Աբովյան Խաչատուր՝   Վերք Հայաստանի

Ի՛նչ խեղճ, ողորմելի մերն էր անում, աստված հեռու տանի, քար չէ՛ր մնացել, որ զլխին չի խփի. հող չէ՛ր մնացել, որ վրեն չածի: Ձագը կորած հավի պես մեկ դես էր վազում, մեկ՝ դեն, մեկ գլխին տալիս, մեկ՝ ոտին: է՛նքան էր ծնկներին, գլխին խփել հարայ տվել, լաց էլել մազերը պռճոկել, երեսը չանգռել, կտրատել, որ էլ ո՛չ աչքումը լիս կար, ոչ ջանումը` թաղաթ, ո՛չ բերնումը՝ լեզու: էնպես, հենց ձենը փորն ընկած, շունչը կտրված՝ ոտին-գլխին էր անում, ինքն իրան ջարդում, գլուխը քարեքար տալիս, յա սուրութմիշ ըլելով, գետինը լիզելով` ֆառաշների ոտներն ընկնում յա ձեռըները բռնում, որ թուրը խլի, իր սիրտը խրի, յա թե չէ, սրանք էլ որ դոշին չէին խփում յա քացով տալիս, դեն քցում, ընկնում էր ջուխտ ձեռով աղջկա վրա յա ճտովը ու էլ, թեկուզ քացով էին խփում գլխին, թեկուզ դմբզով (մուշտով), թեկուզ ղամշով յա թվանքի դուռթմով, էլ պոկ չէր գալիս, էլ չէ՛ր իմանում: Ուզում էր, որ փորը ճղի ու իր հոգու սիրելին էլ ետ ներս տանի:

Թա՛գուհի ջան, էս ի՞նչ ա, քո հարսանիքի պա՞րն եմ գալիս. փեսեն ո՞ւր ա, տերտերն ընչի՞ համար չի՛ գալիս: Հինեն ի՞նչ տեղ ա, բերեք որ աղջկանս ձեռները կարմրացնեմ: Դափ ու զուռնեն ընչի՞ չեն ածում: Ա՜յ, ղոնաղներ, ի՞նչ եք էդպես պարապ, կտրի ծերին կանգնած մնացել ձեռըներդ ծոցըներդ դրել... Ինձ չե՞ք սիրում... Պար էկե՛ք, է՜... հարսանքավորն էդպես բաշիբոշ կկանգնի ու թամաշա կանի՞... Խարջն իմն ա, հո ձեր քիսիցը չի գնում. կերե՛ք, քեֆ արե՛ք, իմ որդուս արևն օրհնեցե՛ք: Մեկ աղջիկ ունիմ, որ աչքիս լսի հետ չե՛մ փոխիլ, նրա խաթրն էլա չունիք, որ մեկ ուրախություն անեք, սիրտս հովանա: Հա՞... քնա՞ծ եմ, թե՞ զարթուն, թե գլուխս վրես չի՛... Բաժինքը հազիր ա... Չէ՛, չէ՛փեսեն հո Թիֆլիզ գնաց, էսպես թեզ չէ՛ր կարալ ետ դառնալ... Սրանք ո՞ւր են էկելԹուրքը հո հայի հացը չի՛ ուտիլ... Հա՛, հա՛, հմիկ իմացա. մեր ճանանչներն են, էկել են, որ երեխիս հարսանքի ուրախությունը տեսնին... Լաց մի ըլիլ, երեսիդ մեռնիմ... Թագուհի ջան, ջանս ու հոգիս քեզ մատաղ, քանի որ գլխիդ սաղ եմ, ո՞վ հադդ ունի, որ քո մեկ մազին դիպչիՄազերդ ոսկեթել, թա՛գուհի ջան. ունքերդ վարաղով քաշած, ո՛րդի ջան. օրորոցիդ մատաղ գնամ, Թագուհի ջան... Վարդի պես բաց էլած, մանիշակի պես փընջված, իմ ա՛րև, իմ կյա՛նք, իմ թա՛գ ու պարծանք որդի ջան... Աչքերդ բա՛ց արա, աչքերիդ ղուրբան ըլիմ. բերանդ բա՛ց արա, էդ աննման, վարդահոտ բերնիդ մեռնիմ... Քո խեղճ, պառավ մորն է՛դպես ես սիրում... է՛դպես ես իմ սիրտը շահում... Թե ամաչում ես, ասեմ, որ էս կանգնողները հեռանան: Ա՜յ մարդիկ, հեռացե՛ք, կորե՛ք, իմ աղջկա աչքին մե՛ք երևալ: Բան ու գործ չունի՞ք, գնացե՛ք ձեր տունը. Ի՞նչ եք էստեղ կիտվել: Ի՞նչ անամոթ մարդիկ եք, տո՛, ձեզ չե՞մ ասում, քոռացե՞լ եք... Արի՛, գնա՛նք բաղը, թա՛գուհի ջան, անումիդ մեռնիմ. ծառերը ծաղկել են, քո ծաղիկ երեսին ղուրբա՛ն: Դաշտերը կանաչել են, քո կանաչ արևին մատաղ գնամ: Ուր ենք մնացել էստեղ, գնա՛նք, տեսնի՛նք, ուրախանա՛նք...

