Աբովյան Խաչատուր՝   Վերք Հայաստանի

Էս ձենը դուս էկավ թե չէ, հենց իմանաս, մեկ ամպ տրաքեց, ու ձենի տուտը հազար կտոր ըլելով, գետինը ժաժ տալով, սար ու ձոր իրարոցով քցելով՝ քարափների, էրերի արանքներովն անց կացավ ու քիչ-քիչ ձգվելով՝ բարակացավ, խզվեցավ, կտրվեցավ: Ինչպես մեկ բունը քանդված մեղրաճանճի թաբուն, էնպես դուս թափեցան ուղղափառ մահմեդականքը. Որն իր դուքանիցը, որը բաղիցը, ձորիցը, որը քնաթաթախ, որը սովու աչքը կուլ գնացած, ձենը փորն ընկած, ռանգը սփրթնած, ունքեր, նոթեր կիտած, գլուխը կախ քցած, որը մեկ ավթաֆա ձեռին, փեշերը վեր քաշած, գոտիկը խրած, խորասանու սև մորթի երկար գդակը ունքերին քաշած, միջի վրա կոտրած, թուխ ճալվերը (քոչորը) երկու տակ՝ անկաջների էս կողմն, էն կողմն ոլորած, քցած, գլուխը պլոկած, կլեկած, վեր արած, վիզն ու բուկը կեղտով, քրտնքով սևացած, կոշտացած, տարթի պես բասմա ընկած, երկար, բարակ միրուքը հինա դրած, սևացրած, կոկած, մեկ սև կամ մուգ կանաչ լեն բորանի ֆարաջա՝ անյախա, անկոճակ, ուսերին քցած, փեշերը ղայիմ բռնած, երկուտակ կապի, չիթ արխալուղի բադանները (չաքերը) բդիցը մինչև ոտը ճղած, անթիվ դուգմեքով (կոճակ) թև, դոշ իրար հետ սխ, պինդ կոճակած, կպցրած, շապկի բահաձև, սիպտակ յախեն, ինչպես մեկ ղաշղա եզան ճակատի խալ, թամուզ դուս թողած, բկին կպցրած, որը թիրմա շալի կամ սիպտակ կտավի մեկ բեռը գոտիկ, ինչպես մեկ մարգի (կվալի) թումբ կամ մեկ բոչքի կապ մեջքովն ոլորած, պիրկ կապած, մեկ ոսկորագլուխ, ծուռը խանչալ կամ մեկ հաստ, սրած կոլոլ թուղթ թեք մեջը խրած, կապած, մեկ ջվալի ղդար, բերանը բաց արած, ղրաղները սիպտակ դերձանով մանր-մանր կտրած, լեն, կարմիր ղասաբ կամ մուգ մավի սադա փոխանն ու շորերի փեշերը գաբերին (լուլա) տալով, քարերին խփելով, հող ու թոզ սրբելով, քամու առաջին, ոտների արանքին դես ու դեն ծալվելով, բացվելով, ֆռֆռալով, ոտները կապ քցելով, գորտի բերանի նման սաղրի քոշերը` ծերը նեղ, բերանը լեն, ճոթռած, կրունկը սուր, բարձր, երկաթով նալչած, ոտի տակին քստքստացնելով, ծլփծլփացնելով, չալ, ճիտը կարճ, բրդի հաստ գյուլբեքանց հետ, սև, բաց-բաց գաբերի հետ հանաք անելով, խաղալով, կրնկին ծեծելով, թոզ, ավազ գետնիցը հավաքելով, անոշ-անոշ կուլ տալով, դուս ածելով, էլի հատիկ-հատիկ բերանը քցելով, չարազ անելով, ոտների տակը ծակելով, բզելով: Որը մեկ փալան սիպտակ կտավե չալմա (գլխի փաթաթան) գլխին փաթաթած, որը մեկ շիլա թասակ անկաջները պրծացրած, որը մեկ ոչխարի քոսոտ փոստ կատարին կպցրած, որը մեկ գելի քուրք ուսերին քցած, որը մեկ իծի յափնջի՝ կտրատված, քրքրված, բուրդ ու մազը գըզգըզած, դուս դառած, ճոլոլակ կախ էլած, հազար տեղից ճղված, ճոթռած, հազար թելով, ղազլով շուլալած, կարկատած, տոպրակի պես ծակած, շլնքովը քցած, չաթվի կտորով բողազի տակին պինդ ղայիմացրած, չարմխած, գոմշի կամ եզան տրխըները հաքին, զանգալները կամ մաշված պաճուճները վրեն, երեսին ու միրքին հազար տարվա կեղտ, աղբ տարթ դառած, նստած՝ թարաքյամա, յա ղարփափախ, մեկ չաթու ճտին, մեկ մոթալ փափախ գլխին, տոպրակն էլ հո յափունջին էր,— դուս թափել, գնում են:

