Բակունց Ակսել՝   Մթնաձոր

Ահա հասավ գետափի խուլ փողոցը: Այնտեղ էլ ձիեր կային. նրա նման գյուղի մարդիկ, յուրաքանչյուրն իր ձիու սանձից բռնած և ստրուկի հեզությամբ իր հերթին սպասող: Նրանք տեսան փախչող ձիավորին, և ոմանք կարծեցին, թե ահից սարսափած ձիավորը փախչում է դեպի հեռվի լեռները, ինչպես կփախչի պարտվածը դեպի փրկության բերդը:

Հոգնած ձին մտրակի հարվածից մի քիչ արագացնում էր քայլերը, ապա նորից գնում բեռան տակ մեծացած գյուղական ձիու ծանր քայլերով:

Ահա հետ մնաց վերջին տունը, և բացվեց կարտոֆիլի դաշտերը: Սիմոնը դանդաղեցրեց ձիու ընթացքը և շունչ քաշեց: Նրան քաղաքի սահմանից դուրս ավելի հեշտ թվաց: Այն հեռվի լեռներից, որոնց լանջին իրենց գյուղն էր, մի անապական զով զարկեց նրա քրտնած դեմքին:

Սիմոնը ծռվեց դեպի աջ, գետը տանող նեղ ճանապարհով: Ձին զգաց գետի սառնությունը և առանց մտրակի արագացրեց քայլերը:

Գետակի հունն իջնելուց առաջ Սիմոնը երկյուղով շուրջը նայեց և տեսավ, որ ամայություն է: Միայն ներքևը, ուռիների ստվերում, ննջում էին կովերը: Ու երբ ծարավ ձին գլուխը կռացրեց ջրի վրա, Սիմոնը ցած թռավ, սանձն ամուր կապեց ձիու առաջին ոտքից և սկսեց հետեվի ոտքերը կապոտել:

Ցոլակը կուշտ խմելուց հետո փորձեց գլուխը վեր հանել, բայց չկարողացավ: Եվ մռութը հնազանդ ու մունջ նորից կախեց գետի կապույտ ջրերի վրա:

Սիմոնն անսովոր արագությամբ ձիու համետը հանեց: Արևի տակ փայլփլեց ձիու ողորկ և գեր մեջքը: Ապա նույն արագությամբ կռացավ և գետնից վերցրեց մի չեչաքար: Երբ առաջին անգամ նա չեչաքարը Ցոլակի մեջքին քսեց, ձին հովություն զգաց, խաղացին նյարդերը, և հաճելի գրգռից մեջքի մաշկը դողդողաց:

Ապա հանկարծ ձին մեջքին զգաց ծակծկոց: Ձին փորձեց հեռանալ, բայց չկարողացավ, որովհետև ոտքերն իրար պինդ կապված էին: Նորից փորձեց գլուխը վեր հանել, դարձյալ չկարողացավ: Իսկ ցավը հետզհետե սաստկանում էր, որովհետև Սիմոնը հուսահատ կատաղությամբ չեչաքարը քսում էր նրա մեջքին: Մի քանի րոպեից մաշկը պլոկվեց և արնոտեց քարը:

Ցոլակը տնքում էր, պոչն ուժգին խփում այս ու այն կողմ, գավակն աջ ու ձախ դարձնում, բայց ոչինչ չէր օգնում: Սիմոնն ամբողջ ծանրությամբ ընկել էր ձիու մեջքի վրա և քարը հա քսում էր: Արդեն նոր բացված վերքից արյան կաթիլները դուրս էին ցայտում և գլորվում հևացող կողերի վրայով: Իսկ Սիմոնն ավելի արագ էր քերում, կարծես չեչաքարն ուզում էր թաղել Ցոլակի այնքան գեր ու ողորկ մեջքի մեջ:

Ձին այլևս չդիմացավ, շրջվեց կողքի վրա և մեջքը կիսով չափ թաղեց գետի մեջ: Ցավից և անսովոր վիճակից Ցոլակը ցնցում էր ոտքերը, փռնչում ռունգերով, վիզն ու գլուխը քսում գետափին և փորձում ոտքի կանգնել:

Սիմոնն արևոտ չեչաքարը մի կողմ գցեց, ինչպես մարդասպանը դաշույնը, և սարսափով նկատեց, որ գետի ջուրն անվերջ կարմրում է, երբ ալիքը զարկում է ձիու մեջքին:

Չլինի՞ տամար տրաքեց...

Ցոլակի աչքերի առաջ մթնել էր: Գլխիվայր դառնում էին քարերը, գետափը, և թվում էր, թե գետափի փափուկ մամուռը կախվել է երկնքից: Հաճելի էր ջրի մեջ և բնազդաբար կենդանին ավելի խորն էր թաղվում լպրծուն տիղմի և ջրային խոտերի մահիճում: Իսկ վիզն ու գլուխը չէր բարձրացնում կապույտ քարերի բարձից:

Սիմոնն արագ արձակեց կապերը, սանձը, ինքը կիսով չափ մտավ ջուրը և գոռալով, աղերսելով, հրելով ու քաշելով մի կերպ բարձրացրեց ձիուն:

Ցոլակը դողում էր:

Նրա մեջքի աջ կողմը ափսեի չափ վերք էր բացվել, և երևում էր կարմիր, տեղ-տեղ փոս ընկած, ճաքճքած միսը: Արյունը շարունակում էր կաթկթել, բայց մի քանի տեղ արդեն լերդանում էր:

Սիմոնը հանցագործի հապճեպությամբ արյան հետքերը լվաց ձիու կողերից, իր ձեռքերից, տիղմի բարակ շերտով ծածկեց վերքը, ջրախոտերով ծածկեց, ապա շտապ համետեց ձին և դուրս եկավ ճանապարհը:

Ձին հազիվ էր քայլերը փոխում: Սիմոնն ինչքան էլ կանչում էր, ոտքով փորին խփում, փաղաքշական խոսքեր ասում, ձին չէր արագացնում քայլերը :

Եվ Սիմոնն ու Ցոլակը նույն փողոցներով գնացին դեպի հրապարակը: Երկուսն էլ գլխիկոր էին: Մարդն իր դաժան խոհի հետ էր՝ կտանե՞ն այժմ, թե ոչ, ձին հազիվ տնքում էր, պղտոր աչքերի առաջ գլխիվայր կախված մի չնաշխարհիկ արոտ...