Ո՞ր մեկն ասեմ, ո՞ր մեկը թողամ. մարդի սիրտ կրակ ա ընկնում, երբ որ խեղճ մոր արածն ու ասածը միտքն ա բերում: Ո՛վ որդի ա մեծացրել, նա լավ կիմանա մոր սիրտը, տկար լեզուն ի՞նչ կարա սրտի ամեն մեկ կսկիծը, ամեն մեկ յարեն բառով ետ պատմիլ: Ողորմելի մերը էսպես խելքը կորցրել, չէր իմանում, թե ի՞նչ էր ասում, ի՞նչ էր անում: Թուրքերն էլ, որ տասը հատ էին թվով, է՛ն անօրեն տեղըներովն էլ, ղորդ ա, բարկանում, հարբա էին գալիս, ամա մոր էսպես մորմոքվիլը տեսնելով՝ սիրտըները մի քիչ գութ ընկավ: Իրանք էլ էին գիտում, որ մոր համար հեշտ չի որդի մեծացնիլ, ետո էսպես բիրադի կորցնիլ: Հավն իր ձագը կորցնելիս` կյանքը հետը տալիս ա, ուր մնա բանական մարդը. իրանք էլ մնացել էին մոլորված, ամա Սարդարի հրամանն էր, չանեին, չտանեին, իրանց գլուխը կթռչեր յա աչքը դուս կգար: Ճարըները կտրվեց, խոսքըմին արին, որ մորն էլ աղջկա հետ տանին բերդը, Սարդարի դուռը, իրանց պարտքի տակիցը դուս գան, ետո ինչ կուզենան, անեն: Նոքարներին հրամայեցին, որ ձիանները թամքեն, յարաղ-ասպաբ քցեցին, թուրըները կապեցին ու կամաց-կամաց մոտ էկան, որ մորն էլ, աղջկանն էլ վերցնեն, տանին:

Թագուհի՛ն, Թագուհի՛ն, աշխարքի աչք Թագուհի՛ն, երկնքի տակին, գետնի երեսին անթառամ ծաղիկ Թագուհի՛ն, դրախտ, մանիշակ, անգին, անհատ, աննման Թագուհի՛ն, ի՞նչ լեզու պետք է ըլի, որ նրա գովասանությունը պատմի, ի՞նչ աչք, որ նրա տեսքն ու կերպարանքը մեկ բանի նմանացնի: Շարմաղ, լուսաթաթախ երեսը, որ արեգակի պես լիս էր տալիս ու վարդի պես փայլում, դառել էր սպիտակ քաթան, սառել, սփրթնել: էն երկնանման աչքերը, որ տեսնողի հոգին վառում, կրակում էին, ընկել էին խոր, փակվել, կուլ գնացել: Թագուհի՛ն, ջիվան Թագուհի՛ն, մորը մեկ Թագուհի՛ն, որ հրեշտակի նման ում որ մեկ մտիկ էր տալիս, հոգին անմահական խնդությունով լցվում էր, սառել, փետացել, անշունչ, անլեզու մնացել էր գետնի վրա ընկած, երեսը երկինքը քցած. հենց գիտես, թե էլ էս աշխարքումը չի՛, հրեշտակաց մեջն ա համբարձել դրախտումն ըլի իր անմեղությունը վայելում: Նրա թուխ-թուխ ունքերը, նրա չալ-չալ աչքերը, նրա նռնահատ թշերը, նրա բարակ-բարակ, ղալամ քաշած պռոշները, նրա լուսեղեն ճակատը, նրա մարմար, նուրբ քիթը, նրա բլբյուլի լեզուն, նրա ոսկեցնցուղ բուկը՝ բոլոր-բոլոր սառել, քարացել, պապանձվել էր: Հենց հարամ ձեռը նրան առավ թե չէ, մեկ ա՜խն էր՝ նրա հոգին: Քաշեց, թուլացավ, իրանից գնաց, ու մինչև դռան շեմը կբերեին, հավի պես մեկ էլ թրպրտաց, ու ձենը փորն ընկավ: Շլինքը ծռվել, թուլացել, գլուխը շեմի էս կողմն էր մնացել կախ էլած, մարմինը՝ է՛ն կողմն ընկած: Ոսկեթել մազերի կեսը մնացել էր բարձր, որ նրա անմեղ երեսն ու դոշը ծածկի, կեսը էնպես խճճված՝ գետնի վրա փռվել, քաշ էր ընկել: Նազուկ ձեոների մեկը սրտի վրա էր թուլացած ընկած, մյուսը՝ հողի վրա, չորացած տարածված: Դամարը ցամաքել, շունչը կտրվել, հոգին երկինքն էր վերացել:

Բաս ի՞նչ կըլեր, որ Էսպես չէ՛ր էլել: Մինչև էն հադաղը նրա անկաջը մեկ թթու խոսք չէ՛ր լսել. նրա աչքը մեկ դառը օր չէ՛ր տեսել, նրա երեսը մեկ կոշտ զրից չէ՛ր էկել: Վարդի պես ծաղկել, մանիշակի պես մեծացել էր: Դեռ ոտը քարի չէ՛ր դիպել, դեռ մատը մեկ փուշ չէ՛ր մտել: Տասնըհինգ տարին անց էր կացել, դեռ նրա անմեղ հոգին աշխարքիցս մեկ բան չէ՛ր խաբար: Նրա ընկեր աղջըկերքը դռներին, կտրներին էին ման գալիս, օր անցկացնում, նա ծունկը մոր ծնկանը կպցրած՝ յա կար էր անում, յա քարգահ, յա իրանց տանն ու դռանն էր մտիկ տալիս, յա իրանց մալին, ապրանքին աչք ածում: Ղուշը գլխի վրովը թռչելիս՝ կարմրտակած, շունչը կտրած, լեղապատառ տուն էր ընկնում, որ իր շվաքն էլա մեկ օքմին չտեսնի: Մոր մեկ մատը փուշ ըլելիս յա մեկ տեղը ցավելիս՝ ուզում էր հոգին հանի, իրան տա. էլ քար, էլ խոտ չէր մնում, որ նա վրեն չի՛ չոքի ու աստծու ողորմաթյունը խնդրի: Աղքատ տեսնելիս՝ բերնի թիքեն հանում, իրան էր տալիս, որ նրան օրհնի, նրանց արևշատություն խնդրի: Բաղն էլ է՛ն ժամանակն էր գնում, որ լիսն ու մութը դեռ չէ՛ր բաժանված ըլում: Բաղիցն էլ է՛ն վախտն էր տուն գալիս, որ մութը գետինն առած, ոտը քաշված, խաղաղված էր ըլում: Ով ուզենար նրան տեսնի, յա ծառի, յա պատի տակի պետք էր տափ կենար, որ նրա սուրբ երեսը տեսներ, նրա աչքի լսովը հայիլ-մայիլ մնար: Ծաղկըներն էլ, հենց իմանաս, նրա ոտի ձենն առնելիս՝ ուրախանում, ցնծում, բացվում, փչչում էին: Ղշերն էլ նրա երեսը տեսնելիս, հենց բռնիր, նո՛ր հոգի էին առնում, գլխըները թևըների տակիցը բարձրացնում, ճխում, ճչում, ծլվըլում, թևերին խփում, ծափ տալիս: Ձեռը գառան գլուխը քսելիս յա շփելիս, հենց գիտես, թե է՛ս անմեղ հայվանն էլ էր իմանում, որ հրեշտակի ձեռք ա իրան դիպչում և ո՛չ մարդի: Մի քիչ մոտիցը պակսելիս՝ ձենը աշխարք էր վերցնում, մարդի սիրտ էրում, է՛նպես էր բղղում, քար ու քոլ ընկնում: Շատ անգամ նրա փափուկ ծնկան վրա էր քնում, նրա անուշահոտ, ազիզ ձեռիցն էր խոտ ուտում:

Չայիր-չիմանի, մանիշակի վրա, վարդի, թթենու տակին յա քչքչան առվի մոտ որ բազի վախտ քնած չէր ըլում, հենց իմանաս, երկնքիցը լիս ա վեր էկել, ափնիքը հայլի դառել: էսպես քնած վախտին էր ըլում, որ մերը ուսուլով մոտանում էր՝ յա երեսն էրեսին դնում, յա գլուխը իր գոգը դնում, յա վրեն շոր քցում ու խաչակնքում, որ քունն առնի, դինջանա, յա թե չէ, որ վախտը գալիս էր, երեսին հով էր տալիս, նանիկ էր ասում, որ վեր կենա, իրիկնահովը, արեգակի մեր մտնիլը տեսնի, ու միասին պտուղ, ծաղիկ հավաքեն, գնան տուն: Շատ անգամ վարդի փունջը մեկ ձեռին, մանիշակինը՝ մեկել, աչքը որ չէ՛ր բաց անում, հենց գիտես, սար, ձոր, ծառ, թուփ, խոտ, ծաղիկ նրան էին մաթ մնացել, նրա շունչն ըլեին ուզում, որ քաշեն, ծծեն, զորանան, դալարին:

Հովը մազերի վրա սլսլալիս, երեսին դիպչելիս էլ չէ՛ր ուզում, որ առաջ խաղա յա ետ գնա, հենց նրա գլխո՛վն էր պտտում, հենց նրա մազերի՛ խաղում: Վարդի վրա երեսը կռացնելիս, ուզում էր, որ բարձրանա, նրա շունչը քաշի, նրա պատկերի գունը գողանա, որ դհա ավելի գեղեցիկ, դհա անուշահոտ երևի: Բլբյուլը նրա հոտն առնելիս իր վարդը մոռանում, նրան էր գովում, նրա վրեն էր իր սերը թափում, նրա հասրաթովն էրվում, խորովվում: Շատ անգամ, ինքը ձեն հանելիս, յա ինքն իրան խաղ ասելիս, հենց իմանում էր, թե հրեշտակներն են իր հետ խոսում, իրան ձեն տալիս յա ձենը քաշում: Առավոտյան ցողը, իրիկվան վերջի լիսը՝ մեկը նրան տեսնելիս ցնծալով վեր էր գալիս, որ նրա սուրբ երեսին նստի, մեկը ցավելով երեսն իրան էր քաշում, աչքը խփում, որ նա շուտով քուն մտնի, գիշերն անց կենա, որ առավոտն էլի գա, նրա տեսության արժանանա, նրա լուսովը հոգի առնի ու զվարճանա: Քունը նրա աչքերին է՛նպես էր մոտանում, ինչպես մեկ սրբի՝ երկնային հրեշտակը: Թևերն երեսին փռում, անմահական երազով նրան գրկում, գգվում, արթնացնում, էլ ետ իր գիրկը դնում:

Ա՜խ, ո՞ր մեկն ասեմ. նրա ամեն մեկ շարժմունքը, ամեն մեկ խոսքը, ամեն մեկ մտիկ տալը, ամեն մեկ աչքի ու պռոշի ժաժ գալը հրաշք էր: էն լուսակոլոլ աչքերը, էն խնկան ծաղիկ շրթունքը որ չէ՛ր բաց անում, մարդ ուզում էր ո՛չ ուտի, ո՛չ խմի, հենց նրան մտիկ տա, նրա սուրահի բոյին թամաշ անի, նրա ոտի տակին հոգին տա, նրա ձեռիցն իր մահն առնի՛: է՛ս երկնային հրեշտակը, է՛ս անմեղ գառն էր էս հադաղին է՛ն գազանների ձեռին. ի՞նչ քարացած, ապառաժ սիրտ պետք է ըլի, որ նրան տեսնելիս կամ նրա պատմությունը լսելիս գլխին կրակ չի՛ վառվի: Ո՞ր մեր էս հադաղին թուրը չէ՛ր աոնիլ ու իր ջիգյարը ցցիլ: Ո՞ր հարևան կամ անցվորական նրա էն լուսեղեն երեսին նայելիս՝ աչքին չէ՛ր հուպ տալ, որ լացը գա, ու սիրտը հովանա: Ամա մեր գեղական խեղճ խալխը էնքան էսպես բաներ տեսել ու լսել էին, որ արտասունքներն էլ էր ցամաքել, աչքըների լիսն էլ էր հատել:

Հենց էն ա, ֆառաշները տեսնելով, որ մեր ու աղջիկ դարդի ձեռիցը նղղեցան ու էլ ձեն, շունչ չէին տալիս, լավ համարեցին, որ էսպես թուլացած՝ վերցնեն, էրկուսին էլ տանին, որ էլ շատ ինջըմիշ չըլին, չչարչարվին: Երկուսը ձիու վրա նստել, էն ա, տեղ էին բաց անում, որ մեկը մորը խտտի, մյուսը աղջկանը առաջն առնի ու, էն ա, խաթրջամ էլած` միտք էին անում, թե իրանց բանը լավ գլուխ բերին, մեկ թուր պսպղաց. . ֆառաշների մեկի գլուխը գետնի վրա ընկավ ու սկսեց ղլվլացնիլ, բլբլացնիլ ու պար գալ: Դեռ սա ձենը չէ՛ր կտրել, որ մյուս ընկերինն էլ սրա հացը կերավ, սրա մոտ գնաց:

Աղասի՛ ջան, մեր տունը քանդեցիր: Աղասի՛, ձեռդ քեզ քաշի՛, քո խեղճ, հալևոր հորը խնայի՛. որդով, տանով տեղով եսիր կէերթանք, մի՛ անիր, մի՛ ըլիր, ջա՛նմ, գյո՛զմ. քո ջիվան ջանիդ էլա ղադր արա՛, տո՛, բեմուրվաթ: Աստված, էս ի՞նչ զուլում էր, որ մեր գլխին էկավ: Ո՜վ զինավոր սուրբ Գեորգ, ո՜վ սուրբ Կարապետ, դուք մեզ քոմակ արեք: Տղերք, կորե՛ք, կորե՛ք, որ ձեր իզն ու թոզը ըստեղ չէրևա: Տո՛, մեկդ ու մեկդ հասե՛ք տանդրոջ մոտ, անկաջաբռնուկ տվե՛ք, ա՜յ նրա տունը չքանդվի, ինչ քանդվեց. գինին գլխին զահրըմար ըլի. աշխարքս արինը բռնել, ծով ա դառել, մեր ախմախ քեդխուդեքը նստել, քեֆ են անում, ա՜յ թե մարդ են, հա՛: Տո՛, քեֆն էլ գլխըներին խռով կենա, խաչն ու ավետարանն էլ: Տնաքանդնե՛ր, տո՛, մի աշխարքի դարդիցն էլ խաբար առե՛ք, է՜. ախր ի՞նչ եք տան չորս պատը ու գինու գավն ու թասը բռնել, լակում, տրաքում: Տո՛, Վա՛թո, հասի՛, հասի՛, վազի՛, թև ա՛ռ, թռի՛. մարաքեն քանի կենում ա, չաղանում ա. հենց էս սհաթը կգան, մեզ կտանին, բերդը կածեն: Աղասի՛ , Աղասի՛, քառանաս ո՛չ, Աղասի՛. փախի՛ր, փախի՛ր, էդ շներիցը գլուխդ ա՛ռ, կորի՛ր էդ ի՞նչ արիր, տնով քանդված, մեր դուռը շարեցիր, մեր տան հիմքը տակըվեր արիր, տո՛, բե՛մուրվաթ:

Բայց թոփ էլ տրաքեր, նաղրախանա էլ ածեին, Աղասին չէ՛ր իմանալ. ղորդ որ քառացել էր. էլ ո՛չ անկաջն էր իրանը, ո՛չ ջանը, ո՛չ աչքը, բայց խելքն ու ձեռը լավ իմանում էին, թե ի՞նչ բանի վրա են: Արինը աչքերը կոխած` ռաշիդ երիտասարդը հենց էսպես բանի էր ման գալիս, որ իր ձեռի ղվաթը, իր թրի հունարը շհանց տա: Ախր էլ ո՞ր օրվան համար են թուր կապում: Ջիրիդատեղիցը վարավուրդ էր արել, որ աշխարքն իրարոցով դիպավ ու ձենը կտրեց:

Տղե՛րք, էստում մեկ բան կա, գնա՛նք, մեր բարիկենդանը հարամ էլավ, — ասեց ու թռավ:

Հենց տեսան նրան գալիս, բնությունը իմանալով` հարիր տեղից ձեն տվին, ձեռով, գդակով արին, որ հեռանա, բայց շունչը բերնին դեմ էր առել, էնպես ձին չափ էր քցել. էլ մաջալ չէ՛ր անում, որ տեսնի` թվանքը լիքն ա երա՞բ, թե դարտակ: Առյուծի պես ներս ընկավ հսկա երիտասարդը. ճամփին անկաջովն էր ընկել, թե ի՞նչ խաբար ա: Երկուսի գլուխը սրբելեն ետև, մյուսներն ուզեցան, որ թուր հանեն, բայց քաջն Աղասի որ բերանը բաց չի՛ արեց: Դժո՛խքի որդիք, ձեզ ո՞վ ա ղրկել էստեղ, ո՞ւմ վրա եք էդպես կատաղել: Ասենք, թե հայը ձեն չի՛ հանում, պետք է նրան սաղ-սաղ ուտե՞ք: Աչքըներիդ լիսը կթռցնեմ էս սհաթը, կորե՛ք, թե չէ ամեն մեկդ ճուտի պես առաջիս կթպրտա: Քանի էս կուռը վրես ա, դուք էստեղանց թել չե՛ք կարող դուս տանիլ:

Որ չասեց ու մեկի էլ ուսը վեր բերեց, մյուսի աղիքը վեր ածեց, Էն վեցը տեսան, որ ճար չկա, ձիանը նի էլան ու ընչանք բերդը մեկ գնացին: — Արի՛, երեսիդ մեռնիմ, Թա՛գուհի ջան, աչքդ բա՛ց արա, աչքերիդ ղուրբան. Աղասին մեռած, ոսկորները փտած, հող դառած պետք է ըլեին, որ քո սիրուն մազին մեկն էլա մատով տար: Վա՜յ իմ աչքին, իմ արևին, ինչպես փետացել, սառել ա: Թա՛գուհի ջան, քո ջանին ղուրբան, ա՛ռ, հոգիս ա՛ռ, թո՛ղ ես մեռնիմ, դու կենդանացի՛ր և քո խեղճ մոր սիրտը մի՛ դուս կտրիր, մի՛ դուս ճոթռիր, երեսս ոտիդ տակը, — ասում էր քնքուշ, երիտասարդը, լալիս, գլխին տալիս: Արտասունքը աչքերիցը քուլա-քուլա էր վեր թափում:

Գնացին ջուր բերելու: Նա ձեռները խաչել, ինքն էլ փետացել, մնացել էր կանգնած: Մոտանար, սիրտ չէ՛ր անում, խտտել, ձեռները ճմռել, անկաջումը ձեն տալ, երեսին ձեռը խփել, բոլո՛ր, բոլոր չէ՛ր կարելի, չունքի Թագուհին դեռ կույս էր, ուրիշ մարդի աղջիկ: Մորն էր մտիկ անում, մերը ձեն չէ՛ր տալիս. դուրսն էր նայում, սատկած լաշերի դժոխային կերպարանքն էին աչքովն ընկնում: էլ ինս, ջինս, իսան, ադամաորդի չէր երևում, ամենն էլ փախել, սարերով-ձորերով էին ընկել, որ իրանց գլուխը պրծացնեն: Շների վնգվնգալն ու յա կոնձկոնձալը, աքլորի ու հավի կռկռալը, հենց իմանաս, թե նրան ասում ըլեին ցավելով.

Ինչ արի՛ր, արի՛ր. գլուխդ ա՛ռ, կորի՛, գնա՛ Փամբակ, Թիֆլիզ, ռսի հողը: էս երկրումը քո արևը մեր մտավ, քո օրը խավարեցավ, քո ճրագը հանգավ: Թոփի բերանն ա՝ քո ջանը: Քանի ոտքը խաղաղ ա, քանի ջիլավդ ձեռիդ ա, քանի բերնումդ շունչ կա, ոտումդ՝ թաղաթ, փախի՛ր, գլխիդ ճարը տե՛ս: Մնաս էլ, ձեր տունը բոլոր սուրը կքաշեն, գնաս էլ` էն բաբաթ. քեզ էլա ճա՛ր արա: Քո հերը քեզանից ղայրու էլ զավակ չունի. նրա օջախի ծուխը մի՛ կտրիր, ձեռներդ արնոտ արիր. սարդարի ֆառաշներին ես սպանել, տո՛, ա՛նիրավ, մեկ միտք արա՛ է՛լ: Դրանց արինը քեզանից կուզեն. դրանց տերերը հիմիկ կատաղել, փրփրել իրանց միսն ուտում կըլին, ի՞նչ ես փետացել, կանգնել. էլ ո՞ր օրին ես մտիկ տալիս: Քյահլան ձին՝ տակիդ, չարազ-ասպաբը՝ վրեդ. մեկ կտոր հաց ո՞րտեղ ըլի, որ չճարես:

Հենց իմանաս՝ դժոխքն առաջին բաց էր էլել: Հազար գլխանի դիվան ատամներ ղրճտացնում, զարհուրելի ձևով խնդում, ծիծաղում, ժընգժընգացնում, չանգերը սրում, հազրում, բոցն ու կրակը չաղ ըլեին անում, որ նրան էրեն, խորովեն, կտրատեն, թիքա-թիքա անեն, իրանց փայ շինեն: Հազար կպրե կարաս, հազար օձ, կարիճ` բերանները բաց, նրան ըլեին սպասում, որ քրքրեն, կուլ տան, մարսեն: Դեռ աչքը էս սարսափելի քնիցը չբաց արած` էնպես էր երևում նրան, թե սարդարի ջալլաթները (դահիճ) կռները վեր քաշած, արինն աչքըները կոխած, թրերը սրած՝ գալիս էին, որ իրան տանին: Թոփչին թոփն էր սրբում, հազրում. Գյուլլաչին գյուլլեն ջոկում, մոտ բերում: Հեր, մեր, ազգական, էրլու, անցվորական՝ հեռու տեղից գոռում, հարայ ըլեին տալիս, գլխըներին, ծնկներին խփում, ծեծվում, ջարդվում, իրան անունը տալիս ու սուգ ըլեին անում:

Ա՛ղասի ջան, մեկ թուր էլ ի՛նձ խփի, ի՛նձ... Վա՜յ իմ օրիս, արևիս, վա՜յՏունս բրիշակ էլավ... Բալա ջա՛ն... հոգի ջա՛ն... իմ երկի՛նք, իմ գետի՛նքիմ հրեշտա՛կ... վա՜յ... ամա՜նաչքս դուս էկա՛վ... պտուղս խավարեցա՛վ... Թո՛ղ քո ձեռն ինձ սպանի... որդի ջա՛ն... թո՛ղ քո ոտիդ տակին հոգիս տամ... ախպեր ջա՛ն... թո՛ղ քո՛ ձեռիցը մահս առնիմ... ջա՛նըմ ջան... Սիպտակ մազս քեզ փիանդազ, Ա՛ղասի ջան. քանի աչքումս լիս կա, քանի բերնումս՝ շունչ, ոտդ բերնիս դի՛ր, թուրդ սիրտս խրի՛ր. տո՛ւր ինձ մահ, տո՛ւր, թո՛ղ գնա մ, կորչի՛մ, հետո ինչ կուզես, է՛ն արա, աչքիս լիսը հանի՛ր... ի՛մ երկնքի բարեբար որդի, ի՛մ սար... ի՛մ աստված..