Մե՛ր տղա, չծիծաղաս, լավ չեն ասիլ, ամոթ ա. կարելի ա մեկ քացախած ճամփորդի քեֆին դիպչի, տրտինգ անի, փալանը շուռ տա, հետո տուրուդմբոց քո գլխին գա: Տե՛ս, ես իմ պարտքիցը դուս էկա, կուզես ծիծաղի, կուզես պա՛ր արի, չունքի հանաք-մասխարություն չի՛ էսքան հրաշք տեսնիլ, աչք ու բերան բռնիլ, ո՛չինչ չասիլ կամ սուս ու փուս կշտովն անց կենալ: Հմիկ դու գիտես: էսպես, ինչպես տեսանք, մեր ուղղափառ, աստվածապաշտ, նամազասեր, այլ ո՛չ քրիստոնասեր մոլլեքը, ախունդները, հաջի, թաջիր, արախլու, ղզլբաշ թարաքյամա, ղարափափախ, մսկլլու, չոբան, քուրդ, պարսիկ, բեկ, խան սարից ձորից, տանից, հանդից, գեղերից, յայլաղից, բազարից, առից, տրից, ինչ ունին-չունին, վեր ածած՝ գութանը հանդումը, ոչխարը սարումը, տավարը նախրումը, ջուր, վար, ցանք տեղնուտեղը երեսի վրա թողած, ինչպես մեկ թունդ կռվի ժամանակի, իրար գլխով դիպչելով` Երևան էին թափում: Մեկը ուղտի վրա նստած՝ տմբտմբալով, մեկը իշի քամակին բազմած՝ չո՜շ, չո՜շ ասելով, մեկը յաբվի վրա ուռած՝ դա՜հ, դա՜հ անելով, մեկը գոմշի մեջքին՝ հա՛ տպռո՜ւ կանչելով, մեկը եզան պոչի տակին՝ հո՜, հո՜ ձեն տալով, մեկը ղաթրի ուսին՝ բզելով, ը՜մ, ե՜րի գոռալով, մեկը արաբում, մեկը քեջավում՝ հազար տեսակ ձենով իր ուլախին քշելով. որը քյահլան ձիու վրա նստած, յարաղ-ասպաբը կապած, զարդարված, թվանքն ուսին դրած՝ ծվծվացնելով, օրզանգուն զնգզնգացնելով, որը ոչխարի, իծի սուրուն առաջին, որը մեկ գառն ուսին քցած, որը մեկ գիլի պարկ վզաքոքին կապած յա թվանքը միջովն անցկացրած, որը մեկ արջի մորթի շուռ տված, հաքած, մե՛ր տղա, տե՛ս ու քե՛ֆ արա, էս թամաշեն թանկ աժի, որը գոմշի կաշի, որն իծի մորթի, որը մեկ շան թուլա եդևին քցած, որը մեկ առըխ թազի ձիու կողքին կապած, որը մեկ գոմփոռ շուն սելի ականը թոկած՝ Էնքան վազել, հեթեթացել էին էս խեղճ գազանքը, որ լեզվըները մեկ գազ կախ էր ընկել, աչքըները դուս պրծել: Որի արաբումն խնոցի, օրորոց, աման-չաման, ամա բոլորը դարտակ. որն իր լակոտը քամակին ղազլով կամ փալասով կապած, չունքի շատի հաքին Էնքան շոր չի կա, որ երկու աբասով առնես, Էն էլ կեղտով, ծխով սևացած, մուր դառած: Որի սելումն կամ ծոցումն մեկ կտոր, հազար տարվան, ժանգոտած, բորբոսնած, քարացած ճաթ (այսինքն` կորեկի հաց), որը քթոցով յա քաղալագով` հավ, ճիվ, ձագ, թուխսը, ձագեր, ճուտեր, չալ-չալ վառկըներ մեջն արած:

Հիմիկ ով մարդ ա, չծիծաղի, բարաքյալլա կասեմ, չունքի էս լավ, հնազանդ անասունքն ու թռչունքը իրանց տիրոջ տվածը կամելով էլ ետ տալ, հեսաբը դրստիլ՝ գոգ ասես թե ջեբ, խուրջին, սուփրա, աման, մարթաբա, միրուք, երես էլ չէին խնայում, չունքի տերերի շատը շոգի ձեռիցը անոշ-անոշ քնած ա սելումը ու երազ ա տեսնում:

էսպես՝ մեկի ձեռին ղամշի, մյուսի՝ դագանակ. մեկի ուսին մանգաղ կամ երկար ձողի` չադրի համար, մեկի գդակի արանքումն ղազիլ ու մախաթ կամ թալսման կարած, սուրբ մոլլի բաշխած. որը մեկ ֆորթի թոկ, որը մեկ շան բհիր, որը մեկ ձիու նոխտա, որը ձիու կամ իշի փալանը, քամակին դրած, շատ տեղ խեղճ հայերի կալն ու դեզը տաղըթմիշ անելով, կամ ձին խլելով, կամ բաղը քանդելով, խոռը վեր ածելով, բաշը ցրվելով, տնքալով, ճրրալով, ննջելով, բուղուրմիշ ըլելով, բայաթի ասելով, խաղ կանչելով, քյալլեի զլելով, մինչև գազանների քեֆն էլ բաց էլավ. որը վնգվնգում էր, որը տրլնգում, որը բղղում, որը խրխնջում, անջախ մի անջախ մեկ ջրի ղրաղ հասան, հենց էշը զռաց, շունը մռռաց, փառք հավիտյանս ամեն, մոլլա Մասրադնի առակը տեղն էկավ, մեր ուխտավորքն էլ վեր էկան, որ ոտ ու ձեռք լվանան, հետո մտնին Երևան, չունքի էսօր նրանց Մհառլամն էր:

Ալլա՜-հո՜ւ, բս՜-մլլա՜հ... ըլ ռա՜հ-մա՜ն... ըլ ռա՜-հի՜մ... չախսե՛-վախսե՛ ... Հասա՜ն, Հո՜ւ... սեյն, աղա՜մ... վա՜... Յա՛ Ալի՜... չախսե՛-վախսե՛ ...