7

Իսկ հրապարակն այդ ժամանակ ծփում էր մի արտասովոր դեպքից: Փողոցներում խռնված բազմությունից ոմանք բարձրացել էին պատերի և պատուհանների վրա, որ ավելի լավ տեսնեին, թե ի՞նչ է կատարվում մեջտեղը: Ոմանք բարձրացել էին ձիերի վրա: Ոտքի էին և կենտրոնում սեղանի շուրջը բոլորած մարդիկ:

Մի կապտավուն ձի՝ երկար, ծալվեծալ բաշով, բոլորովին մերկ, կատաղած վազում էր հրապարակով: Նա երամակի ձի էր, սնվել էր լեռներում, երբեք հեծվոր չէր նստել մեջքին, սանձը չէր դիպչել մռութին, սմբակները պայտ չէին տեսել: Այդ ձին էին ուզում բռնել զինվորները, որոնք երկար պարանները թևերին փաթաթած շպրտում էին գերության օղակը, հենց որ ձին մոտենում էր նրանց: Բայց ձին ամեհի ոստյուն էր անում, թռչում օձի նման գալարվող օղակի վրայով և փախուստի ելք փնտրում: Զինվորների մյուս խմբերը գազանային ոռնոցով կտրում էին նրա ճանապարհը և հետ փախցնում դեպի նրանք, որոնք ոլորում էին նոր օղակ:

Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով: Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը:

Մարդիկ մի պահ մոռացել էին իրենց ձիերը, որոնց զինվորները կապել էին փշալարի ցանկապատի ետևը, — մոռացել էին, որ ձիերի սանձերն ու չվանները շալակած, ոտքով պիտի բարձրանային դեպի լուռ գյուղերը, որոնց դաշտերում այլևս չէին վրնջալու փշալարով անջատված ձիերը:

Հանկարծ բազմությունը հառաչեց. լսվեց խուլ գվվոց, ինչպես հողմի շառաչն անտառում: Զինվորները վազեցին փշալարի կողմը: Մի վայրկյան ճեղքվեց բազմությունը, ինչպես ծովի սև ալիքները, երբ երևում է մութ անդունդը, — ապա նորից կլանեց ամեն ինչ:

Կապտավուն նժույգը վերջին հուսահատ ոստյունն էր արել, փորձել էր թռչել փշալարի վրայով և ընկել էր լարի երկաթյա սուր փշերի վրա... Ճեղքվել էր կուրծքը, փորը և վշշում էր արյունը լարերի վրա, մահվան հրապարակի վրա և մեռնող նժույգի ջինջ աչքերում ընդմիշտ սառչում էր հեռվի կապույտ լեռնաշխարհը...

Զինվորները ձիու սառած մարմինն իջեցրին փշալարից: Բժիշկն արձանագրություն կազմեց և վերադարձավ սեղանի շուրջը, որպեսզի նույն գորշ տաղտկությամբ շարունակեն գործը:

Սիմոնը յուրայիններին նույն տեղը չգտավ: Նրան ասացին, որ արդեն իրենց գյուղացիներին կանչում են: Եվ բազմությունը հրելով, ձին հետևից հասավ հրապարակը, որի մի կողմը կանգնել էին դարբնի տղան, Գիլանց Մուքին, Աքելը և մյուսները: Գրագիրը կարդում էր անունները:

Այ մարդ, ո՞ւր կորար, քիչ մնաց քեզ շտրաֆ անեն: Ասացինք հրես կգա:

Ամենից առաջ Շուղունց Աքելին կանչեցին: Դողդողալով նա առաջ անցավ, մի անգամ էլ հետ նայեց համագյուղացիներին, կարծես նրանց ներկայությունը հուսադրում էր նրան:

Մոտեցան և զննեցին նրա ձիուն: Ու մեկ էլ զինվորները վրա տվին, ձիու համետն արձակեցին և շպրտեցին Աքելի կողմը: Ձեռքը վերևից հայտնեց վճիռը: Զինվորները քաշեցին ձին: Աքելը հրապարակում մնաց մի րոպե, նայեց ձիու հետևից և անխոս վերադարձավ, մեջքին ձիու համետը:

Դարբնի տղան սրախոսեց.

Ափիցեր Աքել Շուղունցով, — բայց ոչ ոք չծիծաղեց: Դարբնի տղայի ժպիտն այլանդակ կծկվեց և դեմքի վրա սառեց, որպես դառնության կնիք:

Հետո Ռուստամենց ճակատը նշան ձին տարան: Գնաց և տերտերի ձին: Ժամհարը գլուխը կախ եկավ:

Հիմա ես տերհորն ի՞նչ պատասխան եմ տալու...

