Աբովյան Խաչատուր՝   Վերք Հայաստանի

Տղե՛րք, փախան, ձիանը նի՛ էլեք, սրանց էկած ճամփեն քոռանա, սովորել են գեղերումը հավի գլուխ թռցնելով ման գան, հայերի արինը խմեն, սրանց տունը քանդվի: Տղե՛րք, երըմիշ էլե՛ք, սուրբ Սարգսի ջանին մեռնիմ, մեյդանը մերն ա:

Ասեցին ու վիշապի պես ընկան հարամու քամակիցը, որին ինչ տեղ հասցրին, էնտեղ փառչալամիշ արին: Քար ու սար աչքներին լիս էր տալիս, կռըներին՝ ղվաթ: Հենց իմանաս՝ հայոց մեծ զորապետքը կենդանացել, նրանց սիրտ ըլին տալիս: Էսպես՝ միս ու աղցան անելով ընկան ետևներիցը:

Բայց ա՜խ, արինը աչքըները կոխած՝ հենց քշեցին, գնացին, էլ միտք չարին, թե Աղասին, ի՞նչ նեղ սհաթի միջում, ընկեր ա ձեն տալիս, ընկեր չի կա. Ա՜խ ա քաշում, ձենը լսող, իմանող չկա: Թվանքները որ բիրադի չճռռացին, հենց իմանաս, թե հոգին ետ Էկավ տեղը: Վրա թռավ տեղիցը, ընկավ ձիու քամակն ու խելքը կորցրածի պես էլ չիմացավ, թե ո՞ւր ա գնում: Թուրը որ մեկի քյալլին չհասցրեց, գլխի հետ էրկու կտոր էլավ. ընչանք թուրը յա ղամեն կհաներ, պարանն ընկավ ճտովն, ու շատ էլ ուզեց, որ ձին առաջ քշի, չէլավ. ձին տակիցը դուս թռավ, ինքը գետնին դիպավ, ու չորս աժդահա տղամարդ վրա թափեցին: Նրա շանը վաղուց էին ուզում սպանել, որ ձեն չհանի: Բայց շունը, շունը՝ էս տիրասեր, հավատարիմ կենդանին, տեսնելով, որ իր տիրոջն էլ խեր չի՛ անիլ, ընկավ գնացածների ետևիցը: Աղասու ձեռները կապեցին, բերանը բամբակով լցրին, աղլխով ղայիմ հուպ տվին, ու աչքդ բարին տեսնի, մյուս օրն էր թոփն, ու Աղասու ջանը:

Շատ ու քիչն աստված գիտի, թե ո՛ւր հասան, տղերքը բիրադի որ ետ դառան, գլխըներին կրակ վառվեց, երբ Աղասու շունը տեսան ճամփին:

Վա՜ յ, մեր տունը քանդվեց, տղե՛րք, — ձեն տվին, — Էս ի՞նչ արինք, մեր ձեռովը մեր աչքը հանեցինք, հասնի՛նք, գնա՛նք. էլ ի՞նչ ենք անում մեր գլուխը, որ նրան կտանին:

Բայց ո՞ւր Աղասին, ո՞ր քարի տակին, ո՞ր չոլումը յա ձորումը: Մեկն է՛ս սարն ընկավ, մեկն Էն ձորը, քարը լեզու չուներ, որ ասեր, ձին իմաստուն չէր, որ գտներ. շունն էլ առաջներիցը վաղուց կորել էր: Ո՞ւր գնային, ո՞ւր կորչեին: Գետինն էլ թե պատռվեր, ներս կէրթային, որ նրան հանեն: Լիսնյակ գիշերը շատ որ դես ու դեն ընկան, զատ չգտան, էլ ետ հավաքվեցան մեկ տեղ ու միտք արին: Սուգ ու շիվան անելու վախտը չէր: Նրանք լավ իմանում էին, որ Աղասին էն ձենի վրա պետք էր, որ զարթնած ըլի էլած, փորձանքի մեջ ընկած, որ շունը նրան թողել, էն հայվան տեղովը իրանց ետևիցը վազել, որ գան, նրան ազատեն: էս էլ լավ էին իմանում, որ Աղասու բռնողները առաջ չէին գնալ, պետք էր, որ մեկ տեղ տափ կացած ըլեին, որ ոտը խաղաղվի ու էնպես ճամփա ընկնին: Ի՞նչ անեն, մնացել էին մոլորված:

Տղե՛րք, մնա՛նք էստեղ. Աղասու շունը, տեսնո՞ւմ եք, որ կորել ա. նա իմաստուն հայվան է, ինչպես որ ըլի, հոտի վրա կարող է գտնիլ. թե ճար կա, նրանից կըլի էս գիշեր մենք ո՛չինչ չենք կարող անիլ:

էսպես՝ խելիմ վախտ տարակուսած նստած՝ միտք էին անում, որ բիրդանբիր խելոք շունը՝ լեզուն հանած, հեթեթալով լիս ընկավ: Շունը վազեց, նրանք՝ ետևիցը: Հենց մեկ խելիմ տեղ անց կացան թե չէ, շունը էտի ոտը վեր քաշեց, կանգնեց: Շատ էլ զոռ արին, որ տեղիցը եռա, չէլավ: Իսկույն իմացան զգույշ հայվանի միտքը, ձիանոնցիցը վեր էկան, մեկին տվին, ու Կարոն առաջները ընկած՝ կամաց-կամաց ոտըները փոխեցին: Մեկ թափի մոտացան թե չէ, էլի շունը կանգնեց, հոտոտաց: Թվանքները առան ձեռըները: Աստուծո ողորմությունը հասավ. Նրանք է՛ն կողմիցը գնացին, որ թափի շվաքը մնաց առաջներին: Քարերի տակովը, փորըսող անելով, էնքան գնացին, որ մտան մեկ քանդված փոսի մեջ: Ջուր չկար միջումը, բան չկար, անձրևի ճղած էր: Թափի շվաքը մեկ հինգ գազ էլ էն կողմն էր ընկել նրանց գլխի վրովը: էս խանդակի միջովն էնքան էսպես ուսուլով գնացին կռացած, որ հարամին մնաց դեմ ու դեմ: Լիսնյակը հենց ընկավ թուրքերի ճակատներին, տեսան, որ Աղասին միջըներումը չի: Սիրտըները ընկան տեղ: Մի քիչ էլ շունչ առան, ու ամէն մեկը մեկի ճակատին նշանիլն, թվանքների տրաքալն ու հարամիքանց բանհոգի ըլիլը մեկ էլավ: Հավի պես դեռ էնպես թրպրտում էին, որ մեր տղերքը վրա հասան: Ա՜խ, ո՞վ է կարող նրանց ուրախությունն ու արտասունքը էս սհաթին պատմիլ. երկնքիցը իրանց հոգին ետ բերին, էլ նրանց բերանն ի՞նչ խոսք կգար: Որ էլ վախտ չկորցնեն, վերցրին իրանց կորցրած գանձը, հանեցին թշնամու յարաղ-ասպաբը, շորերը, բարձեցին թուրքերի ձիանոնց վրա ու երըմիշ էլան: Ո՞վ կզարմանա, որ լսի, թե Աղասին, ամեն իր շանը տեսնելիս, ուզում էր կյանքը նրան տա: Վարավուրդով՝ մինչև տասնըհինգ մարդ էն գիշերը սպանել էին: Եկեղեցու մոտ էլ ետ հասան, հանեցին, մեկ քանի շահի փող դրին սեղանի վրա, չոքեցին, աստծուն փառաբանություն տվին ու ճամփա ընկան:

4

Լիսադեմը կարմրին էր տալիս, աղոթարանը քիչ էր մնացել բացվի, որ մեր ճամփորդները մտան Ռսի հողը ու թուշ քշեցին Պարնի գեղի վրա: Աղասին չէր ուզում, որ մարդամեջ մտնի, ուզում էր՝ սարե-սար ման գա, որտեղ իր ճակատին գրած էր, էնտեղ մեռնի: Ինքն էլ ուրախ չէր, որ աչքը լավ օր տեսնի, բայց ձմեռվան ցուրտ եղանակը, դաշտերի սառնությունն ու չորությունը, ողորմելի ձիանոնց սովածությունը ո՛չինչ կերպով չէր կարելի հաղթել:

է՛ս վախտին, է՛ս հալին՝ աջա՜բ-աջա՜բ, Ա՛ղասի ջան, խե՛ր ըլի, — ձեն տվեց աղա Ն., որ նրա հետ միասին տարերով հաց էին կերել, ու ուրախ-ուրախ դուռը բաց արեց, ձիանը ներս քաշիլ տվեց ու ղոնաղների ձեռիցը բոնեց, տարավ սաքուն:

Գոմի երկենությունը հարիր գազ կըլեր: Գոմեշ, ձի, եզը, տավար, ոչխար` էլ ո՛չ տուտ ուներ, ո՛չ տակ: Իսկույն շոր փռիլ, բուխարին վառիլ տվեց, հարսներն էկան՝ հարգևոր, քիթ ու պռունկ կալած. նրանց ոտները քաշեցին, ջուր բերին, ոտ ու գլուխ լվացին, ու ղոնաղները երկու կարգ սկսեցին նստիլ: Աղա Ն. ամենիցը ներքև էր նստել: Մեկ ութ-ինը մեծ ու պստիկ ղոչաղ տղերք էլ, անլվա-անլվա, որը խանչալը կողքին քաշ արած, որը մեկ կտոր հաց ձեռին, կրծելով, որը մեկ փետ չանի տակին դրած, որը գլխաբաց կամ փորաբաց, շապկանց կամ անփոխան, էկան, անկաջները խլշացրած՝ սաքվի չորս կողմը շարվեցին ու աչքըները ղոնաղների երեսին կթեցին: Հերը ծեծում էլ էր, դուս չէին գնում: Դեռ բարիկենդանի մազեն` սուջուխ (չուչխել) ասես, ալանի, տանձ, խընձոր, փշատ, չիր, ջիբըներումն ունեին մեր տղերքը. հանեցին, երեխեքանցը բաժանեցին, աչքըները մնաց բաց, չունքի նրանց երկրումը էնպես արմաղան բաներ չկային:

Մեր կաղնին ու ֆոնն էլ էս համը չունին, — մեկզմեկու ասում էին ու անոշ անում: — էնքան մածուն, կարագ, եղ, սեր ու մեղր ենք կերել, որ բերան ու փոր հոտել են. աշխարք, աշխարք է՛ս պետքը ըլի, որ էսպես բաներ դուս են գալիս, մեր հավերիցն ու գոմիցն ի՞նչ լազաթ դուս կգա,— ասեցին ու արախ-ուրախ դուս թռան, որ գնան, իրանց հարևանների երեխեքանցն էլ իրանց ճարած նուբարը ցույց տան:

Ընչանք ծիտը ջուր կխմեր, գոմը երեխեքանցով լցվեց. մինը մնին բոթում էր, որ առաջ գնա, միրգ ուզի: Ղոնաղների մեկը որ ձեռը չէր շարժում, հազար տեղ գունդ ու կծիկ էին ըլում: էսպես՝ հլա խելիմ վախտը երեխեքը նրանց պարապցրին:

Տանուտերը քանի ուզեցավ բան հարցնի, նրանք մատըները բերններին դրին, սուս արին, էստով իմացան, որ սրանում մեկ բան կա: Մեկ քանի սհաթ անց կացավ թե չէ, սաղ գեղն էկավ, հավաքվեցավ նրանց գլխին: Ով տուն էր մտնում, գդակը գլխին, յափունջին վրեն, չիբուխը բերնին կամ ձեռին, թութունի քիսեն ու խանչալը գոտկիցը քաշ արած, քոբաչի չախեն հաքին, շալվարի ծերը պաճուճումը ղայիմացրած, տրխըները կուփ-կուփ հաքած՝ ամեն մեկը մեկ սարի ղդար տղամարդ: էլ մեծ ու պստիկ չէին հարցնում: Գլուխ տալը հո, ըսկի՛ ադաթ չի: Որն էկավ, մեկ Բարի՛ լիս կամ Ողորմի՛ աստված ասեց ու նստեց: Քսան-երեսուն տարեկան ջահել տղերքն էլ որը սնըդուս, որը պատնըդուս շարվեցին ու իրար անկաջում քսփսալով՝ յա ղոնաղներին էին մտիկ անում, յա նրանց յարաղ-ասպաբին, յա մեկ բան ուզելիս՝ ամենն էլ իրար գլխով էին դիպչում, որ իրանց պարոնի պարոնների ասածը կատարեն: Տանու տղերքն էլ էկան. որը գոմն էր սրբում, որը ձիանը թիմարում, որը խոտ ու դարման բերում, որը մալը ջուրը տանում, որը չիբուխի կրակ դնում, ամենն էլ ուրախ էր, որ մեկ բան անի, մեծերի ու ղոնաղների սիրտը շահի: Սրանք էլ յարաղ-ասպաբ հանել, պատիցը քաշ էին արել ու ծալապատիկ, նստած՝ զրից էին տալիս: Ձիանոնց համար ամոթ էր հարցնիլ. Նրանք լավ գիտեին, որ իրանց ուլախին շատ պատիվ կտան, քանց իրանց:

Օրը հենց մի քիչ ետ բացվեց, շատն էլ հանդիցն էկավ, ձինն աչքներն առել՝ երկար վախտ չէին իմանում, թե էկողներն ի՞նչ մարդ են: Գոմն էլ հո լիս չուներ, չունքի մեկ պստիկ էրդիկ ուներ: Ով ըլին, չըլին, թաք ըլի՝ ոտըները խերով ըլի, նրանց աչքի, գլխի վրա, տարով կպահեն, պատիվ կտան: Հենց լիսը բացվելիս աչքըներն էլ որ բաց էլավ ու տեսան ո՛չ, թե էկողներն ո՞վքեր են, խելքըներն էկավ գլխըները:

Բարո՛վ, բարո՛վ, մեր Աղասին բարո՛վ, — ձեն տվին ամեն դհից ու վրա թռան, իրար պաչպչորեցին: — էդպես ա, ձեզ յա ձմեռվան հոսանը մեզ մոտ կբերի, յա ամառվան շոգը: Խա՛նի խարաբներ, հա՛, մտի՛կ արա, հա՛, մտի՛կ արա. էնքան մտիկ արինք, որ աչքըներս ճամփին ջուր կտրեց: Մեկ ղուշ որ գլխըներովս անց է կենում, հազար անգամ փափախով ենք անում, որ ձեզանից մեկ խաբար իմանանք: Մեր սարերը խոմ գել չե՞ն, որ ձեզ ուտեն. ի՞նչ կըլի, որ մեկ օր էլ ճամփեն մեր դհի վրա ծռեք: Բաղ, բաղաթ չունինք, գինի, մազա չենք կարալ թավազա անիլ, մեր եղին, կարագին ու մեղրին էլա խեղճ էկեք: Փա՛ռք աստուծո, տունըներս` լիքը, գոմըներս՝ լիքը, ցամաք հացով ճամփա կքցենք. մարդի սիրտն ա բանը, թե չէ` էսօր ղաբլու փլավ էլ ուտես, էգուց փորդ էլի իր ուզածը կուզի: Աղ ու հաց՝ սիրտը բաց: Տանտիրոջը տեր ողորմյա ասիլ չի՛ ըլիլ: Քաղաքը գնում եք, սար ու ձոր ոտի տակ եք տալիս, հենց մե՞ր կողմն ա, որ ձեր աչքին փուշ ա դառել: Ձեր հախը չի՞, որ էս սհաթին ոտըներդ կապենք, մեկ լավ քոթակենք, ինչ ունիք, չունիք` խլենք ու ձեզ էլ դարտակ ճամփու քցե՞նք: էդենց եք անում, որ մենք էլ ձեր դուռը չի գա՞նք, ձեր հացը չուտե՞նք: Հա՜յ նամարդներ, չե՞ք գիտում, որ մեկ օր էս սարերումը թե ձեզ ճանկենք, էլ հազար տարի որ կուչ ու ձիգ անեք, ձեզ բաց չենք թողա՞լ: Ի՞նչ ա, ձեր թունդրի ու քուրսու ղրաղը կտրել, ձեր կնկա առին նստում եք, էլ միտք չեք անում, թե գնանք, ձեր դոստ ու բարեկամին էլ տեսնինք, հալըներն իմանանք, քանի մեռել չեն մեկ բարով էլա տանք, որ մեզ կարոտ՝ հողը չմտնին: Քա՛ր է ձեր սիրտը, քա՛ր, ձեզ հո մեր չի՞ բերել: Բիր գյորանդա՝ յոլդաշ, իքի գյորանդա՝ ղարդաշ (Մեկ տեսնելիս՝ ընկեր, երկու տեսնելիս՝ ախպեր): Տո՛, ձեր տունը չծակվի. էլա մուսուրման օլուբասզ քի աթանըզ խաչի թանըմիրսզ ( էնպես թուրք եք դառել, որ ձեր հոր խաչն էլ չեք ճանաչում): Քրիստոնեի երկիրը՝ մերը, մենք՝ ձեր ազգը, ձեր արինը, ի՞նչ եք էդ շան հողումը կենում, ձեր օրն ու ումբրը խավարացնում. Ի՞նչ համ եք առնում, որ էդպես ծանր-ծանր նստել, տարենը մի անգամ էլա՝ երեսներդ մեր կուռը չեք շուռ տալիս: Ձմեռը հո բան չունինք, վախի՛լ մեք, ձեզ չենք ուտի՛լ. Ձի չունի՞ք ձի կտա՛նք. Կով չունի՞ք, կով կտա՛նք. Էկե՛ք, տարե՛ք, ո՞վ ա ձեր ձեռը բռնում: Կուզե՛ք, մեր երխեքանց անկաջներիցը բռնեցե՛ք, տարե՛ք, ծախեցե՛ք. ով ձեզ ձեն տա, պարտականը ինքը մնա: Չունքի էսպես ա՛, քյոխվա, սրանց մեկ լավ պատժենք. հազիր բարիկենդան օր էլ ա. Էս շաբաթ սրանց էլ չթողանք, աչքըները հանենք, էնքան ուտացնենք, խմացնենք, որ էլ ճամփեն չգտնին: Սրանց հախն ա. ով տարենը մի անգամ կգա մեր տունը, բոլոր տարվան պարտքը պետք է վճարի, քնի էլ, զարթնի էլ, պետք է ուտի, խմի, քեֆ անի: Հաց ենք դատում, որ մենակ մե՞նք ուտենք, ու չորս պատերը տեսնին. էսպես հացը հարամ ըլի: Մեկ թիքեդ որ հազար կտոր չանես, հազար ղուրդ ու ղշի չուտացնես, ի՞նչպես կուլ կերթա, յա կմարսես: էստուր համար ենք արևի, անձրևի տակին` սարում, չոլում ջանըհան ըլում, որ մեզ մի բարի լիս ասող, մեր դուոը բաց անող, մեր ննջեցելոց ողորմաթասը խմող չըլի՞: Ի՞նչ տուն, ի՞նչ օջախ, որ օրը տասը աղքատ ու ճամփորդ չմտնին, չկշտանան: էլ էն տանը բարաքյա՞թ կըլի: էլ էն դաշտը պտո՞ւղ կտա: Չէ՛, քյո՛խվա, էսօր ամենս քո ղոնաղն ենք, էգուց՝ իմը, էլօր՝ սրանը. էսպես՝ մեկ լավ քեֆ անենք ու մեծ պասին սրանց ճամփա քցենք: Չեն ուզիլ մնան, ոտըները կապենք, մինչև զատիկն ու համբարձումը էստեղ դութսաղ անենք, պահենք: Ի՞նչ կասեք:

Հա՛յ, բերանդ ապրի, հա՛յ, ավետարանի կողքիցն ես խոսում, — ասեցին չորս կողմիցը. — շա՛տ լավ, շա՛տ բարի, էդուր ո՞վ ինչ կասի, մեր սրտի ուզածն էլ հենց է՛դ էր:

Հա՛յդե, տղե՛րք, գնացե՛ք, աշըղին բերե՛ք, — ասեց քյոխվեն ուրախ-ուրախ ու գդակը մեկ լավ կոտրեց, աջու անկաջի վրա դրեց, — մեծ աչառը մորթեցե՛ք, ղավուրմա տվե՛ք, մեկ ղոչ էլ հետը, ու կակող տեղերը՝ բդերն ու սուկին, բերե՛ք, որ մենք մեր ձեռովը խորովենք, զուռնաչին էլ թո՛ղ գա, տերտերին էլ համեցեք արե՛ք: Գինին դուքանումն ա, փողը՝ ջիբումս, մեր ջամըհաթն ըլի սաղ. եղն ու կարագը, սերն ու մեղրը ու պանիրն՝ կճճներով տանըս դրած, ամբարս ու հորս՝ լիքը: Շահն էլ մեր քեֆը չունի. ուտե՛նք, խմե՛նք, քեֆ անե՛նք, աստծուն փառք տա՛նք, մեր մեռելները հիշե՛նք, մեր ղոնաղների սիրտը շահե՛նք, որ իմանան, թե սարի մարդն էլ սիրտ ունի, քար չի: Աստված ռուս թագավորի թախտը հաստատ պահի, նրա դովլաթիցը՝ ինչ ասես, ունինք. օձի ձու էլ որ ուզենամ, կճարեմ:

Աղասին, էսքան խոսք ու զրից անց էր կացել, ոչինչ չէր իմացել. ինքը ճամփիցը բեզարած ցուրտը մեկ կողմիցն էր թմբրացրել, շոգն էլ իր հարարաթր շհանց տվեց ու ջանն առավ: Գլուխը պատին դեմ տված մնացել էր էնպես ցից քնած: Նստողները բոլորն էլ վարավուրդ էին անում, որ նրա երեսը հեչ ծիծաղ չէկավ, ինչ ասեցին էլ: Աջու կուռը մնացել էր գոգումը, ձախունը՝ էնպես թուլ, գետնի վրա ընկած: Շատն էնպես էին կարծում, թե ճամփի յա ցրտի հարարաթն էր նրան էն տեղը քցել: Շոր չէր հարկավոր, որ ծածկեն, չունքի գոմը առանց էն էլ համամից տաք էր: Ղոնաղները չէին վարավուրդ արել, որ էն գեղի թուրքերիցն էլ մեկ քանիսը խալխի հետ խառնըվել, ներս էին մտել ու շատը հայերեն էլ հասկանում էին, ու էստեղ-էնտեղ, գողի պես նստել, աչքըները ղոնաղների թուր ու թվանքին էին քցում, ատամները ղրճտացնում, թե ընչի՞ չէին մեկ չոլում նրանց ռաստ բերել ու բոլորը թալանել:

Աղասու քափ ու քրտինքն էկել, ամպի պես աչք-ունքի վրա կիտվել էին. երեսի ռանգը ամեն սհաթի փոխվում էր. բազի վախտ իրան-իրան խոսում, բազի վախտ էլ ձեռը բարձրացնում, ջիլ ու դամար քաշում, էլ ետ հանգստանում էր: Ամենից ավելի խալխը նրա վրա էին մնացել զարմացած, որ նրանք վեց հոգի էին, բայց քսան-ավել մարդի յարաղ-ասպաբ ունէին հետըները բերած: էսպես տարակույս, չորս կողմը կանգնած` խոսում էին, որ Աղասին բեղաֆիլ ձեն տվեց.

Թուրդ քե՛զ քաշիր, դժոխքի պահապան, շլինքդ մեկնի՛ր: Ափու ջան, էդ ո՞ւր են տանում քեզ... — էս ասիլն, տեղիցը վեր թռչիլն ու թրին վրա վազիլը մե՛կ էլավ:

Գեղըցիք իրար ջարդելով դուս թափեցին, որը երեսին խաչ էր հանում, որը Տե՛ր, ողորմյա ասում: Մի քիչ որ դինջացան, էլ ետ դռնիցը անկաջ դրին, տեսան, որ ձենը կտրել ա, ուսուլով ներս էկան ու վախվախելով նստեցին: էլ ո՞վ կարեր հիմիկ նրանց բերնին փակ դնել: Բոլորն էլ ուզում էին, որ իմանան, թե ի՞նչ ա անց կացել: Աղասու ընկերքն էլ, ճարակտուր, սկսեցին պատմիլ: Քանի գլուխն էր, ո՛չինչ, էնպես բան շատ էին լսել. ինչ ժամանակ խոսքն էն տեղն էկավ, թե ի՞նչպես կոտորեցին, փախան, հարիր բերան ձեն տվեց.

Ջա՛նմ սան, ջա՛նմ, Աղասի. օջախի որդին, կտրիճ հայն էդպես կըլի: Բարիկենդա՞ն, բարիկենդան է՛ս ա. դե տղե՛րք, էլ մեք մտիկ անիլ: Հացը հազրեցե՛ք, սուփրեն քաշեցե՛ք, հայր Աբրահամի հրեշտակն ա էկել մեր տունը: էսպես իգիթ տղի գլխին ղուրբան գնամ. բարաքյալլա, տղե՛րք, դուշմանի աչքն էսպես պետք է հանած: Տեսնո՞ւմ եք, ա՛յ գյադեք (իր տղերքանցն է ասում), ռաշիդ տղեն սրանց նման կըլի. ուտում եք՝ տանը նստում: Ա՛ֆարիմ, տղե՛րք, որ ձեր մեծին էսպես պահել եք, շունն է՞լ էստեղ ա:

Մեծամարդիկը, ջահել տղերքն էս կողմից, Էն կողմից վրա թափեցին, որ Աղասու ձեռքն, ճակատին պաչ անեն, քյոխվեն չթողաց, որ քնահարամ չըլի: Մյուսներին ուզում էին սաղ-սաղ ուտեն, էնքան դոշըներին կպցրին նրանց:

Օրհնվի է՛ն կաթը, որ դուք կերել եք, է՛ն հողը, որ ձեզ ծնել ա. տղեն էդպես կըլի, թե չէ՝ քանի լեզուդ կարճացնես, գլուխդ կախ անես ուսերիդ կնստին, ղուղդ կքամեն, աչքդ կհանեն, ջիգյարդ վեր կածեն, — ասում էին ամեն կողմից:

Սազ ու զուռնի ձենը որ վեր չելավ, գեջդանգեջ Աղասին աչքը բաց արեց ու էնպես էր զարմացած դես ու դեն մտիկ տալիս, ինչպես թե նոր ըլի աշխարք էկել: Ուզում էր էլ ետ աչքը խփի, բայց խալխը է՛նպես վրա թափեցին, որ քիչ մնաց նրան ոտնատակ տային, փեշերն էլ էին համբուրում, ո՞ւր մնա երեսը: էսպես՝ նրան էլ մեջ արին ու մինչև իրիկնապահը, ժամերի վախտը, է՛ն քեֆն արին, որ աչք պտեր՝ տեսներ: Ձենն ընկավ գեղըցոնց անկաջը. ով ասես տուն էր ընկնում, որ նրան տեսնի, մուրազն աոնի: Հենց իմանաս՝ ուխտ ըլեին գալիս: Տանուտերը Ղարաքիլիսա մարդ ղրկեց կնյազի մոտ ու բանի ահվալն իմացում տվեց: Հրաման Էկավ, որ մեկ-քանի օրից ետը՝ Աղասուն վերցնեն, կնյազի մոտ գնան:

5

Փամբակու թուրքերը տխրել, հայերը թև առել, ուզում էին թռչին: Բարիկենդանն անց կացավ, մեծ պասն էկավ: Աղասին քսան ձիավորով որ Ղարաքիլիսա չմտավ, աշխարք ամեն առաջն էր էկել, որ նրան տես՛նին: Հազար բերան նրան գովում, բարաքյալլա էր ձեն տալիս: Կնյազ Ս. շատ ումուդ, շաֆաղաթ տվեց նրան ու խոստացավ էլ, որ բալքի մեկ կերպով սարդարի սիրտն առնի, չունքի շատ բարեկամ էին իրար հետ: Ինչ հարկավոր էր, հրամայեց, որ նրանց տան ու լավ մուղայիթ կենան, որ նրանց վնաս չհասնի: Բայց Փամբակու հայերը մե՞ռել էին, որ նրանց վնաս հասներ: Էսպես` սաղ ձմեռը, քսան-երեսուն ձիավորով, տնետուն, գեղեգեղ Էնքան ման էին ածել ու օրով, շաբաթով պահել, որ իրանք էլ էին բեզարել:

Քաջ լոռըցիք էլ որ իմացան, էլ դինջություն չունեին, սրանք էլ էին ուզում նրանց իրանց մեջը բերեն, պատիվ տան: Մեկ ամսաչափ էլ էստեղ մնաց:

էս պատվական խալխի պարզ սիրտը, նրանց տաք ջիգյարն ու անոշ սերը, տեղի քաղցր հավեն ու ջուրը, կնյազի տված ումուդը՝ Աղասուն մի քիչ ետ բերին, սիրտը բաց արին: Ղորդ ա, ասում, խոսում, լսում էր, ամա տխրությունը նրա երեսի ու աչքերի վրա էնպես էր կիտված, ինչպես սև ամպ: Շատ անգամ որ ա՜խ չէր քաշում, քար ու հող լաց էին ըլում: Ծիծաղելիս՝ բերնի չորս կողմը, էնպես գիտես, թոռոմած վարդի տերև ըլի, որ շաղը տալիս մի քիչ զվարթանում, էլ ետ ճլորում, թուլանում է:

Շատ անգամ մեկ քարի ծերի նստած, կամ մեկ քարափի գլխի թինկը տված, աչքը ձորին, գետին քցած, գլուխը ձեռին, կամ մեկ աղբըրի ղըրաղի՝ կողքի վրա ընկած, թփերի, խոտի, ծաղկի, ջրի հետ խաղալիս, լաց ըլելիս էին նրան ռաստ բերում: Բազի վախտ որ «Նազլո՛ւ» չէր ձեն տալիս յա հորնըմոր անունը հիշում ու ա՛խ քաշում, սար ու ձոր հետը ձեն էին տալիս, մղկտում: Ինքը որ տխուր ու մաշված էր, հենց իմանում էր՝ մարդիկ սիրտ չունին, որ ուրախանում, ծիծաղում էին: էստուր համար իր ընկերքը սար ու ձորն էր շինել, էսպես էր ծնողաց կարոտը, քիր-ախպոր հասրաթը, դարդը նրա սիրտն առել: Երևանու մեկ ծուխն էլա չէր ընկնում աչքովը, մեկ սար էլա էն կողմիցը չէր տեսնում, որ բալքի սրանով էլա սիրտը մի քիչ հովանա:

էս ժամանակին էր, որ մեկ օր ընկերներին հավաքեց, գնաց ֆորս, Համզաչիման ու Չբխլու անց կացավ, Ղառնիյարաղ հասավ ու հենց Մասիս աչքովն ընկավ, ընկերներին ձեռով արեց, որ մի քիչ հեռանան, ինքը նստեց մեկ թփի տակի, գլուխը դրեց քարին, աչք ու բերան արտասնքով, ծխով լիքը՝ էս խաղն ասեց:

Սար ու ձոր ընկած՝ մեկ չոր թփի տակի,
Գետին նայելով՝ մնացել եմ նստած.
Ձեռս ծոցումս, գլուխս մեկ լեռ քարի
Տված՝ լալիս եմ, օրս խավարած:
Ամպերն առաջիս, սարերն ետևիս,
Քեզ մտիկ տալով, ա՜յ իմ քա՜ղցր Մասիս,
Աղի արտասընքով էրված, խորոված՝
Երեսիդ նայիմ, մնամ քարացած:
Ծնո՛ղ, ազգակա՜նք հեռու ինձանից.
Լուսնին նայելով, ձեր սերն հիշելով՝
Երաբ, ե՞րբ կըլի, որ ես ձեզանից
Իմ կարոտս առնիմ, ձեզ ջան ասելով:
Երաբ ձեր ճտովն մեկ օր էլ կընկնի՞մ,
Երաբ ձեր երեսն մեկ էլ կտեսնի՞մ,
Երաբ ծունկ-ծնկի տված՝ ձեզ կասե՞մ.
«Ա՜յ, իմ խեղճ ծնողք, ձեր ջանին մեռնիմ»:
Աչքս ծով դարձավ ճամփին նայելով.
Մեկ ղուշ որ գլխիս պտիտ ա գալիս,
Թե ե՞րբ մեկ խաբար կհասնի ինձ բարով.
Հոգոց հանելով՝ ասում եմ, լալիս:
Երաբ գետնի վրա դեռ սո՞ւգ եք անում,
Ձեր կորած որդուն կարոտ մնալով,
Թե՞ հողի տակը մտած՝ դինջանում,
Ինձ թողիք, տանջվիմ՝ ա՜խ, ո՜խ քաշելով:
Երաբ ձեր ամակն ինձ հալալ արի՞ք,
Երաբ սուրբ բերնով ձեր ինձ օրհնեցի՞ք,
Ծերունի՛ իմ հայր, տարաբա՛խտ իմ մայր,
էլ իմ հավարիս ե՞րբ կհասնի աշխարհ:
էն սուրբ, անարատ կաթնին ես ղուրբան,
Ձեր լիս ձեռներին, ձեր անոշ լեզվին.
Մեկ բուռն հողի էլ ե՞րբ կըլիմ արժան,
Որ գամ ձեր հողումն, քնիմ ձեր միջին:
է՛ն ի՞նչ օր էր, որ ձեր քաղցր ծոցին,
Գլուխս ձեր դոշին, աչքս խուփ կամ բաց,
Ձեր սուրբ ձեռի վրա, երեսս բարձին՝
Կամ խաղում էի, կամ մնում քնած:
է՛ն ի՞նչ օր էր, որ մեկ ծառի տակի,
Ճռնումն, ձեռներս ձեր ճտովն քցած՝
Ձեր սուրբ երեսին ես համբույր տայի,
Նանիկ ասելով՝ թողեիք քնած:
Ո՞ւր էն շվաքը, էն կանաչ՝ ջրի ափը,
էն խոտն ու ծաղիկն, էն դաշտն ու տափը,
Որ ձեր առաջին անմեղ խաղայի
Ու ձեր բարի սիրտն խաղով բանայի:
Լալիս՝ դուք լայիք ինձ հետ ցավելով,
Ծիծաղս տեսնելով կամ ձենս լսելով՝
Կանչեիք. «Արի՛, մոտս, Ա՛ղասի ջան,
Երեսիդ մեռնիմ, քո ջա՛նին դուրբան»:
Ա՜խ, էս խոսքերը ինձ կրակ են դառել,
Լերդս ու թոքս հիմիկ էրում, խորովում.
Ի՞նչ կըլեր՝ ես է՛ն վախտն էի մեռել,
Ձեր շվաքի տակին, ա՜խ, քնել հողումն:
Մեկ բուռն հողի էլ կարոտ եմ մնացել.
Քարափից թե ցած կամ ջուրը ընկնիմ.
Ձեր սուրբ երեսը դեռ որ չեմ տեսել,
Ի՞նչպես ես հանդարտ էս հողը մտնիմ...
Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, աննմա՛ն Նազլո՛ւ,
Սիրտս խորովի անունդ հիշելով.
Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, հրաշալի՛ Նազլո՛ւ,
Աղասին քեզ տա իր ետին բարով:
Սարերի դոշին, ձորերի միջին
Վա՜յ գլխին տալով քո խեղճ Աղասին՝
Երեսիցդ զրկված, քո սիրովն մաշված,
Տատրակի նման փշի վրա նստած:
Լիզեմ հող, գետին, այրիմ, մղկտամ,
Կամիմ օր առաջ, ա՜խ, որ հոգիս տամ,
Երբ մահն մոտանա սառը թևերովն,
Հոգիս պահանջե, որ տանի շուտով,
Էս դառն աշխարհիցս մի ինձ ազատի,
Ոսկերքս գազանաց կերակուր անի.
Կամ երբ գետի ափն նստած, շվարած՝
Աչքերս նվաղին՝ թմբրած՝ սասանած,
Գլորիմ կատաղի գետի փրփրի մոտն,
Հոգոց քաշելով պարզեմ ես իմ ոտն.
Կամիմ գերեզմանս որ էս ջուրն ըլի,
էս սառը պատանն ինձ հողը տանի...
Կամ մեկ քարափի բաշից նայելով,
Աչքս մեր տան ծուխն հանկարծ տեսնելով,
Քո անոշ երեսն ինձ փակ մնալով՝
Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, անո՛շ իմ Նազլո՛ւ.
Թեքիմ, ու հանդարտ գա ինձ քուն մահու.
Երևի աչքիս, թե անդունդը խոր
Մոտ է ինձ գրկել, տանիլ իր լեն ձոր:
Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, մեկ շունչս ա մնացել,
Ոսկերքս քրքրվել, աչքս խավարել.
Թո՛ղ մեկ շունչդ առնիմ, հետո հողը մտնիմ,
Դժոխքն էլ տանին, ես հանգիստ կըլիմ:
Քե՛զ եմ մնում, քե՛զ, քո ջանին մեռնիմ.
Հող ու գերեզման ես վրես ունիմ.
Քանց իմ սառն մարմինը էլ ի՞նչ գերեզման
Ինձ պետքը կգա, երեսի՛դ ղուրբան:
Արի՛, ասածդ արա՛, ինձ թաղի՛ր,
Բե՛ր իմ երեխեքս ու վրես կանգնի՛ր.
Մեկ նրանց տեսնիմ աչքս խփելիս,
Մեկ նրանց ասեմ լեզուս լռվելիս.
«Մնա՛ք բարով, ո՛րդիք, ազի՛զ, սիրեկա՛ն,
է՛լ չէ՛ք տեսնիլ ինձ, ա՜խ, դուք հավիտյան.
Ձեր անբախտ հորը հոգին հիշեցե՛ք.
Մնա՛ք բարով, իմ քա՛ղցր, սիրո՛ւն երեխեք.
Ձեր հոր տեղակ ձեր խեղճ մորն հիշեցե՛ք
Ու իմ ողորմին, ժամն կատարեցե՛ք»:

6

Ո՞վ չի գիտի, որ մարդի սիրտը արնով լցվելիս՝ ո՛չ սուր էնքան քյար կանի, ո՛չ դեղ, ո՛չ քուն, ինչքան բառն ու խոսքը ու իլլահիմ խաղը, բայաթին, էստուր համար Աղասու ընկերքն էլ ղրաղ քաշվեցին ու հեռըվանց նրան մտիկ էին անում, որ գլխին մեկ փորձանք չգա, չունքի սար ու ձոր նրա արինն էին խմում: էնքան անկաջ դրին, որ ձենը կտրեց, քունը տարավ, հետո էկան, մեջըներն առան ու էլ ետ Ղարաքիլիսա տարան:

Մեկ օր էլ էսպես, էլի էս հալին, դռանը մեկ քարի վրա նստած էր, որ մեկ ղարիբ մարդ քիչ-քիչ նրան մոտացավ, առաջին կանգնեց, երկար նրան մտիկ արեց, ու հենց էն ա, Աղասին ուզում էր նրանից հեռանա, որ իր դարդն օքմին չտեսնի, ղարիբը դոշը բաց արեց, վրա թռավ, նրան խտտեց ու հենց «Ա՛ղասի ջան» ասեց, ու ձենը փորն ընկավ, լեզուն պապանձվեց ու էսպես մնաց յարալու-փարալու` Աղասու դոշին փետացած, ընկած: Աղասին գեջդանգեջ որ խելքի չէկավ ու աչքը բաց արեց, աստվա՛ծ, ո՞վ կարեր նրա արտասունքը բռնիլ, նրա սրտին մեկ ճար անիլ.

Ա՛մու ջան, Ա՛վետիք ամու ջան, դո՞ւ ես, — ասեց ու իրանից գնաց:

Տեսնողներն էս դհից, էն դհից վրա թափեցին, երկուսին էլ, էնպես մեռած, տուն տարան, ջրով, հոտով ետ բերին: Հենց աչքըները բաց էին անում, իրար երես տեսնում, էլ ետ դուբարա ընկնում էին իրար ճտով, իրար անուն տալիս, գնում էին էն դինեն, ետ գալիս: Մոտըներին կանգնողների աչքերիցը արտասունքը գետի պես էր վեր թափում: Ճարըները կտրվեց, տերտեր կանչեցին, ավետարան կարդացին, խաչ ու մասունք գլխըների վրա դրին, որ անջախ մի անջախ ուշըներն էկան:

էս էկող ղարիբը, սի՛րելի կարդացող, Աղասու հորախպերն էր, որ գլուխը փեշն էր դրել, էկել իր ազիզ կորածին գտնի, տեսնի, մուրազն առնի, էնպես մեռնի: Ո՞վ ըլեր՝ էնպես չաներ: Սիրտըները որ մի քիչ դինջացավ, ջանըները հովացավ, Ավետիքը գդակի ծալիցը մեկ թուղթ հանեց, Աղասուն տվեց, ինքը մհանով տանիցը դուս գնաց, որ նրա աչքի արտասունքը չտեսնի, չէրվի, չփոթոթվի: Երկու թուղթ էր բերել հետը. Մեկը Աղասու մերն էր գրել, մեկը՝ նշանածը: Երանի՜ էն աչքին, որ էսպես թուղթ իր օրումը ո՛չ տեսել ա, ո՛չ էլ կտեսնի: էլի Աղասին էր, որ դիմացավ, բայց վա՜յ էն դիմանալուն. հարիր անգամ թուլացավ, նվաղեց, թուղթը դրեց երեսին ու աչքերը խփեց, էլ ետ ջուր ածեցին, ետ բերին:

Մոր թղթի խոսքերն էս ա.

«Ա՛ղասի ջան, Ա՛ղասի, գլխովդ փարվան ըլիմ, Աղասի: Ընչի՞ չեմ էս սհաթին կրակ դառնում, ինձ էրում, ընչի՞ չի լեզուս չորանում, աչքս խավարում, ընչի՞ չեմ թոզ դառնում, որ բալքի թե քամին բերի, գամ ոտիդ տակին ցրվիմ, սարեսար ընկնիմ, քարեքար, որ ի՛մ երեսը կոխես, որտեղ որ ման գաս, որ ի՛մ աչքը հանես, որտեղ որ նստիս, որ ի՛նձ վրա գլուխդ դնես, որտեղ որ քուն մտնիս. Նանն ըմբրիդ մեռնի, իմ թագավո՛ր, իմ աղա՛ Աղասի:

Տնկած ծառերդ փուշ են դառել, ինձ սպանում, պահած ծաղկըներդ կրակ են դառել, ինձ էրում, խորովում, ման էկած տեղերդ՝ աչքիս լսումը մզրախի պես ցցվում, սիրտս դուս ճոթռում: Ո՞ր կորչիմ, որ ձենս օքմին չիմանա, ո՞ւր գնամ, որ աչքս քո տեսած բաներն էլ չտեսնի, միտքս քո ասած խոսքերն էլ չհիշի՛ ջանս քարանա, որ էլ անունդ չտամ, սիրտս ջուր կտրի, որ էլ քո սերը չզգամ, ումբրս փչանա, օրս խավարի, որ երկընքի տակին էլ չասեմ, թե ե՛ս էլ եմ մեր, ե՛ս էլ որդի բերի, ի՛նձ էլ մեկ օր աչքալիս տվին, ե՛ս էլ մեկ օր որդու, զավակի արևի ձենը պետք է ածեի, ես էլ որ աչքս խփեի, մեկ բուռը հող դո՛ւ պետք է երեսիս քցեիր, դո՛ւ իմ նաշը խտտեիր, դո ւ իմ լաշը հողին տայիր, դո՛ւ վրես սուգ անեիր, գլխիս վրա կանգնեիր ու էդ ազի՛զ, էդ սո՛ւրբ բերնովդ ասեիր. «Հոգիդ լի՛ս դառնա, ա՜յ իմ մեր, ա՜յ իմ մեր. ի՞նչ կըլեր, որ մեկ էլ աչքդ աչքիս, բերանդ բերնիս առներ, ու հետո աստված հոգիս տաներ»:

Next page