Հերի՛ք ա, հերի՛ք, նամազ հո չի՛ պիտի անենք, — ինձ ասող կըլի: Ո՞վ ա ասում, թե նամազ անենք, միտքս Էն էր, որ ցույց տամ, թե մեր դրացի պարսիկքը ինչպես են սկսում իրանց աղոթքը:

Հմիկ գնանք Երևան, որ Մհառլամը տեսնինք, ի՞նչ կասես. Էս ձենըձորը Էնտեղանց ա գալիս, էս սաս ու մարաքեն Էնտեղ ա. ամա ծածուկ պետք է մտնինք, չունքի ինչ ունինք չունինք կառնին, մեզ էլ եզըդի կշինեն, որ իմամներին սպանեցին, Էստուր համար էսօր որտեղ որ մեկ հայ ձեռք են քցում, ոտն ու ձեռը կապում են, լավ շորեր հաքցնում, ձի, յարաղ, ասպաբ տալիս, ընչանք որ սուգ ու շիվանն անց կենա, ՀասանՀուսեյնի կարգը կատարեն, կտակը կարդան, հետո վա՜յ քո օրին, արևին, շորերդ հանում են ու ոտիդ-գլխիդ տալով դուս խռկում, հետ ածում: Ո՞վ կարա խոսալ, տերությունն իրանցն ա:

Սվանղուլի խանը, յա Ջաֆար խանը, իմ փիրս ա, իմ տերս, իմ աղեն, — մեկ երևանցի հայ ասում ա քեզ, — գնանք նրանց տունը ու էնտեղանց գնանք, թամաշ անենք:

Ի՞նչ անես, մարդի փիրն աստված ա, ու իր տղամարդությունը, ամա սրանք փետի տակին են մեծացել, էսպես որ չասեն, բանը բան չի՛ դառնալ: էս անգամ էլ մեր երևանցու խոսքին անկաջ անենք ու գնանք, որ էս հանդեսը տեսնինք, թե չէ ժամանակն անց կկենա: Աչքդ սառչի ո՛չ. Սրտիդ ու բերնիդ հուպ տո՛ւր, որ չծիծաղիս, թե չէ գլուխդ կկտրեն, աղիքդ վեր կածեն: Քուչեք, փողոց, մեյդան, բազար, հայաթ, կտուր՝ մարդի ձեռիցը ղլվլում են: էս ո՛չինչ. կարելի ա քեֆ են անում. դու ո՛չ մեռնիս.— սև ըլի էնպես քեֆը, իրանց սպանում են. մեկը դոշին ա խփում, մեկը գլխին վեր հատում, մինը բողազը դուս ճոթռում, մյուսը միրուքն ու մազերը պռճոկում, սուգ անում, ոտ ու գլուխ քարերին ծեծում, վա՜յ, հարա՜յ, տալիս, գոոում, բղավում, է՛ս պատին, է՛ն պատին քոռի պես գլուխը խփում: Ախր ընչի՞ ընչի. էս ի՞նչ խաբար ա, դատաստանի օրը հո չի՛ հասել, ո՞վ ա սրանց տունը քանդել: Հլա համբերի՛ր մի քիչ, քո ցավը տանիմ, տոհաչություն ի՞նչ հարկավոր ա, լոբի հո չե՞ս կերել. մի քիչ ձենդ փորդ արա՛, հետո կիմանաս: Գնա՛նք մեչիդը, մեր երևանցին մեզ ձեռաց չի՛ թողալ, մի՛ վախենար:

Վա՜յ քո տղիստղա, էս ի՞նչ բան ա. տո՛, մի մտիկ արա՛, տո՛, է՛յ, քե՞զ չեմ ասում, շլնքիցդ հո ջաղացքար չի՛ կապած: էս մարդը գժվե՞լ ա, է՛ս ինչ մարաքյա ա: Կա՛ց, կա՛ց, մի մտիկ անենք, հետո քանի զորությունն իմանանք, մեզ ով ա հետ ածում, կրակ չի՛ վառվել հո ոտըներիս տակին, մի քիչ համբերենք:

Մեկ հաստափոր թուրք մեկ ղաբա միրուք, վրեն իծի քուրք, բալքի արջի ա, հլա քննելու վախտը չի՛, երեսը եղ քսած, մատները հինա դրած, կեղտոտ շորերով, վզին հո, աստված ո՛չ շհանց տա, տարով ջրի երեսը չի՛ տեսել, — մեկ եքա ձողի ջուխտ ձեռով ղայիմ բռնած, կոթը դոշին կպցրած, գլխին Ալու փանջեն (ձեռը) ցցած, լալով, սգալով, իրան կտրատելով, պատմություն, նաղլ անելով, մեկ սուրու խալխ հետը, ի միասին գլխըներին թակելով, նամազ անելով, չախսե՛-վախսե՛ ձեն տալով, թոզ, թոփրաղ կուլ տալով, շորըները վեր քաշած` կտմըներն առել, ղռերն են ընկել ու ուզում են մինչև Մեքքա մեկ գնան: Բանն էս ա, որ մեր բարեպաշտ ուխտավորը է՛նպես ա կրակվել, Էշխ ընկել ու յա ոտը քարին դեմ անում, յա գլուխը ետ քաշում, յա դոշը դեմ տալիս, քամակի վրա ծռվում, ձգվում, ոլորվում ու դեմն էլ վազում ու Ալու զորությունն ու հրաշքը գովում, որ տեսնողը հենց կիմանա, թե թոկ են դրել վիզն ու քաշում: Բայց ո՞վ չի գիտի, որ անիրավ չար սատանեն հենց բարեպաշտ ուխտավորների ճամփին ա թՈզ ու դուման անում, աչքըները հող ածում:

Չրխ՛կ, թրխ՛կ

Մեր տղա, հեռու կանգնի՛ր, մեր ուխտավորը մուրազին հասավ, սատանեն քոռանա, աչքդ հո ձենով չի՛ ընկել ա՜յ տնաշեն: Տո՛, մի մտիկ արա՛, տե՛ս, ի՞նչպես ա նա պատի տակին արինը սրբում, գլուխը կապում, է՜: Ախր պատի հետ հանաք անիլ` ո՞վ ա լսել: Դու էլ գլուխդ խփիր պատին, թե կարաս, տեսնիմ, արին դուս կգա՞, թե՞ մեկ անկաջ էլ կավելանա:

Տո՛, էս փոսիցն ո՞վ ա ձեն տալիս, բղղում, հարա՜յ, մադա՜թ անում, որ խալխը դեն կենան, ետ քաշվին: Տուն քանդվե՞ց, էս ի՞նչ խաբար ա: Տուն քանդվե՞ց... Տո՛, բաս տունը, որ լեզու չունի, էրդիկ է՞լ չունի, որ քոռըքոռ գնացողի հախիցը գա: Տան դարդը թողանք, քանդվեց, է՛լ կշինեն. բանն էս ա, որ մեկ ուխտավոր էլ մեկ հորից ա իր սև օրը լաց ըլում: Անջախ մի անջախ խալխը ետ քաշվեցին. հավատը սուրբ ա, աղոթքը` զորավոր, ո՛վ չհավատա, նա մնա պարտավոր, էլի մեր աղոթքի պարկը տեղիցը վեր կացավ թե չէ, ոտն ու գլուխը դզում, սրբում ա ու տնքալով, հազալով, ճրրալով, մրրալով, անկաջները թափեթափ տալով, ուսերը քաշելով` չուլ ու փալասը հավաքում, քափ ու քրտինք՝ երեսը, փրփուրը բերանը կոխած, աբեն մեկ կողմը, չալմեն մյուսը ցխակոլոլ ընկած, տլոտ քոշերը չխպչխպացնելով, ծլփծլփացնելով, ծլունգ ըլելով՝ իր կոտրած ձողին էլ ետ պաչում, սրբում ու էն հալին էլ ետ ճամփա ընկնում:

Քո տունը չքանդվի, էս ի՞նչ անսիրտ մարդիկ են, տո՛. գլուխ առնի՛նք, կորչի՛նք: Տո՛, մեկ ֆորթ որ ցխումը խրվում ա, պոչիցն էլա բռնում, քաշում են, որ հանեն, մեր համշարիքը բոլորեշուրջ կանգնել, փառք են տալիս աստուծո, որ իրանց կարդացողը էս փաոքին հասավ, էս դինումը պատժվեց, որ էն դինումը պսակվի: Խաչը տերը զորավոր կանի, բան չի՛ կա. մոտանաս ո՛չ, թե չէ մեծ թիքեդ անկաջդ կմնա: Իր հավատին պինդ մարդը գլխին քար էլ աղա, հենց կիմանա, թե դափ ու զուոնա ես ածում: Քո քիսիցն ի՞նչ ա գնում, որ գլուխ են ջարդում, դու քո գլխի դարդը քաշի՛ր. Վա՜յ նրան, որ գլուխը հաստ ա, ծուծը՝ բարակ:

Տո՛, ճանճերն էլ են էսօր գժվել, կատաղել, էսպես հրա՞շք կըլի: Շները հո, էլ ճամփա չեն տալիս, ընչի՞. — ո՛սկոր կա, ոսկո՛ր, խա՛նի խարաբ: Ճզվզոցն ընկել ա դուքան, բազար: Խորովածի, խաշլամի, փլավի, սանգակի (հաց) հոտը աշխարհ ա բռնել: Հլա մեկ մտիկ արա՛, քո աստվածը կսիրես, էս սիպտակամիրուք ծերերն էլ չեն ամաչում, որ իրանց տունը թողել են ու էս մեյդանումը որը սանգակն ա մեկ կտոր խորոված միջին դուրում արել, մշրում, որը շերեփով ա փորի կամքը կատարում, որն էլ մեկ թիքա ջիլ միս, կիսաեփ, էնպես ատամի տակն ա քցել, ծամում, ծամլամորում, եղը շորերին քսում, դմակը՝ միրքին. փորը նեքսևիցն ա ձեն տալիս, ղլվլացնում, բողազը մեկ կողմիցն ա իր գլուխը լալիս, բաց ու խուփ ըլում, աչքերումը հո, էլ լիս չի՛ մնաց, ամա նա հենց զոո ա անում ու թիքեն դարիվեր բոթում: Աստված բարի ճանապարհ տա՛ թե կերթա նեքսև. ես գիտեմ, թե ո՛ր էշը նախրումը կզռա: Տո՛, զռաց էլ, պրծավ էլ: Մհառլամ-բայրամը կերան, գնա՛նք, էս թամաշեն ուրիշ օր էլ կտեսնինք: Ձիուդ ղամշի՛ր, ղո՛ջա բաբա, ալլա՛հ սախլասն: Տո՛, նա իր փորի դարդն ա քաշում, քո ի՞նչ բանդ ա, գնա՛նք, նա քո դնչիդ չի՛ մռռալ, գնա՛նք:

Մեչդի մեջը մտնիլ կարելի չի՛, մարդի միս են ուտում, պետք է մոտիկ տների կամ մոլլեքանց օթախների կտրներիցը, խալխի հետ խառնվիլ ու հեռըվանց թամաշ անել: Լավ սիրտ պետք է, որ դիմանա, լավ աչք, որ տեսնի ու լաց չըլի: Մեչդի աղոթարանի առաջին մեծ բազմություն կա թոփ էլած. թե՛ նրանք, թե՛ մյուսները էնպես են լալիս ու դոշըներին վեր հատում, որ հենց իմանաս, թե Հուսեյնի նահատակության օրը է՛ս ա, որ էս ա: Ախունդը մեկ բարձր աթոռի վրա բազմել, մոլլեքը իր չորս կողմը բռնած՝ է՛նպես ա Ալու, Մահմադի ու Ալու որդի Հասան-Հուսեյնի պատմությունն անում, լալիս, իրան կտրատում, որ քարերն էլ ձեն են տալիս, մղկտում: Նրա առաջին մեկ քանի ջահել աղջըկերք` մազըները ցրված, խճճած, կեսն երեսներին, կեսը դոշըներին քցած, մեկ ղրաղում կուչ են էկել ու իրանց մոր հետ սուգ են անում: Մեկ քանի ջահել տղա էլ աղիողորմ ձենով իրանց խեղճ հոր մահվան սուգն են ետ ասում: Մեկ քանի ձիավոր էլ` թուրըները հանած, պլոկած, ձի չափ քցում, նրանց վրա վազում, որ նրանց սպանեն: Սրանք էլ եզըդեքանց օրինակն են, որ վրա պրծած գալիս են, որ իրանց խալիֆի հրամանը կատարեն: Ձիու վրա նստած՝ դես ու դեն են վազում ու կամենում են որպես թե Հուսեյնի ընտանիքը կամ սուրը քաշեն, կամ եսիր անեն: Բոլորն էլ խոսում են, բոլորն էլ է՛նպես կենդանի իրանց խաղը խաղում, որ տեսնողը հենց կիմանա, թե հենց է՛ս օր ա Հուսեյնը մեռել: Օրինակի խաթեր, մեկ քանի խոսք էստեղ գրենք, որ կարդացողն իմանա, թե ի՞նչպես են մեր համշարիքն իրանց սուգն ասում:

ՄՀԱՌԼԱՄԻ ՍՈԻԳԸ

Առաջին բոթաբեր

Աչքըս խավարի, լեզուս կարկամի,
Ոտներս կոտրվեր, ա՜խ, ջանըս դուս գար,
Որ սկի նաչարս ձեզ մոտ չգայի
Ու ձեզ չտայի էս դառը խաբար:
էլ ի՞նչ եք մնացել էստեղ լուռ նստած,
Ձեր արևն հանգավ, ձեր աստղը թռավ.
Ճար ունիք՝ տեսե՛ք, ի՞նչ եք շվարած,
Թև առե՛ք, թռե՛ք, թշնամին հասավ:
Էզիդ խալիֆեն Դամասկոսի մեջ
Չի՛ ուզում գլուխ տա մեր սուրբ իմամին.
Զորքն Էկավ անթիվ, չորս կողմներս բռնեց,
Կրակ է, տալիս մեզ չար հարամին:
Մեր քաջ արաբի ագգի էս յաղին
Շլինքը ծռեց, հրես մոտացավ.
Մեր զորքի տուտը Հալեբ հասցրին,
Իմամ Հուսեինն ղրղու չանգն ընկավ:
երկրորդ գուժկան
Հարա՜յ, մադա՜թ, վա՜յ թուր խփի սրտիս.
Ամա՜ն, Ֆաթմա ջան, քո գլխիդ ղուրբան.
Հասան, Հուսեյն վա՜յ, վա՜յ իմ արևիս,
Հասան, Հուսեյն վա՜յ... վա՜յ... վա՜յ, վա՜յ, ա՜խ, ջան:
Աչքըս դուս գա, վա՜յ... խանում ջան, վա՜յ...
Երեսիդ մեռնիմ, օ՜խ... ըմբրիդ ղուրբան, ա՜խ...
Երկի՛նք, քանդվիք, վա՜յ... մեր գլուխը տարան, վա՜յ...
Գլխիդ ճարը տե՛ս, ա՜խ... իմամին տարա՛ն,
աստված ջան...
Վա՜յ, ես քոռանամ, վա՜յ... վա՜յ, ջանս դուս
գա, վա՜յ...
Վա՜յ, օրս խավարի, վա՜յ... վա՜յ, գետին,
Պատռվի՛ր, վա՜յ
Վա՜յ... ամա՜ն... մադա՜թ... հարա՜յ... ջան, ղուրբան...
Մերն ու դստերքը
Մերը
Ա՜խ, ի՞նչ եք ասում, էդ ի՞նչ եք պատմում,
Կրակ եք բերել, որ օջախս էրեք.
Լռվի էդ լեզուն, չորանա բերնումն.
Տունըս քանդեցին, ջիվա՛ն երեխեք:
Հոդ ըլի գլխիս, ըմբրիս, արևիս.
Վա՜յ, իմ անցկացրած, իմ սև օրերիս.
Վա՜յ, ես ի՞նչ կանեմ, ո՞ր ջուրն ես ընկնիմ,
Ո՞ւմ դռանը մնամ, ո՞ւմ ձեռին նայիմ.
Յարադանդ խռով, իմ բա՛խտ անիրավ.
Ոտս ընչի՛ չկոտրվեց, էս ի՞նչ եմ լսում.
Ա՛խ, իմ ծուխս հատավ, օրս խավարեցավ,
Ինձ ո՞վ անիծեց էս դառն աշխարքումն:
Քո սուրբ իմամի նամազիդ ղուրբան, վա՜յ...
Քո Ալու փանջի գլխին ես մատաղ, ամա՜ն...
Արդար պատկերիդ, ա՜խ, ես մեռնիմ, ջան
Ջանս քեզ ղուրբան, աղա ջան...
Երեսս ոտիդ տակ փիանդազ, մադա՜թ...
Եթմներիդ գլխովն պտիտ կտամ, աղա՛ ջան...
Հասան, Հուսեյն՝ իմ սա՛ր, իմ գլուխ, ա՜խ...
Սրանց ի՞նչ ջուղաբ տամ, ջա՛նմ ջան, վա՜յ...
Ախր էս ի՞նչ բերիր Էսօր մեր գլխին, ա՛զիզ ջա՜ն...
Կրակ ածեցիր մեր սրտին, ջանին, թա՛ռլան ջան...
Ի՞նչ կըլեր, մեկ ձենդ էլա լսեի, ա՜խ...
Ի՞նչ կըլեր, մեկ երեսս երեսիդ դնեի,
ա՜յ իմ օրս խավարի:
Ի՞նչ կըլեր, հոգիս ոտիդ տակին՝
Քո հոտն աոնեի, շունչս փչեի:
Ա՜յ իմ երկնքի հրեշտակ, իմամի որդի,
Երկրի թագավոր, աստուծո՛ սիրելի.
Մեկ թևդ երկնքումն, մեկ թևդ գետնում,
Սարերն էին թրիդ առաջին դողում:
Արարած աշխարհ ոտի տակ տվիր,
Բյուր ջամհաթ, օլքյա ձեռիդ տակը բերիր.
Ոտդ փոխելիս՝ դող էին ընկնում
Սարերն ու իրանց գլուխն քեզ ցածացնում:
Ծով, գետ ու ցամաք երբ քո ձենն առան,
Իրանց ոտովն, ա՜խ, քո դուռը էկան:
Աչքդ քցելիս՝ ամպերն Էն սհաթին
Թև էին առնում, գոռում, սասանում.
Ոտդ թափ տալիս՝ գետինն իր տակին
Լերդը պատռում էր, սասանած մնում:
Արեգակն իրա գլուխը քեզ տվեց,
Լուսինն իր մազերն ոտիդ տակն փռեց,
Երկինքն քեզ համար ծոցը բաց արեց,
Ամպերով տարավ ու մեզ որբ թողեց:
Էլ ո՞վ աշխարհիս տերություն կանի,
Էլ ո՞ւմ շվաքի տակին կհովանան:
Քյուլ աշխարհ, ջամհաթ քեզ կկարոտի,
Քո ձեռն էր պահում, Էդ ձեռիդ ղուրբան:
Քյաբ ու Մեքեն մեր գլխները ծեծում,
Ծով, ցամաք, աշխարհ քո սուգն են անում,
Հող տալիս գլխին, հիմիկ էրվում են,
Անունդ հիշելիս՝ մաշվում, տոչորվում:
Քո եթմների պետք է ձեռը բռնած՝
Գլուխս առնիմ, կորչիմ, ես խեղդվիմ.
Անտեր մնացինք՝ սրտըներս մեռած,
Էս դառն աշխարքումն էլ ի՞նչ օր կտեսնիմ:
Իմ տե՛ր, թագավոր, լուսին, արեգակ,
Իմ գլխի դու թագ, իմ հոգվույս ճրագ.
Ամենն փչացան, բայղուշս մնացի,
Որ իր սև օրը, ա՜խ, միշտ լաց ըլի:
Թե թուր կոխեմ սիրտս, սրանց ո՞վ պահի.
Թե լերդս ճոթռեմ, սրանք ի՞նչ անեն.
Ո՞վ սոսնց կաթ կտա, ո՞վ կմեծացնի,
Թե ծծերս էլ կտրեմ, սրանք ո՞ւր կորչին:

Աչքս լալուցը քոռացավ, մաշվեց,
Շատ սգալուցը ջիգյարս խորովվեց.
Ա՜խ, ի՞նչ կըլեր, որ մեկ երեսդ տեսնեի,
Հետո հազար թուր սիրտըս խրեի:
Ընկե՛ք իմ գլխիս, սարեր ու ձորեր,
Ինձ տակով արե՛ք, կերե՛ք, մաշեցե՛ք.
Թո՛ղ ես մեռնեի, չմնայի անտեր:
Ջա՛ն, դո՛ւս արի, ջա՛ն, դժոխք, ինձ կերե՛ք;
Անհեր իմ եթիմ դստե՛րք, խղճալի,
Ձեզ ո՞վ էլ դոշին, գոգումն կդնի,
Ա՜խ, ո՞վ էլ սիրով, ձեր խաթրն առնելով.
Ձեր դարդը կքաշի՝ ղուրբան ասելով:
Ո՞ւր ա Էն աչքը, որ ձեզ տեսնում էր,
Խնդում, զմայլում, ձեզանով փարվում.
Ո՞ւր, ա՜խ, էն ձեռքը, որ ձեզ գգվում էր,
Համբուրում, սիրում, ձեզ մխիթարում:
Ձեր ծովն հավիտյան ցամաքեցավ, վա՜յ...
Շլինքը ծուռը, ձեզ դարդավարամ
Թողեց ու գնաց, ձեռք վեր առավ, վա՜յ...
Ո՞ւր ա ձեր հերը, ո՞ւր էլ նրան ման գամ:
Սիրտս յարալու, կրակ է ընկել,
Ո՞ւր ա ձեր տերը, քա՛ղցր բալեք ջան.
Թախտը փուլ էկավ, ո՞ւր կտեսնիք էլ,
Որ քաղցր լեզվով ձեզ մեկ բարով տան:
Հուսեյն աղամ ջա՛ն, ջանս քեզ ղուրբան.
Մեր տունը քանդեցիր, մեր սիրտն էրեցիր.
Ո՞վ մեզ ճար կանի, գլխովդ տամ ման,
Ո՞ւմ դուռը գնանք, մեզ էլ տանեի՜ր...
Ադջկերք (դստերք)
Աթա՛մ, անա՛մ, վա՜յ... բաբա՛մ, ջա՛նմ, վա՜յ...
Հերներս ո՞ւր ա, վա՜յ... նա ե՞րբ կգա, վա՜յ...
Ո՞ւր է գնացել, վա՜յ... էլ ետ չի՛ զալ, վա՜յ...
Աթա՛մ, ջա՛նմ, վա՜յ... նանա՛մ, գյո՛զմ, վա՜յ...
Ա՜խ, լաց մի՛ ըլիլ, վա՜յ... Աչքիդ մեռնիմ, վա՜յ...
Մեզ տա՛ր, ջուրն ածի՛ր, մեզ եսիր տո՛ւր, վա՜յ...
Րիգունը կգա, օրը կբացվի,
Մեր դուռն բաց անող, ա՜խ, էլ ո՞վ կըլի,
Մեզ բարով տվող, ա՜խ, էլ ո՞վ կըլի:
Բաբա՛ ջան, վա՜յ... աղա՛ ջան, վա՜յ, վա՜յ...
Անա՛ ջան, վա՜յ... գյո՛զմ, ջա՛նմ վա՜յ...
Մեր ադեն, խալիֆեն էլ չի՜ գա՜լ...
Մեզ բարով, ա՜խ, սիրով էլ չի՜ տա՜լ...
Մեզանից խռովել ա, ձեռք վերցրե՜լ...
Մեր երեսն, մեր տունը չի՜ տեսնիլ...
Ախր ո՞ւր գնաց նա, մեկ բան էլ չասեց...
Ախր ի՞նչ արինք, որ մեզ դեն քցեց:
Մեր աչքը հանեիր, ախր ի՞նչ կըլեր,
Մեզ սաղ մորթեիր, քեզ ո՞վ բան կասեր.
Ղրղի ու ագռավ թո՛ղ մեր միսն ուտեր.
Մեզ սուր քաշեին, մեզ կրակ քցեին:
Ախր ի՞նչ կըլեր, դու Էն չար մարդին
Մեզ տայիր, որ, ա՜խ, տարավ մեր աղին.
Բաս նա էլ չի՞ գալ, մեզ աչքից քցի՞լ,
Բաս նա մեր դարդը իմանալ չուզի՞լ,
Բաս որ լաց ըլինք, սիրտը չի՞ ցավիլ,
Մեռած վեր ընկնինք, չի՞ գալ, մեզ օգնիլ,
Մեզ եսիր տանին, չի՞ պրծացնիլ:
Որդիքը, աղջկերքը ի միասին
Ախր ի՞նչ արինք նրան, որ Էսպես խռովեց,
Ընչո՞վ կոտրեցինք սիրտն, որ մեզ թողեց.
Էլի որ վազինք, ետևիցը հասնինք,
Ոտի տակն ընկնինք, սուրութմիշ ըլինք,
Փեշը համբուրենք, ոտները լիզենք,
Ծնկներն խտտենք, լանք ու վեր ընկնինք,
Ասենք՝ կմեռնինք, թե տուն չգաս, մեր շլինքն
Կտրի՛, դուս ճոթռի՛, էլ տուն մի՛ ղրկի,
Էստեղ սպանի՛, մեր հոգին հանի ,
Քեզ մատաղ կըլինք, ոտիդ հող կդառնանք,
Մեզ մի՛ կորցնի, գլխովդ ման տանք:
Բաս նրա սիրտը, ա՜խ, գութ չի՞ ընկնիլ.
Բաս մեր սուգն ու լացն նրան քյա՞ր չանիլ:
Կասենք՝ հետդ տա՛ր, ուր որ գնում ես.
Մերներս մեռավ, բաս դու ցավում չե՞ս.
Բաս ետ չի՞ դառնալ, սիրտը չի՞ ցավիլ,
Բաս մեզ չի՞ խտտիլ, հողից վեր քաշի՞լ,
Երեսներս սրբի՞լ, աչքներս պաչի՞լ,
Գոգին նստացնի՞լ, դոշին կպցնի՞»լ,
Ղանդ ու շաքար տալ, գուրգուրի՞լ, ասի՞լ.
«Գլխովդ ման տամ, երեսիդ մեռնիմ,
Էլ մի՛ լաց ըլիլ, քո չարը տանիմ.
Աղեն նոքարդ ա, քեզ ղուրբան ըլիմ,
Սիրտը քեզ կուտա, անումիդ ղուրբան.
Դուք որ լաց եք ըլում, ձեզ մատա՛ղ գնամ,
Աչքս փուշ ա ցցվում, ձեր փուշն աչքս ըլի»:
Բաս մեզ աղեն էլ չի՞ գալ... վա՜յ...
Բաս մեզ բարով էլ չի՞ տալ... վա՜յ...
Բաս ձեն տալիս՝ ջա՞ն չասիլ... վա՜յ...
Մեռնում ըլինք, լաց չի՞ ըլիլ... վա՜յ...
Սոված ըլինք, դա՞րդ չանիլ... վա՜յ...
Անումը տանք, տուն չի՞ գալ... վա՜յ...
Հետը վազինք, ետ չի՞ գալ... ա՜խ...
Բաս մեր աղեն ո՞վ կրլի... ա՜խ...
Բաս մեր տունը ո՞վ կպահի... ա՜խ...
Ո՞վ մեր դարդին դարման կըլիա՜խ...
Մեր հավարին ո՞վ կհասնի... ա՜խ...
Մեզ որ տանին, ո՞վ կփրկի... վա՜յ...
Չէ՛, մեր աղեն բարի ա,
Դուս ա գնացել, տուն կգա...
Նրա ջիգյարն ազիզ ա,
Նրա սիրտը մեզ վրա ա:
Նա մեզ աչքից ավելի
Ուզում, սիրում, պաշտում ա.
Նա մեզ անտեր չի՛ թողա,
Մի՛ դարդ անիր, ջան ա՛նա.
Քո ցավը տանինք, ա՜խ, ա՛նա,
Մեզ մի՛ սպանիր, մատաղ գնամ.
Մեզ տա՛ր, թաղի՛ր, քեզ ղուրբան,
Ա՜խ, անա ջան, շա՛նմ ջան:
Մենք ո՞ւր կորչինք, ա՛զիզ ջան,
Ո՞ւմ ասենք՝ լաց մի՛ ըլիլ.
Քեզ ղուրբան, հողդ ըլինք,
Երեսիդ մենք մեռնինք:
Ձենդ թո՛ղ չլսենք,
Լացդ չտեսնինք,
Քեզ տխուր չիմանանք,
Քեզ դարդոտ չգտնինք:
Ջուրն ածի՛ր, մեզ խեղդի՛ր.
Սուրը քաշի՛ր, մեզ սպանի՛ր.
Առաջ մեզ քո ձեռովն
Հողը դի՛ր, դու պրծի՛ր,
Հետո դու մեր կշտին,
Մեզ վրա լաց ըլի՛ր:
Անա՛ ջան, վա՜յ... հրես էկան, վա՜յ...
Մեզ կտանին, կսպանե՛ն... վա՜յ...