Չորրորդ հերթը Կոստանդինն էր: Գյուղացիները զարմացան, երբ լսեցին նրա ազգանունը, որովհետև Կոստանդը նրանց մեջ չկար: Դարբնի տղան նկատեց, որ սեղանի շուրջը նստողների մեջ ինչ-որ փսփսոց ընկավ:

Հրապարակի մյուս կողմից երևաց Կոստանդը՝ լղար, մեջքը փոր ընկած, մոխրագույն մի ձի հետևից: Թվաց, թե նույնիսկ չնայեցին նրա կողմը, և ձեռքը վերևից նշան տվեց, որ Կոստանդն ու ձին հեռանան հրապարակից:

Այդ այնքան արագ կատարվեց, որ գյուղացիներից շատերը չհավատացին իրենց աչքերին, թե այդ «խեղճ» գյուղացին Կոստանդ աղան է: Նրանք մնացել էին ապշած: Իսկ Կոստանդը կեղծ ուրախությամբ հետ տարավ ձին և անհայտացավ:

Դարբնի տղան Սիմոնի ականջին շշնջաց.

Տեսա՞ր, որ ասում էի

Բայց Սիմոնը չլսեց: Նրա ականջին հասավ իր ազգանունը և Ցոլակի սանձից բունած, մտավ հրապարակը:

Երբ մոտեցավ, վերցնել տվին ձիու համետը, և մի ակնոցավոր ռուս, որ անասնաբույժն էր, քիթը վեր քաշելով կռացավ վերքի վրա:

Չտարան, — անցավ Սիմոնի մտքով: Բայց մարդը բարկացավ և մատը թափ տվեց Սիմոնի վրա: Նա հայհոյում էր:

Սիմոնը վախից դողաց, գունատվեց և նստեց համետի վրա:

Զինվորները Ցոլակին տարան: Սիմոնը տեսավ, թե ինչպես իր ձիու երկար պոչը սուր մկրատով կտրեցին: Եվ իսկույն աչքին այնպես երևաց, ասես Ցոլակը մեծացավ և դարձավ ղազախի ձի:

Գյուղական գրագիրը բղավեց նրա վրա: Նա սթափվեց և բեռը շալակին վերադարձավ յուրայինների մոտ:

8

Արևն արդեն թեքվել էր, երբ գյուղացիները ճանապարհ ընկան տուն: Ազատվել էին միայն ութ ձի, որոնց վրա բարձել էին մնացած ձիերի համետները: Գյուղացիներից ոմանք իրենք էին շալակել ձիերի սանձերն ու չվանները:

Ազատված ձիերը, որոնցից երեքը ծուռոտ էին, մեկի մեջքն էր փոս ընկած, երկուսը քոս էին, իսկ Հաբեղանց ձիու երկու կողոսկրը չկար, — ազատված ձիերը հազիվ էին քայլում ծանր բեռան տակ:

Սիմոնը գլուխը կախ գնում էր մյուսների հետ: Դարբնի տղան էլ լուռ էր, որովհետև ոչ ոք սիրտ չուներ նրան լսելու:

Նրանք անընդհատ բարձրանում էին լեռը, կարծես պիտի գնային մինչև մութ երկինքը: Մայրամուտի արևը աջ կողմից նրանց ոսկեվորել էր: Նեղ արահետով գնում էին նրանք իրար հետևից, ինչպես կռունկի երամ, և թվում էր, թե բեռների տակ կքած սև ստվերները հավիտյան պիտի բարձրանային մութ լեռը, մինչև մի խավար անդունդ հանկարծ կլաներ նրանց:

Սիմոնը ձիու չվաններից և սանձից զգում էր Ցոլակի ողորկ մարմնի ծանոթ հոտը: Եվ մի միտք, ծանր բեռից ավելի դժվար ծանրությամբ, նստել էր նրա գլխում, և նա խոնարհել էր գլուխը: Բայց փակ աչքերով էլ տեսնում էր արնոտ չեչաքարը:

Հենց իմ փիսությունը մնաց, Ցոլա՜կ... Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ես... Յարաբ տեսնես արյունը ցամաքե՞ց:

Եվ նա բուռը լայն բաց արեց, այն բուռը, որով բռնել էր քարը...

Բռի մեջ ստացականի կտորն էր, վրան Ցոլակի գինը և իր ազգանունը:

Արևի մայր մտնող շեղերը հրդեհել էին ամպերը, ներկել արնոտ գույնով: Լեռների սև ստվերները ավելի վառ էին ցոլացնում ամպերի կարմիրը: Կաթնաղբյուրի արոտներում և սարալանջում էլ ոչ մի կաքավ չէր կարդում և ոչ լոր էր ճկում: Քնել էին քարերը, խոտերը, անբան հավքերը, և լեռների վրա իջել էր իմաստուն մի երեկո:

Կաթնաղբյուրից նրանք ջուր խմեցին և հացի փշրանքները թափեցին սառը ջրում: Մութն ընկնում էր, և ճանապարհ դեռ շատ կար:

Սիմոնը նայեց ներքև... Ա՜յ, այստեղ արածում էր Ցոլակը. նրա ատամների արանքում երևի դեռ մնում է այս դաշտերի խոտը: Իսկ ինքը պառկել էր այս քարի տակ, և մի լույս ճառագայթ խոստանում էր զվարթ վերադարձ:

Ու հետ նայեց Սիմոնը: Այնտեղ, ներքևը, խավար էր, խավարի մեջ քաղաքը, և քաղաքի փշալարյա վանդակում աղիողորմ վրնջում էր իր հույսը, իր Ցոլակը:

Հանկարծ Կաթնաղբյուրից ներքև, քարերի վրա, զրնգացին ծանր պայտերը: Գյուղացիները ճանապարհից դուրս եկան և մի կողմ քաշեցին բեռնած ձիերը:

Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա...

Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը: Մյուսները քարի նման լուռ էին: Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.

Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը...

