Աբովյան Խաչատուր՝   Վերք Հայաստանի

Բազի թաջիր ու ախունդ էլ անց կենալիս հո, աստվա՛ծ ազատի, աչքերը առաջը քցած, նոթերը կիտած՝ էնպես մեկ խորթ ձևով տակնըհանց նրանց վրա քիթ ու պռունկը հավաքում, խոժոռած, քափը բերանը կոխած՝ մտիկ էր տալիս, որ թե ձեռին ճար ըլեր, կուզեր, որ հենց է՛ն րոպեին նրանց արինը ծծի, սաղ-սաղ ուտի: էս էր, որ հենց էսօր էլ Երևանումը, շատ եկեղեցու սրբերի՝ որի աչքերն ա հանած, որի բերանն ա քերած, որի կես երեսը պոկած, շատ եկեղեցու գլուխը քանդած, դռներն ու սեղանը խարաբա, շատի միջում ոչխարի տարթը մեկ գազ բարձրացել, բեմ ու դուռը ծածկել ա, ամեն ծունր դնողի յա մեջը մտնողի հոգին էրվում, խորովվում ա, որ միտք ա անում, թե որ անշունչ պատկերների, քարերի գլխին է՛ս օյինն են բերել տե՛ս թե կենդանի քրիստոնեից հալը ի՞նչ կըլեր: Անտեր երկրի, անօգնական ազգի կամ անճար մարդի ցավն ո՞վ կքաշի, թե ինքը չքաշի:

Եպիսկոպոսին տեսան թե չէ, խեղճ տերտերները դողդողալով՝ ամենը մեկ պուճախից դուս եկան, շուրջառները քցեցին, տիրացուքը շապիկը հագան, խաչվառները բարձրացրին, գդակները վերցրին, խոր-խոր գլուխ տվին, եպիսկոպոսն էլ մեկ ծանր-ծանր խաչակնքեց ու հետո, առոք-փառոք, շարական ասելով, երեսները դեպի Անապատը շուռ տվին, ուրտեղ որ Երևանու առաջնորդը նստում ա: Հայոց միջումը, ինչպես որ հայտնի ա, ամեն տեղ էս սովորությունը կա, որ նվիրակին յա եպիսկոպոսին էսպես պատվով ներս տանին: Շատ անգամ խալխն էլ ա առաջները դուս գալիս, փեշերը, աջը համբուրում, օրհնություն առնում ու էսպես ճամփից էկած, բեզարած, էկողին մեկ քանի վախտ էլ քաղաքիցը դուս կանգնացնում, որ, ինչ ա, իր մուրազն առնի, բայց, փառք աստուծո, որ էսպես անկարգ սովորությունները հմիկ քիչ-քիչ վերանում են, ու էլ էկողին չեն ինջմիշ անում:

Մեր եպիսկոպոսունքն էլ խոր հոգոց քաշելով` մեկ աչքըները քցեցին մեչըդի կողմն ա անսաս գնացին Անապատը, ուր քեդխուդեքը, իշխանք էկան, հավաքվեցան, ձեռըները համբուրեցին՝ գդակները վեր կալած, օթախը ներս գնացին. մեկ քանի աղքատ-ուղքուտ էլ տերտերների ու թվանքչոց հետ մնացին դռանը, ու փիլոնները կռնատակներին զրից էին անում, իրանց աղի հրամանին սպասում: Եպիսկոպոսունքը հենց ներս մտան, չաքմեքները հանեցին, շորըները փոխեցին, վեղարների ծերը ետ քաշեցին, խալըչի վրա նստեցին, բարձին թինկը տվին, իշխանաց որը երևելիքն էին, էս կողմն, էն կողմը պատի տակին չոքեցին, վարդապետ, տիրացու, փոքրավոր` աչքըները իրանց աղի աչքին քցած, ձեռըները դոշներին, առաջին կանգնած` իշխանների համար յա արաղ էին բերում, յա մազա թավազա անում: Ամենի աչքն էլ էկողների բերնի վրա էր, նրանք եռալիս իրանք էլ բարձր ու ցածր էին անում, նրանք երեսները շրջելիս` իրանք էլ հետըները շրջում, մեկ բառով՝ էնքան էր իշխանաց պատիվ տալը ու եպիսկոպոսաց ահարկությունը, որ հենց կիմանայիր, թե նրանց հոգին սրանց ձեռին ա:

Հլա գալուստդ շնհավոր, հա՛յր սուրբ, մեր գլխին, մեր երեսին. աստված ձեզ մեր գլխիցը չի՛ պակսացնի: Մեր աչքը հենց միշտ ձեր ճամփին ա. աստված մեր սուրբ Աթոռը ղադմի հաստատ ու պայծառ պահի, — սկսեց իշխանների մեկը գլուխ տալով ու տեղը դրստելով` բերանը բաց անիլ: — Ծառա եմ աջիդ, ի՞նչպես ա մեր հոգևոր տիրոնջ քեֆը, ջանը սա՞ղ ա, դամաղը չա՞ղ ա, լավ դռի ա, թե ոտից-ձեռից ընկել ա: Աստված նրան իր թախտին հաստատ պահի, նրա սուրբ աղոթքը մեր գլխիցը անպակաս ըլի՛. քանի որ նրա շունչը կա, աստված մեր ռզղը միշտ կհասցնի: Մեկ Աթոռ ունինք, մեկ Հոգևոր տեր, էլ հո ուրիշ բան էս աշխարքումը չունի՞նք: Գիշեր-ցերեկ մեր խնդիրքն է՛ն ա, որ աստված մեր Աթոռը շեն ու պայծառ պահի, մեր հոգևոր տիրոնջ կյանքը երկար անի: Ինչ ունինք՝ ձերն ա. մեր որդիքն էլ, տեղն ընկած տեղը, ձեր ուղուրին կծախենք, թա՛ք ըլի՝ ձեր աչքը մեզ վրա քաղցր ըլի:

Օրհնյալ լինիք, աստված ձեր հավատն օրհնի, աստված Հայոց ազգը միշտ շեն ու պայծառ պահի, — պատասխանեց եպիսկոպոսը, — դուք որ կաք, Լուսավորիչ պապի գառներն եք, հալբաթ որ ձեր եղը պետք է ուտենք, ձեր կաթը՝ կթենք, ձեր բուրդը՝ խուզենք, շոր կարենք, թե չէ հո՝ մերն ա, էն սև քարը, ո՛չ թուր ունինք, որ չափմիշ անենք, ո՛չ իշխանություն, որ զոռով խլենք: Ինչ որ կտաք, մենք էլ պետք է աչքըներս խփենք, ձեռըներս դեմ անենք, էն առնինք, ձեզ օրհնող ըլինք, ընդով յոլա գնանք: Վաճառականություն ասես թե ռաչպարություն, ջուլհակություն թե բաղմանչություն, դուք էլ գիտեք, որ մեր ձեոիցը չի՛ գալ: Սևագլխի փիրն իրան խռով ըլի, ընչի՞ ա պետքը էս աշխարքումս, օղլուշաղի երես չի՛ տեսնում, մարդամեջ չի՛ դուս գալիս, ի՞նչ ա մեր կյանքը, մենք հո մարդի կարգում չենք: Դուք մե՞զ կտաք՝ աստված էլ ձեզ կտա, մենք էլ մեր մեղավոր բերնովը աստված կաղաղակենք գիշեր-ցերեկ, որ դուք միշտ բախտավոր ըլիք, ձեր մինը հազար ըլի, ու որդով, զավակով ծաղկիք, ծլիք, զորանաք:

Հա՛յր սուրբ, գլխիդ ղուրբան, քո ոտի հողն եմ, լավ ես հրամանք անում, ամա ի՞նչ անես, որ ընչանք բանը բանին ա հասնում, դանակն ոսկորին դեմ ա ըլում, էլ հանիլ չի՛ կարելի, — էն դհիցը քյոնդալանա մեկը ձեն տվեց ու փափախը դզեց: — Մենք էլ լավ գիտենք, որ խաչն էլ ա մերը, ավետարանն էլ, մենք էլ գիտենք, որ տասներկու խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխն հայն ա, հայի ժամի արարողությունն ու շարականը, հայի մեռոնն ու Հավատամքը մեկ ազգ էլա չունի, ամա էս անօրենքները մեզ հավատից էլ են քցել, հալից էլ. մալ են տեսնում մեզանում, խլում են. աղջիկ են գտնում, քաշում են. մեզ կրակն են դրել, սաղ-սաղ էրում են, փոթոթում. թե մեկ խոսք էլ ասում ես հո, վա՜յ քո օրին, արևին, գլխիդ էնքան բռնցքում են (մուշտում), որ աչքդ բուռդ ա ընկնում: Տունդ էլ որ քանդեն, ձեն չպետք է տաս: Ախր որ մեր միսն էսպես գազանի պես ուտում են, սրա չարեն ի՞նչ կըլի: Տեղից վեր կենողը ոտը մեզ վրա ա բարձրացնում: Չի՞լում, որ մեկ օր գնանք, ջուրը թափինք, պրծնինք: Ախր էս հո օր չի՛, որ մենք քաշում ենք: Մնացել ենք եթմի պես շլինքներս ծռած. սրա վերջն ախր ի՞նչ պետք է ըլի, գիր չե՞ք բաց արել, ի՞նչ ա ասում. էս աշխարքս քանի՞ տարի էլ պտի մնա, վախտը հասել չի՞, որ մեկ Գաբրիելյան փողը փչեր, աշխարքս հայլու պես դզվեր, էնպես, որ մեկ պստիկ ասեղ էլ մեկ օրվան ճամփից էրևեր, աճուճ-պաճուճը, Եղիա մարգարեն գային, մարդիկ մեկ թզի չափ դառնային, մեր սուրբ էջմիածինը ու Երուսաղեմը մնային, մեր ազգը զորանար, էս անհավատ անօրենքները մի կորչեին, ջնջվեին, ու մենք սկսեինք երկնքի ու երկրի փառքը վայելիլ, ինչպես որ հրեշտակը երազումը մեր սուրբ Լուսավորչին պատմել ա: Մենք էլ ասողից ենք լսել, հո մեր գլխի՞ցը չենք ասում: Ախր աթադան, բաբադան էսպես ենք իմացել, թե աստված պետականը որ մեր սուրը Լուսավորչուն էնքան չարչարեց, տասնըչորս տանջանք տալ տվեց, տասնըչորս տարի Խոր Վիրապումը, ծառա եմ նրա սուրբ զորությունին (ասեց ու երեսին խաչ հանեց), պահեց, մե՛ր խաթեր էնպես արավ, որ մեր ազգն էլ տանջվի, չարչարվի, էլ էս աշխարքին թամահ չանի, որ աստուծո մոտ պարզերես գտնվի ու երկնային թագավորությունը վայելի: Ա՜խ, ի՞նչ կըլեր, որ էս օրը մի շուտով գար, մեր աչքն էլ մի լիս տեսներ, երկրի թագավորությունը մեր ընչի՞ն ա պետքը. երկնքումը պտի մեր աստղը բանի, որ ամեն ազգ էլ տեսնին ու մեզ էրնակ տան: Մեր գլխին՝ թագ, իրանցը բաց տեսնին ու ամաչին, փոշմանին, որ երկրիս մեծությանը էնքան եսիր էին էլել: Տերտերն «երն» էլ են գիր բաց անում, ղորդ ա, ամա շատը իրանցից են ասում, նրանց ասածը ո՞վ մեկ չվանի կդնի. սուրբ Աթոռն էնտեղ էլած տեղը մենք նրա՞նց մուննաթը պտի ընկնինք: Մեկ ջուղաբ տո՛ւր, է՜, ա՛ջիդ ղուրբան գնամ, ձեր ոտը շատ գիտի, քանց մեր գլուխը: Մենք որ կանք` սարի հայվանի պես առավոտները վեր ենք կենում, էրեսներս լվանում, խաչ հանում, մեկ քանի խոսք էլ գլխըներիցս դուս տալիս ու գնում մեր բանը: Գիրն էլ ա ձեր ձեռին, գրի բալանիքն էլ: Ձեր մեկ մազը աշխարքի բարեբար բան գիտի: Ասում են, թե ընչանք աշխարքս չվերջանա, մեր ազգին ո՛չ թագավորություն կըլի, ո՛չ թախտ, հենց էսպես պտի չարչարվինք՝ մենք դատենք, ուրիշներն ուտեն: Ղորդն ու սուտն աստված գիտի, պարտական մնա ասողն էլ, գրողն էլ: Ասում ա` մեկ գիժ մեկ կարաս կոտրեց, հարիր խելոք վրա թափեցին, չկարացին սաղացնիլ: Բանն ընկել ա բերնեբերան, ասածդ հո չե՛ս կարալ ետ ուտիլ: Մեր պապերիցը մեր անկաջն ա ընկել, մեզանից մեր որդիքը կիմանան: Վա՜յ հախին, վա՜յ նհախին: Լավ արիններս էլ եռ ա գալիս, լավ սիրտ էլ ունինք, տղամարդություն էլ, որ մեր դուշմանի հախիցը վեր գանք: Մեկ հայ, տեղն ընկած վախտը, լավ տասը թուրքի էլ տակն ա դնում ու միսըները բերանները տալիս: Ղորդ ա, նրանք պաս չեն պահում, միշտ եղ ու կարագ ուտում, ու մենք շատ վախտ, շաբթով, ամսով, հենց ցամաք հացով ու խոտով, բանջարով ենք յոլա գնում, ամա, ղուրբան ըլիմ մեր սուրբ մեռոնի ու Լուսավորչի լիս հավատին, նրանց զորությունը շա՜տ, շա՜տ ա: Փի՛ր ըլին մեր սրբերն ու մեր ամենափրկիչ սուրբ Գեղարդը. մեկ բան ըլելիս յա ղոնշուն դուս գնալիս` մեր մի հայը մեկ դագանակով էլ շատ անգամ տասը թուրքի գլուխը կջարդի, մեկ մատով որ խփի, տեղնուտեղը բանհոգի կըլին, հայի փիրն ու սոյը ա՛ստված օրհնի: Ամա ի՞նչ անենք, մեզ հրաման չկա թուր բանացնել: Քրիստոս ինքը Պետրոսի ձեռիցը թուրն առավ, որ հայ քրիստոնեն էլ թուր չի՛ վերցնի: Քրիստոնէի թուրը աղոթքն ա, ժամը, պատարագը, պասը, ծոմը, ողորմություն տալը: Ասիլը հեշտ ա, անիլը՝ դժար: Թող ժամ, պատարագն էլ ըլին, ո՞վ ասում՝ չըլի «ն» լեզուն քրքրվի ասողի, ամա թրի ու թվանքի փիրն օրհնած ա, թեկուզ բողազս էլ դուս կտրեն, ես դրուստն եմ ասում: Թուր որ չունիս՝ գլուխդ կտրում են, օղլուշաղդ քաշում, կերածդ հարամ անում, դատածդ խլում, քեզ էլ եսիր անում, աշխարքն Էսպես ա, ի՞նչ կարաս անիլ: Տու՛ր Էն աջը, որ բռնի Էն խաչը: Աղոթքն իր տեղը, թուրն` իրը: Աստված ղշին, հայվանին էլ յա՛ չանգ ա տվել, յա՛ պոզ, յա՛ ատամ, որ չանգռի, հարու տա, կծի, իր գլուխը պահի: Ես մեղա աստծու: Սիրտս էրվում ա, Էնդուր համար եմ ասում, թե չէ` ինձ նման շատերն էկել, ա՜խ, վա՜խ քաշել, իրանց սև օրը լաց էլել ու էլ ետ ա՜խ, վա՛խ քաշելով` հողը մտել, ես էլ նրանց մեկը. թե մենակ իմ դարդն ըլիմ քաշում, թո՛ղ աչքս հանեն: Թողություն արա՛, ծառա եմ սուրբ աջիդ, գիտում եմ, որ դուք էլ կցավիք, Էնդուր համար եմ ասում, թե չէ՝ մեկ պուճախ էլ ե՛ս կճարեմ, որ միջումը ձգվիմ. մեկ բուռը հող էլ հալբաթ կըլի, որ մեկ օր, աչքս խփելիս, երեսիս քցեն:

Լա՛վ ես հրամայում, լա՛վ, ա՛ղա Պետրոս, — պատասխանեց սրբազանը, — ամա ի՞նչ անես, որ մենք Քրիստոսի ծառեն ենք և ո՛չ աշխարքի: Երկնքի որդին ենք և ո՛չ երկրի: Քրիստոս Տերն մեր, սի՛րելիք (երեսներին խաչակնքեցին), երկնի և երկրի արարիչը, եթե կամենար, որ իր սուրբ տնօրենությունը հեշտությամբ անց կենար, ու ինքը չչարչարվեր, չխաչվեր, էլ չէ՛ր գալ էս փուչ աշխարքը ու մարմին առնիլ որ մեզ ազատի: Մեկ որ հրամայել էր, ամեն բանը թամամ կըլեր: Ամա չէ՛, Ադամա մեղքը մնացել էր մեր վրա. մինչև էն մեղքը չջնջվեր, դժոխքը չքանդվեր, մեզ ազատություն չէ՛ր ըլիլ: Մենք սուրբ ավետարանի աշակերտն ենք, սուրբ ավազանի՝ որդիքը. էդպես մտքերը չար սատան են ա ձեր սիրտն ածում, որ գիշեր-ցերեկ մեր շվաքի ետևիցը ման ա գալիս: Ինքն՝ Տերն մեր, էկավ մեր մեջը, խոնարհեցավ, մեր մարմինն ու արինը առավ, մեր խաթեր խաչվեցավ, մեռավ, թաղվեցավ, որ մեզ, մեզ օրինակ ըլի, թե ով կամենում ա երկնային փառացը, Քրիստոսի սուրբ արքայությանը արժանանա, ընչանք չխաչվի, չչարչարվի, չտանջվի, իր գլուխը մահու չտա, աստուծո սուրբ տեսուն չի՛ կարող արժանանալ:

Ավետարանն ինքն ա ասում, «Որ ո՛չ առնու զխաչ և ո՛չ եկեսցէ, զկնի, որ ո՛չ թողցէ զհայր, զմայր, զկին, զորդիս և ո՛չ եկեսցէ զկնի իմ, նա չէ՛ ինձ արժանի եւ թէ՝ յարիցեն ագգ յազգի վերայ և թագավորութին ի թագավորութեան վերայ, նեղեսցեն, տանջեսցեն, հալածեսցեն զձեզ վասն իմ, այլ դուք ուրախ լերո՛ւք, զի վարձք ձեր բազում են յերկինս, և մազ մի ի գլխոյ ձերմէ ո՛չ կորիցէ առանց հօր իմոյ՝ որ յերկինս է: Այսպես հալածեցին զմարգարէս՝ որք առաջ քան զձեզ էին» և այլն: Տեսե՛ք, սի՛րելիք, էս էլ ավետարանի խոսքը. ինչ գրվածն ա, պտի կատարենք: Առաքյալք, մարգարեք, մարտիրոսք էսպես արին, իրանց արինը թափեցին, ինչպես ամեն օր լսում, կարդում ենք, որ այժմ աստուծո աջակողմյան դասումը նստած՝ իրանց վարձքն ստացել, փառավորվել, երկնային ուրախությունը վայելում են, մենք մեկ սհաթի հետ հավիտենական կյանքը պտի փոխե՞նք: էդ ո՞ր գիժը կանի: «Փառք աշխարհիս, իբրև զծաղիկ խոտոյ, այսօր է և ի վաղիւն ցամաքի»: Մեզ պես մեղավոր, անարժան մարդիկը պետք է աստծուն ընդիմանա՞նք: էդպես սարսափելի, չար միտքը ձեր սրտըներովն էլ չի՛ պտի անց կենա, ո՞ւր մնա՝ բերան բերեք յա լեզվով էլ ասեք: Ինչ աստուծո կամքն ա, էն պտի ըլի: Պողոս Առաքյալը չի՞ ասում, թե «Հնազանդ լերուք թագավորաց, զի՛յ Աստուծոյ են կարգեալ»: Պրծա՛նք, գնա՛ց: Ով այլ տեսակ կմտածի, անհավատ ա ու դժոխքի բաժին, մեր պարտականությունն ա, որ ասենք, ձերը՝ որ լսեք: Չե՛ք լսիլ, պարտականը դուք մնաք:

Բաս թե իմանաք` մե՛ր գլուխն ի՞նչ են բերում էս հավատի թշնամիքը, էն ժամանակը դուք ձերը կմոռանաք: Ամեն մեկ բեկ, մեկ խան սուրբ Աթոռը գալիս՝ մեզ կրակն ա դնում, էրում, շամփրի պես պտտում: Ո՛չ հաց ու ջուրն ա նրանց փորը կշտացնում, ո՛չ պատիվն ու փեշքաշները նրանց աչքը բռնում: Շաբթով նստում են մեզ վրա. ինչ որ ուզում են, տալիս ենք, էլի ռազի չե՛ն ըլում: Սարդարն ու Հասան խանը գալիս հո, երկինքը մեր գլխին փուլ ա գալիս, աշխարքն աշխարքով դիպչում. էլ շունը տերը չի՛ ճանաչում, էնքան գել են մեր գլխին թոփ ըլում: Քչիցըքչիցը, ամեն մեկ գալիս, չորս-հինգ հարիր մարդ ետևիցն ընկած՝ տուն են թափում, ո՞ւմ առաջը բռնես: Խան, բեկ, ծառա, մեհտար, աշչի, ղուշչի, ղայլանչի, էրկու էնքան էլ ձի, ջորի, ուղտ, բարգ, բարխանա հետըները քցած՝ գալիս են, մտնում վանքը. դե արի՛, նրանց կառավարի՛: Ինչ օր որ նրանց ոտքը մեզ մոտ պետք է մտնի, հացըներս էլ ա հարամ ըլում, ժամըներս էլ: Սաղ օրը յա ժամի ծերին, յա ճամփի մեջտեղը, շոգում, անձրևում, թոզում պտի կանգնինք, մտիկ տանք, որ նրանք գան: Իրեքչորս եպիսկոպոս պտին առաջը գնալ: Բոլոր միաբանությունը դուս ա գալիս, մեկ վերստաչափ. տեղ էլ գլխաբաց, խաչով, խաչվառով, շուրջառով, բուրվառով, խնկով, մմով առաջ գնում ու շարական ասելով, վազելով, ձիանոնց առաջին քափ ու քրտինքները կոխած՝ նրանց ներս բերում: Շատ անգամ, վանքի դուռը մտնելիս, պետք է զառ ճոթից, ղումաշից, Խասից փիանդազ քցած, որ էս անօրենների ոտը խերով ըլի, մեկ վնաս մեզ չհասնի, թե չէ ամենիս էլ կկոտորեն: Փիանդազը ֆառաշների փայն ա, դե արի՛, նրանց սիրտը շահի՛: էսպես՝ գալիս են, վանքը լցվում: Վեհարան, խցեր, Ղազարապատ` էլ տեղ չի՛ մնում, որ միջումը կուչ գանք: Հլա սարդարի, խաների սիրտը փեշքաշներով, փողով ենք առնում, ու կաթողիկոս, եպիսկոպոս գիշեր-ցերեկ գլխըներովը պտիտ գալիս: Ամա ինչ որ մեր խեղճ միաբանի ու նոքարների գլխին ա գալիս, քո դուշմանդ չտեսնի: Փետի, թրի առաջ արած, սաղ օրը ուշունց տալով, ծեծելով՝ հազար մեկ բան են ուզում: Յա ձիանոնց տեղն ու խոռակը լավ չի՛, յա իրանց սրտի ուզածը բանի պետքը չի՛: Մեր ձիանքն էլ են դուս անում, տավարն էլ: Խոզերին հո, վա՜յ նրանց օրին, որտեղ որ տեսնում են, թրատում, միջիցը կես են անում, ախր խոզի թշնամի են, բաս ի՞նչ կըլի: Մեր թխած հացը, էփած կերակուրը, մորթած միսը, ձեռը տված զատը հարամ ա ու հարամ: Իրանք են ամբարը մտնում, մառանը ընկնում, դռները կոտրատում, ու ինչ սիրտըներն ուզում ա, շատ փայը շաղ տալով, ոտի տակ քցելով, կոտրելով, ջարդելով, փչացնելով` իրանց ձեռովը դուս բերում, ուզածները շինում, էլի մեր յախիցը կպչում:

Էսպես` մոյդա ասես, ղարաչի, քյամանչի, սազանդար, սաղ գիշերը որը պար ա գալիս, որը ֆալ բաց անում, որը բերնին զոո տալիս, որը գլխին, որ էս անիրավի սիրտը շահի: Գինի խմիլն էլ հո, նո՛ր են սովորել, էլ ի՞նչն ա պակաս: Աստված ո՛չ շհանց տա, մենք էլ ձեռըներս դոշըներիս սաղ գիշերը նրանց առաջին յա պետք է չոքինք, յա կանգնինք, որ քեֆըները թամամ ըլի: Շատ անգամ վարդապետ էլ ա թրատվում, յարալու ըլում: էսպես՝ ընչանք մենք նրանց մեր հասարիցը դուս ենք տանում, մերը մեզ ա հասնում:

Ախր մեզ որ է՛ս են անում, ձեզ ի՞նչ կանեն: Պտի համբերենք, համբերությունը կյանք ա: Կարելի ա, որ մեկ օր աստուծո ողորմության դուռը բացվի, յա Էն ա, բոլորս էլ կկոտորվինք, կփչանանք ու աստուծո սուրբ տեսությանը կարժանանանք, կամ թե չէ՝ մեկ ճար կըլի մեզ: Քրիստոնեն սրով չի՛ պետք է իր բանը յոլա տանի, նրա թուրը իր համբերությունն ու հավատն ա: էսպես արեց մեր էն էշ գեղըցի, հիմար Աղասին էլ, որ մեկ աղջկա խաթեր սուր քաշեց, ու խեղճ քանաքռցիք էնքան ջառըմա տվին, ու նրա հալևոր հերը ու գեղի քեդխուդեքը էս ա, հինգ տարի ա, բանտումը քոթկումը չորանում, մաշվում են, ու աստված գիտի, թե վերջըները, ի՞նչ կըլի: Ո՛չ մելիք Սհակի, ո՛չ կաթողիկոսի մունաթը մեկ օգնություն չարին: Ինքն էլ գժի պես ընկել ա սարեսար, չափմիշ անում, ճամփա կըտրում ու իր թշվառ օրը Էսպես անց կացնում: Ո՞վ ա գիտում, թե ո՞ր քարի վրա գլուխը վեր կդնի ու ի՞նչ տեղ շներոց-գիլերոց կըլի: Լավն է՞ն չի, որ մարդ գլուխն իրան քաշի ու տաղ անի: ՉԷ՛, չէ՛ սի՛րելիք. քանի կարանք, մեր գլուխը պահե՛նք. «հա՛» կասեն, «հա՛» ասենք, «չէ՛» կասեն, «չէ՛» ասենք, կասեն՝ նստի՛ր, նստի՛նք, վե՛ր կաց՝ վե՛ր կենանք, մինչև, տեսնի՛նք, թե բանն ի՞նչ տեղ կհասնի: Ասում են, թե ռսներն էկել, Ապարան են հասել, ո՞վ ա խաբար. բալքի նրանցից մեկ ումուդ ըլի, աստոծո բանն անքննելի ա: Աստված նրանց թուրը կտրուկ անի. թե մեկ նրանց ոտը մեր հողը կմտնի, էն ժամանակը թո՛ղ մեզ էլ տանին, մատաղ անեն: Շտապիլ հարկավոր չի՛: Ցիցիանովն ու Գդովիչը Երևան չառան, բալքի թե աստված չէ՛ր կամեցել, որ մեզ էլի փորձի: Շատը տարել ենք, քչին էլ համբերենք, տեսնի՛նք. վերջըներս ի՞նչ կըլի: Ամա էլի եմ ասում՝ քրիստոնեն թրի կոթն էլ ձեռ չի՛ պետք առնի, կարճ, որ քար էլ աղան գլխին: Իրիկնաժամի զանգակը տվին, գնա՛ նք ժամ, աղոթք անե՛նք, հլա շատ կխոսանք: Ա՛յ տղա, վեղարս տո՛ւր, մաշիկս դի՛ր, ժամիցը ետը գիշերն՝ երկար, մենք` պարապ, էնքան խոսանք, որ քուններդ տանի:

Աստված բարի ճամփա տա՛, հա՛յր սուրբ, էդ բերանդ լիս դառնա. Է՛դպես պետք է քարոզել խալխին: Աշխարքումը կենալը ի՞նչ լազաթ ունի, անապա՛տը պետք է գնացած, անապա՛տը, որ աստված երկնքիցն ուրախանա, երկիրս քիչ-քիչ քանդվի, սատանեն ճաքի, տրաքի, հրեշտակները մեզ շուտով տանին, մեր փառքին հասցնեն: Ազգն ի՞նչ ա, աշխարքն` ի՞նչ: Բոլոր սուտ բան ա: Ամեն մարդ իր հոգու ճամփեն պտի գտնի: Քանի կարաս՝ օր առաջ թադարեքդ տե՛ս, որ ետ չընկնիս:

Տիրացուն իսկույն վեղարը տվեց, ֆարաջեն հաքցրեց, վարդապետը մաշիկը դրստեց, առաջը դրեց, իշխանքը գլխըները տմբացնելով, քուրք ու աբա ուսըներին քաշելով, գդակները դզելով ետ կանգնեցին, ու սրբազանը դուս էկավ: Նրանք էլ ետևիցը մեկ-մեկ ճամփա ընկան, քոշըները հաքան, որ դռանը թողել էին. մեկ սարկավագ փիլոնը վերցրեց, մեկ վարդապետ գավազանը, ու դռանը ձեռը տվեց, տերտերները հո, փիլոնները ուսըներին, դռանը Էնքան կանգնել, վրվրթացել դողացել էին, որ դատաստանի օրն էլ Էն մահվան քրտինքը չեն տեսնիլ: Եպիսկոպոսը դուս Էկավ թե չէ, երկու կարգ դառան, փիլոնները քցեցին ու եպիսկոպոսին հանդիսով, տիրացու, սարկավագ, վարդապետ, իշխան, թվանքչի քամակիցն ընկած` տարան ժամը: Ներս մտնելիս՝ տիրացուն հողաթափը առաջը դրեց, սարկավագը փիլոնը քցեց, մեկ տերտեր էլ մեկ խալիչա ծալած, ձեռին բռնած՝ հենց եպիսկոպոսը ժամը մտավ, սեղանի առաջը հասավ, մեկ քանի խաչ հանեց երեսին, մեկ խոր գլուխ տվեց, խալիչեն բաց արեց, ետ կանգնեցավ. եպիսկոպոսը մեկ քանի խոսք իր մտքումն ասեց, սուրբ սեղանին գլուխ, երկրպագություն տվեց ու փառահեղ կերպով գնաց, ձախու դասումը, իր աթոռումը բազմեց, ժամն օրհնեց, Հայր մերն ասեց, ժամը կանգնեց:

7

ժամը դեռ կես չէ՛ր էլել` հարայ-հրոցն աշխարքս բռնեց. սար ու ձոր իրարոցով ընկան: Թուրք, սարվազ, արախլու եկեղեցին լցվեցին. ժամ ասողների ձենը փորըներումը մնաց: էլ մեծի, պստկի չի՛ մտիկ արին, ով ոտումը հարաքաթ ուներ ու ջանումը` ղվաթ, դուս թռավ, գլուխն առավ, կորավ, ով` չէ, տեղնուտեղը մնաց քարացած, սառած: Գլուխ ասես, որ պատռվում էր, ատամ ասես, որ ջարդվում էր: Անիրավ արախլուն ո՛չ ժամի էր խնայում, ո՛չ մարդի. թվանքի ոռթով ամեն մեկին մեկ պատի կպցրին, վրա թռան, եկեղեցու ինչ զարդ, զինզինաթ, խաչ, ավետարան կար, դես ու դեն դաղթմիշ արին, շուրջառ, բուրվառ, ինչ տեղ մեկ էրծաթի նշան էր երևում, բոլոր քանդում, ջախըբուրդ էին անում, վերցնում, ոտի տակ տալիս: Մեկ քանիսն էլ եկեղեցու դուռն ու շեմը բռնեցին, որ դուս գնացողին ձեռք քցեն, թալանեն: Էսպես՝ ում վրա մեկ նոր շոր էլ որ տեսան, հանեցին, զավթեցին: Ինչ կնանոնց հալն էր, աստված ո՛չ շհանց տա. երեսի ոսկի ասես, ձեոի մատանիք, դոշի շարք ու քորոց, զառ մինթանա (լեհին), դիբա արխալուղ, սամուր քուրք, ինչ կար չկար. բռնցքելով, ոտի տակ տալով էին հաքըներիցը հանում: Ծերունի եպիսկոպոսը մեջ ընկավ, որ մեկ քոմակ անի, բռնեցին, կռները կապեցին. Տերտեր «ներ»ն էկան, ամեն մեկին մեկ պատի զարկեցին, ու ով կար չկար, ոչխարի պես թրի առաջն արած դուս քշեցին, հետ ածեցին:

Լացի, սգի ձենը երկինքն էր հասել, բայց էս անողորմ ազգի համար, հենց իմանաս, քյամանչի, սազի ձեն ըլեր: Եկեղեցուցը դուս Էկան թե չէ՛, աչքդ ո՛չ տեսնի էն օրը: Մհառլամի ձենն էլ էր կտրվել, Հասան-Հուսեյնինն էլ. սար ու ձոր ոտն էր առել, փախչում էր, աչք առել, լալիս էր: Ձորագեղի ու Կոնդի քուչեքումը որ ասեղ քցեիր, գետինը չէ՛ր հասնիլ. էնքան արախլու, ղարափափախ, քուրդ, սարվազ էին լցվել, որ գետինը սևացել էր: Բերդի չորս կողմն է՛լ տեղ չկար, դուքան էր, որ թարաշ էին տալիս. տուն էր, որ թալանում, կրակ տալիս ու տանտիրոնջը չիփչիփլախ, իր ողորմելի օղլուշաղի ձեռը բռնած, դառ ու դարտակ դուս խռկում, թրի, թվանքի առաջն անում: Ով շուտով մեկ բան տեսել, թաղել էր, յա հացի, ալրի ջվալում մեկ բան թաքցրել, էն մնաց իրան: Քուչեքանց միջին երեխեքանց, հարսների ու աղջկերանց ձենը քարերը մղկտացնում էր, լացացնում: Շատը ձիու ոտի տակին էր հոգին տալիս, շատը ահիցն ու դողիցն էր լեղապատառ ըլում. շատին երեսի վրա էին քաշ տալիս, որին մազերիցն էին ձիու ետևիցը սարաթմիշ անում, քարեքար տալիս: էն օրը գնա, ո՛չ ետ գա, ինչ Երևանի հալն էր:

Շատ հեր, շատ տղամարդ կամ հանդումն էր, կամ բաղումը, կամ ուրիշ տեղ գնացել ու չիմացել, թե ի՞նչ կրակ ա գալու իր տան ու աշխարքի վրա: Նորագեղի դուզն ու կարմնջի ճամփեն, Կուզեռան դոշը ձիավորներով խլխլում էր: Մեկի տեղակ հազարն էին դուս թափել, որ գնան, խեղճ գեղցոնց էլ էս դառն ավետիքը տան: Ղուշը գլխըներովն անց կենալիս` վեր էին քցում, թեբռում, պլոկում, մարդ չէ՛ր կարում տեղիցը եռա: էսպես՝ որը ունևոր էր ու ջահել, շոր ու փալաս, բարգ ու բարխանա շալակները տվին, տարան, բերդն ածեցին, որը հալևոր էր ու աղքատ, օրվան հացի կարոտ` ծեծելով, ջարդելով տանից դուս արին, որ հենց էն սհաթին տունը, տեղը թողան, երըմիշ ըլին, որ գնան, գնան մյուս գեղցոնց հետ խառնվին, որ քոչեն, չունքի ղալաբանդլղ էր, ռուսը գալիս էր: Երանի՜ նրան, որ մեկ սել ձի, կով, եզը կամ մեկ էշ էլա ուներ: էնքան կարացին, որ մեկ քանի կարպետ, խալիչա, յորղան, դոշակ, աման, մի քիչ ալիր յա չալթուկ հետըները վերցրին, որ անձրևի ու արևի տակին, սովի ձեոիցը չմեռնին: Բայց քաղաքումը շատը ո՛չ գրաստ ուներ, ո՛չ մարդ, սել հո, սկի լսված չի՛: Անիրավ թշնամին էնքան ժամանակ էլա չէ՛ր տալիս, որ էստոնք էլա վերցնեն: Ինչ ուտելիք կար՝ ձուկն ասես, եղ, պանիր, հաց, գինի, տան բոլոր տարվան թադարեքը, կամ ջարդում էին, դեն ածում, կամ էրում, ջուրը քցում, տնները կրակ տալիս, փետումիս անում, որ շուտով ճամփա ընկնին, քոչին: Եկեղեցքանց, տների, ջաղացների դռները մնացին կրնկների վրա բաց կանգնած: Տանող-տանո՛ղի էր, քաշող-քաշողի, շունը տեր չէ՛ր ճանաչում, հերը որդուն ուրացել էր: էս սարսափելի ձևովն ընկան գեջդանգեջ ճամփա. օձերը ծնեցին, քարերը պատռվեցին, քոչը երմիշ էլավ:

Շատ ողորմելի, երկու հոգիս մեր կինարմատ՝ շունչը բերնին դեմ առած, մեկ քոռփա ծծին ուներ բռնած, մեկը` քամակին կապած, որի էլ ձեռիցը բռնած՝ հազար տեղ չոքում, հոգին ուզում էր տա ու իր սև սհաթիցը պրծնի: Չէ՛ր գիտում` ի՞ր գլուխը լաց ըլի, թե ողորմելի երեխեքանց ձեն կտրի, որ սոված, ծարավ, շոգի ձեռիցը թուլացած, ոտները յարալու-փարալու, չունքի շատը բոբիկ էր գնում, իրանց մոր ծնկներովն էին փաթաթվում, ճտովն ընկնում, որ իրանց կտոր հաց յա մեկ պուտ ջուր հասցնի: Շատ հեր՝ երեխեն ուսին յա շալակին, խալիչա, խուրջին քամակին, դեմը գնում, դեմը լալիս, հենց որ ուզում էր մի քիչ նստի, շունչ քաշի, թրի ոռքն յա թվանքի լուլեն էին աչքը բուռը քցում, որ տեղիցը վեր կենա, վազի, որ ետ չմնա: Որի հերն էր մերձիմահ՝ տանը մնացել ընկած, որի հարսը կամ կնիկը, կամ պառկած ծննդկանը, կամ ծծկեր երեխեն՝ օրորոցումը: Տեսնողի սիրտը կրակ էր ընկնում, բայց անողորմ ղզլբաշի թուրն ու արինաթաթախ ձեռը ո՛չ հեր էր հարցնում, ո՛չ հիվանդ, ո՛չ ծեր, ո՛չ տղա, ո՛չ մեր, ո՛չ աղջիկ: Որին քարով էին սպանում, որին թրով, որի ոտիցը քաշում, ջուրը քցում, որին բանհոգի անում, որ մնացողները ձեռք վերցնեն, գնան: Անբան, հայվան շները շատ էին ցավում, կսկծում էս դառն, սոսկալի տեսարանի վրա, քանց բանական մարդիկը: Ա՜խ, ո՞վ կարա է՛ն ողբը, է՛ն կսկիծը, է՛ն սուգն ու արտասունքը պատմիլ ինչ որ էս ողորմելի խալխը վեր էին ածում ու քաշում: Մարդի սիրտ պատռվում ա, բայց երկինք-գետինք մեկ փուլ էլ չէին գալիս, որ նրանց տակով անեն, մեկ չէին էլա ճաքում, սիրտըները բաց անում, որ նրանց կուլ տան, պրծացնեն:

Ինչ որ գեղցոնց հալն էր, աստված հեռու տանի: Շատի տավարը հանդումը մնաց, մալը՝ չոլումը, ոչխարը՝ սարումը: Ում ձեռը հասավ, էնքան արեց, արաբեն լծեց, երեխեքը մեջն ածեց, մեկ քանի փալաս-փուլուս էլ վրեն քցեց ու լալով, աղի արտասնքով ճամփա ընկավ: Տուն, տեղ, բաղ, մասիլ՝ մնացին աստուծո ապով: Որդին հորն ուրացել էր, բայց էլի էս օրհնած գեղըցիքն էին, որ ճամփի կիսին բազի քաղաքացու երեխա, բարգ, օղլուշաղ իրանց սելումն էին դնում, կամ նրանց հիվանդներին տիրություն անում, չունքի լավ-օսալ, էլի գրաստ, ուտելիք, տավար սրանք ունեին, նրանց ո՞վ կտար, ու ինչքան ձեռըներիցը գալիս էր, քոմակ էին անում նրանց:

Շատ ողորմելի հերնըմեր, հենց ճամփին, մեկ սովամահ, ծծկեր երեխա` էրկու-իրեք օր ձեռըներին պահում, ուզում էին, որ մեկ էնպես տե՛ղ հողի տակովն անեն, որ բալքի թե գազան չդիպչի, ու իրանք՝ էլի ետ գան, իրանց ջրատար մեռելի ոսկորները հանեն ու տանին իրանց հետ, ժամով, պատարագով թաղեն: Բայց որ ճարըները կտրվում էր գլխըներին կրակ էին վառում, էրեխեն կամ ջուրն էին քցում, կամ մեկ քարի տակ դնում, իրանք էլ վրեն էրվում, խորովվում ու մյուս օրը լալով, կիսամահ ճամփա ընկնում: Շատ հղի մեր հենց ճանապարհին կամ մեռած էր ծնում իր ինն ամիս դառը ցավով արգանդումը պահած, հասցրած մանուկը, կամ թե չէ, սաղ էլ որ ըլում էր, մերը բարուրում, ուզում էր, որ կամ ինքն էլ հետը մեռնի, կամ մանուկը չթողա, տանի, բայց ա՜խ, անաստված ղզլբաշի թրի բերանը կամ երկսին էլ ի միասին էր, կտրատում, կամ բարուրը մոր ձեռիցն առնում կամ` սպանում, կամ ջուրը քցում, կամ քարին տալիս, փչացնում:

Հաջորդ էջ