Տարե՛ք, տարե՛ք, անա՛ ջան, բաբա՛ ջան, բա՛ջմ ջան, ղովո՛ւմ ջան... ալլա՜հ, ալլա՜հ... վա՜յ... ա՜խ... վա՜խ... մեռա՜... հասի՛ր, հասի՛րհարա՜յ... դա՜տ... բեդա՜տ... վա՜յ... վա՜յ... հը՜-հա՜, հը՜-հա՜. Հը՜-հը՜, հը՜-հը՜, հո՜... հը՜... հո՜ւ...

Սասն քյա՛ս, վե՛ր ջանն, իմա՛մ ուշաղի, սանն նա՞ հադդն վար քի դհա ուզըն բիզդան դոնդարիսան, աղլիրսան, բաղրիրսան. Դո՛ւրն, դո՛ւրն, գեդա՜խ (Ձենդ կտրի՛ր, ջանդ տո՛ւր, իմա՛մի որդի, քո ի՞նչ հադդն ա, որ էլի երեսդ մեզանից քաշում ես, լալիս ես, ձեն տալիս):

6

Հենց էն ա, սուգը պրծնելով էր, որ բեղաֆիլ թամաշաչոց աչքը մեկ կողմով ընկավ, ու ամենն էլ սկսեցին փսփսալ, իրար երեսի մտիկ անիլ: Ուչթափալարի (երեք սարի) գլխին հանկարծ մեկ քանի ղարալթու երևացին, որ ո՛չ արախլվի (պարսիկ) նման էին, ո՛չ հասարակ ճամփորդի: Հենց իմանայիր, թե նրանք զու են բռնել, որ գան Երևան, չափմիշ անեն, տանին: Ձին քշելիս՝ սուր գդակների ծերերը բռանց էին երևում: էնպես գիտես, թե ամեն մեկի գլխից մեկ մեծ մահրամա կապած, ծերը մախսուս բաց թողած ըլի, որ քամու հետ խաղա, ու ամեն մեկը մեկ աժդհի նման էին աչքի առաջը գալիս, էնպես էր քամին նրանց ծոցը մտել, շորերը ետ տարել, ու չափ քցելիս՝ ձիու վրիցը դես ու դեն տանում, ֆռռացնում: էն էլ էր լավ պարզ երևում, որ էս էկողները ո՛չ թվանք ունեին, ո՛չ թուր, ո՛չ ջիրիդ: Հենց ձիանը բաց էին թողել ու իրար ետևից դարիվեր, դարիդուս իրանց քեֆին քշում: Տեսնողը մնում էր սառած, թե ի՞նչպես են նրանք սիրտ անում, էն սուր սարերի ծերիցը դարիվեր էնպես չափ քցում, որ մարդ ոտով էլ չի՛ կարող վազիլ, էնպես դիբ ա էն սարերը: Փոքր ժամանակից հետո բոլորն էլ գյում էլան ու ընկան Դալմեքանց ձորերի, բաղերի մեջը: Ամենն էլ ուզում էին իմանալ, թե էս զարմանալի ճամփորդները ո՞վ պետք է ըլեին: Կարծեմ, որ մինչև չասեմ, դու էլ չե՛ս իմանալ: Մեր երկրացոնց աչքը էնպես սուր ա, որ շատ հեռու տեղից ղարալթուն իր շարժմունքիցն են ճանաչում, բայց էս միջոցին, հենց բռնի՛ր, բոլորի աչքերն էլ կապվել էին: Ո՞վ ա գիտում, բալքի թե շատ էին լաց էլել:

Կես սհաթ չքաշեց, Գյոռխանեքանց կողմիցը վեղարների սուր-սուր ծերերը ափաշկարա ցույց տվին, որ Էն Ուչթափալարի ղոչաղ ձի խաղացողները մեր սուրբ Աթոռից Էկող եպիսկոպոս-վարդապետներն էին, որ էսպես հանդիսավոր օրերը միշտ պետք է գային, լավ-լավ փեշքաշներ բերեին, որ Երևանի սարդարի, խաների խաթրը առնեն, տոնըները շնորհավորեն ու իրանց ծառայությունը ցույց տան, որ նրանց աչքը մեր ազգի ու մեր աշխարքի վրա քաղցր ըլլի: Իրանք էլ ղորդ ա, խալաթ էին ստանում, էնպես ետ գնում, ամա մեկին տասը քթըներիցը, ջանըներիցը հանում էին, հետո, ու շատ անգամ շաբթով, էրկու-իրեք հարիր մարդով գնում էջմիածին, նստում, քեֆ անում, վարդապետներին մզում, քամում, էնպես դուս գալիս: Ցավն էս ա, որ սարդարը կամ Հասան խանը գալիս՝ բոլոր միաբանքը պետք է խաչով, խաչվառով, զանգակ տալով, շարական ասելով առաջ գնային ու նրանց տուն տանեին:

Քյահլան ձիանոնց վրա նստած մեր փառահեղ հոգևորականքը` փոքրավոր, տիրացու, թվանքչի ետևներին քցած, մեկի ձեռին գավազանը բարձր բռնած, մյուսները` որը առաջ էր վազում, որ ճամփա բաց անի, տեղ պատրաստի, որը աչքը իր մեծավորի աչքին քցած՝ մտիկ էր անում, որ նա աչքը թերթելիս իսկույն հրամանը կատարի: Կոնդի, Շհարի տերտերներն էլ, որ տիրացըվերով, խաչով, խաչվառով դուս էին էկել ու սաղ օրը բերդի մոտին չորացել, սպասում էին, որ նրանց առոք-փառոք տուն բերեն, էնքան ահ ու դող էին քաշել անց կենող անհավատների ձեռիցը, որ թուքըները բերնըներումը սառել էր: Ամեն անց կենող մեկ բան էր ասում. որը մատներն էր իրար վրա խաչաձև դնում, ափեղցփեղ գլխիցը դուս տալիս, բերանը հոտացնում, որը շարականի հանգով բան էր ասում, մռռում, տերտերների վրա ծիծաղում, որը դունչը ծռում, ձեն տալիս.

Քեշիշ, բելա ի՞շ (տերտերն ու էսպես գո՞րծ):

Հաջորդ էջ