Սպիտակ ձին մի վայրկյան ցոլաց մթնող արևի շողերում և չքացավ դեպի նարնջագույն ամպերը: Կարծես մարմարիոնե մի արձան արշավում էր դեպի պատվանդանը, որ իր անհաս բարձունքից ահ ու սարսափ մաղի ռամիկ գյուղացիների վրա:

9

Կես գիշեր էր, երբ տուն հասան:

Դռան մոտ կանգնել էր Շարմաղ բիբին, ճրագը ձեռքին:

Սիմոնը ներս մտավ, տոպրակն ու սանձը գցեց մի անկյուն: Անկողնից վեր թռավ Շողերը:

Ապի՛, բա Ցոլա՞կը:

Աղջկա միամիտ հարցին, որպես պատասխան, դուրսը, լեռնային գյուղի սառը խավարում, վրնջաց անմայր մի քուռակ: Կարծես բազմաթիվ մանր զանգակներ երգեցին անեզրական տխրություն:

Շարմաղ բիբին սարսուռով վրա դրեց դուռը, և հին դուռը մի անգամ էլ երգեց երկար ու կերկեր արևելյան թախծոտ մի երգ:

Պառավը լալիս էր...

Հետո քանի երեկո իջավ, և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը...

ՊՐՈՎԻՆՑԻԱՅԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

1

Ճշմարտության դեմ կմեղանչենք, եթե այս տարածությունը, որ կոչվում է Աստաֆյան, անվանենք փողոց, որովհետև մեր քաղաքում այս փողոցը հռչակված է նաև իբրև ժամադրավայր, նավահանգիստ այն հին մակույկների համար, որոնք հանդարտ օրորվում են վերից վար, այսինքն՝ «անցնում են և բարձրանում»: Նա և պատկերասրահ է, այն տարբերությամբ, որ պատկերները զբոսնում են, և մի օրվա ընթացքում հետաքրքրասեր մեկը կարող է տեսնել նաիրյան հոգևոր կուլտուրայի բազմաթիվ ներկայացուցիչների: Այս փողոցն ունի նաև վատ համբավ. եթե մեկը կամենում է ցույց տալ իր բացասական վերաբերմունքը մի տեղեկության կամ կարծիքի մասին, — ասում է՝ «Աստաֆյան փողոցի զրույց է»: Վերջապես կարելի է մեջտեղ բերել մի այլ ապացույց, որով աներկբա կդառնա այն, որ այս տարածությունը սովորական առումով փողոց չէ, այլ ունի այնպիսի հատկանիշներ, որոնցից զուրկ են քաղաքի մյուս փողոցները: Նկատված է, որ այստեղ երկար տարիներ ժամադրվողներին, հանգստացողներին, փողոցում վիճաբանողներին և առհասարակ այս տարածության սիրահարներին հատուկ է մի առանձին քայլվածք՝ մի տեսակ հոգևոր երթ, երբ մարդը թեքում է վիզը, գնում է իրանը օրորելով, աչքերի առաջ մեռած մառախուղ և մառախուղի մեջ անիրական մի աշխարհ: Մեր ծանոթներից մեկը, որ մասնագիտությամբ բժիշկ է, տպագրության համար պատրաստ ունի մի գիտական շարադրություն, որով ապացուցված է համարում մի առանձին՝ նոր տերմինով ասած՝ «էրիմենյան ախտի» գոյությունը և միանգամայն գիտականորեն բացատրում է այն պակասությունները, որ հատուկ են այս փողոցի սիրահարներին:

Կարող ենք թեթևակի պտույտ անել մեր քաղաքի մի քանի փողոցներում, որպեսզի համոզվենք, որ քաղաքի փողոցներից ոչ մեկը չունի այն առանձնահատուկը, միակը և անկրկնելին, ինչ որ այս թյուրիմացաբար փողոց կոչվող տարածությունը:

Քաղաքն ունի Կույր փողոց, որ վերջանում է այգիների ճանապարհով. Տպագրիչների փողոց, որտեղ մեծ մասամբ ապրում են պղնձագործ արհեստավորներ. Բաղնիքի փողոց, ուր երկու ատամնաբույժ կա, և պարսկական հին բաղնիսից մնացել է միայն մի խոր գուբ, որ հետզհետե լցվում է բակերի աղբով: Կան փողոցներ, որոնց բնակիչները տառապում են հարատև հարբուխով, լռակյաց և տխուր մարդիկ են, ինչպես գերեզմանափորները և ժամագործները: Կան զարմանալի փողոցներ, որոնք ունեն ցածր դռնակներով պատեր և երգող ջրեր. Կանուխ է իջնում մութն այդ փողոցներում, և խավարն ավելի թանձր է, քան հարևան փողոցում, որտեղ գիշերային ժամերին կարելի է տեսնել արթուն և զվարճացող բնակիչների: Պատահել է մեզ տեսնել հին փողոցներ, որտեղ ամեն քայլափոխի մի բան գրավել է մեր անզբաղ ուշադրությունը: Մի տափակ կտուրով տան ամբողջ ճակատը զարդարված է գունագեղ աղյուսներով, որոնց համակարգության մեջ կա թաքնված իմաստ. մի ուրիշ տուն ունի երազային պատշգամբ, կապույտ ճաղերով, և թվում է, թե ահա ցածր դռնակը կբացվի և նշաձև աչքերով մի աղջիկ դուրս կգա պատշգամբ և, ինչպես երազ, նորից կանհետանա: Ահա մի գետնափոր տուն, որ դրսից լուսամուտ չունի, և գորշ պատի մեջ չի երևում դուռը: Կարծես դեղնած այգիներում ամայի հնձան է, որտեղ այլևս չկա ո՛չ միրգ, ո՛չ երգ: Սակայն գետնի տակից լսվում է երեխայի լաց, և գետինը թնդում է փայտե օրորոցի զարկերից: Ու չքանում են պատերը, տեսնում եք մորը` կռացած օրորոցի վրա, և մոռացված մի երգ օրորում է ձեր մանկությունը: Ահա մի ուրիշ փողոց, որի միջով գնում է բարակ գետը: Տները գետափին են, և շատ պատշգամբներ կախված են ջրերի վրա: Տնից տուն կամրջակներ են, որ գարնան հեղեղին բարձրանում են վեր: Ի՜նչ քաղցր է զով գիշերը քնել ջրերի վրա կախված պատշգամբում, լսել ջրի ձայնը և զգալ գետի հունով սարերից իջնող հովը: Իսկ եթե պատշգամբի վրա շողք է գցել դեղձենին, և նրա ստվերի միջով ջրերի մեջ լողանում են աստղերը, իսկ եթե գետի մյուս ափին, կավե պատի հետևը, քնել է մի աղջիկ, ինչպես եղնիկը անտառի խազալի վրա...