է՛սպես էր մեկ ծեր մարդ ընկել Աղասու ոտքը, գլուխը գետնին ծեծում, մազերը ճպռում ու վախտ-վախտ Աղասու ոտներովը փաթաթվում: Սի՛րելի կարդացողք, էլ ի՞նչ ասիլ հարկավոր ա: Դուք էլ իմանում եք, որ էս խեղճ, տարաբախտ հալևորը Աղասու ողորմելի հերն էր: Հենց խաբար տանողը որ լեղապատառ, լեզուն կպած տուն չընկավ ու գլուխը ծեծելով ձեն չի՛ տվեց՝

Տո , ձեր տունը չքանդվի, գեղը կոխեցին, տարան. Աթոյենց աղջիկը քաշեցին. Աղասին՝ արնի միջումը ծլծլում, ֆառաշները կրակ են քցել խալխն էրում:

Ինչպես որ մեկ ամպի տրաքոց կամ սաստիկ թոփի ձեն մեկ ձորի խփում, քարափները դղրդում, թնդում, մարդի անկաջները խլանում, մի քիչ ժամանակ շշմում ա, ու գլուխդ սկսում ա դժժալ, պտիտ գալ, աչքերդ սևանում, մութ ու խավար քեզ կոխում, խելքդ թռչում, մնում ես քարի պես կանգնած, ոտքդ ու ձեռքդ թուլանում, ջանդ սրսռում, լեզուդ կպչում ա, էլ չէ՛ս իմանում, թե ո՞ւր ես՝ երկրո՞ւմը, թե դժոխքումը, է՛ս հանգին Աղասու հոր ոսկերքը սարսափեցան, է՛ս հանգին ուշ ու միտքը թռավ, մնաց սառած, փետացած ու աչքերը չռած՝ քցեց է՛ս կողմն, է՛ն կողմը: Ծերությունը ջանն առած՝ մի ոտը հողի երեսին, մյուսը՝ գերեզմանումը, աշխարքի վրա է՛ն մեկ պտուղն ուներ, է՛ն մեկ զավակը: Նրան մտիկ տալիս հենց իմանում էր, թե աշխարքի թագավորն էլ ա ինքը, շահն էլ: Նրան ջիրիդ խաղալիս տեսնելիս՝ հենց իմանում էր, թե ոտը գետնից կտրվել ա, թև առել, թռչում. ծերությունն էլ էր մոռանում, մահն էլ, դժոխքն էլ արքայությունն էլ: է՛նպես էր կարծում, թե նո՛ր ա ծնվել, ու ուրախությունիցը ճխում, ճչում, ոտին-գլխին էր անում ու, ինչպես ութ տարեկան երեխա, խնդում, ծիծաղում: Նրա անունը որ տալիս էին, լերդի ծերը խաղում էր, սիրտն ուզում էր պատռի: Ամեն մեկ նրա աչքերին պաչ անելիս, ամեն մեկ նրան խտիտն առնելիս՝ հենց գիտում էր, լիս ա վեր գալիս գլխին, պատերը վարդ են դառել, դաշտ ու սար` ծաղիկ: Նրա ճակատին մտիկ տալիս, նրա բոյն ու սուրաթը աչքովն ընկնելիս` նրա համար նոր արեգակ էր բացվում, ուզում էր սիրտը ճղի ու նրան մեջը դնի:

Էս հասակը հասել էր նա, նրան մեկ չոռ չէ՛ր ասել, չէ՛ր էլ ասել, թե աչքիդ վերևն ունք կա, յա ծուխը դեպի քեզ: Ջանն էլ որ ուզեր, չէ՛ր խնայիլ նրան. հոգին էլ որ հաներ, ձեն չէ՛ր տալ նրան, գլուխը պտի ծախեր ու նրա մուրազը կատարեր: Խանի, բեկի մոտ գնալիս` նա իր որդուն էնպես էր զարդարած դուս բերում, որ ամենի աչքը մնում էր վրեն սառած: Սարդարն էլ էր տեսել նրա տղի կտրիճությունը, նրա քաջությունն ու ձեռի հունարը: Շատ անգամ, ազիզ օր ըլելիս, ինչքան ջիրիդ խաղացողներ կային, պատածակն էր կոխում, հետ ածում: Փահլևանները հո, նրա անունը լսելիս, զրզնդում, դող էին ընկնում: Նա մեյդան դուս գալիս՝ աշխարքի բերանը բաց էր անում: Մեկն էլա սիրտ չէ՛ր անում, որ նրան մոտենա: Բերդումը շատ անգամ, հանաքըվեր, ոչխարի տեղ եզ, ուղտ էին բերում, որ բալքի կարենան նրան մեկ օր ամաչացնիլ, շատ անգամ թուրը փոխում էին, որ բալքի չի՛ կտրի, ու մնա ամոթով, բայց քաջ երիաասարդը մեկ խփելով եզան կամ ուղտի գլուխը է՛ս կողմն էր թռչում, լաշն՝ է՛ն:

Հայի՛ֆ, հայի՛ֆ, որ հայ ես,— ասում էր սարդարը շատ անգամ, գլուխը պտտելով,— թե որ թուրք էիր էլել, խանություն պետք էր քեզ տված:

Կռվի միջումը, էն գյուլլի ու կրակի թեժ ժամանակին, նետի պես արձակվում, ընկնում էր ղոնշունի գյուռ տեղը, ասլանի պես որին էս կողմը, որին էն կողմը քցում, ջախըբուրդ, թիքա-թիքա անում ու օսմանցվի մազերիցը բռնած, քաշ-քաշ անելով՝ հետը սուրութմիշ բերում, սարդարի առաջին կանգնացնում:

Ասլա՛ն Բալասի (առյուծի ճուտ),— սարդարը ձեն էր տալիս ու ճակատին պաչ անում,— ի՞նչ կըլեր, որ քեզանից մեկ տասն էլ ունենայի. քո մոր մեջքը կոտրվի, ընչի՞ չէր քեզանից մեկ չորսն էլ բերում. աֆա՛րիմ, բա՛րաքյալլա, էրեսդ պարզ կենա՛, քեզանից շա՜տ ունենամ:

Ֆորս գնալիս` առաջ նրա գյուլլեն պետք է վեր քցեր: Խաներ, բեկեր մնացել էին նրա սուրաթի, նրա լեն թիկունքի վրա զարմացած, հիացած: Շատ անգամ, հանաքըվեր, խոսք էին քցում, թե որ թուրքանա, բեկություն, խանություն կտան նրան: Մուլք էին խոստանում, ռըհաթ, մալ, դովլաթ, աղջիկ էին ասում` կտանք. Բայց նա է՛ն կաթը չէ՛ր կերել, որ իր սուրբ հավատն ուրանա, փուչ աշխարքիս մալին, դովլաթին թամահ անի:

Իմ ցամաք հացը լավ աշեմ ինձ համար, քանց ձեր ղաբլու փլավը: Իմ տերտերի մեկ մուռտառ մազը հազար ձեր մոլլի ու ախունդի հետ չեմ փոխիլ: Գութան վարեմ իմ հավատովը, ցանք անեմ, բահի տամ լա՛վ ա, քանց խան, բեկ դառնամ, աշխարքի տեր ըլիմ ու իմ օրենքն ուրանամ: Թուրը սարդարն էր բաշխել, թվանքը՝ Ջավաթ խանը, ձին՝ Նաղի խանը: Նոր էլ Հայոց սարվազի նայիբությունը նրան էին տվել: Ա՜խ, ո՞րն ասեմ. մեկ Աղասի էր, մեկ քյուլ Երևան. Ո՛վ ասես նրա անունովն էր օրթում ուտում, ո՛վ ասես` նրա արևովն էր խնդում, նրա գլխովն էր ուզում պտիտ գա:

Էս ո՞ւր եմ... քնա՞ծ եմ, զարթո՞ւն եմ, երազո՞ւմ եմ. Օ՜հ, օ՜հ, օ՜հ... արյան ծովն է՞ս ա, որ ասում են,— սկսեց ողորմելի ծերունին Էսպես իրան-իրան խոսալ, երբ առաջի տաքությունն անց կացավ, ու թըմբրություն էկավ վրեն: — Դժոխքի տարտարոսն է՞ս ա, որ պատմում են... Իսրի պուճախն է՞ն ա... Վա՜յ ինձ, վա՜յ ինձվա՜յ ինձ... Միսս սրսռում ա... աչքս խավարում ա... չանգալ ա, որ հազրում են... մանգաղ ա, որ սրում... շիշ ա, որ կայծակին ա տալիս... Ա՛ստված, քո փառքդ շա՜տ էլ ընչի՞ մեզ ստեղծեցիր... որ էս կրակի մեջը պետք է էրեիր... Երանի՜ նրան, որ մոր փորիցը դուս չի՛ էկել... էս ի՞նչ եմ տեսնում, արա՛րիչ աստվածՀրե՛ն, խորովում են... հրե՛ն, միսը կտրատում են... Ամա՜ն... ամա՜ն... ամա՜ն... Գլուխ առե՛ք, կորե՛ք... Շատ գինի խմողի փորն են ճղումփիս խոսողի, բամբասողի, խաբարբզանի... տուն քանդողի լեզուն են բողազիցը դուս ճոթռում, էրում, տապակում... Շատ փող սիրողի ջանին մանեթներ ա, որ կրակիցը հանում են, կպցնում... Կաշառք ուտողի միսը քալփաթնով պոկում են, բերանն են տալիս... Վատ ճամփի ման էկողի, գողի, բոզի գլխըներին հալած արճիճ են ածում... տաքացրած շամփրներ սրտները կոխում ու էրում, փոթոթում... Մեկ տեղ վնգվնգում են, մեկ տեղ թնգթնգում... Մեկ տեղ վլվլում են, մեկ տեղ թլթլում... Մեկի էրեսիցը քրտնքի տեղ կայծակ ա վեր թափում... մեկի բերնիցը կրակ, բոց ա դուս գալիս, իրան էրումԿայծակը մեկ կողմիցն ա խփում, ամպը մյուս տեղից գոռում... երկինք, աստղեր, արեգակ, լուսին՝ կորել, խավարել ենէնպես պատկերներ են առաջս գալիս, որ մեկի լեզուն կրակած թուր ա, մյուսի ձեռը՝ օձ. մեկի աչքիցը կրակ ա թափում, մեկի քթիցըն ծուխ վեր ըլում... Ա՛ստված, էս ո՞ւր տարան ինձ... էս ով բերեց ինձ էստեղ... Աշխարքի վերջը հո չի՞ հասել... էրեկ չէ՞ր, որ էլով, գյունով նստած՝ քեֆ էինք անում... Քոմակ արե՛ք, օգտեցե՛ք, աստծու խաթեր, ի սե՛րը Քրիստոսի. հրես գալիս են, որ ինձ էլ տանին... Աղա՛սի ջան, ո՞ւր ես, էդ ղոչաղ ձեռդ մի հասցրո՛ւ, է՜, անումի՛դ մեռնիմ... էլ քո հորը ո՞ր օրը պետք է քոմակ անես...

