղ որ հիմիկ մենք կրակումն էրվում ենք: էս ժամումն էին նրանք կանգնում, աղոթք անում, որտեղ որ հիմիկ մենք մեր հոգին ուզում ենք տալ: Ա՜խ ո՞ւր էն ժամանակը, ո՞ւր էն փառքը: Ձեր հողը լիս կտրի, ա՜յ մեր ազգի թագավորք, իշխանք, երա՛բ դուք էլ միտք կանեի՞ք, թե ձեր որդիքը մեկ օր էսպես արին պետք է վեր ածեն ձեր գերեզմանի վրա: էս ի՞նչ չար լեզու մեզ անիծեց, որ մեր օրն էսպես սևանա, մեր աստղն էսպես թեքվի: Ո՛վ արագահաս սուրբ Սարգիս, ո՛վ զինավոր սուրբ Գեորգ. էլ ո՞ր օրը մեր հավարին պետք է հասնիք: Դժոխքումն էրվում, տապակվում ենք, ախր ի՞նչ կըլի, որ մեզ չարա անեք: Ա՛ղասի ջան, Ա՛ղասի. ի՞նչ կըլեր, որ ամենս էլ քո ուղուրին մատաղ էինք գնացել, ա՛խպեր ջան, մեր հո՛գի, մեր աչքի լի՛ս: Արին կապեցիր խալխի սիրտը, կրակ վառեցիր երկրի գլխին, ա՛յ աշխարքի աչք Աղասի: Մեկ ճանճ էլա նհախ տեղը չես սպանել, մեկ սառը խոսք քո բերնիցը չի դուս էկել, ա՜յ աստուծո գառն ախպեր, ախր ընչի՞ պետք է աստված քեզ էլ, մեզ էլ էստեղը հասցներ: Ո՞ւր գնանք, ո՞ւր, մեր գլուխը ո՞ր քարի առաջին լաց ըլինք: Ո՞ր ջուրն ընկնինք, խեղդվինք, պրծնինք: Տո՛, մեկ բերանդ էլա բաց արա՛, քո ջանին մեռնինք: Ընչի՞ ես էսպես մեզ էրում, փոթոթում: Ի՞նչ կըլի, որ էդ սիրուն աչքդ էլա մի բաց անես, մեզ էսպես չսպանես: Աշխարքն էլ ի՞նչ պետք է մեզ համար, որ քեզ չենք ունենալ: Մեր գլուխը քեզ ղուրբան, ամենս էլ, առաջ մե՛ր արինը վեր կածենք: Կաթն ու ծիծ մեկտեղ ենք կերել, որ քեզանից ձե՞ռ քաշենք: Բախտ ու լավ օր մեկտեղ է՛նդուր համար ենք վայելել, որ քեզ նեղ օրը բա՞ց թողանք: Որիս ուզում ես, վեր կա՛ց, քո ձեռովդ մատաղ արա՛. ով երեսը ետ թեքի, շլինքը տո՛ւր, քո ձեռին ղուրբան, ախր մեկ խոսա, ի՞նչ կըլի:

էս խոսքին բիրադի մեկ ձիու ոտի շփլթոց էկավ: Երկինք, գետինք գլխըներին սևացավ: Հենց իմացան՝ մեկ ամպ տրաքեց, մեկ սար գոռաց, փուլ էկավ: Յարաղ-ասպաբ առան ուսըները, ամեն մեկը մեկ բուռը հող սրբությունի տեղակ բերանը քցեց, մեկ քարի առաջի չոքեց, իր մեղքը խոստովանվեց, մեկ քանի ծունր դրեց, երեսին խեչըհանեց, ժամի քարերը պաչելով տեղիցը վեր կացավ, ձիու աչքերը ճմբռեց, մեջքը սղալեց, որ անկաջները սրել, խլշացրել, էն կողմն էին մտիկ անում էնպես խլշկոտալով. որդիանց որ ձենը գալիս էր: Շունը ղրաղ քաշեցին, մատով-ձեռով արին, որ ձեն չհանի, ու իրանք թուր ու թվանք հազրած, ձիու ջիլավը քցած՝ սկսեցին պատի արանքիցը անսաս անկաջ դնիլ, որ տեսնին` էկողներն ո՛վքեր են: Դամարները ուզում էր տրաքի, ոտըների տակին կրակ էր վառվել: Անիծած բուքն ու քամին հյուսսի դհիցն էր գալիս ու ձենը փակում: Ուզում էին իրանց կտրատեն, որ չէր թողում՝ պարզ իմանան, թե ի՞նչ խաբար է:

էսպես՝ կես սհաթ քիմի մնացին փետացած: էլ չէին ուզում ծպտան: Շատ մտիկ արին, ձեն չէկավ. հենց էն էին ուզում, որ էլ ետ տեղըները նստին ու թվանքները վեր դնեն, ու մեկն էն կողմիցն սկսեց բերանը բաց անիլ.

Տղե՛րք, ի՞նչ կըլի՝ ըլի, տղամարդությունն էն ա, որ մարդ իր գլուխը դուշմանի ձեռ չտա: Դուք լավ գիտեք, որ մեր մեկ հայը տասը թուրքի բարեբար է: Երևում ա՝ ետևներիցս մարդ են քցել, ման գալիս: Թո՛ղ գան, դրանց փիրն իրանց խռով կենա: Բոլորին յա կջարդենք, յա կջարդվինք: Քամակքամակի տանք, նամարդի մուհդաջ չըլինք:

Հենց էս խոսքն էր Կարոյի բերնումը, որ բեղաֆիլ տեղիցը էրկու գազ ծուլ էլավ, թուրը դուս քաշեց ու ուզում էր, որ դուս պրծնի, ընկրները փեշիցը քաշեցին, ձեռնըները բերնըներին դրին որ անսաս տեղը նստի, չունքի ձիանոնց ոտի թրխկոցն ու փռնչոցը էնպես մոտեցավ, որ, հենց բռնես, թե անկաջների տակին ըլի: Բայց նրանք լավ գիտեին, թե գիշերը ձենը շատ թեզ տեղ կհասնի, ու չուզեցան, որ իրանց տեղը իմաց անեն, ու նրանք հազըրված գան: Քիչ-քիչ էկողների խոսակցությունն էլ էին ջոկում, չունքի պարզիկա գիշեր էր, քարերն էլ էին խաբար բերում:

Լավ հարաքյաթ են արել,— ասեց մեկը, — ա՛ֆարիմ, անիծած բորանն էլ իզըները կորցրել ա, գիշեր էլ ա, թե մարդ տեսնի, ամա ո՞ւր կկորչին: Երկնքումն ըլին՝ վեր կբերենք, հլա քշենք, էս չոլումը նրանք չէին մնալ:

Աչք ա, որ էգուց առավոտ յա կծիծաղի, յա լաց կըլի. սարդարին էլ ընչո՞վ իմ հունարը ցույց տամ, որ նրանց սաղ-սաղ չկալնիմ, չտանիմ, փեշքաշ չանեմ, — ասում էր մյուսը:

Ախպե՛ր, ինչ առնինք՝ ճոթ անենք: Աղասուն, թե կարանք, սաղ-սաղ բռնենք, ոտ ու ձեո կապենք ու ձիու առաջն արած, յա կողքիցը կապած տանինք, որ իր լայաղ պատիվն առնի, չունքի ռաշիդ տղամարդ է. մեկելներին սպանենք էլ ի՞նչ հաջաթ:

Տղամա՞րդ, էս թո՛ւրը էսօր նրան իր տղամարդությունը կուտացնի աստուծով. հլա մի ձեռս ընկնի, մեկ մեյդան դուս գա, հետո կիմանա իր ռաշդությունը:

Տո՛, բերանդ քեզ արա՛, Մա՛մմադ, մենք գիտենք՝ ինչ պտուղ որ ես. նրան ասլան ըլի, չի հաղթիլ. Քանի՜ մեզ նմանին առաջն է արել տասնով, քսանով ու ջանըները հանել: Բանն արա՛, հետո պարծեցի՛ր: էդպես քամի տալով ֆորս անիլ չի՛ ըլիլ:

էս խոսքը մեր տղերքանց սիրտը տասը թիզ բարձրացրեց:

Թուր, թվանք հազիր պահեցե՛ք, — ասեց թուրքի մեկն էլ ետ, — սատանին նալլաթ. կըլի, որ հենց էս քարերի տակին տափ ըլին կացել, ասածներս լսեն ու բիրադի էնպես վրա թափին, որ էլ չկարենանք ձեռըներս գլխըներս տանիլ: Սրան Ապարան կասեն: Աղասու պես ասլանը էսպես տեղը քսան ձիավորի մենակ չի ասիլ, թե աստված է ստեղծել:

Տո՛, քի՛չ գովիր էդ մուռտառ, անհավատ հային, չէ՛, չէ՛, մեզ սաղ-սաղ կուտի: Հայն ի՞նչ ա, որ ինչ ջան ունենա: Մեռնիմ ո՛չ, ընչանք մի աչքս նրան հասնի, կտեսնինք, թե ի՞նչպես ճուտ կդառնա առաջիս:

էս ասեցին թե չէ, մեկը էն դհիցը ձեն տվեց.

Ա՜յ ադա, ա՜յ ա՛դա, ա՛յ ադա. էս ժամիցը հեռու կենանք, լավ կըլի, չունքի ասում են, թե ֆլան թարըղին մեկ խան էկել ա, թե քանդի, բիրադի միջիցը կանաչ ու կարմիր ձիավորներ էնքան են դուս էկել, որ սար ու ձոր բռնել, խանի ղոնշունը կոտորել, փախցրել, իրանք է՛լ ետ գյում են էլել: Սրա միջումը, ասում են, սուրբ Մողնու մասունք կա թաղած, ու դուք լավ գիտեք, որ էս գիժ սրբի քյալլա տալ չի՛ ըլիլ: Մարդի շլինքը ծռվում, երեսն ետևն ա ընկնում: Հազար էսպես բան իմ աչքովն էմ տեսել: Հայ, թուրք, նասրանի՝ ամենն էլ նրա ղուլն են:

Բերնիցդ հայի հոտ է գալիս, Մա՛շադի, ամոթ էդ մեծ միրքիդ, էլ ո՞ւր ես վրեդ պահում, հինա դնում: Տղամարդի փափախ չի գլխի՞դ: Տո՛, հայն ի՞նչ ա, որ իր փիրն ի՞նչ ըլի: Լեզուդ քեզ քաշի՛ր, էդ փափախիցդ էլա ամաչի՛ր: Ես քո ջգրու էս գիշեր ընչանք սրա միջումը քյաբաբ չանեմ, չուտեմ, ձիս միջին չկապեմ, չապականեմ, բաս մարդ չեմ: էլ էս միրուքը վրես չե՛մ պահիլ: Քանի՜ էդպես ժամի պատ իմ ձեռովս քանդել, քանի՜ սրբերի աչք էս մատովս հանել, դու հմիկ պառավի նաղլ ես գլխիս կարդում: Քյաբդ քեզ խռով, էլ նամազ ո՞ւր ես անում, որ էդ սրտի տերն ես: Քշի, քշի՛, գնա՛նք. քյաբաբի կեսն էլ քեզ կուտացնեմ:

Ասիլն, «Յա՛, սուրբ Սարգիս» ձեն տալն ու թվանքների ճռռոցը մեկ էլավ:

Տղե՛րք, ձեր ջանին մեռնիմ, էլ մտիկ մե՛ք անիլ. մեր թուրը նրանց գլուխը, էլ ո՞ր օրվա համար ենք կողքըներիցս կախ անում,— ձեն տվեց աժդահա Կարոն, — իրեքի գլուխը գնաց, սրանց փիրն անիծած:

էրկուսինն էլ ի՛մ թրիս մատաղ արի, ղոչաղ կացե՛ք, — էն դհիցը Վաթոն գոռաց:

Երկուսին սպանել, մնի գլուխն էլ հրես, ոտիս տակին է,— ասեց Վանին:

Հաջորդ էջ