Այդ փողոցից կարելի է մտնել մի ամբողջ քաղաք, քաղաքի մեջ քաղաք, բազմաթիվ խճճված անցքերով, ինչպես մրջնոցը, մանվածապատ և բոլորովին նեղ փողոցներով, որոնցով հազիվ է անցնում պաղպաղակ վաճառողի սայլակը, — կավե տների և կիսաչոր չինարիների մի լաբիրինթ, որտեղ խլրտում է արհեստավորների և մանր տնատերերի մի ահռելի բազմություն: Այստեղ մի տուն կքել է ռադիոյի կայմի ծանրության տակ, մի ուրիշի փոքր դռնակին կպցրել են թիթեղի կտոր՝ «նորոգեմ պրիմուս», իսկ տերը մտել է կիսաքանդ պատի ճեղքը: Այս փողոցներում ապրում են ամենաօրինապահ և միլիցիոների կարգադրությունը երկյուղած բարեխղճությամբ կատարող քաղաքացիներ: Երբ քաղաքի կենտրոնական փողոցներում դեռ նոր են կախում տոնական դրոշները, այս թաղի տների վրա արդեն ծփում է դրոշակների ծովը: Ու թեև երիտասարդները գլխավոր փողոցներից լուր են բերում, որ տոնը վերջացել է, այստեղ դրոշակները դեռ ծածանվում են, մինչև գա ինքը հերթապահ միլիցիոները և կարգագրի, որ հանեն դրոշակները:

Բայց կան և լուրջ փողոցներ՝ քարակոփ տներով և մայթերը սալահատակ: Այդ փողոցներով անշշուկ սուրում են շքեղ ավտոներ, այնտեղ ծառերն անգամ միահավասար և միանման են ու չեն շարժվի ամեն պատահական քամուց, մինչև չշարժվի ծայրինը, և սոսափը, որպես հրաման, չանցնի սաղարթից սաղարթ: Նրանց գրանիտե քարերը զրնգում են գեղեցիկ նժույգների դոփյունից և ներշնչում ակնածալի պատկառանք:

Մենք ակամա շրջեցինք քաղաքում՝ Տպագրիչների փողոցից մինչև գետափը, եղանք ասիական թաղի լաբիրինթում, տեսանք այն խաղաղ փողոցի երազային պատշգամբը, նույնիսկ հասանք այն փողոցը, որտեղ կան վանդականման տներ և պատուհաններ, որոնց ետևից, երբ լուռ է փողոցը, կարելի է լսել աղջկա սրտամորմոք երգ և դռան ճեղքից տեսնել արևելցու գեղեցիկ բակը՝ վարդենիներով, որոնց վրա դեռ կարմիր են վարդերը, երբ թափվում է առաջին ձյունը: Մենք եղանք և այն փողոցներում, որտեղ չկան բարդիներ, և որտեղ գրանիտե հունի մեջ գնում են ջրերն առանց խոխոջի, առանց շառաչի: Բայց այդ փողոցներից և ոչ մեկը չի կազմում քաղաքի հպարտությունը և մեր նկարագրության առարկան: Ավելին. նրանք բոլորը փողոց են, հաղորդակցության անոթներ, և նրանցից ոչ մեկի անունը չի կապված երազների, բամբասանքների, այլատեսակ շաղակրատությունների, դատարկապորտ թափառումների և ժամանակի վատնման հետ, ինչպես այս փողոցն է, որի նկարագրությունը հիմա կանենք, ապա կպատմենք մի ուրախառիթ դեպք և նրա հետ կապված մի անանուն մարդու եղերական վախճանը:

2

Տները նշմարվում են, առավոտի մշուշով, լապտերների լույսը աղոտանում է: Չի շարժվում և ո՛չ մի տերև, ո՛չ մի ծառ: Ամեն ինչ քնած է լուսաբացի խոր քնով: Հոգնած ձիերը պառկում են տաք աղբի վրա և վզները երկարում: Այդ նշան է, որ շուտով կբացվի առավոտը: Հեռվի ճահճուտներից լսվում է գորտերի կռկռոցը, որ ավելի վեհաշուք է դարձնում լուսաբացի խորհրդավոր երկունքը: Լուսինը ջրային շուշանի նման լույս է տալիս տիեզերական օվկիանում: Իսկ աստղեըը սկսում են անէանալ, որովհետև վաղուց է ասված՝ «երևելն արեգական անէանան աստեղունք»:

Ահա ճահճուտներից բարձրանում է տաք գոլորշին, որ դողդողում է շատ բարձրերում: Մի րոպե, և սառը հոսանքը ցած է իջնում: Արդեն խշշում են բարդիների բարձր կատարները, իսկ ներքևի ճյուղերը, խավարի մեջ, դեռ անշարժ են: Ապա լուսավորվում են վերևի ճյուղերը, տերևները դողում են, և դողը կամաց-կամաց սահում է ցած: Կարծես մի խավար քող ընկնում է ծառերից, և նրանք հագնում են ծիրանի շապիկ: Փողոցը դեռ նիրհում է: Լուսադեմի զովից քաղցր նինջ է իջնում ժամապահ միլիցիոներների վրա, որոնց սև սիլուետներն ընդունում են զանազան դիրք: Ահա մեկը հենվել է հեռագրասյունին և անշարժ է, ինչպես սյունը: Մյուսը ծեր գրենադերի նման կռթնել է հրացանին, երրորդն անշարժ նայում է առվի ջրին, որ նրա համար երգում է սեր և խնդություն: Վաղ առավոտյան ո՞վ գիտե, ո՞ր Շուշանն է միտն ընկել: Չորրորդն արձանի պես է, որպես մի ահեղ մոնումենտ՝ ճանապարհի մեջտեղը: Մի խոսքով, լուսաբացին փողոցը նման է զինվորական արձանների հաղթական ալլեյի:

Գետի երեսով արդեն փչում է, սառը հոսանքը, և խոնավանում է գետինը: Փողոցի ծայրին երևում է անտիրական մի շուն, որ դունչը վեր ցցած քշում է ուղիղ ներքև: Նրա քթովն է ընկել ինչ-որ քաղցր բույր, որ մեյդանի կողմից բերում է քամին:

Ահա լուսավորվեցին այս փողոցի ծառերը, որոնց գեղեցկությունը վաղեմի մի օր գովել է այն նշանավոր պոետը, որի անունը մեզ համարձակություն ներշնչեց ավելի մանրամասն նկարագրելու լուսաբացը, քան այդ թույլատրում է չափի զգացումը: Եվ վերջապես, մի այլ բանաստեղծ, որից առավել քանքարով ոչ ոք չի նկարագրել բարդիները, լուսինը, ջրերի երգեցիկ զրույցը, — մեր ներկայությամբ մի թուխ մաշկով աղջկա, որ նման էր եթովպուհու, ասաց.

Ձեր մազերը նման են այս ծառերին, — հետո թափահարեց ծառը և հազարավոր նարնջագույն տերևներ տեղացին կայտառ աղջկա ուսերի վրա...

Ահա լուսավորվեցին այդ ծառերը, ելան դռնապանները՝ ավելներով, թիակներով, դույլերով և սկսեցին հարդարել փողոցը: Նրանք էլ գնացին, և ապա արևը ոսկի տեղաց Արարատի գագաթին: Արդեն սուլեցին գործարանները՝ մեկը զիլ և ուրախ, մյուսը խռպոտ, երրորդը՝ երկարածոր, ինչպես տխուր սեգյահ: Փողոցում զարթնեց աղմուկը: Տասը, քսան, հետո հարյուրներ, միայնակ կամ խմբերով, ելան տներից, եկան մյուս փողոցներից, և բանվորների բազմությունը լցրեց այս փողոցը:

Ոմանք դրսում են կոճկում բաճկոնը, ոմանք տրորում են աչքերը և գնում են լուռ ու լուրջ: Կան տարիքով մարդիկ, որոնք հազար-հազար անգամ անցել են այս փողոցով, և տարիների ընթացքում նրանց ոտքերը վարժվել են մի չափի, որով անվրեպ հասնում են աշխատանքի վայրը: Հինգ րոպե, և փողոցը լցնում են կաշեգործները, հյուսները, դարբինները, մոնտյորները, հնոցապանները, — գործարանային աշխատանքի բոլոր ներկայացուցիչները: Կան հյուսներ, որոնք երեսուն տարի նույն կողովը ձեռքին, նույն հաստ մատիտը ականջի հետևը, գնացել են այս փողոցով: Կարելի է տեսնել ներկարարների, որոնց բարձրավիզ կոշիկների վրա երևում են բոլոր ներկերի հետքերը՝ գաջից մինչև օլիֆ: Ահա «արճիճե» բանակը, ահա և կաշեգործները, որոնք վաղնջական ժամանակներում եղբայրակից էին բանաստեղծական արվեստին:

Աշխատանքի այդ բանակը անտարբեր է փողոցի գեղեցկության: Եթե մեկը երազում է այս փողոցում՝ նրան անվանում են «ավարա»: Եթե վարպետը բարկանում է աշակերտի վրա և հանդիմանում, ապա հիշատակում է և այս փողոցի անունը. «Դու լավ կարաս Աստաֆյանը չափես...»: Գործարանները շտապող այս մարդիկ չեն սիրում փողոցի երկարությունը: Նրանք, երբ վերադառնում են աշխատանքից, հատկապես տարիքավորները, շատ են գանգատվում այս երկար փողոցից. «Գնա՜ , գնա՜ թե վերջանա...», «Ե՞րբ կազատվենք սրա ձեռից...», Ա՜խ, մի ոտքերս կտրվեն գետնից, գռռալով գնամ, գռռալով գամ…: Եվ այս բոլորն այն փողոցի հասցեին, որ համբերատար լսում է և մյուս փողոցներից ավելի մաքուր է, մայթերն ամուր են, իսկ լանջը՝ արծաթյա պնակի նման ողորկ: Եվ այս բոլորն այն ժամանակ, երբ ներկարարների ծանր կոշիկներն ամուր դոփում են, այնինչ փողոցը, կարելի է ասել, կուլ է տալիս իր սեփական փոշին, որ հեշտ լինի նրանց երթը:

Սակայն բարակում է այս հոսանքը, և միայն հեռվից, կաշեգործարանի մոտերքից լսվում է ներկարարների հաստ կոշիկների դոփյունը: Նրանք դեռ գործարան չեն հասել: Փողոցում երերում է փոշու ծխագույն շղարշը: Դարձյալ երևում են հատուկենտ մարդիկ: Նրանցից մի քանիսը շտապում են, մյուսները ծանրաքայլ են: Շտապողների հետ մնացած բանվորներն են, ծանրաքայլ անցողները՝ ծառայողների բանակի առաջապահները, որոնք թևերի տակ մատյան, համրիչ կամ թղթի կապոց՝ գնում են իրենց հիմնարկը կիսատ բալանսը լրացնելու կամ քաղվածքներ գրանցելու և կամ հենց այնպես, մի քանի րոպե վարիչի աթոռի վրա նստելու և երազելու ո՞վ գիտե որպիսի հեռանկար:

Նրանք առաջապահներն են, իսկ բանակը դեռ թեյ է խմում և հաճախ նայում ժամացույցին: Մի քանի րոպե ևս, և ահա փողոցը հեղեղում են գործավարները, մեքենագրուհիները, հաշվապահները, վիճակագիրները, հաշվետարները, քարտուղարները, մանր բաժինների վարիչները, որոնց մեջ, ինչպես սարյակը ճնճղուկների երամում, կարելի է տեսնել և վարչության պետերին: Այս բանակը առաջինի ոչ կարգապահությունն ունի, ոչ ծանրախոհ լրջությունը: Միայն գլխավոր հաշվապահներն են իրենց քայլվածքով ներշնչում ուժ և վստահություն: Իսկ մանր հաշվետարները, որ միայն թվաբանական չորս գործողություն են կատարում հաշիվների հետ,-կարծես դպրոց են գնում: Հապա մեքենագրուհիները... Կա այնպիսին, որ փողոցումն է ավարտում իր տուալետը, կա, որ հենց գլխավոր հաշվապահի քթի տակ վեր է քաշում գուլպան և կորացնում իր ոտքը (և ի՜նչ ոտք, սրտեր խոցող կեռ յաթաղան...): Կա և այնպիսին, որ մինչև հիմնարկի մուտքը զարմանալի արագությամբ տեղեկանում է գիշերային պատահարների մասին, մի քիչ բամբասում է, մի քիչ զվարճանում և մի քիչ նախանձում: Ահա սրանց են ասում «Աստաֆյանի օրիորդներ», սրանք են, որ փողոցը լցնում են երփնաբույր օծանելիքներով, օդի մեջ թողնելով աննյութական ժապավեն, երբ նրանց բարակ մատներն արդեն խաղում են ունդերվուդի ստեղների հետ:

Առավոտյան այդ ժամին փողոցում կարելի է լսել զանազան տեմբրերի ծիծաղ, գլխավոր հաշվապահի կուշտ վրնջոցից մինչև մանր հաշվետարի անպատեհ քրքիջը: Սակայն այդ ամենը ոչինչ են այն խոսակցությունների աղմուկի մեջ, որով հեղեղվում է փողոցը: Ահա Մատժողկոմատի գործակատարը հանդիպեց Պտուղբանջարակենտրոնի գործավարին. մի բարև, և նրանք ընդհարվում են դրության սխալ նոմերի, առդիրը չլինելու, «մեր պատասխանը» ուշացնելու և էլ ով գիտե ինչպիսի՛ առիթով: Մի ուրիշ տեղ բռնվել են իրար Վասիլ Պետրովիչը և Կոյուղու վարչության ծախսարարը: Վասիլ Պետրովիչր սպառնում է Բողոքների բյուրոյով և ավելի բարձր ինստանցով, եթե Կոյուղու վարչությունը չմուծի տախտակների արժեքը: Իսկ ծախսարարը կրկնում է. «Վարկը բաց անեն, իսկո՛ւյն, իսկո՛ւյն, Վասիլ Պետրովիչ, հե՛նց նույն օրը...»: Ահա Պետարխիվի աշխատակիցը պատմում է գիշերվա երազը, պատմում է և միաժամանակ ընկերոջ թևից քարշ տալով մոտենում՝ կարդալու թարմ մահազդը: Մենք կարող ենք այս օրինակները բազմացնել, որպեսզի չկարծեն, թե այդ ժամին Աստաֆյան փողոցով անցնում են միայն սեթևեթ մեքենագրուհիներ և կամ թե մանր հաշվետարներ. ո՛չ, այդ բազմության մեջ կան պետական բարձր խելքեր, գլուխներ, որոնք ընդունակ են կառավարելու մի ամբողջ նահանգ, և ոչ թե միայն մի դրամարկղ: Կարող էինք բազմացնել գործի մարդկանց թիվը, բայց մինչդեռ մենք խոսքով էինք, նրանք արդեն անցան իրենց գործին:

Անցավ և մարդկային այս ալիքը, եղավ ժամը տասը: Աստաֆյանը նորից ամայացավ: Արդեն արևը բավական ճանապարհ է կտրել և գնում է դեպի այն սառն ամպը, որ մոլորվել է վերևի կապույտում: Ծառերը ստվեր են գցում մայթերի վրա, և մայթերի ստվերով ծանրաքայլ անցնում են կոլեգիայի անդամները, որոնք վաղ առավոտյան իրենց բնակարաններում ընթացք են տվել մեծամեծ գործերի: Արագ վազում են ցրիչները՝ դեպի հիմնարկները, փոստը, բանկերը, — տանելով հեռագրեր, ծրարներ և բազմաբովանդակ գրություններ: Բայց ահա գալիս է այն ժամը, երբ կոլեգիայի անդամը լսել է երկու բաժնի զեկուցում, երբ կենսաթոշակ ստացողը նստել է «հառաչանքի ծառուղու» նստարանի վրա, երբ դպրոցում աշակերտները կորցնում են ուշադրությունը և խծբծում են նստարանների վրա,-մի խոսքով այն ժամը, երբ փողոցի մաքուր հայելին շողշողում է, և լրագրային կիոսկի ստվերում քուն է մտել մշակը, — այն ժամը, երբ քաղաքի ամենաչքնաղ կանայք, ընդամենը ութ-ինը հոգի, իրենց մանուկների հետ, և եթե չունեն՝ մենակ, դուրս են եկել արևին ցույց տալու իրենց զգեստները, իրենց երեսները, քայլվածքը և իրենց:

Այդ ժամին Աստաֆյանը դառնում է լեռնային լիճ: Եվ լողում են այդ լճի վրա նրբիրան կանայք, այնպես, որ նույնիսկ արևը խանդով է նայում այդ փողոցին: Եվ ի՜նչ բույր, մշկենու ի՜նչ հոտ... Ահա գնում է մեկը և գիտե, որ քաղաքի ամենագեղեցիկ ոտքերն իրենն են. գնում է և ոտքերը փոխում այնպես կաքավաքայլ, կարծես ափսոսում է կոխել գետինը: Ահա մի ուրիշը՝ երկար և սև արտևանունքներով, որոնց տակից նայում են մթին աչքերը, ինչպես աստղերը` ջրհորի մեջ: Կան և կապույտ աչքեր, այնքան վճիտ, որ նրանց մեջ արտացոլում է զգեստի ծփանքը, ինչպես անտառի շորորը՝ լեռնային լճակի մեջ: Կան և հոլանի բազուկներ, և էլ ինչե՜ր չկան ու ի՜նչ ձևեր, ձևերի որպիսի կորություն, ամենը նուրբ...

Լավ է դադար առնել այստեղ:

3

Հետաքրքիր չեն մյուս ժամերը՝ մինչև երեքը, չորսը, և նույնիսկ այդ ժամերն էլ հետաքրքիր չեն, որովհետև բանակները աշխատանքից հոգնած շտապում են հացի և հանգստի: Նրանք արագ են անցնում և ուշադրություն չեն դարձնում փողոցի եռուզեռին, այլևս բարձրաձայն չեն խոսում իրենց ծառայության և առտնին գործերի մասին: Եթե որևէ մեքենագրուհի մի քիչ կանգնում է վիտրինի առաջ և դիտում կանացի գլխարկները, — ուշադրության արժանի չէ նրա տխուր դիրքը: Կարելի է լսել զուսպ տրտունջներ, որ շոգ է, սակայն այդ չի վերաբերում փողոցին, որովհետև շոգը արևն է թափում: Նրանք չեն նկատում, որ հենց այդ ժամին փողոցի ծառերը շարժում են իրենց ճյուղերը, որպեսզի զովանան ծառայական անձանց հոգնած մարմինները:

Հետո երկարում են ստվերները, արևը հանգստի է գնում: Հետզհետե կենդանանում է փողոցը: Դուրս են գալիս նրանք, որոնք հետկեսօրյա քնից ծանրացել են, և նրանք, որոնք սպասել են ձգվող ստվերներին: Սկսվում է Աստաֆյան փողոցի իսկական կյանքը, նրա վեհությանը, այն ժամանակը, երբ նա դադարում է փողոց լինելուց և դառնում է զբոսարան, ժամադրավայր, երազատուն, մի խոսքով հայրենի տուն, որտեղ շրջում են հորեղբոր որդիները և մորաքրոջ աղջիկները, հորեղբայրները, քեռիները և պապերը: Ամենից անհամբերը երիտասարդներն են: Ահա Գետառի կողմից արագ գալիս է մի դեռատի պատանի: Նա սանրել է մազերը, փայլում են կոշիկները և ձեռքին ծաղիկների փունջ ունի: Նա չի տեսնում ոչ խոչընդոտ, ոչ մյուս փողոցների երթևեկը: Նրան թվում է, թե Աստաֆյանը մի անմարդ այգի է, որտեղ ծառերը բուսել են ստվերի և հառաչանքների համար: Մի անմարդ այգի, որտեղ նրան սպասում է մի մանկահասակ աղջիկ և միամիտ մի զրույց: Այդ դեռ սկիզբն է և երբ վառվում են լապտերները, Աստաֆյան փողոցում կարելի է տեսնվել նման պատանի զույգեր, որոնք հեռուները չեն գնում և ոչինչ չեն զգում մարդաշատ մայթերի վրա, բացի առավոտի նման բացվող իրենց սերը: Նրանք իրարից որոշ հեռավորության վրա են կանգնած և շատ-շատ աղջիկը երկարում է իր բարակ բազուկը ծառից մի տերև պոկելու, իսկ տղան ծառի բունը գրկած շարունակում է սիրային շատախոսություն: Իջնում է գիշերը, երևում են ուրիշ զույգեր, որոնք գնում են փողոցն ի վեր դեպի համալսարանի բարդիները և ուշաթափվող աղբյուրը: Գիշերային տարրաժամին այդ կողմերում կարելի է տեսնել արձանի նման անշարժ զույգերի, որոնք բռնկվել են անհաղթահարելի կրակով: Եթե բարդիները կարողանային խոսել և քարերը լեզու առնեին, այն ժամանակ կարելի էր լսել զարմանահրաշ պատմություններ՝ ավելի հետաքրքիր, քան հազար ու մի գիշերների հեքիաթները: Իսկ եթե յուրաքանչյուր զույգ իր այցելությունը հավերժացնելու համար մի քար գցեր այդ կողմերը, այն ժամանակ մենք կունենայինք Բաբելոնի աշտարակի չափ բուրգեր և հյուսիս-արևելյան քամին փոշի չէր մաղի մեր քաղաքի վրա:

Next page