Որդու անունը անկաջն ընկավ թե չէ, հենց բռնես՝ կայծակը խփեց. ջանը մեկ թափ տվեց, սասանմիշ էլավ, աչքը բաց արեց, տեսավ, որ բոլորը մտաց ցնորք էր. ո՛ չ դժոխք կար, ո՛չ կրակ. էլի էն սուփրեն էր էլի Էն հացը, բայց ղոնաղների շատը հեռացել, տերտերը ավետարանը նրա գլխին էր դրել, աչքը երկինքը քցել, սաղմոս էր ասում, աղոթք էր անում, վրեն Խաչ հանում ու մարմանդ արտասունքը սրբում, հեկեկում:

Տե՛րտեր ջա՛ն, դո՞ւ ես. ձեռդ մի տո՛ւր, համբուրեմ, աջի՛դ մատաղ գնամ: Ուխա՜յ... Սիրտս հովացավ, ջանս տեղն ընկավ, հլա մեկ քանի տարի էլ ումուդ ունիմ, որ քո աղոթքովն ապրիմ: Էս ի՞նչ էր, տո՛... ուզում էին ինձ սաղ-սաղ դժոխքը տանին... Դեռ Աղասուս էրեսը չպաչած, դեռ կնկանս ու հարսիս օրհնություն չտված ո՞ւր կէրթամ... Տղերքն ո՞ւր են, Վիրապն ո՞ւր ա, խի՜ստ եք ձենըներդ կտրել հա՜յ յա՛սսարներ. էլի ֆռսանդ են ճարել, ինձ քնած թողել իրանք դուս գնացել որ յալլի տան (պար գան): Տեսնո՞ւմ ես, էն հարամզադեքն ի՞նչ են բերում իմ գլո՞ւխը: Ասենք՝ ծերացել եմ, ոտներս չի՛ պար գան, հո մեկ թևերս էլա կբարձրացնե՞մ, ծա՞փ կտամ, հետըները քե՞ֆ կանեմ: Ծերության երեսին նալլաթ. ո՛վ ասես՝ ծերի դնչին էլ չի՛ մտիկ տալիս: Գինի ածա՛, խմե՜նք, տերտեր ջա՛ն: Դժոխքն էլ քանդվի, աշխարքն էլ, մենք, քանի աչքըներումս լիս կա, քեֆ անենք:

Ծեր մարդը, ղորդ ա, ցավի է՛նքան չի՛ դիմանալ, չունքի կենդանական զորությունը հատած է, էլ է՛ն արինը, էլ է՛ն սիրտը չունի, ամա ցավն էլ շուտով կմոռանա, չունքի ջիգյարն էնքան տաք չի՛, միտքն էն կարողությունը չո՛ւնի, որ բանը երկար պահի: Աոաջի բոցն որ անց կացավ, թմբրությունիցը զգաստացավ, էլ մտքումը բան չէ՛ր մնացել: Հենց իմանում էր, թե գինու զորությունն ա նրան հաղթել, թուլացրել, կրակի տաքությունը գլխին դիպել քնացրել: Աչքը որ բաց չարեց, էն սարսափելի երազն էլ, որ տեսել էր, հենց իմանում էր ողորմելին, թե նո՛ր ա Էկել աշխարք, նո՛ր ա ծնել ուզում էր, որ ինչ ունի-չունի տա՛, թաք ըլի մեկ քանի տարի էլ ումբր ունենա, աշխարքի սերը վայելի:

Էնպես, ինչպես որ մեկ մարդ մեկ սարսափելի երազ տեսնի` իրան սպանում ըլին, թշնամիք ըլին չորս կողմը փակած, որ գլուխը կտրեն, ի՞նչ սրտով տեղիցը վե՛ր կթռչի ու էրեսին խաչ կհանի, որ էլի իրանց տանն ա, իր յորղան-դոշակի միջին պառկած, է՛ս հանգին էր հենց նրա հալը: Ուզում էր, որ դուս թռչի, պատեր, դռներ լիզի, հարս, էրեխա, դոստ, դուշման դոշին քաշի, համբուրի, սիրի, հոգին նրանց տա, որ քանի էս աշխարքումն են, իրար հետ լավ ապրին, իրար սիրեն, աշխարքի բարին վայելեն, որ էլ Էն աշխարքումը մուրազները պակաս չմնա, էլ աչքըները էս կողմը չունենան: Բաղ, հանդ, սար, ձոր, տուն, ապրանք, մալ, դովլաթ, ծառ, ծաղիկ՝ որ միտքն էր ընկնում, որ տեսնում էր, թե էլի իր ձեռին են, էլի բաց աչքով նրանց մտիկ էր տալիս, էլի նրանց հոտն ու համն էր առնում, ուզում էր որ քարերն էլ լիզի սրտի սիրուն, հողն էլ: Ուզում էր բոլորի առաջին չոքի, ծունդր դնի, մատաղ անի: Իր օրումը էն սրտով ժամ չէ՛ր մտած, իր օրումը էնպես ջերմեռանդ աղոթք չէ՛ր արած, էրեսին էնպես հավատով խաչ չէ՛ր հանած, տերտերի ձեռն էնպես տաք-տաք չէ՛ր համբուրած, երկնքին, գետնին, աշխարքին էնպես քաղցր աչքով չէ՛ր մտիկ տված, էնպես հոգին չէ՛ր փառավ»որված, ինչպես էս սհաթին: Հենց գիտում էր, թե աշխարքս դրախտ ա, մարդիկը հրեշտակ են, էլ մեկ վատ միտք, մեկ փիս խորհուրդ նրա սրտումը չէին մնացել: էլ ո՞վ կտար նրա մտքումը բարկություն, չարություն, նախանձ, ատելություն, չկամություն, բախլություն. բոլորը, բոլորը ջնջվել, փչացել էին: Հիմիկ էր իմանում, թե ժամ գնալն ի՞նչ ա, աղոթքն` ընչի՞ համար, պատարագի զորությանն` ի՞նչ:

Next page